Հակոբ Մովսես / բանաստեղծություններ

03.09.2014 00:01

 

Սեպտեմբերի 3-ը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի ծննդյան օրն է: Օգտվելով առիթից շնորհավորում ենք սիրված գրողի ծննդյան տարեդարձը: 
Հակոբ Մովսեսը ծնվել է 1952-ին, Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում։ 1969-ին ավարտել է Արմավիր քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ 1973-ին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։ 1979-ին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։ 1991-1995 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը։ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն։

Երկեր

1981 - Թռիչքների երկինք, 40 էջ, Երևան, «Սովետական գրող» 
1984 - Ցնծության պահեր, 96 էջ, Երևան, «Սովետական գրող» 
1988 - Երգասացություն, 192 էջ, Երևան, «Սովետական գրող» 
1992 - Գիրք ծաղկման, 200 էջ, Երևան, «Նաիրի» 
2005 - Բանաստեղծություններ, 536 էջ, Երևան, «Նաիրի» 
2009 - Լույս զվարթ, 425 էջ, Երևան, «ԻԿԿ» 
2013 - Յոթներորդ որսորդություն, 333 էջ, երևան, «Անտարես» 

Թարգմանություններ

1980 - Յոհաննես Բոբրովսկի, Ժամանակը ցանկապատի վրա, 72 էջ, «Սովետական գրող» 
1982 - Ռայներ Մարիա Ռիլկե, Բանաստեղծություններ, 168 էջ, «Սովետական գրող» 
1986 - Թոմաս Ման, Բուդենդրոոկներ, 700 էջ, «Սովետական գրող» 
1992 - Ֆրիդրիխ Նիցշե, Չարից և բարուց անդին, Չաստվածների մթնշաղ, 272 էջ, «Ապոլլոն» 
2002 - Ֆրիդրիխ Հյոլդեռլին Բանաստեղծություններ, 510 էջ, «Նաիրի» 
2005 - Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, 516 էջ, «Վան Արյան» 
2007 - Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, 322 էջ, «Նաիրի», 
2008 - Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զրադաշտը (երրորդ վերամշակված հրատարակություն), 560 էջ, Իիկ-Երևան
2013 - Ֆրիդրիխ Նիցշե, Ողբերգության ծնունդը, Վագներ դեպքը, Չաստվածների մթնշաղ, Ecce homo, 631 էջ, «Գրիգոր Տաթևացի», Երևան։
***

«Նաիրի» հրատարակչություն

Երևան, 2005թ.

ՖԼՈՐԱ

Գիշերվա քամի՞ն շշնջաց դարձյալ: 
Ջրերին իջած ա՞ստղ էր հուրհրան...
Ի՞նչ անուններ են գիշերով բուրում
մեր շրթունքները: -
Ով մերը չեղավ` կանչում ենք նրան: -
Ում կորցրեցինք` նա մնաց մերը:

Ում կորցրեցինք... Ինչպես վարդը այն
անցած մայիսի վարդը բուրավետ, 
որի չորացած թերթերը սակայն
մենք մի սիրելի գրքի էջերում, 
չգիտես ինչու, պահում ենք հավետ:

Իմ հիշողության պարտեզների մեջ
քեզ ինչպե՞ս կանչեմ, 
ինչպե՞ս կրկնեմ անունը քո թանկ: 
- Բայց անուններ կան, որ պիտի չասենք, 
այլ գիշերվա մեջ, հանկարծ զարթնելով, 
պիտի հեկեկանք: 

ՕԳՈՍՏՈՍ
Դ.

Ես սիրո համար եղա սիրելիս: -

Մինչև լուսաբաց... Մինչև լուսաբաց...
Խնձորենու տակ քո երակների,

քո սրտի վրա, բույրերի խորքում
կրծքերիդ բացված մանուշակների:

Մեզ ի՞նչ կմնա այս գիշերվանից: 
Ի՞նչ կմնա մեր շուրթերի վրա:

Մինչև լուսաբաց, երբ արևելքում կհնչեն կրկին
պկու և սրինգ, և քո քույրերը, զարթնելով քնից,

կգան-կկանգնեն դռնակի դիմաց քո ցանկապատի:

Ու՞ր է, ասա մեզ, որտե՞ղ է հիմա, կհարցնեն քեզ, 
ցույց տուր մեզ տեսնենք`

որտե՞ղ ես թաքցնում քո սիրեցյալին:

Դու լաց մի եղիր, դու մի հեկեկա:

Դու նրանց ասա` իմ սրտի մեջ էր, իմ կրծքի վրա, 
իմ շշուկների հովիտներում էր նա ամբողջ գիշեր:

Դու նրանց ասա, որ առավոտյան, 
երբ բաժանումի աստղը ցոլցլաց ջրերի վրա,

երբ երեք անգամ հավը խոսեց, և
հանկարծ բացվեցին դռները լույսի,

նա վերջին անգամ
շուրթերս ծածկեց իր համբույրներով
և իր ոսկեսայր նետ-աղեղն առած`

ամռան վառվռուն սարերը ելավ այծյամի որսի...

ԴՈՒՔ, ՏՂԱՆԵՐ ՀՈՒԼԻՍԻ

Դուք, տղաներ հուլիսի, 
մատնեմատերդ խրած լույսի կոկորդը ոսկյա և երկնքի մայր դռան վերնասեմի ճեղքերից
ահասարսուռ բզզացող մեղվաբները մահվան -
Ո՞վ ձեզ մղեց ամառվա առափնյաները կիզիչ, 
ուր անպաշտպան եք, ինչպես խեցգետինները ափ նետված` կեսգիշերվա լուսնի տակ: 
Բռնկվում են երազի նրբաթևերը ցանցկեն, և ժամանակը այնտեղ, ջրերի մեջ մոլեգնած, 
ձեր հույսերի անխարիսխ տորմիղներն է քշում դեպի անհայտ մայրցամաք, 
ուր հայտնի չէ` վախճանի ինչ բնիկներ են ապրում խարույկների շուրջը վառ: -
Սեպանիգերը խրած ճեղքերի մեջ սպասման, հեշտանքներից համրացած և շուրթերով պինդ կառչած ծծակների կործանման` 
դուք ձեր փայտե դռներին ուրուներին եք մեխում հսկայական լռության
և, ափերին խռնված, անցախոսն եք կրկնում, որ ցերեկվա ելքի մոտ մի անծանոթ շշնջաց
և այլևս հավիտյան խավար գիշերը մտավ: -

Դուք, տղաներ հուլիսի, 
որ անպաշտպան եք, ինչպես խնձորները` սրաշեղբ դանակի կողքը դրված: -
Ո՞վ ձեզ կասի գաղտնիքը այս ամառվա և արյան, որ փռվում է իբրև աղ, կսկծացնելով քրքրված նախադաստակը վախի և թիկունքը սպասման:

Դուք, տղաներ հուլիսի, 
ձերն է աշխարհը համայն` արևելքում հրճվանքի և զենիթում գոհության: Ձերն է օրը անսահման, 
ուր թփերից հասմիկի, իր եղջյուրները ցցած, 
մենությունն է լրտեսում ձեր ընթացքները անհոգ և ժամերը ցնծության: 
Ուր անպաշտպան եք, ինչպես նետը` արդեն արձակված: 
Ինչպես մեկից տասներկուս, 
որոնց կրծքին ամեհի զույգ սլաքներն են ուղղված: 

ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ

Գարնանացանն արի, վիկն ու ցորյանը
ցանեցի, գարին, 
և քո հերկերում, ցավ, 
առավոտ վաղ ես գցեցի
լիաբուռը
իմ բառերի -

նշաններ կան, որ ասում եմ, ո՞նց մոռանանք, 
քամին, լուսաբացը, արտի եզրին կքած
փոքրիկ մի ճիչ
և կամ աստղն այն Արուսյակ, 
որը` աշնանը գիշերներին
թող իմ Հեռվի
ընծան լինի
ձեր Կապուտլուս սարին` 
Աստված ասաց -

ես իմ պատմությունն եմ անում, 
եկեք, և դու, իմ մթնշաղ, կապույտ իմ եզն, 
լիալուսնի իմ նշանը` ամեն կողքից մեղրի մի փարչ, 
կանաչ-կարմիր ապրշումը լույսի, 
որ, ա՜յ, 
և դու, կարոտ, տոտիկ-տոտիկ
իմ հետևից, ասես
կենտ մնացած կաքավ, 
ուր որ հիշողության ջրերին կախ
ոսկյա ճյուղը պահեցի քո, 
Հայրենիք, 
ախ -

ես իմ պատմությունն եմ անում, 
երբ որ երկար պանդխտումից վերադարձա
և բերեցի մաշիկ, գոտի, մի ծոց լի տաղ` 
եկեք տարեք` ո՞նց մոռանանք -

Այսպես եկավ նա մեզ` այսպես տեսանք` 
նա նստած էր երեկոյան, ըստ հինավուրց
ձեր պատգամի, դուք, աջափնյա յոթ գյուղորայք, 
թիկնած էր նա, դողդողացող աջը
կրծքին դրած, ջրերի մոտ հավիտենից
սուրբ հացի էր նստած
մեր երգեցիկ ծերերի հետ, 
և աջ ուսին դու էիր, 
կաքավ, 
և ձախ ուսին, 
Հայրենիք, 
ախ -

ՄՈՐՍ

Եվ քամիներն ահա
ճանապարհներ դարձան, -
ես գնում եմ հեռու, 
ես գնում եմ հեռու:

Եվ թափուր են մնում
օրորոցներն անձայն, 
և մանուկներն այնտեղ
էլ չեն տեղավորվում:

Եվ մեզ ի՞նչ է մնում
կորցնելուց բացի, -
և մեր դուռն են թակում սկիզբ ու վերջ, -
և ասում ես դու ինձ` 
տե՛ս, երկինքը հեռվում, 
և աստղերը` անծայր երկնքի մեջ:

Ես ելնում եմ հիմա
և գնում եմ ահա, 
գիտեմ` ինձ հետ դու չես գալու, -
դու մնում ես հեռվում -
դու մնում ես հեռվում` 
մանկությունս այնտեղ
պահպանելու:

hs-poetry.blogspot.nl
_______________

ԱՂԲՅՈՒՐԸ

Ես լսել էի նրա ձայնը
Եվ ելել էի որոնումի: 
Ես սիրում եմ թուզ, սալոր, մորի
Եվ, ուրեմն, ծոցս լիքը բառեր էի լցրել, -
Իմ մասին ինչ ուզում են թող ասեն, 
Բայց թող այն էլ ասեն, 
Որ պահեր կան, 
Երբ ինձ գնդակ չի բռնում, 
Երբ ինձ վրա արձակված նետերը
Չեն դիպչում ինձ, 
Եվ որ սուսերամարտի ու երգասացության մեջ
Ես ինձ հավասարը չունեմ:

Բայց ինձ ասել էին, 
Թե մեկը կա: 
Ես կարծում էի, 
Թե նա դահլիճներում կլինի
Եվ փնտրում էի այնտեղ, 
Սակայն հետո բլուրները ելա
Եվ, նրանց լանջերին թփերը հետ տանելով, 
Տեսնեմ` մեկը պառկած, 
Եվ անթառամը` 
Կրծքին կքած: -

Այ թե
Որտեղ ես թաքնվել
Փոքրիկ սուսերամարտիկ
Այ թե
Ես ասացի
Որտեղ

ԼՈՒՅՍԸ

Հրաչյա Թամրազյանին

Առավոտյան ելանք դարձյալ լալով, 
Բայց երբ կանաչ Շրեշ բլուրն անցանք, 
Այդ դու էիր կանգնած փողփողալով, 
Ո~վ եթերի ոսկյա դու սերմնացան:

Մեջքիդ քո յոթնահյուս գոտին կապած, 
Մեզ մեկնելով հունդն ու սերմը բառի…
- Թե՞ դու մեր հովիվն ես` երակդ բաց
Մեր դիմաց նստած մի մամռոտ քարի, 
Ողջ տիեզերքը քո գրկում պահած, 
Ինչպես գառը Գողթն մեր գավառի: 

ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ես քո ոտքն եմ եկել` մինուճարիս համար
Բարեխոսելու քեզ, պայծառափայլ իշխա’ն: -
Արդեն ինչքա՞ն եղավ` արդեն յոթը ամառ
Սպասում եմ նրան, որ հոտաղն էր իմ տան:

Լոկ մի բան եմ խնդրում. եթե քո տարեկան
Մարդահամարը դու դարձյալ անցկացնես, 
Նրան բացակա դիր, գրիր` չկա, սակայն
Մեռածների շարքում անունն իր չդնես:

Նրան դատավորը համարում է կորած, -
Բայց ես չեմ շտապում, սպասում եմ ես դեռ, -
Ծերերն ի՞նչ են ասում, - մի’ հավատա նրանց, -
Նրան անապատում տեսնողներ են եղել:

Մի նավազն ինձ պատմեց, որ ջրերին դրված
Հետքեր է նշմարել ցռուկից իր նավի: -
Մյուսը թե` ափին մեկը լաց էր լինում` 
Տրորելով թմրած վերջույթները ծովի:

Մի անցորդ էլ հայտնեց, որ բաց երկնքի տակ
Մի վրան է տեսել, դեմը` երեք ուռի, 
Եվ պատի տակ դրված չքնաղ մի ճախարակ` 
Թափանիվին` գեղմը լույսի մալանչների:

Բայց ես ի՞նչ իմանամ. ո՞ւմ խոսքն է ճիշտ, որի՞: -
Գուցե աշակերտ է դարձել դպրանոցում: 
Գուցե խոզարածն է նա մի մեծավորի: 
Գուցե որբ է գրվել նա մի որբանոցում:

Իսկ դեպքն այսպես եղավ. հեռու Դամասկոսից
Նրան մի գիր եկավ, ուր գրված էր. «Արի»: 
Եվ նա իսկույն մեկնեց: - Գուցե վերադարձին
Նրան վերնատունը գերեց գագաթների:

Գուցե դուստրն է քո մի լուռ պաղատանքով
Համբուրելով, սակայն – որ ոչ ոք չիմանա, 
Առավոտ վաղ, ոսկյա սանդալները հագած, 
Յոթ փարչ մեղրով բեռնել ձին իմ մինուճարի
Եվ ինձանից թաքուն ուղարկել է, որ նա
Դրա դիմաց հեռվում, աղոթքով և երգով, 
Մանուկ մեղվապահի հատուկ առաջարկած
Յոթը գրվան եթեր նրա համար ճարի:

(Մի բան էլ կա, իշխան. մի օր ես զայրացած
Պահանջեցի, որ նա – գույքը մեր հաշվարկի: -
Գուցե թե դրանի՞ց նա ելավ ու գնաց, 
Քանզի այլ կերպ իրերն ինչպե՞ս վերացարկի):

Ես քեզանից այստեղ ո’չ ալյուր եմ խնդրում, 
Ո’չ էլ աղերսում եմ կարեկցություն և գութ, -
Միայն մի բան, - քանզի նրանք լավ են փնտրում` 
Քո հոտառու շանն ու հետախույզին հմուտ: -
Թեև ա’յն էլ գիտեմ, պայծառափայլ իշխան, 
Որ մեկնածի հետքը – ոչ մի տեղ չի տանի, 
Որ հասու չէ հետքը նրա և ո’չ մի շան, 
Եվ քո հետախույզը – այդ ի՞նչ պիտի անի: 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թևերս մտած` ինձ դահլիճ բերեցին, 
Խոսի’ր, ասացին, ձեռքդ դի’ր քո սրտին: 
Նստած էր մայրս դահլիճում առանձին, 
Աչքն ինձ էր հառել նա` իմ միակ որդին:

Ես պապանձվեցի, սակայն շեմը անցա, 
Եվ դատավորն էր մթան մեջ անկյունի: 
Պատին ամրացված քարտեզին մոտեցա, -
Բայց ես չգտա տեղը Կարթագենի:

Գուցե չի եղել, ասացի ինքս ինձ, 
Եվ ժամանակը – սոսկ բառ է վերամբարձ, 
Բայց հանկարծ տեսա, այն հոսում էր նորից, -
Եվ անակնկալ ես բացվեցի հանկարծ:

Եվ ակնկալմամբ ու զորությամբ գրի
Այստեղ կորուստի շապիկը իմ հագին` 
Ես վկայության իմ խոսքերը դրի
Իմ ձեռքը տված այս գրատախտակին:

Ինչո՞ւ թաքցնել, որ այս մեր կողմերում
Շահույթը բեռն է ջրասույզ լաստերի, 
Եվ արդեն կնքված հաշվեմատյաններում
Իրականը լոկ թիվն է կորուստների:

Վաճառականը հիացումով անմար
Մետաքսն է կրում Սինան մեծ աշխարհի
Եվ թաքուն լալիս այն կերպասի համար, 
Որը նա երբեք այլևս չի ճարի:

(Թեև ես հասկացա, որ խոսք չէ ընդունայն, -
Ինչը եկել է, պարտավոր է գնալ, -
Եվ որ իրերին անմեռություն միայն` 
Միայն բառերը այստեղ կարող են տալ, -

Բայց թե մի կողմ քաշված հարց տվեցի ես ինձ, 
Թե մեզ և իրերին – մենք ինչո՞ւ տանջեցինք: -
Այո, մենք այստեղ բառերից և լեզվից
Անպատում բաներ – իզուր պահանջեցինք):

Իմ խնջույքներին հեռավոր ծովերով
Փողհարներն իջան և փողեր փչեցին, 
Բոլորը եկան անգին ընծաներով
Եվ մոտեցան ինձ և ողջագուրվեցին: -

Մուրացիկ, արքա, իշխան և մեծամեծ, 
Եվ ի~նչ երդումներ, խոստումներ և համբույր, 
Բայց աչքս շեղվեց և այն տեղին գամվեց, 
Որը այդպես էլ այնտեղ մնաց թափուր:

Ամառը արդար իր մրգերը լցրեց, 
Դրված էր սեղանին գինի և մեղրահաց, 
Բայց իմ որսորդի լացը սիրտս խոցեց
Այն լորի համար, որը նա չըորսաց:

Ես գոհ մնացի. դաշտում իմ հուրհրան
Յոթը խումբ կին էր աշխատում գլխահակ, 
Բայց վերակացուս էլի գովեց նրան` 
Փոքրիկ մահվանը այն բամբակահավաք:

Ես վկայում եմ, որ բերքի մեջ այս ծով
Մի բուռ ցորեն միշտ պակասեց իմ կալին: 
Ես վկայում եմ սպասումն այն, որով
Հայելին է միշտ սպասում մեռյալին:

Ես վկայում եմ, որ ժամանակն այստեղ
Քար-քարի անխոնջ դնելով շարեշար` 
Բարձրացնում է տունը իր փառահեղ` 
Մեր դեմ մի զարկով այն քանդելու համար:

Ես վկայում եմ, որ զուր էր այս ամառ
Ծեր այգեպանին երկտողն իմ ուղարկած, -
Մի թզենու և մամխի թփի համար
Արժե՞ր նորոգել ցանկապատս պառկած:

Իմ նախիրն անթիվ – արոտները գնաց, 
Իմ հոտը ծածկեց լանջերը մեր սարի, 
Բայց իմ ունկերում մղկտոցը մնաց
Անցյալ մայիսին կորցրած իմ գառի:

Ես վկայում եմ (ինձ չի քսվել թեև) 
Յոթ քամիներից անդին մի զով քամի, 
Ես այն ջրհորն եմ ձեզ վկայում նաև, 
Որի պաղ ջուրը – մենք երբեք չենք խմի:

Եթե անցորդը, կանգնած ջրերի դեմ, 
Ունկը պարզել է նվագներին մահի
Եվ հագել է իր սանդալները արդեն, -
Դուք նրան այստեղ այլևս չեք պահի:

Եվ ամենախոր հետքերը նրանք չե՞ն, 
Որոնք ջնջել են անձրևները խորին, 
Եվ որոնք միայն – մենք կարող ենք տեսնել
Անհետացումի բարեբեր հողերին:

Գրատախտակն եմ ես իմ ձեռքին պահում` 
Ի վկայություն և ի լուր ամենքին, 
Ես մի մանուկ եմ նաև ձեզ վկայում, 
Որ մոտենում է` իր ջնջոցը ձեռքին:

***

Գարունը եկավ, ծաղիկը բացվեց, 
Տեսնես վարդը ո՞վ պիտի տուն տանի: -
Հողակտորն այս, որ ինձ հատկացվեց, 
Թող աչքից հեռու և թաքուն լինի:

Հարկահավաքը թագավորական
Հողատուրքն ինչո՞վ պիտի հավաքի: 
Ոսկո՞վ, արծաթո՞վ, թե՞ արքայության
Ամբարը լցնող ցորենով երգի:

Եվ սուզակները կապույտ ջրերում
Սուզվում են, ելնում, ճչում խելահեղ: -
Սակայն մի սաթ կա զարդատուփերում, 
Որ կորչելով է հայտնվում այնտեղ:

Եվ ես ասում եմ. ունեցվածքն անանց
Չունենալով են միայն ձեռք բերում: 
Թող ոչ մի տագնապ չունենա և նա, 
Ով բաժանմամբ է հասել իր սիրուն:

ՄԻ ԿԱՐԿՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այս պատմությունը, ձայնս կորցնել պատաճառով գուցե, երկար ժամանակ չեմ կարողացել ես բարձրաձայնել, 
Բայց հիմա արդեն այն հետ է եկել, և պատմությունն այս ճշմարիտ է և համակ վկայված: 
Ոչ ոք չի կարող այն թվագրել կամ ժամանակը նրա սահմանել: 
Սակայն իմացեք. հասել է պահը, որ դուք էլ կարդաք և այն կավեղեն պնակիտների վրա է գրված:

