Արա Նազարեթյան / Պատմվածքներ

13.01.2016 00:14
Արձակագիր, ՀԳՄ անդամ 1998թ. 
Ծնվել է 1950թ. օգոստոսի 10-ին, Ալավերդիում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ 
Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն, որոնք տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում։ 
ԵՐԿԵՐ 
1. Կարմիր խնձորներ 60-րդ հորիզոնականից, Եր., 2010։ 
2. Հանդարտ պատմվածքներ, Եր., 2003։ 
3. Ռազմավար պատմվածքներ, Եր., 2001։ 
4. Մահկանացուներ, Եր., 1995։ 
5. Տապան, Եր., 1991։ 
ՊԱՐԳԵՎՆԵՐ 
1. 2010 թ. «Գարնանային թեթև պատմություն» պատմվածքն արժանացել է «Համահայկական պատմվածք» մրցանակի։ 
2. 2001թ. «Ռազմավար պատմվածքներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակի։ 
3. 2001թ. «Էկզոտիկ պատմություն» («Բագատել») նովելը, իսկ 2008 թ. «Հետախուզում մարտով» պատմվածքն արժանացել են գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակի։ 
4. 1996թ. արժանացել է «Հայ գրականության բարեկամներ» և ՀԳՄ Գրիգոր Զոհրապի անվան մրցանակի։ 
 
 
 
 
ԷԿԶՈՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
 
(Բագատել)
 
Նա' փարիզաբնակ այդ ֆրանսուհին, Կոնկորդ հրապարակի բացօթյա սրճարանում երկար տխրել էր մեքենաների աղմուկի մեջ, երկար նայել էր Կարնավալեի հնաբույր պատի աննկատ ճաքին, որ ինչ իմանաս որ դարում աչքի պես բացվել էր ու, անթարթ, աշխարհի անցուդարձին էր նայում ու Փարիզին, որտեղ այլեւս ոչ ասպետներ կային, ոչ թագավորներ եւ վաղուց ոչ մի հերոսական բան չէր կատարվում, հետո քայլել էր Ռիվոլի փողոցով մինչեւ Սիտե, Նոտր-Դամում մոմ էր վառել, ապա Արվեստների կամրջից շատ երկար նայել էր Սենայի ջրերին, այնքան երկար, որ միտքն ամբողջացել էր եւ Սենայի մանրախիտ ալիքների մեջ ցոլացող խճանկարից բռնել էր Էյֆելյան աշտարակի պատկերն ու այդ պատկերն ամբողջացնելով-ամբողջացնելով, հայացքը դեմ էր ընկել դիք աշտարակին, որ Մարսյան դաշտերում կանգնած էր ընձուղտի պես գլուխն ամպերում, ապա հապճեպ, երկու րոպեով մտել էր խմբագրատուն' գործուղումը ձեւակերպելու եւ... Փարիզից հայացքը մտապահել էր վերջին պատկերը
 Էյֆելյան աշտարակը ընձուղտի պես վեհասքանչ ու անշնորհք ու հիմա, ահավասիկ, ինքը կանգնած էր "հաղթանակած լեռնականների" քաղաքային հրապարակում "խրամատի տղաների" մեջ' ոտքերը քշտած, կարմիր թաշկինակի մեջ մազերը հավաք կապած  լրագրողական հսկա պայուսակը բարալիկ մարմնով պահում էր սալարկից մի մետր բարձրության վրա, իսկ "խրամատի տղաները" մինչ այդ Կարեւոր Դարպասները պահել էին, Հին Մեծ Քաղաքն ազատագրել էին, Հուսո Ճանապարհին տեր էին կանգնել ու ամաչում էին, որ հաղթանակած էին ու հպարտ Փարիզից եկած այդ փխրուն էակի մոտ, որը, պարզվում է, նաեւ լրագրող է ու նաեւ, որ դարձյալ Փարիզ է գնալու... եւ ամաչելուց թաքուն իրար հրմշտում էին ուսերով ու միմյանցից գաղտնի իրար աչքերի մեջ էին նայում ու շարունակում էին ամաչել, իսկ նա' Փարիզից եկած աղջիկը, իրեն այնպես էր պահում, ասես հարեւան բակում լվացք անելը նոր թողել, մի րոպեով դուրս էր թռել փողոց' հերոսների շքերթը բաց չթողնելու գայթակղությամբ ու կարող է հիմա ծկլթուն հրճվանքով ետ փախչի բակ, որովհետեւ այդ հերոսները, ճիշտ է, Հին Մեծ Քաղաքն են գրավել, բայց դե տղամարդ են հաստ բեղերով ու կարող է Հին Մեծ Քաղաքը գրավելուց բացի, մանավանդ դրանից հետո, ուրիշ թաքուն միտք էլ ունենան, իսկ խրամատից եկած տղաներն իրար հրմշտում, իրար առաջ էին գցում, մաքուր մաքրած սալարկի վրա ու արեւը շողշողում էր, իսկ աղջկա տուտերը փորի վրա կապած կապույտ վերնաշապիկի տակից պորտիկը մերթ ընդ մերթ արեւին աչքով էր անում ու տղաներն աչքները կկոցում էին արեւից ու ամաչում էին եւ այդ ամենի
 վրա աղջիկն այնպե՜ս զարմացած էր դեմքի բաց ու հրճվալի իր ժպիտի մասին մոռացել էր ու այնպե՜ս դուրեկան էր այդ զարմանքը, որ պետք չէր ընդհատվեր եւ տղաները չգիտեին է'լ ինչ անեն, աշխարհ տեսած այդ խելացի աչքերից զարմանքը չփախչի. դե, Հին Մեծ Քաղաքն էլ արդեն գրավել էին, թե նորից գրավեն, իրենց հետ որքան էլ նա խնդրում-պահանջում էր, առաջին գիծ աղջկան տանելն էլ երբեք չէին տանի, որովհետեւ վտանգալի էր ու, բացի այդ, հարմարություն-բան չկար, ու, բացի այդ, ի՞նչն էին ցույց տալու. հրացաննե՞րը, նռնակնե՞րը ' ցույց տալու բան չկար, իսկ աղջկա հիացական բերանը կիսաբաց էր ու մանրաճերմակ ատամնաշարը կարմիր շուրթերի միջից երեւում էր ճաքած նուռի հատիկների նման ու մի տեսակ նռան գինու արբեցում կար, թեեւ գինին պակասում էր... այսինքն այդ պահին ու այդտեղ էր պակասում, իսկ տանը կար մառանի կարասում եփվել-նստել էր ու, այնուհետեւ, մինչ տղաներն իրարից առաջ ընկնելով, աղջկան աթոռ էին առաջարկում, աղջիկը լրագրողի պայուսակը միակ մահճակալ-թախտին իր նկարչա-ձայնագրական սարքերի ողջ ծանրությամբ հարմար դրել էր վերջապես ու զարմանում էր գինու կարմիր թափանցիկության վրա ու գավաթների մեծության վրա ու տղաների կարողության վրա, որ այդքան խմում են ու դիք-դիք նստած են Զատկի կղզու իմաստունների պես... ու իր կարողության վրա էր զարմանում, որ մեծ, շատ մեծ բաժակով հավասար խմում է ու փոխանակ արբենա, ավելի է զարմանում այս տարօրինակ աշխարհի , այս գինու ու այս տղաների կարողության վրա եւ դա կարող է այս տարաշխարհիկ օդից, այս գինու թափանցիկ կարմրությունից ու այս տղաների ամաչկոտությունից էր ու անկարելիորեն հրաշալի էր ամեն ինչ- եւ այդ ամեն ինչի, պատերազմող երկրի այդ մութ ու խորհրդավոր գիշերվա, այդ միհարկանի ու գյուղական տան մեջ խրամատի այդ հերոս, կոպիտ ու իրենց հրաշալի լինելուն անտեղյակ տղաները ու տղաներից առաջին հերթին շեկ կապուտաչյան, որի մի շաբաթվա չսափրած, վարազի մեջքի պես ցից խոզանակն այնպես զինաթափող, ապահովություն ներշնչող, դուրեկան կոշտություն ուներ... ու նաեւ մյուսը տասնութ տարեկանը, որ հասցրել էր իր այդ կարճ կյանքում, ով իմանա, ինչքան թշնամի, սակայն այնուամենայնիվ, մարդ էր սպանել առանց աչքը խփելու, բայց դեռ որեւէ կնոջ համ տեսած չկար առաջին անգամն էր ու աչքերը փակել էր ու մշմշում էր, որպես մոր ծծին ընկած երեխա... եւ աղջիկը գլուխը շոյում էր հոգատար ու նրա տղամարդ դառնալու ժամանակի ընթացքն իր համար շոշափելի էր, ինչպես արեւի շողը փոշոտ նկուղում... ու նաեւ հաջորդը'' գերմաներենի գյուղական դասատուն, որ ողջ կյանքում գործը, փաստորեն, Եվրոպայի հետ էր եղել, բայց եվրոպական ոչնչի հետ գործնականում չէր առնչվել, բայց մեծ փափագ ուներ շփվելու եւ սա առաջին կենդանի շփումն էր ' գեղարվեստին մոտեցող կիրթ, պարտաճանաչ քաղաքավարությամբ... եւ Կոստյան' վերջինը, որ խռոված անկյուն էր քաշվել, մոտ չէր գալիս, բայց դա ջոկողություն կլիներ եւ խորթության պես մի բան էր ստացվում, սակայն համառում էր, մինչեւ տղաները "խրամատային ախպերության" փաստարկով նրա չեմուչումը կոտրեցին... եւ մահն ամեն օր աչքի առաջ ունեցող հերոս ու առնական այդ տղաների հոգին ու կերպն զգալու թունդ ապրումից ու նրանց պիտանի լինելու քնքույշ զգացումից աղջիկը երջանիկ էր ու երջանկությունից շաշվել էր եւ նրա անպարագիծ ծիծաղը թախտին ճխում-բոցկլտում էր, ինչպես կրակը այրվող փայտի վրա... եւ Կոստյան համտեսելու այդ շքերթը եզրափակեց վերջապես... բայց եզրափակելն էն բառը չի, որովհետեւ տղաները իրենք խմում էին' նա իր գործին, նրանք խմում էին' Կոստյան... Կոստյայի բաժակը չէր դատարկվում, սեղանին լիքը դրած էր, մինչեւ տղաները թախտից զոռով պոկեցին, տարան իր բաժակի մոտ- բայց դարձյալ չէր խմում, տղաները խմում էին' նա չէր խմում, ասես աթոռին քանդակած- երբեմն միայն ծուռ ժպիտով նայում էր թախտին կուչ եկած' ինչպես երեխան մոր արգանդում, մուշ-մուշ քնած աղջկան, որ մեկեն քնել էր երանության վերջին թառանչը կիսատ, հիացական զարմանքը կիսաբաց բերանին թառած, իսկ Կոստյան, ուրեմն, այդպես չխմեց-չխմեց ու մեկ էլ հայտարարեց ' ես իրա հետ ամուսնանալու եմ… ու կռիվ գցեց տղաների հետ, որ համարձակվել էին իրենց այդպես խոզավարի պահել իր ընտրյալի հետ եւ այնքան կռվեց, մինչեւ տղաներն ակնարկեցին, թե էս մեր պատերազմից ու կռվից վայթե գլուխը պրծացնել, Փարիզ գնալն է մտքինը, որ դավաճանության պես մի բան է, բայց Կոստյան ելքը գտավ, լուրջ ու գործնական վճռելով ու վճռի մասին հայտարարելով, թե կտանի իրենց գյուղը ֆրանսերենի դասատու... բայց դե տղաներն էլ աշխարհի գործից անտեղյակ հիմար չէին- կասկածեցին, որ Կոստյան, երեւում է, կտանի, բայց... աղջիկը վայթե չմնա... ու այդքանի հետ միասին նաեւ ձեռք էին առնում, բայց ձեռք առնելը դեռ ոչինչ, ուժեղը փաստարկն էր, որ իրոք, աղջիկը... ու Կոստյան ուռա՜վ... ուռավ-ուռավ ու նորից պայթեց, թե էդ բանը տղերքը պիտի չանեին, բայց միեւնույն է, ինքը հետն ամուսնանալու է... եւ այնքան ասավ-վիճեց, վիճեց-ասավ, որ տղաները սրան էլ տարան պառկեցրին' քնացրին թախտի մյուս ծայրին ոտնիծոց... իսկ գիշերը համարյա անցել էր, լուսանալու էր, բայց արեւը դեռ չծիկրակած, արեւից ու լույսից ծածուկ, միմյանցից հայացք թաքցնելով, վրիպումն արած խախուտ պառավի պես սուս ու փուս, կորան-գնացին կոշտ ու կոպիտ ու վտանգալի, անօծանելիք իրենց անտեր կյանքին տեր կանգնելու, ուր ոչ Էյֆելյան աշտարակ կար, ոչ "Կոմեդի Ֆրանսեզ". մահն աչքի առաջ ունենալով, բայց թաքուն բախտավորված ու այդ բախտին իրենց անարժան համարելուց մի քիչ նեղվելով, թեեւ ճիշտը որ խոսենք, ֆրանսուհին մի բանի համառ ակնկալիքն ուներ' թունդ ու էկզոտիկ, իրենք էլ մահվան դռնից արձակուրդ եկած տղերք' հո ջութակ չէին նվագելու... ու բացի այդ, եթե արդար լինենք, քսաներորդ դարավերջի այդ փափուկ տաքությունից մի բան էլ իրենց էր երեւի հասնում, թեեւ հասածը կարող է իրենցը չէր, կարող է իրենցն էր ո՞վ է դատավորը... խրամատները գնացին տղաները մեկը շեկ ու կապուտաչյա, մեկը հազիվ տասնութ տարեկան, մյուսը գերմաներենի գյուղական ուսուցիչ ու նաեւ Կոստյան. գնացին, աղջկան թողնելով մենակ եւ աղջիկը- արդեն հորիզոնից մետրաչափ բարձրացած արեւի շողերում լողում էր, ինչպես փետուրները հարդարող հավիկը մոխրի մեջ մտքի ծայրով վերականգնում էր իրականություն դարձած էկզոտիկ այս պատմության խճանկարը, որ ստեղծվեց մի շնչում վարդակակաչների, հիրիկների ու վարդերի մեջ կանգնած զարմանահրաշ "Բագատել"* պալատի պես... ու ճմլկոտում էր ձիգ ու նրա հիասքանչ հորանջը լողում էր ու մնում, ինչպես ստվերը Սենայի հանդարտ ալիքների վրա-Էյֆելյա'ն աշտարակի ստվերը-սքանչելի ու վեհապանծ. ինչպես ընձուղտ, որ վերեւից է նայում աշխարհին ու աշխարհի վրայի այս ամեն ինչին…
 
--------------------------
 
*Բագատել- պալատ Բուլոնյան անտառում, որ կառուցվել է բարձրաշխարհիկ մի գրազի արդյունքում' վաթսուներկու օրվա ընթացքում:
 
ԱՆՊԱՃՈՒՅՃ ՊԱՏՄՎԱԾՔ  
 
Այն ժամանակներից, ինչ ջրի մեջ առաջին անգամ քար գցողն արդեն քարը գցել էր և սկիզբ առած պատմության մեջ գալարները գնալով ահագնագլորում էին համընդգրկուն անկառավարելիությունը… և, դրանից հետո, որ տիեզերական խառնաշփոթը սուր անկյուններն ու կոշտ կողերը մաշելով–մաշվելով հասել էր հավասարակշռված համակարգի, ահա, այդ ժամանակներից ու դրանից էլ հետո, երբ արդեն բանը համաչափություններից ձանձրանալու անկանխատեսելի գործընթացին էր թեքվում ու այդպես մինչև, երբ չափուկ – ձևուկ օրացույցային իր օրն սկսած Քեռին աշխատանքի գնալու առավոտյան քսաներկուրոպեանոց իր գլուխկախ ճանապարհն էր գնում ու, սատանի թե հրեշտակի գործ էր, գլուխը բարձրացրեց… գլուխը բարձրացրեց և ուշ քնած-կանուխ ելած, տուն առնելու դրամը տակավին նպատակ, առայժմ վաթսուն դոլար ամսեվարձ տվող ու պակասող դոլարներից հերթականի հետևից հերթական անգամ տասվեցժամանոց աշխատանքի գնացող ներամփոփ մարդու ինքնըստինքյան իր գնացքն իր իսկ համար անսպասելի ընդհատեց… ընդհատեց, ասաց… ահա, մինչ այդ ասելը, մինչև այդ ասելուն նախորդող պահն ընկած պատմական անչափելի միջանցքում ոչ ոք դեռ չեր տեսել այն, ինչ երևի առաջին անգամն էր և ինչը, չգիտես գլուխն ինչու բարձրացնելով, տեսավ Քեռին ոսկեգանգուր աղջկա հպանցիկ, ինքնանվեր հայացքում, ոսկեջրած ակնոցի ապակիների մեջ ու բարակաշուրթ բերանի վար ծռած անկյունում, այո, Քեռին տեսավ ու տեսածը և հեգնանք էր և աղերսանք և էլի, դրանց հետ խաղաղ գոյակցող մի բան, որ ինքնին այնքան էլ խաղաղ չէր, հստակ տեսանելի էր, թեև անունը դեռ չդրած, անանուն, քանզի առաջին անգամն էր երևի ու առաջին անգամ երևի ինքն էր հայտնաբերում ու այդ բոլորը' ծաղրը, թախծաթախանձն ու այն մյուսը' մի ուրիշ բանը, որ դեմքի լուսուստվերում թպրտում էր հերոսաբար, անվարժ ոտքերին ամուր կանգնել փորձող խիզախ ճուտիկի հանգույն, որ անզոր, բայց զորեղ համառությամբ ինքնահաստատվելով, զավեշտորեն լուրջ, թպրտում է, թպրտում է ու կա… այդպես թպրտում էր ու կար և որի անունն ինքը պիտի դներ երևի առաջինի իրավունքով, բայց ոչ այդպես հանկարծակի, մտածելու բան էր ու ծոծրակը քոր էր գալիս… այդ երեքը…երեքն էլ միևնույն երանգի մեջ էին, նույն գույնով, ինչպես սպիտակով սպիտակի վրա նկար անես բայց նկատելի լինի, երեքն էլ կային ու իրարից այնպես անպոկելի, ինչպես ստվերը պատից ' այդպես ու ինչպես արևի ճառագայթը հայելիով ուղղես արևի վրա ու արևի վրա այդ ճառագայթը երևա այդպես, երեքն էլ ոսկէ գանգուրներով շրջանակված կլոր դեմքին տեսանելի էին, կային ու կայծկլտում էին ոսկեջրած ակնոցի ապակու փայլի պես և բարակաշուրթ–խռովկան բերանի վար ծռված անկյունից ծորում էին… ու վետվետում էին, ինչպես լույսը օրվա նոր կանաչող սաղարթների մեջ ու շիկնած այտերին թրթռում, դողում էին ոտնափախ պատրաստ' ականջը օտար շնչի ձայնին եղնիկի պես. որսորդը շունչն ինչքա՞ն պիտի պահի:
 
Եվ Քեռին ասաց այն, ինչ ասաց.
 
- Մի բան պիտի արվի…
 
Երևի մի խելառ բան, քանզի խելոք բաներն անում են, չեն ասում բան պիտի արվի. բան է' պիտի արվի:
 
Այս անգամ, սակայն, նշանակալից, Քեռին ասաց.
 
- Մի բան պիտի արվի:
 
Հետո, երբ մայթին անմիտ ցցվածի իր տեսքն ակնհայտորեն ուշադրության առարկա էր դառնում, ծոծրակ քորելը թողեց, տանը խռոված–հանդում մոշից հրաժարվողի ինքնազոհ վճռականությամբ ասաց.
 
-էսօր գործի չեմ գնում:
 
Ու չգնաց: Այդ օրը:
 
…Այդպես երբեք չէր եղել:
 
.
 
ՃԻԿ
 
(Бабье лето)
 
...Արեւն արդեն դուր է գալիս, ուրեմն թուլանում է, այո, կամաց թուլանում է ու ամառվանից մայթեզրին դուդուկ նվագողի մոտով անցուդարձողները, անցուդարձողներից ' ամառվա ծեքծեքուն բոցաբացներն օրն-օրի ավելացվող հանդերձի մեջ կրակն անթեղում են արդեն, թեեւ ուշադիր որ նայում ես... Որ նայում ես ուշադիր ու հետո, աչքերդ որ փակում ես...
 
Չշտապող այն մեկն, ահա, որ այնպես է ոտքը զգույշ-հիմնավոր դնում, ասես թաքուն միտք ունի երկրագունդը հրելու է կամ բարակ կրունկով ծակելու է փուչիկի պես... Ճտքապատ ոտքի թաթը, թաթի ելուստը ճկույթի արատից է. երեւի մորուց ճկույթն աջ փախած է, աղջիկ-երեխա' ինչքան են հոգու հետ խաղացել, դեմքին այդ արտահայտությունը - ինձնից ձեռք քաշեք - հոգնած ժպիտի տեսքով դեռ կա, ձեռքով ճանճ քշելու պես: Հիմա տուն որ հասավ, տանը, խոհանոցում, սեղանի առջեւ բոբիկ, իր գործի վրա ճիգ անելիս այդ ճկույթը բացվելու է բարձր ճյուղին ձգվող ուլի կճղակի պես զավեշտական ճիգով, անճոռնի սիրուն...
 
Մյուսը. առավոտ ճիշտ ժամին արթնացել է, թեյնիկը դրել է, սենյակներն օդափոխել է, հարդարանք-բան, հետո դուռը խնամքով կողպել է, բանալին դրսից դրել է շեմքի ոտաշորի տակ ապահով, ամեն ինչը տեղը-տեղին, ամեն ինչին ձեռքը հասցրած ու հիմա պատահական հանդիպած գալիս է ու բերանը կիսաբաց, աչքերը կիսախուփ ժպտում է հոգատար-հասկացող' ես գիտեմ քեզ ինչ է պետք - քեզ պետք է, առանց կամքդ հարցնելու, բռնեմ տկլորեմ, մտցնեմ տաշտակը, օճառն աչքերիդ, լա՜վ տրորեմ, ոսկորներդ գցեմ տեղը մանրամասն, փափկացնեմ-կարմրացնեմ' արյունդ խաղա ու ճերմակ, խշխշան անկողնու մեջ ծածկեմ վերմակը մինչեւ բկատակդ ու... մինչեւ դու պլշած կնայես վերմակի տակից, մինչեւ գալս, հասցնես մտածել' ճիշտ որ - օձը տաքացնողին է կծում...
 
Գուցե օձի համբույրն էլ դա է:
 
Համբույրը: Շրթունքներ կան... Բալենու տերեւի նման, տերեւի թաքցրած բալի պես համբույրը վրան, ինքնանվեր հուշում են' լեզվով վերցրու... Հասել է ու քանի չի կաթել' շտապ մեկին տալու է, քանի համը տեղն է, պիտի տա - պարզ երեւում է, վառեկի պես խուճապահար, առաջին անգամն է, ձուն չգիտի որտեղ է դնելու, բայց աչքերն ասում են' էլ ի՞նչ կուզեիր... Ուզածդ գիտի, բայց, ահա, խույս է տալիս, ահա, անցնում է ու քայլքից նկատելի է, եռանդը մեջը քլթքլթում է, կրակ ունի ու այդ կրակից շորերի նեղվածքի մեջ հետույքի խնձորակները վեր ու վար են անում երկտակտանի մխոցի նման, ասես կաշկանդող այդ նեղվածքից դուրս պրծնել է ջանում, հիմա դուրս կպրծնի-չի հաջողվում... Համենայնդեպս, մինչեւ տեսադաշտից կորչելը ջանքն արդյունք չի տալիս: Կասկած չկա սակայն, գլուխ է բերելու ու շորերից ազատագրված մորեմերկ, անտեղյակ, որ նայող կա, կանգնելու է մեծ հայելու առջեւ  լայնաշունչ, անկաշկանդ-ձեռքերով շեկ վարսերը հավաքելու է ծոծրակին ու վեր գնացած արմունկներին հետամուտ կրծքերը ձգվելու են վեր, պտուկները մի գծի վրա հարթաչափի աչքերի պես աջ-ձախ տարուբերելով-անփույթ, լղոզուն կարմիր, ասես երեխայի նկարած, տռուզ պտուկները... Ահա այդպես: Այնինչ... անցավ ու այդ ամենն այլեւս կամ լինելու է, կամ չի լինելու. խնձորաձեւ հետույքի թշերի պես սիրտդ վեր ու վար անող հուշը' հիշատակ:
 
