Գուրգեն Միքայելյան. Սիրո տաղեր

29.07.2020 22:25

Գուրգեն Միքայելյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 5-ին Օշական գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:
1986 թ․ընդունվել, 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Ավարտելուց հետո՝ գրեթե երեք տարի, որպես լրագրող աշխատել է տարբեր խմբագրություններում, ապա կատարել այլ աշխատանքներ։
1996 թ. տպագրվել է Գ․ Միքայելյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ»): 1998 թվականին լույս է տեսել երկրորդը («Հորիզոնից այն կողմ», Երևան, «Մանկավարժ» հրատարակչություն): 
2004 թվականին տպագրվել են նրա թատերգությունները «Խաղում ենքբոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա» վերնագրով (Երևան, «Նահապետ» հրատարակչություն):
Գ․Միքայելյանի ստեղծագործությունները հրապարակվել են պարբերական մամուլում, գրական կայքերում ու ժողովածուներում («Գարուն», «Անդին», «Գրական կամուրջ», «Գրանիշ», «Թագլուր», «Արդի հայ գրականության ժողովածու», «Գրական անդաստան» և այլն)։
2012 թվականին սեպտեմբերի 5-ի համարներում տպագրել է Գ. Միքայելյանի «Երկնքում գերվածները», իսկ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 7-ի համարներում՝ «Մոռացված ժամացույցի ահազանգը» պիեսները:
2012 թվականին «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է Գ․ Միքայելյանի «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը:
2014 թվականին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Ամերիկյան խառնաշփոթ» կատակերգությունը:
«Արմավ» հրատարակչությունն այժմ տպագրում է Գ․ Միքայելյանի «Պոեզիա» և «Թատերգություն» խորագրերը կրող՝ ստվար ծավալով երկհատորյակը (շուրջ 550 և 720 էջ), որը շուտով կլինի ընթերցողի սեղանին։
 
 Ներկայացվող «Սիրո ասպետի երգը» ստեղծագործությունը գրվել է  1990 -1993թթ., տպագրվել է հեղինակի երկրորդ գրքում, և լույս է տեսել 1998 թվականին: Սակայն այս տարբերակով մեր ընթերցողին է ներկայացվում առաջին անգամ: Այն նախորդից զգալիորեն տարբերվում է, որովհետև ստեղծագործությունը հեղինակի կողմից վերանայվել, խմբագրվել է:
 
ՍԻՐՈ ԱՍՊԵՏԻ ԵՐԳԸ
ԿԱՄ
ՄԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՏԱՂԵՐ
 
Այսօր թառել են բառերը կրկին
Իմ հրաթրթիռ ձայնալարերին:
Թառել են՝ իբրև
Գունեղ երգչախումբ դեղձանիկների,
Իբրև ստեղներ յոթ նոտաների:
Երգո՜ւմ են նրանք,
Եվ երգի հզոր, այրող հոսանքից
Ձայնալարերս ծաղկել են արդեն,
դարձել ծիածան,
Որի գույներին
Դեղձանիկները կտցահարում են՝
Կիթառ նվագում:
Այսպես համերգում,
Գրկում են իրար և պար են բռնում
Բառերը խումբ-խումբ,
Ու երգն է նրանց շուրթիցս բխում
Ինչպես որ աղբյուր:
 
ԵՐԳ Ա
ՄԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՍԻՐԵՐԳ
ԿԱՄ
ՍԵՐԸ ՄԵՐԿ
 
Աստղիկն այսօր անցել Հարդագողի ճամփով,
Անցել աստղակածան առասպելի միջով,
Նորալուսնի ճերմակ մեղրալույսը ըմպել
Ու իր Վահագնի մոտ,
Ու իմ տուն է եկել:
Իմ երազն է իջել,
Որն առջևս կանգնել,
Հմայում է ասես
Եվ ասում է՝ պիտի քեզ առինքնեմ հիմի,
Կախարդուհու նման պիտի հրաշք գործեմ:
Ասում ու ժպտում է:
Ու գոտին է քանդում...
Նա գոտին է քանդում,
Բայց այն աչքիս հանկարծ սողնակի է փոխվում:
Սողնակի է փոխվում հեքիաթների դռան,
Հետ է քաշվում դանդաղ...
Կոճակներն է ապա արձակում նա ոսկի,
Ու քիչ-քիչ բացվում է...
Ու քիչ-քիչ բացվում է... մերկությունը բոցի.
Կարմիր-կարմիր մի վարդ՝
Վարդ-շապիկ է հագին
Ձյունավարդ Աստղիկի:
Եվ այդ վարդը աչքիս փոխարկվում է փերու,
Բոցկլտում է, պարում...
Ապա ձեռքերն է նա ստինքներին դնում,
Եվ ափերը աչքիս արևներ են դառնում:
Արևներ են դառնում՝
Կողերն ի վար սահում,
Ազդրերն ի վար սահում,
Իջնում ու բարձրանում,
Սակայն ոչ թե նրա,
Այլ ի՛մ մարմինն այրում։
Փեշերին է տանում նա մատները ճկուն,
Դանդաղ վեր է քաշում քղանցքները շրշուն,
Բայց մշուշի միջին ես այնպես եմ տեսնում,
Նրա շապիկն ասես բոցերի մեջ հալվում,
Մերկությունն է բացվում:
Մերկությունն է բացվում:
Ստինքներն են խնկում:
Իմ երազն է եկել երկինքներից հեռու:
Շրթունքներն են վառվում
Եվ ինձ.
- Նայիր,- ասում,-
Բոցեղեն ու մշտահմա
Սա է կինը ահա:
...Ճերմակ են կոնքերը,
Ու սև է գիշերը:
Ճերմակ են կրծքերը,
Ու սև են վարսերը:
Ճերմակ է երեսը,
Ու սև են աչքերը...
Սա է, ահա, կինը,
Որն իմ առջև կանգնել,
Հմայում է կարծես
Եվ ասում է՝ պիտի քեզ կախարդեմ հիմի,
Պիտի հրաշք գործեմ:
Եվ նա ինձ է արդեն հրաշագործ դարձնում,
Ու ես ինքս եմ արդեն իմ Աստղիկին ասում.
- Եկ, կրծկալդ կրքոտ շոյանքներով բանամ.
Ստինքներիդ վրա արեգակներ կան ալ,
Թող ինձ այրեն նրանք:
Լանջիդ վրա ճերմակ զանգակներ կան արծաթ:
Երկու բյուրեղ զանգակ՝
Լեզվակներով շիկնած:
Թեթև քայլքից անգամ տարածվում են լուսե
Ղողանջները նրանց...
Եկ, այս գիշեր լսենք ղողանջներն այդ հրաշք:
Այս գիշերը սիրո՝
Սիրո՛ տաղեր երկնենք,
Երգենք երգը սիրո:
Սիրո, որը կարծես, թե հենց ինքն է՝ կինը:
Կախարդանք է, ինչպես գեղեցկագո՛ւյն կինը:
Եկ, ուրեմն, այսօր գեղեցկությամբ հարբենք,
Եկ, միասին երգենք մեղրալուսնի երգեր:
Ասենք՝ սերն հենց ինքն է՝
Կինն է՝ չքնաղ ու մերկ.
Կախարդանք է սերը,
Ինչպես ինքը՝ կինը:
 
ԵՐԳ Բ
ՁՈՆԵՐԳ ՄԵՂՐԱԺԱՄԻ
ԿԱՄ ԳՈՎՔ ՍԻՐՈ ԵՎ ՀՈՂԻ
ԿԻՆ
 
Դու հրաշք, դու երազ,
Դու առեղծված, դու միրաժ:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո մի շյուղ,
Արմատներս թող որ լույս ընդերքդ ձգեմ՝
Արեգակներ ծաղկեմ:
Սիրո տունկն իմ այնպես,
Այնպե՜ս երկինք հառնի,
Որ աստղերը թվան՝ ծաղիկներս են անթիվ:
Թվա, թե լուսինը ճյուղերիցս է կախված,
Իսկ արևը ոսկի՝ իմ պտուղն է հասած:
Դու՝ սիրահող իմ սուրբ...
Քո վարսերը խոպոպ՝
Սևահող են փափուկ,
Իսկ ձեռքերս դալար ընձյուղներ են անհող,
Արմատներով նրանց թող քո հողը գրկեմ՝
Գուրգուրանքներ ծաղկեմ:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո առու,
Թող ներծծվեմ մարմնիդ
Մեղրահողում ոսկե,
Որ դու եդեմ ծաղկես:
Դու՝ մեղրահող իմ սուրբ,
Իսկ ես ամպ եմ գարնան.
Կուրծքդ թող համբուրեմ
Իմ շանթերով կապույտ
Ու անձրևով վարար
Ջրեմ արտդ ծարավ:
Դու՝ մեղրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո մշակ,
Թող մատներիս խոփով
Սևահողը հերկեմ
Ուսերդ ի վար փռված:
Դու՝ լուսահող իմ կույս,
Ես՝ սերմնացան սիրո,
Թող քո արտում հուռթի
Հունդեր ցանեմ լույսի:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Դու՝ մեղրահող իմ կույս,
Իսկ ես՝ անհող մի հունդ...
Դու՝ մեղրահաց իմ սուրբ,
Մեղրամարմին դու կույս,
Իսկ ես՝ սիրո մեղու...
Սիրո անտառ դու իմ,
Ես՝ անտառի մուսա,
Ես՝ անտառի ոգի:
Դու սուրբ մարմին սիրո,
Իսկ ես շունչն եմ Աստծո...
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Ես արևն եմ սիրո...
Դու իմ ներբող, դու ձոն,
Դու երգ մեղրաժամի,
Ես՝ գովասաց, երգիչ,
Մշակ սեր ու հողի...
 
ԵՐԳ Գ
ՍԻՐՈ ԳԻՇԵՐ
ԿԱՄ ԵՐԳ ԵՐԳՈՑ
 
Մուսաները սիրո
Գինովցած են այսօր:
Մուսաները սիրո
Այսօր հյուր են ինձ մոտ:
Մուսաները սիրո
Համերգում են այսօր:
Քո վարսերն են երգում
Մուսաները այսօր:
Քո վարսերը ոսկե՝
Սիրո արտի հասկեր:
Մուսաները սիրո
Սիրո արտն են վառել:
Երգ են ասես հեղում,
Բոցկլտում են երգեր,
Ջրվեժում են երգեր
Քո վարսերը խնկե:
Մուսաները սիրո
Քո աչքերն են վառել:
Քո աչքերը սեր են,
Քո աչքերը ծով են,
Քո աչքերը գունեղ
Սիրո բյուրեղ-ցող են:
Սիրո բյուրեղ-ցող են,
Երգ են ասում շողե:
Երգով ծփում այսօր,
Կայծկլտում են երգեր,
Խնկարկում են երգեր
Քո աչքերը լուսեղ:
Մուսաները սիրո
Քո շուրթերն են վառել:
Քո շուրթերը՝ թիթեռ,
Քո շուրթերը՝ արև:
Երբ արևը թևում՝
Սիրո երգ է մաղում,
Երգ է թափվում հրե,
Լուսե երգն է թռչում:
Մուսաները սիրո
Քո կրծքերն են վառել:
Քո կրծքերը՝ լամպեր,
Քո կրծքերը՝ ջահեր:
Լուսամփոփ են սիրո
Քո կրծքերը շքեղ:
Սրտիդ երգն է վառվում,
Սրտիդ կիրքն է վառվում,
Քո արյունն է երգում
Պատրույգներին նրանց...
Մուսաները սիրո
Քեզ բոցի են փոխել:
Սիրո բոց ես դարձել,
Երգ ես ասում լուսե:
Մուսաները սիրո
Այսօր հյուր են ինձ մոտ:
Մուսաները սիրո
Այսօր այնպե՜ս գինով,
Մոլեգին են այնպես,
Որ երգիչ են դարձել
Իմ ձեռքերն էլ այսօր:
Բանաստեղծ են դարձել
Ու երգում են կրքոտ...
Բոցն են իրենց խառնում
Քո վարսերի երգին
Ու երգերն են խառնում
Ստինքներիդ բոցին:
Ու երգում ենք այսպես
Ինքնամոռաց, արբա՛ծ:
Ու երգում ենք այսպես
Ոսկի երգը սիրո:
Հավերժության երգը,
Անրջալույս երգը՝
Երգ երգոցն ենք երգում
Ես ու սերս այսօր:
Երգ երգոցը, երգը՝
Աստվածընծա, հզոր:
Երգ երգոցը, երգը՝
Հնամենի ու նոր:
 
ԵՐԳ Դ
ՀԵԹԱՆՈՍ ՀԱՄԵՐԳ
ԿԱՄ ԵՐԳ՝
ՇՇՆՋԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԿԱՆՋԻՆ
 
Այսօր, սիրելի՛ս, գիշեր է սիրո:
Այս սուրբ գիշերվա գրկում հեթանոս
Եկ հուր-շուրթերով
Կրծքերիդ ժանյակ-ծրարը բացեմ
Ու մոմիկները մեր սիրո վառեմ...
Աչքերիդ մթնում թռչում են արդեն
Մոլուցքի չքնաղ լուսատտիկներ:
Թող քեզ, սիրելի՛ս, ես այնպես սիրեմ,
Որ բոցավառվեն:
Թող ինձ՝ կաթնեղեն լճիդ մեջ մտնեմ,
Լողամ քո ծոցում
Ու ջրահարսեր, հավերժահարսեր
Գտնեմ քո լճում...
Այսօր, քաղցրի՛կս, գիշեր է սիրո:
Թող որ քո սիրո ծովում ալեկոծ
Իմ երազները լողան շիկաբոց։
Թող ծարավ նայեմ քո ալիքներին,
Որ աչքերս ըմպեն լույսը բոցերիդ:
Այսօր մի հրաշք գիշեր է սիրո,
Ու շշնջում են շուրթերս արդեն
Համերգներ հրե:
Սիրո գիշերվա գրկի մեջ ոսկե
Արի՛, սիրելի՛ս,
Հեթանոսաբար քեզ սիրեմ այսօր,
Իմ հուր-խենթությամբ քեզ սիրեմ այսօր,
Քանզի գիշերն այս
Գիշեր է սիրո:
Գիշեր է սիրո,
Եվ շշնջում եմ ես քո ականջին
Ոչ թե ինչ-որ երգ,
Այլ մի լուսեղեն հեթանոս համերգ:
 
ԵՐԳ Ե
ԿԱՊՈՒՅՏ ՄԵՂՐԱԳԻՇԵՐ
ԿԱՄ ՍԻՐՈ ԵՐԿՈՒՆՔ
 
Ժամը եկել է, սերը հասել է,
Բացվել է սիրո իմ այգու ծառը:
Ծառի տակ նա է՝ իմ ծաղկած Սերն է:
Գլխին պսակ է՝ ծաղկունքի պարս է,
Իսկ հագին ամպի ճերմակ շղարշ է:
Կարծես սարքած է.
Մի ձեռքը՝ կողին, մյուսը՝ կախած,
Ճերմակ փեշերը մինչ գետին հասած...
...Իսկական կուլա,
Մի խոշոր կուլա՝ շուրթերին կրակ:
Ժամը եկել է, սերը հասել է,
Արդեն գիշեր է...
 
* * *
Գիշերն այս գիշեր կարծես ուրիշ է,
Ուրիշ եմ և՛ ես,
Իսկ դու... Դու ես լոկ...
Կապույտ մշուշում ջահի սիրտն արդեն
Կրքից թրթռում,
Հուզմունքից լազուր հայացքն է դողում:
Զեփյուռը նախանձ
Բաց պատուհանի գիշերանոցն է
Անվերջ քաշքշում:
Փողոցի լույսն է մերթ-մերթ ծիկրակում:
Գարնան գիշեր է:
Ժամը եկել է...
 
* * *
Մեր հասուն սիրո գրկի մեջ լազուր
Թող վառեմ կապույտ կիրքը աչքերիդ,
Շուրթերիդ կարմիր մոլուցքը ըմպեմ:
Թող զգեստներդ այս գիշեր հանեմ,
Հանեմ՝ որպես թեժ, բոցկլտուն կրակ,
Միջուկը բոցի,
Միջուկը սիրո թող մերկացնեմ
Ու ձեռքերիս հուր-կիրքը հագցնեմ:
Ժամը եկել է:
Թող վառեմ կրքի լամպերը ծոցիդ,
Որոնց վրա լույսն արև է ծաղկել:
Թող ստինքներիդ օջախում ճերմակ
Իմ սիրո խունկը այս գիշեր ծխեմ:
Թող սիրո անշեջ բոցերում նրանց
Իմ համբույրները այսօր խնկարկեմ:
 
* * *
Ժամը եկել է,
Սերը հասել է,
Իմ սիրտը սակայն դեռ հապաղում է:
Ես միշտ կարծել եմ՝
Փեշերդ եթե ծնկից բարձրանան,
Մութը մոլուցքից պիտի շիկանա:
Ինձ թվացել է՝
Հենց կուրծքդ բացվի,
Արևը պիտի լույսից կուրանա:
Հավատացել եմ,
Որ եթե հանվես,
Արար-աշխարհին կխենթացնես:
Եվ հիմա սիրտս դեռ հապաղում է.
Իսկ եթե հանկարծ փեշդ բարձրանա,
Ու հողագունդը կրքից չդողա՞:
Եթե դու հանվես,
Եվ մոլորակներն իրենց կածանից
Դուրս չսայթաքե՞ն:
Քեզ մերկ տեսնի ու
Լուսինը հանկարծ եթե չժայթքի՞:
Իսկ եթե լույսի ծովեր չհորդե՞ն:
Իսկ եթե... եթե...
Բայց ինչ էլ լինի,
Ժամը եկել է...
 
* * *
Մեր սերը ծաղկեց:
Եվ ոչ թե՝ ծաղկի,
Այլ արշալույսի արևի՛ նման:
Արևի ոսկին թափվեց մեզ վրա,
Եվ մենք օծվեցինք,
Մկրտվեցինք մենք սիրո՛ արևով:
 
* * *
Դու մեր սերը՝ յուրօրինակ,
Սիրո համար լոկ ստեղծված
Ծիսակարգով մկրտեցիր։
Մակարդեցիր դու մեր սերը...
Եվ մակարդված լույսն այդ սիրո
Դարձավ նյութեղ:
Դարձավ նյութեղ ու... մարդ դարձավ:
Եվ շիկնեցիր դու էլ այնպես,
Ինչպես օրը,
Երբ որ նրա արգանդի մեջ
Ծնվում է բորբ արեգակը:
Դու շիկնեցիր,
Քանզի նաև քո սրտի մեջ
Եվ քո մարմնում ծագեց այգը։
Ծագեց այգը և հաստատեց,
Որ ծնվել է
Ու ծնվում է
Մարդը լույսից...
1990 -1993