Ուրեմն այսպես. ես բարձրանում էի դեպի Մարալիկ, 
Եվ երբ երգելով բլուրներն անցա, տեսնեմ` դիմացից մի ճերմակամազ մանուկ է գալիս, հիշեցե’ք, ամպի կերպ առած, սակայն, 
Վուշե շապիկի կուրծքը լայն բացած, ձեռքին մի պուլիկ, 
Կլիներ 1 կամ 2 ժամական…

Ասացի, ճամփան մենակ չեմ անցնի, իմ սայլը լիքն է համեմունքներով, և գնդասեղ է լամբակիս խրված, 
Թող նա էլ բույրը շնչի և երգի, թող նա էլ դաղձը իր լեզվին դնի և զմայլանա, 
Գուցե թե սրան, ասացի ես ինձ, մայրն է մոռացել ուռիների տակ, 
Եվ գուցե ձեռքի պուլիկից մի կում կաթ ինձ էլ հասնի, - ինձ էլ կամենա, 
Սակայն կապայի փեշն հետ տանելով` ի~նչ տեսնեմ հանկարծ. գոտու տակ խրված
Յոթը հատ դաշույն, սակայն ի՞նչ դաշույն, յոթն ատրճանակ, -
Եվ ձեռքի չքնաղ կայծակը քաշած` վրաս գոռաց նա:

Բայց զինված է սա, աղաղակեցի և իմ երփնագույն
Խաչվառը պարզած` ես Լանջիկ գյուղի պատերի ներքո ապաստան գտա, 
Մինչև որ այնտեղ ես մի ավանակ ճարեցի ճերմակ և այդժամ թաքուն
Ուղեցույց բռնած աստղը ճառագուն` 
Հույսը սրտումս Մարալիկ մտա:

Այնտեղ մնացի, և ես ի~նչ երգեր հանկարծ հուսացի: 
Երեկոն իջավ, ճակատիս շուրջը մի խոհ պտտվեց արբանյակի պես: 
Ես հղի մի կին տեսա դռան դեմ, քո’ւյր իմ, ասա~ ինձ, նրան ասացի, 
Ես ինչպե՞ս լինեմ, և դու, ասացի, քո’ւյր իմ, այսքան սուրբ էլ ե՞րբ կլինես:

Մանուկնե~ր, ահա ես հանգստացա, երբ այս պատմությունն այսպես պատմեցի հայրենի կարգով.
Եվ ահա թող սա ձեզ խրատ լինի, որ ինձ պես հանկարծ
Դուք Լանջիկ գյուղի մոտերքում չընկնեք խաղով և երգով
Ձեր ձայնը կորցնեք, անձայնությունը երկար ժամանակ ձեր բախտը դառնա, և դուք ստիպված ինձ նման դառնաք այսպես վերամբարձ…

***

Ամպրոպ ճայթեց: Ես ջրերով իջա ցած` 
Հավկիթներով լի մի զամբյուղ շալակած:

Տատրակների և լորերի բներից էի ես հանել: 
(Աստված իմ, ինձ հայտնություն տուր` ո՞ւր տանել):

Օտարականն իր շուրթերին երկրի աղը ցանեց: 
Եվ երկնային եռակցողը իր զոդիչները հանեց:

Ո՞ւմ է տրվել, սիրո’ւն կայծակ, երազի գիծը հատել, 
Որ մեր կողքին քեզ հաջողվի ջուրը և հուրը զոդել:

Երկրի կշե’ռք, երկրի կշռո’րդ, որ քարերն եք ձեր շարել, 
Ո՞վ է զորել, որ դուք զորեք եթերն այստեղ կշռել:

Ասեք, ո՞վ է կարողացել փռել դիպակը կարմիր
Եվ շուրթերից իր սիրելու հագեցնել ծարավն իր:

Վարպետներ իմ, որ ջանում եք անվարան, 
Լավ կլինի, որ վայր դնեք արդեն խարտոց ու խարան:

Դուք ձեր տեսածն, ահավասիկ, - բայց ես էլ իմն եմ պատմում, 
Որ իմ սիրտը ցավով լցրեց անհատնում:

- Իմ տեսածը այն է եղել, որ դարբինը, հետևելով անզուգական և կատարյալ իր իրին` 
Կամ շիկացած ունելուն է ձեռքը տարել, կամ էլ մուրճն է իջեցրել մատներին:

granish