Դուդուկ նվագողի գործը լավ է: Դուդուկ նվագողն իր դուդուկն է նվագում ու դուդուկ նվագելով տարված, շուրջը ոչինչ չի տեսնում ու սիրտը խաղաղ է եւ խիղճը հանգիստ, քանզի ուրիշի կնոջ ոչ աչքերի մեջն է նայում, ոչ քամակին. մի տեսակ, ոչ մեկի մտքով դեռ չի անցել որեւէ կնոջ քամակին նայելով դուդուկ փչել: Այնինչ մեր այս դուդուկ փչողն իզուր չի նայում. եթե նայեր, անպայման կնկատեր - երկու քայլի վրա աշխույժ զրույցի բռնված կանանցից մեջքով իրեն կանգնածի հետույքը ճիշտ դրված տանձի ձեւ ունի. Մի՞թե տանձի ձեւը վատ ձեւ է, որ հայացքդ դարձնես: Ընդհակառակն, ամուր, պինդ նստող ձեւ է: Զրույցով տարված, կինը շարժումներ է անում ու բոլոր այդ շարժումները տանձի շուրջն են. տանձն, այնինչ, խարիսխի պես հիմնավոր է ու անշարժ:
 
Ընկերուհին շատ բան իմացողի տեսք ունի - ասա այդքան բանն ինչիդ է պետք, որ իմացել ես - գիտի ու հիմա պահն է, բայց բերանը չի բացում, ասելիքն եկել, դեմ է առել սեղմած շուրթերին, թշերը փքվել են ու դրանից աչքերն այնքան են սեղմվել-սրվել, ասում ես հայացքով երկաթ կկտրի: Բայց սիրվելու իր ձեւն ունի անկասկած. երեւի դիմանա-համբերի-դիմանա ու պայթի: Կարող է չկպած ' պայթի-բոլոր գծերը մի տեսակ ուռած կլորավուն են. հոնքերը բարակ-բարակացրել է' կոպերն ուռուցիկ են թվում, կիպ փեշը կարճ է ազդրերն ուռուցիկ երեւում են, շրթներկը հաստ ու կլոր է տարել' շուրթերն ասես մանդարինի երկու թմբլիկ շերտ իրար վրա, թելագծերն էլ նշմարելի են սեւին միտող մուգ կարմիր... Սվիտերն այնքան սեղմ է, կրծքերը... Կրծքերն, իրոք, փարթամ են: Բարակ մեջքի վրա այնքան փարթամ են, ասում ես' հետույքն ու ուսերը ետ թողած, մեջքն անխիղճ բարձված ձագ ավանակի պես ճկվել է ու հիմա փորը գետնին կտա, բայց դիմացկուն է ձագ ավանակի պես ու փորը գետնով չի տալիս, իր բաժին տանելիքը կրում է հպարտորեն ի ցույց, որպես կուսության հավաստիք կարմիր խնձորը:
 
Երեւի վերջին մոդան իրենց հագածն է: Զրուցում են անցնող հայացքներին անտարբեր, մնացյալ աշխարհին անհաղորդ, ասես նորաձեւության սրահի ցուցափեղկում' շրջապատից բարձր ու բարձրաշխարհիկ:
 
Բոլորը...
 
Բոլորի մեջ կրակ կա ու կրակի լեզվակները ներսից բարձրանում, երբեմն հասնում են աչքերին ու աչքերի մեջ խաղում են երբեմն-երբեմն - շեկ թե մրահոն, խրտնչող թե գործնական, կարճափեշ, երկարամազ, շուտ նեղացկոտ, ոտքը դուրս, ակնոցավոր, ծիծաղկոտ, աչքաբաց, պարզասիրտ, խոչընդոտ չճանաչող, սիրառատ, կապույտ երազը թարթիչներից կախ, քիթը ցից, հնազանդ, մանկապարտեզի վարիչ թե ջութակ նվագող, ինքնամատույց թե անմատչելի... բոլորը, բոլորը' լրիվ ու ամեն մեկն առանձին-առանձին, անթեղած կրակ ունեն... ու, որ մտածում ես, այդքան տարատեսակ, այդքան անհամար ու մարդուս կյանքն այսքան կարճ, որ մտածում ես' ախր կարող էր, չէ՞... Բայց ոչ, դրանցից ոչ մեկի բոցը դու չես բորբոքելու - ահավոր բան է, որ մտածում ես - այդքանից ոչ մի լուցկու հատիկ, վստահորեն, դու չես վառելու եւ բռնկվելուց առաջ այն չի ապշի.
 
- Ճի՞կ...
 
Զրուցող կանանց ավելի մոտ, դուդուկ նվագողը, չգիտես ինչու, սառավ մնաց, դեմերես կանգնած փարթամը, սակայն, մի հատիկ այդ բառից ' ճիկ, կրակն այտերին առավ ու բռնկվում էր արդեն, թեեւ աչքերը պաղ էին ու կլորացած ու հստակ, ցրտեր գուժող պարզկա լուսնի պես, ընկերուհուն ասաց.- Տեսա՞ր դրան...
 
Մյուսի, ընկերուհու հոնքերի մեջ շինծու գորովանքով կատվի հոգու հետ խաղալու փնջիկի պես մի բանի սաղմ էր խլրտում, որ դեռ չգիտեր ծիծա՞ղ ծնվի, թե՞ քամահրանք, ասաց.- Ո՞րն էր, դուդուկ նվագո՞ղը...
 
- Չէ,- ասաց արագ կողմնորոշվածը,- մյուսը, էն, պատի տակ վեր ընկած փսլնքոտ ապուշը. ասես մարդու չիր լինի,- ու մատով ցույց է տալիս ու մատի ծայրին արյան թարմ կաթիլի պես ներկը փայլում է սուր եղունգի վրա:- Երազում կորեկ է տեսել ճնճղուկը:
 
Այդպես էլ ասաց, ասֆալտ հարթող գլդոնների նման կրծքերին ծանր նստած հայացքով դանդաղ անցնելով:
 
...Իսկ արեւն, այնուամենայնիվ, մի օր մարելու է ու թեկուզ լինես այս աշխարհի ամեն ինչին ձեռնահաս հզոր, մի օր գալու է համատարած ցուրտը... արդեն գալիս է: Ու փրկություն չէ կուչ գալը, որպես աշխարհից քո հասանելիքն ամփոփող գլխարկիդ մոտ կծկված մի բուռ մուրացկան, ահա, որ համարձակություն ունեցավ, բայց երեւի պիտի չասեր' ճիկ:
 
 
ԵՐԵՔ ՊԱՐՊՎԱԾ ՇԻՇ
 
Նեղ փողոցի մի կողմում պուրակն էր, մյուսում խանութը ու մթերային այդ խանութի մայթին խշխշան տոպրակը թևատակած, աչքերն անհանգիստ ման ածող կինը ու երբ կորամեջք մեկն ու մյուսը կախքիթ` երկուսով խանութից ելած, առաջացած տարիքի հետ չհաշտվածի իրենց եռանդուն քթքթաքայլով անցնում էին, իրենցից մեկն ասաց` կա բոզ ու կա շա՜տ բոզ… չբռնած ձկան չափը ցույց տվող պարծենկոտ ձկնորսի հանգույն ձեռքերը տարածեց ու մինչև փողոցն անցնելը չափը գնալով մեծանում էր ու արդեն շա՜տ շատ մեծ էր, Կորամեջքի թևերն իրենից ետ էին մնում արդեն ու ասես թռչնաճախրի էր պատրաստվում և քայլերն ավելի լայն ու անհամաչափ էին ստացվում, մինչև պուրակի մայթը. մայթեզրին պիտի գայթեր ու հավասարակշռությունը պահելու համար ձեռքերի տարածած վիճակը շատ հարմար էր, բայց մի ոտքի վրա կիսապտույտ այնուամենայնիվ արեց` Կախքիթը գալիս էր ու դահուկորդի պես գարեջրի շշերը բռնած ձեռքերի մեջ մանր ծիծաղում էր` հի°-հի°-հի° … ու ծիծաղի մեջ ջահելությունից հիշվող իր կարողությունների մնացորդային ողջ պաշարն էր` մտածված խախտումից էժան պրծածի ինքնահավան բավականությունը, պատշաճության համար ամոթի զգացումով թափանցիկ շղարշած, թեպետ ձևական այդ քողարկումն իրեն ակնհայտորեն պետք չէր, ինչպես վարտիքը կրկեսի կապիկին… բայց ընկերոջ ձեռնահարած թեման սովորույթի ուժով այդպիսի արձագանք պիտի ունենար, առաջներում այդպես էր ու իմաստ ուներ, հիմա պարապ կապկումն էր ի դեմս տոպրակավոր կնոջ, որ ա՜յ քեզ բան, մայթից իջել, գալիս էր պատշաճ հեռավորության վրա~ չես ասի հաստատ քո հետևից է գալիս, բայց գալիս է ու կանգնես` երևի տա-անցնի, մի հնարավորություն, որ արդեն պուրակում ուներ` նստարանի մոտ երբ Կորամեջքն ու Կախքիթը կանգնեցին… բայց չօգտագործեց, պատշաճ հեռավորության վրա, ոտքը կախ, շորորում էր և Կորամեչքի հաստակնոցավոր աչքերը փայլում էին անկարելի մեծ խաղալիքին դեմ ընկած երեխայի պես` խաղալիք է, լավ է, բայց խաղալու հարմար չէ, իրեն չի վերաբերում, այնուամենայնիվ լավ է, որ կա այդպիսի խաղալիք ու որ նայես` կասես խաղալու համար է, այդքանը… Իրենց ծրագրում հիմա դա չկար, Կախքթի տենդագին ամուր բռնած շշերի գարեջուրն էր ամբողջ ծրագիրը, որ պիտի խմվեր աչքից հեռու, ամոթից խուսափուկ մի տեղ, ուստի ավելի խորացան պուրակի ստվերներում, ուր վերջապես կարելի լիներ շշերը բացել, մնում էր բացիչի հարցը, որ հարց չէր, նստարանի պռունկը փորձած միջոց` ունեին… բայց պարզվեց տոպրակով կինը դեռ կա ու ծառի բնին հենված, չնայելով նայում է նույն պատշաճ հեռավորությունից… Դա խանգարող հանգամանք էր. մի շիշ գարեջուր պիտի խմեին ընդամենը` հասել էին պուրակի վերջին, քիչ էլ գնային` զուգահեռ փողոց էին ելնելու, Կորամեչքն ասաց` կրակն ընկանք, ախր շա՜տ… ու ձեռքերն այդպես թռչնաթևերի պես վերստին տարածելով, պարտադրված ծիծաղն իրենց բեռ արած, պտույտ տվեցին ծառերի հետևով, թփերի տակ ծկլթածիծաղ խլրտացողներին հազիվ չտրորելով, շարժվող ստվերներին քսվելով, թփերը շրջանցելով…
 
Լուսավորված ծառուղի որ պիտի ելնեին` երեկոյան լույսերից քիչ հեռու կինը կանգնած էր, տոպրակն էլ թևատակին… ու անթաքույց տագնապ ուներ թե բարկություն, նայում էր ու ակնհայտ նայելով էր նայում և Կախքիթն ասաց` մի բան անենք դրան… Դրանից Կորամեջքն առավել կորացավ, թեև ցուցադրական իր ծիծաղն ավելի ցցուն հնչեց ու անկապ ծիծաղից էր, թե սպասողական լարումից… փախավ: Եվ որովհետև գարեջուրն իր ձեռքին էր, վերցրել էր բացի` բացելն իր գործն էր սովորույթի համաձայն, գարեջուրն առած փախավ և Կախքթին բան չէր մնում քան գարեջրի շշերն առած փախչող ընկերոջը հետևել, որ ևս մի պտույտ բոլորեց, մինչև հարմար տեղ գտան. տեղը գտան թավուտ թփերի մեջ շատ հարմար, թեև առանց նստարանի… Նստարան չկար, բայց աչքից հեռու հանգիստ տեղ էր ու գարեջուրն էլ մեկական շիշ… Երկար չտևեց: Կորամեջքն ասաց` բայց լա¯վ պոկվեցինք… ու ասածը ընկերոջ գոհունակությանն արժանացավ` հի°- հի°… ստացվել էր, գարեջուրն էլ խմել էին ու խմած գարեջուրը մի պստլիկ արկածի գնալու համարձակություն ու մղում տալիս էր, Կորամեջքն ասաց` մեկ էլ փորձենք… Կախքիթը կյանքից կշտացածի իր ծիծաղը ծիծաղելով, ասաց` քաշենք թփերի մեջ… փախչենք: Ինչ- ինչ, փախչելը մի անգամ հաջողվել էր. հնարավոր բանը ինչու՞ մեկ էլ չանեին, մանավանդ ուրիշ ի՞նչ էին անելու` պարապ էին ու գարեջուրը արդեն խմած…
 
Դե ծիտը որտե՞ղ պիտի լինի` բնին մոտ… ու իրոք, կինը դարձյալ մթերայինի իր մայթին էր ու իրենց հայտնվելուց դեմքին դառնություն նկարվեց: Դա շատ ծիծաղելի թվաց ու երբ մոտովն անցնում էին, Կորամեջքն ասաց` ախր շա՜տ… Եվ որովհետև շատ ակնհայտ էր կնոջ աչքերին նայում, կնոջը թվաց խոսքի կեսը չի լսել, սպասեց հարցական-ուշադիր, մինչև Կորամեջքն ասաց` շա՜տ մեծ… պուրակ է… Ու կինը կարծես համաձայն էր, միայն թե, դատարկ տոպրակը թափահարելով, ասաց` երկու շիշ գարեջուր էր ունեցածներդ, մոտիկ մի տեղ խմեիք… հիմա դատարկ շշերը ի՞նչ իմանամ ուր եք գցել…
 
Ու մայթի վրա երեքով կանգնած էին ու անելիք չկար, պարապ կանգնած էին: