«Նիդերլանդական Օրագիր». 5 տարի. կարծիքներ ու բարեմաղթանքներ

07.08.2018 16:29

ԱՐՏՅՈՄ ՉԵՐՆԱՄՈՐՅԱՆ

«Իսրայելահայեր» ամսաթերթի և
«Նաիրի» կայք էջի գլխավոր խմբագիր
Որպես լրատվության ասպարեզում 19 ամյա աշխատանքային փորձ ունեցող ու վերջին 14 տարին Իսրայելում աշխատելով ու չորս տարի «Իսրայելահայեր» ամսաթերթի գլխավոր խմբագիրն ու տնօրենը հանդիսանալով ավելի քան չորս տարի է ինչ շատ ջերմ հարաբերություններ ունեմ «Նիդերլանդական Օրագրի» խմբագրության հետ: Շատ դեպքերում զարմանում ու նաև հպարտանում եմ «Նիդերլանդական Օրագրի» այն կատարված վիթխարի աշխատանքով, որը նպաստում է հայապահպանմանն ու զուտ համայնքային կյանքին առնչվող բազմալեզու հոդվածների առատությունը ևս խոսում է արհեստավարժության ու սեփական նորությունները կերտելու մասին: Շատ լրատվամիջոցներ հայկական պետական տեղեկատվությունը վերատպելու և շատ քիչ սեփական լուրերը ներկայացնելով են զբաղված, այնինչ «Նիդերլանդական Օրագիրը» շատ օպերատիվ ու լայն պրիզմայով է ներկայացնում համայնքային կյանքի բոլոր ոլորտները:
«Իսրայելահայեր» ամսաթերթի ու իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ հնգամյակի կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ և համբերություն նման բարդ ու հայապահպանմանը նվիրված Ձեր գործունեության մեջ:
 

Դավիթ Գյուրջինյան, Լեզվաբան

Հայոց ամենաերկարակյաց պարբերականը Վենետիկի Մխիթարյանների «Բազմավեպ» հանդեսն է, որ հիմնադրվել է 1843-ին և գոյատևում է առ այսօր:
«Նիդեռլանդական օրագիրը» 5 տարեկան է, «Բազմավեպի» համեմատ աննշան տարիք է անշուշտ:
Բայց մի բան անպայման պիտի հաշվի առնենք. փոխվել են ժամանակները, մոտեցումները, լրատվության միջոցի նպատակներն ու խնդիրները: Աշխարհի տարբեր անկյուններում «Օրագիրն» այսօր հազարավոր ընթերցողներ ունի:
Տարեդարձի առթիվ մաղթենք «Նիդեռլանդական օրագրին» նորանոր հնգամյակներ, ընթերցողների բազմապատկում և առաջադիր նպատակների անշեղ իրականացում:
 

Երան Գույումճեան

«Ազատ խօսք» թերթի խմբագիր
 
Ողջոյնի խօսք
Նիտեռլանտական Օրագրի 5-րդ տարեդարձին առիթով, սրտանց կ'ողջունեմ պատասխանատու խմբագիր՝ յարգարժան Հայ Ազեանը եւ ամբողջ անձնակազմը, բարձր գնահատելով թերթին առաքելութիւնը, յատկապէս անոր գրական-մշակութային էջերը, որոնք ոգեղէն կամար ու կամուրջ հանդիսացան աշխարհասփիւռ հայութեան բեկորներուն միջեւ, հոգիէ-հոգի եւ սիրտէ-սիրտ փոխանցելով սրտաբուխ խօսք ու պատգամ, խոհ եւ յոյզ, մտորում ու խորհրդածութիւն՝ մեր ներկայ կեանքի ու ժամանակներու խնդիրներուն շուրջ, միշտ լուսաւորուած ու ջերմացած հայ հոգիի ճառագայթումով, հայ ոգիի անկոտրում ոգիով, հայեցի ինքնութեան վառ փարոսով...
Այս բերկրալից տարեդարձին առիթով, թերթին կը մաղթեմ անխափան երթ, կանաչ ճանապարհ ի փառս հայ գիր ու դպրութեան, հայ մշակոյթի եւ ոգիի անշէջ լուսաւորութեան...
 

Աիդա Ներսիսյան

Հեռուստահաղորդավար, լրագրող-մեկնաբան
 
Ինտերնետային լրատվական մեծ դաշտում այսօր կայանալը, ճանաչելի դառնալը, վստահություն ձեռք բերելը, առավել ևս առաջատարի դիրքերին հավակնելը, մեղմ ասած, դժվար է: Ծանոթանում ես «Նիդերլանդական օրագիր» տեղեկատվական, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական լրատվամիջոցի անցած հարուստ ուղուն, նիդերլանդահայության շրջանում ծավալած գործունեությանը, և ապշում. ինչպե՞ս է հաջողվել ընդամենը մեկ հնգամյակում այդքան ձեռքբերումներ ունենալ՝ տեղեկատվական համակարգում ամենուր սփռելով իր կայք-էջերը, միաժամանակ ձեռքը պահած համայնքի զարկերակի վրա:
Այսօր ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ տարեդարձն է, առաջին հոբելյանական տարեդարձը:
Սրտանց շնորհավորում եմ բոլոր աշխատակիցներին, լրագրողներին, մաղթում հետաքրքիր մտքեր, գաղափարներ, ճշմարիտ հոդվածներ, անաչառ ու անկողմնակալ մոտեցում, երևույթների ճիշտ գնահատում, և, որ ամենակարևորն է, քայլել ժամանակին համընթաց՝ միշտ բարձր պահելով պրոֆեսիոնալիզմի նշաձողը : Ասում են յուրաքանչյուր հոբելյան նոր նախաձեռնությունների, հետաքրքիր մտահղացումների ու ծրագրերի սկիզբ է: Թող այդ սկիզբը բեղմնավոր ընթացք և հաջող ավարտ ունենա:
Իսկ քանի որ առջևում Ամանոր է և Սուրբ Ծնունդ, շնորհավորում եմ նաև այս առիթով: Բոլորիդ քաջառողջություն եմ մաղթում, ստեղծագործական եռանդ՝ ձեր դժվարին ու շնորհակալ գործում:

Նուբար Ասլանյան

Կոմպոզիտոր
Հարգելի «Նիդեռլանդական Օրագիր», ես քաջ հասկանում եմ, թե ի՞նչ կնշանակի` ապրել Հայրենիքից հեռու, եւ խոհերով այնքան մոտ լինել ՆՐԱՆ,բաժանել ու մասնակիցը լինել ՆՐԱ հաջողություններին ու ցավերին, Հաղթանակներին ու կորստին, կաշվից դուրս գալով,օտար հողում պայքարել,մաքառել հազար ու մի չուզողի դեմ,ովքեր, անգամ հեռավոր Նիդերլանդում կարող են փորձել արատավորել Հայաստան անունն ու պատիվը...Հեշտ գործ չէ, դիմակայել տարբեր ճնշումներին, եթե չասեմ՝ վտանգավոր...
«Նիդեռլանդական օրագիրը», իմանալով եւ հասկանալով միշտ առկա վտանգը, այնուամենայնիվ անում է բոլոր հնարավորն ու անհնարինը բարձր պահելու Հայաստան երկրի պատիվը` ի փառս Հայրենյաց:
«Նիդեռլանդական օրագիրը», ՉԻ ԿԱՐՈՂ չլինել Հայրենիքի կողքին, քանզի յուրաքանչյուր իրեն հարգող հայ մեծ ցավով ու մորմոքով օտարությունը վեր չի դասել իր սնուցող երակից ու յուրաքանչյուրս մեր ուժերին չափով, որտեղ էլ լինենք, պետք է մեր նպատակակետն ուղղենք մեկ կետի:
«Նիդեռլանդական օրագիրը» այդ պատճառով ՝ թեև հեռու Հայրենիքից, բայց իր նորօրյա գործելաոճով ԱՅՆՔԱՆ ՄՈՏ Է, ՄՈՏ է, որովհետեւ ամեն օր,ամեն ժամ ամեն րոպե եւ վայրկյան ապրում Է ՀԱՅՐԵՆԻՔՈՎ:
Ուզում եմ շնորհավորել Նիդեռլանդների ողջ հայությանը, որ ունի մի լրատվամիջոց, որ այսպես օպերատիվ, բովանդակալից ու կազմակերպված ներկայացնում է նիդերլանդահայության լավ գործերը : Սուրբ Հողից շնորհավորելով «Նիդերլանդական օրագրի» գործունեության հնգամյակը, հաջողություններ եմ մաղթում նրա հիմնադրին , թերթին մաղթում եմ երկար կյանք ու նորանոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ: Օգտվելով հանգամանքից՝ Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ բոլոր` բոլորիդ: Ձեր կենացը...
Հարգանքով՝ Նուբար Ասլանյան,
Հայֆա,Իսրայել:

Նիկոլայ Ռոմաշուկ

Նիդերլանդահայ համայնքի անդամ
«Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միության համահիմնադիր , Համաշխարհային հայկական կոնգրեսի» Գերագույն Խորհրդի անդամ:
Ինտերնետային «Նիդերլանդական Օրագիր» կայք էջերի հիմնադիր՝ պարոն Hay Azian
Սրտանց շնորհավորում եմ «Նիդերլանդական Օրագրին՝ » իր գոյատևման 5 ամյակի կապակցությամբ, նաև Ձեր և բոլոր ընթերցողների գալիք Նոր Տարին, Սուրբ Ծնունդը :
Թող եկող և մյուս տարիները, մեր Հայրենիքի, մեր բոլոր Հայրենակիցների և «Նիդերլանդական Օրագրի» համար լինեն՝ հաջողակ, խաղաղ ու ստեղծարար աշխատանքի տարիներ, թող Աստծո պարգեևներով, սիրով, արդարությամբ, խաղաղությամբ և առատությամբ բարգավաճի մեր երկիրը, ու թող հայկական մյուս լավագույն լրատվամիջոցների շարքում ՝ կանգուն մնա «Նիդերլանդական Օրագիրը»՝ դարերով հավերժ մեր Արարատին նման:
Հավերժ շեն ու կանգուն մնաք:
Խորհին Հարգանքներով,
Նիքօլա

Երազիկ Գրիգորյան

Լեզվի տեսչության աշխատակից, մանկագիր
Ազգային պարբերականն օտարության մեջ կրթօջախի դեր ունի: Այն մի ապահով տարածք է, որի շուրջը համախմբվելով կարող են պահպանվել համայնքները: Ի դեմս «Նիդերլանդական օրագրի»` հայոց գիրն ու խոսքը լավ ձեռքերում են: Տեղեկատվական տարբեր ձևաչափերում հանդես եկող այս նախաձեռնության առաքելությունը սոսկ նորությունների մասին իրազեկումը չէ: Այստեղ ազնիվ խանդավառությամբ հայանպաստ աշխատանք է կատարվում, որի մասին պետք է խոսել, պետք է քաջալերել ու աջակցել հնարավորինս:
Շնորհավորում եմ աշխարհով մեկ տարածվող «Նիդերլանդական օրագրին»` հնգամյակի կապակցությամբ: Կեցցեք ու աչքի լույսի պես պահեք աշխարհով մեկ ցրված փոքրիկ Հայաստանները: Գուցե վաղը կարողանանք դրանք մեկտեղել մեր հայրենիքում:
 

Տեր Տարոն քահանա Թադևոսյան

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ
«Նիդերլանդական Օրագրին» իմ ասելիք խոսքը ուզում եմ փոքր ինչ հեռվից բերել:
Դեռևս Ք.Ա. 6-րդ դարում Հերակլիտ անունով մի փիլիսոփա հայտարարեց, որ երկրի վրա և տիեզերքում, առհասարկ, ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է: Այդ փոփոխություններն ու հոսքը ղեկավարվում և ուղություն է ստանում մի սխեմայով, որը հաստատվում է «լոգոսի»՝ «խոսքի» կողմից: Ըստ Հերակլիտի, Լոսգոսը՝ Խոսքը, կարգուկանոն է հաստատում և դրա շնորհիվ է, որ երկիրը գոյություն ունի ցայսօր:
Այս միտքը հետագայում Հովհաննես ավետարանիչը պիտի օգտագործեր հրեական և հունա-հռոմեական մշակույթի կրող իր ունկնդիրներին Քրիստոսի կերպարն ավելի հասկանալի դարձնելու համար և իր ավետարանը պիտի սկսեր հետևյալ տողերով. «Ի սկզբանէ էր Բանն (Խոսքը), Առ Աստուծ էր Բանն եւ Աստուծ էր Բանն»:
Այս երկու պարագային էլ խոսքը՝ լոգոսը, բացարձակություն է, նույնացվում է Աստծո հետ, բացարձակ Մտքի, բացարձակ Ինտելեկտի հետ:
Խոսքի հասարակ օգտագործողներս մեր կյանքում շատ ենք զգացել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա պարզ գործածությունն անգամ: Հիրավի ռուս մտավորականներից մեկն ասել է ՝ Խոսքը մարդկային ուժի զորավարն է: Խոսքն օգտագործվում է ամենուր և ամեն ասպարեզում: Խոսքը գլխավոր զենքն է նաև լրատվական դաշտի: Լրատվական դաշտում և լրագրողի ձեռքում է գտնվում մարդկային այդ զորավոր ուժը՝ խոսքը:
Սիրելի և հարգարժան Hay Azian, գլխավոր խմբագիր «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքէջի, մենք մեզ ապահով ենք զգում և ուրախ ենք, որ այդ հզոր գործիքը գտնվում է Ձեր պես ազնիվ մարդու ղեկավարության ներքո:
«Նիդերլանդական օրագիրը»՝ հոլանդահայության հույզերի և նպատակների արտահայտիչը 5 տարեկան է ( թեև իր գործունեությունը սկսել է շուրջ 9 տարի առաջ): Շնորհավորում ենք Ձեզ և «Նիդերլանդական օրագրի» անձնակազմին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Սոկրատեսն ասել է՝ խոսի՛ր, որպեսզի ես կարողանամ ճանաչել քեզ: Այս անցնող հինգ և ավելի տարիների ընթացքում դուք խոսեցիք, և մենք կարողացանք ճանաչել ձեզ: Անցնող տարիներին ականատես եղանք, թե ինչպես, սրտացավ վերաբերմունք դրսևորելով, կարողացաք հետևել հայկական տասնյակ միությունների կողմից իրականացվող բոլոր միջոցառումներին, հրապարակայնացնել և հանրության համար ավելի տեսանելի դարձնել մեր միությունների գործունեությունը և ցուցաբերել անկողմնակալ վերաբերմունք բոլոր կառույցների նկատմամբ: Ձեր առաքելության ողջ պատասխանատվության քաջ գիտակցությամբ՝ օգնել եք հոլանդահայ հասարակությանը, և ոչ միայն, տեղակ լինելու Հոլանդիայում հայկական միջոցառումների, հայությանը վերաբերող անցուդարձի մասին: Հատկապես ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները կարողացաք խոհեմ կերպով հասանելի դարձնել նաև հոլանդական հասարակությանը: Վստահ ենք, որ ապագայում ևս նույն ջանքով ու եռանդով պիտի շարունակեք Ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքը: Համատեղ աշխատանքով մեր հայկական բոլոր կառույցների հետ հավատում ենք, որ պիտի շարունակենք արձանագրել մեր կյանքում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:
Դարձյալ շնորհավորում եմ՝ մաղթելով «Նիդերլանդական Օրագրին» անխափան ընթացք և ամենայն բարիք:
Տեր Տարոն քահանա Թադևոսյան
Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ
 

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Պրահա, Չեխիա

Երկար ու կանաչ ճանապարհ «Նիդերլանդական օրագրին» : Արդեն մոտ 20 տարի Պրահայում հրատարակելով ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, ինձ առավել քան ծանոթ են հայ մամուլի դժվարություններն ու մարտահրավերները։ «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային պարբերականն արդեն 5 տարի շարունակաբար հոլանդահայությանը, եվրոպահայությանն ու ողջ հայությանը տեղեկացնում է ոչ միայն համայնքային անցուդարձի, այլեւ Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների, հակահայկական քարոզչության եւ դրա դեմ տարվող պայքարի մասին։ Եվ այս աշխատանքն արվում է միայն բացառիկ նվիրվածության եւ հայրենասիրության մղումներից ելնելով։ Ինչպես սփյուռքահայ մամուլի ցանկացած նվիրյալ խմբագիր, Աշոտ Կնյազյանը նույնպես այդ բացառիկների շարքում է, ով մշտապես բաց է համագործակցության եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում, իր շուրջը մեկտեղելով նիրված ու բանիմաց գործընկերների թիմ։ Ամենակարեւոր հատկանիշը, որ պարբերականը միասնության ոչ միայն կոչ է անում, այլ իրականում համախմբում է նիդերլանդահայ համայնքները, նրանց հոգսերն ու ուրախությունները հասցնում հայաստանյան ու սփյուռքահայ մամուլին։ Առաջին հոբելյանի առիթով մաղթում եմ, որ այն դառնա կարեւոր հանգրվան ապագա տարիների զարգացման համար։ Եվ հոլանդահայության տարեգրությունը, որն այսօր տպագրվում է ,,Նիդերլանդական օրագրի,, էջերում, արձանագրի միայն մեր հայերնակիցների հաղթանակների ու բարի լուրերի մասին։ Երկար ու արգասաբեր ճանապարհ եմ մաղթում Ձեզ, սիրելի գործընկերներ։ Հարգանքով՝ Հակոբ Ասատրյան (Hakob Asatryan) 16.03.2018