10.11.2021 16:53
«Գրական Չորեքշաբթի» էջին ներկայացնելու համար՝ գրականագետ, բ.գ.թ. Նաիրա Համբարձումյանը, ծանոթացրեց մի շատ զարմանալի ու արվեստասեր, նրանով ապրող ու շնչող մի համեստ մարդու՝ Զավեն Օհանյանի հետ։ Զավենի հետ զրույցը այստեղ՝ «Գաղտնի հարցազրույց» բաժնում։
Ծնվել եմ Հայաստանում,Ալավերդի քաղաքում 1979 հունիսի 15-ին։ Սովորել եմ Սանահինի Ա.Ի.Միկոյանի անվան դպրոցում ,որից հետո` Ալավերդու Ինդուստրիալ Տեխնոլոգիական Տեխնիկումում, մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց աշխատած չկամ այդ մասնագիտությամբ։
Տարիներ շարունակ աշխատել եմ մեր քաղաքի մշակույթի կենտրոնում` որպես միջոցառումների կազմակերպիչ,թատրոնում` երաժշտական ձևավորող, ունեմ հեղինակային միջոցառումներ։
Կյանքի բերումով երկար տարիներ աշխատել եմ կահույքագործ, հետո մի տարի գարեջրագործ։ Պատրաստել եմ հայտնի "Ալավերդի" գարեջուրը։
Այս ամենին զուգահեռ 2006-ից զբաղվում եմ լուսանկարչությամբ, նաև նկարահանումներով։
2007-ից «Բարի կատակ» միջազգային ծաղրանկարիչների ասոսացիայի անդամ եմ,մասնակցում եմ ամենամյա ցուցահանդեսներին։ 2007, 2019 և 2021թթ-ին բացել եմ անհատական ցուցահանդեսներ,վերջինս մշտապես ցուցադրվելու և թարմացվելու է։ 2021թ. rafting.am armenia կայքի լուսանկարիչն եմ։
4 տարի աշխատել եմ Մոսկվայում, բանվորություն եմ արել ,ինչպես նաև լուսանկարել։
Գրում եմ վիպակներ ,որից առաջինը` «Թերեզան» արդեն տպարանում է։ «Աճպարարի մատանի» վիպակի հիման վրա գրել եմ պիես՝ մոնոդրամա, որը բեմադրվում է մեր քաղաքում, իմ ընկեր, ռեժիսոր, դերասան Արթուր Սիմոնյանի կողմից։
Զավեն Օհանյան
Թերեզան
Շուտով ընթերցողի սեղանին կդրվի Զավեն Օհանյանի «Թերեզան» գիրքը։ Ներկայացնում ենք վիպակի սկզբնամասից մի հատված
Մեր մոտ հարսանիքներին պատրաստվում են դեռ մի տարի առաջ, օղի են թորում, հատկապես մեր սալորի օղին ձորում տարբերվում է իր համով ու հոտով, սալորը շատ քաղցր է, ու երբ հասնելու պահին արևը շատ է լինում՝ քաղցրությունը անցնում է սահմաները։ Հետո թթու են դնում, վարունգի ու կաբաչկայի,ցուլիկ են պահում,խոզ չաղացնում, էլ չեմ ասում Լուդիկ ձալոյի թխած հացը: ՄԻ խոսքով մի ամբողջ արարողություն՝ դեռ հարսանքը չսկսած,արդեն օր են որոշում , կարծում եմ դա նրանից է ,որ հայերիս մոտ ընտանիք կազմելը շատ լուրջ ու պատասխանատու բան է։
-Պալատկում են անելու,ասում են քաղաքից ու վերևներից շատ մարդա գալու.-աղբյուրի մոտի «բիբիսիներն» են զրուցում։
-Հանաք բան հոմ չի գյուղսովետի ախպոր տղու հարսանիքը։
-Էս ճամփեքին ավտոներ չեն գա,երևի գյուղի ներքևում կկանգնեն։
-Չէ, ի՞նչ ես ասում,երեկ ասին գետի ներքևից ավազ ու քար են բերել լցնեն փոսերը։
-Փոսերը ի՞նչ,անձրևն եկավ կքշի կտանի։
-Հա՛, դե էդ մի օրվա հըմարա էլի։
-Հա՛, բայց ասֆալտն էլ կերան,հետաքրքիրա ինչ եղավ էդ ասֆալտի գործը։
-Այ մա՛րդ դրա մասին մոռացի,դու ասա հասցնեն լցնեն մի երկու օր մենք էլ ճամփեքից կօգտվենք։
Սերոժ պապն էլ,թե.
-Դե ինձ էլ մի քանի նստարան էլ պատվիրել են ավելին սարքեմ,հետո ասին` են դուռ պատուհանն էլ նորոգեմ,հա մեկ էլ ասեցին` մատուռի դուռը սարքեմ։
-Ինչի՞ էդ տեռտեռ էլ են բերելու՞ ,էդ իրենց երեխեքը սուրբ են` մերը չէ՞։
- Հա՜, դե էդ նարկամանին ով կուզիՙ
-Հա ՛ դե էսքան տարի սպասել են գոնե սրտներով լինի,-մեջ ընկավ Վալոդ պապն, որը գյուղի վարսավիրն է։
-Աաա՜,քեզ ինչ կա, էդքանին կթրաշես, կխուզես
ՈՒ էսպես ամեն անգամ հարսանիքից ու առիթներից առաջ,գյուղը հավաքվում էր,քննարկում արածն ու չարածը։ Գնացի հարսանքատան խոհանոց, մեր գյուխսովետի շենքի կողքին էր, արդեն մեծ «կաստրոլկեքը» բերել էին,հարսները դես դեն էին վազվզում,ամաներն էին լվանում:Հարսանիքը գյուղում մի ամբո՜ղջ արարողություն էր,խոսակցության թեմա, նորություն, բամբասանք։
-Տեսնես սրանց գլխին երբ արև կբացվի,-Ռիտա տոտան էր,-խե՜ղճ աղջիկ ամբողջ կյանքում ուրիշի սեղան գցեց,ուրիշին պսակեց։
-Իիի՜ հա՛ էդ կաղին ո՞վ կուզի, տեր էլ չունի,հորը տարին տասներկու ամիս տանում բերում են։
-Կրակվածն էլ էնքա՜ն սիրունա։
-Դրա փեշին ձեռ տվող էլ չի եղել երևի։
-Ասում են` մոր նման ա, սիրուն կին ա եղել։
Իսկ ես գլուխս քաշ իմ գործն եմ անում՝ տոլմա փաթաթում,չլսելու տալիս, գյուղում ինձ բացի են , որ կաղ եմ, խուլ էլ գիտեն,որովհետև միշտ վիրավորանքները չլսելու եմ տվել:
ՈՒ հանկարծ աչքովս ընկավ Արթուրը ,որը խմիչքն էր բերում ու աչքի տակով նայում։ Արթուրին փորձել էին ամուսնացնել մի երկու անգամ,առաջին կինը քաղաքից էր` թողեց գնաց,երկրորդը`կողքի Ծաղկաշատից, եկավ հետո... սարում բռնացրին դուրս արեցին:
Արթուրն ամուլ էր...
***
Հորս առաջին անգամ տարան, երբ ես փոքր էի. եկավ սև վոլգան, մի շեեե՜կ ու կանաչ զզզվելի հայացքով մարդ մտավ տուն, սարսափեցի էդ հայացքից։
-Ну красавица ты иди в другую комнату,а то сееем,-ու ի ցույց դրեց հսկա ժանիքներն ու ամբողջովին արծաթապատ ատամները. ի դեպ դրանք իմ հիշողության մոտ մնացին մինչև կյաքիս վերջ։
Ես չհասկացա ինչա ասում, բայց զզվեցի այդ բառերի երանգներից,ինձ գրկեց մյուս շեկ ու հաստավիզ տղամարդը, փակեցին «կլադովկում»..հին ու կոտրած ունիտազին նստացրեց,մի հատ էլ մատով ցույց տվեց որ լուռ մնամ։ Ես ինչ որ ձայներ էի լսում, կարծես թե վերմակ են թափ տալիս,հետո տնքոցներ,ու էլի այդ զզվելիի ձայնը
֊скажи где этот проклтый архив,а то жизнь преврашу кашмаром.
Միայն կաշմար բառը ծանոթ թվաց,այն էլ ֆիլմերից էի լսել, առաջին ամերիկյան ֆիլմերից...լռություն տիրեց, հետո կարծես գետնին պարկ են քարշ տալիս,թրմփոց լսեցի... հետո բաժակների չխկոց...ծորակը բացեցին...ես կամաց-կամաց մոտեցա միջանցքի դռանը,որի վրա ներքևի հատվածում մեծ մեխերի հետքեր կար, նայեցի...դրանք գրեթե գետնին
հավասար էին... լիքը սապոգներ տեսա ու գետնին ինչ որ մեկը պառկած էր...
- ну,будеш или повторить?
Այդ պահին լսեցի ինձ շատ հարազատ ծխախոտից խռպոտացած հորս ձայնը.
-Ես վաղուց արխիվ չունեմ...
էլի հարված,թրմփոց։ Գետնին պառկած մարդը դեմքով շրջվեց ինձ.հորս անճանաչելի դարձած դեմքը տեսնելով մարմնովս սարսուռ անցավ ու ես թրջեցի տակս... փակեցի
բերանս ,աչքերս... Արթնացա արդեն երեկո էր...
Զավեն Օհանյանի «Մտահոգություններ կյանքի մասին» նկարների շարքը
Զավեն Օհանյանի «Կինը կաղապարի մեջ» նկարների շարքը
Զավեն Օհանյանի «Քաղաքական գործիչներ» ծաղրանկարների շարքը
Զավեն Օհանյանի լուսանկարչական աշխատանքներից