Գագիկ Դավթյան, բանաստեղծ, թարգմանիչ

26.11.2014 15:28





 

Ծնվել է 1947թ. ապրիլի 4-ին, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում:
Հրատարակել է բանաստեղծությունների հեղինակային և թարգմանական ավելի քան երկու տասնյակ գիրք:
Նրա ստեղծագործությունները առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն («Ժամանակների ժամադրություն» - Մոսկվա, 1989) և վրացերեն («Արևն ու մենք» - Թբիլիսի, 1988, «Բաց նամակ» - Թբիլիսի, 2013), ընդգրկվել հայ պոեզիայի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, սլովակերեն անթոլոգիանորում, տպագրվել լեհերեն, սերբերեն, բուլղարերեն, ռումիներեն, բելոռուսերեն, ղազախերեն:

Արժանացել է
Վլադիմիր Մայակովսկու անվան միջազգային մրցանակի - 1985,
Վրաստանի գրողների միության Իվանե Մաչաբելու անվան մրցանակի - 2007,
Հայաստանի գրողների միության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակի -2012,
Համավրացական «Ռուսթավելի» ընկերության Դավիթ Գուրամիշվիլու անվան մրցանակի – 2013,
Պոեզիայի Արցախյան միջազգային 2-րդ փառատոնի մրցանակի – 2014:

Պարգևատրվել է
ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով - 2007:
Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության «Միխայիլ Լերմոնտով, 1814 - 1841» մեդալով – 2014,
ՀՀ մշակույթի նախարարությաև Ոսկե մեդալով – 2014,

Գագիկ Դավթյանը ՀՀ Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի է:

=======================

Ո՜Չ ՄԵԶ ՆՄԱՆ


Ո՞վ է հերքում,
փաստարկներով ստից - մտից
համառորեն հաստատելով,
թե շունչ չկա մեզնից բացի տիեզերքում,
ո՞վ է հերքում...

Ինձ մոտ բերեք, հերքե՜մ նրան,
փաստարկնե՜րը հերկեմ նրա՝
մեկիկ - մեկիկ փաստատելով
և, ասեմ՝ կա՜ն -
նո՜ր եմ իջել նրանց մոտից,
չե՜մ հասցրել թափ տալ անգամ
աստղափոշին ձեռուոտիս...

Տեր իմ Աստված, ինչե՜ր ասես, որ չտեսա...

Զորօրինակ, քանի՜ հազար լուսատարի
մի՜ս չեն ուտում ո՜չ մի տեսակ,
ու չեն ուտում ո՜չ միսն իրենց,
ոչ էլ իրենց մերձավորի,
և ապրո՜ւմ են այսուհանդերձ,
և ապրում են մարդավարի՜ -
ո՜չ մեզ նման...

Ու նրանցից ո՜չ ոք մեզ հետ
չի՜ ցանկանում գլուխ դնել մինչև հիմա...

 

ԵՍ ՔՈՆԸ ՉԷԻ

Դու իմը՝
սակայն ես քոնը չէի,
-ներիր, սիրելիս...

Ես իմն էլ չէի...
Իսկ թե ումն էի,
մինչևիսկ դա էլ
ես չգիտեի,
քեզ կորցնելով 
գտել եմ ես ինձ,
բայց էլ ում համար...

Օրհնում եմ ես քո կորուստը,
ներիր,
ավելի լավ է կորցնել, սիրելիս,
քան կորցնելու ոչինչ չունենալ...

 

ԵՍ Ո՞ՒՐ ԳՆԱՄ

Աչքերիս դեմ մի զույգ աչքեր՝
հուսո մի զույգ կրակարան,
նրանք՝ ներկա և բացակա,
նրանք մի օր խելքս տարան...

Խելքս տարան
ու բարակող հուսո մի թել նրանք թողին,
հանդիպե՞լ եք, արդյոք, կյանքում
դուք անհավատ աղոթողի...

Ա՜խ, կասկածներն այս ոխակալ
քրքրեցի՜ն ինձ հիմնովին,
հոգիս կերա՜ն,
չե՜ն էլ թողնում մարդ նստի ու նայի ծովին,
մոտենում են մերթ սողեսող,
մերթ կատաղի հողմի նման,
չի՜ գուշակի վարքը նրանց
ոչ մի ճարտար աստղահըմա...

Ծանրացել են շնչիս վրա,
աջից, ձախից, վերից, վարից
քաշքշում են ու չեն թողնում,
որ մարդ ապրի մարդավարի,
ա՜խ, խոսքները մեկ են արել,
ինձ հանել են արդեն հունից,
մարդ ուզում է 
վերցընի ու հրաժարվի՜ իր անունից...

Ի՜նչ են ուզում, ախր, նրանք
գիշերներից իմ այս անքուն,
էհ, ի՞նչ անենք,
կրա՞կն ընկանք, որ ցավ քաշո՜ղ եղանք կյանքում,
մի՞թե ամբողջ կյանքում այս փուչ
ցավի անոթ պիտի մնամ,
կյանքս՝ կիսատ, երգս՝ թերի,
այս աշխարհից ես ո՜ւր գնամ...

Քրքրեցի՜ն ինձ հիմնովին
փուչ կասկածներն այս անհաշիվ,
հոգիս կերա՜ն,
ո՞վ է լսել, որ... կացինն իր կո՜թը տաշի...

 

ԱՆՏՈՒՆ ՏԱՆՏԵՐԵՐ
Ինչ - որ տրտմություն կա աչքերի մեջ օրվա,
և տրտմության խորքում վարագուրված մի ցավ,
մղկտո՜ւմ է սիրտս դառնությունից անափ,
դարձած մշուշաթև տեսիլքների անձավ...
Ա՜խ, այս հուշերն անտուն տանտերե՜ր են դառնում,
հերի՜ք եղավ արդեն, ի սեր Աստծո՜, բա՜վ է,
վերանա՜լ եմ ուզում, անէանա՜լ, կորչե՜լ,
խառնվել մոռացության փոշո՜ւն երանավետ...
Դու խոստացար կյանքի մի ճանապարհ երկար,
ձեռքիս դրիր մի գավ՝ վայելքներով լեցուն,
և ասացիր, եթե ես սայթաքեմ հանկարծ,
իմ ուղեկից աստղը ինձ կլինի նեցուկ,
և ճախրեցի՜նք քեզ հետ, թեթևաթև՜ այնպես,
և ճախրեցինք քեզ հետ որպես մի զույգ արծիվ,
հասանք երանելի ափը երջանկության,
չհուշեցի՜ր սակայն ճամփան վերադարձի...
Թափառեցինք, առած մի զույգ աստղե մոմեր,
ծովի վրա փռված արահետով լուսնի,
ինձ տվեցիր սերմեր, և ասացիր, ցանիր,
այս սերմերից պիտի սիրո ծառը բուսնի...
Դու ինձ տարար շքեղ երազների հունով,
հմայեցիր դու ինձ շռայլությամբ խղճի,
հիմա որտե՞ղ ես դու, 
ո՜ւմ ես խաբո՜ւմ հիմա,
օ՜, գնչուհի չքնաղ, բախտագուշակ աղջիկ...
Բախտը ժլատ եղավ, և երկինքը վերից
շռայլորեն անխիղճ ինչ - որ կարկուտ տեղաց,
և դառնությա՜մբ լցվեց գավը վայելքների,
և սիրո շիվը խեղճ մրրկահար եղավ,
կյանքի ճամփան կախվեց զառիթափի շուրթից,
ծովը ջնջե՜ց լուսնի արահետը արծաթ,
հանգա՜ն հողմի շնչից աստղե մոմերը զույգ,
շքեղ երազների հունը պղտոր դարձավ...
Դու որտե՜ղ ես հիմա,
ո՜ւմ ես փրկո՜ւմ արդյոք,
օ՜, գնչուհի չքնաղ, բախտագուշա՜կ աղջիկ...
Ինչ - որ տրտմություն կա աչքերիս մեջ հիմա,
և տրտմության խորքից քո պատկերն է հառնում,
մորմոքում է սիրտս դառնությունից անափ,
և այս հուշերն անտուն տանտերե՜ր են դառնում...
Գագիկ Դավթյան
ԱՆՏՈՒՆ ՏԱՆՏԵՐԵՐ

Ինչ - որ տրտմություն կա աչքերի մեջ օրվա,
և տրտմության խորքում վարագուրված մի ցավ,
մղկտո՜ւմ է սիրտս դառնությունից անափ,
դարձած մշուշաթև տեսիլքների անձավ...

Ա՜խ, այս հուշերն անտուն տանտերե՜ր են դառնում,
հերի՜ք եղավ արդեն, ի սեր Աստծո՜, բա՜վ է,
վերանա՜լ եմ ուզում, անէանա՜լ, կորչե՜լ,
խառնվել մոռացության փոշո՜ւն երանավետ...

Դու խոստացար կյանքի մի ճանապարհ երկար,
ձեռքիս դրիր մի գավ՝ վայելքներով լեցուն,
և ասացիր, եթե ես սայթաքեմ հանկարծ,
իմ ուղեկից աստղը ինձ կլինի նեցուկ,
և ճախրեցի՜նք քեզ հետ, թեթևաթև՜ այնպես,
և ճախրեցինք քեզ հետ որպես մի զույգ արծիվ,
հասանք երանելի ափը երջանկության,
չհուշեցի՜ր սակայն ճամփան վերադարձի...

Թափառեցինք, առած մի զույգ աստղե մոմեր,
ծովի վրա փռված արահետով լուսնի,
ինձ տվեցիր սերմեր, և ասացիր, ցանիր,
այս սերմերից պիտի սիրո ծառը բուսնի...

Դու ինձ տարար շքեղ երազների հունով,
հմայեցիր դու ինձ շռայլությամբ խղճի,
հիմա որտե՞ղ ես դու, 
ո՜ւմ ես խաբո՜ւմ հիմա,
օ՜, գնչուհի չքնաղ, բախտագուշակ աղջիկ...

Բախտը ժլատ եղավ, և երկինքը վերից
շռայլորեն անխիղճ ինչ - որ կարկուտ տեղաց,
և դառնությա՜մբ լցվեց գավը վայելքների,
և սիրո շիվը խեղճ մրրկահար եղավ,
կյանքի ճամփան կախվեց զառիթափի շուրթից,
ծովը ջնջե՜ց լուսնի արահետը արծաթ,
հանգա՜ն հողմի շնչից աստղե մոմերը զույգ,
շքեղ երազների հունը պղտոր դարձավ...

Դու որտե՜ղ ես հիմա,
ո՜ւմ ես փրկո՜ւմ արդյոք,
օ՜, գնչուհի չքնաղ, բախտագուշա՜կ աղջիկ...
Ինչ - որ տրտմություն կա աչքերիս մեջ հիմա,
և տրտմության խորքից քո պատկերն է հառնում,
մորմոքում է սիրտս դառնությունից անափ,
և այս հուշերն անտուն տանտերե՜ր են դառնում...
 

ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ԱՌԱՎՈՏ
Հրածին Վարդևանյանին

Ինչ ընծա՜ Է հրաշալի
այս առավոտն ասեղնագործ,
կնախանձեր նրան անգամ
անցած գիշե՜րն աստեղնագործ...

Հոսում է նա լեռներն ի վար,
ելնում է նա ձորերն ի վեր,
այս չարչարված երկիրը խեղճ
դեռ չի տեսել նման նվեր...

Վաղնջական ու անխաթար
առավոտն այս դրախտային
չէի՜ փոխի ոչնչի հետ,
ինձ մի կյա՜նք էլ թեկուզ տային...

Արարչության երանելի
կիրակի՜ն է ասես թե նա,
և առտըվան շղարշի մեջ
օրորվում է ծառը Կենաց...

Սերն ուժեղ է,
կարոտն՝ անափ,
հավատը՝ մեծ,
հույսն՝ անմեկին...
Ես, երևի, այսօր նորից
սպասում եմ... ինչ - որ մեկին...

 

ԴՈՒ ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ

Երբ չքանան երազները տարաշխարհիկ,
տարրալուծվեն մշուշի մեջ մոռացության,
գիշերային տեսիլքները երբ նահանջեն
ու ծպտըվեն խավարի մեջ խորհրդավոր,

արտասուքը երբ խլրտա 
կոպերիդ տակ
ու երբ մարի հուսո շողը կրծքիդ ներքո,
երբ պարուրի քեզ մենության մորմոքն անբառ
ու երբ բացվի ցավի ծաղիկն արյանդ մեջ,

ես մի վերջի՜ն - վերջի՜ն անգամ ձեռքդ բռնած
կառաջնորդեմ դեպի անցյալն անվերադարձ,
դեպի այնտեղ, 
ուր մենք մի օր հանդիպեցինք
արշալույսին իմ մշուշոտ պատանության...

Ձեռքդ բռնած կառաջնորդեմ դեպի այնտեղ՝
նավահանգիստն այն հեռավոր ու մոռացված,
ուր արևը որպես հրե հսկա՜ մի նավ
կապտահանդերձ ալիքնե՜րն էր ճողփում լույսի...

Քեզ կտանեմ դեպի այնտեղ,
որ վերստին մտաբերես,
թե լույսն ինչպես երանությամբ ճչա՜ց մի պահ,
և այդ ճիչից ինչպե՜ս պայթեց հանկարծակի
կոկոնն ինչ - որ կարմիր, կարմիր, կարմիր... ծաղկի...

Ու երբ հասնենք
երանելի նավահանգիստն այն հեռավոր ու մոռացված,
քեզ կհարցնեմ մի՜ բան միայն.
- Դու հիշո՞ւմ ես արշալույսը իմ մշուշոտ պատանության...

Իսկ պատասխան ես չե՜մ ուզում,
չէ՜, սիրելիս,
աչքերի՜ս մեջ նայիր միայն,
ուղի՜ղ նայիր աչքերիս մեջ...


ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անցյալն անցյալ է, ներկան ներկա է, գալիքը՝ գալիք,
մեր սիրտը՝ գաղտնի ժամադրավայր ժամանակների,
ապրում ենք այսպես մենք նրանց ձեռքին որպես խաղալիք,
լուռ ունկնդրելով վեճերին նրանց ու հանաքներին...

Վեճը՝ վեճ, սակայն հանաքից դաժան բան չեմ հասկանում,
չկա զուտ անցյալ, չկա զուտ ներկա, չկա զուտ գալիք,
այդ ո՜վ չգիտի, որ անցյալն անդարձ ոչինչ չի տանում,
որ պարտատե՜րն է ներկան անցյալի,
անցյալին ոչինչ նա չունի՜ տալիք...

Չկա հին ու նոր, ժամանակները կրկնում են իրար,
զուտ ոչինչ չկա, հավատա, զուտը դա սուտ է ներկած,
չկա զուտ ներկա, ներկան անցյալ է գալիքի համար,
չկա զուտ գալիք, անցյալի համար գալիք է ներկան...

Եվ ո՜վ է ասում, թե մենք չկայինք՝ երբ մենք չկայինք,
ծնունդից առաջ մենք ապրում էինք
մեր ծնողների երազների մեջ,
և երազներից պիտի ելնեինք ու պիտի գայինք,
ավելացնելու ժամանակների մատյանին մի էջ:

Եվ ո՜վ է ասում, թե մենք չենք լինի՝ երբ մենք չենք լինի,
չէ՜, երազները, որոնց մեջ հնում ապրում էինք մենք,
որ մեր կարճ կյանքում կերպափոխվում են միս ու արյունի,
մեր մասին արյան լեզվով անվախճան հուշեր կպատմեն:

Ու կապրենք այսպես, որպես արտասուք, կամ որպես մշուշ,
որպես ձայն արյան, որպես տառապանք կամ որպես թառանչ,
ու կապրենք այսպես, մեր մահից հետո կապրենք որպես հուշ,
ինչպես ապրել ենք երազի տեսքով ծնունդից առաջ...

ԱՆՀԱՍՑԵ ՀՈՐԴՈՐ

Աչքներդ բացե՜ք, բարեկամներս,
աչքներդ բացե՜ք,
և, ի սեր Աստծո, մի՜ հպարտացեք
ձեր փորձառությամբ
զահլա՜ տանելով...

Փորձը ոչ մի բան
ամենևին էլ չի՜ նշանակում,
քանզի ողջ կյանքում
կարող ես անել միևնույն բանը,
բայց՝ վա՜տ անելով...

Իսկ դուք հա՜ փորձեք,
վերստին փորձեք և էլի՜ փորձեք,
փո՜րձն է միմիայն,
որ թույլ է տալիս
հին սխալի տեղ նո՜ր սխալ գործել...