Մելանյա Պետրոսյանց / Պատմվածքներ

10.05.2020 23:57

ՄԵԼԱՆՅԱ ՏԵԼԵՄԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ- ծնվել է 1952 թ., մարտի 23-ին, Երևանում: 1969 թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվ. թիվ 18 միջն. դպրոցը, ընդունվել Խ.Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակ-ը: 1973-ին ավարտել է ինստիտուտը, որպես հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի նշանակվել Ապարանի շրջան: 1984 թ-ից անցել է ժուռնալիստական աշխատանքի Ապարանի շրջանային «Ապարան» թերթում: 1998 թ. աշխատանքի է անցել ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում: Ստեղծագործում է, հրատարակել է գրքեր: Նրա պատմվածքները մեծ հետաքրքրությամբ ու «մեկ շնչով» են կարդացվում: Ներոհիշյալ երեք պատմվածքները մեր գրական հավելվածում հրապարակվում են առաջին անգամ: Տիկին Մելանյան այժմ թոշակառու է: Ամուսնացած է, ունի 3 երեխա, 8 թոռ: ՀՀ ժուռնալիստների միության անդամ է: Անկուսակցական է:
 
 

ԱՆԵԾՔ

 Որպես հիվանդապահուհի, նոր էի աշխատանքի անցել Չիկագոյի ծերանոցներից մեկում։ Խնամքիս տակ պետք է գտնվեին մի քանի ծերեր։ Բուժքույրը ինձ ներկայացրեց նրանցից երեքին։ Առանձնապես հիվանդներ չէին․ երկուսը կին, մեկը տղամարդ էր, ուղղակի ծեր մարդիկ էին, որոնց պետք է օգնեի հագնվելիս, լվացվելիս, մյուս մանր-մունր հարցերում, հատկապես շատ կարևորեց նրանց հետ զրուցելը։ Այս երեքը ընթրում, ճաշում էին ընդհանուր ճաշարանում, բացի չորրորդից։ Նախքան չորրորդի մոտ մտնելը, զգուշացրեց, որ ծերունին վաղուց ԱՄՆ-ում ապրող թուրք է, հարազատները շատ ուշադիր են, հաճախ են նրան այցելում։ Ծերունին, թեև առողջ էր, խնդիր չուներ, բայց հազվադեպ էր քայլում, միշտ պառկած էր, իսկ տարօրինակն այն է, որ ձեռքերը միշտ թաքցնում էր ծածկոցի տակ ու երբեք ինքն իր ձեռքով չէր ուտում, չէր ճաշում, նրան ես պետք է կերակրեի, բերանը մաքրեի։ Առաջին պահ, ներսումս մի տեսակ տհաճ զգացում բարձրացավ, որ թուրք էր, բայց դե, ի՞նչ կարող էի անել, բուժքրոջ հետևից լուռ սենյակ մտա։ Մռայլ, բայց փառահեղ ծերունի էր։ Զգացվում էր, որ երիտասարդ ժամանակ բավականին թիկնեղ, հետաքրքիր տղամարդ էր եղել։ Բուժքույրը ինձ ներկայացրեց, ինչ պետք էր, հանձնարարություն տվեց ու դուրս եկավ։
Վարագույրները քաշեցի, պատուհանը բաց արեցի, մաքուր , գարնանային օդը ներս խուժեց։ Ծերունին փակեց աչքերը, խորը շունչ քաշեց․
- Լավ է։
Ճաշարանից սկուտեղի վրա բերեցի ընթրիքը։ Ծերունին պառկած տեղից քիչ վեր ձգվեց, հարմար հենվեց բարձին, բայց ձեռքերը շարունակեց ծածկոցի տակ պահել։ Մի երկու գդալ ուտելուց, թեյը խմելուց հետո, փակեց աչքերը․
- Բավական է, հեռացրու։
Երբ սկուտեղը ձեռքիս, պատրաստվում էի դուրս գալ, հարցրեց․
- Ի՞նչ ազգ ես։
- Հայ եմ,- պատասխանեցի կտրուկ։
- Հայ,- կրկնեց ու աչքերում անհանգիստ բան տեսա։
- Դժգո՞հ եք,- հեգնանքով հարցրեցի,- ես հայ եմ, դուք՝ թուրք, բայց ես ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը։
Ինձ թվաց, որ ծերունին ուր որէ կբղավի, ներս կմտնի բուժքույրն, ինձ դուրս կհրավիրի սենյակից, ու ես կկորցնեմ աշխատանքս։ Բայց նման բան տեղի չունեցավ։
- Անունդ ի՞նչ է,- հարցրեց։
- Սեդա,-պատասխանեցի, բայց զգացի, որ ձայնիս մեջ ընդգծված հեգնանք կար։
- Սեդա,- կրկնեց ծերունին, քիչ լռելուց հետո շարունակեց,- հորս երկրորդ կնոջ անունն էլ Սեդա էր։
- Հա՞յ էր։
- Հայ էր, ես ատում էի նրան ու նրանից ծնված եղբորս։
Ես հետ դարձա, սկուտեղը դրեցի փոքրիկ սեղանին։
- Ատում էիր, որովհետև հա՞յ էին։
- Ոչ,- հայացքը պատուհանից դուրս ուղղեց ծերունին։
Նույն պահին ներս մտավ բուժքույրը։ Ես վերցրեցի սկուտեղն ու արագ դուրս եկա։ Մինչև հաջորդ օրվա իմ հերթապահության ժամը, մտքերով թուրք ծերունու հետ էի։ Հետաքրքիր էր, կխոսե՞ր, կասե՞ր իր ատելության պատճառը։
Հաջորդ օրվա իմ հերթապահությունը համընկավ ճաշի ժամին։ Երբ մտա ծերունու սենյակ, թվաց, որ նա էլ սպասելիս է եղել ինձ։ Դեմքը գունատ էր, լարված, շրթունքները դողդողում էին։ Անխոս կերավ ճաշը, խմեց, բայց երբ ցանկացա սկուտեղը վերցնել, աչքերով սաստեց․
- Թող, թող առայժմ մնա, իսկ դու նստիր։
Հասկացա, խոսել էր ուզում:
Նստեցի։
- Երեկ դուք ասացիք, որ ատում էիք Ձեր հոր երկրորդ կնոջը, բայց ոչ նրա համար, որ նա հայ էր։
- Այո,- քիչ լռելուց հետո, սկսեց ծերունին,- ես այդ ժամանակ շատ փոքր էի, հազիվ 4-5 տարեկան, չգիտեի՝ հայն ո՞վ է, թուրքն ո՞վ է, իսկ Սեդայից ծնված եղբայրս ինձանից մի տարով փոքր էր։
- Ուրեմն՝ ո՞րն էր ատելության պատճառը,- հետաքրքրվեցի ես։
- Հայրս իր երկրորդ կնոջն ու նրանից ծնված տղային ավելի շատ էր սիրում, քան ինձ ու մորս, ինչն էլ պատճառ էր դարձել մորս տանջանքին, արցունքներին ու խանդին։Մայրս դարձել էր չար ու մռայլ, նա ամեն օր աղոթում էր, որ գյավուր Սեդան ու իր տղան մեռնեն, բնականաբար այդ ատելությունը նաև ինձ էր անցել։ Մենք մեծացանք, տարիների հետ մեծացավ նաև այդ ատելությունը։ Հայրս միշտ գովասանքի խոսքեր էր ասում դպրոցում լավ սովորող եղբորս հասցեին, իսկ ինձ միշտ խիստ դիտողություններ էին բաժին հասնում, Սեդայի հետ միշտ հանգիստ ու մեղմաձայն էր խոսում, նրան փող տալիս, իսկ մորս միշտ խեթում էր, կոպտում, հրում։ Մի խոսքով՝ ես ատում էի իմ արյունակից եղբորը։ Դպրոցից հետո հայրս նրան ուղարկեց եվրոպա՝ ուսումը շարունակելու, իսկ ես դարձա զինվորական, ամուսնացա, երեխաներ ունեցա։ Եվ ահա, այն օրերն էին, երբ մեր՝ թուրքական կառավարությունը որոշել էր հայերին վտարել, Թուրքիան մաքրել այդ խառնակիչ, դավաճան գյավուրներից։ Լուր եկավ, որ Պոլսի հայկական թաղերից մեկում Պողոս աղա անունով մեծահարուստը հրաժարվում է թողնել իր տունն ու ունեցվածը, հեռանալ Պոլսից։ Ես մի քանի ասկյարների հետ շտապեցի հայկական թաղամաս։
Ծերունին լռեց, քանի որ ներս եկավ բուժքույրն ու ես, վերցնելով սկուտեղը, արագ դուրս եկա, որ վերջինս չնկատի հուզմունքից արագացած իմ շնչառությունն ու կարմրատակած աչքերը։
Դուրս եկա։ Մինչև աշխատանքի ավարտն ու իմ տուն հասնելը, ինձ մի դար թվաց։ Հասա տուն ու անմիջապես հեռաձայնեցի մորս։
- Մայրիկ, դու պատմում էիր, որ քո մոր հայրական տունը Պոլսում եղել է հայկական թաղամասում, պապդ էլ եղել է մեծահարուստ Պողոս աղան։
- Այո, աղջիկս, պապս եղել է մեծահարուստ Պողոս աղան, բազմաթիվ խանութներ, նույնիսկ կարի արտել է ունեցել։ Մայրս ամուսնու ընտանիքի հետ ամերիկյան նավով հեռացել, փրկվել են, բայց հայրական ընտանիքի ճակատագրից այդպես էլ անտեղյակ է մնացել, մինչև կյանքի վերջին օրերը փնտրում էր եղբայրներին, բայց այդպես էլ, ոչ մի լուր չառավ նրանց մասին։
Հաջորդ երկու օրերը իմ հանդստյան օրերն էին, ես ծերանոց չգնացի։ Երրորդ օրը, երբ մտա թուրք ծերունու սենյակը, զգացի, որ ծերունին էլի սպասում էր ինձ։
- Ես գիտեմ, հասկացա, որ դու հենց այնպես չես հայտնվել այստեղ,- ուտելուց հետո ինձ դիմեց ծերունին,- քեզ Ալլահն է ուղարկել, որ մահից առաջ ես կարողանամ մաքրվել վերջապես այս արյունից։
Ես պապանձվել էի, ոչինչ չհարցրեցի, միայն լուռ նստեցի նրա կողքի աթոռին, աչքս ընկավ ծածկոցի տակ դողդղացող նրա ձեռքերին։
Ծերունին շարունակեց կիսատ թողած իր պատմությունը։
- Ասացի, որ մի քանի ասկյարների հետ շտապեցի հայկական թաղամաս։ Իրոք, Պողոս աղան իր երեք տղաների հետ փակվել էր մեծ, քարե տան առաջին հարկում գտնվող խանութում ու զենքով դիմադրություն էին ցույց տալիս մեր ասկյարներին։ Երեկոյան կողմը ներսից եկող կրակոցները պակասեցին։ Մենք որոշեցինք գրոհել։ Կոտրեցինք ծանր, փայտե դուռն ու ներս մտանք։ Պողոս աղայի ու երկու որդիների դիակները փռված էին գետնին, բայց երրորդ, վիրավոր որդին դեռ կենդանի էր։ Աչքս ընկավ այդ գյավուրի երեսին, ու ես ցնցվեցի։ Տղան շատ նման էր եղբորս՝ Սեդայի տղային։ Անսպասելի բարձրացավ, կոկորդիս հասավ եղբորս դեմ հավաքված ողջ ատելությունը, արհամարհանքը, ու ես ասացի ասկյարին․
- Մորթիր դրան, ես պիտի խմեմ էս գյավուրի արյունը։
Ասկյարը բռնեց չոքած տղայի մազերից, գլուխը հետ գցեց ու հաջորդ պահին նրա կտրված կոկորդից արյունը շատրվանի պես ցայտեց։ Ես ձեռքերս բուռ սարքեցի, պահեցի արյան տաք շիթի տակ, ագահորեն խմեցի այն, հետո արնոտ ձեռերս քսեցի դեմքիս ու․․․հանգստացա։ Հանգստացա՞, չէ, ես դեռ չգիտեի, որ հենց այդ պահից սկսվեց իմ կյանքի դաժանությունը, ինչն ուղեկցում է մինչ այս պահը, կշարունակվի ու միայն երևի գերեզմանում թերևս կհանգստանամ։
Լռեց։ ես քարացել, պապանձվել էի, բայց ծերունին շարունակեց, նա ուզում էր անպայման պատմել, վերջացնել իր պատմությունը, ավելի ճիշտ, նա շտապում էր՝ րոպե առաջ ազատվել իրեն տանջող պատմությունից, հավանաբար այդ պատճառով էր, անընդհատ աչքը դռանը պահում, որ հանկարծ բուժքույրը չհայտնվի։ Ոչ էլ նկատում էր, որ ես դողում էի ողջ մարմնով, արցունքները առվակի նման հոսում էին այտերովս ցած։
- Երեկոյան, երբ տուն գնացի, ողջ ընտանիքը հավաքված էր հացի սեղանի շուրջը։ Մայրս տեղից վեր թռավ, եկավ, համբուրեց ինձ, ասաց, որ արդեն լսել են, թե Պողոս աղայի տղայի հետ ինչ հաշվեհարդար եմ տեսել, ուրախ բացականչեց․  «գյավուրի արյունն է խմել, արյունը», ինձ ուղեկցեց սեղանի մոտ։ Սեղանի մյուս կողմում նստած Սեդան թեթևակի դարձավ մորս կողմն ու հեգնանքով նետեց․ «իմացանք, հրեն, ձեռքերը դեռ արյունոտ են»։ Այդ պահին ես ձեռքս մեկնել էի՝ հաց վերցնելու, անկախ ինձանից, աչքս ընկավ ձեռքիս ու ․․․օ՜, սարսափ, ես տեսա, որ ձեռքս արյունոտ էր, նայեցի, մյուս ձեռքս էլ էր արյունոտ։ Բայց չէ՞ որ ես խնամքով լվացվել էի, ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Արագ վեր կացա սեղանից, գնացի, նորից երկար ու խնամքով լվացվեցի։ Վերադարձա սեղանի մոտ, ձեռքս պարզեցի հացին, ու նորից ձեռքս արյունոտ էր։ Էլ ի՞նչ ասեմ, ահա, այդ պահից սկսվեցին իմ տառապանքները, ես չէի կարողանում դիպչել ուտելիքի, իմ աչքին ձեռքերս դառնում էին արյան մեջ թաթախված, ճիշտ այն օրվա պես, երբ ես խմեցի Պողոս աղայի տղայի արյունը։ Սկզբում տանեցիներից թաքցնում էի այդ երևույթը, բայց շուտով բոլորն իմացան, զարմացան, որովհետև իրենք չէին տեսնում այդ արյունը, նույնիսկ մտածեցին, որ ես խելագարվել եմ, թեև այդ միտքը ինձ էլ էր հաճախ այցելում։ Դիմեցի բժշկի։ սկզբում նա ինձ խորհուրդ տվեց՝ ճաշելիս ձեռնոց հագնել։ Ես այդպես էլ արեցի, բայց ավելի վատ, ձեռնոցի տակից դուրս էին գալիս արյան կաթիլներն ու կաթում իմ վերցրած հացի վրա։ Հետո բժիշկն ինձ ուղարկեց հոգեբույժի մոտ։ Պատմությունը լսելուց հետո, հոգեբույժը խորհուրդ տվեց՝ հեռանալ երկրից, գնալ օտար միջավայր, օտար երկիր, մոռանալ տեղի ունեցածը։ Ես հավաքեցի ընտանիքս ու եկա Ամերիկա։ Արդեն 35 տարի է, ապրում եմ Ամերիկայում, շփվել եմ տարբեր ազգի մարդկանց հետ, տարբեր աշխատանքներ կատարել, լավ գումար վաստակել, բիզնես դրել, որդիներ, թոռներ ամուսնացրել, և այդ բոլորը՝ արյունոտ ձեռքերով։ Մի քանի տարի առաջ, մետրոյի անցումում մի հնդկացի մուրացկան կին էր նստած։ Մոտեցա, հինգ դոլլարանոց դրեցի նրա թասի մեջ, անցա։ Հանկարծ կինը հետևիցս ձայն տվեց։ Հետ գնացի։ Հնդկացին ինձ մեկնեց իմ տված հինգ դոլլարանոցը, թե՝ հետ վերցրու, արյունոտ ձեռքից ինձ օգնություն պետք չէ։ Ես երկար, շփոթված ու քարացած կանգնել էի նրա դիմաց։ Կինը երևի հոգնեց իմ լուռ ներկայությունից, ասաց, թե՝ գնա, քեզ վրա անեծք կա, արդար անեծք, դու պետք է տառապես, հեռացիր իմ կողքից։
Այո, այդ հորս երկրորդ կնոջ՝ հայուհի Սեդայի անեծքն էր, ես միայն այդ պահին հիշեցի ու հասկացա դա։ Ահա, իմ ազգի վրա էլ մի ողջ հայ ժողովրդի անեծքն է ծանրացած, արդար անեծքը։ Ալլահը տեսել է իմ ժողովրդի արածը, նա չի ներում մեզ։
2.
Երեք օր անց, ծերունին մահացավ։ Մինչ մահանալը, երեք օր շարունակ, ես նրա ուտելիքին խառնում էի իմ աղի արտասուքը, իմ խեղճ քեռիների, իմ ընտանիքի, իմ ողջ հայ ազգի դառնությունը, տանջանքն ու տառապանքը, լացն ու կականը, գդալ առ գդալ կերակրում էի թուրք ծերունուն։ Նա չդիմացավ, մահացավ։
 
 

ԹՈՒՐՔ ՀԱՐԵՎԱՆԸ

Արթնացավ պատուհանագոգին կաթիլների տկտկոցից ու գուշակեց, որ անձրևը ողջ գիշեր չէր դադարել: Ձգվեց դեպի պատուհանը: Երկինքը գորշ էր, մռայլ: Մի տհաճ զգացում անցավ մարմնով: Հիշեց, որ երեկոյան թուրք հարևանի կինն էր մահացել: Երիտասարդ կին էր՝ միշտ գլխաշորով: Մի երկու անգամ հանդիպել էին վերելակում, գլխով թեթևակի իրար բարևել: Նրանք վերջերս էին տեղափոխվել այս բնակարան, ոչ ոքի հետ չէին շփվում: Ներսից եկող երաժշտությունից, նաև միջանցքում երբեմն եղած խոսակցությունից էր գուշակել, որ թուրքեր են: Ամուսնուն երբեք չէր տեսել, միայն ձայնն էր լսել, իսկ երեխաներ կարծես, թե չկային:
Ալարկոտ հագնվեց, պետք է խանութ գնար: Չհարմարվեց այս ամերիկյան ապրելակերպին, առանց հացի յոլա չի գնում: Միջանցքում մի քանի անծանոթ տղամարդիկ ծխում էին, հարևանի դուռը բաց էր: Երևի մահացածի հարազատներն են: Առանց նրանց կողմը նայելու՝ արագ իջավ աստիճաններով: Երբ վերադարձավ, միջանցքը դատարկ էր, հարևանի դուռը՝ փակ: Մի թուրք էլ հեռացավ աշխարհից՝ անցավ մտքով ու մոռացավ հարևանին:
Շատ օրեր ձգվող անձրևը արդեն ազդում էր նյարդերին: Հիշեց, որ այն սկսվել էր հարևանի կնոջ մահվան օրը: Մեկ ամսից ավելի է անցել, ու անձրևը շարունակում է գալ: Երեկոյան հրավիրված է ընկերուհու տուն: Հարկավոր է պատրաստվել, այնտեղ ուրիշ հյուրեր էլ են լինելու, բացի այդ, ընկերուհին ասաց, որ անակնկալ ունի: Դռան թակոցը կտրեց մտքերից: Ոչ ոքի չէր սպասում: Հավանաբար, մյուս հարևաններից մեկն է կամ շենքի իսպանացի լիազորը, որը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե այս հայաստանցի կինը ինչու չի ցանկանում մշտական բնակություն հաստատել Ամերիկայի նման դրախտային երկրում և օրերն է հաշվում, թե՝ երբ պիտի լրանա պայմանագրի ժամկետը, որ ինքը վերադառնա իր Հայաստանը: Բայց ոչ ծանոթ հարևաններից մեկն էր, ոչ էլ իսպանացի լիազորը, անծանոթ մի մարդ էր:
-ներեցեք, ես ձեր դիմացի հարևանն եմ, կարելի՞ է մի բան խնդրել, - անգլերենի շեշտված առոգանությամբ ասաց տղամարդը:
Մահացած կնոջ թուրք ամուսինն է, իսկույն անցավ մտքով:
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
-Կարելի՞ է խնդրել ձեր արդուկը, ես կարևոր հանդիպում ունեմ, բայց մեր արդուկը չեմ գտնում, կնոջս մահից հետո ամեն ինչ տակնուվրա է եղել:
-Սպասեք, հիմա կբերեմ, - հետո ավելացրեց, - բայց խնդրում եմ, շուտ վերադարձրեք, որովհետև ինձ նույնպես պետք է:
Երբ տղամարդը վերադարձրեց, անկախ իրենից, հոտ քաշեց արդուկից: Չէ, թուրքի հոտ չէր գալիս, քթի տակ արածի վրա ծիծաղեց:
Ընկերուհու տունը այնքան էլ հեռու չէր, ընդամենը երկու փողոց այն կողմ: Ընկերուհին ուրախացավ իր տարած ծաղիկների ու կոնֆետների համար, խնդրեց խոհանոցում իրեն օգնել, մինչև մյուս հյուրերի գալը:
- Այդ ի՞նչ անակնկալ ես պատրաստել, - չհամբերեց ու հարցրեց:
- Օ՜, իսկապես հետաքրքիր անակնկալ է, հիմա չեմ ասի, կհավաքվենք նոր:
Էլ չստիպեց, թող այդպես լինի: Քիչ հետո եկան ծանոթ ամուսինները, որոնք մի քանի օր առաջ էին վերադարձել Երևանից: Ինքը այդ ամուսիններին այնքան էլ չէր հավանում, տանել չէր կարողանում նրանց քաղքենի պահվածքը, կեղծ հայրենասիրական վերամբարձ ճառերը: Այ, հիմա էլ, փոքրիկ տոպրակ հանեցին, երկյուղածորեն բացեցին, ու ամուսինը պաթետիկ ձայնով դարձավ իրեն.
- Համեցեք, խոնարվեցեք, համբուրեցեք: Հայրենիքից մի բուռ սուրբ հող եմ բերել:
Հազիվ իրեն զսպեց, որ չասի՝ տո, այ սուտ հայրենասեր, հայրենիքիդ հողը սրբացնող էիր, չգայիր ամերիկյան դատարանում հայրենիքիդ դեմ դատ բացեիր՝ կեղծ վկայություններով, հոգիդ վաճառելով՝ ամերիկյան քաղաքացիություն չստանայիր: Հիմա եկել, էս ի՜նչ թատրոն ես խաղում, թե՝ հայրենիքից մի բուռ սուրբ հող եմ բերել: Սրտնեղված նայեց ընկերուհու կողմը՝ ա՞յս էր քո անակնկալը: Նույն պահին էլ հնչեց դռան զանգը: Ընկերուհին բաց արեց դուռն ու անգլերենով ուրախ բացականչեց.
- Ահա և Սայիդն էլ եկավ: Համեցիր Սայիդ, Ներս արի և ծանոթացիր իմ ու նաև՝ արդեն քո բարեկամների հետ:
Աչքերի առջև մի պահ մշուշվեց, թվաց, լավ չի տեսնում իրեն մոտեցող տղամարդուն: Աստված իմ, իր թուրք հարևանն է, որ առավոտյան արդուկ խնդրեց:
- Դու՞ք, - ոչ պակաս շփոթվեց նաև թուրք հարևանը:
- Դուք իրար գիտե՞ք, - ուրախ զարմանքով բացականչեց ընկերուհին:
Ինքը շփոթված կանգնել ու չի նկատում հարևանի պարզած ձեռքը:
- Կներեք, ես կարծես վատ եմ զգում, գնամ ջուր խմեմ, - ասաց ու գնաց խոհանոց:
- Քեզ ի՞նչ պատահեց, - հետևից եկավ ընկերուհին, - դու Սայիդին ճանաչու՞մ ես:
Զարմացած նայեց ընկերուհու երեսին:
- Բայց նա իմ թուրք հարևանն է, որի կինը վերջերս մահացել էր, ես քեզ ասել էի այդ մասին: Իմ թուրք հարևանն է, թուրք հարևանը, - կրկնեվ նյարդացած:
Բայց այս ի՞նչ է, ընկերուհին ժպտում է, հիմարի տե՞ղ է իրեն դրել, ինչ է:
- Ա՜յ, հենց այս էլ այն անակնկալն է, որի մասին ասել եմ քեզ, - ասաց ու ձեռքից քաշելով՝ իրեն սենյակ տարավ:
- Բարեկամներ, Սայիդը թուրք չէ, նա ընդամենը վերջերս է իմացել, որ ինքը հայ է: Այդքան տարիներ ծնողները ապրելով թուրքիայի Բուրսա քաղաքում, շրջապատից խնամքով թաքցրել են իրենց հայ լինելը: Սայիդի հայրը մեռնելուց առաջ Բուրսայից նամակ է ուղարկել որդուն, որտեղ մանրամասն գրել է իրենց արմատների մասին, որ իրենց պապը Բուրսա է տեղափոխվել Մշո գավառի Գվարս գյուղից: Խնդրել է որդուն՝ քրիստոնեություն ընդունել և վերադառնալ իր արմատներին, այլևս երբեք չվերադառնալ Թուրքիա: Նամակը ստացել է Սայիդի թուրք կինը և երկու տարի ամուսնուց թաքցրել է այն, վախենալով, որ Սայիդը երբ իմանա ճշմարտությունը, կհեռանա իրենից: Բայց մահվանից առաջ, խղճի խայթ զգալով, տվել է նամակը ամուսնուն, խնդրել՝ ներել իրեն:
Ընկերուհու ձայնը կարծես հեռվից է հասնում ականջներին, տեր աստված, այս ի՜նչ պատմություն է, ինչ ողբերգություն:
- Հիմա Սայիդը որոշել է հայերեն սովորել և նոր միայն քրիստոնեություն ընդունել, որպեսզի Հայր Մերը կարողանա մայրենի լեզվով ասել: - Շարունակեց ընկերուհին՝ փարվելով իրեն, - ահա ես էլ որոշեցի Սայիդին ծանոթացնել Հայաստանից Նյու Յորքի հայկական կիրակնօրյա դպրոց գործուղված, իմ սիրելի ընկերուհի, քեզ հետ, և միասին խնդրել քեզ, որ նրան հայերեն խոսել սովորեցնես, Մայրենի լեզու պարապես, որ կատարվի Սայիդի հոր կտակը ու երազանքը՝ Սայիդը իսկական ՀԱՅ դառնա:
 
 
 
 
ՏԱՏԻՍ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

Կապուտ ախպուրը

Վաաայ, դու չգիտե՞ս մեր Կապուտ ախպրի տեղը։ Հիմի ես քեզ կասեմ։ Ուրեմն՝ Կոշ գյուղը գիտե՞ս, էն որ Թալինի, Գյումրվա ճամփին ա, հա, հենց էդ Կոշ գյուղի միջով կթեքվես աջ, ուղիղ կեթաս դեպի Ալագյազ։ Կոշա վանքը կանցնես, Կոշա բերդը կանցնես, կմտնես ձորը, ձորով կեթաս։ Հա, թե գարուն վախտ կեթաս, ճամփեն ծաղիկ-ծաղկունքով ա, շուշան-սմբուլով ա, թռչունների երգ ու տաղով ա, ճամփեն ընենց կանցնես, խաբար չես էղնի։ Թե ամառ վախտով կեթաս, ճամփեն քար ու քռա ա, փուշ ու տատասկ ա, օձ ու կարիճ ա։ Մանավանդ, էն Յոթ դռնանի զաղի (քարանձավ) մոտ շաաաատ զգուշ կեթաս, զաղեն լիքը օձ կա։ Ձորով կեթաս-կեթաս, ձախի վրա իրար կողքի մի քանի պստիկ զաղեք կան։ Կմտնես էդ զաղեքը, տես, իմացի, որ մի քառասուն պորտ առաջ, էդտեղ հայ ա ապրե։ Զաղա, էն էլ՝ ինչ զաղա, պատերը տաշած, սվաղած, հա, բա ո՞նց, սվաղած, զաղի մեջտեղում էլ թունդիրը, ճիշտ ա, հողով հիմի լցրած ա, բայց էդ հողը, թե հանվի, մաքրվի, թունդիրում էսօր էլ կարաս լավաշ թխես, հա, հա, բալա ջան, էսօր էլ կարաս կրակ անես, լավաշ թխես։ Զաղեքը տեսա՞ր, դե, գնա առաջ։ Քիչ էլ, որ կեթաս, Կուզ մամեի քարը կտենաս։ Ի՞նչ ասեմ, բալա, Կուզ մամեն մեեեեծ քար ա, հեռվից նայես, կասես՝ կռացած, մեջքին կուզ դրած պառավ ա, ժողովուրդն էլ էդ նմանությամբ քարի անունը դրել ա Կուզ մամե։ Է՜, բալա, մեր վախտով, որ ջահել տղու սիրտը աղջկա վրեն ճղփար, աղջկան կկանչեր Կուզ մամեի մոտ՝ թաքուն խոսալու։ Մեր գյուղի սաղ ջահելների գաղտնիքները Կուզ մամեն գիտեր, ու էդ գաղտնիքները իրա մեջ կպահեր, մարդ չէր իմանա։ Հե՜յ գիդի, հունձ անելուց, կեսօրվա ճաշի ժամին, ինչքա՜ն ենք նստե Կուզ մամեի հովին, մածնաբրդոշ կերե, հետո երգերի շարան սկսե, գյովընդ բռնե։ Գյովընդի գլոխ միշտ Նազիկն էր, շատ սիրուն էր Նազիկը, շա՜տ, շիմշատ բոյ ուներ, լուսե՝ աչք-ունք, էրկու հուսերը կիջնեին մինչև կրունկները, Դավոն ի՞նչ աներ, ո՞նց դիմանար, որ չսիրահարվեր, Նազիկի սիրուց չխելռեր։ Չէ, բալա, ես Կուզ մամեի մոտ սեր-սեր չեմ խաղացե, բայց իմ պսիկ քուր խաղացել ա, իրա մուրազին էլ հասել ա։
* Հենց հասար Կուզ մամեին, մեր գյուղը կերևա։ Հաա-հա, Արագածոտնի Ավան գյուղը, ուր արդեն իրեք պորտ ա, որ մշեցիներ ու գվարսեցիներ են ապրում, մի երկու դաշտադեմցի ընտանիք էլ կան։ Քիչ էլ կեթաս, բայց գյուղ չես մտնի, ձախի վրա մի կանաչ, ծաղկավոր իզ կտենաս, իզը կբռնես ու կեթաս, իզը քեզ կտանի, կհասցնի մեր Կապուտ ախբրին։ Պահ, պահ, պահ, հըլա ասա՝ Կապուտ ախպուր։ Չէ՜, աշխարհի վրա էլ ուրիշ տեղ չկա Կապուտ ախպուր, չկա ըտենց սառը, համով, անմահական ջուր, որ համ էլ հիվանդի դեղ ու բալասան ա, ծարավ, կարոտ, սիրող սրտի հովանք ա, աշուղների երգ ու տաղի ախպուր ա։ Բլթբլթալով ջուրը կելնի գետնի տակից, քարերի արանքով կթափվի իրա բացած գուռը։ Ձմեռվա ցրտին, որ չորս բոլորը ձունը ծածկի, քարերից սառցի լուլեքը կկախվեն, ջրի համար հեչ, էլի բխկալով գետնից դուս կգա։ Ամառը, որ արտ ու արոտ արևից կխանձվեն, կվառեն-կթափեն, չորս բոլորը կամայանա, կծածկվի փուշ ու տատասկով, Կապուտ ախպրի չորս բոլորը թավիշ կանաչ կմնա, ծաղիկ-ծաղկունք կմնա, հազար գույնի թիթեռ կխաղա էդ ծաղիկ-ծաղկունքի մեջ։ Հա, էն կեսօրվա շոգին իմ ափոյի կնիկ Սալբին իրանց կտուրից ձեն կտար՝ ախչի, Արեգնազ, ափոդ ասում ա՝ մի էս կուժը տար խփի Կապուտ ախպրի գլխին, արի, ծարավ մեռանք։ Ես ափոյիս կնկա ձեռից վերցնում էի ջրի կուժը, ոտաբոբիկ վազում Կապուտ ախպուր։ Կուժը դնում էի ախպրի ակի տակ, որ լա՜վ սառի, ես մտնում էի ջուրը, ձեռքերս սեղմած, սկսում էի հաշվել՝ մեկ, էրկու, իրեք, չորս, հինգ․․․․ Մինչև տասը դիմանում էի սառը ջրի մեջ ու դուրս թռնում, բայց իմ դասարանցի Վարսոն ու Նոյեմը յոթից էին դուրս թռնում, տասին չէին հասնում։ Բա, էդ սառը ջրին դիմանալ կլինի՞։ Ախպրից տուն կգայի, իմ Շուշան մերը հենց կնայեր ճաքճքած ոտերիս, կբարկանար, թե՝ ախչի, դու էլի՞ ես մտել Կապուտ աղբրի սառը ջրերը։ Իմ մեր Շուշանն ասում էր՝ Էս Կապուտ աղբրի անունը գվարսեցիներն են իրանց հետ էրգրից բերել, էնտեղ էլ ճիշտ սրա նման ախպուր ա եղել իրանց գյուղի տակը, անունն էլ՝ Կապուտ ախպուր, բայց էն Կապուտ ախպուրը խռովեց, դարդից չորացավ, ցամաքեց։ Հիմի ասեմ, թե ինչի։
Թուրքերը կլցվեն Գվարս, կեթան գյուղի ռեսի՝ իմ ափո Կարոյի մոտ, թե մեզի էսքան զինվորացու էլի պիտի տաս։ Ափոս կասի՝ գեղը զինվորացու չի մնացե, էն մատղաշ տղեքին էլ տարել եք, թուրքերը, թե՝ չէ, Կարո, խաբար ենք առե, որ դու քո գեղի տղեքին աղջկա շոր կհագցնես, կպահես մեր աչքից, գեղիդ սաղ աղջկերքին բեր, շարի մեր դեմ, ստուգենք։ Ափո Կարոս կհասկանա սրանց մտքինը, նշան կանի պուճուր ախպորը, էս թուրքերին հենց օթախի մեջ կսպանեն, գիշերը կհանեն, կտանեն բախչի գլխին կհորեն, որ մարդ չիմանա։ Ի՞նչ մարդ չիմանա, տան քուրդ հոտաղը՝ լալ ու կյառ Հասոն, կտենա, կեթա Մուշ, խաբարը կհասցնի թուրքի գլխավորին։ Էրկու օր հետո, թուրքի գլխավորը զորքով կգա Գվարս, հանել կտա սպանված թուրքերի լեշերը, իմ ափո Կարոյին ու գեղի էլի էրկու տղամարդու մորթել կտա հենց Կապուտ ախպրի ջրի վրեն, արունները կխառնվի ախպրի ջրին, կեթա, կեթա, թուրքն էլ կկռանա, իրա արնոտ ձեռները կլվա ախպրի ջրով։ Խեղճ Կապուտ ախպուր, էլ ո՞նց կդիմանար, դարդից ներս քաշեց իրա ջրերը, աշխարհքից խռովեց, ցամաքեց, գնաց, կորավ։
***Իմ հեր Ռուբենին 1937 թվին սրտամեռ Ստալինի հրամանով գնդակահարեցին, գյուղում սկսեցին քչփչալ, թե Ռուբենի կնկան՝ Շուշանին ու իրա վեցը էրեխեքին կաքսորեն Սիբիր։ Մերս մի օր մոմ ճարեց, մեզ էլ գցեց առաջն ու էդ ձմեռվա բուք-բորանին, գնացինք Կապուտ ախպուր։ Ամեն մեկիս ձեռը մի-մի մոմ տվեց, վառեցինք, կպցրեցինք Կապուտ ախպրի մեծ քարին։ Մերս խնդրանք-աղաչանք արեց, որ Կապուտ ախպուրը պահապան դառնա, իրա վեց մանդր հացակերներին չաքսորեն Սիբիր։ Մորս աղաչանքը տեղ հասավ, մեզ Սիբիր չաքսորեցին, ու էդ օրվանից, մերս ամեն տարի, մինչև մեռնելը, ձունը կտրում, հասնում էր, Կապուտ ախպրի քարին մոմ վառում։ Բա, բալա, Կապուտ ախպուրը զորավոր ա, մեռնեմ իրա զորությանը։
Դե, գնացեք, իմ ասած ճամփով գնացեք։ Հետներդ, չմոռանաք, մոմ կտանեք, կվառեք, ջուր կխմեք, մուրազ կպահեք, կգաք։
Կապուտ ախպուրը թող տա ձեր մուրազ։