Հեղինակներ

Նաիրա Համբարձումյան: «Սպիտակ տենդ»

12.11.2014 22:47

 

 

Նաիրա Վալերիկի Համբարձումյան : Բանաստեղծ: Տեսաբան - գրաքննադատ:

Ծնվել է Երևանում։ 1996 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը:

2003 թ. պաշտպանել է ատենախոսական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003 - 2011 թթ. դասախոսել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում:

2008 թ. ստացել է դոցենտի պաշտոն:

2009 թ. ՀԳՄ անդամ:

2010 թ. մինչ այսօր ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության բաժնի ավագ գիտաշխատող:

2011 թ. մինչ այսօր «Գարուն» գրական - գեղարվեստական, մշակութային ամսագրի խմբագրի տեղակալ:

---------------------------------------

 

Նաիրա Համբարձումյանի «Սպիտակ տենդ» ստեղծագործությունն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում է  «Նիդերլանդական Օրագրում»: Մեզ նաև պատիվ է ներկայացնել գրողի, ով նոր  խոսք, ասելիք ու գրական ուրույն ոճ ունի : Նաիրա Համբարձումյանի գրական աշխատանքները արիստոտելյան ձևակերպմամբ միայն բնության առարկայական պատկերների ու մարդկային հոգու բազմաբարդ աշխարհի ընդօրինակումը չեն  ու չեն էլ տեղավորվում մեզ հատկացված ժամանակի տիրույթներում: Գրողը վաղուց է իր մտածողությամբ  ու ասելիքով դուրս քայլել երկրային ժամանակից: Նրա ստեղծագործությունները  "դյուրամարսերից" չենդրանք ընկալելու համար, ինչպես դաս սերտողը, պետք է  ջանա  ու աշխատի, որից հետո հասկանա, որ մի նոր, լավ  բան է սովորել ու հայտնագործել կյանքում :

«Սպիտակ տենդ»-ը հեղինակն անվանել է' հեքիաթ մեծահասակների համար: Ինչպես  փոքրիկներն են հավատում հեքիաթին, առավել ևս մեզ է  հասցեագրվել  հայությանը պատուհասած արտագաղթի ցավոտ խնդիրը :

Հեղինակի խոհափիլիսոփայական այս պատումը զուտ երևույթի նկարագրություն չէ, այն ավելի  խորն է և արտացոլում է  պրոցեսը ողջ էությամբ: Սպիտակ տենդը  հարվածում է  թե' ներսից, և թե դրսից,չկա այստեղ փրկվող կողմ, ինչպես ոմանք են մտածում' գնացիր էս երկրից, փրկվեցիր: Սրա ցնցող հետևանքները աստիճանաբար ու ավելի ցցուն են զգացվելու ինչպես ներսում մնացող, այնպես էլ դրսում գտնվող հայերի համար:Այս հիվանդության կրողները բոլորս ենք:

«Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է »:

Այս աշխարհին, որն անցողիկ է, Նաիրան նայում է իր աչքերով ու պոետական հայացքով:

Նաիրա Համբարձումյանի իրական այս հեքիաթը  հոգևարքի ռեքվիեմ է, հոգու ճիչ, որ գրվել է մեծ ցավով ու ափսոսանքով ու որի ղողանջները հասանելի են տիեզերքում ...

Ընտրեք անաղմուկ մի անկյուն,կենտրոնացեք, կարդացեք ու խորհեք...

 

ՍՊԻՏԱԿ ՏԵՆԴ

 

(Հեքիաթ մեծահասակների համար)

 

Արևը մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Շրջանը նեղանում է ամեն օր, ու դահիճը լռությամբ ավարտում է գործը: Կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ:«Վե՛ր կաց ու գնա, - լսում եմ, - մահը չի կարող տեսնել հոգեվարքդ, հեռացի՛ր թափանցիկ այս դիմակահանդեսից, գնա՛ ծագող արևի երկիրը կամ որտեղ սպիտակ արջերն են ապրում, մահը կսպասի, մահը ոչինչ է, իսկ անվստահ - խուսափուկ այս շրշյունը՝ սովորական տերև:Հիշի՛ր ինձ քո աղոթքներում»:

Խաղաղությամբ կարող եմ ասել՝ վախը ձեռք է բերել նոր որակներ, բայց ավելի շատ կենդանի եմ, քան մեռած: Ու եթե հիշողությունը անցյալի վավերացումն է սոսկ, ուրեմն ինչո՞ւ ենք մոռանում հայացքը՝ սեփական պատմության այդ թափառականին, որ գրանցում է վայրկյանը ու կարևորում անկատար նյութը մեր ժամանակի մեջ՝ դեպ որը վիճակված է դառնալ մի օր մեզնից յուրաքանչյուրին: Երազնե՞րը: Երազները կգտնեն ճահիճը, կգտնեն մեզ ինչ-որ կարևոր վայրկյանի, տղմաբույր երազները անպայման մերը կդառնան: Մա՞հը: Մահը ամենևին էլ զվարթ պոռնիկ չէ, դեղնաբիբ այդ վհուկը կտանի մեզ մեր ներսի հավերժությունը դեպի, որ նույնպես մեր որոնածը չէ, քանզի աշխարհին նայում ենք հենց այնպես՝ առանց հայացքի, առանց ներքին լռության: Քրտինքի մահահոտ-սպիտակ կաթիլները, նուրբ ճիրանների պես կախվել են քթիցս ու ստիպում են երգել`

 

Ու քամին, որ թամբել է մահին,

ֆռռացնում է դեռ վզկապը կարմիր,

խռռացնում է մահը` աչքերով չռված,

խռռացնում է մահը` քաջության ապոկրիֆ:

 

Ու քամին, որ թամբել է մահին,

ձգում է երասանը մահի, ու քամին՝

հանճարեղ պոռնիկը բոլոր ժամանակների,

ֆռռացնում է դեռ վզկապը կարմիր:

 

Ու հնարավոր է՝ տեսնենք մեռնող արևը միայն, կույր - մոխրագույն արևը, մեր արևը, որ տեղավորվում է մեզ հետ նույն դագաղում, որ պատրաստել է դահիճը: Երբ լուսանա, նոր աշխարհի հազարավոր արևներ՝ խանձված թարթիչներով, կկուրանան: Ու հնարավոր է՝ հազարավոր ուրվականներ ելնեն գինետներից՝ բոզ շների պես հոտոտելով էգերի հետույքները: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Լսել՝ խուլ ականջներով, նման եկեղեցական համր զանգերին, որ թողնում են հոտը օտարի ճակատագրին: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է:

Երկու անգամ նույն գետը չեն մտնում: Խորը գետը չեն մտնում նույնիսկ մեկ անգամ, առաջին անգամից հետո, իհարկե: Առաջինը Հերակլիտն է, երկրորդը՝ ես, թեպետ գուշակները առանց հղումի են արտասանում սույն միտքը: Նրանց կարելի է, հարաբերականի սահմանները նրանք մշտապես անցկացնում են հնարավորի միջով: Սահմանված կարգ է: Ոչ մի իրարանցում. ծամածռվում է սոսկ ժամանակի մռութը: Թո՛ղ ծամածռվի: Կացնի բութ թխկթխկոցը լցնում է մահադեմ այս երեկոն՝ մայրամուտե պատանքով: Կողքիս մահամերձը ալիքվող այրոցքի մեջ է, որ ձգվում է պորտից պիրկ պտուկները՝ մերթ փոխվելով սպիտակ տենդի, մերթ օգնելով վախին՝ թաքնվել կոնքերի թիթեռնաձև անձավներում, նման արևին, որ մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Ու ժամանակը բորոտավորի պես, փաթաթված ծեծկված լաթի կտորներով, հաշվում է ժամերը երկրորդ գալստյան: Ամեն օր նեղանում է շրջանը, ու դահիճը կամաց - կամաց ավարտում է իր գործը: Հիսուսը՝ մեղքերից կարկամած: Հիսուսը՝ ջղաձիգ: Ես կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ: Հսկա, սև արևը մեռավ երկրի արգանդում, մեռավ հիշողության պես, որ մերն էր: Արևը մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Մեռավ, քանզի ավարտվել է երկխոսությունը մեր ու աշխարհի, քանզի քայքայվում է տիեզերքը բառերի՝ ապակե - անգույն աչքերով ավերելով էությունը մեր: Ինչ-որ գիտենք՝ հետևելն է, նորածնի պես, որ երբեք չի գտնի մոր արգանդը, թերևս միայն՝ հողի:

Կիսատվում եմ, քանզի դահիճը շարունակում է գործը՝ թը՛խկ - թըրը՛խկ, թը՛խկ - թըրը՛խկ, կիսատվում եմ, տեղավորվում գրկաչափ այս դագաղում, ու ինձ հետ՝ արևը: Կիսատվում եմ: Մարդիկ՝ մահամերձի վերջին շնչառությամբ, սպիտակ տենդով դողդող: Կիսատվում եմ, քանզի հիշողությունս չի զորում լռեցնել դագաղագործի պողպատե հարվածները, քանզի հիշողությունս չի զորում մաքրել արյան սպիտակ հետքերը, քանզի հիշողությունս չի զորում պահպանել հայացքները, քանզի նախապաշարումը հիմարների բանականությունն է, քանզի մոլորյալների ոգեկոչումը ծնում է միայն խեղված թշվառներ: Կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ, որովհետև ժամսլաքները նույնպես գաղթում են՝ երկո՛ւ, երկո՛ւ, երկո՛ւ. դեպի ո՞ւր՝ չգիտեմ: Քրտինքի մահահոտ-սպիտակ կաթիլները, նուրբ ճիրանների պես կախվել են քթիցս ու ստիպում են երգել՝

 

Կգամ քեզ մոտ ինչ-որ մի օր, օ՜ հայրենիք,

սպասի՜ր ինձ, քանզի գիտեմ, որ սուրբ ես,

հիմա ճամպրուկս տանում եմ օդակայան:

Ժամանակը ոռնում է, վնգստում է տարին,

ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ հայրենի՛ք:

 

Թե ապրում ես գողերի հետ, ուրեմն կարի՛ր գրպաններդ, հայրենի՛ք:

 

Ու մոխրամանը զարթնում է քնից, ու ծանր կոնքով

խփում հոքուներից բթացած գլխիդ, ընկե՛րս:

 

Ժամանակը ոռնում է, վնգստում է տարին,

ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ, հայրենի՛ք:

 

Ամեն օր դահիճը կտրում է ոտքերիցս մեկ սանտիմետր,

սպիտակարյունության հոտ է գալիս, տրալյալյա՜, տրալյալյա՜,

ու ես կիսատվում եմ՝ տրալյալյա՜, տրալյալյա՜:

 

Ամեն օր դահիճը կտրում է ոտքերիցս մեկ սանտիմետր,

ու ոռնում է ժամանակը, վնգստում է տարին,

ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ, հայրենի՛ք:

 

Առավոտ ծեգին գնչուները հետապնդում էին՝ дай погодаю, вернешься или нет...

 

Անզիջում բլեֆ է այս ամենը, սպիտակ բլեֆ: Հիշի՛ր ինձ քո աղոթքներում: Օմմմմմմմմմմմմմ ու Ամմմմմմմմմեեեեեեեեեենննննննննննննն……….

Ու հնարավոր է՝ թռչունի ստվերը՝ թափանցիկ ու թեթև, խոնարհվի մինչ մայրամուտ, ու ես անցնեմ մռայլադեմ պատի միջով, ու դահիճը գտնի իմաստությունը բացակաների, որոնց ստվերները հեռանում են արևի ճամփորդությունից:

20.12. 2013

_____________________________________________

 

 

Դավիթ Հովհաննես / Ախ, ինչպե՞ս երգեմ ես աշունն այս խուլ

05.11.2014 00:59

Դավիթ Հովհաննիսյան (բանաստեղծ, թարգմանիչ) ծնվել է 1945թ. փետրվարի 17-ին, Երևանում: Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: Հայկական հեռուստատեսությունում, որպես հեղինակ, տասը տարի վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը (1980-90թթ): 1979թ-ից գրահրատարակչական ասպարեզում է: Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003թթ` ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր: Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965թ-ից տպագրվել է: Նրա ստեղծագործությունները մշտապես եղել են քննադատության և ընթերցողների ուշադրության կենտրոնում: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ: Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում: 1975թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:


ԱՇՈՒՆ Է ՀԻՄԱ – ԲԱԺԱՆՈՒՄԻ ՇՐՋԱՆ

Աշուն է հիմա – բաժանումի շրջան, 
ողջ օրն անձրև է գալիս ու չի գալիս –
անգույն, միալար խոսքերիդ պես տարտամ, –
ախ, ինչպե՞ս երգեմ ես աշունն այս խուլ, 
երբ բառեր չկան, երբ մենակ եմ ու լուռ
մեռնող բնության, մեռնող սիրո դիմաց, 
աշուն է հիմա – բաժանումի շրջան:

Անցյալ աշնանն էր, որ սիրեցինք իրար, 
ու թվաց, թե այլ մի կյանք ապրեմ պիտի, 
կարծես օրերս էլ մի նոր գույն առան, –
և աշնան խոնավ, փաղաքուշ միգում –
հասո՜ւն էր սերը՝ ամռան կրքի նման.
– օ խաբե՛ց մեզ անցյալ աշունը խարդախ, –
անցյալ աշնանն էր, որ սիրեցինք իրար:

Ասում են՝ ծերերն են աշնանը սիրում –
մենք ծեր էինք, բայց ուզեցինք խաղալ, 
և դա է հուշում մեզ աշունն այս խուլ –
իր անձրևներով անգույն ու միալար, –
տե՛ս, լալի՜ս է մեր սերը երկնքից կախ, 
և կանչում հուսահատ, թե վախճանն է սա.
– ասում են՝ ծերերն են աշնանը սիրում:

Չեմ ուզում հիմա քեզնից ոչ մի բան, 
մոռացիր, մոռացիր ինչ որ եղել է, –
ա՛խ, այս թշնամի, այս մեռնող աշունը
տարավ ամեն ինչ անդարձ իրեն հետ, 
ա՛խ, մենք բոլորս մանուկներ ենք որբ, –
ցուրտ է, մրսում եմ – իսկակա՜ն Տերյա՛ն, 
չեմ ուզում հիմա քեզնից ոչ մի բան…
_____________
ԱԳԱՄԵՄՆՈՆ

Տեսնում եմ ահա: – Նավերը կանգնած, 
չի փչում ոչ մի համընթաց քամի, 
զենուլ ես տալիս դու քո աղջըկան, 
որ աստվածների սիրտը ողոքես, –
բայց սարսափած են թե՛ մարդ, թե՛ աստված, 
քանզի քո զոհը – անմեղ կույս է մի, 
և լալիս է քո սիրտը հայրական, –
բայց մոր աղերսն էլ ետ չի պահում քեզ:

Տեսնում եմ նորից: – Գոռոզ, ինքնակամ, 
հերոսի հետ ես գժտվում առաջին, 
որից փախչում են արքաներն անպարտ, 
որից սարսում է քաղաքն Իլիոն, –
բայց Պելիսածին քո ոսոխն անգամ
անսաց քո կամքին, քո հզոր անձին, 
և առաջնորդեց աքայանց ի մարտ, 
– դեպի սոսկալի՜ հաղթանակի տո՛ն:

Տեսնում եմ մահըդ: – Թիկնոցով ծածկված, 
ելնում ես որպես կուռք արևելյան, –
և վրիժառու տապարն եմ տեսնում –
երիցս ներկված քո տաք արյունով…
– Դիցե՜ր, ինձ խոցեց մահացու հարվա՛ծ, –
շանթված կասկածով դավաճանության –
բարձր կանչում ես դու վերջին շնչում, 
որ ինձ է հասնում դարերի միջով…

Օ, Ագամե՛մնոն: – Օ, մե՛ծն առաջնորդ, 
հերոս էիր դու, – և ամբողջ կյանքում
վախն ու սարսափը օտար էին քեզ, 
քանզի քո հոգում – առյո՜ւծ էր նստած, –
բայց արքայական քո սիրտն անհողդողդ
մի օր սողոսկեց մի խորթ զգացում.–
հիշո՞ւմ ես՝ ինչպես կանգնեց Թերսիդես, 
ու քեզ ժողովում ի՜նչ խոսքեր ասաց:

Կաղ, աչքերը շիլ, մազերը ցանցառ, 
կուզ, սրագագաթ ու կորաքամակ –
նա ճչում էր քեզ, այնքան մարդու մեջ, 
ի՜նչ սև անարգանք, լուտա՜նք ինչպիսի: –
Անվանեց ագահ, կնամոլ, թշվառ, 
կոչ արեց թողնել քեզ մարտում մենակ…
– Բայց մինչ դու այնտեղ նստած էիր խեղճ՝
նրա մեջքին զա՜րկն իջավ Վոդիսի՛:

Օ, տեսնո՛ւմ եմ քեզ: – Ստորից պարտված, 
դեռ գլխի չընկած, թե ինչ կատարվեց –
արդեն կրակ է վառվում քո հոգում
և ուռճանո՜ւմ է քո սիրտը ցավի՛ց, 
բայց անտես մի ուժ ճնշում է քեզ ցած, 
և դու լռո՜ւմ ես, լռո՜ւմ ես, օ մե՛ծ.–
ա՛խ, աչքիս առաջ դու քար ես դառնում –
մարմար անհաղորդ ու անվշտակից:

Եվ երեսուն դար նստած ես այդպես, 
կույր կոպերիդ տակ փակած քո հոգին, 
վախն ու սարսափը խեղդած սրտիդ մեջ
և թաքցընելով ցասո՜ւմդ արդար, –
բայց ինչքա՛ն լավ եմ հասկանում ես քեզ
այսօր մի նման ժողովում կրկին, –
ու երկու բառ եմ մրմնջում անվերջ.
– Թերսիդեսի դա՛ր: Թերսիդեսի դա՛ր:

Նա զինվոր էր վատ, և մարդ չարանենգ, 
բայց տե՛ս, ստորից դարձել է իշխան, 
և գնալով նա մեծանում է դեռ, 
հերո՜ս է արդեն, նույնիսկ՝ ո՜չ վերջին, –
ու թեպետ նրան մենք շատ լավ գիտենք, 
բայց կտրում է նա մի օր մեր ճամփան, 
– և չկա, ավաղ, Վոդի՜սն էլ արդեն, 
որ մի զա՛րկ իջներ նրա կուզ մեջքին: 
1980
_________________

ՁԻ, ՆԺՈՒՅԳ ԻՄ ԵՐԵԿՎԱ

Ինչքան ուզեցի փախչել –
այնքան ավելի խրվեցի, –
և կանգնած ցեխերում որպես ձի, 
որպես քնձռոտ յաբո՛ւ, վրան ախտեր, 
ճանճեր եմ քշում հիմա –
դժբախտություններ մանրումեծ, 
հոգսեր առօրեական, 
որոնց տակ կքել եմ արդեն էլ, 
որ կախվել են բաշիցս թել-թել, 
որ ծեփել են բերան ու աչքեր, 
որ պատել են դո՛ւնչս ծեր, –
և չեմ տեսնում ոչինչ, 
և չեմ լսում ոչինչ
(ամառվա կեսին, շոգ ամառվա, 
այս ցե՞խը ով հնարեց):

Ամառվա կեսին, շոգ ամառվա –
այս ցե՞խը ով հնարեց, –
որ կարող էր լինել, իհարկե, 
որ պիտի անպայման լինե՛ր գուցե
(ինչպես քաղաքի կարգն է –
և փողոցի մեջտեղո՛ւմ հենց), 
բայց կարո՞ղ էի հո շրջանցել, 
անցնել ու թողնել ետևում
ցեխը այդ գեղեցիկ ու սև, 
այնքա՛ն գեղեցիկ ու սև, 
որ մեջը մինչև ծունկս թաղված
կանգնել եմ որպես ծեր, 
քնձռոտ յաբո՛ւ, վրան ախտեր, –
որպես գուշակո՛ւմ իմ վաղվա –
և չգիտեմ ում ինչ ասեմ:

Ձի, նժույգ իմ երեկվա, 
ո՞ւր է քո երբեմնի վարգը, 
ո՞ւր է քո խրխինջը վստահ, 
ո՞ւր են հարազատներդ երիվար, 
որ հիշում են քեզ, իհարկե, –
բայց միայն մի պա՛հ –
որովհետև այնպես եղավ, 
որ կյանքիդ ընթացքը բնավ
չշեղեց իր ուղին սովորական, 
և դու էլ դարձար այսպիսի կական –
նրանցից, որ գրվել են շատ, 
իրար նմա՛ն, սենտիմենտա՛լ, ուժա՛տ
և հոգնած, անսահմա՜ն հոգնած…
Ինչո՞ւ չմեռար: Որ սատկե՞ս: 
Բայց ո՞վ պիտի ների քեզ:

Սա տանջա՛նք է, տանջա՛նք, 
ամառվա կեսին, շոգ ամառվա –
կանգնել ցեխերում որպես ձի, –
որպես քնձռոտ յաբո՛ւ, վրան ախտեր, 
և ճանճեր քշել – ճանճե՛ր, 
դժբախտություններ մանրումեծ, 
հոգսեր առօրեական, 
որոնց տակ կքել ես արդեն էլ, 
որ կախվել են բաշիցդ թել-թել, 
որ ծեփել են բերան ու աչքեր, 
որ պատել են դո՛ւնչդ ծեր, –
և չես տեսնում ոչինչ, 
և չես լսում ոչինչ, 
այլ մտածում ես միայն
բութ ու համակերպված.

ահա ես, վրան ախտեր, 
ապրելու դատապարտված ձի, –
ինչքան ուզեցի փախչել –
այնքան ավելի խրվեցի: 
1982

ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ

Լինել, թե չլինել. այս է խնդիրը, 
սրանց նման գոհ ու երես առած, –
դառնալ արքայի խաղալիքը, իրը –
և կամաց-կամաց սողալ առաջ…

– Լինե՛լ, – ասում է արքան վստահ, –
և կլինի քո նույն սկիզբը դա լոկ, 
որ հասնես այնտեղ, ուր ես եմ նստած
և աշխարհին եմ նայում խնդալով: –

Շատ լավ. ես էլ կուզեի լինել, –
ինչպես այդ արքան: Ինչո՞վ եմ պակաս: 
– Սակայն ի՞նչ անեմ, որ սրտիս նեղ
պատերն է ծեծում արյունս կաս:

Որ մահկանացու իմ սրտի տակ
հրե առյուծներ են հաճախ մռնչում, 
հրաբուխներ են ժայթքում իրենց տաք, 
թունավոր լավան…– Ինչպիսի՜ խնջույք:

– Ոչ, չլինե՛լ, – որոտում են նրանք, –
այսպես դու նման ես քեզ առավել, 
թող լինի մեկը, որ ասի՝ կյա՛նք, 
դու ուզեցիր, բայց ես ինձ չեմ դավել:

Եվ այդ ձայները, ինձ թևերին առած, 
թռցնում են Ոգու բարձրունքները վես, –
ուր աստված է ամեն մարդ արարած –
և չունի իր հետ կռիվ ու վեճ…

Բայց երբ այնտեղից գլորվում եմ ցած –
արքային քրքիջի տակ չարախինդ, –
ապա միտք եմ անում խիստ չարացած.
– Ի՞նչ գործ ունեի: Ո՞վ էր դրդել ինձ:

Դժբախտություն է՝ ճղճիմ դարում
լինել հրեղեն, վեհ խոսքի կարոտ, 
երբ կարելի էր լինել հարուստ…
թեկուզ և քաղցել ճոխ սեղանի մոտ: 
1984

ԲՈՂՈՔ ԱՌ ՄՈՂՈՔ

Մողո՛ք, Մողո՛ք, ո՞ւր են պոետները, 
որ, հույզով ու հույսով առլեցուն –
երգում էին կյանքի վառ օրերը, 
սեր ու խաղաղություն ամենեցուն, 
մինչդեռ դու մա՜հ էիր սփռում ամենուր, 
և չէ՛ր ժանգոտում ձեռքիդ գերանդին, –
որովհետև այդպես էր կամենում
քո սիրտը դաժան, չար ու անխինդ:

Ես տեսնում եմ նրանց, երգիչ ու բանաստեղծ, 
որ երազիս մեջ դեգերում են անտուն…
– Ինձ ամե՜ն գիշե՛ր տանում են այնտեղ, 
ուր, աքսորական կամ թե բանտում –
նրանց տառապանքի ուղի՛ն է երկարող, 
վոդիսակա՜նը անպատմելի՛…
– Բայց, աչքերի մեջ ապշանք ու կարոտ, 
նրանք զարմացած նայում են էլի՛…

Մողո՛ք, Մողո՛ք, նրանք չեն հասկացել
ու երբե՛ք, երբե՛ք չեն հասկանա, 
թե՝ ինչի՞ համար մուրճմանգաղաձև
քո սուրը շողաց իրենց գլխին հանկարծ, 
բայց գործո՜ւմ էր քո մահվան գերանդի՛ն
և դարձնում նրանց – մարդկային ցե՛խ, 
և փոխում նրանց խինդը – խանդի, 
և փչացնում, ով դեռ պոե՜տ էր մնացել:

Ու թեև անցան նրանք հրի միջով, 
և հնչեցըրին պղնձյա փողեր, –
բայց սրբե՜ց նրանց քո սուրն անզիջող, 
որի փառքն իրե՛նք էին հենց տարփողել, 
և տակը մնաց – ժժմունքը թերուս, 
որ պղտոր ջրո՛ւմ – դեռ շո՜ւռ է գալիս: 
– Եվ հսկում ես դու նորից վերուստ, 
և վերուստ նորից հըրաման տալիս…

Եվ «վսեմ բառի» մունետիկներն այս խեղճ
շարժվում են նորից քո՛ հրամանով.–
«հաչում էին այնտեղ, հաչում են այստեղ», 
սուտ փայլից ընկած, անղեկ ու անօգ, 
հաչում ուրիշի՛, նաև – իրա՜ր վրա, 
և մեղա գալիս նույն պահին՝ խաչվե՜մ, 
և կեղծ պատվելու թիկնոց քաշում վրան, 
բայց հասկանում, որ կարծես մի բան այն չէ:

Ե՛վ տիրացու սև գաճաճն է հաչում, 
և՛ Չալանկ գամփռը – հոտը քամահրած, 
և՛ ծաղկերգուն, որ հաչում է աջում, 
իսկ ձախում – հակում գլխիկը ցած, 
և՛ վարժապետը, որ գցում է տողե՜ր
մեռելահոտ ու դոնդողանման, 
և՛ գյուղից քաղաք իջած տղան, –
ում, ինչպես միշտ, Թոփչյան Ալիկն է պեղել:

Ե՛վ սերնդի որբը, որ վիզը կոտրեց, 
և՛ նույն Թոփչյան Ալիկը, դարձած գրող, 
– տարբեր ու նման ճակատագրե՜ր, –
որոնց շարժում է ճակտի գիրը գրող
քո ձեռքը, ինչպես եղել է հնում, 
երբ քանիսի՜ն ես այդպես տարել ի մահ, 
որոնց տվել ես Բառի իշխանություն, 
հետո – սպանել ամեն օր, ինչպես հիմա:

Մողո՛ք, պատերազմի՜ աստված, չա՛ր աստված, 
ես բողոքո՜ւմ եմ ահա քո դեմ.–
մի՞թե սրա՜նք են քեզ հակոտնյա տված, 
ինչո՞ւ սրա՛նց վրա ելար մահադեմ, 
և ո՞րն է արդյոք ավելի դաժան.–
մեռնել ամե՞ն օր, թե՞ միանգամից…
– Բռնությո՛ւն, աքսո՛ր, մահտարաժա՛մ…
– Մահվան կերպերն այդ ծանոթ են և՛ ինձ,

Ե՛վ նրանց, ովքեր հիմա լալահառաչ
ողբում են իրենց տո՜ղը պատանեկա՛ն
(երբ դեռ մարդ էին, – և Աստծո առաջ
մաքուր էր իրենց խի՜ղճը պոետակա՛ն), –
իսկ հիմա, դարձած մի փետրավոր թռչո՛ւն
կամ մի փորախո՛ս, արձա՜ն ետմահու –
մի կերպ պահում են իրենց նոսըր չուն, 
ու իրենց դեմքն են մի կերպ պահում…

Ամեն ինչ են հիմա՝ մըրցանակակիր, 
և փիլիսոփայ նույնիսկ, և դասախոս
(որ, դուրս ընկած շավղից ժամանակի –
դասե՜ր է խոսում գավառական շախո՛վ), 
և լերկագլուխ, նենգ տիրացու, 
որ մեր արյուն-ավեր օրերում նորից
գործ է տալիս տակից (և մահկանացու
յուր չգոյությունը – սեպում ո՜չ միօրի՛կ),

Եվ սերնդի զոհ, բայց – ապրող ավելի, 
քան այս բոլորը – միասին վերցրած
(ու եթե նրան ես հիշո՜ւմ եմ էլի՛ –
գլուխս հակած նրա գրքի վրա, –
ապա ա՜յն պատճառով լոկ, որ չգիտեմ, 
թե՝ ո՞վ է ավելի երջանիկ.– նա՞, 
ով երեսուն տարի առաջ վիզը կոտրեց, 
բայց թողեց իր դեմքը – մահամնա՛,

Թե՞ ես, որ դարձա քո զոհը, Մողո՛ք, 
և ամենա՛յն օր – մեռա՜ սրանց հետ…): 
Եվ եթե հիմա ես գրում եմ բողոք, 
և կամ՝ հուսահատ հոգու մի դեպք, –
ապա հիշում եմ մեռած պոետին, 
երեսուն տարին, հիշում եմ և՛ ինձ, 
և կրկնում խոսքը հնուց անտի.
– Ի՛նչ լինում է՝ թո՛ղ որ լինի միանգամից:

Ա՛յս է: Եվ ե՜ս եմ վատը բոլորից, 
որովհետև այն, ինչ որ տեսա –
տեսան նաև իրենք, բայց նորից, նորից
լռեցին, իբըր՝ ասելու բան չէ՜ սա, –
քանզի ասո՛ղն է միշտ մեղավոր, 
մանավանդ, երբ – ուրի՜շն էլ գիտե
այն, ինչ ասում ես դու – մերկ բառով, 
իսկ ինքը լոկ – բարբառո՜ւմ է ի Տեր:

Ա՛յս է: Եվ չկա ոչինչ նորություն
այն ամենում, ինչ ասում եմ հիմա, 
մի կրկնված դարձ – ի շրջանս յուր, 
մի անզոր շարժում – քո թրի դիմաց, 
բայց ես, վանելով մտքերս այս ցուրտ, 
նույն հա՜րցն եմ տալիս – սրտի դողով.
– Վասն կյանքի հույզով, հույսով առլեցուն
ո՞ւր են պոետները, Մողո՛ք, Մողո՛ք…

***
Մակերեսն ինչքան առօրեական է և սոսկալի –
նույնքան սոսկալի է խորքը, երբ խորանում ես, –
խորքը, ուր հտպիտներ են խաղում՝ չարությամբ լի, 
խորքը, ուր դևերն են ճչում քո անծանոթ անունը
և շեփորում քեզ աղետ, հիվանդություն ու մահ, 
և դու պատռել ես ուզում երազիդ բամբակը –
որ վերադառնաս կյանք, մանկության բակը, –
բայց պարզվում է, որ հե՛նց կյանքի մեջ ես հիմա:

***
Ես նորից եմ ասում – եթե դու «բանաստեղծ» ես, 
ապա ես՝ բանաստեղծ չե՛մ, հազար անգամ՝ չե՛մ, 
ես գիտեմ, որ գրգռում եմ թույլ գրչիդ ծերը –
և դու էլ ուզում ես Դավթի նման թռչել, –
երկու թևով թռչել – թերթի երկու էջում, 
դե, ուրեմն՝ թռի՛ր, իմ բանաստերջ ագռավ, 
բայց իմացիր՝ եթե տողը թռավ –
արյո՜ւն պիտի ոթի, այլ ոչ թե՝ ջուր:

***
…Երազ տեսա. ինձ՝ մի ականապատ դաշտում, 
և այդ դաշտի անունը՝ Մայր Հայաստան էր, 
ես փնտրում էի ճիշտ ճանապարհը դեպ տուն, 
ճանապարհը, որ ինձ ապահով տեղ տաներ, –
ուզում էի դուրս պրծնել դաշտից ականապատ, 
որը հսկում էին ռուս և հայ սպաներ…
– Իսկ ազերի թուրքը շինում էր իր պատը, 
և ինձ իմ երազում ուզում էր սպանել:

***
…Ու ես երազ տեսա, սոսկալի՜ երա՛զ: 
– Մի մարագի մեջ ծեր, կին ու մանուկ
լցրած՝ վառում էին երեք ասկյար, 
իսկ գյուղի տերտերն աղոթք էր անում, 
և հրի միջից կարկառում Աստծուն
վառվող ձեռքերը, որ իրեն երկինք հանի: 
– Եվ մի ո՜ղջ գյուղ իջել էր ծունր, 
և խնդրում էր՝ ետքից իրե՛ն էլ տանի: 
………………………………………..

***
Ես ինչպե՞ս կուլ տամ եղեռնի ամոթը, 
որին, ուզում ենք՝ աշխարհն էլ սատարի, 
ես ինչպե՞ս շնչեմ անմեղ արյան հոտը, 
որ չի մակարդվում այս էլ հարյուր տարի, 
ինչպե՞ս մոռանամ միլիոնների քոչը, 
որը քշում էր արնախում խուժանը…
– Ե՞րբ պիտի գա արդար հատուցման ժամը, 
բայց գործո՛վ՝ քանզի չի՜ ազդում էլ կոչը:

***
Դավաճանված դաշտեր, դավաճանված լեռներ, 
դավաճանված հողեր, դավաճանված Էրգիր.
– մի չար բժժանքի մեջ դուք կարծես թե մեռել, 
և մնում եք կարծես մի հպումին ձեռքի, –
որ արթնանաք ձեր խոր լեթարգիական քնից, 
և հազարագոչգոչ, և խժալուր ձայն տաք, 
և արյունը կրկին խաղա մարմնում ձեր տաք…
– Բայց չկա ձեռն մարդկան, և չկա ձեռն երկնի:

***
Վանա կատու, մեռավ ծննդավայրն քո Վան, 
և ուզես էլ՝ չես գտնի ճամփան դեպի տուն, 
– այնտեղ քրդի շունն է հաչացող հայվանը, 
և գորշ գայլն է այնտեղ ոռնում, Վանա կատու, 
մեռավ քո տեսակը, շանթումն ուրարտական
երկգույն քո աչքերի, – ու էլ չի աշխատում
գող մուկ բռնելու քո բնազդը կատվական, 
և դու էլ մնացիր հայու միֆ – Վանա կատու:

***
Երբ ես ասում եմ՝ լլկված ծեր ու մանուկ, 
երբ ես ասում եմ՝ բռնաբարված երկիր, 
– որ Հայրենիք են ոմանք անվանում, 
իսկ ես հորջում եմ՝ գերեզմանոց երգի, –
դու ինձ ասում ես՝ չե՜մ ուզում լսել
քո այդ բառերը՝ կոպիտ, սոսկալի, –
ես ուզում եմ երգ, ես ուզում եմ սեր –
պոե՜զիա եմ ուզում, իսկ դու՝ կյանքն ես տալիս:

***
Ներիր, իմ ընթերցող, որ չըկարողացա շոյել
իմ բիրտ տողերով – քո նուրբ ականջը, 
և պատռեցի ունկիդ կուսաթաղանթը, 
և քո աչքում հագա զոլավոր շորեր, 
և ինքնասպան դարձա ես քո աչքում –
անուղղելի՛ և վերջնականապե՛ս, –
բայց թույլ տուր՝ հիմար մի հարց տամ քեզ.
– Ե՞ս եմ ինքնասպանը, թե՞ դու՝ քո պատրանքում:

***
Ա՛խ, եթե կյանքս ետ բերեի իմ այն, 
և դառնայի ջահել, բայց՝ այսօրվա խելքով
(անհնարի՜ն երազ – հնարավոր միայն
հոգիդ սատանային ծախելու ելքով), –
կծախեի՜ հոգիս, արև՛ըս վկա, 
որ անեի չարած իմ սերերը բոլոր, 
որ գործեի չարած իմ մեղքերը բոլոր…
– Բայց ոչ հոգի մնաց, ոչ էլ՝ առնողը կա:

***
Ինձ մորթել ես ուզում, գիտեմ, 
Բե՜ր, դանակդ սրեմ…–
ՄԻ ՀԻՆ ՍԻՐԵՐԳ

Եթե Աստված ասեր՝ ընտրիր երեքը, 
ես մոմ կվառեի նախ կնոջ համար, 
ով ծնունդ առավ իմ կողից թեք, 
և տեղը նրա՝ դատարկ է մինչ հիմա, 
և երկրորդ մոմը՝ կնոջ համար հլու, 
ով լռում է, զի՝ սիրե՜լ գիտե միայն, 
– և երրորդ մոմը՝ հանուն կնոջն այն, 
ով կառնի՛ դանակն իմ ձեռքից՝ սրելու:

***
Շատ մի՛ հուզվիր, տղաս: 
Պոեզիան ինձ այնքան հետաքրքիր չէ, 
որքան հետաքրքիր էր իմ ջահել օրերին.–
ես գրում եմ, որպեսզի ծանր մտքերն ինձ չքրքրեն, 
և մեկ էլ՝ ապացուցելու համար, 
որ դա անում եմ լավ բոլորից
և, այդպիսով՝ հագուրդ եմ տալիս իմ մրցակցող եսին, 
որը չի՜ կարող հանդուրժել իր կողքին գրող ևըս մեկին: 
– Բայց ձանձրացել եմ արդեն՝ անմրցակից ու անմեկին, 
և անցնելու եմ շուտով արձակի ու պիեսի:

***
(Ars poetica) 
Ձեռառնոցին էլ – պոեզիա է, 
եթե հումոր ունի բանաստեղծը, – և ընթերցողը, 
եթե սուր խոսքը – բանաստեղծի լեզվի վրա է, 
եթե այդ խոսքը – դիպուկ հանգով զնգացող է, 
բայց սուր խոսքը – դեռևս պոեզիա չէ՛ լրիվ, 
ձեռառնոցի՜ է, – և մնում է ձեռառնոցի՛, 
որը նետում ես – նման փայլուն ձեռնոցի, 
և բացում ձեռքը – թրթռացող, շնչող, համբուրելի՛:

***
Հիմա պիտի ասեմ. պոեզիայի խորը՝ ո՞րն է: 
– Պոեզիան պիտի լինի արտիստիկ, որ թեթև թռչի: 
Բայց «իմ ցավը խորն է, շատ խորն է», 
իսկ դժոխքում – հնարավոր չէ չուն թռչունի, 
կայրի թևերը – հատկապես յոթերորդ պարունակում, 
որտեղ տոչորվում են բոլոր հերձվածողները…
– Եվ որտեղ կայրվեն ծանր հոգուս թևերը, 
որ այնքա՛ն, այնքա՛ն մեղքեր է պարունակում:

***
Բայց սա էլ, իհարկե՝ խաղ է մի մեծ…
– Պոետը, իհարկե՝ մեղսավոր չէ ավելի, 
քան սուրբ Ավգուստին Երանելին, 
ով ասում էր՝ կրում եմ իմ դիակը իմ մեջ, 
իսկ բանաստեղծը՝ կյա՜նքն է կրում իր մեջ, 
ու եթե մեղքեր է գործում անթվելի –
ապա չունի՛ գոնե մի մեղք անքավելի, –
զի՝ թեթև՜ է մեղքը պոետի մուսայամե՛րձ: 
***
Ինձ ասում է իմ բարեկամը խելոք.
– Դու քո գլխին մի քյալագ կբերես՝
այդպես խոսելով, այդպես գրելով, այդպես ապրելով: 
– Ինչպե՞ս, – հարցնում եմ ես, – ինձ կասե՞ս: 
– Դու ի՜նքդ լավ գիտես: Հակառակվելով
հասարակական կարծիքին – պոեզիայում թե կյանքում, 
բացահայտ անելով այն, ինչ ուրիշն անում է թաքուն: 
– Բայց ես ուզում եմ ապրել՝ մարդո՛ւ պես լոկ:

***
Այդպե՛ս է: Պիտի զոհվես կամ քյալագի գաս, 
որ ճահճաբնակ այս ամբոխը ծփա, ցնցվի, 
ծուլ լինի տեղից, հայու հավար գցի, 
թե՝ մեռա՛վ, գնա՜ց մեր ազգի ապագան, 
– և այս սֆինքս երկրում՝ ներփակ ու անքնին, 
որտեղ խաղաղ, անշառ նա մուկ էր տշում –
կկազմակերպի թաղման ոսկե աշուն, –
իսկ հետո… դի՜նջ կտրվի ձմռան քնին:

***
Բիբլիական իմ ազգ, բիբլիական երկիր, 
որ ապրում ես դարեր – փակված լեռներիդ մեջ, 
– հողըդ դեռ պահում է ուրարտական հերկի, 
նավասարդյան բերքի մնացորդացն իր մեջ, –
բիբլիաբառ երկիր՝ բիբլիաբար քնած, 
որ Սուրբ Գրքի նման՝ ժամին ես արթնանում, 
որ նայես շուրջդ, թե՝ ո՞վ կար, ո՞վ մնաց…
– Եվ փակվում ես նորից քարե քո պատյանում:

***
Ելնում է գեհենի կրակների հրից
տերը մեր օրերի – դժոխքի սատանան, 
և ընդունում է սիրով բոլորին –
ովքեր ուզում են ուզածն ըստանալ, –
և տեսնում եմ ես այդ երկար հերթում
բանաստեղծին և բանաստերջին մեկտեղ: 
– Երկրորդը՝ ձի՜րք է խնդրում մի պճեղ, 
իսկ առաջինը – փո՛ղ է աղերսում:

***
Երկար է հերթը սատանայի դռանը: 
– Աստծու դռանն էլ հերթ չկա այսպես: 
Զի Աստծու հերթը – ակն ընդ ական է, 
իսկ սատանայի հերթը – անտես, 
– բայց սատանայի գրասենյակում
գրանցվում են և ուզածն ըստանում, 
և տեղը թողնում հոգի և անուն…
մարդիկ, որ Մավրից դառնում են Յագո:

***
Աստծուն հռչակեցինք սատանա: Մեր նոր կարգում
սատանային նորից հռչակում ենք` Աստված: 
Մեկ կյանքի ընթացքում՝ մի քանիսն ենք ապրում, 
բայց չենք ապրում միակ կյանքը – վերուստ տրված: 
Չենք հավատում հիմա սատանային թե Աստծուն, 
քանզի փոխվում են նրանք տեղով անընդհատ…
– Իսկ մոլորված հայը՝ իր անհավատ
գլուխը պահելու մասին է լոկ մտածում:

***
Մի օր, երևի՝ քո ետքից էլ կասեն.
– Նայե՛ք, այս մարդը դժոխքից է դարձել, –
ինչպես ֆլորենտացի կանայք են ասել –
մատնացույց անելով Դանթեին ծեր…
Բայց ԱՅԴ ԲԱՌԸ նրանք ասել են խոնարհումով, 
այլ ո՜չ թե՝ ինչպես կանայք դատավոր, 
որ այպանում են քեզ՝ մեղադրանք տալով…
– Եվ շարունակում նույն մեղադրական հունով:

***
Ո՛չ, ե՜ս չեմ ընտրել դժոխքն ինձ բնակավայր: 
– Դժոխքն է ինձ ընտրել բնակիչ մի վայրի, 
որը մենք հորջում ենք՝ հայի Հայրենիք, 
իսկ իրականում – մի վայրի Ավարայր, 
որտեղ հայը կռվում է ոչ թե պարսկի
կամ բազում հին ու նոր թշնամյաց դեմ…
– Հայն այստեղ կռիվս է տալիս ինքն իր դեմ, 
և իր վրա՜ փորձում – ուժը յուր բազկի՛:

***
Դժոխքն ու դրախտը հանդիպեցրեց իրար
աստվածային Դանթեն: Բայց արանքում
քավարանը դրեց – մեղմելու համար
այդ հանդիպումի բոմբյունը երկնքում…
Մենք քավարան չունենք: Եվ հանդիպումից
դժոխք-դրախտի՝ դրախտն է տուժում, –
և դժոխքը մեր հոգիներն է խուժում –
և ցնցվում է երկիրն այդ խոր բոմբյունից:

***
Դժոխքում ապրողը չպիտի բողոքի…
– Երեսպաշտություն է դժոխքում բողոքելը: 
Դժոխքում ապրողը պիտի ողոքի
սատանայի սիրտը – նայած տեղը
և ժամանակը՝ ի՛նչ են թելադըրում, 
և գործողությունն ապա պիտ հետևի –
եռամիասնության պսա՜կը երևելի, –
և կբացվեն Դևպետ քաղաքի դրունք:

***
Մազի և մեզի անալիզները ցույց են տալիս, 
որ այս մարդը պոեզիայի հետ ոչ մի կապ չունի, 
– մինչդեռ՝ կապ ունի տափակ, տաղտկալի
բառագիջության հետ արքունի, –
և ի՛նչ դողդոջով էլ մոտենա գրակալին, 
և տողիկներ ծռտի՝ ի՛նչ երկյուղածությամբ –
մեկ է՝ իշու փալա՜նն է իրեն թա՛մք.–
մազի և մեզի անալիզներն են ցույց տալիս:

***
(Նախընտրական) 
Ասա՝ ինչ ուզում է ժողովուրդը լսել, 
բայց արա լրիվ հակառակը.
– խոստացիր լավ կյանք, արդարություն ու սեր, 
բայց դժոխք դարձրու մարդկանց կյանքը, 
հայտարարիր, որ սուրբ ես, հայ քրիստոնյա, 
բայց իրար խառնիր Աստված ու ալլահ, 
ով էշ՝ դու փալան: Եվ դարձիր մեծ պաշտոնյա, 
և թող փրկի՜ քեզ քո ալլահը: Մաշալլա՛հ:

***
Ի՞նչ եք խոստանում, քաղաքական մկներ, 
որ առնետից փախչում՝ կատվի ճանկն եք ընկնում, 
Հայաստան երկիրըս շատ էժան գնել –
շատ թանկ եք հիմա ծախում քաղքենուն, –
և նույն քաղքենուց – ձայն եք փախցընում, 
և նորից թողնում լավ կյանքի հույսին…
– Եվ սուտ լացում եք նրա ուսին, 
և կնոջը նրա՝ ձեր շոռ աչքը գցում:

***
Փորի յուղն իրեն խեղդում է, 
և խոսում է նա խռռալով, 
գլուխը լխկած դդում է, 
բայց էլի չի ընկնում հալով, 
և չի հագենում իր փողից, 
և հափռելով չի հագենում…
– Եվ դեպի սև հողն է գնում, 
բայց հարկ է դնում նույն հողին:

***
Ես մարդ չեմ, այլ – հարկատու, 
ես հայ չեմ, այլ – հայտատու, 
և իմ տողերն եմ հատում
և իմ իրավունքը հայտում, –
այդ պատճառով է ինձ ատում
գլխիս դատավորը` կատու, 
– բայց դեռևս չի գլխատում, 
քանզի շորթում է կենաց տուրք:

***
Կեսգիշերից հետո – քունս տանում է: 
Բայց երբ փակում եմ աչքերս – փախչում է: 
Այսպես շարունակ: Հիշում եմ անուններ, 
մտքումս թվեր եմ գցում, հաշվում եմ –
ոչինչ չի օգնում: Տարիքից է, գուցե, –
կամ՝ մարմինս է փոխվում դեպի ծերություն, 
– թողնելով ինձ մտքեր և հոգսերի թույն, 
և պահելով հոգիս ջահել – որպես ցեց:

***
Իրական չարն ու երեսպաշտ բարին
մեր կյանքը շուռ են տվել գլխիվայր.
– երեսպաշտ բարին փնտրում է հարիֆ, 
իրական չարը – թաքուն մի վայր, 
որտեղ կարող է նա թափել արյուն
և հայտարարել, թե՝ ազնի՜վ է շատ…
– Թեև պարտվո՜ւմ է բարուն երեսպաշտ, 
բայց անկեղծությամբ՝ հաղթո՛ւմ է բարուն:

***
Ես ճանապարհը բացողներից եղա, 
և իմ բացած ճամփով գնացին ուրիշները, 
– և բանաստեղծ դառան, և քննադատ եղան, 
և բաց թողեցին վրաս իրենց շները, –
և դարձան տողիս, բառիս գողերը, 
և իմ մետաֆորը տարան բարոյաբանտ: 
– Բայց մի՞թե լինում է այդպիսի բան: 
– Լինո՛ւմ է, տղաս, – և եղե՛լ է:

***
– Ինչի՛ց եք խոսում, լավի՜ մունետիկներ: 
– Բարո՞ւց, գեղեցկի՞ց, վեհ ու վսեմի՞ց…
Ձեր գինը՝ առատ լափն ու գինու տիկն է, 
մինչ կանգնած ենք մենք կործանումի սեմին: 
Մեր ամբողջ օրն անցնում է թաղումներում, 
և թաղում ենք ոչ թե մարմին, այլ՝ հոգի…
– Բայց չի՜ հասնում կուշտին իմ ձայնն անոթի: 
– Թաղվա՛ծ է կուշտը խոշոր շահումներում:

***
Ես մեղադրյալ չեղա, չեղա դատավոր, 
չեղա պետական մեղադրող՝ դատախազ, 
բայց ամենը, ինչ տեսա օրավուր –
օրավուր քաշեց իմ սրտին մի խազ, –
և եթե եղա – եղա լոկ վկա, 
և վկայեցի իմ տողերում կյանքը…
– Որ վայելեց վերը հիշված տականքը, 
իսկ վարում՝ ինձ դրեց կյանքի ընթերակա:

***
Երուսաղեմ, Երուսաղեմ, –
ինչո՞ւ ծաղրեցիր քո մարգարեին, 
և չհավատացիր, և անգոսնեցիր, և հալածեցիր նրան, 
և դասեցիր նրան դասում խելագարների, 
և ծիծաղեցիր նրա սոսկալի խոսքերի վրա, 
և քամահրեցիր նրա խոսքերում քո կործանումը ահեղ, 
և չտեսար կարմիր պատժանիվի ահագնացող թափը…
– Եվ նա իր գլխին հող ու մոխիր թափեց, 
և ողբաց քո վախճանը հեծեծագին, –
Երուսաղեմ, Երուսաղեմ:

***
Հանճարեղ ու հավերժական Քաջ Նազար, 
ես չեմ ասում՝ ուրկի՞ց եկար, ո՞րդիան.–
դու մեկը չես, դու հազար ես, բյուր հազար, 
բայց հավերժ չէր կողակիցդ՝ Ուստիան: –
Ուստիաններն ո՞ւր են չքվել բոշբերան, 
որ քեզ քշեն քաղաքական հարթակից: 
– Հիմա նրանք լեզուն դրել են փակի, 
և խժռում են «քաջիդ» թալանը բերած:

***
Գրիր՝ ինչ սիրտդ ուզում է, 
քաջ խաղա և կամ Քաջ Նազար, 
կտրիր քարվան կամ խեղճի վիզը, 
մին զարկով ջարդիր հազար, –
ո՜չ մեկի տանձին դա պետք չէ, 
և՝ թքա՛ծ ունեն քեզ վրա…
– Քանզի զբաղված են նրանք
սուրբ գործով՝ առնել ու փախչել:

***
Մի ոտքիս վրա եմ կանգնած, 
– մյուս ոտքիս տակ՝ հանքն է, 
որ տարածվում է կամաց, 
և շուտով չի թողնի կանգնել
նույնիսկ մի մատիս վրա, –
և ինձ մնում է համբարձվել –
հողը թողնելով նրան, 
ով իմ Հայաստանն է վարձել:

***
Իմ Հայաստանը կախված է մազից…
– Կամ ազերի թուրքն է կտրում ինձ գազից, 
կամ վրացին է փակում Փոթին ամռանը, 
կամ ռուսն է շինում Վերին Լարսը ձմռանը, 
կամ օսմանլի թուրքը չի բացում սահմանը –
և ինձ բարեկամ է մնում ֆարս Ահմադը, –
որ շհարում բանձրիկ շենք է նեջադում, 
իսկ եթե գլխիդ փլվեց՝ քեզ է ջարդում:

***
Տե՛ր, այնպես արա, 
որ ընդերքի շերտերը գեհենական
հաստատ ու անշարժ նստեն իրար վրա, 
և չմնանք մենք անհենարան, –
և թաղանթը բարակ, որ գետին ենք ասում –
չպատռվի հանկարծ մեր ոտքերի տակ…
– Ա՜յս է խնդրանքը միակ՝
քո ծառա Դավթից պարտասուն: 

***
Հողը բառերով չեն պահում: 
– Հողը բահելով են պահում, 
հողը հերկելով են պահում, 
հողը սերմելով են պահում, 
հողը ջրելով են պահում, 
հողը բրելով են պահում, 
հողը կառչելով են պահում, –
մեջը հանգչելո՜վ են պահո՛ւմ:

***
Հողից խռովել-գնացել է, 
կարծես թե՝ հողը մեղավոր է, 
որ ինքը մոլախոտ ծնվել է, 
մոլախոտ ապրել իր փուչ օրը, 
իսկ հիմա՝ իր հողը թողել է, 
որ հողն ուրիշի զարդարի, –
ու երբ փուչ ապրելը դադարի –
գա մտնի չսիրած իր հողը:

***
Դու, որ վատ խոսքեր չխնայեցիր –
ես քեզնից լա՜վ գիտեմ իմ երկրի վատը, –
որովհետև որ կողմը նայեցի՝
տեսա, որ վատը ավելի շատ է, 
– բայց դու, որ դառել ես վատի բլբուլ
և իմ վատը իմ աչքն ես կոխում –
և Ամերիկան սեպում ռահաթ-լոխում, –
ո՞վ ես դու. քամուց քշված սարի սմբո՛ւլ:

***
Ե՜ս պիտի ասեմ այս երկրի մասին
զայրույթի, ցավի խենթ խոսքերը այս, 
և չհիշեմ ո՛չ Ազատն Մասիս, 
և ո՛չ կամուրջներ խորտակող Արաքս, 
– զի կիսված են դեռ Մասիս ու Արաքս, 
և ապրում եմ ես իմ կիսված երկրում –
և տառապանքի երգեր եմ երկնում, –
և դառնում Մասսի պես կիսված մի ասք:

***
Ա՛խ, ոսկեվոր դաշտեր – ցորենհասկով լեցուն, 
ա՛խ, անտառներ կանաչ, լեռներ կապտամշուշ, 
ա՛խ, օրհնության երգեր – բաշխված ամենեցուն, 
մտքեր փիլիսոփա – ա՛խ, արդեն ո՛ւշ է, ո՛ւշ.
– բռնել է մարդը յուր կործանումի ճամփան, 
և մեր ոսկի դաշտը – վառված խանձի գույնով, 
և մեր խոսքի վաշտը – գերված խանդի թույնով, 
և չի՜ փրկի արդեն – մեզ մտքի զո՛րքն անգամ:

***
Ի՞նչ արեցիր դու, փիլիսոփա՛յ, 
որ հայում էիր ականադետ, 
թե՝ ե՛րբ է մեռնում մարդը սոված –
մինչ սովե՞լը, թե՞ սովելուց ետք, –
ի՞նչ արեցիր դու՝ քո ողջ կյանքում
ձեռներդ թափ տալով՝ ման գալով, 
բառդ կուլ տալով թքիդ գոլով…
– Բառիդ վրա՜ եմ ահա թքո՛ւմ:

***
Vae victis!
Վա՜յ հաղթվածներին, փա՜ռք ընկածներին: 
– Այս կռվից հետո՝ այսպես պիտի ասենք: 
Իսկ հաղթողների՞ն… Ո՜հ, թող ինձ ների
հաղթության աստված – հաղթողների սև
փաղանգը փառքի արժանի չէ սակայն, 
ահա այդ փաղանգը – օլիգարխ ու մաֆիոզ, 
քաղաքական ******, մանր գողու***, –
որոնց տենչն է միակ՝ գրվել պալատակա՛ն:

***
Հայ ժողովուրդը չի սխալվում երբեք, 
անգամ՝ երբ սխալվում է, իսկ սխալվում է նա
շատ հաճախ, – հետո երգում խրոխտ երգեր, 
որ հետևանքը յուր սխալի – չեզոքանա, 
որ թեթևանա յուր պարտության դառնությունը, 
և դեռ ավելին՝ հաղթության մե՜ղր դառնա, –
և ժամանակներում վայրիվերո, խառնակ –
քսի գլխիկին և պահի՛ յուր առնությունը:

***
Ուրիշ էլ ի՞նչ անեմ: – Կրա՞կ կուլ տամ, 
հանուն ճշմարտության – ձեռքով առնե՞տ բռնեմ, 
ջրի վրա քայլե՞մ, հոգիս հանեմ ու տա՞մ, 
լայները ձեզ թողած – ընկնեմ ճամփե՞քը նեղ: 
Ես այդ արեցի, ու – շա՛տն էլ արեցի, 
ոսկեղենիկ լեզվով – երկնեցի տողեր, 
ոսկեղենիկ տողով – երգեցի տաղեր…
– Բայց, պարզվում է, որ՝ չոլո՛ւմ երգեցի:

Վրեժ Սարուխանյան / պատմվածքներ, բանաստեղծություններ

29.10.2014 22:39

«Էս զուլումի մեջ էդ ղախպա Եվրոպայի մատն էլ է խառը»

«Էս զուլումի մեջ էդ ղախպա Եվրոպայի մատն էլ է խառը»

Քուրդը նավթի վերջին մնացորդները այնպիսի ոգևորությամբ շաղ տվեց Ավզուտ գյուղի մեծ գոմի դռանն ու փայտի կույտերին, կարծես իր առաջնեկ տղայի հարսանիքի խորովածի կրակն էր վառում։

-Դե վառի՛, էս մի քանի հարյուր գյավուրներից էնպիսի խորոված սարքենք, որ Մշո դաշտի շներն ու գելերը մի տարի ուտեն, չվերջանա,- ապագա թալանը աչքերի առջև արդեն հստակ տեսնող տարեց քուրդը, ձեռքերը հաճելիորեն շփելով, կարգադրեց ջահել հայրենակցին։- Մի երկու-երեք ժամում գոմը մոխիր կդառնա, ասկյարներն էլ կգան կտեսնեն ու մեզ մեծամեծ պարգևներ կխոստանան՝ ինչքան կով ու ոչխար կթալանենք, պահած ոսկիները կհանենք, էն ջոկած խորոտ կանանց ու աղջիկներին կտիրանանք։ Փա՜ռք ալլահին։
Կրակի լեզվակներն արդեն շրջափակել էին գոմը։ Քուրդը նույն ոգևորությամբ հացի բոխչան բացեց։
-Դե հիմի նստենք, մարդավարի հաց ուտենք։ Էս խորովածը գյավուրի՝ դրմերդցի Մուշեղի թոնրից հանեցի, սիրուն կնիկ ուներ։ Մարդուն արտի մեջ սպանեցի, կնոջն էլ՝ Սալոյին, գիշերը զոռով տարա մեր տուն։ Ինչ արեցի՝ մոտս չպառկեց։ Ջղայնացա, չվանը բերեցի, գցեցի վիզն ու երդիկից կախեցի։ Հոգնած էի, ջահել աղջկաս ասացի. «Ես մի քիչ քնեմ, դու ուշադիր նայիր, երբ որ խեղդվի պրծնի, ինձ քնից կհանես»։ Իմ քնած ժամանակ խեղդվող գյավուրը էնքան է տարուբերվում, որ չվանը կտրվում է, ինքը փախչում է։ «Փախա՜վ, փախա՜վ գյավուրը»,- ձեռքս քաշելով՝ գոռում էր աղջիկս։
-Աֆա՛րմ, թասիբով աղջիկ ունես,- խորովածի մեծ պատառը ագահաբար կուլ տալով և կրակի թեժությամբ հմայվելով՝ ավագի խոսքը կտրեց երիտասարդ քուրդը։
-Իրա թասիբին ղուրբան, որ ինձ քնից հանեց, հրացանն առա ու հայդա՜ Սալոյի հետևից։ Հասա՜, հրացանի ղոնդախով տվի գլխին։ «Գնդակն ափսոս է, որ քո ճակտին զարկեմ»,- ասացի ու կացնով գլուխը բացեցի, կրծքերը պոկեցի։ Որ տեսնեիր՝ ճակատս կպաչեիր։
Տարեցը հեքիաթի պես էր պատմում, կրտսերը հեքիաթ էր լսում։
Կրակի կատաղած լեզվակներն ավելացնում էին քրդերի ախորժակն ու ոգևորությունը։
Մարագի ներսում դժոխք էր։ Մարդիկ ոռնում էին անզորությունից, ճիչ ու աղաղակով ոտնատակ տալիս իրար, նույնիսկ անեծքն էին մոռացել։ Ծխի քուլաների մեջ, իր երեք տղաներին գրկած, դրմերդցի Սանամը անակնկալ վազեց գոմի անկյունը, սկսեց կոտրատել մարդակների արանքի ճյուղերը, եղունգներով հողն էր ճանկռում ու փորում։ Քիչ անց լույսի մի շող բացվեց։ Փայտի ճյուղերը բզկտում էին ձեռքերը, փշերը մտնում էին եղունգների տակ, արյունը խառնվում էր հողին։ Անցքը մեծացավ, բայց կրակը մոտենում էր։ Հնարավոր չէր բոլորին փրկել։ Սանամը հասցրեց միայն մեծ որդուն՝ տասնվեց տարեկան Համբոյին, անցքից դուրս հրել։
-Համբո՛, մատաղ էղնիմ քզի, մեր վրեժ չմոռնաս, հարյուր տարի էլ անցնի, մեր հոգին վրեժի կարոտ կմնա,- թանձր ծխի ու կրակի միջից Համբոյին հասավ մայրական վերջին պատգամը։
Տղան կրակի արնագույն լեզվակների միջով տանիքից ցած թռավ ու վազեց դեպի ձորը։ Քրդերը նկատեցին։ Երկու հրացանների գնդակները սուրում էին գլխավերևում, ականջների մոտ, ոտքերի տակ։
-Էս գյավուրին մեռնել չկա, Աստծու պահած է, գնդակ չի կպնում,- հացի թքախառը պատառը բերանից շպրտեց տարեց քուրդն ու, կրտսերի հետ ձիերը թամբելով, սլացավ ձորի կողմը։ Համբոն թռչում էր քարերի վրայով, փշերի միջով։ Ձիավորները, շրջանցելով ժայռերը, մոտենում էին։ Այլևս ծպտվելու հնար չկար։ «Միակ ելքը ժայռից նետվելն է»,- անցավ Համբոյի մտքով։ Եվ քրդերը տեսան, թե Համբոն, օդում թևերը բացած, ժայռից ինչպես գահավիժեց։ Քրդերին հասավ Համբոյի հայհոյախառն ճիչը՝ «Ես ձեր հավատը...»։
-Ափսո՜ս, չբռնեցինք, մոր ու եղբայրների հետ նույն կրակում կմոխրացնեինք։ Ոչի՛նչ, էս էլ պակաս չէր, կարգին ջարդուխուրդ եղած կլինի, հետ գնանք,- ասաց տարեցը, և շրջեցին ձիերի գլուխները։
Կրակն արդեն հսկա գոմը մոխրացրել էր։
-Էդ ղոչաղ տղան, ճիշտն ասած, ինձ շատ զարմացրեց, Աստծու պահած էր, կուզենամ նրա դիակը տեսնել, համոզվել,- կասկածանքով ասաց տարեց քուրդն ու շարժվեց ձորի ուղղությամբ։ Երբ ժայռի ծերպով ներքև իջավ, մի պահ աչքերին չհավատաց. տղան կենդանի էր՝ մեջքին վիրավոր ընկած։ Համբոն նկատեց իրեն մոտեցող քրդին։ Այլևս ոչինչ անել հնարավոր չէր։ Ընդամենը ճչաց ու, մարմինը մի կերպ գլորելով, նետվեց զառիթափից։ Քուրդը ցնցվել էր. «Ա՜յ քեզ ղոչաղ գյավուր»։ Քուրդը զառիթափից զգուշորեն իջավ ու դարձյալ չհավատաց աչքերին։ Տղան կենդանի էր, փշրված ատամից արյուն էր հոսում։
-Գյավո՛ւր, մի՛ վախեցիր, էլ քեզ մեռնել չկա, քեզ ոչինչ չեմ անի,- գոռաց քուրդն ու վազեց տղայի կողմը։ Բռնեց Համբոյի ձեռքը, նայեց նորից գահավիժել ցանկացող Համբոյի աչքերին։ Քուրդը շանթահար եղավ՝ անգամ մահը չի ուզում տանել տղային։
-Էս տղան իրոք Աստծու պահած է, սրան մեռնել չկա։ Դե որ Աստված էս գյավուրի տղային պահում է, ուրեմն իմ էրեխեքին էլ է տեսնում։ Վա՜յ, չէ՛, չէ՛, չէ՛, Աստծուն հիշելու հեչ ժամանակը չէր,- հանկարծ լեզուն կծեց քուրդը։- Չեմ ուզում, որ սրա մեղքը իմ էրեխեքի վզին ընկնի,- մի պահ երկմտեց, հետո կարկամեց քուրդը։ Անսովոր մի դող այրեց մարմինը, ոտքերը թուլացան, մի աներևույթ ձեռք սեղմեց կոկորդը, շունչը կտրվում էր։ Քուրդը հիշեց անցած գիշեր պարանից կախված Սալոյին, ականջին հասան իր դեռատի աղջկա խոսքերը. «Փախա՜վ, փախա՜վ գյավուրը»։ Սկզբում խղճահարության, հետո ամոթի նման ինչ-որ բան պղտորեց արյունը. «Ես իմ աղջկան էլ եմ մարդասպան դարձրել, ո՞նց են ապրելու։ Մի օր նա էլ կգիտակցի մեղքը, խիղճը նրան էլ կտանջի. ես գերեզմանում հանգիստ չեմ մնա...»։
Քրդի այլայլված դեմքից ու խղճահարությունից Համբոն ինչ-որ բան զգաց, սակայն դժվարանում էր հավատալ, որ գազանի մեջ մարդն է զարթնում։ Քուրդը դողացող ձեռքերով զգուշորեն շոշափեց տղայի մարմնի վնասված մասերը, Համբոյին նստեցրեց ձիուն, սանձը հավաքեց ափի մեջ և դանդաղ ու գլխիկոր քայլեց դեպի իր տունը։
-Էս տղան Աստծու պահած է, ոչ ոք չփորձի նրա խաթրին կպնել, պիտի բուժենք, շուտ ոտքի հանենք,- խստորեն կարգադրեց իրեն զարմանքով ու ակնապիշ նայող տնեցիներին։ Քուրդը աղջկան մոտ կանչեց. «Էն, ինչ որ դու կուտես, հայ տղային էլ կտաս»։ Աղջիկը գլխով արեց, բայց ոչինչ չհասկացավ հորից. «Երեկ հայրս կախած հայ կնոջը պահակ էր ինձ դարձրել, էսօր հայի տղա է փրկում»։ Հայրը հասկացավ աղջկա թաքուն շփոթմունքը և ապաշխարանքի քնքշությամբ շոյեց նրա գլուխը. «Հետո կհասկանաս»։
Քուրդը Համբոյի մեջ իր ու իր ընտանիքի փրկությունն էր որոնում. «Գոնե մի անգամ մարդ եղա, ու դա Աստված հաստատ կտեսնի և իմ մեղքը իմ զավակներին չի թողնի։ Չնայած ասում են՝ հայի Աստված հա՛մ կույր է, հա՛մ էլ՝ խուլ։ Բա էս էրեխեն էդքան գնդակների միջով ո՞նց անցավ, ժայռ ու քարափից ընկավ, չմեռավ։ Չէ՜, սրանց Աստված ուրիշ է, նա ինձ պիտի տեսնի ու պիտի լսի։ Ես բան ունեմ ասելու հայի Աստծուն։ Իմ էրեխեն մեղք չունի, իմ մեղք իմ էրեխեքից չպիտի հանի։ Մեղքերի համար էրեխեն ծնողի փոխարեն գոնե պիտի ապաշխարի, բայց ոչ պատասխան տա»։
Անկողնում կուչ եկած Համբոյի աչքերի առջև քարացել էին հրդեհված գոմի բոցերի մեջ գալարվող մայրն ու երկու եղբայրները։ Երբ տանիքի անցքից մի կերպ իրեն դուրս հրեցին, մի պահ հասցրեց ներքև նայել։ Իր փրկության համար մայրը կրակի միջից ժպտում էր՝ երկու զավակներին գրկած։ Ականջում մոր ձայնն է քարացել. «Համբո՛, մատաղ էղնիմ քզի, մեր վրեժ չմոռնաս, հարյուր տարի էլ անցնի, մեր հոգին վրեժի կարոտ կմնա»։ Եղբայրները ծխահար աչքերն էին տրորում։ Անծուխ սենյակում Համբոյի աչքերը մրմռացին, ոնց որ ծուխ լցվեց. տրորեց, չանցավ, նորից տրորեց։ Մրմուռին խառնվեց մոր վերջին պատգամը։ Քուրդը չհասկացավ, թե անծուխ սենյակում Համբոն ինչու էր աչքերը տրորում։ Չհասկացավ ինչու, բայց ինքն էլ ակամա ձեռքը աչքերին տարավ ու տրորեց։ Երևի ծուխ լցվեց։
Համբոն առավոտից հացին ձեռք չէր տվել։ Քուրդը դա նկատեց։ Փորձեց ճաշի ամանը մոտեցնել, որտեղից որտեղ հիշեց քարանձավի մուտքի մոտի երկու սովահար հայ մանուկներին։ Նրանք մեռած պապի միսն էին ուտում։ Երեխաները չզգացին իր մոտենալը։ Երկուսին էլ մի գնդակով սպանեց։ Քուրդը տաք օջախի կողքին ցուրտ զգաց, աչքերը սառեցին, մատներով շփեց, ուզեց պատկերը ջնջել, չհասցրեց։ Աչքերի առջև արդեն ծանոթ ջրաղացի քարն էր։ Երկու որբուկ, սովին չդիմանալով, քարանձավից փախել, եկել էին ավերակ ջրաղացը գոնե մի բուռ ալյուր գտնելու հույսով։ Ոչինչ չէին գտել, պառկել էին ջրաղացի հին քարին ու ցեխախառը ալյուրն էին լիզում։ Ցեխը ալյուրից շատ էր։ Երկուսին էլ սպանեց, արյունը ցեխոտ ալյուրի վրա բոքոնանման պատկեր նկարեց։ Երեխաների աչքերը սառած մնացին բոքոնի պատկերին։ Քուրդը, երեխաների ծակ գրպանները ստուգելուց հետո, գյավուրների ու նրանց Աստծու հասցեին թուրքավարի բառեր հիշեց ու գնաց նոր գյավուրներ փնտրելու։
Համբոյի ծանր հազը սթափեցրեց քրդին։ Նա ճաշի կավե ամանը դողացող ձեռքերով մոտեցրեց Համբոյին։
-Կե՛ր, հայի ղոչաղ տղա, կե՛ր, դու ինձ հիշեցրիր, որ ես էլ մարդ եմ, Աստծու ստեղծած։ Բայց հասկացիր, ես մեղավոր չեմ, ինձ մարդակեր գազան են դարձրել։
Համբոն նորից ծխից մրմռացող աչքերն էր տրորում, իսկ քուրդը կոկորդն էր փորձում ազատել անտեսանելի մատներից։
Քուրդը տնեցիներին մի քանի օր բացատրում էր իր հոգում կուտակվածը։ Թեև մի քիչ թերահավատորեն, բայց կինն ու զավակները տեսնում էին նրա այլափոխությունը։ Մի օր Համբոյին ջուր տալու պահին աղջկա աչքերում հայրը արցունքի կաթիլ նկատեց. «Փա՜ռք Աստծո, աղջիկս աղջիկ է դառնում»։ 
Հարևանները ամեն անգամ խորամանկ ժպիտով հասկացնում էին. «Հայի տղային փրկում ես, որ իսլամացնես ու ձրի հոտաղ դարձնես...»։ 
-Եթե հարևաններս միտքս գուշակեն, թուրքից պրծում չունեմ՝ գյավուրի եմ փրկում։ Ինձ ու իմ ընտանիքին էլ նրա հետ մատաղ կանեն,- վախից կծկվեց քուրդն ու թալանատենչ հարևանների կասկածները փարատելու ավելի համոզիչ ապացույցներ փնտրեց։
Մութը գրկել էր Ավզուտի փողոցները, տներն ու ծառերը։ Միայն հեռվում նշմարվում էր հայկական եկեղեցու գմբեթը։ Քուրդը զգուշորեն կողքերը նայեց ու դանդաղ շարժվեց գմբեթի կողմը։ Նա կիսայրված եկեղեցու դուռը կամաց հրեց, դանդաղ մոտեցավ խորանին։ Կյանքում խաչ հանած չկար, աղոթք չգիտեր։ Անողներին էլ ծաղրում էր ու հայհոյում։ Վերև նայեց, ճաք տված խորանից կիսալուսնի աղոտ մի շող ներս էր ընկել։ Կոկորդում քարացած թուքը դժվարությամբ կուլ տվեց, չգիտեր ոնց սկսել։ ՈՒզում էր ալլահին դիմել, բայց Ղուրանը հիշեց. մի պահ վարանեց, որ մուսուլմանի աստված իրեն չի ների էդ տեսակ թուլության համար։
-Երկու Աստծու ձեռ կրակն եմ ընկել։ Լսո՞ւմ ես, հայի Աստված, ինչո՞ւ ես քո ժողովրդին մենակ ու անտեր թողել, որ մենք էլ թուրքի ու գերմանացու հրամանով մարդասպան դառնանք, իրենք էլ մեզ հայրենիք, հայի տուն ու տեղ, թալան խոստանան։ Ես գիտեմ, որ հարյուր տարի էլ անցնի, մեղքը չի հալվի ու մաշվի։ Մեր էրեխեք ու թոռներ մի օր կապաշխարեն, թե չէ հուր հավիտյան քուն ու դադար չենք ունենա։ Որ չապաշխարենք, էդ զուլումը մի օր մեր գլխին կգա։ Մինչև ե՞րբ գազան մնանք։ Հայի Աստվա՛ծ, մի օր մի խելոք կարդացվոր հայ ինձ պատմեց, որ հայի ու մուսուլմանի աստված նույն բանն են ասում, բայց մարդիկ փոխում են Աստծու խոսքը ու իրենց ուզած ձևով վարվում։ Ես կուզեմ, որ իմ ժառանգներ հավիտենական մեղքի մեջ չտանջվեն։ Էն թուրքեր, որ իրենց կյանքը վտանգի ենթարկելով, ծանոթ հայերին թաքցրել են ասկյարից, նրանք էլ ինձ նման են մտածում, բայց հրաման տվողները շատ են ու չար։ Ես անգրագետ քուրդ եմ, բայց լսել եմ, որ էս զուլումի մեջ էդ ղախպա Եվրոպայի մատն էլ է խառը։ Պատերազմ է, ու շունը տիրոջը չի ճանաչում։ Թուրքի մեծամեծերն էլ էդ էին ուզում. գելի համար ամպ օրն եկավ։
Քրդի շունը աննկատ ներս էր մտել ու տիրոջ շարժումներին էր հետևում։ Բրազը գոռգոռացող ու անընդհատ հայհոյող տիրոջն այսքան հանգիստ ու խոնարհ երբեք չէր տեսել և զարմացած հետևում էր նրա անսովորությանը։ Շան զարմանքն ավելի մեծացավ, երբ իր տերը շատ հանգիստ շշնջաց. «Բրա՛զ, գնացի՛նք...»։
Առավոտ մութուլուսին գոմի դռան մոտ ցցվեց այն ջահել քուրդը, ով հայերով լցված գոմի կրակը վառեց։ Աչքերը փայլում էին, կարծես ուրախ լուր ուներ հայտնելու։
-Գիտե՞ս ինչ եմ իմացել։ Մեծ քարափի տակի քարանձավում մի քանի հայ ընտանիք է թաքնվել։ Գնանք խաբենք, որ կօգնենք իրենց ռուսի զորքին հասնելու, ոսկիները առնենք, հետո ասկյարներին իրենց տեղը հայտնենք։ Հիշո՞ւմ ես՝ անցած անգամ էդպես հիսուն ոսկի խլեցինք։
Քրդի աչքերը նախորդ անգամվա նման ուրախությունից չփայլեցին. ցանկանում էր գոռալ, որ էլ չի ուզում հարամ հաց ուտել, բայց լեզուն կծեց՝ ընկերը կարող է ասկյարներին պատմել, որ ինքը հրաժարվել է հայերին սպանելուց կամ նրանց տեղը մատնելուց։ Հազիվ շշնջաց. «Շատ վատ եմ, աչքերս մթնում են...»։
Կրտսեր քուրդը քմծիծաղ տվեց ու գնաց թալանի նոր ընկեր փնտրելու։
Ռուսաց զորքն արդեն Մուշում էր, վտանգը մեծանում է։
-Համբո՛, էս խուրջինում ուտելիք է, մեջը դրել եմ նաև մորիցդ խլած ոսկիները,- խեղդված ձայնով հազիվ շշնջաց քուրդը և հայացքը փախցրեց Համբոյի աչքերից։- Էս ճամփով ուղիղ գնա, կհասնես Մուշ։ Ռուսի զորքն էնտեղ է։ Քո մորն ու քո ախպերներին մենք վառինք, էդ մեղքը հուր հավիտյան մեր հոգու վրա է, ու մեզնից ավելի մեղավոր մեզ հրաման տվողն է։ Ամեն մարդ, ամեն ժողովուրդ ու ամեն իշխանություն մի օր իր մեղքերի համար իր պատիժը կստանա, վաղ թե ուշ՝ կստանա։ Թե մի օր քո սիրտ ինձ կների, իմ հոգին դժոխքի բաժին չի դառնա։ Գոնե իմ էրեխեք մեղքի մեջ չմնան։ Գնա՛, Աստված քու հետ, դու Աստծու պահած ես, հային մեռնել չկա։
Համբոն աչքերը տրորեց, գոմի ծուխը մրմռացնում էր։ Քուրդն էլ աչքերը տրորեց։ Նույն ծուխն էր։
Համբոն ինչքան հեռանում էր քրդից, քամին գոմի կողմից ավելի ուժեղ էր բերում իր մոր վերջին պատգամը. «Համբո՛, մատաղ էղնիմ քզի, մեր վրեժ չմոռնաս, հարյուր տարի էլ անցնի, մեր հոգին վրեժի կարոտ կմնա»։

Թուրքի սատանա Շըմեմըրեն

Թուրքի  սատանա Շըմեմըրեն

 

 

 


1915-ի գարնանը Սասնա սարերի արջերը իրենց քարանձավներից փախան ու նոր որջեր էին որոնում: Ազատ քարանձավ չէր մնացել: Բնազուրկ արջերը ստիպված անտառներում ու ժայռերի ծերպերին ձմեռեցին։ 1916-ի գարունն էր։ Սասնա լեռներից մեծ-մեծ ձյունահյուսքերը գլորվել, Բաթմանա ջրի հովիտներն էին իջել։ Սասուն տանող արահետը վերջին ձյունից բացվել էր: Ձմռան քնից զարթնած արջերը հեռվից կարոտով նայում էին իրենց քարանձավներին, բայց չէին մոտենում նոր բնակիչներին։ Ինչ-որ անհասկանալի ուժ զսպում էր նրանց բնազդը: Արհավիրքից հետո արջերը չէին խախտում քարանձավների մարդկանց ցավոտ լռությունը։ Մինչև կոտորածները արջերը թուրքի ու քրդի պես մտնում էին գյուղերը, այծ ու ոչխար փախցնում կամ էլ գլգիլի արտերը տրորում: Նույնիսկ որսորդների վրա էին հարձակվում. կարգին արջություն էին անում։ 
Գայլերը ոռնում էին գիշերները և դարան մտնում` քարանձավների մուտքերի մոտ բնական պետքերի համար մի քանի մետր հեռացած երեխաներ ու հազիվ քայլող ծերեր հոշոտելու։ Արջերը համբերում էին` կրկին իրենց պապենական քարանձավները մտնելու, իսկ հպարտ արծիվները արդեն սովորել էին անթաղ դիակների մնացորդներին։
Մշո դաշտից թնդանոթի ձենը Սասնա լեռների վրայով եկավ հասավ Մարութա սար, մտավ ձորերն ու քարանձավները։ 
-Ռսի զորքն ու հայ ֆիդայիները թնդանոթներով գաղթականներին կկանչեն, որ Արաքսից էն կողմ տանեն, երթա՞նք միանանք,- քարանձավի մուտքին մեկ տարվա սպասումից վերջապես սթափվեց Գոշակ գյուղի Գաբոյի Աստուրը: Անորոշ ժպիտի պես մի բան խաղաց նրա հոգնած դեմքին, որն արդեն մռայլ քարանձավի գույն էր ստացել։ 
Մարութա սարի արծվաբույն զառիթափ քարանձավից իր գերդաստանից կենդանի մնացածներով միացավ մյուս քարանձավաբնակներին ու շարժվեց Մշո դաշտ տանող ծանոթ կածանով, որով ամեն աշուն իջնում էր Մուշ քաղաքի շուկա ձմռան համար գնումներ կատարելու։
...Անդրանիկ Փաշի զորքի հետ մի քանի ամսից հասան Մարգարայի կամրջին: Հոգին թողին էն կողմ, վիզը դեպի հետ ծռված` Արաքսն անցան էս կողմ։ Հասան մինչև Նախիջևան` շոռուտներ։ Խմում էին աղակալած ու վարակված ջրերը: Տիֆը հնձում էր հատկապես մանուկներին ու ծերերին: Արևագալին, երբ Աստուրը դեռ չէր ավարտել «Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ ի չարէ» տերունական մաղթանքը, փոքր որդին` Սևդոն, հոգին ավանդեց: Մի քանի րոպե հետո, որդուն կրծքին սեղմած, աչքերը փակեց նաև Էլբաս մայրը: Աստուրը խանչալով մի փոս փորեց և, որդուն մոր գիրկը դրած, առանց պատանքի ծածկեց։ Երբ հողի վերջին բուռը լցրեց երեխայի դեմքին, արցունքի մի քանի դառը կաթիլներ ընկան Սևդոյի ծարավից սմքած շուրթերին։ Հիշեց շատերի անթաղ մեռելներն ու ինքն իրեն մխիթարեց, փառք տվեց, որ գոնե մեր ու տղա միասին են։ Մի մեծ քար շրջեց: Տակի սև մեծ կարիճը պոչը ձգեց խայթելու: Կարիճի պոչը թուրքի յաթաղանի նման կեռ էր։ «Էստեղի կարիճն էլ Էրգրի կարիճից պակաս չէ»,- տնքաց Աստուրը, զզվանքով թքեց կարիճի վրա ու այնպես տրորեց, կարծես ասկյարի գլուխ էր: Մենակ հասցրեց քարը գլորել շիրմին` հետո գտնելու հույսով։
Հրաման եղավ Ջուլֆայի կամուրջը արագ անցնելու: Աստուրը չհասցրեց նկատել, թե ինչպես Խոդեդան որդին կամրջից գետն ընկավ: Երկու գաղթական կտրեցին Անդրանիկի դեմը` «Փաշա՛, սասունցի Աստուրի տասներկու տարեկան երեխան կամրջից գետն ընկավ, փրկի՛ր»: 
-Երեք ձիավոր մտեք գետը էրեխին փրկելու,- նույն վայրկյանին հրամայեց Զորավարը: Ձիավորները Արաքսի վարար ալիքների միջից որսացին Խոդեդանին ու բերին Փաշի մոտ: 
-Աստուր, էսօր քու կնոջն ու տղին թաղեցիր, բայց Խոդեդանը Աստծո պահածն է, հրաշքով փրկվեց,- մխիթարանքի միակ խոսքն ասաց Զորավարն ու հրամայեց կամուրջն անցնելուց հետո մարտի պատրաստվել։ 
Հետո գաղթականների մի խումբը երեք-չորս տարվա թափառումներից հետո հասավ Ալեքպոլի գավառի Աշնակ գյուղ։ Թուրքեր էին ապրում, գյուղը մաքրեցին։ Աշնակը սահմանին մոտիկ է, հետդարձի ճամփին։ Տեղավորվեցին թուրքերի տներում։
-Էրգրի քարանձավն ավելի հարազատ է, քան թուրքի ապրած տունը: Էս տնից թուրքի հոտ կառնիմ, էս տներու մեջ թուրքի շունչ կա,- մի առավոտ Աստուրը դիմեց Վերին թաղի նորաբնակներին` Աղջե Սարուխանին ու Պողոսին, Քոթո Միրոյին ու Խաչոյին, Դժգու Սաֆարին, Դոնոյին ու Հակոբին, Սրքե Տիգրանին, Արիկի տան Մարգարին, Գոշակի տեր Ստեփանին ու Մոսեին։ 
-Աստված գիտի, էստեղ ինչքան կմնանք: Բայց Էրգրի դռներ երևի շուտ չեն բացվի, ու հարկ է` նոր սենյակ շինենք, որ մեր ընտանիք նրա մեջ ապրի, իսկ թուրքի տան մեջ մենակ անասուն պահինք` մինչև նոր գոմ շինինք,- Վերին թաղի նորաբնակները միանգամից հասկացան էրգրացուն:
-Աստո՛ւր ախպեր, քու խոսք մեր բոլորի սրտով է, էդ շան հոտ ու շունչ մեր էրեխեքուն չառնի, մեր հաց չհարամինք,- վրա բերին Դժգու Սաֆարն ու Սրքե Տիգրանը:
-Ես ամեն Աստծու առավոտ ու արևպատոցին թուրքի տներու վրա խաչ կհանիմ ու աղոթք կենիմ, համա էդ տան մեջ հանգիստ չեմ քնի,- հարևաններին շարունակեց տեր Ստեփանը։
Աստուրը թոնրատանը կից թուրքի սենյակի անունը դրեց Վերին տուն: 
-Իմա՞լ էնիմ, որ թուրքի տուն հարազատ չդառնա էրեխեքին, որ էնտեղ քիչ մտնեն, թուրքի շունչ չկպնի իրենց, չմտնի իրենց հոգին,- ճար ու ճամփա էր մտածում Աստուրը:- Որ շուն ու գելով, օձով ու կարիճով վախեցնեմ, էրեխեք կատեն էդ կենդանիներին. դրանք էլ Աստծու ստեղծած են, մեղք կենիմ իմ հոգուն: 
Մի իրիկուն էրեխեքին կեսկատակ հասկացրեց. «Կպատմին, որ էս Վերին տան խոր հորի մեջ թուրքի սատանա է ապրե, անունը` Շըմեմըրե»: 
Խոդեդանն ու Առաքելը արդեն առիթից առիթ էին մտնում Վերին տուն, էն էլ` մեծերի հետ: Աստուրը խոր հորը նամանոց դարձրեց և թութունի չոր շարաններն էր մի քանի օրով կախում, որ փափկեն, հետո տամատ անեն մանրելու համար:
Տարիներ անց Խոդեդանը ամուսնացավ: Սաբրե տատս էլ իր յոթ զավակներին մի կեսբերան հիշեցրեց թուրքի սատանի պատմությունը: Բոլորն էլ թաքուն վախով ու ատելությամբ էին մտնում Վերին տուն։
Հիսունական թվականների վերջերին, երբ չորս-հինգ տարեկան էի, Շողիկ հորաքույրս ինձ այնպես վախեցրեց թուրքի սատանով, որ ամիսներ շարունակ երեկոները սարսափով էի մտնում նույնիսկ հարևան թոնրատունը, որի մեջ բացվում էր Վերին տան խորհրդավոր ու սարսափեցնող դուռը: Այնտեղ մենակ մտնելիս էլ տարօրինակ ձայներ էի հանում, ձեռքիս փայտով պատերին էի խփում, հազում, որ խրտնեցնեմ թուրքին։ Բոլոր երեխաներով ատում էինք թուրքի Վերին տունը: Դա տուն չէր, դա թուրքի սատանա Շըմեմըրեի թաքստոցն էր, դա թուրք էր, այդ տան պատերի մեջ մեզ համար ուրվականներ են ապրում։
Երբ ութ տարեկան էի, հորաքույրս երեկոյան հանկարծ կանչեց. «Կրթանի ճտերից մեկը ընկել է Վերին տան հորի մեջ, մեղք է, կսատկի։ Արի քեզ պարանով կապենք, իջեցնենք հորը, ճուտը հանես»: Աչքերս մթնեցին, ոտքերս թուլացան, թուրքի կերպարանքով առջևս ցցվեց Շըմեմըրեն։
-Չվախենա՛ս, ես քո հետ եմ,- սիրտ տվեց հորաքույրս և պարանը կապեց մեջքիս: Մի պահ թվաց, թե պարանի օղը վզիս են անցկացրել, ու թուրքի սատանան փոսի մեջ սուսուփուս ձգելու է պարանը: Հորաքույրս, մի քանի անգամ «Քրիստո՛ս Աստված» կանչելով, պարանի ծայրը կամաց-կամաց թուլացնում էր։ Հորի մեջ անտանելի մութ էր, ես, համարյա գոռոցով, հարցեր էի տալիս հորաքրոջս. գոնե էդ անտեր սատանան իմանա, որ մենակ չեմ, որ անօգնական ճուտ եմ փրկում։ Հորի մեջ լսում էի թխսամոր տագնապալից կռթկռթոցը: Վերջապես ոտքերս կպան գետնին, դողացող ձեռքերով հատակն էի շոշափում ճտին բռնելու: Մեկ րոպեն հավերժության միջով անցավ: Պարանը արդեն վեր էին ձգում: Մի պահ թվաց, թե ափիս մեջ ճտի կերպարանք առած թուրք է` թեև նկարով անգամ թուրք չէի տեսել։ ՈՒզում էի ցած նետել ու ճչալ, բայց կարողացա զսպել վախս. ավելի շուտ` կարկամել էի, ճչալ չէր ստացվում: Գոնե մի քիչ էլ դիմանամ։ Երբ հորից լրիվ դուրս քաշեցին ինձ` ճուտը հրեցի օդում թևատարած ինձ վրա հարձակվող թխսամոր կողմը: Չգիտեմ` կապտել էի, թե սևացել, բայց հորաքույրս վախով ասաց, որ մարդու գույն չի մնացել վրաս. «Դարձել ես թուրքի սատանա»։ Աչքից թաքուն` ոտքս մի քանի անգամ կսմթեցի. ցավ զգացի` չէ՛, ուրեմն ես եմ։ Չէի սթափվում, չէի հավատում, որ մտել եմ թուրքի սատանի որջը ու ողջ-առողջ դուրս եկել: Շորերիցս հոտ էի քաշում. «Տեսնես թուրքի սատանան ի՞նչ հոտ ունի. բա որ հանկարծ թուրքի սատանի հատկություն ձեռք բերեմ։ Հետաքրքիր է` հայի սատանան թուրքի սատանից շա՞տ է տարբեր. երևի ավելի բարի կլինի, մի քիչ էլ հայի նման խղճով, ինչ իմանաս, գուցե մի քիչ էլ` հյուրասեր»։ Բայց վստահ էի, որ հայի սատանան հայտնվելիս գոնե մի բերան կհարցնի` «Հը՞, ի՞նչ կա-չկա»:
1963-ին, երբ արդեն չորրորդ դասարանում էի, նոր թաղ էինք տեղափոխվել, բայց ինձ համար Վերին տանը դեռ ապրում էր թուրքի սատանան: Նոր թաղում դեռ մարագ չունեինք: Ամեն օր գալիս էի հին տան մարագից մեծ պարկով կամ միզարով խոտ ու դարման տանելու նոր թաղ։ Ավերակ դարձած հին թաղում լիքը շներ էին թափառում: Երբ հաչելով իմ կողմն էին վազում, անվախ կանգնում էի, եղանը առաջ պարզում և նույնիսկ հարձակվում շների վրա: Փախչում էին: Կամ, որպես երեխայի, խնայում հեռանում էին, կամ էլ ձեռքիս եղանը նրանց համար կարգին զենք էր։ Տատիս խոսքն էի հիշում. «Շունը ականջ կտրողից է վախենում»: Հա՛, մեկ էլ` թափառական շները ոչ մի անգամ սատանի թաքստոցին չէին մոտենում։ Երբ հասնում էի Վերին տանը, անհասկանալի մի տագնապ գլխիցս իջնում էր ոտքերս, սրտիս զարկերն ավելանում էին, ու գողեգող մտնում էի թոնրատուն: Նայում էի մրոտ բուխարիկին, ջարդված թոնրին, բաց երդիկին։ Եղանը միշտ ձեռքիս էր լինում` ի՞նչ իմանաս։ Մի անգամ ծանոթ շներից մեկին բոքոնով կաշառեցի ու գիշերով տարա հետս հին թոնրատուն: Եղանով հրեցի Վերին տան դուռը և շանը քսի տվեցի` մատս պարզելով Վերին տանը։ Սարսափս ավելի ուժեղացավ, երբ շունը, բոքոնի վերջին պատառը կուլ տալուց հետո էլ, չգնաց այդ ուղղությամբ։ Նույնիսկ ձևի համար չգռմռաց, երկար նայեց աչքերիս մեջ։ «Օհո, Գուռզոն էլ է վախենում թուրքի սատանից։ Կամ էլ` թուրքի հոտ է առել ու զզվում է, ով գիտի, երևի Շըմեմըրեի շունչն է զգացել»,- փորձեցի ինքս ինձ հանգստացնել։ Համ էլ` գամփռին խղճացի, երևի մտածում է. «Էս տղեն մի բոքոն է տվել, թուրքի բերան է ուղարկում»: Ամեն անգամ Գուռզոյին տեսնելիս` հայացքով ներողություն էի խնդրում թուրքի սատանի մոտ ուղարկելու անխիղճ մտքերիս համար։
1968-ին իններորդ դասարանում էի: Հայրս պատվիրեց, որ մի քանի օրում հին տան տանիքները և պատերը քանդենք, որ շինանյութերը օգտագործենք: Ասացի, որ օգնող պետք չէ, ես մենակ կարող եմ: Եվ քլունգով, լինգով ու բահով առավոտյան հին թաղի Վերին տան տանիքին էի։ «Դե՛, թուրքի սատանա, էսօր մեր վերջին կռիվն է, ես քո բունը կքանդեմ հենց հիմա»: Մի քանի ժամում ամբողջ տանիքը մաքրեցի հողից: Լսել էի, որ ծածկի հսկա գերանները Սարիղամիշի անտառներից են սայլերով հասցրել Աշնակ, հայի ծառ է: Հոգնություն չէի զգում: Բուխարիկից սևացած ծանր գերանները պատերից գլորեցի և մի կողմ հրեցի: Քանդված տանիքից խորհրդավոր հորի մեջ լույս էր ընկնում: Չոր ճյուղեր լցրի հորը: Ինչպես կռվից առաջ հրամանատարն է սուրը ճոճում, ես այդպես բահն էի բռնել ու հրամանի պես գոռում էի. «Ես քո թուրքի սատանի...»: Լուցկին վառելու պահին ձեռքս չդողաց։ Կրակի լեզվակները թանձր ծխի միջից խաղալով վեր էին բարձրանում. Շըմեմըրեի ոռնոցի փոխարեն Սարիղամիշի ծառերի չոր ճյուղերի ճտճտոցն էի վայելում: Բահով կրակը թեժացրի` նրա ծիրանագույն լեզվակներում հրկիզելով թուրքի սատանա Շըմեմըրեին: Կրակը հանգիստ նստեց, իսկ հորի մեջ մեղմ քամուց հուրհրում էին նրա կարմիր աչքերը: Սատանի հորը թոնրի պես ժպտում էր։
Հետո սկսեցի պատերը քանդել։ Ամեն քար բարձրից նետելիս` մանկությանս վախի ու սարսափի մի հուշ էի շպրտում։ Մինչև երեկո Վերին տնից ոչինչ չէր մնացել. տան հետ գնացել էին նաև սատանան ու սարսափի զգացողությունը։ Սպասեցի մինչև լավ մթնի։ Նորից ճյուղեր լցրի հորի մեջ, հրաժեշտի խարույկ արեցի և ընդմիշտ թաղեցի թուրքի սատանին։ Այնքան էի հոգնել, որ թոնրի շրթին մի պահ աչքս կպավ։ Երազում ճախրում էի ձորերի ու սարերի վրայով, ձեռքիս Խոդեդան պապիս սուրն էր։ Թեև պապս հայրենական պատերազմից չէր վերադարձել, ու ես նրան չեմ տեսել, բայց երազում հետս ճախրում էր։ Զգացի, որ ինչ-որ բան է ձեռքերիս քսվում: Աչքերս հանգիստ բացեցի` շունը, որին բոքոն էի տվել, լիզում էր ձեռքերս։ ՈՒզում էի խոսքով ասել, բայց զգացի, որ գամփռը արդեն ասելիքս գիտի. «Ես այլևս թուրքից ու նրա սատանից չեմ վախենում»:

Պողոսի ցավը

Պողոսի ցավը

1915-ից տարիներ են անցել, բայց Պողոսի դեմքին ոչ ոք մի կարգին ծիծաղ չտեսավ։ Մռայլ էր, հոգին խռովքի մեջ ու ոչ մեկի հետ չէր կիսվում։

-Այ Պողո՛ս, էդ զուլում մենք էլ տեսանք, գաղթինք, բայց նոր տուն ու տեղ դրինք, նոր ընտանիք ստեղծինք: Թեկուզ վերքոտ սրտով, բայց մեկ-մեկ եղածով կուրախանանք: Բոլորս էրթացվոր ինք, համա գնացողի հետ ոչ ոք չի գնացել: Քու ցավն ի՞նչ է, ախպեր Պողոս, գոնե քու էրգրացոց պատմի, որ քու սիրտ չպայթի: Հոգու ցավ կիսելով կպակսի, սրտի վերք պատմելով սպի կդառնա,- Պողոսի հետ ամեն օր անպատասխան կիսվում էին համերկրացիները, որերորդ անգամ հիշելով, որ իրենց Էրգրի արև ուրի՛շ էր, հող ու ջուր` ուրի՛շ:
-Է՜, իմ ցավ ուրիշ է, թողեք տանիմ իմ հետ գերեզման,- զրույցը փակում էր Պողոսը, թեև գիտեր, որ հազարերորդ անգամ դեռ նույն հարցը լսելու է ու նույնքան էլ թողնելու է անպատասխան։ Պողոսն ամեն օրվա նույն ժամին իր ցանած թութունից փաթում էր ջղարան, մի ծանր քուլա ներս քաշում, մտնում մարագը։ Միզարը դարմանով լցնելու համար մեկ-երկու րոպեն բավարար է, իսկ Պողոսը 10-15 րոպե մնում էր մարագում։ Դա վաղուց նկատել էր փոքր որդին` Գևորգը, և տեսել, որ հայրը մարագից դուրս էր գալիս արնակալած ու խոնավ աչքերով։
-Այ կնիկ, Գևորգի շորեր փոխե, տանիմ Թալին բժշկի, լավ չի էրեխեն,- արևագալին կնոջը ապսպրեց Պողոսը, հագնելով այծի կաշուց կարած իր նոր տրեխները:
1947-ի հետպատերազմյան սովի տարին էր։ Սայլի ճամփով երկար էր, չոլերով մի երկու ժամվա ոտքի ճամփա է: Տասներեքամյա Գևորգի համար էդքան գնալն ու գալը հեչ բան է։ 
-Գևորգ, լաո, հասանք Սիմո ստանցին, մի կտոր հաց ու պանիր թալինք մեր ատամի տակ ու նոր երթանք,- Թալինից հետդարձին ասաց Պողոսը, քարին դնելով իր Նուրե մոր գործած ու Էրգրից միակ հիշատակ նախշազարդ խուրջինը: Գարնան ծակող քամի էր: Պողոսն իր մեջքն արեց քամու դեմ, մեջքանց գրկեց որդուն` պանրի բրդուճը դնելով Գևորգի ափի մեջ։
-Բաբո, էդ Սիմոնն ո՞վ է եղել։
-Գևորգ, լաո, մեր գյուղի ճշտապահ ու օրինավոր Սիմոնն է,- ծխի քուլան կուլ տալով սկսեց Պողոսը:- Մի անգամ Սիմոնը նստում է հենց էս քարին, բացում է բոխչեն, որ հաց ուտի։ Կտեսնա, որ աղը մոռացել է վերցնել: Հացը, պանիրն ու ձուն բաց վիճակում կթողնի քարին ու կվազե Աշնակ, որ աղ բերի: Երկու ժամ հետո կմոտենա էս քարին ու կտեսնի, որ գել ու աղվես ամեն ինչ կերել են։ Էդ օրվանից ճամփամիջի էս քարը կոչվեց Սիմո ստանցի։
Մինչ Գևորգը Սիմոնի միամիտ արարքի մասին էր մտածում, զգաց, որ իր վզին մի քանի կաթիլ ընկան: Անձրև չկար ու քամին դադարել էր: Շրջվեց, հոր աչքերն արնակալած էին ու արցունք էր հոսում: Պողոսը չհասցրեց թաքցնել:
-Բաբո՛, քու դարդ ի՞նչ է, պատմե ընձի։
-Սուս, իմ դարդեր իրար մի տուր, էրթանք տուն,- տղային սաստեց Պողոսը:
-Եթե չասես, ես քու հետ չեմ գա,- հոր աչքերին համառությամբ նայեց Գևորգը:
-Դու գիտես, ես գնացի,-փլված հոգով շարժվեց Պողոսը` մտածելով, որ քիչ անց երեխան վազելով կմիանա իրեն: Գևորգը մնաց քարին: Երկու ժամ հետո մեծ եղբայր Արամը հասավ Սիմո ստանցին: Զայրացավ, ապտակեց եղբորը ծռության համար, ձեռքից բռնած տարավ տուն: Գևորգն ամեն օր հոր դեմը կտրում էր նույն հարցով. «Բաբո, քու դարդն ի՞նչ է...»: Ամեն անգամ ստանում էր նույն պատասխանը. «Սուս, իմ դարդեր իրար մի տուր...»: 
1949-ի դժվար գարունն էր, սուփրայում հաց չկար, մարագում` խոտ ու դարման: Պողոսը միզարը վերցրեց, մտավ մարագ` գետնից դարմանի վերջին մնացորդները հավաքելու: Գևորգը հարմար պահ գտավ, դրսի փականը իջեցրեց` դուռը կողպելով հոր վրա:
-Բաբո, եթե չպատմիս, դուռ չեմ բացի,-պայման դրեց Գևորգն ու հեռացավ դռան մոտից: Երկու ժամ հետո հորը ձայն տվեց: Պողոսը լավ գիտեր որդու ծուռ բնավորությունը և դռան ճեղքից խնդրեց. «Գևորգ, լաո, գոնե տուր զիմ ղութին մի ջղարա քաշիմ»: Արցունքները կուլ տալով։ Գևորգը դարձյալ մերժեց: Մի քանի րոպե հետո տղան մարագի դռան հետևից լսեց հոր դողդողացող ձայնը. «Գևորգ, լաո, բաց զդուռ, կպատմիմ...»: Դռան փականն անմիջապես բացվեց: Պողոսը մարագից դուրս եկավ արնակալած աչքերով, նստեց մուտքի կլոր քարին, փաթեց ջղարան ու սկսեց.
-Մեր Փիրշենք Մարութա սարի դուրանի առաջին գեղն էր: Փիրշենքում ու հարևան Գոշակում Սուրբ Մարաթուկի ուխտավորներ հաց կուտեին ու սար կելնեին։ Անդնդախոր ձորում Սասնա գետն էր, ուր քարայրների միջի վայրի մեղրը ուտելուց հետո, արջեր գլգիլի արտերի միջով կիջնեին գետ լողանալու։ Սասունից շատեր Հալեպ կերթային ոսկի աշխատելու: Ով վառոդի հոտ մեկ անգամ առե` ձեռքի հետ թաքուն Մոսին հրացան կբերեր: Մեր գեղից էլ շատեր կերթային, փռերում հաց կթխեին: Էդ ամեն մարդու չէին վստահի: Ամենապատվավոր գործն էր: Ես էլ որոշեցի ընկերներիս հետ երթամ Հալեպ: Ծնողներս չթողեցին: Խռովեցի, տնից դուրս եկա, քարեր ժողվեցի ու մեր տան վրա կատաղած շպրտեցի։ Գիշերը հերս ու հորոխպերս եկան, իմ ձեռք ու ոտք կապեցին, բերին տուն: Հետո փախա Մարաթուկ, յոթ օր սարերում մնացի: Եկան, համոզեցին, նորից տուն բերին: 1911-ին փախա Հալեպ, մտա փուռ աշխատելու: Քառասուն Մանկանց եկեղեցում սասունցիներով շուտ-շուտ կհավաքվեինք, Էրգրի ու տնեցոց կարոտ իրարուց կառնեինք։ Գնացող-գալացողների հետ ծնողներիս քիսիկով ոսկի կուղարկեի: 1914-ի գարուն եկա Փիրշենք, մերոնց հետ Սուրբ Մարաթուկ ելանք ուխտի: Հարիսա եփելու տեղը ուխտավոր տղամարդիկ «Յարխուշտա» զարգին: Մի անծանոթ քրդի լամուկ թարս աչքով ընձի նայեց ու առաջարկեց իր հետ պարիմ: Կես ժամ էնքան զարկինք իրար մինչև քրդի ձեռքի ափ ճաքեց ու արուն ելավ։ Իմ անուշ մեր ընձի գրկեց ու դիմացի անտառը ցույց տվեց: Մի անգամ իմ ախպեր Սևդոն եկել է անասունների համար էդ անտառից ծառի ճյուղերի թավը գեղ տանելու: Ճյուղեր որ հետ կքաշի, մեջտեղում քնած արջ կզարթնի ու կհարձակվի Սևդոյի վրեն: Արջն իր ճանկերով կպլոկե Սևդոյի գլխի կաշին։ ՈՒ մինչ կհասցներ մյուս թաթն առաջ գցել, Սևդոն յուր ղանչալ կխրե գազանի սիրտ: Յուր արնոտ գլուխ շորով կփաթե, կկտրե արջի մի ոտք, կառնե ուր շալակ և կհասնի տուն։ Հետո քրդեր Սևդոյին տարան թուրքի պատերազմին ու մի քանի ամիս հետո իմ ախպոր միայն գլուխը բերին ծնողներին ցույց տալու: Է, Գևորգ, լաո, հետո նորից Հալեպ գնացի: 1915-ի գարուն կոտորում ընկավ Էրգիր, ասի` շուտ հասնիմ, մերոնց փրկիմ։ Ոտքով հասա Փիրշենք: Մտա մեր տուն։ Օջախ կվառեր, կողքը երեխի թաթիկ էր ընկած։ Գելի պես ոռնացի: Վերևի հարկից ձեն լսվեց: Վազեցի։ Գետնին ընկած էր իմ Նուրե մերը` թուրքից ու քրդից անարգված, հագուստներ պատռած ու կիսավառած սուր փետը հետևում խրած։ Վիրավոր իմ մեր, աչքերը ամոթից փակած, աղերսում էր. «Պողոս, լաո, քու ղանչալ խրե իմ սիրտ, գոնե քու ձեռքով մեռնիմ, աշխարհ ավերվավ, էլ բան չմնաց»: Աշխարք մթնեց իմ աչքին։
-Լաո, ընձի սպանե պրծնիմ, գնա մյուսներին գտի,- աղերսեց իմ մեր ու կիսաբաց, արնոտ կուրծքը բացեց: -Էս կուրծք շատ ես կերե, հալալ եղնի, բայց քու ղանչալ խրե, պրծնիմ: 
Իմ ղանչալ հանեցի ու չոքեցի։ Իմ ձեռք դողաց, ղանչալ ընկավ:
-Պողոս, լաո, սպանե ընձի, գնա մեկելներին փրկի,- կաղաչեր իմ մեր: -Քու ձեռք չի բռնե դանակ իմ կուրծք խրես, իմ թիկունք խրե, լաո, իմ թիկունք դու ես:
Իմ մեր վիրավոր կմղկտար ու կաղաչեր, որ գոնե իր կոկորդ կտրեմ, շուտ հանգստանա: Ղանչալը նորից ափիս մեջ ուժեղ սեղմեցի, որ ձեռքս չդողա: Մոտեցա։ Մայրս, մոտալուտ փրկություն զգալով, երանությամբ աչքերը փակեց. «Փառքդ շատ, Տեր, որ իմ որդու ձեռքով կհանգստանամ»։ Ղանչալը նորից ընկավ, իսկ մայրս փակ աչքերով արդեն մահվան հետ էր խոսում։ Նորից ղանչալը վերցրի ու էս անգամ տարա իմ սրտի կողմը։ Մերս աչքերը բացեց. «Լաո, քու կյանք պահե, գնա մյուսներին փրկի...»: 
Իմ ձեռքեր կդողային գոնե ածխացած փայտը դուրս քաշեի։ Զիմ գլուխ պատեպատ զարկի, սնեսուն զարկի։ Ղանչալ նորից վերցրի, մտածեցի` զուր երակ կտրիմ, արնաքամ էղնի, պատանքի փոխարեն լավաշով փաթիմ զիմ մեր, թաղիմ թոնրի մեջ, դառնա սուրբ հաց։ Ղանչալ նորից սեղմած մոտեցա իմ մոր։ Ախ, մերիկ, իմ անուշ մերիկ։ Ղանչալ նորից ընկավ։ Վիրավոր գազանի նման գոռալով ու ձեռքերով իմ գլխին զարկելով վազեցի դեպի Մուշ` մերոնց գտնելու... Գևորգ, լաո, ես էդքան տղամարդ չեղա, որ զիմ մեր սպանեի։ Էդ ցավ ու մրմուռն է, որ երեսուն տարի կվառե զիմ սիրտ։ Գիշեր զիմ աչք կփագիմ, իմ մերն է իմ աչվու դեմ, կխնդրե ու կաղաչե. «Լաո, քու ղանչալ խրե իմ սիրտ»: Հասկացի, Գևորգ լաո, ես էդքան տղամարդ չեղա, որ զիմ մեր սպանեի։ Գհասկնա՞ս, լաո, զիմ մոր վերջին խնդրանք չկատարեցի: Տեսնիս իմ մեր ո՞ւմ հարամ ղանչալով ու յաթաղանով մեռավ, ո՞վ գիտի` ջուն ու ջանավար կերան նրա սուրբ մարմին, թե գլորվեց ընկավ տաք թոնիր ու հաց դարձավ։ Գոնե էդպես էղներ։ Ներե ինձ, իմ անուշ մերիկ, դու ինձ էդպես ես ծնե, ես իմ ծնողին իմա՞լ սպանիմ։ Գևորգ, լաո, ես ամեն օր մարագ կմտնիմ իմ մորից ներողություն խնդրելու, որ էդքան տղամարդ չեղա։ Ես երդում էի կերել, որ իմ հոգու ցավ իմ մեջ պահիմ մինչև գերեզման։ Բոլոր ընձի կմեղադրին, որ մռայլ իմ Մարութա սև ամպի նման, ծիծաղ փախե իմ դեմքից, իմ երեխեն իմ ժպիտ չտեսնա։
Փախեփախին իմացա, որ իմ Սահակ հեր ու մերոնք սպանվել են։ 1918-ին գնացի Սարդարապատ կռվելու։ Ամեն գնդակից առաջ իմ աչվու դեմ իմ մերն էր. «Լաո, քու ղանչալ խրե իմ սիրտ»: Կրակում էի ու գոռում. «Ներե ինձ, իմ անուշ մերիկ, ես էդքան տղամարդ չեղա...»: Լաո, հիմի իմացա՞ր, թե մարագ ինչու երկար կմնամ։
Պողոսն արդեն չէր թաքցնում արցունքները որդուց, որդին նույնպես։ Փլված հոգով վերցրեց կողքի դատարկ միզարն ու գնաց մարագ։ Գևորգ գիտեր, որ հայրն առավոտյան տարել էր դարմանի վերջին մնացորդը, բայց միզարով գնաց: Պողոսը դռան մոտ ջղարա փաթեց, դուռը ներսից ծածկեց ու դանդաղ իջավ մարագի մի քանի աստիճանները։ Դռան հետևում Գևորգը լսում էր հոր ողբը. «Ներե՛, իմ անուշ մերիկ, ներե՛»: Իսկ դրսի կողմում, գլուխը փականին հենած, լալիս էր տասնհինգամյա Գևորգը. «Դու էլ ընձի ներե, իմ անուշ բաբո, ներե, քու համար դեռ 1915 թիվն է ու մինչև գերեզման չի վերջանա»։ 
1957-ի գարունն էր։ Պողոսը դեռ չէր բոլորել 60-ը, բայց թաքուն ցավը արդեն քամել էր մարմինը։ Առավոտյան մտավ մարագ առանց միզարի։ Գևորգը այդ մեկը չհասկացավ, բայց քիչ հեռվից հետևում էր։ Հայրը սովորականից ուշ դուրս եկավ, երկար նայեց Էրգրի կողմը, նկատեց Գևորգին ու ձեռքով կանչեց։
-Բաբո, էսօր ինչո՞ւ առանց միզարի մտար մարագ,- հորը գրկեց Գևորգը:
-Էլ չեմ մտնի, լաո՛,- հանգիստ ասաց Պողոսը:
«Ինչ լավ է, երևի որոշել է էլ չողբալ»,- մտքում ինքն իրեն հանգստացրեց Գևորգն ու հետևեց հորը: Արշալույսի ծիրանագույն շողը ցուցամատի նման Էրգրի կողմն էր պարզած։ Պողոսը պառկեց թախտին, խոր շնչեց, որդու ձեռքը սեղմեց ափերի մեջ ու հազիվ շշնջաց. «Իմ մոր հոգին քառասուներկու տարի ամեն օր ինձ կկանչե: Լաո, չիմացա թո՞ւրք սպանեց, գել ու գազա՞ն կերան, թե՞ գլորվավ ընկավ թոնիր ու հաց դարձավ։ Երթամ ներողություն խնդրիմ»։
Գևորգին թվաց, թե հայրը հոգնածությունից աչքերը փակեց։ Դեմքի մռայլությունը դանդաղ հեռանում էր: Քիչ հետո Պողոսն արդեն Էրգրի ճամփին էր, գնում էր մորից ներողություն խնդրելու։
Հարևաններն ու բարեկամները հավաքվեցին: Մեկը ինֆարկտ ասաց, մյուսը` բրոնխները, մեկ ուրիշը` չարքն է զարկել։ Բոլորն էլ զարմանքով իրար էին հարցնում` ի՞նչն էր Պողոսի ցավը։
Մենակ անկյունում ողբացող Գևորգը գիտեր իր հոր մահվան իսկական պատճառը. «Բաբոն գնաց իր մոր մոտ ներողություն խնդրելու։ Իմ անուշ բաբո, դու էլ ինձ ների քո ցավն ու դարդը իրար տալու։ Քո համար դեռ 1915 է»:

Պատմվածքները հեղինակի գիտությամբ' վերցվել են Irates.am-ից

_________________

Բանաստեղծություններ
Հանճարեղ ազգ ենք մեր…  մեռելներով
Չարենցի հիշատակին
 
Տե՜ր, օգնի՜ր զարթնեմ
Հայկական քնից…
Աչքս բաց արա,
Միտքս զորացրու
Եվ հուշիր գոնե՝
Հիմա հասկանամ
Այս առեղծվածը՝
Ինչու՞ էն գլխից
Միշտ հալածում ենք,
Հետո սպանում,
Սակայն ճոխ թաղում
Մեր հանճարներին:
Թաղումն էլ այնքան
Շատ ճոխ ենք անում,
Որ հպարտանանք…
Մեռած հանճարով,
Աշխարհին ցույց տանք,
Թե՝ թաղել գիտենք…
Պահելուց շատ լավ:
Թաղելուց հետո
Ճոխ հաց ենք տալիս
Մեր սոված պահած
Հանճարի պատվին,
Այն էլ՝ հոգեհաց,
Որ վերածվում է
Մեռելաճաշի…
Այնինչ ապրելիս,
Եթե դա, իրոք,
Ապրել է կոչվում
Մարմինը կերել,
Արյունը խմել,
Հոգին հանել ենք
Մեր հանճարների:
Կենդանի հանճար
Ու՞մ է հարկավոր,
Խանգարող է նա,
Իսկ մեռած հանճար
Միշտ էլ թող լինի:
Հարկ եղած դեպքում
Աշխարհին կասենք,
Բարձր կգոռանք՝
Հա՛յ է այդ մարդը,
Կամ ՝ հայրը հա՛յ է ,
Մի քիչ էլ մայրը…
Ու եթե հայ չէ
Այսինչ հանճարը,
Լավ ձև ենք գտել
Հպարտանալու՝
Այսինչ հանճարի
Յոթերորդ պապը
Հենց հայ է եղել…
Մերը սպանում,
Օտար հանճարի
Շիրիմի վրա
Մոմեր ենք վառում…
Տեր, մի ընդունիր,
Այդ մոմը կեղծ է,
Այդ խունկը թույն է,
Աղոթքն՝ առավել:
Համբերություն մեզ,
Նաև՝ Տիրոջը.
Հանճարեղ ազգ ենք
Մեր համբերությամբ,
Սակայն օտարի,
Օտար հանճարի
Կոշիկն էլ սրբել,
Ճամփան ենք մաքրել,
Փշերն ենք հանել
Օտար ոտքերի…
Տե՜ր, ասա ինչու՞
Հնուց չենք սիրել
Մեր հանճարներին:
Աշխարհի՞ ցավ է,
Բայց մերն ուրիշ է…
Դե, ամեն մի հայ
Հանճար է կարծում
Հենց ինքը իրեն:
Հանճարեղ ազգ ենք
Մեծով ու փոքրով:
Տեր, այսինչ ցավ է,
Այսինչ երազ է,
Որից չենք զարթնում-
Հայկական երազ.
Մի հին ցավ է սա,
Որ դեռ չի բուժվում,
Քանզի հիվանդը
Չի ուզում բուժվել:
Հարկադիր բուժում
Գիտեք, թե որտեղ
Եվ ում են անում…
Տակը ի՞նչ մնաց՝
Մի ներկայացում,
Թատրոն անբարո,
Ուրում խաղում ենք
Գիշեր ու ցերեկ,
Մեծով ու փոքրով
Եվ չենք կշտանում
Խաղից այս նսեմ,
Իսկ խաղը դիտող
Հանճարը վսեմ
Ոչ թե ծիծաղում,
Այլ արտասվում է
Այդ խաղի վրա,
Այն ապաշնորհ
Դերասանների,
Որոնք ի ծնե,
Նույնիսկ արգանդում,
Իրենց դերն ունեն:
Ե՜վ դերն են խաղում,
Ե՜վ ծափ են տալիս
Նույնիսկ այն պահին,
Երբ օտար բեմում
Համբակ մի նսեմ
Գեշ հայհոյում է
Մեր իսկ սրբերին,
Հանճարին վսեմ:
Օտար հայհոյանք-
Օձի թույնի պես,
Որ նշխարհի տեղ
Մի քիչ ծամում են,
Բայց կուլ չի գնում,
Եվ տեղ են փնտրում
Թաքուն թքելու…
Տե՜ր, օգնիր դուրս գանք
Այդ թքամանից,
Բեմից անբարո,
Դերից անպարկեշտ…
Թատրոն ենք խաղում
Ու ծիծաղում ենք
Մեր բախտի վրա,
Բախտն էլ՝ մեզ վրա,
Մի կուշտ հռհռում
Առաքյալի պես
Ընդմիշտ հալածված
Հանճարի վրա,
Իսկ նա ողբում է
Մեր դիմակախեղդ
Դեմքերի վրա,
Նաև մեր անդեմ
Դերերի վրա,
Բեմի անհոգի
Տերերի վրա…
Սուրբ գործն է հնուց
Դա անճարների՝
Մարմինն են վառել
Լույս հանճարների,
Որ հանկարծ մթնում
Իրենց ոտքերը
Դեմ չառնեն քարի:
Բայց դե հանճարը
Նույնիսկ մեռնելով
Նորից ապրում է,
Իսկ բութ անճարը
Հենց ծնված օրից
Արդեն մեռնում է…
Տեր, ասա ինչու՞
Մենք սպանում ենք,
Հետո ետմահու
Նոր տեր ենք կանգնում
Մեր հանճարներին:
Քո՞ առեղծվածն է,
Մե՞ր ստեղծածը,
Թե՞ սատանայի
Չար մոգոնածը…
Տեր, օգնի՜ր զարթնեմ
Մոլորյալ քնից.
Քունս չի տանում
Էս տեսակ… քնից:
Ու թե երազում
Հանկարծ քնում եմ,
Դարձյալ լսում եմ՝
Հանճարեղ ազգ ենք
Մեր… մեռելներով…
Եվ քնահարամ
Աղաչում եմ քեզ,
Պաղատում եմ քեզ`
Տե՜ր, օգնիր զարթնենք
Հայկական քնից…
 
 
 
 Որձը   մեռնում  է ...
 
Որձը մեռնում է,
Իսկ էգը՝ ոռնում
Մայրագայլի պես,
Որ յոթը տարի
Որձի չի տեսել...
Որձը մեռնում է,
Էգը՝ գալարվում
Տագնապների մեջ
Մայրականչերի.
Որձը մեռնում է,
Իսկ օրիորդները,
Որ պիտի դառնան
Բազմազավակ մայր,
Դառնում են, ցավոք,
Պառաված օրիորդ
Կամ էլ՝ հասկացաք...
ԵՎ զավակները
Միասեռ դարի
Ամուսնանում են
Միասեռական՝
Տղան՝ տղայի,
Աղջիկն՝աղջկա...
Էլ ամոթ չկա,
Էլ հնար չկա
Աչքը փակելու,
Ականջ փակելու,
Բերան փակելու,
Իսկ թե բացելու
Առիթ ունենաս,
Իսկույն կփակեն,
Այնպես կփակեն,
Որ բացելիս էլ
Լոկ տնքոց լսվի...
Այսպես որ գնա՝
Հենց օրիորդները
Երազելու են
Բռնաբարություն...
Իրոք՝ բարություն,
Թե որձի սով է։
Այսպես որ գնա՝
Միգուցե նորից
Կապիկը դառնա
Կրկին նախահայր,
Եթե հավատանք
Չարլզ Դարվինին։
Որձ կապիկները
Դոն Ժուաններ են
Դառնալու մի օր։
Որձը մեռնում է,
Էգն անզոր ոռնում,
Իսկ օրիորդները
 Հղիանում են
Արդեն... կոլբայից։
Խելակորույս դար.
Ծննդականում,
Որպես հայրանուն,
Միգուցե գրեն՝
«Կոլբայի զավակ»...
Խելագար աշխարհ,
Արդ՝ գոնե կանգնիր
Անդունդի եզրին.
Ներքևում մահ է
Ածխարհակործան,
Կանգ առ, խելագար,
Ուր ես գլորվում
Միասեռական
Արահետներով...
Որձը մեռնում է,
 Իսկ էգը՝ ոռնում...
Եվ այդ ոռնոցը
Դարձել է դարի
Երաժշտություն,
Որի միասեռ
Մեղեդիները
Բեթհովեններ են
Ամեն օր թաղում։
Տեր, ուր ես, փրկիր
Քո ստեղծածին,
Քո մոլորվածին.
Որձը մեռնում է,
Իսկ էգը՝ ոռնում...
 
  
 
ՀԱԶԱՐ   ՏԱՐՎԱ   ՃՈՐՏԸ 
 
Վաղուց  ,  շատ  վաղուց  ,
Մի       հազար     տարի  ,
Ճորտը    մեր     հոգում
Տանտիրոջ        նման
Հանգիստ   բազմել   է
ՈՒ   միտք  էլ   չունի  
Թողնի      հեռանա  ,
Նույնիսկ   չի   ննջում  ,
Որ       քնահարամ
Շպրտենք      նրան
Մեր   Տուն – Տաճարից  ։
 Իսկ   մենք  փաղաքուշ
Շոյում     ենք       նրան  ,
Նույնիսկ   գուրգուրում  ,
Որ   մեզ   տեր   դառնա ...
Ճորտը        զգում       է ,
Որ     վախենում     ենք  ,
Նաև      լսում       է  ,
Որ   նվնվում   ենք  ,
Հետո   տեսնում   է  ,
Որ   խոնարհվում   ենք  .
Նա   ուժ   է   առնում  ՝
Ավելի       դաժան
 Մեզ   ճորտացնելու  ։
ԵՎ   հազար   տարի
Այդպես   բազմել  է 
Տանտիրոջ   նման
Զզվելի       ճորտը ՝
Ստրուկի   հանգույն  ։
ԵՎ   ճորտատերին
 Արդարացնում   ենք ՝
«Ա՜խր ,  մեր   ճորտն   է  ,
Մեր   իսկ   զավակը   ՝
Ոչինչ   որ   խորթ   է  ,
Բայց   մեր   հոգում   է
Տաքուկ   բույն   դրել  ,
Զի   մենք   ճորտատեղ
Թողել    ենք     նրան  ։
Նա   էլ   դարձել     է
Տեր    ու   տիրական»։
Ասում   են ՝   իբր  ,
Թե   ճորտն   էլ   ունի
Ինքնասիրություն  ։
Նա   երբ   զգում   է ՝
Ատում   են   իրեն ,
Մի   օր   ճարահատ
Լուռ   հեռանում   է  ։
Բայց   մերն   ուրի՜շ   է ՝
Ոչ   ամոթ   ունի 
ԵՎ   ոչ   էլ   նամուս ,
Անինքնասեր   է...
Բայց , խոսքը  մեր  մեջ ,
Շա՜տ   ինքնասեր   է ։
Հիմա    սուսուփուս ,
Թե   ականջ     ունես
Լսելու      համար ,
Բեր   կամաց   ասեմ ,
Ճորտը       չլսի ՝
Սպանի՛ր   ճորտին
Քո    երակներում ,
Որի   պատերին ,
Սև   ժանգի   նման ,
Վաղուց   է   նստած
Հաստ   ճորտաշերտը ։
Երակդ        մաքրիր
Վաղուց    մոռացված
Արյան       լվացքով ,
Իսկ   ճորտատեղը  
Բաշխիր   բոլորին .
Գտիր   քո   հոգում  
Արքային   հպարտ ,
Զինվորին   մեր  քաջ ,
Պոետին    գինով
ԵՎ       ուսուցչին ,
ԵՎ    այգեպանին ,
Նույնիսկ   հասարակ
Այն   դռնապանին ,
Ով   խոնարհվում   է
Հարգանքի   համար
ԵՎ   ոչ ՝    պաշտոնի
Կամ   աման   լափի ,
Որ    հետո     չափի ,
Թե   ինչքան   կերավ
Կամ  ում հետ լափեց
Առանց   փորձանքի  ,
Ինչքանը   մարսեց ,
Ոսկորի       մեծը 
Բկին   չկանգնեց ,
Կամ   ինչքան   թողեց
Յոթերորդ   պորտի
Իր   ժառանգներին ...
Դե  ,  հիմա   չափիր ,
Թե   ճորտը   ինչքան ,
Քեզ   ճորտացրել   է ,
Քեզ   փոքրացրել   է ,
Սարքել   խաղալիք ...
Ե՞րբ   ենք   փշրելու  
Այդ      խաղալիքը
Այն     ազնվածին
Մանուկի     նման ,
Որ   իր   դուր   չեկած
Վատ       խաղալիքը
Զարկում   է   գետնին ,
Փշրում   է   հանգիստ ,
Թեթև   շունչ   քաշում
ԵՎ   գոհ   ծիծաղում ...
Եկեք   մի     քիչ     էլ
 Մանուկի       նման
Գեթ  պարկեշտ  լինենք
 ՈՒ   մեր   դուր   չեկած
Ճորտ       խաղալիքը
Գցենք   ոտքի     տակ ,
Տրորենք       կարգին ,
Ազատ   շունչ   քաշենք ,
Հպարտ      ծիծաղենք ,
Նույնիսկ   արտասվենք
ՈՒրախությունից ,
Անգամ   հայհոյենք
Անպարկեշտ   խոսքով ՝
Ես   դրա...Դե   լավ ,
Կարծեմ   հասկացաք ,
Թե      հայհոյանքի
Գռեհիկ         մասը
Որտեղ   է   հասնում.
Որերորդ   պորտին ...
Հերն   էլ   անիծած ՝
Սպանե՛ք   ճորտին ,
Ճոխ   թաղում   արեք .
Հոգեհաց        տվեք ,
Ճոխ–ճոխ    սեղաններ
Բացեք       ամենուր ...
Ախր ,    էդ   գործում
Մենք  շատ ենք վարպետ ։
Շատ   խորը      թաղեք ,
Մի   հազար   անգամ
Ողորմի        տվեք ,
Որ    հողը   թեթև  
Լինի   իր      վրա ,
Միայն   թե   ճորտը
Հողի   տակ   մնա ,
Վրան   մի    շքեղ
Շիրմաքար  քաշեք ,
Մեծատառ   գրեք ՝
Աստ   հանգչի   Ճորտը ...
Մի   տող   էլ   գրեք ՝
Խորթ   ծնողներից ,
Անառակ   որդուց՝
Հավերժ   հիշատակ ...
 
2011.մայիս
 
      
 
Աշխարհի հիվանդ արդարությունը
 
Աշխարհի վզին
Վաղուց փաթաթված
Պարանի նման
Սեղմում ես անվերջ,
Սու՜տ արդարություն,
Իրո՞ք ծնվել ես,
Թե դեռ չծնված՝
Քեզ վիժեցրել են...
Կամ մեռելածին
Բիճ էիր հնուց,
Բայց ոչ մանկան պես,
Որը ծնվում է
Միմիայն սիրուց
ԵՎ որի հայրը
Հենց սերն է արդար,
Իսկ դու չարածին,
Անարդար ծնունդ,
Որը ապրում է
Արդարից հեռու,
Սակայն կոչվում է
Հենց նույն արմատով,
Որը էն գլխից
Արմատախիլ են
Արել բճերը.
Արդարը չկա,
ՈՒթյունն է այսօր,
Լոկ սին վերջածանց,
Դարձել նախարմատ,
Նույնիսկ մայրարմատ։
Սու՜տ արդարություն,
Քո դեմքը գոնե
Մեկ անգամ տեսնեմ.
ՈՒ՞մ ես դու նման,
Ինչի՞ ես նման...
Գոնե մեկ անգամ
Քո դեմքը տեսնեմ–
Հոգ չէ,որ կյանքի
ՈՒ մահվան գնով
Թքեմ ճակատիդ։
Հանուն արդարի՝
Չեմ կարող չասել՝
Դու մեռելածին
Մի ընկեցիկ ես,
Բայց հայր ես դարձել
Անհայր բճերին՝
Ստի բճերին,
Ովքեր չեն ուզում
Հայր էլ ունենալ,
Ովքեր իսկական
Հայրերին թողած՝
Լոկ քեզ են ընտրել
Որպես հայրացու...
Սու՜տ արդարություն,
Այս փուչ աշխարհի
Այլասերված դի,
Որը նեխել է,
Բայց դեռ չեն թաղում,
Իսկ նեխահոտը
Աշխարհն է բռնել...
Եթե թաղեն էլ,
Հողն ես պղծելու,
Նույնիսկ վառելու
Արժանի էլ չես,
Օդն ես պղծելու...
Դու տուն էլ չունես,
Որ գլխիդ քանդեն,
Սակայն ամեն տեղ
Դու տնատեր ես,
Նաև ցանկալի,
Շատ սիրված հյուրն ես
Ճոխ դղյակների
ՈՒ պալատների։
Սու՜տ արդարություն,
Այս մոլորակի
Հենման կետն ես դու
Վաղու՜ց, շա՜տ վաղուց...
Եվ դրա համար
Մեր մոլորակը
Մեկ–մեկ ցնցվում է
Հոգեվարքի մեջ,
Որը երկրաշարժ
Բառով ենք կոչում,
ԵՎ արդարության
Արդար զայրույթը
Բանտված ընդերքից
Դուրս է ժայթքում
ՈՒ փրկում հողը
Ահեղ պայթյունից։
Այս երկրագնդին
Հենման կետ է պետք,
Մի նոր հենման կետ,
Որով պտույտը
Մեր մոլորակի
Մոլորված շարժման
ՈՒղեծիրներից
Մտնի բնական
Այն ուղեծիրը,
Որ Տերն ստեղծեց։
Տե՛ր, ու՞ր է կորած
Մեր հենման կետը,
Որով մենք պիտի
Աշխարհը շրջենք։
Տե՛ր, օգնի՛ր գտնենք
Մեր հենման կետը...
 
 
    
                                                                                                                                                                    
  ՏԱԳՆԱՊՈՒՄ    ԵՄ
 
  Պարույր      Սևակին
 
 Տագնապում  եմ տագնապահար
Այս  խելագար  դարի  համար ,
Որ  անդունդ  է  հա  գլորվում ,
Տագնապում  եմ  մարդու  համար՝
Քարանձավ  է  նորից  մտնում ...
Տագնախում  եմ  ջրի  համար ,
Որ  եռում  է  առանց  կրակ ,
Տագնապում  եմ  հրի  համար ,
Որ չի  վառում  ոչ  մի  ճրագ ,
Տագնապում  եմ  քարի  համար ,
Որ  պատի  մեջ  որմ  չի  դառնում ,
Տագնապում  եմ  հողի  համար ,
Որում  սերմը  բույն  չի  դնում ,
Տագնապում  եմ  լույսի  համար ,
Որ  խավարին  միացել  է ,
Տագնապում  եմ  հույսի  համար ,
Որը  վերջում  մահացել  է ,
Տագնապում  եմ  այսպես  անվերջ
ՈՒ  չգիտեմ  ինչի  համար ...
Տագնապում  եմ  օդի  համար ,
Որը  լիքն  է  ալիքներով ,
Օրորոցի  բախտի  համար՝
Դեռ  չծնված  բալիկներով ,
Տագնապում  եմ  բառի  համար՝
Տող  չդարձող  խաղիկներով ,
Տագնապում  եմ  մայրամուտին
Չմայրացած  կորչող  օրով ,
Տագնապում  եմ  մինչև  անգամ
Առանց  տագնապ  պահի  համար ,
ՈՒ  վերջապես  տագնապում  եմ
Իմ  տագնապի  բախտի  համար ...
                                        
  7.04.2007թ.
 
 
         ՑԱՎԻ     ՇԱՊԻԿԸ 
Լույսը  բացվում է , աչքս  չի  կպել ,
Գիշերն եմ մաշում՝ տագնապով լցված ,
Ցավի շապիկն եմ  վերստին հագել ,
Կարծես թե հատուկ ինձնով է կարած ։
 
Լույսը բացվում է , աչքս չի կպել ,
Քանի քանիսն են բաց աչքով քնած ,
ՈՒզում  եմ ցավի շապիկը հանել ,
Բայց , ավաղ , արդեն մաշկիս է կպած ։
 
Լույսը   բացվում  է , աչքս  չի  կպել ,
Ցավի դերձակը շապիկ  է կարում ,
Վաղուց հին շապիկն ինձ մաշկ է դարձել ,
Դերձակը ինձ նոր շապիկ է կարում ...  
 
 25.01.2009
                                                                                                                         
 
  ՀԻՆ      ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
 
Սատանան  է  տաճար  մտել
Քրմապետի  վսեմությամբ ,
Հին   բամբիռի  լարն  է  ձգվել ,
Մղկտում  է  լոկ  դալկությամբ ։ 
 
Եվ  նորօրյա  արքաներն  են  ելնում  որսի ,
Որսաշունն է ապականում եղնիկին տաք ,
Հարճի  տեղակ պարն է կրքոտ մերկ պոռնիկի ,
Շաղ է տալիս աջ ու ահյակ համբույրներ խակ ։
 
ԵՎ հարճի տեղ գալարվում է ամոթանետ պոռնիկը մերկ ,
Բամբիռները մղկտում են մայրամուտը աստվածների ,
Ծնծղաները հնչեցնում են  արքաների փառքերը եղկ ,
Հողն է տնքում ամոթախեղդ հոգեվարքից աստվածների ։
 
Արշալույսն է շատ ուշանում ,լույսը չկա ,
Պարն է ձգվում ու զեխանում նոր կավատով ,
Տառապեցինք կիսահավատ ,վերջը չկա ,
Մայրամուտին գոնե մեռնենք լի հավատով ։
 
1.05.2006
 
 ՔԱՂՑՐ          ՍՈՒՏ
 
Մենք  սիրում  ենք  ապրել
Անհայտ  քաղցր  ստով ,
Հպարտորեն     կռվել
Բարոյական      սրով ։
 
Բայց  հոգնել  ենք Տղմուտ
Գետի    ափին ,     քնել ,
Բարոյական  տիղմոտ
Հաղթանակներ  կրել  ։
 
Անվերջ  ետւ–ետ նայել– 
Մենք հոգնել ենք արդեն
ԵՎ ծուռվիզ ենք դարձել
ՈՒ հիվանդ ենք արդեն ։
 
Տերը     թև    է   տվել
Մեզ ճախրելու համար ,  
Բայց ճահիճում խրվել ,
Տեղ ենք փնտրում հարմար ։
 
Մի օր պիտի բացվեն
Մեր    թևերը արծիվ ,
ԵՎ հաղթությամբ ճախրեն
Բազեները      անթիվ ։
 
Ավարայրից հոգնած՝
Սարդարապատ կանչեմ,
Բարոյական    կոչված
Հաղթանակը    ջնջեմ...
 
17.04.2008                 
 
 
 Քնով    ենք    ընկել
 
   Զարթնիր  , լաո , մեռնիմ  քզի...
   Ժողովրդական
 
Այսքան  երազը  շատ  է  մի  ազգին ,
Երբ  նույնիսկ  չունենք  գուշակ  իմաստուն ,
Երազախաբ  ենք  լինում  վերստին ,
ԵՎ  երազներ  են  ծնվում  օրնիբուն ։
 
Տեսլականներ  ենք  հորինում  անվերջ ,
Որ  վերջ  չունենան  մութ  երազները...
Այս  երազները  վաղուց  չունեն  վերջ .
Մեզ  թմրեցնում  են  մեր  երազները ։
 
Քնով  ենք  ընկել  ու  անցնում  ենք  մենք
Աշխարհի  կողքով ,  երազի  միջով ,
Այնինչ  ազգովին  պիտի  անցնեինք
Աշխարհի  միջով ,  երազի  կողքով ։
 
Դիվադադար  փոշոտ  այս  աշխարհում
Դեռ  անչափն  է  մնում  հայի  չափը ,
Լավ  է  ապրենք  անվերջ  քնահարամ ,
Քան  թե  մնանք  ընդմիշտ  երազախաբ ։
                       
 25.02.2007
 Անդրանիկ  զորավարի  ծննդյան  օրը
 
  
 
ԱԿԱՆՋ  ՔԱՇԵԼԸ  ԿԱՐԳԻՆ  ՕՐԵՆՔ  Է
 
Եթե    լսող    ես ,
ՈՒրեմն    լսիր .
Ականջ    քաշելը   
Օրենք    է    կարգին ,
Նույնիսկ    մանկական
Անմեղ    խաղերում ։
Ականջն  են  քաշում
Այն  փոքրիկների ,
Ովքեր  չեն  լսում
Խելոք  մեծերին
ԵՎ  արդարներին
Կամ  ուժեղներին...
Պիտ  քաշել  նաև 
Ականջը  նրանց ,
Այն  մեծ  մեծերի ,
Ովքեր  չեն  լսում
Թույլերի  ձայնը ,
Խուլ  են  ձևանում ։
Բայց  եթե  ձգես
Ականջը  նրա ,
Խուլ  չէ  այլևս .
Նույնիսկ  ուլտրաձայն
Կարող  է  լսել ,
Դեռ  չասված  բառեր
Անգամ  կլսի
Իր  խուլ  ականջով ։
Խուլ  է  աշխարհը
Թույլերի  համար...
ԵՎ  նաև  հիշիր՝
Երբեք  ուժեղի
Ականջ  չեն  քաշում .
Քաշողը  ինքն  է ։
Եթե  կարող  ես՝
Դու  էլ  պինդ  ձգիր
Ականջն  աշխարհի ,
Որ  նա  քեզ  լսի ։
Ավաղ՜ ,  լսելու
ՈՒրիշ  ճար  չկա
Այս  խուլ  ու  համր
Աշխարհի  վրա ...
Աշխարհի  կարգ  է՝
Անօրեն  պահին
Ականջ  քաշելը 
Օրենք  է  կարգին ։
 
 15.05.2011
 
 
  ԱՆՏԵՐ     ԵՐԱԶԸ
 
 Մի  անտեր   երազ
Որտեղից   որտեղ
Եկավ   ու   թառեց
Հոգնած   կոպերիս ։
Մի  թաս  գինին  էր
Թե   կարոտը   հին ,
Ձեն   ձենի   տված ,
Պատկերդ   բերին ։
Գիշերվա   երազ –
Հենց   այդ  է , որ  կա ...
ՈՒ  մի  ցավ  իջավ
Կոպերիս   հոգնած...
ԵՎ  տրորում  եմ
Գիշեր  ու  ցերեկ .
Նա  չի  հեռանում։
Փակում  եմ  ,նա  կա ,
Բացում  եմ , նա  կա,
Բայց  ինքը ...    չկա .
Գիշերվա  երազ –
Հենց  այդ  է  , որ  կա ։
ՈՒ  քիչ  է  մնում
Աչքերս   հանեմ ,
ՈՒղարկեմ  նրան ,
Որ  բերի  ինձ  տա ...
        
 2011
 
 
 ՊՈԵՏԻՆ     ԳՐՈՂԸ   ԹՈՂ     ՏԱՆԻ ...
 
Հնձանում   մաճառն   է   եռում .
Ինչ   անուշ   երգում   է   գինին ,
Խաղերով   գավաթն   է   կանչում
Իր   ընկեր   հարբած   պոետին ։
 
Խմում      է     պոետը     արքա  ,
Հոսում   է   գավերով        գինի ,
ՈՒ   մտքում   փերիներն   ինչքան
Երգում   են  , պարում   գեղանի ։
 
Խմում   է , հարբում   պոետը ,
Զարկում   է   ձեռքը   սեղանին ,
Գինովցած   մենակ    պոետը
Չարի   դեմ   գնում   է   մարտի։
 
Աշխարհի     ցավերը       շալակած ՝
Իր  համար   աշխարհում  տեղ   չկա .
ՈՒ  նույնիսկ գավաթն իր շուտ պարպած
Մի     կարգին     լիք   լցնող    էլ      չկա ։
 
Հասկացեք ,   պոետը    հարբեցող
Ձեր   ցավն   է  լոկ  խմում , որ  տանի .
Ամբոխը   ծաղրում   է   բամբասող ՝
«Պոետին   գրողը   թող    տանի  ...»։
 
ՈՒ   մի   օր    կթողնի    հեռանա
Հիվանդ  ,   վիրավոր      պոետը  .
Կթաղեք   ու   կասեք ՝ՈՒր ՞ է  նա ,
Ախ  ուր ՞ է  մեր  անուշ   պոետը ...
 
Կփնտրեք , բայց ,ավաղ,  չեք  գտնի ,
Էլ    չկա     մարգարե      պոետը  ,
Լոկ   դառը      գավաթում   կլինի
 Թասընկեր  ,  հարբեցող   պոետը ...
 
Պոետին   արցունքով   չհիշեք  ,
Պոետին   չասեք՝   Ողորմի   ...
Միշտ   սիրո   կենացով   հիշեք .
Նա   եղել  ,  հիմա   կա ,   կլինի ...  
 
 17.10.2010
 
 
 ՇՈՒՆԸ
 
Շունը   հաչում  է  ,   այդպես   է   ծնվել  ,
Ձագեր   է   պահում  ,   հացի   խնդիր  կա ։
Ոռնում   է ,    ձայնը     գլուխն    է   գցել  ,
Հացը   դեռ   ոչինչ ,  պատվի  խնդիր   կա ։
 
Շուն  իմ , փաղաքուշ  մեզ  ես  ողջունում 
ԵՎ    իբրև   բարև    պարզում   քո   թաթը ,
Բայց  մարդիկ  անսիրտ  դեմքերն  են  շրջում
ԵՎ  օդում    թողնում      մոլորված    թաթը ։
 
...Շունը  շան  թաթը  երբեք  չի   կծում ,
Ոսկոր  չի  խլում    ուրիշի     լափից  ,
Օտար  շան  ձագին  հացից  չի  զրկում ,
Չի  էլ  նեղանում   մարդահաչերից  ։
 
...Հենց  տիրոջ  բակում  քեզ  կրակեցին ,
Ձագերդ   գրկած՝  ոնց   էիր    ոռնում  ,
Քո  տերը    հեգնեց ,  բաժակը   ձեռքին ՝
«Շունը  մի  վերքից  երբեք  չի  սատկում» ։
 
Խեղճ  շուն  , քո  տերը  վրադ  է  հաչում ,
Երբ  իր  սրտով  չէ  քո  կիսատ  քունը ,
Նրա  չար  աչքին  շատ  մեծ  է  թվում
Ցեխի  մեջ  կորած    քո  փայտե  տունը ։
 
Տերդ  հաչում  է ,դու  շան  տեղ  մի  դիր .
Գայլի  ոռնոցով   շան  հացն  է  կտրում ,
Իր  արշինով   է   չափում   դավադիր  ,
Իր  մեղքը  անմեղ  քո  վզին  բարդում ։
 
Ա՜խ,  թե հրաշքով  փոխվեն  դերերը  ՝
Քո  տերը  մտներ  քո  փայտե  բույնը ,
Գուցե  խելքի  գար  քո  անսիրտ  տերը ,
Դու  էլ  փորձեիր  քո  տիրոջ  տունը ...
 
Ճակատագիր  է , այ  շուն ,մ՛ի  տրտմիր ,
Տիրոջ   դավելը   հեչ    քո   բանը     չի ,
Առաջվա     նման    դղյակը    պահիր  ,
Շունը     կհաչի ,    քամին      կփչի ...
 
 2007. հոկտեմբեր
 
 
 
  ԾԵՐ ՇՈՒՆԸ
 
Ծեր  շուն ,  իզուր  ես  հաչում ,  բողոքում ,
Քո  տերը  քո  տեղ  շնիկ  է  բերել ,
Մի  կիսատ  բերան   հաչում ,  գրմռում ...
Քո  տերը  արդեն  քո  փոսն  է  փորել ։
 
Ավելի   լավ    է    օրերդ    վերջին
Գնաս   չոլերը     մենակ  ապրելու ,
Թե    չէ  ամեն    օր   վրադ   կհաչեն ,
Որ  իզուր  տեղը  հաց  ես  ուտելու ։
 
Երբ   մոտենում    էր    տերը   շնիկին ,
Նա  կեղծ  հաչում  էր  պառավ  շան  վրա ,
Տերը   ոսկոր   էր   գցում   շան    թուլին
ՈՒ  մրթմրթում  էր  նա  ծեր  շան  վրա ։
 
Ապերախտ  մարդուց  ծեր  շունը  լալիս
ՈՒ  կախկանձում  էր  իր  բախտի  վրա ,
Կողքից  թուլա  շան  ծիծաղն  էր  գալիս
ԵՎ  զարմանում   էր   իր  խելքի    վրա ։
 
Թուլա     շնիկը ՝     դղյակ      վայելող ,
Շուտ  է    մոռանռւմ    ցեղակիցներին ...
ՈՒ  մորմոքում  էր  շեր  շունը  մեռնող
Ձորերում  հանգչող  բախտակիցներին ։
 
 2010  
 
  
 ՏԻՐԱՄԱՅՐ
 
Տիրամայր ,  քո  գրկում  մեկն  էլ  կար ,
Նա  հայ  էր ՝  լոկ  դավից նույն խաչված ...
Հիսուսին    իր      խաչից     իջեցրին ,
Իսկ  մենք  դեռ նույն խաչին  ենք  գամված ։
 
Հիսուսին  իր    խաչից     իջեցրին .
Լոկ  մի  կին   և   այն  էլ   անառակ ,
Մոտեցավ ,կարեկցեց  Հիսուսին ,
Իսկ  մենք  դեռ  նույն  խաչին  ենք  գամված ...
 
Եվ երբ  մեզ  կիջեցնեն  այդ  խաչից ,
Թող   մի   կին    անառակ     մոտենա ,
Թող    լվա    մեր    վերքը    արյունից ,
Մեզ  համար  նա  նոր  սուրբ  կդառնա ։
 
ԵՎ  մենք  շալակած  կտանենք
Աշխարհի     խաչերը     բոլոր ,
Միայն  թե  փայտերից  հանենք
Արյունոտ      մեխերը      մոլոր ...
 
 06.05.2007
 
 
 ԱՐԱՐԱՏ
 
Մեր   բարուրը   Սարն   է   եղել ,
ՈՒ   քնած   ենք   դեռ   սարի   մեջ ,
Մեր   արյունը   ամպն   է   եղել .
Դեռ   նիրհում   ենք   ամպերի   մեջ ։
 
Սարն   է   քնած   մեր   արյան   մեջ ,
ՈՒ   սարվոր   ենք    ծնված    օրից .
Ինչ   է     կորել    էդ     սարի     մեջ ,
Որ   չենք   գտնում   մանկութ   օրից ։
 
Ձյուն   է   նստում     սարի      գլխին ,
Մենք   մրսում   ենք   ջրից   այս   կողմ .
Ամպ   է    նստում     Սարի       գլխին ,
Մշուշվում     ենք     ջրից   ա յս   կողմ ...
 
Խոր    վիհի   մեջ   Արքան   քնած ՝
Հոր     անեծքը   էլ     չի     հիծում ,
Իսկ   քաջքերից   սարը     զզված ՝
Հրաբուխ     է      լոկ      երազում ...
 
 2007. ապրիլ
 
 
 
   ՀԱՅԻ      ՈՏՔԵՐ
 
Հայի      ոտքեր ՝     թափառական ,
Աշխարհ   չափող   ու   գաղթական ։
Հայի   ոտքեր ՝    այսքան     հոգնած ,
Տանից     խռով ,   բախտից     լքված ։
 
Առեղծված     եք   ու     հանելուկ ,
Հալից   ընկած ,   բայց   նորելուկ ։
Մհերի   ոտք ՝   խրված   հողում ,
Օտար   ոտքեր ՝   ուրիշ   տեղում ։
 
Հայի     ոտքեր ՝    քելքով     անուշ ,
Ճամփեն  ՝քարոտ ,   գետինը ՝   փուշ ։
Բոբիկ     ոտքեր ,   վերքեր     բազում ,
Ոչ   մի     կոշիկ    ձեզ    չի    սազում ։
 
Մի   օր    ե՞րբ   եք   դուք     քայլելու
Մի   ուղղությամբ ՝լոկ   տունդարձի ,
Մի   օր   ե՞րբ   եք     աչք     փակելու՝
Մայրամուտը     առանց       լացի ...
 
13.09.2005
 
 
 
 
ՀԱՅԻ       ՁԵՌՔԵՐ
 
Հայի   ձեռքեր ,   բարի    ձեռքեր ,
Աշխարհ   գրկող   սիրո   երգեր ,
Բռունցք   դարձող ,ափերդ   բաց .
Միշտ   ափեափ    լիքը   ձեռքեր ։
 
Ձեռքեր   բարի ,  ձեռքեր   դողդոջ  ,
Ինչպես   գարնան   բացվող   բողբոջ ,
Սիրո   պես   եք   բացվում ,   ծաղկում
ՈՒ   ջերմացնում   աշխարհը   ողջ ։
 
Ձեռքերից   ձեռք   անցած   ձեռքեր ,
Երգերից   երգ   լցված     ձեռքեր ,
Աշխարհին   շատ   բարև   տված ,
Բայց   անբարև   մենակ   ձեռքեր ։
 
Օտարի   վերք   դարմանող   ձեռք ,
Սերմեր   ցանած՝ բայց առանց բերք ,
Աստծուն     է     բարևն        ախր ,
Բարև   տալու   ծնված   հայ   ձեռք ։
 
                                      03.01.2006
 
 
 
              
 ՔԱՐԱՎԱՆ 
 
 Օտար , ամայի ճամփեքի վրա
 Իմ քարավանը մեղմ կղողանջե ...
 Ավետիք  Իսահակյան
 
Ե՛տ  դառ , քարավան , դու  էլ  մի  գնա
Օտար ,    ամայի     ճամփեքի      վրա ,
Որտեղ  կհոգնես ,  գլուխդ  վար  դիր
Տուն  բերող  ճամփի   քարերի    վրա ։
 
Ե՛տ  դառ,  քարավան ,բավ  է թափառես
Սև      անապատի      ավազի        վրա ,
Մեր  թափառ  հոգին  հերիք  է  մաշես ,
Կարոտը     վառես      ավազի       վրա ։
 
Արի՛ ,քարավան ,  ու  մեղմ  ղողանջիր
Հայրենիք   դարձող   ճամփեքի   վրա ,
Էլ   չես   հոգնելու ,  գլուխդ   մի    դիր
Ժեռ    քարերի    մեջ ,  ավազի    վրա ։
 
Օտար ,    ամայի    ճամփեքի    վրա
Մեր  քարավանը  մեղմ  կղողանջե ...
Հաստատ  իմացիր՝  մայր  հողի  վրա
Քեզ  հայրենիքեն շատ  մարդ կկանչե ։
 
28.08.2006  
  
                                                      
Տերն  է  խաչին  դարձնում  զորավոր
 
Տեր  աստված ,  ու՞ր է մեր  տերը .
Մի՞թե    անտեր    ենք       լրիվ ։
Տեր  աստված ,  ու՞ր  է  քո  սերը ,
Մեր    հոգին    եղել    է     ցրիվ ։
 
Տեր  աստված ,  ո՞վ   է   քո  տերը …
Թե՞  դու  էլ  որբ   ես  մեզ    նման   ։
Մեր  աստված , մե՞նք ենք  քո տերը .
Դե   մենք  էլ   կլռենք   քեզ    նման։
 
Այսպես      լռելով        երկուսով ՝
«Հայր  մեր»–ը  մնջիկ    կասենք ,
Մեզ  տեր  փնտրելու        հույսով ՝
Հավիտյա՜ն ,հավիտյա՜ն  կսպասենք ...
 
23.03.2006        
 
 
ՀԱՅԿԱԿԱՆ    ՍԵՐ
 
Գնա   մեռի ,   արի  սիրեմ  ...
Էլ   ի՞նչ   սիրես ,    էլ   ու՞մ   սիրես ,
Ինչի   համար   կամ  ում   համար ։
Գնա   մեռի ,   արի   սիրեմ .
Այդ   ուշացած   սիրո   տեղակ
Նախընտրում   եմ   ինձ   ատելը ,
Նույնիսկ  մաս – մաս   թրատելը...
Ախր   ինչու՞   ինձ   չսիրես
Իմ   աչքերի   մեջ   նայելով ,
Որ   բիբերս   լույս   ստանան ,
Որ   կոպերս   չծանրանան
ՈՒ   չփակվեն   քո   պատկերով...
Իմ   մեռնելը  հոգ  չէ   անգամ ,
Թե  որ   սիրես   մինչ   մեռնելը։
Էլ   մեռնելս  ինչ  մեծ   բան  է .
Հանգիստ   խղճով   ես   կգնամ ՝
Քեզ   թողնելով   սերս   նվեր ...
Գնա   մեռի ,   արի   սիրեմ .
Էլ   ի՞նչ   սիրես ,   էլ   ու՞մ   սիրես ,
Ինչի   համար  կամ   ում   համար ։
Տեսնես   մի   օր   խելքի   կգա՞ս ,
Թե   պարտադիր   պիտի   մեռնեմ ՝
Հայավարի   դու   ինձ   սիրես ...
 9.10.2005
 
 
 
 
 Ների՛ր, մայրիկ, ների՛ր...
 
Ների՛ր, մայրիկ, ների՛ր
Այն ճերմակի համար,
Որ տվեցի ես քեզ։
Աչքերդ փակ՝ ների՛ր
Գիշերների համար,
 Որոնց աչք չես փակել։
Ների՛ր, անխոս ներիր
Այն խոսքերի համար,
Որոնք քեզ չեմ ասել։
Ների՛ր, Անմեղ, ների՛ր
Այն մեղքերիս համար,
Որ քեզ ցավ են բերել։
Ների՛ր, ձեռաց ների՛ր
 Իմ ձեռքերի համար,
Որ քեզ քիչ են գրկել։
ԵՎ ոտքերի համար,
Որ աշխարհ են շրջել,
Քեզ մոտ ուշ են եկել։
Աշխարհներից հոգնած՝
Քո աշխարհը կգամ,
Որ ինձ անվերջ ներես։
Ներողամիտ եղիր,
Որ քեզ վերջին նվեր՝
Բերելու եմ մեծ քար
ՈՒ այդ քարին պիտի
Մեծ տառերով գրեմ՝
Ների՛ր, մայրիկ, ների՛ր...
 
 
 
 
Շա՜տ   եմ   ցանկանում
 
Ես չկամեցա
Սիրո փոթորկի
Կապերը քանդել,
Որ չհրդեհվենք,
Որ չմոխրանանք,
Բայց ես հասկացա,
Որ այդ փոթորկի
Քամիները տաք
Վաղուց շրջում են
Քո ճամփաներին։
Քառասուն տարի
Ես քեզ չեմ տեսել,
Բայց քեզ տեսնում եմ
Ամեն առավոտ,
Երբ օրն է զարթնում
Սիրո բարուրում,
Ես քեզ տեսնում եմ
Ամեն երեկո,
Երբ օրն է գնում
Մի քիչ ննջելու,
Ես քեզ չեմ տեսել,
ՈՒ չեմ կամենում
Սիրո փոթորկի
Կապերը քանդել,
Որ չմոխրանա
Հեքիաթը սիրո։
Ես չեմ կամենում,
Բայց ցանկանում եմ,
Շա՜տ եմ ցանկանում՝
Գոնե մեկ անգամ
Տաք քամիների
Կապերը քանդենք,
Իսկ փոթորիկը,
Հանուն հեքիաթի,
Թող մնա կապած...
 
2013.հունվար
 
 
Ես    չգիտեմ                                
                
Ես    չգիտեմ , հեչ    չգիտեմ ՝
Քանի   կյանք  է հերիքելու
Մի    մեծ , շատ    մեծ  սիրո  համար ։ 
Բա յց  դե  գիտեմ,  հաստատ  գիտեմ .
Որ  մի    կյանքը    չի      բավելու
Մի  մեծ, շատ  մեծ  սիրո  համար   ...                                                                                                                                                                            
 2006թ.
 
       
        ՍԻՐՈ      ԾԱՂԻԿ
Սիրո  ծաղիկ,  ուր  ես  աճում,
Սարի  լանջին ,  ձորի  մեջ ,
Գետի  ափին, թե  քարերում ,
Թե  իմ  վառվող  սրտի  մեջ ։   
                                                  
Սիրո  ծաղիկ, սիրուն  ծաղիկ,
Դու  լույս  կրակ  սրտիս  մեջ.
Մի  քիչ  ժպիտ ,մի  քիչ  տաղիկ ,
Թաքուն  արցունք  աչքիս  մեջ ։
 
Քանի  սիրտ  է  քեզնով  վառվել
ՈՒ  անթեղվել  մոխրի  մեջ ,
Քանի  ժպիտ  կրակ  դառել
ՈՒ տաղ  դարձել  երգի  մեջ ։
 
Սիրո  ծաղիկ ,ուր  ես  աճում ,
Սարի  լանջին ,ձորի  մեջ ,
Գետի  ափին ,թե՝  քարերում ,
Թե  իմ  վառվող  սրտի  մեջ ։
                                   
 2006թ.   
    
 
             Հեքիաթ                                                    
 
Օրօրիր ,  գիշեր  իմ ,  օրօրիր ,
Պատմիր  ինձ ոսկեծամ  հեքիաթներ ,
Երկարիր , գիշեր  իմ ,  երկարիր ,
Երկնքից  ցած  իջեք  լուսաստղեր ։
 
Հեքիաթը  թող  ձգվի  անսահման ,
Երկնքից  թող  թափվեն  խնձորներ ,
Թող  ջուրն  ու  առուն  համրանան ,
Դե  երգեք ,  իմ  անուշ  ծղրիդներ ։
 
ԵՎ  անվերջ  թող  ձգվի  գիշերը ,
Հեքիաթի  հերոսներ  մենք  դառնանք ,
Թող  ճախրեն ,թող  ճախրեն  հուշերը ,
Հեքիաթի  թևերին  մենք  մնանք ։
 
 2008թ.  
 
 
   Մեր  ցավերի  ցավը  տանենք
                      
  Ի՞նչ  է  սերը .
ՈՒղեղի  սուր
Մի  ծանր  ցա՞վ ,
Սրտի  նոպա՞ ։
Ես  չգիտեմ ,
Բայց  դե  գիտեմ ,
Որ  գլուխս
Սուր  ցավում  է ,
Իսկ  իմ  սիրտը՝
Շատ  ավելի ։
Չե,  դրանցից
Պրծում  չկա ։
Հիվանդ  եմ  ես ,
Հիվանդ  ես  դու ,
Նրանք՝  նույնպես։
Ու  երբ  մեռնենք ,
Այդ  ցավերը
Մեզ  հետ  երբեք
Չեն  մեռնելու  ։
Ցավատեր  ենք
Մենք  մնալու
Մեռնելուց  ետ ...
Մեզ  մնում  է
Մեր  ցավերի
Ցավը  տանենք ։
Իսկ  ով  չունի
Այդ  ցավերից ,
Անցավ  պիտի
Մեռնի  գնա ,
Անհետ  կորչի,
Բան  չմնա ...
 2006թ.…

 

Հովհաննես Երանյան / Պատմվածքներ

22.10.2014 00:34

Հովհաննես Գրիգորի Երանյանը ծնվ. 1963թ. մայիսի 7-ին, Արարատի մարզի Դարակերտ գջուղում:
1990-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: Աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում: Հեղինակել է հայ մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի տասնյակ փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ: Թատերագիտական, գրականագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ է տպագրել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում: Հրատարակել է վեց արձակ ժողովածու` «Միակ ոտնահետք» (1999), «Զինադադար» (2005), «Մարդահամար» (2008), «Ամենագեղեցիկ հարվածը» (2010), «Ողորմություն Ֆրոսյային» (2013) և «Այլ ոտնահետքեր» (2013): Վերջինը արժանացել է Ռուսաստանի հայերի միության սահմանած` «Հայը 21-րդ դարում» մրցանակին` լավագույն վեպ անվանակարգում: Երանյանի պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, վրացերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով: 
 
______________________________

Խաբուսիկ օրը

 
   Մեկ տարին բոլորած տղեկը կանգնեց դռան շեմին, դուրս եկավ բակ, զարմացած նայեց պայծառ արևին, պստիկ թաթիկով փակեց աչքերը, ըհը-ըհը` փորձեց լաց լինել, բայց լրջորեն մտադիր չէր, նորից նայեց շուրջը, զմայլվեց շրջապատով, ասես առաջին անգամ էր տեսնում լույս աշխարհը ու մի քանի քայլ առաջ գնաց: Մանկան բարձր տրամադրությունը հուշում էր, որ առաջին անգամ ինքնուրույն բակ էր դուրս եկել: Փնտրեց մորը, չգտավ, ըհը-ըհը` նորից փորձեց լաց լինել, բայց փոշմանեց ու էլի առաջ գնաց:
   Կովն  անսպասելի բառաչեց, երեխան շրջվեց ու տեսավ գետնին պառկած մորը: Մի անգամ էլ փորձեց լալ, բայց մոր մոտիկ ներկայությունը բերկրալից էր, և երեխան քայլեց այդ կողմ: Հասավ, փռվեց մոր կողքին, սկսեց քաշքշել: Հետո նկատեց կաթով լիքը դույլը, ձեռքը մտցրեց մեջը և հանելով` լպստեց մատները: Նորից շրջվեց մոր կողմ ու ձեռքի սովոր շարժումով բարակ զգեստի տակից դուրս գցեց նրա կուրծքը, հարմար տեղավորվեց ու բերանն առնելով պտուկը` աշխարհի ամենաազնիվ գործին անցավ: Երբ արդեն կշտացել էր, նորից անցավ դույլին, հաջողեց ոսկեգույն գլուխը խոթել մեջը:
   Հետո կաթոտ ձեռքերով մի քիչ էլ մորը քաշքշեց: Տղային դուր չեկան կովի պոչից մոր շրթունքներին անցնող, հետո իր քթին նստող ճանճերը, գոռաց նրանց վրա և բարկությունից սկսեց թաթիկներով չմփչմփացնել կաթով դույլի մեջ: Գոլ կաթը առատորեն ցայտում էր դույլից, թրջեց կնոջ բաց մնացած կուրծքն ու պարանոցը և խառնվելով արյանը` դարձավ գորշ դարչնագույն: Կովը գլուխը շրջեց, նայեց տղայի չափազանց լուրջ դեմքին ու նորից բառաչեց, բայց երեխան այնքան էր տարված իր գործով, որ ուշադրության չարժանացրեց, այլ շարունակեց չմփչմփացնել: Նա մի քիչ էլ խաղաց մերթ մոր կրծքի, մերթ կաթի դույլի հետ, հետո հոգնեց դրանից և ձեռքերը գետնին հպելով` ոտքի ելավ, մի քանի քայլ արեց, շրջվեց, նայեց մորը, մի անգամ էլ ձայնեց նրան, բայց այս անգամ էլ պատասխան չստանալով` առաջ գնաց: Բակից դուրս եկավ և ձեռքերն առաջ պարզած` արագացրեց քայլերը:
   Օրը տաք էր, բայց շոգ չէր, արևը շողում էր, բայց չէր այրում: Երկնքում ոչ գորշ ամպ կար, ոչ խավար կետ, որոտի, ամպրոպի, կայծակի ոչ մի դավ: Մաքուր էր, անբիծ, ինչպես ինքը` մանկության հուշը: Խաղաղությունը  կատարյալ էր: Երեխան մորեմերկ քայլում էր կանաչ խոտի վրա: Նա էլ, ինչպես ամեն երեխա, ծնվել էր աշխարհը փրկելու համար, և աշխարհն այդ օրը փրկված էր: Օրն անմեղ էր, մարդը` նույնպես: Ոչ ոք չէր մահացել, բոլոր մարդիկ անմահ էին: Մահ չկար:
   Փարթամ խոտը դժվարացնում էր քայլելը, բայց երեխան չէր կռահում դուրս գալ տրորված, պնդացած հողե ճանապարհ: Մեկ-երկու անգամ նստելու նման ընկավ, հերթապահ թնկթնկոցներն արձակեց և հետույքը տնկելով ու թաթիկներով գետնից հրվելով` ոտքի ելավ: Մի քիչ էլ քայլեց, շրջվեց, նայեց տան կողմն ու ձայնեց.
   -Մաաա:
   Մի փոքր սպասեց, երևի պատասխան էր ակնկալում, և չստանալով` շրջվեց ու շարունակեց ճանապարհը: Հասավ առվին, ոտքը առաջ պարզեց` մեջը մտնելու: Առուն մեծ չէր, բայց արագահոս էր և կքշեր, կտաներ տղային, բայց քանի որ մահ չկար այդ օրը, փոշմանեց ու հետ քաշեց ոտքը: Ջրի կարկաչը միզելու ցանկություն առաջացրեց, ու երեխան սովորության համաձայն պպզեց, բայց խոտը ծակծկեց հետույքը, և նա ոտքի ելնելով` առաջին անգամ իր կյանքում միզեց տղամարդավարի` կանգնած: Հրճվեց` տեսնելով, թե ինչպես են խառնվում իր և առվակի ջրերը: Տղան ուզում էր երկար շարունակել խաղը, ձեռքերը ուժ տալու պես թափահարում էր, հիշեց ու կրկնեց  նման դեպքերի մոր հորդորը`  ՛՛լու-լու-լու՛՛, բայց ոչինչ չօգնեց: Խորը խոնարհվեց` տեսնելու, թե ինչու իրենից այլևս ջուր չի գալիս, և այս անգամ էլ գլխի վրա էր առուն ընկնելու, եթե օրն ուրիշ լիներ: Ձեռքը մի պստլիկ քարի դիպավ, վերցրեց ու նետեց առվի մեջ: Ջրի ճլթոցից այնքան մեծ բավականություն ստացավ, որ կարկաչեց խաղընկերոջ` առվի պես ու մատը տնկեց առաջացած օղակի վրա: Երկար ժամանակ քար էր փնտրում խոտի մեջ: Գտավ: Մեծ էր, չկարողացավ մեկ ձեռքով վերցնել, բարձրացրեց երկու ձեռքով ու ամբողջ մարմնով առաջ մղվելով` շրմփացրեց առվի մեջ: Ջրի մի մեծ շիթ թրջեց տղայի կաթոտ կուրծքն ու գլուխը: Նա առաջին անգամ վախեցավ ջուրն ընկնելուց, շրջվեց ու արագ նահանջեց: Բայց չգնաց տան կողմ, այլ թեքվեց ու քայլեց առվին զուգահեռ: Հետո ուղիղ էր գնում, իսկ առուն լքեց նրան ու գնաց խեղդվելու ծովի մեջ: Տղան հետզհետե ավելի վարժ էր քայլում, ավելի հազվադեպ էր ընկնում և զգալով այդ` հրճվանքով արագացնում էր ընթացքը: Մոտեցավ խաչմերուկին, որտեղից բաժանվող ճանապարհներից մեկը, շրջանցելով հանրային անասնագոմը, նորից  գյուղ էր մտնում մյուս ծայրից, իսկ երկրորդը տանում էր դեպի հարևան գյուղ, որն արդեն երկու տարի էր, ինչ ուրիշ երկրում էր: Տղեկը հասավ խաչմերուկին, առանց մի պահ կանգ առնելու, ասես գիտեր թե ուր է գնում, բռնեց երկրորդ ճանապարհը և քայլեց դեպի պատերազմի ճակատային գիծը:
   Փոշոտ ճանապարհի վրա իր մարմնի նախշերը թողնելով, անցավ լխպոր օձը: Տղան փորձեց բռնել, կռացած մի քանի քայլ արեց հետևից, բայց գյուրզան անհետացավ խոտերի մեջ: Ուղղվելով` տղան մի անգամ էլ շրջվեց, նայեց գյուղի կողմը, բայց հասակը թույլ չտվեց խոտերից բացի որևէ բան նկատել: Մի քիչ քայլելուց հետո նստեց ու խաղալու ոչինչ չգտնելով` խոտն էր պոկոտում, շպրտում օդ: Նա բարկացավ իր վրա թափվող խոտի մնացորդի վրա, մի քիչ էլ խաղաց և հոգնած կողքի թեքվեց ու քնեց:
   Երբ արթնացավ, օրն արդեն մոտենում էր ավարտին: Արևը հասցրել էր կարմրացնել երեխայի` իրեն պարզած կողմը: Մանկիկն սկսեց թնկթնկալ, իսկ քիչ անց, տնից դուրս գալուց հետո առաջին անգամ` լաց լինել: Լալիս էր, որովհետև սոված էր: Երկար լաց եղավ, կանչեց ՛՛մա-մա՛՛, ու հասկացավ, որ իրեն  լսող չի լինելու, վեր կացավ ու էլի առաջ գնաց: Եվ էլի քայլեց գյուղից հեռացող ճանապարհով: Աննկատ անցավ պահակակետերը: Մտավ ականապատված դաշտ: Այնտեղ ռումբերից բացված խորը փոսեր կային և հարյուրավոր ականներ: Տղան քայլում էր նրանց միջով: Ուղիղ գնում էր դեպի տասը մետր հեռավորության վրա տեղադրված երկու ականներն իրար կապող լարը, որը գետնից երկու թզաչափ բարձրության վրա էր և խոտերի մեջ` աննկատ: Տղան կանգնեց կես մետր հեռավորությամբ: Կանգնեց, տրորեց փորիկը, մի քանի պտույտ արեց տեղում և հուսահատությունից ճչաց: Էլի նստեց և արդեն լաց լաց լինելու ուժ չունենալով` միայն սնկրտում էր: Դեմքը հողոտ էր, մարմինը կարմրել էր արևից և կանաչել խոտերին քսվելուց: Նա էլի քնեց, բայց այս անգամ քնեց ուշակորույս: Մթնելուց հետո օդն սկսեց ցրտել, բայց մանչուկը ոչինչ չէր զգում:
   Գիշերվա մի պահի` կեսգիշերից քիչ անց, մի կենդանի հայտնվեց մոտակայքում: Բորենի էր, որ շրջում էր ականապատված դաշտում կեր հայթայթելու համար: Մարդու, որևէ կենդանու, կամ էլ հենց իր տեսակի դիակը, լեշն այստեղ արդեն երկար ժամանակ անպակաս էր: Գիշակերը նախ հեռվից տնտղեց որսը, մի քանի պտույտ գործեց` համոզվելու համար, որ իրեն վտանգ չի սպառնում, հետո սկսեց զգուշորեն մոտենալ և, երբ յոթ-ութ քայլ էր մնում, որ հասներ երեխային, դեմ առավ ականների բարակ լարին ու ձգեց: Գիշերվա խաղաղության մեջ երկու ականների միաժամանակյա պայթյունը որոտաց երկնքով մեկ և տարածվեց, հասավ հեռուները: Գազանը ցիրուցան եղավ դաշտում: Ալիքն առավ երեխայի մարմինը ու տարավ հեռու: Ռազմագծի երկու կողմում էլ իրար անցան, ու թեպետ այդպիսի պայթյունները հազվադեպ չէին, այնուամենայնիվ, ամեն անգամ կողմերը հաշված րոպեների ընթացքում պատրաստվում էին դիմավորել թշնամուն: Շուրջ կես տարի էր, որ դադարել էին մարտական գործողությունները, զինադադար էր կնքվել, բայց հաշտությունը խախուտ էր, որովհետև երկու կողմի նշանառուները սպասում էին հարևան գյուղերի բնակիչներին կամ պարեկող զինվորներին` սադրելով պատերազմի վերսկսումը: Լույսը բացվելուց առաջ  շների ու շնագայլերի ոռնոցն ու կաղկանձը լցրեց մութը: Իսկ երբ սկսեցին նշմարվել բնությունն ու աշխարհը, լռեցին, և առավոտն էլի պայծառ էր ու խաղաղ: Արդեն երկու շաբաթ էր, որ ականազերծմանը լծված  եվրոպացի մասնագետները` սակրավորները, աշխատում էին երկու կողմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ և մաքրում տարածքը: Գործում էին զգույշ ու դանդաղ, և եթե օրվա ընթացքում մեկ երկու ական էին վնասազերծում, աշխատանքը համարում էին արդյունավետ: Գործը շատ էր, տարածքը` ընդարձակ ու ականառատ:
   Օրվա կեսին սակրավորների շունն անսպասելի սկսեց հաչել, բայց չփորձեց քայլ իսկ անել առանց տերերի թույլտվության: Բոլորը քարացան և լարված նայեցին շուրջները: Շունը նրանց կանգնեցրեց բորենու գլխի մոտ, ավելի հեռվում սակրավորները նկատեցին գազանի մարմնի մասերը նույնպես, բայց այն, ինչ տեսան մի փոքր ավելի ուշ` ցնցեց բոլորին, և ամեն մեկին թվաց, թե պատկերն անիրական է, տեսիլք, ցնորք: Դաշտով դանդաղ ու երերալով անցնում էր մի մերկ երեխա: Ուրվական լինելու համար նա շատ էր գեղեցիկ:
   -Ալլահ,Ալլահ,-շշնջաց զինվորականն ու ծնկի եկավ:
   Երեխան բաց ու խուփ էր անում բերանը, լաց էր լինում, բայց ոչ մի ձայն չէր կարողանում արձակել:
   -Այ քեզ բան,-շշնջաց մյուս զինվորականը,- մեզա քեզ,Տեր Աստված:
   Տղան մի քանի քայլ էլ արեց, ճոճվեց ու ընկավ: Բարձրահասակ գերմանուհին այլևս անկարող եղավ մնալ տեղում ու արհամարհելով ականապատված տարածքում տեղաշարժվելու կանոնները` նետվեց դեպի երեխան: Հասավ, գրկեց ու արցունքները կաթեցրեց երեխայի փոշոտ, մրոտ ու ճաքճքված մարմնին: Փորձեց, բաըց չկարողացավ մտաբերել, թե երբ է վերջին անգամ արտասվել: Նրանց մոտ վազեցին առաքելության մյուս անդամներն էլ: Երեխայի բերանը ջուր կաթեցրին, հետո`  թերմոսի քաղցր թեյից, բայց վերադարձնել երեխայի գիտակցությունը չէր հաջողվում:
   ՛՛Եթե նա ապրի, ես այլևս երբեք չեմ բաժանվի նրանից: Ես այլևս թքած կունենամ այս վտանգավոր գործի վրա, որովհետև Աստված ինձ  ապրելու նպատակ պարգևեց: Միայն թե նա բացի աչքերը, միայն թե մի ծպտուն հանի, միայն թե չմեռնի՛՛:
   -Պետք է նրան շտապ հիվանդանոց հասցնել,-ասաց գերմանացի սակրավորը:
   Օդում կախված մնաց որ կողմ տանելու հարցը:
   -Երկնքից է իջել էս երեխան,-ասաց մի կողմի սպան,- Ալլահն է ուղարկել, մերն է:
   -Երկնքից է իջել, թե գետնի տակից ծլել` մերն է,-ասաց մյուս կողմի զինվորականը:
   Նա բռնեց երեխայի թևից, շրջեց իր կողմ ու զվարթացած գոչեց.
   -Ձերոնցից որ լիներ, թլփատված կլիներ,նայիր:
   Գերմանուհին կոպտորեն հեռացրեց զինվորականի ձեռքը:
   -Մենք նրան կտանենք մեզ հետ,-ասաց նա ու կրծքին սեղմեց երեխային:
   Նույնը պնդեցին մնացած եվրոպացիները, իսկ նրանց գրասենյակը գտնվում էր մարտական գծի հակառակ կողմում: Այլ փաստարկ, բացի մանկան անթլփատությունից` քրիստոնյա սպան չուներ, ուստի մի փոքր ընդդիմանալուց հետո զիջեց, որովհետև չգիտեր էլ, թե, ի վերջո, ինչ է անելու երեխային:
   Գերմանուհին երկու օր ու գիշեր չհեռացավ մանկան հիվանդանոցային մահճակալից, մինչև որ նա բացեց աչքերն ու շշնջաց. ՛՛մա-մա՛՛, ու թաթիկը տանելով գերմանուհու կրծքին` սկսեց տնտղել: Կինը կաթով լցված շշի ծծակը շտապ դրեց մանկան բերանը, բայց երեխան լեզվով մի կողմ հրեց ու կառչելով երեխայի պարանոցից` փորձեց բերանն առնել նրա կուրծքը: Կինն արձակեց կոճակներն ու թույլ տվեց: Երեխան մի քանի վայրկյան անօգուտ ճիգ թափեց և հասկացավ, որ բերանը ոչինչ չի ընկնելու, սկսեց թնկթնկալ ու ճանկռոտել կնոջ կուրծքը: Գերմանուհին մի անգամ էլ կաթով շիշը դրեց տղայի բերանը: Նա այս անգամ սկսեց ծծել կաթը, և կնոջ հոգին պռնկեպռունկ բերկրանքով լցվեց իր համար անսովոր մանկական ՛՛հաում-հաում՛՛-ից:
   Քանի դեռ երեխան կիսամեռ էր, նրա մասին լուրը տարածվել էր մոտակա գյուղերում: Այդ կողմերում ոչ ոք երեխա չէր կորցրել, բայց և այնպես երկու օրվա ընթացքում շատ մարդիկ եկան Ալլահի հրաշքը տեսնելու: Եղան նաև երեխային սեփականել փորձողներ` կվաճառեին ծնողներին, կամ կփոխանակեին գերի ընկած հարազատի հետ: Գերմանուհին վճռական էր տրամադրված և կարողացավ մանկանն իր մոտ պահել: Նրա համար երբեք կարևոր չէին եղել մարդու ազգությունը կամ կրոնը, բայց չէր հասկանում, թե ինչու է ուրախ, որ երեխան մահմեդական կողմից  չէ:
   Ուրեմն մեծ էր հավանականությունը, որ նա ականապատ դաշտում հայտնվել էր սահմանի հակառակ կողմից: ՛՛Իսկ եթե չէ՞, եթե այնտե՞ղ էլ չգտնեմ ծնողներին՛՛,- մտածեց, միայն մի պահ սիրտը թրթռաց ուրախությունից, բայց հաջորդ իսկ պահին կծկվեց անանուն երկյուղից.՛՛Գուցե իսկապե՞ս տղայի հայտնությունը երկնքից է, աստվածային հրաշք է՛՛: Շտապեց ինքն իրենից վանել միստիկ ահը.
   -Այո, այնքանով է աստվածային, որ կանխորոշեց իմ ճակատագիրը, և ես այլևս չեմ բաժանվի նրանից,-արտասանեց թեպետ շշուկով, բայց այնքան հաստատակամ, որ թվաց, թե զրուցակից ունի:
   Տղային գտնելու հինգերորդ օրը գերմանուհին նրան տարավ ճակատային գծի հակառակ կողմը: Մանկանը ճանաչեցին հարևանները և թարգմանչի միջոցով պատմեցին, թե մորը սպանել են նրան առևանգելու համար:
   -Որտե՞ղ է հայրը,-հարցրեց գերմանուհին` երեխային ավելի ամուր կրծքին սեղմելով:
   Թարգմանիչը երեք անգամ կրկնեց հարցը, բայց հավաքվածները ոչ մի կերպ չարձագանքեցին, բացի գլուխները կախելուց: Գերմանուհին մեծ դժվարությամբ կարողացավ հնչեցնել երեխային իրեն զիջելու առաջարկը և այս անգամ մանկանն այնքան ամուր սեղմեց կրծքին, որ տղեկն սկսեց ցավից լաց լինել: Հավաքվածներն էլի որևէ կերպ չարձագանքեցին, բացի գլուխներն ավելի խորը կախելուց: Պետք էր շտապ մեկնել մայրաքաղաք` որդեգրման գործը գլուխ բերելու: Երբ տղային իջեցրեց գրկից, ոտքերը թուլացան, զգաց, որ այլևս իր անբաժանելի մասնիկն է թողնում օտար մարդկանց մեջ: Երեխան էլ չէր ուզում բաժանվել, գրկից պոկ չէր գալիս և հավաքվածներին նայում էր վախեցած ու թշնամաբար: Սակայն, մեկ շաբաթն էլ բավական էր, որ մինչ կնոջ վերադարձը այնքան մոռանար նրան, այնպես խորթանար, որ նույնիսկ շոկոլադը չէր ուզում ձեռքից վերցնել ու ճչում էր, հենց որ կինը փորձում էր գրկել: Գերմանուհին հուսահատության մեջ էր,իսկ  տղայի հորեղբայրն այդ պահին կծոտում էր շրթունքներն ու մտածում, թե դեռ ամեն ինչ վճռված չէ: Գերմանուհին ճչացող տղայի հետ հեռանալուց առաջ սեղանին փողի մի տրցակ դրեց ու դյուսելդորֆյան իր հասցեն: Նկատելով դրամը` հորեղբայրը թեքվեց դեպի թարգմանիչն ու գոռաց.
   -Ասա, թող վերցնի իր փողը, մենք մանկավաճառ չենք:
   Հարևաններից մեկը ոգևորված այս պոռթկումից , ինքն էլ բորբոքվեց.
   -Գիտե՞ք, թե մենք ինչքան երեխա ենք կորցրել, հազար, տասը հազար, հարյուր հազար, միլիոն: Գիտե՞ք:
   Թարգմանիչը ծպտուն չէր հանում: Հավաքվածներն սկսեցին խրատել ու հանգստացնել դժգոհներին:
   ՛՛Էհ, թող գնա, գուցե երջանիկ լինի, գուցե մեծ մարդ դառնա: Ի՞նչ կա այստեղ բացի տառապանքից՛՛,-շշնջաց հորեղբայրը, բայց իրենց ցեղական անկամությունից ընկճված դուրս թռավ բակ ու սկսեց հեկեկալ:
   Իսկ որդեգիրն այդ պահին մտածում էր, որ ճիշտ կլինի կորցնել իր հետքերը: ՛՛Չէ՞ որ վաղուց ես երազում հասատվել Կանադայում, հիմա ճիշտ ժամանակն է՛՛:
   Երեք օր անց տղան իր նոր մայրիկի հետ ինքնաթիռով կտրում էր օվկիանոսը: Իր որբության գաղտնիքն անտեր թողած` գնում էր անազգ, պատմության դեմ անքեն, անվրեժ բարեկեցիկների ծովում կորսվելու` ինչպես իր խաղընկեր առվակը:
   Դուրս էր եկել մեկ տարեկան երեխան, տնից մորեմերկ դուրս էր եկել ու գնում էր տեսնելու, թե ինչ կա աշխարհում: Իսկ օրն այնքան պայծառ էր ու խաբուսիկ: Օրը մանկան պես անմեղ էր ձևանում, և թվում էր, թե մահ չկա, թե Ադամից հետո աշխարհ եկած որևէ մեկը չի կորչելու:
______________________
 
ՆՈՐ ՏԱ­ՐԻ
 
“Sovet... post Sovet” շար­քից
 
Արևի տակ եր­կար ըն­կած մնա­լուց դեղ­նած թեր­թի մեջ փա­թա­թե­լով թու­թու­նի ծու­խը և ներս քաշ­ե­լով թո­քե­րը, հայրն ասաց.
 
- Ամե­նա­կարևորն էն ա, որ Նոր տար­վա հա­մար պարտք չա­նենք:
 
Նա ծեր էր ու իմաս­տուն, և տղան վս­տահ էր, որ հայ­րը չի սխալ­վում, թեև չգի­տեր, թե ին­չու է հոր հա­մար անա­սե­լի դժ­վար Նոր տար­ուն որևէ ազ­գա­կա­նից պարտք ու­զե­լը, չէ՞ որ մի քա­նի ամ­սից փո­ղը վե­րա­դարձ­նում էին, սա­կայն պարտ­քով արած Նոր տա­րի­նե­րին հայ­րը տրա­մադ­րու­թյուն չէր ու­նե­նում, չէր խմում, ու բո­լոր չորս զա­վակ­ներն էլ զգում էին, որ այդ­պի­սի Նոր-­տա­րի­նե­րի նրա ու­րա­խու­թյունն ար­հես­տա­կան է` ուշ տա­րի­քում ու­նե­ցած իր զա­վակ­նե­րին սե­փա­կան նեղսր­տա­ծու­թյունն ու տրտ­մու­թյու­նը չփո­խան­ցե­լու ջանք:
 
- Ի՞նչ կա ֆուտ­բո­լի մեջ: Գն­դակ տշե­լը քեզ հաց չի տա:
 
- Մի խաղ էր մնա­ցել,- չա­ռար­կեց տղան, պար­զա­պես տե­ղե­կաց­րեց,- թե հաղ­թե­ինք` ամեն մեկս եր­կու ձեռք գիտ­րի, տրու­սիկ- մայ­կա էինք նվեր ստա­նա­լու: Լա­վա­գույ­ննե­րին բու­ցի էլ կտան: Իմ մայ­կա­յի վրա ինը հա­մար էր գրած լի­նե­լու, անունս, մեկ էլ մեր ազ­գա­նու­նը:
 
Հայ­րը մի պահ երկմ­տեց, ռու­սե­րեն տա­ռե­րով իր եզա­կի ազ­գա­նու­նը որ­դու շա­պի­կին շա­տե­րի ուշ­ադ­րու­թյան առար­կա դառ­նա­լու հե­ռան­կա­րը քիչ մնաց հրա­պու­րեր այն­քան, որ թույլ տա որ­դուն հան­րա­յին դաշ­տում աշ­խա­տան­քից բա­ցա­կա­յել, բայց մի ան­գամ էլ թեր­թի ծու­խը քաշ­եց թո­քերն ու ասաց.
 
- Տրու­սիկ-­մայ­կից ավե­լի կարևորը առանց պարտ­քի Նոր-­տա­րի մտ­նելն ա:
 
- Թե հաղ­թե­ինք, մենք էինք գնա­լու Սևանի սպոր­տա­յին ճամ­բար, բայց մի՛ մտա­ծի, պապ, առանց ինձ էլ կհաղ­թեն:
 
- Էդ ճամ­բարն էլ մի բան չի, ոչ էլ կար­գին կե­րակ­րում են: Այ Նոր տա­րին ու­րիշ` ինչ ասես առ­նում ես: Էլ ման­դա­րին, էլ պո­պոք ու լի­մո­նադ: Ճամ­բա­րում ջրիկ ճաշ­ից բա­ցի բան չեն տա­լիս:
 
- Ըն­կեր Սեյ­րանն ասեց, թե էս ան­գամ էլ խա­ղին չգ­նա­ցի, թի­մից կհե­ռաց­նի:
 
- Վայ ես դրա մաս­սաբն անի­ծեմ, բա մի խա­ղի պատ­ճա­ռով ավա­գին թի­մից կհե­ռաց­նե՞ն: Չի անի: Դու ամե­նա­լավ խա­ղա­ցողն ես, խն­ձո­րա­նո­ցում բո­լո­րը քո մա­սին էին խո­սում: Առանց քեզ, ի՞նչ թիմ: Հե­ռաց­րեց էլ` գլու­խը քա­րը: Ավե­լի շատ գիրք կկար­դաս: Գիր­քը ֆուտ­բո­լից շատ ես, չէ,՞ սի­րում,- ասաց:
 
- Հա,- պա­տաս­խա­նեց տղան,- բայց նա­յած` ինչ գիրք: Ճամ­բարն ու ջրիկ ճաշ­ը հեչ` բա­ցի ինձ­նից, դա­սա­րա­նի բո­լոր տղեր­քը Սևանը տե­սել են: Աղ­ջիկ­նե­րից էլ կան: Եսիմ, երևի ոչ էլ տե­սել են, գլուխ են գո­վում, հը՞ պապ:
 
- Հա, բա ի՞նչ: Դրանց մեծ մա­սը փչում ա: Գյու­ղից քթ­նե­րը կյան­քում դուրս չեն հա­նել: Մենք գո­նե տա­րին էր­կու ան­գամ Էջ­մի­ա­ծին ենք գնում: Երևան, հոր­քու­րիդ տուն էլ հո ամի­սը մեկ­-եր­կու գնում ենք: Դրա­նից էլ լավ ման գա՞լ: Էդ Սևանում էն­քան մարդ ա խեղդ­վում:
 
- Սևանի մա­սին բա­նաս­տեղ­ծու­թյունս պա­տի թեր­թում տպել են: Իրանց ասել եմ, թե տե­սել եմ, նս­տել ափին ու գրել: Ամա­չում եմ, որ սուտ եմ խո­սա­ցել, բայց ոչինչ, չէ՞ պապ, երա­զում միշտ տես­նում եմ, հե­րիք ա էլի, չէ՞:
 
- Եթե տպել են, ու­րեմն լավ ես գրել, որ չտես­նե­իր, ո՞նց լավ կգ­րե­իր: Մար­դու միտքն ու սիրտն էլ աչ­քեր ու­նեն: Մարդ կա հա­զար ան­գամ էլ տես­նի, չի ճա­նա­չի, չի հաս­կա­նա, մարդ էլ կա առանց տես­նել գի­տի: Քո հո­րեղ­բայրը հենց այդ տե­սակ մարդ էր: Դու նրան ես քաշ­ել:
 
- Ես քեզ եմ ու­զում քաշ­եմ, քո նման եմ ու­զում լի­նեմ, բայց քո պես ամաչ­կոտ չեմ լի­նի: Մե­նակ հարգ­ված ու Աստ­ծուն հա­վա­տա­ցող:
 
- Սուս, քու­ռակ,- ասաց հայրն ու վա­խե­ցած շուրջ­բո­լո­րը նա­յեց:
 
- Պա՛պ, պա՛պ, մի րո­պե, պա՛պ: Նոր ի՞նչ ասիր: Ասիր, մարդ կա առանց տես­նե­լու էլ ճա­նա­չու՞մ ա: Սպա­սի, գա­լիս եմ, պապ,- ասաց տղան, տե­ղից վեր թռավ ու քա­մու պես սու­րա­լով բա­կից տուն մտավ: Մինչ հայ­րը «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան» թեր­թից նո­րից մի կտոր պո­կեց ու թու­թուն լց­րեց մե­ջը, տղան էլի վազ­քով ետ եկավ, բա­ցեց սր­բի­չի մեջ փա­թա­թած գր­քի էջն ու կար­դաց.»Դուք տե­սաք ու չճա­նա­չե­ցիք: Երա­նի նրանց, ով­քեր առանց տես­նե­լու կհա­վա­տան»:
 
- Ծած­կիր, շուտ ծած­կիր գիր­քը,- բար­կա­ցած, բայց շշու­կով ասաց հայրն ու էլի չորս կող­մը նա­յեց:
 
Փո­ղո­ցում ոչ ոք չկար: Դեռ չէր մթ­նել, բայց օրն էլ ար­դեն ծե­րա­ցել էր ու շու­տով կա­վարտ­վեր:
 
- Որ­տե­ղի՞ց ես գտել, ին­չի՞ ես ձեռք տվել, լա­կոտ,- հայ­րը գնա­լով ավե­լի էր բար­կա­նում, իսկ տղան ափ­սո­սում էր, որ իրենց հազ­վա­դեպ սր­տա­կից զրույցն էլ չի շա­րու­նակ­վի: Գիշ­եր­նե­րը հո­րը չէր տես­նում. նա դաշ­տում գիշ­ե­րա­յին պա­հակ էր: Լույ­սը բաց­վում էր, թե չէ` ջր­վո­րու­թյուն էր անում: Կե­սօ­րից հե­տո, բա­հը ու­սին գա­լիս էր տուն ու մի քա­նի ժամ քնում, երե­կո­յան նո­րից գնում էր պա­հա­կու­թյան: Մայ­րա­մու­տին նա­խոր­դող մի քա­նի ժամն էր, որ ըն­տա­նիքն ամ­բող­ջա­նում էր: Ավագ եղ­բայ­րը Երևանի պա­լի­տեխ­նի­կի դա­սից էր եկած լի­նում, ին­քը, մայ­րը, քույրն ու կրտ­սեր եղ­բայ­րը` դաշ­տից:
 
- Շուտ տար, տե­ղը դիր,- դարձ­յալ բար­կա­ցած ասաց հայ­րը:
 
Քույ­րը, որ երե­խա­նե­րից ավագն էր, շու­տով կո­մու­նիստ էր դառ­նա­լու, կու­սակ­ցու­թյան ան­դամ: Հայ­րը վեր­ջին մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում եր­կու ան­գամ մեր­ժել էր գյու­ղա­ցի­նե­րին` սար­կա­վա­գի եր­գե­ցո­ղու­թյամբ մի­ա­նալ թաղ­ման ծես կա­տա­րող Էջ­մի­ած­նից եկած քա­հա­նա­յին, որով­հետև դրա պատ­ճա­ռով մի ան­գամ ար­դեն քրոջ դի­մու­մը չէ­ին մա­կագ­րել…
 
 
Գիշ­ե­րը կարճ անձրև էր եկել, բայց այդ­քանն էլ բա­վա­կան էր, որ լու­սա­բա­ցին, դաշ­տը թաց լի­ներ: Կա­ղամ­բի ամեն պոկ­ված տերևից անձրևահա­տիկ­ներ էին թափ­վում ոտ­քե­րին, մեկ-­մեկ էլ կա­նաչ, կա­ղամ­բի գույ­նի որ­դեր: Քա­նի դեռ մե­քե­նա­նե­րը չէ­ին եկել, դպ­րո­ցա­կան տղա­ներն էլ աղ­ջիկ­նե­րի ու կա­նանց հետ պո­կում էին հայ­րե­րի` դա­նա­կով կտր­ված կա­ղամբ­նե­րի թփերն ու կույտ անում: Վա­ղուց շալ­վա­րի փող­քերն ու կոշ­իկ­նե­րը ջրի մեջ կո­րել էին: Բայց դա ավե­լի վատ չէր, քան մեկ­-եր­կու ժա­մից սպաս­վող շոգն ու այ­րող, մոխ­րաց­նող արևը: Ժա­մը ու­թին երևաց առա­ջին բեռ­նա­տա­րը և տղա­մար­դիկ, կա­նայք ու աղ­ջիկ­նե­րը շա­րու­նա­կե­ցին իրենց գոր­ծը, իսկ տղեկ­նե­րը սկ­սե­ցին բեռ­նել կա­ղամ­բը: Նրան­ցից եր­կու­սը մե­քե­նա­յի թափ­քին էին, մնա­ցա­ծը ներքևից նրանց էին նե­տում մեծ ու փոքր կա­ղամբ­նե­րը: Ին­քը գե­րա­դա­սում էր լի­նել վերևում, որով­հետև թեև դժ­վար էր որ­սալ չորս հո­գու նե­տա­ծը, բայց իր հա­մար ավե­լի ծանր էր կա­ղամ­բի խոշ­որ գլուխ­նե­րը շպրտել մե­քե­նա­յի բարձր կո­ղե­րից վեր, որ­պե­սի հաս­նի որ­սա­ցող­նե­րին: Ամեն ան­գամ, երբ կա­նաչ կլոր գլու­խը դիպ­չում էր բեռ­նա­տա­րի բոր­տին ու ետ շպրտ­վում, գոր­ծըն­կեր­նե­րի մեջ հռհ­ռոց էր բռնկ­վում: Թույլ չտ­վե­ցին, որ երկ­րորդ մե­քե­նա­յի վրա էլ բարձ­րա­նա: Ու­րիշ­նե­րը ելան: Թար­սի պես ոչ մի փոքր գլուխ, բո­լո­րը մեծ էին ու ծանր: Ին­քը չէր հիշ­ում, թե ամա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րի քա­նի օրն է դաշ­տում աշ­խա­տել, ինչ գնով էլ լի­ներ, պի­տի հաս­ներ յո­թա­նա­սու­նի, որ ձմ­ռա­նը պարգևատ­րում ստա­նար, որին մե­ծե­րը տո­կոս էին կո­չում: Հաս­տատ գի­տեր, որ հու­նի­սին քիչ օր է աշ­խա­տել, որով­հետև հի­վան­դա­ցել էր, ֆուտ­բո­լի պա­րապ­մուն­քից քրտ­նած, բե­րա­նը դրել էր հո­սող սառ­նո­րակ ջրի ծո­րա­կին ու հինգ րո­պե մոր կա­թի պես ծծել, ան­համ­բեր թի­մա­կից­նե­րի ծա­րա­ված հեր­թի դժ­գոհ փնթփն­թոց­նե­րը բա­նի տեղ չդ­նե­լով: Գիշ­ե­րը տա­քու­թյու­նը քա­ռա­սուն էր, կո­կորդն այր­վում էր, խեղ­դում: Մայրն անընդ­հատ կո­կոր­դին ձե­թով ձվա­ծեղ էր կա­պում, մաք­րում նշիկ­նե­րը կե­րո­սի­նով, որից նրա սիր­տը խառ­նում էր, որձ­կում էր ուշ­ագնա­ցու­թյան չափ: Մեկ շա­բաթ այդ­պես կորց­րեց: Երեք ան­գամ էլ ֆուտ­բո­լի պատ­ճա­ռով բա­ցա­կա­յեց: Լավ էր, որ կի­սա­եզ­րա­փա­կի­չը կի­րա­կի էր: Հու­լի­սի կեսն էր: Եթե ամ­բողջ օգոս­տո­սը աշ­­խա­տեր, մի կերպ գու­ցե լրաց­ներ յո­թա­նա­սու­նը: Կի­րա­կի­նե­րը հա­նած` հա­զիվ էլ դզ­վեր: Էլի մեկ-եր­կու բա­ցա­կա­յու­թյուն ու Նոր-­տար­վա պո­պո­քը հուն­վա­րի հին­գին կվեր­ջա­նար, ման­դա­րինն ու նա­րինջն` ավե­լի շուտ: Հա­ջո­ղեց եր­րորդ մե­քե­նա­յի վրա էլի ին­քը բարձ­րա­նալ:
 
Երբ,- «Վերջ, հե­րիք է, մե­քե­նաս բեզ­ռազ­մեր չի, անիվ­ներս ճա­նա­պար­հին կտ­րա­քեն»,-գո­ռաց երե­խա­նե­րի վրա բեռ­նա­տա­րի վա­րորդ Կոր­յու­նը, իսկ բրի­գա­դա­վա­րը պն­դեց, որ շար­քի վեր­ջին կույտն էլ բար­ձեն, փոքր, բայց ծանր մի կա­ղամբ թա­փով դի­պավ ճա­կա­տին ու նրան շուռ տվեց մե­քե­նա­յի կո­ղից, գցեց գե­տին: Ին­քը կռա­ցած փոր­ձում էր մեկ այլ կա­ղամբ որ­սալ, ձեռ­քերն զբաղ­ված էին, նկա­տեց դե­պի իրեն սու­րա­ցող կա­նաչ գուն­դը, բայց չհասց­րեց պաշտ­պան­վել: Հաս­տատ գի­տեր, թե ով է խփո­ղը: Պա­հը լավ էր որ­սա­ցել: Մեկ­-եր­կու ան­գամ տե­սել էր, թե ոնց է նշա­նա­ռում ու­րիշ­նե­րին: Աղ­ջիկ թե տղա ուշ­ագ­նաց եղան ծի­ծա­ղից: Կրտ­սեր եղ­բայ­րը, ում տա­րի­քի պատ­ճա­ռով թույլ չէ­ին տա­լիս մե­քե­նա բար­ձել, այլ հանձ­նա­րա­րել էին բա­ժա­կով կա­թի բի­տո­նից ջուր հասց­նել ծա­րավ­նե­րին ու մեկ էլ լո­լի­կի արկ­ղե­րի թու­լա­ցած մե­խերն ամ­րաց­նել, վա­զեց հա­սավ Մնո­յին, ձեռ­քը բարձ­րաց­րեց ու մուր­ճով պի­տի խփեր ու­ղիղ գլ­խին, բայց բռունց­քի հար­ված կե­րավ դեմ­քին ու մի կողմ շպրտ­վեց: Հար­ձակ­ման եր­կրորդ փորձն էլ ձա­խող­վեց, իսկ դրա­նից հե­տո մայ­րե­րը իրար խառն­ված մի­ջամ­տե­ցին, ամեն մե­կը մի ապ­տակ տվեց իր որ­դուն և անեծք ու հայ­հո­յանք` իրար: Կրտ­սե­րը սնկր­տում էր անօգ­նա­կան ըն­կած եղ­բո­րը նա­յե­լով: Նա ըն­դա­մե­նը ինը տա­րե­կան էր: Երե­կո­յան հր­դեհ­վեց Մնո­յենց խո­տի դե­զը, բայց ոչ աչ­քե­րի տակ կապ­տեց­նե­լով, ոչ էլ շր­թուն­քը պատ­ռե­լով նրան չկա­րո­ղա­ցան խոս­տո­վա­նեց­նել, թե ինքն է հր­ձի­գը: Իսկ տղան ըն­կել էր մե­քե­նա­յից ու դժ­վա­րա­նում էր ոտ­քի կանգ­նել: Նա սար­սա­փում էր մտքից, որ ոտ­քը վնաս­վել է, ու կա­րող է բա­ցա­կա­յել: Տխ­րում էր նաև ֆուտ­բո­լի հա­մար: Երբ Կոր­յու­նի մե­քե­նան շարժ­վեց, ինքն ար­դեն ոտ­քի վրա էր, և եր­ջա­նիկ զգաց, որ օղա­կա­վար Ռու­բոն, թեև դեռ հա­ցի ժամ չէր, բայց քա­նի որ հա­ջորդ մե­քե­նան ուշ­ա­ցել էր, ճաշ­ի ընդ­մի­ջում հայ­տա­րա­րեց: Ըն­տա­նիք­նե­րը, մի քա­նի տեղ նաև հարևան­նե­րը, խմբ­վե­ցին, բա­ցե­ցին հա­ցի բոխ­չա­նե­րը, պա­նիր, ձու, խաշ­ած կար­տո­ֆիլ շա­րե­ցին խո­տին փռած «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան­նե­րի» վրա: Տղա­մար­դիկ օղի էլ ու­նե­ին: Լո­լիկն ու վա­րուն­գը դաշ­տից էր:
 
Հայ­րը, որ կնոջ բարձր ձայնն էր լսել, ու նրա հաս­ցե­ին` անեծ­քը, ջու­րը դրել էր կար­տո­ֆի­լի մար­գե­րի վրա, ու բահն ու­սին դան­դա­ղա­քայլ մո­տե­նում էր: Նա առա­ջին հեր­թին իր կնո­ջը սաս­տեց, հե­տո ծուն­կի եկավ, տնտղեց տղա­յի ոտ­քը.
 
- Բան չկա,-հու­սադ­րեց,- ցավ ա առել, մերդ տաք ջուր կդ­նի, լվաց­քի սև սա­պո­նով կտ­րո­րի` մինչև վա­ղը կանց­նի:
 
Բայց մինչ նոր մե­քե­նա­յի հայտն­վելն ու նա­խա­ճաշ­ի ավար­տը, տղա­յի ոտ­քը կո­ճի մոտ ու­ռեց, և ցա­վը գնա­լով ու­ժե­ղա­նում էր: Աշ­խա­տան­քա­յին օր­վա ավար­տին դեռ երեք ժամ կար: Բրի­գա­դիր Յու­րի­կը գնաց տն­տե­սու­թյան գրա­սեն­յակ` իմա­նա­լու, թե էլի քա­նի մե­քե­նա են պա­հան­ջում կա­ղամբ բեռ­նել և քա­նի տոն­նա են մթե­րել մինչև կե­սօր: Տղա­յի հայ­րը նրան խնդ­րեց իմա­նալ, թե ստույգ քա­նի օր է աշ­խա­տել իր որ­դին ամառ­վա ըն­թաց­քում ու դեռ քա­նի օր պի­տի գա գոր­ծի, որ տո­կոս ստա­նա: Տղան մեր­ժեց մոր խնդ­րան­քով, բրի­գա­դա­վա­րի թույլտ­վու­թյու­նը, որ մի­ա­նա աղ­ջիկ­նե­րին ու կա­ղամ­բի ծակծկ­ված, ավե­լորդ թփե­րը մաք­րի: Նա աշ­խա­տում էր կա­տա­ղո­րեն, ոչ մի գլուխ մե­քե­նա­յի թափ­քին չդի­պավ: Որ­սա­ցող­նե­րը դժ­վա­րու­թյամբ էին բռ­նում նրա նե­տած­նե­րը: Մե­կը պա­տա­հա­բար կպավ Մնո­յի կրծ­քին, ու բո­լորն սկ­սե­ցին աղմ­կել` կար­ծե­լով, թե վրեժ է լու­ծում ճա­կա­տին ստա­ցած հար­վա­ծի հա­մար: Երբ գնդ­լիկ Յու­րի­կը կա­ղամ­բի նման գլոր­վե­լով եկավ, հա­սավ` հայրն ար­դեն գնա­ցել էր ջրի գլուխ: Մայ­րը շտ­կեց կո­րա­ցած մեջքն ու հարց­րեց:
 
- Հը՞, Յու­րիկ,- բայց ղե­կա­վա­րը նախ գլու­խը տմբտմ­բաց­րեց, հե­տո որո­վայ­նից եթե­րում սփռ­վող խռխ­ռո­ցով ասաց.
 
- Ոչ մի ազատ օր, կի­րա­կի­նե­րից եր­կուսն էլ պի­տի աշ­խա­տի, որ յո­թա­նա­սուն օրը թա­մամ­վի:
 
Մոր` սև օճա­ռով տաք ջրում տրո­րե­լը փոքր­-ինչ մեղ­մեց ոտ­քի ցա­վը, բայց մինչ հոր պա­հա­կու­թյան գնալն էլի ուռ­չեց ու ցավն ան­տա­նե­լի դար­ձավ:
 
- Առա­վո­տը դաշտ չգաս,- ասաց հայ­րը բահն ու­սին դնե­լով: Վա­ղը խա­ղո­ղի այ­գի եմ ջրում, եր­կար է ջր­վում, ջու­րը կկա­պեմ խա­ղո­ղի վրա, մինչև լց­վի՝ քո տե­ղը մե­քե­նա կբար­ձեմ: Յու­րի­կին կա­սեմ` կհա­մա­ձայ­նի:
 
- Քո­ռա­նամ ես, էլ հո­գի բե­րան չմ­նաց մեջդ,- շշն­ջաց ծե­րա­ցող, բայց ամուս­նուց քսան տա­րի երի­տա­սարդ մայ­րը:
 
Տղան վայր­կե­նա­պես պատ­կե­րաց­րեց հո­րը կա­ղամ­բի մեքե­նա­յի վրա, իր երես առած հա­սա­կա­կից­նե­րի հետ, իսկ Մնոն ներքևից նշան էր բռ­նում, որ խփի հոր գլ­խին:
 
- Չէ, ես գոր­ծի եմ գա­լու, դրա էղածն ի՞նչ ա որ, նս­տած տե­ղից էլ կբար­ձեմ,- լաց եղավ տղան:
 
- Մի տզ­զա, քու­ռակ, մե­ծին մի՛ հա­կա­ճա­ռի,- վճ­ռա­կան ասաց հայրն ու գնաց:
 
- Եկեք, ես գնամ վա­ղը,- ասաց պո­լի­տեխ­նիկ­ցի ավա­գը,- մի օր բա­ցա­կա­յե­լու հա­մար ոչ մի պա­տիժ չկա:
 
- Հորդ չե՞ս ճա­նա­չում, թե մի օր բա­ցա­կա­յե­ցիր` մի ամիս մեր քթից կբե­րի, էն­քան կան­հանգս­տա­նա: Համ էլ իրա խոս­քը խոսք ա, ո՞նց գե­տին գցենք:
 
Առա­վոտ­յան տղան սո­վո­րա­կա­նից ուշ արթ­նա­ցավ: Ոտ­քի ցա­վը չթո­ղեց, որ հան­գիստ քնի: Մի­այն լու­սա­դե­մին մեղմ­վեց, և նա քուն մտ­նե­լով, չի­մա­ցավ էլ, թե ինչ­պես ժա­մը վե­ցին տնե­ցի­նե­րը գնա­ցին գոր­ծի: Երբ աչ­քե­րը բա­ցեց, ավագ եղ­բո­րը տե­սավ, որ շտա­պում էր հաս­նել մայ­րա­քա­ղաք մեկ­նող ավ­տո­բու­սին, ու հաս­կա­ցավ, որ ար­դեն ութն է: Ոտ­քը զգուշ­ո­րեն դրեց գետ­նին, հեն­վեց` ոչ մի ցավ: Մի քիչ դե­սու­դեն քայ­լեց, հա­մոզ­վեց, որ ոտ­քը լրիվ առողջ է, թեյ­նի­կը դրեց գա­զին ու մինչ կե­ռար` լվաց­վեց բա­կում կախ­ված լվա­ցա­րա­նից: Թե­յը խմե­լիս հաս­տատ որոշ­եց, որ դաշտ է գնա­լու: Հայ­րը չի բար­կա­նա, կու­րա­խա­նա, որ ինքն առողջ է ու ոտ­քի վրա: Մինչև ընդ­մի­ջում դեռ եր­կու ժամ կար: Շոգ օրն ու ծանր գոր­ծը դեռ առջևում էին, ու Յու­րի­կը չէր կա­րող իրեն մե­ղադ­րել, թե օր­վա կե­սից է գոր­ծի գա­լիս: Վճ­ռեց ու տա­նից ար­դեն դուրս էր գա­լիս, որ դե­մը մար­զիչ Սեյ­րա­նը ելավ:
 
- Դաշ­տից եմ գա­լիս, գնա­ցի հորդ ու բրի­գա­դի­րին խնդ­րեմ, որ քեզ թող­նեն խա­ղին: Ախր, որ մի քա­նի ամիս առաջ ասած լի­նե­իր, թե չես գա­լու` փո­խա­րի­նող կգտ­նե­ինք: Հի­մա ես ո՞նց անեմ: Ամ­բողջ խա­ղը քո արա­գու­թյան վրա եմ կա­ռու­ցել: Նա­յիր, չնե­ղա­նաս, թե չե­կար` էլ պա­րապ­մուն­քի երես չես տես­նի, թի­մից կհե­ռաց­նեմ: Ոտքդ բա­ցիր` տես­նեմ. ասա­ցին ցա­վեց­րել ես:
 
- Ան­ցել ա,- ասաց տղան,- գիշ­ե­րը շատ էր ցա­վում, բայց հի­մա բան չեմ զգում:
 
- Դաշ­տում, որ ասին, թե ոտքդ ու­ռել ա` ասի հնա­րել ես, որ պատ­ժից պրծ­նես: Տասն­մե­կին խաղն սկս­վում ա, տա­սին ֆուտ­բո­լի դաշ­տում լի­նես: ֆուտ­բո­լի, հաս­կա­ցա՞ր, ոչ թե Ցմ­փոր Յու­րի­կի: Ֆի­նալն ա, հաս­կա­ցիր: Ես գնա­ցի: Չե­կար` էդ կող­մե­րը էլ չերևաս:
 
Երբ մար­զի­չը հե­ռա­ցավ, տղան մտավ ծնող­նե­րի փոք­րիկ նն­ջա­րա­նը, որ­պես զգես­տա­պա­հա­րան ծա­ռա­յող սպաս­քի հին դա­րակ­նե­րից հա­նեց սր­բի­չով փա­թաթ­ված, թաքց­ված գիրքն ու մեկն­վեց նրանց մահ­ճա­կա­լին:
 
«Փի­լի­պոսն ասաց նրան. «Տեր, Հո­րը մեզ ցույց տուր, և այդ բա­վա­կան է մեզ»,- կար­դաց տղան նա­խա­պես նշան արած էջը բա­ցե­լով,- «Հի­սուս նրան ասաց. «Այս­քան ժա­մա­նակ ձեզ հետ եմ Փի­լի­պոս, և ինձ չճա­նա­չե­ցի՞ր. ով ինձ տե­սավ, տե­սավ Հո­րը, իսկ դու ինչ­պե՞ս ես ասում, թե` Հո­րը մեզ ցույց տուր: Չե՞ս հա­վա­տում, որ ես Հոր մեջ եմ, և Հայ­րը` իմ մեջ: Այն խոս­քե­րը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձ­նից չեմ խո­սում, այլ Հայ­րը, որ բնակ­վում է իմ մեջ»:
 
Տղան այն­քան էլ չհաս­կա­ցավ կար­դա­ցա­ծը, բայց շա­րու­նա­կեց ըն­թեր­ցել, իսկ քիչ անց, երբ մահ­ճա­կա­լի ծայ­րին ճկ­վե­լով կա­րո­ղա­ցավ նն­ջա­սեն­յա­կի բաց դռ­նից մի­ջանց­քի ժա­մա­ցույ­ցին նա­յել, տե­սավ, որ ար­դեն տասն­մե­կից քա­ռորդ է պա­կաս: Գիր­քը նո­րից զգուշ­ո­րեն փա­թա­թեց սր­բի­չի մեջ, պա­հեց նույն տե­ղում և վերց­նե­լով մար­զա­հա­գուս­տի գու­նա­վոր ցե­լո­ֆա­նե տոպ­րա­կը, դուրս թռավ: Երբ տեղ հա­սավ, թի­մերն ար­դեն պատ­րաստ­վում էին խա­ղա­դաշտ մտ­նել: Ըն­կեր­նե­րը ոգևոր­ված վզովն ըն­կան, մի­այն Զո­րի­կը հոն­քե­րը կի­տեց` գի­տեր, որ մի­այն նրա բա­ցա­կա­յու­թյամբ կա­րող է թի­մի հիմ­նա­կան կազ­մում տեղ ու­նե­նալ: Մր­ցա­վար­նե­րը մեր­ժե­ցին մար­զիչ Սեյ­րա­նի խնդ­րան­քը, որ մի քա­նի րո­պե հե­տաձ­գեն խա­ղը, մինչև իր թի­մի ավա­գը մար­զա­հա­գուստ կհագ­նի: Խաղն սկ­սե­լուց չորս րո­պե անց Սեյ­րա­նը փո­խա­րի­նում կա­տա­րեց: Զո­րի­կը չկա­րո­ղա­ցավ թաքց­նել նվաս­տաց­ման ար­ցունք­նե­րը և ընդ­միշտ մո­ռա­ցավ ֆուտ­բո­լի մա­սին, իսկ Ար­կա­դի­կը սի­րով զի­ջեց ավա­գի թևկա­պը: Հինգ րո­պե էլ չէր ան­ցել, որ իր ետևից հաս­նել չկա­րո­ղա­ցող հա­կա­ռա­կոր­դը ու­ժեղ հար­վա­ծեց աջ ոտ­քի կո­ճին: Ցա­վը շամփ­րեց ոտ­քը, և ծա­կո­ցը մինչև սիր­տը հա­սավ: Նա ըն­կավ, բայց դեռ տաք էր ու վայրկ­յան­ներ անց նո­րից գրո­հում էր, ետևում թող­նե­լով մր­ցակ­ցի պաշտ­պան­նե­րին: Ընդ­մի­ջու­մից հե­տո դաշտ մտավ կա­ղա­լով: Մի կերպ էր ոտ­քի վրա մնում: Նա վա­զում էր, ու տես­նում, թե ինչ­պես է հայ­րը ան­հո­գի տա­րե­կից­նե­րի հետ կա­ղամբ նե­տում բեռ­նա­տա­րը: Մի­այն թե Մնոն նշա­նա­ռու­թյան տակ չառ­նի հո­րը,- մտա­ծում էր նա` ցա­վը լռեց­նե­լով առաջ սու­րա­լիս: «Տեր Աստ­ված ջան, էդ դեպ­քում ինձ պի­տի նե­րես: Չեմ ու­զում, բայց ստիպ­ված կլի­նեմ մարդ սպա­նել»:
 
Հար­վա­ծը շեղ ստաց­վեց:
 
- Քոռ հո չե՞ս, այ տղա,- լս­վեց Սեյ­րա­նի ձայ­նը,- չորս մետ­րից չկա­րո­ղա­ցավ խփել, ավա­գի՜ս տե­սեք:
 
«Մի­այն թե հերս անվ­նաս տուն գա»,- մտա­ծում էր ու ատամ­նե­րը կրճ­տաց­նե­լով դի­մա­նում ցա­վին:
 
Կոր­յու­նի մե­քե­նան դաշ­տում խա­փան­վել էր: Ստիպ­ված էին կա­ղամբ­նե­րը մե­քե­նա­յից մե­քե­նա նե­տել: Ծե­րու­նին դպ­րո­ցա­կան­նե­րի թա­փին չէր դի­մա­նում, բայց չէր էլ ու­զում ետ մնալ նրան­ցից: Սա­կայն մի պահ կո­ղի ծա­կոցն այն­քան ու­ժե­ղա­ցավ, որ մտա­ծեց, թե գու­ցե ար­ժի գո­նե կնոջն ասել հի­վան­դու­թյան մա­սին:
 
Տղան հաս­կա­ցել էր, որ ար­դեն արա­գու­թյամբ չի կա­րող վճ­ռել խա­ղի ել­քը, փոր­ձում էր խո­րա­մանկ փո­խան­ցում­նե­րով խա­ղըն­կեր­նե­րին մեն-­մե­նակ դուրս բե­րել հա­կա­ռա­կոր­դի դար­պա­սա­պա­հի դի­մաց, բայց աջ ոտ­քի ցա­վը թույլ չէր տա­լիս գն­դա­կը ճշգ­րիտ հաս­ցե­ով տեղ հասց­նել: Խաղի ավար­տին հինգ-­վեց րո­պե էր մնում: Նա մի ան­գամ էլ փոր­ձեց դաշ­տի կենտ­րո­նից գն­դա­կը բարձ­րից կա­խել դար­պա­սի մոտ, հույ­սով, որ ըն­կեր­նե­րից մե­կը կկա­րո­ղա­նա մր­ցա­կից­նե­րից բարձր ցատ­կել, բայց փո­խան­ցու­մը շատ բարձր ստաց­վեց: Մար­զիչ Սեյ­րա­նը հասց­րեց ճչալ. «Տո, էն ոչ­խար­նե­րի մեջ ուր ա գլ­խով խա­ղա­ցող, որ»…, բայց խոս­քը կի­սատ մնաց: Տղան էլ ձեռ­քը հասց­րել էր թափ տալ ու շրջ­վել, հու­սա­հատ ետ էր գնում իր թի­մի պաշտ­պան­նե­րին օգ­նե­լու, բայց հենց այդ վայրկ­յա­նին ու­րա­խու­թյան ճի­չեր ու զվարթ գոչ­յուն­ներ լսեց: «Գոլ, գոլ»,- գո­ռում էին թե՛ խա­ղըն­կեր­նե­րը, թե՛ հա­մագ­յու­ղա­ցի ու հարևան բնա­կա­վայ­րե­րից խա­ղը դի­տե­լու եկած պա­րապ-­սա­րապ ֆուտ­բո­լա­սեր­նե­րը: Մինչև կշրջ­վեր տես­նե­լու, թե ինչ է կա­տար­վել, ըն­կեր­նե­րը թռան ու­սե­րին, գե­տին տա­պա­լե­ցին:
 
- Ապ­րես, ախ­պերս,- կող­քին ըն­կած շշն­ջաց Ար­կա­դի­կը,- չվա­խես, ես քեզ հե­ծա­նի­վովս տուն կտա­նեմ, գի­տեմ, որ չես կա­րո­ղա­նում քայ­լես:
 
Հայ­րը սր­բեց ճա­կա­տի քր­տին­քը, մի ան­գամ էլ խո­րը շունչ քաշ­եց ու տրո­րեց կո­ղը, բայց եր­կինք նա­յե­լով տե­սավ, թե ինչ­պես գն­դա­կը գնաց-գ­նաց, պի­տի դար­պա­սից շատ մեծ բարձ­րու­թյամբ անց­ներ, բայց մի պահ օդում կանգ առավ, կտ­րուկ փո­խեց շարժ­ման ուղ­ղու­թյունն ու մխրճ­վեց դար­պա­սում:
 
- Գոլ, գոլ, մեռ­նեմ ոտ­քիդ… գոլ,- գո­ռաց բո­լո­րի հա­մար անս­պա­սե­լի,- տե­սա՞ք տղես ինչ գոլ խփեց:
 
- Մի քիչ հանգս­տա­ցի, բի­ձա, անք­նու­թյու­նից ու հոգ­նա­ծու­թյու­նից խելքդ գցում ես,- ասաց Յու­րի­կը խռ­պոտ քրք­ջա­լով:
 
Կողն ավե­լի ու­ժեղ սկ­սեց ծա­կել, բայց մտ­քա­փոխ­վեց: Ինչ հի­վան­դու­թյուն, ինչ բան: Ին­չի՞ հա­մար մար­դու բան ասել, թե­կուզ` կնո­ջը: Տղան գոլ ա խփել: Իր վա­ղա­մե­ռիկ եղ­բոր անունն ու իրենց ազ­գա­նու­նը ռու­սե­րե­նով կգ­րեն որ­դու շա­պի­կին, եղ­բոր անու­նը կրող իր որ­դին առանց Սևանը տես­նե­լու էն­պի­սի բա­նաս­տեղ­ծու­թյուն ա գրում, որ կար­ծում են, թե տե­սել ա, աղ­ջի­կը պար­տի­ա­կան կդա­ռ­նա, թե բախ­տը բե­րի՝ մի օր էս ցմփո­րը նրան են­թա­կա կաշ­խա­տի, ավա­գը ին­ժե­նե­րու­թյու­նը գե­րա­զան­ցիկ է սո­վո­րում, փոք­րը քրոջ ու եղ­բայր­նե­րի հա­մար աշ­խար­հը շուռ կտա, ճար­պիկ ա ու վախ ասած բա­նը չգի­տի ինչ ա : Էս ու­րա­խու­թյուն­նե­րի առաջ լյար­դի հի­վան­դու­թյունն ինչ կա­րա անի, քաղց­կեղն ո՞ւմ շունն ա էս հպար­տու­թյան հա­մե­մատ: Ասաց, չէ՞, բժիշ­կը երեք ամիս առաջ. «Թե չխ­մես` եր­կու-­ե­րեք տա­րի կապ­րես»:
Ու­րեմն դեռ եր­կու-­ե­րեք Նոր-­տա­րի ու Սուրբ Ծն­ունդ կա առջևում: Լի սե­ղա­նով, զվարթ, խն­դուն, հյու­րա­ռատ Նոր-­տա­րի: Պարտ­քով թե առանց պարտ­քի` ի՞նչ տար­բե­րու­թյուն:
_________________________

Այրված սարեր

Առաջ էլ միշտ նկուղը ջուր էր լցվում, բայց իսկույն դույլերով դուրս էին թափում, որովհետև այնտեղ պահելու բան կար: Պահելու բան լիներ, տանտիրոջ ծերությունը՝ հեչ. թեև ձեռքերի դողն ամեն գործ անհարմար էր դարձնում, բայց դժվար կյանքի երկարատև փորձը դեռևս ուժ էր նշանակում, անգործ չմնալու սովորույթ ու առօրյա: Վերջին մի քանի տարում նկուղն, այնուամենայնիվ, դեպքից դեպք էր մաքրվել, ջուրը մնացել, նեխել էր, գարշահոտն անցել պատերին, և հայր ու աղջիկ հյուր կանչելուց առաջ զուր տանջվեցին երկու օր:
Խնջույքը դեռ չէր սկսվել, երբ գյուղական տան բակում շարած սեղանների ծայրին նարդի խաղացողներից մեկը բացականչեց.
-Նայեք, նայեք, էդ ի՞նչ ա:
Հավաքվածները շրջվեցին, նայեցին լեռանն ու համրացան: Լռության մեջ նրանք վախ էին կուլ տալիս, մինչ մեկը կեղծ անտարբերությամբ ասաց.
-Տո հեչ, է, ամերիկյան ռազմական բազայի լույսերն են:
-Չէ,-առարկեց տանտերերի հարևանը,-բազան ավելի աջ ա ու ավելի բարձր:
-Թռչող օբյեկտ ա երևի,-ասաց ռազմաբազայի վարկախն առաջ քաշած կեղծ անտարբերը:
Սա էլ հեշտությամբ ժխտվեց. Սարի կրծքին օղակ դարձած նշանն արագորեն փոփոխվում էր, մեծացնում պարագիծը, կարցնում կլորությունը, տձևանում:
-Չլինի՞ թուրքերը մեր սարն են պայթեցրել,-տարբերակ առաջարկեց մայրաքաղաքից եկած լրագրողը:
-Ադ մեկ բանն ունինք հավերժ անփոփոխ,- ասաց ջահել սփյուռքահայը:
-Դրա համար էլ պայթեցնում են,-վարկածին հավանություն տվեց տանտիրոջ փեսաներից մեկը:
-Չէ, ջանմ, ի՞նչ պայթեցում, հրաբուխ է անշուշտ,-քննարկմանը միացավ տարեց սփյուռքահայը:
Այս մեկն էլ փորձեցին հերքել.
-Միլիոն տարվա հանգած հրաբուխ է:
-Ոչ մեկ նշանակություն ունի,- առարկեց տարեցը,- ինչ ալ ըսես՝ կպատահի, բոլոր քնածներն ալ օր մը կարթնանան, հանգածները՝ կբռնկին, մեռածները՝ հարություբ կառնին:
Չվիճեցին՝ գեղեցիկ էր: Սկսեցին քննարկել, թե հրաբխի լավան սովորաբար ինչքան է դեմն եկածը լափելով առաջ գնում, որքան է սարի ու գյուղի միջև եղած հեռավորությունը: Տանտիրոջ ավագ փեսայի՝ խնջույքն սկսելու հրավերով՝ տեղավորվեցին սեղանների շուրջը, բայց հայացքներն էլի լեռան կողմն էի, և ողջ երեկոյի ընթացքում տեսնելով ծավալվող կրակե օղակը՝ ներբորբոքում էին կուլ տված վախը: Լրագրողը պտտվեց սեղանի շուրջն ու ասաց. ՛«Ինչի՞ մուսուլմանների պես նստեցիք՝ առանձին-առանձին: Ես, օրինակ, ուզում եմ կնոջս կողքը նստել»: Կանայք իրենց մեջ տեղ բացեցին նրա համար, իսկ միջնեկ փեսան իր կրտսեր քենակալի ականջին շշնջաց.
-Էդ ղզիկը վերջը ծեծա ուտելու, նարդու մեջ էլ հարամություն էր անում:
Վազվզող երեխաներն անընդհատ բաց էին թողնում նկուղի դուռը, և այնտեղից գարշահոտ էր տարածվում: Ծեր տանտերը մի քանի անգամ վեր կացավ, գնաց փակեց ու սաստեց երեխաներին, իսկ միջնեկ փեսան խորհուրդ տվեց. «Մի կողպեք ճարի կամ լարով կապիր»:
Սեղանապետը երգելու առաջարկ չէր արել, ոչ ոք մյուսին չէր խնդրել երգել, մեկը քթի տակ մի մեղեդի էր դնդնացել, մյուսը միացել, երրորդը՝ փոխել երգը, երգում էին, բայց տանտերն ընդատեց. «Կողքի տանն էսօր թաղում կար, մարդիք դեռ չեն ցրվել, ամոթ ա»:
-Ղազարոս բիձուն ասեք, թող գնա խաթր առնի, քեֆի թույլտվություն առնի,-առաջարկեց հարևանը:
-Չեն տա,-ասաց Ղազարոսը, ամոթ ա, գնամ ի՞նչ ասեմ: Առանց երգելու էլ կդիմանաք:
-Մենք էլ հո թաղում չե՞նք եկել, ի՞նչ ես ասում, թողնենք գնա՞նք,-նեղացավ ավագ փեսան:
Համոզեցին, Ղազարոսին ճանապարհեցին հարևանի տուն, իսկ նկուղի դուռը մինչև նրա գալը բաց մնաց, և նեխահոտը սրտխառնուք էր առաջացնում: Սկսեցին խմբով երգել:
-Հիմա թույլ տված կլինեն,-ասաց լրագրողը:
Ղազարոսը վերադարձավ մեկ ժամից էլ ուշ: Ձեռքերը դողում էին, գլուխը՝ տմբտմբում, ինքը՝ ճոճվում:
-Պահո, բիձեն լավ-լավ ա,-ասաց միջնեկ փեսան,-արի, արի: Արի, տեսնենք՝ ինչ ասացին: Նստիր, նստիր՝ րընկնես, ձեռի հետ էլ էն դուռը փակիր, կերածներս հարամ ա անում:
Երբ արդեն նստել էր, հարցրին.
-Հը, բիձա, պատմիր տեսնենք՝ ի՞նչ ասիր, ի՞նչ պատասխանեցին:
-Ի՞նչ պիտի, պատասխանեց դժգոհ,-ասացի՝ հազար օղորմի Ռոզային:
-Հազար օղորմի էս ասել, հո հազար անգամ չե՞ս ասել օղորմի,-բողոքեց ավագ դուստրը, ժամից ավել է՝ չկաս: Խի հազար օղորմի ասելու համար էդքան խմու՞մ են: Քեզ էնտեղ ավելի՞ հաճելի էր, քան մեզ հե՞տ: Ինչի՞ց ես դժգոհ, առավոտից ման ես գալիս ու փնթփնթում:
Ղազարոսը մշուշված աչքերով նայեց դստերը.
-Ախր, մի շաբաթ մնաց՝ մի օր առաջ չտեսանք: Մի ձեռքն անընդհատ սրտին էր, մեկելը՝ փորին: Եղանակն էլ հենց ամպեց՝ մեջքը բռնեց: Տնքաց ու տնքաց: Բա իմ Նանարը դրա՞ն էր հալալ:
-Պապ, խնդրում եմ,-թախանձեց Նանարը:
-Բիձա, ի՞նչ ասին, երգու՞մ ենք, թե՝ չէ,-նորից հարցրեց միջնեկ փեսան:
Ղազարոսի համբերության բաժակը լցվում էր.
-Ի՞նչ ասին, ի՞նչ ասին,-թնդաց,-ասին՝ գիտենք, որ քեֆի ծախսն էլ, ճանապարհի փողն էլ ամերիկացին է ուղարկել. քո ձեռքին որտեղի՞ց փող, ասին: Ասին, Ղազարոս, գնացեք ձեր քեֆն արեք, հո ամեն օր աղջիկ չե՞ք ճանապարհում Ամերիկա:
-Լավ, լավ, պապ, հանգստացիր,-խնդրեցին երեք դուստրերը, իսկ Նանարը գլուխն ափերի մեջ առավ:
-Չէ, թող իմանա՝ ինչ ասին: Ասին, քանի անգամ է օղորմածիկ Ռոզան լողացրել, մազերը սանրել,հյուսել: Ասին, ո՞նց ես ապրելու առանց Նանարի, Ղազարոս: Էն երեքը մեծ էին, Նանարը փոքրուց որբացավ: Կուրծք տալուց բացի, ամեն ինչ մոր տեղ դու ես արել, ասին, Ղազարոս:
-Բիձու խելքն էլ ձեռքերի պես դողում է,-ասաց ավագ փեսան միջնեկին,-լավ պապ ջան, վերջացրու, թող Նանարին ուրախ սրտով ճամփա գցենք:
Բայց Ղազարոսն էլ հանգստացողը չէր:
-Ոչինչ, ասին, Ղազարոս, ասին՝ կտեսնես, տարին չբոլորած՝ Նանարը քեզ Ամերիկա կտանի:
-Կտանի,պապ, կտանի,-ասաց ավագ դուստրը,- մեզ էլ կտանի, քեզ էլ: Ամբողջ ընտանիքով կհավաքվենք այնտեղղ, էլի միասին կլինենք:
-Իշտահներիդ քացախ,- գոռաց Ղազարոսը, - դրա համա՞ր Նանարիս համոզեցիք: Ես գիտեմ ձեր մտքինը: Ինչքան լացացրիք խեղճին:
-Գիտեի, էլի, որ հարամ ա անելու,-ասաց միջնեկ փեսան ավագին,-բիձա, չորս փեսա ունես, ո՞ր մեկից ես գոհ,-հետո նորից շրջվեց քենակալի կողմը,-իզուր էլ Բաբկենի բանկետը թողեցի՝ եկա:
Տարեց սփյուռքահայը ոտքի ելավ և փորձեց գեղեցկախոսությամբ մեղմել մթնոլորտը:
-Զվարթորեն երջանկություն մաղթիր դստերդ, հայրիկ: Հոն ընդունված է՝ իրարմե մեծ ալ կառնին, պզտիկ ալ: Տարիքը ոչ մեկ նշանակություն ունի երջանիկ ըլլալու համար:
-Իհարկե, չունի,-ձայնակցեց միջնեկ դուստրը, երեկ զանգել էր, Նանարին հարցրել, թե «Լինքոլնը» ի՞նչ գույնի է ուզում: Խեղճ Նանարն ի՞նչ իմանա՝ «Լինքոլն» ինչ է: Պապ, դու գիտե՞ս ինչ է «Լինքոլնը»: Հենց էնպես պատասխանել էր, թե ծիրանագույն: Ասել էր. «Կստանաս հենց օդանավակայանում՝ որպես հարսանեկան նվեր»:
-Հինգ օրից մեկնում են Կարիբյան կղզիներ՝ ամուսնական ճամփորդության,- առաջին անգամ խոսակցությանը միացավ երրորդ դուստրը:
-Օ, «Լինքոլն», Կարիբյան կղզիներ,-մեջ մտավ երիտասարդ սփյուռքահայը, ինչու՞ չէիք ըսեր, որ մեր փոսացուն հարուստ անձ մըն է: լոս Անջելես ու՞ր կապրի, իմ հասցեն կուտա՞ք:
-Լսեցիր, պապ,-շարունակեց միջնեկ դուստրը,- հասցե է ուզում: Թեքվիր, հարցրու՝ էսքան աղջիկ կա սեղանի շուրջ, ո՞ր մեկը կհրաժարվեր նման բախտից:
Նանարը գնում-գալիս, սեղանի ափսեներն էր փոխում, դատարկ շշերը հավաքում սեղանից, աչքերը կարմրած էին, մերթ ընդ մերթ փորձում էր սրբել աննկատ: Ղազարոսը կարծես խաղաղվում էր, քղջիկներն էին շարունակում:
-Կամ ի՞նչ վատ բան կա, որ ասում ենք՝ ընտանիքով կհավաքվենք այնտեղ,-շարունակում էր միջնեկը:
-Այ աղջի, հերիք ա ճառ ասես,-փորձեց լռեցնել ամուսինը, մեկա բիձուն չես համոզի:
-Մեկ էլ բիձա ասեցիր՝ չնեղանաս, լսեցի՞ր,-շշպռեց ամուսնուն ու էլի հորը դիմեց,-Նանարը քո հարազատն է, մենք՝ խո՞րթը: Հարազատ քույրեր չե՞նք: Ի՞նչ վատ բան կա, որ ուզում ենք մեզանից մեկը լավ ապրի, օգնի մյուսներին: Էս պրեսսային հարցրու, թե ոնց եղավ, որ եկավ: Քանի՞ տարի ոտք չէր դրել մորաքրոջ տուն, քանի՞ տարի չէր տեսել Նանարին: Ի՞նչ վատ բան ենք ուզում, պապ:
Սկսեց հեկեկալ:
-Այ աղջի, քեզ ասացի՝ վերջացրու, նորից ոտքի ելավ միջնեկ փեսան՝ չստացված խնջույքի սեղանապետը:-Չէ, ես գնացի, Բաբկենը կնեղանա, գնամ գոնե բանկետի վերջին հասնեմ:
Ես էլ եմ գալիս,-ասաց ավագ քենակալը,-ինձ էլ հետդ տար: Բաբկենին ճանաչում եմ: Էն չի՞, որ կոնտուզիայից կուրացավ:
-Չէ, կոնտուզիայից չէր, արկի բեկորը աչքը հանեց, բայց կյանքը փրկեցին:
-Գալիս եմ, գնացինք: Ի՞նչ բանկետ ա անում:
-Քրդի անձնագիր ա առել, Եվրոպայում պետք կգա:
-Քուրդի անձնագի՞րն ինչ կընե, այժմ ալ Օջալանի կողքի՞ն պիտի կըռվե,-փորձեց կատակել ջահելը:
-Քեզ միամիտի տեղ մի դիր,-պատասխանեց միջնեկը,- բարի գիշեր քեզ: Նանար ջան, վաղը կեսօրին կգամ, կտանեմ աերոպորտ:
-Ես էլ վաղը կգամ,- միացավ ավագը:
Մեկական շիշ կոնյակ վերցնելով սեղանից՝ դուրս եկան: Բարի գիշեր մաղթեց և հեռացավ նաև հարևանը: Ավագ դուստրը շոյում էր Ղազարոսի ուսը: Հոր մյուս կողքին Նանարն էր նստել: Վերջապես սեղան էր նստել՝ իր հարսանիքի սեղանին:
-Բա, պապ ջան, քեզ թողնեին՝ էս տկլորին կտայիր աղջկադ,-հեռացեղ հարևանին ցույց տալով՝ ասաց միջնելը,-մինչև հիմա դպրոցի վերջին զանգի շալվարն ա հագնում:
-Պապային էլ պիտի հասկանանք,-միացավ ավագը,-ուզում էր Նանարին մոտը պահել, չէ՞ պապ: Հա, արդեն ծեր ես, մենակ դժվար կլինի, բայց աղջկադ ճակատագրի հետ խաղալու իրավունք չունես:
-Լավ էլ տղա էր,-մի կերպ շշնջաց Ղազարոսը:
-Գիտե՞ս ինչի են մորը միաչքանի ասում,-շարունակում էր միջնեկը, որովհետև արդեն քանի տարի ա՝ ակնոցի մի ապակին ընկել ա, միակնանի ակնոցով ա մարդամեջ դուրս գալիս:
-Լավ էլի, վերջացրեք, նորից թախանձեց Նանարը:
Ղազարոսի արմունկները սեղանին դրեց, գլուխը գցեց արմունկներին:
-Արի քեզ տանեմ, քնիր,- ասաց Նանարն ու փորձեց բարձրացնել հորը և նրա անօգնականությունից էլի հեծկլտաց:
-Լացիր, բալես, կուշտ լացիր,- ասաց Ղազարոսը՝ մի կերպ ոտքի կանգնելով:-Էստեղ լաց եղիր, որ էնտեղ չլացես: Ոչ կարոտից, ոչ էլ ուրիշ բանից՝ չլացես:
Մայրաքաղաքից եկածները՝ թղթակիցը, հայր և որդի սփյուռքահայերը, էլի մի քանիսը ոտքի ելան: Քամի խաղաց ու նկուղի գարշահոտն ավելի խիստ զգացվեց:
-Էս հոտը չկտրվեց ու չկտրվեց,-քրթմնջաց երրորդ դուստրը:
-Հոտը հեչ,- ասաց Նանարի օգնությամբ դեպի տան վերնահարկ տանող աստիճանները քայլող Ղազարոսը,-խնավությունը քաշել ա պատերի ջանը, մի օր տունը փուլ կգա:
-Ափսոս, ֆոտոապարատ չկա,-ասաց լրագրողը՝ սարի կրծքին ծավալվող կրակը ցույց տալով, տեսնես՝ ի՞նչ են արել շան որդիք:
Քաղաքացիների գնալուց հետո, լռության մեջ նորից ահն ուժգնացավ: Մթության մեջ հրկիզված լեռը ահասարսուռ էր ու վհատեցնող:
-Իսկապես, էս ի՞նչ ա, մամա ջան,- շշնջաց հորը դռան մոտ հասցրած Նանարը:
-Բան չկա, մի վախեցեք,-հանգստացրեց Ղազարոսը,-քրդերը ցորենի տակն են վառել: Չորրորդ տարին ա՝ սարի փեշին ցորեն են ցանում: Հնձել են, տակի սալոմն են վառել: Մի վախեցեք, սարին բան չի պատահի:
____________________

Խարխափումներ

 Մայրս չգիտեր, որ կոտրվել են երկու ոտքերս: Չէին ասել, որ ամեն ոտքիցս տասնութ կիլոգրամ կշռաքար կախված ամենաքիչը կես տարի անշարժ պառկելու եմ հիվանդանոցի մահճակալին գամված: Չէին ասել, որովհետև իրենք էլ չգիտեին: Սկզբում բժիշկներն ինձ ասացին, թե կքայլեմ ամենաուշը երկու ամսից: Երևի ճիշտ արեցին, որ խաբեցին, թե չէ ինձ սափրող վարսավիրի հարցին` ո՞նց եմ դիմանում միաժամանակ շոգին ու ցավին, պատասխանս, թե թող իր սուրսայր ածելին պարանոցիս վրա էլ գոնե մեկ անգամ տանի ու բերի, միայն որպես կատակ չէր հնչի: Երբ երկու ամիս անց բժիշկներն էլի այդքան ժամանակ ուզեցին ինձ ոտքի կանգնեցնելու համար, ես հասկացա, որ շատ ամիսներ են անցնելու, մինչ կկարողանամ տուն գնալ ու տեսնել նրան: Ընկերներիս խնդրեցի, որ ինձ հետ կատարվածը հայտնեն մորս հնարավոր մեղմ տարբերակով և բերեն նրան ինձ մոտ հիվանդանոց: Նրա գալուց առաջ խնամքով դիմակավորեցինք, թաքցրինք ձախս, իբր միայն աջն է վնասված: Նա ներս մտավ, կռացավ, արցունքն աչքին համբուրեց ինձ, ու շշնջաց .«իմ խեղճ բալա», բայց երկու-երեք րոպե անց աշխուժորեն ու ափսոսանքով պատմում էր կարկուտի հասցրած վնասի մասին: «Ինչ պոմիդոր էր եղել, տղա ջան, ինչ պոմիդոր: Ես իմ կյանքում այդպիսի բերք չէի տեսել»: Ես սկզբում վրդովվեցի մորս` անձիս նկատմամբ, իմ կարծիքով անբավարար ուշադրությունից, և այդ պահին մտածում էի, թե իզուր ցավեցնելով` թաքցրեցինք ձախս, բայց նրա գնալուց հետո սիրտս ծակում էր իմ այդ անարդար մտքից, որովհետև ինքը դեռ բահ էր բռնում ու փոր անում, բահը դեռ կարողանում էր բռնել ու ջրել մեր բանջարանոցը, քաղհանել մոլախոտը և առանց ծնողների մնացած երեք անչափահաս երեխաներիս պահել: Մորս գնալուց անմիջապես հետո ես խելագարվում էի կարոտից, բայց հրաժարվեցի նրա հետ հեռախոսով խոսելու ընկերոջս առաջարկից, երբ արդեն ամիսներ էին անցել մեր վերջին հանդիպումից:
Ես նրա հետ խոսում էի ամեն օր, հիմնականում գիշերները, երբ ցավը դառնում էր նողկալի և փորձում վհատեցնել և բարոյազրկել: Սխալվում էր բժիշկ Աշճյանը, որ կարծելով, թե քնած եմ ու չեմ լսում իրեն, կնոջս ասաց. «Զարմանում եմ, թե ինչ արժանապատիվ է տանում անդիմանալի ցավը»: Գիշերային ցավերը ինձ զրկում էին արժանապատվությունից, և ես այնպես էի գոռում, որ կանգ էին առնում գահավեժ ջրվեժները, արմատախիլ էին լինում ամենաերկարակյաց ծառերը, պապանձվում էին ամենալեռնային աղմկոտ գետերը, փլվում էին ամենաամուր շինությունները, հողին էր հավասարվում կառուցվածքս, բայց ոչ ոք ինձ չէր լսում` նույնիսկ կողքիցս ոչ մի վայրկյան չհեռացող կինս: «Տեր, ուժ տուր չպարտվեմ» շշնջում էի, բայց ավելի հաճախ, շատ ավելի հաճախ.»Մամ ջան, մամ ջան ես ի՞նչ անեմ», և երկու դեպքում էլ թե աղաչանքս էր նույնը, թե` հասցեատերը: Ու ամենևին էլ կարճ չի ամառվա գիշերը, ես գիտեմ, ես տեսել եմ, թե ինչ երկար է գիշերը, թեկուզ ամառվա: Մանավանդ երբ դրսում քամին խոստանում է ճղակոտոր անել հիվանդանոցը շրջապատող բոլոր ծառերը` ու…ու…ու…, խշշշշշ, ուուուուու: Մեկին հաղթում է, շուռ տալիս հոսանքի լարերի վրա: Բուժքույր Ռուզանը երկար ժամանակ մոմ է ման գալիս` չկա ու չկա: »Մամ ջան, մամ ջան»: Ցավազրկողն ու քնաբերը երակներիս մեջ է ներարկում վառիչիս կրակի թույլ լույսի տակ: Մութ է, քամի ու անվերջանալի գիշեր: Ինչ սիրուն է ծխախոտիս վառվող ծայրը: Կարմիր է, սև ու խավար չի, ինչպես այս գիշերը: Կարմիր է, սպիտակ չէ, ինչպես հիվանդասենյակի պատերը, դիմացս ցցված ու գիշեր ու զօր դնդնացող սառնարանը, բժիշկների, բուժքույրերի, հավաքարարների հագուստը, մնացած ամեն ինչ, որ կարող եմ տեսնել պարանոցս կարելվույն չափով պտտելով:
-Հերի՛ք է ծխես,-լսում եմ,-գազախցում չենք:
-Սիրելիս, ես ո՞նց դիմանամ,-պատասխանում եմ:
-Էս արմագեդոն եղանակին ինչ էլ հավես ունես իմպրովիզի: «Մամ ջան, ի՞նչ անեմ»: Մի նախադասություն է, չես կարողանում անգիր անել,-ասում է ու ճիշտ ութ վայրկյան անց մշմշացնում:
Հինգ հատիկ ծխախոտ է հանել տուփից, դրել կողքիս, իբր ամբողջ գիշերվա համար հերիք է: Էդքան էլ ցերեկը թռցրել եմ, պահել բարձիս տակ: Մինչ ցավազրկողը կներգործեր` ես փորձում էի հասկանալ քամուն: Էլի մի ծառ տապալեց, էլի ողբն ու կականը մի ամբողջ պտույտ գործեցին հիվանդանոցի շուրջ բոլորն ու ամեն ինչ հանկարծ լռեց: Էլ ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն: Փոթորիկն իր զոհերն առնելով հեռացավ: Կնոջս համաչափ շնչառության հետ լսում էի նաև անդունդների դավադիր լռությունն ու ոխակալ սպասումը: Իմ համբերությունը չէր կարող լցնել այդ վիհերի խորությունը:»Մամ ջան, բա ես ի՞նչ անեմ»: Նա այդպես էլ ոչ մի անգամ մորֆի չընդունեց: Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղցկեղ աղտորոշմամբ նրան որոշակի չափով անվճար նշանակում արեցին: Դրանից հետո նա շուրջ մեկ տարի ապրեց, բայց ամեն օր մեռնում էր աչքիս առաջ` ոչ միայն անդիմանալի ցավերից, այլ պարզապես խեղդվում էր, չէր կարողանում օդը ներշնչել մինչև թոքերը: Գիտեի, որ մորֆին օգնելու էր ինչ-որ ժամանակ ու այլևս ոչինչ չէր օգնելու: Բայց ես անընդհատ հետաձգում էի այդ պահը, կարծելով, թե երկար է ապրելու: Նա դիմացկուն էր և քիչ էր տնքտնքում: Տալիս էինք սովորական ցավազրկողները, և նա մի քանի ժամ հանգիստ քնում էր: «Մամ ջան, մամ ջան, ես ի՞նչ անեմ», շշնջում էի անընդհատ, երբ ցավազրկողները չէին օգնում ու չգիտեի, թե ոնց օգտակար լինեմ մեռնող մորս:
Երկար է գիշերը, նույնիսկ` ամառային: Իմ համբերությունը չի կարող լցնել ինձ վաղուց սպասող վիհերի խորությունը, ինքս պիտի հանձնվեմ նրանց և գահավիժումը պիտի երկարի ու երկարի: Ահա, դանդաղ անցնում եմ մռայլ ու ահարկու ժայռերի կողքով: Նրանցից մեկը թեքվում է ու կողքինին ինչ որ բան շշնջում: Ես գիտեմ, որ իմ մասին են փսփսում:
-Ձեր հերն եմ անիծել,-շշնջում եմ և իջնում ու իջնում:
Միթե այս անդունդը հատակ չունի: Ձև եմ տալիս անկումիս, սկսում եմ թռչել: Ճիշտ է, դեռևս վար ու վար, բայց եթե ուզենամ կարող եմ նաև վեր բարձրանալ: Լողում եմ օդում, ինչպես ջրում, բայց միայն գլխիվայր: Հետո սկսում եմ կառավարել մարմինս: Էլի, էլի մի ճիգ և ստացվում է: Ստացվում է, թեպետ դժվարությամբ, բայց կարողանում եմ նաև վեր լողալ: Վեր եմ լողում, վեր եմ լողում: Քիչ անց էլի հանդիպում են բամբասկոտ ժայռերին:
-Հը,-ասում եմ,-բարեկամներ, կարծում էիք էլ չենք հանդիպելու:
Սրանք նորից իրար են թեքվում ու շարունակում փսփսալ: Քիչ անց հասկանում եմ, թե իմ դեմ ինչ դավ են նյութում` շարժվում են, մոտենում իրար, փորձում են սեղմել, ճզմել ինձ: Նայում եմ վեր: Լույսը դեռ չի երևում, բայց ես գիտեմ, որ այն կա, իմ գլխավերևում է, պետք է միայն բարձրանալ ու բարձրանալ: Եվ շտապել է պետք: Դավադիր ժայռերը օղակը փոքրացրել են, ահա կմնամ նրանց արանքում: Նշմարում եմ լույսը, բայց թևերս հոգնել են, դժվարությամբ են թափահարվում, ուժասպառ են: Ոտքերով էլ պիտի փորձել, ոտքերս պիտի օգնեն ձեռքերիս:
-Լսեք,-ասում եմ նրանց,-դուք նույն ցեղի, նույն ազգի ու տոհմի, նույն ռասսայի ու դավանանքի անդամներ եք, նույն հայրենիքն ունեք` իմ մարմինն է, պիտի օգնեք միմյանց, եթե չպրծանք այս վիհից, կորչելու ենք բոլորս միասին: Այնպես որ, գլուխ մի պահեք, ձեզ տեսնեմ:
Ոտքերս լսում են հորդորս, բայց կրունկներիս միջով անցկացված ձողերը շանթում են մարմինս, կշռաքարերը շխշխկում են: Կինս վեր է թռչում.
-Հո շուռ չտվեցի՞ր,-անհանգստանում է:
-Ինչքա՞ն կարելի է քնել,-հարցնում եմ:
-Չծխես,-պատասխանում է,-փորձիր մի քիչ էլ քնել:
-Մամ ջան, բա ես հիմա ի՞նչ անեմ:
Երկար է ամառվա գիշերը: Երկար ու խավար: Քամին շարունակում է իր ողբերգական արիան` խշշ, ուուու, խշշշ, ուուու: Մի քիչ էլ դիմացիր, հոգիս, տես, խավարն այլևս անթափանց չէ, սպիտակ առաստաղն սկսվել է նշմարվել: Մի քիչ էլ համբերիր և կտեսնես, թե ինչ պայծառ առավոտ է լինելու: Հենց լուսանա` ցավդ կանցնի և դու կքնես: Կքնես մեկ ժամ, երկու, երեք, կքնես հանգիստ և չես տեսնի, թե ինչպես է հավաքարար Ազատուհին ավլում գիշերվա ընթացքում հատակին թափված ցավիդ մնացուկներն ու հուսահատությանդ կտորտանքները:
Նա հազիվ էր տառերն իրարից ջոկում` երեք տարի էր դպրոց գնացել: Ակնոցի մի ապակին էլ վաղուց կոտրել էր, բայց մահվանը նախորդող ամբողջ տարին կարդում էր, կամ փորձ էր անում Նոր կտակարանը կարդալ: Ես խլում էի նրա ձեռքից սուրբ գիրքն ու ինքս բարձրաձայն կարդում նրա համար: Ոչ միայն կարդում էի, այլև մեկնաբանում, բացատրում Աստծո որդու առակները:
«Լսեցեք մի այլ առակ. Մի տանուտէր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց ու նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. Ապա այն վարձու տուեց մշակներին և գնաց հեռու երկիր: Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով` մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: Դարձյալ ուրիշ ուղարկեց` թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: Յետո նրանց մոտ ուղարկեց իր որդուն ու ասաց`թերևս իմ այս որդուց ամաչեն: Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին` սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք:Եվ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս և սպանեցին»:
-Մամ, քո կարծիքով, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին,-հարցնում էի մորս, ինչպես Աստծո որդին իր ունկնդիրներին, բայց մայրս նրա աշակերտների նման չէր պատասխանում. « Չարերին չարաչար կոչնչացնի և այգին կտա այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին», այլ ասում էր.»Ի՞նչ կանի, բալես, դու ասա, մեռնեմ իմ տղին, իմ տղեն թող ասի»: Ես նրան հարցով էի պատասխանում.
-Մամ, քա կարծիքով, ո՞վ է այգեպանը:
-Այգու տերը չէ՞,-երկմտում էր մայրս:
-Աստված է այգեպանը, մամ, մենք էլ չար ծառաներն ենք: Այգեպանի ուղարկածները մարգարեներն էին, որոնց հալածեցին մարդիկ, հետո Աստված իր միակ որդուն ուղարկեց, չէ՞, մամ:
-Մեռնեմ իրա զորությանց, մեր տեր Քրիստոսին,-հուզվում էր մայրս առակի պարզությունից,-այգուց հանեցին դուրս ու սպանեցին: Տես հլա, մեռնեմ իմ տղին, ոնց տեղը տեղին բացատրեց:
Ժամանակ առ ժամանակ, երբ ես ծալում էի գիրքը` համարելով ընթերցանությունը ավարտված, նա շշնջում էր. «Տղես, քեզ որ մի բան ասեմ, իմ վրա հո չես բարկանա«:
-Ոչ մամ, ոչինչ մի ասա, ես քո խոստովանահայրը չեմ, ես քո որդին եմ, միայն քո և ոչ ավելին, ինքս էլ մեղքերի մեջ ու թողության կարոտ:
Հետո նա տնքտնքալով գնում էր, պառկում հարևան սենյակի իր անկողնուն ու մինչ ցավի սրացումը ինչ որ աղոթք մրմնջում և աղոթքի արանքում անընդհատ կրկնում. »Մորս չպահեցի, տղա ջան, չպահեցի«:
Երբեմն, ես էլ նրա հետ աղոթում էի: Աղոթում էի, որ կինս շուտ վերադառնա, որովհետև ոչ մի դեպքում չէի կարող նրանից գիշերանոթ խնդրել: Հետո նա չդիմանալով ցավին, առնում էր դեղերի տրցակն ու մոտս գալիս: Ամեն անգա ես հիմնավոր բացատրում էի, թե որը որից հետո պիտի խմի, բայց նա կամ չէր հիշում, կամ էլ հաճելի էր այդ արարողակարգը: Ես ընտրում էի համապատասխան հաբը, տալիս նրան և հուսադրում, թե մի քանի րոպեից ցավը մեղմացած կլինի ու մտքումս կրկնում. «Մամ ջան ես ի՞նչ անեմ»: Ես քայլեցի, երբ նա արդեն առանց օգնության չէր կարողանում տեղաշարժվել: Այդ մեկ տարվա ընթացքում, երբ ես գրեթե ամեն օր նրա համար սուրբ գիրքն էի կարդում, մայրս մաշվում էր ժամ առ ժամ: Նա մարմնեղ կին էր, խիստ փարթամ կրծքերով, այնքան, որ մինչ օրս մանկության տարիներից պահած վրեժներ ունեմ նրանց նկատմամբ, ովքեր թեկուզ մեկ անգամ անհարկի կատակ են արել այդ մասին, բայց մեկ տարվա, նույնիսկ ավելի պակաս ժամանակում այնպես սմքեց, որ երեխաներիս համար էլ դժվար չէր նրան զուգարան ուղեկցել, բաղնիք կամ խոհանոց: Ուրիշ տեղ մայրս այլևս չուներ գնալու: Առաջ բակ էլ էր դուրս գալիս, երկար նստում պատի տակ, տնքտնքոցների արանքում պատասխանում անցորդների բարևներին, բայց արդեն հազվադեպ ճանաչելով նրանց: Հետո դադարեց դուրս գալ` ցավը ստիպում էր տառապել անկողնուն գամված: Արդեն երկու տարի էր, որ երբեմն խնդրում, երբեմն էլ պահանջում էինք, որ պարանոցին գլխաշոր կապի, որովհետև պարանոցի վրա գնդակի մեծության սապատ էր առաջացել, ու առանց տհաճության դժվար էր նայել: Ես հիմնականում կարողանում էի խույս տալ: Բայց նա դժկամությամբ էր համակերպվում ամբողջ օրը վզին գլխաշոր կապելուն, բացի այդ, երբեմն-երբեմն ցույց էր տալիս ինձ ու խնդրում, որ շոշոփեմ ու պատասխանեմ, թե արդյոք էլի է մեծացել վերջին օրերին: Ընտանիքի անդամները անում էին ամեն ինչ, որպեսզի ավելի ու ավելի դժվար տեղաշարժվող հիվանդին չթողնեն իմ հույսին, որովհետև ինքս էի հենակներով մի կերպ տեղաշարժվում ու մի անգամ, երբ իր խնդրանքով ես էի օգնողը` շրխկացինք գետին, հետո ես ձայն էի տալիս,կանչում էի կնոջս ու նայում, թե ինչպես է մայրս ոտքի կանգնելու հուսահատ ու անհաջող փորձեր անում: Այդ տառապանքի պահին նա ավելի տձև էր երևում, ուռած պարանոցը բաց էր, թորշոմած կրծքերը կախվել էին գիշերազգեստի վրա, իսկ իրանը վաղուց ծռված էր իննսուն աստիճանի չափով: Մենք ընկել էինք`ես միջանցքի, իսկ նա զուգարանի հատակին և ինքնուրույն ոտքի կանգնելու զուր ջանքեր էինք գործադրում: Կարծելով, թե տերերն իրեն բնորոշ դիրք ընդունած, խաղ են անում, Սևուկը եկավ, տնկվեց մեր միջև, սկսեց բրազիլական պար հիշեցնող շարժումներ անել ու պոչը քսմսել դեմքիս: Տնեցիները մեզ մոտ եկան ոչ թե իմ օգնության կանչերը լսելով, այլ պատին զարնվելու շան կաղկանձը:
Ես նրան միայն մի անգամ եմ տեսել երիտասարդ, երրորդ նարկոզի ժամանակ. Քսան-քսանմեկ տարեկան էր, երբ բազմաթիվ փեսացուներ էին նրանց տուն գալիս, «ձիավորին ձիուց մի ձեռքով ցած կբերեի» ասում էր իր այդ տարիների մասին, տղամարդկանց հավասար հունձ էր անում, աշխատում միաժամանակ կոլխոզի ֆերմայում, որպես կթվորուհի, և ճանապարհաշինարար էր Եղեգնաձոր-Արտաշատ մայրուղու վրա: Այդ տարիների թեկուզ մեկ նկար իսկ չուներ, որ ես գոնե մոտավոր պատկերացում ունենայի, թե ինչպիսին է եղել մայրս մինչև քառասուն տարեկան դառնալը, որովհետև այդ տարիքում է ծնել ինձ` իր առաջին երեխային, հոր մահվանից ու մոր կուրանալուց հետո պահելով երկու կրտսեր եղբայրներին ու քրոջը, ամուսնացրել, նոր միայն ինքը դարձել հիսունն անց հորս երրորդ կինը: Կույր մորը թողել է կրտսեր հարսի խնամքին:
Նա բարձրահասակ էր, թիկնեղ, երկար, հյուսած սև ծամեր ուներ: Դժգոհեցի, երբ վերակենդանացման բաժնի վարիչ Աշոտն ականջիս շշնջաց, թե ինձ դուրս է բերել նարկոզից: Ես ուզում էի տեսնել իմ ջահել մորը:
Չգիտեմ` ինչ մտածեմ: Միթե, իսկապես կարծում էր, թե իր միակ, կամ ամենամեծ մեղքն է դա: Այնքան էր սևեռվել, որ համոզված էր, որ կրկնելու է մոր ճակատագիրը` կուրանալու է, կարծես իր բաժինը քիչ էր, կամ զրկվելու է զավակների խնամքից` որպես իր ամենամեծ մեղքի հատուցում:
Երբ գնդակի չափ ուռուցքը ներսից բացվեց, և նա օրեր շարունակ արյուն ու էլի ինչ որ անհասկանալի հեղուկ էր թքում, բժիշկները պահանջեցին հնարավորինս քիչ շփվել հիվանդի հետ, իսկ երեխաներին արգելեցին նրան մոտենալ: Ասենք այդ օրերին նրան մոտենալ չէր էլ լինում, որովհետև արնախառն հեղուկը անտանելի ծանր հոտ ուներ:
Հիվանդի հետ հարաբերվելու ամբողջ գործն իր վրա կինս առավ, արգելելով երեխաներիս մոտենալ տատին, իսկ ինձ` պատմել մորս, որ վարակի վտանգ կա: Ես ենթարկվեցի կնոջս, բայց երեխաներս բանի տեղ չդրեցին ոչ բժշկի, ոչ էլ մոր արգելքները: Նա սովոր էր և իրեն անգամ այդ վիճակում չէր զրկում թոռներին գրկելու, երկար-երկար համբուրելու հաճույքից: Այնուամենայնիվ նա զգաց, որ բոլորն իրենից ինչ որ չափով խուսափում են, նորից հիշեց իր մեղքն ու արցունք աչքին ինձ խնդրեց հիվանդանոց տեղափոխել: Ես գրկեցի նրա գլուխը, և ասացի, որ նա երբեք միայնակ չի մնա, որ նրա կողքին կլինեմ մինչև իր կյանքի ամենավերջին պահը, որ մենք բոլորս իր կողքին կլինենք, ինչ էլ որ պատահի:
Նա նույնպես արտասվեց ու աչքերի մեջ, բացի արցունքից, թողություն ստացածի շնորհակալ երանություն էր: Ես էլ ոչինչ չեմ խոսել նրա հետ: Նա այլևս վեր չելավ անկողնուց, հանգեց երկու օր անց, գիշերով, միայնության մեջ, հավանաբար պարզապես խեղդվելով թթվածնի պակասից: Որոշել էի այդ մասին հարցնել հերձող բժշկին, բայց կարկամեցի, երբ նա դուրս գալով բաղնիքից, երկտակ ցելոֆանե տոպրակը մեկնեց ինձ ու ասաց. «Կթաղեք նույն փոսի մեջ»: Քարացա: Չգիտեմ` ինչքան մնացի այդպես կանգնած, մինչև որ մեկը կռահեց ձեռքիցս առնել մորս մարմնի այն մասերը, որոնք իրեն` որպես դիակ պետք չէին, որոնց հետ ես ինչ որ ժամանակ նույն ազգից ու տոհմից էի, մենք նույն հայրենիքն ունեինք` մորս մեր մարմինը:
Հետո, ես նրան երկրորդ անգամ տեսա երիտասարդ: Դագաղում պառկած`նա գեղեցկացել էր, ջահելացել: Դեմքը հանգիստ էր, դիմագծերը նուրբ, ցավի ու տառապանքի ոչ մի հետք, անգամ պարանոցի սապատն էր ամբողջությամբ քաշվել:
Հիմա քայլում եմ առանց հենակների, միայն մի ձեռնափայտով, բժիշկների պնդմամբ շուտով դա էլ դեն կնետեմ, բայց գիտեմ, որ այս երկրի վրա ես այլևս կաղալու եմ, երերալու եմ, ընկնելու եմ: Իսկ ոտքերս երբեմն, հատկապես անձրևոտ եղանակին ստիպում են հայհոյել ու գոռալ ցավի դեմ, բայց հիմա «Մամ ջան, մամ ջան, բա ես ի՞նչ անեմ» շշնջում եմ միայն այն պահին, երբ կորցնում եմ նրան երբևէ հանդիպելու հույսը, երբ կարոտը սպառնում է քաղցկեղ դառնալ: «Մամ ջան, մամ ջան ի՞նչ անեմ» շշնջում եմ, փնտրում ու չգիտեմ ուր ուղղեմ հայացքս` ոտքերիս տակ, ուր հողին հանձնեցինք նրան կես տարի առաջ, թե` գլխավերևս: Երանի վերևում լինի, ուր չգիտեմ, թե ինչ կա, ի տարբերություն ներքևի, ուր որդեր են ու ապականություն, խոնավ է ու շատ ցուրտ: Ես այնտեղ եղել եմ:

 

Վահե Ղուկասյան / գրական, գեղարվեստական պատմվածքներ

24.09.2014 10:42

Վահե Ղուկասյան, հեղինակ, գրող-ֆանտաստ: Ստեղծագործությունները հիմնականում ֆանտաստիկ ժանրի պատմվածքներ են, որոնց մեծ մասը հրապարակված է իր հեղինակային բլոգում՝ Vafant.blogspot.com: Առաջին պատմվածքները գրել է շուրջ չորս տարի առաջ, այն ժամանակ դրանք հրապարակվում էին Ֆեյսբուքում: Ստեղծագործությունների մի մասը հրապարակվել է մամուլում, կա թարգմանություն հունգարերոնով, տպագրվել է Naput հունգարական գրական հանդեսում, ունի ռուսերեն թարգմանություններ: Վերջերս ավարտել է «Գրողի տարածը» վիպակի աշխատանքները: 
     Ընթերցողին ենք ներկայացնում նրա 3 ստեղծագործություն:
     ________
     բոլոր անունները հորինված են, բոլոր համընկնումները իրական կերպարների հետ պատահական են
     
     
Բայց դու դրա մասին ոչինչ չգիտես (Սնկերը տեղափոխեք միայն ճամպրուկներով) 
     
     
Այդ տիպին ես տեսել էի դեռ սուպերմարկետում։ Այս տիպին, որ հիմա նստած է այգում, դիմացի նստարանին։ Սուպերմարկետում հերթի մեջ նա էլ կար։ Ես տեսա նրան հենց այն պահին, երբ գանձապահ աղջիկը սկաների տակ էր պահում իմ սենդվիչը։ Time Out-սենդվիչը՝ ամենաէժան ուտելիքը՝ նախատեսված դպրոցականների և գործնական կենտրոնի ցածր վարձատրվող աշխատողների համար։ Սենդվիչ, որը ուզում ես հավատալ, պատրաստված է պանրից, ապխտած մսից, բանջարեղենից ու փափուկ դիետիկ հացից։
     Տիպը երևի եկել էր հետևիցս ու վեր ընկել դիմացի նստարանին։ Այգում։ Ես լանչ եմ անում այգում։ Այստեղ քեզ համ մաքուր օդ, համ գունագեղ ամբոխ, համ կենսախինդ երեխաներ, համ կյանքի հրաշք…Համ էլ մատուցողներ չկան ու սպասարկման վարձ էլ պետք չէ։ Տիպը նայում է ինձ ուշադիր ու ժպտում է։ Հագին գույնավոր սվիտր է։ Լպրծուն մի տեսակ տիպ է երևում։ Այսպիսինները կարող են իրականում հաճելի թվալ, բայց գործնականում անասուններ լինել: Սակայն, չի բացառվում, որ լինեն նաև արժանի մարդիկ, ու դու անընդհատ քեզ հիմար զգաս նրանց անասունի տեղ դնելու համար։ Տհաճ է, մի խոսքով, այս տիպի առկայությունն իմ հպարտ և միայնակ ճաշկերույթին։ Ես արդեն բացել եմ սենդվիչի պոլիէթիլենային փաթեթն ու սպասում եմ անցնի մի քանի վայրկյան, գոլոշիանան պլաստիկի համային հետքերն ու խրեմ ատամներս դիետիկ հացի մեջ։ Վերջապես անում եմ դա։ Սովածությունից բերանս առատ է թքով։ Առաջին պատառը ես կուլ եմ տալիս միանգամից՝ առանց վայելելու համային երանգները։ Թեպետ և ոչ այնքան նուրբ։ Նուրբ համային երանգներ լինում են կողքի փողոցի ռեստորանում։
     Հաջորդ պատառը կուլ եմ տալիս գիտակցված։ Պանիրը, միսն ու կարծես թե սունկը…վատ չէ։ Ուտվում է, այն էլ ինչպես։ Դիմացս նստած տիպն էլ չկա։ Երևի գնացել է իր համար էլ առնի։
     -Նուրբ դիետիկ հաց է, չէ՞։ Ցորենը, որից պատրաստվված է հացը աճեցված է եղել Կրասնոդարի մարզում, իսկական ոսկեգույն հասկ է եղել այդ ցորենը…մմմ…կոմբայնավարի անունը Միշա էր, ի դեպ նրա հարևան Վովայի աղջիկն ու իր քրոջ որդի Կոլյան այս դեզի վրա ինչե՜ր են արել երեկ չէ առաջի օրը, -ասում է տիպը՝ արդեն կողքս նստած։ Նրա բազմագույն սվիտրը մոտիկ հեռավորությունից ծակում է աչքերս։
     -Ի՞նչ են արել, -հարցնում եմ։
     -Դուք կերեք, կերեք, ուշադրություն մի դարձրեք, -ասում է, -իսկ արել են այն, որ ինն ամիս անց կծնվի Գալյա անունով աղջիկն, ով…թերևս դա կարևոր չէ, մենք դրա մասին ոչինչ չգիտենք։
     -Իսկ կոմբայնավարը՞, -հետաքրքիր է, թե էլ ինչ դուրս կտա այս տարօրինակ անձը։
     -Կոմբայնավարն այստեղ այնքան կարևոր չէ, որքան այն երկնաքարը, որ տեղական ժամանակով քսան րոպե առաջ ընկել էր լուսնի վրա անտեսանելի կողմից ու առաջացրել թեթև ռադիացիոն ֆոն, որի արդյունքում հիմա մեզանից տասներկու մետր հեռավորությամբ թռչող ագռավի մոտ առաջացրել են մարսողական համակարգի խնդիրներ... իննը, յոթ....հինգ...մեկ....ահա, ես սա էլ ասում էի։
     Ագռավի կղանքի մի ահագին գունդ ընկավ ուսիս։ Իմ սիրած շապիկի վրա գրողը տանի։
     -Ի՞նչ է սա նշանակում, -հարցնում եմ։
     -Իրականում սա ոչ մի բան էլ չի նշանակում, քանի որ դու սրա մասին ոչինչ չգիտես, սակայն այս լաքայի պատճառով, դու չես կարողանա հագնել վաղն այս շապիկը, որի գույնը խիստ բարենպաստ հետևանքներ կունենար նախատեսված գործնական հանդիպման մասնակիցների վրա։
     -Ի՞նչ, որտեղի՞ց դուք գիտեք իմ հանդիպումների մասին։
     -Իրականում, ես ոչինչ չգիտեմ, սակայն կարող եմ ասել, որ այ այն կինը, որը հիմա ամսագիր է կարդում, տաս տարի առաջ գնել է իրեն բացարձակ պետք չեկող ճամպրուկ, որը նա կնվիրի իր տանը մաքրություն անող մալականուհուն, իսկ մալականուհին կուղարկի ճամպրուկն իր հարազատներին՝ գյուղ, որոնք մյուս անգամ սունկը քաղաք կուղարկեն այդ ճամպրուկով։ Ի դեպ, դրանք հենց նույն մարդիկ են, ում աճեցրած սունկը դու հիմա ուտում ես։
     -Ո՞վ եք դուք, -հարցնում եմ արդեն նյարդայնացած ու մի քիչ վախեցած…լավ…ահագին վախեցած։ Ու ուտելս էլ չի գալիս, չնայած լսելու ընթացքում փոքր-փոքր պատառներ եմ անում։ Շատ սոված եմ։
     -Իմ անունը հավանաբար քեզ ոչինչ չի ասի, քանի որ իրականում դու ոչ մի բան չգիտես…իսկ ամեն ինչ, հնարավոր է, սկսվել է դեռ տասնիններորդ դարում, երբ այս մալականների ընտանիքը՝ Ֆիլիմոնովները աքսորվեցին Հայաստան, իսկ Սերոֆիմ Ֆիլիմոնովի եղբայր Միխայիլը ճանապարհի կեսին փախավ գնչուների հետ դեպի արևմուտք, հասավ մինչև Ավստրիա, որտեղ անցավ գործի Լայնբեռգ անունով ֆերմերի մոտ, որի ընտանիքին պատկանող կովի կաթից պատրաստված պանիրն էլ դու հենց հիմա ուտում ես։
     -Այ քեզ բան...
     -Գլուխդ մի վերցրու, քանի որ դու դրա մասին ոչինչ չգիտես։ Իսկ այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գնչուհու անունը, ում սիրահարված էր Միխայիլը՝ Լեյլա էր, ու հենց նրա պատճառով էր Միխայիլը փախել իր եղբայր Սերոֆիմից։ Լեյլան իր տաբորի հետ հասել էր մինչև Բուլղարիա, այնտեղ նստել նավ ու անցել Ստամբուլ…օօօօ, մեծն Կոնստանդնուպոլիս։
     -Ասացեք, ո՞վ եք դուք։
     -Ստամբուլում էլ նա հենց ծանոթացել էր քո ապուպապու հոր՝ Կարապետի հետ։ Ի դեպ՝ հենց Լեյլային ես դու պարտական ցուցամատիտ վրայի խալով։ Ժառանգություն է։ Հետաքրքիր է, Ճի՞շտ որ։ Բայց դու սրա մասին ոչինչ չգիտես։
     -Բայց…
     -Բայց ինչն իրոք ապշեցնում է՝ կոմբայնավար Միշան հետաքրքրվում է իր տոհմածառով և մոտակա շաբաթվա մեջ կայցելի Հայաստան՝ գտնելու իր հեռավոր ազգականներին՝ Ֆիլիմոնով մալականներին։
     -Ի՞նչ եք դուք պատմում, գրողը տանի։
     -Այն ինչի մասին մենք ոչինչ չգիտենք, ինչպես այն, որ սենդվիչի փշրանքները կհասնեն հենց այն առնետին, ով կփորձի անցնել Արամի փողոցը վաղը՝ 13: 47-րդ րոպեին՝ հենց այն պահին, երբ նույն փողոցը կանցնի Կառա Մարգարյանը՝ քո երկրորդ կինը, որի մասին դու ոչինչ չգիտես։
     -Իսկ ի՞նչ կապ ունի իմ երկրորդ կինը մալականների հետ։
     -Նա քո Time out սենդվիչի բաղադրատոմսի հեղինակն է։ Լավ սենդվիչ է, սակայն շատ թանկ է նստում ալպիական պանիրը։ Նրա բաղադրատոմսը երկու շաբաթից կճանաչեն անընդունելի, ինչի հետևանքով նա կազատվի աշխատանքից, կխմի ընկերուհու ծնունդի ժամանակ ու կքնի Գեղամ անունով տղայի հետ...չնայած, դու դրա մասին ոչինչ չգիտես։
     -Իսկ նա գոնե սիրու՞ն է։
     -Հարգելիս, երբ գլխիդ ուղղաթիռ է ընկնում, ժամանակ չկա հարցնելու՝ սիրուն է արդյոք երկրորդ կինդ։
     Ուղղաթիռը երևաց դիմացի մայթի բարձրահարկի հետևից։ Այն թռչում էր՝ պոչից սև թանձր ծուխ թողնելով։ Թիակները պտտվում էին անչափ դանդաղ։ Ուղղաթիռը ընկնում էր անձայն։ Այն անցավ շենքի վրայով՝ անընդհատ կորցնելով բարձրությունը և ընկավ ուղիղ փողոցի մեջտեղում՝ ասֆալտի վրա։ Հետևեց պայթյունը։
     -Կռացի՜ր, -ասաց ինձ գույնավոր սվիտրով տիպը, -իսկ ուղղաթիռն ընկավ, որովհետև Գեղամն այն լիցքավորել էր կերոսինով, որի մեջ զարմանալի կերպով առկա էին արտասովոր կեղտեր՝ մասնավորապես տավարի թրիք...ի դեպ՝ հենց այն տավարի, որի ապխտած միսը դու քիչ առաջ կերար։ Եվ դա այն պայմաններում, երբ տավարն այդ ապրել է Նեպալում ու անձամբ տեսել է Դալայ Լամային դեռ 2004 թվականին։ Ափսոս, որ դու դրա մասին ոչ մի բան չգիտես...
     Պայթյունը խլացրեց ինձ։ Մի քանի խոշոր բեկորներ թռակ կողքովս։ Ես տեսա թե ինչպես է փախչում ամսագիր կարդացող կինը, բայց տեսադաշտից կորցրեցի գույնավոր սվիտրով տիպին։ Ես վերադարձա աշխատանքի ապշած ու խլացած։ Բարեբախտաբար մեր գրասենյակը չեր վնասվել ուղղաթիռի վթարից։ Ես ունեի ցրված ու շփոթված տեսք։ Տնօրենն ինձ ուղարկեց տուն։ Ես գնացի ու քնեցի։ Առավոտյան կարդացի լուրերը։
     «Երեկ կեսօրին մոտ պարզ է դարձել, որ Time out սենդվիչների մեջ հայտնաբերվել են թունավոր հալյուցինոգեն սնկեր։ Թունավոր բաղադրիչով սենդվիչների խմբաքանակն արդեն տարածված է եղել Երևան քաղաքի բոլոր խոշոր սուպերմարկետներում, սակայն շնորհիվ ճիշտ կազմակերպված գործողություների հաջողվել է հետ կանչել սենվիչների մեծ մասը։ Թունավոր ուտելիքը համտեսած քաղաքացիների մասին հաղորդագրություններ դեռ չկան։ Ինչպես հայտնվում է, Time out սենդվիչների արտադրման պատասխանատու Կառա Մարգարյանն արդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից» ։
     _________
     
     Հետաքննություն մեգապոլիսում


    
Գլխավոր անալիտիկ համակարգիչը գտնվում է հիսուներորդ հարկում: Այն զբաղեցնում է մի ողջ սենյակ երկնաքերի հյուսիային թևում: Այնտեղ կուտակվում են բոլոր վիճակագրական տվյալները և բոլոր վիճակագրական տվյալներն այնտեղ դասավորվում են, վերադասավորվում, համեմատվում, վերլուծվում ու նորից դասավորվում: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ես ստացել եմ հատուկ անցագիր` հիսուներորդ հարկ բարձրանալու և գլխավոր անալիտիկ համակարգչից օգտվելու համար: Արդեն մեկ շաբաթ է,` ես չեմ կարողանում քնել, չեմ կարողանում ուտել:
Վերջին գործս կապված էր ոմն Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի հետ: Սա մի իրանցի առևտրական էր, ով որոնվում էր «Գլոբա Ֆարմա» դեղագործական հիմնարկի կողմից: Թիքեյանը չէր վերադարձել կարճաժամկետ արձակուրդից հետո` անհանգստացնելով ու զայրացնելով իր ղեկավարությանը: Ինձ հանձնարարված էր գտնել նրան:
Թիքեյանը ծնված էր 2032 թվականին, նոյեմբերի տասին, 87-րդ թաղամասում` հետնախորշերում:
Առաջին հերթին ես փորձեցի հավաքել բոլոր այն Թիքեյանների տվյալները, որոնք ծնվել էին նույն տարվա ընթացում: Ստացված թիվը ստիպեց ինձ մի քանի րոպե անշարժ նստել համակարգչի առջև, հետո տրորել աչքերս ու վերադառանալ տուն` հանգստանալու: Ուղեղս չդիմացավ ստացված թիվն ընկալելու փորձությանը:
Ես պարզեցի, որ 2032 թվականին քաղաքում ծնվել է Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան անունը կրող 7 124 547 հոգի: Գրողը տանի` յոթ միլիոն հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր քառասունյոթ հոգի:
Հաջորդ օրը ես նեղացրեցի որոնման օղակը:
Ֆիլտրեցի Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների այս ահռելի բանակը և առանձնացրեցի բոլոր նրանց ովքեր ծնվել էին 87-րդ թաղամասում:
Արդյունքները ստանալուց հետո ես արձակեցի փողկապս, վառեցի սիգարետս ու սուրճի ագահ կում արեցի:
874 211 հոգի: Դեմոգրաֆիկ բումից հետո 87-րդ թաղամասի պես վայրերում բնակչությունը կարող էր անցնել մեկ-երկու միլիարդը, բայց ամեն դեպքում Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների քանակն ահավոր էր:
Ես մուտքագրեցի ծննդյան օրը` նոյեմբերի տասը: Ստացվեց հինգանիշ թիվ: 36 258 փոքրիկ Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան լույս աշխարհ էր դուրս պլստացել հենց նոյեմբերի տասին, հենց 2032 թվականին, հենց 87-րդ թաղամասում:
Սուրճս վերջացավ: Ես վառեցի հաջորդ սիգարետս:
«Գլոբա Ֆարմա» ընկերությունն ինձ տրամադրել էր մանրամասն ինֆորմացիա Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի ուսման վերաբերյալ: Երբ ես փորձել էի ճշտել նրանցից վերջինիս բնակության վայրը, պատասխանել էին, որ չեն տիրապետում նման ինֆորմացիայի: Հավանաբար «Գլոբա Ֆարմայի» կորպորատիվ էթիկան սահմանափակում էր այդ տեսակ ինֆորմացիայի տրամադրումը ցանկացած այլ անձանց:
Դե ինչ, ես շարունակեցի որոնումս` ավելի ու ավելի սարսափելով Գլխավոր անալիտիկ համակարգչի տվյալներից:
Պարզվեց, որ թիվ 769 հիպերդպրոցում սովորել է 963 541 Ռադիֆ Յուսուֆ թիքեյան: Նրանցից 21 254-ը ավարտել է հիպերդպրոցը մեր Թիքեյանի հետ նույն տարվա ընթացքում: Նրանցից 7893-ն ընդունվել են նույն համալսարանի նույն ֆակուլտետը: Կոնկրետ խմբի, ամբիոնի և հերթափոխի մասին տեղեկություններ չկային, ուստի, զգալով վորոշակի թեթևություն, ես բաց թողեցի ուսման վեց տարիները, և միանգամից հայտնվեցի «Գլոբա Ֆարմա» ընկերության կադրերի բաժնի տվյալների մեջ: Անալիտիկ համակարգիչն ասում էր, որ ուսումն ավարտելուց հետո նույն ֆակուլտետից ուղիղ 451 Ռասդիֆ Յուսուֆ Թիքեյան ընդունվել է աշխատանքի «Գլոբա Ֆարմա», որոնցից 38-ը արձակուրդի են մեկնել միաժամանակ, սակայն վերադարձել է նրանցից միայն 37-ը:
Ես ստուգեցի այն տուրիստական գործակալության տվյալները, որի ծառայություններից օգտվել էր մեր որոնյալը և, արդեն առանց զարմանալու, փաստեցի, որ նույն ժամանակահատվածում նույն հանգստավայր են մեկնել 64 Ռադիֆ Յուսուֆ Թիքեյաններ:
Հետաքրքրության համար պարզեցի նաև մնացած 63-ի ով լինելը: Պարզվեց որ դրանցից երկուսը նույնպես ծնվել են 87-րդ թաղամասում, սակայն միայն մեկն է նրանցից ծնվել հենց 2032 թվականին:
Իմ կարծիքով, Այս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանը երբեք մենակ չի մնա աշխարհում:
Ես ստուգեցի ֆիզիկական տվյալները: Հասակը` 183 սանտիմետր, մազերի գույնը` մուգ, սարդի պատկերով դաձվածք ձախ ձեռքի դաստակին:
Ես վերցրեցի տոմս ու մեկնեցի հանգստավայր` ստուգելու մեզ անհրաժեշտ թիքեյանի առկայությունն այնտեղ:
Ճանապարը ծախսեց քառասունհինգ րոոպե: Ես հեշտությամբ գտա ինձ հետաքրքրող հյուրանոցն ու առաջին հերթին շարժվեցի դեպի բար` մեկ-երկու վիսկի մեջս լցնելու և նյարդերս թուլացնելու:
Բարում ես տեսա երկու հոգու` մոտավորապես 1, 8 մոտր հասակով և սարդ-դաջվածքով: Ու հենց այդ պահին ստացա հաղորդագրություն պատվիրատուից:
«Որոնումները դադարեցնել: Որոնման օբյեկտը վերադարձել է»:

     
    
Դժվար էր դիմանալ գայթակղությանը:
Անցագրիս հո մոտս է: Անալիտիկ համակարգիչն էլ հո տրամադրությանս տակ է:
Մատներս մուտքագրեցին իմ անունը: Ես սկսեցի խորտակել սեփական օրիգինալությանս մասին բոլոր իմ անուրջները: Պարզվեց, որ նույն օրը, նույն թաղամասում, նույն ժամին (փառք աստծու ոչ նույն կնոջից) ծնվել է մոտ հինգ հարևյուր հազար անվանակից: Նրանցից քսան-եռեսուն հազարը սովորել է ինձ հետ նույն համալսարանում: Հազարավորները` ինձ հետ նույն ֆակուլտետում: Մոտ երկու հարյուրի հետ ես աշխատում եմ նույն գործակալությունում և նրանցից չորսն ապրում են նույն շենքում, որում և ես: Այս 40 հազար բնակարանանոց շենքերում շատ դժվար է ճանաչել բոլոր հարևաներին, բայց ես այնուամենայնիվ որոշեցի գտնել ու ծանոթանալ նրանց հետ: Պարզեցի նրանց բնակարանների համարները: Գնացի դռները ծեծելու:
Առաջին երկուսը աշխատանքի էին: Երևի որոնում էին մեկին կամ ինչ-որ մոռացված արխիվ քչփորում: Մեկը գնացել էր հանգստանալու: Հենց այնտեղ, որտեղ ես ման էի գալիս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանին: Հավանաբար մենք հասցրել ենք լինել նույն բարում և ինչու չէ, մեզ հասցրել են վիսկի մատուցել հենց նույն բաժակով:
Իսկ չորրորդը...
Չորրորդի հետ պետք է ծանոթանայի հետո: Այն պահին երբ ես թակում էի նրա դուռը, խեղճը նույնն էր անում իմ դռան հետ` փորձելով ծանոթանալ հետս, չէ որ նա նույնպես ստացել էր անցագիր դեպի Գլխավոր անալիտիկ համակարգիչը և չէր դիմացել գայթակղությանը: 
     _______________
    

Լիրիկական ակումբ


    
Ամեն պեոտ ունենում է միջինը երեք մետր քառակուսի` ստեղծագործելու համար:
***
Կտրվածքներն անում են ուսերի, վզի և ազդրերի վրա: Մաշկը ձեռքերի վրայից հանում են ձեռնոցի նման, ոտքերից` գուլպաների նման, գլխից` գլխարկի նման: Օգնում են հատուկ փոքրիկ դանակներով: Մկանային հյուսվածքներից մաշկը պոկվում է դժվարությամբ, կարիք է լինում տեղ-տեղ կտրել միացնող հանգույցները դանակով: Մաշկի հետ երբեմն պոկվում են նաև ճարպային գոյացությունները, երբեմն նկատվում են թարախագնդեր` դա այնքան լավ է արտացոլում տվյալ անձի առողջական վիճակը: Քերթվողը սովորաբար կորցնում է գիտակցությունն առաջին «կտորի» հանման ժամանակ: Երբ նրա ուսերից սկսում են ներքև քաշել իր մաշկը, նա սկսում է գոռալ մորթվող խոզի նման, բռավել ու աղերսել, իսկ հետո կորցնում է ուշքը: Գլխի մաշկը հանում են ոտքերն ու ձեռքերը մորթազերծ անելուց հետո: Գլխի մաշկը հանելու ընթացքում նա արդեն մահացած է լինում:
***
Ակումբում կախված է ցուցանակը` երեկոյան ժամը 21-ին լինելու է լիրիկական մենամարտ բանաստեղծներ Էմանուիլ Շահունցի և Արամազդ Արայի միջև: Ներքևում` փայտե տախտակի վրա տրված էր համառոտ նկարագրությունը` «Էմանուիլ Շահունցը խիստ հանգի և ռիթմի վարպետ է, երկաթե մտքի ու ռացիոնալ մտածողության կրող: Արամազդ Արան արևելյան տիպի պոետ է, նա գովերգում է պահը, խորանում է պահի մեջ ու հավերժացնում այն»: Լիրիկական մենամարտը կլինի Վերջին Մակերեսի գրառման իրավունքի համար, հաղթողը պետք է արդարացնի իր ընտրած գիծը: Հաղթող կճանաչվի երեք անպատասխան խոսք մատուցածը: Պարտվողը կզրկվի իր գրական ժառանգությունից»:
Առաջին հյուրերը սկսեցին ժամանել դեռ 20: 00-ից: Դրանք ակումբի պատվավոր անդամներն էին, որոնց դեմքերը միշտ ծածկված էին լինում դիմակներով: Դիմակները հանում էին միայն ակումբի տարածքում: Նրանց դեմքերը վաղուց անճանաչելի էին դարձել, սակայն հեշտ էր ճանաչել նրանց իրենց ձեռագրերով: Դրանք մեծագույն պոետներն էին, որոնք էլ հիմնել էին Լիրիկական ակումբը: Եթե մերկացված լինեին նրանց ոտքերը, հնարավոր կլիներ տեսնել, թե ով ինչ քնարերգություն է նախընտրում ամենից շատ ու ինչի վրա է «կանգանած» գրական դաշտում: Ոմանց մոտ դա սիրային բանաստեղծություն է, ոմանց մոտ հայրենիքի գովքն է, ոմանց մոտ էպիկական պոեմները: Կան այնպիսիները, որոնք նախընտրել են գոտական մռայլ ստվերներն ու իրենց ողջ մակերեսը նվիրել խավարի գեղագիտությանը: Ոտքերը կրում են այն պոեզիան, որը հիմքն է տվյալ անձի: Հետո արդեն ըստ անցած ուղու և ապրած կյանքի բարձրանում են տողերը մարմնի այլ մասերով, հասնում վզին, հետո տեղ գտնում այտերի, ճակատի և նույնիսկ քթի վրա: Մեծագույնը բոլոր պոետներից, մեծագույնն էր բառի բուն իմաստով: Նա հսկա էր ինչպես սումոյի մարտիկը: Նա մի քանի անգամ խոշոր էր բոլոր մյուսներից ու նրա գրական ժառանգությունն էլ ավելի ծավալուն էր:
Ժամանել էր նաև ակումբի վստահված նկարիչը, ով պետք է գրի առներ Վերջին Մակերեսի տողերը: Նա բերել էր իր հատուկ թանաքները ոսկյա սրվակի մեջ ու սպասում էր մենամարտի ավարտին:
Շահունցն ու Արամազդը կանգնած էին դեմ դիմաց: Նրանց շուրջը բանաստեղծների օղակն էր: Բանաստեղծները լուռ էին և կենտրոնացած. նրանք որոշելու էին մենամարտի հաղթողին: Շահունցն ու Արամազդը մերկ էին: Նրանք կարող էին կարդալ միմիանց բանաստեղծությունները, նրանց առջև բաց էին նույնիսկ ամենանվիրական դաջվածքները: Շահունցի մոտ դաջվածքներից ազատ էր միայն ճակատը, իսկ Արամազդի մոտ քիթը: Վերջին Մակերեսը լրացնելու իրավունք ձեռք բերելու համար էին նրանք մասնակցում այդ ծիսական մենամարտին: Սրահը, որտեղ նրանք հավաքված էին, լուսավորված էր սովորական լամպերով: Լամպերի դեղնավուն լույսը խտացնում էր բոլոր գույներն, ավելի խորդհրդավոր դարձնում ծեսը:
Բանաստեղծներից մեծագույնն ու խոշորագույնը նետեց մետաղադրամը` որոշելով թե ով է առաջինը սկսելու իր խոսքը: Վիճակն ընկավ Շահունցին: Շահունցը ժպտաց ու ասաց հանգով.
Կանգնած եմ ես, ոտքերս սեր
Ամուր հենված հողին այս սև
Սև տարիներ պահից առաջ
Ես երգել եմ սիրո մի կանչ...
Արամազդը քմծիծաղ տվեց: Նրան հաճելի չէր մրցակցի հասարակ խոսքը: Նա ասաց այսպես.
Հազար պոետ է կանգնած հիմա
Մենամարտի օրն է այսօր:
Ես ցնծում եմ արդեն:
Շահունցը շարունակեց իր խոսքը:
Ես թողել եմ ճակատը իմ
Իմ ճակատը պիտի ասի
Իմ ճակատը պիտի պատմի,
Ու ճակատիս գիրը վկա
Ես կմեռնեմ բառից քո տկար...
Արամազդ`
Բթության փայլ
Բանաստեղծների օղակի մեջ լսվեցին հավանության ձայներ: Արամազդի դիպուկ ու կարճ արտահայտությունները սիրված էին շատերի կողմից:

    
Շահունց`
Տեսեք սրան, էս վարպետին
Միտքդ կարճ է, բառերդ` շեղ
Չես կապում դու սիրտ և սեր
Չես ասում դու և ոչ մի բան
Չկա քո մեջ ստեզխագործ ԲԱՆ:
Արամազդ`
Խխունջը գիտի թռչելու մասին
Խխունջը տեսել է երեկ մի թռչուն...

     
     
    
***
Մարմնի մաշկը դուրս է գալիս համեմատաբար հանգիստ: Դժվարություն են կազմում թերևս սեռական օրգանները: Դրանց վրայից մաշկը հանելու համար պետք է լինում երբեմն քրտնել` այդքան մարնամասն ու նյարդային աշխատանք է դա:
Մարմնի վրայից մաշկը պոկելու համար կտրվածք են անում մեջքից` ողնաշարի վրայով: Հետո նույն փոքրիկ դանակի օգնությամբ հանում են այն ամբողջովին: Կտրվածքը կրծքից անելու դեպքում մաշկը դուրս կգար վերնաշապիկի նման, սակայն կրծքի վրա կտրվածք անելը նպատակահարմար չէ: Լավագույն տողերը սովորաբար լինում են հենց այնտեղ, ու ափսոս է նույնիսկ մեկ տառ վնասելը:

    
***
Շահունցը մի քանի քայլ կատարեց ու հայտնվեց Արամազդի դիմաց: Այժմ նրանք կարող էին լսել միմյանց շնչառությունը: Շահունցի ճակատն ազատ էր դաջվածքներից, իսկ Արամազդի ճակատին գրված էր`
«Լուսինը հարյուր ու միլիոն տարի
Արծաթ գույնը հարյուր ու միլիոն տարի
Ես մի կետ եմ, ես մի ցող եմ տերևի վրա»
Շահունցի քթին մեկ տարի առաջ գրված տողերն էին`
«Ինչն է քաշում, ինչն է տանում պոետին
Բույրն է նրա սիրելիի…»
Մեկ տարի առաջ Շահունցը չէր խնայել իր քիթն ու նույնիսկ տեղ էր հատկացրել բազմակետերի համար, ինչն իրոք շքեղություն էր:
Երկու պոետները կանգնած էին դեմ դիմաց: Նրանց կատաղած աչքերը չորացնում էին իրար: Նրանց ատամները պատրաստ էին պատռել կոկորդները, կռծել շնչափողն ու խմել հակառակորդի արյունը: Շահունցը բարձրացրեց ձեռքը.
Ես տեսնում եմ, դու շուն տգետ,
Չես հասկանում որ այս պահից
Գործ կունենաս բազուկիս հետ:
Շահունցն իջեցրեց ձեռքն Արամազդի ծնոտին: Հարվածը ծանր և յուղալի ստացվեց: Արամազդի աչքերից կայծեր թռան: Նա երերաց ու նահանջեց, բայց չընկավ:
Մեկ-երկու րոպե անց այսպես խոսեց.
Ծանր հարված, ամուր ոսկոր
Անհուն դարեր, մսրա բուրգեր:
Արամազդը թափ տվեց իրեն այս բառերից հետո ու գոռաց: Նրա ճիչը շփոթեցրեց ոչ միայն Շահունցին, այլև ներկա գտնվողներին: Նրանք ավելի շփոթվեցին, երբ Արամազդը, թափ հավաքելով վազեց ու ողջ ուժով գլխով հարվածեց Շահունցի փորին: Շահունցը կծկվեց եւ սկսեց խեղդվել:
Արամազդն ասաց.
Ջրի հատակին վերջին անգամ
Լուսն էր տեսնում մեռնող ձուկը:
Րոպեն է եկել:
Շահունցը փորձում էր քաշել շունչը, փորձում էր մի բան ասել, բայց շատ ուժեղ էր հարվածը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում գոնե մեկ ձայն հանել:
Իսկ Արամազդը հասցնում էր արդեն իր վերջին հարվածը.
Թեյնիկի մեջ եռում է ջուրը,
Բաժակները սպասում են նրան:
Ես հաղթում եմ մենամարտը:
Բոլորը ծափ տվեցին: Բանաստեղծներից մեծագույնն ու ամենախոշորն ասեց.
-Մեր ակումբի օրենքներով, եթե մենամարտողներից մեկը չի պատասխանում միանգամից երեք խոսքի, ինքստինքյան պարտվում է: Այսօր սակայն, նշանավոր է, քանի որ վճռվում է գրական ժառանգության հարցը: Ու հաղթողի իրավունքով, Արամազդ Արան այսօր կստանա այն ամենն, ինչ ստեղծել է Էմանուիլ Շահունցը:
Բոլորը ծափ տվեցին ու շնորհավորեցին Արամազդին: Նրա անդամը հրճվանքից արթնացել էր ու այժմ կարելի էր կարդալ նրա վրա գրված տողերը`
«Միշտ քնած է իմաստունը
միշտ հանգիստ է իմաստունը
բայց երբ հանկարծ նա զարթնի
կգան բոլոր կողմերից` համբուրելու համար
իմաստունին քնած»:
Շահունցը լացում էր: Շահունցը չգիտեր, թե ինչու այդպես ստացվեց: Շահունցն անիծում էր իրեն` շնչել չկարողանալու համար:
Նրան պառկեցրեցին հատուկ տախտակների վրա: Մի պահ փորձեց դիմադրել, բայց թողեց: Սուր, փոքրիկ դանակը կատարեց առաջին կտրվածքները` ուսերի, ազդրերի ու վզի վրա: Քիչ անց լսվեց Էմանուիլ Շահենցի ոռնոցը:
Նրա մաշկը` ողջ նրա գրական ժառանգությունը, դրեցին հատուկ սպիրտային լուծույթի մեջ ու տվեցին Արամազդ Արային: Դա նրա ապագա հավաքածույի առաջին նմուշն էր: Արամազդ Արան դասվեց Քերթողների շարքին ու իրավունք ստացավ կոչվել «Մեծ»: Շահունցի մարմինը բաժանեցին կտորների ու ցրեցին ողջ քաղաքով մեկ` ի ուրախություն անտեր շների:

    
***
Մաշկի պատվաստումների ժամանակ օգտագործում են հետաքրքիր մի տեխնոլոգիա: Հատուկ ասեղների միջոցով մարդու մաշկը կարող է մեծացնել իր մակերեսը մռտ տաս անգամ: Մաշկը ասես բաժանում են մանր թելերի, որոնք հետո վերածվում են լիարժեք միասնական հյուսվածքի: Այդպես օրինակ` մեկ սանտիմետր քառակուսի մաշկը կարող է նման դեպքում փոխարինել մոտ 10 սանտիմետր քառակուսի վնասված հատված:
Միջին մարդու մաշկի մակերեսը երեք քառակուսի մետր է: Դժվար է պատկերացնել, որ այն կարող է ձգվել ու հասնել եռեսունի: Բայց դա այդպես է:

 

Արմեն Շեկոյան / Անտիպոեզիա, բանաստեղծություններ

10.09.2014 00:02


(ծնվել է Մարտի 23, 1953, Երևան) ― հայ ժամանակակից գրող, բանաստեղծ և լրագրող։

Կենսագրություն

Արմեն Շեկոյանը ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հետագայում սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երեւանի բժշկական ինստիտուտում, «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ Մշակույթի նախարարությունում։ Որոշ ժամանակ եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ստեղծագործական աշխատանք
Արմեն Շեկոյանի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։

«Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը մաս առ մաս տպվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։

Պարգևներ

  • Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ
  • «Վլ. Մայակովսկու օրեր» անվան մրցանակ 1981 թ. Վրացական ՍՍՀ-ում անցկացվող Վլադիմիր Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում

Հրատատակված գրքերը

  • Մետաքսի ճանապարհ (պատմվածքների ժողովածու), Երևան, 2004։
  • Երևան-հյուրանոց (բանաստեղծություններ), Երևան, 2003։
  • Անտիպոեզիա (բանաստեղծություններ), Երևան, 2000։
  • Թուղթ ու գիր, (Բանաստեղծությունների ժողովածու), 1991
  • Բախտ, (Բանաստեղծությունների ժողովածու), 1987
  • Ճոճք, (Բանաստեղծությունների ժողովածու), 1982
  • Ճամփորդ արևը (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980
  • Անձրև, անձրև, մի արի (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980


«Անտիպոեզիա» . այսպես է վերնագրել Արմեն Շեկոյանն իր ժողովածուներից մեկը: Փաստը կարելի է դիտարկել իբրեւ եզրն առավել «բաց» շրջանառության մեջ դնելու սկիզբ, բայց նաեւ' ներկա ժամանակը հասկանալու մեկ այլ փորձ: Իսկապես բազմաթիվ են որեւէ տրվածություն հասկանալու ճանապարները, որոնք էլ, իրենց հերթին, իրականանալի են ամենատարբեր մակարդակներում, նաեւ' բանաստեղծության, լեզվի: Մի ճանապարհ էլ, թերեւս, հայտնի «Հայկական ժամանակ» վեպի հեղինակի բանաստեղծությունները հենց այսպիսի՜ ընտրությամբ ներկայացնելն է ահա:
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

...որովհետեւ մարդիկ ու մանավանդ հայերս ինչ-որ մեկին ոչ թե պարզապես սիրում ենք, այլ էդ ինչ-որ մեկին ի հեճուկս մեկ ուրիշի ենք սիրում, եւ մարդիկ ու մանավանդ հայերս ոչ թե ուզում ենք էս կյանքում երջանիկ լինել, այլ ուզում ենք ավելի երջա նիկ լինել, քան՝ մեր դիմացինը, եւ մարդիկ ու մանավանդ հայերս ոչ թե ուզում ենք մեր էս մինուճար կյանքն ապրել, այլ ուզում ենք մեր էս մինուճար կյանքն ավելի լավ ապրել, քան՝ դիմացինը, եւ քանի որ մեր դիմացինն էլ է հիմնականում մարդ ու հիմնականում հայ, մերդիմացինն էլ է նույնը ցանկանում, ու էսպես մի ասնաբար նույնը ցանկանալով՝ մշտապես դժգոհ ենք, որովհետեւ երջանկության մեր բաժինը շարունակաբար չստանալով՝ շարունակաբար կարծում ենք, թե՝ երջանկության մեր բաժինը դիմացինին է բաժին հասել, եւ, բնականաբար, դիմացինն էլ իր գծով է նույնը կարծում... «Հայկական ժամանակ» վեպից ԱՆՏԻՊՈԵԶԻԱ Զրույց մարդու հետ Զարկեցիր ինձ, ո՛վ անցավոր, քո հայացքով չոր ու ունայն, զի՝ քեզ թվաց, թե իմ ցավը քոնը չէ ու ի՜մն է միայն։ Մի պտույտից հետո դարձյալ քեզ վրա եմ զարմանալու, քանզի դո՜ւ ես, ո՛վ ողբացյալ, իմ ցավերը դարմանելու։ Սեր Ձմեռն անցավ։ Աստված իր հետ. գնա՜ էլ, գա՜ էլ։ Էս ընթացքում դու ոչ մի օր չես բացակայել մտածմունքից իմ շուրջօրյա՝ ճոխ ու գունավոր, ուր դու անվերջ թագուհի ես, ու ես՝ թագավոր։ Փորձնական եթեր Կորցընում եմ ու էլի հետ եմ ստանում։ Մերթ զրկում ես ինձ, մերթ էլ բախտ ես խոստանում։ Կյանքը սա՞ է, Տեր իմ, թե էլի բաներ կան։ Անվերջ քաղցր անցյալն է ու տըտիպ ներկա՞ն։ Մերթ խնդում եմ, մերթ լալիս՝ որպես մի Վերթեր։ Կյա՞նք է արդյոք, Տեր իմ, թե փորձնական եթեր։ Աղերս Էս պ հերից մինչեւ մեր կանխատեսումը վաղվա կյանք է դրված եւ, ավա՛ղ, մահեր էլ են շարված։ Տե՛ր, ամենատես ամոքիչ, փակիր դռները վախի, որ մենք զարթնենք ու քիչ-քիչ գանք դեպի քեզ։ Ու ձախից հրեշտակներ ուղարկիր, որ հորդորեն գառներիդ. հրեշտակներ ուղարկիր աջից ու մյուս դռներից, որ գան՝ բախեն իրարու հավերժություն ու վայրկյան. որ մենք գոնե մի գարուն դիմավորենք իբրեւ կյանք։ Չի հուրհրա Բառն է դժվար ելնում հոգուց։ Հոգին էլ է դժվար բացվում։ Բացվեց, ահա, բայց ինչ օգուտ. հիմի էլ իմ աչքն է թացվում։ Էս զբաղմունքն օտար է ինձ, սակայն չունեմ ուրիշ արհեստ։ Դընդընում եմ առավոտից անհոդաբաշխ ու անհամեստ ես ուզում եմ սիրուն վարդեր նկարել էս թղթի վրա, բայց... թանաքըս ջուր է արդեն. իմ բառն արդեն չի հուրհըրա։ Մեծ սեր Երբ փարվում է արեւածագն Էս աշխարհի թիկունքին, մոռացվում են ցավ ու փորձանք, ու մեր զըվարթ աչքունքից կաթում է Լույսն հանապազօր, որ ծագել է մեր սիրուց։ Մենք զըտել ենք գիշեր ու զօր աստվածա յին մի սե րուցք։ Ճողոպուր Ես ուզում եմ կըտըրվել իմ ու ձեր փուչ քանքարից։ Ես ուզում եմ դուրս գրվել Էս կատաղի պայքա րից։ Իմ հավատո հանգանակ՝ թուլակազմ ու սըփըրթնած, էլ չեմ ուզում անդանակ մորթըվել ու թըպըրտալ։ Հերիք է ինձ կողոպտեմ՝ շըռայլելով սուտ երդում։ Ես ուզում եմ ճողոպրել. չըլինել էս շըքերթում։ Ի բաց Փառք Քեզ, ամենայն թրթիռ բաշխող։ Փառք Քո աթոռին ու Քո թագին։ Չըկա անցյա լը, որ, իմ հաշվով, մի զառանցանք էր հիվանդագին։ Չըկա անցյա լը։ Չըկա արդեն։ Եւ հորիզոնն է մի նրբերիզ բաժակ, որ շողաց ծարավի դեմ Քո ժառանգների ու որբերի։ Արեւ ու ձյուն Հանդիպեցին արեւ ու ձյուն։ Օրն է շըքեղ բախտի կամար։ Հոգապահուստ բախտի համար կուտակեցի հարըստություն։ Կուտակեցի հարըստություն հին ու խախուտ վայրկյաններից։ Օրն է շըռայլ։ Նոր կյանքն է ինձ տալիս հավատ ու հարություն։ Բռնել են էս ղողանջներն ինձ։ Վերից հուսո ձենն է կաթում։ Հիշում ու դեռ չեմ հավատում աչքերիս ու ականջներիս։ Ես իմ երգն եմ հիշում աշնան ու քըթիս տակ թույլ դընդընում. ուրկի՞ց եկավ, ո՞ւր է գնում երջանկությունն էս սըրարշավ։ Ժամանեց իր հեռուներից։ Նայում ու դեռ չեմ հավատում։ Ես փոխվել եմ. էլ չեմ ատում ուրիշներին ու ինքըս ինձ։ Հին ձայներ Նըմանակում է մարդը մարդուն։ Նըմանակում է օրը օրին։ Նորություն չըկա, եւ բոլորին նույն ձայնն է պահում հիմա արթուն։ Նույն ձայնն է հնչում մեր բոլորի երազներում ու ականջներում. Ու ներծըծվում ենք մենք օր օրի իր հըրաշալի ղողանջներում։ Ուրիշ նորություն չըկա. եթե լինի՝ այլեւս չենք իմանա։ Նորություններին հիմի արդեն մեր սրտիկները չեն դիմանա։ Ու րիշ նորություն պետք չի՝ եթե շարունակվենք էս ղողանջներում։ Հինն էլ հերիք է մեզ. միայն թե՝ չըմա րի մեր թույլ ականջներում։ Հարազատ են մեզ ձայներն էս, որ շարունակվում են ու ամոքում եւ հույս են տալիս ու մենավոր հեծեծանքներն են ցըրում հոգու։ Հայր մեր Անհնարին էր լինել էսքան անհիշաչար ու ներողամիտ, բայցեըայնպես՝ Դու եղար, սակայն Դու երեխա չես. Դու միամիտ մի երեխա չես. եւ այստեղից չես հեռանալու՝ միչեւ դարձյալ ճանաչենք Քեզ. ու մեր անիծյալ հիշողությունը շարժենք տեղից։

Մանրամասները` yerkir.am կայքում:


Վարդավառ
(բանաստեղծություններ դպրոցական կրտսեր տարիքի համար)

«Արևիկ» հրատարակչություն
1989թ. Երևան

Ագռավը

Կռռաց, կռռաց ագռավը
Ամբողջ տարի մեր բակում:
Տատս ասաց. - Ագռավը
Վատ բաներ է գուշակում:

Կռռաց, կռռաց մեր բակում,
կռռաց այստեղ ու այնտեղ,
Տեսավ` բան չի գուշակում,
Թռավ-գնաց ուրիշ տեղ:

Շունն ու գայլը

Մի շուն ասաց մի գայլի.
- Էդպես հպարտ մի քայլիր,
Էն դու չէի՞ր` գողի պես
Հոտը արիր երկու կես,
Մտար գողի պես փարախ
Ու հեռացար փախեփախ:
Թշնամի ես, թշնամի,
Շունն էդպես բան չէր անի:

Գայլը ասաց. - Շուն ախպեր,
Ի՞նչ է, ուզում ես կախվե՞մ:
ԸՆտանիքով վեց շունչ ենք,
Մեղավո՞ր ենք, որ շուն չենք:


Չար փայտահատը

Կար մի դաժան
Փայտահատ,
խփեց-կտրեց
Շնչահատ,
Ողջ անտառը
Փռեց ցած,
Հետո նայեց
Զարմացած,
Տեսավ` ոչ մի
Ծառ չկա,
Գեթ մի հատիկ
Ծառ չկա...
ՀԻմա շիվար,
Շփոթված
Գործիքներն է
Հավաքում...

- Քեզ տեղն է,
Չար փայտահատ,
Գոնե մի ծառ
Չթողիր,
Որ նստոտես
Շվաքում:

Պատառաքաղը

Ճանկում է նա
Ինչ պատահի,
Էլ չի նայում`
Տա՞ք է, պա՞ղ է:


Ապրում է այս
Ճաշարանում
Եվ ուրիշ գործ
Նա չի անում:


Այսպես է իր
Օրն անց կենում,
Սակայն ինքը
Չի հագենում:


Դե, մի խոսքով
Այս ընկերը
Սարսափելի
Շատակեր է:


-Ուտեստների
Մեծ սիրահար,
Բա ինչո՞ւ ես
Այդքան նիհար:


Փակ աչքերով


Կռունկների մի երավ
Թռավ, որ գա Երևան:


Ավագ կռունկը տարեց
Ներկա-բացակա արեց,
Ասաց. - Մեկը պակաս է,
Բայց չենք կարող սպասել.
Շատ երկար է մեր ճամփան,
Թող պատժվի ծույլն անբան:
 

Կռունկների մի երավ
Թռավ-հասավ Երևան:

Թռան-հասավ փոքր ու մեծ,
Տեսան` ընկերը իրենց`
Այն բացակա կռունկը
Դիմավորում է իրենց:

Ասին. - Կռունկ հարևան,
Ո՞նց մեն-մենակ, քեզուքեզ
Եկար-հասար Երևան:

Ասաց. - Կռունկ ընկերներ,
Դուք այդ ի՞նչ եք ինձ ասում.
Իմ սիրելի քաղաքն է,
Աչքերս փակ եմ հասնում:

Կծած խնձորը

Այս ի՞նչ կծած խնձոր է
Մեր ծառին աճել:
Տեսնես ո՞վ չի համբերել,
Ախր դեռ խակ է:

Պարզեցինք, որ Հովիկն է
Այս անհամբերը:
Կատարել է ճիշտ և ճիշտ
Տատի պատվերը:

Տատն ասել է Հովիկին.
- Համբերիր, բալես,
Մինչև կարգին չհասնի`
Խնձոր չքաղես:

Ինքը խելոք բալիկ է,
Լսող, անպայման:
Ինքը խնձոր չի քաղել,
Կծել է միայն:

Ընձուղտն ու զեբրը

Ընձուղտն ասաց
Մի զեբրի.
- Հերիք քեզնով հիանաս,
Ավանակի նման ես:

Զեբրն ասաց.
- Չար ընձուղտ,
Ականջներդ կպոկեմ,
Ափսոս, չունեմ մի սանդուղք:

Գաղտնիքը

Տներն աննշան
Ու թույլ կետերն են:
Մարդիկ պստիկ են
Մրջյունների չափ:
Կապույտ թելերն այս
Իրոք գետեր են:
իսկ իմ ճկույթը
Մեծ է ամպի չափ:

Ծառերը ասես
Մանր տառեր են,
Եվ կանաչ դաշտն էլ
Տետրի է նման:
Իսկ կապույտ լիճը,
Որ շողշողում է,
կարծես թե լինի
Մի թանաքաման:

ես ոչ մի սուտ
Ձեզ չեմ ասել:
Մի շտապեք նախատել ինձ:
Իմ գաղտնիքը հիմա կասեմ.
Ես նայում եմ
Ինքնաթիռից:

Գազանանոցում

Պապիկն ասաց.
- Շահանդուխտ,
Սա ընձուղտ է,
Իսկ սա` ուղտ:

Թոռնիկն ասաց.
- Ոչ մի ուղտ,
Նույն ընձուղտն է,
Այ պապիկ,
Չես ճանաչում, քանի որ
Ծռմռված է
Ահավոր:

Անձրև, անձրև, մի արի
(բանաստեղծություններ դպրոցական կրտսեր տարիքի համար)

«Սովետական գրող» հրատարակչություն
1982թ. Երևան


Իշուկի ականջներն ու խելքը

Կենդանիներին
Խելք էին բաժանում,
Հերթով գալիս էին,
բաժին ստանում:
Ամենավերջում
Եկավ իշուկը,
Երբ դատարկվել էր
Խելքի պուտուկը,
Եվ մնացել էր
Մի պուտ, մի պուտ խելք...


Ինչ կար, էն տվին,
Չկար ուրիշ ելք:

Նա չի ուշանում,
Իսկ հաջորդ անգամ
Երբ արդեն ականջ էին բաժանում:
Գալիս է շատ շուտ,
Ջոյում իր համար
Ականջներ խոշոր,
Երկար ու հարմար...
Այ քեզ ավանակ,
Այ քեզ մեծ գիտուն:

Մինչև հիմա էլ
Ուրախ է ու գոհ
Երկար ականջով
Եվ մի պուտ խելքով:

Ալա-բալա-նիցա
կամ` եկեք հաշվենք

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Տեսնենք ո՞վ կկրակի
Այն աղվեսի վրա, որ
Բոլորին խաբել է, թե`
Գնացել է մարզանքի,
Բայց առավոտ շուտ թաքուն,
Սողոսկել է հավաբուն:
Քեռի Վաղոն շատ ունի
Աղ ու պղպեղով վառոդ,
Դե, շուտ վազիր նրա մոտ:

Ինի-մինի-մայնի-մուկ,
Կատուն բռնեց մի չաղ մուկ,
Մյուս մկները այդ տեսան
Ու կատվի վրա հասան:
Ինի-մինի-մայնի-մուկ,
Ինչ աղմուկ է, Ինչ աղմուկ:
Շա՞տ երկար ես նստելու,
Գնա կատվին փրկելու:

Ալա-բալա-նիցա,
Արջ տեսա, շատ վախեցա,
Երբ գնացի ես անտառ,
Ուրախ էի ու կայտառ:
Շլդիկի հետ պարեցի,
Թութակի հետ երգեցի:
Բակում տոթ է, շոգ ամառ,
Ո՞վ կգա ինձ հետ անտառ:

Ձեզ հետ միասին
(բանաստեղծություններ)


«Սովետական գրող» հրատարակչություն
1979թ. Երևան




ՀԱՅԱՍՏԱՆ


1.
Դու ապրում ես լեռներիդ մեջ վայրի,
դու հոսում եմ ջրերիդ հետ ուրախ,
դու պարզ ընդգծված ես արեգակի ֆոնին,
դու միշտ ժպտում ես քարտեզներից ժլատ,
դու ինձ հետ ապրում ես
այս համեստ կահավորված սենյակի մեջ
և հիմա
լուսամփոփից կաթում ես թղթին:


Իմ հայրենիք, ահա դու կրկին
ծեծում ես պատուհանները հնօրյա խրճիթներիդ,
այցելում ես բակերը բոլոր
և նորից ստուգում ես
տրամադրությունը հուշարձաններիդ:
Սակայն, ինքդ քեզ հասնելու համար
Ժամանակը դարձյալ քիչ է թվում:


Իսկ մենք...
ամենասովորական լեռնագնացներ ենք,
որ ծնվեցինք`
քո մարմնով անվերջ բարձրանալու համար:

2.
Թոնիրներից ելնում էր ծուխը
երդիկներին ի վեր
և երկնքի վրա գրում էր`
Հ ա յ ա ս տ ա ն:


Հող իմ, ներիր ինձ,
ես այդպես էլ երբեք երդիկ չտեսա
և չիմացա ստույգ ոչինչ:


Արևը հոգնել էչ իր միևնույն կետից,
արևը լցվում էր բաժակների մեջ,
իսկ պապիս հոգնած ձեռքերը
օդի մեջ գրում էին`
Հ ա յ ա ս տ ա ն:


Հող իմ, ներիր ինձ,
ես այսօր քնեցի երկար,
բայց չկարողացա տեսնել
երազը պապիս:


Հող իմ,
անհավատալի փոքրիկ իմ հող,
ես ուզում եմ մեծանալ անվերջ,
որ կարողանամ գրկել երկինքդ:


3.
Դու ինձ ստիպեցիր
անվերջ հոսել դեպի ներս,
դեպի ներս,
դու ինձ ստիեցիր
բարձրացնել հողին զույգ ափերով
գլխից վեր,
դու միակն էիր,
որ ինձ ստիպեցիր երդվել:


Դու կրկին միակն ես,
որ ինձ ստիպում ես դադարեցնել երգը,
քանզի բառերն հիմա աննյութ են`
քան երբևէ,
դու ինձ ստիպում ես դադարեցնել երգը,
քանզի դու վերջ չունես,
իսկ իմ երգտ մի օր վերջնականապես
կլուծվի մայրամուտի մեջ:


Իսկ գուցե մի գեղեցիկ օր
ես կրկին դիմավորեմ քեզ
բառերի շքերթով.
երբ ոտքերս ավելի ամուր լինեն,
իսկ բեռս` ծանր,
երբ բառերն ավելի կոշտ լինեն,
իսկ մատներս` կոպիտ, -
այնժամ մենք կքայլենք ուս-ուսի
հավերժի միջով,
քանզի դու վերջ չունես
և ես չեմ վախենա մահից...
Իսկ թե ճանապարհին հանկարծ ընկնեմ-մեռնեմ,
գուցե դու իմ մահով
մի նոր արմատ շահես:


ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ


Եթե երբևէ մնաս քեզ հետ մենակ
և ժամերդ թափվեն անմխիթար,
հիշիր,
որ ծիրանի կորիզը դարձել է ծառ,
հիշիր,
որ հողի մեջ ունես բացված երազ:


Փչեք շեփորները պատյաններից փրկված,
փչեք լուսանկարի դեմքից
ժամանակի հևքը սառած,
և ձեր սուլիչները փչեք
ծիրանի կորիզներից շինած.
այստեղ հանգչում են դեղձենու ծաղիկները`
թիթեռնիկներ պահած,
այստեղ հանգչում է կորիզը,
որ համառորեն դարձել է ծառ:


Եթե երբևէ այցելես ինքդ քեզ,
և դեմքիդ փոշին սրբելը դառնա պահանջ,
նայիր, տես,
հենակ են դրել ցանկապատիդ,
հանիր, նետիր մի կողմ,
հենվիր ինքդ քեզ,
միայնակ:


ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Արամ Խաչատրյանին Այդ օրը, վերջին օրը ոչ ոք չիմացավ,
որ Որսկան ախպերը իջել էր սարից
և քեզնից հարցրել այն դժբախտ մոր
կորած որդու տեղը:
Եվ դու ասել էիր` գնա, էլի փնտրիր,
և դու ասել էիր` տարեք:
Այդ օրը ոչ մի մահվան հնչյուն
չմոտեցավ քեզ, ոչ մի կաթիլ արցունք
չընկավ հենց այնպես,
անձրևի նվագի տակ հայրենի քաղաքդ
դիմավորում էր քեզ իբրև նորածնի,
հայրենի քաղաքդ-Երևան-հսկա հայելի,
որ ատժրտացոլեց քո դեմքը
սկզբից մինչև վերջ:
Դու հրաժեշտ էիր տալիս հանգիստ,
քանզի ամեն ինչ վերցրիր քո ափերի մեջ
և ուրիշ ոչ մի գոյություն չէիր ակնկալում,
իսկ հանդերձյալ կյանքը սկսվեց ժամանակից շուտ,
այստեղ, հենց այս երկրում:
Այդ օրը ոչ մի մահվան հնչյուն
չմոտեցավ քեզ, ամեն մի տուն
իր հետ քո պատկերը տարավ:
Իսկ այնտեղ` հեռվում, թփերի տակ խոնավ,
անձրևից ու զարմանաքից կուչ էր եկել մահը,
որին ոչ ոք, ոչ ոք այդ օրը
չտեսավ:



hs-poetry.blogspot.nl/Հասմիկ Սիմոնյան

Հակոբ Մովսես / բանաստեղծություններ

03.09.2014 00:01

 

Սեպտեմբերի 3-ը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի ծննդյան օրն է: Օգտվելով առիթից շնորհավորում ենք սիրված գրողի ծննդյան տարեդարձը: 
Հակոբ Մովսեսը ծնվել է 1952-ին, Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում։ 1969-ին ավարտել է Արմավիր քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ 1973-ին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։ 1979-ին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։ 1991-1995 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը։ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն։

Երկեր

1981 - Թռիչքների երկինք, 40 էջ, Երևան, «Սովետական գրող» 
1984 - Ցնծության պահեր, 96 էջ, Երևան, «Սովետական գրող» 
1988 - Երգասացություն, 192 էջ, Երևան, «Սովետական գրող» 
1992 - Գիրք ծաղկման, 200 էջ, Երևան, «Նաիրի» 
2005 - Բանաստեղծություններ, 536 էջ, Երևան, «Նաիրի» 
2009 - Լույս զվարթ, 425 էջ, Երևան, «ԻԿԿ» 
2013 - Յոթներորդ որսորդություն, 333 էջ, երևան, «Անտարես» 

Թարգմանություններ

1980 - Յոհաննես Բոբրովսկի, Ժամանակը ցանկապատի վրա, 72 էջ, «Սովետական գրող» 
1982 - Ռայներ Մարիա Ռիլկե, Բանաստեղծություններ, 168 էջ, «Սովետական գրող» 
1986 - Թոմաս Ման, Բուդենդրոոկներ, 700 էջ, «Սովետական գրող» 
1992 - Ֆրիդրիխ Նիցշե, Չարից և բարուց անդին, Չաստվածների մթնշաղ, 272 էջ, «Ապոլլոն» 
2002 - Ֆրիդրիխ Հյոլդեռլին Բանաստեղծություններ, 510 էջ, «Նաիրի» 
2005 - Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, 516 էջ, «Վան Արյան» 
2007 - Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, 322 էջ, «Նաիրի», 
2008 - Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զրադաշտը (երրորդ վերամշակված հրատարակություն), 560 էջ, Իիկ-Երևան
2013 - Ֆրիդրիխ Նիցշե, Ողբերգության ծնունդը, Վագներ դեպքը, Չաստվածների մթնշաղ, Ecce homo, 631 էջ, «Գրիգոր Տաթևացի», Երևան։
***

«Նաիրի» հրատարակչություն

Երևան, 2005թ.

ՖԼՈՐԱ

Գիշերվա քամի՞ն շշնջաց դարձյալ: 
Ջրերին իջած ա՞ստղ էր հուրհրան...
Ի՞նչ անուններ են գիշերով բուրում
մեր շրթունքները: -
Ով մերը չեղավ` կանչում ենք նրան: -
Ում կորցրեցինք` նա մնաց մերը:

Ում կորցրեցինք... Ինչպես վարդը այն
անցած մայիսի վարդը բուրավետ, 
որի չորացած թերթերը սակայն
մենք մի սիրելի գրքի էջերում, 
չգիտես ինչու, պահում ենք հավետ:

Իմ հիշողության պարտեզների մեջ
քեզ ինչպե՞ս կանչեմ, 
ինչպե՞ս կրկնեմ անունը քո թանկ: 
- Բայց անուններ կան, որ պիտի չասենք, 
այլ գիշերվա մեջ, հանկարծ զարթնելով, 
պիտի հեկեկանք: 

ՕԳՈՍՏՈՍ
Դ.

Ես սիրո համար եղա սիրելիս: -

Մինչև լուսաբաց... Մինչև լուսաբաց...
Խնձորենու տակ քո երակների,

քո սրտի վրա, բույրերի խորքում
կրծքերիդ բացված մանուշակների:

Մեզ ի՞նչ կմնա այս գիշերվանից: 
Ի՞նչ կմնա մեր շուրթերի վրա:

Մինչև լուսաբաց, երբ արևելքում կհնչեն կրկին
պկու և սրինգ, և քո քույրերը, զարթնելով քնից,

կգան-կկանգնեն դռնակի դիմաց քո ցանկապատի:

Ու՞ր է, ասա մեզ, որտե՞ղ է հիմա, կհարցնեն քեզ, 
ցույց տուր մեզ տեսնենք`

որտե՞ղ ես թաքցնում քո սիրեցյալին:

Դու լաց մի եղիր, դու մի հեկեկա:

Դու նրանց ասա` իմ սրտի մեջ էր, իմ կրծքի վրա, 
իմ շշուկների հովիտներում էր նա ամբողջ գիշեր:

Դու նրանց ասա, որ առավոտյան, 
երբ բաժանումի աստղը ցոլցլաց ջրերի վրա,

երբ երեք անգամ հավը խոսեց, և
հանկարծ բացվեցին դռները լույսի,

նա վերջին անգամ
շուրթերս ծածկեց իր համբույրներով
և իր ոսկեսայր նետ-աղեղն առած`

ամռան վառվռուն սարերը ելավ այծյամի որսի...

ԴՈՒՔ, ՏՂԱՆԵՐ ՀՈՒԼԻՍԻ

Դուք, տղաներ հուլիսի, 
մատնեմատերդ խրած լույսի կոկորդը ոսկյա և երկնքի մայր դռան վերնասեմի ճեղքերից
ահասարսուռ բզզացող մեղվաբները մահվան -
Ո՞վ ձեզ մղեց ամառվա առափնյաները կիզիչ, 
ուր անպաշտպան եք, ինչպես խեցգետինները ափ նետված` կեսգիշերվա լուսնի տակ: 
Բռնկվում են երազի նրբաթևերը ցանցկեն, և ժամանակը այնտեղ, ջրերի մեջ մոլեգնած, 
ձեր հույսերի անխարիսխ տորմիղներն է քշում դեպի անհայտ մայրցամաք, 
ուր հայտնի չէ` վախճանի ինչ բնիկներ են ապրում խարույկների շուրջը վառ: -
Սեպանիգերը խրած ճեղքերի մեջ սպասման, հեշտանքներից համրացած և շուրթերով պինդ կառչած ծծակների կործանման` 
դուք ձեր փայտե դռներին ուրուներին եք մեխում հսկայական լռության
և, ափերին խռնված, անցախոսն եք կրկնում, որ ցերեկվա ելքի մոտ մի անծանոթ շշնջաց
և այլևս հավիտյան խավար գիշերը մտավ: -

Դուք, տղաներ հուլիսի, 
որ անպաշտպան եք, ինչպես խնձորները` սրաշեղբ դանակի կողքը դրված: -
Ո՞վ ձեզ կասի գաղտնիքը այս ամառվա և արյան, որ փռվում է իբրև աղ, կսկծացնելով քրքրված նախադաստակը վախի և թիկունքը սպասման:

Դուք, տղաներ հուլիսի, 
ձերն է աշխարհը համայն` արևելքում հրճվանքի և զենիթում գոհության: Ձերն է օրը անսահման, 
ուր թփերից հասմիկի, իր եղջյուրները ցցած, 
մենությունն է լրտեսում ձեր ընթացքները անհոգ և ժամերը ցնծության: 
Ուր անպաշտպան եք, ինչպես նետը` արդեն արձակված: 
Ինչպես մեկից տասներկուս, 
որոնց կրծքին ամեհի զույգ սլաքներն են ուղղված: 

ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ

Գարնանացանն արի, վիկն ու ցորյանը
ցանեցի, գարին, 
և քո հերկերում, ցավ, 
առավոտ վաղ ես գցեցի
լիաբուռը
իմ բառերի -

նշաններ կան, որ ասում եմ, ո՞նց մոռանանք, 
քամին, լուսաբացը, արտի եզրին կքած
փոքրիկ մի ճիչ
և կամ աստղն այն Արուսյակ, 
որը` աշնանը գիշերներին
թող իմ Հեռվի
ընծան լինի
ձեր Կապուտլուս սարին` 
Աստված ասաց -

ես իմ պատմությունն եմ անում, 
եկեք, և դու, իմ մթնշաղ, կապույտ իմ եզն, 
լիալուսնի իմ նշանը` ամեն կողքից մեղրի մի փարչ, 
կանաչ-կարմիր ապրշումը լույսի, 
որ, ա՜յ, 
և դու, կարոտ, տոտիկ-տոտիկ
իմ հետևից, ասես
կենտ մնացած կաքավ, 
ուր որ հիշողության ջրերին կախ
ոսկյա ճյուղը պահեցի քո, 
Հայրենիք, 
ախ -

ես իմ պատմությունն եմ անում, 
երբ որ երկար պանդխտումից վերադարձա
և բերեցի մաշիկ, գոտի, մի ծոց լի տաղ` 
եկեք տարեք` ո՞նց մոռանանք -

Այսպես եկավ նա մեզ` այսպես տեսանք` 
նա նստած էր երեկոյան, ըստ հինավուրց
ձեր պատգամի, դուք, աջափնյա յոթ գյուղորայք, 
թիկնած էր նա, դողդողացող աջը
կրծքին դրած, ջրերի մոտ հավիտենից
սուրբ հացի էր նստած
մեր երգեցիկ ծերերի հետ, 
և աջ ուսին դու էիր, 
կաքավ, 
և ձախ ուսին, 
Հայրենիք, 
ախ -

ՄՈՐՍ

Եվ քամիներն ահա
ճանապարհներ դարձան, -
ես գնում եմ հեռու, 
ես գնում եմ հեռու:

Եվ թափուր են մնում
օրորոցներն անձայն, 
և մանուկներն այնտեղ
էլ չեն տեղավորվում:

Եվ մեզ ի՞նչ է մնում
կորցնելուց բացի, -
և մեր դուռն են թակում սկիզբ ու վերջ, -
և ասում ես դու ինձ` 
տե՛ս, երկինքը հեռվում, 
և աստղերը` անծայր երկնքի մեջ:

Ես ելնում եմ հիմա
և գնում եմ ահա, 
գիտեմ` ինձ հետ դու չես գալու, -
դու մնում ես հեռվում -
դու մնում ես հեռվում` 
մանկությունս այնտեղ
պահպանելու:

hs-poetry.blogspot.nl
_______________

ԱՂԲՅՈՒՐԸ

Ես լսել էի նրա ձայնը
Եվ ելել էի որոնումի: 
Ես սիրում եմ թուզ, սալոր, մորի
Եվ, ուրեմն, ծոցս լիքը բառեր էի լցրել, -
Իմ մասին ինչ ուզում են թող ասեն, 
Բայց թող այն էլ ասեն, 
Որ պահեր կան, 
Երբ ինձ գնդակ չի բռնում, 
Երբ ինձ վրա արձակված նետերը
Չեն դիպչում ինձ, 
Եվ որ սուսերամարտի ու երգասացության մեջ
Ես ինձ հավասարը չունեմ:

Բայց ինձ ասել էին, 
Թե մեկը կա: 
Ես կարծում էի, 
Թե նա դահլիճներում կլինի
Եվ փնտրում էի այնտեղ, 
Սակայն հետո բլուրները ելա
Եվ, նրանց լանջերին թփերը հետ տանելով, 
Տեսնեմ` մեկը պառկած, 
Եվ անթառամը` 
Կրծքին կքած: -

Այ թե
Որտեղ ես թաքնվել
Փոքրիկ սուսերամարտիկ
Այ թե
Ես ասացի
Որտեղ

ԼՈՒՅՍԸ

Հրաչյա Թամրազյանին

Առավոտյան ելանք դարձյալ լալով, 
Բայց երբ կանաչ Շրեշ բլուրն անցանք, 
Այդ դու էիր կանգնած փողփողալով, 
Ո~վ եթերի ոսկյա դու սերմնացան:

Մեջքիդ քո յոթնահյուս գոտին կապած, 
Մեզ մեկնելով հունդն ու սերմը բառի…
- Թե՞ դու մեր հովիվն ես` երակդ բաց
Մեր դիմաց նստած մի մամռոտ քարի, 
Ողջ տիեզերքը քո գրկում պահած, 
Ինչպես գառը Գողթն մեր գավառի: 

ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ես քո ոտքն եմ եկել` մինուճարիս համար
Բարեխոսելու քեզ, պայծառափայլ իշխա’ն: -
Արդեն ինչքա՞ն եղավ` արդեն յոթը ամառ
Սպասում եմ նրան, որ հոտաղն էր իմ տան:

Լոկ մի բան եմ խնդրում. եթե քո տարեկան
Մարդահամարը դու դարձյալ անցկացնես, 
Նրան բացակա դիր, գրիր` չկա, սակայն
Մեռածների շարքում անունն իր չդնես:

Նրան դատավորը համարում է կորած, -
Բայց ես չեմ շտապում, սպասում եմ ես դեռ, -
Ծերերն ի՞նչ են ասում, - մի’ հավատա նրանց, -
Նրան անապատում տեսնողներ են եղել:

Մի նավազն ինձ պատմեց, որ ջրերին դրված
Հետքեր է նշմարել ցռուկից իր նավի: -
Մյուսը թե` ափին մեկը լաց էր լինում` 
Տրորելով թմրած վերջույթները ծովի:

Մի անցորդ էլ հայտնեց, որ բաց երկնքի տակ
Մի վրան է տեսել, դեմը` երեք ուռի, 
Եվ պատի տակ դրված չքնաղ մի ճախարակ` 
Թափանիվին` գեղմը լույսի մալանչների:

Բայց ես ի՞նչ իմանամ. ո՞ւմ խոսքն է ճիշտ, որի՞: -
Գուցե աշակերտ է դարձել դպրանոցում: 
Գուցե խոզարածն է նա մի մեծավորի: 
Գուցե որբ է գրվել նա մի որբանոցում:

Իսկ դեպքն այսպես եղավ. հեռու Դամասկոսից
Նրան մի գիր եկավ, ուր գրված էր. «Արի»: 
Եվ նա իսկույն մեկնեց: - Գուցե վերադարձին
Նրան վերնատունը գերեց գագաթների:

Գուցե դուստրն է քո մի լուռ պաղատանքով
Համբուրելով, սակայն – որ ոչ ոք չիմանա, 
Առավոտ վաղ, ոսկյա սանդալները հագած, 
Յոթ փարչ մեղրով բեռնել ձին իմ մինուճարի
Եվ ինձանից թաքուն ուղարկել է, որ նա
Դրա դիմաց հեռվում, աղոթքով և երգով, 
Մանուկ մեղվապահի հատուկ առաջարկած
Յոթը գրվան եթեր նրա համար ճարի:

(Մի բան էլ կա, իշխան. մի օր ես զայրացած
Պահանջեցի, որ նա – գույքը մեր հաշվարկի: -
Գուցե թե դրանի՞ց նա ելավ ու գնաց, 
Քանզի այլ կերպ իրերն ինչպե՞ս վերացարկի):

Ես քեզանից այստեղ ո’չ ալյուր եմ խնդրում, 
Ո’չ էլ աղերսում եմ կարեկցություն և գութ, -
Միայն մի բան, - քանզի նրանք լավ են փնտրում` 
Քո հոտառու շանն ու հետախույզին հմուտ: -
Թեև ա’յն էլ գիտեմ, պայծառափայլ իշխան, 
Որ մեկնածի հետքը – ոչ մի տեղ չի տանի, 
Որ հասու չէ հետքը նրա և ո’չ մի շան, 
Եվ քո հետախույզը – այդ ի՞նչ պիտի անի: 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թևերս մտած` ինձ դահլիճ բերեցին, 
Խոսի’ր, ասացին, ձեռքդ դի’ր քո սրտին: 
Նստած էր մայրս դահլիճում առանձին, 
Աչքն ինձ էր հառել նա` իմ միակ որդին:

Ես պապանձվեցի, սակայն շեմը անցա, 
Եվ դատավորն էր մթան մեջ անկյունի: 
Պատին ամրացված քարտեզին մոտեցա, -
Բայց ես չգտա տեղը Կարթագենի:

Գուցե չի եղել, ասացի ինքս ինձ, 
Եվ ժամանակը – սոսկ բառ է վերամբարձ, 
Բայց հանկարծ տեսա, այն հոսում էր նորից, -
Եվ անակնկալ ես բացվեցի հանկարծ:

Եվ ակնկալմամբ ու զորությամբ գրի
Այստեղ կորուստի շապիկը իմ հագին` 
Ես վկայության իմ խոսքերը դրի
Իմ ձեռքը տված այս գրատախտակին:

Ինչո՞ւ թաքցնել, որ այս մեր կողմերում
Շահույթը բեռն է ջրասույզ լաստերի, 
Եվ արդեն կնքված հաշվեմատյաններում
Իրականը լոկ թիվն է կորուստների:

Վաճառականը հիացումով անմար
Մետաքսն է կրում Սինան մեծ աշխարհի
Եվ թաքուն լալիս այն կերպասի համար, 
Որը նա երբեք այլևս չի ճարի:

(Թեև ես հասկացա, որ խոսք չէ ընդունայն, -
Ինչը եկել է, պարտավոր է գնալ, -
Եվ որ իրերին անմեռություն միայն` 
Միայն բառերը այստեղ կարող են տալ, -

Բայց թե մի կողմ քաշված հարց տվեցի ես ինձ, 
Թե մեզ և իրերին – մենք ինչո՞ւ տանջեցինք: -
Այո, մենք այստեղ բառերից և լեզվից
Անպատում բաներ – իզուր պահանջեցինք):

Իմ խնջույքներին հեռավոր ծովերով
Փողհարներն իջան և փողեր փչեցին, 
Բոլորը եկան անգին ընծաներով
Եվ մոտեցան ինձ և ողջագուրվեցին: -

Մուրացիկ, արքա, իշխան և մեծամեծ, 
Եվ ի~նչ երդումներ, խոստումներ և համբույր, 
Բայց աչքս շեղվեց և այն տեղին գամվեց, 
Որը այդպես էլ այնտեղ մնաց թափուր:

Ամառը արդար իր մրգերը լցրեց, 
Դրված էր սեղանին գինի և մեղրահաց, 
Բայց իմ որսորդի լացը սիրտս խոցեց
Այն լորի համար, որը նա չըորսաց:

Ես գոհ մնացի. դաշտում իմ հուրհրան
Յոթը խումբ կին էր աշխատում գլխահակ, 
Բայց վերակացուս էլի գովեց նրան` 
Փոքրիկ մահվանը այն բամբակահավաք:

Ես վկայում եմ, որ բերքի մեջ այս ծով
Մի բուռ ցորեն միշտ պակասեց իմ կալին: 
Ես վկայում եմ սպասումն այն, որով
Հայելին է միշտ սպասում մեռյալին:

Ես վկայում եմ, որ ժամանակն այստեղ
Քար-քարի անխոնջ դնելով շարեշար` 
Բարձրացնում է տունը իր փառահեղ` 
Մեր դեմ մի զարկով այն քանդելու համար:

Ես վկայում եմ, որ զուր էր այս ամառ
Ծեր այգեպանին երկտողն իմ ուղարկած, -
Մի թզենու և մամխի թփի համար
Արժե՞ր նորոգել ցանկապատս պառկած:

Իմ նախիրն անթիվ – արոտները գնաց, 
Իմ հոտը ծածկեց լանջերը մեր սարի, 
Բայց իմ ունկերում մղկտոցը մնաց
Անցյալ մայիսին կորցրած իմ գառի:

Ես վկայում եմ (ինձ չի քսվել թեև) 
Յոթ քամիներից անդին մի զով քամի, 
Ես այն ջրհորն եմ ձեզ վկայում նաև, 
Որի պաղ ջուրը – մենք երբեք չենք խմի:

Եթե անցորդը, կանգնած ջրերի դեմ, 
Ունկը պարզել է նվագներին մահի
Եվ հագել է իր սանդալները արդեն, -
Դուք նրան այստեղ այլևս չեք պահի:

Եվ ամենախոր հետքերը նրանք չե՞ն, 
Որոնք ջնջել են անձրևները խորին, 
Եվ որոնք միայն – մենք կարող ենք տեսնել
Անհետացումի բարեբեր հողերին:

Գրատախտակն եմ ես իմ ձեռքին պահում` 
Ի վկայություն և ի լուր ամենքին, 
Ես մի մանուկ եմ նաև ձեզ վկայում, 
Որ մոտենում է` իր ջնջոցը ձեռքին:

***

Գարունը եկավ, ծաղիկը բացվեց, 
Տեսնես վարդը ո՞վ պիտի տուն տանի: -
Հողակտորն այս, որ ինձ հատկացվեց, 
Թող աչքից հեռու և թաքուն լինի:

Հարկահավաքը թագավորական
Հողատուրքն ինչո՞վ պիտի հավաքի: 
Ոսկո՞վ, արծաթո՞վ, թե՞ արքայության
Ամբարը լցնող ցորենով երգի:

Եվ սուզակները կապույտ ջրերում
Սուզվում են, ելնում, ճչում խելահեղ: -
Սակայն մի սաթ կա զարդատուփերում, 
Որ կորչելով է հայտնվում այնտեղ:

Եվ ես ասում եմ. ունեցվածքն անանց
Չունենալով են միայն ձեռք բերում: 
Թող ոչ մի տագնապ չունենա և նա, 
Ով բաժանմամբ է հասել իր սիրուն:

ՄԻ ԿԱՐԿՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այս պատմությունը, ձայնս կորցնել պատաճառով գուցե, երկար ժամանակ չեմ կարողացել ես բարձրաձայնել, 
Բայց հիմա արդեն այն հետ է եկել, և պատմությունն այս ճշմարիտ է և համակ վկայված: 
Ոչ ոք չի կարող այն թվագրել կամ ժամանակը նրա սահմանել: 
Սակայն իմացեք. հասել է պահը, որ դուք էլ կարդաք և այն կավեղեն պնակիտների վրա է գրված:

Ուրեմն այսպես. ես բարձրանում էի դեպի Մարալիկ, 
Եվ երբ երգելով բլուրներն անցա, տեսնեմ` դիմացից մի ճերմակամազ մանուկ է գալիս, հիշեցե’ք, ամպի կերպ առած, սակայն, 
Վուշե շապիկի կուրծքը լայն բացած, ձեռքին մի պուլիկ, 
Կլիներ 1 կամ 2 ժամական…

Ասացի, ճամփան մենակ չեմ անցնի, իմ սայլը լիքն է համեմունքներով, և գնդասեղ է լամբակիս խրված, 
Թող նա էլ բույրը շնչի և երգի, թող նա էլ դաղձը իր լեզվին դնի և զմայլանա, 
Գուցե թե սրան, ասացի ես ինձ, մայրն է մոռացել ուռիների տակ, 
Եվ գուցե ձեռքի պուլիկից մի կում կաթ ինձ էլ հասնի, - ինձ էլ կամենա, 
Սակայն կապայի փեշն հետ տանելով` ի~նչ տեսնեմ հանկարծ. գոտու տակ խրված
Յոթը հատ դաշույն, սակայն ի՞նչ դաշույն, յոթն ատրճանակ, -
Եվ ձեռքի չքնաղ կայծակը քաշած` վրաս գոռաց նա:

Բայց զինված է սա, աղաղակեցի և իմ երփնագույն
Խաչվառը պարզած` ես Լանջիկ գյուղի պատերի ներքո ապաստան գտա, 
Մինչև որ այնտեղ ես մի ավանակ ճարեցի ճերմակ և այդժամ թաքուն
Ուղեցույց բռնած աստղը ճառագուն` 
Հույսը սրտումս Մարալիկ մտա:

Այնտեղ մնացի, և ես ի~նչ երգեր հանկարծ հուսացի: 
Երեկոն իջավ, ճակատիս շուրջը մի խոհ պտտվեց արբանյակի պես: 
Ես հղի մի կին տեսա դռան դեմ, քո’ւյր իմ, ասա~ ինձ, նրան ասացի, 
Ես ինչպե՞ս լինեմ, և դու, ասացի, քո’ւյր իմ, այսքան սուրբ էլ ե՞րբ կլինես:

Մանուկնե~ր, ահա ես հանգստացա, երբ այս պատմությունն այսպես պատմեցի հայրենի կարգով.
Եվ ահա թող սա ձեզ խրատ լինի, որ ինձ պես հանկարծ
Դուք Լանջիկ գյուղի մոտերքում չընկնեք խաղով և երգով
Ձեր ձայնը կորցնեք, անձայնությունը երկար ժամանակ ձեր բախտը դառնա, և դուք ստիպված ինձ նման դառնաք այսպես վերամբարձ…

***

Ամպրոպ ճայթեց: Ես ջրերով իջա ցած` 
Հավկիթներով լի մի զամբյուղ շալակած:

Տատրակների և լորերի բներից էի ես հանել: 
(Աստված իմ, ինձ հայտնություն տուր` ո՞ւր տանել):

Օտարականն իր շուրթերին երկրի աղը ցանեց: 
Եվ երկնային եռակցողը իր զոդիչները հանեց:

Ո՞ւմ է տրվել, սիրո’ւն կայծակ, երազի գիծը հատել, 
Որ մեր կողքին քեզ հաջողվի ջուրը և հուրը զոդել:

Երկրի կշե’ռք, երկրի կշռո’րդ, որ քարերն եք ձեր շարել, 
Ո՞վ է զորել, որ դուք զորեք եթերն այստեղ կշռել:

Ասեք, ո՞վ է կարողացել փռել դիպակը կարմիր
Եվ շուրթերից իր սիրելու հագեցնել ծարավն իր:

Վարպետներ իմ, որ ջանում եք անվարան, 
Լավ կլինի, որ վայր դնեք արդեն խարտոց ու խարան:

Դուք ձեր տեսածն, ահավասիկ, - բայց ես էլ իմն եմ պատմում, 
Որ իմ սիրտը ցավով լցրեց անհատնում:

- Իմ տեսածը այն է եղել, որ դարբինը, հետևելով անզուգական և կատարյալ իր իրին` 
Կամ շիկացած ունելուն է ձեռքը տարել, կամ էլ մուրճն է իջեցրել մատներին:

granish

 

Գուրգեն Խանջյան / պատմվածքներ

20.08.2014 20:58

 

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը ծնվել է 1950թ. հունվարի 25-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1987թ-ից տպագրվել է «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրում: Հեղինակել է ավելի քան տասը գիրք, բազմաթիվ պիեսներ և սցենարներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ռումիներեն: Գրողի պիեսները բեմադրվել են Երևանի դրամատիկական և Պարոնյանի անվան, Թբիլիսիի, Վանաձորի, Ստեփանակերտի, Լոս Անջելեսի, Հալեպի թատրոններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր («Լռության սիմֆոնիա», 2002թ.) և հեռուստատեսային մանրապատումներ: 1995թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է, 2006թ-ից` ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի խմբագիրը: Գրքերն են` «Շարժասանդուղք» (ժողովածու, 1994թ.), «Հիվանդանոց» (վեպ, 1994թ.), «Ստվերներ խամաճիկների փողոցում» (ժողովածու, 1998թ.), «Սպանել փրկչին» (ժողովածու), «Ճամփեզրի թատրոն» (պիես, 2002թ.), «Դատավարություն» (պարսկերեն պիես, 2003թ.), «Մարդկանց տուն ուղարկիր» (ժողովածու, 2004թ.), «Լուր չկա» (վեպ, 2006թ.), «Թատրոն 301» (պիեսների ժողովածու, 2008թ.), «Նամակներ ընթացքից» (պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009թ.), «Ենոքի աչքը» (վեպ, 2012թ.): 1999թ. արժանացել է «Ոսկե եղեգն» ՀՀ պետական մրցանակի: Դարձել է նաև ՀԳՄ` արձակի և թատերգության համար, «Նարցիս» գրական ամսագրի և Թեքեյան մրցանակների դափնեկիր:



 

Պախմել



- Էս պախմել ասածը շատ զոռ բան ա, ընգեր, թե ճիշտ ժամանակին ու իրա չափով չարիր՝ պրծ, կարա տա՝ սպանի, - խոսեց Նապոն՝ լույսը հազիվ բացված. անկողնուց վեր չէր կացել, ոնց կար՝ էդպես մնում էր՝ մեջքի վրա պառկած, աչքերն առաստաղին արած ու երեւի՝ դեռ փակ։- Այ իմ հերը, ախպեր, գիդա՞ս ինչից մեռավ… Կարծում ես` ծերությունից կամ ցիռոզի՞ց… Չէ, էնի էրկաթի պես առողջ մարդ էր, էնի սխալ պախմելից զոհվավ. ամեն ասծու օր, հենց լուսը բացվըմ էր, սֆթից պախմել էր անում, հետո նոր գնում մանումենտի այգին պրաբեժկի։ Էդ անգամ թե ինչ սատանա մտավ մեջը, ասեց՝ գնամ ֆռֆռամ, հետո պախմել կանեմ։ Ու էդ էր, ախպեր, խփեց տարավ, սիրտը աբշիրնի տրաքցրել էր։ Բա, իսկ դու ասըմ ես…

Ես բան չէի ասում, ի՞նչ ասեի… Ցավում էի Նապոյի հոր ճակատագրական վրիպումի համար, բայց ոչ այնքան, որ վայ-վույս գցեմ. մարդ էր, մեռավ-գնաց, ցավալի է՝ բայց մարդիկ առհասարակ ունեն էդ հատկությունը։

- Ձեն չես հանում, ընգեր, - համառեց Նապոն։- Մի բան արա, պախմել՝ սատկեցի։- Էս անգամ նա կտրուկ վեր կացավ անկողնուց՝ քրտնահոտ ալիքելով շուրջը։

- Հո չասիր, Նապո՛, քեզ թվում ա՝ ես չեմ սատկո՞ւմ։ Փող հանի՝ անեմ, մի բան էլ, էրկուս էլ։ Տենց մի նայի, ես չունեմ, էրեգ քոքը տվինք։

Ճմրթված հագուստի գրպաններն է փորփրում՝ տաբատի, բաճկոնի, վերնաշապկի… Սեղանի դարակը քաշեց-հրեց ճռռացնելով, նույնիսկ գլխարկը վերցրեց սեղանի վրայից՝ նայեց. թե դրա տակ փողն ինչ էր անելու…

- Չկա, - ձայնը դահճի կացնի պես կախվեց օդում։

Նապոն, - լրիվը՝ Նապոլեոն, - «Կույրերի կոմբինատի» պահակն էր։ Իննսունականների էն դժվար տարիներին նրա պահակատանը միշտ տաք էր ու լուսավոր. հոսանքը երեք կայանից էր «կպցնում» Նապոն՝ մեկն անջատում էին, միանում էր մյուսին, սա էին անջատում՝ էն մյուսին։ Դե պարզ է, նրա պահակատանը միշտ մարդաշատ էր, հատկապես՝ ձմեռով, հավաքվում էին տղերքը՝ Գռնոն, Մխոն, Համոն, Ժոռը, Գոգոլը, Սեռին… ու մինչեւ ուշ գիշեր՝ գինարբուք, թղթախաղ, նարդի… Հետո մեկը-երկուսը տուն գնալու տրամադրություն չէին ունենում կամ էլ` ի վիճակի չէին լինում, մնում էին գիշերելու «Նապոյի բուդկեն», այն է՝ երկու ճռճռան «կոյկա», պստիկ սեղան, սեղանի վերում՝ պատից կախ՝ թեք զիգզագով ճաքած հայելի, որի ետեւում արծաթի շերտը տեղ-տեղ քերված էր՝ դեմքդ սպիավոր էր ցուցանում, ինքնաշեն էլեկտրական վառարան՝ «կազյոլ» տիպի, «տմբուշկա» ՝ Նապոյի մահճակալի գլխամասին մերձ, մաշած տախտակներով հատակ, որի տակ, հատկապես «կազյոլի» մոտակայքում, ճստճստում էին առնետները, էլ ի՞նչ… Կարծես՝ վերջ… Հա, պատի ժամացույց, որի կկուն դուրս ցցված՝ լռվել էր, շղթան էլ չկար, ինչ-որ մեկին պետք էր եղել՝ տարել էր։ Ճռռան դուռը բակ էր տանում, մեծ բակ էր, բակում՝ առանց ունիտազի, դասական «չոքած» տիպի զուգարան, բնականաբար՝ կեղտոտ, բազմաթիվ կատուներ՝ աղբակույտերին, թեք ծառի միակ հաստ ճյուղին, պատերի տակ, նրանցից մեկը՝ անպոչ, երեքոտանի, միշտ կասկածով էր նայում գնացող-եկողին, մի փրչոտ շուն էլ՝ հեռավոր պատի տակ կապած, կապը հաճախ արձակվում էր, բայց շունը չէր հեռանում կապաչափ տարածքից, համարձակությունը չէր հերիքում, եթե բան է՝ հանկարծ սխալմամբ հեռացավ, պոչը քամակն էր կոխում ու հաչալը մոռացած՝ կլանչում։ Կատուները չէին վախենում շնից, պատահում էր՝ թաթով խփում էին քթին, ֆշշացնում սպառնալի, որ երես չառնի հանկարծ։

Նապոն կեղծանուն ուներ՝ Քառակուսի, Քառակուսի Նապո, էդ անունը «Նալբանդյանի» Համոն էր դրել. մի անգամ, - «Կոպեկանոց» կաֆեում խմում էին, - նայեց, նայեց ու՝ «Արա, էս Նապոյի գլուխը՝ ոնց որ Կիեւսկի տորթը կարոբկով դնես վզին, քառակուսի ա» ։ «Ես իրա ջահել վախտի նկարը տեսել եմ, էսպես չէր, խմելուց ա էղել։ Բայց վախենամ՝ Էլ չդզվի», - նկատեց Բաբայան Յուրան։ Նապոն տխուր ժպտաց ու ծանր հոգոց հանեց միայն. հանդուրժող էր։

Հո միշտ պահակ չի՞ եղել Նապոն… Չէ, սովետի օրոք մատակարար էր աշխատում մի մեծ գործարանում, նույնիսկ նկարն է փակցված եղել պատվո տախտակին, մեկ եռամսյակ, հետո բացահայտվել է նրա սերը խմիչքի նկատմամբ ու նկարը հանել են։ Բայց լավ է` չհիշի իր էդ փառապանծ անցյալը. ժամերով կպատմի-կհոգնացնի, վերջում էլ արցունքի կաթիլը կգլորվի մսեղ քթով, կհասնի ծայրին, կծանրանա ու կլթոցով կընկնի գինու մեջ, Նապոն կսթափվի, գինին կքաշի գլուխն ու կտնքա՝ «Ուրիշ երկիր էր անտերը» …

- Լավ չի, - ասաց՝ երկար լռելուց հետո։

- Հատկապես ո՞րը։

- Տանը հետս կռիվ են անում, ախպեր։

- Երեւի խմած գնում՝ ավել-պակաս խոսում ես…

- Չէ, վաբշե ձեն չեմ հանում, բայց՝ էլի։ Խմած մարդուն չեն հարգում մերոնք, ապեր, չէ։

- Որդե են սիրում որ… Գիդաս իմ տանը ինձ համար խելքներն էթում ա՞։

- Հա՞, - սփոփվեց Նապոն։- Բայց դե Ռուսաստան ըտենց չի, ախպեր, ընդե խմածը տրանսպրտ մտավ՝ վռազ հելնում են, տեղ են տալիս… Հաստատ, իմ աչքով եմ տեսել։ Բա։ Էն գյոզալական «Կոպեկանոցն» էլ փագին, խի՞… Ասա էդ կաֆեն ոնց ես փագըմ, ես հըլա հեչ, բայց ըտե Հրաչն ա նստե, ըտե Շիրազն ա նստե, Քոչարն ա նստե, ըտե Ֆրունզն ա նստե, ըտե Շերենցն ա նստե… Չենք հարգում մեր մեծերին, չէ։ Մի բան ասա, այ ախպեր, հո սենց չե՞նք մնալու, գլոխս ճաքավ։

Ակամայից նայեցի նրա քառակուսի գլխին, փորձեցի ճաքած պատկերացնել այն, չստացվեց. որեւէ բան պատկերացնել առհասարակ դժվարանում էի, ինձ թվում էր՝ իմ գլուխն էլ հիմա քառակուսի է։

- Սենց չենք մնա, Նապո ջան, մի վախի։

- Հա՞ որ…

- Հա։ Մտածենք։

- Էէ՜, մեր մտածելուց խեր չկա, ընգեր։ Կայնի զանգեմ Մխոյին, էրեգ ահագին թռփոշ էր ապերը։

- Կքրֆի, էնի մինչեւ տասերկուսը քնող ա։

- Բայց հո չե՞նք մեռնելու… Թող քրֆի, զանգում եմ։- Նապոն պտտում է հեռախոսի ժանգոտ ֆռիկը, տագնապով սպասում։- Մխո՞… Չքրֆես, ընգեր, վատ եմ։ Հա, էլի, ջոգում ես։ Ի՞նչ… Որդե՞… Վայ քու ցավը տանեմ… Քնի՛, քնի՛ ախպերս, հրեշտակները քեզ պահակ։

- Հը՞, - հարցնում եմ։

- Էրեգ, թաքուն, մի հատ բոմբ շիշ պահել ա, սեւ օրվա, ասում ա՝ լավ չեմ հիշում, էրկուսից մեկը՝ կամ կոյկի տակ ա, կամ զուգարանում, բաչոկի մեջ։ Դու կոյկի տակ նայի, ես թռա զուգարան։

- Սպասի, կարող ա գտնում եմ, մեկ էլ չգնաս…- ասացի։ Բայց Նապոն արդեն չքվել էր։ Գլուխս կախեցի՝ չկա, էն մյուսի տակ… էլի չկա։- Ստեղ չկա, - գոռացի Նապոյի հետեւից։

- Հես ա, բերիմ, - դողացող ձեռքով շիշը գրկած՝ ներս ընկավ Նապոն։- Վայ, Մխո ջան, մեռնեմ կյանքիդ, ախպերս, մեռնեմ էն կախ պռոշիդ, էն լոշտ ականջիդ, էն…

Նապոն մեջտեղ բերեց թեյի մեծ, հաստ պատերով բաժակները, - մեկի պռոշը կրծած էր, - բացեց շիշը, լիքը լցրեց, խմեցինք… Նայեցինք իրար՝ չէ, քիչ էր, էլի լցրեց՝ կես-կես, դա էլ խմեցինք։ Ահագին ժամանակ լուռ էինք, ջանում էինք մեզանով անել ներառած գինին, որը համառորեն օտարի պես էր պահում իրեն։ Ահա, կարծես նույնացանք վերջապես…

- Ճիշտ չենք անում, չէ, - հանկարծ եզրակացրեց Նապոն. անկռահելի էր՝ ինչ էր անցել մտքով։

Պախմելի կարմիր գիծը հատել էինք, լավ էր, այսինքն` էնքան վատ չէր, ուրեմն՝ լավ էր ու դեպի ավելի լավն էր գնում. կես շիշ էլ դեռ կար, իսկ շիշը լիտրանոց էր՝ բոմբ, մինչեւ դա խմեինք՝ աստված ոնց էլ լինի՝ մի դուռ կբացեր։

- Պորթվեյնը ցենտր խմիչք ա, ընգեր, ով ինչ ուզում ա ասի… Ոնց որ զակուսկեն էլ հետն ըլնի, ըտենց չի՞։

- Տենց ա, - համաձայնեցի. մեղք կլիներ չհամաձայնելը։

- Բայց դե` ճիշտ չենք անում, էլի, - դարձյալ դառնացավ Նապոն։

- Էդ ո՞րը, է։

- Էս էլ ձգենք, ասեմ։

Ձգեցինք, Նապոն լայնբերան հու՛ արեց, շունչ քաշեց, պահեց, կուլ տվեց ու խոսեց.

- Ասում եմ, մի էրկու նանար բերեինք, ընգեր, կամ էլ գոնե մեկին, հեչ որ ուրիշ բան չէ՝ մի քիչ սիրունություն կմտներ օրվա մեջ, թե չէ ըհը՝ վեչնի էս ա՝ տղերքով իրար դեմ նստած, ոնց որ գոմիկ ըլնենք, ախպեր… Բայց մենք հո գոմիկ չենք, չէ՞…

- Դե չէ, դու էլ, հանգստացի։ Բայց ո՞ւր ա մեզ նանար, զապոյի մեջ մտած՝ սաղին ցրում, կորցնում ենք։

- Մեկը կա ստե։

- Ստե՝ որդե՞։

- Ստե, էլի։

- Կույրերի կոմբինատո՞ւմ։

- Հա։

- Չհասկացա… Քյոռ ա՞…

- Դե ոնց ասեմ… էնքան էլ չէ…Մի աչքից։ Գիդա՞ս ինչ կա, մենք էլ կարծես մի ընենց տենալու բան ենք…

- Հա, բայց…

- Էլ ի՞նչ բայց, քեզ ասում եմ՝ մի աչքից… Էն մյուսն էլ՝ կեսով։ Պրոստը աչքերին չպտի նայես, մնացածը տեղն ա՝ քիթը-միթը, ոտերը-բանը… Ապեր, մեզ էտի իսկն ա։ Հետո, պակասավորի մեջ իրա կայֆը կա, բա ո՞նց… Ֆրեյդ չես կարդո՞ւմ, չեմ հասկանում… Չէ, արխային, կարգին նանար ա։ Ընկերուհի էլ կունենա…

- Իրա կրուգից։

- Բա չէ, կոնսերվատորիայից։

- Ինչ ասեմ… Կանչի, լավն էղան՝ էղան, չեղան՝ խմիչքը կա ու կա։

- Դե մի չրթ էլ խմենք՝ էթամ։

- Բայց էս ժամին ի՞նչ են անում կոմբինատում։

- Ի՛… Հո չասիր…Դրանք լուսը չբացված՝ ստե են, ախպեր։

- Որ ի՞նչ…

- Զբաղվըմ են, տունը մնան՝ ի՞նչ անեն. խմբակ-մմբակ ունեն՝ ասմունքում են, երգըմ… Մարդ կա՝ երգըմ-երգըմ ա, հետո էլ հավես չի ունենում տուն գնա, հենց ստե էլ մնում, քնում ա, հա՛, էս կոմբինատի մեջ կալդավսկոյ բան կա, մի աչքով չնայես։ Դե ես գնամ… Չգնա՞մ…

- Գնա։ Բայց դուխդ տեղն ա՞։

- Հեչի պես։ Առանց ինձ չխմես, ընգեր։

- Արխային։ Բայց շատ չուշանաս։

Նապոյի բացակայությամբ զանգ եղավ, պախմելային խռպոտ ձայնով մեկը հարցրեց՝ Նապոն ըտեյա՞, ասացի՝ չէ, շատ զարմացավ, թե՝ ոնց… բա ո՞ւր ա, ասացի՝ մոտերքում ա, շուտով կգա, բայց խմելու բան չունի, ասաց՝ ես ունեմ, կես ժամից ըտեյեմ, իրան ասա կազյոլը տժցնի, մի էրկու կարտոլ-մարտոլ դնի վրեն, Ժոռը գալիս ա։

- Նապո, քեզ Ժոռը զանգեց, - հայտնեցի, երբ Նապոն եկավ։- Ասեց՝ խմիչքը վերցրած գալիս եմ։

- Թող գա, իսկը վախտով ա։

- Հը՞, ախպեր, բան չես ասում, ընդե չե՞ն հուրի-փերիներդ։

- Խի չեն, լավ էլ՝ են։

- Բա հետո՞։

- Ա դե եսիմ, է՜։- Նապոն «տմբուշկից» կարտոլ էր ջոգում՝ շարում սեղանին։- Ասին՝ մենք խմողների հետ գործ չունենք։ Բա, ընգեր։ Թե քյոռ աչքով ոնց էլ ջոգեց՝ խմող ենք։

- Խի քիթ էլ չունի՞։

- Էէ, մեր մոտ խմողին չեն հարգըմ, ընգեր, չէ։

- Լավ, նստի, քեզ մի սպանի։

- Քաձի հմա՞ր… Էս ինչ ես ասըմ, ախպեր, էդ էր պակաս։ Լից։ Այսինքս, թող ես լցեմ, դու սխալ ես լցում։

Նապոն լցրեց բաժակները. ձեռքերն արդեն չէին դողում, վե՛րջ՝ դաժան պախմելին, նոր օր էր սկսվել։ Ճիշտ է, վաղն էլի առավոտ էր լինելու ու ըստ ամենայնի՝ էլի դաժան, բայց դե հիմա ո՞վ էր էդ մասին հիշում, հիմիկվա վիճակը հավերժություն էր թվում, էլ ոչ մթնելու էր, ոչ լուսանալու… Ժամանակն էլ խնդիրներ չէր առաջադրելու, կանգ էր առել ժամանակը դեղին-կանաչ-կարմիր տաքի մեջ…
 

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ | ՀԱՅՐԸ


Թվում էր` հայրն այնտեղ գործիք է պահում` խարտոց, աքցան կամ մուրճ. տղան չէր կարողանում հայացքը երկար բարձր պահել` նայել հոր աչքերին, հայացքը սայթաքում, ընկնում էր այնտեղ, ուր տաբատը վրանի պես միշտ ուռած էր, ուր գաղտնիքն էր տաբատի ետևում. հայրը մի կողմ, ամեն ինչ մի կողմ, գաղտնիքն` ուրիշ, կարծես հոր տաբատի տակ չլիներ, կարծես հոր վրա չլիներ, իսկապես` ո՞նց կարող է Նա ապրել այս գունաթափ, մաշված տաբատի մեջ, այս փրչոտ, քրտնած, փոքր-մոքր մարմնի վրա: Տղան չէր տեսել Նրան, սակայն երբ մոտենում էր` Նա գործվածքի ետևում շարժվում` բարեհոգի ժպտում էր վաղեմի ծանոթի պես, տղան էլ էր փորձում ժպտալ, բայց այլայլվածք էր ստացվում: Պետք է տեսնեմ` մտածում էր սևեռված, տեսնելը դառնում էր անհրաժեշտություն, կարոտի կանչ, հրաման: Եվ երբ պահը հարմար թվաց` թաքուն-զգուշորեն իջեցրեց քնած հոր տաբատը… Ակնածանքից բերանը չորանում էր, ծնկները դողացին… Ահա, սև մազերի խճճանքների տակ… Քնած է, բայց զգաց, կռահեց, թեքվեց կողքի` ժպտաց… ահռելի, մկանեղ, փքուն երակներով…
Տղան հաճախ իջեցնում էր սեփական տաբատը, նայում, հետո կանգնում էր հայելու դեմ` հայելով նայում` հուսալով, թե հայելին ինչ-որ բան կփոխի, բայց չէ, հայելին չէր փրկում` ոնց կար` այնպես մնում էր, ոչ մի համեմատություն: Մարզանք էր անում, կքանստում-բարձրանում, ծանրագնդեր պտտում, հենաձողից կախվում` ձգվում, զոռ տալիս, քրտնում… Թև թիկունքն ամրանում էր, բայց նա ոնց փոքր կար` այդպես մնում էր… Չանցավ` չժառանգվեց հորից: 
Իսկ հոր պետքը չէր, ոնց որ ապուշ` պարզամիտ-բարեհոգի ժպիտը մշտապես դեմքին, խաղաղ-անվրդով սպառում էր իր միօրինակ ընթացքը. առավոտյան գնում էր գործի, երեկոյան գալիս, կեղտոտ կոշիկները նախասրահում թողնում, հողաթափերը հագնում` մտնում սենյակ, նստում սեղանի մոտ` քրտնահոտ տարածելով շուրջը, մայրը տանում էր, բերում, դնում առջևը, վերցնում, նա ուտում էր` ասես որոճում էր` անշտապ, մանրամասն, այտից այտ տեղափոխելով, երբեմն ինչ-որ կտոր բերանից հանում, նայում, դարձյալ բերանն էր ուղարկում, երբեմն կնոջ մազն էր հայտնաբերում` ճաշի մեջից քաշում, դնում պնակի պռնկին, կինը շփոթվում էր, ամաչում, արդարանում, ճակատին իջած մազերը հավաքում` գլխաշորի տակ մտցնում, ամուսինը բարեհոգի-ներող ժպտում էր, սափորը մոտ բերում, գավաթը մոտ բերում` կարմիր գինի խմում` մեկը, երկուսը, երեքը… օխա˜յ… ծուռտիկ մատները ռիթմ էին խփում սեղանին, երգում էր քթի տակ` «Դուլուլու, դուլուլու, բու, բու, բու» … վերջ, կուշտ է, ժպտում է գոհացած, ինչ-որ բան հարցնում` ո°չ պատասխանի համար, էնպես, ձեռքն իջեցնում` սեղանի տակ Նրան մի փողքից մյուսը տեղափոխում, մի քիչ նստում էդպես թեքված, վեր կենալով ասում` «Էհ» ու երկիմաստ նայում կնոջը, կինը շիկնած ժպտում` ձայն չի հանում: 
Մայրը մի տեսակ ծռված, թաքցնելու պես էր գնում ննջարան, վախն աչքերի մեջ պառկում, դողալով սպասում… Ահա, ստվերը պոկվեց, բարձրացավ, ահագնացավ` թեքվեց վրան… «Ախխխ...» ` հառաչում էր կինը… «Ախխխ...» ` դարձյալ, ու էլի… Ու հառաչանքը ծավալվում` ննջարանում տեղ չի անում` սահում-դուրս է լողում պատուհանով, բարձրանում երկինք, լորձապատ շուրթերը լիզելով` ցած նայում ագահ, հանկարծ պոկվում` խենթացած սլանում, զարկվում է քարին-հողին, հակադարձվում` թեքությամբ սուրում է վեր` հատելով լեռների գագաթները, ծառերի սաղարթները, սև անցք դարձած` քաշում-կլանում ծովեր, անտառներ, անապատներ, դաշտեր, մոլորակներ, աստղեր, տիեզերք, չհագեցած` ետ գալիս, պատուհանով դարձյալ մտնում ննջարան… «Ախխխ...» ` ճայթում է հառաչանքը, ասես հողն է պատռվում ու մութ պատռվածքը դողում է լորձամած…
Դռան նեղ արանքով նայող տղան ուշագնացի պես էր լինում, իրականությունը կորցնում` հանկարծ տեսնում էր… Ահա, Նա գալիս է ինչպես վիշապօձ, մթան միջից վիթխարի գլուխն առաջ բերում` փեղկերը հրում-բացում է, մկանուտ մարմինը անցնում-ելնում` մտնում է ծաղկազարդ դաշտը… Մարմնի կեսը դեռ արահետի հողին` խոտի միջից գլուխը բարձրացրեց, դարձավ-նայեց. տղան հմայված գնաց ետևից: Խոտ ու ծաղիկ խոնարհվում` ողջունում են, ցողում Նրա մկանագալար երթը, ծաղկաթերթ ու սերմ կպցնում ցողաթաթախ մարմնին: Գունագեղ ծտերը թռան վրայով, ճռվողեցին զվարթ, պտտվեցին` դարձյալ եկան: Խոռոչների առջև կանգ է առնում, գրգռված հոտոտում, գլուխը բարձրացնում` խոյահարում-խրվում հողի մեջ, պատռելով գնում, դարձյալ դուրս գալիս` նայում ետադարձ, հազարավոր սնկեր գետնի տակից հանում են իրենց նախշուն գլխիկները, ձգվում, բարձրանում, ողջունում Նրան, ինքը գոհացած փնչացնում, շարունակում է ճամփան… Մտավ արտը, հնձվորները բարձրացրին գերանդիները, պատիվ բռնած` ճամփա տվին, մեղվապահը փեթակից մեղր հանեց` քսեց վրան, ճանճերը հավաքվեցին, բզզացին խենթացած, տավարի հոտը կանգ առավ, բառաչեց կարոտով, ցուլը մռնչաց, ամորձիները պրկեց, սմբակը կատաղի խփեց հողին, կթվոր կանայք կաթը դույլերից բռերով հանեցին` թափեցին վրան, աքաղաղ մորթեցին` արյունով օծեցին մկանունքը, այգու մոտ խաղող քամեցին` ծորացրին մաշկին… Մտավ գյուղ` դարձավ սռնի` անիվ պտտեց վրան, ախխ, ախխ, ախխ` ճռռաց անիվը, ծավալվեց, պտտվող վիթխարի ստվերը տարածեց, աստղափոշի խառնեց երկնքում: Մտավ մարագ` դարձավ խնոցի` գնաց-եկավ` յուղ հանեց կաթից, դարձավ սանդ` խփեց պատերին` մշրեց-աղաց, մտավ տաշտը` խմորը խառնեց-հունցեց` իջավ թոնիրը, տաք հացը վրան` դուրս եկավ, հարսանքատուն խուժեց, գլուխը վեր հանեց, նայեց, հարսը սրսփաց` փարվեց փեսային, հարսանքավորները գինի թափեցին վրան, գլխին ծաղկեպսակ դրին, պարեցին-երգեցին` ճամփու դրին, գյուղից ելավ` բարձրացավ սարը, շնահաչը լռեց, գայլերը որսը թողին` փախան մութ թավուտը, քարափի խոյերը խենթացան` թխկոցով խոյահարեցին իրար: Ամրոցի մոտով անցավ` փշաքաղվեց` դարձավ գուրզ, նիզակ, բաբան, զարկեց-ավերեց փականք ու դարպաս, նետաձիգ հսկան տեսավ` ուրախ ողջունեց, ձեռքը մոտ բերեց, հպեց, ուժ առավ` լարեց ահռելի աղեղը, ճերմակ ձիուն հեծնած քաջը թուրը քաշեց` հրարձակ սլացավ թշնամու վրա, ինքը խոյացավ` դարձավ կայծակ, որոտաց` խփեց ծեր կաղնուն, զառիթափով քարեր գլորեց, սրընթաց իջավ, շաչելով մտավ ծովը, դարձավ շնաձուկ, ծովառյուծ, կետ, վիթխարի պոչը հանեց, զարկեց ջրերին, նավեր շուռ տվեց, ջարդեց, ավերեց, սուզանավ դարձավ` սուզվեց խորքը, մտավ նեղուցներ, խառնեց դարավոր տիղմը, կանգ առած ջրերին հոսք տվեց, սառույցներ հալեցրեց, բարձրացավ մակերես` շոգենավ դարձավ, մտավ նավահանգիստ, դուրս եկավ քաղաք, շատրվան ցայտեցրեց, լույսեր վառեց, բարձրացավ բեմ` փողեր փչեց, հարեց լարեր` տուտտի հնչեցրեց, պոչի վրա կանգնեց` պտտվեց խելացնոր պիրուետով, սրահ մտավ` դարձավ վրձին, մաստեխին, խառնեց ներկեր, գիպս, կավ, ներխուժեց կրկես` օպպա` եռագլուխ վիշապ է, երախներից կրակ գցեց, պոչը զարկեց մանեժին` թեփի մրրիկ բարձրացրեց, օպպա` դարձավ հրեղեն նժույգ, վարգեց շրջանով, օպպա` ամեհի առյուծ, ողորկ ծովափոկ, կոկորդիլոս, գետաձի, օպպա˜… Դուրս եկավ փողոց` դարձավ լիսեռ, մխոց, յուղը ճպճպացնելով գնաց-եկավ, հրապարակ մտավ, թրթուր դարձած` ասֆալտը քերեց, հրանոթ դարձավ, փողը ետառաջ արեց` հրթիռ շպրտեց, պատռեց երկինքը, պայթեց, վիթխարի սունկի պես իջավ երկրի վրա…
«Ախխխ...» ` մարում էր ննջարանում…
Տղան ուշքի էր գալիս, դռան արանքով դարձյալ նայում… Հայրը խռմփացնում էր` բերանքսիվեր մեկնված, մայրը ոտքը վրայով տարել` մահճակալի այն կողմում կախել էր, ամուսնու թևատակին կծկվել, քնել էր` երանության ժպիտը դեմքին: Տղայի հայացքը մոր ազդրի ողորկ մերկությամբ վախվորած սահեց` գտավ… Ահա Նա, գոհ ու գոռոզ, դեռևս` ցից… Հացի դանակը սեղանից առած` ուզում էր մտնի, բռնի` գլխատի, կտրի, կտոր-կտոր անի… Դանակն օձ դարձած գալարվում` ձեռքից սահում էր, ընկնում-քաշվում պատի տակ: Տղան դուրս էր գալիս, ծանր մուրճն առնում` սեպ էր խփում գերանի մեջ, կացինն առնում` կոտորում էր փայտը, գլուխն առնում ափերի մեջ` ուզում էր խփել քարերին…
Շաբաթներ, ամիսներ, տարիներ…
Հայրը, թվում էր` քնած է, ուր որ է կհնչեցնի զզվելի խռմփոցը, խեղդվելով կհազա, կնստի դագաղի մեջ, ապշացած աչքերը կտրորի` կփնտրի կնոջը: Ջահել ժամանակների կոստյումը մեծ էր վրան` ծալքեր էր տվել, սակայն մեկ է` Նրան թաքցնել անկարող էր, Նա լպիրշորեն ուրվագծվում էր տաբատի տակից, ու շարժվում էր, մի փողքից մյուսն էր տեղափոխվում, մի քիչ մնում` ետ էր գալիս: «Մեռած չի, - մտածում էր տղան, - դե հա, հո չէ՞ր մեռնելու, Նա ո՞նց կմեռնի...»: Երբ դագաղը պտտեցին տան մեջ` հանեցին դուրս, կամքին հակառակ` արցունքն առատորեն թափվեց աչքերից, մայրը տեսավ որդու արցունքը, ժպտաց, տղան արցունքը սրբեց, որ լավ տեսնի մորը, մոտեցավ, որ գրկի, բայց մայրը ծռվեց-ծռմռվեց` դուրս սահեց գրկից, այլայլված բարձրացավ, սահեց մշուշի պես` դուրս ելավ` գնաց նրա ետևից…
 

Այստեղ քեզ չեն սիրում

Երբ ամռան տապին հանկարծ ցուրտ զգացիր` Նա մոտ է, սահմռկեցնելու չափ մոտ: Զգո՛ն եղիր:

Եթե ձմեռվա սառնամանիքին շոգեցիր հանկարծ` Նա ճամփին է, ուր որ է կգա: Պատրաստվի՛ր:

ՆԱ:

Նա հյուսում է կամ հյուսել է արդեն իր ծուղակ-սարդոստայնը: Նրա մանրալիք տաք-ցուրտ շունչն այստեղ է, չէ, այնտեղ, քիչ հեռու, չէ-չէ, արդեն շատ մոտիկ, ահա, խփում է ծոծրակիդ, դեքիդ է խփում` այրելով սթափությունդ, պրկելով մկան ու նյարդ, ճկելով տարածությունը ձեր միջև: «Նա ուղարկված է», - շշնջում են այրվող գիտակցությանդ վերջին բջիջներն ու ածխանում նույն պահին: Ուղարկվա՞ծ է... Այո, Նա ուղարկված է, ուղարկված է, որ...

Որ կենդանացնի:

Որ թարմ արյուն մղի թմրած-կնճռված անոթներիդ մեջ:

Որ ոտքի հանի, կանգնեցնի, ուղղի ողնաշարդ ծուռումուռ:

Որ ստիպի վազել լուսաբացին, թաց խոտերի մեջ:

Որ կյանք տա ու (զգոն եղի՛ր) ...

ու նորից խլի:

Որ ամեն ինչ տալով` չտա ոչինչ:

Որ տա ամեն ինչ, բայց խլի՛ առավել:

Որ, անտարբեր, հրի-գցի ջրափոսը նույն:

Որ բաց թողնի արյունդ ցեխաջրի մեջ:

Որ սպանի...

Ուստի զգույշ եղիր: Պատրա՛ստ: Դե՛հ, փախի՛ր:

Բայց փախչե՞մ որ...

Փախի՛ր, արա՛գ, հարցուփորձը թող: Փախի՛ր, դե՛...

Փախչում ես` չորեքթաթ. շուն, որի հիշողությունը ծեծ ու սարսափով է խցված: Փախչում ես ու մտածում` իսկ երբ հասնի` ի՞նչ եմ անելու... Ինչպե՞ս բացատրեմ, որ իրենից առաջ եմ ընկած ոչ իմ մեղքով, որ մորթիս տեղ-տեղ թափված է արդեն, որ ուրիշների մեջ փնտրեցի` իբրև անտեղյակ, թե ժամն ու տեղը չէ: Շտապեցի, խառնեցի, շփոթեցի, կորցրեցի: Պարզապես ապրեցի: Իսկ հիմա ժամն է (ժա՞մն է...), հիմա եկել է (եկե՞լ...), ահա: Դե պատասխան տուր, դե կանգնիր` հայելուն մեջքդ դարձրած ու փորձիր շրջվել ակնաբաց, ու տեսնել, տեսնել... Ոչ, մի՛ տես, չէ՞ որ կա՛ չտեսնելու տարբերակ: Կա փակ աչքերի տարբերակ: Այո, փակիր աչքերդ, պոկիր-խլիր նրան` ժամանակին անհաշվետու, և տա՛ր, տա՛ր, տա՛ր...

Բե՛ր, բե՛ր նրան, բե՛ր այստեղ, այս ավազների վրա, այս մանրալյակ լճակի եզերքը, քշիր հեռու այստեղից մարդ ու կենդանի (այս մրջնին նույնպես), հեռու, հեռու, հարյուր պարսեկ հեռու այստեղից, թող ոչ մի շոշափուկ չդարանի մոտերքում, քոնն է այս լիճը, քոնն է սիրով ներծծված տաք ավազը, քոնն է արևահամ մարմինն առողջ ու ջահել, դիր գլուխդ կրծքին ու... կարող ես ավարտվել: Ինչու՞ ոչ: Սրանից լավ տեղ ավարտի համար չկա, հաստատ: Սակայն սթափվի՛ր, սթափվի՛ր, որովհետև ու՞ր է, ո՞վ կտա...

Նա՞...

Նա մոտ չի թողնի` ձագին պաշտպանող էգ գայլի կատաղությամբ:

Նա անգութ է, դաժան, ինչպես որս չգտնող կատվառյուծ:

Նա խորամանկ աղվես է, կտանի ջրափ` ծարավ ետ կբերի:

Նա մի քիչ ջուր կթողնի իր ոտնահետքերում, որ լակես ագահ:

Նա կոբրայի պես կնետի թույնը, թույնահաս տարածք կրճատելուն պես:

Նա մրջնակերի իր լեզվի վրա կհավաքի մարմինդ կաթվածահար, անկամ:

Նա հովազի ժանիք կխրի կոկորդդ, հենց համբույր հուսաս:

Նա...

Կատարիր քայլդ վերջապես, քանի չի ընկել փոքրիկ դրոշը ժամացույցի:

Կատարե՞մ, հիմա՞... Լավ, կատարեմ: Ահա: Ի՞նչ եղավ... Մա՞տ...

Պարտվեցիր, պարոն:

Պարտվեցի՞: Գուցե: Սակայն հանձնվել չեմ ուզում: Պարզապես կիջնեմ խաղատախտակից, սա էլ տարբերակ է:

Խաղատախտակից դուրս` թաքուն խորշեր ու նրբանցքներ ունեմ, որոնց սայթաքուն հատակով կքայլեմ` լուսնով երկարած ստվերս առաջ գցած, կծխեմ ճմրթված սիգարեթը` տանիքի կաթոցից ձեռնափով ծածկած. բորբոքվող կրակը թեթև կայրի մաշկը ձեռնափիս- աղոտ հուշեր արևոտ լճափից, ուր թողեցի քեզ ինչ-որ ժամանակներում` համոզված, թե չկա վերջ, թե անսպառ են ավազները` սիրով ներծծված: Հիմա զուգահեռ եմ տանում: Բայց տեղ չի հասնում դողդոջուն գիծը, գիծն առաջ գնալ չի կամենում. չգնա՛ս: Չգնա՛ս: Կա՛նգ առ, ծեր սատանա, դեռ կարող ես գողանալ մի քիչ ժամանակ` թիկնոցիդ տակից հեգնանք նետելու աշխարհի դեմքին: Դու դեռ ունես ժամանակ` դռան նեղլիկ արանքով տեսնելու աստիճաններն արագ հաշվող սիրունիկ ոտքերը` վեր, վեր, էլի վեր... Հը՞, կյանքդ կտա՞ս: Բայց կտա՞ս որ, թե՞ ուզում ես դեռ մի քիչ էլ քարշ տալ ցեխերի միջով, ասֆալտին թողնելով մարմնիդ քսուքը: Մի քիչ էլ քարշ տաս, ապա պառկես այստեղ, այս թաց նստարանին, նայես ամպերին լուսնի ուղղությամբ ու սպասես, սպասես...

Շատ բան չէիր ուզելու. գլուխդ դնես փորիկի տաք փղոսկրին ու այդպես մնաս անշարժ, ապա վերջանաս, սպառվես, ներքաշվես ու գնաս այնտեղ, որտեղից եկար, որ էլ երբեք չդառնաս ետ, որովհետև...

Որովհետև քեզ այստեղ չեն սիրում:

 

Վարուժան Այվազյան / ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՃՆՃՂԿԱՆՆ, ՈՐ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԿԱՆԳՆԵՑ ՏԻՐՈՋ ԱՋ ՁԵՌՔԻՆ

14.08.2014 22:25


Վարուժան Այվազյան


հայ արձակագիր, ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր (2002-ից) ։

Ծնվել է 1958 թվականի մայիսի 29-ին, Վրաստանի Հանրապետության Ծալկայի շրջանի Այազմա գյուղում։ 1985 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1985-87 թվականներին աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում։ 1987 թվականից աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում. սկզբում` գրական աշխատող, 1991 թվականից` պատասխանատու քարտուղար, 1993 թվականից` գլխավոր խմբագրի տեղակալ, 2002 թվականից` գլխավոր խմբագիր։ Միաժամանակ, 1993 թվականից «Գարուն» ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր։

Առաջին ժողովածուն` «Հին ահ» -ը, լույս է տեսել 1991 թվականին, երկրորդը` «Ճանճի ամիսը» ժողովածուն է։

«Համեմատական կենսագրությունները» երկրորդ վեպն է (պետական պատվերով տպագրվել է 2004 թվականին, իսկ 2008 թվականին` վերահրատարակվել է երկրորդ` վերամշակված տարբերակով) ։

Տպագրության պատրաստ «Պատմություն Մեծն Կովկասի» վեպը արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի գրողների միության կողմից 2008 թվականին հայտարարված «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխության հատուկ մրցանակին, որտեղ ներկայացվում են անտիպ վեպեր։

2003 թվականին տպագրվել է «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուն, 2009 թվականին` «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» ժողովածուն ԱՄՆ-ում և Երևանում։

Հարցազրույցներ և էսսեներ է տպագրել ժամանակի մամուլում, որոնք այնուհետև տպագրվել են նաև առանձին ժողովածուով` «Անխարիսխ և անհենարան` երկրագնդի նման», 2004 թվականին։


 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՃՆՃՂԿԱՆՆ, ՈՐ ԱՎԵԼԻ ՔԱՆ

ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԿԱՆԳՆԵՑ ՏԻՐՈՋ ԱՋ ՁԵՌՔԻՆ

(Կինոսցենար)

 

Տեսարան առաջին

 

11-12 հոգի են՝ հին, անորոշ աստվածների հավատացյալ, որոշ հարցերի դեպքում՝ փիլիսոփա-ճգնակյաց, միմյանց ոչ մտերմությունից՝ լռակյաց, տարբեր օրերի հավաքված` այդ ընթացքը քայլելիս, դրանից ինքնուրույն, փակ, առանձին որոնողներ, ասես պատահական, հատիկ-հատիկ հավաքվել են սոսկ բնազդով՝ մենությունից փախածներ՝ ասես ապրել չեն կարողանում, հենվում են ամեն մեկը իր իմացության, նախկինում կամ տեսիլքով տեսածի վրա.– ամեն մեկի ուղեցույցը երբևէ իր տեսածն է, թեև արդեն խումբ են, առանձին-առանձին չեն:

Հրեական կիսաանապատային տափաստանի ցերեկային շոգ է. ասես ջրում լինեն՝ օդն ամեն կողմից խաշում է: Իրար հետ երեք-չորս գիշերվա ցուրտ են անցկացրել լուռ, խոսքով անգամ չտաքացնելով միմյանց. այդքանով են իրար ծանոթ: Հիմա արևն ուղղակի բեռի նման ծանրացել-կեղեքում է թանձր շորերով ծածկված մարմինները: Քայլում են: Չորս-հինգ կին կան խմբում, հագնված գունավոր, հնամաշ քիտոններ, երբեմն տարօրինակ զգեստներով՝ ասես կարկատանված: Տղամարդիկ ուսերին մորթիներ ունեն, կապույտ բրդից թեթև փոշոտ, իսկ սպիտակից ծխագույն զգեստներ. կիսաբաց կրծքերով են, զգեստները՝ հնամաշ, ոչ կեղտոտ: Քայլում են ըստ ամեն մեկն իր երևակայության, պահի կարիքի: Կանանց զգեստները մերկություն չեն ծածկում, կան ինչպես մաշվել են, – դրանից է կռահելի, որ երկու-երեք տարի այդ նույնն են հագել: Բայց դա չնկատելու պես է. խնդիրը որոնելու թափառելն է, որովհետև որոնվածը ինքը պիտի հայտնվի: Նրանց այդ տեսքի իմաստն այն է, որ շատ-շատ են որոնել, աշխարհից աշխարհ, արդեն համարյա հուսահատվում են: Լերկ, տեղ-տեղ կոր՝ գիշերային թեթև քամիով հարթեցված ավազե ցածրիկ բլրաշարքերով շեկ-կապտավուն հորիզոնում հետիոտն-թափառաշրջիկի մոլորուն քայլով, հայտնվող -անցնողները հենց հեռվից էլ նույն գնացքով անցնում են՝ չնկատելով խումբը. ասես լռությունից քամելով որոնվածի հույսը, որ թարմացնում է իրենց: Անորոշ, աննպատակ՝ նրանք իրենց գնալիք տեղը գիտեն. եթե տեսանելի էին, այդ հաստատ իմացումից էր:

ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ – ԿԱՐևՈՐ ՉԷ՝ ՈՎ ԱՍԱՑ.– Հանկարծ մտածեցի՝ ովքե՞ր ենք. թեկուզ հենց որոնումով իրար չենք ճանաչում, ճանաչածներս առհասարակ մարդն է:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ – ԿՐԿԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ՈՎ.– Իսկ ո՞վ գիտի, երբ մարդուն իմացող ոչ ոք չկա. երևի հենց մարդուն իմանալու վախից է. ահա՝ ո՞ւր ենք գնում: Մարդ պիտի նախապես իմանա, իսկ ո՞վ գիտի՝ արդեն անդադար որդն էլ է հայտնվել, թերևս սոված՝ ահա մեզ է ուտում ներսից՝ ինչպես անցյալ գիշերվա ծանրությունից ավազն էր ղրճտում մի կնոջ ու մեկի տակ:

ՀՌՈՄԵԱՑՈՒ ՊԵՍ ՍԱՓՐԱԾ ԴԵՄՔՈՎ ՄՈՏ ՀԻՍՈՒՆԱՄՅԱ ՄԵԿԸ.– Լավ էլ իմացար, որ գիշերն այդքան ծանր չի լինում. երկու մարդու ծանրությունից է ավազը ղրճտում: 
Հայացքներն այնքան էին սևեռուն-հետաքնին, որ կարծում էին՝ միմյանց հուշերն անգամ գիտեն, նաև՝ որ այդքան իրար նման են:

ՓՈՔՐԱՄԱՐՄԻՆ ՀՐԵԱՆ (ասաց ջղային) .- Որովհետև` ոչինչ չունենալով, ծնվող նոր մեկի հույսն էին ուրիշ մարմնի տալիս: Այդպես է` ամենավերջին հույսն էլ կյանքին:

ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԵՍ ՓԱՐԹԱՄ ԿԻՆՆ ԱՍԱՑ.– Իսկ ճահիճնե՞րը, որ ոտքի շարժից թպրտացող օդով էլ չեն չորանում, – բայց մենք ճահիճներով է՛լ անցանք:

ԿԱՆԱՆՑԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆ ԱՍԱՑ ՄՐԹՄՐԹԱԼՈՎ.– Ճահիճներով պիտի անցած լինեինք, որ գիշերվա ղրճտոցը չլսվեր. ինչ էլ եռանդուն էին, թե չէ ի՞նչ մնաց, որ ավազի տակով էլ չթափառեինք, բոլոր կողմերից տեսնող որդի պես:

ԿԱՐՄԻՐ ԴԵՄՔՈՎ, ԴԵՄՔԻ ՄԱԶԸ ԽՈԶԱՆԻ ՊԵՍ ՄԱՐԴԸ ՋՂԱՅԻՆ ԱՍԱՑ.– Աստված ենք որոնում. չե՞ս տեսնում, թե՞ մոռացել ես: Բայց ոչ հին, կյանքից ձանձրացած մի աստված:

ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԴԺԳՈՀ ՄԵԿԸ, ՈՐ ԳՈՐԾՈՎ ԽԵՂԿԱՏԱԿ Է (տնազ անելու պես սկզբում, հետո` լուրջ) – Գիշերն այդքան ծանր չի լինում. երկու մարդու ծանրությունից է ավազը ղրճտում: Երկու մարդով մեկի կշիռը:

ԿԱՆԱՆՑ ԽՄԲԻՑ ԱՆՈՐՈՇ ՁԱՅՆՈՎ ՄԵԿՆ ԱՍԱՑ.– Մարդ չանցած ճամփաներն են տանում Աստծուն. կարևորը՝ երկնքով չէ, գետնով է ճամփան (հուզմունքից հազում է):

ԽԵՂԿԱՏԱԿԸ. – Աստված ենք որոնում, թե՞ մոռացել ես. թեև Աստված մեզ նման թափառաշրջիկ չէ, որ մի թփի տակ հանդիպենք:

Երկնքի անճանապարհ, բորբոքուն կապույտը, որ եզրերում մշուշվում է շոգից:

Թափառական-պատահական մի ճնճղուկ անցավ. ետ եկավ, թրթռացնելով ծխագույն-գորշ թևերը՝ ասես թե որոներ, խուսափելով մոտակա ձիթենիների խմբից՝ որ շոգից երևում էին ինչպես ապակու ետևից. ամբոխ ճեղքելու նման վճռական կանգնեց ցորնագույն դեմքով, վտիտ մորուքով երիտասարդի աջ ձեռքին:

Ընթացքում, ճնճղուկի կանգնելուն ուղեկից ՊԱՏԱՆԻՆ ասաց ուրախանալով.– Բայց ամբողջ գիշեր ավազն էր մի կնոջ ու տղամարդու տակ ղրճտում: – Հետո ժպտում է ասես անսպառ: Ավազը երեսանց դեղին էր, տակը՝ օդի հին խոնավությունից թեթև թռչնագույն. եթե ավազի երեսը չլիներ, թռչունն ու գետինը չէին տարբերվի:

ԿԱՐՄԻՐ ԴԵՄՔՈՎ, ԴԵՄՔԻ ՄԱԶԸ ԽՈԶԱՆԻ ՊԵՍ ՄԱՐԴՆ ԱՍԱՑ.– Գիշերվա ցրտից մնացած զով կլինի. այս ծառերի միջով անցնենք՝ գոնե մինչև շոգը կոտրվի:

Ասես շրջակայքը բռնած՝ թռչունի հուշող-անհանգիստ ծլվլոցն է: Հատկապես նրան են լսում՝ ասես թարմանալով շոգից. ծլվլալով՝ թռչունը բարձրանում-իջնում էր. ձայնն էր անընդհատ փոխվում՝ մոտիկ-հեռու. աշխարհի օդում միայն նրա ձայնն է:

Ծանր մորուքով, ՀԱՍՏ ՏՂԱՄԱՐԴՆ ասաց. – Տեսա՞ր, որ դու չես որոշում: – Լուռ ժպտում է (հանդարտ է օրվա խաղաղության պես):

ԽԵՂԿԱՏԱԿԸ. – Բայց, իհարկե, դու չես որոշում. Աստված հենց նրա համար է, որ որոշի. ինքը որոշի, հենց քեզանով, որ թվա, թե դու ես որոշել: Մի տեղ ունե՞ս, որտեղից գիտես, որ դու ես որոշել: Երևի այդտեղից է Աստծո և մարդու սահմանը (լուրջ է խոսում, առանց տնազի. հիմա` ժպտալով) . Դու ո՞րտեղից չկաս, իսկ Աստված ո՞րտեղից կա, որ մոլորվել ես: Մոլորվե՞լ ես (արդեն ծիծաղում է) – Որովհետև անծայրության ճամփան Աստված որոնել չէ:

ԿԱՆԱՆՑԻՑ ԱՂՄԿԵԼՈՎ ԱՍԱՑԻՆ ՀԱՊՇՏԱՊ. – Ճնճղուկը ո՞րտեղ կանգնեց, ճնճղուկը ո՞րտեղ կանգնեց, - քննախույզ որոնում են օդում, ծառերի ճյուղերին, կարմիր ավազի վրա: – Ախր միայն նա կիմանա Աստծուն, աչքից նրան չկորցնենք. միայն հողի միջով չի կարող անցնել (կանացի ձայներ են. կցկտուր, հապճեպ, միմյանց ընդհատելով):

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ երկու-երեք հոգի քրթմնջացին (հրեան, հռոմեացու դեմքով մարդը, գլուխը խուզած ծերունին) . միասին կամ զուգահեռ. – Նրան էլ է զովը ձգում: Բայց ո՞րտեղից հայտնվեց. Աստծո աջի վրա են բոլոր մարդիկ, որ կարծում են՝ գետին է: Միայն մահն է գետնով ու ջրով անցնում, որ ոտքերն էլ չեն թրջվում:

(Դանդաղ նստոտելով ծառարմատներին, լուսնալույսի գույնի մոխրե գետնին՝ ծանր գալուստից շունչ են քաշում. թույլ, խեղդող հևոցներ են, որ միմյանց ուշադրություն են քաշում իրենց վրա):

ՀՌՈՄԵԱՑՈՒ ՏԵՍՔՈՎ ՄԱՐԴՆ ԱՍԱՑ. – Վերևով հենվելու տեղ չկա, որ մահ անցնի (մի քանիսը ցածր հազում են): Միայն գիշերն է անցնում ցրտին հենված, անմահության հույսով խաբելով. հողի տակ անմահության հույս չկա՞:

ՓԱՐԹԱՄ, ՎՏԻՏ ԴԵՄՔՈՎ ԿԻՆՆ ՀԵՎԱՍՊԱՌ, ԱՆՀԱՄԲԵՐ ԱՍԱՑ. – Գուցեև նշաններ ենք, որ միտք են ասում. բառերի պես առանձին ենք, միայնակ, – ո՞վ իմանա՝ ինչ ենք ասում միասին, որովհետև առանձին-առանձին մեր ասածը չգիտենք, դրա համար էլ Աստծուն ենք որոնում, որ մեզ ասելիք դարձնի: – Ասաց համարձակ, հատու, վճռական (տատանվելով ասես հիշողությունից, որովհետև բոլոր խոսածները հիշում էր):

(Չգիտես որտեղի թափառումից գալով ճնճղուկը նորից եկավ, իջավ երիտասարդի աջ ձեռքին. կորած-հայտնված ճնճղուկի ետևից դիտմամբ տագնապով վազելով) ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆՆ ԱՍԱՑ. – Այս թշվառության, պանդխտության մեջ խոսքն այստեղ խենթություն է, - սակայն մեկը վեր է կասկածից, որովհետև նախ իրականությունն է տեսնում նրան:

ԽԵՂԿԱՏԱԿԸ (արդեն լուրջ, հումորիկ երանգով) . – Ո՞վ է այն մարդը, որ վեր է կասկածից. ինչպե՞ս կարող է մեկը կասկածից վեր լինել, բայց չէ՞ որ այս անծայրությունից բացի, կասկածն է մեզ հավասարեցնում, - թե՞, գուցե թաքուն, արդեն տարբերակում է. (տնազելով) մեկը վե~ր է կասկածից:

(Կապույտից դողդողացող՝ քարացած հսկա ալիքների տեսքով, հեռու լեռներն ասես երկինքն էին պատառոտում. շոգը յուղ խառնած ջրի տեսքով էր նստած):

ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃ, ՀԱՍՏ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՍԱՑ. – Բայց երկնքի թռչունները սերունդներ ունեն. ո՞ւր են մեր սերունդները, որ չեն երևում երկրի երեսին. ես տղայիս թաղումից փախա, որովհետև բաց աչքով չես կարող հողի անծայրությանը նայել՝ սառը, անշարժ, հավերժական: Հողն այն երկրում սպիտակ է: (Լուռ, ցածր հեկեկում է) Ոչ մի մեռել չի համբերի այդ անընդհատ սպիտակին:

(Հողը դեռ ծխագույն էր. կաթնասերի նման օդի վրա ստվերը երևում է):

Ճնճղուկը մի պահ թռել, կրկին էր նստել. հիմա երիտասարդը ձեռքերը ծնկներին էր հենել արմունկներից. աջը այդուհանդերձ օդում էր, բաց – բութ մատին կանգնած, աջ ու ձախ էր նայում. ՁԳՁԳՈՒՆ, ԿԱՅՏԱՌ ԱՍԱՑ.

– Խավարն ավելի է կոշտ, քան լույսը. խոսքի մտերմության չափ են երևալի, ոչ միայն աչքով:

(Ավազի վրա փոխված արևի ստվերագույնից հասկացան, որ կեսօրն է շարժվել. մի իշավոր սիլուետ հորիզոնում գտած գաճաճ ձիթենուն էր մոտենում, բայց չհավանեց: Նստածները փոքրիկ ճյուղերով հողն էին փորփրում. անցյալն ասես հիմա լիներ, թռչնագույն տակի հողը թացոտ կար, բայց օրը դանդաղ հոսում էր): ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ կողքին նստած հռոմեացու դեմքով մարդուն բան էր պատմում. մի պատառիկ լսվեց. ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃՆ Է.

– Անծայրության հիվանդ էր. շարունակ որևէ տեղ էր ուզում՝ ինքն էլ չգիտեր որտեղ: Դրանից մեռավ. մի գիշերում դեմքը կապտեց: Երևի անծայրության կարոտից էր (կրկին թույլ հեկեկում է): Իրականությո~ւնն է սպանում մարդուն (ողբում է, կրծքին, գլխին խփում` լացելով բարձրաձայն):

– Տեսնես այստեղով է՞լ է մարդ անցել, – քրթմնջալով ԱՍԱՑ ՊԱՏԱՆԻՆ: Մյուսները, ուրիշների կյանքին խառնվելու պահանջից պանիր, ձու, հաց էին ծամում: – Առանց երկյուղի մեկը, – շարունակեց պատանին: – Որ Աստծո դեմ էլ կըմբոստանա. ինչի՞ վրա ապրենք՝ մոխրի՞, ստվերի՞, թե՞ լույսի (համաձակ, ասես մերկ նայում է բոլորին, գիտակցելով հարցի անակնկալը) . բայց ես կորցնելու բան չունեմ:

ՓԱՐԹԱՄ, ՎՏԻՏ ԴԵՄՔՈՎ ԿԻՆՆ ԱՍԱՑ ԽԻՍՏ. – Կյանքը միայն այդքանն ունի: (խիստ նայելով պատանուն) Սգի մեջ տղամարդն է սրբազան, ուրախության մեջ՝ կինը:

ՀՐԵԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԻՑ ՍԵՎ ՄՈՐՈՒՔՈՎ, ՃԵՐՄԱԿԱՄԱԶ ՄԵԿՆ ԱՍԱՑ ՏԱՏԱՄՍԵԼՈՎ. – Աբրահամն ինչի՞ վրա էր. դրա համար էլ մեղք չունեցավ, – որովհետև առանց կասկածի էր. ուտելիքը երկիրն է տալիս, ոչ Աստված, դրա համար էլ ամեն քայլի չի տալիս, որովհետև չենք գտնում:

ՑՈՐՆԱԳՈՒՅՆ ԴԵՄՔՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆ ԱՍԱՑ. – Կյանքն ու մահը հայտնի են ուտելիքի պես, այս ճնճղուկը նրանց վրա չի ապրում, երբեմն հանգրվանում է: Դրա համար էլ ուտելիքը նրանց հետ չի չափվում՝ ինչպես երկուսի խոսելուց եկող մտերմությունը: Ամեն օր այդ մտերմությունն է մարդու հետ (ճակատն է սրբում):

(Բոլորը նրան էին նայում, լրջությունից վախեցած):

ԱՍԵՍ ՏԱԳՆԱՊԻՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՎ՝ ՎՏԻՏ ԴԵՄՔՈՎ ՓԱՐԹԱՄ ԿԻՆՆ ԱՍԱՑ. –Երկինքն է՞լ ես տեսել. (երկար ընդհատում) . այնտեղ չես կարող որոնել՝ ինչքան ուզում ես թափառիր, ոչինչ անծայրությամբ չի չափվում. եթե երկիրը հերիք չէ, որ Աստծուն հանդիպես. թեև, ահա, երկիրն է մարդունը, որ տեսնում է շարունակ:

(Ոմանք, որ փոքր-ինչ հեռու էին՝ մյուս ծառերի տակ, մոտեցան – պպզած նայում էին դեմքին՝ հայացքները քննախույզ. ագահորեն, ասես միանգամից հոգնած, ուսերին բեռի նման թափառումների մորթիները կուտակած: Թռչունը նորից էր թռել՝ այս որերորդ անգամ, ասես միայն նրա խոսելուց):

– Մի՞թե չգիտեք, որ ահա նա էլ է սիրո վրա ապրում, - ԱՍԱՑ՝ ցույց տալով մոտիկ, ասես խաղացկուն թափառող ճնճղուկին: – Չգիտե՞ք, որ սերը հողից պինդ գետին է, որովհետև ոչ ոք մեկ ուրիշին միայնակ չի պահպանում. սիրո մեջ ոչինչ չի կորչում, միայն մեծանում է: Ահա` մեկին միայնակ պետք է պահպանել մարդկանց մեջ: Մարդու անելիքը նախ մարդուն պահպանելն է. այդտեղից է սկսվում Սերը, որ ասում եք` չկա:

(Արդեն չգիտեին, թե երբվանից սկսեցին որոնել՝ պատառներով երևացող օրերը նույնն էին. անցյալ, որ նորից չի ապրվում: Ստվերում կծկված հովացողները նայում էին, իրենց հոգնած ծնկներին լսում: Կրկին՝ հուզմունքից, թե հոգնությունից ծանր էին շնչում. անտարբեր՝ քրտինքը դեմքներից ծորում, երբեմն դողացնում էր): ԱՍԱՑ.

– Այս է մարդու, թռչունի, կենդանու գետինը, որ կյանքից ու մահից առաջ էր ու կա. երկնքին նայեք, հետո` ջրին: Այդտեղից է սերը որոնվում. բոլորի համար չէ նախապես պատրաստի, դրանից էլ բոլորը չեն կարող գտնել, ինչպես առավոտը:

(Պպզած, լուռ լսողները բզեզի էին նման, իրենց սև շորերով): ԱՍԱՑԻՆ.

– Բայց մարդու հացը երկնքից է կախված՝ ուտելիս մարդունն է, ոչ Աստծունը, ինչպես կյանքը, որ մարդունն է, կամ՝ ինչպես մահը, որ բոլորն ունեն:

Զգեստներից ծանրերը ոտքերի տակ դրած, աղջկական կանաչավուն քիտոնով ՊԱՏԱՆԻՆ ԱՍԱՑ.

– Ձկան պես քրտնել եմ. բայց ամբողջ գիշեր թաքուն ղրճտում էր օրվա ավազը: Լռության տանջանքն է, որ ոչ ոք չի լսում, – նորից մաղձոտ ժպտաց (ասես այլևս հուսահատ է, սպառված):

– Դու նա չես, ով շոգում է, - ԱՍԱՑԻՆ ՔՄԾԻԾԱՂՈՂ ԿԱՆԱՆՑԻՑ. ՎՏԻՏ ԴԵՄՔՈՎ ՓԱՐԹԱՄ ԿԻՆՆ էր: –Ուրիշ մեկն ես, որ ինքն իրեն չի ճանաչում. ամայությունից էլ չես կարող քեզ ճանաչել, բայց՝ որոնիր, որոնիր, մի օր էլ քեզ կգտնես:

ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՎ՝ ՄԻՆՉԵՎ ԱՉՔԵՐԸ ՄՈՐՈՒՔՈՎ, ՀԱՍՏ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՍԱՑ.– Սիրելը կին ցանկանալը չէ: Ես չէ, որ պիտի ասեմ, որովհետև կնոջն անգամ հայացքով հպվելիս՝ ցանկանում ես: Բայց դեռ սերը չէ այդ, – գերեզմանի ու կյանքի գիտելիքները այդ կնոջ համար են, ոչ սիրո. ժամանակ առաջ Մովսեսն էլ դա ասաց (հրեաներն գլխով արեցին. □Այդպես է, այդպես է□), ցանկանալը սկիզբն է սիրո՝ նա էլ է պտուղի պես հասունանում, մինչև վերջ էլ հողի վրա է, միայն մարդու հետ ու մարդու մեջ, – որովհետև միայն մարդը այդ սիրով մեծանալու հպարտանքն ունի, որ մինչև Աստված ինքն է իր կանգառը: Բա ինչի՞ համար է այս ողջ անծայրությամբ անցած ճանապարհդ, որ սիրելը չես կարողանում տեսնել:

ԳԼՈՒԽԸ ԽՈՒԶԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ (ասես արթնանալով, տխրադեմ) .– Բոլորս էլ խեղկատակ ենք (կտրուկ, գոռալու պես) – նույնը՝ հա՛ քայլում ենք. բայց աշխարհում կա՞ ճամփա, որտեղով մարդ չի անցել: Թեկուզ ծիծաղը՝ ամեն տեղից է անցնում, սիրո նման (ձայնը չորացավ, կտրվեց. հանկարծակի լացում էր, երեխայի պես, խոշոր արցունքներով): – Ես ի՞նչ իմանայի, որ այսքան ծանր է անծայրությունը, որ բերում (ցածր) ոչ թե որևէ վերջի է հասցնում, այլ հենց կյանքի պատին, որ մահն էլ չէ, բայց միայն մարդու մեջ է, իրականության նման:

Դեռ թռչունի ծլվլոցն էր նրանց ողողում.

Քիչ անց. ՊԱՏԱՆԻՆ՝ ՏՐՏՈՒՄ ԱՍԱՑ կատակային. – Ձկան պես քրտնել եմ, հենց ձկան (ինքն իրեն պատկերելով իբրև ձուկ) . երևի գիշերվա ղրճտոցից է (ժպտաց ու դեռ երկար ժպտում էր):

ԾԵՐՈՒՆԻՆ թույլ, մանրիկ հեկեկում է:

Կանայք ցածր քչփչում են. թերևս գիշերը պառկած անհայտ կնոջ ու տղամարդու մասին էր:

ԿՄԱԽՔԱՆՄԱՆ ԾԵՐՈՒՆԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՍԵՑ, որ բոլորը լսեն.

– Ապրածդ կյանքից մնացածը հավա՞տն է շատ, թե՞ անիմաստությունը:

ԽԵՂԿԱՏԱԿԸ (անլուրջ, ժպտալով ու ասելիքին տարակուսելով) .- Ոչ մեկը: Չգիտեմ` ում հավատամ, և չգիտեմ` ինչին չհավատալ. դրա համար էլ` անիմաստությունը, թե չէ` ոչ ոք չի կարող ասել, թե որին հավատալ, որովհետև չկան, - խեղկատակի պե՞ս եմ մտածում, թե՞ ձեր լրջությունն եմ ավերում: (Գլուխկոնծի է տալիս, անիմաստ հռհռում, բայց միշտ ժպտալով):

Արդեն մանր քարերի ստվերներն էին երևալի: Ծերունին հանկարծ ու երկար՝ հազալու պես քռքռալով ծիծաղեց. ասես նոր էր արթնացել՝ հայացքը աշխույժ էր, կայտառ:

Ասես հանկարծակի ոգևորվելով, ՏԽՐԱԴԵՄ ԾԵՐՈՒՆԻՆ թատերական ձայնով ասաց. – Նրանք վաղուց գնացին. մի օր հավատում էին, մի օր անհավատ էին: Չգիտեին ո՛ր օրերը ջոկել. հավատալո՞ւ օրերը, թե՞ անիմաստության օրերը: Բայց տեսան, որ օրը կեսօրից է նշան առնում, իսկ կյանքը հավասարակշռելու համար իրերին էին հավատում, որ որոշ ժամանակ փոխարինում են մարդկանց: Երբեմն լսում էին Աստծո ձայնը՝ բայց ես շարունակ ստեղծում եմ: Ահա՝ ո՞ւր են մարդիկ, որ իրերն այսքան շատ են: Քարակոփ մեծ կրկեսում ես հարցրի այսպես, կատակի նման, բայց բոլորը գնացին, հետո իրար հրմշտելով կորա՜ն` ինչպես հենց իրականություն:

(ԾԵՐՈՒՆԻՆ ԾԻԾԱՂՈՒՄ Է. կանայք էին ահաբեկված նրան նայում): – Այդ սերը բաժանվո՞ւմ է, որ բոլորն էլ ունենան, - ասաց ծիծաղի միջից. (լռությունից սկսեց առյուծի մռնչոց կաթել. շփոթվեցին տագնապալի: Ստվերն օդից իջել, արդեն գետնին էր. չգիտես ինչի ստվերներ էին, որովհետև տեղանքը ոչ ժայռ ուներ, ոչ էլ մեծ ծառ): – Ամեն մեկը իրենը կուզենա, բայց՝ քիչ կամ շատ չպիտի լինի, թե չէ պատերազմներում իրար կվերացնեն (ծիծաղում է բարձր, բեկոր-բեկոր նյարդային):

Բոլորն էին թմբիրից արթնացել. աշխույժ, կենդանի իրար են նայում, մերթընդմերթ թաքուն ծիծաղում, փսփսում: Առյուծի ձայնն անցել էր:

ՊԱՏԱՆԻՆ. – Այս երկար օրն էլ կրկին չի ավարտվում (ժպտում է, ծիծաղը զսպելու համար): – Բայց մի տեղի մոտեցել ենք, օտար կնոջ հոտ եմ առնում:

Կանայք թույլ ժպտում են. Նախ կռահելով, հետո՝ լսելով:

ԾԵՐՈՒՆԻՆ (նրա թեթև ձայնը հնչում ու տարածվում է չգիտես որտեղից: Հևասպառ խոսում է. աչքերն ակնապիճներում ոստոստում են, այլևս չի ծիծաղում, թվում է՝ անիմաստ բառեր է ասում արագ-արագ) .

– Արեգակը գալիս, ավարտվում է, խոշոր քարերի, ժայռերի ստվերներն են, հին գույներից զրկվում՝ նոր են ստվեր դառնում: Ջուրը ստվերի՞ց է հոսում՝ դրա համար էլ չի երևում: Թե՞ արևից, որ ձայն ունեն: Մարդիկ մենությունից են խոսում իրերի հետ: Կռվարարներն ասում են՝ ոչ, երազից է, մենավոր երազից, առանց իրերի. երազում ոչ մի իր չի երևում: Ծաղկուն դաշտով անցնելիս երեք օր խոտ կերանք: Զինվորներ են գալիս հներից: Մեռյալների հավատից է, որ ոչ ոք չի մեռնում: Կարմիր մշուշը հեռո՜ւ-հեռվում է: Բայց սարն ինչպե՞ս անցանք՝ իրար հետ էինք, որ ասում էինք՝ բլուր է: Ինչի՞ վրա է ապրում, որ մարդու հետ սարն էլ կա, խոտն էլ: Ձյուն չի գալիս՝ ձյուն կերե՞լ ենք, մոռացա …

ՀՌՈՄԵԱՑՈՒ ԴԵՄՔՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ. անկարծիք. – Խելքը ե՛րբ կորցրեց. առավոտից խելացի էր խոսում. երևի ամայությունից է: Օրինակ` պարզ չէ՞, որ այլևս չենք դառնա այն տեղերով, որտեղից անցանք:

ԿՄԱԽՔԻ ՊԵՍ ՆԻՀԱՐ ՄԱՐԴԸ. թանձր հոնքերով – Բա անիմաստությունը. թե չէ անապատ չափչփելով ո՞վ կհասներ ժամանակի անգոյության մտքին: Տարածության նման է, որ հա’ անցնում ես, և խաբուսիկ մի արդյունք կա, - ասես` չկա: Ավարտներում` միայն մահն է, որ կրկին հարց է` կա՞, թե՞ չկա:

ՑՈՐՆԱԳՈՒՅՆ ԴԵՄՔՈՎ ՔՉԱԽՈՍ ՄԱՐԴԸ դիտում էր, ուշադիր լսում: Ճնճղուկը աջ ձեռքին կանգնել, չի գնում. ասես մատների միջև թափառում է: Մի երկար, շեկ որդ է նրա կողմը սողում, բոյով մեկ կծկվելով–բացվել–երկարելով, տակը–կողքանց կարմիր ոտիկներն են երևում-փակվում: Թռչունին տեսավ, կանգնեց. շտապելուց գլորվեց՝ ջանալով շուռ գալ-ետ դառնալ:

Նրա ոտքերին մոտիկ չոքած երիտասարդ մի կին էր ինքնիրեն փսփսալով շշնջում. նկատելի է, որ հղի է: ԼՍԵԼԻ ԱՍՈՒՄ Է.

– Տեր, սերը, որ չի երևում, ինչպե՞ս կարող է հողի նման պինդ գետին լինել. բա ինչո՞ւ է կինը տակը պառկում, տղամարդը՝ վրան:

ԽԵՂԿԱՏԱԿԸ (շարունակ ժպտալով. անհոգ, անվիշտ) .- Ես ինչո՞ւ ձեզ միացա, որ նման բաների շուրջ եք խոսելու: Բայց ես ի՞նչ իմանամ, թե ինչու է կինւ տակը պառկում, տղամարդը` վրան. անապատի օձն էլ է այդպես պառկում. ո՞վ կարող է պատասխանել, որ ես պատասխանեմ: Ո’ւր ուզում եք գնացեք, որ մի Աստված գտնեք, աստվածները` շա~տ:

ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՊԵՍ, ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՎ. ԳԼՈՒԽԸ ԽՈՒԶԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ. – Ես անիմաստության պատմությունն էի ասում, հենց մեզ վրա, – օրերի, որ ապրեցինք: Ասածիս պես՝ ամեն ինչ առանձին է, որ իր պատասխանն ինքը ունի. փնտրիր, կգտնես (կռվարար) – Չփնտրելուս համար էլ են ասում, թե խելքը կորցրել է, ծեր է: Իսկ ո՞վ է որոնում, գոնե ծերունու գտածը ո՞վ է գտել, որ իմաստուն խոսի. որոնողները նախ իրենք իրենց են կորցնում:

Լուռ են. ծերունու խոսքից սասանված՝ ասես իրիկնադեմն արագացնելով են սպասում, որ ստվերով քայլեն

Լռությունից սպասելով՝ ԾԵՐՈՒՆԻՆ ԿՐԿԻՆ ԳՈՌԱՑ.

– Ոչ ոք էլ չի որոնում. այն, ինչ կա, աշխարհն արդեն լցրել է, այլ բանի լինելու տեղ չկա. շատը իրերն են, որ հենց մարդկանցից շատ են: Աստված հենց դա է ասում. եղածն ունեցեք, եղածն ապրեք, - դրանից է, որ կյանքն ու մահը այդքան շատ են մարդուն կշտացրել: Կնոջ հետ պառկածը ողջ իմաստությունը մի պահում էլ է գտնում: – Թե չէ՝ ամեն տեղ անհաշիվ կուռքեր են, ամցյալի արձաններ, հնությունից ու իրենք իրենցից ճկռած, որ մահից անդին էլ եղել են իմաստությունը որոնելու: Մարդուց շա՛տ են, շա՛տ. բայց՝ կյանքից քիչ:

ՄՆԱՑՅԱԼՆԵՐԻ ԼՈՒՌ ՍՊԱՍՈՒՄԻՑ ԱՍԱՑ ԿՐԿԻՆ ՋՂԱՅԻՆ. – Կյանքն ու մահը հերիք չե՞ն, որ սեր էլ եք ուզում: Դրանից չէ՞, որ կիսատ եք մեռնում, շարունակ կյանքին կառչելով: Որովհետև մահն էլ պիտի ձեր վրա տեսնեք, որ հավատաք. մեռնում եք անմահության հույսից չորանալով: Չկարողացաք գոնե յոթ օրն էլ ամայությանը դիմանալ: Դեռ սնունդ էլ ունեք, որ կիսում է այս անիմաստությունը:

ՏԱՐԻՔՈՎ ՄԻ ԿԻՆ ԿԱՆԱՆՑ ԽՄԲԻՑ (քարշ տալով մի մեծ մորթի. առանց ծերունուն նայելու՝ սևեռելով հայացքն ու, ասես, բառերը դեմքին) ԱՍԱՑ ՄԵՂՄ.

– Գիտեմ այդ սերը, որ նման է համբերությանը: Այս յոթ օրը առանց իմանալու դրանով էի սնվում, բայց՝ հիշողության մեջ է հիմա, նա, ում սիրում էի, հիմա չկա. եգիպտական գերության մեջ կորավ անանուն: Ոչ ոք չի կարող հիմա ինձ մխիթարել: Հողի տակի անհայտությունն ավելի խորունկ է, քան երկնքի անհայտությունը:

ԾԵՐՈՒՆԻՆ (լուրջ, անծիծաղ, առանց որևէ ծամածռության) ԱՍԱՑ. – Երևի գիտես: Եթե համբերությանը նմանեցնում ես՝ իսկապես գիտես: Դրանից է ծնվում սերը, որը տեսնելու համար ոչ ոք դեռ չի ապրել. համարձակությունն ավելի մեծ է, քան ուրիշ արարքի համար, թեև ես էլ չգիտեմ:

– Համբերությո՞ւնը, - դանդաղ, հատու ԱՍԱՑ ՏԱՐԻՔՈՎ ՀԱՍՏ ՏՂԱՄԱՐԴԸ (կողքի թեքվելով, եղած ստվերի չափով երկարելով): –Կյանքում, պարապ օրերին համբերելն ուրիշ է՝ երբ հենց կյանքին ես համբերում, ասես անիմաստ բզզոցով անցնում է ոչ մի տեղ: Անմիջապես մահվան սպասելու համբերելն ուրիշ: Կամ՝ մեկը, որ սպասել ու վերջին պահին ազատվել է թե՛ գլխատումից, թե՛ սպասումից, թե՛ թեկուզ երեք օր համբերելուց: Բայց աշխարհում կան. խելագար են: Ուժեղները՝ միշտ անորոշ մի աստծո հավատացյալ, որ չկարողանալով կյանքին ու իմաստությանը դիմանալ՝ կիսատ, կամ լրիվ ճգնավոր են դառնում հենց ապրելու համար. թե չէ ի՞նչ սեր, ո՞վ կարող է այդքանն անցնելուց հետո սիրել. ոչ ոք չի կարող անիմաստությանը հավատալ, որովհետև ապրել, նշանակում է կյանքում իմաստ գտնել, – բայց ինչքա՞ն կարող ես ինքդ քեզանից կյանք ստեղծել հա՛ իմաստավոր: Հատկապես մարդն է պարտավոր կյանքի անիմաստությունը իմաստով լցնել. նրան միայն կենդանին, ծառը, թռչունն են օգնում, - թե՞ այդպես չի (ավելի է կարմրած, քրտնած. հուզված է):

Թափառելու պես՝ որևէ հեռվից արծվի կռինչ լսվեց. չգիտեին որտեղից: Մտքերը, իրենց իսկ օրինակները ասվելու ցանկությունից խեղդում էին. հաճախ անիմաստ, լուռ շարժումներ էին անում, խորասուզվում կամ դեռ շուրթերը շարժում անշշուկ: Հռոմեացու դեմքով մարդը ետ ու առաջ էր քայլում. ստվերներն արդեն դողդողում էին. ոչ թե շոգն էր անցել, այլ ետկեսօրյա իսկապես մի հոգնած, խեղդող անդորր էր. չէին կարող շարժվել, բայց մտքերը չէին սպառվում:

– Սիրուն, սիրուն կհավատանք, որովհետև անիմաստ չէ, - ԱՍԱՑ ԾՆԿԱՉՈՔ ԿԻՆԸ. մոռացված՝ դեռ ծնկաչոք էր, դեռևս տաք ավազն այրում է նրա ծնկները, որ փաթաթված են նախկինում սպիտակ քիտոնով, տակը՝ մորթի: (թեթև, աննշան քամին նրա մազերն է ասես պոկոտում` ծածանում դեմքին):

ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ (մռայլ. ասես պարտված) .– Նման մի գիշերվա երանության շուրջ է կյանքի ողջ որոնածը. կա, բայց ամեն օր չես կարող տեսնել:

Ոմանք արդեն ննջում էին, թեև դեռ կայտառ են:

– Առուտո՞ւր է, ինչ է, - ԳՈՌԱՑ ԾԵՐՈՒՆԻՆ (ձիթենու թույլ ստվերում էր. կանանցից վերցրած ցնցոտիների վրա կողքի էր ընկել, ուրիշի խոսելուց ավազի վրա բառ էր գծմծում, ջնջում հունարեն ու եգիպտերեն նշաններով, հետո ուշադիր ուրիշը գրում): – Դու՛, կին, սերը ի՞նչ է, որ համբերության նման է. նշանով ցույց տուր՝ տեսնենք: Թե՞ չես կարող, որովհետև նշան չունի:

ԽԵՂԿԱՏԱԿԸ (լուրջ, գիտի, որ իրեն չեն լսում) – առևտուր է, որ հավատն էլ են իրար ծախում, որ հողից չէ: (Տխուր) – Հողից ծնվածի պես է ծախու: Ո՞ւր փախչեմ մարդուց: (թռչկոտում է կեղծ, տագնապով):

Հայացքը ավազին՝ կինը նայում էր:

ԾԵՐՈՒՆԻՆ. շարունակում է. – Ահա, հենց հիմա խոսքը ասվեց, բայց չես հավատում, որ կա: Թեկուզ ունես. բայց ինչպե՞ս կհավատաս, թե ինչ է սերը, որ չես կարող մատով բռնել: Միայն իրերը չեն, որ երևում են. շատ ավելին չերևացողներն են բո՛ւն երևացողը: Առյուծի ձայնն առար ու վախեցա՞ր քեզանից. ահա սերն էլ է դրանցից: Կարո՞ղ ես ցույց տալ, թե ատամդ ինչպես է ցավում. պիտի ցավը ցույց տաս, թեև մարդ էլ չի տեսնի: Ուրեմն՝ չկա՞:

ՀՐԵԱԿԱՆ ՔԱՀԱՆԱ (միջահասակ, սև-կեղտոտ պարեգոտով, մորուքը մշուշի նման ծնոտից խանձված կամ բնական շիկակարմիր, նոր է միացել խմբին) ԼՍԵԼԻ ԱՍՈՒՄ Է.

– Ցավը միշտ կա. երբեմն ցավ տանողն է պակասում, կամ՝ թվացնելով, թե չկա: Ո՞վ է համարձակորեն ցավ տանում: Ցավի հետ հոգին էլ է թաքուն, ասես մարդ հսկող պահապաններից մեկը: Երեք օր առաջ էր՝ ասես հավերժությունից եկած մի մուրացկան առյուծի մոտ կանգնեց, ասաց՝ կրկին հավերժությո՞ւնը. այնտեղից եմ եկել, նորից եմ գնում: Առյուծը գռմռում էր, շան պես: Կանգնեց մի պահ, հետո մոտեցավ առյուծին. նետվեց հենց երախի վրա: Ջղայնացած կենդանին վախեցավ, խրտնելով ետ քաշվեց երերուն. հետո դանդաղ հափռում էր նրան՝ ավելի կատաղելով նրա ցավի ճիչերից: Պատառոտում էր փորից՝ ճանկերով աղիները հանում, – որ տիեզերքի ճամփաներն է ցույց տալիս: Բայց, նախ, խեղդելուց հետո, կենդանի էակին ոչ ոք հավերժության ճամփան չի ասում (նա տրտում շուրջն է նայում. հռոմեացու դեմքով մարդը մոտեցել, ուշադիր լսում է): Ինչպես հավերժության ճամփան, կյանքում էլ ամեն ինչ անելի է. կյանքում ավելի շատ անողն է պետք:

Մի պահ լուռ էին. կտրուկ վեր թռչելով ԾԵՐՈՒՆԻՆ ԱՍԱՑ ՀԵՎԱՍՊԱՌ.

– Հաստատ ձախողված փիլիսոփա ես (որ բառը կոշտ չերևա՝ կեղծ ծիծաղում է): Նրան հարցրու, որ այդքան չլսված բան է ասում: Կարո՞ղ է ատյանում է: Սիրելով պառկելուց հետո ձանձրանում, քնում ես (քռքռալով ծերունին ծիծաղում էր՝ ուշադիր նայելով կանանց դեմքերին): Մարդու բաժինը այդքան սերն է. մի՞թե ուրիշ սեր էլ կա: Այդ ուրիշը չենք հասկանում (դարձավ հրեա քահանային) թեկուզ մի պահ իրեն չհարցրե՞ց, թե ինչու է կործանվում. գուցե երազի մեջ անանուն աստվածներ են երևացել, որ չեն կարողանում վախից իրենց միտքն ասել: Բա մարդը միս չէ՞ անհայտությունը հասկանալու. անհամբերությունից չի կարող խոսքի հասնել: Ահա` գոնե մեղք տանելուն հասել է, բայց ապրելու պատասխանատվությա՞նը երբ կհասնի: Բայց դրա համար է, որ պատասխան չկա. ո՞վ ունի պատասխան, որ ահա մենք ունենանք: Բոլոր պատասխանները Աստծո վրա են, որ չգտնելուց մարդն է փորձելու պատասխանել:

Շփոթված՝ հայացքներն էին թափառում. իրենք անշարժ էին, տարբեր դիրքերում, լարված:

– Սիրիր մերձավորիդ. կյանքը սիրո վրա է հաստատուն, – ասաց ՑՈՐՆԱԳՈՒՅՆ ԴԵՄՔՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ շշնջաձայն, փոշուց չորացած բերանով ժպտուն: – Կյանքն ու մահը ահա հայտնի են, սերն է մարդուն անհայտ, թեև հենց կյանքի ու մահվան հետ է ծնվել:

ԳԼՈՒԽԸ ԽՈՒԶԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ ԱՍԱՑ. – Տեր, մի՞թե թեկուզ կյանք ապրելով ավելին գիտես, քան որևէ աստված, որ իր կյանքն ապրելով բոլորի համար, գիտի բոլորի չափ: Մի՞թե մեկ կյանք ապրողը այդքան չպիտի իմանա. մեկ մահով մեռնողի չափ, - բայց ո՞վ գիտե, թե քանի մահով է մարդ մեռնում:

Ճնճղուկն անընդհատ մոտերքում էր՝ երբեմն, խոսելիս, փոքր-ինչ հեռանալով. կանգ էր առնում ծառերի ճյուղերին, հետո ծլվլալով ձուլվում օդին, պատրանքի պես:

– Դու ասացիր, - ԱՍԱՑ ՆԱ՝ դանդաղ, բեկբեկուն հայացքով նայելով:

ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃՆ ԱՆՀԱՄԱՐՁԱԿ ԱՍԱՑ.– Բայց մարդու իմացությունը շատ մտածելուց չէ: Իմաստության հիմքը գործողությունն է. առանց դրա ոչինչ էլ չես կարող մտածել: Իմացությունը միայն գործողությունից է սկիզբ առնում, որովհետև միտքը մի բանի կամ բառի վրա օրերով չի կանգնում, որ քննի: Նա հաստատուն է, անպայման ապրելի, պատրանքի հեռվից անգամ երևում է, սպասում, որ մարդուն հենց փորձով տանի իմացության. որոնումներով, չսպասվածը մաս-մաս գտնելով – կորցնելով, –որովհետև որոնածը չգիտի նախապես: Ինչպես որ հանցագործի գլուխը կտրելու են կանգնում շատերի աչքի առաջ: Նրանք գիտեն, որ մինչև անելդ դու ոչինչ չգիտես. գիտե՞ս քանիսն են կիսակտրված գլխով հենց կացնի տակից էլ փախել–թափառել համարյա անգլուխ, տնքալով ցավից: Ահա այդպես է անմերժելի կյանքը, որ չգիտես ով է տալիս: Կասես՝ ինչո՞ւ (ակնդետ նայում է հռոմեացու դեմքով տղամարդուն): Թեկուզ թվում է, թե կյանքն առջևից՝ ապագայով է շարժվում. բայց՝ երբեմն էլ ետևից, որ հուշ է թվում. կյանքը միշտ տարբեր կողմերով է շարժվում:

– Ուտելիքը Աստված է տալիս տարվա չափով, բայց մարդն ուտում է անմահության տենչով, - ասես ինչ-որ անմիջական բանից ուշացած՝ ասաց ԿՄԱԽՔԱՆՄԱՆ, ՃԱՂԱՏ ԾԵՐՈՒՆԻՆ, որ շարունակ մտասուզված՝ քիչ էր խոսում:

– Սարսափելի բաներ մի ասա, - վախվորած ԱՍԱՑ ԴԵՌ ԾՆԿԱՉՈՔ ԿԻՆԸ՝ ԽՆԴՐԱՆՔՈՎ նայելով նախկին դահիճի մռայլ, քրտնած դեմքին.–Դաժանը հենց այդ իմացությունն ապրած դեպքը պատմելն է. ամեն մարդ չէ, որ դա կարող է տանել: Համբերության մասին պատմիր՝ եթե ունես, թե չէ՝ սպանությունը արդեն գիտենք: Զովն ընկնում է, - ակամա ասաց ցորնագույն դեմքով երիտասարդին:

–Ոչ, չգիտեՆք: – Կրկին ջղային ասաց ԳԼՈՒԽԸ ԽՈՒԶԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ ՆՍՏԵԼՈՎ: – Տես ո՜ւր հասան. ամեն մեկն իր մշուշներն է ցրում: Չէ՞ որ նա՝ հանցագործը, համբերում էր գլխատումից առաջ երեք օր. այդ երեք օրն ինչպե՞ս ապրեց: Երբ ինչ-որ բան ուրիշի հետ է լինում, մարդը մնում է դիտող ու սպասող՝ ինչպես ծալծլեցինք այս յոթ օրը, թեկուզ որոնում էինք Աստծուն ու ապրելով հենց կյանքի անծայրությունը: Իսկ գուցե յոթ օր չէր, տասնյոթ տարի՞ էր, որ անցավ ու` չտեսանք: Ամեն մեկս նախ քա՞նի աստված տեսանք՝ որ կյանքն է ընդգրկում, բայց անծայրությունը չէ. նույնիսկ այդ աստվածն ինքը չի էլ շարժվել: Բայց հեռվից աստվածները շարժվում են, տեսնում ենք. մեկը՝ քիչ, մյուսը՝ անվերջ, մինչև մոռացվեն: Շատ կին ցանկանալո՞ւց էր, թե՞ անծայրությունից. թեև կանայք ահա մեզ հետ էին: Ոչ ոք գործողության չդիմեց. լռակյաց մեր իսկ ցանկությունը հանդուրժում էինք, որովհետև անցուցանելի մտածում ենք (արդեն ծերունին կանգնել է. փոքրիկ տկճորից գոլ ջուր է խմում՝ բերանի կողքերից ծերունավարի թափթփելով): Անծայրության կշիռը հենց ապրելիս մոռացանք. չէ՞ որ այդ բեռան տակ իրականում ոչինչ էլ չես մտածում: Մի փոքրիկ նպատակ ես դնում՝ ասենք, մինչև առաջիկա բլուրն անցնելը սպասեմ, - օր է գլորվում: Ի՞նչ տարբերություն՝ որոշակի, մանրամասն մտածո՞ւմ էիր օրը թե՞ (ջուր է խմում): Բայց՝ համբերում էիր: Այդ ճանապարհով չե՞ս գտնելու սերը, թեև կարճ ճամփան պատահած կինն է. նրա հետ կյանք էլ չես կապում: Այդպես չէ՞:

ԿՄԱԽՔԱՆՄԱՆ ՃԱՂԱՏ ԾԵՐՈՒՆԻՆ (բարձրահասակ է, մեկնվածքում՝ տարօրինակ հասակով, հոնքերը՝ թանձր, կիսասպիտակ):

– Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում. հենց անհամբերությունից չի կարող իմանալ: Միշտ էլ մարդու ուզածը նախ Աստված գիտի: Կյանքը հենց կյանքից գլորշու պես ելնող այս մշուշներում է. դրա համար է սիրո այս միտքը կայծակի նման՝ ոչ ոք իր տեղը չի գտնում: Ասում են՝ չկա, գտնենք բուն կյանքը. այդ պատրանքներից անդին ոչինչ չկա, ոչ միայն նույն անծայրությունն է, այլև՝ անիմաստությունը, – թեև իրականում չեն որոնել: Ի՞նչ սեր, որ նույնպես պատրանք է: Հովն ընկավ՝ չշարժվե՞նք. այս կողմերում մի քաղաք պիտի լինի, առյուծի ձայնն էլ լսեցինք, որ ասում է, թե՝ ի՞նչ տարբերություն, հողի վրա՞ ես պառկած, թե՞ հողի տակ:

 

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

 

Գիշեր-ցերեկվա այդ անծայրության, նույն կիսաանապատի մեջ կորած փոքրիկ քաղաք է, մոլորուն՝ ինչպես մեկ մարդ: Ոչ հարևան, մոտիկ գյուղ կա, ոչ էլ գոնե մոտակա հյուղակների խումբ. հովվի ցածրիկ, եղեգներով, ավազակույտերով մի առանձին հյուղակ է, մեծ փարախով: Տափակ կտուրներով շատ տներ, ոմանք՝ անկտուր, ունի կիսամաշված պարիսպներ՝ տեղ-տեղ փլփլված, երեք փայտյա դարպաս: Հենց մուտքի մոտ թռչունների ծերտից ճերմակած հռոմեական երեք արձան. ասես այլ ժողովուրդներինը՝ առանձին են, ահռելի, երեք-չորս ձեռնանի, մարդու, ցուլի, ոչխարի գլուխներով կարճլիկ աստվածների արձաններ, հիմնականում բրոնզից կամ կապարի թիթեղից սարքված:

Դարպասների մոտ՝ թմրած–կիսաննջած պահապաններ. գլխավոր դարպասի մոտ մեկը իրիկնային կիսամշուշից հարցնում է, թե՝ ի՞նչ քաղաք է: Ձայն. □Տապարիա. Տապարիան չգիտե՞ք□: Դարպասից փոքր-ինչ ետ միահարկ շենքերի դիմաց կրկին կարճլիկ աստվածների արձաններ, ավելի խորքում՝ ձիարշավարանն է: Նրանց մոտով խմբի անցնելուց թիկունքից խուլ, ցածր, ասես անաղմուկ թնդյուններ են լսվում. ընդգծվածը թիթեղի, երկաթի փոքր-ինչ սուր, հստակ ձայնն է, – այդ շենքերի արձանները խուլ փլվում են: Կիսահում կավից շինված՝ նրանք փափուկ են քանդվում, ասես իրիկնադեմից տամկացած թնդյուններով: Ձիարշավարանի դիմաց՝ հենց սյունազարդ մուտքի մոտ, մուտքի աջ և ահյակ կողքերին՝ երկու բարձր արձան, ՀՌՈՄԵԱՑՈՒ ԴԵՄՔՈՎ ՄԱՐԴԸ ՈՒՐԱԽ ՁԱՅՆՈՎ ԱՍՈՒՄ Է. □Ահա Ապպոլոնը, ահա Հերմեսը. քաղաքակրթությունն ուրիշ բան է□, ԱՍՈՒՄ Է. □Նրանք չեն փլվի, որովհետև երկաթից են ու բրոնզից, բայց երևի երկրաշարժ է. ավազն ի՞նչ հիմք է, որ կառույցը հաստատուն մնա□: Կիսամշուշի մեջ փափուկ քայլում են:

Ձիարշավարանի դիմաց շուկայի հրապարակն է. մի քանի թերևս ուշացած հրեաներ մատաղ են ծախում: Ակներևորեն Երուսաղեմ տանող ճանապարհն է, որովհետև մոտակա դռների առաջ կան նստած կամ կանգնած ուղտեր, երկու երկաթյա վանդակապատ սայլ, ուր առյուծներ կան. հիմա անհանգիստ մռնչում են, ասես ճանճերից կատաղած: Թույլ մի զնգոց կա. հանկարծակի, հենց խմբի անցնելիս փլվում են հռոմեական արձանները. խուլ թնդյունով, ասես անաղմուկ: Խմբովի շրջվում-նայում են զարմացած: Ինչքան մութն իջնում, առյուծները այնքան շուտ-շուտ են մռնչում, ցնցելով սև բաշերը կամ պոչերով դոփելով գետինը: Նախորդ օրը ինչ-որ բան է եղել, հիմա էլ արձաններն են փլվում. անհանգիստ են: Պատկերից դուրս՝ հեռվում, վազվզոցի ձայներ, իրարանցում՝ փոքր, բայց անհանգիստ: Ձայներ. հարցնում են. □Ի՞նչ եղավ. ինչո՞ւ արձանները փլվեցին. – Դևերի արարք է, որ կա, թե չէ՝ ո՞վ ձեռք զարկեց մեր խաղաղությանը.– Ինչո՞ւ այդ դևին չեն կարողանում բռնել□: Կանացի հատուկենտ ճիչեր. կարճ, հետո ցածր հեծկլտոցներ: Ասես օդի մեջ ձևավորվող–հնչող անլսելի, հոծ գնդի նման բառեր, որ որևէ իրի վրա ընկնելիս՝ ճխլտում են. ԱՅԼ ՁԱՅՆԵՐ. □Բա ինչո՞ւ է ինքն իրեն, ընկած էլ տակինը ճխլտում: –Դևերն են, դևե՛րը, որոնց խոսքերը ահա ավերակների հետքի պես են մնում□ (Օդն ասես մի անտեսանելի թևածումից է խշխշում. բառի անընկալելի խուլ թնդյուններից, որ երբեմն բառ են դառնում, մեկ-երկու հնչյունով բեկոր, որ մի մշտական, անորոշ չարության ֆշշոց ունեն: Սև, ջարդրտված, քաոսային` ընկալելի խտացում-ստվերների ձայն, որ իբրև միտք չի երևում, - կենդանիների փոնչոցների, տարօրինակ փայների է նման, բայց` հնչման մի առանձին ռիթմով):

Տեղ-տեղ՝ տափակ կտուրներով խրճիթներում, կանթեղի լույսեր են պլպլում: Իրիկնադեմ–իրիկուն է՝ սպիտակ կամ թերևս ստվերում՝ կարմիր լույսերով. հոգնած մի օր է՝ եռանդը նախորդ օրը սպառած. այլևս ոչ ժամանակ, ոչ էլ արարք է տալիս մարդկանց, դրա համար էլ իրարանցումը ասես չծավալվի, չառանձնանա: Փոշոտ թալլեֆներով, կիսամթից կորած խոշոր բծերով, որ երբեմն արյունոտ են՝ մասամբ չորացած, հրեաներ են թափառում ստվերի պես, ոմանք՝ շեկ-կարմիր մորուքով կամ սև մորուքներով, անշտապ քայլերով, ասես կուլ են գնում ցածրիկ տների կույր երախներում: Ողջ տեսարանում թափառելու պես լսվում են վախվորած մայուններ, երբեմն առյուծի ցածր մռնչոց, կովի կամ հորթի հոգնած, անտարբեր բառաչ, կանացի՝ արդեն օրվա ու մարդու ստվեր առած ձայներ, որ իրար են կանչում հրեերեն:

Լատիներեն խոսակցող հռոմեացի պահակային զինվորների ծանր- համաչափ դոփյունն է ընդհատվում, շարունակվում՝ կիսաստվեր մթից առավել հնչեղ, երբեմն՝ կտրուկ: Ձիարշավարանի մոտ կամ շուկայի հրապարակում երկու սայլից բեռներ են իջեցնում, երբեմն՝ գոռալով: Ձիավորների չորս-հինգ հոգիանոց մի խումբ է հսկում բեռներն իջեցնելը, որ թերևս պետական են: Աստվածների դեռ հատուկենտ մնացած խոշոր, կոպիտ արձանների տակ հրեա մուրացկաններ են քչփչում կատաղի, միմյանցից ուտելիքի մնացորդ թռցնում:

 

Ստվերից պոկվելով՝ շուկա է մտնում թափառականների խումբը: Հոգնած են, դեմքներին՝ սառած քրտինք, չեն խոսում: Միայն ԳԼՈՒԽԸ ԽՈՒԶԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ Է ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԻ ԱԿԱՆՋԻՆ ԴԱՐՁԱԾ ՔՉՓՉՈՒՄ.– Ի՜նչ համարներ եմ անելու. լավ, մեծ քաղաք է, ցածրախոս հռոմեացիներով, անզարմանք կանանցով: Շատ հաց կտան, պանիր, ձու: Բա հռոմեացինե՜րը. դրամի շատությունից, տես, ձեռքները չեն կարողանում թեթև շարժել. շա՛տ կտան: Թեկուզ ժլատ է զինվորականը, բայց ուրախությունից հենց դա կմոռանա … (ՄԵԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է. □ԱԽՐ ԿՅԱՆՔԸ ՈՉ ԹԵ ԳԵՏՆԻՆ, ԱՅԼ ՍԻՐՈ ՎՐԱ Է□, – կտրուկ ասում է ձեռքերը թափահարելով):

ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ ՔՉՓՉՈՒՄ Է.– Դե, անծայրությունից եկածի պատմությունը կպատմես. թեև հասարակ, բայց ինքնատիպ է: Երևի՝ ոչ ոք չի կարողացել անծայրությունն այդքան մանրամասն ապրել, թեև բոլորն էլ անծայրության մեջ են: Սերն էլ չմոռանաս. շատ է պետք:

ՀՐԵԱՆ. – Բայց կրկին իրականությունն էինք որոնում (շրջական թույլ մթանն է նայում քննախույզ, կիսաքանդ կամ փլփլված տներին): Սա չէ՞ իրականությունը, որ ցերեկը կա, բայց գիշերն անհայտ է, խառնված պատրանքներին (հայացքը շողշողուն է, բծախնդիր նայող-տեսնող. փոքր-ինչ ոգեշունչ է): Ի՞նչ գիտեք, որ կա իրականությունը: Անծայրության նման` ծայրն ենք որոնում, որովհետև որքան կա պատկերացումներում, այդքանն է. դրա համար էլ մարդն ինքն է իրեն սպանում: Դեռ Մովսեսն էր ասում, որ մահը մարդու մեջ է. դրա համար էլ մարդն է ինքն իրեն սպանում, երբեմն հենց չերևացող իրականությամբ, ոչ առանձին մարդուց: Այս իրականությունից չէ՞ր, որ այն թափառաշրջիկը գնաց անմահության մեջ թափառելու:

ԽԵՂԿԱՏԱԿ (տնազելով) . – Գնաց անմահության մեջ թափառելու: Իսկ այնտե՞ղ ինչ կա: Նույն անիմաստությունը չէ՞.- փախավ. ուրեմն ո՞ւր: Իբրև իրականություն` գերեզման, իբրև պատրանք` անհայտություն, կրկին անիմաստություն: Բայց անիմաստության մեջ չէ՞ր. հա’, հա’ հա’ (պոռթկուն ծիծաղում է` մանրիկ քարերը, ավազը, հատուկենտ ցածրիկ բույսերը տնտղելով):

ԾԵՐՈՒՆԻՆ (իրիկնային խռպոտ, հոգնած ձայնով) . – Բա~ն գտաք. ոչ սեր կա, , ոչ կյանք, ոչ մահ, ոչ էլ իրականություն: Բա ինչո՞վ եք իմաստավորում ձեր կյանքը: Գոյությունը մի իմաստ պիտի՞ ունենա: Թե՞ ցերեկվա մեջ այլ կերպ եք մտածում, գիշերվա մեջ` այլ, որ կրկին իրականություն չեն: Իսկ, այդուհանդերձ, ո՞ւր է իրականությունը, որ հենց մտքով էլ ջնջում եք (Կիսաձայն փսփսալով, վախեցած- իրար հետ խմբված կանայք կանգնել – նայում եմ` սպասելով, թե նրանք երբ կավարտեն, անհանգիստ են, ասես ոտքները կախ, որովհետև ճամփի ընթացքում են, քայլի մեջ: Իրիկունը խտանում է):

ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ (խմբի առջևում է` ետ դառնալով, ասես ոտքը կախ գցած` արագ խոսելով. ձայնով հուշելով, թե պետք է գնալ, արդեն իրիկուն է, կույտի պես մոտերքում տներ են երևում): – Այս քայլին պիտի վիճենք. մութն ընկավ: Հինգ գիշեր է` մարդավարի չենք քնել, գոնե մի տաք բան կուտենք: Քայլե’ք:

ԽԵՂԿԱՏԱԿ (հենց քայլում տատամսելով) .- Ի՞նչ կուտեք (ժպտում է): Գոնե իմը պարզ է` ես ելի կգնամ, մի չոր գլխի ապրելու տեղ կճարեմ: Չէ’, գնում եմ` ինչքան պետք էր ծիծաղեցրի (անկողմ իրիկվա մեջ իր կարծիքով, բայց բաժանումը համոզիչ դարձնելով` իբրև առանձին աջ է թեքվում, բայց քայլում դեպի արևմուտք):

ԿԱՆԱՑԻ ՇՇՈՒՆՋ (ձայնը վախվորած) . – Մենակ ո՞ւր ես գնալու. մաղաք է, արի: Հետո կորոշես: Մի գիշեր չե՞ս դիմանա, որ հիմա ես ուզում գնալ: (Խումբը պրպտելով թափառում է ցածրիկ տների արանքներում, նեղլիկ, կիսավեր փողոցներով):

ՃԱՂԱՏ ԾԵՐՈՒՆԻՆ (հստակ, բայց քրթմնջալով հենց քայլելիս, որովհետև առարկաները սուզվում են մթան մեջ) . – Իսկ չե՞ք մտածում, որ իրականությունը մարդու մեջ է, նրա մտածմունքներում, հույսերում, ակնկալիքներում, ավելի շատ ու ընդհանրական` հարաբերություններում, որովհետև իրականությունը անշարժ գետին չէ: Ամեն մարդ ինքն է տանում իր իրականությունը. բախվելիս են ընդհանրանում, որովհետև եղած առարկաներից անդին մարդու համար դեռևս ոչինչ իրականություն չէ: Թե չէ ասում եք` սերը. ո՞վ կհավատա, երբ մարդ դեռ իրականությունը չի կարող տեսնել` որ միշտ իրենից դուրս է մտածում-որոնում (կիսաշրջված, առաջը չնայելով քայլում է գլխիկոր):

Մեկուսի մի իջևանատան ցածրիկ դռնից ներս են մտնում. խումբն ակամա հետևում է նրանց: Ոչ ոք առանձին գնալու տեղ չունի, քաղաքն առհասարակ չգիտի, ոչ էլ վարձով գիշերելու դրամ ունի: Ասես անտեր անծայրությունն հենց իրենք են առանձին-առանձին: Թեթև, բայց պոռթկուն քամի է. անսպասելի պոռթկումներից ավազե ծիրը ծառանում է վիթխարի քողի պես, տապալվում ինչպես փլվող արձան. մոխրից հորիզոնի որևէ գիծ չի երևում:


 

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

 

ԱՌԱՎՈՏ.

Հենց ձիարշավարանի սյունասրահի եզրասյունին (մուտքի մոտ), արդեն կիզիչ արևի տակ մերկամարմին մի կին է կապված՝ ձեռքերից, պատժակոճղին: Մարդիկ են հավաքված, խորքում՝ նստոտած են սպիտակ քիտոնով 5-6 հռոմեացիներ, 4-5 հրեա՝ այնպես հագնված, ասես մրսում են: Ծեր են, երերուն, սպիտակամորուս հրեաները՝ սև զգեստեների մեջ ասես չերևացող:

– Լակեդեմոնուհի է. հույն, – ՇՇՆՋՈՒՄ ԵՆ ԱՄԲՈԽԻՑ.– ո՞վ է:

– Եգիպտացու ստրկուհի է, – ՇՇՆՋՈՒՄ ԵՆ: – Տիրոջ բոկոտիկն է կորցրել:

– ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ.– Եվ ոչ ոք չի՞ գտել:

– Երեկ իրիկունն արձաններն ընկան, – ԱՍՈՒՄ ԵՆ ԱՋ Ու ՁԱԽԻՑ:

– Ինչի՞ց ընկան. փոխանակ դրանց քրմերին պատժեն, խեղճ աղջկան են բռնել: – ԱՍՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ ՀԱՏԿԱՊԵՍ ԼՍԵԼԻ:

– Գիշերն այդ ավերակները գողացողներ եղան, – ԱՍՈՒՄ ԵՆ ՋՂԱԳՐԳԻՌ, ԹԱՔՈՒՆ, ՈՒՐԱԽ:

– Ապոլոնի ոսկեզօծ քնարն են գողացել, – ԱՍՈՒՄ ԵՆ ՉԱՐԱԽԻՆԴ: –Տեսե՛ք, որ հռոմեական աստվածն էլ է պարտվում. թող ոչ ոք չպարծենա:

Խումբը առանձին՝ կարծես ատյանից, գանահարելու բերված աղջկանից հեռու է կանգնել. ամբոխը թիկունքում է, բայց՝ երևալի: Բոլորը կան, բացի ցորնագույն դեմքով երիտասարդը, որից հուշ անգամ չկա: Դեռ հարցերից, շշուկներից, սպասողական կանգնելուց աղոտ իրարանցում է: Ատյանն արդեն իր ժողովն սկսել է. իրենց հարցերով կլանված-զբաղված են: Մարդիկ կապված աղջկան են նայում: Ատյանում խոսողների ձայներից բեկորներ են հասնում՝ դեռ օդից մոլորված. շշուկները մարդկանց առանձին տեղ ու դիրք ընտրելուց է: Աղոտ հրմշտուք: Ասես ամբոխն իր համար է, համարյա սպիտակազգեստ հռոմեացիները՝ իրենց ատյանի, որ հապճեպ է, թռուցիկ:

Ատյանում երկու խումբն էլ՝ սպիտակազգեստ և սևազգեստ, խիստ առանձին են նստած, երեք-չորս քայլ միմյանցից հեռու, ամֆիթատրոնի առաջին նստարաններին: Սպիտակ պարեգոտով հռոմեացիները ավելի անփույթ են, առտնին հարցերի շուրջ խոսում են ցածրաձայն. լարվածը սևազգեստներն են՝ հրեաները, ասես անմիջապես դատվողի լարվածությամբ, լուռ, քրտնելով ամեն պահ: Նրանք են գիշերն անքուն անցկացրել. աչքերն ուռած են, կարմրած, երեսները՝ հոգնած, ճմրթված:

ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏՆԵՐԻՑ ԲԱՐՁՐ ԼՍՎՈՒՄ Է. – Բայց հենց հրեայի պես է հագնված եղել. առանց հարգանքի արժանի որևէ նշանի: Ասում են՝ վտիտ մարդ էր: Նա չէր կարող մտածել, թե ինչ արարք է տաճարներն ավերելը, – որովհետև այս տակնուվրայության դիմաց կարգ չունի, օրենք չունի, որ կարողանա ընդդեմ մտածել, հասունանա: Արգելքի մտքից զուրկ թափառաշրջիկ մեկն է եղել, որ կարողանա այսքան ստրկային արարքներ գործել:

ՀԱՂԹԱՆԴԱՄ, ՏԱՐԻՔՈՎ ՄԻ ՀՌՈՄԵԱՑԻ ԱՏՅԱՆԻՑ.– Հազար տարի է նույն օրենքներն են. այսքան է՞լ ցածրակարգ ժողովուրդ, որ դեռ ոչինչ չի սովորել: Չուզածը, մենակ թե թաքուն, ոչնչացնում է առանց մտածելու: Չէ՛ (գոռում է կտրուկ), այսպիսի կենդանուն ի՞նչ կարելի է անել, նույնիսկ սպանելիս ցավը չի հասկանա: (դառնալով ատյանում նստած հրեաներին) Հետո էլ ասում են, թե իմաստուն ժողովուրդ են: Ո՞ւր են վկաները (շուրջը նայելով – հայացքով որոնելով) . ի՞նչ կարող են վկայել թաքուն կամ գիշերով եղածի մասին, որ ճշմարիտ լինի (նստում է ահեղ նայելով թե՛ նստած հրեաներին, թե՛ դրսում հավաքված ամբոխին):

Քրմի տեսքով ԳԼԽԻՆ ՉՈՐԱՑՈՂ ԴԱՓՆԵՊՍԱԿՈՎ ՀՌՈՄԵԱՑԻՆ ԼՌՈՒԹՅԱՄԲ ԱՍՈՒՄ Է.– Այս անասնապահ ժողովուրդը արարքի առաջ հենց անասունի պես է մտածում. նա կյանքում ինչի՞ համար է մտածում (ձեռքերը տարածելով իբրև անկարող): Ո՞րտեղից մարդու մեջ այսքան չարիքը, որ արդեն անշունչ իրերի տառապանքն է… (շուռ է եկել, դրա համար էլ չի լսվում):

ՁԱՅՆ Ա. (ատյանից, կրքոտ, խիստ բարձր) – Բայց իսկապես երկիրը շարժվեց, քանզի այդ արարքը աստվածներին չէր ուղղված, ոչ էլ մարդկանց: Բայց ինչո՞ւ հենց արձանները փլվեցին, տաճարները քանդվեցին. մարդու արարք չէր:

ԴԱՀԻՃԸ. – Որքան արագ է փլատակների վրա փոշի նստում: (Պատահական կողքինին) – Փոշին է՞լ այդքան տեսանելի լինի. ասես հատիկ-հատիկ նստում է:

ԳԼՈՒԽԸ ԽՈՒԶԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ (առաջ գալով տեղից) .– Ինչ ուզում են մտածեն. ես տեսա՝ երկրաշարժ էր: Թե չէ ինչպե՞ս բոլոր արձանները միանգամից կփլվեն: (Նրան նայում են փոքր-ինչ ահաբեկված, զարմացած. ուրախ, որ նա հենց չասածին է ականատես):

ՓԱՐԹԱՄ ԿԻՆԸ (ահաբեկված) . – Մի կարճահասակ կուռքի տակ էր ընկել. երևի յոթ տարեկան էր: Ոտքերը արձանի գլխի տակ՝ լացում էր: Ասես ոչխարի պես ցածր մայելով (աչքերն է մաքրում): Երևի ոչ ոք չտեսավ նրա լացը. հետո մարդիկ եկա՞ն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ. – Չէ, այդ իրարանցման մեջ ո՞վ կլսեր: Ասես մի կախարդ էր բոլորին պահանձեցրել, նույնիսկ չէին կռվում. ես էլ տեսա:

ՁԱՅՆ Բ. (ատյանից) – Բայց ոչ ոք չէր կարող այդքան անաղմուկ անցնել. անձայն անցած մարդ չէր: Մեկը կտեսնե՞ր, որ գոնե աղոթում է, որ արձաններն ընկնեն. հատկապես Ապոլոնի, Հերմեսի արձանները:

Բարձր, որ բոլորը լսեն. ՀՌՈՄԵԱՑՈՒ ԴԵՄՔՈՎ ՆԱԽԿԻՆ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿԸ (ատյանից, որ հիմա սափրված է, վայելուչ զգեստներով, մասամբ սպիտակահեր, մանուշակագույն պարեգոտով) .– Ես տեսա և վկայում եմ. հենց մարդո՛ւ արարք էր, ամեն ինչ ասես հատիկ-հատիկ, հերթով: Մեկը կար մեր խմբում: Հասկացա, որ նա արեց՝ ատելով բոլոր աստվածների արձանները: Հատկապես հռոմեական: Դեռ ճանապարհին էր, որ ինչ-որ սիրո մասին էր խոսում: Մարգարեի նման էր, բայց թերևս թաքնված մի կախարդ: Մովսեսի անունն էլ գիտեր, - որտեղից մտածեցի, որ հրեա է: Այս ավերմունքը նա բերեց, ոչ երկրաշարժը: Եթե այդ թափառաշրջիկներին միացած չլինեի, ես էլ բոլորի պես կմտածեի: Մակեդոնական գերությունից փախչելով՝ շատ եմ թափառել, որպեսզի մարդկանց դեռ խոսքերից չեղած արարքը ճանաչեմ: Մարդու՛ արարք էր: (նստում է, բայց ասես նախ իր կասկածը հաղթահարելով):

Խարտյաշ, սպիտակամարմին կնոջն են թույլ հրում, բոթում. երկու զինվոր սկսում են մտրակել: Թույլ են սկզբից նրանց հարվածները, որովհետև ջանում են ատյանից լսվող խոսքերը լսել: Կնոջ մարմինն ամեն անգամ գալարվում է իջնող հարվածների տակ, ասես նախապես, խփելուց մի վայրկյան առաջ: Ձայն չունի, ասես համր է. ներդաշնակ, անընդհատ տնքոց է հարվածելիս թե առանց հարվածի: Աչքերը վախից փակ են: Միայն երբ շրջվեց մի պահ՝ բերանը բաց էր, դեմքը կիսածածկող երկար մազերի մեջ երևաց ծնկաչոք կինը, որ որոշակի չէր: Մարմինն ասես նոր էր լվացված. ոչ արնոտ մասերը շողշողում էին, ավելի սրում մտրակի հետքերի արնոտ, կարմրած խունացող կարմիրը. թվում է՝ անվերջ ծեծում են, առանց հոգնելու:

ԳԼՈՒԽԸ ԽՈՒԶԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ (գոռում է դեպի ատյանը) .– Այդպես չէ. ես էլ եմ տեսել, հենց հետներն էի, այդ անծայրության մեջ: Պարապ խոսում էինք, – բայց ինչպե՞ս եք մարդու հանցագործ սարքում: Մենք բոլորս էլ չգիտեինք, թե ուր ենք գնում, քաղաքի անունն էլ գիշերը իմացանք: Նա ինչպե՞ս կարող էր նախապես իմանալ ձեր այս բազում արձանները, որ դրանք փլելու պատրաստվեր: Հենց ոչինչ չանելով, քանդեր, ավերեր: Այդպես չէ: Ո՞ւր է նա, որ խոսի ձեր դեմ: Ես ոչ միայն անարդարությունն եմ տեսել, այլև արդարությունը, նույնիսկ անծայրությունը:

Ատյանից ոտքի է կանգնում. գորշ, հրեական զգեստներով մորուքը ըստ շարժման սև կամ կարմիր երևացող՝ երևի տեղի քահանայապետը. մորուքը երբեմն՝ ըստ դիրքի սպիտակ է երևում: Նույնպես բարձր՝ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՆ ԱՍՈՒՄ Է. – Մեր Աստվածը արձան չի կարող ունենալ. Նա մարդուն երևում է միայն անկեզ կրակով` ինչպես երևաց Մովսեսին, - իմ խոսքն առավել անկողմնակալ է և սթափ: Հարցս արգո ատյանին. ինչպե՞ս կարող է մի թափառաշրջիկ արձաններն ավերել սոսկ կողքներով անցնելով: Մյուսը. երբ աշխարհն է ցնցվում՝ աշխարհի վրա գտնվող մարդն էլ է ցնցվում: Բայց ոչ ոք չի ցնցվել, նույնիսկ ուրուկները: Ամբողջ գիշեր ես շատերին հարցուփորձեցի. ոչ ոք նման բան չի զգացել, թեև ահա կան, որ անծայրությունն են զգացել: Այս ժողովուրդը եկել է գանահարումը տեսնելու. ոչ ատյանի համար է, ոչ էլ արձանների: Հնարավոր հանցագործը, որ այդքան վնաս տվեց քաղաքին, մի պատահական, օրվանից բացակա թափառաշրջիկ է, որին չենք կարող մեղադրել: Նկատի առեք, որ մարդը արձանից ցածր է. արձանը կարող էր փլվել, բայց մարդը չզգալ, առանց վկայության՝ Աստված ամեն ինչ կարող է անել: Որովհետև եթե ասում եք, ուրեմն՝ անողը Աստված է եղել. անճանաչելի: Բայց Աստծուն Մովսեսից հետո միայն սրբերն են տեսել, քանզի նա մահկանացու չէ:

ՓԱՐԹԱՄ ԿԻՆԸ (ինչ-որ բանի շարունակություն է ասածը) . իրավարի շարունակում է.– Թռավ ու նրա աջ ձեռքին կանգնեց: Ճնճղուկը մարդու, այն էլ աջ ձեռքին կկանգնի՞: Ես թաքուն լացում էի: Պարապ խոսողներն էին թռչունին նայում, թե՝ պատահականություն է. ծառ չկար՝ դրա համար: Բայց բոլորն էլ հենց այդ զարմանքն էին թաքուն ապրում: Ասաց՝ կյանքը սիրո վրա է հենված: Ես իմ կորստից լացեցի:

ՁԱՅՆ Դ. – Ատյանը չի՜ կարող որոշել, չի՜ կարող որոշել:

Ամբոխը միանգամից՝ դեռ արևածագին էր հավաքվել. մինչև ծեծն ու ատյանը սպասում էին իրար հետ խոսելով: Մեկ-մեկ պատժահրապարակ – շուկայից վազողներն էին ինչ-որ բան թաքցրածի պես միանում իրար հետ խոսելով-կանչելով: Զգեստներից բզզացող լռությունն էր գունավոր: Առավոտը անընդհատ բացվում էր, վարդի պես: Ժամը 10-ը կլիներ: Զգեստներից հայելու պես էին կայծկլտալու նման գույները պոռթկում, հաջորդ պահին փոխվում: Ատյանի կողմից երկու-երեք հռոմեական զինվոր լուռ, անքթիթ նայում էին՝ ավելի շատ սպասելով ձիարշավարանի մարզական հանդիսանքներին: Ճոպանով միմյանց կապված՝ ատյանից քիչ խորքը, ստվերում, հինգ կիսամերկ գլադիատորներն էին, ձեռքներում

զառ էին թաքցնում, թիվը դիմացինից հարցնում, հռհռում ագահ, սև ճանճերից ու մեղուներից դեմքները թաքցնելով: Արդեն չէին լսում ատյանում խոսողների ձայները. թեկուզ ամբոխավարի, բայց որոշումն իրականում պարզ էր. թաքուն նայում էին այդ ատյանի մարդկանց զգեստներին՝ ամեն մեկի հարստությունը մտքով չափելով:

Մի նախորդ լսածից ԿԱՐԿԱՄԱԾ ԴԱՀԻՃԸ.– Երե՞ք. երեք զինվոր ուղարկեց մանուշակագույն պարեգոտով այն մարդը: Երեք զինվոր, որ քաղաքից ելնող բոլոր ճամփաներում որոնեն նրան: Ի՜նչ իմանաս՝ ո՞ւր է գնացել. գնալու տեղ չուներ (քննարկում է կողքի հրեայի հետ): Որ բռնեն՝ ի՞նչ են անելու – ախր հարց էլ չունեն, որ հարցնեն: Ի՞նչ պիտի հարցնեն. իր անելիքները նա նախապես ասաց. բայց՝ ոչինչ, որ արձաններն է փլելու. Ետևից էր քայլում. մթան մեջ չտեսա ում, բայց ձայն ընկավ ականջովս՝ ԴԱ ԽՈՍՔՈՎ Է ԼԻՆՈՒՄ, ասաց, – միայն այդ խոսքն եմ հիշում, բայց՝ ի՞նչը, չգիտեմ. բոլոր տաճարներն են ճզմված: (ԾԵՐՈՒՆԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ, առաջ է գալիս՝ ասես բաց տեղ: Դերասանի պես է հագնված, դեմքը կարմիր-կանաչ-կապույտ շերտեր քաշած. երևում են բերանը, քիթը, աչքերը, ասես ընդգծված):

– Չէ.– ասաց, – չի լինի: Ուզում են նորից անծայրությունն անցնել: Մտքի այդ մշուշին ո՞վ կհավատա: (Հանկարծ, կտրուկ, վճռական առաջ եկավ, մինչև թեթև գանահարվող կինը նետվելով՝ գոռաց մունետիկի ձայնով) .

– Ասե՜մ, ասե՜մ. հիմա այս պատիժն ասեմ, որ տեսնում ու չեք տեսնում: – Ասե՜մ. հենց այս տանջանքն ասեմ, որ ահա կա ու ահա չկա (նրան ետևից մի խոշոր գալարափող են տալիս):

Ծեծը մոռացած, արձանների փլվելու կասկածը, ցորնագույն դեմքով երիտասարդին մոռացած ամեն ոք իր տագնապով խոսում է (թաքնաձայն շշուկներ.– Ասում էին՝ նուբիացու պես սև է: – Գիշերը թաքուն հետի կանանցից մեկի ծոցն է մտել: – Հետի հռոմեացուն այպանել, հենց արձանների փլելով է սպառնացել … Ասում են՝ չգիտեք, որ օդի կախարդ է եղել, հրեայի տեսքով ծպտված): Թեթև իրարանցում է. փորձում են այնպես կանգնել, որ ծերունու առաջիկա ձայնը լսեն: Շղարշներով պարուրված կնոջը մեջքին տարուբերելով՝ փողոցից մի էշ է անցնում գլխիկոր:

ԾԵՐՈՒՆԻՆ մոտիկ կուտակված, գանահարումը ծածկող ամբոխին է դառնում նախ, հրաշք պատմողի ահասարսուռ ձայնով դերասանավարի, գալարափողի ծայրը բերանին դնում (մի պահ լռում են, ասես լռությունից այդ կտրվածքում լսվում են առյուծների թույլ, բայց հստակ մռնչոցներ, ամբոխի զուսպ իրարանցումը, պոռթկուն բառեր. ծերունու թիկունքում հայտնվում են երեք պարուհիներ՝ շղարշե զգեստներով, ընթացքում դառնում են հինգ հոգի: Ծերունու անգույն թիկնոցի տակից ուռուցիկ երևացողը ճառն է կամ կարդալիք-արտասանելիքը. ահա ասես նախ արտասանում է. կանայք ձայնի հետ ավելանալով՝ դանդաղ պարում են) .

 

– Բոլոր իրերը, բոլոր էակները, բոլոր արարածները

ապրում են մեկը մյուսի մեջ և մյուսի հետ

նրանք միաձուլվում են այն բանին, որով նա

ամբողջացնում է իր եզակի բնույթը:

Իսկ մեկն ասաց. – Ասա մեզ. նաև սա՝ իսկ ո՞րն է

աշխարհի մեղքը:

Նա ասաց. – Մեղք չկա, բայց դուք

Նրանք եք, ովքեր մեղք են գործում այն ժամանակ,

երբ կատարում են անառակ արարքներ՝

որը կոչվում է մեղք (ԿՐԿՆՈՒՄ, ԸՆԴԳԾՈՒՄ Է) մե՜ղք:

Ահա, թե ինչն է պատճառը, որ դուք

հիվանդանում և մահանում եք, քանզի դուք

սիրո՜ւմ եք այն, ինչ ձեզ խաբում է:

Նա, ով ըմբռնում է, նա հասկանում է:

Նյութը ծնում է իր նմանը չունեցող կիրք,

որն առաջանում է ցանկությունից:

Այնժամ ամբողջ մարմնում առաջ է գալիս հուզմունքը:

Վերջին խոսքերի հետ դանդաղ, ցուցադրական, որ չմտածեն, որ ինքն է հորինում, թիկնոցից (ծոցից) հանում է մագաղաթի մի գալարափաթեթ, ընթացքում հատկապես խշրտացնելով բացում փաթեթը:

Պարողների թիկունք հասած հրեաների խումբը թույլ, աններդաշնակ նվագում է՝ առանձին մարշի պես: Հետագա կարդալիքի համար ասես նախաբան լինի: Առյուծները կրկին հեռվում մռնչում են ցածր, անմարդաբնակ՝ այդ անիմաստ երաժշտությունը լսելով: Ուշադիր, անշարժ են փոքր-ինչ դեպի ձիարշավարանի մուտքը մոտեցած գլադիատորները. սևեռուն, ասես ծերունու խոսքից իրենց հետ համընկնումներ են որոնում: Երաժշտությանը միանում են ֆլեյտաներով, կիթառներով հույները, լարային գործիքներով պարսիկները, շվիներով սրագլուխ եգիպտացիները: Հռոմեական զինվորները ակամա շրջապատում են նվագողներին, տակտի հետ ծափահարում, երբեմն ճչում կրքոտ՝ ասես ոգևորելով ծերունուն: Այդ ընթացքում երեք թզուկ են խառնվում պարող կանանց, որ արդեն բարձր տակերով բոկոտիկներ են հագել. հիմա ավելի բարձրահասակ են:

Այս թեթևակի իրարանցման մեջ չգիտես ով՝ վճռական, թեթև հրելով գանահարողներին, տանում է կիսաուշաթափ աղջկան, որին այլևս ոչ ոք չի նկատում: Ամբոխը, թվում է՝ տեղին, բայց հենց ծերունու մագաղաթը հանելու համար է ճչում, գոռգոռում՝ խոսքի այդ հաստատունությունից ուրախացած. այլևս առանց կասկածի է: Կանայք միմյանց շշնջում են. □Չէ՛, երկու կին էին: Վերցրին ու տարան – հենց վերցրին ու տարան: Մեկը ջրով գավաթն էր բռնել. արծաթյա գավաթ էր: – Բայց՝ ո՞ր, – ասում էր մյուսը ահաբեկվածի տեսքով, բայց՝ ուրախ, հրճվագին: – Ինչո՞ւ, – ասում էին ուշ գլխի ընկածները: – Բա հռոմեացիները չտեսա՞ն: Ուրախությունից չամաչելով՝ ոմանք աչքերն էին թրջում, երբեմն էլ վայրի, զուսպ ճչում, աչքերը շողացնելով որոնում եգիպտացիներին, որովհետև նրանք շատ ստրուկներ ունեն:

Շոգն արդեն ուժեղացել է՝ արևն սկսել է այրել. ոչ ոք զով չի երազում, ջուր չի խմում շուկայի անկյունի ջրավազանից: Ասես հանդարտվելով ու ամբոխին հանդարտված տեսնելով՝ ԾԵՐՈՒՆԻՆ ԷՇԻ ՊԵՍ ԶՌԱՑ, շարունակեց արդեն կարդալով, նույն ձայնով.

– Սահմաններ մի դրեք. բաց է այն բանից,

ինչ ասացի ձեզ, և մի տրվեք օրենքին որպես օրենսդիրներ,

որպեսզի օրենքի կողմից հանկարծ չբռնվեք:

Այն, ինչ ձեզանից թաքցված է, ես այն եմ փառաբանում.

ես տեսել եմ Աստծուն տեսիլքի ձևով:

Նա պատասխանեց և ասաց. երանելի ես դու,

որովհետև ինձ տեսնելով չերկնչեցիր: Որովհետև

որտեղ խելքն է (կրկնում է՝ ԽԵ՜ԼՔՆ Է), այնտեղ էլ գանձն է:

Ես ասացի նրան. □Տեր իմ, ասա, նա, ով տեսիլք է տեսնում,

հոգո՞վ է տեսնում, թե ոգով□:

Պատասխանեց և ասաց տրտմաշուք.

նա չի տեսնում հոգով կամ ոգով, այլ՝

գիտակցությամբ, որ այդ երկուսի մեջ է,

նա, ով կարող է տեսիլք տեսնել, և նա, ում…

Միանգամից հրճվագին, տենչալի գոռոցներ, ճիչեր: Ծերունին հուզմունքից ու շոգից կարմրել է, կարկամել. ձայներից անհանգստացած առյուծները մռնչում են ավելի բարձր, հետո ահեղ հորանջում: Թզուկներն արդեն հինգ հոգի են դարձել. նրանց բարձր, տակից բոկոտիկների քառակուսի կամ կլոր բացվածքներին ուշադիր նայելով՝ որովհետև այնտեղից են նրանք մարդու լույսն առնում, փոխված, քիչ ցածր, խորհրդավոր ձայնով շարունակեց.

Եվ նորից նա եկավ

երրորդ իշխանության՝ □Տգիտության□ մոտ:

Նա հարցրեց հոգուն ասելով.

□Ո՞ւր ես գնում. նենգությունը տիրում է քեզ,

և դու տրվեցիր: Մի՛ դատիր□:

Գնչու մռայլադեմ կանայք, խշխշացնելով գույնզգույն, բայց սովորական զգեստները (խմբով՝ 4-5 հոգի էին) խառնվեցին պարող կանանց, թզուկներին, աննվագ, ճիչերի, գոռոցների տակ պարում են հնարավորինս քնքուշ, մեղմ: Թզուկները, պարին չխառնվելով, աճպարարի պես թռչկոտում են աջից ձախ, իբրև ֆոն: Ծերունին շարունակում է.

… Հեռացնելով երրորդ իշխանությանը,

հոգին հառնեց և տեսավ

չորրորդ իշխանությանը յոթ կերպարանքով:

Առաջին կերպարանքը խավարն էր, երկրորդը՝ տենչանքը,

և երրորդը՝ տգիտությունը, չորրորդը՝

մահացու խանդը,

հինգերորդը՝ մարմնի տենչանքը,

վեցերորդը՝ մարմնի նենգությունը, յոթերորդը

պայծառ իմաստությունը: Եվ հոգուն հարցնում են.

□Ո՞ւր ես ուղևորվում դու, որ կլանում ես տարածությունը:

Շոգը հիմա ավելի շատ շուկային շրջակա չորանոցների բաց դռներից էր հորդում, տանջելով գույներով. արդեն ահեղ չէին առյուծների մռնչոցները: Հենց ծերունու խոսելու հետ էին գնացել ատյանի անդամները. հիմա ձիարշավարանում՝ նրանց նստոտած քարե աթոռներին, շոգն ասես եռում էր: Շրջիկ վաճառողները, բեռնակիրները, իշատերերը, մուրացկան-թափառաշրջիկները միմյանց հրմշտում, գոռում էին խոսելիս: Ընթացքում երկու երեքական ուղտից, հինգ էշով քարավաններ էին եկել. որովհետև իրիկնադեմին էր գլադիատորական խաղերը, արդեն սպասում էին նրանց հանգստանալուն, օրվա-շոգի հանգելուն. նրանց բերել էին մոտիկ մեծ քաղաքներից կամ թափառական զինվորներ էին: Արդեն հրհրում էին ամբոխի կենտրոնն ու ծերունուն աննկատելի շրջապատած հռոմեական զինվորներին, որոնք աննկատելի ավելանում էին: Ամբոխից նոր ավելացողները հապճեպ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ:

ԾԵՐՈՒՆԻՆ՝ ասես ամբոխից վեր է կանգնած, գալարափողը ձեռքին: Քրտնած է, հևասպառ, անաշխարհիկ աստծո պես համարձակ, անխոցելի: Թևերը տարածած է, ոտքերը՝ լայն չռած, գլուխը փայլփլուն-շողշողուն է. հիացմունքի մեջ՝ ասես մի հին փառք է ապրում:

Չդիմանալով նրանից բխող հրճվանքին՝ ՄԻ ՀՈՒՅՆ ԱՄԲՈԽԻՑ ԱՌԱՋ ԵԿԱՎ, ԱՍԱՑ.

– Ո՜վ դու, որ արդեն հալվել ես մեր և քո ուրախության մեջ,

Գնում ես միայնակ՝ մեզանից վերև, ամպերից վերև.

Քո հայացքում ենք, քանզի բոլոր կողմերից ես տեսնում, սրբակյա՜ց:

 

(նրա խոսքին ուղեկից՝ գոռոցներ, երբեմն՝ ճիչեր): Խմբով, կույտի նման հայտնվում են ևս հինգ-վեց թզուկ. նրանց մարմինը կրկին մարդու լույսն ընկալում է ոտնաթաթերով.– նույնակերպ բոկոտիկներով են, հենց դրանք են երևում՝ ասես մարդու լույսի անցքերը ցույց տալով միանգամից մեկնած ոտքերում: Երբեմն տեղ-տեղ հին մի տիղմով լղոզված են: Ամբոխից խուլ, ձայնեղ հառաչում են:

Միանգամից տրտմելով՝ ԾԵՐՈՒՆԻՆ ԱՍԱՑ.– Ես ահա անծայրությունից եկա: Տեսա, թե թռչունն ինչպես է ետևից ու առջևից ապահով՝ կանգնում մեկի աջ ձեռքին, և ո՛չ թռչում է, ո՛չ էլ ընկնում: Լողորդի պես ջրի մեջ անհենարան կանգնած՝ նա ոչինչ չի անում. ապրո՜ւմ է առանց որևէ ուղղության, նպատակը՝ հենց ոտքերի տակ, ոչ իրենից բարձր, որովհետև ինքը միայն իրենով խոսող կյանքն է ապրում: Ի՛ր բաժինը: Լուռ, շոգ, ոչինչ չանող հողի անծայրությունից եկա՝ մարդու որոնած տարբերության համար՝ որպեսզի ցույց տամ, որ անծայրության ընթացք ենք անցել: Հողն է գույները փոխում հավերժապես և այսօր, - որտեղ միայն մի անգամ հինգ ձիթենի տեսանք, որ կրկին անծայրությունն էր:

– Ես մասիկ գինի եմ խմել Եգիպտոսի ափերին, միտքը կռահող բանավեճեր վարել քաղդեական քրմերի հետ, պատերազմով պարտվել Հունաստանում, որպես ստրուկ-խեղկատակ թափառել արաբացվոց երկրում, հռոմեական զինվոր եղել նրանց անթիվ կռիվներում, պարսիկների ընկած փառքը ողբացել նրանց կանանց հետ: Բայց անծայրությունն ու թռչունին նոր տեսա այդպես: Այդտեղից է իմ ակամա ուրախությունը, որ չեմ կարող մարդով զսպել: Նա ավելին է, քան ես ու ամենայնը, որ ունեմ, թեև իրականությունից վեր միայն մահն է, որ ոտքեր չունի: Հորիզոնն ուսերին առած մարդկանց տեսա, որ ծանրությունից չէին ճխլվում: (Գալարափողը շուրթերից ակամա հեռացրած՝ ավելի լավ լսվելու համար, գոռում է խռպոտ, ինքն իրենից խեղդվելով, երբեմն ձեռքերը թափահարելով):

Իր իսկ խոսքերից փոքր-ինչ հանդարտված է, ամբոխը ևս հանդարտ է, քչերը պոկվում-գնում են իրենց գործին: Մնացածներից ոմանք հատուկենտ միմյանց են հարցնում, թե ինչ եղավ գանահարվող կինը. շրջիկ առևտրականներն են ամբոխը կիսում, մասնատում: Կրկին ու դեռ ահեղ են հռոմեական զինվորները, որ անքթիթ նայում են դեռևս հավաքված ամբոխին: Կեսօր է, մոտ ժամը 12-ը կլինի: (Համր տեսարան.– Ոտքերի տակ, ամբոխից բաժան մի շնիկ է թափառում. դեմք առ դեմք կանգնել–քննախույզ նայելով):

Ամբոխից հնարավորինս առանձին՝ ծերունու ուղեկիցների խումբն է. կարմրած շոգից, բայց՝ ասես մեղք են գործել, այդ բառերի պահին ապրելով՝ արարք կատարել՝ կրկին չխոսելով՝ հայացքները միմյանց շրջում, հանդիպած որևէ հայացքի (մարդու) հետ բազմակողմ խոսում են վախվորած, շշնջալով:

Տասը քայլ հեռվից գոռալով՝ ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ.– Բայց օրենքով մարդասպանի, դահիճի հետքը չկա՞ քո ուրախության մեջ (գոռում է, որպեսզի ցրի ակամա ծերունուն սևեռվող ամբոխի ուշադրություն–այնուամենայնիվ ակնկալիքը, որ անորոշ-վտանգավոր է դառնում: – Լիքը մարդ ես հավաքել այս արևի տակ. ինչքա՜ն գործեր ունեն բոլորն էլ, բայց քեզ են լսում, ինչ է, թե անիմաստ անծայրությունն ես պատմում.– լավ է՝ հետներդ զորեղ արկածներ չեն եղել:

Արագ մոտենալով հռոմեացի մոտակա սպային՝ նա ցածրաձայն քչփչում է, երբեմն գլուխը ցնցելով ծերունու կողմը, մատնացույց անելով շոգից թեթև կապտավուն հորիզոնը, պատահական մի էշ ցույց տալով շուկայի շոգում:

Աղոտ լսելով ու գուշակելով նրա ասածը՝ սպասում էին սպայի արարքին: Նա կարճ մի պահ լռեց, սպասելով կոկորդը մաքրվի–զրնգուն դառնա, ԽԼԱՑՈՒՑԻՉ ԳՈՌԱՑ.

– Գնա՛, – ասաց Դահիճին. – Կայսրն իր համար է ապրում, դու՝ քեզ համար: Գնա՛, ապրիր մտածել սովորելու մասին, թե չէ մի օր էլ քեզ են գլխատելու:

Գոհ դեմքով նախկին դահիճը քայլում է շուկա: Արհեստական մտազբաղ է: Խառնվում է շրջիկներին, քայլում մեկի հետքով: Նրանց միջև մեղուն է պարում. կարծում են՝ որևէ տեղ է թռչում: Բայց՝ հենց պարում է. մեղվի պարը հատուկ ընդգծված է. նման է ճնճղուկի թռչկոտելուն–թռչելուն, – երկուսն էլ բուն կյանքն են ապրում՝ աննպատակ, ազատ, որովհետև չեն մտածում:

ՀՌՈՄԵԱՑԻ ՍՊԱՆ ԾԵՐՈՒՆՈՒՆ ՄԱՆՐԱԶՆԻՆ ՆԱՅԵԼՈՎ՝ ԱՍՈՒՄ Է բարձր. – Աստվածներին անարգելու համար՝ մտրակի տա՛ս հարված: Այլ՝ տարօրինակ մտքերի համար՝ ոչինչ, որովհետև ոչ ոք չլսեց նվագից ու աղմուկից: Մարսին չերկրպագելու համար՝ կայսրության մեջ մարդու կամքն ազատ է, նույնպես ոչինչ: Վիրավորեցիր՝ միայն կայսերը չփառաբանելով: (Հետո դարձավ կնոջը գանահարողներին, որ լրիվ պարապ, անգործ հրաշքի պես դեռ կանգնել էին) – այս սրբակյացին տարեք (ցածր), մի թեթև մտրակահարեք: Թող իմանա, թե ինչպես պետք է ասել կայսեր անունը (ոսկեզօծ գավաթով ջուր խմեց. հանգիստ, ոտքերը չռած, թևերը կրծքին խաչած նայում է):

Ամբոխից ասես հայտնվելով, կիսամերկ, խոշորամարմին երկու դահիճներ, ծերունու թևերից կոպտորեն բռնելով քարշ տալու պես արագ տանում են ձիարշավարանի մուտքի մոտ, ուր կոճղատիպ պատժասյանը ամրացրած շղթաներով ձեռնակապանքներ կային, կաշվե գոտիներ: Միանգամից, բայց մանրամասն ու դանդաղ բազուկները մեջքի հետ մերկացնելով՝ կապում են ծերունուն:

Ահից շատերն են սառել. դժկամ նայում են հրեաները, շատերի դիրքերն էին վերհիշելու լարված` այդքանով հիմա բացակա՝ դեմքեր, որ ասես ծամածռված էին, ոմանք վզները իրար ուսերի վրայից ձգած՝ ծիկրակում են ձիարշավարանի մուտքի սյուների ետևից: Ծերունու շուրթերը անձայն, չորացած շարժվում են, բերանն արագորեն՝ ասես օդ որոնելով բացուխուփ է անում, ձկան պես, մոտիկ կանգնածները քրթմնջում են մատնության ու անարդարության դեմ, որ չեղած՝ հասկանալի էր: Ծերունու աչքերի առաջ ձեռքերն են՝ կապանքներով պնդված:

Աննկատելի մոտենում է նախկին դահիճը, հռոմեացի նույն սպային ինչ-որ բան ասում, հետո՝ բարձրաձայն, որ բոլորը լսեն:

ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃ.– Այս խարխուլ ծերունու ի՞նչն եք գանահարելու, որ իրեն պատժված զգա: Երկու մտրակից շունչը կփչի՝ հատկապես անծայրությւնն է տեսել. դեռ գլուխն էլ սափրել է, - ասում է արդեն երգիծական-ծաղրանքով, ծերունուն մատնացուցելով: Թզուկները աջից ու ձախից խառնշտորում են ամբոխը, հնարավորինս առաջ գալիս, երբեմն մանրիկ, կակուղ կտկտացնելով մասամբ սալահատակված գետինը:

ԱՄԲՈԽԻ ՄԻՋԻՑ. ՀԱՏՈՒԿԵՆՏ.– Անիծվա՜ծ, հավատուրա՜ց (ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ՝ պոռոտախո՜ս): Կայսե՜րն հայհոյեց: Անանուն մի աստծո մասին խո՜սք էր ասում: Ո՞վ լսեց դրան:

Բացի այդ հատուկենտ անհամբեր ձայները՝ հիմնականում լուռ են, հենց չեղածից կաշկանդված: Աբրահամի կամ Մովսեսի անունները մրմնջացող հրեաներն ակամա շարժվում են: Վճռական շիկամորուս մեկը քայլ արեց. տեղում հանգավ ու կանգնեց անասելի մղումից:

Տեսնելով՝ անցյալ օրվա խմբից երկու կին մոտեցան, սպայի դիմաց կանգնեցին. ՀԱՄԱՌ ՄԵԿՆ ԱՍԱՑ.

– Անմեղ է. անցյալ օրն ու գիշերը մեզ հետ էր՝ քայլելիս ննջում էր. չարչարանքով, արևահարվելուց այրվելով անցանք ճամփան: Գիշերն էլ (արդեն լացակումած՝ ցույց տալով ծերունուն) սափրեց գլուխը: Ո՞վ իմանա՝ հիշողության մեջ ո՞ւր էր թափառում. նրա տարիքում հիմա շատը հիշողությունն է: Մինչև հիմա անծայրությունից չի պոկվել: Շորեր պատվիրեց՝ իջևանատիրոջից երեք օրվա պարտք առնելով, հագավ: Բա ինչո՞ւ էր այսօր նոր շորերով ծնվածի պես: Խղճացեք. ախր բան չի արել: Ծեր է. թող իր համար պարապ-սարապ խոսի: Տեսա՞ք ոնց էր ոգևորվել. գուցե օգնի՝ լավանա (աչքերն է չորացնում):

ՍՊԱՆ ԿՈՇՏ ԱՍԱՑ. – Լավ (ժպտաց) . որ խղճացիք՝ հինգ հարված կիջեցնեմ, չնայած ցենտուրիոնի խոսքը անկասելի է. բայց կայսեր անունը բոլորից վեր է: Չեմ ասում՝ որևէ աստված երկրպագի. հռոմեական կայսրությունում աստվածները շա՜տ, որին կուզենա, թող երկրպագի իբրև իր ճակատագիր (նորից ժպտաց փոշոտ. աջակողմյան գանահարողին մատով արեց), ասաց. – Հինգ հարված. բայց՝ թույլ խփիր:

Հետո ձեռքերը կրկին կրծքին ծալած, ոտքերը լայն դրած կանգնեց անշարժ՝ ասես կարմրանախշ սյուն: Բայց արդեն քիչ մարդ է մնացել. թզուկներն ավելի շատ են թվում. շատերը վազել – շուկայի մարդկանց էին խառնվել:

Մարդկանց, հատկապես կանանց ձեռքով ետ գնալու նշան անելով (որից հավաքվածները կարծես ալիքվեցին խուլ) աջակողմյան գանահարողը պատրաստվելով՝ մտրակով թեթև խփեց: Ծերունին ինքն իր հետ կամ երեք-չորս քայլ հեռու դիմացի կանանց հետ ինչ-որ բան էր խոսում. թերևս չիմացավ հարվածը, որովհետև գոտկատեղից ցած՝ զգեստի վրայից էր: Նա մինչև գոտկատեղն էր վերևից մերկ: Թույլ շուռ եկավ, հիշելու պես պայծառացած ասաց. – Ի՜նչ հրաշալի բաներ ասացի, – հասկանալով՝ ԿՐԿԻՆ ԼՌԵՑ:

Հռոմեական սպայի ձախ կողմում ծերունու ուղեկիցներն էին (կանայք ծերունու մոտ էին, ասես կպած նրան): Նախկին դահիճը ծանր շնչելով, հևասպառ էր կանգնած, շոգից գլուխը թրջած, որովհետև գլուխը բաց էր, գռուզ, սպիտակախառն մազերով. – ՄԵՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԱՐԱԽԻՆԴ ԵՐԵՎԱԼՈՒ ՊԵՍ ԴԱՀԻՃՆ ԱՍԱՑ.– բայց անիմաստություն չի՞: Թվում է՝ մարդկանց մեջ չկա: Դիմացիր: Հենց մարդկանց մեջ է, ոչ թե անապատում:

ՄՈՏԻԿ ԷՐ ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ, ԱՋԻՑ ԳԱՆԱՀԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ. ասաց.– Ես էլ հարվածներն թիվն եմ հաշվում, որ արդար լինի. երե՜ք, – գոռաց բարձրաձայն: – Հետո շրջվեց, նույն բարձր ձայնով ասաց հավաքվածներին.

– Բայց ոչ թե մատնում էի ինչ-որ բան, այլ աստվածների փլված արձաններն էի ցույց տալիս: Քավ լիցի. ես հռոմեական զինվորների, ամբոխի ուշադրությունն էի շեղում. որովհետև սատանան միշտ էլ ուրիշների հայացքով է նայում: Ինքը դեռ չեղածի ճշմարտությունը գիտի: Ես չէի ուզում, որ քեզ դատեն (դարձավ ծերունուն), պատիժը միշտ ինչ-որ մեկին առանձնացնում է՝ հենց լինելով համոզում այլ մարդկանց իրավացիությունը, որ մինչև պատիժը իրավացի չեն. – ինչպես ատյանն էր որոշում, թե այն երիտասարդը փլե՞լ է տաճարները: Կասկածից որոշեցին, որ փլել է. է, թող որոնեն: Իսկ քեզ (նորից ծերունուն մատնացուցելով) կարող է սպանեն, որովհետև մարդիկ միայն այդքանը կարող են անել: Նրանք հենց այդ՝ կասկածելու իրե՛նց մեղքն էին պատժելու, քանզի որևէ բանի համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր այդ օրերում կան՝ ինչպես ասաց ցենտուրիոնը: Ախր այն, թե մարդը սիրո վրա է հենված, ոչ ոք չէր հասկանա. իբր քիչ են այս կյանքի չարչարանքները, հիմա էլ ահա այսպիսի մարմնով չարչարվենք: Ես չգիտեմ. թերևս շատ ավելին է մարդկային սիրո չարչարանքը թեկուզ մտքով, քան կյանքում, – դրա համար էլ չկա: Հասկացա այն թափառաշրջիկի ասածը՝ որ ճնճղուկը կանգնում էր աջ ձեռքին, հասկացա: Բայց չեմ կարող հենց հասկանալու չափով սիրել. (մատնացույց անելով ծերունուն) ծեր եմ, գոնե նրա պես մենակ:

Մինչ նա խոսում է, գանահարողները, ասես թաքուն, ծերունու ձեռքերն արձակել են. հիմա ծերունին սյունն է երկու ձեռքով բռնել: Շնչահատի պես մոտեցավ ուղեկից կանանց (դահիճը գոռաց՝ հի՜նգ), նրանց թիկունքում դարսված խուրջինների, կապոցների, մորթիների կույտից գտավ իրենը. դողացող ձեռքով հանեց մի հին գանգ, թևի տակ եկավ գանահարողների մոտ:

Կրկին շրջիկներ են թափառում՝ անտարբեր, մանր կենդանիներ քարշ տվող հրեաներ, երբեմն որևէ հարուստ առևտրական է հովանոցը ձեռքին ստրուկի ուղեկցությամբ քայլում՝ ասես մարդկանց տնտղելով, կտրուկ՝ ապրանքները: Շնիկը հովի ստվերում կծկվել, ննջում է: Առյուծներով վանդակապատ սայլերը գնացել են. շուկայի մնացորդ–ծախվելիքներն են ամայության վնգոցի պես շոգ վայում:

ԾԵՐՈՒՆԻՆ (տեսանելի – բաց տեղ գալով՝ ասում է արագ) . – Ահա կյանքը, որ հաճախ ոտքերիդ տակից է երևում, հաճախ՝ գլխիդ վերևից, թեկուզ միշտ շուրջն ենք մոռանում: Անծայրությունն այս է՝ նախ մարդու ուսերին, որ բուն կշիռն է տալիս մարդուն: Բայց՝ որտեղի՞ց է մարդու հայացքը. ոչ թևից, ոտքից կամ մեջքից: Ես գիտեմ, բայց մինչև օրս ո՞վ է վստահ, թե այն մարգարեն, որ կմախքացած ճաղատի հետ դեռ անապատից միացան մեզ, ո՞վ էր. այդքան էլ սրբակյաց, լուռ: Չարչարանքներից մոռացել եմ, բայց գիտեմ արդեն, որովհետև ոչինչ ծածուկ չի լինում: Նա չասաց, բայց մարդուն այսպես՝ լերկ գանգով էր տեսնում, առանց այլ մսակտորի, որ իրականում չկա. ԿԵՆԴԱՆԻ ՄԱՐԴՈՒՆ ՆԱՅԵԼԻՍ էլ տեսածը այս գանգն էր, որ ահա իրականությունն է անկասելի:

Ուղտապանը երկար պարանից բռնած՝ գլխիկոր, դանդաղ անցնում է ծակ կժերով ուղտը. ոչ թե փողոցը, գետինը, այլ ասես շոգ օդն է ջրում հեռվից բերվելու պատճառով դեղնականաչավուն գոլ ջրով: Դիմացից՝ պոզերից պարանով կապած, մի գյուղացի ցուլ է բերում վաճառելու. նա այսուայն կողմ է ընկնում ձգված պարանից, երբեմն մոտենալով ցուլին՝ ճիպտում է հայհոյախառն:

ԿՄԱԽՔԻ ՊԵՍ ՆԻՀԱՐ, ՃԱՂԱՏ ՄԱՐԴԸ (ասես առաջին անգամ ամբողջովին երևալով, կժի ջրից դիտմամբ թրջվելով՝ ուղեկիցներից հայտնվեց միայնակ: Մի պահ նայեց նախկին դահիճին, մոտը կանգնած ծերունուն, ԾԱՆՐ, ՎՍՏԱՀ, ՀԱՏՈՒ ԱՍԱՑ.– Իսկ եթե մարդիկ իրենց օրինակո՛վ գիտեն. հենց քեզ նման՝ որ դա՛ է կյանքը: Ինչո՞ւ եք հավատում թե՛ չտեսած Աստծուն, թե՛ այսկերպ կյանքին (մատնացուցելով ծերունու ձեռքի գանգը): Որևէ բան իմանալը մեկ օրվա համար չէ, - կին ունեցող շատերը կառարկեն, թե կյանքը կնոջ ամոթույքի սահմանով է ձեր առջև դրված, որովհետև այդ պահին են բոլոր կանայք ուզում, որ իրենց ամոթույքը տարողունակ, խորը լինի, որպեսզի տղամարդը ավարտուն տեղավորվի ինչպես կյանքում՝ իր երազներով ու ցանկություններով, ուր չկա իրականություն, բայց ինքն հենց իրականություն է: Կյանքի սահմանն են հուշում. քանի որ անդամը անմիջապես է թվացնում, թե կյանքն անսպառ է: (Առաջին խոսքերի հետ դեմքն ասես լցվում է. ճաղատին առայժմ աննկատելի մազեր են բուսնում): Անծայրության ողջ ճանապարհին ձեզ հետ էի, լսում ու տեսնում էի ձեզ, բայց… չկայիք. մեկ-մեկ էլ ինձ եք տեսնում, որ ձեզ համար միշտ կայի: Ինչի՞ն հավատալով անցաք այդ անծայրությունը, որ գիշեր էլ չէր առնում: Անպայման տեսնելու, թե ինչպես է որևէ դեմք այդ գանգը դառնում: Այդ ճանապարհը ինքնե՛րդ անցաք. հուշի մեջ բեկորներ պահելով էլ ահա երկրորդ անգամ եք ականատես: (Խոսելու ընթացքում արդեն լեցուն դեմքով է, այտոսկրերն են պնդվում–կարծրանում, դոնդողի նման ասես խլխլացող կաշին է արևածեծ, ընկույզի գույնի մագաղաթի նման պրկվում, հայացքն է դառնում ահեղ, շաղափող, գանգի նման մերկ՝ ամեն պահի ողջ շրջակայքն է տեսնում մանրուք առ մանրուք, –ջրցան ուղտին, մարդկանց դեմքերի խալերը, մորուքների քրտինքը … ևլն. հստակ է, անկարեկցանք: Միաժամանակ՝ հասակով բարձր է, բայց ոչ բարձրահասակ: Կողքինները աննկատելի ետ են քաշվում, որ նրա առաջին խոսքերի հետ վրա էին տվել):

– Ո՞վ ես դու, – ԶԱՐՀՈՒՐԱՆՔՈՎ ԱՍԱՑ ԳԼՈՒԽԸ ԽՈՒԶԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ.– Ո՞վ ես, որ այն մեկին նման էլ չես, քանզի շարունակ փոխվում ես: –Վուշե հագուստով, ականջաբլթակներից մեծ ոսկե ականջօղերով, մորուքները բարալիկ, խուզած՝ խաղալիքի պես երկու-երեք քրմեր մոտեցան՝ ակներևորեն որևէ խորհուրդ կռահելով. մռայլ են, անհանգիստ:

– Ես կռահել էի, – ասաց ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ: – Եթե Աստված գիտի ասելիքն ասելու չափով՝ մարդն էլ գիտի. դու Նրան էիր ուղեկցում թաքուն, այլ տեսքով ծպտված, դրա համար էիր անտեսանելի, մեզ՝ երևալի: Բայց այդքանն էլ է մարդու ճանապարհ. թեկուզ ինքնակարեկցանքով անցանք, որովհետև լուռ էիր, իսկ անցած օրվա համար ոչ ոք երանի չի ասի: Ո՞ւմ ուսերին մնաց այդ անցած ճամփան ու օրը. թեկուզ ինչպես երեխայի առաջ՝ կա՛ն կյանքի բոլոր ճանապարհները, որ չեն ապրվում: Ապրելն է կյանքը: Մարդը մեկն է անցնում այդ բոլորից, իսկ որևէ անցած–ապրված այդ պատճառով չի ափսոսում, որովհետև չապրվածի նման է. դրա համար էլ ոչ ոք կյանքի երկու ճանապարհ չի անցնում: Գիտեմ՝ ով ես. գիտեմ, որովհետև ոչ թե ասված է որևէ աստծու խոսքով. այլ՝ որ դու մենակ չես թողել Նրան: Չես էլ թողնելու մի ամբողջ հավերժություն.– մարդասպան՝ մարդու բոլոր պահերն իմացող դահիճը գիտի կյանքո՛վ, որ, ահա, իմացության միակ ճանապարհն է: Իսկ մյուս՝ չապրված կյանքերը, ուրիշների բաժինն են. ես արդեն չեմ ուզում: Անանուն ուզածս՝ այն հրեայի պատմության ասած անմահությունն է: Բայց չեմ կարող առյուծի երախը մտնել, դեռ մենակ չեմ ես (հուզվում է, երեխայի պես թնկթնկում լուռ):

Նրա խոսելու հետ կմախքի պես նիհար մարդը արդեն հասակով է մեծանում, մկաններով, ոսկորներով: Հիմա շողշողուն հայացքով, ասես անբիծ, բարձր, ճենապակե թվացող աչքերով մեկն է՝ փարթամ, գեղեցիկ, երկար մազերով: Զգեստները ևս փոխվել են. վուշի նմանվող մի անանուն գործվածքով կտորից է, հրեական ճաշակով, բայց շողշողուն է հայելու պես՝ ինչ գույնի զգեստ հագիդ նայում ես, այդ նույն գույնի էլ հագուստդ երևում է: (Ցածր երաժշտություն – կարծեմ՝ Մոցարտինն է): Մյուսներին նայելիս է բարձր հասակով երևում՝ թեկուզ հողին պառկած դիմացինի. հարմարը շնիկն է: Նրա հայացքով հսկա է երևում. նա է միանգամից, կատաղի հաչում, փորձում վրան նետվել: Ձեռքի խոշոր, թևավոր երկրագունդը արևից շողշողում է անստվեր: Երբ հպանցիկ վրան է նայում, հայացքն առնելիս երկրագունդը ասես տեղ-տեղ կանաչավուն բոցերով պատվի, թեև թևերը մուգ-դարչնագույն են:

ԱՆԵՐԵՎՈՒՅԹՆ ԱՍՈՒՄ Է.– Իհարկե կռահեցիր: Իզուր չէ, որ այսքան տարի ինձ ես տենչացել կյանք որոնելիս (թեթևակի քմծիծաղով. ասես միայն նրա հետ խոսեր: Շարժումները նախապես դիմացինի ասելիքը իմացող էին, որովհետև հասկանում է բոլոր լսվող լեզուները, միշտ նախապես իմացող՝ կռահում բոլորի մտքերը, չորության չափ արժանապատիվ է): Որևէ ինքնակեղեքող սրբի տեսիլք չէ, որ ըստ այդ մեկի պատկերացման լինեի, բայց ընդհանրական տեսիլքը դրամն է՝ ոսկորե, փայտե, արծաթե, ոսկե. իրականում կյանքով հատուցվող տեսիլք, որ իրականություն է, բայց՝ նյութական, համարյա շոշափելի– չի՞ երևում մարդու անզորությունը ճշմարտություն որոնելիս: Ի՛նքն է. բայց փողի նման այնպիսի տեսքով, որ այդքան մտքով ընկալվի, թե չէ անծայրության մեջ թափառող քամի կլինեի, որ եղավ ու չկա: Հենց գոնե ձեր հուշերին հասնելս է պետք, որ հիմա այստեղ լինեմ: Անհանգստացնողը ապագան է, մարդու երազը, որ Աստծո ճամփան է փորձելու ծռել: Մարդը ոչ մի փակ օր չունի. բայց մարդն է դատապարտվածի պես բոլոր օրերը բաց ապրում. ահա յոթ օր ինձ հետ մի ողջ խումբ փորձեցին բաց ապրել անծայրության, անիմաստության մեջ: Միայն գիշերը՝ կրկին կարծելով, թաքուն կամ ուրիշի կնոջը գողացան պառկելու համար. դեռևս դրանից են մարդու բաց օրերը փակ թվում:

(Նույնիսկ շուկայում ձայնը լսվում է՝ ասես այնտեղ խոսի, ամեն մեկի հետ առանձին, կարմիր, կրքոտ, թեև ձայնը հավասար է սկզբից վերջ):

– Ուղեկցելով ձեզ ու Նրան՝ առանց բառի հենց դա ասացի, թեև իմ բառերը որևէ հիշողության մեջ չեն մնում, – բառով՝ Նա ասաց, թե կյանքը սիրո վրա է հենված. ժամանակ, որ ապրեցիք անպոկելի: Ես ընդամենը մենության հույսն էի մեռյալին տալիս, որ, ինչպես ես՝ չերևա: Դրանից գիտեք, որ այդ հույսը ահա կա ու չեք հավատում, որ կա, – այդ պատճառով աշխարհը բոլոր ժամանակներով միաժամանակ տեսանելի չէ մարդուն: (Ձայնի հետ ոչ բարձր լսելի է դառնում երաժշտությունը. ասես բխում է բոլոր իրերից, հողից, ծառերից):

Խորհրդավորը ցրվեց մի հին իմացությամբ՝ հանգիստ, լարված, սառն էին նայում:

Դեռ անձայն կակազելով՝ ԾԵՐՈՒՆԻՆ ՄԵՋ ՄՏԱՎ, համարձակվելով խոսել երգիծախառն.

– Զվարճանք չէ, որ տեսնում ենք՝ եթե դու ես եկել սովորական ու մարդկային տրամաբանությամբ. որովհետև ամեն մի անհայտության առաջ կրկին ու միայն մարդկային է մարդու հարցը: Անգամ պատասխանները կյանքում ունենք ամեն պահ՝ որով և կյանքն է ամբողջական, – դրա համար էլ չեմ հարցնի: Բայց երբ դեռ մարդուց անհայտ էիր, մեկը հարցրեց՝ կյանքի ունեցվածքից ո՞րն է շատ՝ հավա՞տը Աստծու համար, թե՞ անիմաստությունը քեզ համար. ահա հարցս: Մյուսը, թե՝ իսկ ո՞ր երևակայության վրա ես դու միշտ լինում, քանի որ իսկապես դու ես, – քանի դեռ չեն երևացել բորտներ, ի ծնե հաշմանդամներ, ուրուկներ:

Ձիարշավարանի սյունազարդ մուտքի մոտ կանգնած են. արևի դանդաղ թեքվելու պահն անգամ զգայելի է՝ ասես գոլ ամանի մեջ շոգն է շուռումուռ գալիս: Անշարժը մարդիկ են, որ շնչելն անգամ մոռացել են. ակամա մի հրաշքի են սպասում, որ լինելու է շոգի հանդարտությունից, շրջակա անապատ գետնից, այդ անսովոր թվացող ժամանակից, մարդկանցից, այս ու այնտեղ տնկված փոշոտ, խղճուկ ծառերից, տաճարների միանգամյա փլատակներից, որ արևից ավելի սահմռկեցուցիչ են երևում, սպիի նման, որովհետև տեղ-տեղ սալահատակ էր գետինը:

ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ ՆՈՐԻՑ ԱՍԱՑ (ձայնն այնպես էր, որ ասես մի անգամ ասածն է նորից ասում. հարթ, ավարտուն, վստահ) . – Մարդուն է առայժմ թվում, թե ինչ-որ կարևոր նպատակներ կան, դրանց համար է ապրում, ոչ կյանքի: Կարծելով, թե ինքն ավելի խելացի է, քան կյանքը: Նույնպես և չգիտի, թե ինչու է մեռնում՝ երբ կրկին վստահ է, որ խելացիորեն-խորամանկորեն նպատակները կատարեց: Ոչ մի նպատակ կյանքի անդունդին կամ կյանքի առաստաղին չի հասնում. մարդը միշտ անմիաստության ոլորտում է, որ ինքն է կազմակերպել. Աստծուց հետո ինչ-որ բան պիտի՞ անի, որ միայն իրենը լինի: Ահա՝ եթե կյանքը հանում ես, կղզիների նման մնում են փաստի-անասունի կողոսկրերի պես ցցված այդ նպատակները, որ այնքան չնչին են, որ տեսնելով՝ մարդը համարձակվում է կարծել, թե այդ տխմար նպատակներով կյանքին խաբեց, – դրա համար էլ ահա □ապրում եմ□ այդ նպատակների հույսի վրա. մշտական տեղս անիմաստությունն է՝ մարդուն հասանելի սարսափը: Թեկուզ արդեն պիտի կռահեիք, բայց ահա ասացի՛:

Բարձր, հպարտ ուսերին հանկարծակի ու իր այդպիսի ներկայությամբ տրամաբանված, կարմիր, ալեծուփ, ոսկեթելով շրջակարված, անընդգրկելի թիկնոց է հայտնվում (թերևս՝ որ ծածկի անիմաստության սարսափը), որ բույրի նման տարածվում է առարկաները, մարդկանց արտացոլող նրա զգեստներից: Թևավոր երկրագունդը իր չորս թևերով թևածելով՝ դանդաղ, անձայն գնում–լուծվում է դեղնակարմիր, ցածր հորիզոնին: Երաժշտությունն ուժեղանում է. շարունակ նույնն է, այնքան ուժեղ, որ հրեաների, հույների նվագարանների ձայները չեն լսվում, թեև ընդհատուն նվագում են: Նա ասես կա ամբողջական, բայց ընկալելի ոչ իր հզորությամբ, տեսանելի-տձև-արտառոց պատկերացումներով շրջանակված. իր մարդկային տեսքից է անիմանալի–ահավոր–անհայտ, անակնկալ, բայց՝ մարդու պես, ում համար ոչ մի նշանակություն չունի շրջակայքը, մարդիկ: Ձայնը կայտառ է, ինչպես գլուխը սափրած ծերունունը, բառ-բառ անակնկալ, հատու, ասելիքը լրիվ՝ թե՛ առջևից, թե՛ ետևից. լռության խավ չունի, ապակու պես երևալի՝ կտրող-փակող ասելիք է:

– Կռահում էի, որ նա պիտի լիներ. կռահում էի ողջ ճանապարհին, – ԼՍԵԼԻ ՄՐՄՆՋԱՑ ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ: – Մեկ է ժամանակը՝ թե՛ այստեղ, թե՛ այնտեղ. նույն չափով է շարժվում, նույն արագությամբ, որ միայն ԼԻՆԵԼԻ Է: Ինչպես դատապարտյալի ոգի, որ ժամանակ չի ճանաչում:

Եղած արդեն փոքր ամբոխը ճեղքելով՝ հայտնվում է մի ՏԱՐԻՔՈՎ ՀՐԵԱ. մոտ 45 տարեկան, ճպռոտ, կարմրած աչքերով, փնթի զգեստներով, ասես մի ոտքից կաղ մեկը, որ ջղային է, տաք-տաք վեճը գլխում: Ուսին-վզին՝ շատ երևացող մի տեղ, որ հետո է բացվում, թարախոտ-շարավոտ մի խոշոր պալար կա: Լսվում է երեխայի լաց. ՀՐԵԱՆ ՔՐՏՆՄԽԱԾ ԱՍՈՒՄ Է երեխայի լացով ողողված, արցունքները սրբելով.

– Ահա. մեռա՛վ: Կենդանացրու՛, թե կարող ես (նրա ետևից լրիվ սև հագած նույն տարիքի մի կին է հուշիկ մոտենում՝ մինչ հրեան ուսից իջեցնում է նախշավոր, հին կարպետով փաթաթվածը, որ մի կնոջ դիակ է): – Կենդանացրո՛ւ նրան. համարյա վազելով եմ բերել. աղջիկս է, որ օձի խայթելուց մահացավ: Հիմա նա այլևս չի կարող ինձ սիրել (հեկեկում է, – 4-5 ամսական երեխան բարձր, ասես ոչինչ չտեսնելով՝ միայն լացում է, բաց թաթիկները շարժելով):

– Ասացին՝ մարգարե է եկել. վազելով բերեցի: – Տաքացած, հապճեպ, հևասպառ ԱՍՈՒՄ Է ՀՐԵԱՆ: –Նոր մահացավ, դեռ տաք է: Աղաչում եմ՝ կենդանացրո՛ւ նրան (տղամարդկային կոպիտ հեկեկոցով՝ ուսերն են ցնցվում, հետո ձայնով լալիս է: (Կեսօրվա այդ անծառ շոգին լացն ասես դղրդում է):

Ավելի երեխայի լացից՝ մարդիկ շարժվում են. վազքով կանայք են մոտենում: Թափառաշրջիկների նախկին խմբից մի կին կավե բաժակով ջուր է բերում, տալիս նախկին դահիճին, որ նոր եկած հրեային տա: Սա ջուրը վերցնելով մեխանիկորեն, մոտեցնելով բերանին՝ ջուրը թափթփում, չի կարողանում լարումից խմել. ավելի է լալիս, ակամա նայելով կանանց, նրանց կարեկցալից իրարանցումին:

Պալարը շոգից բացվել, շարավը հոսում է դանդաղ: Երեխային կանայք մի պահ լռեցնում են՝ ահաբեկ նայելով Աներևույթին: Նա, ասես, ոչինչ չի նկատում. ապակե աչքերով նայում է՝ իր մտորումներում, բայց առերևույթ սպասելով, որ լռեն:

Հպարտ, այլևս անմարդկային ԱՍՈՒՄ Է ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ.

–Մարդու նման ու մարդու հետ մի անգամ ահա անցա ճանապարհը, որ երկնային կամ անդնդային չէ: Իմ հավերժությունից մարդկային յոթ օր ու գիշեր վատնեցի անծայրությունը մարդու հետ ճանաչելով, որովհետև անլինելի իրականությունում ոչ ոք չգիտի՝ ամենակարող ու եղյա՞լ է Աստված, թե՞ հոծ մի հատվածն է անիմաստության: Բայց գիտեի, որ մարդն է իր իմացությամբ ինձ հասնելու.– այդ իմացումից դեմքս արևահարվեց: Ճնճղուկը պատահաբար չկանգնեց նրա աջ ձեռքին՝ դա էլ ես էի նախատեսել. խնդիրը միտքն էր, որ ասաց, – գոյության երրորդ երկինքը. այդ սիրուց դեռևս ոչ ոք ոչինչ չի հասկանում: Նա նորից է ուզում այն կյանքը, որ կար մինչև Օձը: Ահա՝ անհետացել, միայնակ իր իմացությամբ գնում է դեռ անծայրությունից ու մարդուց, որ նույնն են: Դիմացը մարդու ճակատագիր է՝ որ պիտի անցնի, բայց՝ մնա մարդկանց արարքներով (երեք քուրմը դողում են. ոսկե ականջօղերը ցնցվում են: Արդեն կեսօրն անցել է, շոգ է, մոտիկ մի քանի ծառերի տերևները թոշնել-կախվել են ինչպես ցրտից սառած, լռությունն ասես խեղդում է՝ մանուկն այլևս չի լացում, ասես ղունղունում է: Ամեն մեկին թվում է, թե հենց իր ականջին, միայն ի՛ր համար է Աներևույթը շշնջում այդ խոսքերը: Հանկարծակի թափով հեծյալներ են անցնում փողոցով. աղմուկով, փոշին բարձրացնելով, միայն որից լացող հրեան լռում է, ակամա ու տարօրինակ նայում խոսողին. ասես հասկացավ, թե ո՛վ է իրենց հետ: Նրա սևազգեստ կինն է հիմա փորձում կանացիորեն ճչալ, բայց ակամա լռում, կրկին անմռունչ չոքում է. դիակի կողքին կանացիորեն սգատեր՝ ծնկներին էր, հիմա լուռ, աղաչական նստում է իր իսկ ոտքերին, ասես փլվում անմռունչ, որից վերսկսում են ամուսնու հեկեկոցները, ցնցումները):

– Բայց, – ԱՍԱՑ ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ, ասես մի այլ տեղից շարունակելով: – Բայց իր համար խնդի՞ր է այդ ճակատագրին անցնելու և իբրև Աստվածորդի երևալու իմաստը, քանզի շատերն են իբրև Աստված երևացել: Աստված այդպիսին չէր. հենց մարդու ճակատագիր նա չընտրեց, թեև մնացյալ բոլորը ուներ. բազմապատկվեց բոլոր ազգերի պատկերացումներում ու սպասումներում, բայց մնաց Ինքը՝ նույնիսկ նախապես դառնալով բոլոր կենդանիները՝ կով ու օձ: (Ձայնը կրկին հատու է: Բայց ինքը պարտվածի հոգնությամբ է բառերի միջև լռում: Դրանից կանայք՝ հատկապես դեռ բաց մեկնված դիակին նայելով՝ լացում են, ողբասացի նման երբեմն կուրծքները ծեծում: Երաժշտությունը բարձր, խլացուցիչ չէ, այլ հնչյուններն են առանձին-առանձին, հստակ, ասես պողպատե գետնին գլորվող արծաթե հատիկներ:

ՀՌՈՄԵԱՑԻ ՍՊԱՆ (մոտենալով հրեային ու կնոջը) . – Ձեր մեռելը այստեղից վերցրեք: Չի՞ երևում, որ կենդանացնել կարող է նա, ով ծնել է: Թարախդ էլ մաքրի՛ր. երեխան այս շոգին մեղք է, նրան գոնե խղճա:

Նույն կերպ փաթաթած դիակն ուսին առնելով լուռումունջ՝՝ հրեան սայթաքուն քայլերով շարժվում է. կինը խուլումունջ, երեխային գրկելուց՝ խոնարհ, գլխիկոր, մարդ առ մարդ մի պահ կանգնելով՝ հեծկլտալով հետևում է նրան: ՀՐԵԱՆ ուզում է լսել. հատկապես շուկայում արդեն դիակն իջեցնում, ետ նայելով է արևի տակ կանգնած լսում. կինը երեխան գրկին, նույն բաց շոգում կողքին սպասում է՝ երեխային էլ գրկում չնկատելով, հայացքը հրեային՝ ագահ լսելով:

ԱՍՈՒՄ Է ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ.– Ճակատագրին պատրաստելու համար մի քանի հարց տվեցի նրան, որովհետև ավելի մոտ եմ երկնքին ու անդունդին: Հող է թվում այն գետինը, որի վրա մարդն է ապրում. կյանքը հողի վրա, մահը հողի վրա: Երբեք ՄԱՐԴԸ չի հասնում անդունդին, ուր ճշմարտությունն է, կամ երկնքին՝ ուր ազատությունն է: Իսկ ինչպե՞ս իմանա ճշմարտությունը: Թվում է՝ արդեն գիտի, որ փողն է, դրամը, որի նշանով իր վրա անսահման ժամանակն է բաշխում, – դրա համար էլ ասաց՝ Սերը, որ կյանքի ու անդունդի միջև է: Մարդկային դեմքերով քառաթև հինգ թռչուն են թևածում կյանքի ոլորտը պահելու համար. դրա համար էլ կարող էր թվալ, թե ապրելի է սերը մերձավորի հանդեպ: Ճնճղուկի գալուստը հենց դա էր հուշում, եղած ու լինելիք մարդկանց կին կամ տղամարդ ցանկանալը: Հողին անգամ երերուն քայլող մարդը դարեր ու կերպարանափոխություններ է վատնելու՝ մինչև հասնի Սիրո ոլորտ. դրա առաջին խոչընդոտն է սեռը, – որ ցանկություն է հուշում կնոջ կամ տղամարդու հանդեպ, այսօր՝ կինը, որ կրքի չափով ակամա խաբելով՝ հանգցնում է Սիրո հնարավոր թռիչքը (այս պահին հեռվում, հորիզոնի արդեն կարմրակապույտ ֆոնին անցանկություն, որոշակի աննպատակ թևածում է քառաթև երկրագունդը՝ ասես անորոշ պատկերների քարտեզ՝ շուռումուռ գալիս, ցույց տալով Ավետյաց երկրի ահեղ կանաչը. թևավոր երկրագնդի կանաչ գույնն այդտեղից էր, հիմա՝ անշարժ կայծակի նման, աչք ծակելով):

Արդեն միանգամից, բայց ընթացքում ևս հատիկ-հատիկ գալով՝ կրկին մարդիկ են հավաքվել, հիմա շատ են. գույնզգույն, տարբերդեմք, ասես բաց սիրտ՝ սրտի նման բաբախող, թվում է՝ բաց մարմիններով: Հռոմեացի զինվորներ չեն երևում. չի երևացել ինչպես՝ բայց անհետացել են ամբոխի շատությունից, հենց մերկությունից: Շոգից օդի թափահարման հետ՝ ասես թաքուն քամի ունի, մայրամուտի նման երբեմն հորիզոնը ծածկելով նրա թիկնոցն է փռփռում: Անծայրածիր է, ասես միայն մարդկանց վրա փռփռալով, – դրա համար էլ միայն եղածներն են եղածներին մերկ թվում (երևում):

Ամբոխին արդեն խառնված՝ հրեաներ էին եկել մեծ խմբով, որ հինգ օր առաջվա հոտած, շոգից խարխլված քաղաքից դուրս նետված մի դիակ կրկին քարկոծեն. մահով չէին հանգստացել (չիմանալով, թե ով է եկել, նրանց թարմ, վրեժխնդիր շշուկներն ու փսփսոցներն են լսվում): Ընթացքում մի հին վեճ են շարունակում, որովհետև մոտեցել է արարքի պահը. վեճը լսելի է, բայց ասես թաքուն, մարդկանց մեջ կորած ձայներ.

Ա ՁԱՅՆ.– Իր մահով էլ չհանգստացրեց, զարկե՛ք, թող հուշն անգամ վերանա:

Բ ՁԱՅՆ.– Իսկ մարդ ե՞րբ է մեռնում. իհարկե՝ շունչը տալուց երեք օր հետո, – զարկե՛ք, թող սատկի:

Գ ՁԱՅՆ.– Հա. դրանից է, որ երեք օր էլ ցավն զգում է, – նրա ցավը մի պահով քիչ է. թող երկար զգա ու կրկին:

ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ (ասես ձանձրացած, զզված. լինելիքը նախապես իմանալով) .– Մի՞թե անմահության հույսն էլ եք քարկոծում, - բայց մարդու վերջը վերջին շունչն է: Եթե չունի՝ ուրեմն՝ վերջ, էլ մարդը չկա, պետք չի դիակը չարչարել, – ճիշտ չե՞մ ասում: Թե՞ վրեժներդ դեռ չի հագեցել. հասկացեք՝ ո՛վ կա այստեղ, երևի պետք չի դիակը տանջել (ժպտում է դողդոջուն):

– Ո՛չ, – կատաղի ասում է ՄԻ ԱՅԼ ՀՐԵԱ մնացյալներին խառնվելով.– Դու չգիտես, թե ինչ է արել. մանկանը մորթել, երեք օր ու գիշեր մաս-մաս կերել է, – ինքը հենց այդպես պատմեց: Անօրենք մեկն էր, Ղևտացոց տոհմից, որ կյանքի անիմաստությանն էր հավատում. դու կմոռանայի՞ր (ասաց ճչալով, կատաղի):

Հանկարծ գալարվելով՝ անապատից ուղեկից կանանցից երիտասարդը թույլ ճչաց, ընկավ: Ոմանք շուռ եկան, կրկին ուղղվեցին. □Ախր հղի էր. ճանապարհին ու արևին չդիմացավ□, – միմյանց հանգստացնելու համար, ասես շոգ բռնած խավոտ ձայնով ԱՍԱՑ ՄԵԿԸ. նրա ձայնը ոչ թե լսվեց, այլ միանգամից բոլորն իմացան: – Տեսա՞ք, – նախատինքի պես ԱՍԱՑ ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ: – Աշխարհում ինչ լինում է մարդու հետ, մարմինը հենց դա է երևացնում. թաքուն ոչինչ չկա թե՛ մսի, թե՛ հոգու վրա: Մարմինը երևացնելու համար է. ահա հիմա նա էլ մարմին չունի (դարձավ քարկոծելու եկած հրեաներին), անիմաստ տեղին քարկոծե՛ք. ո՞ւր կհասնի:

Ոչ պարելով. հենց այդ պահին էլ այս ու այն կողմից կրկին հայտնվեցին թզուկները՝ ակրոբատիկ շարժումներ անելով:

Հրեաների ջղային խումբը դանդաղ, հում մսակտորի պես պոկվելով ավելի մեծ մսակտորից` փոքր-ինչ հեռու քաշվեց. իրար մեջ դեռ ցածր գոռգոռում էին:

ԱՍԱՑ ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ ԿՐԿԻՆ.– Հողի վրայով ընթացող իմ ճանապարհն ավարտվեց. այդքան էի հողի վրա մենակ: Նրան արձակեցի, որովհետև իր քառասուն օրվա կյանքով վճարեց. հենց արևի, գիշերվա ու ցերեկվա համար, թեկուզ մարդը դրանց համար էլ է վճարում. Նա վճարեց այդ օրերի թախիծով, դրսի մարդկանց աղոթքներով, սպասումներով. լսելուց անգամ երերում էի, չհաշված մարդկային կասկածները (բոլորը ժպտում են, ինքը՝ ոչ. սկզբի նման անզգացմունք է), թեև ձեզանից սակավ են նրանք, որոնց ոչ թե Աստված, այլ մարդն է հորինել: Այսուհետ կհայտնվեմ հենց կասկածների պահին, բայց՝ իբրև ճշմարտություն: Իմ ասածը ոչ ոք չի անելու: Այդ չարարքներից կենսագրություն հավաքելով Նրա համար, որպեսզի մարդու մտքի չափով երևա մարդկանց, – քանզի բոլոր գալիքներն են Նրա մեջ: Հրաշալի է լինելը հենց կասկածների վրա, որովհետև իմաստս ավելին է, քան ես՝ առայժմ մարդու տված իմաստով:

Հրհրելով, առանց հրմշտոցի՝ ծանր անցնելով – առանձին երևալու գալով՝ ՆԱԽԿԻՆ ԴԱՀԻՃԸ ՄՈՏԵՑԱՎ – ԱՍԱՑ. – Բայց նա ոչ թե քեզ, այլ մեզ համար է եկել. Նրա կարիքը մա՛րդն ունի: Նահապետներից գիտենք, որ սերը մարդու համար է, ոչ քեզ, որովհետև բոլոր չափերից մեծը՝ հրեշտակին դատողը, մա՛րդն է:

(նրան բոլորովին չլսելով) ԱՅԼԵՎՍ ՈՂՈՂՈՒՆ ՁԱՅՆՈՎ ԱՍՈՒՄ Է ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ.– Իսկ մի՞թե մարդը կարող է սերն ապրել: Մարդիկ լուռ են. այստեղ են պատրանքներն ավելի շատ, քան կյանքը: Աստծո դեպքում է հակառակը: Ահա՝ մտքով Սերը գիտի, բայց խնդիրը հենց կյանքո՛վ ապրելն է, – քա՞նի սրբակյացներ փորձեցին, անշուշտ՝ կնոջով գայթակղվեցին կամ իբրև ավելորդություն՝ վրան չարացան: Դա դեռ չի՞ նշանակում, որ վախից առանձին-առանձին մտածեցին, որ ահա սիրում են, բայց ասացին Աստծուն խաբելու համար, երբեմն հեշտանքի կին ճարեցին, թվացնելով, թե միայն իրենց ԵՐԿՈՒՍԻ՜ՆՆ է (արհամարհանքը ծռմռում է լսողներին) . Սերը, որովհետև երկրագնդի առողջությունը հենց մահն է: անգամ կյանքն ուրացան իրենցից էլ թաքուն՝ առերևույթ խաբելով հենց կյանքին ևս: Չխաբեցին միայն մահվանը, այդ զգոն պահակին, ում կվաներ միայն Սերը: Դեպքեր եղան՝ նպատակները կատարած-հանգստացած մահացան արդարակյաց, այնինչ սիրելիս չպիտի մահանային, որովհետև հողը Սերն ապրածից մահ չի ընդունում, կյանքը մահ չի ընդունում, սերը, ահա, մահի անունն անգամ չի լսել: Հենց կյանքից ու խաբկանքային սիրուց մահացան, հողի մեջ պառկեցին, որ մարդուց ամեն ինչ է ընդունում: Տեսա՞ք ինչքան են իրարից հեռու սերն ու կյանքը.– հազարավոր դարերի ճամփա պիտի անցնի օրվա վրա հենված մարդը, որ թռչունի պես դառնա, բայց կարծում է՝ նրան էլ է ղեկավարում: Փորձության ի՞նչ քառասուն օր էր նրա համար այս ժամանակը, որ ԱՊՐԵ՜Ց (ընդգծելու համար երկարացնում է) . գոնե մարդկային մենությունը, եզակիությունը տեսավ, մարդու համար Սերը հուսաց–ապրեց: Անծայրությունն անցաք, բայց ոչ կյանքը տեսաք, ոչ սերը, այլ ավելի արագ դեպի մահը վազեցիք: Որովհետև Մարդը երկրի կեղևի վրա է ապրում, նարնջի պես մաշված այդ կեղևը կլպելիս, նախ մարդն է մահանում, երկիրը դրանով է փոխվում հաջորդ սերնդի համար:

– Ասա՛, – մատը տնկելով գլուխը սափրած ծերունու կողմը, առանց նրան նայելու՝ ԱՍԱՑ ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ հրաման տալու պես:

Տեսարանը հենց աչքի առաջ էլ վերափոխվում է, տարբերությունները աննշան են, շատերն ընթացքում դիրքերը փոխել, հոգնած կանգնել են: Աներևույթն է առանց թիկնոցի, նախկին տեսքով, որ չի էլ նկատում. նիհարում է այտերից, աննկատելի ճաղատանում: Դառնում է կմախքացած, հոգնատանջ մեկը, որ ակամա ստվեր է ուզում. դեռ քայլել-խոսելիս են թիկնոցն ու հայելանման զգեստները անհետացել: Արդեն զով է, ավելի է հստակված տեսանելիությունը՝ կորած մանր իրերը այդ ժամին են գտնվում:

ԳԼՈՒԽԸ ՍԱՓՐԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ՝ թողնելով հրեական քահանային մրմնջալիս, թույլ փղձկալով, ոտքից կարկամելով առաջ է գալիս, դերասանավարի, բայց անկեղծ, անմիջական երեխայի ձայնով ասում է տխուր.–

Լինե՞լ, թե չլինել – ա՛յս է խնդիրը.

Ահա կգան դերասաններն աշխարհի,

Որ մարդկային տիեզերքի միտքն են բերում,

Կրքերն անհագուրդ երկրաշարժերի,

Թախիծը՝ ծերացնող անթիվ դարերի,

(չի համբերում, հանկարծակի, հապճեպ ասում է. կրկին հայտնվում են հինգ-վեց թզուկ) .

– Բայց տարիներ շարունակ լսող մեկն էի որոնում աշխարհով մեկ. դերասան դարձա՝ բայց միայն դերասանին էին լսում, կրկին մարդը չկար, խեղկատակ դարձա եգիպտական թագավորազնի մոտ, անծայրության թափառող այստեղ. ես ինքս էի ինձ լսում: Սա՞ պիտի լսեր (մատնացույց անելով կմախքացած, ճաղատ ծերունուն) . բայց նույնիսկ նա էր շարունակ զբաղված.– կյանքում ո՞վ է լսում մարդուն, որ ակամա դատ է ուզում: Դրանից էլ անծայրությունն ընտրեցի, որ տարածություն չէ, երբեմ թվում է՝ տիեզերքն է, ուր մարդ չի լինում, որովհետև կյանք ու մահ չկա՝ անծայրությունն է լսելու մարդուն, ո՛չ կյանքը, ո՛չ մահը, քանզի ձևերը բազմազան են, շփոթեցնող: Արդեն ոչինչ չունեմ ասելու (չոր հեկեկում է), դերասանի պես ուրիշի փոխարեն եմ խոսում, որովհետև այլևս ոչինչ չեմ ուզում: Տեսել եմ աշխարհն իր կենսագրությամբ, ազգեր հայտնի ու անհայտ. հիշելի միակը հենց անծայրությունն է, որ դեռ հպարտ ուղեկից է (անլաց, չոր փղձկում է կարճ, շուրթերը մաքրում): Հավերժությո՞ւնը. ահա նա (անորոշ մատնացուցելով մի անցյալի, որ տեսանելի-իրականի պես ասես եղավ ու անվերջ կա քահանայի պատմածում, բոլորի աչքի առաջ) ահա նա ճամփա ընկավ հավերժության ծալքերով թափառելու, որ նույն անծայրությունն է կրկին: – Ճամփան պիտի հենց այդ պահից սկսեր, որ ժամանակ չառներ. կերպարանափոխվելով ու կերպարանափոխվելով կհասնի հավերժության: Գիտեք ուրիշները այլ տեղի՞ց են ճամփա ընկել: Կյանքն ահա սահմանափակված է միայն մարդու կերպով. նա գնաց առայժմ մենակ՝ ինչպես գերեզման իջնողը, - որտե՞ղ է այդ համարձակությունը, որին ոչ ոք չի լսի: (Քահանան մոտենում է մի գավաթ ջուր տալու, որ նա խմում է հապճեպ, թափթփելով, ագահ. քահանան հոգատար կանգնում է սպասելով մինչև խմի՝ ձեռքը ծերունու ուսին: ԵԳԻՊՏԱՑԻ ԹԱՓԱՌԱԿԱՆՆ Է ՎԱԶՈՒՄ, ձեռքին խնձոր. Ծամիր, – ասում է, – քեզ այս հյութն է պետք, ոչ խնձորը. նա բույրի իր խաղաղությամբ կհանդարտեցնի):

– Վերքի նման բացված այս մենությո՜ւնը, որ սատանայով էլ չի հագենում: – ԳՈՌՈՒՄ Է ԾԵՐՈՒՆԻՆ ԿԱԿԱԶԵԼՈՎ, ձեռքի կիսատ գավաթի ջուրը խոսելու ռիթմով – խոսքի պոռթկումով թափթփելով. ասես ձեռքն է խոսում, ու ջուրը թափթփվում Է: Կանայք, այլ մարդիկ ահաբեկված նայում են անշարժ, փոքր-ինչ իրար խառնվածը հռոմեացի զինվորներն են, որ փութկոտ գնում-գալիս են ամբոխի ու շոգի մեջ (նրանց գույնը հիմնականում կարմիր է, արդեն լրիվ զրահներով են, սրերն ու նիզակները՝ պսպղուն, մաքուր. զգացվում է, որ շոգին հանգստացել են որևէ ստվերոտ սենյակում):

Իր նախկին տեղում՝ սյունասրահի սյունի մոտ, ՆԱԽԿԻՆ ԶԳԵՍՏՆԵՐՈՎ ՀԱՅՏՆՎԱԾ ՀՌՈՄԵԱՑԻ ՍՊԱՆ բարձր, խռպոտ ասում է.– Այսօր՝ վե՛րջ. խաղերը կլինեն առավոտյան, որ օրը մարդուց շուտ չավարտվի:

Սլավիկ Չիլոյան /Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում

14.08.2014 21:23

 

«Նիդերլանդական Օրագիր» - գրական էջ, չորեքշաբթի, 30 հուլիսի, 2014 թ.



 

ԿԻՆՈ Է, ԿԱՆՑՆԻ




Փոքրիկ էի այնժամ, 
փոքրիկ էի, այո, 
փոքրիկ էի այնքան, 
որ սիրահարի 
տնից դուրս եկած 
և կամ էլ հարբած 
մի քանի մարդկանց 
զվարճանքն էի ես. 
կտտացնում էին 
նրանք իմ գլխին 
և կամ էլ գրկած 
հասցնում էին ինձ 
ինչ-որ հեռավոր, 
անծանոթ փողոց 
և ինչ-որ անկապ 
բառեր հորանջում. 
փոքրիկ էի այնժամ, 
լավ չէի հասկանում: 
Երբ լացակւմած, 
արցունքն աչքերիս 
ես դուրս էի գալիս 
մթին կինոյից, 
ապա հևիհև 
ու շնչակտուր 
պատմում մայրիկիս 
«ՍՊԻՏԱԿ ԳԻՇԵՐՆԵՐ», 
ասում էր. «Որդիս, 
կինո է, կինո»: 
Բայց մեղք հայացքով 
տեսնում էի նրա 
արցունքներն անափ 
ու չէի հավատում, 
թե կինո է դա: 
Մի օր էլ մեռավ. 
թաղեցին նրան, 
իմ լավ մայրիկին: 
Կանգնել էի նրա 
փակ աչքերի մոտ 
ու կրկնում էի. 
«Կինո է, որդիս»: 
Այժմ էլ մեն-մենակ, 
առանց մայրիկիս, 
առանց ոչ մեկի 
ես քարշ եմ գալիս 
այս փողոցներում 
և լացող մարդկանց 
դողացող դնչով 
ասում եմ. «Ոչինչ, 
ԿԻՆՈ Է, ԿԱՆՑՆԻ...

ՓՈՂՈՑԻ ՇՆԵՐԸ ՄԻՇՏ
ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

Այնպես խաղաղ էր դրսում, 
այնքան ցուրտ, 
որ ոռնում էր մի շուն: 
Մոտեցա նրան ու հարցրի.
շուն, 
ի՞նչ կա աշխարհում.
ոչինչ, ասաց նա,

տաք տեղ եմ փնտրում:


ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՆ Է

Սիրելը մեծ բան չէ.
ուղղակի
պետք է խորհրդակցել.
Իսկ խորհրդակցությունը
Մի օր կավարտվի, 
երբ լռությունը կխփի ուսիդ
ու կասի, 
գնա՜նք:

***
Բանաստեղծները
մուկ են
որոնք
մարդկանց կորցրած ոսկին
իրենց բույնն են քաշում
եւ հետո
մեկիկ-մեկիկ հանում
շարում են
իրենց բնի առաջ
ու ժիր ճստվստոցով
անմեղ հիանոմ
իսկ մարդիկ
ոսկին գտնելու
ուրախությունից
խելքները թռցրած
անմեղ մկներին են հաճախ տրորում
դրա համար
մկները վաղուց
էլ չեն հիանում
եւ իրենց բների
մթության մեջ են
գտած ոսկիները
խորունկ թաքցնում …

ԷՔՍՊՐՈՄՏ

Քո ոտնահետքերը
բերեցին
ինձ, խղճուկիս, 
մի տխուր արբեցում, 
որ, 
ինչպես տեսնում ես, 
դարձավ բանաստեղծություն.
ոտնահետքերդ…
(Բազմակետերն էլ
իզուր եմ դրել, 
որ դու շունչ առնես):


ՄԻԱՅՆ ԲԵՆԶԻՆՈՎ

Կարդում եմ.
«Զգույշ, ներկված է»: 
Ճանապարհին հանդիպում եմ մի ծանոթի.
բարեւում ենք.
խոսում է ինչ որ բանից,