Ռաբինդրանաթ Թագոր / ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

28.01.2015 22:45




Համաշխարհային մշակույթի (և ոչ միայն) պատմության մեջ սակավ են այն անհատները, ովքեր դարձել են իրենց ծնած ժողովրդի խորհրդանիշը: Սակավ են, քանզի <<սակավ են ընտրեալք>>, թեև <<բազում են կոչեցեալք>>:
1913 թվականին, երբ Թագորը, ասիական աշխարհամասի՝ ազգերի և ցեղերի այդ խառնարանի գրողներից առաջինը, զրնգուն հանգ ու վանկով բանաստեղծությունների <<Գիթանջալի>> (<<Զոհաբերության երգեր>>) փոքրիկ ժողովածուի համար ( իր իսկ արձակ թարգմանությամբ), արժանացավ Նոբելյան մրցանակի, Հնդկական թերակղզու սահմաններից դուրս քչերը գիտեին բենգալ ժողովրդի նույնիսկ անունը: Ավելին՝ լեզուների և կրոնների օրորան Հնդկաստանը շատերին ներկայանում էր որպես մարդկության հեքիաթային անցյալին պատկանող հեռավոր մի երկրամաս:
Թվում էր, թե Թագորն ստեղծել է իր գլուխգործոցը, մինչդեռ <<Գիթանջալին>> եղավ նրա համաշխարհային փառքի սկզբնավորման հանգրվաններից մեկը միայն:
Մեծ մարդասերը ապրեց երկար, ստեղծեց գրական, փիլիսոփայական, լեզվաբանական, երաժշտական, գեղանկարչական անհաշիվ գործեր, մարմնավորելով ոչ միայն իր հայրենիքի, այլև բովանդակ <<Արթնացող արևելքի>> ստեղծագործական հանճարը, մի հանճար, ով իր ընդգրկումներով վաղուց անկորնչելի իր տեղն է հաստատել եվրոպական վերածննդի հսկաների փաղանգում:
Այսօր էլ, ծննդից ավելի քան մեկուկես դար անց և մահվանից յոթ տասնամյակ հետո, Թագորն աշխարհում ամենաշատ հրատարակվող բանաստեղծներից է, ում ստեղծագործությունները վերարծարծված են քաղաքակիրթ գրեթե բոլոր ժողովուրդների լեզուներով:
Ներկայացվող գործերը քաղված են Թագորի տարբեր բանաստեղծական ժողովածուներից և այլ հեղինակների կողմից թարգմանված չեն եղել: 


Գագիկ Դավթյան

Գագիկ Դավթյան թարգմանությունները մեր ընթերցողին ենք ներկայացնում  «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»-Գրական հանդեսի  ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում:

Ռաբինդրանաթ Տագորը հնդիկ հռչակավոր բանաստեղծ և հրապարակախոս է։ Ծնվել է 1861թվականի մայիսի 7 -ին'   Կալկաթա քաղաքում, ազնվականի ընտանիքում։ Եղել է ընտանիքի 14-րդ երեխան: Սկսել է ստեղծագործել դեռ պատանի հասակում։ Արդեն իր առաջին պատմվածքը տպագրելուց հետո նրան սկսեցին կոչել Բենգալի տաղանդավոր գրող։
Նրա ստեղծագործությունների հիմնական Ժանրը լիրիկական է, որը զգացվում է թե արձակ, թե դրամատիկական ստեղծագործությունների մեջ։ Երիտասարդ հասակում գրած ստեղծագործությունները կրում էին Վիշնուինյան լիրիկայի խոր ազդեցությունը։ Վիշնուինյան գրականությունը միջնադարյան բենգալյան գրականությունն է՝ կապված Վիշնու աստծու պաշտամունքի հետ։ Գրականության մեջ իշխում էր սիրո գաղափարը։ Նա փորձել է իր ստեղծագործություններն ազատել սանսկրիտիզմի ծանրաբեռնվածությունից։ Նրան համարում են Բենգալի գրական լեզվի հիմնադիրը։
Ընտանիքում չէին գնահատում Թագորի գրական հակումները, և հայրը նրան ուղարկում է սովորելու Լոնդոնի համալսարան, ուր նա զբաղվել է իրավագիտությամբ։ Չստանալով իրավաբանի դիպլոմ, Թագորը վերադառնում է հայրենիք։
Թագորն ամուսնացել է 1883-ին ունեցել հինգ զավակ։ Կինը՝ Մրինալինի Դեբին, զուգահեռաբար սովորել և դարձել է իր ժամանակի ամենազարգացած կանանցից մեկը։ Նա է հնդկերենից անգլերեն թարգմանել «Ռամայանա» էպոսը։
 
1901-ին Թագորը հինգ ուսուցիչներով բացել է սեփական դպրոց։
 
1902-ին վախճանվել են կինը, ապա՝ երկու երեխաները։ 1907-ին, հոր մահից հետո, Թագորը դարձել է հոր հարուստ կալվածքի տերը։
Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1913): Այս  մրցանակը մի քանի ամիս հետո Թագորին է հանձնել Հնդկաստանի Գեներալ-նահանգապետը։
 
Մրցանակի դրամական մասը մեծ գրողը զոհաբերել է իր հիմնած դպրոցի զարգացման ու կատարելագործման նպատակին, որի հիմքի վրա էլ ստեղծվել է անվճար սովորողների համար համալսարան։
 
1915-ին Անգլիայի թագավորից Թագորը ստացել է ասպետական կչում։ Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի աստիճան։
 
Թագորը շատ է ճանապարհորդել, եղել է Եվրոպայի շատ քաղաքներում, Ճապոնիայում, Չինաստանում, Ամերիկայում։ 1930-ին եղել է ԽՍՀՄ-ում։ 1931-ին լույս է տեսել Թագորի «Նամակներ Ռուսաստանի մասին» ակնարկաշարը։
 
1911-ին գրած «Ժողովրդի ոգին» բանաստեղծությունը դարձել է Հնդկաստանի ազգային օրհներգը։
 
Կյանքի վերջին տարիներին Թագորը ապրել է Կալկաթայի մոտ՝ իր հայրական կալվածքում և գրել է հիմնականում փիլիսոփայական շնչով գրական ստեղծագործություններ։ Մեծ գրողն ապրեց 80 տարիուց քիչ ավելի , վախճանվել է 1941 թվականի օգոստոսի 7-ին:
 
Թագորի ստեղծագործությունները հայերեն թարգմանվել են 1913-ից։