Ազգային պարբերականն օտարության մեջ կրթօջախի դեր ունի: Այն մի ապահով տարածք է, որի շուրջը համախմբվելով կարող են պահպանվել համայնքները: Ի դեմս «Նիդերլանդական օրագրի»` հայոց գիրն ու խոսքը լավ ձեռքերում են: Տեղեկատվական տարբեր ձևաչափերում հանդես եկող այս նախաձեռնության առաքելությունը սոսկ նորությունների մասին իրազեկումը չէ: Այստեղ ազնիվ խանդավառությամբ հայանպաստ աշխատանք է կատարվում, որի մասին պետք է խոսել, պետք է քաջալերել ու աջակցել հնարավորինս:
Շնորհավորում եմ աշխարհով մեկ տարածվող «Նիդերլանդական օրագրին»` հնգամյակի կապակցությամբ: Կեցցեք ու աչքի լույսի պես պահեք աշխարհով մեկ ցրված փոքրիկ Հայաստանները: Գուցե վաղը կարողանանք դրանք մեկտեղել մեր հայրենիքում:
Տեր Տարոն քահանա Թադևոսյան
Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ
«Նիդերլանդական Օրագրին» իմ ասելիք խոսքը ուզում եմ փոքր ինչ հեռվից բերել:
Դեռևս Ք.Ա. 6-րդ դարում Հերակլիտ անունով մի փիլիսոփա հայտարարեց, որ երկրի վրա և տիեզերքում, առհասարկ, ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է: Այդ փոփոխություններն ու հոսքը ղեկավարվում և ուղություն է ստանում մի սխեմայով, որը հաստատվում է «լոգոսի»՝ «խոսքի» կողմից: Ըստ Հերակլիտի, Լոսգոսը՝ Խոսքը, կարգուկանոն է հաստատում և դրա շնորհիվ է, որ երկիրը գոյություն ունի ցայսօր:
Այս միտքը հետագայում Հովհաննես ավետարանիչը պիտի օգտագործեր հրեական և հունա-հռոմեական մշակույթի կրող իր ունկնդիրներին Քրիստոսի կերպարն ավելի հասկանալի դարձնելու համար և իր ավետարանը պիտի սկսեր հետևյալ տողերով. «Ի սկզբանէ էր Բանն (Խոսքը), Առ Աստուծ էր Բանն եւ Աստուծ էր Բանն»:
Այս երկու պարագային էլ խոսքը՝ լոգոսը, բացարձակություն է, նույնացվում է Աստծո հետ, բացարձակ Մտքի, բացարձակ Ինտելեկտի հետ:
Խոսքի հասարակ օգտագործողներս մեր կյանքում շատ ենք զգացել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա պարզ գործածությունն անգամ: Հիրավի ռուս մտավորականներից մեկն ասել է ՝ Խոսքը մարդկային ուժի զորավարն է: Խոսքն օգտագործվում է ամենուր և ամեն ասպարեզում: Խոսքը գլխավոր զենքն է նաև լրատվական դաշտի: Լրատվական դաշտում և լրագրողի ձեռքում է գտնվում մարդկային այդ զորավոր ուժը՝ խոսքը:
Սիրելի և հարգարժան Hay Azian, գլխավոր խմբագիր «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքէջի, մենք մեզ ապահով ենք զգում և ուրախ ենք, որ այդ հզոր գործիքը գտնվում է Ձեր պես ազնիվ մարդու ղեկավարության ներքո:
«Նիդերլանդական օրագիրը»՝ հոլանդահայության հույզերի և նպատակների արտահայտիչը 5 տարեկան է ( թեև իր գործունեությունը սկսել է շուրջ 9 տարի առաջ): Շնորհավորում ենք Ձեզ և «Նիդերլանդական օրագրի» անձնակազմին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Սոկրատեսն ասել է՝ խոսի՛ր, որպեսզի ես կարողանամ ճանաչել քեզ: Այս անցնող հինգ և ավելի տարիների ընթացքում դուք խոսեցիք, և մենք կարողացանք ճանաչել ձեզ: Անցնող տարիներին ականատես եղանք, թե ինչպես, սրտացավ վերաբերմունք դրսևորելով, կարողացաք հետևել հայկական տասնյակ միությունների կողմից իրականացվող բոլոր միջոցառումներին, հրապարակայնացնել և հանրության համար ավելի տեսանելի դարձնել մեր միությունների գործունեությունը և ցուցաբերել անկողմնակալ վերաբերմունք բոլոր կառույցների նկատմամբ: Ձեր առաքելության ողջ պատասխանատվության քաջ գիտակցությամբ՝ օգնել եք հոլանդահայ հասարակությանը, և ոչ միայն, տեղակ լինելու Հոլանդիայում հայկական միջոցառումների, հայությանը վերաբերող անցուդարձի մասին: Հատկապես ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները կարողացաք խոհեմ կերպով հասանելի դարձնել նաև հոլանդական հասարակությանը: Վստահ ենք, որ ապագայում ևս նույն ջանքով ու եռանդով պիտի շարունակեք Ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքը: Համատեղ աշխատանքով մեր հայկական բոլոր կառույցների հետ հավատում ենք, որ պիտի շարունակենք արձանագրել մեր կյանքում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:
Դարձյալ շնորհավորում եմ՝ մաղթելով «Նիդերլանդական Օրագրին» անխափան ընթացք և ամենայն բարիք:
Տեր Տարոն քահանա Թադևոսյան
Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ
Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Պրահա, Չեխիա
Երկար ու կանաչ ճանապարհ «Նիդերլանդական օրագրին» : Արդեն մոտ 20 տարի Պրահայում հրատարակելով ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, ինձ առավել քան ծանոթ են հայ մամուլի դժվարություններն ու մարտահրավերները։ «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային պարբերականն արդեն 5 տարի շարունակաբար հոլանդահայությանը, եվրոպահայությանն ու ողջ հայությանը տեղեկացնում է ոչ միայն համայնքային անցուդարձի, այլեւ Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների, հակահայկական քարոզչության եւ դրա դեմ տարվող պայքարի մասին։ Եվ այս աշխատանքն արվում է միայն բացառիկ նվիրվածության եւ հայրենասիրության մղումներից ելնելով։ Ինչպես սփյուռքահայ մամուլի ցանկացած նվիրյալ խմբագիր, Աշոտ Կնյազյանը նույնպես այդ բացառիկների շարքում է, ով մշտապես բաց է համագործակցության եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում, իր շուրջը մեկտեղելով նիրված ու բանիմաց գործընկերների թիմ։ Ամենակարեւոր հատկանիշը, որ պարբերականը միասնության ոչ միայն կոչ է անում, այլ իրականում համախմբում է նիդերլանդահայ համայնքները, նրանց հոգսերն ու ուրախությունները հասցնում հայաստանյան ու սփյուռքահայ մամուլին։ Առաջին հոբելյանի առիթով մաղթում եմ, որ այն դառնա կարեւոր հանգրվան ապագա տարիների զարգացման համար։ Եվ հոլանդահայության տարեգրությունը, որն այսօր տպագրվում է ,,Նիդերլանդական օրագրի,, էջերում, արձանագրի միայն մեր հայերնակիցների հաղթանակների ու բարի լուրերի մասին։ Երկար ու արգասաբեր ճանապարհ եմ մաղթում Ձեզ, սիրելի գործընկերներ։
Հարգանքով՝ Հակոբ Ասատրյան (Hakob Asatryan) 16.03.2018