06.07.2022 15:40
ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բան․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Գավառի պետ․ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ
Մուշեղ Գալշոյանի արարած աշխարհը գերակշիռ բովանդակությամբ առնչվում է հայ ժողովրդի ճակատագրի պատմությանը, ավելի կոնկրետ XIX դարավերջին և XX դարասկզբին տեղի ունեցած ողբերգությանը, որ ծանրանիստ խարանի նման հետք թողեց ժողովրդի գիտակցության, հոգեբանության վրա։ Հայերի պատմությունն իր բնույթով էապես տարբերվում է մյուս ժողովուրդների անցյալից ոչ այնքան ձևով (ամեն ժողովուրդ անցնում է զարգացման որոշակի ճանապարհ, այդ ընթացքում անխուսափելի են նմանությունները), որքան բովանդակությամբ, միայն իրեն հատուկ անհատակ կորուստների ու զրկանքների բեռով։ Ազգային-ազատագրական շարժումները սկզբնավորվեցին իմպերիալիզմի դարաշրջանում՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ Արևելքում։ Բայց, ի տարբերություն Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի՝ Օսմանյան կայսրությունը ամենահետամնաց ռազմա-ֆեոդալական երկիրն էր, որ անհրաժեշտ էր քաղաքակիրթ երկրներին՝ իրենց նկրտումներն իրականացնելու, հարմար պահին նաև առանձին պատառներ թռցնելու համար։ «Բայց չէ պիտի մոռանալ, որ մի այսպիսի վատաբաստ դիպվածքում առաջ քրիստոնյայք կկողոպտվին, կմերկանան և կմեռանին [1]»։ Նալբանդյանական մարգարեացումը իրականացավ։ Ազգային դեմք ու դիմագիծ, մշակույթ ունեցող ժողովուրդներն ավելի վտանգավոր էին՝ հայեր, հույներ, նաև՝ բուլղարներ։ Քրդական վաչկատուն ցեղերն առանձնակի վտանգ չէին ներկայացնում, առօրյա ավարառության, հարստանալու տենչով բռնված, նրանք գործիք դարձան բռնապետության ձեռքին՝ մոռանալով իրենց հիմնարար խնդիրները։ Եթե Ռուսաստանում, Ավստրո-Հունգարիայում ազգային ինքնագիտակցության եկող ժողովուրդները ճնշվում էին «բարեկիրթ» եղանակներով՝ արգելվում, սահմանափակվում էր ազգային կրթության, մշակույթի գործընթացը, ապա 1890-ականների կեսերից ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում սկսվեցին հայերի հրեշավոր կոտորածները։ Դրանք Եվրոպայի պատմության մեջ իրենց նախօրինակը չունեին։ Առանձին գործիչների ահազանգն ու պարսավանքները ոչինչ չփոխեցին դեպքերի ընթացքի մեջ, Եվրոպան չանսաց մեռնողների հառաչանքին, որպեսզի երկու տասնամյակ անց ինքը հեծեր բռնության լծի տակ։
Դեպքերի խառնափնթոր քաոսում և հետագայում հայերի պատմությունը հատւկ բնույթ ընդունեց՝ մինչև օրս չստանալով իր վերջնական ձևակերպումը, մինչև վերջ չհասկացվելով համաշխարհային հանրության կողմից ու մնալով մենակ։ Այն ժողովուրդները, որոնք մարտնչեցին անկախության համար, ունեցան իրենց հայրենիքը, սակայն իրադարձությունները հայերիս աղետների տարան։ «Հայ համայնքը իր մեջ խաղաղվելու հիմքեր չի գտնում։ Նա տանուլ տվեց իր ազգային-ազատագրական պատերազմը՝ վճարելով ահավոր մի գին և երբեք չհասավ հաղթանակի» [2]։ Աշխարհն անտարբերությամբ խաչեց արդարությունն ու ճշմարտությունը, աշխարհն իր մեղքի բաժինն ունի։ Երկար ժամանակ թե՛ պատմագրությունը, թե՛ գրականությունը երևույթների պատճառը փնտրեցին մարդկության խլության ու սֆինքսյան անտարբերության մեջ։ Նման հայեցակետը մի կողմ թողեց հարցադրման մյուս կողմը, որը պակաս կարևոր չէ։ «Նոր նպատակաուղղվածություն՝ ժողովրդի պատմական իրադարձությունների ռեալ գնահատում, ճշտել աշխարհի և սեփական մեղքի սահմանները» [3],-գրում է Գալշոյանը 1969 թվականին։ Գրականության տեղաշարժին տրված բնորոշումն առաջին հերթին վերաբերում էր իրեն՝ Գալշոյանին։ Սեփական վրիպումների պատճառները տեսնելն ու բարձրաձայնելը ոչ այնքան անհրաժեշտ, որքան պարտադիր էր գրողի համար, որովհետև «ձմռանը սայթաքողները ամռանը հա ոտքերը քարերին են խփում» [4]։ Ուրեմն՝ պատմությունը հերոսական անցյալի, հաճախ էլ ինչ-որ իդիլիկ դեպքերի շարան չէ և ամենից առաջ անցյալ չէ։ Պատմությունն իր ամենատարբեր դրսևորումների մեջ մեր տունն է, մեր երկիրը, մեր բնավորությունն ու ապրելու, մաքառելու կերպը։ Պատմության կորուստները, սեփական հոգին քննելն անհրաժեշտ է այսօրվա ու վաղվա վրիպումները թույլ չտալու, գոյատևման ոլորտներում անխաթար քայլելու համար։ Անցյալի ընկալման նմանատիպ «գործնական» բնույթը մեծ չափով նպաստեց Գալշոյանի ստեղծագործության քաղաքացիական կրքի շիկացմանը, փաստերի նպատակամետ մեկնաբանմանն ու գեղարվեստական կշռի բարձրացմանը։ Պատմության վերակենդանացումն անհրաժեշտ հանգամանք է ոչ այնքան «ով ենք մենք»-ի սահմանները ճշտելու, որքան գոյատևելու, «ինչպես պետք է ապրենք»-ի պատասխանը գտնելու համար։ Սրա հետ կապված՝ խիստ կարևորվում էր ավանդների հարցը։ «Ի տեղ բաց նամակի» հոդվածում անհանգստանալով ժամանակակից երիտասարդության ուժերի անտեղի մսխումից ու անգործությունից՝ գրողը նոր սերնդին այլասերումից փրկելու կարևոր ճանապարհ է համարում հայրերի՝ ավանդներին վերադարձը։ «Միտք չունի,-ասում է նրանց փիլիսոփայությունը,- ընկնել շռայլության ետևից, շռայլությունը երջանկություն չի կարող բերել։ Ուրեմն, քիչը շատ ընդունիր և նայիր հոգուդ խորքը և այնտեղ որոնիր քո երջանկությունը»։ [5]
Պարզ է, որ խնդիրն ավելի բարոյա-փիլիսոփայական բնույթ ունի, շռայլությունը կարող է կործանարար լինել ժողովրդի համար, ընչաքաղցության կռվի մեջ պարտվում են բոլորը, այստեղ հաղթողներ չկան։ Ապրելու և գործելու նման կերպը գրողի համոզմամբ չի կապվում հարկադիր պայմանների հետ (ջարդ, պատերազմ, տնտեսական դժվարություններ և այլն), դրանց առկայությամբ մեր նախնիներն ավելի պինդ ապավինեցին այդ խորհրդին։ «Իսկ ակունքը մեր բնությունն է, քիչը շատ ընդունելու, փոքրը մեծ տեսնելու խորհուրդը մեր բնաշխարհի հարազատ ծնունդն է, հատկապես նաև այդ երկրի ու բնության տեր մարդկանց ապրելու և գործելու կերպը, որը սերնդեսերունդ փոխանցվելով գալիս էր»[6]։ Հայերի փիլիսոփայությունն ինքնակատարելագործման, անհատի հոգևոր զարգացման այնպիսի մի ճանապարհ էր, որ հնարավորություն կտար հեռու մնալ մանրուքներից ու ուսնկից դառնալ նրանց, ովքեր պահում են երկիրը։ Պարտադիր չէ, որ պատերազմ լինի ու նոր հասկանանք, որ ամեն մեկի որդին իր որդին լինելուց բացի երկրի զինվորն է։ Իսկ ոչ մի զինվոր զենք չի վերցնում միայն իր հորը պաշտպանելու։ «Նա բոլորի զինվորն է» [7]։ Միանգամայն պարզ է, որ խիստ արդիական հարցեր շոշափելով, արվեստագետն ապավինում է արմատներին։ Ժամանակի սրընթաց հոսքն իր հետ տանում է այն ժողովուրդներին ու ցեղերին, որոնք ոգեղեն չեն, հեռանկար չունեն, այս աշխարհի մեջ չունեն իրենց աշխարհը։ Ուրեմն, քիչը շատ ընդունելու, քչով բավարարվելու, աշխարհին լիաչք նայելու փիլիսոփայությունը միայն սկիզբն է անցյալին դառնալու, անցյալին հաղորդակցվելու համար, էականը ազգային ոգու ճշմարիտ ժառանգորդ դառնալն է։ Իսկ ոգին չունի սկիզբ ու վերջ, ունի միայն ընթացք։ Երևույթներին նման մոտեցումը պատմության ժամանակի յուրօրինակ ընկալում է, որ հնարավորություն է ընձեռում հարցերը տարաբնույթ ամբողջության մեջ դիտել։ Սակայն հոդվածը հրապարակախոսական լինելով՝ միաժամանակ ընդգրկում է գրականագիտական խնդիրներ, որը խիստ կարևոր է Գալշոյանի ստեղծագործության էությունը հասկանալու համար։ Հարցադրումը՝ «կարո՞ղ ենք նոր սերնդին վերադարձնել պապերի ոգին» [8], առաջին հերթին ուղղված է խոսքի վարպետներին։ Իսկ ոգին փոխանցել «թեթև ու բութ գրչով» հնարավոր չէ, ոգին անհրաժեշտ է զգալ, որն ամեն մեկին չի տրված։ Պարզ է , որ ավանդների խնդիրը գրողի համար բավականին լայն ըմբռնում է և չի սահմանափակվում որևէ գրողի կամ գրողների համար հոգեորդի լինելով, նրանց ճանապարհով գնալու հանգամանքով։ Ճշմարիտ գրողը, ծննդյան օրից, արյան հետ ժառանգում է ինչպես ազգային մշակույթը, այնպես էլ անցյալի զգացողությունը, որ ենթադրում է իրեն՝ գրող-քաղաքացուն պատմության անմիջական ժառանգորդն զգալու հանգամանքը։ Այս օրգանական միասնությունն իր մեջ ներառում է համոզմունքը, թե պատմությունը երբեք չի ընդհատվում, այլ շարունակվում է այսօրվա մեջ, իսկ անցյալը լավ լինի, թե վատ՝ պարզապես անհնար է անտեսել։ Եվ որքան էլ վերակրկնենք Հերակլիտոսի խոսքերը, թե հնարավոր չէ միևնույն գետը երկրորդ անգամ մտնել, միևնույն է՝ ճակատագրի և ժողովրդի կանչով ճանապարհ ելած գրողի համար պարզ է, որ պատմությունը նաև ինքն իրեն կրկնելու բնույթ ունի, թող որ ձևով, դրսևորման կերպով տարբեր, ներքուստ, էությամբ նույնը կամ գրեթե նույնը։ Եթե կա տարբեր ժամանակներն ի մի բերելու, համզգալու մեծն կարողությունը, ուրեմն, կա անցյալի, հետևաբար և՝ ներկայի ու ապագայի կորուստների զգացողությունը։ Այս դեպքում «քիչը շատ» ընդունելու փիլիսոփայությունը հակասության մեջ է մտնում ժողովրդի պատմական բախտի, նրա ճակատագրի հետ։ «Կյանքը գտածուրիկ է» [9], -ասում է հերոսներից մեկը, մի բան, որ չի արտահայտում ժողովրդի շահերը և կարող է կործանարար լինել ապագայի համար։ Սա գրողի դրամայի անկյունաքարն է, որը երբեք չի վերածվում հոռետեսության։ Ավելին՝ հերոսական ոգին փոխանցելու նպատակը մեկն է՝ մի կողմ նետել պատմության քառուղիներում ժողովրդին պարտադրված նահատակի կեցվածքը և ապրելու համար չմուրալ, այլ խոսել հավասարի իրավունքով և ամեն պահի պատրաստ լինել անակնկալ հարվածին դիմակայելու։ Գալշոյանը դառնում է ժողովրդի հոգևոր վերածնության գաղափարախոս- նահատակը, որ գրողական բնազդով զգում է ոչ միայն անցյալի ու ներկայի կապը, այլև դրանց միակերպությունն ու համընդհանրությունը։ Այս օրգանական միասնության մեջ է բացահայտվում Գալշոյան-արվեստագետի դրաման, որովհետև չկա անցյալի պարտություն․ կորուստները շարունակվում են այսօրվա, ճյուղավորվում սերունդների էության մեջ, դառնում բնավորություն, պայմանավորում աշխարհին ու մարդկանց դիտելու նրանց կերպն ու կենսափիլիսոփայությունը։ Հայ ժողովրդի ճակատագիրը, նրա պատմությունը բնույթով կանխորոշել է հարցերի այն շրջանակը, որոնք միտված են ներքին թեմային, և որն ամբողջանում է գրողի վիպակների, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների մեջ։ Իրենց ամենատարբեր դրսևորումների մեջ Գալշոյանի երկերն արտացոլում են էրգրի ու էրգրացու ճակատագիրը, ծանր, անխուսափելի կորուստներով լի դրաման։ Նրանց յուրաքանչյուրի կյանքն անվերջ ու անդադար [9] մաքառում է սեփական ճակատագրի դեմ՝ լինելության համար։ Այդ պայքարն ավարտվում է պարտությամբ, և կամ այն առավել իրական ու շոշափելի է դառնում հետագայում՝ կյանքի մայրամուտին, երբ լքում են երիտասարդական ավյունն ու ուժը, իր երկրում տունը պահելու հույսին փոխարինում է կործանված երկրի ոգին պահելու զգացումը։ Մի ժամանակ այդ մարդիկ զինվորներ էին գործով՝ իրականում, այժմ նրանք զինվորներ են հույսերի ու ձգտումների ոլորտում։ Ճակատագիրը մի կողմ շպրտեց մարդկանց այն երկրից, որ իրենց էր պատկանում, աշխարհն ասես դադարեց նրանց համար տուն լինելուց։ Ժողովուրդը մնաց իր ցավի ու ոգորումների հետ մենակ, պատմության համընդհանուր հոգսի մեջ՝ անփոփոխ ճակատագրով։ Գալշոյանը կարևորում է և ժամանակի խնդիրը։ Գրականությունը նրբորեն ու խորությամբ պետք է բացահայտի մտքի և զգացմունքների միջև եղած ուռճացող բևեռացումը։ Ժամանակի անխուսափելի ընթացքը տանում է հինը, և հաճախ պարտադրում է նորը։ Այն ավելի ու ավելի է հեռացնում մարդուն իր ինքնությունից, սեփական արմատներից, ազգային ավանդներից։ Մարդկայնությունը չկորցնելու, գոյատևելու համար պարտադիր է հետ նայելը։ «Սա հետ նայել չէ», «Հիմա վայրկյանը օր է կտրում, օրը՝ տարի»։ [10] Երեխաների մանկությունը կիսատ է մնում, անժամանակ վրա հասած պատանեկությունն է կիսատ մնում ու թվում է՝ երիտասարդները չպետք է ծերանան։ Աշխարհը համընդհանուր թափից մղվում է առաջ՝ ամեն ինչ դուրս է եկել հունից, ամեն օր ավելի ու ավելի զգալի է դառնում օտարացումը, ծնվում է հակասություն՝ մարմնի ու հոգու, ուղեղի և զգացմունքների։ Սակայն ժամանակի՝ գրողին հատուկ ընկալումը կա դեռևս 1967 թվականին գրած «Ու՞ր ծերուկ․․․» էսսեում։[11] Ընդամենը ամիսներ առաջ տեղի ունեցածը ընկալվում է որպես վաղուց կատարված, անցած մի բան, որ ուզես թե չուզես, մի նոր ձևով է վերհիշվում, և դրանով ավելի է շեշտվում ժամանակի անշրջելի բնույթը։ Անցյալում սկիզբ չունեցող, երաժշտության պես անմարմին ու ամեն պահի իր գոյությունը հիշեցնող մի երևույթ կա գրողի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։ Այն, իբրև կարևորագույն գործոն, շատ բանով է նպաստում առաջադրված պրոբլեմների կշռույթին ու խորքին։ Գրողին ժամանակ հասկացությունը չի հետաքրքրում իբրև փիլիսոփայական կատեգորիա։ Վերջինս բովանդակություն ու ձև է ստանում ազգային ճակատագրի, նրա լինելության կերպի բացահայտման ընթացքում։ Սկիզբն ու վերջը հատուկ կարգով է ընդգծում կյանքի անվերջանալիության ու ամեն պահի հոսքը։ Ժամանակի անցողիկության գաղափարը, որ բազմիցս արտահայտվում է մաեստրոյի բերանով («էս ժամանակն ամեն գիշեր) ատամ է թափում, նորը հանում»),[12] ներքուստ միահյուսվում է գրողի խոհերին։ Ենթատեքստում էսսեն ձեռք է բերում դրամատիկ բնույթ, ամեն օրն աննպատակ, անգիտակից ապրել՝ նշանակում է բաց թողնել կյանքը, չօգտագործել մարդուն ընձեռած միակ հնարավորությունը։ Գրողին անհանգստացնում են մարդկային հարաբերություններում տեղի ունեցող տեղաշարժերը, որոնք կատարվում են ո՛չ հօգուտ մարդու, առավել ևս ո՛չ հօգուտ ազգի գոյության։ Խստորեն փոխվել է ուժերի հարաբերակցությունը, անկայուն ու հանկարծահաս է դարձել կործանող ուժը։ Պռոշ իշխանը մի ժամանակ համառել ու մնացել է երկրի տերը, հիմա առանց Վայոց ձոր հասնելու՝ «մի հազար, հինգ հազար կիլոմետր հեռու տեղ նվազ մի մատ կմոտենար մի կոճակի ու․․․ Առ քեզ, իշխան իշխանի մեկը․․․»։[13] Մի ոտքի չափ տարածքի վրա իշխանություն ունենալու անդիմադրելի ու անպարագիծ փափագը ոչինչ է անկամ ու աննպատակ մի շարժումի դեմ։ Ընդհանուր առմամբ սույնը քաղաքակրթության զարգացման միտում է։ Ազգի ճակատագիրը, նրա պատմական բախտն առանձին դեպքերում չունի անշրջելի ընթացք, այստեղ է, որ ժամանակը «դեմ» է ընկնում, մի նոր կերպ «կրկնում է իրեն»։ 1279 թվականին Ներսես Մշեցին Առաքելոց վանքից հասել է Վայոց ձոր ու գլխավորել կրթության գործը, 700 տարի հետո նույն անվանակիրը նոր-նոր սովորում է, որ «սարին սար են ասում»։ Անցյալի ու ներկայի միջև զուգահեռը, Ներսես Մշեցու սկզբի ու վերջի համադրումն ընթերցողին հարկադրում է նայել իր անցած ճանապարհին և փորձել ապրել այլ կերպ, քան ապրել է մինչև այժմ։ Ժամանակի մեջ ունեցած կորուստն անդառնալի է, այն պիտի կարողանա լրացնել նոր սերունդը։ Ժողովրդի տարիքը չի որոշվում զուտ թվերի թվաբանական գումարով։ Էսսեն կառուցվածքային առումով ևս հատկանշական է․ հետագայում գրողը ապավինեց իր նախընտրած ձևին․ ներկայի և անցյալի համադրումները ժամանակային տարբեր շերտերով դարձան Գալշոյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներից։ Էսսեի «ժամանակային դաշտը» կազմված է առանձին հատվածներից, որոնք հարաբերականորեն անկախ են։ Բացի այդ՝ գրողը նախընտրում է դեպքերի ոչ հաջորդական ընթացքը, այս պարագայում հարցադրումները ձեռք են բերում ավելի լայն իմաստ՝ միաժամանակ ոչ մի պահի չի թուլանում գրողի ներկայության պատրանքը։ Շարադրման նման սկզբունքն ունի մեկ այլ առավելություն․ գրողն ազատ է փաստերի մեկնաբանման մեջ․ ծավալվելու հնարավորություն է ստեղծվում։ Ի հայտ է գալիս ոչ ժամանակային, այլ աշխարհայացքային շերտ, որը թեթև կասեցնում է գեղարվեստական ժամանակի ընթացքը, բայց ամբողջական է դարձնում ասելիքը։
Գալշոյանի մշակած նյութն ինքնին դրամատիկ բնույթ ունի, սակայն նրա երկերում ամբարվեց դրամայի այն բաժինը, որը երբեք չհասավ հոռետեսության։ Դրաման խորացրեց նրա հերոսների մարդկային նկարագիրն ու համոզմունքները, նպատակին հասնելու ձգտումը։ Ավելին՝ Գալշոյանի ստեղծած «էրգիրը» դարձավ մեր ոգեղեն գոյության, մեր հարատևման խորհրդանիշը։ Երբ 1980 թվականի հոկտեմբերի 15-ին ողբերգականորեն ընդհատվեց Մուշեղ Գալշոյանի կյանքը, նրա հետմահու գրական փառքին ոչ ոք չկասկածեց։ Նա ստեղծել էր ծավալով փոքր, սակայն գեղարվեստական կշռույթով մեծ գրականություն։ Արվեստագետ քաղաքացու իր կեցվածքով Գալշոյանը որոշակի հեղինակություն էր, որն ավելի էր ամրապնդվելու հետագա տարիներին։ Քննադատներն ու գրողներն անդրադարձան իրենց գործընկերոջ ստեղծագործությանը ներքին անհրաժեշտությունից մղված։ Հրապարակումներն ու հոդվածները, հարցազրույցներն ու առանձին դիտարկումները հետզհետե ամբողջացրին արձակագրի դիմանկարը։ Եվ գրեթե ամեն անգամ խոսք ասվեց լավի իմաստով. Գալշոյանի զտարյուն գրականությունն այլ բան չէր ենթադրում։ Սակայն ո՞րն էր համակրանքի (և է) պատճառը, հիմքը։ Եվ ինչու՞ է այդ գրականությունն այսօր ապրում, նաև նախանշում որոշակի ուղիներ ինքնության բացահայտման ճանապարհին։ Երբ գրականությունն օտարվում, անջատվում է հեղինակից, ապա որոշակի ֆունկցիա կատարում է միայն այն դեպքում, երբ ընթերցվում է՝ դրանով իսկ ձևավորելով որոշակի մտայնություն, կարծիք։ Գալշոյանի գրական լիարյուն կյանքի, նաև երկարակեցության եթե ոչ միակ, ապա գլխավոր պատճառն այն է, որ նա մնացածներից ավելի շուտ, ինքնատիպ միջոցներով առաջադրեց այնպիսի հարցեր ու դրանց լուծման ճանապարհներ, որոնք այսօր հուզում են մեզ։ Ազգային ինքնագիտակցության այն կերպը, որ բերում է գրողը, չի դառնում կեցվածք ու ստեղծված կացությունից դուրս պրծնելու միջոց։ Իր անցյալն ու իրեն ճանաչելը առավելություններով ու թերություններով, ժողովրդի համար դառնում է նորօրյա գոյության հիմք։ Ասելիքն այնքան համահունչ էր ու հրատապ, որ երկերն իրենց բարձր գեղարվեստականության մեջ նման էին մարտի դաշտ ուղղված հրամանների՝ անկեղծ ու երբեք չթուլացող կիրք, անկեղծ ու խենթացնող խոյանք, որ փլել է մարդկային գոյությունն ու ինքնագիտակցությունը կաշկանդող ամբարտակները և ի վերջո գտել բնականոն ու ճշմարիտ ճանապարհը։ Գալշոյանը հենց սկզբից ըմբռնեց, որ երբեք գրականության մեջ չպետք է նրա բովանդակությունն ընդունել որպես գաղափարական, իսկ արտահայտման ձևը գեղագիտական ուղղվածություն։ Գրականությունը ծնվում է ցավից և ասվում է կոնկրետ ու հստակ նպատակադրում ունենալով։ Խոսքն ասվում է այն պահին, երբ դրա անհրաժեշտությունը կա։
Պատասխանատվության զգացումը ժամանակակիցների, սերունդների, նաև անցյալի նահատակների առջև, կարճ՝ պատմության համազգացությունն առավել զգայուն են դարձնում գրողին։ Եվ այս ճանապարհին, որ նվաճվում է հաստատուն քայլերով, Գալշոյանը հավատացած է, որ ամեն պատմվածքի, ակնարկի ու տողի մեջ ժողովրդի գոյության կռվանները, նրա դիմագիծն ու հոգեբանությունը բացահայտելու ուղին անցնում է բացառապես արվեստագետի հոգու միջով։ Եվ որ իրականն ու ճշմարիտը երևույթները մեկնելու այն տրամաբանությունն է ու արտահայտման կերպը, որի մեջ ինքն առավել քան համոզված է։ Սա էական յուրահատկություն է՝ խիստ բնորոշ Գալշոյանի ստեղծագործությանը։ Քիչ են այն արվեստագետները, որոնք պահպանելով վերին աստիճանի օբյեկտիվություն ասելիքը կենդանի բնավորությունների մեջ մարմնավորելու իմաստով, նույնպիսի հմտությամբ լինեն սուբյեկտիվ՝ երևույթների մեկնաբանման ոգու, սեփական հոգու կրակը պատմության բոցին միախառնելու առումով։ Գալշոյանը մեկն էր մեր գրականության այն բացառիկ անհատներից, որոնք կարող էին ասել, թե այն ինչ կատարվեց ինձ, նաև ձեզ հետ, ես դա գիտեի նախապես։ Նրա զտարյուն գրականությունը զուլալ էության մեջ հզոր էներգիայի կուտակումով որոշակիորեն «նախապատրաստում» էր այն վերափոխումները, որ կատարվեցին 80– ականների երկրորդ կեսից սկսած։ Ազգային հոգեբանության մեջ տեղի ունեցած տեղաշարժերը հայելային շրջադարձի ձևով ամրագրված են գալշոյանական պատմվածքներում ու ակնարկներում, դրանք ապագա մաքառումների արահետներ են հիշեցնում։ Ստացվում է, որ գրողը չէր փնտրում, նա չէր փնտրում հերոսներին, չէր փնտրում թեման, չէր փնտրում ժամանակը, չէր փնտրում ցավը։ Նա գտնում էր։ Գրողն ընտրեց վտարանդու կեցության ձևը։ Գալշոյանն ամեն պահի իր հերոսների հետ էր ու երբ բարձրաձայնում էր, խոսքը հնչում էր որպես մենախոսություն, որն ավելի ինքնաճանաչման բնույթ ուներ։ Նա երևույթները բացարձակի կարևոր ու անտրոհելի մասն էր դիտում և ինչպես ամեն մի մեծ արվեստագետ մենակ էր։ Նպատակն ինքնաճանաչման հետ նաև հիշողության բեռն առավել իրական ու որոշակի դարձնելն էր։ «Գալշոյանը ժառանգական իրավունքով ձեռք մեկնեց մեր հիշողության բոցավառվող ջահին և ավելացրեց նրա կրակը»։ [14] Եղեռնի թեման սկսվում է արհավիրքի հետ։ Այն շարունակվելու է հետագայում և յուրօրինակ փորձաքար է հայ գրականության համար։ Աղետից հետո ցեղասպանությունը ներկայացնող գրականությունը գերազանցապես պատմողական էր՝ զգացմունքային ծանրա- բեռնվածությամբ, տառապանքն աշխարհին ի լուր հայտնելու ներքին մղումով։ Ի հայտ եկան և այնպիսի երկեր, որոնցում զինված պայքարի կոչ էր արվում (Ս. Պարթևյան՝ «Անմահ բոց», «Զանգը հնչեց», Ալեքսանդրիա, 1917թ.)։ Թերևս առավել համարձակ էին նրանք, ովքեր փորձեցին արհավիրքի մեջ սեփական մեղքը որոնել։ Օշականը թուրքի բնազդային մղումները բացահայտելիս տեսնում էր և «հայի բերած չարիքը հային» («Ծակ պտուկը», «Հաճի Ապտուլլահ», «Մնացորդաց»)։ Շահնուրը ևս ինքնաքննադատական հակումների մեջ խիստ էր. «Հայը ամուլ է, անծին, անպտուղ» («Նահանջը առանց երգի»)։ Խորհրդային երկրում՝ Մահարու, Բակունցի, Չարենցի երկերում,եղեռնի արձագանքները խուլ ճիչի էին նման։ Մահարին աքսորվեց, մնացածները զոհվեցին։ 50-ականների երկրորդ կեսից սկսած թեման իր ամենատարբեր արտահայտությունը գտավ Ն. Զարյանի («Երկրորդ կյանք» 1960-ականներ), մասնավորապես Պ. Սևակի («Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ»), Շիրազի («Հայոց դանթեականը»), Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Գևորգ էմինի, Մարո Մարգարյանի, Հրաչյա Հովհաննիսյանի ստեղծագործություններում։ Մասնավորապես, Սևակի պոեմներում առաջադիր սկզբունք էր հայոց եղեռնի բարոյական իմաստավորման խնդիրը։ Հետագայում այս ուղիով է զարգանում ցեղասպանության թեման Ստեփան Ալաջաջյանի, Սերո Խանզադյանի, Պերճ Զեյթունցյանի երկերում։ [15] Այս շարքում տարբերվում են Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունները («Խոդեդան», «Ռանչպարների կանչը»), դրանք առավել կամ պակաս խորությամբ բացահայտում են դարասկզբի շարժման հերոսական բնույթը։ Իրականի և առասպելականի միահյուսումը «Ռանչպարների կանչում» շարադրման հիմնական որակն է, մթնոլորտը ձևավորող ամենահզոր կռվանը։ Պատումի արտաքին գծերի խտացմամբ է գրողն հասնում ստորջրյա հոսանքի տպավորության ստեղծմանը։ Էականը ընդհանուրն է։ Կերպարը, որպես անհատ, ասես տարրալուծվում է մշուշի մեջ, պատմությունը՝ «հեքիաթայինի», և ընթերցողն էլ առասպելականի մեջ դժվարանում է պատումը որպես պատմություն ընկալել։ Դաշտենցն օգտագործելով պատմական, աշխարհագրական աշխատություններ, ականատեսների վկայություններ և հուշագրություններ՝ ընտրել է այն դրվագները, որոնք նախընտրելի են և բացահայտում են դիմադրության մասնակիցների առասպելական ոգին։ Գալշոյանն առասպելականի և բանահյուսության փոխարեն ընտրում է առավել իրական գույներ։ Այդ պատճառով էլ, թեև ակնհայտ երևակայական թռիչքներին, ընթերցողն զգում է դեպքերի իրական բնույթը, որ ժամանակի առումով համեմատաբար մոտ է, կենդանի և դրանով իսկ ներգործուն։ Դաշտենցի համար կարևորը պատմության անձավներում ծրարված փաստն է։ Պատահական չէ, որ կարելի է ցույց տալ հուշագիրների և «Ռանչպարների...» ընդհանուր եզրագծերը, պատկերների նույնությունը։
Գալշոյանը փաստն իմաստավորում է ներքնապես, դեպքը լուսավորվում, պարզվում է արվեստագետի մտքի, գրողական ճշմարիտ բնազդի շնորհիվ։ Կարևորը փաստի ներմուծումը չէ, այլ լինելության փիլիսոփայությունը, դեպքերի պատճառահետևանքային կապերի բացահայտումը, որ ի վերջո նրա հերոսներին հանգեցնում է մի նոր եզրահանգման, այն յուրօրինակ հասունության ընթացք է, որ վերընթաց բնույթ ունի։
Գալշոյանը պատմությունը վերակենդանացնող չէր, նա վերաիմաստավորված պատմությունը միջոց էր դարձնում ապագայի համար և ուժերի գերագույն լարումով փորձում էր ձևավորել նոր հոգեբանություն ու աշխարհայացք։ Պատմության ցավը չտեսած, բայց պատմության վառած արյունն իր երակներում ժառանգած գրողն արարեց արևոտ և անկրկնելի մի աշխարհ, որտեղ մարդիկ ներս են մտնում վախվորած քայլերով, բայց դուրս են գալիս ոգեպնդված կամքով։ Գալշոյանը մեր նվիրական ապրումների ու խոհերի կավե խրճիթը մտավ և այն թողեց իբրև մարմարե շինություն, ժամանակն առավել խորհրդավոր ու անկրկնելի է դարձնելու այդ տաճարը։
Գրականություն
1. Նալբանդյան Մ․, Երկեր, Ե․, Սովետական գրող, 1985, էջ 485։
2. Միհրանյան Ա․, Հայկական հարցը և արդի քաղաքագիտությունը,«Վերածնված Հայաստան», Ե․, 1990, հ․ 5, էջ 7։
3. Գալշոյան Մ․, Սկզբունք և ելակետ, Ագռավաքար, Ե․, «Հայաստան»,1990, էջ 317։
4. Գալշոյան Մ․, Բովտուն, Ե․, 1981, «Հայաստան» հրատ․, էջ 513
5. Գալշոյան Մ․, Ի տեղ բաց նամակի, Ագռավաքար, Ե․, 1990,«Հայաստան», էջ 336։
6. Նույն տեղում։
7. Նույն տեղում, էջ 334։
8. Նույն տեղում, էջ 337։
9. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 71։
10. Գալշոյան Մ․, Բովտուն, Ե․, 1982, «Հայաստան» հրատ․, էջ 513։
11. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 115-122։
12. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 117։
13. Նույն տեղում, էջ 122։
14. Գասպարյան Դ․, Հելիկոնի աստղը, Ե․, 1988, Սովետական գրող, էջ 329։
15.Энциклопедия, Армянскии вопрос, Е., 1991, Главная редакция армянской энциклопедии, с. 131-135.