Մենք երևի միակ երկիրն ենք, ուր այդպես էլ չստեղծվեց հեռուստաքննադատություն

08.12.2021 18:04
Օրերս լրացավ հայկական հեռուստատեսության հիմնադրման 65-ամյակը։ 
Շնորհավոր բոլոր հեռուստագործիչների տոնը։ Հեռուստատեսությունն այո, զենք էր, իսկ  ո՞ւմ և ինչո՞ւ էր  այն կրակում։ Անպայման կարդացեք այս արժեքավոր զրույցը․ Աիդա Ներսիսյան և Վարդ Սիմոնյան։
 
Մուտք
88-ի շարժումը ստեղծեց հեռուստատեսությունը
Հեռուստատեսությունն ինձ սպանել է առնվազն մի 15 անգամ՝ խաղալով իմ զգացմունքների, մարդկային ու մասնագիտական արժանապատվության հետ, փսորել իմ ամենանվիրական երազանքներն ու ամենասիրուն գաղափարները, ջնջել ու վռնդել հեռուստատեսային բոլոր նախագծերս, բոլոր։ Բայց մեկ է՝ ես պաշտում էի այդ վամպիրին, որն անխնա խմում էր իմ ամենաջահել տարիների ահռելի էներգիան, այն ահեղ մրրիկը, որով ես կարող էի պոկել նրա վրայի բոլոր պոզուպոչերը, դեն նետել նրա երեսից կախված կեղծիքն ու սուտը, կանխել նրա սերիական քրոնիկ հանցագործությունները, մարդկանց էշի տեղ դնելու նրա գեշ խասյաթը և ստիպել այդ հրեշին մարդանալ, ուղղակի մարդանալ, որ նրա հետ հնարավոր լինի ապրել նույն տանը։ Վամպիրն անշուշտ պետք է պոզահարի քեզ, եթե հավակնել ես նրան մարդկային մենյու առաջարկել. նրան վարժեցնողների ուզածն ագրեսիան է՝ նրանց սրտի 6/8 զարկերը, որն անշուշտ կատարիսիսի է հասցնում և վերջնական թմրաքնի մեջ գցում հանրությանը։ Իսկ դուք ասում եք, որտեղից գոյացավ այսքան դինջ ու անհաղորդ զանգվածը։ Սերիական կոնվեյերի տակ, հեռուստապոդիումները հեծնած ցինիզմի ու հիմարության շքերթով ամեն օր անցնող զանգվածային գիտակցությունը չի կարող անվնաս դուրս պրծնել։ Մեր հեռուստաինդուստրիան այսօր օրական 24-ժամ զբաղված է «տրանսով»՝ տարատեսակ թափոններից համահայկական նոր կարծրատիպեր թխելով ու բազմացնելով: Իսկ այդ կարծրատիպերն աստիճանաբար ստեղծում են զանգվածային նոր ենթագիտակցություն, խաթարված նյարդային համակարգ, հիվանդ մարդիկ։ Ո՞ւմ է պետք տեղաբարձ ընկած հասարակությունը: Կասեք՝ իշխանությա՞նը: Բայց արդյո՞ք իշխանությունը կհասցնի այդ մանկամիտի տակի փալաս-փուլուսն այնպիսի արագությամբ փոխել, որ գարշահոտությունից անձամբ չխեղդվի ... Չգիտեմ։ Մենք երևի միակ երկիրն ենք, ուր այդպես էլ չստեղծվեց հեռուստաքննադատություն, միգուցե նաև այն պատճառով, որ 18 ընկերություններից բաղկացած այդ հեռուստացանցում դժվար է գտնել ուշադրության արժանի գոնե մի քանի հաղորդման նմուշ։ Միշտ խուսափել եմ գրել այս թեմայով. հեռուստատեսությունը եղել և մնում է իմ հարազատ տունը, ուր ծնվել և այո՝ մահացել եմ, ուստի այնքան լավ հասկացա մեր սիրելի հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանին, ով, ուղղակի չէր ուզում խոսել այս թեմայով, «հորանց տան» գաղտնիքն ու ցավը չէր ուզում մեջտեղ բերել, մեզ պատմել 98–ին իր հետ պատահած թերևս ամենածանր օրվա, այդ մղձավանջի մասին ... բայց ես ապրել էի այդ օրը, արդեն տեսել էի իմ կյանքի թերևս ամենաողբերգական տեսարաններից մեկը. հայկական առաջին հեռուստատեսությունը ստեղծած, իրենց կյանքը նրան նվիրած մարդկանց առջև ոստիկանական պատ էր կանգնած և թույլ չէր տալիս մոտենալ հեռուստատեսությանը։ Ես ամաչեցի նրանց միջով անցնել ու մտնել աշխատավայր։ Սակայն ժամեր անց պարզվեց, որ բնավ էլ ամաչելու կարիք չկար. ինձ էլ էին...կրակել։ Իսկապես, որ հեռուստատեսությունն ահագին հզոր զենք է։

Վարդ Սիմոնյան 

Հեռուստալրագրող
 
– Տիկի՛ն Ներսիսյան, ինձ երևի համալսարանն այդքան գիտելիք չտվեց, որքան Ձեր գրական հաղորդումները։Դրանց պատճառով անգամ ատում էի գրականության ուսուցչիս, ով դասագրքի եղածն անհավես անգիր էր ասում։ Իսկ նախորդ օրը նույն հեղինակի մասին ես սքանչելի խոսք էի լսել ու էկրանի առջև թուղթուգրիչը ձեռքիս սիրուն մտքեր էի անգամ հասցրել թռցնել Ձեզնից։ Կյանքն էլ կարճ է ու պիտի հասցնենք միմյանց ամենակարևոր բաներն ասել։ Ուրախ եմ, որ սա Ձեզ հասցրի ասել, մանավանդ, որ գիտեմ, թե հեռուստատեսությունը որքան անսիրտ ու անհոգի Ձեզնից բաժանվեց։
- Շնորհակալ եմ, շատ։ Այո՛, երեսուն տարի աշխատելուց հետո անգամ հարկ չհամարեցին կանչել և ապա՝ աշխատանքից ազատել։ Ուրիշի միջոցով լուրն ուղարկեցին. իմ աշխատանքային գրքույկում բոլոր նշումները ռուսերեն էին, այն ժամանակ հաղորդավարական տարբեր կարգեր կային և նշվում էր, երբ բարձրացնում էին այդ կարգը։ Եվ ընդամենը մեկ գրառում կա հիմա հայերեն. աշխատանքից ազատել հաստիքների կրճատման պատճառով։ Ես, որ իմ ամբողջ երեսուն տարվա կյանքը տվեցի հայոց լեզվի ... կներեք, հուզվում եմ, նույնիսկ չեմ կարողանում խոսել...
– Հասկանում եմ ... մի՛ հուզվեք, քանի անգամ է հեռուստատեսությունն ինձ ապտակել ու վռնդել, նվաստացուցիչ ժողովներ արել իմ դեմ, տասնամյակից ավելի դատապարտել պարապության, երևի մեր սերը հեռուստատեսության նկատմամբ փոխադարձ չէ և դա դաժան, չմարսվող բան է, անշուշտ։
–Դրանից մեծ վիրավորանք ես իմ կյանքում չեմ ստացել։ Չեմ ասում՝ մի փունջ ծաղիկ տային, ասեին՝ շնորհակալություն 30 տարվա տքնանքի համար, թող չասեին, բայց գոնե մարդավարի կարող էին չէ՞ ձեռքս սեղմել, ասել՝ քեզ հաջողություն։ Ոչ թե այդպես արհամարհական, հեռուստատեսության դուռը փակել քո առաջ և ոստիկանին հրահանգել, որ քեզ ներս չթողնի։
-Ես այդ օրը շատ լավ եմ հիշում։ Եկա հեռուստատեսություն, տեսա՝ մեր պատկառելիների ամբողջ կազմը դրսում. Կյանքում իմ տեսած ողբերգական տեսարաններց մեկն էր, եթե ոչ՝ ամենաողբերգականը, իսկ երբ հետո մոտեցա ոստիկանին ու հարցրի, թե ինչու ներս չի թողնում, սա ուշադիր նայեց անցաթղթիս, թե՝ դու քո դարդը լացի, քո անունն էլ է սև ցուցակում։ Իսկ ես այդ ժամանակ դավից անտեղյակ նկարահանումներ էի անում օրվա եթերի համար։
- Գիտե՞ս, ես այդ օրվանից հեռուստատեսության մոտով չեմ անցել, չեմ կարողացել անցնել։ Հեռուստատեսությունը մեր տունն է եղել։ Մենք այնտեղ ոչ միայն աշխատում էինք, այլև՝ ապրում, մենք ստեղծում էինք հայկական հեռուստատեսություն։ Ու հանկարծ գնում ես քո տուն ու քեզ ներս չեն թողնում։ Դա սարսափելի է... Չնայած՝ շատ լրագրողներ են դիմել, բայց ես չեմ գնացել ոչ մի հարցազրույցի։ Վարդուհի ջան, ինձ որպես բացառություն ներեք, ես ի վիճակի չեմ հիմա։
Ես կփորձեմ, կհավաքվեմ, հետո ... երբևէ չեմ խոսել այս մասին, լռել եմ ...
– Գիտեք, ես էլ տասնամյակից ավելի լռեցի. ոչ մի հրապարակում, ոչ մի խոսք, անգամ իմ անգործությանը վերաբերող մորս ծանր հարցերից ազատվելու համար լքեցի հայրական տունս, բայց արդյո՞ք, սա էր ամենաճիշտ որոշումը։ Իհարկե՝ ոչ։ Մեր տան երդիկից ավելի ճարպիկները մտան և մեր լռության ներքո ամեն ինչ ոտքի տակ տվեցին։ Այնինչ, պետք էր չլռել, գոնե նրանց բացատրել, թե ինչ է հեռուստատեսությունը և ինչ չի կարելի անել նրա հետ։ Միշտ նայում եմ հեռուստաաշտարակին ու մտածում, որ սա էլ երևի մեր բաբելոնյան աշտարակաշինությունն է, լեզուներս խառնվում է. ոչ մի սերունդ նախորդին ո՛չ լսում է, ո՛չ՝ հասկանում։ Արդյունքն այս դեղին հեռուստատեսությունն է, չէ՞։
–Այո՛, համաձայն եմ, մեր սերունդը չհասցրեց ավանդույթներ, արժեքներ փոխանցել հաջորդներին։ Մեզ ուղղակի, դուրս հրավիրեցին և թույլ չտվեցին դա անել։ Հեռուստատեսությունը ... Եթե միայն կարողանամ այս հարցին ճիշտ պատասխանել։ Հեռուստատեսությունը նախ և առաջ արվեստ է, ավելի շուտ՝ արվեստների սինթեզ։ Եթե այստեղից սկսենք։ Իսկ այսօր կոպիտ սխալներն անհամար են, որի՞ց սկսել։ Հեռուստատեսությունն ամեն դեպքում շոու-բիզնես չէ։
– Տեսեք, հեռուստատեսությունն ընկավ տարբեր թրենդների, շուլուխչիների ետևից, շոուբիզի, օճառային սերիալների, ռաբիսի ենթամշակույթի աստղաձուլարաններ սարքեց իր ներսում, արդյունքում զվարճալիքը տակով արեց միտքը և հեռուստատեսությունը կորցրեց իր գլխավոր առաքելությունը՝ զրույցը մեկ ուրիշ մարդու հետ։ Բայց մարդը մենակ է, նա միշտ էլ զրուցընկեր է փնտրում, չէ՞։
–Գիտեք, մարդը եղել և մնում է գլխավոր նպատակ, այդ թվում և հեռուստատեսության գլխավոր նպատակ։ Բայց մեր հեռուստատեսությունն այնքան է հեռացել մարդուց, որ մոռացել է անգամ, թե ինչպես պետք է նրան նկարել ու ցուցադրել։ Հիմա, երբ մարդը խոսում է, հանկարծ տեսախցիկը շրջվում է և սկսում պարել նրա գլխավերևում։ Գլուխս պտտվում է։ Ուզում ես այդ մարդուն լսել, իսկ իրենք չեն թողնում։ Գիտեք, ավելի հետաքրքիր բան չկա, քան մարդու խոսքը։ Նույնիսկ, երբ նա խոսում է անշարժ, ստատիկ կադրում։ Եթե այդ մարդը հետաքրքիր է, նրան կնայեն ու կլսեն, պետք չէ նրանից ստանալ տեսահոլովակ։
– Հեռուստատեսությունը մեզ իր էկրանին գամում էր իր ներկայության էֆեկտի շնորհիվ, մենք գրքերը թողնում ու նրան էինք գրկում, նստում. շատերը կարդալը լրիվ մոռացան, իմիջիայլոց համացանցն էլ, կարծես, գրագետ գիրն է քշում, տանում։ Բայց ավելի գայթակղիչ է, որովհետև բացի ներկայության էֆեկտից, նաև մասնակցության պատրանք է ապահովում։ Եվ քանի որ բոլորս էլ հոգու խորքում մի քիչ փառասեր ենք, մեզ արդեն յոթը փետով ծեծես էլ համացանցից չենք ներգաղթի հեռուստատեսություն, ուստի հեռուստատեսության երեսին նայելու համար, պիտի նա ճշմարտախոս լինի, իրական կյանքը ցույց տա։ Չէ՞ որ կյանքը միշտ հետաքրքիր է և եթե դու անհետաքրքիր ես, ուրեմն հաստատ իրական կյանքը չես ցույց տալիս։
–Այո՛, համաձայն եմ Ձեզ հետ։ Բայց տեսեք ինչով է տարված այսօրվա հեռուստատեսությունը, ովքեր են այսօր էկրաններին և ի՞նչ են խոսում, ինչ լեզվով են խոսում։ Ճիշտ չեն ընտրում նրանց, ում ասելիքը օգտակար է մարդկանց և կարող է նրանց կյանքում մի բան փոխել։ Կամ այդ արագախոսությունը, որով տարվել են և որին, իսկապես, չեն տիրապետում։ Արագախոսությունը վատ բան չէ, մանավանդ որ հեռուստատեսության րոպեն շատ թանկ է և ցանկացած մարդու ժամանակն էլ՝ արժեքավոր, բայց, եթե այդ արագախոսությունը պրոֆեսիոնալ է իրականացվում, մարդը չի լարվում էկրանի առաջ, չի ճգնում, որ մի կերպ հասկանա, թե դիմացինն ի՞նչ է խոսում։ Կամ՝ տոնայնությունը. մի կարկառուն դեմք այսօր մահացել է, լավ, ինչպես կարելի է նախորդ լուրի առոգանությամբ, նույն տրամադրությամբ հաղորդել նաև այս լուրը։ Այնքան նրբություններ կան, ո՞ր մեկն ասես, ու տպավորություն է, որ ոչ մեկը դրանից գաղափար անգամ չունի։ Վիճակն ուղղակի աղետալի է։
–Դե ամբողջ աշխարհում հեռուստատեսությունը զանգվածաբար ջրիկանում, թռի–վռի մի բան է դառնում, զանգվածային մշակույթի առարկա է, փող է աշխատում և թերևս հանրային հեռուստատեսություններն են պահպանում մարդկային դեմք, հստակ չափագրված մենյուներ և «դրես կոդեր», ուր աշխատակիցներին ոչ թե բաց սրունքներն են կերակրում, այլ նրանց օրիգինալ գաղափարներն ու մտքերը...
–Մի ուսանելի պատմություն հիշեցի BBC հեռուստաընկերության հետ կապված մի շատ հմայիչ մեկնաբանի մասին, ում այնքան է սիրել հեռուստադիտողներից մեկը, որ նրա ամուսինը խանդի հողի վրա ներխուժել է ստուդիա, որ սպանի նրան։ Եվ հեռուստատեսության տնօրենը որոշում է ընդունել այդ մեկնաբանին հեռացնել աշխատանքից։ Ինչո՞ւ։ Որովհետև ամենակարևոր բանը հեռուստաէկրանից խոսքն է, որը պիտի տեղ հասցնել և եթե դրան խանգարում է անգամ հմայքդ ուրեմն՝ դու պետք չես։ Իսկ հիմա մեր էկրանին նայում ես աճուկներն ու սրունքները բաց, սեթևեթող կերպարներ, չգիտես ինչ զգեստով ու արդուզարդով, գավառական կեցվածքով ու խոսք չկա, ձայն չկա, հնչերանգ չկա, դեմք չկա, խոսքին գերակայող անտանելի միմիկա, մի խոսքով՝ ոչինչ տեղում չէ։
– Էհ, տիկին Ներսիսյան, ախր մեր հեռուստաաշխարհը զզվում և փախչում է պրոֆեսիոնալից, ինչպես բորոտից։ Թայֆան, այդ համայնքը չի ներում հենց պրոֆեսիոնալին. Օրինակ՝ ասացեք խնդրեմ այսքան տարի անցավ, որևէ հեռուստատեսություն Ձեզ հրավիրե՞ց աշխատանքի։
-Ես,անկեղծ ասած,չեմ դիմել որևէ հեռուստատեսության, բայց, այո՛, որևէ հրավեր էլ չեմ ստացել։ «Մայր հայրենիք» հեռուստատեսություն կար այն ժամանակ, մամուլի տեսություն էի ներկայացնում, այն էլ կարճ ժամանակ անց, 99–ի հոկտեմբերի 27-ից հետո փակվեց, հետո «Վեմ» ռադիոկայանում աշխատեցի։ Բայց հեռուստատեսությունից որևէ առաջարկ չեմ ստացել։
-Դե այստեղ արդեն զրույցն ավարտվում է, եթե չի գտնվել մի հեռուստամենեջեր, որը կհասկանար, թե ինչ կտար իր հեռուստատեսությանը կայուն լսարան ունեցող հայտնի մեկնաբանը։ Դուք շատ լավ գիտեք, որ տարիների աշխատանք, հսկայական ներդրումներ են պետք, մեկ լավ մեկնաբանի հանրահայտ դարձնելու համար։ Ինձ համար, մեծագույն պարտություն է արձանագրել, որ մենք փաստորեն հեռուստատեսություն չունենք, հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանար հավաքագրել դաշտի պրոֆեսիոնալ միտքը։ Այդպես է ստացվում,չէ՞։
-Իհա՛րկե, չունենք։ Հիմա, ճիշտն ասած, այդքան շատ չեմ էլ նայում հայկական ալիքները, որովհետև չկա մի հաղորդում, որին կարելի է անհամբեր սպասել։ Չգիտեմ, չեմ ուզում անուններ տալ, բայց այդ ձայնով, այդ արտաքինով մարդկանց ինչպե՞ս կարելի է եթեր վստահել։ Չէ որ մարդու ձայնից էլ նրա ինտելեկտը երևում է և գիտեք, ինչն էր ամենասարսափելին, որ մեկ, երկու...տասը և ես վարժվեցի։ Հետո ինձ բռնեցի այն բանի վրա,որ մարդը ընտելանում է վատին, ես ինձ վրա դա զգացի, որ կարծես հարմարվում եմ նրան։ Ոչ թե այդ մարդը կատարելագործվեց՝ ոչ։ Այլ ես ընկա, իջավ իմ մակարդակը։ Մենք այսպես կարող ենք ամբողջ մի ժողովուրդ իջեցնել այդ մակարդակին։
- Իհարկե, չէ՞ որ մեդիան հասարակություն է ստեղծում։ Անհնար է սերիալների կոնվեյերի տակ ճզմված մարդկանցից վեհ գաղափարներ ակնկալելը կամ անցնել հեռուստատեսության ստեղծած հերոսների ողջ ֆորս մաժորը և առողջ դուրս պրծնել դրանից։ Նույն ԱԼՄ–ն ոչ թե ուղղակի հեռուստատեսություն էր այլ՝ նոր կենսաձևի մանիֆեստ, շատ որոշակի ուղերձ հանրությանը, որ պետք է ծանակել պրոֆեսիոնալիզմը, բոլոր ոլորտներում գավառամտությունն ու ռաբիսը բարձրացնել պատվանդանին, ծափ զարկել ու պարել։
– Հայաստանի անկախությունից հետո ուղղակի բարգավաճեց դիլետանտիզմը բոլոր բնագավառներում։ Ինչքան դիլետանտիզմ, այնքան անկախ Հայաստան. հենց սկզբից անկախությունը այսպես ընկալեցին որոշները։ Եվ արդեն պարզ էր, որ Թաթա Սիմոնյանին վաստակավորի կոչում կտան, Արամ Ասատրյան կհնչեցնեն եթերից, դրանից այն կողմ էլ ի՞նչ կա։ Սա վերջն է արդեն։
–Ցանկացած վատ լուր արագ է տարածվում, իսկ մարդուց տարածվող հիմարությունը, թերևս, ամենավատ լուրն է։ Բայց մենք բոլորս պատասխանատու ենք մեր ժամանակի համար, մանավանդ, որ, կարծես հասկանում ենք ինչ է կատարվում։ Տեսեք, այն ժամանակ հեռուստատեսության ձեռքին ահռելի լսարան կար, և այդ հեռուստատեսությունը «սարքեց» իմ ծնողների արժեհամակարգը, սերունդ տվեց, որն անգերազանցելի է իր մարդասիրությամբ, հայկական ավանդույթների ու արժեհամակարգերի կրողն է։ Խորհրդային քարոզչությունը բնավ էլ հակված չէր տեղերում ունենալ այնպիսի հեռուստատեսություններ, որոնք կշեշտադրեին ազգային խնդիրները, հայկական ինքնությունը, բայց մեր մինուճար հեռուստատեսությունը հիմնականում դրան լծվեց և գոյացրեց հայկական գլոբալ միտք։ Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։
–Ես Ձեզ մի բան ասեմ և դա, թերևս լինի մեր զրույցի ամենակարևոր միտքը. 88–ի շարժումը ստեղծեց հեռուստատեսությունը։ Մենք կամա–կամաց, բայց հետևողականորեն առաջանում էինք այս ազգային շարժումը՝ լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության մասին ամենօրյա, ամենժամյա հաղորդումներով։ 88 թվին, երբ Երևանում պարետային ժամ մտցվեց, նոյեմբերի 27-ն էր կարծեմ. ռուս գեներալ Սաֆոնովը հրամանագիր էր ստորագրել և եկել հեռուստատեսություն։ Արագ թարգմանեցին հայերեն և տվեցին ինձ, որ գիշերը կարդամ. Իսկ հրամանագիրն այն էր, որ Երևանում մտցվում է պարետային ժամ, նշված էին այն 13 կետերը, որոնք չպետք է խախտվեին, կհիշեք։
–Այո՛, ահագին կոշտ սահմանափակումներ էին, անգամ եթե չեմ սխալվում արգելվում էր 5 մարդուց ավելի մի տեղ խմբվել կամ գիշերը դուրս գալ տնից։
–Բայց հիշո՞ւմ եք այդ թվին մեր հոգեվիճակը, բոլորս Ղարաբաղ կոմիտեի հետ էինք, մենք Հայաստանի անկախությունն արդեն տեսնում էինք։ Բայց ես աշխատանքի մեջ էի, ես պարտավոր էի այդ հրամանագիրը կարդալ ու ավտոմատավորները կանգնած էին ստուդիայի դռան մոտ, որ ոչ մեկը ներս չմտնի։ Եվ ես կարդացի։ Կարդալու ընթացքում ներսս աճում էր այդ զայրույթը, հասել էր արդեն գագաթնակետին։ Վերջացրի և այդ թուղթն ուղղակի շպրտեցի եթերում, շպրտեցի սեղանին ու մարդիկ տեսան սա։
- Երբեմն երբ այլ ելք չի մնում, հարկ է խաղալ ձեռքիդ տեքստը, աչքերով, լուռ ասել, որ դու համաձայն չես, կամ իրոնիայի վերածել ամբողջը, ամենախիստ ռեժիմի դեպքում էլ պրոֆեսիոնալը կարող է ելքը գտնել։ Իսկ Ձեզ չպատժեցի՞ն այդ դեպքից հետո։
-Նախագահը կանչեց, նկատողություն արեց և մեկ շաբաթ ինձ թույլ չէին տալիս առաջին ծրագրով եթեր դուրս գալ։ 11–րդ ալիք կար, այնտեղ տարան, այդ ալիքին մենք «շտրաֆնոյ բատալյոն» էինք ասում։ Բայց հաջորդ օրը ես չէի կարողանում փողոց դուրս գալ. ծանոթ, անծանոթ բոլորը ինձ գրկում, համբուրում էին։ Քիչ էր մնում ինձ ազգային հերոս դարձնեին։ Եվ այդ արարքի հաջորդ օրն իսկ միտինգի հրապարակում ի՜նչ էր կատարվում՝ մարդկանց տեղ ու դադար չկար։ Այսինքն՝ եթե ժողովուրդը տեսնում է, որ հեռուստաէկրանից երևացող մարդը իր համախոհն է, դա հրաշքներ է գործում, հավատացեք։
-Հենց այդ վստահության քվեն չունի այսօրվա հեռուստատեսությունը, ի վերջո միանալ նրա լսարանին կնշանակի քվեարկել նրա օգտին։ Ահա թե ինչու է նրա լսարանն այդքան արագ կրճատվում։ Հակամարտություն ունեցող երկրի համար ուղղակի անվտանգության սպառնալիք է վստահություն չունեցող հեռուստակայանը, որովհետև հակառակորդը կարող է տեղեկատվական պրովոկացիա անել, իսկ դու հակառակը պնդելու համար պիտի վստահելի լինես, չէ՞։
–Վստահությունն ամենակարևորն է։ Նույն 88–ին մարդիկ հենց հեռուստատեսության միջոցով կարողացան հաղթահարել երկրաշարժի արհավիրքը։ Հեռուստատեսությունն իրենց ցավի հետ էր, իրենց կողքին։ Բերում էին ավերակների միջից, դիակների վրա գրած գրություններ, եթերում խցկում էին մեր սեղանի տակ։ Այդ ձեռագրերը, մի կերպ վերծանելով, կարդում էինք, որ օգնենք մարդկանց գտնել իրենց հարազատին, գտնել հենց իրենց, չէ, որ բոլորս էինք այդ օրերին կորցրել մեզ։ Որը ասեմ, որը թողնեմ։ Կամ մութ ու ցուրտ տարիներին ինչպես կարող ես եթեր դուրս գալ մինչև ականջներդ բերանդ բաց, ժպտալով, ճոխ հագնված։ Այդ տոնը ժողովրդի հետ չէր սինքրոնանա։ Դու իրավունք չունես։ Մենք այդպես էինք մտածում։
- Իսկ երբ քեզ մարդիկ չեն վստահում, իշխանությունն ավելի կարծր է դառնում քո նկատմամբ, դարձնում է քեզ իր սպասավորը։ Հիմա ամբողջ մեդիան լցված է հանցագործությունների, կոռուպցիայի մասին հաղորդումներով և իշխանությունը հակված չէ հետապնդել այդ մարդկանց, որովհետև գիտի, որ եթե չհետապնդի, հասարակական կարծիքը չի էլ հալածի դրա համար։ Սա համարյա ողբերգություն է, երբ մամուլի, հեռուստատեսության խոսքն այսքան արժեզրկվել է. ես հիշում եմ, երբ «Լրաբերում» էի աշխատում, եթերում բարձրացված ցանկացած խնդիր եթե լուծում չստանար մեծ անարգանք կլիներ մեզ համար, հիշո՞ւմ եք։
– Իհարկե, հիշում եմ. «Լրաբերի» ժողովներից մեկի ժամանակ, որին ներկա էինք լինում նաև հաղորդավարներս, մի լրագրողի ուղղակի խայտառակեցին, որ չի կարողացել իր բարձրացրած հարցը լուծել տալ. այդ լրագրողը սյուժե էր նկարել,որ Հարավ-արևմտյան թաղամասի մի շենքի վերելակը չի աշխատում. այն ժամանակվա համար դա աղետ էր։ Անցավ մեկ շաբաթ և նույն լրագրողը եթերում հաղորդել էր, որ չնայած մեր ահազանգին, այդ շենքի վերելակը շարունակում է չաշխատել։ Գիտեք ի՞նչ արեցին լրագրողի գլխին։ Այն որ ասում են «շան լափը» լցրեցին գլխին։ Ասացին ՝ ավելի լավ կլիներ, դու կանգնեիր այդ շենքի մուտքի մոտ, բոլոր բնակիչներին ուսերիդ վրա բարձրացնեիր տասներորդ հարկ, քան եթերից ցույց տայիր, որ հեռուստատեսության խոսքը տեղ չի հասել։ Այսինքն՝ դու հետամուտ չես եղել քո բարձրացրած հարցի լուծմանը։ Հեռուստատեսությունը պիտի ղեկավարի նորմալ, գրագետ, հայերեն մտածողությամբ մեկը. Մի 5-6 պրոֆեսիոնալ մարդկանցով կարելի է հեռուստատեսությունը զտել, նոր հունի մեջ գցել։ Կարելի է, չէ՞ գտնել նրանց։ Մեկը՝ Դուք։ Ես կարդում եմ Ձեր հարցազրույցները և զարմանում, որ Հայաստանում այս մակարդակի լրագրող կա...
– Շնորհակալություն, բայց հեռուստատեսությունն ինձ արդեն սպանել է տասնյակ անգամներ և այն ինձ համար արդեն փակված էջ է։ Եվ, միգուցե, արդեն լավ հեռուստատեսության հանրային պահանջն էլ չկա, որովհետև մտածող մարդիկ իրենք են ստեղծում իրենց կյանքի իրադարձությունները, ոչ թե հույսները դնում են հեռուստատեսության վրա, իսկ լրատվական հոսքերն այսօր մատչելի են անգամ ձեռքիդ հեռախոսին և հարկ չկա դրա համար ավելորդ էլեկտրաէներգիա վատնել։ Իմ կարծիքով, հեռուստատեսությունն այսօր կարելի է մոտեցնել թատրոնին, այս կոնցեպտի վրա կարելի է ևս մի քանի տարի դիմանալ։ Իսկ մենք գրաքննում ու գրաքննում ենք այլևս դատարկ այդ տուփը, փոխարենը մտածենք նոր իրականության մեջ հեռուստատեսությունը տեղակայելու մասին։ Իմիջիայլոց, Ձեզ ինչպես էր հաջողվում դիմանալ սովետի գրաքննությանը։
– Մի գլավլիտ ունեինք, ասենք արգելում էր «սուրբ» բառը եթերում ասել։ Ես ասում էի՝ ինչպե՞ս, օրինակ, չասեմ «սուրբ Գրիգոր եկեղեցի, հո չեմ ասելու Գրիգոր եկեղեցի։ Ասում էր՝ չգիտեմ, ինչ ուզում ես ասա, «սուրբ» բառը մի ասա։ Եվ ամբողջ կյանքս գլավլիտով անցած տեքստերը եթերում խմբագրեցի։ Հենց հանում էին, ես տակը գիծ էի գծում, որ այդ բառը պիտի վերականգնեի։ Եվ լինում էին, իհարկե, նկատողություններ։ Ես 40, 50 էջանոց տեքստերն անգիր էի անում, որ հետո ասեմ, թե թղթից չեմ կարդացել, սպրդել է այս կամ այն բառը։ Ես տեղ էի հասցնում այն, ինչ պետք էր։ Ամբողջական պարբերություններ էին հանում Չարենցին նվիրված սցենարներից։ Ես դրանք բոլորը եթերում մեկիկ–մեկիկ վերականգնել եմ։
–Ես լավ հիշում եմ, անգամ այսպես կոչված մերժվածներն էին Ձեր գրական հաղորդումներում երևում, չի բացառվում, որ այդ գլավլիտները միտումնավոր էին չտեսնելու տալիս...
–Դե տեսեք, Լևոն Շանթ չկար դպրոցական ծրագրում։ Բայց մենք հաղորդում պատրաստեցինք, հետո մի ուսուցչուհի գրեց, որ մի ամբողջ դասաժամ նվիրել է Շանթին։ Հետո, կարծեմ դպրոցական ծրագիր էլ մտավ։ Այ, այսպիսին էր հեռուստատեսությունը։
- Իսկ ինչպե՞ս էր կազմվում գրական սցենարը։ Առանձին սցենարիստ կա՞ր, թե՞ ամբողջը Դուք էիք գրում, պատրաստում։
-Ո՛չ։ Մենք ունեինք ռեժիսոր, խմբագիր, գլխավոր խմբագիր, որը սցենարները պատվիրում էր գրականագետներին։ Օրինակ՝ Վաչե Նալբանդյանին, Ռաֆայել Իշխանյանին, որոնք տվյալ հեղինակին լուրջ ուսումնասիրել էին։ Ռեժիսորը մանրամասն աշխատում էր սցենարի վրա, բեմադրական կտորներ էր ավելացնում, հրավիրում էր համապատասխան դերասանների։ Այսպես էր կազմվում։
- Մի քանի օր առաջ սարսռեցի, որ կարդացի մի լուր այն մասին, որ աշխարհում կատարված ծանր հանցագործությունների 80 տոկոսը կատարվել են նախատիպ ունենալով հեռուստատեսային էկրանին ցուցադրված նյութը։ Մեր լրատվական ծրագրերն այսօր լցված է այսպիսի նյութերով, բայց ախր մեր ժողովուրդը հարբեցողության, թմրամոլության, հանցավորության բարձր ինդեքս չունի և չեմ կարողանում հասկանալ, ո՞ւմ է ձեռնտու այս ագրեսիան տարածել։ Ամերիկան իր գրաված հողերի երեկվա ավազակներից հասարակություն կերտեց, եվրոպացի էգոիստները մարդասերներ դարձան, իսկ մենք ահա այս ոսկի ժողովրդին ուզում ենք այսպես խեղել, չեմ հասկանում ...
-Վերնախավից է գալիս, հասել ենք արդեն այս վիճակին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիշեցի,որ փշոտ է անկախության ճանապարհը և մենք պետք է այդ փշերի միջով անցնենք, եթե ուզում ենք ունենալ անկախ Հայաստան։ Բայց հետո իրենք գորգի վրայով անցան, ժողովրդին գցեցին փշերի մեջ։ Ապա սկսվեց թալանը։ Փողերի համատարած հափշտակումը։ Այսինքն՝ ինչ իրենք ժողովրդին քարոզում էին, իրականում դրա հակառակն արեցին։ Եվ հիասթափվեցին մարդիկ։ Այլևս հավատ չմնաց, իրենք ամեն բան մսխեցին։
-Դե իրենք էլ ասում են՝ դուք հետո ավելի լավ Հայաստան կառուցեիք, մենք գնացել էինք...
-Իրենք ամենը փշրեցին, փլեցին։ Դրանից հետոն էլ չկա։ Արդեն սերունցքը գնաց, որ ստեղծվել էր տարիների ընթացքում, դարերի ընթացքում էր ստեղծվել նրանց տեսակը։
-Իսկ Ձեր երկրից գնալն ինչպե՞ս ստացվեց։ Ի՞նչն էր խնդիրը.այստեղ չէի՞ք կարողանում ապրել։
-Ժամանակավորապես եմ Ֆրանսիայում։ Ու չեմ էլ համարում ինձ այստեղի քաղաքացի։ Աղջիկս ամուսնացավ և զույգ երեխաներ ունեցավ։ Եվ իմ օգնության կարիքը շատ ուներ։ Ես չգիտեմ կա՞ մի հայ մայր, ով ձեռք չի մեկնի իր երեխային այսպիսի դեպքերում։ Ես չեմ եկել ուրիշ երկրում ապրելու։ Ես այս հասարակության հետ շփում չունեմ։ Ես չեմ կարող ասել՝ այս երկրի քաղաքացի եմ։ Ես թոռներիս եմ դաստիարակում, որ հայ մեծանան։ Եթե որևէ հեռուստատեսության պետք լինեմ, կգտնեն, կկանչեն։ Ես այն ժամանակ էլ չեմ կարողացել գնալ, խնդրել, թե ասենք՝ Արտեմ Սարգսյան, կարելի՞ է Ձեր «Արմենիա» հեռուստատեսությունում լուրեր կարդալ։ Արտեմ Սարգսյանը ինձ շատ լավ գիտեր, դեմ դիմաց շենքերում էինք ապրում։ Այսինքն՝ ես հասկացա,որ իրենց պետք չեմ, ինչպես և՝ մյուսներին։ Արթուր Բախտամյանին եթե մի օր հանդիպեմ, կասեմ՝ Արթուր ջան, եթե հիմա ես քեզ գայի, ասեի դու ծեր ես, դուրս արի հեռուստատեսությունից, դու ինձ ի՞նչ կասեիր։ Այն ժամանակ մենք 40 և մի քիչ ավելի էինք տարիքով։ Եվ ամեն անգամ հաղորդավարական սենյակ մտնում և ասում էր՝ պետք է թարմացնել եթերը, դուք արդեն շատ եք ծերացած։
– Իմիջիայլոց, դրսի հեղինակավոր ծրագրերը հիմնականում թիրախավորված են 40-ից բարձր մեկնաբանների վրա։ Ի դեպ, լուրջ կենսափորձով մարդը չի կարող 25 տարեկանի խոսքին անվերապահ վստահել, մանավանդ որ, տեսնում է, որ նրա դեմքին մի տառապանքի նշույլ չկա, անհաղորդ է իրեն։
- Շատ ճիշտ եք։ Ես հիմա,որ նայում եմ եվրոպական հաղորդավարներին, 60-ին մոտ կանայք կան, որ չեն խուսափում ցուցադրել անգամ իրենց պարանոցի կնճիռները. նայում ես մարդը կյանք ապրած, իմաստնացած տարիքում է, դու անկախ քեզանից հավատում ես այդ մարդու խոսքին։
–Որովհետև այդ կողմերում մասնագետը արժեք է, այդ ընկերության ամենախոշոր կապիտալը և նրանք լավ են հասկանում, որ նոր մասնագետը պիտի հնի հետ շփվի, որ ժառանգական կոդ, կենսափորձ ու գիտելիք փոխանցվի, ոչ թե ամեն անգամ թելը կտրեն ու ջահելներին կախեն այդ պարանից։
– Համաձայն եմ, նորը դատարկ տեղում ինչպե՞ս արժեք ստեղծի։ Հենրիկ Հովհաննիսյանը մի օր ինձ կանչեց, թե դու կարդում ես այնպես, ինչպես կարդում էին կոմունիստների ժամանակ։ Հիմա անկախ ենք, պիտի ուրիշ ձև կարդանք։ Հարցնում եմ ինչպե՞ս։ Ի՞նչ նշանակություն ունի, որ ժամանակաշրջանում եմ կարդում տեքստը, պիտի կարդամ այնպես, ինչպես ես զգում եմ։ Հարցրի՝ եթե Գոհար Գասպարյանին ասեք, գնա «Անուշի» արիան ուրիշ ձև երգի, արդեն անկախ ենք, տեսնես ի՞նչ կպատասխանի նա։
–Մեր անկախությունն այսօր շատ մեծ փորձությունների առջև է կանգնած։ Ու հարկ է, որ մենք երկու ձեռքով գրկենք ու փայփայենք մեր լեզուն, բայց երբ տեսնում ենք, թե եթերում նա ինչ դժոխքի կրակների մեջ է եփ գալիս, ուղղակի սարսափում ես։ Փողոցային տարբեր սլենգներից կազմված այնպիսի մի լեզու է առել մեր հեռուստատեսությունը, որ արդեն ինտելիգենտ մարդը չի կարողանում այն հասկանալ։ Ես բնավ էլ չեմ պնդում, որ հեռուստատեսությունը խոսի նախորդ դարասկզբի լեզվով, պարզ է. լեզուն ապրող, փոփոխվող գոյություն է, բայց այսքան հալածվելուց, ծամածռելուց հետո ի՞նչ կմնա նրանից։ Չ՞է որ, լեզուն հենց հայրենիքն է, դրա համար էլ հին հարցն է կանգնում. Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք։
–Դե, իհարկե, հեռուստատեսային այսօրվա լեզուն հենց փողոցայինն է, իհարկե լրատվական ծրագրերի մասին չէ խոսքս։ Եվ մի սարսափելի մեծ սխալ է տարածված, թե իբր գրական խոսելիս, մեր լեզվի մեջ կեղծ հնչողություն է մտնում։ Ամենևին։ Ես թե՛ եթերում, թե՛ ամենուր խոսում եմ հենց այս լեզվով և ոչ մի կեղծ նոտա էլ չկա։ Վերցրեք մեր գեղարվեստական ֆիլմերը, որոնք նկարահանել են նախկին սերնդի ռեժիսորները։ Այդ ֆիլմերը լեզուն մաքուր գրական հայերեն է, բայց ականջդ չի սղոցում այդ հայերենը, որովհետև խոսքն է ճիշտ դրված, տափակություններ չկան։ Եթե ասելիք ունես, միշտ էլ գրական հայերենով կարող ես արտահայտվել։
–Այո՛, հենց միտքն է լավ լեզու առնում։ Եվ սակավամտությանը, փաստորեն մեր լեզուն հրաժարվում է սպասարկել ու եթերի լեզուն փաթ է ընկնում։ Վերջում կարծես պարզ դարձավ, թե իրականում ինչ է կատարվում մեր հեռուստաաշխարհում։ Մեր լեզվից լավ հետախույզ դժվար էլ գտնեինք։
–Նախկինում խիստ վերահսկողություն կար, Տերմինաբանական կոմիտե կար, որ ուղղակի հետապնդում էր եթերը։
–Հիմա էլ Լեզվի պետական տեսչությանն է դա վերապահվել և արդյունքը սա է։ Այ, եթե վարչական պատժաչափերը խորհրդանիշներից վերածվեն կլորիկ գումարների, թերևս վիճակը մի քիչ փոխվի։
–Նախկինում հեռուստատեսությունը լեզու, ոճ ուներ, բայց հիշում ես, չէ՞, որ հեռուստատեսության վիդեոդարանը հրդեհվեց, այնքան նյութեր վերացան։ Դա սարքած պատմություն էր։ Ինձ թվում է, այդ շարժումը, որ նոր էր սկսվել, ահագին բան ուզում էր վերացնել։
-Մարդիկ ջնջում էին իրենց կենսագրությունը։ Գիտեք, հակառակ դեպքում, երևի կկրկնվեր գերմանական Շտազիի հայտնի պատմությունը, որի արխիվները հենց բացվեց, մարդիկ նետում էին իրենց կենսագրությունը պատուհանից։ Որովհետև բոլորը բոլորին դավաճանել էին։
-Մեր անվտանգության արխիվն էլ եմ մտել ես։ Այնտեղ էլ աշխատեցի։ Ուզում էի թղթեր հանել, բայց ասացին՝ չի պահպանվել այդ շրջանի արխիվը, որովհետև հրդեհ է եղել, թե ջուր է լցվել։ Այսինքն՝ իրենք սարքում են այդ ամենը, սա փաստ է։ Ինչ-որ մարդկանց երևի պետք էր ինչ-որ կասետներ այնտեղից հանել։ Հանեցին, բոլորը թալանեցին։ Չես իմանա ՝ ինչ եղավ։ Համենայնդեպս՝ իմ այս վերջին 15 տարիները այդ արխիվային գործով զբաղվեցի։ Մի ֆիլմ ստեղծեցի 21 թվականին Երևանի բանտում կացնահարվածների մասին։ Թիֆլիսի արխիվից տարբեր արկածների միջով անցնելով բերեցի մոտավորապես երեք հազարի հասնող արխիվային փաստաթղթեր և երևի շուտով դրանք կհանձնեմ մեր պետական արխիվին։ Շնորհակալ գործ արվեց, բայց ոչ էլ սպասում եմ որևէ շնորհակալության։
–Աիդա ջան, ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ջերմ զրույցի համար.մարդիկ հիշում են, մարդիկ չեն մոռանում.մի քանի օր առաջ, Ձեր ծննդյան օրը տեսա՞ք ֆեյսբուքում ինչ էր կատարվում.շնորհավորանքների, բարեմաղթանքների հեղեղ...Ձեզ հիշում ու սիրում են...
–Չեք պատկերացնի՝ դրանք ի՜նչ արժեք ունեցան ինձ համար։ Ամեն նամակը արցունքները աչքերիս եմ կարդացել։ Ես միշտ սիրել եմ իմ հեռուստադիտողին,իսկ հեռուստադիտողը դա զգում է։Ես, այո՛, ինձ երջանիկ եմ զգում,որ կարողացել եմ տալ մեր ժողովրդին այն, ինչին արժանի է ինքը ...
Զրույցը՝ ՎԱՐԴ Սիմոնյանի