Գագիկ Անտոնյան. «Արքան» (հատված կատակերգական ֆարսից)
Հեղինակ՝ Գագիկ Անտոնյան
Գրող, լրագրող, դրամատուրգ, երգիծաբան
Աստված ժամանում է պալատ: Լսվում է տիեզերանավի հռնդյուն: Դահլիճը լցվում է ծխով, էլի ուժգին քամու ձայն է լսվում, հեռվից երևում են կրակե լեզվակներ: Մի պահ դահլիճը հայտնվում է մթի մեջ:
Արքա.-Մի տեսեք՝ էս ի՞նչ զադ է: Այ քեզ հրոզմունք՝ տարի՞ն պտտեց:
Արքունապետը դուրս է գալիս, քիչ անց վերադառնում:
Արքունապետ.-Կայծակնացայտ արքա, վերին տերն ինքն է հաճել պալատն ի մերո...
Արքա /դեռ սարսափի մեջ է/.-Բան ասա՝ հասկանանք, չաչանակ:
Արքունապետ.-Ասելս էն է՝ Աստված յուր անձով եկել է այցի, երևի եկել է, որ քեզնից ներումն հայցի...Հիմա խոնջացած նստած է թախտին և սպասում է իր այցի բախտին:
Արքա.- Ասա՝ թող գա:
Որոտաց ամպրոպ, փայլատակեցին կայծակներ, դահլիճն անհայտացավ ծխի քուլաների մեջ, շեփորներ հնչեցին: Արքունապետի ուղեկցությամբ դահլիճ է մտնում ամբողջովին սևեր հագած, երկարահասակ, չորուկ, մազ-մորուքով մի ծերուկ: Նա զննում է ներկաներին, մի կարճ ընթացք կանգնում է գահին կծկված, թագը ձեռքում պինդ պահած արքայի առջև, համարձակ բռնում է նրա ձեռքը, պոկում գահից ու նստում նրա տեղը:
Սենեկապետ.- /աչքերը չռած, զարմացած հյուրին նայելով/.-Էս հո մեր տիրացու Մարուքեն է, որ կա...
Աստված.-Ինչպե՞ս ես համարձակվում ճառել Տիրոջդ առջև, որդյակդ իմ փերեզակ...
Ի՞նչ տիրացու, ի՞նչ Մարուքե: Իսկ դուք՝ պալատական խավարասերներ, մի՞թե իմ մեջ չեք տեսնում Աստծուն ձեր ամենկալ:
Բոլորը.-Տեսնում ենք, ամենակալ, տեսնում ենք /բոլորը ծունկ են չոքում, խաչակնքում/:
Արքա.-/կամաց-կամաց ուշքի գալով, գզուզ մազերն ավեի գզգզված, զկրտալով/Տեր Աստված, եկել ես ոտս հաշիվ տալո՞ւ: Մենք անհյուընկալ չենք, որ ամպերի մեջ մենակ թողնենք: Ամենայն պատկառանքով մեծապատիվ հյուր կսիրաշահենք: Արքունապետ...
Արքունապետ.-Հրամանք ի կատար, արքա: Հիմա աճապարանոք սազանդարներ կկանչենք ու կաքավողներ կզորակոչենք: Թող ողջ գիշեր փչի զուռնեն անուշ, մեր տեր աստված հարբած մնա մինչև լույս...
Աստված.- Դրա հավեսը բոլորովին չունեմ: Առաքելությամբ եմ սույն պալատն ժամանել: Գրասենյակիս լրտեսակազմը մեզ տեղեկություն հաղորդեց, որ արքայական պալատը յուր Տիրոջը, այսինքն Աստծուն, պատերազմ է հայտարարել: Եկա հաստատելու և վերահաստատելու՝ տարին անցնի՝ Նազար արքայի թագավորությունն էլ կանցնի գիրկն գրողաց:
Արքա.-Ախր, ինչի՞:
Աստված.-Հազար մեղք ունես, ո՞րը թվեմ:
Նազար.-Թվիր հերթով:
Աստված.-Հերթով՝ հերթով: Ժողովրդի համբերությունն սպառված է, ժողովուրդն իմ լիովին ցամաքած է ու սմքած է:
Նազար.- Հազար ներողություն, փաստը զրո արժեք ունի: Ժողովուրդն ո՞վ է: Մենք, արքանե՞րս ենք ժողովրդի համար, թե՞ ՝ ժողովուրդը՝ արքաների:Ժողովրդի երջանկությունն աղի պես բան է, չափն անցավ՝ դժբախտ է: Էսպես է կարգն աշխարհի՝ ժողովուրդները պիտի աշխատեն, արքաները ուտեն: Էս կարգը հենց դու ես օրինել ու տնօրինել, տեր
աստված: Այլապես այլ աշխարհ կստեղծեիր: Էլի՞ բան կա ասելու:
Աստված.- Կա, բա չկա՞:Անաստվածի մեկն ես:
Արքա.-Աստված է ինձ իրենից հեռացրել: Հիմա ես եմ իմ աստվածը:
Աստված.-Չարագործ ես ու հանցագործ:
Արքա.- Մունդառ բերանս բացել ես տալիս: Չար աշխարհում ապրողը բարի կլինի՞: Երբ ես աշխարհ եկա, ոչ արդարություն, ոչ հավասարություն կար: Իսկ ո՞վ է աշխարհն այսքան չար, անարդար ստեղծել...Տեր մեր Աստված, չալարեիր, մի քանի օր ավել տքնեիր, գուցե աշխարհն ավելի կատարյալ ստեղծեիր: Յոթ օրում շուլալած / հասկանալ՝ կառուցած/ աշխարհն էս չէ՞ր լինելու:
Աստված.- Դա քո իմանալու բանը չէ: Էսպես ստեղծել եմ, որ աշխարհն ինքը կատարելագործվի, մաքրվի: Ով աստվածային օրենքներին չի հետևում, մի օր ահեղ դատաստանի առջև է կանգնում:
Արքա.-Բայց իմ առիթով ինչու՞ շտապում ես: Ինձ ինչու՞ մուրազախաբ ես անում: Չէ՞ որ իմ արքա դառնալու գործում քո աստվածային աջակցությունն էլ եղել է:
Աստված.-Ես ոչ մեկին չեմ աջակցում: Կարգ եմ սահմանել՝ թողնել, որ մարդիկ սխալվեն, իրենք էլ շտկեն սխալները: Այժմ Ժողովրդի համբերությունն սպառվել է: Ժողովուրդն ուզում է շտկել իր սխալը:
Արքա.-Ուզու՜մ է: Բայց ժողովուրդը կղկղանքի արժեք չունի: Տապալում է տականքին, ընտրում է մի այլ տականքի: Ինձնից առաջ քանի՜ արքաներ են եղել: Ամեն նորը նախորդից կրկնակի վատն է դառնում, թեև եռակի շատ խոստումներ է տալիս: Աստված ես, կույր չես, չե՞ս տեսնում՝ մարդկանց արդար, մարդասեր արքաներ հարկավոր չեն, մարդկանց հարկավոր են սուտուփուչ խոստումներ: Ու հիմա ես, քանի որ Նազար հազարերորդն եմ, ստիպված եմ հազարապատիկ վատը լինել, որ գահս չթռցնեն: Ով էլ նստի իշխանության ղեկին՝ կկառավարի նույնկերպ, ինչպես ես: Քանզի ուրիշ ընթացք չի լինի քո ստեղծած աշխարհում:
Աստված.- Ես՝ արարիչս աշխարհի, ձեզ նվիրել եմ ամենաբարձր բարիքն աշխարհի՝ բանականություն: Եվ ազատություն եմ տվել, որ ապրեք ձեր հասկացողությամբ: Ինչպես օգտվում եք այդ բարիքներից, այդպիսին էլ ձեր կյանքն ու պատմությունն է լինում: Ուղղակի բախտդ բերել է՝ արքա ես դառել:
Նազար.-Հա, ճիշտ է: Բախտս բերել է: Շատ է բերել: Քո ստեղծած մարդկանց մեծագույն մասը իմ նմանակներն են: Հենց դրանով է իմ բախտը բերել: Ես իմ նմաններին գերազանցել եմ իմացությամբ, մարդկային բնույթի իմ գիտությամբ ու պերճախոս խոստումներով: Եվ ես եմ արքա կարգվել, ես՝ մրցապայքարում արդար հաղթանակողը: Հիմա կարող եմ իմ ամբողջ խելքը էս բոռաճանճերին բաժանել /ցույց է տալիս պալատականներին/ ու էլի ամենախելացին մնալ: Արյուն քրտինք եմ թափել այս արդյունքին հասելու համար, արյուն-քրտինք էլ թափում եմ՝արդյունքը պահպանելու: Այնպես, որ՝ ես հանճար եմ, դրա համար էլ արքա եմ:
Աստված.-Մարդիկ խելքի են եկել: Փուչ խոստումների էլ չեն հավատում:
Արքա.-Բայց մի նոր փուչ խոստումներ տվողի էլի կբերեն իրենց գլխին տեր, որն արդեն միլիոնապատիկ վատը կլինի, քան ես: Այնպես որ՝ աստված, հինը կործանելով՝ կստեղծես էլի այն, ինչ այժմ կա: Իսկական արքայի դերն էլ այն է, որ օգտվի խառնաշփոթից և ոչ թե ուղղի այն: Էսօրվա ձուն ավելի կարևոր է՝ քան վաղվա հավը: Դա՝ նաև ժողովրդի համար: Ահա ես քո առաջ՝ էս եմ՝ ես եմ:
Աստված.- Չի կարող մեկը քեզնից վատը լինել: Դու ամենաանարդարն ես անարդար ինքնակալների մեջ:
Նազար.-Աշխարհիս հիմքի շաղախում զրկանքներն են, արցունքները, ցավն ու վիշտը: Մարդիկ ավելի շատ պարտականություններ ունեն, քան իրավունք ու ազատություն: Եվ այս տառապյալների համար հավելյալ դժոխք ես ստեղծել: Քո պատվերով մարդիկ դժոխքում այրվում են, զգում են կյանքի դառնությունը, ինչպես էշը մահակ տեսնելիս: Տեր աստված, եթե անկեղծ ուզում էիր ինձ արդար տեսնել, արդար կստեղծեիր, էլի՜, ինչո՞ւ ես էսպես ինձ կիսատ-պռատ ստեղծել, ոնց որ աշխարհը: Ձեռքդ բռնող կա՞ր, խանգարող կա՞ր:
Աստված.-Լավ մարդիկ չեն շեղվում ճշմարիտ ճանապարհից ինչ էլ որ անես, իսկ վատերը տրվելով ցանկասիրություններին՝ մեղքի մեջ թաղվում են:
Նազար.- Լավ մարդիկ չեն շեղվում, նրանց շեղում են քո գիտությամբ: Որպեսզի քո հնարած դժոխքում հրի մեջ լափլիզվողների պակաս չզգացվի: Քո թույլտվությամբ չէ՞ անարգել գործում մեր լավ աղբեր սատանան: Նա պարբերաբար համապատասխան թվով մեղքեր գործողներ է առաքում ահեղ դատաստանի համար: Տեր աստված, սիրում ես իշխանություն բանեցնել, ահեղ դատաստանով ուզում ես ապացուցել, որ հզոր ես: Ես էլ ներքևում եմ հզոր, ներքևի աստվածն եմ: Լավ գիտես՝ ինչպես աշխարհի, այնպես էլ պետության գործերն անհնար է կարգավորել միայն բարությամբ: Կքանդվի պետությունն էլ, աշխարհն էլ: Բարու հետ հավասար չարը պիտի լինի, որ ամեն ինչ հավասարակշռի: Վերևներում այդ գործը սատանան է կարգավորում, ներքևում՝ արքաները: Բայց արքաները մենակ չեն գործում: Նրանց օգնում է պալատականների ամենահաս ոհմակը: Թե չէ մենակ և ասեղով՝ հոր չես փորի...
Աստված.- Քո երկրում ազատությունը երազանք է, ազատ խոսքը բռնադատված է, այլախոհները, ընդիմադիրները տեղ չունեն:
Արքա.-Էդ հարցիդ ներքին գործոց նախարարը կպատասխանի:
Ն.Գ.նախարար.-Հենց ընդիմադիրները տեղ ունեն: Բանտերում են: Եվ նրանց թիվն օրեցօր պակասում է, երբ վզներին դեմ է առնում մեր դահճի սուր կացինը: Ընդհանրապես, մեր երկրում բոլորն ազատ են՝ կարող են խոսել, կարող են չխոսել: Որ ոմանք գերադասում են լռել, մե՞ր մեղքն է:
Աստված.- Դուք դաժանագույն բռնաճնշումներ եք գործադրում, մարդասեր պետություն չեք:
Արքա.-Էդ հարցին մեր խեղկատակն էլ կարող է պատասխանել: Իմ խեղկատակ, քեզ ենք լսում:
Խեղկատակ.- Այդ մեղադրանքն էլ կդառնա չիք, թե որ լսեք խոսքն իմ հուշիկ: Քանի դեռ խոսքն այնքան էլ բանի տեղ չեն դնում, ապա ապտակն ու աքացին են օգնության հասնում: Ո՞վ ասավ, է՜, թե մարդասեր չենք: Մեր երկրում այլևս գոյություն չունեն քառատրոփ քառատելը, զոհի զույգ ոտքերը կռացրած բարդիներից կապելն ու բրախելը,/թե ապրեց՝ Աստծո խեր է/ և այլ զարմանահրաշ պատիժներ, որ կային երեկ չէ առաջին օրը: Հիմա մենք պարզապես պարզերես գլխատում ենք, լեշերը շների առաջ լցնում: Հիմա մենք սպանության ավելի քաղաքակիրթ մեթոդներ ենք կիրառում: Կառավարման մեր օրերում առաջ խաչում էինք, նոր՝ կախում, հիմա կախում ենք՝ նոր խաչում:Էլեկտրական աթոռին նստեցրածը եթե առաջին իսկ հուժկու լարումից չի քնանում, մարդասիրությունից ելնելով՝ արագ քնեցնում ենք ատրճանակի մի հատիկ կրակոցով: Եվ վերջ անմարդկային տանջանքները: Էլ որն ասեմ, էլ որը, էսպես հագեցած է մեր օրը...Էն արմավենիներն էլ որ տեսնում եք բակում, որպես պարգև արդարության ջատագովներիս՝ մեզ ուղարկել են Բաբելոնի տիրակալները, Եգիպտոսի փարավոնները, իսկ կարտոֆիլի սերմերը՝ Ամերիկան նվաճած իսպանացի կոնկիստադորները:
Աստված.-Իսկ ինչո՞ւ անմեղներին նույն դատաստանին եք ենթարկում, ինչպես մեղավորներին:
Խեղկատակ.-Անմեղներին մենք դաստիարակում ենք...
Մեր արքան լավ գիտի, որ մարդ մեղավոր լինի, չլինի, մարդ սպանի, չսպանի, մեղավոր է, քանզի այս աշխարհը մեղավորների աշխարհ է հենց ձեր՝ մեր աստծո, ստեղծած առաջին օրից:
Արքա.-Լսեցի՞ր, տեր աստված: Հիմա ի՞նչ: Գահից զրկում ես, որ ու՞մ բերես: Էս էշ կրտողներից որի՞ն ես գահին զետեղելու: Սրանք երկու իշի գարի չեն բաժանի, երկիր ո՞նց կկառավարեն: Սրանց ես եմ գոմերից, սարուչոլից հավաքել, պալատ լցրել, որ խեղճ չլինեն, որ ուտեն-խմեն, մարդ դառնան: Հումանիզմ ես ուզում: Բա դա հումանիզմ չէ՞: Դու հումանի՞ստ ես, հարգելի աստված: Դե մարդասիրաբար վերաշինիր քո ստեղծած աշխարհը: Ինչու՞ չես անում: Որովհետև ամեն ինչով հարթ, դուզ աշխարհ չի կարող լինել:
Աստված.-Ի՞նչ օրի է քո խեղճ ժողովուրդը՝ տկար, վշտահար, անուժ, անոթի: Այնպես եք բզկտում, մինչև անգամ քարերն են մղկտում:
Արքա.-Այծը որ կշտացավ ՝ գայլ որսալու մասին կմտածի: Եթե մարդուն չես ուզում վնասել, չպիտի կշտացնես: Արքան պիտի ժողովրդին ձգած պահի թառի լարերի պես, որ չթուլանա, ուժասպառ չլինի: Ուժասպառը աշխատանքի պիտք չէ: Իսկ առանց աշխատանք առողջություն չի լինի: Անառողջությունն էլ հասցնում է վաղաժամ մահվան: Ահա այս ամենի մասին եմ մտածում և շան պես հոգնում: Ես եմ մեղք, ոչ թե ժողովուրդը: Եկել եմ այն մտքին, որ մարդկանց երջանկության համար մի բան է պետք՝ սով: Եթե ապրուստը հեշտ վաստակի, կփչանա: Իսկ սովի դեպքում մի կտոր հաց գտնելն արդեն մեծ երջանկություն է: Մյուս կարևորը վախն է: Իսկական վախը իսկական սեր է արթնացնում: Իմ ժողովուրդը տխրում է այն բանի վրա, հենց որ տխրության նոր առիթ չկա: Մեր գործն էն է, որ տխրության նորանոր առիթ տանք: Լավությու՞ն: Լավությունը չհասկացվող արարմունք է: Մենք միայն մի լավություն ենք անում՝ մորթում ենք քաղաքավարի ձևերով:
Աստված.- Նորեն պնդում եմ՝ սուտ երդումներ տալով եկար իշխանության և ոչ մի երդում չկատարեցիր: Դա անբարոյականություն է:
Նազար.-Սուտ խոսելն անբարոյականություն է, եթե մի մարդու ես խաբում: Երբ հաջողվում է ժողովրդին խաբել, արդեն արվեստ է, խելացիություն: Ես ի՞նչ անեմ, որ ժողովուրդը թորած ջրի նման անգույն ու անհամ է: Ինչպես թատրոնում, այնպես էլ կյանքում՝ ժողովուրդը զվարճանք ու գործողություն է սիրում: Պալատականներս հարստության մեջ լողալ են ուզում, մարդիկ՝ ծամելու հաց, զորականներս՝ նոր հողեր, պատերազմներ: Բոլորն ինձ են նայում, բոլորի պատասխանատուն ես եմ: Ես էլ անելիքս գիտեմ:Վաղվա և գալիք 1000-ամյակի ծրագրերը գլխումս պատրաստ ունեմ: Բութ մատիս մեջ ավելի խելք կա, քան քո թույլտվությամբ գործող հազար ու հազար խուրջինավոր արքաների գլխուղեղում:
Աստված.-Դրա համա՞ր են մարդիկ հազարներով խռով հեռանում երկրից:
Արքա /Դեմքը կատաղի դարձավ, ծամածռեց շուրթերը, աչքերը չարությունից պսպղացին, ունքերը փոքրացան/ .-Ասիր կտավ, իմ խելքն էլ մտա՞վ:Ի՞նչ կհրամայես, տեր աստված: Կուզես մնան, որ հեղափոխությու՞ն անեն: Թե դուք վերևներում ինչ եք սիրում, մենք էստեղ խառնակչություն չենք սիրում: Մենք մեր ժողովրդի երջանկության մասին հիմնովին էլ մտածում ենք, թեև համոզված ենք, որ երջանիկ ժողովուրդներն ապագա չունեն:
Աստված.-Բայց դուք ձեր ճառերում ասում եք՝ կա, ապագա կա:
Արքա.- Կա, ապագա կա: Մենք մարդկանց ամենակարևորն ենք տալիս, մենք մարդկանց հույս ենք տալիս: Որ հույսից բոցավառվում են, դա հենց հրեղեն ապագան է: Մենք չենք ասում, թե մարդիկ հրե լեզուների մեջ կայրվեն,կխորովվեն՝ ինչպես քո հովանավորյալ սևավորներն են ասում: Մենք ընդամենն ասում ենք՝ գնացեք, կռվեք, նոր հողեր, հարստություն նվաճեք, եթե մեռնեք էլ, ոչինչ՝ ոչ ոք այս աշխարհում հավերժ չի ապրում՝ կամոքն ասսու: Այսինքն՝ կամոքն քո: Իսկ գիտե՞ս ուր է էս սհաթին մեր զորքը: Կռվում է Չինմաչինաց կողմերը:
Աստված.-Ինչո՞ւ է կռվում Չինմաչինաց կողմերը:
Արքա.-Ինքը չի կռվում: Չինմաչինաց կողմն է կռվում: Հիմա էլ կհարցնես՝ Չինմաչինաց կողմն ինչու՞ է կռվում: Էստեղ էլ սկսվում է տնաքանդությունը...
Չինմաչինաց կողմերն իրենց հողերը խաթրով մեզ տալիս չեն: Դրանց տեսնու՞մ ես: Ուրիշ մեկն իմ տեղը լինի, խելապակաս կդառնա, բայց ես գիտեմ, որ առանց չար ու չարիքի աշխարհը կանգուն չի մնա: Չարիքն ուզի-չուզի ինչ-որ տեղից էնպես կծնվի, ոնց որ ճիճուները՝ արնձրևաջրերում: Բայց ես հանգիստ եմ, ամեն ինչ շտկելու պահը ճիշտ եմ որսում:
Աստված.- Մլարապատել են ձեր հոգու աչքերը մլարապատիր մտքերը: Քո թագավոր դառնալը դարիս ամենամեծ անարդարությունն է, ամենախայտառակ սխալը: Դու չարիքի արմատն ես: Դու պետք է հեռանաս:
Արքա.- Առը հա՜, թե կհեռանամ /ձեռքի մատների հայտնի կոմբինացիա/ Ամեն մարդ իր ճամփան պիտի փորի որդի պես: Ես փորել եմ: Քանի բախտը մեզ հետ է, քանի մարդիկ կատարյալ չեն, նազարներն անմահ են ու հավերժ: Հիմարների երկրում խելոքը արքա չի դառնա: Աշխարհը միշտ ուժեղներն ու խելապակասներն են ղեկավարել և նրանց իրավունքից բացի այլ իրավունք չկա: Դա հաստատուն գործընթաց է, ինչպես աստղերի շողալը երկնքում , ինչպես թրքահոտի տարածումը թարմ թրիքից: Որովհետև խաբեությունն ու կեղծիքն են աշխարհի հիմնասյուները: Ինչու՞ դրախտի հետ դժոխք ես ստեղծել, ինչու՞ գոյության իրավունք տվել ես հոգեորս սատանային: Տեսնում ենք՝ չես կարող ղեկավարել մաքրամաքուր ու ջինջ տիեզերքը: Մինչդեռ մենք ղեկավարում ենք ծայրեծայր ապականված, արատավորված աշխարհը: Ուրեմն՝ իջիր քո գահից, գահը մեզ հանձնիր, ձեռքի հետ տիեզերքն էլ կղեկավարենք: Էն ժամանակ ոչ դժոխք կլինի, ոչ որևէ սատանա: Իմացա՛ր: Դու, աստված, էլ երկնքում թագավոր չես: Պաշտոնազրկեցի: Իմ գործը աշխարհի հետ է, ծրտի-պրտի բաների հետ գործ չունեմ: Գյադեք, մի պճեղ սխտոր բերեք, ականջներս խոթեք, չար ոգին հեռու փախչի: Իսկ քեզ, մեր չաստված, բարի ճանապարհ:
Աստված.-Հեռանում եմ: Տիեզերաց գագաթնաժողովում վճռված է՝ Հին տարու հետ արքան հեռանալու է նոր տարու գալով: Էդ հասարակ բանը դու չես հասկանում: Քիչ էլ մնամ՝ ինձ կաթողիկոս կկարգես... /ապա հեռանալիս լսելի փնթփնթում է/ Երբ մարդ իր կարծիքով ունենում է ամեն ինչի իրավունք, նրա գործն անպայման ավարտվում է՝ էլ չունենալով ոչ մի իրավունք:
Աստված / հետագա գործողությունում պարզվում է, որ հեռացողը Աստված չէ, այլ տիրացու Մարուքեն/շորորալով դուրս է գալիս: Նրան ուղեկցում է արքունապետը:
Արքա.-Դրա հետևից ջուր չշաղեք: Ոնց ուզում է ՝ տեղ հասնի:Կաթողիկո՜ս: Չէ մի չէ, բրդած մածոն: Տես ի՜նչ թոթոշ պաշտոնի է աչք գցում: Գյադեք, տեսաք,աստծո դեմ կռիվը թեժանում է: Կենաց ու մահու պայքար է սպասվում: Հիմի անցնենք մեր բանին, թե էլ ինչ անենք, որ խրթմունքը մեզնից հեռի մնա: Սարերում տեսադիտարկումներ կազմակերպեք: Մտեք մարդկանց տները, կաշառք խոստացեք, բայց մի տվեք, քշեք՝ գնան սարերում հերթապահեն: Կաշառքով չեն գնա, կարկաժները ճղեք: Սա մեկ: Երկրորդ՝ հմայաջրերով ցողեք մեր երկրի ամբողջ սահմանը, որ խափան լինի չարը: Հմայաջուրը պետք է սարքել տատիս գաղտնի դեղատոմսով: Այն կգտնեք նրա տաճարապատկան սուրբ գրքում: Գիրքը, որի վրա բորբոս կա, կգտնեք մեր սուրբ գոմում: Ագռավի լեղիից կվերցնեք մի պուտ արյուն, կույսի ձեռքով խեղդամահ արված նորածին կատվի ձագից փորոտիքը, իսկ առյուծից կխլեք կորյունին, նրանից կհանեք լյարդը , կգտնեք երեք որձ մրջյուն, երեք էգ մեղու, կաղաք, կմանրացնեք ու կխառնեք իրար, չմոռանալով ավելացնել մի պտղունց փոշի, որ կբերեք լուսնից, ու աքլորի ածած երեք նեխած ձու ...
Իշխան Սաքո.-Բայց...Բայց...
Արքա.-Ի՞նչ բայց, իշխան Սաքո:
Իշխան Սաքո.-Ամեն ինչ կարվի, ինչպես ասում է տատիկի տաճարապատկան գիրքը, բորբոսը վրան: Միայն թե՝ մենք որտեղի՞ց կգտնենք կույս աղջիկ մեր օրերում:
Արքա.-Դժար բան չի: Փողոցից բռնեք ցանկացած կնոջ, անգամ պառավների, ծամերից քաշելով տարեք տատիս ոսկորների մոտ, համբուրեց՝ արդեն կույս է: Անպայման արեք: Եվ հետո՝մեզ շուտափույթ հաղթանակներ են պետք: Մի հաղթանակը հաստատ կանի մեր դիրքը: Զորքին պատվիրեք՝կռվեք և մեռեք արքայի խաթրու, և մեռեք, քանզի արքան է հրամայում: Էսօրվանից պալատիս մեջ սահմանվում է պետական նոր նախարություն՝ Թալանիր թալանածը: Պաշտոնը կհանվի աճուրդի: Հաղթողը բարով մաշի: Թատրոնները, մշակույթի տները, դպրոց-մանկապարտեզները էսօրվանից փակվում են, վաղվանից սկսեք մերումանուկի սովորեցնել ՝ ինչպես կով կթեն, հավին թուխս նստեցնեն, էշ ու ցուլ կրտեն, ծերերին փողոցն անցկացնեն ու բանջարով ապուր պատրաստեն:
Գրագիր, էս հրամանն էլ թխիր.« Սահմանվում են նոր հարկեր. ի փառս հայրենյաց, ի փառս ժողովրդի՝ հարկատու են փողոց անցնողները, փողոցից-փողոց անցնողները, մայթից-մայթ անցնողները, անցնողներ չկան՝ հարկ պիտի վճարեն չանցնողները»: Մյուսը.« Երկրիս մեջ բոլոր դավադրությունները բացահայտել ավելի վաղ, քան թթված գինով լցված ընդդիմադիրների գլուխներում կպճպճա հեղափոխություն անելու ցանկությունը»: Հաջորդ հրամանը. «Այսուհետ սուրբ են համարվում որոճացող կովերը, նրանք կաթ են տալիս: Ամեն օր, օրը երկու անգամ, զբոսանքի պիտի տարվեն սուրբ կենդանիները»: Մյուսը.«Երկրի ողջ բնակչությունը պիտի թրիքից աթար սարքի ու պալատ բերի որպես հարկ»: Աթարի հոտը քաղցր մանկություն է հիշեցնում: Ժողովրդիս մեջ տարածեք հետևյալ կարգախոսները՝ «Մեր երկրում կյանքն ամենօրյա տոնակատարություն է»: Սա մեկ: «Պետության հարցերը կարգավորվում են ինքնիրեն, իսկ երկիրը առաջադիմում է սաստկորեն»: Սա էլ երկու: Երրորդ՝ «Արքայի լի ստամոքսը հուշում է, որ երկրում ամեն ինչ լավ է»: Հաջորդը՝ «Ժողովրդի տնքտնքոցը, երեխաների լացը, պառավների ողբը դաշտերի բերքատվությունը ավելացնում են»: Եվ ևս մի երկու խորհուրդ. « Հողը պիտի պարարտացնել կենդանական աղբով» ,«Մլակների դեմ համաժողովրդական պայքարի ընթացքում աթար վառել բնակավայրերի տարածքներում»: Օ՜ֆ, է՜, էնքան մտածեցի՝ աշխարհը գլխիս պտույտ է տալիս:
Իշխան. Սաքո.-Մի մտածիր,արքա, թե ինչ կլինի վաղը, թե մտածես՝ ինչ կլինելի վաղը, կգժվես, կընկնես պեչենու բաղը...
Արքա.-Հալբաթ որ... Դե, իմ քրչա-փրչախումբ, թե չեք ուզում ձեր կարկաժներից խաշ սարքեմ, վաղվանից հրամանները սրբորեն կատարեք: Այլապես՝ պորտներդ բաց կապրեք: Թե չէ ճարպոտել եք կերկոխ եղած գոճիների պես:Մինչդեռ հայտնի է՝ աշխատասեր աքլորը չի գիրանում:
Արքունապետ.-Արքա, կկատարենք վաղվանից: Իսկ այսօր հարկ է շարունակել Մեծն Նահատակուհի սուրբ տատիկին նվիրված տոնակատարությունը:
Արքա.-Շարունակենք: Միայն թողեք մի քիչ թեք ընկնեմ գահին,դինջանամ:
Իշխան Սաքո.- Գյադեք, շարքո՜վ մա՜րշ, արքան թեք է ընկնում:
Բոլորը-Արքան թեք է ընկնում:
Խեղկատակ.-Ես էլ սազանդարներին կանչեմ... Էլ ի՞նչ տոն՝ առանց երգ,առանց պար, նույնն է, թե՝ երկրում չկա քաջ Նազար...