Խաչիկ Մանուկյան / Բանաստեղծություններ

14.08.2014 20:59

«Նիդերլանդական Օրագիր» - գրական էջ, չորեքշաբթի, 09 հուլիսի, 2014 թ.


 

Գրականագետ-տեսաբան Նաիրա Համբարձումյանն այսօր' չորեքշաբթյան գրական էջում ներկայացնում է ևս մեկ տաղանդավոր գրողի
Խաչիկ Մանուկյան
Ծնվել է 1964 թ Էջմիածին քաղաքում, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1991-ից ՍՍՀՄ ԳՄ անդամ է, 14 գրքի հեղինակ: 
1987- «Իմ այգին » 
1992- «Վիրավոր խաչ» 
1992- «Զարմանալի ժամանակը» 
1996- «Գոյահանդես» 
1998- «Շերտ» 
2001- «Բիբլիական ըմդմիջումներ» 
2002- «Արա և Շամիրամ» 
2003- «Մինուսը, պլյուսը և մյուսները» 
2004- «Անցումներ» 
2008- «Վավերացումներ» 
2009- «Ոսկեփետուր մուժ» 
2010- «Էն աշխարհը չի» 
2012- «Բանաստեղծություններ» 
2013- «Թռչնապար»

Արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգ» «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի» «Ս. Գրիգոր Նարեկացի» մշակույթի նախարարության, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան գրական, ՀԳՄ Ավ. Իսահակյան` կրկնակի, Դ. Վարուժանի, Մ. Սարգսյանի և այլ մրցանակների: 

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ

շնորհավորում է բանաստեղծ
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ծննդյան 50-ամյակի կապակցությամբ

________________________________________
Ցնդած տարիներիս տոնն է այսօր, 
Շիկանում եմ շնչով տաք հուշերի, 
Շռայլ ծիծաղում ես գիշեր ու զոր
Բեկված բյուրեղի մեջ բյուր շշերի: 
.
Ճերմակ սավանները փրկում են մեզ` 
Հիմար երազներից, կյանքից, մահից...
Սեր իմ, մի տող միայն ձոնեցի քեզ.
«Խլի'ր, հափշտակի'ր ինձ ինձանից»: 
.
Չքնաղ քո հյուղակի խաս պատերին
Չարը սաստող քանի~ գավ եմ փշրել.
Չարյաց զարմիկները թե փաստեին` 
Կբոռային` հայդե~, գաղու'թ քշել: 
.
Բայց դե հնար չեղավ ընդմիշտ շեղել
Երգ ու երազ մերժող փուչ քաջքերին, 
Էս լեն ու բոլ կյանքում տեղս նեղ էր, 
Մեռնե'մ կարոտ դառած քո աչքերին:


 

Մ Ե Ղ Ա Վ Ո Ր Ի Խ Ր Ա Խ Ճ Ա Ն Ք
1.
Թռչնի ճերմակ ուրվականը
Գալիս է` ինձ իր հետ տանի -
Սպանել եմ նրան վաղուց
Սպասում եմ դատաստանի: 
Արծաթափայլ փետուրները
Խշխշում են ամպերի տակ, 
Մի քրքիջ է անհագ հնչում` 
Որպես չարքի խելառ կատակ: -
Դա գիշերն է` սոված վհուկ, 
Մարմինը` փակ սև քաթանով, 
Թվում է, թե կուլ է տալու
Կիսալուսին կեռ ատամով: 
ՈՒր-որ է նա կմոտենա, 
Սարսափը ինձ կհոշոտի, 
Եվ իմ կյանքի պարանոցին
Կմակարդվի արյան գոտի: 
Մեկն ասում է., , Զուր ես դողում, 
Չես մոտեցել դեռ վախճանի, 
Դու որ թռչուն սպանեցիր` 
Չարքը քեզ չի դավաճանի -
Կգուրգուրի մութ թևերով, 
Կնվիրի կին ու գինի
ՈՒ քո ամբողջ կյանքի համար
Զվարթ գիշեր կհորինի, , : 
Եվ ասում է., , Իզուր չէր, որ
Սպանեցիր թևավորին -
Կյանքի շռայլ վայելքները
Տրվում են միշտ մեղավորին, , : 
Զվարճալի սկիզբ է սա, 
Հատուցումն է զարմանալի, 
Որ ձեռքերս արյունելով
Պիտի ապրեմ շռայլ ու լի: 

