Ռուբեն Հովսեփյան / Պատմվածքներ

10.12.2014 00:26

«Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում։ Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը...»

Արձակագիր, դրամատուրգ
Ծնվել է 1939թ. մայիսի 5-ին, Երևանում: 1956թ. ավարտել է Հոկտեմբերյանի (Արմավիր) թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1956-57թթ աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում: 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1962-64թթ որպես երկրաբան աշխատել է Թուրքմենստանի Կարակումի անապատում: 1965-66թթ եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-69թթ` «Գրական թերթի» շրջիկ թղթակիցը, 1970-74թթ` «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը: 1974-75թթ սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-76թթ աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1976-79թթ` «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում: 1980-81թթ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում` որպես գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: 1981-82թթ եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ և պոեզիա) խմբագրության վարիչը, 1982-87թթ` «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1988-89թթ` Հայաստանի գրողների միության քարտուղարը: 1989թ-ից եղել է «Նորք» հանդեսի խմբագիրը, 1988թ-ից` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ճիչ» ժողովածուն (Երևան, 1975թ.), «Ճայերը» պատմվածքների ժողովածուն (Երևան, 1981թ.): 1975թ. Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը: 1983թ. «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Ամենատաք երկիրը» խորագրով գիրքը, որն ամփոփում է գրողի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը: 1984թ. «Սովետսկի պիսատել» հրատարակչությունը լույս է ընծայել «Կարմիր որդան» ժողովածուն: 1985թ. «Ժամանակակից հայկական պատմվածք» մատենաշարով «Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայել «Ապրիլ» ժողովածուն: Նրա սցենարով նկարահանվել է «Հնձան» (1973թ.), «Ամենատաք երկիրը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.) ֆիլմերը: Գրել է նաև սցենար` Ս.Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա (1985թ.): 2000-07թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 1980թ. արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի` «Որդան կարմիր» վիպակի համար, 2006թ.` դափնեկրի կոչմանը` «Ծիրանի ծառերի տակ» վեպի համար: Վերջինիս համար 2007թ. պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի մրցանակով: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:

______________________________

Նռներ

Պապս երանության մեջ էր. ծերության թոշակն աչքը ճպպացնելու նման ծախսել էր շուկայում՝ մի կիլո թութուն էր գնել, մի ձեռք ներքնաշոր, մոթալ պանիր, հաց, օղի էր խմել, և հիմա այդ օղին նրան օրորում էր: Ճռճռան թախտին նստած, նա ծույլ-ծույլ քանդում էր շալվարի կոճակները, կոշիկների ամրակապերը և քթի տակ դնդնում էր մի երգ, որը ոչ տխուր էր, ոչ էլ ուրախ: Դա և տխուր, և ուրախ երգ էր՝ խնամքով պահված մի հուշ կինտոյական Թիֆլիսից, որտեղ պապս ծախսել էր ջահելությունը ճիշտ այնպես, ինչպես, ահա, ծերության թոշակն էր ծախսել մեր կիսաքաղաքի շուկայում:
– Մի երգիր, պապ,- ճչացի ես:
– Ինչո՞ւ, այ շան ծիծ կերած:
– Մի երգիր,- ասացի,- լացս գալիս է:
Լացս գալիս էր ոչ այն պատճառով, որ երգը լացացնող էր, չէ, դա ոչ տխուր, ոչ էլ ուրախ, դա և’ տխուր, և’ ուրախ, սովորական մի երգ էր, որ կինտոները երգում էին խնձոր ծախելիս՝ «դուլի յաբլոկի, դուլի յաբլոկի…»: Լացս գալիս էր, որովհետև պապս, հորս հայրը, որի միակ թոռը ես էի, որի ասելով՝ մեր օջախի միակ հույսը ես էի, ծերության թոշակը մինչև վերջին կոպեկը ծախսել էր՝ առանց ինձ հիշելու: Միայն խմած օղու փողերով նա կարող էր տուն բերել հինգ-վեց հատ մեծ նուռ, և այդքանը բավական կլիներ, որ հիմա լացս չգար:
Գիտե՞ք, ես հեքիաթներ եմ հնարում, այսինքն՝ ոչ թե հնարում, այլ պատմում եմ: Ես չեմ էլ պատմում՝ տեսնում եմ հնարածս, պատմածս հեքիաթները, և այդ հեքիաթներում միշտ էլ նուռ է լինում: Նուռը միայն միրգ չէ: Նուռը հեքիաթ է: Նռան բազմանիստ հատիկները, այդ պսպղուն, կարմիր հատիկները անդամանդներ են, հակինթ, իսկ ադամանդ ու հակինթ որտե՞ղ է հանդիպում: Հեքիաթում:
Արդեն քանի օր է ես մտնում եմ մրգերի խանութ ու նայում եմ նռների կույտին: Ես մտովի կճպում եմ բոլոր այդ նռները և հատիկներից ապարանջան եմ սարքում, մանյակ…
Այսօր վաճառողը, երևի ախորժակ գրգռելու համար, մի մեծ նուռ էր կտրել, և հյութը, արյան նման հյութը, կաթկթել էր վաճառասեղանին: Այդ կարմիր կաթիլներն այնպես էին փայլփլում, այնպես էին կանչում, որ ես չդիմացա, մատս գողտուկ մոտեցրի, որ հետո բերանս տանեմ, բայց կաթիլները սառել էին, սառույց էին դարձել:
– Լացդ գալիս է, լաց եղիր,- ասաց պապս,- երբ մարդու լացը գալիս է, պիտի լացի: Եթե ուտել է ուզում՝ պիտի ուտի, եթե խմել է ուզում՝ պիտի խմի…
Հիմա նա մերկ էր և փորձում էր հագնել նոր վարտիքն ու շապիկը, որ թութունի, մոթալ պանրի, հացի հետ բերել էր շուկայից: Ես սարսափով մտածեցի, որ վարտիքն ու շապիկը երևի ուրիշինն են, որը հիմա չկա, մեռել է, չկա. թե չէ ինչո՞ւ պիտի վաճառեին շուկայում: Ես մտածեցի, որ այդ մեռածը այս գիշեր կամ վաղը երևալու է պապիս աչքին և պահանջելու է իր սպիտակեղենը: Ի՞նչ պատասխան պիտի տա: Եվ ես խղճացի պապիս: Ես ներեցի պապիս, բայց, միևնույն է, լացս գալիս էր: Որովհետև հանկարծ միտս եկան իմ ապրած բոլոր տխրությունները: Հիշեցի մորս, որը հանկարծ անհետացավ: Հիշեցի նրա անհետացման երեկոն, երբ տանը միայն ես ու հայրս էինք: Իրար հետ չէինք խոսում, իրար չէինք նայում: Ես շաքար էի գցել բաժակիս մեջ և փոքրիկ գդալով խառնում էի թեյը: Ես երկար էի խառնում. գդալը զարկվում էր բաժակի պատերին… Հայրս սպասում էր, որ վերջացնեմ խաղս. նրան էլ էր պետք խառնել թեյը: Շաքարն արդեն հալվել-լուծվել էր, բայց ես խառնում էի: Ես զրնգացնում էի բաժակը: Ես երգ էի լսում:
Եվ հայրս ստիպված ասաց.
– Գդալը չե՞ս տա:
– Չէ:
– Լավ,- ասաց հայրս ու թեյը խմեց առանց խառնելու:
Ես նայեցի նրա դեմքին, չգիտեմ ինչ տեսա, բայց հիշում եմ, որ լաց եղա:
– Մարդ ծտի պես պիտի ապրի,- ասաց պապս,- ուտել ես ուզում՝ կեր, խմել ես ուզում՝ խմիր, երգել ես ուզում՝ երգիր…
Դուռն առանց թակոցի բացվեց, և ներս մտավ թևքերը քշտած որբևայրի Վաթեն, մեր հարևանուհին: Նրանից գոլորշի էր պոկվում և օճառի հոտ էր գալիս, ու ես գլխի ընկա, որ պիտի լողանամ:
– Դե, շուտ, դե, շուտ,- ասաց Վաթեն,- ջուրը սառչում է, տարին վերջանում է: Կեղտոտ մարմնով նոր տարին չեն սկսի, բալա: Ամբողջ տարին կեղտոտ կմնաս, բալա: Դե, շուտ, դե, շուտ:
Նա ինքն էլ հանեց շորերս, գրկեց ինձ ու տարավ, գցեց տաշտակը: Չոր-չոր մատներով տրորում էր թևերս, թիկունքս, վիզս՝ ինձ թվում էր, թե պլոկում է կաշիս, գլխիս եռացրած ջուր էր լցնում, ու ես, իբր ցավից, իբր ջրի տաքությունից, լաց էի լինում:
Իսկ երբ արդեն չորացած, հագնված, մաքուր, տաքուկ նստած էի տանը, վառարանի կողքին, երբ մի կուշտ լաց եղած-հանգստացած նայում էի վառարանի դռնակից շան լեզվի նման դուրս թռչող բոցին, տեսա մի հեքիաթ, որ դեռ երբեք չէի տեսել:
Գնացք կանգնեց մեր կայարանում, և այդ կանաչ գնացքից ցած իջավ Ձմեռ պապին: Նրա ձեռքին ոչ պարկ կար և ոչ էլ տոպրակ: Այդպես դատարկաձեռն նա մոտեցավ ինձ ու շոյեց գլուխս: Հետո գրպանից մի նուռ հանեց, հետո երկրորդը, երրորդը, չորրորդը, հետո կայարանի զանգը խփեցին, և Ձմեռ պապին էլի գլուխս շոյեց ու վազեց-հասավ շարժվող գնացքին:
Այնպես պարզ տեսա այս հեքիաթը, որ վերջում զարմացա, երբ նռներն անհետացան: Յոթ անգամ տեսա նույն հեքիաթը և դեռ էլի կտեսնեի, եթե չգար հայրս: Հորս ձեռքին ոչ պարկ կար և ոչ էլ տոպրակ: Այդպես դատարկաձեռն նա մոտեցավ ինձ ու շոյեց գլուխս: Շունչս պահած՝ ես սպասում էի շարունակությանը, սպասում էի հեքիաթի շարունակությանը: Հայրս գրպաններից ոչինչ չհանեց: Ոչ նուռ, ոչ խնձոր, ոչ կոնֆետ, ոչինչ:
Ու ես մտածեցի, որ այս աշխարհում ոչ ոք, ոչ ոք չի ուզում հեքիաթը իրականություն դարձնել: Ախր, ինչ մի դժվար բան էր գրպանից չորս նուռ հանելը…
– Ես գնում եմ կայարան,- ասացի՝ հագնելով վերարկուս:
– Այս ուշ ժամի՞ն,- հարցրեց հայրս:
– Հա, այս ուշ ժամին:
– Լավ,- ասաց հայրս,- գնա:
Ես էլի հիշեցի գդալի պատմությունը. ինչո՞ւ չի կոպտում այս մարդը, ինչո՞ւ չի բղավում վրաս, ինչո՞ւ չի արգելում: Եթե կոպտեր, եթե բղավեր, եթե արգելեր, ես կասեի՝ գնում եմ, հեռանում եմ, որովհետև մի նուռն ի՞նչ է, որ այս Նոր տարվա գիշերը չես բերել: Բայց նա չի կոպտում, չի բղավում, չի արգելում. նա ասում է՝ «լավ», ու ես ավելի եմ տխրում:
Հայրս էլ դուրս եկավ: Մեզ վրա մրսած մի շուն ոռնաց, բայց մենք ուշադրություն չենք դարձնում: Մեզ վրա ձյուն է թափվում, բայց մենք ուշադրություն չենք դարձնում: Մենք գնում ենք կայարան, որտեղ շուտով կանգ կառնի գիշերվա գնացքը: Ես մտքումս օգնության եմ կանչում հնարածս, տեսածս հեքիաթների բոլոր կախարդներին. մի անգամ, խնդրում եմ, մի անգամ հեքիաթը իրականություն դարձրեք: Ես ձեզանից ոչ տոնածառ եմ ուզում, ոչ սահնակ, ոչ պալատ, ոչ ձի, ես ձեզանից խնդրում եմ, որ այսօր, հենց այս գիշերվա գնացքից ցած իջնի Ձմեռ պապին և ինձ նվիրի չորս նուռ: Չորս նուռ: Չորս նուռ:
Մենք անցնում էինք մրգերի խանութի մոտով, և ես չկարողացա անտարբեր մնալ: Նռների կույտը կիսով չափ պակասել էր: Ես թևքովս սրբեցի ցուցափեղկի ապակին, որ լավ տեսնեմ, բայց ապակին քրտնել էր ներսից:
– Նուռը թթվաշ է, չէ՞, հայրիկ,- հարցրեցի ես:
– Թթվաշ է:
– Ատամներս մրսում են նուռ ուտելուց,- ասացի ես և մտքումս էլի խնդրում էի կախարդներին. մի անգամ, գոնե մի անգամ թող հեքիաթը հեքիաթ չլինի:
Կառամատույցում կարմիր գլխարկով կայարանապետն էր կանգնած և մի քանի երկաթուղային: Կայարանապետի լապտերիկի լույսը սառչում էր օդում, և այդ լույսի մեջ ձյան փաթիլներն ավելի շատ էին ու ավելի մեծ, ու ավելի թափանցիկ: Հետո լապտերիկի լույսը աղոտացավ, որովհետև մոտենում էր գնացքը՝ հրեշի աչքերի նման լուսարձակներով:
Վագոնների լուսամուտներին կպած մոմագույն դեմքեր անցան մեր կողքով, լուսամփոփներ, վարագույրներ, ածուխի, մազութի, յուղի հոտ անցավ մեր կողքով, հետո գնացքը կանգ առավ:
Գնացքից ցած իջավ մեկը, բայց դա Ձմեռ պապին չէր, և ինչքան գլխի ընկա, այդ մեկը մատ էր թափ տալիս կայարանապետի վրա:
Մոտեցանք: Մարդը բղավում էր.
– Մաքրել, իսկույն մաքրել:
– Լսում եմ,- գլուխ էր տալիս կայարանապետը:
– Հերթապահություն է պետք հաստատել, սա ի՞նչ բարբարոսություն է:
– Լսում եմ,- գլուխ էր տալիս կայարանապետը հեռացող գնացքին:
Ես տուն դարձա մենակ, որովհետև հայրս հանձն առավ մաքրել արձանի ձյունը և մաքրել մինչև առավոտ, մաքրել՝ քանի դեռ ձյուն է գալիս:
– Կվարձատրենք,- խոստացավ կայարանապետը:
Ես տուն հասա՝ պապս չէր սպասել Նոր տարուն, քնել էր: Ես էլ մտա անկողին և որոշեցի այլևս երբեք, երբեք հեքիաթներ չհնարել, չտեսնել: Եվ կարծեմ առաջին անգամ առանց հեքիաթ տեսնելու քնեցի:
Իսկ առավոտյան բարձիս տակ չորս նուռ գտա:
Իսկ առավոտյան պապս վառարանի վրա աղյուս էր տաքացնում, որ դնի երկու վերմակով փաթաթված, դողացող հորս ոտքերի տակ:
Ու ես մտածեցի, որ այս աշխարհում ամենից, ամենից դժվար բանը հեքիաթն իրականություն դարձնելն է…

___________________


ՍԱՅԼԸ

Քանի դեռ ինքնաթիռը օդում էր, նրան թվում էր, թե գյուղը, որտեղ պիտի հանգստանար, օդանավակայանի մոտերքում է, թեև տեղեկացել էր, որ երկու-երեք ժամվա ճանապարհ էլ պիտի անցնի, մինչև հասնի վիճակահանությամբ ընտրած հանգստավայրը:
Ինքնաթիռը ուշացել էր, գյուղի ավտոբուսը չէր սպասել, և Դերենիկը պիտի որոշեր՝ գնալ ոտքո՞վ, թե՞ գիշերել շրջկենտրոնի անհրապույր հյուրանոցում: Բարեբախտաբար, տեղյակ մեկը հայտնեց, որ, ուր որ է, ճանապարհ կընկնի մի սայլ, Ներսեսի սայլը, որ այդ սայլը մեկնում է հենց այն գյուղը, ուր ուզում է գնալ երիտասարդը:
Սայլը շուտով հայտնվեց ճամփաբաժանում և կանգնեց ուղիղ Դերենիկի կողքին:
Սայլապանն ասաց, թե՝ ինչու չէ, կտանի ջահելին, կհասցնի գյուղ, եթե ջահելը ինքնաթիռից հետո համաձայն է սայլ նստել և եթե չի սարսափում դատարկ դագաղից, որն, ինչպես տեսնում է ջահելը, դրված է սայլի մեջ:
Մի խումբ տղաներ շրջապատեցին սայլը, և Դերենիկը չհասկացավ, թե ինչու սայլապանը քշեց նրանց: Հետո գլխի ընկավ, որ տղաները ձիու պոչի մազ էին խնդրում:
Սայլապանը դագաղի վրա խոտ փռեց, հանեց արմունկները քրքրված բաճկոնը, թափ տվեց, փռեց տակը, բռունցքով տրորեց բաճկոնի փոշին կուլ տված մանր աչքերը, որ խեղճացել էին հաստ հոնքերի տակ ու, տնտղելով Դերենիկի նիհար ոտքերը, ոտքերից էլ վեր, ասաց ոչ այն է խղճալով, ոչ այն է՝ ծաղրելով:
- Միս չկա վրադ, ոսկորներդ մզզալու են:
Տղաները հեռացել էին սայլից, բայց դեռ հույս ունեին համոզել սայլապանին՝ մի քանի մազ կտրելու ձիու պոչից: Մեկի ձեռքին նույնիսկ մկրատ էր չխկչխկում:
- Խոտով դագաղն ես ծածկում,- անհամարձակ խոսեց Դերենիկը,- խոտը կփռեի տակս, փափուկ կլիներ:
Նա քանդեց վերնաշապիկի քշտած թևքերը, զգուշորեն շփեց ճմռթած տեղերը, որ չկսկծա արևահար մաշկը, ու նախանձով նայում էր ձիու պոչի մազ աղերսող տղաների կավագույն թևերին, ոտքերին: «Սրանց թեկուզ վառարանը գցիր,- մտածեց Դերենիկը,- անվնաս դուրս կգան»:
- Չքվեք,- չարացավ սայլապանը,- ամեն մեկիդ թե մի-մի մազ տամ, անասունը կմնա անպոչ:
Մտրակը ֆշշաց օդում, կավագույն տղաները հուսախաբված սուլեցին, իսկ Դերենիկը փակեց աչքերը, որ չտեսնի ձիերի ծեծը:
Երբ նա բացեց աչքերը, սայլապանը խորամանկ ժպտում էր ու մսոտ քթի տակ երգ էր դնդնում: Դերենիկը հայացքով փնտրեց մտրակի հետքը և, որովհետև չգտավ, մտածեց, որ սայլապանը չի զարկել ձիերին:
Նա հանեց կոշիկները, շարժեց ոտնամատերը ու զարմանքով նկատեց, որ ոտնամատերի խաղը նույնությամբ կրկնում են ձեռքի մատները: Գուլպաներն էլ հանեց, խցկեց կոշիկների ներսը ու խոնավ, սպիտակ ոտքերը տնկեց հասունացող արտի սվվոցի դեմ:
«Տե՜ր աստված,- հաճույքից թուլացավ Դերենիկը,- մի՞թե այսքան մեծ կակաչներ են լինում»: Բայց նա իսկույն գլխի ընկավ, որ իրեն զարմացնողը կակաչների կարմրությունն է և ոչ թե մեծությունը: Նա նույնիսկ ենթադրեց, որ կակաչներն իրականում այնքան էլ մեծ չեն, որքան երևում են հեռվից: Կարմրությունն է մեծության պատրանք ստեղծում:
- Քեռի, մի խփիր ձիերին,- խնդրեց Դերենիկը,- բարակացծ լինես, նեղացած լինես, մեկ է, մի խփիր...
«Որովհետև,- մտքում շարունակեց Դերենիկը,- ձիերը մեր բարեկամներն են... Մտրակը տուր ձիուն ու տես՝ կխփի՞ նա քեզ: Չի խփի, իսկ դու խփում ես»:
- Պահ, պահ, պահ,- ձեռք առավ սայլապանը,- Հիսուս Քրիստոսն է: Հա, էլի, նա է: Ե՞րբ եկար, աստծո որդի: Բա ինչո՞ւ ուշացար: Երկիրն ապականվեց, մեղքերը կերան երկիրը: Մի օր շուտ գայիր գոնե, խեղճ Ենոքին փրկեիր:
Դերենիկը տրորեց քթատակը, որ սրբի խուտուտ տվող հիմարավուն ժպիտը. «Սրա հետ խոսել չի լինի»:
Նրան վշտացնողը սայլապանի ծաղրը չէր. նա վշտացել էր, որ սայլապանը ծաղրեց հենց այն ժամանակ, երբ ինքը մերկ ոտքերով շնչում էր հասունացող արտի սվվոցը, հիանում էր կակաչների կարմրությամբ, երբ կրծքի տակ աճում էր այնպիսի մի հաճելի ու հազվագյուտ զգացում, որի պոռթկումը շատ խորհրդավոր գաղտնիքի լուծում էր դառնալու: Հիմա նա կորցրել էր մտքի թելը, հիմա նա կորուստ էր սգում, ու տխրությունն ավելի սուր էր, որովհետև չգիտեր, թե որն է, ինչն է կորուստը:
«Բոլորս էլ հանճարեղության պահեր ենք ապրում,- ցավով եզրահանգեց Դերենիկը,- և ահա մի սայլապան, մի մտրակ սպանում է այդ պահը»:
- Եկել ես ի՞նչ անես, աստծո որդի,- շարունակեց սայլապանը,- բա չխրատվեցի՞ր: Տնաշեն, իմաստուն մարդու էլ անուն ես հանել, չհասկացա՞ր, որ ուզածդ լինելու բան չի: Ասում ես՝ մի խփիր ձիերին: Ձիուն չխփես՝ կգնա՞: Ծոծրակդ կտեսնես, ձիու գնալը չես տեսնի: Քեզ մի բան ասեմ, չնեղանաս, աստծո որդի. դու մեզ շատ վնաս ես տվել: Ասա՝ ինչո՞ւ: Դու մեզ ասում ես՝ մի խփիր ձիուն, ու մենք չենք խփում: Չենք խփում, ու մեր սայլը չի շարժվում տեղից: Դու մեզ ասում ես՝ մի սպանիր, ու մենք չենք սպանում: Իսկ ում չենք սպանում, նա է մեզ սպանում: Եղա՞վ: Քո գիտությունը անգործ, անբան մարդու գիտություն է, մեռած մարդու գիտություն է: Ենոքի,- հոգին լույս դառնա,- գիտությունն է: Բա, ընկեր Քրիստոս, այսպիսի բաներ: Այսինքն՝ դու ի՞նչ Քրիստոս: Քրիստոսը լինեիր, չէիր ասի՝ դագաղը թող բաց մնա, արևի տակ գույնը գցի, միայն թե տակս փափուկ լինի: Վաղը թաղելու են Ենոքին, մարդիկ տեսնեն գունաթափված դագաղը, ի՞նչ կասեն: Չե՞ն ասի՝ Ներսես, շան ծիծ կերած, երեսուն կիլոմետր գնացիր, երեսուն կիլոմետր ետ եկար, այս ի՞նչ անգույն դագաղ բերեցիր: Ես ո՞ր մեկին հասկացնեմ, որ դագաղագործը թե պետական, թե սեփական պլան է կատարում, ներկ է տնտեսում: Մարդ ես,- ասացի,- գոնե դագաղից կոպեկ մի պոկիր: Ներկը,- ասացի,- մարդավարի քսիր: «Դագա՞ղ,- ծիծաղում է,- ի՞նչ դագաղ: Սա քեզ համար է դագաղ: Ինձ համար ոնց որ աթոռ լինի կամ սնդուկ»: Վարժվել է, էլի: Թե կնիկը տուն չթողնի, կքնի արհեստանոցում, դագաղի մեջ: Կարո՞ղ ես քնել դագաղի մեջ:
- Ժամանակը գա՝ կքնեմ,- ինքն իրենից զզվեց Դերենիկը:
- Պա՜հ, ժամանակը գա... Ժամանակը գա՝ քեզ չեն էլ հարցնի: Տղամարդ ես, հիմա քնիր:
Դերենիկը խեղճացավ, կծկվեց. նրան թվաց, թե սայլապանը ուժով պառկեցրել է իրեն դագաղի մեջ ու քարով մեխում է կափարիչը:
- Գույնդ թռցրիր,- քրքջաց սայլապանը,- մեծ, ուսում առած տղա ես, չգիտե՞ս, որ դրանք սուտ-մուտ բաներ են:
- Ի՞նչն է սուտ-մուտ բաներ,- միայն իր ձայնը լսելու համար հարցրեց Դերենիկը, անզուսպ պահանջ զգալով շրջվել, տեսնել՝ արդյոք խոտերի տա՞կ է դագաղը: Սատանայական մի փսփսուկ նրան համոզում էր, որ դագաղի հետ տարօրինակ բաներ են կատարվում:
- Ոգին, գյորնափշտիկը, այն աշխարհը, սատանան, ես ի՞նչ գիտեմ... Դու ինչի՞ց վախեցար:
- Քեզանից,- խոստովանեց Դերենիկը,- թվաց, թե դու ինձ պառկեցրել ես դագաղի մեջ ու քարով մեխում ես կափարիչը: Ու այդ Ենոքը, միաչքանի այդ Ենոքը...
- Հա, միաչքանի էր Ենոքը: Ծառը կտրելիս տաշեղը դիպել էր աչքին, փչացրել էր:
- Ու այդ միաչքանի Ենոքը բղավում էր վրաս՝ տուր իմ դագաղը...
- Կա'ց,- ճչաց սայլապանը,- քեզ ո՞վ ասաց, որ միաչքանի էր Ենոքը: Ես չասացի: Դու մեր գյուղից չես... Քեզ ո՞վ ասաց...
Դերենիկը թոթվեց ուսերը, այլևս անհնար էր զսպել ցանկությունը, շրջվեց տեսավ սայլի ցնցումներից խոտերը ցրվել, մերկացրել են սև դագաղի սուր-սուր անկյունները: Նա սարսափեց իր ոտքերի մերկությունից, հապշտապ հագավ գուլպաները, մտքում կափկափելով սայլից իջնելու, ոտքով գնալու որոշումը:
Սայլապանի ճչոցի վրա ձիերը կանգ առան, ոլորեցին պարանոցները, տիրոջ հուզմունքից գլուխ չհանելով՝ դոփդոփեցին ճանապարհը, ու փոշու խուտուտը գրգռեց, լայնացրեց նրանց խոնավ ռունգերը:
Դերենիկը չսպասեց, որ վախեցած սայլապանը վռնդի իրեն, ինքը ցած իջավ, մտավ արտը, և երբ հասկերը քսվեցին գոտկատեղին, նա երևակայեց, թե ծովն է ընկղմվում:
«Ավելի անհեթեթ բան չկա, քան այս արտի կողքով դագաղ տանելը,- մտածեց Դերենիկը,- և, առհասարակ, ինչո՞ւ մարդիկ փղերի նման չեն գնում մեռնելու աչքից հեռու մի տեղ»:
Նա մտքում ծիծաղեց սայլապանի ճչոցի վրա, ու այդ ներքին ծիծաղից շիկնեց նրա դեմքը: Արտասովոր, դղրդացնող արթնացում ապրեց Դերենիկը, մարմնում զգալով մեռած կամ քնած ինչ-ինչ մկանների թրթռում: Եվ այդ արթնացումը մի պահ նույնիսկ վախեցրեց նրան: Ավելի ճիշտ՝ դա վախ չէր, այլ անսովորության հետ երես երեսի հանդիպման դողոցք, որ շատ շուտ է անցնում, որովհետև անսովորը միայն առաջին պահ է անսովոր:
Դերենիկը տեսավ իր ոտնահետքերը, որ ձագարներ էին արտում, ուզեց կռանալ, ստուգել՝ կոտրվե՞լ են ցողունները, թե՞ ճկվել են միայն, հետո ծուլորեն շտկվող հասկեր նկատեց ու հասկերից մեկին թառած թիթեռ, որ չալպուտուրիկ թևերը սուր անկյուն կազմած դողում էր՝ ամբողջովին թռիչքի տենդով բռնված:
- Թռիր, դե,- խրախուսեց Դերենիկը,- մեկ, երկու, հոպա՜...
Թիթեռը ծաղկեց օդում, քսվեց Դերենիկի մազերին ու խուճապահար փախավ՝ շաղելով գույնզգույն ալրափոշի: Դերենիկը դուրս հանեց լեզուն, գլուխը վեր տնկեց ու վայելում էր մեռոնահամ ալրափոշու շոյանքը:
- Վերջ տուր խաղերիդ,- ձայն տվեց սայլապանը,- մեռելատանը ինձ են սպասում, չէ՞:
- Դու գնա,- սթափվեց Դերենիկը,- գնա, ես ոտքով կգամ:
- Խե՞նթ է, ինչ է: Ոտքով էիր գալիս, ինչո՞ւ նստեցիր սայլս: Արի, խելառ, արի, ձիերին չեմ ծեծի: Ճանապարհն իջնում է, ձիերն իրենք իրենց կգնան:
Դերենիկը դուրս եկավ արտից, նստեց արտեզրի թմբին, բերանն առավ մի ցողուն, ծծեց խաշած ցորենի համ հիշեցնող հյութը և ափսոսաց, որ անցնում է բարկությունը:
- Ինչո՞ւ երեխաներին ձիու պոչի մազ չտվեցիր,- հիշեց, ինքնագրգռման փորձ արեց Դերենիկը,- այդ երեխաները հիմա երևի լուսամուտի ապակիներ են կոտրում: Այդ երեխաներին հիմա երևի ծեծում են: Վաղն այդ երեխաները գողանալու են ձիուդ ամբողջ պոչը:
- Արևի, քամու, անձրևի տակ պարարտանյութ եմ կրում, խոտ եմ կրում, դագաղն ի՞նչ է, երկու տախտակ, երկու տախտակի համար երեսուն կիլոմետր գնում եմ, երեսուն կիլոմետր ետ գալիս, երեկվա լակոտն ես, գլխիս քարոզ ես կարդում,- շուտասելուկի պես ասաց սայլապանը:
- Ես լակոտ չեմ,- բողոքելու ճիգ արեց Դերենիկը,- ես Դերենիկ Տերտերյանն եմ:
- Ախար, գլխի էի ընկնում, որ տերտերների տոհմից ես,- ուրախացավ սայլապանը,- այս պուճուր երկրում երեք հայից երկուսը տերտերի թոռներ են:
Նա նստելատեղից վերցրեց բաճկոնը, ցած իջավ սայլից ու հենց ճանապարհի մեջտեղում փռեց բաճկոնի ծոցագրպանից հանած մաշված, ծալված քարտեզը:
Դերենիկը, որ եկել կանգնել էր սայլապանի գլխավերևում, նկատեց, թե ինչպես մի հետաքրքրասեր մրջյուն թողեց ավարը և բարձրացավ քարտեզի վրա: Նա անարգել կտրեց մի քանի լեռնաշղթա, առանց թրջվելու լողաց-անցավ Սևանը և, բոլորովին ուշադրություն չդարձնելով պետական սահմանը խորհրդանշող կարմիր գծի վրա, մտավ հարևան երկիր: Հարևան երկրի կենտրոնին չհասած, նա կանգնեց շունչ քաշելու, իրար քսեց առջևի վերջավորությունները, և հենց այդտեղ սայլապանի մատը ճզմեց նրան:
- Այստեղ մեր գյուղն էր, Բեսին: Հին գյուղ չէր, հին լիներ, եկեղեցի կունենայինք: Ուրֆայից էինք տերտեր կանչում՝ պսակի, թաղման համար: Եվ արդեն փող էինք հավաքել, որ եկեղեցի շինենք, երբ լուր եկավ, թե հայերին կոտորում են: Մենք փախանք Մդեբ՝ Բոզիմ Համադի մոտ: Բոզիմ Համադն ասաց. երեք եղբայր եք, երեքդ էլ իմ տղերքն եք: Դու Սարգիսը չես, Խդրն ես, դու Կարապետը չես՝ Իսան ես, դու Ներսեսը չես՝ Ուեսոն ես, գնացեք ոչխար պահեք: Տո, դուք ի՞նչ գյավուր,- ասաց Բոզիմ Համադը,- դուք եզդի եք: Գյավուրն արհեստավոր է:
Մի քանի ամիս ծպտված ապրեցինք և էլի կապրեինք, եթե Կարապետը՝ Իսան, Ուրֆա տանող ճանապարհին չհանդիպեր գաղթականների քարավանին: Իսա, դու Իսա լինես, տասներկու կին, պառավ, երեխա է փախցնում քարավանից ու բերում Մդեբ: Խեղճ, սոված, ջարդված հայեր էին, ընկան թթենու տակ, քնեցին:
Բոզիմ Համադը մի տղա ուներ, անունը՝ Ասաֆ: Մի չարսիրտ, ոսկի սիրող շուն: Սա անցնում է թթենու մոտով, տեսնում է գաղթականներին ու մտածում. սրանք տուն-տեղ թողած հայեր են, ոչինչ չեն վերցրել, գոնե ոսկի վերցրած կլինեն: Մոտենում է, թե՝ կնանիք, եթե ոսկի ունեք, տվեք, ձեզ ուտելիք բերեմ, խմելիք բերեմ: Մի պառավ խալաթի աստառի տակ ոսկիներ է կարած լինում, պոկում է մի ոսկի, տալիս է այս շանը:
Ասաֆը բռնում է Իսայի օձիքից. «Գյավուր,- ասում է,- սրանց ինչո՞ւ ես բերել»:
«Մեղք են, չէ՞»,- ասում է Իսան:
«Բա մենք մե՞ղք չենք: Ձեզ հազիվ ենք պահում: Ձեր պատճառով վաղը մյուս օր մեզ էլ կարող է մորթեն»:
Մդեբում մի արաբ կար. չխոսկան մարդ էր, ապրում էր մոր հետ: Ասաֆը, Իսայից գլուխ չհանելով, գրգռում է սրան՝ թե սպանենք գյավուրներին, շատ ոսկի ունեն: Ու գիշերը այս արաբը տասներկուսին էլ խեղդում, ջրհորն է գցում:
Երեք օր հետո առավոտյան արթնացանք արաբի մոր ճչոցից: Գիշերվա շապիկով կանգնել էր դռանը ու բղավում էր. յա-յովելի՜, հա-հո, հավար, հասեք, տղաս խենթացել է: Մորն, ուրեմն, ուզեցել է խեղդի ու ոսկի է պահանջել:
Դռները փակեցին, որ դուրս չգա տնից, մինչև երեկո մեռավ: Ոչ ոք չէր կարողանում մոտենալ դիակին: Գարշահոտը ընկավ գյուղը:
- Հետո՞,- հարցրեց Դերենիկը:
- Հետո մենք փախանք Մդեբից: Էլ ի՞նչ ես շշմել, նստիր գնանք:
Սայլապանը խնամքով ծալեց քարտեզը, դրեց ծոցագրպանը, հետո բաճկոնը ուզեց փռի նստելատեղին ու, չգիտես ինչու, մտադրությունը փոխեց, հագավ ու ինքն էլ նստեց չոր տախտակին:
Ձիերը հոգնել էին կանգնելուց, վազելու փորձ արեցին, բայց սայլապանը պահեց նրանց: Ճանապարհն իրոք իջնում էր, զգացվում էր ձորի խոնավ հոտը, և Դերենիկին այնպես էր թվում, թե անիվների ճռնչոցի հետ լսողությանն է հասնում նաև ջրի խշշոցը:
- Քրիստոսին ձեռ ես առնում,- խոսեց Դերենիկը,- տեսա՞ր, ինչ եղավ արաբին:
- Իսկ Ասա՞ֆը,- մեկեն վրա բերեց սայլապանը, ասես սպասում էր Դերենիկի խոսքին, ասես այս ամբողջ պատմությունը պատմել էր Դերենիկին ծուղակը գցելու համար,- իսկ մնացածնե՞րը: Ամեն սպանության քանի՞ պատիժ է ուղարկում աստված: Եթե ամեն սպանության դիմաց աստված պատիժ է ուղարկում, ապա, բարով ես եկել, աստծո որդի: Իսկ եթե չէ, իզուր ես եկել, մեզ ուրիշ աստված է պետք, ուրիշ աստծո որդի է պետք:
Ձիերը ծարավ էին. ջրի կանչը խենթացնում էր նրանց, ու սայլապանը, որ խճճվել էր մտքերի, հուշերի քաոսում, մոռացել էր ձգի ձիու սանձը, զսպի ձորը թռչող ձիերի վազքը:
Եվ այդ խելացնոր վարգի մեջ Դերենիկը մտածում էր, թե ահա քանի դար ինքը իր ճշմարտությամբ, սայլապանն իր ճշմարտությամբ նստած են այս ճռճռան սայլը, գլորվում են անվերջ և ոչ խորտակվում են, ոչ էլ լեռան գագաթն են բարձրանում...

________________

Ոսկու շուկայում

Ոսպնյակն աջ աչքին հպած ակնավաճառը տնտղում էր Միքայելի մատանին և քթի տակ դնդնում ոչ այն է՝ երգ, ոչ այն է՝ աղոթք: Երգ կոչվելու համար դնդնոցը մեղեդի պիտի ունենար, աղոթքի համար` բառեր, բայց ոչ մեղեդի էր հյուսվում, ոչ էլ բառեր էին հոդաբաշխվում: Ակնավաճառի փակված ձախ աչքի թարթիչները թրթռում էին` ինչպես իրար քսվող թիթեռի թևիկներ, երբեմն միայն հեռանում մեկ-մեկուց, կկոցվում, երբ ոսկու շուկայի ծղրիդային բվվոցն ընդհատվում էր վաճառասեղանների ապակուն զարկվող զարդերի զրնգոցից: Արարատի առասպելական միաչքանի օձի էր նման ակնավաճառը և նրա ոսպնյակը թվում էր որպես թանկագին քար, ուր որ է պիտի շպրտվեր երկինք ու շողշողար արեգակի նման:
- Ոսկին մերն է,- եզրակացրեց ակնավաճառը,- երևի` Զոդից: Ակը փիրուզ է: Երկու կողմերում էլ ձկան թեփուկներ են փորագրված: Սրա նմանը տեսել եմ թանգարանում… Հատուկ պահոցում:
- Մեծ տատուս մատանին է,- շտապեց տեղեկացնել Միքայելը, ուզեց ասել նաև, որ պառավին լողացնելիս ծոցից ծալծլված, խունացած մի ծրար էր ընկել ջուրը, սուզվել մինչև տաշտակի հատակը ու թեև թույլ, խուլ, սակայն ճիշտ այնպիսի զրնգոց էր արձակել, ինչպիսին հիմա արձակում են վաճառասեղանների ապակուն զարկվող զարդերը: Տիկնիկի չափ տկլոր պառավին մոռացած մի քանի զույգ կանացի ձեռքեր սուզվել էին զրնգոցի ետևից և երկար ժամանակ չէին կարողանում դուրս հանել տաշտակի հատակին սոսնձված ծրարը: Պառավի դեմքին ժպիտ էր նկարվել: Ոտքերի խուտուտից նա զգում էր, որ կանացի այդ ձեռքերն ավելի շատ խանգարում էին մեկմեկու, քան տաշտակի հատակից փորձում պոկել զրնգոց արձակած ծրարը: Թե ինչու մատանին մատին չէր հագել, այլ գցել էր ծրարը ու ծոցը խցկել, այդպես էլ չհասկացան, թեև ծրարի մեջ պահվող թղթակտորը, որի վրա անվարժ ձեռքով տուն էր նկարված, տան ետևի պատի տակ կլորիկ մի փոս, փոսի վրա երկանքի քար, կարծես հուշում էր, թե ինչպես պետք է կարդալ եղելությունը: Փախեփախից առաջ, եղած-չեղած ոսկին այդ փոսն էին գցել, ծածկել հողով, երկանքի քարով, մտածելով, որ մի օր հետ են դառնալու ու երկանքի քարն է իրենց մատնացույց անելու, թե որտեղ փորեն: Իսկ տան փոքր աղջնակը, որ հետո պիտի մեծ տատ դառնար, կամ գայթակղվել էր մատանու փայլից և կամ չէր հավատացել վերադարձի հնարավորությանը: Ամեն դեպքում ամաչել էր արարքից և մոտ յոթանասուն տարի ծոցում պահել գաղտնիքը:
- Ես չեմ ասում՝ գողացել ես,- առանց գլուխը բարձրացնելու ասաց Արարատի առասպելական միաչքանին,- թեև շուկա բերում են առավելապես գողացված զարդեր… Շատ հին մասնագիտություն է գողությունը, շատ ավելի հին, քան` պոռնկությունը:
Ակնավաճառի ձախ աչքից հեռացան թարթիչները, իսկ ոսպնյակից նայող աչքը խոշորացավ, դարձավ վայրէջքի պատրաստվող թռչող ափսե… Հիմա, հիմա վեր է շպրտվելու թանկագին քարը…
- Եվ հետո իմ ի՞նչ գործն է` գողացել ես, թե ոչ: Ես հո Ներսես Աշտարակեցին չե՞մ:- Ակնավաճառը աչքից հեռացրեց ոսպնյակը և նրա ժպիտը վերածվեց դեպի ծուղակի խայծը հրող որսկանի խրախուսանքի: – Եվ ոչ էլ դու ես իշխան Սոլոմոն երկայնաբազուկ Արղությանը: Սրա տանը վախճանվեց, չէ՞, մեր նորընծա կաթողիկոս Հովսեփը, ով այդպես էլ չհասավ Էջմիածին` իր Աթոռին:
- Հա, Թիֆլիսում վախճանվեց,- ասաց Միքայելը,- վրաց հանգուցյալ թագավորի ջերմուկներում լողանալուց հետո:
- Կարծում ես` մրսե՞ց,- Միքայելի տեղեկության վրա փոքր-ինչ զարմանալով հարցրեց ակնավաճառը և մեջլիս մտնող աշուղի վճռականությամբ որոշեց խեղճացնել սազը ձեռքն առած այս նորելուկին: -Շատերն են կարծում, թե մրսեց, բայց գուցե Դարեջան որբևայրի թագուհի՞ն ծածուկ թույն գցեց նրա թեյի բաժակը: Հը՞…
Միքայելի լռության մեջ ակնավաճառը տոնում էր կայծակնային իր հաղթանակը: Դե խոսիր, գիտունիկ, խոսիր, տեսնենք` որքան է գիտելիքներիդ խորությունը: Եթե շուկա ենք մտել ու ոսկի ենք առնում, ոսկի ենք ծախում, հո չի՞ նշանակում, թե քնած ենք էշի ականջում, իսկ պատմությունն առանց մեզ քսվելու, գալիս է ու գնում:
- Հը՞,- մի անգամ էլ հրավերքի կոչ արեց ակնավաճառը, բայցև չդիմացավ հակառակորդին վերջնականապես ոչնչացնելու գայթակղությանը:- Մենք չէ՞ որ պիտի անկախանայինք, վերականգնեինք մեր թագավորությունը, իսկ իրենք արդեն հանձնվել էին Ռուսաստանին: Եվ Ռուսաստանի հետ դաշնագրության մեր ծրագիրը հենց ինքը` Հովսեփ արքեպիսկոպոսն էր կազմել… Առաջին թագավորը կոմս Պոտյոմկինը պիտի լիներ… Հետո ի՞նչ, որ ռուս էր, թագավորությունն էր հայկական… Նախկին երեք դրոշներից` Արշակունյաց միագլուխ արծվից, Քրիստոնեության Գառն Աստծուց և փոքր հայոց երկու առյուծներից արդեն ձևել-կարել էին թագավորության նոր դրոշը: Նախանձը, չարությունը կարող էին, չէ՞, մի երկու կաթիլ թույն գցել թեյի բաժակը: Էլ չեմ ասում, որ Սանկտ-Պետերբուրգից էլ, հնարավոր է, աչքով անող է եղել…
- Կասկածներ եղել են,- ասաց Միքայելը,- ապացույցներ՝ ոչ: Ասացին՝ մրսել է: Փետրվարի վերջն էր, թագավորական բաղնիքի ջրերը եռում էին, իսկ դրսում սառնամանիք էր:
- Թեյի բաժակը քննող եղա՞վ… Կաթողիկոսի արյան բաղադրությունը ստուգվե՞ց… Թարմ հետքերով կարելի էր պարզել, թե ինչից մեռավ Հովսեփ կաթողիկոսը, բայց այդ գործը հո Դարեջան որբևայրին չէր անելու և կամ Սանկտ-Պետերբուրգից աչքով անողը… Իսկ Ներսես Աշտարակեցուն այլ հետքեր էին հետաքրքրում: Ջրօրհնեքի օրը գնաց նա իշխան Սոլոմոն Արղությանի տուն՝ տոնը շնորհավորելու և իշխանի մատին տեսավ հանգուցյալ կաթողիկոսի եպիսկոպոսական զմրուխտե մատանին: Բարև-բարի իրիկուն ասելուց հետո նա մատը տնկում էր պատից կախված Հովսեփի յուղաներկ մեծ պատկերի կողմը և ցույց տալիս հայրապետի մատին պսպղացող մատանին: «Ինչո՞ւ է հայրապետական զարդը ձեր մատին, իշխա՛ն, և ոչ թե իմ ձեռքում,- ասում է Ներսես Աշտարակեցին,- մինչդեռ հոգելույս քահայանապետի ժառանգը, որպես Աթոռի ներկայացուցիչ, ես եմ, և ոչ թե դուք»: Ծանո՞թ է քեզ այս պատմությունը, երիտասարդ:
- Ծանոթ է,- դառը ժպտաց Միքայելը,- ճեմարան եմ ավարտել:
- Բա ո՞ւր է սքեմդ, միրուքդ…
- Կարգալույծ եղա,- կարճ կապեց Միքայելը:
- Ա՜,- ցավակցեց ակնավաճառը,- բա հիմա ո՞նց ես ապրում… Դուք՝ կղերականներդ, ախր, ուրիշ փեշակ չունեք… Գոնե քահանա մնայիր՝ կնունքից, թաղումից, տնօրհնեքից մի քանի կոպեկ կշահեիր… Մատանիդ լավն է, բայց ոչ գործածելի: Հիմա կանայք զիզի-բիզի զարդեր են սիրում: Գին չեն տա, թեև՝ անգին է…
- Ես չեմ էլ վաճառում,- ստեց Միքայելը,- ուզում էի արժեքն իմանալ:
«Թույլ տուր չհավատալ»,- մտքում ասաց ակնավաճառը և նրա կասկածը նկարվեց դեմքին:
«Վաճառող լինեի՝ մեծ տատիս ծոցից ընկած քարտեզը կվաճառեի,- իր սրտին հավատալով, արդարացավ Միքայելը,- բայց չվաճառեցի, չէ՞»:
Քարտեզն, իրոք, չէր վաճառել: Այդպես էր ստացվել. գնորդն ինչպես հանկարծակի հայտնվել էր, այդպես էլ չքվեց: Ձերբակալվե՞ց, խփվե՞ց սահմանի վրա, ինչ իմանաս:
Թուրքի հետ սահմանը, ճիշտ է, փակ էր, այս կողմից ռուս սահմանապահներն են հսկում, մյուս կողմից՝ ասկյարները, բայց արի ու տես, որ կան մարդիկ՝ այս կողմից այն կողմ են անցնում, այն կողմից՝ այս կողմ: Պապերից, տատերից, կորուսյալ երկրից խոսելիս, մի օր, մտերմիկ մի շրջապատում, պատմել էր մեծ տատի ծոցում պահված ծրարի մասին և ընկել էր կրակը: Նեղ ճակատով, մանրիկ աչքերով բարձրահասակ անծանոթը հայտնվել էր օրեր անց և առաջարկել գործարքի երկու տարբերակ. «Եթե վստահում ես ինձ,- ասել էր,- կգնամ, կգտնեմ ձեր գանձը ու հավասար կկիսենք: Այս տարբերակի դեպքում քո վախն է արդարացի` կարող է քեզ խաբեմ: Եթե չես վստահում` նախապես մի գին ասա, ես կվճարեմ: Այս տարբերակով էլ, անշուշտ, իմ վախն է արդարացի: Բայց ոչ այն պատճառով, որ չեմ հավատում քեզ և քո մեծ տատին, այլ, որովհետև, շատ հավանական է, որ թուրքն արդեն գտել է ձեր գանձը»: «Դու, ի՞նչ է, նման գործով շա՞տ ես եղել այն կողմերում»,- հարցրել էր Միքայելը` զարմանալով, թե այդ բարձրահասակ մարդն ինչպես է աննկատ կտրում-անցնում սահմանը: «Մի քանի անգամ,- ասել էր անծանոթը,- և ոչ մի անգամ գանձ չեմ գտել: Փոսերը գտել եմ, գանձերը` ոչ: Ողջ երկիրը փորփրել են անաստվածները»:
- Հիշատակը` հիշատակ,- հիշողությունից ազատվելով ասաց Միքայելը,- բայց ուզում էի իմանալ մատանու իրական արժեքը:
- Ասացի արդեն` անգին է,- հաստատեց ակնավաճառը,- բայց որպես թանգարանային նմուշ է անգին: Գողը քո մատանին չի էլ գողանա: Գրպանիդ թաշկինակը կթռցնի, սա՝ չէ: Իհարկե, կան մարդիկ, ովքեր կգնահատեն մատանիդ, նաև կփորձեն գողանալ, կամ գնել հնարավորինս էժան, բայց դրանից ոչինչ չի փոխվի… Միևնույն է, նրանց կանայք կամ սիրուհիները չեն հագնելու այս մատանին… Եվ, ուրեմն, էլի մնալու է որպես թանգարանային նմուշ… Բայց վերադառնանք Ներսես Աշտարակեցուն… Խելացի, հայրենասեր, սկզբունքային մարդ էր, ինչո՞ւ թողած Հովսեփ կաթողիկոսի մահվան պատճառների փնտրտուքը, զբաղվեց իշխան Սողոմոն Արղությանի, թող որ անթույլատրելի, մեղքով: Խեղճը վախից անկողին ընկավ, մեռավ… Իսկ Դարեջան թագուհին ապրեց երկար: Իսկ Սանկտ-Պետերբուրգից աչքով անողը ապրեց երկար… Հայկական թագավորության ստեղծման գաղափարն էլ պայթեց օճառի պղպջակի նման… Հիմա ես, դու, նա, երկու հարյուր տարի անց, կարո՞ղ ենք վերականգնել հավաստի պատմությունը: Կարո՞ղ ենք իմանալ, որ եթե մեզ կոտորել են հավատի համար, ապա ինչո՞ւ են կանգուն մեր եկեղեցիները, իսկ պալատները չկան… Հավաստի պատմությունը, ի դեպ, ընթանում է հորինովի պատմության կողքից, զուգահեռաբար: Մենք ապրում ենք հորինովի պատմության մեջ… Քեզ ինչո՞ւ կարգալույծ արեցին:
Վեհարանից դեպի Մայր տաճար շարժվող կաթողիկոսական թափորն անցնում էր հավատացյալների ու զբոսաշրջիկների միջով: Մարդկային միջանցք էր առաջացել Վեհարանի ու Մայր Տաճարի միջև: Ղողանջում էին եկեղեցու զանգերը: Ամպհովանու տակ քայլում էր Վեհափառը, խաչակնքելով ողջունում և օրհնում հավատացյալներին, զբոսաշրջիկներին: Գրկի երեխա տեսնելիս նա դուրս էր գալիս ամպհովանու տակից և աջը դնում մանկան գլխին: Կանայք համբուրում էին Վեհափառի աջը: Ամպհովանու ետևից քայլում էին պատվավոր քաղաքացիները, ըստ հոգևոր աստիճանակարգի` արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, վարդապետներն ու սարկավագները: Սարկավագների դասի մեջ քայլող Միքայելի հայացքը թափորի շարքերի մեջ ճեղք որոնելով, սևեռված էր պատվավոր քաղաքացիներից այն մեկի վրա, ով գլխավերևում հովանոց էր պահել: Երբեմն սրա գլուխն էր նկատվում, երբեմն` կիսադեմը, ավելի հաճախ ձախ ձեռքը, որով բռնել էր հովանոցի երկար կոթը: Պիջակի թևքը ցած էր սահել, մերկացրել դաստակի կապտավուն դաջվածքը: Մարդկային միջանցքի երկու կողմերի առաջին շարքերում հիմնականում կանայք էին: «Տես, թե մեզ ոնց են խղճում կանայք,- Միքայելի ականջի համար շշնջացել էր կողքից քայլող սարկավագը և գլխի շարժումով աջ ու ձախ ցույց տվել:- Նրանց թվում է, թե մեզ գողացել են իրենցից… Նրանք իրենց որբևայրի են կարծում…»:
Վեհափառը հերթական մանկան գլխին էր դրել աջը, իսկ մանկանը գրկած մոր կողքին կանգնած հնամաշ շրջազգեստով կինը համառորեն իր կլորիկ փորն էր ցույց տալիս: Վեհափառը հղի կնոջն էլ էր օրհնել: Իսկ կապտավուն դաջվածքի կարիճին փակվող-բացվող տեսադաշտը շարժում էր հաղորդել: «Որդան կարմրի թելի նման են քո շրթունքները,- Երգ-երգոցից տողեր էր արտասանում Միքայելի կողքից քայլող սարկավագը: – Սերս հափշտակել ես, ով իմ քույր հարս, սիրտս հափշտակել ես քո մի հայացքով, պարանոցիդ մի մանյակով…»: «Այ Սողոմոն,- հեգնանքով ընկերոջն էր դիմել Միքայելը,- քեզ ծանո՞թ է հովանոցի տակ քայլող պատվարժանը»: «Բռնեցեք աղվեսներին,- սարկավագը այլ տողեր էր արտասանել Երգ-երգոցից,- բռնեցեք այգիներն ավերող պստիկ աղվեսներին, որովհետև ծաղկել են մեր այգիները…»: «Աղվե՞ս է»,- հարցրել էր Միքայելը: «Սողոմոնի ժամանակ պստիկ աղվես էր, հիմա խոշոր գայլ է… Նվիրատու է, զավակս…»:
Արդեն եկեղեցու ներսում, պատարագի ժամանակ, Միքայելը մոտեցել, բռնել էր հովանոցը ձեռնափայտի վերածած պարոնի օձիքը և ոտքով անզգուշաբար դիպել ձեռնափայտի վերածված հովանոցին: Պարոնը կորցրել էր հավասարակշռությունը, ոտքը ոտքին զարկել և պիտի վայր ընկներ, եթե վրա չհասնեին երկու հաղթանդամ, հաստավիզ տղաներ: Միքայելին հրմշտելով նրանք եկեղեցուց դուրս էին հանել կարիճի դաջվածքով պարոնին` անասելի խառնաշփոթ առաջացնելով եկեղեցում… Տարիներ առաջ այդ պարոնը մուրացիկ երեխաների հանրապետության նախագահն էր: Ամեն երեկո, քնելուց առաջ, անավարտ շինության ավերակների մեջ, նա մանրակրկիտ հաշվում էր օրվա մուրածը և վայ նրան, ով կփորձեր ծոցը գցել թեկուզև մի լումա: Ծեծելուց առաջ, երբ քշտում էր ձախ թևքը, մուրացիկներին թվում էր, թե կարիճն է իրենց խփում: «Քանի՞ անգամ եմ ձեզ ասել, որ ձեր գործը մուրալն է: Մուրալը,- բղավում էր մուրացիկների հանրապետության նախագահը:- Մարդիկ չեն սիրում գողերին… Մուրացկաններին խղճում են, գողին` ատում…»: Երկրաշարժից հետո Միքայելը այդ հանրապետության քաղաքացիներից էր…
- Չեմ կարծում, թե հարբեցողությամբ ես զբաղվել,- ասաց ակնավաճառը,- կամ` մանկապղծությամբ… Առողջ, ամուր տղամարդու տեսք ունես և քեզ դժվար էլ է պատկերացնել սքեմի տակ…
Հրաժեշտից առաջ հոգեհայր Սրբազանը իր խուցն էր տարել աշխարհիկ հագուստով Միքայելին և շշուկով ասել. «Ներող եղիր, զավակս, ես չկարողացա մեղմել Վեհափառի զայրույթը»: «Դուք ինձ ներեք, հայր սուրբ, կարգազանց եղա: Խանգարեցի պատարագի խաղաղ ընթացքը»: «Խնդիրը պատարագը չէ, զավակս,- ասել էր Սրբազանը,- պատարագի խաղաղ ընթացքը վերականգնվեց: Դու խանգարեցիր մեղք գործած մարդու ետդարձի ընթացքը»: Սրբազանը թեթևակի հազոցով մաքրել էր կոկորդը և Սուրբ Գրքի անհրաժեշտ էջը մտովի գտնելով, կարդացել. «Եթե որևէ մեկը ետ դառնա իր անօրինությունից և իրավունք ու արդարություն գործի, նա կապրեցնի իր անձը: Ետ դարձեք անօրինությունից, որ ապրեք: Հաճելի չէ տեսնել մեռնողի մահը: Ուրեմն` ետ դարձեք, որ ապրեք»: Այսպես է ասված, զավակս»: Միքայելը ծնկել էր եպիսկոպոսի առջև, երկար նայել ծերի իմաստուն աչքերին, հետո քնքշանքով բռնել նրա աջը, համբուրել: «Ամեն մեղք կարելի՞ է ներել, հայր սուրբ»: «Կարելի է, զավակս»,- ասել էր Սրբազանը: «Ապաշխարանքով, խաչհամբույրով կարելի՞ է փրկվել»: «Կարելի է, զավակս»: «Իսկ եթե խաբո՞ւմ է, որ ետ է դարձել, եթե կեղծո՞ւմ է»: Սրբազանը մատը վեր էր տնկել. «Նա տեսնում է ամեն ինչ»: «Նա երկնքում է,- ասել էր Միքայելը,- իսկ այստեղ` երկրի վրա եկեղեցին է, եկեղեցու սպասավորներն են… Մեր տեսողությունը չի՞ խեղճանում նվիրատվություններից… Այս ովքե՞ր են, հայր սուրբ, եկեղեցու բարերարներն ու նվիրատուները: Նույնիսկ եկեղեցի կառուցողները… Այս աղքատ երկրում որտեղի՞ց հայտնվեցին այսքան մեծահարուստներ… Դուք էլ գիտեք, որ արդար քրտինքով չեն հարստանում… Հարստանում են մեղքով… Գիշերով նրանք մեղք են գործում, առավոտյան՝ գալիս ապաշխարանքի: Առավոտն են մեղք գործում, երեկոյան են գալիս: Եկեղեցին ներում է նրանց, իսկ կյանքը շարունակում է ապականվել: Մեղքը գործվում է այնտեղ, ներումը շնորհվում է այստեղ: Մեղքն ու ապաշխարանքը հեռացել են մեկ-մեկուց…»:
- Կարգազանց եղա,- վերջապես պատասխանեց Միքայելը ու մեծ տատի մատանին ծոցագրպանը գցեց:- Ես քեզ խաբեցի` թե չեմ ծախում, բայց ուրախ եմ, որ այս անգինը գին չունի:
Միքայելը դուրս ելավ ոսկու շուկայից և երկար ժամանակ գլխի չէր ընկնում` հավաստի՞, թե՞ հորինովի պատմության ճանապարհով է գնում… Իսկ ակնավաճառը, թեև տնտղելու ոչինչ չուներ, ոսպնյակը հպել էր ձախ աչքին, աջը՝ կկոցել, և կրկին նմանվել Արարատի առասպելական միաչքանի օձին:

__________________________

Մեղք է, չէ՞

Ընկուզենուց կապված մեր շունը շփոթվել էր, չգիտեր` ետևի ոտքերին կանգնի ու փաթաթվի ծնկների՞ս, ինչպես վարվում էր ամեն անգամ, երբ հայրական տուն էի գալիս, թե՞ ատամները կրճտացնելով հաչա անծանոթ հյուրի վրա: Նա ավելի շփոթվեց, երբ անծանոթ հյուրը լայնեզր գլխարկը հանելով ու թեթևակի խոնարհումով մտերմաբար աչքով արեց և ընդառաջ եկող հորս ձեռք մեկնելով՝ տուն մտավ: Հիմա արդեն շփոթմունքը վերածվեց վիրավորանքի: Սկսեց հաչալ: Վիրավորվել էր, որ հյուրը սկզբում կարծես թե իր առջև էր գլխարկ հանել ու իրեն էր աչքով արել, հետո, պարզվեց, տանտիրոջն է ողջունել:

- Սուս,- ասացի նրան,- չե՞ս տեսնում ով է եկել…
Նա մեր լեզուն հասկանում էր, մենք` իրենը վերծանում… Հաչոցը, ճիշտ է, կտրեց, բայց ճպռոտ շրջանակների մեջ պսպղացող աչքերից կայծեր էին դուրս թռչում:
Հայրս մեծ ու առատ սեղան էր գցել, այնքան առատ, որ դեմ դիմաց նստած երկուսն էլ հազիվ էին երևում: Միայն գլուխներն էին նկատվում: Ես թե՛ հուզված էի, թե՛ ծիծաղս էի հազիվ զսպում, որովհետև պատկերը համառորեն հիշեցնում էր ժամանակին կարդացածս «Պրոֆեսոր Դոուելի գլուխըե գիտաֆանտաստիկ վեպը:
Երկուսն էլ կարճահասակ էին, երկուսն էլ կիսաճաղատ, երկուսն էլ ծանոթության առաջին պահերի անհարմարությունն էին ապրում, բայց որովհետև ամաչում էին մեկմեկու «հերթապահե հարցեր տալուց, հիմնականում լռում էին: Փրկողը ես պիտի լինեի, բայց գիտաֆանտաստիկ անիծյալ վեպը դարձել էր ծամոն, պոկ չէր գալիս մտքիցս, և հետո` խորովածը չէ՞ որ ես պիտի անեի: Դրությունը կարող էր փրկել նաև տանտիրուհին` իր գրադարանում գրողների հետ հանդիպման մեծ փորձ կուտակած տիկին Ազգանուշը, ով մեր թաղում և քաղաքում հայտնի էր իր լեզվանիությամբ, բայց արի ու տես, որ հիմա կծկվել էր, խեղճացել, դարձել համավոր հարս ու չէր համարձակվում առանց անհրաժեշտության դուրս գալ խոհանոցից:
Խորովածի դեռևս բոցկլտացող օջախի դիմաց պպզած՝ ես ստեղծված վիճակի համար մեղադրում էի հյուրին` Համո Սահյանին: Ինքը չցանկացավ, որ ընկերներիս էլ հրավիրեմ: Եվ նաև ակնարկեց, որ հայրս ոչ մեկին չկանչի: Երևի հոգնել էր աղմկալից խնջույքներից…
Հայրս կարծես ուրախ էր, որ երկուսով են լինելու, թեև դժվար պիտի լիներ դիմանալ պատվավոր հյուրով պարծենալու գայթակղությանը: Համենայնդեպս, նա մեծ ու առատ սեղան էր գցել և կիսաբաց թողել դարպասի դռնակը: Հյուրն Աստծունն է: Բայց ո՛չ լուրը, որ մեր տուն Համո Սահյանն է եկել, ո՛չ էլ խորովածի հոտը ի զորու չեղան խախտելու պարկեշտության սահմանը: Եվ նրանք` հայրս ու Համո Սահյանը, ստիպված էին ինքնուրույն ճեղքել լռության պատնեշը:
Երբ ներս տարա թոքի ու լյարդի վաղաեփ կտորներով շամփուրները, նրանք արդեն զրուցում էին: Ցածրաձայն, նույնիսկ խորհրդավոր: Ինձ տեսնելով` լռեցին, և ես հասկացա, որ նրանց համար այլևս ավելորդ եմ, նույնիսկ խանգարող, թեև համոզված էի` իմ մասին են խոսում: Հորս դիմագծերով գլուխը փոքր-ինչ սահյանավարի էր ինձ նայում, Սահյանի դիմագծերով գլուխը` փոքր-ինչ հորս պես: Ես պարզապես փախա սենյակից ու օջախի դիմաց նստած, իբր խորովածի ծխից, տրորում էի հուզմունքից լացող աչքերս…
Հետո, երբ նրանք, չգիտես խմիչքից թե զրույցից արբեցած, բակ դուրս ելան և մեկմեկու թիկն տված հազիվ էին ոտքի վրա մնում, ես սոսկումով մտածեցի, որ մահ ասած անխուսափելին նրանց ավելի մոտ է կանգնած, քան ինձ, և որ ես դատապարտված եմ տեսնելու նրանց կորուստը…
Հորիցս անջատվելով և ճոճվելով՝ Համո Սահյանը քայլեց դեպի Շեկոն: Ոչ միայն վիրավորանքը, այլև խորովածի ոսկորները մոռացած շունը ետևի ոտքերին կանգնեց, ինչպես իմ առաջ էր միշտ կանգնում և փաթաթվեց բանաստեղծի ծնկներին: Համո Սահյանը շոյում էր Շեկոյի գլուխը և քթի տակ ինչ-ինչ խոսքեր քրթմնջում: Քրթմնջում էր և Շեկոն ու պարանոցը հարմար պահելով՝ թույլ տալիս, որ Համո Սահյանը արձակի վզի կապը: Ազատություն ստացած Շեկոն մի քանի ոստյունով բակից այգի խուժեց:
- Մեղք է, չէ՞,- ասաց Համո Սահյանը:
Իսկ այգին ջրել էին նախորդ օրը: Մարգերը դեռ թաց էին: Շեկոն խրվում էր ցեխի մեջ, ցեխաջրի հրավառություն կրակում ոտքերի տակից և գրեթե ոչ շնական, այլ մարդկային հիացմունքի ձայներ արձակում:
Խոհանոցի լուսամուտից դուրս նայող տանտիրուհին` տիկին Ազգանուշը, սարսափից չռել էր աչքերը: Շունը տրորում էր լոլիկի, վարունգի, տաքդեղի սածիլները, սոխի, ռեհանի ծիլերը…
- Մեղք է, չէ՞,- կրկնեց Համո Սահյանը:
Իսկ հայրս, չգիտես ինչու, քրքջում էր…
Այգին, մասամբ բանջարանոցը լիովին ավերելուց հետո, ցեխակոլոլ Շեկոն սուսիկ-փուսիկ եկավ, պառկեց ընկուզենու տակ, պարանոցը հարմար պահեց, որ հայրս կապը վիզը գցի:
- Մարդն էլ շան պես է,- տխուր ասաց Համո Սահյանը: – Հենց ազատություն ես տալիս` ավերում է, ցեխոտվում…
Մեղք է, չէ՞…

___________________________

Արագիլները վերադարձան

Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում։ Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը։
Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, աստծու տվածն է։
Հայրս ասում էր՝ տարին ունի չորս եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն։
Մայրս ասում էր՝ էլի ցեխոտել ես շալվարդ, դու փնթի տղա ես։
Իսկ ես համոզված էի, որ արագիլներն են գարուն բերում։
Երկու արագիլ էին՝ էգը և արուն։ Մեր փոքրիկ քաղաքում բամբակազտիչ գործարան կար, կարմիր-կարմիր տանիքով։ Ահա հենց այդ կարմիր-կարմիր տանիքի վրա էր հյուսված արագիլների զամբյուղաձև բույնը։ Ամեն գարնան սկզբին ուղիղ քաղաքի վերևում Աֆրիկայից, թե մի այլ հեռու տեղից, գալիս էին արագիլներն ու պտտվում։ Սկզբում պտույտների շրջանը մեծ էր. կկոցում էի աչքերս գտնելու նրանց ամպերի ճերմակ փրփուրների մեջ։ Հետո շրջանը փոքրանում էր, և նրանք պտտվում էին գործարանի վերևում։ Հետո էլի էր փոքրանում։ Ասես ներքևից մեկը անընդհատ փաթաթում կարճացնում էր նրանց ոտքերից կապված թելը։ Եվ այս անգամ նրանք պտտվում էին լայն բնի շուրջ։ Երբ արդեն կանգնում էին տանիքին, թվում էր, թե նրանք ոտքեր չունեն։ Ոտքերը կարմիր էին, տանիքը կարմիր էր։
Մայր արագիլը երկար կտուցով կսմթում էր ինքն իրեն, թքում-հարդարում էր գզգզված, փոշոտված փետուրները։ Իսկ արուն գործարար, տղամարդկային հայացքով զննում էր շրջապատը՝ որևէ փոփոխություն չի՞ եղել ձմեռվա ընթացքում։
Այդ օրվանից ճերմակում էին կարճահասակ բալենիները, ծիրանիները, հետո դեղձենիներն էին ներկոտվում նուրբ թափանցիկ ծաղիկներով։ Այդ օրվանից ես մի ծառից մյուսն էի թռչում խեժ գտնելու։ Այդ օրվանից քրդուհիները «մացուն, լավ մացուն» էին բղավում։ Այղ օրվանից հարևան աղջիկները կարմիր, դեղին, կապույտ գոգնոցները սպիտակ ոտքերի արանքներում խճճելով դաշտ էին գնում բանջար քաղելու, իսկ ողջ գիշերները տանիքն էին ճանկռում մռմռ կատուները։ Եվ մեր խաղերն էին սկսվում, գարնանային խաղերը.
— Կի-կի-դա-նա-կի...
Այսպես էր գարունը գալիս։ Արագիլներն էին բերում։

Երևանից որսորդական ընկերության տոմսը գրպանը դրած մի հրացանավոր գալիս է մեր կողմերը կաքավ սպանելու անզուսպ վճռականությամբ։ Այս կողմ, այն կողմ՝ կաքավ չկա։ «Թյու» ասում է երևանցի հրացանավորը ու մտնում Սև ջրի եղեգնուտների մեջ։ Մտածում է այսպես. եթե կաքավ չկա, հերն էլ անիծած, վայրի բադերն էլ պակաս համեղ չեն։
Եղեգները շրշացել են, ինչպես կնոջ փեշերն են շրշում, և որսորդական հրացանի փողը ուղղվել է այդ կողմը: Տրաք-տրաք... մոտեցել է, տեսել արյունը ու ետ փախել, փախել այնքան, մինչև պատահական մի բեռնատար վերցրել է նրան։ Վարորդն ասել է.
— Երեսիդ գույն չկա, ախպերացու։
Սա ձայն չի հանում։ Վարորդը կասկածանքով նայել է հրացանին։
- Դու հո...
- Չէ, չէ... կարծեցի բադ է, բայց... արագիլ էր։
- Էհ, ախպերացու,- ասել է վարորդը,— ես քեզ հիմա կիջեցնեի մեքենայից, բայց դե... Ախր, ամեն մարդ հրացան չպիտի վերցնի, ախպերացու։ Հրացան վերցնողը չպիտի սխալվի, ախպերացու։ Թե չէ, ի՞նչ դուրս կգա...
Մայր արագիլը երկար սպասեց ընկերոջը։ Կանգնում էր գործարանի տանիքին ու կտուցը վեր տնկած սպասում։ Նրան թվում էր թե հիմա ուր որ է օդը ծածանվելու է ծանոթ թևերի թափահարումից։ Աշնանը չվեցին կռունկները։ Մայր արագիլը ճանապարհեց նրանց կտուցով ու մնաց։ Մնաց ձմեռելու։ Մեր հարևան պառավները խաչակնքում էին երեսները: Նման բան չէին տեսել։
Պապս խոսում էր ինքն իր հետ՝ արագիլն էլ մարդ է։ Մարդու նման սիրել գիտե։
Հայրս հայհոյում էր որսորդին՝ կույր շանորդի։
Մայրս ձգում էր ականջս՝ մեկ էլ չլսեմ, որ մտնես եղեգների մեջ։ Չլսեմ։
Իսկ ես մտածում էի գարնան մասին։ Եթե չչվի մայր արագիլը, էլ ո՞վ պիտի գարուն բերի։
Մայր արագիլը ձմեռեց բամբակազտիչ գործարանի տանիքին։
Բայց գարունը եկավ։ Ես զարմացել էի։ Էլի սպիտակել էին բալենիները, ծիրանիները, էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով էին ներկվել դեղձենիները... Սակայն խեժն այլևս այն համը չուներ, գարնան մեջ ինչ-որ բան պակաս էր։
Հայրս տանը չէր, դարբին Գրիգորը տանը չէր, քեռի Գևորգը, թաղի մնացած տղամարդիկ նույնպես, և մայր արագիլն էլ չէր դիմացել ձմռան ցրտին՝ մեռել էր։
Մեր խաղերը այլևս «կիկի-դանակի» չէին, այլ` կռիվ-կռիվ:
Հիշում եմ, թե ինչպես քաղաքում երևաց առաջին հենակավորը։ Քաղաքը լուռ էր, և այդ լռության մեջ, ինչպես մուրճի հարվածներ, զույգ հենակ էր թըկ-թըկում։
Հիշում եմ, թե ինչպես մի ամառ Երևան գնացինք, հորաքրոջս մոտ։ Առաջին անգամ տեսա իսկական, կենդանի գերմանացիների։ Դրանք ֆաշիստներ չէին, դրանք պարզապես գերմանացիներ էին՝ մաշված համազգեստներով, առանց ուսադիրների, շեկլիկ մազերով և տխուր աչքերով։ Հարևանի տղա Միշիկի հետ պատշգամբից լրագրեր էինք նետում նրանց և փոխարենը ստանում փայտե խաղալիքներ։ Մի խաղալիք-մարզիկի համար մենք երկար կռվեցինք։ Միշիկն ինձնից ուժեղ էր՝ խլեց։ Մի քանի օր անց, ստացվեց Միշիկի հոր սպանության լուրը: Միշիկի մայրը լաց էր լինում, հորաքույրս լաց էր լինում, Միշիկը լաց էր լինում, ես էլ էի լաց լինում։
Հետո մենք, ոտքերի տակ գցելով, փշրեցինք խազալիք-մարզիկը և պատշգամբից այլևս լրագիր չէինք նետում...
Այս ամենը ստիպեց ինձ հիշել հորս հեռախոսազանգը։ Զանգեց ու մի քիչ կարոտով, մի քիչ բարկացած ասաց.
— Տղա, դու հո Նոյի ագռավ չե՞ս։ Ինչո՞ւ չես գալիս։ Ամուսնացել ես, լավ ես արել, բայց հայրական տուն կա, որ պիտի նորոգվի, հող կա, որ պիտի մշակվի։ Դու չգիտե՞ս, որ գարուն է եկել։
— Գիտեմ,— ասացի,— Երևանում էլ են կանաչել ծառերը։
— Այս տարի լավ բերք է սպասվում,— շարունակեց հայրս,- վերադարձել են արագիլները։
— Ի՞նչ արագիլներ,— զարմացա ես։
— Արագիլներն էլի՞, չես հիշում։
Ու ես հիշեցի։
Հիշեցի տարիներ շարունակ անտեր մնացած բույնը, որից ամեն թեթև քամի շյուղեր էր փախցնում։ Ինձ միշտ թվում էր, որ մեր փոքրիկ քաղաքի վրա պատերազմը միայն մի ռումբ էր գցել, գցել էր արագիլների բնի վրա։
— Չե՞ս հիշում։
– Հիշում եմ։ Կգամ։
Վաղը շաբաթ է ու կգնամ։ Կգնամ տեսնելու արագիլներին։ Կգնամ ծառերից խեժ պոկելու, կգնամ զգալու գարունը։
Հետաքրքիր է, որտե՞ղ է հիմա Միշիկը:

_________________________________

ԱՄԱՌ ԷՐ, ԿԻՐԱԿԻ

Չորրորդ հնդուհավի գլուխն էլ առաջին երեքի նման Արշակը պիտի գցեր հարևան Արամի շան առաջ, եթե հենց գլխատման պահին բակ չմտներ անծանոթ մի հայորդի: Քրտնած էր մարդը, քրտինքը թրջել էր վերնաշապկի թևատակերը, սպիտակ շալվարի նստատեղը, ճակատից, հոնքերից կաթիլներ էին ծորել ակնոցի փոշոտ, լայնեզր գլխարկի ստվերից մթնած ապակիներին, որ այլևս թափանցիկ չէին, համենայն դեպս, Արշակին չհաջողվեց տեսնել եկվորի աչքերը:
- Աստծու բարին,- բարևն առավ Արշակը, ուզեց գուշակել, թե ով է այս մարդը և ինչու է հայտնվել իր բակում:
Երբ բաժանում էին թաղի հողերը, Արշակը ուշ էր վրա հասել՝ մշակված սևահողերը այլևս չկային: Անմշակ քարքարուտներ, աղուտներ՝ ինչքան աչքդ կտրում է: Ուզում ես՝ սա է, չես ուզում՝ սա է: Արշակը վերցրել էր քարքարուտը: Նրա հողամասով վերջանում էր թաղը, որովհետև, թեև էլի ուշացողներ էին հայտնվել, բայց և ոչ մեկը նրանցից չէր հավատացել, թե քարքարուտը կարելի է դարձնել բերրի հողակտոր, ուր եթե սերմ գցես՝ ծիլ կտա, ծառ տնկես՝ պտուղ կտա: Իսկ առանց հավատի ո՞վ ձեռքը կառնի լինգը ու կմտնի քարքարուտ: Արշակի տունը թաղի վերջին տունն էր, ու եթե անծանոթը կտրել-անցել էր թաղը, հասել էր վերջին տանը, նշանակում է գործը կամ իր՝ Արշակի հետ էր, կամ... Ի՞նչ «կամ», աղուտներում ի՞նչ գործ ունի խելքը գլխին մարդը:
- Ջուր ունե՞ք, ջուր,- խնդրեց անծանոթը, և Արշակին այնպես թվաց, որ եթե քիչ ուշացնի ջուրը, ապա եկվորը ափ հանած ձկան պես շունչը կփչի: Նա ցած գցեց արնոտ դանակը, հնդուհավի գլուխը, մի անգամ էլ նայեց վերջին ջղաձգումներով մարող թռչունին ու մոտեցավ ջրհորին: Դույլի մեջ քիչ ջուր կար՝ արևի տակ էր, եռում էր: Տաք ջրով լվաց մատները, դույլը հորը գցեց: Թեթև ճնկըլ էր, փետուր էր, խցան, նախկինն ափսոս չէ՞ր,- ծանր ոնց որ թուջե,- հենց գցում էիր, բլդբլդալով հասնում էր հատակը ու ձիգ պարանի միջով վեր էր վազում ավազների խշրտոցը:
- Էլ հոգս չունեինք, հա՞,- ինքն իրեն դժգոհեց Արշակը, և այնպես դուրս եկավ, թե մորն է բողոքում: Պաղ ջուր խմելու ախորժակով տնից ելած պառավը եկել-տնկվել էր որդու կողքին:
- Ցամաքե՞լ է, Արշակ,- վախեցավ պառավը, բայց հավատը չէր գալիս ու, թեև աչքերը միայն լույսն ու մութն էին ջոկում, կռացավ, գլուխը կոխեց ջրհորի բերանը՝ ստուգելու կասկածը:- Տարին չորային է,- ձայնը խոնավ պատերին քսվելով իջավ,- անցած գիշեր չիմացա՞ր, առուներից ելել, փախչում էին գորտերը:
- Ո՞ւր էին փախչում,- անծանոթին մոռացած՝ հարցրեց Արշակը:
- Հա, դու քնած էիր, հարբել-քնել էիր, իսկ նրանք առուներից ելել, կռկռալով փախչում էին: Թոկը թափ տուր, Արշակ... Մարդ որ փախչում է, գիտե՞ ուր է փախչում: Մարդ որ փախչում է, վտանգից է փախչում: Գորտն էլ մարդու պես: Ճանապարհին թե ջուր, ճահիճ հանդիպեց, կապրեն, թե չհանդիպեց՝ կսատկեն:
- Թող սատկեն կամ թող մողես դառնան: Հրեն, աղուտներում առանց ջուր ո՞նց է ապրում մողեսը,- Արշակը շտկեց թիկունքը, և ջրից պոկված դույլի ճլփոցն ընկավ պառավի ականջը:
- Առավոտ կանուխ բերանը չար խոսքով չեն բացի, բալա,- պառավը խռոված ետ քաշվեց, նստեց թթենու կոճղին:- Հորը լիքը ջուր է,- փնթփնթաց,- ասում է՝ ցամաքել է:
- Բաղդադում էլ խուրմա շատ կա,- չարացավ Արշակը,- ուտո՞ւմ ես: Քանի անգամ եմ ասել, այ մեր, ջրհորից ջուր մի քաշիր: Տղա ունես, թոռ ունես: Կռներումդ ուժ չկա, պարանը հորի պռնկին քսելով ես քաշում: Պարան չէ, պողպատ էլ լինի՝ քսվելով, քսվելով, քսվելով կմաշվի:
Կես դույլ ջուր հանեց, մոտ կանչեց անծանոթին, սա ձեռքերը բուռ արած քիչ կորվեց, մոռացավ լվացվելուց առաջ հանի ակնոցը:
- Ջրհորն ո՞վ փորեց, Արշակ,- ձայն տվեց պառավը:
- Եթիմը:
- Կանչիր, թող հանի դույլը: Համ կհանի, համ էլ ջրհորը կմաքրի: Աչքերը լցված կլինեն:
Ծարավ էր անծանոթը, բուռ-բուռ ջուրը բերանն էր լցնում,- գետնին կաթիլ չէր ընկնում,- հետո ներողություն խնդրեց, հանեց վերնաշապիկը, շփեց կուրծքը, թևատակերը: Լվացքի լարից ցամքոց էր կախված՝ Արշակը մատնացույց արեց, բայց մարդը թաց-թաց մարմնի վրա հագավ շապիկն ու ձեռքը մեկնեց Արշակին:
- Սամսոն:
- Արշակ,- ներկայացավ տանտերը,- կոճղին նստածն էլ մերս է, թախտին պառկածը՝ տղաս, Դերենիկը,- կամեցավ շարունակել, թե այսպես ու այսպես, ինչպես տեսնում ես, կինս չկա, մեռավ Դերենիկին ծնելիս, և, ուրեմն, մայրս և' ինձ է պահել, և' թոռանը, ինձ՝ իր կաթով, թոռանը՝ կովի, իսկ թաղում հնարել են, թե, իբր, հարսին հողին հանձնելու մյուս օրը Շողերը, այսինքն՝ մայրս, արմանք-զարմանքով նկատել է, որ կաթով լցվում-ուռչում է չորացած կուրծքը... Կամեցավ ասել նաև, որ մորթածն էլ հնդուհավ է, որ այդ հնդուհավը, ինչպես և առաջին երեքը, մորթել է մոր հորդորով՝ մատաղի նման մի բան, քանի որ այդ փքվող անասունների մեղքով է հարևան Արամի շան ատամների տակ ընկել Դերենիկը: Չորս հնդուհավ էին, հարևան Արամինը՝ հինգն են: Հինգ հնդուհավերը չորսին իրենց բակն էին տանում, ու Դերենիկի գործը իրիկունները դրանց տուն բերելն էր: Թալինցի մի քուրդ ձմեռնամուտին շունը բերում, պահ էր տալիս հարևան Արամին, գարնան գլխին գալիս տանում էր սարը: Շան ձմեռելու վարձը կարագ էր, բուրդ, պանիր, մի խոսքով՝ ինչ իջնում է սարից: Անցած գարուն քուրդը չեկավ: Անհանգստացած Արամը մեքենա վարձեց, Թալին գնաց՝ գտնելու շնատիրոջը, բայց չգտավ, որովհետև նրա հարցուփորձին քրդի ազգականներից մեկը պատասխանել էր, որ շնատերն այլևս չկա: Շունը մնաց Արամին: Գելխեղդ շուն էր, խոշոր, Դերենիկի հասակին, շղթայի օղակներից մե՞կն էր թուլացել, թե կապն էր վզից գլխին անցել, գլխից դուրս պրծել, այդպես էլ չիմացան, քննություն հո չէի՞ն անելու, դատաստան հո չէ՞ր, շուն էր, հարևանի շուն, կծել էր Դերենիկի ձեռքը, ոտքը: Ձեռքի վերքը թեթև էր, ոտքինը՝ ծնկից քիչ վեր, խորն էր, լայն, ամենախոշոր լոբահատն էլ ներս էր խցկվում: Այսքանը լեզվին եկավ, բայց որովհետև չասաց, շփոթվեց, որովհետև Սամսոնն էլ լռում էր, ավելի շփոթվեց ու մի բան ասելու համար վերցրեց հնդուհավի արնոտ գլուխը, որ տանի, գցի հարևան Արամի շան առաջ:
- Ո՞ր ես տանում,- հարցրեց Սամսոնը:
- Հարևանը շուն ունի,- կմկմաց Արշակը:
- Շունը լափ էլ կուտի:
- Ո՞վ է, Արշակ,- անծանոթ ձայնից գլուխ չհանելով՝ հարցրեց պառավը:
- Մերս չի տեսնում,- բացատրեց Արշակը:- Ուզո՞ւմ ես՝ չգցեմ շան առաջ, բայց ի՞նչ անեմ:
- Խորովեք, ու թող ուտի, Դերենիկ էր, չէ՞, անունը, ու թող ուտի Դերենիկը:
Շունն էլ հեռվից առել էր հնդուհավի արյան հոտը՝ կլանչում էր, ատամներով կտրատում շղթայի մետաղը:
- Ես մի ծանոթ ունեմ, ավելի ճիշտ՝ հարևան,- խոսեց Սամսոնը,- աշխատում է քաղաքին կպած թռչնաբուծական տնտեսության սպանդանոցում: Օրական, ի՞նչ եք կարծում, քանի՞ հավ ու հնդուհավ են մորթում այնտեղ: Եթե ձեզ ասեմ տասը հազար հատ, չեք հավատա, ես էլ այնքան չեմ հավատում, բայց հարևանս տասը հազարից պակաս թիվ չի ասում ու ցույց է տալիս պայուսակով տուն բերած հնդուհավերի գլուխները: Իհարկե, ոչ տասը հազար հատ: Ամենաշատը բերում է երեսուն, քառասուն գլուխ: Նրա կինը, տիկին Աշխենը...
- Աշխե՞նը,- ճչաց պառավը:
- Ճանաչո՞ւմ եք տիկին Աշխենին,- ուրախացավ Սամսոնը:
- Ի՞նչ է անում այդ... տիկինը,- Արշակը աչքով արեց Սամսոնին, որ շարունակի պատմությունը, թեև բոլորովին էլ պետքը չէր, թե ինչ է անում կամ ասում տիկին Աշխենը, գաղթի ճանապարհին կորած մորաքրոջ անվանակիցը:
- Որպեսզի երեխաները չզզվեն,- շարունակեց Սամսոնը,- հարևանուհիս ամեն օր նոր ճաշատեսակ է դնում սեղանին. արգանակ, խորոված, բորշչ, տոլմա, կոտլետ, ինչ ասես կարելի է պատրաստել հնդուհավի գլխից, իսկ դուք տալիս եք շանը:
Սամսոնը կարծես վրեժ էր լուծում առաջին պահերի լռության համար, և Արշակը մտածեց, որ բախտն այսպես ամեն ինչում չի բերում: Որտեղից լույս ընկավ այս շատախոսը, որից չգիտես թե ինչպես պիտի հոգիդ ազատես: Նա դիտավորյալ ոչ զարմանք էր արտահայտում, ոչ հիացմունք, ոչ հետաքրքրություն, որպեսզի անկոչ ու շատախոս հյուրն ավարտի ասելիքը, պարզի գալու նպատակը ու վերջապես գնա իր գործին, թե չէ որ շոգ է, նշանակում է ամբողջ կիրակին պիտի պարապ զրույցո՞վ մթնեցնես:
- Ո՞վ է, Արշակ,- հարցը կրկնեց պառավը, բայց Արշակը չհասցրեց պատասխանել, ու ճիշտն ասած չգիտեր էլ, թե ինչ պատասխանի: Ասի՝ Սամսո՞նն է: Սամսոնն ո՞վ է:
- Դու քանի՞ տարեկան ես, մայրիկ,- պառավի ոտքերի մոտ ծնկեց Սամսոնը,- յոթանասունհի՞նգ, ութսո՞ւն:
- Յոթանասուներկու,- հառաչեց պառավը:
- Քսանութ տարի անց կլինես հարյուր տարեկան: Եթե ամեն մայր ապրի հարյուր տարի, ու նրա ծնած երեխաները էլի հարյուր տարի, ուրեմն, ասա, մայրիկ, Մարիամից սկսած քանի՞ մայրություն է եղել, մինչև ծնվել է, այ, մեր Դերենիկը:
- Բոլորը հարյուր տարի կապրե՞ն, բալա:
- Դժբախտությունն էլ դա է, որ չեն ապրում: Բայց եթե ապրեն... եթե ապրեն, ուրեմն Մարիամից մինչև Դերենիկի ծնունդը տասնինը, քսան մայրություն է եղել: Ձեռքդ երկարեցնես՝ կդիպչի Քրիստոսի օրորոցին:
- Դիպչես որ ի՞նչ,- այլևս չդիմացավ Արշակը, հազիվ զսպելով վզակոթին տալով անկոչ հյուրին վռնդելու ցանկությունը:
- Ասենք՝ երկար, երկար ճանապարհ ես գնում,- պառավի համար շարունակեց Սամսոնը,- որ հասնես մի տեղ, ուր պիտի հասնեիր, և հանկարծ ճանապարհի կեսին նկատում ես, որ շատ փոքրիկ, չնչին մի բան կորցրել ես, չկա: Հոգնած ես, ետ դառնալու ուժ չունես, ու հոգնությունից ներսումդ մեծանում է կասկածը, որ եթե ետ էլ դառնաս, միևնույն է, ճանապարհի փոշու մեջ դժվար թե գտնես կորցրածդ: Ու դու շարունակում ես ճանապարհդ: Մարդիկ հաճախ են մոռանում, մայրիկ, որ իրերը, առարկաները, ամեն-ամեն ինչ կապված են իրար հետ անտեսանելի, բայց ամուր թելերով: Կորցրել էիր մի բան, հիմա արդեն ինքդ ես շպրտում, որովհետև առանց այն առաջինի, չնչինի, ավելորդ են և սրանք: Ու գնում ես, քայլում դատարկվելով, թեթևանալով... Ի վերջո այնքան ես թեթևանում, որ պատահական քամին էլ քեզ ճամփից կշեղի: Ու շեղում է: Եվ քո պետքը չէ: Ո՞ւր ես հասնելու՝ այլևս պետքդ չէ: Մանր-մունր բաներ կորցնելով դու կորցրել ես ամենակարևորը՝ ճանապարհ ելնելու նպատակդ: Բայց դու դեռ գնում ես...
- Հա, բալա,- տնքաց պառավը,- շատ ենք կորցրել...
Սամսոնը ոտքի ելավ, թափ տվեց շալվարի ծնկամասերը ու կարծես գոհ էր, որ կարողացավ պառավին հուշերի գիրկը գցել:
- Դու մեզնից ի՞նչ ես ուզում,- բղավեց Արշակը՝ հայացքը Սամսոնի պսպղուն ակնոցին, աշխատելով չթարթել աչքերը, թեև դա անհնար էր, որովհետև ակնոցի ապակիներից թռչող շողիկները, ասեղների նման ծակծկում էին բիբերը:
«Թող ասի՝ ի՞նչ է իր ուզածը,- ինքն իր առաջ արդարացավ Արշակը: Նրան թվում էր, թե իր տան գլխին ահավոր վտանգ է կախվում, և էլ ուրիշ ո՞վ, եթե ոչ ինքը պիտի հեռացնի:- Եկավ ջուր խնդրեց՝ տվեցինք, խոսել էր ուզում՝ լսեցինք, հիմա թող ասի՝ ի՞նչ է շինում մեր տանը...»:
- Ինձ ցցեր են պետք,- Սամսոնը սարքովի ժպտաց,- վրան եմ խփելու այնտեղ,- մատը տնկեց աղուտների կողմը:- Կես մետրանոց ցցեր թե տաք, շնորհակալ կլինեմ: Չորս հատ:
Արշակը ցախատուն մտավ ու, մինչև աչքերը կվարժվեին ներսի կիսամութին, կանգնել մտածում էր, թե այս կրակ շոգին աղուտներում ինչո՞ւ պիտի մարդը վրան խփի, եթե խենթ չէ:
«Խենթ է,- վճռեց նա,- խև ճաղրիկ: Այս ազգից խենթերն անպակաս են, էլի...»:
Ցախատան տախտակները չորացել-հեռացել էին մեկմեկուց մատնաչափ, ավելին: Արշակը հարմար ճղակ գտավ, քիթը հպեց անտաշ, փշփշոտ փայտին, դուրս նայեց՝ տեսնելու ինչ է կատարվում բակում: Պառավը կոճղին նստած մրմնջում էր,- շրթները նկատելի շարժվում էին,- Սամսոնը մոտեցել էր Դերենիկի թախտին ու տղայի առաջ խաղաքարտերի մեծության նկարներ էր փռել:
«Անեծք քեզ, չար սատանա,- մռթմռթաց Արշակը,- հիմա էլ երեխին է խելքից հանում»:
- Աղուտներում խաղացած կլինես,- լսեց Արշակը Սամսոնի ձայնը,- այսպիսի որդեր չե՞ս տեսել: Ուշադիր նայիր, տղաս, սրանք սովորական որդեր չեն, սրանք կորած, բայց շատ կարևոր որդեր են:
- Չէ, չեմ տեսել,- խոստովանեց Դերենիկը:
Արշակը ամոթով հանկարծ զգաց, որ ուզում է դուրս գալ ցախատնից, տեսնել, թե ինչ կերպարանք ունեն այդ կորած, բայց կարևոր որդերը:
- Գուցե տեսե՞լ ես ու չե՞ս հիշում, գուցե և տրորել ես, չիմանալով, թե ինչ ես տրորում... Նրանք մանր են, նկարում խոշոր են երևում, բայց մանր են...
- Չէ, չեմ տեսել,- կրկնեց Դերենիկը:
- Սրանցից ժամանակին կարմիր ներկ էին շինում...
Արշակը աչքերով փնտրեց, գտավ ցախատան այն անկյունը, ուր սովորաբար ցցերը, հենափայտերն էր շարում, մի քանի ցից խտիտը առավ, դուրս եկավ ցախատնից ու ձայն տվեց Սամսոնին.
- Սրանք հարմա՞ր են:
Սամսոնը շտապ-շտապ գրպանը խոթեց նկարները, համարյա վազքով մոտ եկավ, գիրկն առավ ցցերը: Արշակին թվաց, թե ցցերի ծանրությունից Սամսոնը կծալվի, կծնկի, վտիտ, չորուկ մարդ էր, շալվարի ծափ-ծափ զարկող տոտերի մեջ թաքնված ոտքերը պիտի որ ցցերից բարակ լինեին:
- Շնորհակալ եմ, հայրենակից, իհարկե, հարմար են,- Սամսոնի շնչառությունը արդեն խաղաղ չէր:- Արձակուրդս ավարտվի, ցցերն անվնաս ետ կբերեմ:
Արշակն ուղեկցեց հյուրին մինչև դարպաբը, ուր մեծ ուսապարկ էր ընկած, օգնեց, որ Սամսոնն ուսն առնի պարկը, հետո նստեց շեմին տեսնելու, թե ինչպես է բեռնավորված խենթը կոխկրտելու անապատի շիկացած հողը: Չգիտես ինչու՝ համոզված սպասում է, որ Սամսոնը երկար չի գնա, ահա-ահա ետ կդառնա, կփախչի իր քաղաքը, հնդուհավի գլուխ ուտող հարևանի մոտ, իսկ նրա քայլերից ելնող փոշին էլի վար կիջնի, կծածկի խելառ ոտնահետքերը, գուցե և կորած, բայց կարևոր որդերին, որոնցից ժամանակին կարմիր ներկ էին շինում:
Բայց Սամսոնը քայլում էր, հա քայլում, նույնիսկ չէր շրջվում, և Արշակը հոգնեց սպասելուց ու երբ հոգնեց, զարմացավ, որ բարկանալու փոխարեն հրճվում է, որ չարության փոխարեն կաթիլ առ կաթիլ սեր է կուտակվում ներսում: Իսկ երբ պուպրիկի չափսերին հասած Սամսոնը վայր նետեց ուսապարկը, ցցերը, Արշակը բակ մտավ, մորն ու որդուն չնայելով քայլեց դեպի բացբերան ջրհորը, ձեռքն առավ դույլը, փորձեց արձակել կանթի վրա ուռած հանգույցը: Մատներն անօգուտ պլստացին քարկապ հանգույցի վրայով, ատամները՝ նույնպես, ու ցավող ատամները կրճտացնելով, Արշակը համարյա ճչաց.
- Դանա՜կ...
Դեռ չէր հասցրել մի կարգին թքել բերանում հավաքված թաց պարանի մուզը, պառավն արդեն բերել էր դանակը:
- Ա'յ մեր,- ասաց Արշակը,- դու ոնց որ խաբում ես, թե չես տեսնում: Շատ լավ էլ տեսնում ես:
- Ի՜հհ,- սրտնեղեց պառավը,- դանակն ի՞նչ ես անում:
- Բա ո՞նց գտար դանակը:
- Դանակը իր տեղում էր, տղա...
Հանգույցից վեր կտրեց պարանը, դույլը գցեց ոտքերի տակ ու արհամարհանքով բզեց. դույլը զարկվեց հավաբնի ժանգոտած ցանցին, վախեցրեց շոգից շշմած, նառերին տափ-տափ արած հավերին:
«Շոգ չլիներ,- մտածեց Արշակը,- բանտարկված չլինեին, թե աքլորը չալարեր՝ քսաներեքն էլ կածեին... Ասա... Ուտողդ ո՞վ է, Արշակ... Հրեն, հինգ-վեց հավկիթն էլ օր օրի հավաքվում են, փչանում...»:
- Քաշիր,- մոր ափը խոթելով պարանի կտրած ծայրը, ասաց Արշակը,- քաշիր, հասցրու կոճղին:
Տասը ձվից եղձու էր ուտում Դերենիկը, իսկ որ փոքր էր՝ կճեպներն էլ առանձին էր ուտում: Հում-հում էլ էր խմում: Լուցկու հատիկով խառնում էր սպիտակուցն ու դեղնուցը, անհաց, անաղ կուլ էր տալիս: Մի օր բնկալն էր ձեռքն ընկել: Ձու չէր, թույն էր, գարշահոտություն: Ործկում էր Դերենիկը, ներսում ինչ ուներ՝ դուրս տվեց: Զզվեց Դերենիկը ձվից, իսկ պառավը կարծում էր՝ թունավորել են թոռանը:
Երբ մայրը հասավ կոճղին, Արշակը պարանի մյուս ծայրը ջրհորը նետեց: Խաղաղված ջուրն ալիքվեց էլի, ու Արշակն ուրախացավ, որ պարանի երկարությունը ճիշտ այնքան է, որքան պետք է իրեն: Նա մոր ձեռքից խլեց կտրած ծայրն ու փաթաթեց կոճղին, կապ գցեց:
- Նստիր,- ասաց,- ոտքդ դիր կապին:
- Դու ես մտնո՞ւմ,- գլխի ընկավ պառավը:- Եթիմին կանչեիր...
- Եթիմ կա՞, որ կանչեմ: Վերջին ջրհորը փուլ չեկա՞վ Եթիմի գլխին:
- Օղորմի,- խաչ քաշեց պառավը,- բա հիմա ո՞վ է ջրհորներ փորում:
- Աշխարհը կործանվե՞ց,- հոխորտաց Արշակը,- մեքենան է փորում: Եթիմից էլ լավ է փորում:
Թիկունքով դեպի մայրը դարձավ Արշակը, աչքով արեց պլշած Դերենիկին՝ մոր կտորն է,- ասաց մտքում,- թե հարց տաս՝ կպատասխանի, թե չխոսեցնես՝ կլռի, կլռի, այսքան լռել կլինի՞,- հանեց շալվարը, քշտեց շապիկի թևքերը, ու որպեսզի հապաղելուց չմեծանա վախը, ոտքերն իսկույն ջրհորը կախեց, կոշտ բթամատերով պատերի վրա ոտնատեղերի փոսիկներն էր փնտրում:
- Իջա՞ր, Արշակ,- վերից լսվեց մոր ձայնը:
Առաջին պահ Արշակը չհասկացավ, թե ինչու ճմլվեց սիրտը, երբ մոր ձայնը լսվեց վերևից: Նա փորձեց հիշել, էլի չի՞ եղել նման դեպք, էլի չի՞ լսել մոր՝ վերևից եկող ձայնը: Քանի՜-քանի անգամ է մայրը ելել կտուր՝ ճխլված ծիրանը փռելու, չիրը շուռ տալու ու այնտեղից բղավել՝ Արշա՜կ, սանդուղքը բռնի, վար եմ իջնում: Ու ինքը գլուխը քարշ մոտեցել, ամուր հենվել է կտուր տանող սանդուղքի ստորին մատներին ու վեր չի նայել, որ և աչքերը փոշի չառնեն, և չտեսնի մոր տակի շորերը: Կտուրից երբ ձայն էր տալիս, գիտեր, որ կտրանն է, բարձրում, ու ձայնը ներքև էր հղում: Իսկ հիմա նստած է կոճղին ու ձայն տվեց սովորականի պես՝ ներքևից վերև: Իսկ Արշակն այդ պահին այնտեղ չէր, ուր ուղղված էր մոր ձայնը, ներքևում էր, մինչև կոկորդը խրված հորի մեջ, և միայն գլուխն էր կաղամբի նման դուրս ցցված: Արշակը խղճաց մորը: Նա պատկերացրեց, թե ինչպես է մայրը ձեռքերն առաջ մեկնած տուն մտնում, կանգնում ճիշտ այնտեղ, որտեղ սեղանը պիտի լինի, և մատներով շոշափում սեղանի հարթ երեսը՝ գտնելու այն անկյունը, ուր դանակը պիտի ընկած լինի: Իսկ դանակը չկա: Մայրն իր քարտեզը ունի. մահճակալն այստեղ է, դանակն այստեղ է, բնկալն
այստեղ է, ամեն ինչ իր տեղն ունի, նշանակում է՝ պետք էլ չեն աչքերը, նշանակում է՝ տեսնում են աչքերը: Եվ ահա չկա դանակը, սեղանին չէ, իր տեղում չէ: Ո՞ր կողմը շրջվի՝ աջ, ձախ, ո՞ւր գնա, որ գտնի դանակը: Դանակն անպայման գրավել է մեկ ուրիշի տեղը: Ուրեմն խաթարվել է քարտեզը, ուրեմն պետք են աչքերը, ուրեմն չեն տեսնում աչքերը:
- Սուրբ Մարիամ Աստվածածին,- աղոթեց պառավը,- դու պահիր, պահպանիր իմ մինուճարին:- Նա մի ոտքին չվստահեց, մյուսով էլ սեղմեց կապը. հարմար լիներ, կկռանար, ձեռքերով էլ կբռներ: Հարմար չէր, կոճղը բարձր էր,- սղոցը վարից չբռնեց, վերևից կտրեցին չորացած թթենին,- պառավի եղունգներն իզուր ճանկռեցին կոճղի կնճռապատ կեղևը:
Արշակը մտածեց, որ եթե այս պարանը չլիներ, ո՞նց էր հենվելու զույգ ոտնաթաթերին: Ոտնաթաթերին էլ չէ, բթամատերին: Եթիմի ոտքերը խոշոր էին, տոհմիկ լեռնցու ոտքեր, ոտքը գրկող փոսիկները նույնպես պետք է խոշոր լինեին, քսան տարին ի՞նչ էր արել, որ հիմա փորվածքներում չղջիկի ձագն էլ հազիվ թե տեղավորվեր:
Ոտքն անակնկալ խուտուտ եկավ. թաց, ճկուն, օձանման մի բան խրվեց մատների արանքը ու չէր ուզում պոկ գալ: Ոտքն ասես անջատվեց մարմնից, խրտնեց, փախավ: Մյուսն էլ գայթեց, կախվեց օդում: Ոտքերի անիմաստ թափահարումից Արշակը պտտվեց պարանի շուրջ, կորցրեց կողմնորոշումը: Ո՞ւր են Եթիմի ոտնատեղերը, ինքը ցած սահե՞ց, թե սարսափից մի երկու ափաչափ մագլցեց: Երկնքին նայելու տենչով բռնված՝ նա գլուխը հենեց ուսին, տեսավ ջրհորի վրա կախված Սամսոնի ակնոցավոր դեմքը: Ճպպացրեց աչքերը՝ Սամսոնը չքվեց: Ջրհոր հորդող լույսի հեղեղը խելացնոր արագությամբ պտտվելով, դարձավ լույսի սյուն, որի մեջ իբրև շաղախ քարանում էր Արշակը: Նա ոտքերով փաթաթվեց պարանին, այրվող ափերը հովացան, գլխապտույտն անցավ:
«Թթենու մզեխից վախեցա,- հասկացավ Արշակը,- տես, է, ինչ արմատներ է գցել: Ծառը վաղուց չկա, իսկ սրանք դեռ ջուր են խմում...»:
Նա մի ձեռքով կառչեց պարանից, մյուսով շոշափեց ցեխոտ պատը, գտավ մզեխը, ձիգ տվեց վրեժով, թափվող հողից, քարերից ծեծվեց ջուրը, ցփոններ թռան, թրջեցին Արշակի բոբիկ ոտքերը: Մզեխը ռետինի նման ձգվեց, ոլորվեց, դուրս պրծավ խեղդող մատների աքցանից ու թաց մտրակ դարձած շրխկաց Արշակի դեմքին: Լարումից պլոկվեց ափի մաշկը, մրմռաց, դաղված շերտն էլ, թվաց, ուռչում է, ուռչում է և ուր որ է պիտի պայթի:
Նա ջուրն ընկավ ու ընկղմվեց: Գազազած արյունը, որ քլթքլթում էր երակներում, քունքերում գոլացավ, հանդարտվեց, մրմուռը, կսկիծը պաղ ջուրը տարավ, ու հատակի խրտնած ավազահատիկները փափլիկ շերեփուկների նման խուտուտեցին նրա մարմինը: Աչքերը գոց, բորբոքված կոպերի միայն կարմիրը, արյան կարմիրն ունենալով, նա ջրի մեջ շարժեց ձեռքերը և, մինչև մատները կդիպչեին կորած դույլի ողորկ պատերին, մտածեց.
«Տեսնես Սամսոնը խփե՞ց վրանը: Տեսնես ուտելիք ունի՞ մարդը...»: