20.10.2021 10:50
Ծնվել է 1947 թ հունվարի 24- ին , Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում , 1995-2003 թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2004 թ աշխատել է « Գրական թերթում որպես պատասխանատու քարտուղար , այնուհետև՝ 2005- 2012 թ . թ . որպես գլխավոր խմբագիր։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծական , արձակ և պիեսների ժողովածուների : Գրում է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ . Թումանյանի անվ . տիկնիկային , Համազգային , Կամերային պետական երաժշտական , Գյումրիի պետական ակադեմիական , Ալավերդու քաղաքային թատրոններում։ Ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով , այնպես էլ՝ գերմաներեն , ֆրանսերեն , անգլերեն , պարսկերեն : Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է : ՀԳՄ անդամ է 1976 թ .
Սամվել ԿՈՍՅԱՆ
ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
/ Պատմվածք /
Երազում էի միլիոն դոլար գտնել : Այնքան ոգեշնչված էի , որ այդ մտքից արդեն շատերն էին ոգևորվել ու սկսել էին ինձ չափից դուրս մոտ - մոտ անել , մտածելով միլիոնից բաժին պոկել : Ոչ մեկին չէի մերժում : Ու երբ յուրաքանչյուրին իր բաժինը խոստանալուց հետո , փորձեցի հաշվել տակն ինչ մնաց , պարզվեց , որ միլիոնից մի հարյուր հազար ավելի եմ բաժանել , ուստի ում խոստացել ու դեռ ոչինչ չէի տվել , մտովի ներողություն խնդրելով , մտածեցի միլիոնի մասին ընդհանրապես մոռանալ : Այդ որոշմանը նպաստեց նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ստիվ Ջոնսի , մահից առաջ թողած գրությունը : Միլիարդատերը գրել էր , որ . 30 դոլար արժեցող ժամացույցը և այն մեկը , որը 300 դոլար արժի , միևնույն ժամանակն են ցույց տալիս : 150000 արժեցող մեքենայով , թե 30 հազարանոցով , ճանապարհն ու տարածությունը միատեսակ են : Եթե այս ամենը մահից առաջ գրած չլիներ , կմտածեի մեծահարուստի հերթական կոկետությունն է , քանի որ ամբողջ կյանքում ձգտել է հարստանալ , վստահ , որ թանկն ավելի արագ ցույց կտա ժամանակը և առավելագույնս կկրճատի ճանապարհը : Ես էլ էի երևակայում , որ միլիոնը կօգներ հասարակության մեջ կարևորել իմ խոսքն ու դիրքը , վերջապես կազատեր սովորական և աննշան լինելու բարդույթից : Սակայն հասկացա , որ հիմար խաղի մեջ եմ ընկել և որ նման անլրջությունը լավ հանգրվանի չի հասցնի : Միայն խելագարը կարող է միլիոն կորցնել , այն դեպքում , երբ անհնար է , որ խելագարը միլիոն ունենա : Միաժամանակ հարուստ լինես թե աղքատ , շատ ուտես թե քիչ , ճանապարհորդես թե տանը մնաս , կյանքը նույնն է , կյանքի թանկն ու էժանը չկա , որովհետև մահը բոլոր կյանքերին նույն գինն է տալիս : Վերջ ցնորքին : Մինչև հիմա ընդամենը 10 դրամանոց մետաղադրամ էի գտել , փոխարենը զրկելով ինձ երկնքին ու աստղերին նայելու հաճույքից : Այլևս գլուխս խոնարհած չեմ քայլելու , հայացքով ասվալտը չեմ մաշելու , ինչից աչքերիս գույնն էլ փոխվել ու ասվալտից չի տարբերվում : Մարդկանց դեմքերն էլ եմ մոռացել ու ով գիտի , քանիսի կողոքով անցել ու չեմ նկատել : Հայացքս գետնից կտրելուց հետո , որքան էլ անսպասելի ու տարօրինակ , առաջինը Սոնայի դեմքը տպավորեց , ում հետ հարաբերություններս վաղուց էի խզել : Փորձեցի շրջանցել , իբր , չեմ նկատել , սակայն ձայն տվեց ու նրա բնավորությանը ծանոթ լինելով , ստիպված էի կանգնել : Սոնան առանց բարևելու միանգամից վրա տվեց .
- Միլիոնը գտա՞ր :
- Ի՞նչ միլիոն :
- Չլինի՞ գտել ես , որ ծանոթներիդ չնկատելու ես տալիս :
- Որտեղի՞ց գիտես :
- Արտակին 50 հազար էիր խոստացել :
- Ինչքան հիշում եմ , Արտակը չես :
- Ամուսնանալուց հետո մի քիչ Արտակ էլ ես կլինեմ :
- Բա ինչո՞ւ ինձ հետ չամուսնացար :
- Որովհետև քո սիրո պաշարն ընդամենը մի շաբաթ կհերիքեր :
- Նրանն ինչքա՞ն է :
- Մինչ մահ …
- Կնշանակի անմահությունը երկուսիդ էլ հարմար կլինի :
- Ավելի լավ է 50 հազարը տաս :
- Որ գտնեմ :
- Գտնես , ձայն տուր : Գոնե մի անգամ գործը վաղվան մի թողնի ,- ու առանց հրաժեշտ տալու , հեգնական ժպիտը դեմքին , հեռացավ : Սոնայի հեգնանքին թեև ծանոթ էի , սակայն , երբ հրաժարվել կամ փորձում էի հրաժարվել միլիոն գտնելու գայթակղությունից , այս հանդիպման տհաճությունից ներսս միանգամից կնճռոտվեց : Սոնային տեսնելը վատ նշան էր , թեև լավ ու վատ նշանի ընտրությունը ոչ թե քո , այլ մի այլ ուժի ընտրությունն է : Պատահականություններ էլ չեն լինում , բոլոր պատահականությունները որոշակի օրինաչափության հետևանք են : Կանխազգացումը , որ վատ նշանների շղթան հնարավոր է Սոնայով չավարտվի , չէր լքում , թվում էր սարդոստայնի վերածվել , որսում ու խժռում էր օրերիս հանդարտությունը : Անգամ հեռախոսազանգերն էին սկսել ներվայնացնել : Հերթական զանգը նույնպես չարագուշակ թվաց :
- Որ չզանգահարեմ , չես էլ հիշի :- Գևորգն էր ու նրա նեղացկոտ տոնը ստիպեց զգուշանալ :
- Միշտ էլ հիշել եմ :
- Մի ստիր :
- Ստելու ի՞նչ կա :
- Չլիներ , չէի ասի :
- Կարո՞ղ ես պարզ խոսել :
- Լսել եմ միլիոն ես գտել :
- Փնտրում էի , չգտա :
- Միևնույն է : Շատ վիրավորված եմ :
- Ինչի՞ց :
- Ում ասես բաժանել ես : Հիշեիր , մի բան էլ ինձ կհասներ :
- Քեզ ինչքա՞ն է պետք ,- հասկանալով , որ դիմադրությունն անօգուտ է , փորձեցի խաղի ռիթմը չփոխել :
- Հարյուր հազարը չէր խանգարի : Չե՞ս իմացել , որ տունս գրավ եմ դրել …
- Հետո՞ …
- Հետո այն , որ կարող եմ փողոցում հայտնվել :
- Ծանր դեպք է :
- Ցավակցելու փոխարեն օգնելու մասին մտածիր :
- Մտածում եմ :
- Շուտ պիտի մտածեիր : Ընկերությունը միայն կենացները չեն : Անկեղծ , հիասթափված եմ :
- Իզուր :
- Փողը ե՞րբ կարող ես տալ :
- Երբ գտնեմ :
- Գիտեի , անլուրջ ես , բայց ոչ այս աստիճանի : Պիտի իմանաս , որ ընկերոջ ողբերգությունը ծաղրի վերածելը զզվելի է …
- Ախր … ,- ու չշարունակեցի , որովհետև վերջին բառերից հետ հեռախոսն անջատել էր : Պարզվում է ինչքան վիճահարույց է անհեթեթ մտահղացումը , նույնքան դժվար է առանց հետևանքների դրանից հրաժարվելը : Ճիշտ և ճիշտ ինչպես այն անեկդոտում , երբ մեկը գնում է հոգեբույժի մոտ հայտնելու , թե ինչո՞ւ ինքը մարդ չէ , այլ գարեհատիկ : Հոգեբույժին ի վերջո հաջողվում է հակառակը համոզել : Սակայն վերջին պահին հիվանդը կասկածանքով հարցնում է . << Բժիշկ , որ մարդ եմ , միայն ես ու դու գիտենք , հավերը գիտե՞ն , որ մարդ եմ , այլ ոչ թե գարեհատիկ >>: Իմ պարագայում էլ ոնց որ վիճակը նունն է : Արդյո՞ք նրանք , որոնց բաժին եմ խոստացել , տեղյա՞կ են , որ խաղն ավարտվել է : Հաստատ չգիտեն , և երևույթը գնահատելով , հավանաբար չեն էլ ուզում իմանալ : Այնպես որ մղձավանջը շարունակվելու է ու հայտնի չէ ինչքան կտևի : Կասկածս խորացավ , երբ Լիլիթի հետ հերթական հանդիպմանը , ով մեր հարաբերությունները գնահատելիս միշտ զուսպ էր , նա միանգամից ամուսնության մասին խոսք բացեց :
- Ինչի ? հանկարծ ,- հարցրեցի ,- մինչև հիմա խուսափում էիր այդ թեմայից :
- Ամեն թեմա իր ժամանակն ունի ,- պատասխանեց մի տեսակ կոտրատվելով , որից թվաց ավազե քանդակ է ու անհարմար շարժումից կարող է ցրիվ գալ :
- Ի՞նչ է փոխվել ,- նեղսրտեցի :
- Ուզում եմ ինքդ գլխի ընկնես : Միլիոնի մասին չե՞ս ուզում ասել :
- «Եվ դու Բրուտոս»,- հիշեցի , սակայն չարտահայտվեցի , մտածելով ճիշտ չի հասկանա :
- Կարող ենք բնակարան գնել , ճոխ հարսանիք , շքեղ ավտոմեքենա ,- գնալով ավելի էր ոգևորվում Լիլիթը ,- ճանապարհորդություններ՝ Փարիզ , Ամստերդամ , Հավայան կղզիներ ... Քանիսի սիրտը նախանձից կճաքի , էն որ երևակայում էին , հիմա կերազեն մտերմանալ , բայց …
- Չշարունակես ,- չդիմացա ու բղավեցի , - Միլիոնը չկա , մոռացիր : Միֆ էր , ցնորք , խաղ էր , որ առանց սկսվելու վերջացավ : Չգտա , չեմ գտել , չեմ գտնելու և այլևս չեմ որոնելու :
- Չբղավես ,- իր հերթին պոռթկաց Լիլիթը ու տեսա թե ինչպես ավազե քանդակը քարի վերածվեց : - Չբղավես ,- կրկնեց և աչքերից ատելություն ժայթքելով , եզրափակեց ,- Այլևս չզանգահարես :
Պարզվում է , հիմարության հետևանքներն իսկապես անկանխատեսելի են : Մարդկության ողբերգությունն է երևի , երազների հետևից գնալով , կորցնել իրականությունը : Ես ուզում էի գտնել ու հիմա անընդհատ կորցնում եմ ու հայտնի չէ էլի ինչքան եմ կորցնելու : Եվ ամենացավալին , որ քանի շաբաթ անց դատարան ներկայանալու ծանուցագիր ստացա : Իմ դեմ դատարան հայց էին ներկայացրել , պահանջելով խոստումներիս տեր լինել ու պարտքերս մարել :
ԱՌԱՅԺՄ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
ՙՀնարավոր է վերնագիրը մինչև վերջ էլ չգտնվի , որովհետև շատ ավելի հասարակ բաներ են անհասանելի , ինչպես ասենք , ծառերն ինչու՞, երբ կատուներից ավելի մրսկան են ու ջերմասեր , տաք եղանակները թողած , ձմռանն են մերկանում : Վերնագիրն , իհարկե կարևոր է , բայց եթե ուղեղիդ մեջ բառերը չեն հավաքվում ու նրանց քաոսային շարժումից դատարկությունն ավելի է ընդարձակվում , ապա ավելի լավ է շրթունքներդ կարես ու լուռ մնաս , որովհետև այդ պահին բոլոր ասածներդ քո դեմ են լինելու … Շատ կարևոր է , որպեսզի օրը ձանձրույթի մարաթոնի չվերածվի , քանի որ ձանձրույթը շրջանցելու համար վառ երևակայություն ու տաղանդ է պետք : Հնարավոր է տաղանդն էլ չօգնի , որովհետև վերջերս նա էլ նախկին էկոլոգիական մաքրությունը չունի և ավելի հաճախ քաղաքականության կրունկների տակ է … Իսկ քաղաքականության մեջ մաքուր կրունկներ չեն լինում … Մաքուր տեղ չի մնացել , որ կրունկն անցնի ու մաքուր մնա … Հնարավոր է մաքուր բառեր դեռ հանդիպեն , բայց հիմա էլ խնդիրը մաքուր բերան գտնելն է , որ կարողանաս առանց վարակելու , ողջ ու առողջ բառերին իրականություն հասցնել : Անեծքը շատացել է : Իսկ արտասվելու տրամադրություն չկա … Ամեն օր անիմաստության կպչուն տիղմը դանդաղ ծածկում է դեպի արկածները տանող բոլոր ճանապարհները , երևակայության թռիչքների բոլոր մոդելները , երակներդ լցնում է տարբեր հիվանդություններով , որոնք փոքրիկ գիշատիչների պես լափում են ուժերդ և թշվառ լրտեսների պես մահվանը տեղեկություններ հաղորդում առողջությանդ մասին … ՚ Այստեղ ձեռագիրն ընդհատվում էր … Տետրի հաջորդ էջի վրա ծուռումուռ տառերով գրված էր . ՙԿախարդանք չկա : Շատ բաներ չենք տեսնում ու միևնույն է , անտեսանելին էլ կյանքի մեջ է … ՚ : Մի քիչ ներքևում ևս մի քանի բառեր . ՙ Հոգնեցի , ով կարող է , թող շարունակի … ՚ : Տետրի մնացած էջերը մաքուր էին … Տետրը սեղանին գցելով մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց … Խնձորենին իրեն տեսնելով թափահարեց ճյուղերը … Ընկերն ի՞նչ էր ծրագրավորել , որ վերնագիրը դժվարացել էր գտնել … Վերնագիրն ինչո՞վ էր կարևորվել , որպես գաղափա՞ր էր , թե՞ բովանդակություն … Գուցե խոսքը խավարի անատոմիայի մասին է և վերնագիրն այդպես էլ հնչելու էր ` խավարի անատոմիա … Բայց այդ ամենը ծիծաղելի թվաց ; Հնարավոր է ընկերը ձանձրույթը փարատելու համար մի քանի տող է խզմզել և վերնագրի բացակայությունն էլ մտքի խաղ է … Ամենամոտիկ տունը մոտ երկու հարյուր մետրի վրա է և եթե ինքդ քեզ զբաղմունք չհորինես , ձանձրույթը ամեն փորձության կարող է ենթարկել … Ընկերական հավաքներն ուրիշ են , ամառանոցը հենց ընկերական հավաքների համար է : Ձանձրույթը աղմկոտ միջավայր չի սիրում , ձանձրույթի սիրելիները միայնակներն են : Տեքստը նորից կարդաց : Հնարավոր է տողերը կարճ են , որովհետև հուզական պահը կարճ է տևել : Չհասկացավ ինչու սենյակը միանգամից հեղձուցիչ դարձավ : Դուրս գալով քայլեց խնձորենու կողմը : Քամին ահագին տերև էր թափել գետնին : Հավաքեց թափված տերևները , հենց ծառի տակ կույտ արեց ու ինքն իրենից գոհ պառկեց խոտերին : Կանաչ խոտի , անցյալ տարվա արդեն փտած խնձորի , անծանոթ ծաղիկների բույրը զարմանալի երանությամբ լցրեց ներսը : Երանությունից փակեց աչքերը : Քաղաքն ասես լուծվում էր բնության պատկերի մեջ , ծուխն ու փոշին , ամենատարբեր աղմուկները գոլորշու պես քուլա - քուլա դուրս էին գալիս աչքերից , քթանցքներից ու կոկորդից : Այն զգացողությունն էր , որ մարմինը թեթևանում է ու քամու բերանն ընկած տերևի պես ուր որ է կթռչի : Փորձեց խնձորենու ճյուղերից բռնվել , որ քամին ավելի հեռու չքշի … Նույն պահին էլ տերևը ծառից պոկվելով օրորվելով իջավ ու հպվեց շրթունքներին : Տերևի հպումից փշաքաղվեց ու նոր զգաց , որ հողին պառկած սառել է : Ոտքի կանգնեց : Նորից տան կողմը քայլեց և նոր միայն նկատեց , որ նկուղի կիսապատուհանի ապակիները կոտրված են : Մտածեց էլի փորձել են ինչ որ բան տանել կամ տարել են … Շատերն էին բողոքում , որ ձմեռները , երբ ամառանոցները դատարկվում են , գողությունները շատանում են : Ձմեռվանից հետո առաջին անգամն էր այստեղ և հնարավոր է , որ իրոք գողերն են կոտրել կիսապատուհանի ապակիներն ու փորձել են ներս մտնել : Չնայած նկուղում արժեքավոր ոչինչ չկար , այնուամենայնիվ , պետք էր ստուգել : Սենյակում աթոռներից երկուսը շրջված էին : Երևի ինքն է սենյակից դուրս գալիս պատահաբար դիպել ու շրջել : Աթոռներն ուղղեց և պատրաստվեց նկուղ իջնել :
Նկուղում մի քանի աման - չաման էր գետնին թափված , կանոնավոր դարսված փայտի կույտը շաղ էր տված հատակով մեկ : Վառեց լույսը և տեսածից վեր թռավ : Անկյունում գորշ գայլի մարմինն էր ... Ակամայից հետ - հետ , դեպի ելքը քայլեց , սակայն գայլն անշարժ էր : Գետնին ընկած փայտերից մեկով փորձեց գայլին շարժել , սակայն գայլը դիրքն էլ չփոխեց : Մի քիչ էլ մոտեցավ , բզբզեց , սակայն գայլը չէր շարժվում : Ավելի մոտեցավ և ոտքով հրեց : Գայլի գլուխը թեքվեց և անկենդան աչքերը հուշեցին , որ կենդանի չէ : Ներսը դատարկություն զգաց : Գուցե նրանից , որ ավելի անսովոր բանի էր սպասում , քան սատկած գայլն է : Նկուղ իջնելիս նույնիսկ տագնապի զգացողություն ուներ ու քիչ լարված էր : Տագնապն ու լարվածությունը միանգամից ցնդեցին ու մնում էր գայլին նկուղից դուրս հանել : Գիտեր , որ գայլերը 30 կիլգրամից ծանր են լինում : Բայց այս մեկը չորացել էր և հավանաբար ավելի թեթև կլիներ : Իրոք , միայն մորթին ու ոսկորներն էին … Բահով բարձրացրեց ու կիսապատուհանից էլ դուրս հանեց : Ինքն էլ դուրս եկավ ու նույն բահով գայլին այգու հեռավոր անկյունը տարավ և այնտեղ էլ թաղեց : Դատարկության զգացողությունը չէր լքում : Բջջայինով զանգահարեց ընկերոջը : ՙ Ալո , ես եմ … Ամառանոցից եմ խոսում : Երևի կգիշերեմ ու առավոտը շուտ դուրս կգամ : Տեսել էի՞ր … Ինչու՞ չասացիր , որ տեսել ես : Ես դուրս հանեցի ու այգում թաղեցի … Ի՞նչ ոգի … Գայլի ոգին սենյակու՞մ էր … Վախից ու ձանձրույթից աչքիդ ոգիներ են երևացել … Զգույշ կլինեմ , դու ուշադիր եղիր ոգուն հետդ քաղաք տարած չլինես : Ինչ որ բան լինի ` զանգահարիր ՚ : Խոսելուց հետո դատարկությունն ավելի խորացավ : Տեսնես գայլը ե՞րբ է հայտնվել : Գայլերը ձմռան շեմին սովորաբար միայնակ չեն դուրս գալիս : Սա հաստատ միայնակ է եղել : Գայլերը փակ տարածքներ չեն սիրում , սա պատուհանը կոտրել ու նկուղ է մտել : Ի՞նչ է փնտրել … Գուցե ոչինչ էլ չի փնտրել … Հանկարծակի մտքում ծագած մտքից փշաքաղվեց : Չի կարող պատահել … Նորից զանգահարեց ընկերոջը . ՙ Հա , ես եմ : Մոտդ հանրագիտարան կա՞ … Գայլերի մասին եմ ուզում իմանալ … Փորձիր ճշտել , գայլերը ինքնասպանություն գործու՞մ են … Եթե այո , ի՞նչ դեպքերում … Ինձ թվում է մեր գայլը ինքնասպանություն է գործել … Կարող էր դուրս գալ ու փախչել … Ծեր չէր թվում … Ատամներից գուշակեցի … Ե՞րբ կզանգես … Ինչ ոգի , ինչ բան : Հանրագիտարանը գտիր : Սպասում եմ՚ : Մեխանիկորեն մոտեցավ սեղանին , տետրը վերցրեց ու անսպասելի գլխատառերով գրեց . ԻՆՔՆԱՍՊԱՆ ԳԱՅԼԸ :
ՙԼավ էլ վերնագիր է ,- մտածեց ,- միայն թե տակը գրելու բան չկա : Դժվար է գուշակել , թե գայլն ինչու՞ պիտի ինքնասպան լիներ : Մոտավոր եզրակացությունների համար էլ գոնե մի քիչ գայլ պիտի լինել … Ավաղ … ՚ Եվ ջնջեց գրածը , այնպես , որ ոչ մի տառը չկարդացվի … Հետո զղջաց , որ գայլին թաղել է … Պիտի ստուգած լիներ մորթը վնասվա՞ծ է թե՞ չէ … Եթե վիրավոր լիներ , ինքնասպանության տարբերակը բացառվում էր … Թեկուզ վնասված լիներ , ոհմակից ինչու՞ պիտի առանձնանար … Ինչ որ բան այնպես չէր ու գլխի չէր ընկնում , թե հատկապես ինչը … Նորից ընկերոջը զանգեց . ՙ Գտա՞ր հանրագիտարանը … Ի՞նչ իմացար … Ոնց թե ոչինչ … Էդ մասին , որ չեն գրել , բա ի՞նչ են գրել … Ասում եմ կարող է ինքնասպանություն էլ չլինի ... Չկողմնորոշվեցի թաղելուց առաջ ստուգել , հնարավոր է արդեն վիրավոր է նկուղ մտել ... Վաղը մյուս օրը գրադարան կմտնեմ … Հնարավոր չէ գայլերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ չլինեն … Ինչու՞ գամ … Մաքուր օդին կքնեմ , առավոտյան կգամ … Քեզ համար վերնագիր էի գտել ` ինքնասպան գայլը , բայց հետո ջնջեցի : Նորություն ունենաս , զանգիր … Ես էլ կզանգեմ՚ : Զգաց , որ ամեն զրույցից հետո հոգնածություն է զգում : Համենայնդեպս , հետաքրքիր օր է և չի ձանձրանում : Որոշեց հարևաններին այցելել : Չնայած այդ օրերին ամառանոցը դեռ մարդաշատ չէր , բայց հուսով էր գոնե մի երկուսին հանդիպել : Առաջին դուռը փակ գտավ … Երկրորդում բախտը ժպտաց : Ամառանոցի տիրոջ հայրը երևի քաղաքի ժխորից էր փախել , անցյալ տարվա տերևներն էր հավաքել ու վառում : Բարևեց ու խոսքի մեջ , նկուղը մտած գայլից պատմեց : Ծերուկը չզարմացավ , հակառակը , հաստատեց , որ ձմռանը իսկապես գայլերը շատ են այս տարածքում : Մի անգամ ձմռանը գործով ամառանոց է եկել և գայլերի բազմաթիվ ոտնահետքեր է նկատել : Որ գայլը նկուղ է մտել , հեշտությամբ բացատրեց . ՙ Ուրեմը շատ սոված է եղել՚ : Մի քիչ էլ զրուցեցին ու որոշեց այցելությունները չշարունակել : Պարզվում է ոչ մի արտառոց բան , ոչ մի ինքնասպանություն , պարզապես շատ սոված է եղել , ներս է մտել , ուտելիք չի գտել , ուժասպառվել է ու չի կարողացել դուրս գալ … Ընդամենը … Այս բացահայտումից ասես օրվա որակը միանգամից փոխվեց … Անհայտին , անսովորին հաղորդակցվելու լարվածությունը փոխարինվեց հանկարծակի հայտնված անիմաստությամբ և ձանձրույթով : Չնայած ուշ էր , նույնիսկ մտածեց քաղաք վերադառնալ : Արդեն իր ամառանոցի դարպասների մոտ այգում ինչ որ շարժվում նկատեց : Համոզվելու համար տրորեց աչքերը և երբ նորից նայեց , ոչ մի շարժում էլ չկար : Բայցևայնպես , ցանկապատի դուռը բացելիս ուշադիր շուրջն էր նայում : Ամեն ինչ խաղաղ էր , միայն տերևներն էին քամուց խշշում : Սենյակի դուռն ավելի համարձակորեն բացեց : Սենյակում էլ փոփոխություններ չնկատեց : Նորից ընկերոջը զանգահարեց . ՙ Իմացա … Ձմեռն էստեղ գայլերը լիքն են … Ոչ մի ինքնասպանություն էլ չկա … Շատ է սոված եղել ու չի կարողացել դուրս գալ … . Ասում եմ ափսոս , որ այդպես է , հիմա չգիտեմ ինչով զբաղվել … Ներսս միանգամից դատարկվեց , ոնց որ երեխայի ձեռքից սիրած խաղալիքը խլեն … Դրսում ուժեղ քամի է … Քիչ հետո երևի քնեմ … Վաղը կտեսնվենք՚ : Քնելու համար դեռ շուտ էր : Մոտեցավ պատուհանին և նույն պահին էլ սարսափած ընկրկեց , պատուհանի մյուս կողմում գայլը թաթերը ապակուն հենած ներս էր նայում : Բնազդաբար դեպի դուռը նետվեց և պտտացրեց փականը , սակայն չէր համարձակվում պատուհանին նայել : Մարմինը պատած սառը քրտինքից տհաճություն զգաց : Ձեռքերով ամուր փակել էր դեմքը և դժվար է ասել որքան ժամանակ դռան մոտ ծնկած մնաց : Վերջապես ձեռքերը իջեցրեց դեմքից , բայց աչքերը դեռ չէր համարձակվում բացել : Առանց աչքերը բացելու կանգնեց և մի քանի քայլ դռնից առաջացավ : Զգուշորեն շրջվեց պատուհանի կողմն ու միանգամից բացեց աչքերը : Պատուհանի հետևում միայն ծառերի սաղարթներն էին քամուց տարուբերվում : Համոզվելով , որ ոչ ոք չկա , ավելի մոտեցավ … Դրսում արդեն մթնող երեկոն էր ու ծառերն էին : Քամին ուժեղացել էր և սաղարթներն ավելի բարձր էին խշշում … Գայլի դեմքը տպավորվել էր և չէր հավատում , որ տեսածը կարող է տեսիլք լինել : Փորձեց գայլի դեմքը մանրամասնել … Զարմացավ , որ չմտաբերեց , թե ինչպիսին էին աչքերը , մռութը , դունչը … Պարզապես գայլի դեմք էր ու վերջ : Աստիճանաբար շնչառությունը կարգավորվեց և հետաքրքրասիրությունը ամբողջովին գրավեց ներսը : Պատուհանից հեռացավ , սեղանից վերցրեց տետրը և ընկերոջ գրածը նորից կարդաց : Կասկած չուներ , որ գայլի դեմքը ընկերն էլ է տեսել : Ոգի ասելով դա էր ակնարկում : Ընկերոջ գրածին մի քանի տող ավելացնելու անզուսպ ցանկությունը ստիպեց նստել և գրիչը ձեռքն առնել : Երկար չգիտեր ինչից սկսել և երբ ուզում էր գրիչը գցել , անսպասելի միտքը համարյա այրեց քունքերը . ՙԱմենատեսանելի անտեսանելին մահն է : Մահն է արժեքավորում ապրելը , այլապես ամեն ինչ անիմաստություն է , ամեն ինչ … Միայն զարմանալի է , որ այդքանով հանդերձ մահն ինքը ամենամեծ անիմաստությունն է … ՚ : Գրածը նորից կարդաց , ուզեց նորից ջնջել , բայց փոխարենը գրեց ՙշարունակելի՚ :
0,75 ԳՐԱՄ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Մեկն ասել է , ճշմարիտը մեծ երջանկությունն է : Բոլորը հավատացել և փոքր ուրախությունները լուրջ չընդունելով այդ մեծն են փնտրում : Էլ չեն ապրում , փնտրում են , հավատալով , որ բախտը կժպտա ու մեծ երջանկությունից իրենց էլ բաժին կհասնի : Չգիտեն ինչպիսին է էդ մեծ երջանկությունը , չեն պատկերացնում , բայց կարևորը գտնելն է , կգտնեն , կիմանան ու կվայելեն : Պարզվում է կյանք ասածը էդ երջանկությունը փնտրելն է , չնայած դա էլ չլիներ , ուրիշ ի՞նչ էր լինելու … Մենք ընդամենը պարապ հսկիչներ ենք , որպեսզի չխախտվի գիշեր - ցերեկ հերթականությունը : Հիմա երաժշտությունը խանգարում է կենտրոնանալ և ծանոթ պատկերների միջից առանձնացնել մտերիմ զգացումները : Անկեղծորեն հոգնեցրել են շնորհակալությունները , որոնց բովանդակությունը հաճոյանալն է : Ու ուզում ես հարցնել , այս ժամին ի՞նչ են անում այստեղ , երբ ասելիքը սպառվել է և տհաճ են հնչյունները , որոնք երբեք չեն իմացել ինչպես են բառ դառնում և գոյատևում են , որովհետև դատարկության մեջ կեղծ հնչյունն էլ տարողություն ունի : Հիմա նայում եմ աջ ու ձախ և չգիտեմ ուղղությունը , որը կարող է մոտեցնել մեծ երջանկությանը , նայում ու զարմանում եմ , որ բոլոր ուղղություններն անցնում են անցյալի միջով , որ նույնն է , թե մի անգամ արդեն անցել եմ այդ երջանկության կողքով ու չեմ նկատել : Կամ ուժերս են քիչ եղել , կամ իմաստությունս ու աշխարհում շատ է պատահում , որ տեսնում ու անցնում ես , որովհետև միտքդ չի կարողանում տեսածդ իմաստավորել : Երևի մահն էլ կողքիդ է ու չես տեսնում , պահապան հրեշտակդ էլ և ամենակարևորը ` այլմոլորակայիններն են պտտվում շուրջ բոլորդ , ու նրանք են քեզանից խլում տեսածդ իմաստավորելու կարողությունը , բայց չես տեսնում ու չես կարողանում այնպես անել , որ չխլեն : Ընդհանրապես , պաշտպանությունը ամենադժվարն է մարդու համար , որովհետև ծնված օրից մարդուց գողանում են ` գողանում են հարազատները , բարեկամները , ընկերները , տիեզերական անանուն ու անտեսանելի ուժերը ու երբ էլ ոչինչ չի մնում գողանալու , մարդուն են տանում : Ոգի ասածը , որը լքում է մարմինը ` մարդն է , առանց գրպանների ու առանց ոչնչի … Ու տանում է նույն պահապան հրեշտակը , որը կողքիդ էր , բայց չէիր տեսնում ու կողքիդ էր , որովհետև ինքն էր քեզ տանելու … Ոգու տանելու ձևը պիտի իմանաս , որովհետև ոգին կամավոր հեռացողը չի և հեռանալիս էլ նրան չի լքում անսահման ցանկությունը ` փնտրել մեծ երջանկությունը : Եթե իմանային ինչ է , երևի գտած կլինեին և պայծառատեսների ու գուշակների աշխարհի կործանման կանխատեսումները վաղուց իրականություն կլինեին , քանի որ աշխարհին կործանումից ցանկությունն է փրկում ` գտնել ու ճանաչել մեծ երջանկությունը … Չարչարվում են , շատ են չարչարվում , միլիոնավոր ենթադրություններ կան , հավասարումներ ու բանաձևեր , կիլոմետրանոց հաշվարկներ են անում , բայց արդյունքը չնչին է , որովհետև ամեն ինչի մեջ ներծծված է անիմաստութունը … Հետո որոնումները թողած փորձում են անիմաստությունը չեզոքացնել : Շատ անգամներ են գոռացել ու թմբուկներ հնչեցրել , իբր հաջողվել է , իբր կարողացել են անիմաստությունը հիմնականից բաժանել , բայց ավաղ , ամեն անգամ անիմաստության հետ հիմնականն էլ է ցնդել : Ու ամեն ինչ սկսվել է նորից , ոգևորվել են , հիասթափվել ու սկսել են , հավատալով , որ մի օր պատահականությունը կօգնի բացահայտելու գաղտնիքը և վերջապես կհաջողվի օրորվել երջանկության ալիքների վրա , պարտադրել երանությանը բացելու իր նոր , հեռանկարային շերտերը , հասկանալ արևի լույսի շնչառությունը , տերևների լռության խորհրդավորությունը , սիրո համար հազար ու մի գույներ որդեգրել և երկխոսության մեջ մտնել պահապան հրեշտակի հետ , հեշտացնելով ոգու մնալ - հեռանալու պայմանավորվածությունները , փորձելով հաշտության ու խաղաղության սփռոցի տակ թաքցնել նախանձն ու քենը , չարն ու զազրելին : Պատկերացնում եմ կենացների քանակը , ժպիտների լայնությունը ` փողոցից - փողոց , քաղաքից - քաղաք , երկրից - երկիր , մոլորակից - մոլորակ … Բառերը մեղուների պես ծաղկից - ծաղիկ են թռչում և նեկտարը տեղափոխում են իմաստուն նախադասությունների մեջ … Բայց ավաղ , ցանկալի պատահականությունը ուշանում է և ցանկությունների գնացքը ամեն առավոտ շարժվում է առանց նրա և երեկոյան վերադառնում է դատարկությունից կանաչած ապակիներով : Մինչև որ … . Հասկացան , որ պիտի փնտրեն նրան , ով առաջինն է ասել , որ ճշմարիտը մեծ երջանկությունն է : Բայց ոչ մեկը չի տեսել ու անձամբ չի լսել նրան … Ո՞վ է , ինչացու՞ է , ի՞նչ ազգից է : Եթե գտնեն հարցնելու են , թե ո՞նց է , որ էդ մեծ երջանկությունը մարդու մեջ չի տեղավորվում , մարդու երևակայության մեջ էլ չի տեղավորվում , եթե տեղավորվեր , որոշ ժամանակ հետո նրան ընտելացնելու , մարդուն կապելու ձևերը կգտնեին : Բոլորը փնտրում էին և յուրաքանչյուրը համոզված էր , որ հենց ինքն է գտնելու , առաջինը ինքն է ճանաչելու և որ առաջինը լինելու պահը մեծ առավելություն է , քանի որ հնարավոր է մեծ երջանկությունը բաժանելու իրավունքը իրեն տրվի : Եվ մտովի պատկերացնում էին , թե իրավունքը ստացել են , բայց քիչ անց հուսահատությունից կանաչում էին , երբ պարզվում էր , որ նույնիսկ պատկերացումներում հնարավոր չէ հավասար բաժանել ` մեկին շատ էր հասնում , մյուսն ընդհանրապես դատարկաձեռն էր հեռանում : Սակայն երևույթն այնքան էլ չէր անհանգստացնում , որովեհետև եթե ասողին գտնեին , նա ճիշտ բաժանելու ձևն էլ կհուշեր : Ու փնտրում էին : Նա հիմա հազարադեմ էր , հազարաձև , մեկից հազար տարեկան , հազար ցեղ ու ազգից էր , հազար լեզու գիտեր : Առաջարկում էին նրա անունով փողոց կոչել ` գուցե հայտնվի : Եկեղեցիներում մոմ էին վառում , աղոթելով Աստծուն գտնել նրան : Նա ամենուր էր ու ոչ մի տեղ չէր , նրան փնտրում էին , իսկ նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել ու չերևալ : Բոլորը ոնց որ հանելուկի մեջ : Ովքեր եղել էին համակենտրոնացման ճամբարներում , ասում էին , որ հանելուկը այդ ճամբարներից համարյա չի տարբերվում : Ոչ մեկը գետնին ու երկնքին չէր նայում , զբաղված էին իրար լրտեսելով : Նույնիսկ արտաքնոցում հնարավոր չէր մեկուսանալ : Միջավայրը փոքր ինչ աշխուժացավ , երբ սևազգեստ մեկը հայտարարեց , որ խոստովանության ժամը մոտենում է ; Հիմա բոլորը սպասում էին , թե երբ է այդ մեկը հայտնվելու ու խոստովանելու , որ ինքն է մեծ երջանկության հեղինակը , ապա քանդելու է հանելուկը և ազատության միջով առաջնորդելու է դեպի բաղձալի երջանկությունը : Սակայն խոստովանության ժամն ուշանում էր : Մի քանիսը սկսեցին կասկածել , որ այդ մեկն իրենց հիմարացրել է , բայց նրանց չէին ուզում լսել , նույնիսկ սպառնացին ու սադրիչներ անվանեցին , իսկ մի քանիսը առաջարկեցին հրապարակայնորեն կախել սադրիչներին : Գործը դրան չհասավ , քանի որ կանայք էլ սկսեցին բողոքել : Փորձեցին կանանց էլ վախեցնել : Բայց կանայք այնպես աղմկեցին , որ հանելուկի պատերը սկսեցին ճաքճքել : Կանանց համարձակությունից ոգևորված սադրիչ համարվողները շարունակեցին կիսատ գործը և անսպասելի սկիզբ առած միտինգը հետզհետե մարդաշատ էր դառնում : Ամենաոգևորվածը երեխաներն էին , որ մեծահասակների խաղերից հոգնած , աշնան տերևների պես դեղնել ու քամու բերանն ընկած պտտվում էին հանելուկի ներսում : Հիմա ոգևորությունից շիկնած քարեր էին նետում , իրենց ասելով , անտարբերության ապակիների վրա : Բողոքի միտինգը ոնց որ ձնագունդը գլորես ` մեծանում էր ու մեծանում : Հռետորներից մեկը նկատեց , որ բոլորը իրենց են միացել ու բողոքում են : ՙԲայց բողոքն ու՞մ դեմ է՚ հուսահատված գոռում էր հռետորը : Վերջապես նրա ձայնը հասավ հավաքվածներին և լռությունը մառախուղի պես ծածկեց բոլորին : ՙՈւ՞մ դեմ է , ու՞մ դեմ է՚ արձագանքում էր հռետորի ձայնը և ոչ ոք չէր մտածում պատասխանել , որովհետև չգիտեին ում դեմ և ինչու են բողոքում : Համատարած լռության մեջ որոտ էր երեխայի լացը , որը համոզում էր մորը իրեն զուգարան տանել : Մի ուրիշը բղավեց , որ սոված է : Տարբեր ձայներից լռության մառախուղը ծվեն - ծվեն եղավ ու օդ բարձրացավ : Արևի շողերը միանգամից լուսավորեցին միջավայրը ու բողոքավորները առաջին անգամ իրար երեսի նայեցին : Մի քանի վարկյան անց լռության մառախուղը նորից բոլորին իր մեջ փակեց , ասես արև չէր էլ եղել : Մեկը չկար , որ չմտածեր , թե դիմացինը հիմարացել է : Բոլորը հիմար էին ու բոլորը խելոք , բոլորը խղճում էին իրար ու պախարակում իրենց , որ հիմարների խելքին ընկել ` պարապ - սարապ ժամանակ են սպանում , երբ մեծ երջանկությունը հնարավոր է տանն իրենց է սպասում : Ես տանն էի , պատուհանից հետևում էի միտինգին և փորձարկումներ էի անում գտնելու , թե դատարկության որ չափաբաժինն է վնասակար մարդու առողջության համար : Մեծ երջանկությունը նույնիսկ տան կողքով չէր անցել , բայց այդ մասին լռեցի , որովհետև բողոքավորներին դիմելն ավելորդ էր : Ոչ մեկը մյուսին չէր հավատում ու չէր լսում :