Մերուժան Տեր-Գուլանյան / Մեր ժամանակի բանաստեղծն ու մտավորականը

04.03.2015 18:22

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան (ծնվել է նոյեմբերի 29, 1948, Գոման գյուղ, Ջավախք), գրող, հրապարակախոս։
 
1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։
 
1973 թ.-ից աշխատել է «Գարուն» ամսագրում` որպես գրական աշխատող, այնուհետև` բաժնի վարիչ, ապա` գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-1990 թթ.` ամսագրի գլխավոր խմբագիր:
 
1988-1993 թթ. եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիր ղեկավարը։
 
1978 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է և յոթ գրքի հեղինակ։ 1979 թ. «Дружба народов» ամսագրում Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով տպագրված պատմվածքների շարքը թարգմանվել է 21 լեզվով։
 
Հանրապետության և այլ երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 1000 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։
 
1990 թ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, միաժամանակ` ԳԽ նախագահության անդամ։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի, հեղինակային իրավունքի, ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքները։
 
1997 թ. հիմնադրել է հանրապետության առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը` հանդիսանալով հիմնադիր-նախագահը։ Մինչ այդ հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը։
 
2006-09 թթ. եղել է «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2009-11 թթ.` Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրենը:
 
2011 թ. ընտրվել է ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:
 
