էդուարդ Հախվերդյան / Բանաստեղծ, թարգմանիչ

14.08.2014 21:12

 

«Նիդերլանդական Օրագիր» - գրական էջ, չորեքշաբթի, 23 հուլիսի, 2014 թ.


Թարմացված` 08.09.2020
 
ԷԴՈՒԱՐԴ  ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
/ Բանաստեղծ- թարգմանիչ/
   Ծնվել է 1952թ. Թեհրանում: 1970թ. ընտանյոք հայրենադարձվել և մշտական բնակություն է հաստատել Էջմիածին քաղաքում:
   Աշխատել է ՙԱղբյուր՚ մանկապատանեկան ամսագրում:
   1995թվից  գրողների միության անդամ է: Աշխատել է ՙՆոր դար՚ հանդեսում:
    Եղել է Հայ- Իրանական ՙՄիհր՚ մշակութային- հասարակական հանդեսի գրական բաժնի վարիչը:
   2009 թ.արժանացել է ՀԳՄ ամենամյաՙԿանթեղ՚ թարգմանական մրցանակին:
   2012 թ. գրական վաստակի և թարգմանությունների համար արժանացել է ՀԳՄ և մշակույթի նախարարության ոսկե մեդալների:
 
ՀԵՂԻՆԱԿԵԼ Է
 
1.ՙ4-ը ապրիլի՚ բանաստեղծությունների       ժողովածու. 1992թ. ՙՏապան՚, Երևան
2.ՙԱնառակ որդի՚ բանաստեղծությունների    
ժողովածու, 1996թ. ՙԱյբ- Բեն՚, Լոս Անջելես
3.ՙԻմ սիրտը լեռներում չէ՚
   բանաստեղծությունների ժողովածու,
   2002թ. ՙԱյբ- Բեն՚, Լոս Անջելես
4.ՙԳնում եմ Էտյուդի՚ 2012թ.
   ՙԱնտարես՚, Երևան
5.ՙSpin…՚ Բանաստեղծություն
   2015 թ. ՙԱյբ- Բեն՚, Լոս Անջելես
6. Հինգ գիրք    2015 թ. ՙԱյբ- Բեն՚, Լոս Անջելես
 
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
1.ՙՔոռ բու՚ իրանական պատմվածք և վիպակ
   1992թ, ՙՏապան՚, Երևան:
2.ՙՄի այլ ծնունդ՚ Ֆորուղ Ֆարրոխզադ
   բանաստեղծությունների  ժողովածու,
   1996թ. ՙԱյբ-Բեն՚, Լոս Անջելես 
3.ՙԿանաչ ծավալ՚ Սոհրաբ Սեփեհրի,
   բանաստեղծությունների  ժողովածու,
   2000թ. ՙՎան Արյան՚, Երևան
4.ՙՓոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ՚,
   Իրանական ժամանակակից հեքիաթներ,
   2000թ. ՙՎան Արյան՚, Երևան
5.ՙԶահակ՚
   Իրանական ժամանակակից դրամատռուրգիա
   2003թ. ՙԱղբյուր՚, Երևան
6.ՙՍուրբ Ղուրան՚ 29, 30 մաս,2004 թ.
   ՙՀայաստան՚ Երևան
7.ՙՈսկե գմբեթ՚
   ժամանակակից Իրանական պոեզիա
   2005 թ. ՙՀայաստան՚ Երևան  
8.ՙՍուրբ Ղուրան՚ 24,25, 26, 27 և 28 մասեր
   2005 թ. ՙՀայաստան՚ Երևան
9. ՙՄարգարեի արևածագը՚
    Իրանական ժամանակակից պոեզիան
    Իսլամական հեղափոխությունից հետո
    2006թ. ՙՀայաստան՚, Երևան
10.ՙ Սուրբ Ղուրան՚
     հայերեն ամբողջական թարգմանությունը և
     ծանոթագրությունը
     2006-2007 թթ. ՙՀայաստան՚ Երևան
11.Մոլավի ՙՄասնավիի պատումներ՚
    2007թ. Հայաստան՚ Երևան
12.ՙՂեյսար Ամինփուր՚
    բանաստեղծությունների ընտրանի
    2008թ. Հայաստան՚ Երևան 
13.ՙՆազելի նոճին՚
    Իրանական հեքիաթներ
    2008թ. Հայաստան՚ Երևան   
14.ՙԹարմ օդ՚ Ահմադ  Շամլու
    բանաստեղծությունների ընտրանի
    2008թ. Հայաստան, Երևան 
15.ՙԹևերը թողեց բանաստեղծությանս կողքին
ու հեռացավ՚
    Վահե Արմեն, բանաստեղծություննեի ժողովածու
    2011 թ. Հայաստան, երևան
16.ՙՓողոցների նավաստին՚
    Շամս Լանգյարուդի
    2011 թ. Հայաստան, երևան
17.ՙՔարի այգի՚ Ալի Մուսավի Գյարմարռուդի բանաստեղծությունների ժողովածու 2016 թ .Էդիտ Պրինտ, Երևան
18.ՙՍովորական ծնոտներով մարդը՚ Քիանա Ռաշիդի, բանաստեղծությունների ժողովածու 2016 թ, Երևան 
 
 
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ 
ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ
 Մորեղբորս` Խաչիկ Դավթյանին
 
I.
Հիմա, երբ
Քաղաքի խեղված ու ծաղկատար դեմքը
Ծածկված է ճերմակ տագնապով,
Եվ ուղեղի ամեն մի ծալքում
Դաժան մոլուցքն է մահաբեր սղոցների…
 
Հիմա, երբ
Տաճարի գմբեթները
Ձուլված են ճերմակ մշուշին,
Եվ ոչինչից առ կախ խաչերը
Ոչինչ չօրհնելով
Անշարժորեն գամված են օդին…
 
Հիմա, երբ
Դրախտային այգիներում
Անխնա տապալվում են
Մեր երազների անչափահաս ծառերը,
Եվ ցավատանջ հառաչի գորշ ծխնելույզները
Ծուխ ու մրի վերածելով
Արագորեն դուրս են փնչում
Դյուրաբեկ մեր հոգու աստղաքարերը…
 
Հիմա, երբ
Փառապանծ պատմության
Անտանիք տարածքը
Անհագորեն ճանկռոտում են
Գորշ գայլերի արնոտ թաթերը,
Եվ անճյուղ բարոյականության երկնուղեշ ծառը
Դանդաղ փտում է
Ոչ մի զոհի չսպասելով…
 
Հիմա, երբ
Ճերմակ տագնապը
Հոգու երկնքից ձյունում է
Մահաբույր օրերի մութ փողոցներում,
Եվ սարսափի անտես ձեռքերը
Սև խաչ են քաշում տների վրա,
Եվ տները ճաղապատվում են,
Եվ ծառերը ճաղապատվում են
Եվ կամաց-կամաց
Սառն ու սարդային լուռ համբերությամբ
Մեր երկաթատենչ անհագ մոլուցքից,
Մեր հոգիները ճաղակալվում են,
Եվ զենքը
Իր սնանկ առաքելությունը ուրանալով
Լկտիության բարձունքներում
Խոցոտում է
Մահամերձ արդարության անարյուն կողը…
 
Հիմա, երբ
Տների մահաբեր խավարում
Խոշտանգվում են`
Փշրված հայելուց
Ակնապիշ նայող
Խեղված, խելագար
Գորշ դիմակները…
 
Հիմա, երբ
Հառաչը,
Ճիչը,
Ոռնոցը
Սառցալեռ դարձած
Խցանվել են
Ձգված կոկորդի ձայնալարերում
Օհ, մի հարցրու, մի հարցրու,
Թե ինչպե՞ս
ՍՖինքսի պես տեղում գամված
Դարձա
ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ…
 
II.
Ճերմակ տանիքները,
Ճերմակ ծառերը
Ճերմակ փողոցները
Չեն վկայում ձմեռ:
Սա նախանշանն է պատռվող դիմակների,
Սա նախանշանն է ինչ-որ հատուցման,
Սա նախանշանն է քաղցր բերկրանքի,
Սա նախանշանն է ինքնաճանաչման…
 
Ճերմակ տագնապի տառապանքները
Հոգու գագաթներից,
Ինչպես ժայռը սիզիպոսյան,
Գլորվում են հավերժորեն
Գարուններից` ձմեռ,
Ձմեռներից` գարուն,
Եվ մեր բաժին կյանքի բերկրանքը,
Լեռան քարի գույնի վայելքն է,
Անանուն ծաղկի պայծառ թովչանքը,
Հուշերի այգում տրտմություն ցանող
Անհայտ թռչունի թևաբախումը,
Խոսքի ճախրանքում`
Բառի հմայքը,
Ներկի ազատագրումը,
Գույնի խրախճանքը պաստառի վրա:
Եվ մեր բաժին կյանքի բերկրանքը
Ռումբերի հետ լեզու գտնելն է,
Մեր փրկության թելը կորցրած
Անորոշության լաբիրինթում`
Խուճապահարվելն է,
Լռության պատգամը սերտած
Աղմկոտ գինետներում`
Խաղողի խենթության մեջ,
Մեր անորոշ, անմիտ օրը
Վերամբարձորեն իմաստավորելն է,
Ամեն ժամի,
Ամեն օրվա,
Ամեն տարվա
Փոփոխական եղանակներից
Ճիշտ ժամանակին
Գոյատևման կտրոնների հայթայթումն է,
Պանդորայի
Աղետների,
Չարիքների
Բացած կարասը
Մեր բզկտված մարմիններով խցանելն է,
Մի խուլ անկյունում
Համբերության չիբուխի հետ`
Սուրճի վայելքն է:
Դժոխք ու դրախտ,
Քաոս, քավարան,
Սկիզբն ու վերջը
Սիրո լույսերով` հրավառելն է,
Սիրո ճրագին` պատրույգ դառնալն է,
Բոլոր նյութերը
Սիրանյութի հետ շաղախելն է,
Քանզի մեր բաժին կյանքի բերկրանքը`
Բերկրանքն է Սիզիպոսի,
Իսկ ժայռաբեկորը մեր տառապանքի`
Ընկած է հովտում,
Իսկ ժայռաբեկորը մեր ճակատագրի
Ընկած է հովտում,
Իսկ ժայռաբեկորը մեր առօրյայի`
Ընկած է հովտում,
Եվ մեր բաժին կյանքի բերկրանքը
Մեր հաստատուն ու համրաքայլ
Մոտեցումն է տառապանքին,
Մեր կյանքի ու ճակատագրի
Ըմբռնումը պայծառորեն,
Մեր կյանքն ու ճակատագիրը
Պայծառորեն,
Պայծառորեն
Արհամարհելն է:
 
III.
Օ~, քամիներ լկտի ու կույր…
   Հայրս եկավ խուզվածգլխով,չհայհոյեց, չզայրացավուչհայցեց անմեղության փոխհատուցում: Կույր տագնապի սև լորձունքը բանտախցի պատին թողած` լուռ հավաքեց իր լռության ոսկե շղթան և կարոտի և իր արյան ճիչը խեղդած պայթող սրտում` լուռ հեռացավ:
Օ~, քամիներ լկտի ու կույր…
   Աչքը` աչքիս, շուրթը` շրթիս, սիրտը` սրտիս, կանգնեց շվար ու ապշահար: Չբողոքեց, չնախատեց, և ծիծաղի պարկը թողած մաքսատանը, վերջին փշուր իր ծիծաղը, որպես կյանքի բազմակետեր՝ լուռ շաղ տվեց ու հեռացավ: Ու չլսեց խուլ պայթյունը խոցված սրտիս ու չտեսավ` միշտ առանց ինձ, գնացքների ծանր երթը իմ վրայով:
Օ~, քամիներ լկտի ու կույր…
   Քանի հազար ծաղիկ ու խոտ, քանի հազար տունկ ու ծառեր ձեր քրքիջը հրեշային փշրեց, ջարդեց, քշեց տարավ, խավարասույզ այս ափերից դրախտային:
Օ~, քամիներ լկտի ու կույր…
   Այս ի՞նչ հունձք է գարնան շեմին, այս ի՞նչ սգո հողմասյուն է վեր խոյանում` կոտրատելով մեր զարթոնքի ծիրանենին:
Օ~, քամիներ լկտի ու կույր…
 
IV.
Հիմա, երբ բոլորը պատրաստ են փախուստի,
Հիմա, երբ բոլորը քայլում են ճամպրուկներով,
Հիմա, երբ պանդխտության դարավոր ցուպը
Ինչ-որ կախարդանքով
Վերածվել է հրաշագործ գավազանի
Ես,
Որպես ձմռան միակ վառելիք
Եվ աղեղի նման պրկված
Նյարդերի միակ սպեղանի,
Պատառոտում եմ
Անահիտի դիմանկարը` արվեստից հեռու,
Պատառոտում եմ
Անահիտին չուղարկած
Սիրո նամակները` արվեստից հեռու,
Եվ բազում այլ կտավներ` արվեստից հեռու,
Եվ բազում այլ գրքեր` արվեստից հեռու,
Եվ բազում այլ թղթեր` արվեստից հեռու,
Եվ ամոթից շիկնած վառարանի մոտ`
Երգում եմ ձմռան ամենատխուր երգը`
Ջերմության մասին:
 
Ամեն ինչ գնում է դեպի փառամոլություն,
Ամեն ինչ գնում է դեպի փառամոլություն:
 
Երկնքից իջնում են բազում սանդուղքներ
Եվ տանկերը արյան կակաչների հետքերով
Գնում են դեպի արևելք,
Եվ զինվորները`
Քամուց դողահար տերևների պես,
Մահվան ուսապարկերով
Գնում են դեպի արևելք,
Եվ բժիշկները`
Հիպոկրատի ծանր գլխարկի տակ կքած
Գնում են դեպի արևելք,
Եվ նկարիչները,
Եվ բանաստեղծները,
Եվ գիտնականները,
Եվ նրանք, ովքեր կամավորներ են,
Եվ նրանք, ովքեր չեն հասցրել փախչել,
Արյան կակաչների հետքերով
Գնում են դեպի արևելք,
Եվ սպանելու մոլուցքը,
Եվ սպանելու տենդը
Բարձրագահ տերերի կամոք
Դառնում է միակ նպատակակետ:
 
V.
   Ես աղբակույտում չեմ փնտրում ոչինչ…
   Ես երազի մեջ սավառնում էի` երգելով բոլոր պահերը կյանքիս: Ես անհուսության բոժոժն եմ պատռել` հավատքի լույսում ճախրելու համար, այս ո՞վ է նորից կապույտը ցանցել, այս ո՞վ մեխել թևերս ժայռին…
   Ես աղբակույտում չեմ փնտրում ոչինչ…
   Ես առանց ցավի թողել եմ ծաղկած բուրաստանները, որ քարի ծերպի հրաշք ծաղիկը հավատքիս միակ նեցուկը դարձնեմ…
   Ես աղբակույտում չեմ փնտրում ոչինչ, բայց ահա կրծքիս, որպես ճարմանդ շողշողում է դեղին վարդը` աղբակույտի սրտում բացված:
   Ես աղբակույտում չեմ փնտրում ոչինչ…
 
VI.
Նորից խոնարհ եմ քո խոտի առաջ,
Քո ամեն ծաղկի ու քարի առաջ,
Եվ չլինելը խնդիր չէ բնավ,
Եվ պատասխանը դյուրին է այնքան
Եվ այնքան կտրուկ,
Որքան ընթացքը անշեղ գնդակի՝
Փողից մինչև քունք:
Մենք ձկների պես քո ցանցում ընկած
Դեռ խլրտում ենք, դեռ թփրտում ենք…
Այս բազմաբերան հողի երախը խցկելու համար.
Մեզ մի դարձրեք պահածոյացված  սարդինաձկներ`
Դագաղների մեջ:
 
Եվս մի ձմեռ,
Եվս մի գարուն,
Եվս մի ամառ
Եվ տերևաթափ համատարած…
Եվ քարավանը ձախորդ օրերի
Դաշույնի նման՝
Մաս-մաս կտրելով մեր գոյությունը,
Անսպառորեն պտտվում է հար
Չորս եղանակի շրջապտույտում:
 
Օ~, մի՛ տարեք ինձ,
Մի’ տարեք ինձ
Կարմիր խոտերով արոտավայրեր.
Ես չեմ ուզում կակաչների ջարդը տեսնել…
Եվ չլինելը խնդիր չէ բնավ,
Եվ պատասխանը դյուրին է այնքան
Եվ այնքան կտրուկ,
Որքան ընթացքը անշեղ գնդակի՝
Փողից մինչև քունք…
 
  ԱՂՈԹՔ
 
Հայ մեր, որ չգիտեմ որտեղ ես
Եվ ի՞նչ ես անում հիմա,
Ի սեր քո սիրո
Եվ վասն
Ինք քո հանդեպ արժանապատվության
Մի քիչ մարդկային
Ու մարդավայել կյանք պարգևիր մեզ,
Թող մի քիչ ապրենք,
Իսկ երբ որ մեռնենք,
Դու մեր հեգ մարմնի
Ու լույս հոգու հետ
Ինչ ուզես՝ արա:
 
Արտաքսման օրից
Ոչինչ չփոխվեց:
Ոչինչ չփոխվեց
Եվ խաչելությամբ քո խոնարհ որդու:
Ախր հերիք է,
Բավ է փորձարկես
Ու փորձանքների դուռը մեզ մղես.
Այսքան ժամանակ միասին եղել
Ու միշտ միասին կլինենք էլի,
Էլ ի՞նչ ես ուզում…
Եթե կարող ես՝
Պարգևիր դու մեզ
Խաղաղ ապրելու, խաղաղ մեռնելու
Մի ինչ-որ միջոց,
Ու թե կարող ես
Զլույս հանապազորդ տուր մեզ այսօր և միշտ,
Զհաց հանապազորդ տուր մեզ այսօր և միշտ,
Զջուր հանապազորդ տուր մեզ այսօր և միշտ,
Իսկ մնացյալը…
Իսկ մնացյալը
Կճարենք մի կերպ:
 
Գիտենք, օ~ գիտենք
Քոնն է երկիրն. ամէն,
Քոնն է երկինքն. ամէն,
Քոնն է արքայությունն. ամէն,
Քոնն է զորությունն. ամէն,
Քոնն է փառքն. ամէն,
Քոնն  ամենն, ամենն, ամենն.
Հավիտյանս հավիտենից. ամէն:
 
ՎԱՐԱԳՈՒՅՐՆ ԻՋԱՎ
 
Լքեցի բոլորին,
Բոլորին դավաճանեցի,
Ժամանակի և լույսի մեջ
Կանգնեցի միայնակ,
Եվ տեսա իմ տիտանական,
Իմ ահասարսուռ
ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆԸ: 
Ոչինչ մի ասեք,
Ոչինչ չի փրկի:
Խարանն ամոթի հոգուս է դաջված,
Բայց ձեռքս մեղսավոր փակել է աչքս
Եվ կիսադեմով
Հառաչը խեղդած չոր կոկորդիս մեջ
Ես սլանում եմ`
Ժամանակների թաց ու լպրծուն կոյուղիներով,
Ուր հոգիները
Սնամեջ, փքուն փուչիկի նման`
Ստամոքսների մի թույլ խայթոցից,
Պայթում են հանկարծ,
Եվ գրպանների խեղճ տարողությամբ
Ընկերությունը, առնետի նման
Այս կմախք-կյանքի ոսկրափայլը կրծելով անհագ,
Արագ փախչում է ծակ գրպանների ամայությունից
Ու լուռ ամփոփվում չակերտների մեջ:
 
Ոչինչ մի ասեք,
Ոչինչ չի փրկի:
Մենության խորքում հայելիներն անգամ
Սնդիկ են թքում`
Պարկեշտ թվացող մեր դեմք-դիմակին,
Որ մաշկ չէ բնավ,
Միս ու արյուն չէ,
Այլ հաստ ու հղկված գորշ լկտիություն,
Որին չեն փրկում կնճիռներն անգամ
Ու մազերը ճերմակ,
Միայն աչքերն են.
Մեր բութ ու պլշած աչքերն են մատնում
Ծանծաղ մեր հոգու տարողությունը,
Սակայն կույր ենք մենք`
Աչոք ու մտոք,
Եվ խուլ կրկնակի,
Եվ մեր Աստծուն,
Որ ՍԵՐՆ է միայն,
Մեր սեռանդամից վեր չբարձրացնելով՝
Փնտրում ենք, ավաղ,
Մեզանից հեռու
Ու մեզանից դուրս:
 
Ոչինչ մի ասեք,
Ոչինչ չի փրկի:
Փառատենչության, եսամոլության
Թույն ենք ժառանգել անհայտ տերերից,
Եվ դաժանորեն
Քանդել ենք բույնը հավատք-թռչունի,
Որ մի օր խռով հեռացավ տխուր
Մեր սառցակալած հոգու դաշտերից:
 
Ով քանդարարներ,
Միթե՞ ձեր լխկած, նեխած հոգու մեջ
Կարող է բառը, ներկը, հնչյունը
Եվ միտքը խամրած,
Տիեզերական թրթիռներ կորզել,
Երբ կուրացած եք
Ամենաչնչին լուսաթարթումից
Եվ նեխակալած ձեր քիմքը, ավաղ,
Որսալ չի կարող
Ձեր էության մեջ շարունակ դիզվող,
Գաղջ աղբահոտը Ավգյան ախոռի:
Միայն լույսի մեջ,
Միայն սիրո մեջ,
Միայն հավատքի…
…………………………………………….
Ոչինչ մի ասեք,
Ոչինչ չի փրկի:
 
Վարագույրն իջավ…
Ծափահարություն…
  
ԱՐԹՆԱՑՈՒՄ
 
Գնացքի սուլոցից հետո,
Ձեռքերի թափահարումից հետո,
Վարանոտ, տարտամ քայլերից հետո,
Գլուխը օղու և բարձերի մեջ թաղելուց հետո,
Ինձ հետ զրուցում է`
Միջանցքի կախիչից կախված,
Հին գլխարկը:
Այն ինձ պատմում է
Հեռավոր ճանապարհների համբերության
Եվ կալանապատերի ջղաձգված
                                                լռության մասին,
Եվ հաճախ
Ամուր գրկելով իմ գլուխը՝
Անտրտունջ դիմակայում է
Նրա գիշերային ցնցումներին:
 
Հիմա այստեղ եմ
Համակերպության բետոնում մեխված
Կյանքի անդունդում,
Ուր
Լույսի մաքրությամբ
Գունազարդ մի գորգ`
Իմ հայացքը համբուրելով,
Ինձ պատմում է
Անկրկնելի նախշազարդերի
Եվ հոգու թանձր գույների մասին,
Որոնք արյուն-արցունքի թանաքով
Ջուլհակները   
Կտածել են
Նրբահյուս ճերմակ թելերի վրա:
 
Հիմա այստեղ եմ`
Բոլոր ուղղություններից համառորեն շեղվող
Կյանքիս ընթացքում,
Եվ ինձ հարկավոր չեն
Կարոտներով ծանրաբեռնված,
Օդանավերը, նավերն ու գնացքները,
Եղբորս թողած
Չմաշվող ու պինդ
Հին կոշիկները
Ձմռան ցրտերին
Հեքիաթի նման
Ինձ պատմում են
Արևի ծաղկած դաշտերի մասին,
Եվ մեր ոտքերը նույն կոշիկներով,
Նույն ուղծրով ճամփորդում են հար:
 
Հիմա այստեղ եմ`
Ապակու նման մարմինս հատող
Իմ կարոտների ցրտաշունչ ձմռան զոհասեղանին,
Ինձ հարկավոր չեն
Արցունքով ցողված
Ծննդյան տոնի
Եվ Ամանորի բացիկ-նամակներ,
Քրոջս պայծառ, անպարփակ սիրտը
Ինձ ճախրանքներով տանում է հեռու`
Լույսի բարության տոնահանդեսին,
Ուր սիրո համար
Չկան չափումներ ու կշռաքարեր:
 
Հիմա այստեղ եմ`
Խզբզված կյանքի ճմրթված թղթին,
Որի վրա ամեն օր
Փոքրիկ մի աղջիկ
Վառ գունաժպիտների
Թափանցիկ ջրաներկն է քսում
Եվ անփութորեն շպրտում
Իր երազների ու հիշողության
Ճերմակ պարտեզը:
 
ԽԵԼԱԳԱՐԸ
 
Ու երբ արևը մարեց,
Նա լցրեց բաժակը,
Խմեց արևի կենացը
Ու լաց եղավ մենության մեջ:
 
Ու երբ ձմեռը
Իր ճերմակ մագիլները
Մխրճեց քաղաքի կոկորդի մեջ,
Նա լցրեց բաժակը,
Խմեց արևի կենացը
Ու լաց եղավ մենության մեջ:
 
Ու երբ իշխեց
Տարտարոսյան խավարի թագավորությունը
Ու երբ հացի հավերժական ուրվականը
Խժռեց մարդկային դեմքը
Ու երբ լռեցին ձայնասփյուռները
Ու երբ լռեցին հեռոստացույցերը
Ու երբ լռեցին լրագրերը,
Նա լցրեց բաժակը,
Խմեց արևի կենացը
Ու լաց եղավ մենության մեջ:
………………………………………….
Ու երբ վերջապես
Օրացույցը ճչաց արևածագի մասին
Նա ձայն տվեց մարդկանց
Տնից տուն,
Փողոցից փողոց,
Թաղից թաղ…
Բայց քաղաքում մարդ չէր մնացել,
Բայց փողոցներում ոչ ոք չէր քայլում
Եվ տները լքված էին դաժանորեն:
 
Արևածագին
Նա գլխահակ կանգնեց
Հրաշքի ու երջանկության միջև
…Փշրեց բաժակը
Ու լաց եղավ մենության մեջ:
  
ԹՌՉՈՒՆ
 
Վանդակի մեջ` վանդակ,
Վանդակի մեջ` վանդակ,
Վանդակի մեջ` թռչուն:
 
Թռչունի մեջ` թռչուն,
Թռչունի մեջ` թռչուն,
Թռչունի մեջ հոգի:
 
Հոգու մեջ` հոգի,
Հոգու մեջ` հոգի,
Հոգու մեջ` լույս:
 
Լույսի մեջ` լույս,
Լույսի մեջ` լույս,
Լույսի մեջ` կյանք:
 
Կյանքի մեջ` կյանք,
Կյանքի մեջ` կյանք,
Կյանքի մեջ` ոչինչ:
 
Ոչինչի մեջ` ոչինչ,
Ոչինչի մեջ` ոչինչ,
Ոչինչի մեջ` մենք:
 
Մենք`
Սիրտ ու հոգի թռչուն,
Մենք`
Սիրտ ու հոգի և լույս,
Մենք`
Լույսի մեջ ոչինչ:
  
Լույսի հոգին թռչուն,
Լույսի հոգին արյուն
Եվ արյան մեջ թռչուն:
 
ՄՈԳԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
 
I.
Ինքնազննումի ինչ պահեր անցան,
Ինչ պահեր անցան,
Երբ մերկ էինք մենք ու առանց դիմակ…
……………………………………………...
 
Եվ մենք քայլեցինք,
Եվ մենք քայլեցինք,
Տաք անապատի շեկ ավազներով,
Եվ ժամանակաչափ
Մեր մարմինների բյուրեղ անոթով
Հոսեց ավազը…
Եվ իմաստության օձը լաց եղավ
Անապատի մեջ,
Եվ իր արցունքի աղի ջրերում
Ձուկը պապանձվեց կրկնակի անգամ:
 
Եվ մենք քայլեցինք,
Եվ հորիզոնում
Օազիսները միրաժներ դարձան,
Եվ մի գիշերում
Պայծառ երկնքից
Գաղթեցին հանկարծ
Աստղերը բոլոր,
Եվ մենք մեր ճամփան` առանց ուղեցույց,
Անցանք խավարում:
 
«Ինչի՞ համար այդ ճամփան անցանք`
Ծննդի՞ թե՞ մահի »:
Եվ մենք քայլեցինք,
Եվ մենք քայլեցինք
Անվերջ ՍԿԶԲԻ
Ու անվերջ ՎԵՐՋԻ
Փակ շրջագծում,
Եվ շրջագիծը փոքրացավ անվերջ,
Եվ անվերջությունը փոքրացավ անվերջ
Եվ միակ կետը,
Եվ ամենայնի միակ միջուկը
Մեր հողմահալած մարմինը դարձավ,
Եվ մոլեգնաբար
Մենք պտտվեցինք մեր առանցքի շուրջ:
 
«Ինչի՞ համար այդ ճամփան անցանք`
Ծննդի՛ թե՞ մահի
Եղավ ծնունդ, անշուշտ»:
Բայց ոչ կյանքի,
Բայց ոչ մահվան,
Չկար անցքը երրորդ.
Այն միակը,
Տեսանելին,
Շոշափելին,
Որի համար չքնաղ գանձերով
Մենք ճամփա ընկանք:
 
Եվ մենք քայլեցինք,
Եվ մենք քայլեցինք` տեղում դոփելով,
Եվ մեր քայլերի դրոշմանիշը
Կորցրեց իր նիշը,
Եվ մենք սուզվեցինք,
Դանդաղ սուզվեցինք
Տաք անապատի շեկ ավազանում,
Եվ ժամանակաչափ
Մեր մարմիների բյուրեղ անոթով
Հոսեց ավազը,
Ապօրինածին կույր քամիների
Բաց ափերի մեջ,
Եվ իմաստության օձը լաց եղավ
Անապատի մեջ,
Եվ իր արցունքի աղի ջրերում
Ձուկը պապանձվեց կրկնակի անգամ:
 
II.
 
Ինքնազննումի ինչ պահեր անցան,
Ինչ պահեր անցան,
Երբ մերկ էինք մենք ու առանց դիմակ…
……………………………………………...
Մենք չէինք կարող հրաժարվել,
Մենք չէինք կարող չանցնել
Դաժանագույն այս ճանապարհը,
Եվ մեր դատողությունները
Մեր իմացությունն ու ճանաչումը
Չուներ ոչ մի արժեք:
Մենք տեսել էինք կարմիր հրեշին,
Եվ նրա հեռացող,
Բայց դեռ քայքայիչ շունչը
Ստիպում էր մեզ
Փղձկալ,
Փղձկալ անցյալի վրա ու առաջ գնալ:
 
Մենք անցնում էինք խեղված դեմքերով լեցուն
Խավար փողոցների միջով
Ուր չվառվող սյունալապտերները,
Որպես քաղաքակրթության լուռ հուշարձաններ
Ուղեկցում էին մեզ,
Եվ մթամած, սառած
Լուռ տներն ու շենքերը`
Ճերմակ համաճարակի Ֆոնին
Դիտվում էին որպես
Վաղուց լքված ու մոռացված
Գերեզմանատներ,
Իսկ շվար ու մոլոր մարդիկ,
Որպես անդրշիրիմյան ուրվականներ
Թափառում էին պաղ հայացքներով:
 
Մենք անցնում էինք
Այրված տների ու դիակների միջով,
Մենք անցնում էինք
Հազարավոր գաղթականների միջով,
Եվ ամենուրեք
Անդուլ ու անխափան,
Հրեշային հռնդյունով
Աշխատում էին
ԱԶԳԱՅԻՆ,
ԱՊԱԶԳԱՅԻՆ,
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մսաղացները:
Եվ ամենուրեք
«Ազգի շահերի»,
Գործունեության տարածքները
Սահմանափակվում էր
Անհագ որկորների հագեցումով,
Եվ ամենուրեք
Սրբերի դիմակներով
Մարդասպանները,
Վաշխառուներն ու ավազակները,
Որպես թշվառ ազգի նորընտիր ընտրյալներ,
Պիղատոսի պես
Լվանում էին իրենց ձեռքերը:
 
Մենք չէինք կարող հրաժարվել,
Մենք չէինք կարող չանցնել
Դաժանագույն այս ճանապարհը,
Ուր կարմիրով ներկված
Այս սև վավերագրությունը
Սարսափից չռված աչքերով
Մենք դիտում էինք որպես
Ահասարսուռ մի շարժանկար:
 
 
Մենք տեսել էինք կարմիր հրեշին,
Եվ նրա հեռացող,
Բայց դեռ քայքայիչ շունչը
Ստիպում էր մեզ
Փղձկալ,
Փղձկալ անցյալի վրա ու առաջ գնալ:
Մենք անցնում էինք,
Երբեմնի անտառ կոչված անապատներով,
Մենք անցնում էինք
Երբեմնի գյուղ կոչված անապատներով,
Մենք անցնում էինք
Երբեմնի քաղաք կոչված անապատներով,
Եվ ամենուրեք առք ու վաճառք էր:
Առք ու վաճառք էր պատմուճանների1
Առք ու վաճառք էր
Բետոնե պատի կտորտանքների2
Եվ պոռնկությունը
Ազնվագույն առք ու վաճառքն էր
Այս կործանարար ողբավաճառքում:
 
 
III.
 
Ինքնազննումի ինչ պահեր անցան,
Ինչ պահեր անցան,
Երբ մերկ էինք մենք ու առանց դիմակ…
………………………………………………
 
Մենք զգում ենք շունչը նրա
Մենք զգում ենք զորությունը նրա,
Մենք տեսնում ենք,
Մենք շոշափում ենք
Մենք վայելում ենք
Հրաշագործ ողջ արարումը,
Եվ լույսի անվերապահ պարգևը,
Սակայն ավաղ,
Նա չկար
Ու չէր կարող լինել:
Ութերորդ օրը,
Ոչ երկրում, ոչ երկնքում
Ոչ համայն տիեզերքում,
Նա չկար
Ու չէր կարող լինել,
Իր իսկ արարումի մեջ:
 
IV.
 
Եվ մենք քայլեցինք,
Եվ հորիզոնում
Օազիսները միրաժներ դարձան,
Եվ մի գիշերում
Պայծառ երկնքից
Գաղթեցին հանկարծ
Աստղերը բոլոր,
Եվ մենք մեր ճամփան` առանց ուղեցույց,
Անցանք խավարում:
 
«Ինչի՞ համար այդ ճամփան անցանք`
Ծննդի՞, թե՞ մահի,
Եղավ ծնունդ, անշուշտ»,
Եվ եղավ այն,
Ինչ պիտի լիներ ի սկզբանե,
Քանզի գրված է, թե…
Սակայն չկար անցքը երրորդ,
Այն միակը,
Տեսանելին,
Շոշափելին,
Որի համար
/Բայց ոչ մեզ համար/
Չքնաղ գանձերով մենք ճամփա ընկանք:
«Իսկ մեր ականջներում ձայներ էին երգում՝
Ասելով, թե այդ ամենը անմտություն է1»:
Իսկ հետո մենք չէինք կարող վերադառնալ
Մեր արքայությունները,
Քանզի այն, ինչ փնտրում էինք
Նրանց համար,
Իրենցն էր ի սկզբանե,
Եվ տեսանելի,
Եվ շոշափելի,
Քանզի մենք չէինք կարող
Ցուցանել այն, ինչ ակնհայտ է
Եվ ասել այն, ինչ ասված է,
Հարկավոր է ունկ լսելու համար
Եվ ակն տեսնելու համար,
Հարկավոր է
Ամենայնը խորապես զգալու,
Եվ ամենայնը անսահման սիրել
Եվ ամենայնը վայելելու:
Եվ ամենայնին հավատալով,
Եվ ամենայնին ապավինելով,
Միանալ նույն համանվագին,
Որ քոնն է միայն
Եվ ամենայնինը:
«Իսկ մեր ականջներում ձայներ էին երգում
Ասելով, թե այդ ամենը անմտություն է»:
 
ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ
 
Իմ բոլոր ընկերները հանճարներ են:
 
Իմ բոլոր ընկերները
Հրաշալի մարդիկ են:
Իմ բոլոր ընկերները,
Մտահոգ են
Իրենց երեխաների ճակատագրով:
 
Իմ բոլոր ընկերները,
Գժվում են կանանց համար,
Գժվում են կանանց նրբագեղ
Քայլվածքի համար,
Կանանց ճերմակ ու պիրկ կրծքերի համար,
Հանճարներ կրող
Բեղուն արգանդների,
Անխախտ կոնքերի
Ու կամքի համար:
 
Իմ բոլոր ընկերները,
Գեղեցիկը արարող
Հավերժի ճամփորդներ են:
 
Իմ բոլոր ընկերները,
Օրինապահ քաղաքացիներ են,
Եվ տուրք են տալիս
Հասարակական օրենքներին:
 Եվ տուրք են տալիս
Սահմանադրական օրենքներին:
Եվ տուրք են տալիս
Ավանդական օրենքներին:
Իմ բոլոր ընկերները
Տուրք են տալիս ամենքին ու ամեն ինչին,
Իմ բոլոր ընկերները,
Ամեն ինչ խախտող ավանգարդիստներ են:
 
Իմ բոլոր ընկերները,
Մանկությունից ի վեր
Շոշափել են երկաթե կարմիր վարագույրը
եվ նրանց պողպատյա նյարդները`
Զոհին կլլող օձի մաշկի պես
Այնպես են պրկվել,
Որ սարսափում են
Ինքնաշարժերի արգելակման ճռնչոցից,
Հրազեների կրակահերթից,
Հրասայլերից,
Հրանոթներից
Նրանք սարսափում են
Արգելապատերից,
Ամեն տեսակ փշալարերից,
Սահմանապահներից,
Մաքսատներից,
Դեսպանատներից:
Իմ բոլոր ընկերները
Առանց անցաթղթերի,
Առանց ճամպրուկների,
Խոհուն ու խոր հայացքներով
Շրջագայում են
Տիեզերքի քարտեզների վրայով:
Իմ բոլոր ընկերները,
Շիլիոնի կալանավորներն են:
 
Իմ բոլոր ընկերները,
Խիզախ տղաներ են,
Նրանք անվարան
Անցել են մազե կամրջով,
Անցել են
Բնության դաժանագույն արհավիրքների միջով,
Անցել են
Քաղաքականության արյունալի խաղերի միջով,
Անցել են
Աստծո անվերջանալի փորձությունների միջով
Եվ գերբնական թռիչքներով
Խախտել են սահմանագիծը
Լույսի,
Ճանաչման
Եվ իմացության:
Իմ բոլոր ընկերները,
Խավարի դեմ մարտնչող ռազմիկներ են:
 
Իմ բոլոր ընկերները,
Անսահման սիրում են կյանքը,
Եվ անսահման սիրում են արվեստը,
Եվ տաք-տաք վիճում են մահվան մասին,
Եվ տաք-տաք վիճում են արվեստի մասին,
Եվ տաք-տաք վիճում են,
Թե որտեղի՞ց են եկել
Եվ ու՞ր են գնում:
 
Իմ բոլոր ընկերները հանճարներ են,
Իմ բոլոր ընկերները,
Ճգնավորի պես
Անցել են «Ստվերների հովտի» միջով
Եվ կրում են Բաքոսի գավազանը:
Իմ բոլոր ընկերները,
ՈՍԿԵ ԿԱՆՈՆԻ անխախտ հետևորդներն են:
 
Իմ բոլոր ընկերները,
Աստծո որդիներն են
Եվ սուրբ միստերիաների
Հավատավոր նվիրյալներ:
 
Նրանք զգում են իրենց արմատների խլրտոցը
Դեպի ԷՈՒԹՅՈՒՆ,
Եվ սաղարթների հորդահոս վերընձյուղումը
Առ ՀՈԳԻ:
Նրանք բնության ու տիեզերքի
Խորհրդավոր ռիթմը
Ոգեկոչել են
Գույների անվերապահ ոտնահետքերում:
 
Իմ բոլոր ընկերները,
Իմ բոլոր ընկերները,
Աստծո որդիներն են,
Նրանք պատրաստ են
Իրենց իմացությունը ինձ նվիրաբերել
Պատրաստ են
Իրենց գաղտնիքը ինձ նվիրաբերել,
Նրանք՝
Սուրբ նշխարքի պես
Մաս առ մաս
Եվ բջիջ առ բջիջ
Իրենց բաժին են հանում բոլորին:
Իմ բոլոր ընկերները,
Միապաղաղ գորշության մեջ
Թարմ շունչ բերող
Գարնանային հորդառատ անձրևի
Մաքուր կաթիլներ են:
 
Իմ բոլոր ընկերները,
Աստծո որդիներ են
Եվ սուրբ միստերիաների
Հավատավոր նվիրյալներ,
Նրանք հաստատապես գիտեն,
Թե ես որտեղից եմ եկել
Եվ ուր եմ գնում,
Նրանք հաստատապես գիտեն,
Որ ես եմ
Բոլոր չվառվող սյունալապտերներից
Կախաղան հանված անառակ որդին
Եվ սպասում են իմ համբույրին:
 
Իմ բոլոր ընկերները,
Աստծո որդիներ են,
Նրանք բոլորը
Մեկը մյուսից թաքուն
Ինձ առաջարկում է երեսուն արծաթ,
Եվ մեկը մյուսից թաքուն
Իմ պարանոցին հարմար՝
Գնում է պարան,
Եվ մեկը մյուսից թաքուն
Իմ այգում
Տնկում է ձիթենու ծառ:
Իմ բոլոր ընկերները,
Բոլոր խորհրդավոր ընթրիքների ժամանակ
Շատ պատշաճորեն
Ինձ դուրս են հրավիրում
Եվ լվանում են միմյանց ոտքերը,
Եվ ուտում են միմյանց հացը,
Եվ խմում են միմյանց գինին,
Եվ սպասում են իմ համբույրին:
 
Իմ բոլոր ընկերները,
Ամեն օր
Իրենց տներում,
Իրենց արվեստանոցներում,
Գինետներում ու սրճարաններում
Իմ համբույրը ստանալով
Իրենց խաչն են տանում դեպի Գողգոթա
Եվ ամեն օր
Իմ անզոր հայացքի առաջ
Խաչվում են հերոսաբար:
 
Իմ բոլոր ընկերները,
ՍԿԻԶԲ են ու ՎԵՐՋ:
Իմ բոլոր ընկերները,
«Ի տես բոլորին
Ինքնակիզվելով բոցավառվում են
Որպես
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»:
 
Իմ բոլոր ընկերները,
Ինձ, որպես մարդկության նեխող
Անզուգական չքնաղ մի ծավալ
Փայփայելով պահպանում են
Աստծո
Ու
Երկնային արքայության համար: 
Իմ բոլոր ընկերները…  
 ԻՄ ՍԻՐՏԸ  ԼԵՌՆԵՐՈՒՄ ՉԷ
             
Կյանքը ամենամեծ և ամենահրաշալի անհեթեթությունն է…
Արվեստը փորձում է գեղեցկություն և միտք հաղորդել այս առեղծվածային անհեթեթությանը:                                                      / է. Հ./
 
ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ ՉԷ... 
1.
Ահա և ես...
Դյուրախոց թիրախ,
Որին շարունակ պիտի խոցոտեն
Ե՛վ աստվածները հզոր ու չարկամ
Ե՛վ մարդուկները ճճվային գանգով...
 
Ահա տեգերը՝
Իմ կրծքին ուղղված,
Բայց ես հերոս չեմ
Եվ ոչ էլ ռազմիկ`
Պարտված ու շվար,
Միայնակ կանգնած
Այս փորձարարական կյանքի հարթակին...
Ուրիշ արյուն է իմ հոգում հոսում,
Ուրիշ ձայներ են ինձ առաջնորդում
Բայց ահա եկել
Խրտվիլակի պես տնկվել եմ այստեղ,
Այս քավարանում,
Որ հազար տեղից քրքրված հոգիս`
Դոն Քիշոտյան խենթ միամտությամբ,
Առագաստ դարձնեմ հողմերի դիմաց,
Իսկ հողմերը կույր փչում են անտես`
Մաս-մաս տանելով
Իմ ժամանակի ծվենները լույս...
 
2.
Եվ ժամանակը հոսեց առանց ինձ...
Ոչինչ իմը չէր
Ու ես ոչնչի...
 
Անձրև էր ու արև,
Ինչ-որ տեղ շատ մոտիկ՝
Գորշ գայլը ծնում էր գայլուկներ...
Վազում էր երեխան`
Շուրթերին ավետիսը գարնան,
Վազում էի ես` տագնապած,
Դեպի մութ ոհմակը գայլերի...
 
Ոչինչ իմը չէր
Ու ես ոչնչի...
Անձրև էր ու արև
Եվ ընթացք կորուսյալ...
 
3.
Ես այստեղ
/ Ինչպես Բուկովսկին/
Ենթադրում էի, որ
Դեռևս բանաստեղծ եմ
Բայց ամեն առավոտ,
5:30-ին,
Բոլոր երազներս ավերած,
Մահվան freeway-ներով
Նետվում եմ քաղաքակրթության խորխորատը
Որպեսզի ձեռքս դրած կրծքիս,
Քաղաքակիրթ ու զուսպ գոռամ.
This site is full…
This site is full…
Իսկ մահը այստեղ
Գիտակցություն չէ,
Ոչ էլ վիթխարի ցուլ` վրաս հարձակվող,
Այլ փսլնքոտ,
Առօրյա երևույթ,
Որի դեմ անիմաստ է կարմիր պաստառ ճոճելը:
 
4.
Ես այստեղ
Փորձարկում եմ
Խաչելություն` առանց խաչի,
Ցեղասպանություն` առանց արյան,
Գաղթ` առանց թշվառության,
Թռիչք` առանց բարձունքի,
Սեր` առանց կնոջ,
Կյանք` առանց ապրելու,
Մահ` առանց մեռնելու:
 
Ես այստեղ փորձարկում եմ
Ճամփորդությունը Դանտեի`
Քավարանից downtown,
Downtown-ից քավարան,
Որպեսզի անտերունչ շան նման,
Անտարբեր ու անհոգի,
Ձեռքս դրած կրծքիս,
Քաղաքակիրթ ու զուսպ գոռամ.
$10, $ 5, $1
 
5.
Ես այստեղ
Չնչին գումարով վայլում եմ`
Խոյահարող արհեստական կրծքերով,
Զարդարուն պորտիկներով,
Տիկնիկային աչքերով,
Շքեղաշուք կանանց
Կրքագրգիռ, նրբագույն վարպետությունը
Եվ սեփական հոգու
Դառնատտիպ ձախորդությունները ծամծմելով
Կում-կում ըմպում եմ
Կաստանեդյան թունդ թքիլան,
Որպեսզի խրոխտ
Իմ կապույտ լեռան
Ճերմակ կեցվածքով
Երկիրն իմ պագնեմ`
Երազային մտացնծությամբ:
 
6.
Ես այստեղ
Տեսնում եմ
Մարդկային մտքի
Աստվածային փայլատակումը,
Անխորտակ,
Հզոր ու հաստատակամ թռիչքը`
Տիեզերական նվաճումների…
Ես այստեղ
Հենց այստեղ
Ջղաձիգ սրտով
Վերհիշում եմ`
Ամենաանարյուն,
Ամենախաղաղ մահերը`
Ճերմակ տագնապի սև հովանավորությամբ
Եվ մարդկային միաբջիջ ցեղի
Անսահման լկտիությունը,
Որ ինձ մղում է
Ամենաշքեղ գաղթականության
Որպեսզի
Պայթող սրտով
Վայրագորեն գոռամ,
Իմ սիրտը լեռներում չէ…
Լեռներն են իմ սրտում…
 
7.
Կարող էի ոչինչ չասել,
Եվ բեռան տակ
Կքած գնալ մինչև ՈՉԻՆՉ…
Բայց շառաչուն մտրակի պես
Հարվածում էր անձրևը դեմքիս,
Եվ արևը կատաղած շուն
Այս հրավառ անապատում`
Հոշոտում էր նեխող հոգիս:
 
Կարող էի ոչինչ չասել
Բայց օտար էր իմ պատկերը
Եվ իմ բույրը այս հողին,
Եվ ընթացքը այս ուղիով
Դեպի ՈՉԻՆՉ
Չէր խոստանում ոչինչ-ոչինչ…
  
Ի՞ՆՉ ՎԱՅՐ Է ՍԱ, Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ,
Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀԱՄԱՍ
                   Զրույց Դանտեի, Թ. Ս. Էլիոթի,
                   Ֆ. Ֆարրոխզադի և...Ձեզ հետ:
 
1.
Եվ ինչու՞ ողբալ...
..............................
«Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով»,
Կանխորոշեց քո մահը,
Եվ կռռոցը, ինչպես կույր գնդակ,
Խոցեց իմ հոգին:
 
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վերադառնալու
Հայելիների հավերժական անդրադարձից,
Եվ ինչ ծավալով է բեղմնավորվելու
Մութ արգանդը ժամանակի:
 
Մենք կանգնեցինք ու տեսանք,
Փոքրիկ շատրվանների
Ողբը անարցունք,
Մենք կանգնեցինք ու տեսանք
Համաճարակը փողային ախտի
Եվ մեր մատներից դանդաղ հեռացող
Հետքը թանաքի:
 
Ծառերը չեն վազում...
Եվ ամենօրյա հրաշքները մեծ
Տաղտուկ են բերում
Ճահիճում ապրող գիշակերներին:
 
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վճարելու
Ստույգ գինը երկչոտության
Եվ ի՞նչ պատգամներով ենք վերաշինելու`
Վարդի հոգին փշրված:
 
Մենք կանգնեցինք ու տեսանք
Ամոթից շիկնող
Ընդվզումը արևածաղկի:
Մենք կանգնեցինք ու տեսանք
Կեղծ լուսապսակը
Խավարասեր «մարգարեների»
Եվ մեր սիրո ողջակիզումը՝
Առ ոչինչ...
 
2.
Եվ ինչու՞ ողբալ...
...............................
Պետք է ապահովել...
Պետք է ապահովել շրջանակը սև.
«Նախքան մտածելը
Պատահում է պատահարը»
Եվ հետապնդող լույսերը մահվան
Մերթ միանում են
Ու մերթ անջատվում:
 
Ես տեսա
Համբույրից հյուսված
Պարանը ճոճվող
Եվ մարմինը քո`
Արևածաղիկ:
 
Ծառերը չեն վազում,
Նրանք սուզվելով
Բարձրանում են վեր:
 
Իսկ ժամանակը...
Իսկ ժամանակը անսեռ իր ձայնով
Միայն մի բան է շշնջում հիմա.
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ...
 
3.
Եվ ի՞նչու ողբալ...
Եվ ի՞նչու ողբալ...
«Հասարակ իշխանության ուժը կորուսյալ...
Ի՞նչ վայր է սա, ի՞նչ երկիր, ի՞նչ աշխարհամաս»,
Ուր միայն ապրիլը չէ ամենադաժան ամիսը,
Եվ առանց անձրևների
Ազգի բեղուն արգանդից
Դուրս է հորդում
Հոծ բանակը սինլքորների`
«Նրանց, ովքեր շան ատամ են սրում`
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր հծծահավի փառքով են ցնծում`
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր նստել են գոհության խոզանոցներում`
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր
Անասնական մտացնծություն են ապրում`
Ենթադրելով մահ»:
Իսկ երկիրը` ծանրորեն հիվանդ,
Իսկ երկիրը դաժանորեն եթերացված,
Ընկած սեղանին վիրահատության
Լուռ ճչում է.
«ՈՎ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՔԵԶ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ…»:
 
4.
Ծառի բողբոջը ինձ հուշում էր ապրելու մասին,
Փոքրիկ շատրվանը ինձ հուշում էր
                                                ապրելու մասին,
Թաղվող հատիկը ինձ հուշում էր
                                                ապրելու մասին,
Կանգուն ժայռը, գլորվող քարը
Ինձ հուշում էր ապրելու մասին,
Իսկ «մահը, այն ծառն էր հսկա,
Որի հոգնած ճյուղերին
Այս կողմի` «Սկզբի»շնչավորները,
Սրբերին ապավինելով լաթեր էին կապում,
Իսկ մյուս կողմի` «Վախճանի» մեռյալները
Ճանկռոտում էին նրա Ֆոսֆորե արմատները»:
Իսկ մահը` խորհրդատուն ամենամեծ,
Իսկ մահը` ուղեկիցը հավերժական,
Լուռ ճչում է.
«Ոչինչ կարևոր չէ այնքան
Որքան իմ շփումը քեզ հետ,
Բայց ես դեռ չեմ դիպել քեզ»:
Իսկ մենք
Մեր իսկ արյանը ծարավ,
Հրապարակներում գոռում էինք
Քայլերգը մահվան.
«Կեցցե…
Կորչի…»:
 
5.
Մենք գայլեր ենք անհոգի,
Տեր, աղոթիր մեզ համար…
…………………………………
Ոչ մարգարե, ոչ արքա. հարկավոր չէ մեզ ոչինչ:
Սուրբ քարոզներ ու պատգամ,
                                    հարկավոր չէ մեզ ոչինչ:
Մենք գայլեր ենք անհոգի և «հոգիներ փոքրոգի,
Որ ոչ Աստծուն, ոչ էլ դևին ենք հաճո»:
Մենք խժռող ենք ու լափող,
Տեր, աղոթիր մեզ համար`
Մեր ծննդի
Ու մեր մահվան ժամանակ:
 
6.
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող զինվորը`
Տհասությունը մարդկային:
 
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է փրկելու
Ժառանգությունը մեր`
Միաբջիջ պրոտոզոններից,
Ով է տանելու պարտեզն անապատ
Եվ ի՞նչ հրաշքով
Մեր դեմքերը աղճատված
Կհատուցանեն
Քաղցր բերկրանքը ինքնաճանաչման:
 
Գնանք ուրեմն,
Հաստատուն գնանք
Դեպի հարցը սպանիչ,
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ…»
Իսկ գուցե ոչինչ,
Այն ենք,
Ինչ եղել ենք շարունակ…
 
7.
«Ոչ բաժանումն է կարևոր,
Ոչ միությունը:
Սա է երկիրը
Ժառանգությունը մեր»:
……………………………………………
Անշուշտ դեռ կլինի ժամանակ
Վերլուծության ու քննարկման,
Անշուշտ դեռ կմնան ինչ-որ բաներ
Պեղումների համար ու հնագիտության,
«Դեռ ժամանակ կլինի, դեռ ժամանակ կլինի»,
Իսկ մինչ այդ
Սովալլուկ մանկան նման
Անհագորեն ծծենք
Սմքած ծծակը
Անփառունակ մեր գոյության:
Իսկ մինչ այդ
Շնորհ համարենք ապրելը
Այն երկրում,
Որ առաջինն է,
Որ առաջինն է,
Որ առաջինն է…
 
Իսկ մինչ այդ
Գնանք հաստատուն,
Հաստատուն ու պարզ,
Դեպի հարցը սպանիչ.
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ»:
 
ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ 
Թեթև,
Անկոպեկ
Ճախրում էի բառերի երկնքում…
 
Վերջապես կապեցի
Բեռնակրի լայն մեջքագոտին
Ու իջա Downtown…
 
Օ~, Աստված իմ,
Որքան ծանր են
Բառերը
Օտարության մեջ…
 
ԱՎԱԶԵ ԺԱՄԱՑՈՒՅՑ
Ինչ տխուր է անցնում տես
Ժամանակը ինձ ընծա…
 
Ողջ մարմինս հագեցած
Սեղմավազ է բյուրեղյա,
Որ հոսում է անխնա
Անտարբեր ու անհոգի,
Սիրտ ու երազ քամելով,
Ավաղ, ուրիշ,
Ուրիշ
Անոթում:
  
ԹԻՐԱԽ…
Որտե՞ղ թաքցնեմ տագնապներս,
Երբ քամին ցրել է թերթերս բոլոր,
Եվ օրը,
Մերկ դաշույնի պես
Փայլատակում է նորից իմ դիմաց…
 
Այսօր հարվածը ո՞ւր է դիպչելու…
 
 ԴԵՊԻ ՈՉԻՆՉ
  Ս. Սեփեհրիին
 
Իմ դիմաց փայտփորիկն է ժամանակի,
Իմ դիմաց, իմ բախտով ծանրացած
Սուրճի գավաթն է,
Հիշողության կանաչ տունկը
Եվ պատը «գարաժի...»:
 
Իմ դիմաց
ՈՉՆՉԻՆ նայող
Լուսամուտն է հավերժության...
Դեռևս բարձր
Ծլարձակում է արևածաղիկը կամքի:
Գնամ ջրեմ մարգախնձորները իմացության,
Գնամ ջրեմ ելակները սիրո,
Գնամ էտեմ՝ ընկերներիս տանջող,
Կանաչ վարքագիծս ընդարձակվող,
Գնամ կանգնեմ արևածաղկի մոտ,
Ագռավին ընծայեմ էությունս պայծառացած
Եվ տեսնելու պես նայեմ դեպի
ՈՉԻՆՉԸ ծգվող Իմ ճանապարհին:
 
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
 
Վերջապես տեսա անապատը,
Տեսա լռությունը խորհրդավոր
Եվ ավազե ժամացույցից թափվող
Ավազը
Դեպի տիեզերք…
Դեռևս
Հիասքանչ է ծաղիկն արևի,
Դեռևս հիասքանչ է
Առասպելը կնոջ
Եվ խոտը`
Բերանքսիվայր պառկելու համար…
 
Դեռևս քնքուշ է
Մարմինս փորձարկող մրջյունը`
Ժամանակի
Եվ իմ փակվող բիբերի մեջ:
  
ՍՊԱՍՈՒՄ ...
Ամբողջ գիշեր
Լուռ նստեցինք
Անկողնու մոտ հիվանդ ծովի...
Լուսին չկար,
Ու չկային աստղերը վառ,
Միայն հևքն էր,
Ծանր հևքն էր Ֆոսֆորափայլ ալիքների...
 
Լուսաբացին
Աչքը թաց էր...
Տեսնես ծովը
Ո՞ւմ ճամփին էր սպասում…
 
ՈՌՆՈՑ
 
Երեկոյան 5:30-ին,
Կանանց գունագեղ կոպերի նման
Աննկատ փակվում են downtown-ի խանութները,
Եվ ինչպես անձրևից հետո`
Անհայտ անցքերից
Որդերի պես
Դուրս են սողոսկում homeless-ները,
Եվ downtown-ի փողոցները
Լցվում է խլվլացող ուրվականներով…
 
Իսկ հետո
Քաղաքակրթության ճիշտ կենտրոնում
Ամեն օր
Ինչ-որ մեկի սրտում պայթում է
Վայրագ ոռնոցը.
Damn you…
Damn you…
Who are you?
What are you doing here?
   
ՏԱԳՆԱՊ
 
«Խայամն ասաց իր սիրուհուն, ոտքդ զգույշ դիր հողին»,
Ո՞վ իմանա, թե որ երկրի ռումբն է պայթում հենց հիմի,
Հե~յ ջան, մենք էլ զգույշ անցնենք
Ո՞վ իմանա, ռումբն է պայթում, թե մեր սիրտը խոր ցավից:
 
Մոլորակի վրա
Ծանրացել է
Թանձր մշուշը տագնապների…
 
Մի ծխիր, ծխելը վտանգավոր է առողջությանը,
Մի խմիր, խմելը վտանգավոր է առողջությանը,
Սերը, սեքսը վտանգավոր են առողջությանը...
 
Տանը մի մնա,
Փողոց դուրս մի գա,
Խանութ մի մտիր,
Զգույշ…
Զգույշ…
Նամակ մի ստացիր,
Ծանրոց մի բացիր,
Ողջը ապականված է…
 
Մի քայլիր,
Մի վազիր,
Ինքնաշարժ, օդանավ
Մի նստիր…
Մուսուլման ես`
Քրիստոնյա ձևացիր,
Քրիստոնյա ես, մուսուլման ձևացիր…
Դավանանք,
Երկիր,
Հայրենիք
Մոռացիր
Ամենուրեք ռումբեր են տեղադրված,
Ամենուրեք ռումբեր են պայթում…
Տագնապ,
Տագնապ, հանընդհանուր…
 
Իսկ մարդիկ,
Համատարած քաոսի մեջ
Տրտում, տարտամ ու գլխահակ
Լուռ քայլում են`
Մահասարսափ ու տագնապած…
 
Իսկ թռչունը
Որպես մաքուր գեղեցկություն`
Բոլոր տագնապներից բարձր,
Կապույտ եթերում
Ճախրում է թեթև
Եվ մերթ ընդ մերթ
Ծրտում է
Մարդկային բոլոր տագնապների վրա:
                                                Giendale-Downtown L.A
                                394 ավտոբուսային երթուղի
 
  ԳՆՈՒՄ ԵՄ ԷՏՅՈՒԴԻ
 
Գնում եմ էտյուդի
Նկարում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Բայց նախքան նկարելը
Դառնում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Ու խմում եմ ու խմում եմ
Որ չամաչեմ երկնքից
Ծառից
Սարից
Ու քարից
  
*** 
Գնում եմ էտյուդի
Բնությունը անառակ կնոջ նման
Գայթակղում է
Խմում եմ
Մերկանում եմ բնության գրկում
Եվ տևականորեն
Դավաճանում եմ կնոջս
 
***
Գնում եմ էտյուդի
Հողը
Բնությունը
Խելագարի պես ինձ կանչում են
Ծիծաղս գալիս է
Խմում եմ
Չեմ հավատում
Որ ծերացել եմ
  
***
Գնում եմ էտյուդի
Բայց նախքան նկարելը
Խմում եմ
Խմում եմ բնությունը
Խմում եմ ծիրանի օղին
Ու հետո
Երկինքը քսում եմ կտավիս
Ու հետո
Ծառ ու ծաղիկը քսում եմ կտավիս
Ու հետո
Պառկում եմ հողին
Ու դառնում եմ
Բնանկար
  
***
Գնում եմ էտյուդի
Երկինքը ամպամած է
Խոտերը անշարժ սպասում են
Ծառերը լուռ են
Եթե անձրև գա
«Այս հեռավոր ցորենի արտում»
Չեմ նկարի
Կգնամ հյուղակը այգեպանի
Կխմենք իմ տարած ծիրանի օղին
Հետո նրա կարմիր գինին
Ու կհիշեմ քեզ
Ու կհիշեմ քո հմայքները
«Այլևս չեմ մտածի մահվան մասին
Քո գեղեցկությունը ինձ փրկել է»
Դանդաղ կործանելու համար
.......
 
***
                                                Նկարիչ ընկերոջս՝
                                                Սերոժ Խաչատրյանի
Գնում եմ էտյուդի
Խաղողի այգիներում կանայք են
Խանձված դեմքերով տռուզ կանայք
Միտքս
Օդապարիկի պես սկսում է ճոճվել
Սկսում է հեռանալ
Դեպի մանկություն
Դեպի Թեհրանի հարթ տանիքները
Ուր Աստվածները
Արևներ էին
Եվ սերը 
Արևածաղիկ մեր սրտերում
 
Չգիտեմ ինչու հիշեցի
Մալևիչի սև քառակուսին
Գուցե նրա համար
Որ ինձ միշտ
Գայթակղել է սև եռանկյունին
Բայց այլևս 
Վերծանելու ժամանակ չկա
Գնում եմ էտյուդի
  
***
Գնում եմ էտյուդի
Փոշու նման մեղմ անձրևը
Տարածվել է օդում
Խճաքարերը կամաց-կամաց թացանում են
Խոտերի վրա ցողի է վերածվում անձրևի փոշին
 
Բարձրանում եմ բլուրները
Ափիս մեջ
Նուշի ցոգոլներ են
 
Նստում եմ ժայռաբեկորին
Խմում եմ ծիրանի օղի
Համտեսում եմ նուշի ցոգոլները
Աչքերս դանդաղ փակվում են
 
Հիշում եմ Լուսիկին
Սև ակնոցով
Անձրևի տակ կանգնած
Ասացի
Անձրև է
Ինչու ես արևի ակնոց դրել
Ժպտաց
Ասաց ամաչում եմ
 
Անձրևի կաթիլները
Շողշողուն մարգարիտների պես
Սահում էին նրա սև մազերի միջից
Թափվում էին պարանոցին
Մերկ ուսերին
Եվ իմ ծարավ հայացքի ուղեկցությամբ
Գլորվում էին
Երանելի անհայտ դաշտերը
Ասացի
Ուզում եմ անձրևի կաթիլ լինեմ
Քո մազերի մեջ ու ցած գլորվեմ
 
Եղիր ասաց
 
Խոսքն ու ծիծաղը լսեցի հեռվից
Երբ հրեղեն ճերմակ ձիու պես
Սլանում էր
Իմ երազների կանաչ դաշտերով
 
Ես անձրևի կաթիլ էի
Գլորվում էի Լուսիկի պարանոցից ներքև
Հևասպառ վեր էի մագլցում
Թրթռուն ճերմակ բլուրներից
Դեպի վարդաբույր
Պիրկ գագաթները
Հետո իջա
Ոսկեցորեն հովիտները շուշանների
Գլորվեցի ավելի ներքև
Իսկ հետո ինչ-որ մացառուտներում
Մոլորվեցի
Մնացի
 
Վեր կաց կսառես
Վեր կաց 
Ես անձրևի կաթիլ եմ
Ասացի
Գնում եմ էտյուդի
 
*** 
Գնում եմ էտյուդի
Անցնում եմ Հռիփսմե տաճարի կողքով
Անցնում եմ գերեզմանների միջով
Գնում եմ հեռավոր դաշտերը
Ճանապարհին ընկած է դաշտային թռչուն
Տխրում եմ
Թռչունին վերցնում եմ ափիս մեջ
Եվ Համլետի պես
Սկսում եմ փիլիսոփայել
Մահ
Մահ
Մահ
Մահը ճշգրիտ ընթացքն է կյանքի
Պետք է շարունակ
Վեր բարձրանալ սանդուղքներով
Մի տեղ այն կընդհատվի
Եվ մեր իմացությունը
Ոչինչ չի փոխի
 
*** 
Գնում եմ էտյուդի
Բայց նկարելու փոխարեն
Սկսում եմ գրել
Ծոցատետրս լցնում եմ պատահական տողերով
Ոչ մի կարգին տող
Որ համեմատվի
Այս շաղակրատ թռչունի
Ծլվլոցի հետ 
***
Առաջին տողը չեմ գրում
Արդեն գիտեք որ
Գնում եմ էտյուդի
 
Թռչունները ծլվլում են
Մորեխները ցատկոտում են իմ ճանապարհին
Օձերին չեմ տեսնում
Հեռվում արածում են կովերը
Ցորենի դեղնականաչավուն ծովը
Ծփում է
Ագռավներ չկան
Կողքից նայում եմ ինքս ինձ
Խաղողի այգիների
Ու ցոենի արտերի միջև ընկած ճանապարհով
Գնում է նկարիչը
Հեռվում ծիրանի այգիներն են
Եվ միայնակ
Հսկա փշատի ծառը
 
Ժպտում եմ
Վան գոգը չեմ
Գոգենը չեմ
Ոչ էլ խեղճ ու կրակ մի նկարիչ
Գնում եմ էտյուդի
Գնում եմ բնության հետ խմելու
Ես իրեն
Ինքը ինձ
  
***
Գնում եմ էտյուդի
Բնությունը հրճվանքի մեջ է
Ծառերը նազում են
Հազար ձեռքերով ինձ են կանչում
Ու ես կախարդված խաղամոլի պես
Նստում եմ խաղի
 
Վայրի մեծ կակաչները
Ախ են քաշում
Դեղին մանր ծաղիկները
ինչ-որ բան են փսփսում
Մանուշակների ականջին
 
Բացում եմ էտյուդնիկս
Ներկապնակի վրա
Բազմագույն թիթեռնիկները
Համբերատար սպասում են
Սպիտակ կտավը
Նորահարսի պես
Իր կուսության տագնապի մեջ է
Հայացքս 
Քննախույզ շրջում է աջ ու ձախ
Չեմ նկարում
Խմում եմ ծիրանի օղի
Մեկ
Երկու
Երեք
Հետո համարձակ
Ասես գնում եմ մարտի
Վերցնում եմ վրձիններս
 
Բնությունը փրթկում է
Ձեռքը բերանին դրած ծիծաղում է
Հետո սկսում է անզուսպ ծիծաղել
Այնքան է ծիծաղում
Որ ի վերջո
Ուշաթափ ընկնում է կտավիս վրա
  
***
                                Վահե Արմենին՝
                                մեծ մարդուն և բանաստեղծին
Գնում եմ էտյուդի
Սեփեհրին* Ոչնչության ետևում է
Կարդում է «Վեդա»
Երբեմն էլ
Ուրվագծում է
Ինչ-որ քար
Ինչ-որ հավք
Ինչ-որ ամպ
Ասում է.
«Կյանքը ծես է հաճելի
Կյանքը թևեր ունի` տարածքով մեկ մահվան,
Եվ թռիչք ունի տարողությամբ սիրո»:
«Կյանքը խնձոր է, պետք է կրծել կեղևով»:
 
Փունեն**
Անգույն խնձորը ձեռքին
Կանգնած է
Ձիերով լի դաշտում
Ինքն իրեն մրմնջում է.
«Իմ հոգին փոքրիկ նավակ է
Քո ծովում մոլոր մնացած
Երանի նորից խենթանամ
Եվ սերը
Հին գավաթից
Ըմպեմ»:
 
Հեռվում
Ճերմակ մշուշների միջից
Որպես վաշտի վերջին զինվոր
Հոգնած ու ջարդված
Երևում է Ռասուլը***
Դժոխքում էի
Ասում է
Համերգ էր
Ստիպված էի
Սառցե հյուրանոցի սանդուղքներից
Դաշնամուրը իջեցնել:
 
Իքթայը****
Գիշերվա թթի ծառի տակ պառկած
Համտեսում է ընկնող աստղերը
Նայեց Ռասուլին
Ծուխ առավ ծխախոտից
Ժպտաց ու ասաց
«Այստեղ քամին է սուրում
Այստեղ անձրև է գալիս
Արևը կախիր պարանոցիդ
Ով դու որ գալիս ես երկինքներից»:
 
«Ես գալիս եմ տիկնիկների աշխարհից
Ձայնեց Ֆորուղը*****
Ֆորուղը
Ձեռքերը ցանել էր հողում
Կանաչած բարձր սաղարթները
Ուղեկցում էին
Չվող հղի ամպերին
Ձայնեց.
«Ես չեմ զղջում
Նայեք
Թե որտեղ եմ հասել
Մինչև տիեզերք
Մինչև անսահմանություն
Մինչև հավիտենություն»:
 
Անձրևաթաց բլուրներում
Ես նկարում եմ
Թափվող բառերի ծիածանը
Ու խմում եմ ծիրանի օղին
 
Երկնքում ճախրում են
Բազմաթիվ տատրակներ
Ու աղավնիներ
Բոլորի կտուցներին
Վահեի******պատգամներն են
 
Բղավում եմ
Մենք միևնույն ճակատագրի որդիներն ենք
Չմոռանաք Վահեին
Նրա բանաստեղծության կողքին
Հիմա մշտապես թևեր են լինելու
 
-Վահե ժամը քանիսն է
-Հարցրու արևից
-Անձրև է
-Անձրևոտ օրերին
Բոլոր ժամերը
Սիրո ժամեր են
 
* Սոհրաբ Սեփեհրի, բանաստեղծ, նկարիչ / 1928- 1980 / 
** Փունե Նեդայի. բանաստեղծ, թարգմանիչ / 1974 /
*** Ռասուլ Յունան. բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ /
**** Իքթայ Ռա?ֆաթ, բանաստեղծ / 1936- 1988 /
***** Ֆորուղ Ֆարրոխզադ. բանաստեղծ / 1935- 1966 /
****** Վահե Արմեն, Իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ / 1960 /                  
 
***
Գնում եմ էտյուդի
Քարերը վարդագույն են
Ծառերը վարդագույն են
Սարը
Երկինքը
Ամպերը վարդագույն են
 
Կարմիր
Կարմիր
Կարմիր առագաստներով
Միայնակ մի նավակ
Լողում է ցորենի վարդագույն ծովում
 
Մոտենում եմ կարմիր կակաչին
Առագաստները շիկնում են սիրուց
Ու ինքն իրեն մրմնջում է
 
Միացիր իմ սև խոռոչին
Լողա ինձ հետ
Իմացության փոթորկուն ծովում
Կյանքը
Տեսնելու զմայլանքն է
Կյանքը
Զգալու բերկրանքն է
Կյանքը
Ապրելու հաճույքն է
Տխրության անձրևի տակ կանգնած
  
***
                        Ընկերոջս` նկարիչ Հովնան Կարապետյանին
 
Գնում եմ էտյուդի
Զվարթնոցի ավերակներում
Նկարակալի մոտ նստած է Հովնանը
Չի նկարում
Սևեռուն նայում է
Քարե զարդանախշերին 
 
Ձեռքը երկարում
Քարից պոկում է
Կարմիր մի մեծ նուռ
Հոտոտում է
Համտեսում է
Շունչը դարերի
 
Հետո դիրիժորի պես
Կանգնում է նկարակալի առաջ
Ձեռքը վրձինի հետ վեր է բարձրանում
Ներկերը
Փոխվում են գույների
Գույները
Փոխվում են երգչախմբի
Եվ հանկարծ
Տարածվող երգի ալիքներից
Քարե թևատարած արծիվները
Պոկվելով քարերից
Վեր են խոյանում
Ճախրում են օդում
Իրենց ուսերին տանելով
Ավերակները տաճարի
 
Արծիվները ճախրում են օդում
Երգում է գույների
Երգչախումբը 
Քարե զարդանախշերը
Կանաչ ծիլեր են արձակում
Խաղողի ոսկե ողկույզները
Կախվում են
Դպրության դարպասներից
Նռները պայթում են
Եվ հատիկները
Ճառագող արևի ճաճանչների տակ
Անձրևում են
Տիր աստծո մոռացված մեհյանում
 
Մեկը ձայնում է
«Մահականացուների ժամանակը 
Կարճ է և անհայտ»
Մենք բոլորս
Անառակ որդիներ ենք
Միթե մահը
Պիտի ապահովվի մեր վերադարձը
 
  ***
                                                Արձակագիր, դրամատուրգ
                                                Խորեն Արամունի Քեշիշյանին
Գնում եմ էտյուդի
Պայծառ
Արևոտ օր է
Քիչ հեռվում
«Քառասուն մանկանց»
Փոքրիկ եկեղեցին է
Կողքը
Երփներանգ լաթերով զարդարված
Երազանքների չորացած ծառը
Մենք
Ներքևում ենք
Կանաչ եղեգներով
Կանաչ լճակների մոտ
 
Կանայք
Բանջար են հավաքում
Տեղ- տեղ
Մի քանի կով են արածում
Ավելի հեռվում
Գյուղական տներն են
Բարդիների անկանոն շարքը
Ցորենի ոսկե ծփանքը
Կենտրոնում
Վարսաթափ
Հսկա ուռենին
Ավելի հեռվում
Երևում են
Արագածի սպիտակ գագաթները
 
Նկարում եմ
Գորտերը կռռում են
Մերթ ընդ մերթ
Բառաչում են կովերը
Ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ է
 
Խմում եմ
Նայում եմ Աստծուն
Նայում է ինձ
Ժպտում եմ
Ժպտում է
 
-Էս ինչ սիրուն ես արարել
Տեր
 
-Նայիր ինքդ քեզ
Այդ դու ես սիրուն
Եվ տերը
Դու ես
  
***
Գնում եմ էտյուդի
Աշուն է
Խշխշան առավոտ
 
Անտառը բացել է
Իր ոսկե դռները
 
Ճամփաս պատված է ոսկով
Ծառերը պատված են ոսկով
Գլխիս թափվում է
Ոսկե
Ոսկե
Ոսկե անձրև
 
Պառկում եմ ոսկիների մեջ
Նայում եմ ամպամած երկնքին
Հետո
Ականջս հպում եմ հողին
Հեռվից քառասմբակ
Արշավում է քամու ավազակախումբը
 
Քիչ ժամանակ է մնացել
Արագ
Կտավիս վրա
Հավաքում եմ
Իմ բաժին ոսկիները
Եվ քամուն անհայտ
Գաղտնուղիով
Գնում եմ հյուղակը
Բարի կախարդի
 
Էլ տեղ չունեմ գնալու
Արդեն գիշեր է
Հեքիաթն է կանչում
Պիտի գիշերեմ
Աշնան հորինած
Հեքիաթի գրկում
 
***
Գնում եմ էտյուդի
Ծառերը հեռվից ձեռքով են անում
Սարերը հեռվից ձեռքով են անում
Կապույտ երկինքը ճերմակ ամպերով
Ձեռքով է անում
 
Դաշտի երկայնքով
Առուն է վազում
Ծարավ կակաչին հասնելու համար
Ինձ նկատելով
Մի պահ կանգնում է
Ասում է արի ձեռքով բարևենք
Ու անակնկալ
Թրջում է դեմքս
Օձիքս
Կուրծքս
Ու քրքջալով փախչում է հեռու
 
Ծառին ասում եմ
Դեռ նույն գիժն է
Բայց ինչ էլ լինի
Ես ձեզ սիրում եմ
Ոչինչ եթե ես
Քո կանաչ
Կանաչ
Կանաչ մատյանում
Չհիշատակվեմ
 
Սարին ասում եմ
Գիտեմ որ մի օր
Էլ չեմ գա ձեզ մոտ
Հոգիս ուրիշ տեղ
Լուռ կթևածի
Բայց դու գլուխդ
Միշտ բարձր պահիր
Ոչինչ եթե ես
Քո ամուր կամքում չհիշատակվեմ
 
Ամպին ասում եմ
Թող լեցուն լինի
Կուրծքդ բարեբեր լույս անձրևներով
Քեզ նորից ու նոր
Բարի վերադարձ
Ոչինչ եթե ինձ
Քո ճամփորդության կապույտ ցուցակում
Դեռ չես գրանցել
 
Ջրին ասում եմ
Խնդրում եմ ներես
Հրաշք ես
Կյանք ես
Ու հավերժական
 
Ու թեև Գիտեմ
Ինձ շատ ես սիրում
Բայց նաև գիտեմ
Որ ես տեղ չունեմ քո մաքրության մեջ
 
Բայց ինձնից հետո
Դեռ մեկը կգա
Մեկը առավել խենթ ու խելագար
Ու ձեզ կսիրի
Իր Աստծո նման
 
***
Գնում եմ էտյուդի
Ոլորապտույտ ճանապարհով
Իջնում եմ ձորը
 
Մեջքը ցցուն
Առողջ ցուլի պես
Հին կամուրջը
Կանգնած է գետի մեջտեղում
 
Գետը
Թիկնապահ ծառերի ուղեկցությամբ
Արքայավայել
Հանդարտ ու խաղաղ
Գնում է դեպի
Իր հեռավոր աթոռանիստը
 
Դիմացս
Հեռվում
Ժայռերից կառչած
Ծառերը
Ամուր գրկած
Գյուղական մի քանի տնակ
Կախվել են ձորից
Ու նայում են մշտահոլով հրաշքին
 
Թռչկոտելով քարափների վրայով
Մոտենում եմ
Գետի մեջ ցցված
Անհնազանդ
Չնկարվող փշատենուն
 
Կամաց
Կամաց
Զգում եմ Արարչի շունչը
Նշմարում եմ
Սոհրաբի տեսած ոտնահետքը 
 
Ժայռերի մոտ
Մի մեծ թզենու տակ
Նստած է Աստված
Ձայնում է
- Հոգնեցի վերևներից...
 
Բացում եմ էտյուդնիկս
Ու մտածում եմ
«Ծերուկը ցնդել է
Կամ էլ խոսք է քաշում
Երևի չի պատկերացնում
Մարդ լինելու դաժանությունը»
Ժպտում է
- Ուզում եմ ձեզ նման վայելել
 
Ներկապնակի վրա
Գույները շուրջպար են բռնել
«Կյանքը միայն վայելք չէ»
- Թեկուզ
Պատասխանում է Աստված
- Լավ
Ասում եմ
Հիմա մի քանի րոպե անշարժ մնա
Ուզում եմ դիմանկարդ հավերժացնել
 
Նկարում եմ
Նկարում եմ երկինքը
Ժայռերը
Թզենին
Գետի ջրերում լողացող արևին
Խմում եմ ծիրանի օղի ու
Մտածում եմ
«Մարդը երբեմն կարող է աստվածանալ
Բայց դու
Աստված իմ
Դու դատապարտված ես միշտ Աստված մնալ»
 
- Լավ
Ասում է Աստված
Ձեզանից պրծում չկա
Ցույց տուր նկարդ
 
Ասում եմ
- Հաջող չստացվեց
 
- Ոչինչ
Ասում է Աստված
Կարևորը արարման խորհուրդն է
Եթե ինչ-որ բան թերի է մնացել
Կավարտես հայելու մեջ
Քո արտացոլանքով
 
- Դե ես գնացի
- Ուր ասում եմ
Ժպտում է
- Գնում եմ էտյուդի
 
*** 
Գնում եմ էտյուդի
Գնում եմ հեռու
Շատ հեռու
Ամենաչեզոք
Տարածքը աշխարհի
Բացում եմ ներկերիս այբուբենը
Եվ գույների լեզվով
Սկսում եմ նվագել
Ճարտարապետի դիմանկարը
 
Ծիրանի օղին լցնում եմ դեմքիս
Առաջին օր
Երկրորդ օր
Յոթերերդ օր
 
«Կյանքը
Ամենամեծ
Եվ ամենահրաշալի
Անհեթեթությունն է...»
 
Ես ամենաչեզոք տարածքն եմ
Ողջ տիեզերքում
 
***
Գնում եմ էտյուդի
Կանգնում եմ
Աշխարհի ամենաբարձր
Ջրվեժի կողքին
Նայում եմ գահավիժող ջրերին
Հետո ճախրելու նման
Բացում եմ թևերս
Ու նետվում եմ
Անդունդի խորքը
 
Ջրվեժները նույնպես
Չունեն
Անկարգելներ
 
*** 
Գնում եմ էտյուդի
Մահվան հետ ժամադրված եմ
Ասացի
Չուշանաս
Կգաս ճիշտ ժամանակին
Չեմ սիրում
Անպարտաճանաչ մարդկանց
 
Տխուր ժպտաց
 
Հիմա տեսնում եմ նրան
Գլուխը ափերի մեջ
Միայնակ նստած է
Հին փշատենու տակ
 
Մոտենում եմ
Տափաշիշը դեմ եմ տալիս
Խմիր
Ասում եմ
Ծիրանի օղի է
Կթեթևանաս
 
Էհ
Ասում է
Ու խմում է
Խմում է շշի կեսը
 
Ասում եմ
Կարգին խմող ես
 
Սուս
Ասում է
Դուք ինձ խմող էլ կդարձնեք
Ծխող էլ կդարձնեք
Իսկ հիմա էլ
Ամեն մի ճիճու
Ինձ դարձրել է իր հարճը
Եվ ոնց ուզում է
Որտեղից ուզում է
Երբ ուզում է
Բռնաբարում է
 
Ոչ ոք ինձ չի սիրում
Ոչ ոք ինձ չի գնահատում
Ախր ես
Միլիոնավոր տարիներ
Այս երկրի
Ու տիեզերքի
Ամենաանհրաժեշտ
Պայմաներից մեկն եմ եղել
Ինչպես
Ծնունդը
 
Իսկ հիմա
Ինձ դարձրել եք փալաս
 
Մահ
Մահ
Ամենուրեք մահ
Ավերածություն
Կարծես էլ ուրիշ գործ չունեք
Լսիր
Տես ոնց են ծլվլում թռչունները
Տես ինչ սիրուն են ամպերը
Երկինքը
Ծառը
Ծաղիկը
Հողը
Այս ջինջ մաքուր օդը
 
Տես
Ինչպես են սլանում ձիերը
Սայլերը ոնց են ճռռում
Նավերը ինչպես են ճեղքում ալիքները
Տես
Ինչ սիրուն են
Սարերը
Բլուրները
Այս փոքրիկ առուն
Էն գետը
Ծովերը
Էն գյուղը ծառերի գրկում
Էն քաղաքը Աստծո ձեռքի տակ
 
Չեմ հասկանում
Էլ ինչ եք ուզում
Ախր
Վայելեք 
Վայելեք
Աստծո բարիքները
 
Կյանքը
Ողջ մնալու մեջ չէ
Եվ մահը
Մեռնելու
 
Մի վերծանեք
Այն
Ինչը ձեզ հարկավոր չէ 
 
Խմում է
 
Դու խոսում ես Աստծո կամքին հակառակ
Չէ որ կյանքն էլ
Մահն էլ Աստծո կամոք է
 
Չկա մահ
Ասում է մահը
Ես չկամ
Ամեն ինչ հարաբերական է
Ամեն ինչ փոփոխական է
Հավերժորեն
 
Իսկ Աստված
Միայն արարող է
Արարիչ
 
Դուք եք մահը
Ու մահ տարածողը
 
Իսկ հիմա
Նայիր շուրջդ
Եվ տես
Թե որտեղ է
Մահվան մանգաղը
Եվ ում ձեռքում է
 
Մահը դուք եք
Դուք
 
Լավ
Ասում եմ
Մի գոռա
Իմ ականջից ավելի հարմար
Ականջ չգտար
Քո ելույթն ու 
Բարոյախոսական ճառը
Լավ կլիներ
ՄԱԿ-ում արտասանեիր
Իսկ հիմա
Դիրքավորվիր
Ուզում եմ քեզ նկարել
 
Դու ինձ վաղուց ես նկարել
Այսօր իմ դեմքը այլանդակված է
Մի նկարիր
 
Քեզ երբ եմ նկարել
 
Ուշադիր եղիր
Եվ զգույշ
Քո ինքնադիմանկարում
Նաև ես կամ
 
  ***
Գնում եմ էտյուդի
Քայլում եմ
Հնձած ցորենի արտերի կողքով
Հասուն խաղողների այգիների միջով
Շուրջս թռչկոտում են թիթեռնիկները
Իսկ ոտքերիս առաջ
Աշխուժորեն գլորվում է
Լուսավոր
Պայծառ գունդը
- Նորից եկար,- ժպտալով ասում եմ
Ծիրանի օղին է քեզ կանչում թե
Ինձ հետ լինելու հաճույքը
- Ծիրանի օղին
Բայց միայն քեզ հետ խմելով
- Լավ ասում եմ
Բայց էս լուսապսակը գլխիցս հանիր
- Սիրուն ա թող մնա
- Չէ,- ասում եմ
- Նախ խանգարում է խմելուն
Եվ հետո
Չեմ սիրում նման զանգուլակներ
Եթե չասեմ
Որ այս գլուխը արժանի չէ
Նման գլխարկների
Միզում եմ 
- Գոնե ձևի համար ասա կներեք
- Դու ամեն ինչ տեսնում ես
Եվ ամենայն ինչ քո կամքով է
Նույնիսկ իմ միզելը
- Մի այլանդակիր էն որ լավ ես արարել
- Հորինել
- Ես իրական եմ որքան որ դու
Հավատա և կունենաս
Հավատա և կստանաս
Մեզ միավորում է ԲԱՆԸ
- Թերևս
- Ես ասացի եղիր և եղավ
- Դու ասացիր եղիր և եղավ
Քանզի ի սկզբանե էր  ԲԱՆԸ
- Դու շատ լավ գիտես որ
Այն ամենը ինչ տեսնում ես
Արարել եմ ես յոթ օրվա ընթացքում
- Այդ դու ես ասում և
Այն ինչ արարել ես
Արարել ես հրաշալի
Եվ ինչ հրաշալի է լինել
Միայն թե քո ճամփան պատված է արյան բծերով
- Արյան հեղեղներով…բայց այդ ես չեմ, դու ես
իմ անունը մի արատավորիր
Ես միայն սեր եմ, սեր եմ, սեր
- Ես ուրախ եմ քո գոյության համար
Եվ հիմա դու պաշտպանվում ես ինչպես իմաստուն երեխան
իր փառասեր ծնողներից
- Զենքը ձերն ա
Ձեր զենքերով եմ պաշտպանվում
- Խմե՞նք
- Խմենք
- Դու արարեցիր Տիեզերքը
Երկիրը բուսական ու կենդանական աշխարհը
Եվ ի վերջո
Նաև ինձ
Փառք քեզ Աստված
- Ես արարեցիր Տիեզերքը
Երկիրը, բուսական ու կենդանական աշխարհը
Եվ
Ի վերջո
Նաև քեզ
Բայց դու,
Դու արարեցիր ԻՆՁ
 
Փառք քեզ Աստված
Փառք քեզ ed-yan52@mail. ru
 
ՀԱՅՐԵՆԻՔ 
Զուր էի սիրտս պաշտպանում
Դու լավագույն
Դիպուկահարն էիր
 
Քո թիրախը իմ գլուխն էր
Իսկ իմ սիրտը
Հենարանն էր
Քո ոտքի
 
***
Քո սերը ինձ դատապարտեց մահվան
Քո սերը ինձ աքսորեց մենության կղզի
 
Ափսոս
Շատ ափսոս
Համաներում եղավ
Իսկ խարանը դատապարտվածի
Մնաց ճակատիս
 
*** 
Թողեցի ծխելը
Թողեցի խմելը
Թողեցի սերը ընդմիշտ
Երբ մեռած էի
  
*** 
Վառեցի
Այգուս չորացած խոտերը
Բույրը անուշ էր
Հուշեր արթնացող
Միայն չիմաց
Քանի մրջույն ու միջատ
Իմ հրավառության
Զոհ դարձան
 
ԳԱՐՈՒՆ 
Շարունակ չեմ կարող քո մասին մտածել
Բայց մշտապես սպասում եմ քեզ
 
Դու գալիս ես 
Քեզ դիմավորում եմ
Դու զբաղվում ես քո գործերով
Ես զբաղվում եմ իմ գործերով
 
Դու գնում ես
Քեզ ուղեկցում եմ
Եվ հրաժեշտից հետո
Դատարկ դահլիճից
Լսվում է բուռն ծափահարություն
 
Ես խոնարհվում եմ
Խստապահանջ հանդիսատեսի առաջ
Ու խորը շնչում եմ 
 
Եվս մի ներկայացում
Փայլուն ավարտվեց
 
ՄԱՀՎԱՆ ՀԵՐԹ
Ցուրտ ու խավար տարիներին
Հերթի եմ կանգնել`
Հացի համար,
Նավթի համար,
Ջրի համար
և…
 
Մշտապես տուն եմ վերադարձել
Ձեռնունայն ու գլխիկոր
Խեղճ ես խեղճ ասում էին տնեցիները
 
Է~հ ինչ անեմ…
Ուզում էի
հերթը` հերթ լինի,
Օրենքը` օրենք,
Արդարությունը` արդարություն…
 
Հիմա նորից
Ամեն օր
Հերթի եմ կանգնում
Մահվան հերթի…
Եվ ամեն օր տուն եմ վերադառնում
Ձեռնունայն ու գլխիկոր
Բայց տնեցիներն ու ընկերներս չգիտեն
Ուր եմ գնում և
Ինչի հերթ է
Վախենում եմ
Նորից նախատեն ու ասեն`
Խեղճ ես խեղճ
 
Ասում են դրախտը համբերատարներինն է…
Ասում են…
 
***
Արևածաղիկների կանաչ ծիլերը
Վեր են բարձրանում,
Շուտով նրանք կվառեն
Իրենց լույսերը
Եվ արևները կժպտան ինձ,
Երբ պառկած կլինեմ հողին:
 
*** 
Սերը
Համբույր է
Համբույրը
Մատնություն
Այդպես սկսվեց քրիստոնեությունը
 
Եվ նա
Ով
Հանուն Հոր
Եվ հանուն 
Փառապանծ հարատևմանը
Ընդունեց անվարան
Անեծքը
Համայն մարդկության
Ավարտեց իր առաքելությունը
Ձիթենյաց այգում
Եվ սիրո հավերժական վայելքը
Պարգևեց նրան 
Ով գամված էր խաչին
 
Համբույրը սեր է
Սերը մատնություն
  
ԿՅԱՆՔ 
Վաղուց
Հայտնվել եմ այս կինոդահլիճում
Ֆիլմը
Եռաչափ
Վատ մոնտաժ արած
Նույն Ֆիլմն է
 
Երբեմն թափահարում եմ ձեռքերս
Շարժում եմ ոտքերս
Ասես մասնակիցն եմ Ֆիլմի
Բայց բոլոր կադրերը ընթանում են
Իմ կամքից ու մտածողությունից անկախ
 
Ահ
Հոգնեցի
Էլ չեմ դիմանում
Ուզում եմ սուլել
Ուզում եմ բղավել
«Սապոժնի՜կ»
«Սապոժնի՜կ»
«Սապոժնի՜կ»
 
*** 
Կանգնեցի անդունդի եզրին
Պարանի մի ծայրը ամրացրի հորիզոնի գծին
Իսկ մյուս ծայրը օղակեցի պարանոցիս
 
Հիշեցի որ պարանը լվացքի պարան է
Որից կախված էր 
Իրիկվա սյուքից դողացող
Մաքուր սավանները հիշողության
 
Ինչ լավ է որ դու հեռու ես
Դու շատ հեռու ես
Եվ
Անդունդը լցված է ծիրանի բույրով
Եվ
«Պետք է հասնել հանդիպման վայրը`
Ծառի և Աստծո...»:
 
 
*** 
Մնացի
Ու չեկա քո հետևից…
 
Ուզում էի տեսնել
Հեղաշրջումը
Եվ փոփոխությունը ամեն ինչի
 
Հեղաշրջում եղավ
Ու ամեն ինչ փոխվեց
 
Ես չդարձա արքա
Եվ ոչ էլ զորավար
Դու բաժին հասար մեկ ուրիշի
Որ նույնպես արքա չէր
Եվ ոչ էլ զորավար
 
Ես հիմա քրքրում եմ գրքերը
Քո հետքը որոնելով
Գնում եմ էտյուդի
Քո պատկերը փնտրելով
Ու խմում եմ ծիրանի օղի
Ու խմում եմ ծիրանի օղի
Ու մտածում եմ
Ինչ լավ է որ մնացի
Ու չեկա քո հետևից
 
Կարծում եմ
Նորից հեղաշրջում կլինի
Ու ամեն ինչ կփոխվի
Եվ դու որպես մոռացված արքայադուստր
Բաժին կհասնես ինչ-որ արքայի
Կամ զորավարի
Իսկ իմ թագն ու թուրը
Ես հանձնել եմ
Վաղուց հանձնել եմ
Երկրագիտական թանգարանին
Հիշում ես
  
***
Ծովը չափազանց հեռու է
Բայց շարունակ ծովի բույրն եմ առնում
Թեև վաղուց ջարդված է նավակս
Եվ ուռկանս քրքրված
 
Չգիտեմ ինչու եմ ծովը հիշել 
Ախր
Ոչ ճամփորդ եմ
Ոչ նավաստի եմ և ոչ էլ
Ձկնորս
Անգամ չունեմ նավակ և ուռկան
 
Գրողը տանի
Ինչեր ասես չես մտածի
Երբ քո կողքին չէ
Հատկապես հենց նա
Ով պիտի քո կողքին լիներ և
Մայրամուտին
Երբ ծովից տուն էի վերադառնում
Հենց ծովափին
Խրճիթի դռան մոտ
Ծիրանի օղի մատուցեր
Ուռկանը կարկատեր
Իսկ ես վերնորոգեի ջարդված նավակս
 
Գիշերը հոգնած պառկեի ծովի ափին
Նայեի պայծառ աստղազարդ երկնքին
Լսեի խեցիներից լսվող փերիների կանչը
Իսկ առավոտյան
Նավակս ջուրը նետեի
Բացեի առագաստները
Ու մարտնչելով ծովի ալիքների և
Շնաձկների հետ
Գնայի նրա ետևից
Հատկապես հենց նրա
Ով իմ կողքին պիտի լիներ և …
 
Բայց ծովը չափազանց հեռու է
Եվ ես ոչ մի կապ չունեմ ծովի հետ
Ախր
Ոչ նավակ ունեմ
Եվ ոչ էլ ուռկան
Միայն հիշում եմ
Շատ տարիներ առաջ
Մեկը
Գնաց ծովերից ու օվկիանոսներից այն կողմ
Իսկ մնացյալը մի հին
Շատ հին Ֆիլմից է
Նույնիսկ ծովի բույրը
Որ չի հեռանում իմ քթի տակից
  
*** 
Ձյունը աչքածակի պես շարունակում է տեղալ
Առավոտյան քաղաքի փողոցներն ու տանիքները
Սպիտակել էին
Դաշտերը սպիտակել էին
Սարերը չէին երևում
Բայց հավանաբար սպիտակել էին
Ծխում եմ
Սուրճ եմ խմում
Ու մեծ լուսամուտից նայում եմ
Իմ սպիտակած այգուն
Ընկույզի հսկա ծառին որի վրա մի կաչաղակ
Ինչ-որ բան է մտմտում
Իսկ ճոճանակը անշարժ կախված է ճյուղից
 
Ծխում եմ
Սուրճ եմ խմում
Ու մեծ լուսամուտից նայում եմ ինքս ինձ
Ամեն ինչ սպիտակ ու մաքուր է
Ինչպես դեռ չգրված բանաստեղծություն
 
ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Սառը
Սրթսրթան
Սառնամանիք է
Բեղ ու մորուքս
Ժիվագոյի բեղ ու մորուքի պես սառցակալել են
 
Կարմիրները
Մեղադրում են
Որ չեմ ճանաչում կարմիրներին
Սպիտակները
Որ չեմ ճանաչում սպիտակներին
 
Ես առհասարակ ոչ մի գույն չեմ ճանաչում
Ես տեսնում եմ մարդկանց
Աշնան տերևների պես
Գետնին թափվող...
 
Իսկ Լարան
Օվկիանոսներից այն կողմ է...
 
Մի կրակեք…