Գագիկ Դավթյան, բանաստեղծ, թարգմանիչ
ԴՈՒ ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ
Երբ չքանան երազները տարաշխարհիկ,
տարրալուծվեն մշուշի մեջ մոռացության,
գիշերային տեսիլքները երբ նահանջեն
ու ծպտըվեն խավարի մեջ խորհրդավոր,
արտասուքը երբ խլրտա
կոպերիդ տակ
ու երբ մարի հուսո շողը կրծքիդ ներքո,
երբ պարուրի քեզ մենության մորմոքն անբառ
ու երբ բացվի ցավի ծաղիկն արյանդ մեջ,
ես մի վերջի՜ն - վերջի՜ն անգամ ձեռքդ բռնած
կառաջնորդեմ դեպի անցյալն անվերադարձ,
դեպի այնտեղ,
ուր մենք մի օր հանդիպեցինք
արշալույսին իմ մշուշոտ պատանության...
Ձեռքդ բռնած կառաջնորդեմ դեպի այնտեղ՝
նավահանգիստն այն հեռավոր ու մոռացված,
ուր արևը որպես հրե հսկա՜ մի նավ
կապտահանդերձ ալիքնե՜րն էր ճողփում լույսի...
Քեզ կտանեմ դեպի այնտեղ,
որ վերստին մտաբերես,
թե լույսն ինչպես երանությամբ ճչա՜ց մի պահ,
և այդ ճիչից ինչպե՜ս պայթեց հանկարծակի
կոկոնն ինչ - որ կարմիր, կարմիր, կարմիր... ծաղկի...
Ու երբ հասնենք
երանելի նավահանգիստն այն հեռավոր ու մոռացված,
քեզ կհարցնեմ մի՜ բան միայն.
- Դու հիշո՞ւմ ես արշալույսը իմ մշուշոտ պատանության...
Իսկ պատասխան ես չե՜մ ուզում,
չէ՜, սիրելիս,
աչքերի՜ս մեջ նայիր միայն,
ուղի՜ղ նայիր աչքերիս մեջ...
ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անցյալն անցյալ է, ներկան ներկա է, գալիքը՝ գալիք,
մեր սիրտը՝ գաղտնի ժամադրավայր ժամանակների,
ապրում ենք այսպես մենք նրանց ձեռքին որպես խաղալիք,
լուռ ունկնդրելով վեճերին նրանց ու հանաքներին...
Վեճը՝ վեճ, սակայն հանաքից դաժան բան չեմ հասկանում,
չկա զուտ անցյալ, չկա զուտ ներկա, չկա զուտ գալիք,
այդ ո՜վ չգիտի, որ անցյալն անդարձ ոչինչ չի տանում,
որ պարտատե՜րն է ներկան անցյալի,
անցյալին ոչինչ նա չունի՜ տալիք...
Չկա հին ու նոր, ժամանակները կրկնում են իրար,
զուտ ոչինչ չկա, հավատա, զուտը դա սուտ է ներկած,
չկա զուտ ներկա, ներկան անցյալ է գալիքի համար,
չկա զուտ գալիք, անցյալի համար գալիք է ներկան...
Եվ ո՜վ է ասում, թե մենք չկայինք՝ երբ մենք չկայինք,
ծնունդից առաջ մենք ապրում էինք
մեր ծնողների երազների մեջ,
և երազներից պիտի ելնեինք ու պիտի գայինք,
ավելացնելու ժամանակների մատյանին մի էջ:
Եվ ո՜վ է ասում, թե մենք չենք լինի՝ երբ մենք չենք լինի,
չէ՜, երազները, որոնց մեջ հնում ապրում էինք մենք,
որ մեր կարճ կյանքում կերպափոխվում են միս ու արյունի,
մեր մասին արյան լեզվով անվախճան հուշեր կպատմեն:
Ու կապրենք այսպես, որպես արտասուք, կամ որպես մշուշ,
որպես ձայն արյան, որպես տառապանք կամ որպես թառանչ,
ու կապրենք այսպես, մեր մահից հետո կապրենք որպես հուշ,
ինչպես ապրել ենք երազի տեսքով ծնունդից առաջ...
ԱՆՀԱՍՑԵ ՀՈՐԴՈՐ
Աչքներդ բացե՜ք, բարեկամներս,
աչքներդ բացե՜ք,
և, ի սեր Աստծո, մի՜ հպարտացեք
ձեր փորձառությամբ
զահլա՜ տանելով...
Փորձը ոչ մի բան
ամենևին էլ չի՜ նշանակում,
քանզի ողջ կյանքում
կարող ես անել միևնույն բանը,
բայց՝ վա՜տ անելով...
Իսկ դուք հա՜ փորձեք,
վերստին փորձեք և էլի՜ փորձեք,
փո՜րձն է միմիայն,
որ թույլ է տալիս
հին սխալի տեղ նո՜ր սխալ գործել...