2.
Մեղավորի ծուռ քայլերով
Ես մոտեցա մութ դղյակին
Եվ անտարբեր ողջունեցի
Ագռավների գորշ նվագին: 
Թիկնոցավոր երկու թզուկ
Դեմս ելան քրքջալով
Եվ աչքերս պինդ կապեցին
Վարձակների փայլուն շալով: -
Էլ չես կարող սթափ մնալ, 
Էլ չես կարող լինել ուժեղ, 
Երբ քո թմրած ուղեղի մեջ
Չար խոհերի զորքն է խուժել: 
Անթիվ դռներ ճռճռացին, 
Քայլում էինք` մեկ վար, մեկ վեր, 
Մութ աչքերիս բախվում էին
Ագռավների ճախրող թևեր: 
Եվ արյուն էր անվերջ հոսում
Սև, մոխրացող փետուրներից, 
Չռչռալով թափվում էր ցած
Երկրի բոլոր կտուրներից: -
Օ~, մեղքերի զնգուն ծիծաղ, 
Զարմանալի կարմիր անձրև, 
Ես էլ եմ քո միանվագ
Ծիածանի տակով անցել: 
իմ նվաղուն երազները
Թույն են շարել սկուտեղին
Եվ տանում են, որ համբուրեմ
Աշնան քամու այտը դեղին -
ՈՒր ամեն ինչ կվերջանա, 
Ագռավուհին կողջունի, 
Կատարածուն կասի` պրծա~վ
Պատմությունն այս խեղճ թռչունի:


Ց ՈՒ Լ Ի Ե Ղ Ջ Յ ՈՒ Ր Ո Վ

Եվ ցուլը եկավ` 
Կանգնեց անձրևի շարականի տակ
Եվ մի եղջյուրով
Մառանիս հսկա պատերը քանդեց, 
Հետո մոտեցավ
ՈՒ գինուս խառնեց արցունքները տաք, 
Ամեն կաթիլը` 
Այս փոքրիկ երկրի
Կարոտի չափ մե~ծ: 
ՈՒ խմե~ց, խմե~ց
Կարասների մեջ ծփացող ոսկին -
Երակների մեջ արյան ծիծաղը մեկեն վարարե~ց, 
Ինքն էլ խառնվեց գինու հորինած խնդության հոսքին, 
Եվ խռովության վերջին կանթեղը աչքերում մարեց: 
Հետո դուրս ելավ` 
Գինոտ եղջյուրը ընծա թողնելով
Եվ գիշերային ամայության մեջ ճոճվելով քայլեց -
Խավարի առաջ` գլուխը` խոնարհ, 
Աչքերը` խռով, 
Գնաց ու փռվե~ց
Պայծառ օրերի բագինների մեջ:


Ո Ղ Ո Ր Մ Ի Տ Վ Ե Ք

Երազանքներիդ հանգրվանն եմ, պապ, 
Նայիր` ընթացքը ոնց է ծանրանում, 
Սիրուց փախս տված սրտերը պարապ
Լրացնում էի անուն առ անուն: 
.
Քո նման չենք, պապ` քար դնենք քարին, 
Հիմի ամեն բան շինում ենք խոսքով, 
Ինչ թողել էիր` ծախինք օտարին -
Մեկ դարի կայքը` մեկ օրվա ոսկով: 
.
Անտառդ չկա, բայց մի վշտանա, 
Իր հետ մեր ցուրտն է այրվել, մոխրացել, 
Անզարդ մնացած տատիս թանթանա, 
Խաս կոպեկներդ ես եմ գողացել: 
.
Ողորմի տվեք մեզ, մեր նախորդիք, 
Ասեք` ողորմի` քիչ թեթևանանք, 
Խավար ճամփեքին խարխափող մարդիկ, 
Հանգուցյալների հաշվին է, որ կանք:


«Փողոցային երգեր» շարքից

Դարձյալ անհաշտ եմ իմ գոյության հետ, 
Կեսգիշերային դռներ եմ թակում, 
Բայց տանտերերը քնած են անհոգ, 
Եվ շնահաչն է հաշիվը փակում: 
Ինձ մոտենում է օրորվող մի այր, 
Փնտրում է, որ կյանքն ընծայի մեկին, -
Դե արի և այդ թշվառին ասա, 
Որ դու լա'վ գիտես գավաթի հոգին: 
Որ ինքդ էլ ես կյանքդ նվիրել
Եվ չգիտես թե ինչո'վ ես ապրում, -
Նախ մի ժպիտ են թողնում աչքերիդ, 
Հետո` հոգսերն են ուսերիդ կապում: 
Եվ ծանրանում են քայլերդ անվերջ, 
Նոր ժպիտներ ես խոնարհ շալակում, 
Իսկ երբ թակում ես դռները նրանց` 
Շնահաչո'վ են հաշիվդ փակում:

...

Մի կին ասում էր` էլ չեմ անի, -
Թե ի"նչ չի անի` լավ չիմացա, 
Գնում էր մայթով Բաղրամյանի, 
Ես պատահաբար կողքով անցա: 
Նա թևանցուկ էր արել մեկին` 
Փողկապով այր էր միջահասակ, 
Խորհրդային մեծ հայրենիքի
Կարոտն էր պահում իր կրծքի տակ: 
Հին օրերով էր ներկան պատել, 
Շուրջը` ընթացք էր անմխիթար...
Հարկ չէր լինի այս անցքը պատմել` 
Թե կինն անթաքույց ինձ չժպտար:

...

Շուկան խաբկանքացիր հմայքները պարզել` 
Կաթիլներն է կլլում հոգնած մշակների, 
Շուկան լրիվ ուրիշ շերտերի է հասել, 
Շուկան թքած ունի մեր ցավին ու բեռին, 
Մի պահ թվաց անգամ շատ է կատակասեր` 
Գիրք էր շարել ձեռքի ոսկե սկուտեղին, 
Երբ փորձեցի նրան մի տաքուկ խոսք ասել` 
Նա ծիծաղով բացեց ատամները դեղին.
«Ինչ ջերմ խոսքեր, բաբա~մ, ես անհոգի մեկն եմ, 
Իմ սարսափից ջուր է դառնում մարդու լեղին, 
Շուրջբոլորս պիտի շնագայլեր ցնկնեմ
ՈՒ մինչև վերջ լլկեմ ձեր կռապաշտ ցեղին»: 
Շուկան` երախը` բաց, 
Շուկան` խաբկանքացիր, 
Դախլին` գահ ու պորտֆել, կրտած արու ու քած, 
Եվ այլևս չունես ճամփա վերադարձի, 
Մի փետուր ես` քամու որովայնը ընկած: 
.
Քայլենք դեպի խորքը, գուցե մի լույս բացվի, 
Եվ չանարգված մի դեմք գուցե ժպտա հանկարծ, 
Գուցե գտնենք կորած դուռը լուսաբացի
Կամ` սփոփանք բերող թրթռացող մի կայծ: 
Շուկան` խաբկանքացիր, 
Շուկան` երախը բաց -
Մի թունել է, որ իր մութ խորքերն է տանում, 
Եվ խավարի միջով մենք անցնում ենք կամաց` 
Կորցնելով` երկի'ր, Հայրենիք ու անուն: 
Առուծախի մեջ են, պիտի առնեն ու տան
Անշունչ նյութից միջև հեգ մարմին ու հոգի: 
- Մի բան էլ մենք ծախենք երազներից մեր թանկ, 
Միչև գտնենք կորած դուռը առավոտի:


...


Իննսունականների գրական սերունդը, որի մի ներկայացուցիչն էլ ես եմ, ամենադառը ճակատագրին արժանացավ: Իրար հետևից հեռացան լուսավոր անհատականություններ, որոնք հասցրել էին իրենց գրի զորությունն ու հմայքըփոխանցել... Սիփան Շիրազը, Արտակ Համբարձումյանը, Արտաշես Յայլոյանը, Սամվել Զուլոյանը... Նրացհեռանալով` մեր ապրածի, մեր օրվա լույսը պակասեց, և որքան էլ իրենց շրխկան գրի մոգությամբ հաղորդվում ենքիրենց ապրեցնող շնչին, միևնույնն է, մեր բաժին ժամանակը շրջանցած ընկերոջդ կարոտը չի փարատվում...


Արտակ Համբարձումյանին

Հեռացող երկրին` երկինքն ապավեն -
Այնտեղ ու"մ շունչն է մեզ խառնվելու, 
Ճակատագրի անխարիսխ նավեր, 
Անթի, անփարոս` 
Լողում եք հեռու~: 
.
Կարծում էինք, թե տոն պիտի լիներ` 
Ինչ ընծայվել էր մեզանից թաքուն: 
Ցանկալի կույսը Մագթաղինեն էր -
Նա գիշերները չէր աղաղակում: 

Համընթաց չեղանք, 
Բայց շողշողում են
Մեր երազները երկնի լանջերին: 
Այստեղ թե այնտեղ` 
Ջուր է, 
Լողում ենք -
Եվ փրկօղակներ հարկավոր չէին:


Մեր կյանքը տափկնոցի է մահվան հետոր խաղում ենք ծնված օրից:


ՏԱՓԿՆՈՑԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ


1.
Կյանքից դեպի մահ
Ահա անցնում եմ -
Ինչպես կանցնեի
Փողոցից փողոց, 
Աչքերիս լույսը
Խաղաղ հանձնում եմ
ՈՒ միանում եմ
Բազմությանը հոծ: 
2.

Չեմ տեսել զավակիդ, 
Բայց կարգին լսել եմ -
Տարել է մեղքերը աշխարհի, 
Երբ անխինդ կարոտից կամ ցրտից
Մրսել եմ` 
Տվել եմ անունը իր բարի -
Ասել եմ` լավ եղիր, 
Ամուր կաց` ասել եմ` 
Անմահիդ դժվար է ավելի -
Մենք կանցնենք-կգնանք, 
Հորըդ հետ պարզել ենք -
Դու' պիտի դիմանաս ցավերին:

3.
Ես ո"ր աստղը հանգցնեմ, 
Որ մահն ինձ տանի -
Վայրի մի գայլ չէ արդեն, 
Շուն է ընտանի: 
Էն, ինչ կյանքը չզորեց` 
Հեշտորեն կանի -
Համոզվեցի` թու', նա է
Տերն ամենայնի:


-.-.-

Կարճ շրջազգեստ, 
Ծղոտե գլխարկ, 
Կիսաժպիտով եկավ, որ անցնի: 
Խարկված ավազին, 
Մերկ, 
Արևի տակ` 
Հետևում էի ես անցուդարձին: 
- Վերջը լավ լինի, - նետեցի օդում: 
- Վերջը հեռու է, - հեգնանքով ասաց: 
Սա հերիք էր որ 
Չգնայի տուն` 
Նետվելով սիրո ծովը գրկաբաց: 
Եվ հարկավոր չէր` ո'չ ինձ, ո'չ նրան` 
Կեղծ երդումներով զուգված երեկո.
Գիշերը դարձավ անթափանց վրան` 
Լցված փշրվող ալիքի երգով: 
Մենք գիտեինք, որ այսքանն է տրված, 
Իրար էլ երբեք չենք հանդիպելու, 
Բայց սիրո այնքա~ն առատ բերք մնաց, 
Որ կհերիքեր մի կյանք ապրելու:


- . - . -

Դեռ ամբողջովին տանուլ չեմ տվել, 
Խորքում մարմրող լույս է երևում, 
Տիկին թախիծը շուրջս հայտնվել` 
Իր չնաշխարհիկ մարմինն է գովում: 
Միշտ հայտնվում է անճար պահերիս, 
Նրա հետ ես հին հաշիվներ ունեմ, 
Ասում եմ` հիմա գնա, սիրելիս, 
Քեզ տեղը տեղին դեռ կողջունեմ: 
Առավել համառ մեկին չեմ տեսել, 
Նա հոխորտում է տիրակալի պես, 
Ճոճելով սուրը Նապոլեոն կայսեր` 
Կարծում է, թե իր հպատակն եմ ես: 
Բայց որպես տոհմիկ հայ-ուրարտացի` 
Չսովորեցի կյանքում նահանջել, 
Խոսքը կա` , , Եկա, տեսա, հաղթեցի, , -
Եվ ասողն ինձնից ուժեղ տղա չէր:


.-.-.-.

Օղորմի հորըդ, հրահուր արև -
Դեռ ջերմացնում ես պաղարյուններին, 
Ես ուզում էի` կրքախինդ պարել, 
Չդառնալ անկյանք ընթացքի գերին: 

Ավերված սիրո փլատակի տակ
Երկնքին հարող բան չի մնացել.
Մայթերի աղջիկ, գիշերը երկար
Հեշտ է անհոգի գգվանքով անցնել: 

Խաբվածներ են թունդ, ոտքի չեն կանգնում, 
Գինի չէր` գիշերն անցնի` լրջանան.
Վերջապես նյութը հաղթել է մարդուն.
Հիմի կարող են հեշտ ոչնչանալ: 

Եվ աքաղաղը թե նորից կանչի` 
Լույսը չի բացվի աշխարհի վրա, 
Դրախտի այգին էլ չի կանաչի, 
Եվ մեզ չեն գտնի Ադամն ու Եվան: