Միխայիլ ԼԵՐՄՈՆՏՈՎ (1814 - 1841)

08.01.2015 00:27

 

 
Գագիկ Դավթյանի թարգմանությամբ

… ին


Ինձ գեղեցկությամբ մի՛ հրապուրիր,
Մարել է վաղուց հոգին իմ ծեր:
Ախ, քանի տարի, մտքիս մեջ ուրի՜շ,
Ուրի՜շ հայացք է տիվ ու գիշեր ...
Մոռացել աշխարհն իր պատճառով,
Տենչացել եմ այս պահն անմոռաց,
Բայց թափառում եմ աշխարհից խռով,
Լքվա՜ծ, մենավոր ո՜րբ եմ կորած:
Այդպես ճամփորդը, գիշերով խավար
Տեսնում թափառող կրակը տաք,
Վազո՜ւմ է... ձե՜ռքն է մեկնում, ավա՜ղ...
Գայթող ոտքի տակ վ՜իհն է անտակ ...

Ստանսներ

Սիրում եմ ես, երբ հոգու հետ կռվելով,
Շիկնում է իմ գեղեցկուհին դեռահաս.
Վերջալույսն է շիկնում այդպես, փռվելով
Փոթորկի և ամպրոպի դեմ վերահաս:


Շունչն եմ սիրում, որ շուրթերից իր ելած,
Անտառին է ձուլվում լուսնյակ գիշերով.
Այդպես տավիղն է ղողանջում ոսկելար,
Պաղ քամու հետ իր զրույցը հիշելով:


Բայց իմ աչքին քաղցր են թվում առավել
Աղաչանքի արցունքները նրա ծով.
Այդպես անմեղ քերովբեն է արտասվել,
Փրկչի անլուր տանջանքները տեսնելով:



Մենակություն 

Ինչ ահավո՜ր է քարշ տալ այս կյանքի
Շղթաները – խուլ մենության մեջ:
Պատրա՜ստ են կիսել պահը բերկրանքիդ.
Ոչ ոք չի՛ կիսի վիշտդ անշեջ:


Մենակ եմ, ինչպես արքան երկնքի,
Սիրտս տնքում է տառապանքից,
Ճակատագրի դեմ գլխահակ ու հեզ,
Օրերն անցնում են երազի պես,


Եվ գալիս նորից, սակայն նույն շքեղ,
Հին երազանքով ոսկեզօծված,
Ու ես տեսնում եմ իմ դագաղը բաց
Ինձ է սպասում... Ինչո՞ւ ձգել –


Մեկ է, ոչ մեկը վրաս չի լալու,
Եվ (համոզված եմ) տեսնելով դիս,
Շատ ավելի են ուրախանալու,
Քան թե փուչ պահին իմ ծննդի:


Մուրացկանը

Դարպասների մոտ մի սուրբ վանքի
Ողորմություն էր խնդրում կանգնած –
Քաղցից, ծարավից, տառապանքից
Չորացած, թշվառ մի մարդ՝ հանգած:


Աղերսում էր նա մի կտոր հա՜ց,
Դեմքին տանջանքի դրոշմը կար,
Սակայն քա՜ր դրեց ափում պարզած,
Ինչ – որ մի անցորդ՝ կատակով չար:


Այդպես քո սե՜րն եմ խնդրել թաքուն
Դառն արցունքներով, կարոտակեզ.
Զգացմունքները իմ լավագույն
Խաբվա՜ծ մնացին հավետ այդպես:


***

Ես թուքումուր եմ հաճախ կերել
Ու մատնել են ինձ տանջանքների,
Որ ներել մարդկանց, ա՜յն եմ ներել,
Ինչ որ ինձ իրենք չէի՜ն ների:


Տանջե՜ց ինձ, պատժե՜ց բախտն անխնա,
Մեղքերիս բարդեց մեղքեր չեղյալ,
Սերը սրտիցս թռավ – գնաց,
Եվ ներել նրան զորու չեղա:


Ու մարդկանց հանդեպ – փոքր ու մեծի –
Դարձա սա՜ռն այնպես, մռայլատես.
Սակայն որ կողմ էլ շուռ եկա ես,
Ուրա՜խ դեմքերի հանդիպեցի:



Հիմար գեղեցկուհուն

1

Ամուրը մի օր հարց տվեց ինձ,
Կըմպե՞մ իր գինին երանելի –
Չէի՜ տոչորվում ես ծարավից,
Պարպեցի՛ սակայն գավաթը լի:


2

Զո՜ւր կցանկայի նորից հիմա
Թրջել իմ այրվող շուրթերը ես,
Զի կրքոտ գինու գավն աննման,
Ավա՜ղ, դատա՛րկ է քո գլխի պես:


 


Իմ տունը


Իմ տունն ամենո՜ւր է, ուր կա երկնակամար,
Ուր լսվում է միայն երգի հնչյուն,
Նեղ չի՜ եղել երբեք նա պոետիս համար,
Թեև կյանքի կայծ կա ամեն ինչում:

Աստղերի՜ն է հասնում տանս կտուրն անգո,
Եվ ճամփեքը – պատերն իրար կապող –
Հեռավոր են այնքան, որ կարող ես հոգո՜վ
Չափել միայն, ո՜չ թե աչքաչափով:


Ճշմարտության տենչ կա սրտում ամեն մարդու,
Հավերժության հատիկ՝ անապական,
Որ ամփոփում է իր կարճ մի ակնթարթում
Տարածությունն անափ ու դարն անկանգ:


Տե՜րն է ամենազոր շինել տունս շքեղ –
Տենչի համար այդ սուրբ ու սրտագին,
Դատապարտված եմ ես տառապելու այնտեղ,
Եվ լոկ այնտե՜ղ պիտի գտնեմ հանգիստ:


 

Կտակ

1

 

Կա մի տեղ – կածանի մոտ լքված –
Ամայի մի բացատ՝ անտառի խուլ ծոցում,
Ուր հյուսվող մշուշներն իրիկվա
Լուսնալույսն արծաթով է օծում...
Բարեկամ, դու բացատն այդ գիտես,
Ամփոփիր սառած դին իմ այնտեղ,
Երբ հանգած կլինեմ ես ի տեր:


2

Շիրմին այն մի մերժիր դու ոչինչ, և արա,
Ինչպես որ կարգով է օրենքի –
Թխկենու ճղներից խաչ տնկիր,
Եվ անտաշ մի քար բեր, դիր վրան.
Երբ ձայնից որոտի ու շանթի
Փոթորկվի անտառը, միգուցե մի բարի
Արարած, մի եկվոր իմ խաչը նկատի,
Եվ նստի, շունչ առնի իմ քարին:


Բաղձանք 

Ինչո՞ւ թռչուն չեմ ես – տափաստանի ագռավ - 
Որ ճախրում է հիմա իմ գլխից վեր ,
Ինչո՞ւ ես չեմ կարող երկինքներում թևել
Ազատության սիրով սրտագրավ...

Արևմո՜ւտք, արևմո՜ւտք կթռչեի – վերից
Կտեսնեի ծաղկուն եզերքը պապերիս,
Ուր լեռներում միգոտ – դղյակի մեջ դատարկ – 
Աճյուններն են նրանց անհիշատակ:

Ուր վահանն ու սուրը նրանց ժառանգական
Ժանգոտում են կախված հնամենի պատից:
Օ՜, ես դրանց վրա թևածելով անկանգ,
Կազատեի փոշուց հատիկ – հատիկ.

Կդիպչեի թևով տավղին շոտլանդական,
Ու կարթնանար քնած լարը հանկարծ,
Կամարների ներքո քաղցրիկ կղողանջեր,
Ու կմարեր դանդաղ ու կտանջեր...

Բայց երազներն ունայն և աղոթքներն ի՞նչ են
Ճակատագրի դաժան վճռի հանդեպ:
Իմ ու հայրենիքիս բլուրների միջև
Ալիքներ են ծովի, հողմ ու շանթեր:

Խիզախ ռազմիկների վերջին մի շառավիղ
Ձյուների մեջ օտար կթառամի.
Ես այստեղ եմ ծնվել, հոգով եկվո՜ր եմ բայց:
Օ՜, ինչո՞ւ ագռավ չեմ թևատարած...


 

Խոստովանություն

Հավատում եմխոստանո՜ւմ եմ հավատալ,
Թեպետ ինքս չե՜մ զգացել, չե՜մ տեսել,
Որ կարող է վանականը
 երդում տալ
Ու չլինել երեսպաշտ ու ոսկեսեր.
Որ համբույրներն ու ժպիտները շինծու
Նենգ են ո՛չ միշտ: Չե՜մ տեսել,
Որ երբեմն մերձավորին աննեցուկ 
Ներե՜ն – չնչին սխալները անտեսեն.
Որ ամեն ցավ ժամանակն է ամոքում,
Որ աշխարհը երջանկության համար է լոկ արարվել,
Որ կոչո՜ւմ չէ պարկեշտությունը հոգու,
Եվ երազից կյանքը թա՜նկ է առավել...

Բայց ներհակ են ամեն պահի, ամենուր,
Հավատքը ջերմ ու սառը փորձը կյանքի,
Եվ մտքերս դարձյալ հածում են տխուր,
Չհասնելով նվիրական բաղձանքին:
Եվ առլեցուն ավաղանքով – սիրտս բաց – 
Անջնջելի հետքն է պահում իր խորքում
Տեսիլքների՝ իրենց մահով սրբացած,
Եվ հույզերի ստվերները մորմոքուն:
Երկյուղ չունի՜ սակայն սիրտս անվարան,
Այն, ինչ պիտի այլոց համար լիներ թույն,
Դառնում է շունչ, որը սնում է նրան
Իր բորբոքուն, խոցող հրով կենսատու:


 

Հույսը

Ես ունեմ մի հավք եդեմական,
Որ առավոտից մինչ երեկո 
Թառում է դալար նոճուն, սակայն
Չի՜ երգում երբեք նա ցերեկով.
Մեջքը լազո՜ւրն է ներկել վերից,
Պստիկ գլուխը՝ ծիրանավա՜ռ,
Իսկ ոսկեփոշին իր թևերի
Ցո՜լքն է լուսայգի՝ երկնքում մառ:
Եվ հենց աշխարհը քուն է մտնում,
Մշուշաքողում, ճյուղին թառած,
Նա այնպես քա՜ղցր է երգում մթնում,
Գեղգեղում այնքա՜ն հոգեպարար,
Որ մոռանո՜ւմ ես դու ակամա
Քեզ ճնշող բեռը տառապանքի,
Եվ հնչյունն ամեն սրտիդ համար
Ասես թե մի – մի հյո՜ւր է անգին:
Ես լսել եմ այդ երգն իմ սիրած
Փոթորկի ժամին հաճախակի,
Եվ հո՜ւյս անունն եմ տվել նրան՝
Խաղաղ դայլայլող իմ թռչնակին:

Կյանքի թասը
1

Մենք խմում ենք կյանքի թասից
Փակ աչքերով հանապազ,
Ոսկե եզրը ցողում հազիվ
Մեր արցունքով անապակ.

2

Ու երբ մահվան շեմին հանկարծ 
Ընկնում է կապն աչքերի,
Եվ ցնդում է խաբեական
Ամբողջ թովչանքը գերիչ,

3

Մենք տեսնում ենք, որ դատարկ էր
Կյանքի թասը ոսկեղեն,
Ըմպելիքը երազն էր մեր,
Թասն էլ մերը չէր եղել:


 

... ին

Դու լավի՜կն ես անչափ, սակայն անմե՞ղ – եսի՞մ,
Եվ սիրալի՜ր անչափ, բայց... անպիտա՜ն սիրո,
Երջանկություն կտաս այս աշխարհի կեսին,
Բայց երջանիկ լինել դու չես կարող իրոք.

Երկու երնեկ մեկտեղ բախտը մեզ չի տալիս:
Դու տեսե՞լ ես գժված գետը որոտալիս – 
Զույգ ափերը՝ ծաղկուն, մինչ հատակը նրա
Խորունկ է միշտ, սա՜ռը, անթափանց ու մռայլ:



* * *

Սահմռկելի ճակատագիր հոր և որդու – 
Ապրել բաժան և անջատված կնքել մահկանացուն,
Հայրենիքում կրել անուն քաղաքացու,
Եվ ունենալ բախտը ամենեցուն օտար վտարանդու:
Կատարեցի՜ր սակայն, հայր իմ, սխրանքդ դու,
Հասա՜ր դու վախճանին քո բաղձալի.
Ինչպես տանջված հոգուդ, թող որ հանգիստ բերի
Տերը հոգուն նրա, ով պատճառը եղավ տանջանքներիդ:
Մեղա, հայր իմ, մեղա: Ո՞րն է մեղքս սակայն,
Որ ցանկացան մարդիկ իմ հոգու մեջ մարել
Կրակն աստվածային, որ դեռ օրորոցից տերն է վառել
Ու բորբոքել վճռով արարչական:
Ունայն էին նրանց ձգտումները սակայն: Թշնամական
Ոչինչ բուն չդրեց մեր ընդերքում,
Թեև տառապանքի զոհեր դարձանք երկու:
Բայց դատողը ե՜ս չեմ՝ մեղավո՞ր ես, թե ոչ.
Քեզ աշխա՜րհն է դատել: Բայց ի՞նչ է այն – 

Բարձրաշխարհիկ մարդկանց մի խառնամբոխ անկոչ՝
Մեկ՝ չար, մեկ՝ բարեհաճ, չվաստակած գովքի, 
Նույնքան ծիծաղելի զրպարտանքի հանդես մի անհոգի,
Որին անհաս է հար թե դրախտի ոգին, թե դժոխքի:
Քեզ մոռացավ աշխարհն, ինչպես որ դու
Նրան. երջանիկ ես սակայն դու քո որդուց, 
Քո դեմ անխուսելի ճանապարհն է բացվել հավերժության՝
Անչափելի խորքով – կենաց ծովի նման:
Եվ մի՞թե դու բնավ չես ափսոսում հիմա
Արցունքներում կորած այն օրերի համար – 
Տագնապալի՜, մռա՜յլ, բայց սիրալի՜ր նաև, երանելի՜,
Երբ որոնում էիր հոգուդ խորքում, ինչպես անապատում ,
Հետքերը երբեմնի քո անպատում սիրո և քո երազների:
Մի՞թե ինձ այլևս դու չես սիրում: Ների՜ր,
Եթե այդպես, ապա երկինքն ամենևին ես չեմ գերադասի
Այս աշխարհից, որտեղ քա՜րշ եմ տալիս իմ կյանքը սին.
Թող որ երանությունն ինձ հա՜ր մնա անտես,
Սակայն այստեղ գոնե սիրո՜ւմ եմ ես:



***

Տերն ամենազոր ինձ չի արարել
Որպես հրեշտակ՝ դրախտի համար.
Եվ ի՜նքը գիտի ձեզնից առավել –
Ինչու եմ տանջվում և ապրում համառ:


Ինչպես իմ դևին՝ չա՜րն է ինձ ընտրել,
Հպա՜րտ եմ հոգով ես իմ դևի պես,
Նժդե՜հ եմ անհոգ – մարդկանց անընտել,
Երկրին, երկնքին հար օտար եմ ես.


Ճակատագիրը երկուսիս կարդա,
Եվ համեմատիր մտովի թեկուզ,
Եվ քո անողորմ հոգով հավատա,
Որ մե՜կ ենք իրոք – երկուսս՝ մեկում:


 

* * *

Ինչպես ոգին վհատության ու չարի,
Դու շղթայել ու գրկել ես իմ հոգին.
Օ՜, դու գիտե՞ս, հասո՞ւ ես դու պատճառին,
Թե ինչու այն ինձնից երբե՜ք չես պոկի:


Օ՜, իմ հոգին տաճա՜րն է քո մշտական,
Որպես աստված – քո պատկե՜րն է իր ներսում,-
Ո՜չ երկնքից, այլ պատկերի՜ց քո միայն,
Նրանի՜ց եմ փրկությունս աղերսում:


 

* * *
Երջանի՜կ եմ – արյանս մեջ ներծծվել է թույնը ծածուկ,
Սպառնացող ախտը դաժան մահվան շնչով է հալածում...
Թող որ այդպես, թող կատարվի կամքը տիրոջ –
Հանգուցյալը ո՛չ տանջվում է, ոչ ճանաչում դեմքը սիրո:
Վեց տախտակ է բաժին հասնում մենակյացիս, ուրիշ ոչինչ,
Ու ես լքված ու մոռացված, և անհաղորդ ամեն ինչին,
Ոչ կլսեմ կանչը փառքի, ոչ կհասնի ձայնդ թովիչ –
Իմ ապահով նինջը ոչինչ չի վրդովի...


 

***
Գեղեցիկ էր, ինչպես երա՜զը մանկական
Հարավային երկրների շողերի մեջ արեգական.
Ո՞վ կմեկնի, կանացի ի՞նչն է գեղեցիկ –
Փարթամ կո՞ւրծքը, թե՞ իրանը ճկուն ու ձիգ,
Թե՞ աչքերը՝ խոշոր – խոշոր: Այդ ամենը սակայն, հազիվ
Թե կարելի լինի կոչել գեղեցկություն: Ահավասիկ –
Անխոս շուրթերն ո՞վ կսիրի՝ հանուն իրենց հրապույրի,
Իսկ անկրակ հայացքն, ասես ծաղիկ լինի առանց բույրի:


Երկի՜նք, քո դեմ երդվում եմ ես,
Գեղեցի՜կ էր... այրվում էի ու դողդողո՜ւմ,
Երբ ճակատից խոպոպիկները ոսկեթել մետաքսի պես
Գահավիժում – ափերիս մեջ էին սողում,
Պատրաստ էի իջնել ծնկի, փռել նրա ոտքերի դեմ
Ի՜նչ ունեի – ազատությո՜ւն, կյա՜նք ու եդե՜մ –
Միայն թե ետ ստանայի գոնե հայա՜ցք մի հպանցիկ.
Այլոց դեմքին երանելի՝ բա՜ն չտեսա – թույնից բացի:




* * *
Պե՛տք չեմ աշխարհին, ինչպես խավարին 
Ասուպի բոցը:
Սիրտս՝ ծանրացել, նման է քարի,
Որի տակ օ՜ձ է:

Ինձ ներշնչա՜նքն է փրկել ընդունայն
Հոգսերի գրկից.
Բայց պրծո՜ւմ չկա հոգուց սեփական,
Բա՜խտն էլ չի փրկի:

Բա՜խտ եմ աղերսել, որոնե՜լ համառ,
Գտե՜լ եմ նաև,
Բայց ինչպես թագը արքայի համար,
Ճնշել է նա՛ էլ:

Եվ երազներս վանել, վերստին
Մենակյաց եմ ես –
Մռայլ ու դատարկ դղյակի չնչին
Տիրակալի՛ պես:

 

* * *


Լսիր, գուցե այնժամ, երբ հավիտյան լքենք
Այս աշխարհն, ուր հոգով այսպես սառչում ենք մենք,
Այն աշխարհում գուցե, որտեղ խաբեություն չկա ամենևին –
Դու հրեշտակ լինես, ես հարություն առնեմ տեսքով դևի,-
Երդվիր, որ դու այնժամ մոռացության կտաս, իմ թանկագին,
Երանությունն ամբողջ նախկին սիրեցյալիդ դրախտային կյանքի:
Թող որ մռայլ հոգին – ճակատագրի վճռով վտարվածիս –
Քո դրա՜խտը լինի, իսկ դու տիեզե՜րքս լինես անծիր:



Սոնետ

Ես իմ խամրած երազների հուշերո՜վ եմ ապրում հիմա,
Աչքերիս դեմ տարիների տեսիլքնե՜րն են խռնվում ահա,
Ու նրանց հետ, գիշերվա մեջ, պատկերը քո լուսնի նման
Շողշողում է գորշ ամպերում թափառահակ:


 

Երբեմնակի ծա՜նր է լինել հպատակը քո տերության.
Քո ժպիտով, քո աչքերով կախարդական շղթայե՜լ ես
Հոգիս ասես – դատապարտել ինձ գերության –
Օգո՜ւ տն ինչ է, եթե երբեք սերդ պիտի չվայելեմ:


 

Սերն իմ դու չե՜ս արհամարհում – ես դա գիտե՜մ –
Բայց և այնքան սա՜ռն ես նրա աղոթքի դեմ.
Ծովի ափին այդպես կո՜ւռքն է մարմարիոնե –


Ոտքերի տակ՝ ալեկոծա՜նք, ե՜ռք ու բողո՜ք,
Իսկ նա լեցուն աստվածությամբ մի անզգա և անողոք,
Ո՛չ լսում է, ոչ ուզում է ալիքները վանե՜լ գոնե:


 


 


Հարևանը

Ով էլ լինես, իմ հարևան թախծոտ, ես քեզ
Սիրում եմ իմ պատանության ընկերոջ պես,
Քեզ՝ իմ ընկեր պատահական,

Բաժանված ենք թեև հավետ նենգ ու անգութ
Խաղով բախտի – այսօր պատն է մեր արանքում,
Եվ անհայտ է մեր ապագան:


 

Երբ մարմրող վերջալույսը շառագունած
Պատուհանից բանտի շողն է հղում գունատ –
Ողջույնի պես հրաժեշտի –
Ու երբ հենված հրացանին պաղ ու հնչուն,
Զնդանիս դեմ ժամապահն է կանգնած ննջում –
Երազելով կյանքը հեշտին,-

Ես ճակատս խոնարհելով խոնավ պատին,
Ունկնդրում եմ լռության մեջ ծանր ու մթին
Երգերը քո վշտապարուր,-
Ինչի՞ մասին, ես չգիտեմ, բայց թախծալի
Հնչյունները հասնում են ինձ ալիք – ալիք՝
Արտասուքի պես վարարուն...

Եվ կրծքիս մեջ կենդանանում են վերստին
Լավ օրերի հույսերը վառ ու սերս հին –
Եվ թռչում է միտքս հեռու –
Եվ տենչերով ու կրքերով դարձյալ լեցուն,
Հնչյունների նման երգիդ ինքս եմ հեծում,
Եվ արյո՜ւնն է իմ մեջ եռում:



* * *
Երբ ալիք է տալիս արտը դեղնազօծվող,
Թարմ անտառը շրշում հովի շնկշնկոցից,
Եվ սալորը այգում, իր մորեգույն բոցով,
Ծիկրակում է կանաչ տերևների ծոցից.

Մայրամուտին բոսոր, լուսածեգին ոսկի,
Երբ ցողաթաց, արծաթ հովտաշուշանն անուշ
Ողջունելով ասես – առանց մի կենտ խոսքի –
Թփուտների միջից ինձ գլխով է անում.

Պաղ աղբյուրը ձորում, երբ հմայիչ խաղով
Միտքս ընկղմում է երազի մեջ աղոտ,
Եվ շշնջում ինչ – որ խորհրդավոր սագա
Ակունքների մասին – խաղաղ, անապական,-

Հանդարտվում է հոգիս ցավից ու տագնապից,
Հարթվում է իմ ջահել ճակատն ակոսատված,-
Եվ, թվում է, մոտ եմ երջանկության ափին,
Եվ երկնքում ասես հայտնվում է աստված...



Աղոթք

Ես, կույս աստվածամայր, աղոթում եմ հիմա
Քո պատկերի առաջ - 
վսեմ ու լուսերես –
Ո՛չ 
թե մարտից առաջ, ո՜չ փրկության համար,
Ո՛չ՝ որ գոհ եմ, ո՛չ էլ՝ որ մեղքերս ներես,

Ո՛չ էլ աղոթում եմ հոգու համար իմ սին,
Թափառական հոգուս՝ ան
տոհմ ու անընկեր,
Այլ ուզում եմ պահ տալ իմ սրբասուն կույսին,
Քեզ, որ սառն աշխարհի հովանավորն ես 
ջերմ:

Արժանավոր հոգին պատիր երջանկությամբ,
Եվ տուր ուղեկիցներ 
ուշադրությամբ լեցուն,
Պայծառ ջահելություն և ծերություն անամպ,
Լեր ապավեն 
խոնարհ սրտին իր հեծեծուն:

Գիշերվա մեջ համր, թե առավոտ ծեգին,
Երբ էլ հրաժեշտի վերջին պահը ցոլա,
Դու մահճի մոտ մահվան, իր գեղեցիկ հոգին
Ընդունելու ճամփիր հրեշտակին քո լավ:


 

* * *

Բաժանված ենք թեև, կրծքիս վրա սակայն
Քո պատկերն եմ պահում նվիրական,
Ինչպես լավ օրերի ուրվականը գունատ,
Բերկրություն է բերում իմ հոգուն նա:

Եվ տրված եմ թեև ես կրքերի ուրիշ,
Բայց սիրում նրան, ինչպես հնում.
Լքված տաճարն այդպես տաճար է միշտ,
Եվ տապալված կուռքն է աստված մնում:


 

* * *

Ես չե՜մ ուզում, որ աշխարհն իմանա
Իմ պատմությունը խորհրդավոր –
Ինչպես եմ սիրել ու տանջվել անահ –
Տերը և խիղճն են ինձ դատավոր...

Սիրտս նրա՛նց է հաշվետու մենակ,
Նրա՜նք կարող են արդար լինել.
Եվ թող պատիժս սահմանի հենց նա,
Ով տանջանքներն է իմ հորինել.

Կշտամբանքներից ամեն տգետի
Պիտի վշտանա՞ հոգիս միթե –
Թող ոռնա՜ ծովը, ալիքնե՜ր նետի,
Չի՜ ճոճվի ժայռը գրանիտե , -

Ամպո՜տ է մռայլ ճակատն անբասիր,
Երկու տարերքի կենվո՜րն է հին,
Եվ փոթորկից ու շանթերից բացի,
Խոհերն ուրիշին չի վստահի...





Ա. Օ. Սմիռնովային

Հեռվից շատ բան կա ձեզ ասելու,
Ձեզ մոտ լսել եմ ցանկանում ձեզ.
Բայց հայացքը ձեր խիստ է և լուռ,
Եվ շփոթահար լռում եմ ես:
Ի՜նչ արած... խոսքով իմ այս թլվատ
Ինձ չի վիճակված գրավել ձեզ...
Սա ծիծաղելի կլիներ շատ,
Եթե չլիներ տխուր այսպես...


 

Ամպերը

Օ՜, երկնային ամպեր – թափառական հավետ –
Որ դաշտերով լազուր, հանց մարգարտե շարան,
Ասես, ինձ պես, քշված երկրից երանավետ՝
Հյուսիսից սիրելի սլանում եք հարավ,


Ո՞վ է ձեզ հալածում, բախտի վճի՞ռը կույր,
Բացահայտ ո՞խն արդյոք, թե՞ մախանքը ծածուկ,
Բարդված հանցա՞նքը ձեր խղճին մաքրամաքուր,
Թե՞ ընկերոջ թունոտ զրպարտանքը փծուն:


Ո՛չ, ձանձրացրել են ձեզ դաշտե՜րն անպտղաբեր...
Կրքերն օտա՜ր են ձեզ, ցավը ձեզ չի՜ կիզել,
Դուք՝ հավիտյան սա՜ռը, ազա՜տ ու անտարբեր,
Դուք հայրենի՜ք չունեք, որ աքսորեն ձե՛զ էլ:




Հայրենիք

Ես սիրում եմ հայրենիքս, տարօրինակ սիրով սակայն,
Եվ չի հաղթի սիրույս իմ միտքը բանական:
Ո՛չ իր փառքը – գնված արյամբ,
Ո՛չ հանգիստը – ինքնավստահ և անձնագոհ,
Ո՛չ սրբասուրբ ավանդները հնադարյան
Չեն համակում ինձ բերկրալի անրջանքով:


Բայց չգիտեմ ինչի՞ համար, սիրում եմ ես
Տափաստանի լռությունը նրա սառած,
Անպարագիծ անտառների ծփանքը հեզ,
Հեղեղումներն իր գետերի – ծովերի պես լայնատարած:
Աղուրներով միջգյուղային սիրում եմ ես սուրալ սայլով,
Եվ հայացքով հանդարտասահ սուզվել մթան խորքը խաղաղ,
Զննել շուրջս ու հոգոցով գիշերելու տեղ տենչալով,
Դիմավորել հեգ գյուղերի թրթռացող լույսերը պաղ:
Պեծին տվող խոզանների ծուխն եմ սիրում օձագալար,
Սայլախումբը՝ գիշերային տափաստանում դադար առած,
Դեղնած արտում սպիտակին տվող դալար
Զույգ ցարասին – բլրին թառած:

Ուրախությամբ՝ այլոց օտար ու անընկալ,
Ես տեսնում եմ լեցուն մի կալ,
Ծղոտածածկ հին մի խրճիթ – ինձ հարազատ –
Պատուհանի նեղ փեղկերով փորագրազարդ:
Տոն է եթե, պատրաստ եմ ես եղյամապատ մթնշաղից
Մինչ կեսգիշեր դիտել պարերը կատաղի
Դոփյուններով, սուլոցներով... Կատարը տաք
Մուժիկների զվարճալի զրույցի տակ:


 

* * *

Իմ անլվա՜ Ռուսիա, մնաս բարո՜վ,
Ստրուկների երկիր, երկիր պարոնների,
Դուք՝ մունդիրներ կապույտ,
 դուք էլ նաև,
Եվ դու՝ իմ ժողովուրդ նրանց գերի:

Գուցե թե Կովկասի պատից այնկողմ 
Քո այդ փաշաներից թաքնվեմ ես,
Փրկվե՜մ աչքից նրանց ամենատես,
Ականջներից նրանց գաղտնալսող:

 

ԹԱՄԱՐԸ

Խոր ու թխպամած կիրճում Դարյալի,
Ուր Թերեքն անվերջ հունն է փորում,
Սև քերծի ծերին սևին է տալիս
Հին մի աշտարակ գաղտնախորհուրդ:

Այդ աշտարակում բարձրաբերձ, նեղլիկ,
Թամար դշխոն էր մենակեցիկ – 
Դևի պես խարդախ ու չար անհեղլի՝
Երկնահրեշտակ մի գեղեցիկ:

Կեսգիշերային մշուշի ծովում,
Այնտեղից կրակ մի վառվռուն
Ցոլքերով ոսկե ճամփորդին թովում,
Եվ հանգստի էր հրավիրում:

Լսվում էր նաև ձայնը Թամարի՝
Տարփանքով անափ ու կրքով լի,
Զորեղ հմայք կար գրկում խավարի՝
Տիրականորեն անքննելի:

Զինվորը, չարչին, հովիվն էր գալիս՝
Փերու կանչերին ականջալուր,
Դռները բացում՝ գլուխ էր տալիս
Խոնարհ ներքինին՝ մռայլ ու լուռ:

Փափուկ անկողնում աղվափետուրյա – 
Դիպակահանդերձ, մարգարտազարդ,

Սպասում էր նա... սեղանին դրած
Փրփրուն գինու երկու գավաթ:

Եվ հյուսվում էին բազուկները տաք, 
Եվ հպվում էին շուրթերը ջեռ,
Ճիչերը վայրի և տարօրինակ
Չէին դադարում ամբողջ գիշեր:

Հարյուր կրակոտ պատանի և կին,
Ասես թե դատարկ աշտարակում
Հավաքվել էին ճոխ հարսանիքի,
Կամ քելեխով մեծ մա՜հ են սգում:

Բայց առավոտը լեռների կրծքին
Հենց որ առաջին շողն էր նետում,
Խավարում ներքուստ, լռում էր կրկին,
Որպես մի լքված դամբանատուն:

Թերեքն էր միայն կիրճում Դարյալի
Խախտում անդորրը՝ որոտալով,
Ալիքն ալիքի վրա էր գալիս,
Ու փախչում դարձյալ՝ լափին տալով,

Եվ քշում էին, ոռնում ողբալից,
Անշունչ մարմինը... Այնժամ վերից
Ինչ – որ պատկեր էր ճերմակին տալիս,
Եվ ինչ – որ ձայն էր հասնում՝ «ների՜ր»...

Եվ հրաժեշտը քնքո՜ւշ էր այնքան,
Ձայնը հնչում էր այնքա՜ն անուշ,
Ասես ցնծությամբ մի նոր հանդիպման
Սիրո վայելքն էր նա խոստանում: