Մատների վրա կարելի է հաշվել լավ քննադատներին

04.02.2015 00:23

 

Նաիրա Համբարձումյան
Զրույց բանաստեղծուհի, գրականագետ Նաիրա Համբարձումյանի հետ

-Անառարկելի իրողություն է, որ կենսակերպի անկումն անդրադառնում է ոչ միայն տարբեր իրողությունների ու մարդկանց, այլ նաեւ  գրողի, գրականության, գրական քննադատության, ինչո՞ւ չէ` նաեւ գրական բարքերի վրա…

-  Սկսենք նրանից, թե ով է գրողը, ինչ հեղինակություն ունի, քննադատի բարեկա՞մն է, մտերի՞մը, ծանո՞թը, թե՞ հակառակորդն ու թշնամին… Կենսամակարդակի, գրական բարքերի, ինչու չէ` նաեւ բարոյական չափանիշների անկմանը զուգընթաց, նկատվում է նաեւ քննադատական կայուն տեսակետների ու սկզբունքների նահանջ, որն ի հայտ է բերում քննադատի ենթակայական մոտեցումը գրական երկին, նրա քմայքները, անառողջ, տկար մթնոլորտ ստեղծելը: Որոշ քննադատներ էլ ինքնահաստատվում են իրենց` «ազդեցություն» ունեցող ակադեմիկոս ղեկավարների հաշվին, նրանց ձեռքով կրակից շագանակներ հանելով: Փակագծեր չեմ ուզում բացել, բայց գրական քննադատությունն այլեւս այն հեղինակավոր ուժը չէ, որ ուղղորդում էր գրողին եւ ընթերցողին մղում դեպի գիրքը, «ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է», եւ աքիլեսյան գարշապարը, որով քննադատությունը փորձում է հենվել հողին, անտարակույս խոցելի է: Ուստի, խոսելով գրող-ընթերցող հարաբերության մասին, մոռանում ենք, որ գրող- գիրք-ընթերցող ճանապարհի կարեւորագույն դերը քննադատինն է:

- Քննադատը, ավելին` գրողն այլեւս Ապոլոնի «զինվորը» չէ, եւ ժամանակն իր հարափոփոխ երեւույթներով ու ըմբռնումներով օտարել է այն սրբազան սարսուռը, որով նա մոտենում էր «զոհաբերության» սեղանին. ի՞նչն է պատճառը քննադատության ժամանակակից տագնապի:

- Արցախյան պատերազմից հետո ունեցանք ուրիշ, բոլորովին այլ ներկա, որն անցյալն անջատեց ազգի հիշողությունից, մարդիկ սկսեցին ապրել ոչ թե ապագայի համար, այլ օրվա, իսկ անցողիկի, ժամանակավորի, հարաբերականի այդ շրջապտույտում անցյալն ու ներկան դարձել են ոչ թե քաղաքակրթության զարգացման մեկ ընդհանուր շղթայի միասնական օղակները, այլ բոլորովին տարբեր, հակադիր բեւեռներ: Ահա այս միջավայրում է, որ քննադատը, եւ ընդհանրապես մարդը, մեքենայացավ եւ, որպես գործող ուժ, ձեռք բերեց նոր ժամանակներին հարիր նոր հատկանիշներ: Հարմարվեց: Ամենասարսափելին  միշտ էլ համակերպումն  է: Երբ հասնենք քաղաքակիրթ այն վիճակին, որ դադարենք գրականությունը տեղափոխել անձնական հարաբերությունների տիրույթ, այդ ժամանակ էլ, գուցե, մասամբ վերանա Ձեր նկատումը, որն իրոք այլ անունով չես կոչի, քան տագնապ:

- Երբեմն որեւէ նոր գրքի լույսընծայման առիթով թերթերում կամ ամսագրերում հանդիպում ենք կամ չափից ավելի շատ հաճոյախոսությունների ու գովասանքների, որոնք քիչ գիտակից ընթերցողի մոտ ակամա անվստահություն են առաջ բերում նախ գրողի, հետո` գրքի նկատմամբ, երբեմն էլ` հեգնանք, ծաղր, չարախոսություններ… ինչպե՞ս վարվել…

- Սկսեմ վերջից. երբեմն էլ` բամբասանքներ, որոնք գրական որոշ շուկայական մակարդակներում շրջանառվելուց հետո ի վերջո դառնում են որեւէ թերթուկի կամ ամսագրի նյութ: Հայտնվել է, օրինակ, մրող կանանց մի խումբ, որը տիրապետում է «բաժանիր, որ տիրես» կարգախոսի բոլոր կանոններին, մրում է ճանապարհին հանդիպած ամեն ինչ` ճերմակ թղթից մինչեւ մարդկային հարաբերություններ, եւ զբաղված է հենց այդ հարցերով: Մրցանակներից մինչեւ խոսքի մարզանք` որքան ուզես: Նիցշեն է ասել, եւ կարծում եմ` տեղին. «Դու որոնո՞ւմ ես, դու կուզենայի՞ր քեզ տասնապատկել, հարյուրապատկել, դու համախոհնե՞ր ես փնտրում: Զրոներ փնտրիր…»: Այդ համառությամբ, բոլոր ժամանակներում, միայն «գեղցին», որ առանձնահատուկ կատեգորիա է, փորձում է ինքնահաստատվել քաղաքում` անջատելով արմատները հողից եւ դուրս մղելով քաղաքի բնակչին, քանի որ տարածքի, տեղի ու դերի  խնդիր ունի:

Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա սրանք այն քննադատներն են, ովքեր Հեսսեի առաջադրած «միամիտ» ընթերցողի կամ Կորտասարի «ընթերցող-արտույտի» մակարդակից երբեք այն կողմ չեն անցնում, երբեք չեն զգում տեքստը, նրանց համար գիրքը կամ երկը միշտ լավն է, գրական երկի արժեքը` միշտ երկաստառ, հարաբերական, զոդված շահադիտական տարբեր նկրտումներից, եթե` ա. իրենց գտնում են նրա էջերում, բ. գրողը բարեկամ է կամ ծանոթ. գ. ոչինչ չեն հասկանում «տեքստից», դ. գրողն «ախպերավարի լավություն» է արել, չգիտակցելով, որ գրականությունն ախպերության տեղ չէ:

Այսպես էլ ապրում ենք…

- Կար ժամանակ, երբ ֆրանսիացի ու ամերիկացի քննադատները հրապարակավ խոսում էին այն մասին, թե դժվար է պահպանել արդարամտությունը, երբ գրում են ժամանակակից հեղինակների մասին, մանավանդ, երբ հեղինակին անձնապես ճանաչում են… արդյոք այսօր այդպե՞ս չենք վարվում նաեւ մենք` հայերս…

- Կարծում եմ՝ դա սոսկ հոգու աղքատության իշխանությունն է սեփական անձի հանդեպ: Գրողը, նրա երկն ու նրա անձը, որքան էլ տեքստի վերլուծության առանձնահատկություններից ելնելով տարանջատենք, որքան էլ ըմբռնենք «հեղինակի մահը» կոնցեպտը, միեւնույն է, տրոհման ենթակա չեն, եւ ճանաչել-չճանաչելու խնդիր չկա: Այլ է, երբ նրանից անկախ ընթերցում ես ու հետո գնահատում ես նրանից անկախ, արվեստի գործը միանգամից իրեն մատնում է, չէ՞ որ ինքն իր խղճի հետ երբեմն-երբեմն առանձնացող քննադատը ներկարարին չի համարի արվեստագետ, գրամոլին` գրող, բանսարկուին` պատմող: Ամենաստորը լռությունն է լավ գրողի հանդեպ, որ ցանկացած սադրանքից վեր է: Կարծում եմ` դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի իսպառ ազատվենք «կոլեկտիվ գիտակցության» անդիմացնող, ընդհանրացնող-անգույն միջավայրից, որը հաճախ «գործում» է «ընտանեկան» քննադատության «փոխօգնության» կամ, այսպես կոչված, «քննադատական ընկերությունների» «փոխադարձ ապահովագրության» գործունեության շրջանակներում, այդպես չեզոքացնում են, ավելի ճիշտ` գոյազրկում են արժանավոր հակառակորդին: Մի օրինակ բերեմ. բոլորովին վերջերս Հակոբ Օշականին նվիրված գիտաժողովի ժամանակ Համազգայինը «մոռացել» էր հրավիրված գիտնականների ցուցակում նշել ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի Սփյուռքի բաժնի գիտաշխատողների` իմ եւ Նաիրա Բալայանի անունները, փոխարենը, չգիտես ինչու, նշվել էին Սիրանուշ Բակունցի եւ Սաթենիկ Խաչատրյանի անունները, որոնցից առաջինն ԱՄՆ-ում է, երկրորդը` Գերմանիայում: Բայց այդ «ամնեզիան» չէր խանգարել երկու ժամ հետո իրենց գովազդել մամուլում:

- Ինչպե՞ս պետք է աշխատի քննադատը, ի՞նչ սկզբունքներ պետք է որդեգրի, ի՞նչ է փոխվել այսօր նրա գեղարվեստական ըմբռնումների, փիլիսոփայական աշխարհայացքի մեջ, ինչպե՞ս վերացնել քննադատության ժամանակակից տագնապը…

- Լավ վիրաբույժը հիվանդի գույնից արդեն գիտի որ օրգանն է վիրահատելու… Մատների վրա կարելի է հաշվել Հայաստանում մնացած լավագույն քննադատներին (չեմ ուզում վիրավորել այս գործի իսկական նվիրյալներին, քանի որ այս ամենի կողքին անպայման դրականն էլ կա): Երբ Բաբելոնը նոր էին սկսել կառուցել, բոլորը հաշտ էին, անհաշտությունը եկավ մի քանի հարկ կառուցելուց հետո միայն, ակներեւ է, որ պետք է վերադառնալ նախաբաբելոնյան ժամանակներին… (ժպտում է)

Դժվար է ասել, թե նոր ուղղությունը` պոստմոդեռնը, որի մասին այդքան խոսում ենք, ինչ տեղաշարժեր առաջ կբերի: Այն խորհելու լուրջ առիթ է ոչ միայն հեղինակի կամ քննադատի, այլեւ ընթերցողի առումով, թեպետ վերջինս կարող է լինել թե առաջինի եւ թե երկրորդի փոխարեն: Բոլոր գրական երկերի, ուղղությունների կենտրոնում ի վերջո մարդն է` իր ամեն տեսակ թուլություններով, սեփական «ես»-ի ամենօրյա որոնմամբ եւ հասարակությունից իր օտարմամբ, ինչպես Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպի հերոսը` Հարրի Հալլերը:

- Եթե ելնենք այն դրույթից, որ քննադատը պետք է մշտապես արթուն լինի, պիտի միշտ հսկի, ապա կարելի՞ է նրա արվեստը համարել նախեւառաջ գյուտարարի, հայտնաբերողի արվեստ:

- Նույնիսկ եթե հեղինակին ճանաչում ես, ապա հայտնագործման փաստը կրկին հնարավոր է: Լավ է, երբ ընթերցված գիրքը, պատմվածքը կամ բանաստեղծական շարքը բանավեճի առիթ է տալիս, այդպես հետաքրքրությունն ավելի է ուժեղանում, եւ աշխուժանում են ընթերցողական շերտերը:

Նոր հեղինակի հայտնաբերման առումով` պետք է ընթերցել նրանց պարբերաբար, քանի որ լինում են դեպքեր, երբ լավագույն համարվող հեղինակը մնում է գրի «արվարձաններում», իսկ մյուսը, որին չես նկատել, հաջորդ պահին շլացնում է թեկուզ մի տողով կամ պատկերով, կամ նոր գրքով: Այս առումով, այո, հայտնաբերման տարրը գործում է:

- Մի վերջին հարց. «պոեզիա» հասկացությունը հարազատ է Ձեզ. բանաստեղծություններ գրելիս ինչպե՞ս եք ընտրում թեման եւ ի՞նչ թեմայով եք այսօր ստեղծագործում:

- Թեման չեմ ընտրում, այլ ստացվում է ինքն իրեն: Այն, ինչով զբաղվում եմ վերջին շրջանում եւ կարծում եմ դեռ կզբաղվեմ, էզոթերիկ գրականությունն է` միայն իրեն հատուկ առանձնահատկություններով: Թե բանաստեղծություններս, թե էսսեներս միտվում են դեպի, որքան էլ տարօրինակ հնչի, կյանքի այդ սահմանը:

Ամենադյուրինը միշտ էլ չիմացած երեւույթի մասին դատելն է, անտեղյակությունը մշտապես գծում է իր էմպիրիկ շրջանակը, եւ այդ «բարձունքից» արտահայտվել չիմացած երեւույթի մասին՝ ծիծաղելի է. դրանից ես միշտ ձեռնպահ եմ մնում:

Լիլիթ Հովհաննիսյան
Աղբյուր`hraparak.am