Հիմնական էջ > Երազիկ Գրիգորյանի նոր ու հին հեքիաթներից
Երազիկ Գրիգորյանի նոր ու հին հեքիաթներից
08.08.2018 00:01
Երազիկ Գրիգորյանը մասնագիտությամբ բանասեր է: 90-ականներին խմբագրել է Հայաստանի Հանրապետության առաջին անկախ թերթը՝ «Անկախությունը»: Օրեցօր բազմապատկվող տպագրական տիրաժի ու նորացվող համակարգչային տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ աճեց թերթի հեղինակությունը: Այլ թերթերում նույնպես լրագրողական աշխատանք կատարելուց հետո Երազիկ Գրիգորյանը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի... ՄԱՆՈՒԿՆԵՐԻ անհավանական ու զարմանահրաշ աշխարհը: Այժմ Երազիկ Գրիգորյանն աշխատում է Լեզվի կոմիտեում: Նաև «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական հաղորդումների սցենարիստն է («Հին ու նոր հեքիաթներ», «Ինչն ինչոց է ըստ Պիստակի» հաղորդաշարեր): Նա մանուկների սիրելի «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուի հեղինակն է: Երազիկ Գրիգորյանի երկրորդ՝ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը, Հայ գրքի կենտրոնի և «Օրանժ» ընկերության կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում: Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն (IBBY) նույնպես բարձր է գնահատել այդ ժողովածուն: Այն լավագույն մանկական ստեղծագործություններին տրվող պատվո կոչման է արժանացել, պահվում է Մյունխենի Միջազգային պատանեկան գրադարանում, Բազելում, թարգմանաբար տարածվում աշխարհի մի քանի երկրներում: «7 գույն» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուում տեղ գտած «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը հեղինակին հուշեց ստեղծել «Չտեսնված դինոզավրը» հեքիաթների ժողովածուն, որը նույնպես շատ սիրվեց ընթերցողի կողմից: Երազիկ Գրիգորյանի հավատամքը մանուկներին ուրախություն պարգևելն է, նրանց հետ ազնվորեն հաղորդակցվելն ու բարություն սերմանելը: Անվանի մանկագիրն անկեղծ է երեխաների հետ, սիրում և սիրվում է նրանց կողմից: Այսօր «Նիդերլանդական օրագրին» բախտ է վիճակվել առաջին անգամ իր ընթերցողներին ներկայացնել Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները: Անպայման այն կարդացե՛ք ձեր փոքրիկների համար: Բարության այս երկու կաթիլը հաստատ դուր կգա ձեր փոքրիկներին, նրանց դրական լիցքեր կտա, և ամենակարևորը՝ կձևավորելով գեղագիտական ճաշակ: Հետևե՛ք նաև «Նիդերլանդական օրագրի» մյուս էջերին՝ Երազիկ Գրիգորյանի հեքիաթները կարդալու համար:
Օդապարուկը պարելով բարձրանում է երկինք, բարձրանում, հասնում է իր նման գունզգույն կաչաղակին ու սկսում է պոչի պես թափահարել իր սիրուն ժապավենները:
-Վա՛յ, էս ի՞նչ թռչուն է, -վեր է թռչում կաչաղակը:- Հե՜յ, ձայն հանիր, դու ո՞վ ես:
Օդապարուկը չի պատասխանում, հանգիստ օրորվում է օդում: Կաչաղակը բարկանում է.
-Լսի՛ր, քեզ հետ եմ, դու ի՞նչ իրավունքով ես բարձրացել երկինք: Որտեղից եկել ես, էնտեղ էլ գնա: Երկնքում առանց էն էլ նեղվածք է: Մենք էստեղ աչքաչափով հազիվ ենք պահում մեր տարածքը: Տես, մոտավորապես չորս թիզ էս կողմից, մե՜կ… երկո՜ւ… էս է` հինգուկես էլ էն կողմից: Այ էսքանը իմ տարածքն է, եղա՞վ: Չմոտենաս: Հե՜յ, քեզ հետ եմ…
Այսպես չաչանակում է կաչաղակը, իսկ օդապարուկը հանգիստ պարում է օդում ու պոչի պես թափահարում է իր սիրուն ժապավենները:
-Հե՜յ, էդ ո՞ւր ես գնում: Լսի՛ր, իմ կողքի տարածքը ծիծեռնակինն է: Քանի չի եկել, այ էդպես բերանդ փակ թող ու գնա,-բղավում է կաչաղակը օդապարուկի վրա, իսկ օդապարուկը էլի պարում է ու պարում:
Կաչաղակը թռչում-գնում է ծիծեռնակի մոտ:
-Լսիր, դու քո մկրատե պոչով օդում չափուձև ես անում, իսկ էնտեղ մի անկոչ եկել, ուզում է քո տարածքը գրավել:
Ծիծեռնակը երկինքը կլոր-կլոր կտրատելով թռչում-գնում է:
Կաչաղակը ծիծեռնակի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը ավելի է բարձրացել:
-Հե՜յ,- ինքնաթիռ տեսնելուն պես բղավում է կաչաղակը,- էդ ներկած հիմարին բան հասկացրու, վերևներում իրեն տեր է զգում: Շուտով քեզ երկնքից կվտարի: Ես նրան ասում եմ….
Ինքնաթիռը սպիտակ ամպ արձակելով թռչում-գնում է:
Կաչաղակը ինքնաթիռի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը մի քիչ ներքև է իջել:
-Հե՜յ, գոնե դո՛ւք ինձ լսեք,- մլակներին է բողոքում կաչաղակը,- էդ ներկածը ձեր տարածք է մտել: Լա՜վ, բան չեմ ասում, եկել, եկել է, բայց ո՛չ աչքաչափ ունի, ո՛չ էլ հետը մի պարան է բերել, որ գոնե դրանով իր սահմանը նշի: Բա չե՞ք տեսնում` վերև, ներքև, ամբողջ երկինքն իրենով է արել:
Մլակները չլսելու են տալիս:
Կաչաղակը մլակների վրա թևը թափ է տալիս, գնում, տեսնում է` օդապարուկն ավելի է իջել:
-Տեսնես սրա մտքին ի՞նչ կա,- ասում է կաչաղակը ու սուսուփուս թռչում-իջնում է օդապարուկի հետևից: Իջնում, տեսնում է` շենքերից մեկի բակում մի տղա պարանը ձեռքին վազում է, օդապարուկն էլ օրորվելով թռչում է նրա հետևից, ո՜նց է թռչում:
-Հե՜յ, ներկած հիմար,-ձայն է տալիս կաչաղակը,- պարանի պատճառով մի գնա էդ տղայի հետևից: Մի բան էր` ասացի: Լսի՛ր, դու ոնց որ թե իմ ազգականն ես, հա՞: Արի, քեզ իմ տարածքում տեղ կտամ: Հիշում ես, չէ՞, չորս թիզ մի կողմից, հինգուկես էլ…
Այսպես չաչանակում էր կաչաղակը, իսկ օդապարուկը պարելով վազում էր պարանով տղայի հետևից ու պոչի պես թափահարում էր իր սիրուն, գույնզգույն ժապավենները:
____________
ՉԱՐԱՃՃԻ ԳՆԱՑՔԸ
Լինում է, չի լինում, մի չարաճճի գնացք է լինում: Կայարանը գնացքին ասում է.
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:
Բայց գնացքը քաղաք գնալ չի ուզում: Ուզում է գյուղ գնա, որ տրակտորի նման հողերի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի գյուղ:
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ գյուղում շատ լավ է: Գնանք գյուղ, տրակտորի հետ կընկերանանք ու հողերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է գյուղ, մտնում է ցանած հողերի մեջ, տրորում է ու գոռում է` ուուո՜ւ…
Տրակտորը գնացքի վրա բարկանում է ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես:
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը նրան ասում է.
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:
Բայց գնացքը էլի քաղաք գնալ չի ուզում: Ուզում է լիճ գնա ու նավակի նման ջրի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի լիճը:
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ լճի մեջ շատ լավ է: Գնանք լիճ, նավակի հետ կընկերանանք ու ջրերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է լիճ, մոտենում է ափին, բայց ջուրը շատ սառն էր: Հենց առջևի անիվը մտնում է լճի մեջ, գնացքը գոռում է` ուուո՜ւ, ու ձկներին վախեցնում է:
Նավակը գնացքի վրա բարկանում ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես:
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը ռելսեր է սարքում, գնացքին կանգնեցնում է ռելսերի վրա ու ասում է նրան.
-Դու շատ չարաճճի ես: Վերջ, սրանից հետո միայն այս ու այս ճանապարհով կգնաս: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:
Այդ օրվանից գնացքը միայն ռելսերի վրայով է գնում: Ու հենց որ հեռվից ազատ դաշտում կամ լճում տրակտոր կամ նավակ է տեսնում, ձայն է տալիս` ուուո՜ւ, ու էլի ռելսերի վրայով իր ճանապարն է շարունակում:
ՄՈԼՈՐՎԱԾ ԼՈՒՍԻՆԸ
Նկար՝ Նառա Մուրադյանի
Լինում է, չի լինում, մութ գիշեր է լինում ու գիշերից մթնած երկինք է լինում: Մութ երկնքում դեղին ու կլոր լուսին է լինում: Դուրս է գալիս լուսինն իր տնից, երկնքի ճանապարհով գլորվում-գնում, մթի մեջ մոլորվում է ու իր տունն էլ չի գտնում: Հարցնում է լուսինը երկնքի աստղերին, թե որտեղ է իր տունը: Աստղերը լուսնին ուշադիր լսում, թարթում են աչքերն ու նրան ասում.
-Սիրո'ւն լուսին, կլո'ր լուսին,
Մենք էլ` բոլորս միասին,
Մոլորվել ենք մութ երկնքում,
Չգիտենք, թե ուր ենք գնում:
Հենց որ դու քո տունը գտնես,
Մի՛ մոռացիր, իմաց տուր մեզ:
Լողում է լուսինը մութ երկնքում, լողում է, իր տունը փնտրում: Նայում է լուսինը ներքև ու տեսնում է` գետակը ցածում քչքչում-խոսում, մութ ճանապարհով չգիտես ուր է վազելով հոսում: Ու ասում է լուսինը գետակին.
-Երևում է` դու լավ ճանապարհորդ ես: Իմ տան ճանապարհը չգիտե՞ս:
Աղմկում է գետակը գիշերվա լռության մեջ, փայլփլում է գետակը գիշերվա մթության մեջ, լուսնի երեսին նայում ու այսպես է ասում.
-Լսի՛ր, լուսին, ծնված օրից
Վազում եմ ինքս իմ հետևից:
Թե ուզում ես տունդ գտնել,
Դու սովորիր ինձ պես անել.
Արագ վազիր երկնի ճամփով
Ու վաղ թե ուշ կհասնես ծով:
Գետակի խոսքերից լուսինն ավելի է մոլորվում:
Լողում է լուսինը մութ երկնքում, լողում է, իր տունը փնտրում: Նայում է լուսինը ներքև ու տեսնում է` անտառի ծառերը խշշում են ցածում: Քամին ծառերի քունը փախցրել ու տերևների հետ գիշերվա երկար զրույցն էր անում: Ու ասում է լուսինը ծառերին.
-Անտառի ծառեր, դուք ինչքան շատ բա՜ն գիտեք: Իմ տան տեղն ինձ չե՞ք ասի:
Ծառերը խշշում են միասին ու ասում են նրանք լուսնին.
-Ահա թե մենք ինչ կասենք քեզ, կլորերե՛ս,
Երևում է` դու անգետ չես, բայց կներես,
Տուն հասնելու մի ճամփա կա, լավ իմանաս.
Դու էլ պիտի բոլորիս պես տեղում մնաս:
Ավելի է մոլորվում լուսինը: Քիչ է մնում` հույսը կորցնի: Գլորվում, գնում է անտուն լուսինը, ներքև նայելով գնում է, գնում, մեկ էլ այգու ցանկապատի մոտ քարին նստած մի ծերունու է տեսնում: Ու հարցնում է լուսինը ծերունուն.
-Այս ուշ գիշերին ինչո՞ւ ես դրսում: Դու է՞լ ես ինձ պես տունդ կորցրել:
Ծերունին նայում է լուսնին, հոգոց է հանում ու պատասխանում.
-Աշխարհի չափ երկար ապրես,
Էս ի՜նչ սիրուն բոլորել ես:
Չեմ կորցրել ես իմ տունը,
Բայց չեմ գտնում աչքիս քունը:
Ծովի պես խա՜ռն են մտքերս,
Լույսդ է գիշերվա ընկերս:
Լուսինը ծերունու խոսքերից տխրում, ամպի քուլայով իր դեմքը ծածկում է ու արցունք թափում: Լուսնի արցունքները` նրա պես կլոր ու փայլուն, կաթ-կաթ թափվում են ցած: Հետո նրանք թևեր են առնում, դառնում են լուսատտիկներ ու սկսում են թռչկոտել ծերունու այգում: Փայլփլում ու թռչկոտում են, հետո իրար ականջի փսփսում, նայում են լուսնին ու նրան ասում.
-Ամբողջ գիշեր մոլոր, արթուն,
Թափառեցիր, լուսի՛ն, անտուն,
Բայց արևը զարթնում է, տե՛ս,
Շուտով տունը քո կգտնես:
Չմոռանաս, աստղերի՛ն էլ
Խոստացել ես իմաց անել:
Այդ օրվանից մինչև օրս լուսատտիկները գիշերները շրջում են` իրենց փոքրիկ լույսն արձակելով: Նրանք առաջինն են զգում, որ արևը սկսում է արթնանալ ու այդ մասին իմաց են տալիս բոլոր նրանց, ովքեր մոլորված լուսնի պես անտուն են ու այն ծերունու պես անքուն:
Ու երբ առավ արևը իր անուշ քունը,
Հենց այդ պահին գտավ լուսինը իր տունը:
Ու որպեսզի կարողանա նա լավ հիշել,
Կրկնում է ճամփան իր տան ամեն գիշեր:
ՄԿՐԱՏԸ
Նկար՝ Նառա Մուրադյանի
Կար-չկար, սուր ու փայլուն ոտքերով, մեծ ու կլոր աչքերով մի ժիր մկրատ կար: Առավոտից երեկո վարսավիրի ձեռքի տակ աշխատում էր մկրատը, իսկ երեկոյից մինչև առավոտ հանգստանում էր վարսավիրի դարակում:
Դե, չէր կարելի ասել, թե մկրատի կյանքը լավ էր դասավորվել: Վարսավիրը նրան անընդհատ նույն բանն էր անել տալիս. ամբողջ օրը չը'խկ, հա, չը'խկ, չը'խկ, հա, չը'խկ` մազ էր կտրում մկրատը: Դեռ շնորհակալությունն էլ ոչ թե իրեն էին հայտնում, այլ վարսավիրին:
Մի օր էլ վարպետը, մտքերով ընկած, մոռանում է մկրատը դարակը դնել, թողնում է սեղանի վրա, փակում է վարսավիրանոցի դուռն ու գնում: Մկրատի համար տարբերություն չկար, թե որտեղ կքնի: Բայց երբ առավոտյան արթնանում է ու տեսնում է, որ իր մութ դարակում չէ, մտքով մի բան է անցնում. որոշում է մինչև վարպետի աշխատանքի գալը վարսավիրանոցից փախչել: Ի՞նչ կա որ: Զույգ աչքեր ունի, սուր ոտքեր ունի, այնքան գլուխ է տեսել, որ մի քիչ էլ խելք ունի: Մնում էր միայն, որ ոտքերն արագ շարժի, քանի դեռ վարսավիրը չի եկել ու չը'խկ, հա, չը'խկ` էլի նույն բանը, չը'խկ, հա, չը'խկ` դարձյալ նույն բանը:
Ու մեր ժիր մկրատը իր փայլուն ոտիկները շարժելով սեղանից իջնում է ցած, իջնում, մոտենում է վարսավիրանոցի դռանը: Դուռը փակ էր: Բայց դե մկրատը հնար գտնել գիտեր: Պառկում է գետնին ու ոտիկները շարժելով կամաց-կամաց, կամաց-կամաց դուրս է գալիս դռան տակից: Դուրս է գալիս ու` այ քեզ հրաշք. ի~նչ լավ բան է ազատությունը: Պառկած տեղից վեր է կենում, կանգնում է մկրատը ու քանի որ կտրելու գործը լավ գիտեր, գնում է` ուր աչքը կտրի:
Փողոցն անցնում է մկրատը, իր մեծ ու կլոր աչերով նայում, մի երկար ճանապարհ է տեսնում: Ոտքերը` աջ, ձախ, աջ, ձախ` սկսում է քայլել չխկչխկանը: Բայց մկրատի ոտքերը` կարճ, ճանապարհը` երկար: Ո՞նց պիտի անցներ: Տխրում է մկրատը, բայց դե հո ինքն իր հույսը չէ՞ր կտրի: Ու մկրատն էլի հնար է գտնում: Խոր շունչ է քաշում մեր կտրելու վարպետը ու` չը'խկ, չը'խկ, արագ-արագ կտրում-անցնում է երկար ճանապարհը:
Չը'խկ, չը'խկ` գնում է մկրատը մի նեղ փողոցով ու տեսնում է` մի փոքրիկ շնիկ պատի տակ նստած վնգստում է ու թաթը լիզում: Մկրատը խղճում է շնիկին ու, չը'խկ, չը'խկ, կտրում է նրա թաթի ցավը: Հետո էլ մի պստիկ չը'խկ, ու կտրվում է շնիկի վնգստոցը: Ուրախանում է մկրատը ու ոտիկները փայլեցնելով շարունակում է իր ճանապարհը:
Ա'ջ, ձա'խ, ա'ջ, ձա'խ` գնում, գնում է մկրատը, գնում-հասնում է առվին: Առվի ջուրը վարարել էր, ու մկրատը վախենում է մյուս ափն անցնել: Բայց դե մեր մկրատը, որ իսկական կտրելու վարպետ էր, մի երկու չը'խկ է անում ու կտրում է առվի ջուրը: Առվի ջուրը կտրում, ցամաք հունով անցնում է, գնում:
Գնում է մկրատը, հասնում է դաշտին: Դաշտում բարձր խոտ էր աճել: Հողի մազերը շատ էին երկարել: Մկրատն իր վարսավիրանոցն է հիշում ու սկսում է հավասար, սիրուն կտրել խոտը: Չը'խկ, չը'խկ, կտրում է ու իր համար ճանապարհ բացում, ճանապարհը բացում ու դաշտի միջով գնում է, անցնում:
Գնում է մկրատը, չը'խկ, չը'խկ, գնում-գնում, իր մեծ ու կլոր աչքերով նայում է ու մի տուն է տեսնում: Մկրատը մոտենում է, ուզում է ներս մտնել: Տան դուռը փակ էր: Բայց դե մեր մկրատն արդեն դռան տակից անցնելու վարպետ էր: Պառկում է մկրատը գետնին ու ոտիկները շարժելով կամաց-կամաց, կամաց-կամաց ներս է մտնում դռան տակից: Տես, է~. տունը ամենևին նման չէր վարսավիրանոցին: Մկրատը դրսում մի քիչ սառել էր, իսկ տանը տաք վառարան էր վառվում: Վառարանի մոտ տատիկը նստած` թոռների համար գուլպա էր գործում ու հեքիաթ պատմում: Մկրատը շատ կամաց, չը~խկ…, չը~խկ…, մոտենում է նրանց: Հետո խելոք նստում է թոռների կողքին ու լսում է տատի հեքիաթը: Տատի հեքիաթը մկրատին շատ է դուր գալիս: Լսում է, լսում, բայց ախր մեր մկրատը շատ ժիր էր: Տեղը տիտիկ չէր տա: Անընդհատ պիտի չխկչխկար ու մի բան կտրեր:
Պատմում է տատիկը հեքիաթը, պատմում, հասնում է ամենահետաքրքիր տեղին, բայց մեկ էլ հենց այդ պահին… հենց այդ պահին մկրատը, չը'խկ, կտրում է տատի մտքի թելը ու տատի հեքիաթը կիսատ է մնում: Տատի հեքիաթը կիսատ է մնում, իսկ մեր հեքիաթն, ահա, ավարտվում է:
Երկնքից երեք խնձոր է ընկնում: Տատը խնձորները թոռներին է բաժանում, իսկ մկրատը… մկրատն էլ իրեն է պահում:
ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ
Նկար՝ Մայա Պետրոսյանի
Դիպլոդո անունով դինոզավրը բացատում պարի էր գնում: Դինոզավրենց պարի դասատուն երկու ոտքից կաղ էր: Նրա սաներից միայն Դիպլոդոն էր պարի շարժումնեը ճիշտ անում: Մյուսները նույնությամբ կրկնում էին դասատուի ցույց տված ձևով:
-Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…,-ամեն պարապմունքին դասատուն իր սաներին տասներկու անգամ կրկնել էր տալիս պարը:- Երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ, տեղում կիսապտույտ… ապրե՜ք… թաթերն իջեցնում ենք, երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ: Վե՛րջ: Նորից ենք սկսում: Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…
Ամեն անգամ «մարմինը ձիգ, քայլը գեղեցիկ» հրահանգի ժամանակ Դիպլոդոն սպասում էր, որ պարի դասատուն իրեն օրինակ կբերի, մյուսներն էլ կնայեն ու իրենց քայլերը ճիշտ կանեն: Բայց դասատուն այդ մասին ոչինչ չէր ասում: Իսկ պարապմունքից հետո նա միշտ ասում էր դինոզավրին.
-Դու շատ պիտի աշխատես, Դիպլոդո: Բնությունից օժտված լինելը քիչ է:
-Բնությունի՞ց,-հարցնում էր Դիպլոդոն: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե իրենց պարի բացատը, բացատը բոլորած ծառերը, ներքևում հոսող գետն ու բլրաձորակային անհարթություններն ինչ կապ ունեն իր պարելու հետ: Բայց ամեն անգամ դինոզավրի հարցին պատասխանելու փոխարեն պարի դասատուն կիսագաղտնի շշնջում էր.
-Պոչդ որ չլիներ, է՜, աշխարհում քեզ նման պարող չէր լինի:
Ասում էր դինոզավրենց պարի դասատուն ու գնում էր երկու ոտքից կաղալու:
-Պո՞չս,- հարցնում էր դինոզավրը` արդեն գնացած պարի դասատուին:
Իհարկե, չի կարելի ասել, թե դինոզավր Դիպլոդոյի պոչը պարելիս չէր խանգարում: Բայց դա ի՞նչ պատճառ էր, որ Դիպլոդոյի պոչը չլիներ: Պոչով, թե անպոչ` աշխարհում Դիպլոդոյի նման պարող չկար, որովհետև մյուս բոլոր պարողները նույնությամբ կրկնում էին դասատուի շարժումները:
Պարապմունքից հետո Դիպլոդոն իր պարի դասատուի ասածն էր անում` շատ էր աշխատում: Կրկնում ու կրկնում էր պարային շարժումները: Տասներկու անգամ: Հետո էլի տասներկու անգամ: Չէ՞ որ շուտով իրենց պարի խումբը համերգ էր տալու: Ովքեր ասես, որ չէին գալու: Պարի դասատուն այդ համերգի մասին ասում էր «շատ պատասխանատու համերգ»:
Մի քանի պարապմունք անց կենդանիներն ամեն տեղից հավաքվել էին բացատում` պարի խմբին դիտելու: Օձը, դեռ համերգը չսկսած` ֆշշացնում էր, կոկորդիլոսը, դեռ համերգը չսկսած` հուզվել, լաց էր լինում: Կրիան էլ, դեռ համերգը չսկսած` բոլորին ասում էր. «Դե, վերջապես մի տեղ գտեք, նստեք: Բան չի երևում»:
Իսկ պարի խումբը լարված-կանգնած էր պարի բացատի եզրով շուրջպար բռնած մեծ-մեծ ծառերի հետևում: Դասատուն երկու ոտքից կաղալով վազվզում էր ու խորհուրդներ տալիս իր սաներին.
Եվ ահա խումբը պարային շարժումներ անելով մտավ բացատ: Դիպլոդոն իր անտեղի կաղացող ընկերների համար շատ էր անհանգստանում, բայց հույս ուներ, որ հավաքվածներն առանձնապես չեն նկատի: Ու կարծես այդպես էլ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Դասատուն մի մեծ թփի հետևից կիսաձայն հուշում, հրահանգներ էր տալիս.
-Երեք փոքր քա՛յլ, երկու մեծ քա՛յլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ… տեղում կիսապտո՛ւյտ…
Ու կիսապտույտ տված պարի խումբը մեջքով դեպի հանդիսատեսը շրջված` շարունակում էր պարել ու շարժել` ով պոչ ուներ` պոչը, ով պոչ չուներ` պոչի տեղը:
Մեկ էլ մի ահավոր աղմուկ բարձրացավ: Դիպլոդոն կեսից հասկացավ, որ նստածները ոչ թե հիացած բղավում, այլ ծիծաղից մեռնում են: Ինչ ուզում ես ասա, երկու ոտքից կաղալով կիսապտույտ անելն, իրոք, շատ ծիծաղելի է: Խումբը մի անգամ էլ տեղում կիսապտույտ արեց, դեմքով շրջվեց դեպի հանդիսատեսը, ու Դիպլոդոն նայեց քահ-քահ ծիծաղողներին: Բայց նրանք կարծես ինչ-որ պոչի վրա էին ծիծաղում… Դա ինչ-որ պոչ չէր: Դիպլոդոյի պոչն էր: Որը գուցե պարելիս մի քիչ խանգարում էր, բայց Դիպլոդոյի՛ն էր խանգարում:
Խումբը շարունակում էր երկու ոտքից կաղալով պարել: Բայց Դիպլոդոյի` հետևում մնացած պոչը հանդիսատեսին հանգիստ չէր տալիս: Ծիծաղում ու ծիծաղում էին: Ահա և քեզ` շատ պատասխանատու համերգ: Դիպլոդոն թողեց պարելը, շրջվեց, նայեց իր պոչին, նայեց պարողներին, նայեց ծիծաղողներին, ինչ-որ անհասկանալի բաներ քրթմնջաց, պոչը քաշեց ու գնաց: Բնությունից օժտված Դիպլոդոն երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ անելով գնաց բլուրների կողմը: Դա բոլո՛րը տեսան: Բայց դինոզավր Դիպլոդոյին էլ երբեք ոչ ոք չտեսավ:
Կոլյա Տեր-Հովհաննիսյան
Ծնվել է Թավրիզում 1945 թվին: Ավարտել է տեղի հայոց միջնակարգ վարժարանը, ապա տեղափոխվել Թեհրան, ուր հեռակա կերպով մասնագիտացել է տնտեսագիտության մեջ՝ ԱՄՆ-ի Շիկագոյի Լասել համալսարանից:
Գրել սկսել է վաղ տարիքում, աշխատակցել է Թեհրամում հրատարակվող...
Գուրգեն Միքայելյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 5-ին Օշական գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:
1986 թ․ընդունվել, 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Ավարտելուց հետո՝ գրեթե երեք տարի,...
Վարդինեն` իր մասին
«Իմ արմատները սկիզբ են առնում հեռավոր մի բնակավայրից՝ բարձրադիր լեռների մեջ ծվարած Արցախ աշխարհից /Գանձասար/։
Ստեղծագործել սիրել եմ վաղ հասակից։ Եվ հենց դա էլ խթան հանդիսացավ ուսանելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Տարիների ընթացքում իմ գրած...
ՄԵԼԱՆՅԱ ՏԵԼԵՄԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ- ծնվել է 1952 թ., մարտի 23-ին, Երևանում: 1969 թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվ. թիվ 18 միջն. դպրոցը, ընդունվել Խ.Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակ-ը: 1973-ին ավարտել է ինստիտուտը, որպես հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի նշանակվել Ապարանի...
Երազիկ Գրիգորյանը մասնագիտությամբ բանասեր է: 90-ականներին խմբագրել է Հայաստանի Հանրապետության առաջին անկախ թերթը՝ «Անկախությունը»: Օրեցօր բազմապատկվող տպագրական տիրաժի ու նորացվող համակարգչային տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ աճեց թերթի հեղինակությունը: Այլ թերթերում նույնպես լրագրողական...
Արձակագիր, ՀԳՄ անդամ 1998թ.
Ծնվել է 1950թ. օգոստոսի 10-ին, Ալավերդիում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։
Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն,...
Dear Angel-ը և «Նիդերլանդական օրագիրը» կարճատև այց կատարեցին Հայաստան: Հատվածաբար ներկայացնում ենք տեղի ունեցած հանդիպումների, զանազան այլ տպավորությունների մասին մեր հոդվածաշարը:
Գովեստի շատ խոսքերից անմասն չի մնացել Նիդերլանդական...