Զրույց արվեստը սիրող Զավեն Օհանյանի հետ

10.11.2021 16:30
«Գրական Չորեքշաբթի» էջին ներկայացնելու համար՝ գրականագետ, բ.գ.թ. Նաիրա Համբարձումյանը, ծանոթացրեց մի շատ զարմանալի ու արվեստասեր, նրանով ապրող ու շնչող մի համեստ մարդու՝  Զավեն Օհանյանի հետ։ Զավենի ինքնակենսագրությունը, «Թերեզա» վիպակից մի հատվածը, որոշ նկարներ, ծաղրանկարներ ու լուսանկարչական աշխատանքներ սիրով  տեղադրեցինք մեր էջում։  Նյութերի ընտրությանը զուգահեռ զրուցեցինք Զավենի հետ, որի հատվածները ներկայացնում ենք մեր՝ «Գաղտնի հարցազրույց» բաժնում։
 
-Զավեն,  ինքնակենսագրականում նշել եք, որ մասնագիտությամբ հաշվապահ եք, բայց աշխատած չկաք. կահույքագործ եք, գարեջրագործ, մեկնում եք արտագնա աշխատանքների ու բանվորություն անում, դրան զուգահեռ լուսանկարում եք, ֆիլմեր նկարում, գրում, նկարներ ու ծաղրանկարներ անում։ Ի վերջո, ո՞րն է ձեր հիմնական զբաղմունքը։
 
- Միանգամից ասեմ, որ բոլոր գործերը մեծ սիրով եմ անում՝ մի տարբերությամբ, եթե աշխատանքը գոյատևման միջոց է, ապա արվեստն իմ կյանքի աղբյուրն է, ինքնաարտահայտման կերպը, որով շնչում ու ապրում եմ, գնահատում եմ կյանքը ու նայում առաջ։
 
-Ներեցեք,ապրուստի հայթայթման համար գնում եք խոպան,  արտագնա աշխատանքը, ձեզ չի շեղու՞մ արվեստի հետ ունեցած կապից, ստեղծագործելուց։
 
- Ընդհակառակը, դրանք փոխկապակցված են՝ մեկը մյուսով։  Լիքը անելիք ունեմ, ցուցահանդեսներ, նոր նկարներ, կիսավարտ վիպակներ, դրանց տպագրումը, պիեսի բեմադրում, ֆիլմի նկարահանում, կոմիքսների շարք և այլն։ Ուղակի էդ ամենի համար ստիպված եմ մեկնում Ռուսաստան՝ բանվորություն անելու,որ այդ գումարը բերեմ ու նպատակներս իրականացնեմ։  ժամանակ է լինում, որ այնտեղ ինքս ինձ վրա բարկանում եմ, որ կտրված եմ տնից-տեղից, կարոտում եմ ու հետո նոր թափով ստեղծագործում։ Այսչափ զբաղվածությունը, սթրեսը, խթանում է, որ նոր նկարներ ծնվեն, կիսատ վիպակներս վերջացնեմ ու նորերը սկսեմ։ Կհավատա՞ք, ես բոլոր նկարներս ու վիպակներս խոպանում եմ արել...
 
-Հասցնում ե՞ք
-Չգիտեմ, միշտ եմ հասցրել։ Նույիսկ եղել է, որ առավոտ 10-18.00-ը աշխատեմ, հետո  22.00-ից մինչև առավոտ 8.00-ը՝ մի այլ տեղ լինեմ։ Այդպես էր, երբ գազանանոցում լուսանկարներ էի անում ու գիշերում պահեստում։
 
-Ավելի լավ չի՞  Հայաստանում գործ գտնեք, կամաց կամաց կճանաչեն, նոր աշխատանք կունենաք ու լավ կլինի։
- Ցանկացա այդպես անել, 2019-ին խոպանից եկա գործ դրեցի, քովիդի ու այնուհետև պատերազմի հետ պայմանավորված անհաջողություն ունեցա, մինուս գնացի։ Ուղակի կոնկրետ մեր քաղաքը՝ Ալավերդին մի քիչ աղքատ է ու լուսանկարչությամբ, ֆիլմ նկարելով, կամ նկար վաճառելով դժվար է գումար վաստակել, զինվորից ու պատերազմի մասնակցից երբեք գումար չեմ վերցնում։ 
Երևի վերջին անգամ Ռուսաստան գնալս լինի, արդեն պայմանագիր եմ կնքել ու մեկնելու եմ։ Ոչինչ, ես համբերատար եմ ու դիմացկուն։ Եկող տարվանից մեզ մոտ  մեղվաբուծությամբ կզբաղվեմ, միգուցե արվեստս էլ կամաց-կամաց նյութականի վերածվի ու ընդմիշտ մոռանամ Ռուսաստանի ճամփան։ 
 
-Զավեն, ե՞րբ եք սկսել նկարել , ձեզ նկարիչ,կամ գրող համարում ե՞ք։
 
Ինձ  նկարիչ չեմ համարում, ոչ էլ առավել ևս գրող։ Ես արվեստասեր մարդ եմ, սիրում եմ կյանքը, սիրում եմ արարելը ու ինչքան ապրեմ պիտի նկարեմ գրեմ, չեմ  ծխում, չեմ խմում, զբաղվում եմ սպորտով։ Շատ ու համով ուտելուց երբեք չեմ հրաժարվում։ Իմ մուսան կին էակն է, որոնց նկարների շարք եմ նվիրել։ Ինչ վերաբերվում է,թե ե՞րբ եմ սկսել նկարել, ապա կարող եմ ասել, որ չեմ հիշում, որ ես չեմ նկարել, հետաքրքիրն այն է, որ երբեք նկարչական պիտույքներ չեմ ունեցել, բայց նկարել եմ, որտեղ պատահի՝ տետրերի ու դասագրքերի վրա, ինչ  ձեռքս ընկել է։ Մի անգամ քիմիայի դասագրքի կազմին Առնո Բաբաջանյան էի նկարել, որի համար դասատուն բարկացավ ու երկուս նշանակեց։ Երբ մի քանի տարեկան էի լուցկու հատիկներով պատկերներ էի նկարում, նաև Մասիս սարը։
 
-Պատմեք դրանից հետո, ինչպե՞ս դարձաք «ԶավՕՍ»
 
-Այդպես ես ստորագրում եմ իմ ծաղրանկարների տակ։ 2006թ. ունեցա առաջին անհատական ցուցահանդեսը։ Տարիներ շարունակ տպագրվել եմ Վաչագան Սարգսյանի  «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթում, 2007թ. իմ ծաղրանկարներն աննկատ չթողեց հանրապետության հայտնի ծաղրանկարիչ, վաստակավոր նկարիչ, Հայաստանի «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ, երջանկահիշատակ Գեորգի Յարալյանը։ Նա երաշխավորեց, որ 250 հայտնի ծաղրանկարիչների գործերի թվում պետք է ներկայացվեն նաև իմ աշխատանքները, որից  հետո ինձ ընդունեցին «Добрый  юмор» ծաղրանկարիչների միջազգային ընկերակցության անդամ։ Այսպիսով «ԶավՕՍ ճանաչվեց», իսկ ես մնացի հասարակ ու ազատ մարդ։
Հույս, սեր, հավատ
 
-Այնուհանդերձ ձեր աշխատանքների հանդեպ հետաքրքրություն կա,  ձեր գործերը ցուցադրում եք Ալավերդու մշակույթի պալատում ու լավ արձագանքներ կան, օրինակ այցելել են «Ազատություն» ռադիոկայանից, ռեպորտաժ պատրաստել։ Պատմեք ընդհանրապես Ալավերդու մշակութային կյանքի մասին։
 
-Ցուցահանդեսը որոշել եմ մշտական դարձնել, այցելուներն այն հետաքրրությամբ են դիտում։ Քանի որ ցուցանմուշները մշտապես թարմացվում են, գալիս կրկնակի են նայում, ավելի շատ կանգ են առնում ու վերլուծում ծաղրանկարների դետալային մասերը։ Իմ ծաղրանկարների մեջ չեք գտնի մարմնի ընդգծված մասեր՝ մեծ քիթ, բերան և այլն, դրանք արդեն ընկերական շարժեր են՝ ծաղրանկարներ չեն, գաղտնիքը մանրուքների մեջ է։ Օրինակ պատգամավորին, կամ քաղաքական գործչին պատկերել եմ «բաց քամակով», թե ինչ է սա նշանակում, կարծում եմ բոլորն են հասկանում։ 
ՈՒզում եմ շնորհակալությունս հայտնել «Ազատություն» ռադիոկայանին՝ լուսաբանման համար։ Պիտի ասեմ, որ «Ազատության» հետ համագործակցություն ունենք` «Ջիլիզայի իսկական Ձմեռ պապը» տեսաֆիլմից,այն բավական դիտումներ ունի, գլխավոր հերոսը իմ կերտած Ձմեռ պապն է։
Շնորհակալ եմ նաև «Թումանյանական աշխարհ» թերթին, որն այս օրերին իմ կողքին եղավ  և առաջին էջն ամբողջությամբ նվիրեց իմ անհատական ցուցահանդեսին։
 Ալավերդու մշակութային կյանքն  աշխույժ է։ Օրերս արդեն 20 տարուց ավելի գործող երգի, պարի թատրոնի ուժերով կազմակերպվեց «Աշնանային Ալավերդի» համերգային  միջոցառումը։ Հենց միջոցառման ժամանակ սկսեցի և ավարտին հասցրեցի «Աշնան մեղեդի» աշխատանքը։ Այն խորհրդանշանական է` նվագող խխունջը դանդաղող,  թախծոտ աշնան գույներն են, որին չես ուզում մոտեցող ձմռան շեմին հրաժեշտ տալ, խխունջը միշտ ինձ մոտ, չգիտես ինչու հայտնվում է, երբ պատրաստվում եմ մեկնել արտագնա աշխատանքի, կից մյուս պատկերներն էլ համեմել եմ միջոցառման տրամադրությամբ։
 
-Ֆեյսբուքյան ձեր ծաղրանկարներից մեկի տակ օգտատերերից մեկն այսպես է արտահայտվել. «Ոտից գլուխ չարություն ա թափվում ձեր արվեստից։ Չի կարելի էդքան չար լինել», ինչպե՞ս եք ընդունում այս կարծիքը։
 
-Իմ ծաղրանկարի հերոսները իրական քաղաքական հայտնի դեմքեր են, որոնք անթերի չեն, ես էլ նրանց սովորեցնելու բան չունեմ։ Պարզապես դա խոսք է, քաղաքացիական դիրքորոշում։ Ծաղրանկարն էլ իր նպատակին չի ծառայի,եթե փշոտ չլինի և քննադատության խոսքը դուր գա ամենքին, ես ազատ մարդ եմ, սա ինքնաարտահայտման ձև է, եթե կան հավանողներ ու քննադատողներ ուրեմն ասելիքս տեղ է հասել, գոնե հաջողվել է ներկայացնել իրական հերոսի բացասական գիծերից մեկը։ Մենք պատգամավորին, քաղաքական գործչին անբասիր ենք պատկերացնում, նրանք, ովքեր շեղվել են ժողովրդին արդար ծառայելու գծից,  այսուհետ իմ ծաղրանկարները նրանց պետք է հետապնդեն։ Ի դեպ սա միակ օգտատիրոջ կարծիք էր, որին շնորհակալություն եմ հայտնել ու այսպիսի գրություն թողել. «Թող բոլորը բարի լինեն Հայասատանիս հանդեպ, իմ արվեստն էլ ամենաչարը լինի»։
 
Հարցազրույցը պատրաստեց՝ Hay Azian-ը
«Նիդերլանդական օրագիր »
 
Մինչ պատրաստվում էին Զավեն Օհանյանի մասին սույն հարցազրույցն ու մյուս հոդվածները, տպագրությունից վաճառքի հանվեց նրա «Թերեզան» վիպակը գիրքը։
Շնորհավորում ենք հեղինակին և հաջողություններ մաղթում։