Վարդինե Իսահակյան/պատմվածքներ

06.06.2020 12:49
Վարդինեն` իր մասին
«Իմ արմատները սկիզբ են առնում հեռավոր մի բնակավայրից՝ բարձրադիր լեռների մեջ ծվարած Արցախ աշխարհից /Գանձասար/։
Ստեղծագործել սիրել եմ վաղ հասակից։ Եվ հենց դա էլ խթան հանդիսացավ ուսանելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Տարիների ընթացքում իմ գրած հոդվածները, ակնարկները և գեղարվեստական պատմվածքներն ամփոփված  են իմ անդրանիկ ժողովածուի մեջ՝ «Ցնորքից մինչև իրականություն» վերնագրով:
Գիրքը բաղկացած է ուշագրավ խորագրերից. «Ճակատագրեր» խորագրի ներքո ներկայացված ակնարկները նոր ժամանակների մարդու հոգեկան խռովքն են արտահայտում, պարզ կարոտը, սերը՝ որպես էություն, գոյության բացառիկ իմաստ, օտարումը ընտանիքից՝ որպես ցանկամոլության իրական քաոսի սկզբնավորում, մղձավանջային ցնորք: «Չբացված արշալույսներ» խորագրի ներքո ներկայացված են Արցախյան գոյապայքարին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հերոսապատումները, պատերազմն ապրածների հիշողությունները, հայոց եզերքի անառիկ պաշտպանությունն իրենց իրական կոչումը համարող դիրքապահ սպայի ու զինվորի առօրյայի մասին պատմող հրապարակումները։
Հեղինակն եմ հայոց ցեղասպանությունը վերապրած և հազարավոր հայ որբերի փրկությունն իր առաքելությունը համարած հերոսուհուն՝ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին և 1992 թվականին Մարաղա հայկական բնակավայրում ադրբեջանցիների կողմից իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին ձոնված հոդվածների, ինչպես նաև Կիպրոսի պատմական «Մելգոնեան» վարժարանի մասին «Լույսի տաճարը» վերնագրով հոդվածի, որը պատմում է Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրների նվիրատվությամբ հիմնված Մելգոնեան կրթահամալիրի շուրջ ութ տասնամյա գործունեության, Սփյուռքում հայեցի կրթության ապահովման և վերջին տարիների խնդիրների մասին։
Վերջին շրջանում ծնված «Մեր սերունդը սիրել չհասցրեց» էսսեն հրապարակվել է Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթի՝ «Գրական թերթի» կայքէջում, իսկ «Փրկավարձը» պատմվածքը Զանգակ հրատարակչության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում հրապարակվել է հրատարակչության կայքէջում»։
 
Ավելացնենք, որ Վարդինեի առաջին երկու պատմվածքները առաջին անգամ հրապարակվում են «Նիդերլանդական օրագրի» գրական հավելվածում` «Բուժքույրը» և «Փրկավարձը»
 
 Վերջինս ծնվեց այն օրերին, երբ «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում`  կորոնա վիրուսի ողջ աշխարհում  ահագնացող ցուցանիշների օրերին, ելույթ ունեցավ հայազգի բժիշկ  Գոռ Խաչիկյանը և հուզիչ  մի պատմություն պատմեց հոլանդացու մասին: 
Պացիենտը լսել էր, որ ծանր հիվանդներին վերջին պահին թողնում են միայնակ, որպեսզի չվտանգեն այցելող հարազատների կյանքը: Հիվանդանոց մեկնելուց առաջ պացիենտը հիվանդանոց էր եկել 3000 եվրո գումար ձեռքին: Նա կանչել էր բժշկին ու քույրերին,  խոստացել, որ այս գումարը նրանց է տալու այն բանի  համար, որ եթե  վիճակը  վատ  լինի` իրեն մենակ չթողնեն, քանզի ավելի շատ միայնությունից ու անտարբերությունից է ավելի շատ  վախենում:
 

ՓՐԿԱՎԱՐՁԸ

(Պատմվածք)
SARS–COV–2–ի սփռած տագնապն ամենուր էր։ Այդպիսի համաճարակ վաղուց էր՝ մարդկությունը չէր տեսել։ Թագն էր նրա դրոշը, իսկ դրոշմը՝ խուճապը, տենդը, շնչարգելությունը, փակ սահմանները… Կոկորդի ցավ, ջերմություն՝ սրանք էին հիվանդության ախտանշանները։ Թոքաբորբն այն նզովքն էր, որը կարող էր գամել հիվանդին անկողնուն և երկար ժամանակ զրկել արևի ջերմությունից։ Վարակը փոխանցվում էր օդակաթիլային ճանապարհով, վարակակիր մակերևույթին հպվելիս։ Վարակ կորոնան մարտահրավեր էր նետել։ Համաճարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի պարետը նամակներ էր ուղարկում քաղաքացիներին՝ հորդորելով մնալ տանը։ Չնայած այդ ամենին՝ տարիքավոր, բարձրահասակ, ալեխառն մազերով Հենրի Չպուգքյարյանը, վերցնելով լայնեզր գլխարկը, դուրս եկավ երեկոյան զբոսանքի։ Աչքերը խունացած էին, դռնապանը հարցրեց նրա առողջական վիճակի մասին, պարոն Հենրին կարկամած պատասխանեց.
— Շնորհակալություն, լավ եմ, եթե հնարավոր է այս օրերին լավ լինել առհասարակ։
Անձրևը դժգույնով էր ներկել բակ ու տանիք։ Քաղաքի լույսերն արտացոլվում էին ջրափոսերի մեջ և յուրօրինակ գունապնակ ստեղծում։ Վաղեմի սովորություն էր անձրևից հետո հայտնվել դատարկ փողոցներում և մաքուր օդ շնչել։ Հենրին հագնում էր երկար պլաշը, որ տարիներ առաջ արտասահմանյան գործուղման ժամանակ էր ձեռք բերել, դնում իր յոթանասունամյակի առթիվ լուսահոգի կնոջ նվիրած լայնեզր գլխարկը, վերցնում նախշազարդ ձեռնափայտը և տարտամ քայլերով անցնում նեղլիկ փողոցներով։ Համաճարակը փակել էր մարդկանց վախի ու կասկածի ոստայնի մեջ: Շատերը նստել էին տանը և կենդանական անհոգ կյանք էին վարում։ Մինչդեռ բազմոցին գամված անշարժ կենսակերպը հյուծել էր Հենրի Չպուգքյարյանի ծեր մարմինը։ Նա, որ գարնան արևի ջերմություն էր սիրում, արևի կարոտ էր մնացել։ «Բանտարկյալի կյանք է տո»,— փնթփնթում էր՝ ոտնամանները քարշ տալով անցնելով հյուրասենյակից խոհանոց՝ ի վերջո որոշելով երեկոյան զբոսանքներից չզրկել իրեն։ Նա սովոր էր առավոտյան քայլել պուրակում, վարժություններ անել։ Իսկ երբ տնային կենդանիների հետ այգում զբոսնող մարդկանց էր հանդիպում, հաճախ մտածում էր. « Գուցե մի շուն պահեմ, առավոտյան ես էլ զբոսանքի կտանեմ, ավելի շատ կշարժվեմ, մենակությունս փարատող ընկեր կլինի» ։ Բայց նույն պահին, երբ աչքի առջև պատկերանում էին կենդանու խնամքի դժվարությունները, մաքրակենցաղ պարոն Հենրին զգալի երկմտում էր։
Եվ այդպես հայրենադարձ Հենրի Չպուգքյարյանը ապրում էր մի երկրում, որտեղ հայտնվել էր կյանքի վերջին տարիներին։ Սիրելի կնոջ վաղաժամ մահից հետո մնացել էր լիովին միայնակ։ Հայրենիք վերադառնալու հեռանկարը ոգևորում էր նրան, թեպետ այստեղ այնքան էլ շատ հարազատներ չուներ. երկու քույրերն իրենց ընտանիքներով վաղուց էին տեղափոխվել Միացյալ նահանգներ, եղբոր մահից հետո եղբորորդին իր ընտանիքով հեռացել էր հայրենիքից՝ բնակություն հաստատելով Շվեդիայում։ Մի քանի հեռավոր ազգականների հետ Հենրին երբեմն տեսազանգի միջոցով էր խոսում. այցելություններն աստիճանաբար նվազել էին, յուրաքանչյուրն իր կյանքով էր ապրում։
Պարոն Հենրին, որ շրջադարձերով լի կյանքի ընթացքում բարձր պաշտոններ էր զբաղեցրել, կարողացել էր իր համար անհոգ ծերություն ապահովել։ Նա պակասություն չէր ունենում առօրյա ծախսերը հոգալու, մինչդեռ կյանքի ռիթմը միապաղաղ էր, ծեր սրտին վաղուց էր՝ թրթիռ մոտ չէր գալիս։ Վաղանցիկ էին հրապուրանքները. քաղաքի կենտրոնում գտնվող նրա բնակարանին և խնայողություններին տիրանալու մղումն էր առինքնում տեղաբնակ կանանց։ Նրանք սեր և հոգատարություն էին ի ցույց դնում, մինչդեռ խորաթափանց ծերունու փորձառությունն օգնում էր ավելին կռահելու։ Ոչ ոք չէր փորձում հագուրդ տալ ծեր սրտի նվիրական փափագներին, թափանցել հոգու խորքում խնամքով թաքցրած աշխարհ։ Պարոն Հենրին փարթամ կրծքեր էր սիրում, երիտասարդ մարմին, նրան չէին հրապուրում հասուն կանայք, ովքեր ընկղմված էին ընտանեկան խնդիրների մեջ։ Անշահախնդիր մտերմության փնտրտուքով նա տակավին մենակ էր նստում ընթրիքի սեղանի շուրջ։ Երբեմն պահոցից իտալական գինի էր հանում, զգուշորեն բացում և փորձում ընթրիքը վայելել այնպես, ինչպես անցյալում, բայց միևնույնն է՝ ինչ–որ բան խանգարում էր։ Վերջին շրջանում վարակի տարածած խուճապը ճնշում էր սիրտը, մահվան տագնապը գիշերն ի լույս թափառում էր գիտակցության մեջ։ Երբեմն անքնության դեմ պայքարից հոգնած, նստում էր պատշգամբում, փակ աչքերով շնչում վաղորդայնի սառը օդը և նայում բացվող օրվա գույներին։ Երբևէ նա էլ երազել էր հոգատար, սիրելի կնոջ հետ անհոգ ծերության մասին։ «Մարդուս ճակատին ինչ գրած է, էդ էլ կլինի»,—կրկնում էր Հենրին։
Զարկերակային բարձր ճնշումը հաճախ անհանգստացնում էր նրան, դեղամիջոցները կորցրել էին վաղեմի ազդեցությունը։ Նման պահերին մենակության մեջ Հենրին սարսուռ էր զգում և դուրս էր գալիս զբոսնելու՝ փորձելով վանել տխուր մտքերը։
Համաճարակը ծնկի էր բերել քաղաքը. փողոցները կիսադատարկ էին։ Ճամփեզրին գտնվող ծաղկի կրպակի մոտ մի մեքենա արգելակեց։ Դուռը բացվեց, քառասունհինգին մոտ, պատկառելի արտաքինով մի տղամարդ իջավ։ Հենրին ուշադրությամբ նայեց անծանոթին, ով իր երիտասարդությունն էր հիշեցնում։ Րոպեներ անց սպիտակ վարդերի մեծ փունջը հայտնվեց նրան սպասող կնոջ գրկում։ Կանանց սիրահետելու Հենրիի հարուստ փորձը հուշում էր, որ տղամարդը կնոջը նվաճելու հստակ քայլեր է անում, իսկ կինը կարծես սիրահարված էր. նրա այտերը շառագունել էին։
— Սերը համաճարակի օրերին,— ասաց Հենրին և կարոտ զգաց, մտքի խոյանքով տեղափոխվեց տարիներ առաջ, երբ ինքը հաջողակ տղամարդ էր և վայելում էր սերը գեղեցիկ կանանց գրկում՝ նրանց նվիրելով ալ վարդեր։ Տունդարձի ճանապարհին, հին օրերի հիշողություններով համակված, Հենրին քթի տակ արտասանում էր.
— Ձիավոր ամպերը տանում են հուսահատ հայացքը քաղաքի,
Որ կին է։
Օրը՝ ինքնասպանված թռչուն՝ զարկված խոր ձորին։
Մատներիս բացվել է ծաղիկը խոլորձ,
Որ հիշեցնում է սպիտակակուրծք եղնիկի քնքշանքը.
Որտեղ ես թաղված ափսոսանքի թռչուն,
Դու, որ փշրվեցիր անհեկեկանք իրիկնամուտին...
Մութը փռել էր թևերը քաղաքի անհամաչափ տանիքներին։ Հենրին վերադարձավ տուն, ծեր դռնապանին բարի գիշեր մաղթեց և բարձրացավ իր հարկաբաժինը։ Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներն ազդարարում էին նոր վարակի հետևանքով մահվան դեպքերի մասին.
— Վարակակիրներին կյանքի վերջին ժամերին Իտալիայում թողնում են մենակ, մերձավորներին տեսնելն արգելվում է նրանց կյանքը չվտանգելու համար...
«Չի կարող լինել առավել սոսկալի բան, քան մենակության մեջ հոգին ավանդելը...»։
Մեկուսացման քառասուներորդ օրը, երբ դրսում համաճարակն առավել սաստկացել էր, շաբաթվա գնումները կատարելու համար Հենրին դուրս եկավ տնից՝ հարակից այգու նեղլիկ արահետով քայլելով դեպի մոտակա խանութ։ Քաղաքն ասես հոգեվարքի մեջ էր, փողոցները դատարկ էին, երբեմնի աղմկոտ սրճարաններն՝ անկենդան։ Հանկարծ մեկը ձգեց պիջակի թևքից, Հենրին դեպի ձախ նայեց, տեսավ մուրացիկ պատանու աղերսալի հայացքը։
— Հացի փող կտաաաա՞ք։
Ձեռքը տարավ գրպանը և գումար տվեց քաղցած տղային...
Քաղաքում լռություն էր տիրում։ Մտավ խանութ։ Վաճառող կանանց դեմքերը քողարկված էին դիմակներով. աղետն ասես դրոշմվել էր նրանց հայացքներում։
«Ուշ թե շուտ բոլորը կհիվանդանան այս սարսափելի ախտով։ Երիտասարդները կհաղթահարեն, իսկ այ տարեցներն անօգնական կմահանան»,— մտածեց Հենրին և տունդարձի ճանապարհին թուլություն զգաց, որոշեց այսուհետ մթերքը պատվիրել։
Հետևելով օրվա լրահոսին՝ պառկեց քնելու, հոգնություն էր զգում ծնկներում։ Լուսադեմին արթնացավ տենդի մեջ, զգաց, որ ջերմում է։ Մոտեցավ խոհանոցի պահարանին, դեղատուփի մեջ ջերմիջեցնող փնտրեց և փորձեց նորից քնել։ Առավոտյան փսխուք ուներ։ Մտածեց՝ մրսածություն է կամ թունավորվել է սնկով ուտեստից։ Դեղ խմեց, փորձեց մի քիչ պառկել հյուրասենյակի բազմոցին, բայց շնչարգելությունն անհանգստացնում էր։ Վարակակիր լինելու կասկածը կրծում էր ներսից, մենակության մեջ մեռնելու երկյուղը առավել իրական էր թվում...
Կեսօրին մոտ ուժերը հավաքեց և զանգահարեց բանկ, հետաքրքրվեց՝ ինչպես կարող է կանխիկացնել իր խնայողությունները։ Բանկերն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ Հենրին դանդաղ քայլերով ուղևորվեց դեպի բանկի մոտակա մասնաճյուղ։ Կեսօրն անց լիքը պայուսակով վերադարձավ, ուժասպառ նստեց բազմոցին։ Ինքնազգացողությունը գնալով վատանում էր։ Անօգնական նայեց կնոջ դիմանկարին, աչքերն արցունքոտվեցին։ «Երանի քեզ, հոգատարությամբ պարուրված հեռացար՝ անտեր թողնելով ինձ»։
Պատին ամրացված ժամացույցի ճոճանակը դանդաղ օրորվելով՝ խուլ, միալար ձայն էր արձակում։ Հենրին դողացող մատներով հավաքում էր շտապ օգնության հեռախոսահամարը։
Բնակարանի բանալին պահ տալով ծեր դռնապանին՝ ճերմակ խալաթով երիտասարդի ուղեկցությամբ Հենրին նստեց շտապ օգնության մեքենան։ Ճանապարհին ափի մեջ ամուր սեղմել էր հնամաշ պայուսակի բռնակները։ Հիվանդանոցն ասես քաոսի էր վերածվել, դիմակավոր մարդկանց անդադար հոսքը գլխապտույտ էր առաջացնում։
Հիվանդասենյակի նեղլիկ պատուհանից արևի մի շող էր ներթափանցել և փորձում էր ջերմացնել մահճակալին պառկած Հենրի Չպուգքյարյանի դողացող մարմինը։ Րոպեներ անց ներս մտավ հերթապահ բժիշկը՝ դիմակավոր բուժքրոջ ուղեկցությամբ, և ասաց.
— Ի՞նչ գանգատներ ունեք, հայրի՛կ ջան։
Հենրին վախից կլորացած աչքերով նայեց նրանց՝ ծանրացած շնչառությամբ հևիհև արտաբերելով.
— Ես լսեցի, որ վարակակիր մարդկանց կյանքի վերջին ժամերին մենակ են թողնում։ Խնդրում եմ, եթե ինձ մոտ վարակը հայտնաբերվի...
Նա վերցրեց կողքին դրված ճամպրուկը և դողացող ձեռքերով մեկնեց բուժքրոջը.
— Ահա՛, բանկ եմ գնացել, հանել իմ խնայողությունները... Խնդրում եմ վերցրեք այս գումարը, միայն թե կողքիս նստեք, չթողնեք, որ ես մենակության մեջ մահանամ...

Նրա աչքերում արտացոլված վախն ավելին էր, քան մարմնի մեջ բույն դրած միաշղթա ժահրը...
 

 

Բուժքույրը

Վիրաբույժի ընդունարանում էի։ Հերթական բուժզննումն անցնելով՝ սպասում էի բժշկի խորհրդատվությանը...
Ներս մտավ բուժքույրը՝ բարալիկ ոտքերով, տխուր աչքերով մի աղջիկ ևհրավիրեց ինձ զննման սենյակ՝ նախապատրաստելով ամեն բան մինչ բժիշկը կմոտենար։ Նա տխուր ժպտում էր, հայացքը չէր կտրում ինձանից, ես էլ ի պատասխան մեղմ ժպտում էի նրան։ Բժիշկը եկավ և դեռ չէր հասցրել ուսումնասիրել ռենտգեն հետազոտության իմ արդյունքները, շտապ կանչեցին վիրահատարան։
Ես ստիպված էի սպասել։ Նրա բացակայության ընթացքում բուժքույրը հարցրեց ինձ.
- Կարո՞ղ եմ ձեզ մի բան ասել։
- Այո, իհարկե - պատասխանեցի ես։
- Երբ ես չորս տարեկան էի, մայրս լքեց ինձ։ Դուք այնքան նման եք նրան, անվերջ նայում եմ ձեզ ու մորս եմ հիշում...
- Իսկ ի՞նչն էր լքելու պատճառը։
- Պարզապես երեխա չէր ուզում։
- Ու մինչ օրս չե՞ք տեսել նրան։
Նա գլխի բացասական շարժում արեց, աչքերն արցունքոտվեցին։
- Իսկ ո՞ւմ հետ եք ապրում։
- Մենակ։ Մինչև տասնվեց տարեկան ապրել եմ հորս ու իր կնոջ հետ։ Նա հորիցս մի աղջիկ ուներ, ում անսահման սիրում էին թե՛ նա, թե՛ հայրս, իսկ ես վախվորած նստում էի սեղանի անկյունում, կռանում և ժամերով նայում մաթեմատիկայի գրքի միևնույն էջին։ Արցունքները սեղմում էի կոկորդումս, որովհետև չէի հասկանում բանաձևերը ու չէի համարձակվում իմ հարցերով ընդհատել ընտանեկան երջանկությամբ լի նրանց երեկոն։ Երբ հայրս տուն էր վերադառնում աշխատանքից, ընթրիքից հետո խորթ մորս աղջիկը նստում էր հորս ծնկներին, իսկ խորթ մայրս հիացմունքով նայում էր նրանց։ Ես ասես գոյություն չունեի... Միշտ սպասում էի, որ ինձ համար տխուր պահերին ուր որ է դուռը կթակեն և ներս կմտնի մայրս, կգրկի ինձ մայրական գորովանքով և կտանի իր հետ։ Ես երազում էի հարազատ, ջերմ մի զգացողություն ունենալ նրա գրկում...
Արցունքների միջից նա ժպտաց ինձ ու ասաց.
-Դուք այնքան նման եք մայրիկիս...
Մտածում էի՝ աղջիկը որքան էլ վշտացած է, որ մայրը լքել էր իրեն, բայց ինձ նայելիս հոգատար ու մեղմ ժպտում է, հավանաբար մինչ օրս սիրում ու կարոտում էր իր մորը։
-Ես մայրական քնքշանք չէմ տեսել, կարելի է ասել՝ ես որբ եմ մեծացել։
Կենսաբանական մայրս ինը ամիս կրել էր ինձ իր կրծքի տակ, սակայն մայրական բնազդն ու սերը այդպես էլ չէին սաղմնավորվել նրա սրտում։ Նա պարզապես հեռացել էր առանց մտածելու իմ ճակատագրի մասին։ Գիտեք՝ հազար անգամ պատկերացրել եմ նրա հետ հանդիպումը, պատկերացրել եմ նրա դիմագծերը, նրա աչքերը, իմ հիշողություններում նա միշտ ժպտում է։ Երազում հաճախ տեսնում եմ մորս, հևասպառ վազում եմ դեպի նա, ցանկանում փարվել, բայց նրա կերպարն անէանում է արևի՝ աչք ծակող շողերի մեջ։ Մի անգամ փորձեցի ասել հորս, որ երազում մորս եմ տեսել, նա անգամ թույլ չտվեց շարունակեմ, կտրուկ ընդհատեց ինձ՝ ասելով.«Դու գոնե հիշո՞ւմ ես մորդ դիմագծերը, որ երազում տեսնես...»։
Ես անչափ վշտացա հորս խոսքերից, քանզի թեպետ մորս ոչ մի լուսանկար չունեմ, բայց իմ հիշողություններում հստակ ուրվագծված է նրա պատկերը՝ շագանակագույն ալիքաձև վարսերը, խոշոր աչքերը,
բարձր ծիծաղը... Գիտեք՝ ես պատկերացրել եմ անգամ նրա հոտը, երբ գլուխս կդնեի նրա փափուկ կրծքին և միգուցե առաջին անգամ անխռով կքնեի...
-Դուք հանգիստ չե՞ք քնում գիշերները,- հարցրեցի ես։
-Ես միշտ սարսափելի երազներ եմ տեսնում, դրանք ողջ կյանքում հետապնդում են ինձ։
Մի փոքր լռելուց հետո աղջիկը հանկարծ հարցրեց ինձ.
-Դուք բալիկներ ունե՞ք։
-Այո, երկու բալիկ ունեմ։
-Այ պատկերացրեք՝ ես երբեք ձեր բալիկների նման անխռով չեմ քնել, քնի մեջ չեմ ժպտացել, որովհետև ինձ երբեք ոչ ոք ձեր նման չի ժպտացել, իմ ծնողները երբեք իմ ճակատը չեն համբուրել, երբ դպրոցում բարձր գնահատական եմ ստացել, ինձ չեն գրկել, երբ անզգուշաբար վայր եմ ընկել ու ծունկս վերք արել։ Ինձ միայն սաստել են, կշտամբել...
Նա հանկարծ սարսռաց, նուրբ մաշկը փշաքաղվեց, ասես մրսում էր։ Պատուհանի դիմաց նստած, անողոք իրականությունից տեղափոխվել էր մի այլ աշխարհ և մտքերով դեգերում էր հեռուներում։ Արևի շողերը լուսավորում էին նրա թուխ դեմքը, ձեռքերն անօգնական դրել էր ազդրերին և մտահոգ նայում էր ափերի մեջ խզբզված գծերին։
-Հասկանո՞ւմ եք, ողջ աշխարհի համար դու խորթ ես, երբ մայր չունես,- հազիվ լսելի ձայնով շշնջաց նա և հայացքը վեր բարձրացրեց բացվող դռան ձայնից։ Բժիշկը վերադարձավ։ Նա շտկեց ճերմակ գլխարկն ու անցավ աշխատանքային պարտականությունները կատարելուն։ Ոչ ոք երբևէ չէր կարող պատկերացնել՝ ինչ է կատարվում բուժքրոջ հանդերձանքով վտիտ աղջկա ներաշխարհում, բայց բավական էր ուշադրությամբ նայել հայացքում բույն դրած անհատակ տխրությանը, կարելի էր հասկանալ, որ առանց մայրական սիրո ողջ աշխարհն է օտար ու սառը դառնում։
Տխրում եմ, շատ եմ տխրում, չեմ կարողանում հասկանալ երեխաներին լքող մայրերին, ում զավակներն անհերքելի սիրով ու կարոտով մինչև կյանքի վերջին վայրկյանը սպասում են նրանց վերադարձին...
Մոր վերադարձին:
 
(Սոնա Քոլոզյանի գրառման մոտիվներով)
 
-------------------------------------------------------------------------

Մեծ մայրս 

Մեծ մայրս  ծնվել է Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի նշանավոր գավառներից մեկում՝ Սալմաստում, որը նաև հայ նշանավոր գրող Րաֆֆու ծննդավայրն է:

Ողջ կյանքում աներևակայելի դժվարությունների դիմագրաված, իր երեխաների կորստի վիշտը սգացած մեծ մորս  մեղմ ու բարի հայացքն արևի շողերի պես ջերմացնում էր մեր տունը:

Ես ինը տարեկան էի, երբ ծանր հիվանդությունից մահացավ իմ գեղեցկուհի մայրը: Հայրս էլ երբեք չամուսնացավ: Մենք հինգ երեխա էինք: Մինչև հիմա չեմ վարանում ասել՝ եթե մեծ մայրս չստանձներ մեր խնամքը, մենք հավանաբար չէինք լինի կամ չէինք լինի այսպիսին:

 

Ես շնորհակալ եմ նրան…

Մեծ մայրս բացառիկ կին էր՝ շքեղ, գեղեցիկ, միաժամանակ այնքան պարզ ու լուսավոր՝ հայ կնոջը հատուկ բարությամբ, մարդասիրությամբ: Աշխարհի լավագույն տատիկն ապրում էր մեր տանը: Նա մեր պահապան հրեշտակն էր: Չկար ավելի տաք, լուսավոր ու ջերմ  անկյուն, քան տատիկիս գիրկը, որտեղ մի արտասովոր հանգստություն էր պարուրում ինձ, որտեղ հազար բարի օրհնանք էր տաք անձրևի նման թափվում իմ ուսերին…

Իմ հիշողության մեջ ես հաճախ փորձում եմ վերակենդանացնել մեծ մորս դիմագծերը՝ աչքերի խորքում ամբարված թախիծը, դեմքի խորախորհուրդ խորշոմները: Այդ խորշոմները իմաստության խորհրդանիշ էին, բայց և անամոք վշտի անխոս վկաներ: Մեծ եղեռնի օրերին՝ գաղթի ճանապարհին, տատս կորցրել էր ամուսնուն և երկու զավակներին. պապս, հորեղբայրս ու հորաքույրս մահացել էին խոլերայից: Լռում էր տատս իր ցավի մասին, ծանր էր նրա լռությունն ու տխուր, հայացքի մեջ դրոշմված անամոք մրմուռ կար…

Տատս հաճախ էր մեզ պատմում իր ծննդավայրի՝ Ուրմիա լճի հյուսիսարևմտյան ափի մոտ գտնվող Սալմաստ գավառի Հաֆտվան գյուղի մասին, թե ինչպես է միջնադարյան Հայաստանի բերդաքաղաք Սալմաստը IX-XI դարերում ենթակա եղել Վասպուրականի Արծրունիներին, ինչպես է այն գրավվել 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի և Առաջին աշխարահմարտի ժամանակ: Նա պատմում էր Սալմաստի հայկական գյուղերի, նաև Փայաջուկի՝ Րաֆֆու ծննդավայրի մասին: Թեև այս գավառից մեծ թվով հայեր գաղթել էին Արևելյան Հայաստան, այնուամենայնիվ տեղի բնակչության զգալի մասը հայեր էին, որոնցից շատերը տոհմիկ այգեգործներ էին և քաղաքը հայտնի էր իր ընտիր խաղողով ու գինով։

Տատս՝ Վարյան, կամ ինչպես հարազատներն էին ասում՝ Դարյան, և իր երկու քույրերը՝ Հոռոմը, և Հայկանուշը, Սալմաստում պտղատու մեծ այգի էին ժառանգություն ստացել: Մենք անհամբեր սպասում էինք ամառային արձակուրդներին, երբ տատս մեզ տանում էր փարթամ բուսականությամբ հարուստ Սալմաստ: Մենք Սալմաստում մնում էինք երկու ամիս, այնուհետ մեզ էր միանում հայրս և ուսումնական տարվան ընդառաջ Սալմաստի անմահական համ ու հոտ ունեցող միրգ բանջարեղենով լի ծանր կողովներով վերադառնում էինք Թավրիզ:

Սալմաստեցի տատս յուրահատուկ աշխուժության տեր կին էր, նա ողջ օրը դադրում չուներ: Առավոտից մինչև երեկո շարժման մեջ էր: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում աշխարհի ամենահամեղ կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, կարում, կարկատում մեր հագուստը, կերակրում մեզ, դպրոց ճանապարհում: Նրա ամենատես աչքերը ամեն բանի կնայեին և ամեն բան կտեսնեին: Տատս շատ աշխատասեր կին էր: Ես հիշում եմ, թե ինչպես էր ողջ օրը  տան մաքրությամբ, եփել թափելով զբաղվում: Հարազատների, հարևանների շրջանում մեծ համբավ ունեին մեծ մորս պատրաստած կարմիր գինին ու հորած պանիրը: Մինչև հիմա հիշում եմ այդ պանրի ինքնատիպ համը: Ձմռան երկար գիշերներին, երբ բոցկլտում էր կրակը մեր  մեծ վառարանում, տատս կարտոֆիլը շարում էր ջեռոցում, մենք հավաքվում էինք վառարանի շուրջ և անհամբեր սպասում խորոված կարտոֆիլը ճաշակելուն տատիս պատրաստած հորած պանրով և թխած անուշաբույր հացով:

Երբ կրակն  ածխանում էր, տատս ձեռքն էր առնում բրդե գործվածքն ու շյուղերը և ձմռան երկար գիշերների գունեղ հեքիաթն էր ասես գործում՝ քթի տակ մրմնջալով հին  հայկական տխուր մի մեղեդի… Նա մեզ համար բրդե սվիտերներ, տաք գուլպաներ էր գործում… Մենք երբեք չէինք տեսնում, թե երբ էր քնում տատս, մենք քնում էինք, երբ նա դեռ տնային գործերով էր զբաղված և արթնանում էինք նրա պատրաստած նախաճաշի անուշ հոտից…

Նա խնամեց, մեծացրեց մեզ և իր կյանքի 85-րդ գարունքը չբոլորած՝ հրաժեշտ տվեց այս աշխարհին:

Տատիս մահն ամպրոպ էր մեզ համար, մենք այնքան անպաշտպան էինք նրա  կորստով, որքան ծառից պոկված տերևները, որոնք պտտվելով իջնում են գետնին՝ չունենալով կառչելու տեղ:

Սկսվեցին մեր կյանքում նոր օրեր առանց մեծ մորս խնամող ձեռքերի, բարի, լուսավոր աչքերի…

Երբեմն մայրամուտին, երբ արևի շողերը հրակարմիրով են ծածկում երկնակամարը, ես մտքի թռիչքով շատ տարիներ առաջ եմ սլանում, ասես տեսնում եմ հայրենի տունն իմ տերևախիտ, մրգատու ծառերով շրջապատված այգով, կարմրին տվող նռնենիներով, բերքից կքած ծիրանենիներով: Կարծես երեկ լիներ, ես տեսնում եմ մեծ մորս. խորշոմներից կծկված նրա դեմքին նույն բարությունն է, ինչպես առաջ, և նրա կարեկցանքով լի աչքերը նայում են ինձ վաղեմի սիրով: Ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա իմաստալից խրատները…

 

«Մելգոնեանը» ահազանգ է հնչեցնում

Մայրենի լեզվի կաճառի դռները շարունակում են մնալ փակ

 
«Մելգոնեան» կրթական հաստատությունը չի գործում արդեն մեկ տասնամյակ և ավելի…
 
ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումները համայն հայության կողմից շարունակվում են ողջ աշխարհում՝ կարևորելով մեր ազգային ժառանգության մեծագույն գանձի՝ հայոց լեզվի, հայի ինքնության ու ազգային միաբանության առաջնային գրավականի և հայապահպանության հիմնասյան, ուծացման վտանգի դեմ զորեղ վահանի դերը սփյուռքում: Մինչդեռ մայրենի լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած պատմական «Մելգոնեան» կրթական հաստատության դռները արդեն մեկ տասնամյակ և ավելի շարունակում են մնալ փակ:
 
Հայազգի բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրների նվիրատվությամբ 1926 թվականին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հիմնված ՙՄելգոնյան՚ կրթական հաստատությունը շուրջ ութ տասնամյակ կրթություն և խնամք է տվել ինչպես Հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայ մանուկներին, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին՝ պատրաստելով նրանց միջազգային հեղինակավոր բուհերի ընդունելության քննություններին, ապա և հայապահպան առաքելության:
 
Սակայն 2004 թ. ՀԲԸՄ կենտրոնական վարչության Մելգոնեան եղբայրների կտակակատար մարմնի որոշմամբ ծախսատարության և կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ կրթահամալիրը դադարեցրեց իր առաքելությունը՝ ընդվզումի մեծ ալիք բարձրացնելով հայության շրջանում:
 
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, փակելով վարժարանը, Կիպրոսի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը զրկեց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Միջազգային համաժողովների ընթացքում, որոնց հրավիրվում են գիտնականներ, հայ ձեռնարկատերեր ու մտավորականներ աշխարհի տարբեր ծայրերից, Կիպրոսի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվում են քննարկումներ ՄԿՀ-ի փակման խնդրի վերաբերյալ, նախկին սաներն ու ուսուցիչները մեղադրանքներ են հնչեցնում ՀԲԸՄ-ի հասցեին, մինչդեռ կրթահամալիրի զբաղեցրած 125 հազ. քմ տարածքում դեռևս ամուր ցանցապատված ամայի ու լքված շենքեր են. եռահարկ ուսումնական մասնաշենքեր, հանրակացարան, մարզահամալիր, մարզադաշտեր, բնակելի շենք, և հայ մեծերի գետնադիր քանդակները, Մելգոնյան եղբայրների դամբանը (Մեծ բարերարների աճյունները հողին են հանձնվել կրթահամալիրի բակում՝ նույն դամբանում):
 
Հայապահպանության, հայ ինքնության ու ազգային միաբանության, հայոց լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած «Մելգոնեան» կրթահամալիրի երախտապարտ սաները, ովքեր ապրում են «Մելգոնեան»-ի տված ազգային դաստիարակության շնչով, կրթօջախի հիմնադրման 90-ամյակի առթիվ նախաձեռնել էին ֆիլմի նկարահանման աշխատանքներ՝ նպատակ ունենալով ներկայացնել կրթօջախի պատմությունը՝ այսպիսով գուցեև նպաստելով համալիրի փակված դռները վերաբացելուն:
 
Լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմը 2016 թ., իննսունամյակի տոնակատարությունների շրջանակներում, ցուցադրվեց Բեյրութում և Նիկոսիայում, Վենետիկում, Մոնրեալում, Տորոնտոյում, Բոստոնում: 2017 թ. այն ցուցադրվեց նաև «Նարեկացի» արվեստի միության Երևանի և Շուշիի կենտրոններում:
 
Ֆիլմը նկարահանված է «Մելգոնեան» կրթական հաստատության տարածքում՝ փորձելով կրթօջախի տխուր ներկայի համապատկերում ոգեկոչել փառավոր անցյալը, ներկայացնել անհերքելի փաստերն այն մասին, որ այս լույսի տաճարը լույս է սփռել 78 տարի շարունակ, հազարավոր սաներ մկրտվել են «Մելգոնեան»-ի սուրբ ավազանում և ՙՄելգոնեան՚-ից առած լույսը սփռել ողջ սփյուռքում, փոխանցել սերնդեսերունդ: Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է կրթօջախի պատմությունը:
 
«Մելգոնեան» կրթական հաստատության հիմնադիրներ Գրիգոր և Կարապետ Մելգոնեան եղբայրները, իրենց ծննդավայր Կեսարիայի Գյումուշյան վարժարանում նախնական կրթություն ստանալով, սկսել են զբաղվել առևտրով: 1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռումինիա և Ֆոքշանում վաճառականություն արել: Կարճ ժամանակ անց տեղափոխվել են Եգիպտոս, որտեղ հիմնել են ծխախոտի «Գ. և Կ. Մելգոնեան» ֆիրման և առաջին գործարանը: 1914 թ. այստեղ ամսական արտադրվում էր 10 միլիոն գլանակ:
 
Ավագ եղբոր մահից հետո Կարապետն ամբողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը, ինչի համար արժանանում է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը: 1921թ. Կարապետ Մելգոնեանն իր հարստությունն ավելացնում է եղբոր կտակին ու դրա իրագործումը հանձնում Պոլսի պատրիարքությանը: 1925թ. Ալեքսանդրիայում Կարապետ աղան կազմում է մի նոր ակտ և ամբողջ նվիրատվությունը՝ մոտ հինգ միլիոն դոլար, փոխանցում հայ ժողովրդի բացարձակ հեղինակությունը վայելող Պողոս Նուբար փաշայի ղեկավարած ՀԲԸՄ-ին: Այդ կտակով պետք է հիմնվեին դպրոցներ, կատարվեին հրատարակություններ և օժանդակություն տրամադրվեր եկեղեցուն ու տարբեր կառույցներին:
 
Բարերար հիմնադիր Կարապետ Մելգոնեանի փափագն էր, որ իր հիմնած կրթական հաստատությունները հարատևեն դարեդար, լինեն լուսավորության վառարաններ և հայ ազգին տան օգտակար և պարկեշտ նկարագրով անդամներ:
 
Առաջին իրավարար Պոլսո պատրիարքարանը 1923 թ. Նիկոսիայի մերձակայքում գնում է 187 հազ. քմ հողատարածք, և ճարտարապետ Կարո Պալյանի նախագծով սկսվում է կրթահամալիրի շինարարությունը: Կառուցվում են 15 շենքեր, խաղադաշտեր. վարժարանը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից՝ դպրոցական շենքեր, աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված կացարաններ, ճաշարան, արհեստանոցներ, տպարան, գրադարան և այլն:
 
«Մելգոնեան» կրթական հաստատությունը պաշտոնապես բացվում է 1926 թ.: Կրթահամալիրի առաջին «բնակիչների»՝ Եղեռնից մազապուրծ հայ որբերի ձեռքերով տնկված նոճիների պուրակը՝ իբրև Խաչ Ցեղասպանության զոհերի, մինչ այժմ պահպանվում է կրթահամալիրի տարածքում: Այստեղ Ցեղասպանությունից հետո հնչեցին հայ երգն ու մայրենի լեզուն: Բարերար Մելգոնեանը գրել է. «Իմ դպրոցը պետք է մեր վրեժը լուծի: Այս որբերը պետք է իրենց հայրական տունը նորեն շենացնեն, նրանցից պետք է պատրաստենք մեր ազգի նոր մեծերին»: Հատկանշական է դպրոցի բազմաբնույթ գործունեությունը՝ պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, սկաուտական ակումբ, փողերախումբ և այլն:
 
1987-89 թթ. կրթահամալիրը ենթարկվում է հիմնանորոգման, ընդլայնվում է Եվրոպայից ժամանող սաների թիվը: Ուսումնական ծրագրերն էին հումանիտար, գիտական ու տնտեսական, հայերենից ու անգլերենից բացի դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն:
 
ՙՄելգոնեան՚ կրթական հաստատության հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են մշակույթի, կրթության, գիտության, լեզվի ու ազգային ինքնության պահպանման ոլորտներում: Հիշատակենք նկարիչ Հակոբ Հակոբյանին, արձակագիր և թարգմանիչ Կարպիս Սուրենյանին, երաժիշտ Նիկողոս Թահմիզյանին, գրողներ Մուշեղ Իշխանին, Վահէ Վահեանին, Զարեհ Մելքոնեանին և այլոց: Այն միակ գիշերօթիկ, ամենօրյա դպրոցն էր Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Նաև միակ միջազգային դպրոցն էր, որտեղ տարեկան ուսանում էին երկու տասնյակից ավելի երկրներից ժամանած շուրջ 300 հայ երեխաներ:
 
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը ևս «Մելգոնեան» հաստատության սաներից է: Նարեկը 13 տարեկան էր, երբ Բեյրույթում սկսվում է պատերազմը, Հարությունյանների ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, և Նարեկը հաճախում է պատմական «Մելգոնեան» կրթական հաստատություն:
 
Վարժարանում ապրած օրերը ուսանելի հուշ դարձրած Նարեկ Հարությունյանի համար ողջ կյանքում մնացել են թանկ ու անմոռաց:
 
-Վարժարանում ուսանում և ապրում էին աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հայ երեխաներ: Մեծ բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրները, հիմնադրելով այս վարժարանը, նպատակ ունեին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբ, կարիքավոր հայ երեխաներին ապաստան տրամադրելու, օգնելու հաղթահարելու դժվարությունները և մտնելու կյանքի նոր փուլ:
 
«Մելգոնեան»-ը Կիպրոսի կղզում փոքրիկ Հայաստան էր: Հային հայ պահելու գործում անգնահատելի է վարժարանի հսկայական ավանդը:
 
«Մելգոնյան»-ը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց է եղել շատ հայորդիների համար:
 
Մինչդեռ, ցավալիորեն, ՀԲԸ միության կենտրոնական վարչության որոշմամբ փակվել է այն՝ առանց վերաբացվելու հեռանկարի:
 
Ուծացումն ահագնացող երևույթ է հայ ազգի համար, ուստի մայրենի լեզվի կիրառումը, ուսուցումն ու փոխանցումը պետք է դառնա առաջնային նպատակ, քանզի համընդհանուր ձուլման վտանգը սպառնում է մեր ինքնությանը, պատմությանն ու արժեքներին:
 
ՀԲԸՄ-ն դարեր շարունակ լավագույն համազգային կառույցն է եղել, ունեցել է պատվավոր նախագահներ ի դեմս Պողոս Նուբարի և Ալեք Մանուկյանի, ովքեր վիթխարի պատասխանատվությամբ ջանացել են պահպանել հայի տեսակը սփյուռքում: Մինչդեռ «Մելգոնեան»  կրթահամալիրը փակելով և չընդառաջելով վերաբացման հորդորներին՝ ավելի քան 300 հայորդի ամեն տարի զրկվում է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Հատկանշական է, որ 1974թ. ներխուժելով Կիպրոս՝ թուրքական ռազմուժը ռմբակոծել է նաև Մելգոնեան կրթական հաստատությունը, որը տասնամյակներ շարունակ հայ է կրթել:
 
Ի դեպ, Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել ընդդեմ ՄԿՀ-ի փակման, Ներքին գործերի նախարարության քաղաքաշինության բաժինը կրթահամալիրի երկու պատմական շենքերը հայտարարել է «Պատմաճարտարապետական, ազգային ժառանգություն», հարակից պուրակը՝ «Կանաչ գոտի», իսկ 2007 թ. ընդունված հրամանով արգելվում է Մելգոնեան կալվածքի որևէ ձևափոխում:
 
Ողջունելի է, որ օտար պետությունն իր տարածքում գտնվող հայկական կրթօջախը պահելու հարցում նմանօրինակ նախանձախնդրություն է ցուցաբերում: Կիպրոսը, իբրև Եվրոմիության անդամ երկիր, ունի ազգային փոքրամասնությունների լեզվապահպանությանն աջակցելու պարտավորություն:
 
Ողջունելի կլիներ նաև գրեթե մեկդարյա պատմություն ունեցող «Մելգոնեան» կրթահամալիրի հայազգի երախտավորների կողմից վերափոխումը արդի չափանիշներին համապատասխանող ժամանակակից կրթօջախի՝ պահպանելով «Մեգոնյան» անվանումը և կիրառելով հայի տեսակն ուծացումից փրկելու միակ բուժարար խեժը՝ արևմտահայերենի, հայագիտական առարկաների դասավանդումը, սփյուռքում հայեցի կրթության ապահովումը:
 
Անդին 02.2018
 
Արշալույս Մարդիգանյանը արժանի է կոչվելու հայ հերոսուհի
 

«Նարեկացի»  արվեստի միությունում հուզումնառատ երեկո էր. սփյուռքահայ գրող, թարգմանիչ, բարերար Սօսի Գևոնյանը ներկայացրեց իր «Մինչ հոգիներու աճուրդը» պատկերազարդ հուշագրություն գիրքը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը բացահայտեց Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին:

-Ասում են՝  «Ցեղասպանությունից փրկված»… Ես համամիտ չեմ այդ արտահայտության հետ, քանի որ խոսքը ֆիզիկական փրկության մասին է լոկ… Իսկ այն հոգեկան տրավման, որին ենթարկվել են Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, պիտի ընդմիշտ դրոշմված մնա նրանց հոգում,- ասում է Սօսի Տ. Գևոնյանը:

Ինքը լինելով Ցեղասպանությունից փրկված նախնիների հետնորդը՝  շատ անգամ է գաղթականության ցուպը ձեռքն առել ու երկրե երկիր գաղթել: Ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, հետագայում ընտանիքով գաղթել Լիբանանի Բեյրութ քաղաք, որտեղ էլ շարունակել է ուսումը՝  ստանալով ֆրանսերենի ուսուցչի դիպլոմ, և դասավանդել է ֆրանսերեն լիբանանյան դպրոցում: Երբ Բեյրութում սկսվում է պատերազմը, Գևոնյանների ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա, այնուհետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծնվում է նրանց երրորդ դուստրը: Սօսի Գևոնյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, հրատարակիչ, իրականացնում է բարեգործական ծրագրեր, օգնում մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Շուրջ երեսուն տարի բնակվելով ԱՄՆ ում՝  տիկին Սօսին մի օր պատահաբար տեղեկանում է, որ հարևանությամբ գործող Կալիֆոռնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում կյանքի վերջին տարիներն ապրել և, բոլորի կողմից մոռացված, 93 տարեկանում մահացել է Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը:

Ո՞վ էր նա: 1915 թվականին Արշալույս Մարդիգանյանը 14 տարեկան էր: Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր: Ուներ չորս եղբայր և երեք քույր: Հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը: Իսկ ջութակի դասերի հաճախելու նրա երազանքը մնաց անկատար:

Նա ականատեսը դարձավ դարասկզբին հայ ազգի հանդեպ իրագործված անմարդկային բարբարոսությունների: Նրա ընտանիքը գազանաբար սպանվում է իր աչքի առաջ:

Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվում են գաղթի ճանապարհին: 14-ամյա Արշալույսը դժվար տարագրության ճանապարհին խոշտանգվում ու պատվազրկվում է թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում: Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում նա վաճառվում է 85 ցենտով, երկու անգամ ձերբակալվում է, փախուստի դիմում: Կրելով բազմաթիվ զրկանքներ՝  նա այնուամենայնիվ հավատափոխ չի լինում: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում, սնվելով բույսերով և արմատներով՝  հյուծված, բոբիկ ու կիսամերկ նա հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ ի վերջո Արշալույսին իրենց հոգածության տակ են վերցնում ամերիկյան միսիոներները:

1917 թվականի գարնանը ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Արշալույսը կարողանում է հատել ռուս-թուրքական ճակատային գիծը, նրան տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում, որտեղից զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ ուղևորվում է դեպի Սանկտ Պետերբուրգ, ապա՝  ԱՄՆ, Նյու Յորք:

«Օրօրա Մարտիկանյանը, ով մազապուրծ հասավ Ամերիկա, պատմեց Ցեղասպանության եղելությունը՝  արթնացնելով Ամերիկայի ժողովուրդի խիղճը: Խնամակալներին հայերեն պատմում է իր հետ կատարվածի մասին, նրանք գրի են առնում անգլերեն, և Ավրորայի իրական պատմության հիման վրա 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան»  («Ravished Armenia ») գիրքը, որը միանգամից վաճառվում է մեծ քանակով: Հայ ժողովրդի ողբերգության մասին պատմող այս գիրքն առաջացնում է Նյու Յորքի հասարակության բարձր խավի կարեկցանքը: «Համախմբվելով՝  Նյու Յորքի նշանավոր անձինք միություն են կազմում և կոչում «Հայ և սիրիացիների նպաստամատույց կոմիտե»: Մարդիկ, որ հայերի մասին չէին լսել, գրադարաններում, թանգարաններում ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշեցին ֆիլմ նկարել, որպեսզի գումար հավաքեն հայ ժողովրդին օգնելու համար»,- պատմում է Սոսի Գևոնյանը: 1919 թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝  Ավրորայի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմը: Այն ցուցադրվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցավոք, այսօր պահպանվել է ֆիլմի մեկ տասներորդ մասը, մնացածն անհետացել է: Սոսի Գևոնյանի հավաստմամբ՝  այս ֆիլմը միջազգային հանրության վրա թողեց անջնջելի հետք: Ավրորային վիճակված էր այդ ֆիլմում մարմնավորելու իր իսկ կերպարը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ավրորան մեծապես աջակցում է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: «Եվ ցեղասպանության ականատեսի՝  Արշալույս Մարդիգանյանի հուշերի հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմի ցուցադրությունից ստացվեց 117 միլիոն դոլար, որի մի մասն օգտագործվեց 114 հազար հայ երեխաների փրկության համար՝  յուրաքանչյուրի համար վճարելով մեկ դոլար և ազատելով թուրքի ստրկությունից»,-պատմեց Սօսի Գևոնյանը:

Նա իր կյանքի առաքելություններից մեկն է համարում Ավրորայի կերպարը աշխարհասփյուռ հայությանը ներկայացնելը: Դեռևս 2006 թ. նախաձեռնում է  «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի ստեղծման աշխատանքները: Այն պատկերապատում ժանրով է գրված, հրատարակվել է հայերեն ու անգլերեն և ներկայացվել է Ժնևում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Կարիբյան կղզիներում, Հայաստանի մի շարք մարզերում և Երևանի բազմաթիվ գիտակրթական հաստատություններում: «Գրքում մի շարք դրվագներ, որ իրականում եղել են, ներկայացված են ողջ դաժանությամբ: Սա մեր պատմության իրական արտապատկերումն է: Այն ճշմարտությունը, որով անցել ենք մենք: Ավրորա Մարդիգանյանի պատմությունը պետք էր մոռացումից փրկել, որովհետեւ այս աղջիկը ողջ Ամերիկայի զարմանքն էր առաջացրել: Ազգերն ու ողջ ժողովուրդը Հայոց ցեղասպանությանը ծանոթացել են առաջինը հենց այս աղջկա պատմության միջոցով»- ասում է Սոսի Գևոնյանը:

Տիկին Սօսիին, սակայն, բախտ չվիճակվեց կենդանության օրոք հանդիպել Ավրորա Մարդիգանյանի հետ:

«Ես ցավում եմ, որ այդպես էլ չհաջողվեց հանդիպել այս մեծ հայուհուն, ով իր կատարած գործերով հիրավի արժանի է կոչվելու հայ հերոսուհի: Մինչդեռ նա, կյանքի վերջին տարիներն ապրելով ծերերի խնամքի կենտրոնում, մահացել է կատարյալ անուշադրության մատնված:

Ցեղասպանության սարսափները վերապրելով, թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում պատվազրկվելով՝  Ավրորա Մարդիգանյանը երկար տարիներ չէր կարողանում ամուսնանալ, նա վախենում էր, որ ինչ-որ մեկը հպվի իրեն: 29 տարեկանում ամուսնանում է, ունենում մեկ որդի: Որդին, սակայն, մորը հանձնում է ծերանոց, այլազգի հարսն արգելում է թոռանն այցելել տատիկին: Ավրորան հիվանդանում է ու մահանում անտերության մեջ: Որդին անգամ չի գալիս մոր դին տանելու: Ավրորայի մարմինը վառում են ու մոխիրը պահում: Երեք տարի ոչ ոք չի հայտնվում մոխիրը տանելու, և տասնյակ անտեր մոխիրների հետ միասին մեծ հայուհու մոխիրը ևս թաղում են մեկ ընդհանուր փոսում»,- ցավով պատմում է Սօսի Գևոնյանը: «Այս ճակատագրի կրողը շատ հեռու Ամերիկայում է թաղված, բայց ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս այնտեղ պետք է հիշել այսպիսի ճակատագրեր կրողներին ու ծաղիկ դնել նաև նրանց հոգու հանգստության համար»:

Ավրորա Մարդիգանյանի բարեհոգությունը՝  հարյուրավոր հայ որբերի փրկության ու խնամքի, հիրավի արժանի է գնահատանքի՝  «100 lives»  նախաձեռնության մաս կազմող մրցանակի Ավրորա անվանակոչմամբ:

2016 թվականից սկսած՝  Հայաստանում շնորհվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը՝  խրախուսելու և աջակցելու այն բացառիկ անհատներին, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝  հնարավորություն են տալիս գոյատևել ուրիշներին:

Արշալույս Մարդիգանյանը (1901-1994 թթ. ), ով իր կյանքն ապրել է՝  հաղթահարելով ողբերգական հիշողությունները և ուժ գտնելով իր մեջ հարյուրավոր հայ որբերին օգնելու համար, արժանի է կոչվելու հայ հերոսուհի:

Անդին 9.2017

---------------

Նարեկը

 
Ինքնաթիռի պատուհանի մոտ նստած թխամորթ երիտասարդի աչքերը
խունացած էին։ Մյուս ուղևորները երկարատև թռիչքի ընթացքում քնել էին, իսկ Նարեկն անքթիթ դեպի երկինք էր նայում։ Հեռվում թողնելով շուրջ երկու տասնամյակ ապրած իր կյանքի մանր մունր չարաճճի հիշողությունները, մեծ ու փառավոր ակնթարթները, սիրո տխուր պատմությունը, Նարեկը մեկնում էր միացյալ նահանգներ մորեղբոր մոտ լավ աշխատանք ու բարեկեցիկ կյանք ունենալու երազանքով։ Թռիչքի անվերջանալի թվացող ժամերը նրա համար մտորելու, ամեն բան ծանրութեթև անելու հնարավորություն էին։ Վերջին օրերին մարդկանց հոսքը չէր դադարում իրենց տանը, բոլորը գալիս էին հրաժեշտ տալու, բոլորի հայացքում տխրություն կար։ Նարեկը նայում էր հյուրերին ու իրեն բնորոշ հմայիչ ժպիտով, տխրության դրդապատճառները խնամքով թաքցնելով՝ ասում.
-Ամեն ինչ լավ կլինի, ոչ մի արցունք։ Ժպիտով հրաժեշտ տվեք ինձ,
հաջորդ տարի գալու եմ...
Ասում էր ու ինքն իր ասածին չէր հավատում։ Գիտեր, որ էլ չի գա, ոչ մյուս տարի, ոչ էլ դրան հաջորդող տարիներին։ Հայրենիքում որքան փառքի ու ճանաչման արժանացավ, նույնքան էլ արդիական խնդիրների բախվեց։ Տեսավ սոսկալին, հանդիպեց մահվան հետ դեմ հանդիման և գերբնական բնազդով սեղմեց ձգանը։ Սեղմեց ու հաջորդ պահին սարսափեց. «Բա որ մեր ուղղաթիռը խփած լինեմ»։ Օդում սոսկալի շաչյուն լսվեց, ռազմական հարվածային ուղղաթիռը հռնդյունով ընկավ դաշտում։ Պայթյունի ուժգին ալիքից Նարեկն ու ծառայակից ընկերը շպրտվեցին մի քանի մետր հեռու... Աչքերը բացեց դիրքի ավագի ձայնից.«Նարեկ, Նարեկ, ո՞ղջ ես»։ Աչքերը բացեց ու կապույտ երկնքի խաղաղ լազուրին նայելով՝ չուզեց հավատալ, որ այն ամենը ինչ կատարվեց, երազ չէր, իրականություն էր, որի արարողն ինքն էր։ Հազիվ լսելի ձայնով Արմանին հարցրեց. «Արման, ինձ կդատե՞ն։ Մե՞ր ուղղաթիռն եմ խփել»։
Լսվեց դիրքապահ դասակի տղաների գոռոցը։  «Փախչում են, տղերք, կրակեք»։
Արայիկը նշան բռնեց հակառակորդի ուղղությամբ ու կրակեց։ Մայորն ընկավ գետնին։ Նարեկը սթափվեց կրակոցի ձայնից և հասցրեց վերցնել կողքին ընկած նռնականետը և մնացած երկրորդ փամփուշտով նշան բռնել դեպի իրենց ուղղությամբ կրակող թշնամուն։ Հակառակորդը խոցվեց։ Դիրքի տղաները վազեցին դեպի ածխացած ուղղաթիռը։ Ուղղաթիռում գտան մոխրացած դիակ, մետաղական չհրկիզվող տուփի մեջ խնամքով թաքցրած քարտեզների մի մեծ փաթեթ։
«Դուք գիտե՞ք, զինվո՛ր, որ փրկել եք մի ողջ ճակատ, մի քանի դիրքերի տասնյակ զինվորների կյանքեր ու մեր դիրքերը, գրողը տանի։ Ըստ ուղղաթիռում եղած քարտեզների վրա կատարված գծանշումների, հակառակորդը պատրաստվում էր ևս երկու ուղղաթիռով գրոհել, այնուհետ տանկերով գրավել մեր դիրքերը»,- զինվորական խստագույն տոնով ասաց պատերազմի փառավոր ուղի անցած գեներալը։ Նարեկը շիկնեց և շփոթված նայեց ներկաների դեմքերին։ «Այո, Նարեկ, դուք այս պատերազմի ընթացքը մի ճակատում կարողացանք մեր օգտին փոխել։ Հակառակորդը թերևս նախապես իրականացրած գաղտնի հետախուզության միջոցով համոզվել էր, որ այդ դիրքերում հակաօդային պաշտպանության կայաններ չունենք տեղադրած, բայց ձեր հարվածից հետո սարսափել էր հաջորդ ուղղաթիռներն ուղարկել։ Կեցցես, զինվո՛ր։ Լավ, ինչպե՞ս է մտքովդ անցել տանկ խոցելու համար նախատեսված նռնականետով ուղղաթիռ խոցել»,- կատակեց գեներալն ու հայրաբար թփթփացրեց ամրակազմ զինվորի ուսին։
Պատկառազդու գեներալի խոսքերը դեռ հնչում էին Նարեկի ականջներում, կարծես երեկ լիներ։ Տարիներ են անցել, բայց ամեն անգամ խոնավ եղանակը զգացնել է տալիս ոտնաթաթին ստացած բեկորային վիրավորման ցավը, և նա վերստին վերապրում է ճակատագրական այդ օրը, ակնթարթը, որը փոխեց իր ողջ կյանքը։ Աշխույժ տղան դպրոցում վատ էր սովորում և ամեն անգամ ուսուցչուհի մայրը շիկնում էր, երբ դասղեկը պատմում էր որդու հերթական չարաճճիության մասին։
-Դե բավական է էլի Նարեկ, նստիր դասերդ սովորիր, որտեղի՞ց ես գալիս։
-Ռազմագիտության դասին տարել էին կրակելու, մամ։
-Քանի՞ ժամ ես կրակում Նարեկ, դասի ժամը վաղուց է ավարտվել...
-Մամ, դե ինձ համար նախատեսված փամփուշտները ընդամենը երկուսն էին, ես էլ ուզում էի էլի փորձել ու միացա բարձր դասարանցիներին, որ նրանց հետ էլ կրակեմ...
Մայրը խորը հոգոց էր հանում, մոտենում համբուրում արևից սևացած որդու ճակատը ու գիրկն առնում անհնազանդ պատանուն։
-Նրա դեմն առնել չի լինի, շուտով բանակ գնալու տարիքն է, բա որ առաջնագիծ տանեն,-երեկոյան մայրը մտահոգ ասում էր ամուսնուն,- զգուշությունը չգիտի ինչ բան է, մինչև ծառայի գա, կես մարդ կդառնանք...
Գարնանային զորակոչի օրը չուշացավ։ Նարեկն առաջին անգամ էր լսում այն տեղանունը, որը գրված էր վիճակահանությամբ իրեն բաժին հասած թղթի վրա։
-էդ որտե՞ղ է,- հարցրեց կողքին կանգնած նորակոչիկին։
- Երեք երկրների սահմանին, նորակոչի՛կ,- պատասխանեց հեռվում կանգնած մայորը։ Նարեկը հետաքրքրությամբ սպասում էր դիրքեր գնալու օրերին։
-Նռնականետ եմ կրակելու,-ամիսներ անց հեռազանգելով՝ ուրախ տրամադրությամբ ասաց հորը,-դա ընտրեցի, մի քիչ ծանր զենք է, բայց տանկ խփել կսովորեմ։
-Զգույշ կլինես տղա ջան,-հուզմունքից արտասվելով ասաց մայրը։
Սահմանային դիրքերը հրաշալի բնապատկեր ունեին, Արաքսի ափով մեկ ձգվող կանաչ դաշտերը Նարեկը շատ սիրեց։ Ծառայակից տղաների հետ արագ ընկերացավ և հակառակորդի դիտակետից բխող վտանգը չհաշված, դիրքապահի օրերն անցնում էին ուրախ, հումորով լի պատմություններով։ Նարեկը հաճախ էր նայում ցասումով շառաչող գետին և մտածում.« Ինչո՞ւ է Արաքսը միշտ պղտոր»։ Արայիկը, որ դպրոցում ավելի լավ էր սովորել, պատասխանում էր. «Քանի որ յուր զավակները անվերջ կմնան պանդուխտ, Արաքսը չի հանդարտվի, մռնչալու է, սևափրփուր ջրերով փախչի իր ափերից...»։
Ծառայության քսան ամիսների ընթացքում հակառակորդի որևէ հարձակում կամ դիվերսիոն ներթափանցման փորձ չեղավ։ Վերջին ամիսներին աննախադեպ լռություն էր, կրակոցները հազվադեպ էին դարձել։ Մոտենում էր Նարեկի ծննդյան օրը, որոշեցին դիրքեր բարձրանալուն պես սեղան գցել և ծառայակիցների հետ վերջին տարեդարձը նշել, երկու ամսից զորացրվում էին...
-Նարե՛կ, տորթ ունես, արի վերցրու,- ձայնեց պահակակետի հերթապահը։
-Մամ ջան, խի՞ ես նեղություն քաշել ախր,- ասաց մորը հեռազանգելով։
-Ի՞նչ նեղություն, Նարեկ ջան, բա ծնունդդ է, մի տորթ չուղարկե՞ի։
-Հենց ծննդյանս օրը բարձրանում ենք դիրքեր, մամ, տղերքի հետ կուտենք, ծնունդս կնշենք, ապրես մամ ջան։ Դեռ չէին ավարտել ծննդյան օրվա շնորհավորանքները, կապ տվեցին.
-Շնորհավոր տարեդարձդ, զինվո՛ր, քեզ բարի վերադարձ հայրենի օջախ:
-Համեցեք պարոն հրամանատար, անգամ տորթ ունենք դիրքերում՝ ծննդյան օրվա իսկական տորթ, մայրս է թխել:
-Դրա ժամանակը չի, անուշ արեք, դիրքի ավագ, ուշադիր ինձ լսեք... Զգոն եղեք, հակառակորդի տանկեր են նկատվել մոտակայքում, հնարավոր է դեպի ձեր դիրք գան: Նարեկը սթափվեց, զգաց՝ ինչպես արյունը տաք շիթով հոսեց երակներում։ Առաջին անգամ պետք է իրեն կցագրված զենքով կրակեր։ Նա նռնականետը հավաքեց և պատրաստ պահեց: ժամերն անցան, տանկեր չհայտնվեցին։ Նարեկը հերթափոխը հանձնեց և իջավ գետնատնակ հանգստանալու։ Դեռ չէր հասցրել պառկել, երբ ինչ որ հուժկու ձայն լսեց, զենքը վերցրեց և դուրս թռավ գետնափոր տնակից։ Չհասցրեց կոշիկ հագնել, էլ ուր մնաց զրահաբաճկոն։ Տանկ չտեսավ, գլխավերևում հարվածային ուղղաթիռն էր և հարևան դիրքի վրա նետած արկի պայթյունից երկինք բարձրացող ծուխը։ Նարեկը նայեց օդային մետաղե հսկային դեպի իրենց դիրք շարժվելիս և բնազդով զենքն ուղղեց դեպի վերև... Ձգանը քաշեց, մեծ ճնշումը թափահարեց նրան, ապա լսվեց հուժկու պայթյուն։ Ուղղաթիռը պտույտ գործեց օդում ու վայր ընկավ...
«Զինվոր, դուք կողմնորոշվել եք արագ, գործել եք անվարան, կրակել անվրեպ»,- լսեց հրամանատարի ձայնը։
«Այո՛, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել, եթե գեթ մեկ ակնթարթ երկմտեիք, հապաղեիք կամ վախենայիք, մենք կկորցնեինք այս ուղղության դիրքերը ևս»:
«Բա չեք խոսում զենքի մասին, պարոն գնդապետ… Զենքն էլ ոչ այլ ինչ էր, քան հակատանկային նռնականետ՝ նախատեսված տանկերի համար:
Դրանով ուղղաթիռ խոցե՞լ… Դա չլսված բան էր»,- սպայակազմը շարունակում էր քննարկումները, իսկ Նարեկին տեղափոխեցին հոսպիտալ։ Նա գնալով վատանում էր, դեմքն առավել գունատ էր, ուղղաթիռի բեկորից ոտնաթաթի վիրավորում էր ստացել։ Տեղի հոսպիտալում նրա հետ պառկած էին նաև մարտական գործողությունների մասնակից սպաներ, զինվորներ։ Քննարկումները պարզորոշ պատկերացում տվեցին՝ ինչ էր կատարվել հարևան դիրքերում։ Լայնածավալ հարձակում հակառակորդն իրականացրել էր ճակատի ողջ երկայնքով, իրենց դիրքերը մնացել էին անձեռնմխելի։
-Որոշ դիրքեր թշնամին գրավեց, տասնութ զինվոր ու սպա գերեվարված են, թե զոհված, դեռևս հայտնի չէ,-պատմում էր հրամանատարական դիտակետի վիրավոր զինվորը, ում կարողացել էին հասցնել բլրի հետևում սպասող շտապ օգնության մեքենա։
-Մի քանի դիրքերում սպաներն ու զինվորները ուղղակի մոխրացել են հարվածային անօդաչուի պայթյունից... Նարեկը տեղեկացավ, որ պաշտպանական գծի մյուս հատվածում ևս զինվորը հրթիռ է արձակել և խոցել մարտական դիրքերի ուղղությամբ հրթիռներ արձակողհակառակորդի ուղղաթիռը։ Հպարտության անթաքույց զգացումը կրծքի տակ փոթորկում էր։
Երկու ամիս անց զորացրվեց և վերադարձավ տուն։ Գրեթե ամեն օր հարցազրույցների էր մասնակցում, նկարահանումների։ «Գիտեի, որ նռնականետը նախատեսված չէ օդային նշանակետ վերացնելու համար, բայց այդ պահին, եթե ձեռքիս ինքնաձիգ էլ լիներ՝ կրակելու էի, մտածելու ժամանակ չկար, վախենալու ժամանակ չկար: Գործելու ժամանակն էր»,- ամոթխած ժպիտով պատասխանում էր նա։ Նրանց տունը միշտ բազմամարդ էր, ծնողները հաճախ էին հյուրընկալում լրագրողների, ծանոթ անծանոթ մարդկանց, պատմում որդու սխրանքի մասին, ցույց տալիս նրա մանկության, պատանեկության լուսանկարները, Նարեկի՝ հինգերորդ դասարանում նկարած նկարը՝ տանկեր և ուղղաթիռ, և գրած շարադրությունը. «Ես ատում եմ պատերազմը, քանի որ պատերազմի ընթացքում շատ անմեղ զինվորներ են զոհվում, ես ուզում եմ միշտ խաղաղություն լինի»: Պապը հպարտությամբ էր պատմում թոռան սխրանքի մասին և շեշտում, որ Նարեկն իր դաստիարակության արժանի կրողն է։ Օրերը գլխապտույտ առաջացնող իրադարձություններով էին լի, մինչդեռ որոշ ժամանակ անց Նարեկը բախվեց աշխատանք չգտնելու խնդրին։ Բարձրագույն կրթություն չուներ, մասնագիտացում ևս, միակ հստակ նպատակը բանակում ծառայությունը շարունակելու մղումն էր։ Դյուրին չէր այդ ճանապարհը ևս, մասնագիտացավ, սպայական կոչում ստացավ, անցավ ծառայության հետախուզության խմբում։ Ծառայակիցներից ամենաերիտասարդն էր, շատերը սրտաբաց ընդունեցին նրան, հարցեր էին տալիս մարտական գործողությունների մասնակցին, հետաքրքրությամբ ունկնդրում նրա պատմությունը։ Որոշ ծառայակիցներ այդպես էլ չընդունեցին քսան տարեկանում ճանաչում ձեռք բերած երիտասարդին իրենց շարքերում։ Կյանքն ամենևին էլ այն մեծարանքի ու փառքի ակնթարթները չէին, որ ցուցաբերում էին մարտական գործողությունների մասնակիցների հանդեպ տոնական օրերին։ Իրական կյանքն այստեղ էր՝ սպայական ուսադիրներով շարահրապարակում կանգնած՝ ենթակա անձնակազմի համար պատասխանատվութուն կրելիս, դիրքերում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որպես հետախույզ բարդ առաջադրանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից մի քանի մետր հեռավորությամբ մահվան հետ հանդիպելիս։ Նարեկը դիրքերից իջնում էր հոգնած, մաքուր անկողնու ու տաք լոգանքի կարոտած։ Մայրը նայում էր որդու հոգնատանջ տեսքին, աչքերը լցվում էին։ Նարեկը բավարար վաստակում էր, օգնում ընտանիքին, երեկոյան զվարճանում աղջիկների հետ։ Ազատ կենսակերպը զերծ էր պահում նրան պարտավորություններից մինչ այն օրը, երբ սիրահարվեց։ Փոքր էր Լենան, խոշոր աչքերով, երկար խոպոպներով։ Նա կուչ էր գալիս Նարեկիթևերի տակ ու տղան ակամա պատասխանատվություն էր կրում նրա համար։ Նարեկին դուր չէին գալիս առաջնորդ կանայք, նա քնքշություն ու սեր էր փնտրում։ Այժմ նրա երազանքներն այլ երանգներ ունեին։ Փոքրիկ Լենան հնազանդ էր, մինչդեռ Լենայի մայրը փորձում էր դստեր կյանքը վերահսկել...
«Բոլոր ժամանակների ղեկավարները անհնազանդներին դժկամությամբ են հանդուրժում յուր հրամանատարության ներքո, հատկապես եթե կրտսեր սպան ավելի հարուստ մարտական ուղի ունի անցած»,- մտահոգ ասաց գեներալը՝ կարդալով Նարեկի՝ զորացրելու վերաբերյալ հրամանը։ «Ամբողջ կյանքդ վայրկյանների ընթացքում անցնում է աչքիդ դեմով մահվան աչքերին դեմ առ դեմ նայելով ու սկսում ես արժևորել ամեն ինչ, որովհետև եթե ես չխփեի, մեզ էին խփելու, բոլորս մեռնելու էինք... 
Կյանքն ինձ համար հիմա այլ քաղցրություն ունի»,-պատմում էր Նարեկը հարևանությամբ նստած ուղևորին։ Սրտի խորքում հիասթափությունն էր թևածում, սերը, որին հավատում էր ու որը այլևս չկար։ Սև սաթի նման խիտ հոնքերը խոժոռել էին հայացքը, բայց ժպտացող աչքերի խորքում հրաշքով փրկված ու ապրելու մի ողջ կյանք կար։ Աղոտ լույսերը փարատում էին ինքնաթիռի սրահում թևածող մթությունը։ Նարեկը, փակ աչքերով հատելով երազների սահմանը, ցատկեց մեքենայի թափքից, ուսապարկը վերցրեց, դարուփոս ճանապարհով քայլերն ուղղեց դեպի հեռավոր սարերը, հասավ անծայրածիր, արևոտ դաշտերը, տեսավ հայրենի եզերքի անդորրը հսկող դիրքապահներին։ Հեռվից նրան են ժպտում դիրքի ավագը, Արայիկը, Արմանը ու կանչում իրենց մոտ...
Ինքնաթիռի անիվները մեծ թափով հպվեցին գետնին, Նարեկը վեր թռավ քնից։ Նա վերցրեց արտագաղթի ծանր ճամպրուկն ու քայլեց նոր ու անհայտ երկրի ասֆալտ ճանապարհով։ Հեռվից ժպտալով նրան էր նայում ամերիկաբնակ մորեղբայրը ...