2012 թ. հիմնադրել է «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս։
 
------------------------------------------------
Ցեղասպանություն եւ ցեղասպանվածի մշակույթ 
Եթե ջուրը երկրի արյունն է, ապա լույսը հոգին է երկրի: Այսպես մտածում էի, մտածում ու տողը չէի գտնում, այնինչ ժամանակն անսանձ նժույգի նման սլանում էր առաջ՝ իր փոշին թողնելով ձեր եւ իմ մազերին: Տպավորություն ունեի, թե մենք հարյուր տարի, հարյուր տարուց էլ ավելի անհուսահատ համբերությամբ սպասում էինք Ժամանակ տվողին, ով պիտի գար ու ճշտեր իր իսկ սխալը, եւ ով գալու էր դրսից: Այդպես մեզ թվում էր… Այնինչ տեղի է ունեցել ցեղասպանություն, մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում: Հայրենիք, որի փոշուց, ինչպես լորդ Բայրոնն էր ասում, Աստված ստեղծեց Ադամին: Այսինքն թե՝ տեղի էր ունեցել համամարդկային աղետ: Քանդվել, ավերվել, հողին էր հավասարվել Մարդու ծննդավայրը: Իսկ մենք շարունակում էինք սպասել դրսից եկողին, ով իբր թե պիտի ուղղեր խախտված ներդաշնակությունը: Սպասում էինք, սպասում՝ փոխանակ նայելու մեր ներսը, թե ինչ եղավ փրկվածներիս, վերապրողներիս հետ: Նայեցինք, քրքրեցինք մեզ ու գտանք զարմանալի նվաստ մի բառ՝ գոյատեւել, գոյատեւել մեր տանը եւ դրսում՝ աշխարհը դարձնելով մեզ հայրենիք: Եվ բառն այդ մեզ տաք թվաց, ու մենք հարմար տեղավորվելով այդ բառի մեջ՝ սկսեցինք գոյատեւելով հպարտանալ, որ փրկվել ենք ու դեռ կանք՝ ի հեճուկս թուրքի: Եվ վերջին հարյուր տարում Խորենացուն, Գողթան երգիչներին, Նարեկացուն, Քուչակին ու Մեծարենցին փոխարինած մեր Երգիչները շեղվեցին փառավոր մշակույթի բնականոն հունից, հորինեցին, ստեղծեցին ողբի ու հալածվածի մշակույթ, զրկված ու զարկված հայրենիքի մշակույթ՝ առանց անդրադառնալու, որ մենք մեր իսկ ձեռքով ոչնչացնում ենք մեր մշակութային Ես-ը, ով իր հանճարով ժամանակին կանգնած էր աշխարհի մեծերի կողքին, եւ չնկատեցինք էլ, թե ինչպես հարյուր տարվա ընթացքում փոխվեց մեր հանճարների ձեռագիրը… Այո՛, գոյատեւել բառը մեզ շատ դուր եկավ: Թուրքն իր գործն արել էր, եւ մեր մեծ հայրենիքի մի անկյունում մեզ մնացել էր փոքրիկ մի Հայաստան եւ աշխարհով մեկ սփռված պատմական հայրենիք փնտրող հայություն: Բայց մենք չհասկացանք, որ թուրքը չի հեռացել, թուրքն իր նախճիրով մտել է մեր հոգեւոր աշխարհ եւ շարունակում է ցեղասպանել մեզ մեր ներսից՝ արդեն հարյուր տարի, ցեղասպանել մեր միտքն ու մշակութաստեղծ հոգին, որ լույսն էր երկրի: Չհասկացանք նաեւ, որ հայ ազգը աշխարհին պարտք չէ, հայ ազգն ինքն իրեն է պարտք: Գրեցի այս տողերն ու ինձ թվաց, թե գտա այն, ինչ փնտրում էի. Որ որպես զգեստ հագնելով մեր կորցրած հայրենիքն ու արյունը կորցրած՝ մեր ներսում պիտի ջնջենք թուրքի արյունոտ ձեռքի հետքը: Որ մենք ոչ թե պետք է մոռանանք համազգային ցավը, այլ մեր հոգին ու հոգեւորը ազատենք ինքնացեղասպանվելուց, եւ քայլենք աշխարհի երեւելի ազգերի կողքին, ինչպես ԷԻՆՔ Թորոս Ռոսլինի եւ Մեծարենցի ժամանակներում: Որ առաջին հերթին պետք է սպանենք մեր հոգեւոր կյանք խուժած թուրքին, որպեսզի ճանաչենք մեզ ու մեր ուժի սահմանը, եւ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաղթել: Ու ես համոզվեցի նաեւ, որ մենք ճշմարտություն որոնող ու չգտնող ժողովուրդ ենք, իսկ ճշմարտություն որոնողի ճանապարհը անվերջ է ու հավերժ, որը նաեւ մեր ճանապարհն է, մարդկության գերագույն արժեքները պահպանողի ճանապարհը։ 
 «Առավոտ» 
_____________________
Դարձյալ անտերության կարոտ 
 Տարօրինակ ցեղ ենք մենք, շատ տարօրինակ, աշխարհից վիրավորված` մեր ունեցածը կորցրել ենք ու վիրավորվել: Ումից եւ ինչու ենք վիրավորվել՝ չգիտեմ: Երբեւիցե մենք մեզ հարցրե՞լ ենք, թե ինչու ենք կորցրել: Երբ որ այսօր եւ հազար տարի առաջ երազում ենք, փնտրում, պայքարում, որ վերադարձնենք մեր կորուստները: Եվ երբ գտնում ենք մեր երազանքն ու մեր կորցրածը` մեզ քիչ է թվում: Ողորմի հոգուդ, Պոլսում ապրող եւ ծորակներ ծախող բանաստեղծ Զահրատ, հազար ողորմի քեզ, երբ ասում էիր` կյանքը կհատնի, փնտրտուքը` ոչ, մարդը չգտնող կենդանի մըն է: Վստահ եմ, որ Զահրատը մարդ ասելով` առաջին հերթին հային նկատի ուներ: Այո, զարմանալիորեն անհայտ աշխարհներ եղան աշխարհին հասկանալի, ուր ցեղովի ընդամենը յոթ գրաճանաչ ունեին կամ՝ չունեին, բայց մենք՝ ի սկզբանե գրաճանաչներս, մնացինք չհասկացված: Եվ ինձ թվում է` մեղքը աշխարհինը չէ, մեղքը մերն է, մեղքը մեր ներսում է: Զվարթնոց տաճարն ուներ երեսունվեց սյուն եւ կայուն էր երկրի վրա ու երկնքի դեմ, ինչպես մեր երկիրը հնում` Արտաշես արքայի ժամանակ, որ գլխին պահում էր սեփական պետության գմբեթը… Բայց ինչ եղավ հետո. տաճարի ինքնասիրահարված սյուներից մեկը, որին թվում էր, թե ինքը միակ ընտրյալն է, մտածեց` մյուսները թող պահեն երկիր-տաճարի գմբեթը, ես կարող եմ դուրս գալ ու իմ գմբեթը ստեղծել: Այդպես մտածեցին թերեւս էլի սյուներ, եւ Զվարթնոց հրաշալի տաճարը փլվեց: Սուտ է, չեմ հավատում, որ երկրաշարժից է փլվել Զվարթնոցը: Մեր ցեղը բազում երկրաշարժեր է տեսել, բայց երբեք չի խոնարհվել, քանզի մեր տաճարները դրսից չէ, որ քանդվել են, այլ ներսից: Եվ այսօր անհասկանալի ճանապարհով առաջնորդի զուգս թվացյալ հագածները չեն էլ մտածում, որ սարդոստայնի ընդամենը մի թելն են իրենք, իսկ սարդը ուրիշ տեղում է եւ նենգորեն լուռ է: Անշուշտ, երիցս ճիշտ է, որ ոչ մի կռունկ առանձին կամ երեքով հյուսիսային լճերի տեղը չգիտի, ինչպես նաեւ` չգիտի Աֆրիկայի տեղը: Կռունկների կյանքի ճանապարհը միայն երամը գիտի: Իսկ երամն ասում է. Դուք ձեր ավերակ տաճարներն ավելի եք սիրում, քան ձեր կանգուն տաճարները: Դուք ձեր կորցրածն ավելի եք սիրում, քան ձեր ունեցածը: Դուք ձեր պարտություններն ավելի եք սիրում, քան հաղթանակները: Չէ՞ որ դուք կռունկ սիրող ժողովուրդ եք: Շարունակեք քանդել ձեր տաճարները ներսից, եւ կորցնելով ձեր հայրենիքը` հարցրեք մեզ` չվող թռչուններիս. Կռունկ, ուստի՞ կուգաս, կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս: Այնինչ… Այնինչ տեր եղեք, որ անտեր չմնաք, տեր եղեք, որ միշտ տեր ունենաք եւ ձեր իսկ տիրոջով տեր դառնաք ձեզ եւ ձեր երկրին ու հազարամյակների միջով անցած կորուստներին ու ունեցածին: Եվ այլեւս մեզ մի դիմեք, մենք ընդամենը չվող թռչուններ ենք:
_____________
 Իրատեսություն… եւ անդին 
 Իսկապես տարօրինակ է աշխարհը. մարդիկ իրար հետ կռվում, վիճում են, վարկաբեկում իրար, այնինչ, իրական պատերազմը նյութի, իրերի համար է:  Եվ տպավորություն կա, որ անիմաստ է օրենքներից խոսել այն մարդկանց ներկայությամբ, որոնց գրպանները լցված են դոլարով, իսկ թիկնապահների գոտիներում դաշյուն կա պահված… Սրճարանում նստած՝ նայելով արդեն երկրորդ սուրճի բաժակին՝ մտածում էի ես, գուցե վերհիշում էի, չգիտեմ: Չգիտեմ նաեւ, թե ինչու հիշեցի օլիգարխիա (oligarkhia) բառի ծագումը, որը հունարենում նշանակում է փոքր խմբի իշխանություն, իսկ ժամանակակից Ամերիկայում նշանակում է մարդկանց փոքր խումբ, որը մեծ ազդեցություն ունի կառավարության վրա: Իսկ իմ դիմաց նստած Համլետ ընկերս մտահոգ՝ տագնապով շարունակում էր իր խոսքը. ի՞նչ ենք անում մենք, երկատում ենք ազգը, կիսում ենք, որ նորեն կիսենք, դարձյալ կիսենք, կարծես ձգտում ենք հասնել անվերջ փոքրին, այնինչ պետք է հակառակն անել, պետք է հավաքվել ու ամբողջանալ: Չի բացառվում, որ ես լավատես երազող եմ, բայց Համլետ իմ ընկերը ինձ համառորեն մղում էր, ուղղորդում՝ տեսնելու մեր իրական կյանքը, եւ համառորեն պնդում էր, որ չարիքի փոքրագույնը չի լինում, եթե չարը կա, այն միշտ էլ մեծ է: Ուստի պետք է չարի դեմն առնել, որպեսզի երկիրն ու ազգը ամբողջանան՝ դառնալով մի հոգի ու մի մարմին: Եվ միակ ճանապարհը ցեղի ամբողջականությունն է, որը կարող է հաստատել ու ձեւակերել ազգի նպատակներն ու դեմքը եւ ներշնչել այն հեռանկարը, որին հազարամյակներով ձգտել ենք մենք: Այդպես գրեթե դատարկ սրճարանում նստած՝ Համլետը, Ռուբենը եւ ես զրուցում էինք, եւ մեր մտահոգությունը նույնն էր: Երեքս էլ զզվում էինք գոյատեւել գետնաքարշ բառից եւ մի ուրիշ բան էինք փնտրում՝ մի ապրեցնող խոսք…… անցնել իրատեսականից անդին եւ նախապատրաստել նոր սերնդի հերոսին, ով օլիգարխը չէ հաստատ: