Հեղինակներ

Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: Հայկանուշ Մառք

09.08.2022 23:31

 

 
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
Գրակ. ինստ. ավագ գիտաշխատող,
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
 
ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
Գրակ. ինստ. ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող
 
ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՌՔ*
ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ
1881-1966
 
«Պիտի կրենք մեր պատասխանատվությունը,
պիտի ստեղծենք մեր իրավունքները»:
Հայկանուշ Մառք

 
Ինչպէ՞ս
 
Ինչպէ՞ս սիրեմ զքեզ, սիրելիս
Որ սէրս ելլայ միշտ տեւական ու տարբեր,
Ինչպէ՞ս սիրեմ զքեզ, իմ հոգիս, 
Ոը նմանը չըրած ըլլան ուրիշներ…։ 
Ինչպէ՞ս, ըսէ՛, երազեմ քեզ որ յոգնած
Չծանրանան աչքերս արթուն ու ցած 
Ձայներն չվրդովեն հանգիստ-խուն
Եըբ մտնեմ քուն ։ 
Ինչպէ՞ս գգուեմ զքեզ սէրովս րոլոր, 
Որ նախանձին սիւքերը, ծիլերն ալ ոլոր,
Ինչպէ՞ս կազմեմ տարրերը սիրոյս կրակին 
Որ հոն բոլոր իղձերս ալ բորբոքին:
Ինչպէ՞ս ըսեմ թէ չաստուած մ՛ես դուն կամ անկէ 
Աւելի վեր, Հոգի մը վառ կրակէ, 
Անձնուէր… 
Ինչպէ՞ս սակայն ինչպէ՞ս սիրեմ քեզ, անոյշ սիրական
Որ սա խենդ սերս ըլլայ յաւէտ տեւական [5]։
 

 
 
Հայկանուշ Մառքը (Հայկանուշ Թոփուզյան) ծնվել է 1883 թվականի փետրվարի 14-ին, Կ. Պոլսում՝ Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների ընտանիքում: Հաճախել է Այասբաշայի վարպետ-տուտու և «Սեոր» վարժարանները: 1898 թվականին ավարտել է Էսայան միջնակարգ վարժարանը՝ աշակերտելով  Զապէլ Ասատուրին և դառնալով նրա արժանավոր հետնորդը: Այնուհետև՝ կրթությունը շարունակել է մասնավոր դասերով: Նրա ուսուցիչն էր հայտնի մանկավարժ և գրաբարի գիտակ Հակոբ Գուրգենը, ով մեծ դերակատարում է ունեցել Մառքի՝ մայրենի լեզվի յուրացման և ճաշակի կատարելագործման գործում: Միաժամանակ, որպես ուսուցչուհի, պաշտոնավարել է Ազգային հիվանդանոցի գիշերօթիկ որբանոցում, այնուհետև՝ ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 
Դեռևս՝ երիտասարդ՝ գրում է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել «Մանզումեի էֆքյար» թերթում: 1903 թվականին, քսան տարեկանում, արժանանում է «Մասիս» թերթի գրական երկրորդ մրցանակին: Երիտասարդ տարիքից նվիրվում է ազգային և հանրային գործունեությանը: Կանանց միջավայրում վայելում էր մեծ ժողովրդականություն, քանի որ նրա արձակ գործերն և քերթվածները արտահայտում էին կնոջ նուրբ ներաշխարհը՝ միաժամանակ քսաներորդ դարասկզբի հայ իրականության մեջ պաշտպանելով կնոջ իրավունքները։
Հայկանուշ Մառքի հրապարակախոսությունը ամփոփում է կանանց ազատագրության հիմնախնդիրները։
 
1905 թվականին նշանվում է հրապարակախոս, «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահան Թոշիկյանի հետ, և նույն տարում էլ հիմնում է «Ծաղիկ» հանդեսը, որի հրատարակությունը դարձավ Հայկանուշ Մառքի կյանքի և գործունեության բարձրակետը:  Թեև հանդեսը լույս է տեսել միայն 1905-1907 թվականներին, այնուամենայնիվ, անմիջապես գրավել է ընթերցողի ուշադրությունը ու դարձել հայ կանանց շարժումը բնութագրող գլխավոր խորհրդանիշը: Հանդեսին աշխատակցել են Կ. Պոլսի երիտասարդ հայ կին գրողները՝  բանասիրական և իմացաբանական մակարդակներում արժևորելով կանանց առնչվող հարցեր և նոր շունչ հաղորդելով հանդեսին:
 
1907 թվականին Հայկանուշ Մառքն ու Վահան Թոշիկյանն ամուսնանում են և մեկնում Զմյուռնիա, ուր Թոշիկյանին հրավիրել էին խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» պարբերականները: 1908 թվականից Մառքը աշխատակցում է վերոնշյալ պարբերականներին՝ վարելով կանանց բաժինը: 
1909 թվականին ամուսինները վերադառնում են Կ. Պոլիս, որտեղ Մառքը հայտնվում է  հասարակական-մշակութային գործունեության կենտրոնում՝ շարունակելով գրական և հրապարակախոսական գործունեությունը՝ աշխատակցելով «Մանզումե», Թեոդիկի «Ամենուն տարեցոյցը», «Լույս», «Ժամանակ», «Մեր տարեցույցը», «Շանթ» և այլ պարբերականների: 
 
Թղթակցել է նաև «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներին: Վերադարձից հետո Մառքը համագործակցում է «Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան» հետ, որի հիմնադիրը Զապել Ասատուրն (Սիպիլ) էր, ով էլ հրավիրում է Մառքին՝ լինելու ընկերության ատենադպիրը: Սիպիլի նպատակն էր՝ Կ. Պոլսում և հարակից գավառներում դպրոցներ բացել աղջիկների համար։ 
Ընկերության անդամներին ներկայացնելով Մառքին՝ Զապել Ասատուրը, մասնավորապես, ասում է՝ «Ահա տարր մը, որուն այդքան պէտք ունինք։ Կը զբաղի նաեւ ստանձնելով ատենադպիրի պաշտօններ այլ կազմակերպութիւններու մէջ»:
 
 Հետագայում, բացի «Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան» հետ համագործակցությունից, Մառքը ատենադպիրի պաշտոններ է զբաղեցրել նաև այլ կազմակերպություններում՝ «Հայ կանանց», «Հայ տիկնանց» ընկերություններում, «Ազգային» հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլուր:  «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը թեպետ ընդհատվել էր, սակայն չէր մոռացվել:
 
1919 թվականին, տասնչորս տարի անց, Կ. Պոլսում Մառքը հիմնում է «Հայ կին» [3] հանդեսը, որի նպատակն էր՝ բարձրացնել հայ կնոջ դերը ազգային կյանքում, անդրադառնալ կանանց հուզող թեմաներին, գրական, գեղարվեստական, գիտական, առողջապահական, մանկավարժական հոդվածներով զարգացնել հայ կնոջ մտավոր աշխարհը: «Հայ կին» հանդեսը թղթակիցներ ուներ նույնիսկ Փարիզից ու Միացյալ Նահանգներից։ 
«Հայ կին» հանդեսը Մառքի խմբագրությամբ լույս է տեսնում մինչև 1932 թվականը, ամիսը երկու անգամ: Այն հայալեզու կարևոր հանդեսներից մեկն էր, որը տպագրվում էր Ցեղասպանությունից հետո։ «Հայ կին» հանդեսը Մառքը համարում էր ոչ միայն կնոջ ձայնի բարձրախոս, որը պայքարում է կին-տղամարդ հավասար իրավունքների համար, այլև՝ Խորհրդային Հայաստանի, Սփյուռքի և Թուրքիայում ապրող հայերին միավորող շղթայի մեկ օղակը։
 
Նա հավատում էր, որ կին-տղամարդ իրավահավասարությունը հնարավոր է, սակայն որոշակի ավանդույթներ պահպանելու պայմանով՝ «Մեր յետեւում թողնում ենք մի արահետ, որը թէեւ տոնական կամ փայլուն ոչինչ ունի, բայց արահետ է, որին առանց ամաչելու ենք նայում, գիւղի մի նեղ արահետ, որով անցել ենք՝ կատարելով մեր պարտականութիւնները իբրեւ կին, իբրեւ ամուսին եւ իբրեւ մայր: Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, աւելի լայն, աւելի ուղիղ, աւելի ձիգ դէպի նպատակը: Այդ ճամբի վրայ պիտի կրենք մեր պատասխանատուութիւնը, պիտի ստեղծենք մեր իրաւունքները, պիտի դարբնենք մեր գործը` ամէնեւին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից: Այն պիտի տանի մեզ մի բարձունք, ուր մղում են մեզ մեր սեռի, մեր ազգի, մեր հայրենիքի վերածննդի ջղապիրկ իղձերը» [4],- գրում է Հայկանոյշ Մառքը «Հայ կին» հանդեսի առաջնորդողում, որից պարզ երևում է նրա քաղաքացիական դիրքորոշումը:
 
 
 «Հայ կին» հանդեսի դադարումից հետո՝ 1933 թվականին, Հայկանոյշ Մառքը համագործակցում է ամուսնու՝ Վահան Թոշիկյանի, խմբագրությամբ լույս տեսնող «Նոր լուր» օրաթերթին՝ ստեղծելով կանանց բաժին և շարունակելով տպագրել կանանց կրթության, դաստիարակության, ընտանեկան և հանրային կյանքին վերաբերող հոդվածներ: Միաժամանակ տպագրվում է նաև այլ թերթերում և հանդեսներում:

1921 թվականին Կ. Պոլսում հրատարակում է արձակ գործերը և քերթվածները առանձին հատորով լույս են տեսել՝ «Ծուլության պահերէս» [5] խորագրով: Բանաստեղծական խորը զգացողության գրող էր Մառքը, ով ոչ միայն հայ կնոջ հուզաշխարհը շնչավորող գրականություն է կտակել հայ ժողովրդին, այլև՝ հայ կնոջ իրավունքների պաշտպանությանն է նվիրաբերել իր գրիչն ու իմացական ներուժը։ 

Իր կենսագրական հուշերը Մառքը ներկայացնում է՝ «Ծփանքներ կեանքէս» խորագրով հատորում: Ինչպես գրական-գեղարվեստական, այնպես էլ՝ հրապարակախոսական էջերում Մառքի լեզուն մաքուր է, հստակ, ոճը՝  պարզ, որն առավել մեծ ժողովրդականություն էր ապահովում նրա երկերին։

Մի առիթով՝ «Ամէնուն Տարեգիրքը» շարքի վերջին՝ 1967-1968 թվականների միացյալ համարում, Կարօ Գէորգեանը անդրադառնում է Հայկանուշ Մառքի գործունեությանը՝ արժևորելով նրա վաստակը՝ «Կնոջական աշխարհին, հայ կնոջ ընկերային հարցերուն եւ յատկապէս կանացի իրաւունքներուն ու դատին պաշտպանութեան նուիրուած իր հրապարակագրական հարուստ ժառանգութեամբ, Հայկանուշ Մառք իրավամբ եղաւ քսաներորդ դարու առաջին յիսնամեակին ամէնէն աւելի լայն ժողովրդականութիւն վայելող գրիչներէն մէկը հայ կին ընթերցողներուն համար» [1]։

 

 

1949 թվականին Ստամբուլում հրատարակվում է նրա «Զապել Ասատուր (Սիպիլ)», իսկ 1950 թվականին՝ «Զարուհի Գալեմքերյան» աշխատությունները:

1954 թվականին նրա գրական գործունեության 50-ամյակի առիթով Պոլսում լույս է տեսել «Հայկանույշ Մառք. Կյանքն ու գործը» [6] ստվարածավալ հատորը, որը գրական, հրապարակախոսական ընտիր երկերի և արժեքավոր հիշողությունների ժողովածու է: Հայկանուշ Թոփուզյանը իր գրական անունը՝ Մառք, վերցրել է հոր՝ Մարգարի անունից։ Պոլսահայ գրականության մեջ իր կարևոր ներդրումն է ունեցել բանաստեղծ ու արձակագիր, հանդուգն հրապարակախոս Հայկանուշ Մառքը, ով արժանավոր տեղ է զբաղեցնում Սրբուհի Տյուսաբի, Զապել Ասատուրի, Զապել Եսայանի կողքին։

Կյանքի վերջալույսին, Մառքի առողջական վիճակը վատանում է, և նա տեղափոխվում է Պոլսո Ազգային հիվանդանոց, որտեղ և վախճանվում է 1966 թվականի մարտի յոթին՝ կանանց միջազգային օրվա նախօրյակին, անձնական գրադարանը, իրերն ու արխիվը կտակելով Սուրբ Խաչ Դպրեվանքին։

«Հայ կին» գրական հանդեսը

«Հայ կին», 1919-1932, Կ. Պոլիս: Կիսամսյա հանդես, ապա՝  ամսօրեա: Տեր և տնօրինուհի` Հայկանուշ Մառք: Տպարան՝ Օ. Արզուման:

Հայկանուշ Մառքի գործունեության բարձրակետը «Հայ կին» հանդեսի հրատարակությունն էր, որ Առաջին Աշխարհամարտի ավարտից հետո, բացի այն, որ տեղ էր հատկացնում հայ իրականության մեջ կին-տղամարդ հավասար իրավունքների բարձրաձայնմանը, առաջադրում էր նաև Մեծ Եղեռնի հետևանքով տարագիր հայության խորագույն վերքերը առողջացնելու առաքելությունը:

«Հայ կին» հանդեսը Հայկանուշ Մառքի խմբագրությամբ տպագրվում է 1919-1932 թվականներին։ «Հայ կին» հանդեսը յուրօրինակ ֆեմինիստական քայլ էր, որը հատկանշում էր կնոջ ձերբազատումը (քիչ թե շատ) ընտանեկան ու ընկերական նեղ շրջանակներից: Այն իր բնույթով, կազմակերպվածությամբ, պարտականություններով հանձնառել էր բարեփոխելու հայ կնոջ ճակատագիրը՝ «Հայ կինը կը հիմնարկուի առանձնապէս զբաղելու համար այն ամէն էական հարցերով, որոնք կը շահագրգռեն կանանց աշխարհը: Կը դաւանինք թէ` անոր գոյութիւնը աւելի քան անհրաժեշտ է, հիմայ որ Հայ կինն ալ ունի իր կատարելիք բաժինը Ազգային Վերածնունդին մէջ: Երկսեռ հայ եւ նույնիսկ օտար ձեռնհաս աշխատակիցներու աջակցութեամբ կը նուիրուինք մեր ծրագրին, ջանալով որ գործը բացատրէ զայն» [3],- հայ կնոջ դերակատարմանը անդրադառնում է Հայկանուշ Մառքը հանդեսի խմբագրականում:

 

 

Հանդեսը որդեգրել էր կնոջ հոգևոր, բարոյական, իրավական, գեղագիտական, առողջապահական, տնտեսավարական կրթության մի յուրօրինակ ծրագիր, որը տասներեք երկար ու ձիգ տարիների ընթացքում իրականացնում էր հանդեսի խմբագրությունը՝ «Կանացի ընկերաբարոյական և զուտ ընկերային հարցեր», «Մշակում տոհմիկ բարքերու և ավանդութեանց», «Գրական, գեղարվեստական, գիտական, առողջապահական նիւթեր», «Կրթական և մանկավարժական հարցեր», «Մանկատածութիւն», «Առտնին տնտեսութիւն, «Կենցաղագիտութիւն», «Կինը շահագրգռող գիւղատնտ. Հարցեր, «Կանացի մարմնակրթանք», «Ձեւ, կար և նորույթ», «Ձեռական աշխատութիւններ», «Ծաղկեմշակութիւն», «Կենսագրութիւն հայ թէ օտար նշանաւոր կիներու», «Արձագանք կնոջական աշխարհի, և հայ կանացի Միութեանց շարժումներ»:

1921 թվականի իններորդ համարի (Բ տարի, թիվ 9) «Կինը` գրականութեան հանդէպ» խմբագրականում Հայկանուշ Մառքը կարևորում է կնոջ դերակատարումը գրականության մեջ, հեղինակային և տպագրական գործընթացներում՝ «Մեծ դեր ունին կիները, մանաւանդ հարուստ կիները, այս կէտին մեջ: - Անոնք եթէ իրենց ընդարձակ ժամանակը յատկացնեն ընթերցումնէր ընելու, անընդհատ պէտք կ’ունենան գիրքեր գնելու: Կը հաղորդակցին մտքի ազնուականութեան հետ, եւ թէ զարկ կուտան ցեղին գրականութեան, որ ապրելու համար է, պլատոնական համակրանքով ալ չի սնանքը, աւա՜ղ» [4]: 

Բացի առօրեական աշխարհը պատկերող հոդվածներից՝ «Հայ կին» հանդեսը տպագրել է նաև բանաստեղծություններ՝ «Կնոջ մը որ կուլար» (Անայիս), «Անմահական երգեր» (Եղիշե Ա. Եպս. Դուրեան), «Երեք մեհեան» (Զարուհի Գալէմքեարեան), «Փափաք» (Վահան Թեքէեան), «Օրիորդ Արշալույսին» (Դանիէլ Վարուժան), թարգմանություններ` Ժան Մորեասի «Տաղեր» (թարգմ. Հայկանոյշ Մառքի), «Մոգական գիշերը» (Միռեյ), Ջուդիթ Գաթերի «Մտածում մը…», «Կայսրը», (թարգմ. Շահոքրամ), «Մանուշակին սիրտը» (Միռեյ), «Ամիսներուն շուրջպարը» և այլն:

«Հայ կին» հանդեսը հոգևոր ու մտավոր առողջություն էր ոչ միայն նախաեղեռնյան շրջանի ազգային արժեքների հետ երիտասարդ սերնդի հոգեմտավոր կապը ստեղծելու, ամրապնդելու և պահպանելու համատեքստում, այլև՝ արևմտահայ և արևելահայ, խորհրդահայ ու սփյուռքահայ փոխգործակցությունը և հաղորդակցությունը պահպանելու և խորացնելու իմաստով։ Հանդեսին զուգահեռ տպագրվել է առանձին «Թերթօն», որում տեղ են գտել թարգմանություններ՝ Հանրի Պաթայ «Ցայգաթիթեռը» (թարգմ՝ Էդ. Սիմքէշէանի), Բօլ Սերի «Ոգեկոչումը» (թարգմ՝ Ա. Ֆէրհատեանի), Բօլ Ժերալտի «Ռօպեռ եւ Մարիան» (թարգմ՝ Ա. Ա. Ս), Ժան Պէռթըռուա «Միջև աստղերը» (թարգմ. Ա. Ֆէրհատեանի), պատմվածքներ` «Աղուոր մեծ մայրիկը» (Ա. Ժ.), «Ձմրան պտույտ» (Հայկանուշ Մառք), «Մանկիկինզորությունը» (անհեղինակ), «Պատմութիւն մը» (Ստեփան Շահպազ), Սէնտնի «Փոթորիկը» (թարգմ. Ա. Նէրհատեանի): «Հայ կին» հանդեսը տպագրել է նաև հանելուկներ:

 

 

 

Օգտագործված գրականություն

1. Գէորգեան Կարօ, Կարօ Գէորգեանը, Կ. Պոլիս, 1968, տպ. Հայ կաթ, 640 էջ:
2. «Լոյս» 1904, թիւ 19: 
3. «Հայ կին» 1919-1933, կիսամսեայ հանդէս: Տէր և տնօրէնուհի՝ Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 16 էջ: 
4. «Հայ կին», 1921, Բ տարի, թիւ 9:
5. Մառք Հայկանուշ, Ծուլության պահերէս, Կ. Պոլիս, 1921, տպ. Մ. Տեր-Սահակյան, 45 էջ:
6. Մառք Հայկանույշ. Կյանքն ու գործը, Տիկնանց հանձնախումբի 50ամյա հոբելեանի առթիվ, Իսթանպուլ, 1954, 415 էջ:
----------------
«Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ  գրական նոր նախագիծը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք: Նախագծի խորագիրն է՝  «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»: 
Սույն նախագծի նպատակը 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած հայ մտավորական կանանց՝ գրող-հրապարակախոսներին, խմբագիր-հրատարակիչներին, բանաստեղծուհիներին, արձակագիրներին, նրանց ամփոփ կենսագրություններն ու գործունեությունները, ընթերցողին հասանելի դարձնելն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացականության և զարգացման տեսանկյուններից: Այն կարևոր է նաև համացանցի, սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով տարբեր տարիքի ընթերցողներին գիտելիքների և արժեքավոր նյութերի փոխանցման տեսանկյունից: Նախագծի խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա արևմտահայ կին հեղինակների բարեգործական, հովանավորչական, կրթական և գրական-մշակութային գործունեության վրա լույս սփռելն է: Նախագծի շրջանակներում կընդգրկվեն նաև հետաքրքիր դեպքեր կանանց կյանքից: Պատմության համատեքստը նկատի առնելով՝ կտրվեն նաև նրանց գործունեությանը բնորոշ ուշագրավ առանձնահատկություններ, մամուլում դեռևս չտպագրված այլ արժեքավոր տեղեկություններ: Նախագիծը վարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանը
Սույն հոդվածը նվիրված է Հայկանուշ Մառքին:
 
Հրապարակված նյութեր.
 
-----------------
* Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական
աջակցությամբ 2IT-6B118 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
----------------
© Արտատպության դեպքում, հղումը «Նիդերլանդական օրագիր» և  «Օրեր»
պարբերականների կայքերին պարտադիր է:

 

ԷՐԳՐԻ ՀԻՇՈՂՈւԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ

06.07.2022 15:15
ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բան․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Գավառի պետ․ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ

Մուշեղ Գալշոյանի արարած աշխարհը գերակշիռ բովանդակությամբ առնչվում է հայ ժողովրդի ճակատագրի պատմությանը, ավելի կոնկրետ XIX դարավերջին և XX դարասկզբին տեղի ունեցած ողբերգությանը, որ ծանրանիստ խարանի նման հետք թողեց ժողովրդի գիտակցության, հոգեբանության վրա։ Հայերի պատմությունն իր բնույթով էապես տարբերվում է մյուս ժողովուրդների անցյալից ոչ այնքան ձևով (ամեն ժողովուրդ անցնում է զարգացման որոշակի ճանապարհ, այդ ընթացքում անխուսափելի են նմանությունները), որքան բովանդակությամբ, միայն իրեն հատուկ անհատակ կորուստների ու զրկանքների բեռով։ Ազգային-ազատագրական շարժումները սկզբնավորվեցին իմպերիալիզմի դարաշրջանում՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ Արևելքում։ Բայց, ի տարբերություն Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի՝ Օսմանյան կայսրությունը ամենահետամնաց ռազմա-ֆեոդալական երկիրն էր, որ անհրաժեշտ էր քաղաքակիրթ երկրներին՝ իրենց նկրտումներն իրականացնելու, հարմար պահին նաև առանձին պատառներ թռցնելու համար։ «Բայց չէ պիտի մոռանալ, որ մի այսպիսի վատաբաստ դիպվածքում առաջ քրիստոնյայք կկողոպտվին, կմերկանան և կմեռանին [1]»։  Նալբանդյանական մարգարեացումը իրականացավ։ Ազգային դեմք ու դիմագիծ, մշակույթ ունեցող ժողովուրդներն ավելի վտանգավոր էին՝ հայեր, հույներ, նաև՝ բուլղարներ։ Քրդական վաչկատուն ցեղերն առանձնակի վտանգ չէին ներկայացնում, առօրյա ավարառության, հարստանալու տենչով բռնված, նրանք գործիք դարձան բռնապետության ձեռքին՝ մոռանալով իրենց հիմնարար խնդիրները։ Եթե Ռուսաստանում, Ավստրո-Հունգարիայում ազգային ինքնագիտակցության եկող ժողովուրդները ճնշվում էին «բարեկիրթ» եղանակներով՝ արգելվում, սահմանափակվում էր ազգային կրթության, մշակույթի գործընթացը, ապա 1890-ականների կեսերից ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում սկսվեցին հայերի հրեշավոր կոտորածները։ Դրանք Եվրոպայի պատմության մեջ իրենց նախօրինակը չունեին։ Առանձին գործիչների ահազանգն ու պարսավանքները ոչինչ չփոխեցին դեպքերի ընթացքի մեջ, Եվրոպան չանսաց մեռնողների հառաչանքին, որպեսզի երկու տասնամյակ անց ինքը հեծեր բռնության լծի տակ։
 
Դեպքերի խառնափնթոր քաոսում և հետագայում հայերի պատմությունը հատւկ բնույթ ընդունեց՝ մինչև օրս չստանալով իր վերջնական ձևակերպումը, մինչև վերջ չհասկացվելով համաշխարհային հանրության կողմից ու մնալով մենակ։ Այն ժողովուրդները, որոնք մարտնչեցին անկախության համար, ունեցան իրենց հայրենիքը, սակայն իրադարձությունները հայերիս աղետների տարան։ «Հայ համայնքը իր մեջ խաղաղվելու հիմքեր չի գտնում։ Նա տանուլ տվեց իր ազգային-ազատագրական պատերազմը՝ վճարելով ահավոր մի գին և երբեք չհասավ հաղթանակի» [2]։ Աշխարհն անտարբերությամբ խաչեց արդարությունն ու ճշմարտությունը, աշխարհն իր մեղքի բաժինն ունի։ Երկար ժամանակ թե՛ պատմագրությունը, թե՛ գրականությունը երևույթների պատճառը փնտրեցին մարդկության խլության ու սֆինքսյան անտարբերության մեջ։ Նման հայեցակետը մի կողմ թողեց հարցադրման մյուս կողմը, որը պակաս կարևոր չէ։ «Նոր նպատակաուղղվածություն՝ ժողովրդի պատմական իրադարձությունների ռեալ գնահատում, ճշտել աշխարհի և սեփական մեղքի սահմանները» [3],-գրում է Գալշոյանը 1969 թվականին։ Գրականության տեղաշարժին տրված բնորոշումն առաջին հերթին վերաբերում էր իրեն՝ Գալշոյանին։ Սեփական վրիպումների պատճառները տեսնելն ու բարձրաձայնելը ոչ այնքան անհրաժեշտ, որքան պարտադիր էր գրողի համար, որովհետև «ձմռանը սայթաքողները ամռանը հա ոտքերը քարերին են խփում» [4]։ Ուրեմն՝ պատմությունը հերոսական անցյալի, հաճախ էլ ինչ-որ իդիլիկ դեպքերի շարան չէ և ամենից առաջ անցյալ չէ։ Պատմությունն իր ամենատարբեր դրսևորումների մեջ մեր տունն է, մեր երկիրը, մեր բնավորությունն ու ապրելու, մաքառելու կերպը։ Պատմության կորուստները, սեփական հոգին քննելն անհրաժեշտ է այսօրվա ու վաղվա վրիպումները թույլ չտալու, գոյատևման ոլորտներում անխաթար քայլելու համար։ Անցյալի ընկալման նմանատիպ «գործնական» բնույթը մեծ չափով նպաստեց Գալշոյանի ստեղծագործության քաղաքացիական կրքի շիկացմանը, փաստերի նպատակամետ մեկնաբանմանն ու գեղարվեստական կշռի բարձրացմանը։ Պատմության վերակենդանացումն անհրաժեշտ հանգամանք է ոչ այնքան «ով ենք մենք»-ի սահմանները ճշտելու, որքան գոյատևելու, «ինչպես պետք է ապրենք»-ի պատասխանը գտնելու համար։ Սրա հետ կապված՝ խիստ կարևորվում էր ավանդների հարցը։ «Ի տեղ բաց նամակի» հոդվածում անհանգստանալով ժամանակակից երիտասարդության ուժերի անտեղի մսխումից ու անգործությունից՝ գրողը նոր սերնդին այլասերումից փրկելու կարևոր ճանապարհ է համարում հայրերի՝ ավանդներին վերադարձը։ «Միտք չունի,-ասում է նրանց փիլիսոփայությունը,- ընկնել շռայլության ետևից, շռայլությունը երջանկություն չի կարող բերել։ Ուրեմն, քիչը շատ ընդունիր և նայիր հոգուդ խորքը և այնտեղ որոնիր քո երջանկությունը»։ [5]
 
Պարզ է, որ խնդիրն ավելի բարոյա-փիլիսոփայական բնույթ ունի, շռայլությունը կարող է կործանարար լինել ժողովրդի համար, ընչաքաղցության կռվի մեջ պարտվում են բոլորը, այստեղ հաղթողներ չկան։ Ապրելու և գործելու նման կերպը գրողի համոզմամբ չի կապվում հարկադիր պայմանների հետ (ջարդ, պատերազմ, տնտեսական դժվարություններ և այլն), դրանց առկայությամբ մեր նախնիներն ավելի պինդ ապավինեցին այդ խորհրդին։ «Իսկ ակունքը մեր բնությունն է, քիչը շատ ընդունելու, փոքրը մեծ տեսնելու խորհուրդը մեր բնաշխարհի հարազատ ծնունդն է, հատկապես նաև այդ երկրի ու բնության տեր մարդկանց ապրելու և գործելու կերպը, որը սերնդեսերունդ փոխանցվելով գալիս էր»[6]։ Հայերի փիլիսոփայությունն ինքնակատարելագործման, անհատի հոգևոր զարգացման այնպիսի մի ճանապարհ էր, որ հնարավորություն կտար հեռու մնալ մանրուքներից ու ուսնկից դառնալ նրանց, ովքեր պահում են երկիրը։ Պարտադիր չէ, որ պատերազմ լինի ու նոր հասկանանք, որ ամեն մեկի որդին իր որդին լինելուց բացի երկրի զինվորն է։ Իսկ ոչ մի զինվոր զենք չի վերցնում միայն իր հորը պաշտպանելու։ «Նա բոլորի զինվորն է» [7]։ Միանգամայն պարզ է, որ խիստ արդիական հարցեր շոշափելով, արվեստագետն ապավինում է արմատներին։ Ժամանակի սրընթաց հոսքն իր հետ տանում է այն ժողովուրդներին ու ցեղերին, որոնք ոգեղեն չեն, հեռանկար չունեն, այս աշխարհի մեջ չունեն իրենց աշխարհը։ Ուրեմն, քիչը շատ ընդունելու, քչով բավարարվելու, աշխարհին լիաչք նայելու փիլիսոփայությունը միայն սկիզբն է անցյալին դառնալու, անցյալին հաղորդակցվելու համար, էականը ազգային ոգու ճշմարիտ ժառանգորդ դառնալն է։ Իսկ ոգին չունի սկիզբ ու վերջ, ունի միայն ընթացք։ Երևույթներին նման մոտեցումը պատմության ժամանակի յուրօրինակ ընկալում է, որ հնարավորություն է ընձեռում հարցերը տարաբնույթ ամբողջության մեջ դիտել։ Սակայն հոդվածը հրապարակախոսական լինելով՝ միաժամանակ ընդգրկում է գրականագիտական խնդիրներ, որը խիստ կարևոր է Գալշոյանի ստեղծագործության էությունը հասկանալու համար։ Հարցադրումը՝ «կարո՞ղ ենք նոր սերնդին վերադարձնել պապերի ոգին» [8], առաջին հերթին ուղղված է խոսքի վարպետներին։ Իսկ ոգին փոխանցել «թեթև ու բութ գրչով» հնարավոր չէ, ոգին անհրաժեշտ է զգալ, որն ամեն մեկին չի տրված։ Պարզ է , որ ավանդների խնդիրը գրողի համար բավականին լայն ըմբռնում է և չի սահմանափակվում որևէ գրողի կամ գրողների համար հոգեորդի լինելով, նրանց ճանապարհով գնալու հանգամանքով։ Ճշմարիտ գրողը, ծննդյան օրից, արյան հետ ժառանգում է ինչպես ազգային մշակույթը, այնպես էլ անցյալի զգացողությունը, որ ենթադրում է իրեն՝ գրող-քաղաքացուն պատմության անմիջական ժառանգորդն զգալու հանգամանքը։ Այս օրգանական միասնությունն իր մեջ ներառում է համոզմունքը, թե պատմությունը երբեք չի ընդհատվում, այլ շարունակվում է այսօրվա մեջ, իսկ անցյալը լավ լինի, թե վատ՝ պարզապես անհնար է անտեսել։ Եվ որքան էլ վերակրկնենք Հերակլիտոսի խոսքերը, թե հնարավոր չէ միևնույն գետը երկրորդ անգամ մտնել, միևնույն է՝ ճակատագրի և ժողովրդի կանչով ճանապարհ ելած գրողի համար պարզ է, որ պատմությունը նաև ինքն իրեն կրկնելու բնույթ ունի, թող որ ձևով, դրսևորման կերպով տարբեր, ներքուստ, էությամբ նույնը կամ գրեթե նույնը։ Եթե կա տարբեր ժամանակներն ի մի բերելու, համզգալու մեծն կարողությունը, ուրեմն, կա անցյալի, հետևաբար և՝ ներկայի ու ապագայի կորուստների զգացողությունը։ Այս դեպքում «քիչը շատ» ընդունելու փիլիսոփայությունը հակասության մեջ է մտնում ժողովրդի պատմական բախտի, նրա ճակատագրի հետ։ «Կյանքը գտածուրիկ է» [9], -ասում է հերոսներից մեկը, մի բան, որ չի արտահայտում ժողովրդի շահերը և կարող է կործանարար լինել ապագայի համար։ Սա գրողի դրամայի անկյունաքարն է, որը երբեք չի վերածվում հոռետեսության։ Ավելին՝ հերոսական ոգին փոխանցելու նպատակը մեկն է՝ մի կողմ նետել պատմության քառուղիներում ժողովրդին պարտադրված նահատակի կեցվածքը և ապրելու համար չմուրալ, այլ խոսել հավասարի իրավունքով և ամեն պահի պատրաստ լինել անակնկալ հարվածին դիմակայելու։ Գալշոյանը դառնում է ժողովրդի հոգևոր վերածնության գաղափարախոս- նահատակը, որ գրողական բնազդով զգում է ոչ միայն անցյալի ու ներկայի կապը, այլև դրանց միակերպությունն ու համընդհանրությունը։ Այս օրգանական միասնության մեջ է բացահայտվում Գալշոյան-արվեստագետի դրաման, որովհետև չկա անցյալի պարտություն․ կորուստները շարունակվում են այսօրվա, ճյուղավորվում սերունդների էության մեջ, դառնում բնավորություն, պայմանավորում աշխարհին ու մարդկանց դիտելու նրանց կերպն ու կենսափիլիսոփայությունը։ Հայ ժողովրդի ճակատագիրը, նրա պատմությունը բնույթով կանխորոշել է հարցերի այն շրջանակը, որոնք միտված են ներքին թեմային, և որն ամբողջանում է գրողի վիպակների, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների մեջ։ Իրենց ամենատարբեր դրսևորումների մեջ Գալշոյանի երկերն արտացոլում են էրգրի ու էրգրացու ճակատագիրը, ծանր, անխուսափելի կորուստներով լի դրաման։ Նրանց յուրաքանչյուրի կյանքն անվերջ ու անդադար [9] մաքառում է սեփական ճակատագրի դեմ՝ լինելության համար։ Այդ պայքարն ավարտվում է պարտությամբ, և կամ այն առավել իրական ու շոշափելի է դառնում հետագայում՝ կյանքի մայրամուտին, երբ լքում են երիտասարդական ավյունն ու ուժը, իր երկրում տունը պահելու հույսին փոխարինում է կործանված երկրի ոգին պահելու զգացումը։ Մի ժամանակ այդ մարդիկ զինվորներ էին գործով՝ իրականում, այժմ նրանք զինվորներ են հույսերի ու ձգտումների ոլորտում։ Ճակատագիրը մի կողմ շպրտեց մարդկանց այն երկրից, որ իրենց էր պատկանում, աշխարհն ասես դադարեց նրանց համար տուն լինելուց։ Ժողովուրդը մնաց իր ցավի ու ոգորումների հետ մենակ, պատմության համընդհանուր հոգսի մեջ՝ անփոփոխ ճակատագրով։ Գալշոյանը կարևորում է և ժամանակի խնդիրը։ Գրականությունը նրբորեն ու խորությամբ պետք է բացահայտի մտքի և զգացմունքների միջև եղած ուռճացող բևեռացումը։ Ժամանակի անխուսափելի ընթացքը տանում է հինը, և հաճախ պարտադրում է նորը։ Այն ավելի ու ավելի է հեռացնում մարդուն իր ինքնությունից, սեփական արմատներից, ազգային ավանդներից։ Մարդկայնությունը չկորցնելու, գոյատևելու համար պարտադիր է հետ նայելը։ «Սա հետ նայել չէ», «Հիմա վայրկյանը օր է կտրում, օրը՝ տարի»։ [10] Երեխաների մանկությունը կիսատ է մնում, անժամանակ վրա հասած պատանեկությունն է կիսատ մնում ու թվում է՝ երիտասարդները չպետք է ծերանան։ Աշխարհը համընդհանուր թափից մղվում է առաջ՝ ամեն ինչ դուրս է եկել հունից, ամեն օր ավելի ու ավելի զգալի է դառնում օտարացումը, ծնվում է հակասություն՝ մարմնի ու հոգու, ուղեղի և զգացմունքների։ Սակայն ժամանակի՝ գրողին հատուկ ընկալումը կա դեռևս 1967 թվականին գրած «Ու՞ր ծերուկ․․․» էսսեում։[11] Ընդամենը ամիսներ առաջ տեղի ունեցածը ընկալվում է որպես վաղուց կատարված, անցած մի բան, որ ուզես թե չուզես, մի նոր ձևով է վերհիշվում, և դրանով ավելի է շեշտվում ժամանակի անշրջելի բնույթը։ Անցյալում սկիզբ չունեցող, երաժշտության պես անմարմին ու ամեն պահի իր գոյությունը հիշեցնող մի երևույթ կա գրողի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։ Այն, իբրև կարևորագույն գործոն, շատ բանով է նպաստում առաջադրված պրոբլեմների կշռույթին ու խորքին։ Գրողին ժամանակ հասկացությունը չի հետաքրքրում իբրև փիլիսոփայական կատեգորիա։ Վերջինս բովանդակություն ու ձև է ստանում ազգային ճակատագրի, նրա լինելության կերպի բացահայտման ընթացքում։ Սկիզբն ու վերջը հատուկ կարգով է ընդգծում կյանքի անվերջանալիության ու ամեն պահի հոսքը։ Ժամանակի անցողիկության գաղափարը, որ բազմիցս արտահայտվում է մաեստրոյի բերանով («էս ժամանակն ամեն գիշեր) ատամ է թափում, նորը հանում»),[12] ներքուստ միահյուսվում է գրողի խոհերին։ Ենթատեքստում էսսեն ձեռք է բերում դրամատիկ բնույթ, ամեն օրն աննպատակ, անգիտակից ապրել՝ նշանակում է բաց թողնել կյանքը, չօգտագործել մարդուն ընձեռած միակ հնարավորությունը։ Գրողին անհանգստացնում են մարդկային հարաբերություններում տեղի ունեցող տեղաշարժերը, որոնք կատարվում են ո՛չ հօգուտ մարդու, առավել ևս ո՛չ հօգուտ ազգի գոյության։ Խստորեն փոխվել է ուժերի հարաբերակցությունը, անկայուն ու հանկարծահաս է դարձել կործանող ուժը։ Պռոշ իշխանը մի ժամանակ համառել ու մնացել է երկրի տերը, հիմա առանց Վայոց ձոր հասնելու՝ «մի հազար, հինգ հազար կիլոմետր հեռու տեղ նվազ մի մատ կմոտենար մի կոճակի ու․․․ Առ քեզ, իշխան իշխանի մեկը․․․»։[13] Մի ոտքի չափ տարածքի վրա իշխանություն ունենալու անդիմադրելի ու անպարագիծ փափագը ոչինչ է անկամ ու աննպատակ մի շարժումի դեմ։ Ընդհանուր առմամբ սույնը քաղաքակրթության զարգացման միտում է։ Ազգի ճակատագիրը, նրա պատմական բախտն առանձին դեպքերում չունի անշրջելի ընթացք, այստեղ է, որ ժամանակը «դեմ» է ընկնում, մի նոր կերպ «կրկնում է իրեն»։ 1279 թվականին Ներսես Մշեցին Առաքելոց վանքից հասել է Վայոց ձոր ու գլխավորել կրթության գործը, 700 տարի հետո նույն անվանակիրը նոր-նոր սովորում է, որ «սարին սար են ասում»։ Անցյալի ու ներկայի միջև զուգահեռը, Ներսես Մշեցու սկզբի ու վերջի համադրումն ընթերցողին հարկադրում է նայել իր անցած ճանապարհին և փորձել ապրել այլ կերպ, քան ապրել է մինչև այժմ։ Ժամանակի մեջ ունեցած կորուստն անդառնալի է, այն պիտի կարողանա լրացնել նոր սերունդը։ Ժողովրդի տարիքը չի որոշվում զուտ թվերի թվաբանական գումարով։ Էսսեն կառուցվածքային առումով ևս հատկանշական է․ հետագայում գրողը ապավինեց իր նախընտրած ձևին․ ներկայի և անցյալի համադրումները ժամանակային տարբեր շերտերով դարձան Գալշոյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներից։ Էսսեի «ժամանակային դաշտը» կազմված է առանձին հատվածներից, որոնք հարաբերականորեն անկախ են։ Բացի այդ՝ գրողը նախընտրում է դեպքերի ոչ հաջորդական ընթացքը, այս պարագայում հարցադրումները ձեռք են բերում ավելի լայն իմաստ՝ միաժամանակ ոչ մի պահի չի թուլանում գրողի ներկայության պատրանքը։ Շարադրման նման սկզբունքն ունի մեկ այլ առավելություն․ գրողն ազատ է փաստերի մեկնաբանման մեջ․ ծավալվելու հնարավորություն է ստեղծվում։ Ի հայտ է գալիս ոչ ժամանակային, այլ աշխարհայացքային շերտ, որը թեթև կասեցնում է գեղարվեստական ժամանակի ընթացքը, բայց ամբողջական է դարձնում ասելիքը։
Գալշոյանի մշակած նյութն ինքնին դրամատիկ բնույթ ունի, սակայն նրա երկերում ամբարվեց դրամայի այն բաժինը, որը երբեք չհասավ հոռետեսության։ Դրաման խորացրեց նրա հերոսների մարդկային նկարագիրն ու համոզմունքները, նպատակին հասնելու ձգտումը։ Ավելին՝ Գալշոյանի ստեղծած «էրգիրը» դարձավ մեր ոգեղեն գոյության, մեր հարատևման խորհրդանիշը։ Երբ 1980 թվականի հոկտեմբերի 15-ին ողբերգականորեն ընդհատվեց Մուշեղ Գալշոյանի կյանքը, նրա հետմահու գրական փառքին ոչ ոք չկասկածեց։ Նա ստեղծել էր ծավալով փոքր, սակայն գեղարվեստական կշռույթով մեծ գրականություն։ Արվեստագետ քաղաքացու իր կեցվածքով Գալշոյանը որոշակի հեղինակություն էր, որն ավելի էր ամրապնդվելու հետագա տարիներին։ Քննադատներն ու գրողներն անդրադարձան իրենց գործընկերոջ ստեղծագործությանը ներքին անհրաժեշտությունից մղված։ Հրապարակումներն ու հոդվածները, հարցազրույցներն ու առանձին դիտարկումները հետզհետե ամբողջացրին արձակագրի դիմանկարը։ Եվ գրեթե ամեն անգամ խոսք ասվեց լավի իմաստով. Գալշոյանի զտարյուն գրականությունն այլ բան չէր ենթադրում։ Սակայն ո՞րն էր համակրանքի (և է) պատճառը, հիմքը։ Եվ ինչու՞ է այդ գրականությունն այսօր ապրում, նաև նախանշում որոշակի ուղիներ ինքնության բացահայտման ճանապարհին։ Երբ գրականությունն օտարվում, անջատվում է հեղինակից, ապա որոշակի ֆունկցիա կատարում է միայն այն դեպքում, երբ ընթերցվում է՝ դրանով իսկ ձևավորելով որոշակի մտայնություն, կարծիք։ Գալշոյանի գրական լիարյուն կյանքի, նաև երկարակեցության եթե ոչ միակ, ապա գլխավոր պատճառն այն է, որ նա մնացածներից ավելի շուտ, ինքնատիպ միջոցներով առաջադրեց այնպիսի հարցեր ու դրանց լուծման ճանապարհներ, որոնք այսօր հուզում են մեզ։ Ազգային ինքնագիտակցության այն կերպը, որ բերում է գրողը, չի դառնում կեցվածք ու ստեղծված կացությունից դուրս պրծնելու միջոց։ Իր անցյալն ու իրեն ճանաչելը առավելություններով ու թերություններով, ժողովրդի համար դառնում է նորօրյա գոյության հիմք։ Ասելիքն այնքան համահունչ էր ու հրատապ, որ երկերն իրենց բարձր գեղարվեստականության մեջ նման էին մարտի դաշտ ուղղված հրամանների՝ անկեղծ ու երբեք չթուլացող կիրք, անկեղծ ու խենթացնող խոյանք, որ փլել է մարդկային գոյությունն ու ինքնագիտակցությունը կաշկանդող ամբարտակները և ի վերջո գտել բնականոն ու ճշմարիտ ճանապարհը։ Գալշոյանը հենց սկզբից ըմբռնեց, որ երբեք գրականության մեջ չպետք է նրա բովանդակությունն ընդունել որպես գաղափարական, իսկ արտահայտման ձևը գեղագիտական ուղղվածություն։ Գրականությունը ծնվում է ցավից և ասվում է կոնկրետ ու հստակ նպատակադրում ունենալով։ Խոսքն ասվում է այն պահին, երբ դրա անհրաժեշտությունը կա։
Պատասխանատվության զգացումը ժամանակակիցների, սերունդների, նաև անցյալի նահատակների առջև, կարճ՝ պատմության համազգացությունն առավել զգայուն են դարձնում գրողին։ Եվ այս ճանապարհին, որ նվաճվում է հաստատուն քայլերով, Գալշոյանը հավատացած է, որ ամեն պատմվածքի, ակնարկի ու տողի մեջ ժողովրդի գոյության կռվանները, նրա դիմագիծն ու հոգեբանությունը բացահայտելու ուղին անցնում է բացառապես արվեստագետի հոգու միջով։ Եվ որ իրականն ու ճշմարիտը երևույթները մեկնելու այն տրամաբանությունն է ու արտահայտման կերպը, որի մեջ ինքն առավել քան համոզված է։ Սա էական յուրահատկություն է՝ խիստ բնորոշ Գալշոյանի ստեղծագործությանը։ Քիչ են այն արվեստագետները, որոնք պահպանելով վերին աստիճանի օբյեկտիվություն ասելիքը կենդանի բնավորությունների մեջ մարմնավորելու իմաստով, նույնպիսի հմտությամբ լինեն սուբյեկտիվ՝ երևույթների մեկնաբանման ոգու, սեփական հոգու կրակը պատմության բոցին միախառնելու առումով։ Գալշոյանը մեկն էր մեր գրականության այն բացառիկ անհատներից, որոնք կարող էին ասել, թե այն ինչ կատարվեց ինձ, նաև ձեզ հետ, ես դա գիտեի նախապես։ Նրա զտարյուն գրականությունը զուլալ էության մեջ հզոր էներգիայի կուտակումով որոշակիորեն «նախապատրաստում» էր այն վերափոխումները, որ կատարվեցին 80– ականների երկրորդ կեսից սկսած։ Ազգային հոգեբանության մեջ տեղի ունեցած տեղաշարժերը հայելային շրջադարձի ձևով ամրագրված են գալշոյանական պատմվածքներում ու ակնարկներում, դրանք ապագա մաքառումների արահետներ են հիշեցնում։ Ստացվում է, որ գրողը չէր փնտրում, նա չէր փնտրում հերոսներին, չէր փնտրում թեման, չէր փնտրում ժամանակը, չէր փնտրում ցավը։ Նա գտնում էր։ Գրողն ընտրեց վտարանդու կեցության ձևը։ Գալշոյանն ամեն պահի իր հերոսների հետ էր ու երբ բարձրաձայնում էր, խոսքը հնչում էր որպես մենախոսություն, որն ավելի ինքնաճանաչման բնույթ ուներ։ Նա երևույթները բացարձակի կարևոր ու անտրոհելի մասն էր դիտում և ինչպես ամեն մի մեծ արվեստագետ մենակ էր։ Նպատակն ինքնաճանաչման հետ նաև հիշողության բեռն առավել իրական ու որոշակի դարձնելն էր։ «Գալշոյանը ժառանգական իրավունքով ձեռք մեկնեց մեր հիշողության բոցավառվող ջահին և ավելացրեց նրա կրակը»։ [14] Եղեռնի թեման սկսվում է արհավիրքի հետ։ Այն շարունակվելու է հետագայում և յուրօրինակ փորձաքար է հայ գրականության համար։ Աղետից հետո ցեղասպանությունը ներկայացնող գրականությունը գերազանցապես պատմողական էր՝ զգացմունքային ծանրա- բեռնվածությամբ, տառապանքն աշխարհին ի լուր հայտնելու ներքին մղումով։ Ի հայտ եկան և այնպիսի երկեր, որոնցում զինված պայքարի կոչ էր արվում (Ս. Պարթևյան՝ «Անմահ բոց», «Զանգը հնչեց»,  Ալեքսանդրիա, 1917թ.)։ Թերևս առավել համարձակ էին նրանք, ովքեր փորձեցին արհավիրքի մեջ սեփական մեղքը որոնել։ Օշականը թուրքի բնազդային մղումները բացահայտելիս տեսնում էր և «հայի բերած չարիքը հային» («Ծակ պտուկը», «Հաճի Ապտուլլահ», «Մնացորդաց»)։ Շահնուրը ևս ինքնաքննադատական հակումների մեջ խիստ էր. «Հայը ամուլ է, անծին, անպտուղ» («Նահանջը առանց երգի»)։ Խորհրդային երկրում՝ Մահարու, Բակունցի, Չարենցի երկերում,եղեռնի արձագանքները խուլ ճիչի էին նման։ Մահարին աքսորվեց, մնացածները զոհվեցին։ 50-ականների երկրորդ կեսից սկսած թեման իր ամենատարբեր արտահայտությունը գտավ Ն. Զարյանի («Երկրորդ կյանք» 1960-ականներ), մասնավորապես Պ. Սևակի («Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ»), Շիրազի («Հայոց դանթեականը»), Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Գևորգ էմինի, Մարո Մարգարյանի, Հրաչյա Հովհաննիսյանի ստեղծագործություններում։ Մասնավորապես, Սևակի պոեմներում առաջադիր սկզբունք էր հայոց եղեռնի բարոյական իմաստավորման խնդիրը։ Հետագայում այս ուղիով է զարգանում ցեղասպանության թեման Ստեփան Ալաջաջյանի, Սերո Խանզադյանի, Պերճ Զեյթունցյանի երկերում։ [15] Այս շարքում տարբերվում են Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունները («Խոդեդան», «Ռանչպարների կանչը»), դրանք առավել կամ պակաս խորությամբ բացահայտում են դարասկզբի շարժման հերոսական բնույթը։ Իրականի և առասպելականի միահյուսումը «Ռանչպարների կանչում» շարադրման հիմնական որակն է, մթնոլորտը ձևավորող ամենահզոր կռվանը։ Պատումի արտաքին գծերի խտացմամբ է գրողն հասնում ստորջրյա հոսանքի տպավորության ստեղծմանը։ Էականը ընդհանուրն է։ Կերպարը, որպես անհատ, ասես տարրալուծվում է մշուշի մեջ, պատմությունը՝ «հեքիաթայինի», և ընթերցողն էլ առասպելականի մեջ դժվարանում է պատումը որպես պատմություն ընկալել։ Դաշտենցն օգտագործելով պատմական, աշխարհագրական աշխատություններ, ականատեսների վկայություններ և հուշագրություններ՝ ընտրել է այն դրվագները, որոնք նախընտրելի են և բացահայտում են դիմադրության մասնակիցների առասպելական ոգին։ Գալշոյանն առասպելականի և բանահյուսության փոխարեն ընտրում է առավել իրական գույներ։ Այդ պատճառով էլ, թեև ակնհայտ երևակայական թռիչքներին, ընթերցողն զգում է դեպքերի իրական բնույթը, որ ժամանակի առումով համեմատաբար մոտ է, կենդանի և դրանով իսկ ներգործուն։ Դաշտենցի համար կարևորը պատմության անձավներում ծրարված փաստն է։ Պատահական չէ, որ կարելի է ցույց տալ հուշագիրների և «Ռանչպարների...» ընդհանուր եզրագծերը, պատկերների նույնությունը։ 
Գալշոյանը փաստն իմաստավորում է ներքնապես, դեպքը լուսավորվում, պարզվում է արվեստագետի մտքի, գրողական ճշմարիտ բնազդի շնորհիվ։ Կարևորը փաստի ներմուծումը չէ, այլ լինելության փիլիսոփայությունը, դեպքերի պատճառահետևանքային կապերի բացահայտումը, որ ի վերջո նրա հերոսներին հանգեցնում է մի նոր եզրահանգման, այն յուրօրինակ հասունության ընթացք է, որ վերընթաց բնույթ ունի։
Գալշոյանը պատմությունը վերակենդանացնող չէր, նա վերաիմաստավորված պատմությունը միջոց էր դարձնում ապագայի համար և ուժերի գերագույն լարումով փորձում էր ձևավորել նոր հոգեբանություն ու աշխարհայացք։ Պատմության ցավը չտեսած, բայց պատմության վառած արյունն իր երակներում ժառանգած գրողն արարեց արևոտ և անկրկնելի մի աշխարհ, որտեղ մարդիկ ներս են մտնում վախվորած քայլերով, բայց դուրս են գալիս ոգեպնդված կամքով։ Գալշոյանը մեր նվիրական ապրումների ու խոհերի կավե խրճիթը մտավ և այն թողեց իբրև մարմարե շինություն, ժամանակն առավել խորհրդավոր ու անկրկնելի է դարձնելու այդ տաճարը։
 
Գրականություն
1. Նալբանդյան Մ․, Երկեր, Ե․, Սովետական գրող, 1985, էջ 485։
2. Միհրանյան Ա․, Հայկական հարցը և արդի քաղաքագիտությունը,«Վերածնված Հայաստան», Ե․, 1990, հ․ 5, էջ 7։
3. Գալշոյան Մ․, Սկզբունք և ելակետ, Ագռավաքար, Ե․, «Հայաստան»,1990, էջ 317։
4. Գալշոյան Մ․, Բովտուն, Ե․, 1981, «Հայաստան» հրատ․, էջ 513
5. Գալշոյան Մ․, Ի տեղ բաց նամակի, Ագռավաքար, Ե․, 1990,«Հայաստան», էջ 336։
6. Նույն տեղում։
7. Նույն տեղում, էջ 334։
8. Նույն տեղում, էջ 337։
9. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 71։
10. Գալշոյան Մ․, Բովտուն, Ե․, 1982, «Հայաստան» հրատ․, էջ 513։
11. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 115-122։
12. Գալշոյան Մ․, Ագռավաքար, Ե․, 1990, «Հայաստան», էջ 117։
13. Նույն տեղում, էջ 122։
14. Գասպարյան Դ․, Հելիկոնի աստղը, Ե․, 1988, Սովետական գրող, էջ 329։
15.Энциклопедия, Армянскии вопрос, Е., 1991, Главная редакция армянской энциклопедии, с. 131-135.
 

ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈՒՍԱԲ.ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՎԻՊԱՍԱՆՈՒՀԻՆ

22.06.2022 14:34

 «Նիդերլանդական օրագիրը», «Օրեր» Եվրոպական ամսագրի աջակցությամբ, սկսում է նոր գրական նախագիծ՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք:

Նախագծի խորագիրն է՝ «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»: 

Սույն նախագծի նպատակը 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած հայ մտավորական կանանց՝ գրող-հրապարակախոսներին, խմբագիր-հրատարակիչներին, բանաստեղծուհիներին, արձակագիրներին, նրանց ամփոփ կենսագրություններն ու գործունեությունները, ընթերցողին հասանելի դարձնելն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացականության և զարգացման տեսանկյուններից: Այն կարևոր է նաև համացանցի, սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով տարբեր տարիքի ընթերցողներին գիտելիքների և արժեքավոր նյութերի փոխանցման տեսանկյունից:

Նախագծի խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա արևմտահայ կին հեղինակների բարեգործական, հովանավորչական, կրթական և գրական-մշակութային գործունեության վրա լույս սփռելն է:

Նախագծի շրջանակներում կընդգրկվեն նաև հետաքրքիր դեպքեր կանանց կյանքից: Պատմության համատեքստը նկատի առնելով՝ կտրվեն նաև նրանց գործունեությանը բնորոշ ուշագրավ առանձնահատկություններ, մամուլում դեռևս չտպագրված այլ արժեքավոր տեղեկություններ:

Նախագիծը վարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ  Նաիրա Համբարձումյանը: Առաջին հոդվածը նվիրված է Սրբուհի Տյուսաբին:

----------------------------------------

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրակ. ինստ. ավագ գիտաշխատող, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
 
 ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
 ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրակ. ինստ. ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող
 

Ո՞վ է Սրբուհի Տյուսաբը

Սրբուհի Տյուսաբը (Վահանյան) ծնվել է Կ. Պոլում 1841 թվականին: Նախնական կրթությունը ստացել Միջագյուղի ֆրանսիական դպրnցում: Բնական գիտություններ և պատմություն է ուսանել եղբոր՝ Հովհաննես Վահանի մոտ, nվ պետական բարձրաստիճան պաշտոնյա էր: 

Սրբուհի Տյուսաբ մտավորականի, գրողի և կնոջ կայացման մեջ էական դեր է խաղացել նրա մայրը` տիկին Նազլը Վահանը, ով Կ. Պոլսի ամենահամակրելի հայուհիներից մեկն էր և իր համեստ օգտակարությունն է ունեցել ազգային առաջադիմության գործում: Տիկին Նազլը Վահանյանը նվիրվել է օրիորդաց կրթության գաղափարին՝ 1859 թվականին դառնալով Օրթագյուղի Հռիփսիմյան վարժարանի հիմնադիրը։ 

Սրբուհի Վահանյանը հայերեն է ուսանել հայոց ազգային զարթոնքի ներկայացուցիչ, գրող և մտավորական Մկրտիչ Պեշիկթաշյանի մոտ: Հայ առաջին վիպասանուհին «շատ խնամուած կրթութիւն մը ստացած է աշակերտելով Մկրտիչ Պէշիկթաշլեանի» և որը «դարձավ մէր մեջ առաջին կին գրողը, որը պայքարած է ի նպաստ կանանց ազատագրութեան» [1]: Գրական գործունեության վաղ շրջանում ակնհայտ էր Մկրտիչ Պեշիկթաշլյանի ազդեցությունը, ում գաղափարները, Սրբուհուն մղում էին չափածո ստեղծագործելու: 

Սրբուհին ուներ նաև երաժշտական փայլուն ձիրք, հիանալի դաշնամուր էր զարնում և տիրապետում էր մի քանի օտար լեզուների` ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, անգլերեն [5]: Սակայն հայերեն, և հատկապես գրաբար, նա ուսանել է Մկրտիչ Պեշիկթաշլյանի մոտ, և օտարասեր, բարձր հասարակական խավի կարծրատիպերը տեղի են տվել նոր, ազգային գաղափարների: Այսպիսով, աշակերտուհին և ուսուցիչը ընդհանուր արժեքներ և գաղափարներ են փոխանցել հանրությանը՝ իրենց ստեղծագործություններով: Նրանց երկերում հարազատ և ընդհանուր շատ գծեր կան. լեզուն, գաղափարները, տրամադրությունները: Սրբուհին իր ուսուցչի նման բանաստեղծում էր: Մկրտիչ Պեշիկթաշլյանը օրիորդ Սրբուհու նման աշակերտուհիներ ուներ, սակայն նրանցից ամեն մեկը Սրբուհի չէր:

Պեշիկթաշլյանը մահացավ քառասուն տարեկանում, թոքախտից: Սրբուհին ծանր տարավ ուսուցչի մահը՝ մնալով նրա երախտագետ երկրպագուն: «Այնպիսի հոգիներ կան, որոնք ծնած են սրտին լեզուն խոսելու համար. նոցա բառերն անմահ են, որովհետև uրտերուն մեջ քանդակյալ են, և Պեշիկթաշլյանը ի նոցանե էր, յուր երգը ամեն մարդ երգեց, և յուր լեզուն ամեն մարդ սիրեց»,- գրում է Սրբուհի Տյուսաբը 1880 թվականին տպագրված «Աշխարհաբար հայ լեզուն» գրքույկում [8], որի վաճառքից ստացված ողջ հասույթը, բարեգործական նպատակներով, տրամադրել է «Աղքատախնամ կանանց միությանը»: 

1871 թվականին Սրբուհի Տյուսաբը ամուսնացել է ֆրանսիացի երաժշտագետ Պոլ Տյուսաբի հետ, ով նրա երաժշտության ուսուցիչն էր և կայսերական նվագախմբի ղեկավարը: Այցելելով Փարիզ, վիպասանուհին մտերմական կապեր է հաստատել ֆրանսիացի մի շարք մտավորականների հետ, մասնավորապես հայտնի խմբագիր Ժյուլետա Ադանի և երաժշտահան Շառլ Գունոյի հետ, ովքեր փայլուն ապագա էին գուշակել նրա աղջկա՝ Դորիի առիթով [5]:

 

Մուտքը գրական-հասարակական կյանք

1880-1882 թվականներին Սրբուհի Տյուսաբը գրել և ընթերցողին է ներկայացրել իր հրապարակախոսական հոդվածները, որոնք ամփոփում էին հասարակական հնչեղությամբ կարևոր հարցեր, բարձրաձայնում էին կանանց հիմնախնդիրները՝ «Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը», «Հայ ընկերութինք» և այլն: Այդ հոդվածները Տյուսաբը տպագրել է Կ. Պոլսի և Զմյուռնիայի մամուլում: 

1880 թվականին Սրբուհի Տյուսաբը նոր գրական լեզվի պաշտպանությանն է ուղղել իր «Աշխարհաբար հայ լեզուն» գրքույկը: Այս հրապարակումներում Սրբուհի Տյուսաբը բողոքում է կնոջ անազատ վիճակի դեմ՝ պահանջելով հիմնականում կրթության և աշխատանքի իրավունք: Հետագայում, այդ գաղափարները ելակետ դարձան արդեն նրա վեպերի համար։

Կ. Պոլսում Տյուսաբը ներգրավվել է հայ հասարակական, մշակութային կյանքի մեջ՝ իր գիտելիքներն ու փորձը օգտագործելով երիտասարդ կանանց և աղջիկների դաստիարակության գործին: Նա ծաղրել է Ֆրանսիական հեղափոխության հռչակած ազատության և հավասարության սկզբունքները, որոնք վիպասանուհու խոսքերով «պարզապես ահագին բառեր են» [5]:

Սրբուհի Տյուսաբը աչքի էր ընկնում իր հասարակական ակտիվ գուծունեությամբ` լավատեղյակ լինելով ընկերային կյանքին: Եվ այս համատեքստում ուշագրավ են նրա բարեգործական, կրթական և մշակութային գործունեությունը և որպես կին գործիչ՝ հասարակության մեջ կատարած սոցիալ-հասարակական դերը:

 

 

Տյուսաբը և իր վեպերը

1883-1887 թվականներին Սրբուհի Տյուսաբը ընթերցողներին ներկայացրեց երեք վեպեր. «Մայտա» (1883), «Սիրանոյշ» (1884) և «Արաքսիա կամ վաrժուհին» (1887), որոնք մտավորականների կողմից արժանացել են տարբեր գնահատականների: Տյուսաբը բացառիկ էր իր ժամանակի մեջ՝ անհատականությամբ, վեպերի նորարար թեմատիկայով և հասարակական գործունեությամբ: 

Տյուսաբի ժամանակակիցը՝ գրող, հրապարակախոս և խմբագիր Արփիար Արփիարյանը, 1903 թվականին «Բազմավէպ»-ում տպագրված «Գրական դեմքեր» հոդվածում գրում է, թե Սրբուհի Տյուսաբը հայտնի է հանրային աշխատանքներով և հրատարակություններով, իսկ նրա վեպերը «ամենքն ալ ազնվազգի զգացումներէ ներշնչուած են, բայց ամենքն ալ կարդացողին հոգին բերանը կը բերէն, այնքան ձանձրացուցիչ են, քարոզ վեպեր» [2]: Գրող Արփիարյանը Տյուսաբին համարում է եվրոպականացյալ հայուհի, ով որոնողական հարցեր է բարձրացնում՝ ու՞ր է հայ կինը, ի՞նչ է իր դատը [2]: 

Իր վեպերում Տյուսաբը սկզբունքորեն մերժել է բռնի ամուսնությունը՝ էական տեղ հատկացնելով կնոջ ինքնիրացմանն ու աշխատանքին: Այս առիթով, Տյուսաբի գործունեությանը անդրադարձել են Ռ. Պերպերյանն ու Ե. Տեմիրճիպաշյանը՝ ամբողջացնելով ժամանակի մտավորականների կարծիքները (Գրիգոր Զոհրապ, Մատթեոս Մամուրյան, Արփիար Արփիարյան, ևք):

Պատկերը ամբողջացնելու համար հիշատակենք նաև Կ. Պոլսում տպագրված գրական-գիտական, հասարակական-քաղաքական տարեգիրքը, որում խոսվում է Տյուսաբի գործունեության շուրջ: Հատկապես շեշտվում է նրա գործունեության հասարակական-մանկավարժական շերտը։ Այսպես. «Տիկին Տիւսաբ մեծ ջանք տարած է նաև աղջկանց կրթութեան, անդամակցելով կրթական ընկերակցութեանց» և դատելով վեպերի մասին` շարունակում, որ դրանք «միշտ յիշատակելի պիտի մնան իբր այդ (կանանց) դատին նուիրուած պերճախօս ջատագովականներ» [1]:

Ռ. Պերպեյանը, նկատի ունենալով Տյուսաբի «Մայտա» վեպը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել գրական լայն շրջաննեում, ի տարբերություն մերժողաբար տրամադրված քննադատների, պաշտպանել է վեպի հիմնական գաղափարը: Կ. Պոլսի «Հայրենիք» թերթում «Ուսյալ կինը» խորագրով հոդվածաշարով Պերպերյանը իր մտահոգությունն է արտահայsել կնոջ տգիտության առիթով: Պերպերյանը բարիք է համարել կնոջ կրթությունը, որի անհրաժեշտությունը կար հատկապես ընտանիքում՝ որպես մոր և երեխաների դաստիարակչուհու [4]: 

Հայ իմաստասեր, գեղագետ, գրող-հրապարակախոս և քննադատ Եղիա Տեմիրճիպաշյանը, լինելով Տյուսաբի սերնդակիցը, անձամբ է ճանաչել նրան: Կյանքի դժվարին մի ժամանակահատվածում, երբ Եղիան գտնվում էր հիվանդանոցում, նրան են այցելում երեք նշանավոր կանայք, որոնցից մեկը Սրբուհի Տյուսաբն էր: Այս այցելությունների մասին Տեմիրճիպաշյանը գրում է իր «Հիվանդ էի, եկիք, տեսիք զիս» գործում, որն ուղղված է իր սիրելի «սփոփածու հրեշտակին»` Էլեն Նիսընին: Այցելուներին Եղիան համարում է Գեղեցիկի և Բարու բարեկամուհիներ և ցավով գրում է Էլենին, թե՝ «հայ ազգին այդպիսի երեք անհատութիւններ իրարու ետեւէ սուղ ժամանակի մէջ կորսնցուցի, որոնք եղբայրակցուհիներս, որոնք բարեկամուհիներս էին» [7]:

Գեղեցկի և Բարու բարեկամուհի լինելուց բացի, Տեմիրճիպաշյանը Տյուսաբին համարում է հայ գրականության նահապետուհի, ավելացնելով, թե «առաջին հայ աղջիկը եղավ Սրբուհի Վահան, որ սկսավ գրիչ շարժել ու քնարերգել» [7]: Գնահատելով Սրբուհուն որպես մտավորական կնոջ, նա գտնում է, որ «հայ իգական սեռը ավելի հարուստ գլուխ մը չունի. գեղարվեստք, իմաստասիրութիւնն ու լեզուներն եղան իր ուսման ուսումնասիրութեան առարկա» [7]:

Տյուսաբի գրական գործունեության առիթով Տեմիրճիպաշյանը հիշատակում է նրա առաջին վեպը` «Մայտան», որը ըստ հեղինակի, «լափվեցավ իր բարձր գնույն հակառակ, իսկույն սպառեցավ, օրինակին ոսկի մը տվող կա այսօր, եթե գտնուի» [7]: Ինչ վերաբերվում է մյուս վեպերին, ապա հետաքրքրությունն այնքան շատ էր, որ Տեմիրճիպաշյանը վեպի առիթով գրել է առանձին գրախոսական: Իսկ վերջին՝ «Արաքսիա կամ վարժուհին» վեպը, ըստ քննադատի. գրված է՝ աններդաշնակ և անուղիղ լեզվով, «դժվար կարդացվող գործ է «Վարժուհին» [7]: 

Որքան էլ քննադատվել և մերժվել են Տյուսաբի վեպերը, ակնհայտ է, որ լուրջ հասարակական արձագանք են գտել: Ըստ Տեմիրճիպաշյանի, դրանք «հայ իգական սեռին վրա դարձուցին բովանդակ հայ ընկերութեան ուշադրութիւնն, ե՞րբ, ինչպե՞ս այդքան կրցած էր բարձրանալ հայ կինն» [7]: Ուրվագծելով Տյուսաբի դիմանկարը, նշենք, որ հայ հեղինակուհին մեծ ճանաչում է գտել հասարակության կողմից, որը նա ընդունում և հարաբերվում էր իր իմաստասիրական աշխարհայեցմամբ, և որը վերապրում էր իր կնոջական հոգով և կարողացել է զգալ, ընկալել կյանքի «սպառած էր գրէթե զգացումն, հուզումն» [7]:

Տեմիրճիպաշյանը զարմանում է, թե կինը, ով ունի ընտանեկան կյանք, գրում է վեպեր և տպագրվում է, ինչպե՞ս է ժամանակ գտնում նաև հասարակական գործունեության համար: Ուստի՝ հարցնում է՝ «Գրականութեանց ու Գեղարուեստից այդքան տէնդալիր հարումն ինչպես ժամանակ կթողուր, մարդ կզարմանա, ընդունելութիւն ընելո միշտ եւ միշտ հայ իգական սեռի կրթութիւնը նպատակ ունեցող բոլոր միութեանց ամենագործուն մասնակցութիւն ունենալու» [7]: 

Սակայն, Տյուսաբը, ինչպես գիտենք, հասցրել է ամեն ինչ:

Դեռևս շատ երիտասարդ, տասնութ տարեկանում, թոքախտից մահանում է Տյուսաբի միակ դուստրը, ում հեղինակը նվիրել էր իր՝ «Արաքսիա կամ վաrժուհին» սոցիալական վեպը, որի առաջաբանում գրում է՝ «Առ սիրեցյալդ իմ Տոռին. Դո՛ւստr իմ, քեզ կը նվիրեմ այս երրորդ և գուցե վերջին երկս: Տղա հասակեդ սկսե սիրել զաշխատություն` իբրև զԱրաքսիա. լուսավորե՛ միտքդ միշտ, կոխե՛ անեւկյուղ ընկերական նախապաշարման վրա, լե՛ր արդար սկզբանց պաշտպան, բարեկամ տկարին, թշնամի գոռոզին: Լե՛ր դու, քեզմով և սեռիդ արժանապատվութեամբը. բարոյապես գույն մ' ունեցիր, ու այդ գույնով ապրե՛ մինչ ցվերջ կենացդ: Հայնժամ պիտի գտնեմ ի քեզ փոխարինությունն այն անբավ մայրենի սիրույն զոր ձոնած եմ քեզ, զավակդ իմ սիրելի» [9]:

 

 

 

Իր մի ուղերձում Եղիա Տեմիրճիպաշյանը նույնպես ապրումակցում է և խորապես գիտակցում է Տյուսաբի մեծ կորուստը. «Այդ գերազգայց կինն,- գրում է նա,- իր ստվերն էր, այնուհետեւ Ոլիմպիական գլուխն որպես թէ մարմնին վրա չըլլար: Ոչ, բանի մը համար դեռ կմնար այն գլուխը, դեռ կմնային աչքերը. արտասուք թափելու համար» [9]: Տեմիճիպաշյանի ասելիքը կարծես ամբողջացնում է Սիպիլի հետևյալ մոտեցումը՝ «Իր մեջ մայրը կնոջմէն և գրագետէն ավելի զորավոր եղավ և ինք իր օրինակովը կուգա ապացուցանել, թե կինը մայր է ամեն բանե առաջ և ամեն բանե ավելի» [6]:

Ուսումնասիրելով Տյուսաբ-մտավորականի կյանքը, գրական և հասարակական գործունեությանը, ակներև է դառնում, թե նրա մտավոր կարողությունները սովորական չէին, և ոչ էլ կյանքը՝ առերևույթ վերապրված եղելություն: Տյուսաբը խորքային էր՝ «Գրիչը ճշմարտության գործիքն ըլլալու է. ինչ փույթ, եթե հալածվի և դատապարտվի» [9],- «Մայտա» վեպի առաջաբանում գրում է Տյուսաբ-գրողը և մտավորականը: Ուշագրավ է, որ հայ գրականության և մշակույթի պատմությունների մեջ Սրբուհի Տյուսաբը կարողացավ ներդաշնակել կնոջ բոլոր դերերը՝ ընտանիքի պահապանի, մտավորականի, գրողի, սոցիալ-հասարակական գործչի:

------------------------------
 Գրականություն 
1. Անտոնյան Ա. «Գանձարան. բարձրագույն դասընթաց», Կ. Պոլիս, 1920, էջ 232: 
2. Արփիարյան Ա., Երկեր, Ե., 1987, էջ 502: 
3. «Բազմավեպ», Վենետիկ, 1903, էջ 378-385: 
4. «Հայ մանկավարժները», 2 հտ-ով, 19-դ դար, գիրք երկորդ, Ե., 1957,էջ 239: 
5. Շարուրյան Ա., «Սրբուհի Տյուսաբ. Կյանքը և ստեղծագործությունը»,Ե., 1963, էջ 11: 
6.Սիպիլ, Երկեր, Ե., 1965, էջ 172: 
7 .Տեմիրճիպաշյան Եղիա, «Երկեր», Ե.,, 1986, էջ 345:
 8. Տյուսաբ Ս., «Աշխարհաբար հայ լեզուն», Կ, Պոլիս, 1880, էջ 10:
---------------------------------
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ 2IT-6B118 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
---------------------------------
© Արտատպության դեպքում, հղումը «Նիդերլանդական օրագիր» և «Օրեր»  կայքերին պարտադիր է:
 
Աշխարհաբառ հայ լեզուն
 Գրեց Սրբուհի Տիւսաբ
 Վաճառելի ի նպաստ դպրոցասէր հայուհեաց ընկերութեան
 Կ. Պօլիս 
Տպագրութիւն Յովսեփայ Գավաֆեան 
1880 
Ձօն առ օրիորդս Դպրոցասէր հայուհեաց ընկերութեան
-----------------------------

 Հա՛յ կուսանք, չքնաղ ծաղկունք Հայ գարնան, ձեզ կը նուիրեմ այս դուզնաքեայ զիմ էջերն: Առաքինի իբրեւ զկոյսն Հռիփսիմէ որուն հովանւոյն ներքեւ դաստիարակուեցաք, ձեր հաճոյքը, միտքն ու սիրտը նուիրեցիք Ազգին դստերց աղքատիկ, որոնք 'ի ձեզ գտան մայրեր գորովալից և անձնուէր դաստիարակներ, ինչպէս և դուք երբեմն գտաք մայր մը յայնմ՝ որ զձեզ սիրեց անհուն սիրով և բազում տարիներ իբրեւ վահան կանգնեցաւ ձեզ համար: Որչափ նորա սիրտը կը խայտայ արդ՝  երբ կը նկատէ թէ սերմունքն որ ցանեց ծլեցան, աճեցան գեղաբողբոջ և իւրեանց բոյրը կը տարածեն շուրջ զիւրեւ: Հա՛յ կուսանք, դուք յոյսն էք, դուք ապագան էք, ձե՜զ աշխատութիւնը, ձե՜զ պատիւը: 

Սրբուհի Տյուսաբ 

 Աշխարհաբառ հայ լեզուն

 Լեզուն թարգմանն է մտաց. նովաւ մեր պէտքերը կը յայտնենք, ուրիշներու հետ ի հաղորդակցութիւն կը մտնանք, նովաւ կը կատարուի մեր կարծեաց բացատրութիւնը. նովաւ զմարդիկ կը բորբոքեն կամ կը հանդարտեցնեն, մերթ որոտընդոստ պերճախօսութեամբ մղելով զանոնք դէպ ի հուրն և ի սուր, և մերթ մեղմ և սրտագրաւ խօսքերով մեղմացնելով նոցա կիրքերը որոնք կը շառաչեն իբրեւ բարձրադէզ կոհակներ, և իւրեանց թաւալմամբը կ’սպառնան խորտակել ընկերական կարգադրութիւնը: Լեզւով է վերջապէս որ արարածը կը հաղորդակցի իւր արարչին հետ, և նովաւ է որ կը գոյանան ընդ մէջ տկարութեան և զօրութեան այն սքանչելի յարաբերութիւնները որոնք զծանրաբեռնեալ հոգին կ'սփոփեն: Մէկ խօսքով լեզուն մարդկային պէտքերէն մէկն է, և որչափ միտքը մշակուի և զարգանայ՝ նոյնչափ ալ լեզուն կը կատարելագործուի: Նախնի ժամանակաց մէջ երբ մարդկութիւնը իւր որրանին մէջն էր, երբ ծանօթութիւնք, գաղափարք և պէտք անձուկ սահմանի մէջ կ'ամփոփուէին, մարդկային դատողութիւնը կ’ըմբռնէր միայն ինչ որ իւր տեսութիւնը կը գրաւէր. նորա պէտքերը կը գոյանային այն կոշտ և անհրաժեշտ առարկաներէն որոնք կենաց առաջին մատակարարութիւնները կը հայթայթեն, ուստի գործածած բառերն ալ իւր սահմանեալ ծանօթութեանց և պիտոյից կը համապատասխանէին: Ամենայն ժողովուրդ մանկութեան հասակէն կ'սկսի և աստիճանաբար իւր խանձարուրքէն մերկանալով յարբունս կը հասնի: Որչափ ժողովուրդ մը յառաջադիմէ նոյն համեմատութեամբ իւր մտաց մէջ նոր գաղափարներ, նոր լոյսեր կը ցոլանան որոնցմէ կը ծնանին նոր պէտքեր, նոր ալ բառեր կը գոյանան որով լեզուն կը ճոխանայ: Լեզուէ մը կրնայ դատուիլ մասամբ իւիք ժողովրդեան մը յառաջադիմութեան և կամ անկախութեան աստիճանը: Եթէ մեր հայկական լեզուին համառօտ տեսութիւնը ընելու ըլլանք կը տեսնենք թէ իւր կրած փոփոխութիւնները յինքն կը կրէ զոգին ժամանակին և այն ազգաց որոնք տիրեցին Հայաստանի մտաւորական և կամ սրոյ զօրութեամբ:

  Մեր նախնի մատենագրութիւնը կը բաղկանար աւանդական երգերէ զորոնք սերունդները իրարու հաղորդեցին իբրեւ նուիրական ժառանգութիւն: Յետոյ այն աղօտ լոյսն որ ծաւալեց գիտութիւնն դպրութեանց նսեմ աշխարհին մէջ՝ մթնցաւ թերութենէն հայկական տառից և անբաւականութենէն տառից ասորեստանցւոց զորոնք գործածեցին հայերը. մթընցաւ նաեւ պատերազմական արկածներէ և այն չարիքներէ որոնք անբաժանելի են ի նոցանէ:

Հինգերորդ դարուն մէջ հայկական տառերը հաստատուեցան և նոյն ժամանակը գնացին հայերը քաղել զուսումն ի Յունաստան որն որ իւր ոսկեդարովն կը պանծայր յայնժամ: Երբ վերադարձան նոքա ի Հայաստան՝ մեր դպրութիւնը պայծառացուցին յունական ընտիր ճաշակովն, և ոսկեդար մ' ալ յարդարեցին ի Հայ երկիր: Անդորրն ու խաղաղութիւնը որոնք անհրաժեշտ են մատենագրական զարգացման համար վրդովեալ ըլլալով յերկպառակութեանց և յարտաքին շփոթութեանց, մատենագրական ճաշակը օր աւուր ապականեցաւ: Արաբացի ազդեցութիւնն աղետալի եղաւ մանաւանդ մեր լեզուին. իմաստից չափազանցութիւնը և բառերուն շռայլ կրկնութիւնը աղարտեց լեզուին վսեմ պարզութիւնը հինգերորդ դարուն, վերջապէս միշտ օտար ազդեցութիւնք ներգործեցին հայերենին վրայ:

Հայ ազգը՝ երերածուփ ընդ մէջ այն փոթորկաց որոնք ժողովրդոց մօտակայ կորուստը կը գուժեն, դպրութեանց փարոսին օրհասական լուսովն իւր մահը լուսաւորեց: Կորսնցուց Հայաստան վերջապէս իւրանկախութիւնը, նորա բաժանումը կատարուեցաւ, և իւր զաւակներն գնացին ցիրուցան ի տար աշխարհ: Հայերը տարբեր երկիրներու մէջ ապրելով, տարբեր պետութեանց հպատակելով, տարբեր օրինաց հնազանդելով, տարբեր եղան և նոցա շահերը, լեզուն և բարքերը:

Իւրաքանչիւր բաժնուած մասն Հայոց՝ կրեց ազդեցութիւնը զինքն նուաճող զօրութեան: Բնական օրէնք է որ հզօրը իւր լուծին հետ միատեղ ընդունիլ տայ և իւր սովորութիւնները, բարքերն ու լեզուն: 

Երբ ժողովուրդ մը իւր ընկերական վիճակը կը կորսնցնէ, երբ իւր կենսական հիւթը ոչ եւս իւր ծոցէն կը քաղէ և կը հնազանդի այն օտար ազդեցութեանց որոնց ներքեւ կը գտնուի, իւր սեփական կերպարանքն ու ձիրքերը կը կորսնցնէ, և եթէ կրօնական պարիսպն անզգալի է կը միանայ շատ անգամ այն տիրապետող զօրութեան ուր իւր իսկութիւնը կը ջնջուի: Այսու եղանակաւ զանազան հին ազգաց ծագման հետքը անյայտ ըլլալով շատ մը ծուռ ենթադրութեանց տեղի են տուած:

  Տաճկաբնակ Հայը դիւրակեցիկ կենաց վայելչութեանց՝ և մտաւորական թանձրամած խաւարին մէջ տակաւ առ տակաւ հայրենի յիշատակներն և աւանդութիւնները կորսնցուց. նախահարց կրօնքն և անունը պահեց միայն, իւր լեզուն իսկ վերածուեցաւ տաճկախառն հայերենի մը. դադրեցուց իւր յարաբերութիւնները օտարաբնակ ազգայիններուն հետ, օտարացաւ նոցա, զի մեռած էր իւր հոգւոյն մէջ ազգասիրութեան զգացումն՝ որն որ յաղթահարելով հեռաւորութեանց, արգելից և ժամանակին, հոգիները կը միացնէ և անխորտակելի շղթայիւք կը միացնէ զանոնք:

  Սակայն ժողովուրդները յաւիտենական կուրութեան չեն նախասահմանեալ. անյուսալի պատճառ մը շատ անգամ քունէն յարթնութիւն կը մղէ զանոնք:

Ժամանակին անբռնաբարելի ազդեցութիւնը փոփոխութիւններ պատճառեց ‘ի Տաճկաստան. բազմացաւ անդ Եւրոպական տարերքը, յարաբերութիւններ գոյացան, նոր կարծիքներ ծնան, նոր աշխարհը մը ձեւացաւ, նոր լոյս մը ծագեցաւ՝ որով Հայը իւր տգիտութիւնը ճանչցաւ, գիտութեան հարկն զգաց, և եղանակ մը փնտռեց իւր միտքը լուսաւորելու:

  Պօլսոյ մէջ գտնուած ուսումնական միջոցաց անբաւականութեան պատճառաւ, Հայ պատանեկութիւնը խուժեց 'ի Վենետիկ, Բատուա, Վիէննա, և Փարիզ ուր ազգային վարժարաններ հաստատեցին Մխիթարեանք: Հմուտ և ազգասէր կղեր մը ուսումնական սերունդներ պատրաստեց ու նոցա մատաղ հոգւոց մէջ ազգասիրութեան հուրը վառեց: Երանի՜ թէ յաջորդ Մխիթարեանք յաւատարիմ մնալով այդպիսիազնիւ օրինակի, կեդրոնը ըլլային ուր բոլոր ազգային իղձերը ձկտէին:

  Վերադարձաւ Հայ երիտասարդութիւնը 'ի Պօլիս, տարածեց այն առաջին կայծերը զորոնք յետագայ սերունդները հետզհետէ աճեցուցին: Ոգեւորեցաւ ազգասիրութիւնը, ցնցեց թմրած Հայերը, կեանքն եռաց նոցա երակաց մէջ, ու նոքա Հայութեան արշալոյսն ողջունեցին:

Ազգ որ նոր բարոյական կենաց կ’արթննայ նոր լեզուի մ'ալ կը կարօտի, որ համապատասխանէ իւր պիտոյից: Գրաբառը թէև կանոնաւոր և հարուստ լեզու մը, սակայն չէ այնչափ գործածական իբրև զաշխարհաբառ, և մանաւանդ թէ մեծ դժուարութիւններ կը յարուցանէ նա աշխարհիկ լեզուէն բոլորովին տարբերելովը, մինչև անիմանալի ըլլալու գրեթէ նոցա համար որոնք հայերենի մասնաւոր գիտութեան չեն զբաղած:

   Եւրոպական գրական լեզուները կը տարբերին գործածական լեզուէն բացատրութեանց բարձրութեամբն և բառերու ընտրութեամբը. իսկ լեզուին հիմունքը և ձեւերը նոյն են: 

    Յունարէնը բացառութիւն մ' է այս մասին, և շատ մը դժուարութեանց տեղի կուտայ. վասն զի այժմյան Յոյները աշխարհաբառ լեզունին հին գրական լեզուին վերածելու աշխատելով՝ յունարէնի գիտութեան ընթացքը 6 կամ 7 տարիներու մէջ կը լրանայ արդ դպրոցաց մէջ. սոսկալի՜ կորուստ ժամանակի:

    Բարեբաղդաբար մենք Եւրոպական ազգաց օրինակին կը հետեւինք աշխարհաբառ լեզուին կիրառութեամբը: Սակայն աշխարհաբառը կանոնի վրա հիմնուած չըլլալով անիշխանութեան մէջ կը ծփայ: Իրաւ է որ ամենայն լեզու սոյն անկարգ վիճակէն պէտք է որ անցնի, շատ մը փոփոխութիւններ կրէ մինչև որ հաստատուի և որոշ կերպարանք մը զգենու: Կը տեսնենք պատմութեան մէջ թէ ի՜նչպէս լեզուները կը ծնանին, կը թոթովեն, կը յառաջադիմեն, կը զառամին, կը հիւծին իբրև ազգերն որոնց կը վերաբերին և բաղդակից են, և ի՜նչպէս ‘ի նոցանէ կը սերին ուրիշ առոյգ լեզուներ որոնք զուգընթաց կ'երթան ժամանակին ոգւոյն հետ: Մեր գրաբառը նաև իւր բարձրագոյն կէտին հասնելէն վերջը հետզհետէ աղարտեցաւ, և այն մայր լեզուէն յառաջ եկաւ աշխարհաբառը, որնոր իւր շրջանը հազիւ թէ սկսած է և զորն պիտի շարունակէ զուգընթաց ազգային յառաջադիմութեան հետ, ըստ պահանջմանց բնական օրինաց. վասն զի ժողովրդոց ընթացքը նոյն հարկին առջեւ, և նոյն պայմաններու մէջ, գրեթէ նոյն եղանակաւ կը կատարուի. և իրօք եթէ ակնարկ մը նետելու ըլլանք ազգաց պատմութեանց վրայ, կը տեսնենք թէ ժողովրդոց գլխաւոր բարոյական գիծերը մեծ նմանութիւն մը կ'ընծայեն: Նոցա մանկութիւնը, երիտասարդութիւնը և զառամութիւնը՝ մի և նոյն ընկերական վիճակին մէջ, տեղի են տուած նոյն պիտոյից և նոյն ձեռնարկութեանց, նոյն կատարելութեանց և նոյն բարձրութեանց, նոյն թերութեանց և նոյն սխալմանց, նոյն անկման և կորստեան: Ձեւերը կը տարբերին անշուշտ ժամանակին ոգւոյն, ժողովրդոց բնութեանց և սովորութեանց համեմատ, սակայն սկզբունքը նոյն է:

Տարիներ յառաջ քանի մը ազգայիններ փորձեցին յողդողդ և անկանոն աշխարհաբառը նոր կանոններու վրայ հաստատել. շատ աշխատութիւններէ վերջը կանոնադրութիւն մը 'ի լոյս ընծայեցին ուղղախօսութիւն անուանեալ, և այն ընդունելութիւն չգտաւ: Արդի երիտասարդութենէն ոմանք կը ջանան ուղղախօսական դրութիւնը իւր աճիւններէն վերակենդանացնել. սակայն նոցա փորձերը մեծ յաջողութիւն չեն խոստանար նաև: Այսու հանդերձ կը հանդիպի երբեմն որ անօգուտ կարծուած սկզբունք մը յինքն այնպիսի կէտեր կը պարունակէ որ նոր տեսութեան մը շարժառիթ կ’ըլլայ, և թերեւս ուղղախօսական կանոններէն ոմանք մեր լեզուին որոշ ձեւակերպութեան ծառայեն յապագայս:

   Յետոյ Մեծն Պէշիկթաշլեան, որ իւր կարճատև կեանքն ազգային յառաջադիմութեան նուիրեց, աշխարհաբառին մասնաւոր կերպարանք մը տուաւ իւր ոճոյն զարմանալի գեղեցկութեամբն և թատերական երկասիրութեամբքը: Մերթ 'ի լուր իւր փանդռան մեր վաղեմի քաջերը իւրեանց պտտանքը թօթափելով՝ թատերաբեմէն կուգային ճառել անցեալ փառքը և տխուր արկածները հայրենեաց. մերթ իւր մելամաղձոտ քնարը կողբար կողկողագին 'ի վերայ շիրմաց իւր սիրելեաց. իւր մեղեդիք տխուր էր յայնժամ իբրեւ զկոծ մօր յուսահատ որ կ’ողբայ իւր մանկան թափուր որրանին վրայ: Եւ մերթ իւր տխրացեալ հոգին կ'երգէր անոյշ իբրև գարնանային սոխակը: Հայերը լսեցին սրտագին ձայնը Պէշիկթաշլեանի և սքանչացան. սպրդեցաւ նա իւրեանց հոգւոյն մէջ և տիրապետեց լիազօր: Ազգասիրութեան հուրը զօրաւոր շնչովն արծարծեց Պէշիկթաշլեան. Հայոց մէջ նոր յառաջադիմութեան շարժում մը պատճառեց. լռեցուց մախանքն ու ատելութիւնը, սրտերը միացուց և բերանները «Եղբայր եմք մեք» զուարթագին ձայնեցին: Այնպիսի հոգիներ կան, որոնք ծնած են սրտին լեզուն խօսելու համար. նոցա բառերն անմահ են, որովհետև սրտերուն մէջ քանդակեալ են, և Պէշիկթաշլեանը 'ի նոցանէ էր. իւր երգը ամեն մարդ երգեց, և իւր լեզուն ամեն մարդ սիրեց: 

 Հետզհետէ ուրիշ մատենագրական ընտիր տաղանդներ եւս աշխարհաբառին գեղեցկութեանը նպաստեցին. բայց ամեն ոք իւր անձնական ճաշակին հետեւելով լեզուին մեծածաւալ դաշտին մէջ չքնաղ մտաւորական ծաղիկներ սփռեց աստ և անդ, առանց փունջ մը կազմելու ներդաշնակութեամբ միաւորեալ:

  Բայց քանի որ աշխարհաբառը կանոնադրութիւն մը չունի՝ ոչ երբեք ողորկ սահուն և ներդաշնակ կերպարանք մը կրնայ ունենալ. այլ պիտի տեսնենք խառն 'ի խուռն գրաբառ դարձուածք մը ուղղախօսականին հետ, տաճկական մը ռուսականին հետ, գաղղիական մը աշխարհաբառեանին հետ, ճշգրիտ պատկեր լեզուաց Բաբիլոնի:

Երբ իւրաքանչիւր ոք ըստ քմաց ոճ մը կը ձեւացնէ և կուզէ զայն ընդհանրացնել, անհնարին է կանոնաւոր լեզու մը ունենալ: Լեզու մը ըստ հաճոյից իւրաքանչիւրին չի ձեւանար, այլ հմուտ կաճառի մը պաշտօնն է այդ: Արդարև կանոններու վրայ հիմնուած լեզու մը ներգործական ազդեցութիւնը կը կրէ ժամանակին յառաջադիմական ոգւոյն և մարդկային հանճարոյ: Բայց այն փոփոխութիւններն որոնք հիմնուած են բանական օրինաց վրայ՝ ընկերութեան մտաւորական և կամ բարոյական պիտոյից կը ծառայեն. մինչդեռ երբ թելադրեալ են 'ի հաճոյից մասանաւոր անհատից առանց բարոյական և կամ մտաւորական որոշ կեդրոնի մը ձկտելու՝ շփոթութեանց շարժառիթ կ'ըլլան ընդհանրապէս:

  Քանի որ լեզուն մատենագրական յառաջադիմութեան պայմաններէն մէկն է, և քանի որ մենք ընդհանուր աշխարհաբառ մը չունինք տակաւին ձեռն ‘ի գործ մխելու է ժամ յառաջ, և հմտալից ու հայագէտ անձինքներէ ակումբ մը ձեւացնելով, լեզուին դժուարին կնճիռը լուծելու է: Ուր որ հայ մատենագրութիւն մը կայ իւր ներկայացնողն ունենալու է այն ժողովին մէջ ուր լեզուին ապագան պիտի վճռուի: Ամեն զանազան հայ տարերք անդ դիմելով, իւրեանց գիտութեանց գանձերն 'ի հանդէս հանելով, զանոնք քննելով, բաղդատելով, զոմանս 'ի մի ձուլելով, գրաբառ լեզուին անսպառ գանձերուն մէջ ընտրութիւններ ընելով, զանոնք աշխարհաբառին սեփականացնելով, կրնան վերջապէս աշխարհաբառին հիմնական գիծերը որոշել և հետզհետէ կատարելագործել:

  Ուսումնական ակումբ մը իւր պաշտօնին շարունակութեամբը լեզուին ոգւոյն պահպանութեան կը ծառայէ, և այսու եղանակաւ օգտակար երկասիրութիւնքը կը քաջալերէ, զանօգուտսն կը դատապարտէ և մատենագրական ճաշակին ապականութիւնը կ'արգիլէ: Երկու կամ երեք տարի յառաջ ընկերութիւն մը կազմուեցաւ ընդ նախագահութեամբ Նար-պէյ Խորէն եպիսկոպոսի աշխարհաբառի բարեկարգութեան համար. ամենքը յուսալից սոյն ընկերութեան գեղեցիկ արգեանցը կ'ըսպասէին, երբ դժբաղդաբար այդ ակնկալութիւնները‘ ի դերև ելան, ժողովքը լուծուեցաւ առանց զաշխարհաբառը քայլ մը յառաջացնելու: Այդ անյաջող փորձը մղիչ մը ըլլայ թերեւս երկրորդ լեզուագիտական Հայ ակումբի կազմութեանը՝ որնոր իւր ձեռնարկութեան մէջ պնդելով և յարատեւելով իւր գործը յաջողութեամբպսակէ:

  Լեզուագիտական խնդիրները մեծ աշխատութեանց կը կարօտին, քանի որ ըստ ինքեան խնդրոյն պարունակած դժուարութիւններէն 'ի զատ բազմաթիւ խոչընդոտներ եւս կը ներկայանան՝ կարծեաց զանազանութիւններէ յառաջ եկած: Բայց եթէ ձեռնարկութեան մը կնճռոտկ էտերը 'ի նկատողութիւն առնուին լոկ, յայնժամ վհատութիւնը տիրելով ամենայն օգտաւէտ և մեծ արդեանց ծնունդը կը խափանէ, մինչդեռանյողդողդ և զօրաւոր կամքին առջև ամեն արգելք հետզհետէ ուժաթափ կ’իյնայ, կ'անհետանայ, և յաղթահարող սկզբունքը բարձրավիզ կըկանգնի:

  Հայերը քիչ տարիներէ 'ի վեր է միայն որ մտաւորական աշխարհին մէջ մտան, բնականապէս ամայի և անկարգ աշխարհ մ’ է այդ, զոր իւրեանց բնական լուսովը պիտի լուսաւորեն, մտաւորական աշխատութեամբ պիտի բեղմնաւորեն, և կանոններու գործադրութեամբ պիտի զօրացնեն: Բոլոր այս պայմաններն անտարակոյս մէկէն չեն գործադրուիր, քանի որ հին նախապաշարումները, հին գաղափարները, հին սովորութիւնները, հին շահերը արգելք կը կանգնին յառաջադիմական սկզբանց. նոցա դէմ պատերազմելով զանոնք տապալելու է, և յայնժամ անցեալին աճիւններէն կը ծլի լուսաւորութեան յաղթահարող ոգին:

  Բնական և մարդկային օրինաց սկզբունքը շարժում դէպ ընդ յառաջ և կարգադրութիւն է: Ժամանակը գանձ մ' է, որուն իւրաքանչիւր մասունքն յառաջադիմութեան հիւլէներ կը պարունակէ, և զորոնք ժողովրդոց առջև կը սփռէ իւր արագընթաց շրջանին մէջ: Այն ժողովուրդը որ գիտէ օգուտ քաղել ժամանակէն առանց դանդաղութեան և երկարաձգութեան մէջ թանկագին վայրկեաններ կորսնցնելու, անշուշտնա պայծառ ապագայի մը կոչուած է. զի ժամանակին տեղացուցած բարիքը միօրինակ չեն միշտ, և նոցա մէկուն կորուստը անդարմանելի է շատ անգամ, զի ընդհատումը կրնայ ըլլալ յառաջադիմական աստիճաններու, որով կը դատապարտուի ժողովուրդ մը յետադէմ կէտի մը վրայ մնալու, և ուսկից 'ի զուր կը տքնի իւր թռիչն առնուլ դէպ 'ի բարձրագոյն աշխարհ մը: Ուստի յապաղումը կորուստ մ’ է, քանի որ զրկուիլ է այն բարիքներէ որոնք օգտակար շարժման մը արդիւնքն են: Արդիւնք մը նոր տեսութեան կեդրոն մը կրնայ ըլլալ, և բեղմնաւորելով ուրիշ սկզբունք մը պատճառել, և յաջորդութեամբ բնական շարունակութիւնը ըլլալ յառաջադիմական օրինաց:

  Անկարգութիւնը բնական օրէնք չէ քանի որ կը տեսնենք տիեզերաց մէջ թէ ամենայն ֆիզիքական և բարոյական պատճառ կանոնի մը կը հպատակի. ուստի ինչ որ անիշխանութեան մէջ է իւր հաւասարակշռութիւնը կը գտնայ միայն օրինաւոր կարգադրութեան մէջ, և յայնժամ կը զարգանայ ու կ'արդիւնաւորի: Քանի որ աշխարհաբառը անկարգ վիճակի մէջ է՝ ‘ի նմանէ յառաջադիմութեան արդիւնքներ չենկրնար բղխիլ բնականապէս:

Ուստի համառօտիւ խօսքերս ամփոփեմ. նախ աշխարհաբառի ձեւակերպութիւնը իբրև մեր գլխաւոր պէտքերէն մէկն համարելու է, քանի որ առանց կանոնադրութեան մը ողորկ և միակերպ ոճ մը չենք կրնար ունենալ և հետեւապէս վայելուչ մատենագրութիւն մը՝ այն կենսական հիւթը որով ժողովուրդ մը կը սնանի, կը զարգանայ, և մեծ կը հանդիսանայ: Կը գտնուին այնպիսիներ որոնք լեզուն իբրև երկրորդական խնդիր կը նկատեն, առարկելով թէ լեզուն ձեւ մ' է միայն իմաստը բացատրելու. բայց նոյն իսկ յօգուտ իմաստին ձեւը ազնուացնելու է, որպէս զի անոր ամենայն կատարելութիւնները երեւան ելլան: Յետոյ կաճառի մը միջոցաւ լեզուին հիմունքը հաստատելու է, և ոչ թէ մասնաւոր անձանց կանոնադրութեամբը, որ ուրիշ նպատակի չի ծառայէր եթէ ոչ շփոթութիւնը աւելցնելու: Վերջապէս որչափ այդ ձեռնարկութիւնը ետ մնայ ճաշակը կ’ապականի, լեզուին մէջ անիշխանութիւնը կը զօրանայ, և վնասակարը կ'արմատանայ: Ինչո՞ւ ուրեմն այդ վնասակար յապաղումը երբ ամեն վայրկեան թանկագին է, երբ նոյն կէտին վրայ կենալը յետս ընկրկիլ է, երբ արհամարհելու չէ նոյն իսկ խոնարհ աստիճան մը յառաջադիմութեան որ բարձրագունի մը կրնայ առաջնորդել, և յաջորդութեամբ հասցնել այն պայծառ և լուսաւոր կէտին՝ որուն համար նախասահմանած է Աստուած ամենայն ժողովուրդ որ եռանդագին վասն իւր բարգաւաճման կ'աշխատի:

  Իցի՜ւ թէ ազգային խանդն մղէր վաղ ընդ փոյթ մեր այժմեան ազգասէր և անձնուէր սերունդը լեզուին անհարթ դաշտին մէջ, և հայկաբանից ուսումնական ակումբը տար անոր ողորկ և կանոնաւոր կերպարանք մը սփիռ հայկական ներդաշնակ ծաղիկներով:

  Լաւ գիտեմ թէ զօրաւոր լեզուներ խօսած են արդէն ‘ի մասին աշխարհաբառի և թէ այժմեան գրգիռս ոչ այլ ինչ է եթէ ոչ նոցա տկար արձագանքը: Սակայն մեծատարած Ովկիանը չ'արհամարհէր ջուրի կաթիլը որ իւր անսահմանութեան մէջ կ'իյնայ դողալով և յաւէտ կը կորսուի. կաթիլն այն՝ Ովկիանը չ’ուռճացնէր, բայց անոր անթիւ հիւլէներուն ուրիշ մը եւս կ'աւելցնէ: Հոգւոյս մրմունջին ունկնդիր կ'ըլլամ, երբ կը նշանակէ ինձ կէտ մը որ օգտակար կը թուի Ազգիս: Ներուի ձայնիս տկարութեան, զի չէ տրուած ‘ի պարգև ամենուն զօրաւոր լեզու մը ունենալ, և ներողամտութեամբ դատուի հրաւէրս աշխարհաբառի կանոնադրութեան ձեռնարկելու:

----------------------

Հրապարակվում է` «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագրի «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը» նախագծի` «Սրբուհի Տյուսաբ. հայ առաջին վիպասանուհին» հոդվածի շրջանակներում («Նիդ.օրագիր»` Friday, 17 June 2022 և «Օրեր»`19.06.2022)

Նյութը մեզ է տրամադրել հիշյալ նախագծի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու` Նաիրա Համբարձումյանը: Համացանցում հրապարակվում է  առաջին անգամ:Տեքստի հավաքման աշխատանքը կատարել է Սիրանուշ Փարսադանյանը:

 

Մենք երևի միակ երկիրն ենք, ուր այդպես էլ չստեղծվեց հեռուստաքննադատություն

08.12.2021 17:06
Օրերս լրացավ հայկական հեռուստատեսության հիմնադրման 65-ամյակը։ 
Շնորհավոր բոլոր հեռուստագործիչների տոնը։ Հեռուստատեսությունն այո, զենք էր, իսկ  ո՞ւմ և ինչո՞ւ էր  այն կրակում։ Անպայման կարդացեք այս արժեքավոր զրույցը․ Աիդա Ներսիսյան և Վարդ Սիմոնյան։
 
Մուտք
88-ի շարժումը ստեղծեց հեռուստատեսությունը
Հեռուստատեսությունն ինձ սպանել է առնվազն մի 15 անգամ՝ խաղալով իմ զգացմունքների, մարդկային ու մասնագիտական արժանապատվության հետ, փսորել իմ ամենանվիրական երազանքներն ու ամենասիրուն գաղափարները, ջնջել ու վռնդել հեռուստատեսային բոլոր նախագծերս, բոլոր։ Բայց մեկ է՝ ես պաշտում էի այդ վամպիրին, որն անխնա խմում էր իմ ամենաջահել տարիների ահռելի էներգիան, այն ահեղ մրրիկը, որով ես կարող էի պոկել նրա վրայի բոլոր պոզուպոչերը, դեն նետել նրա երեսից կախված կեղծիքն ու սուտը, կանխել նրա սերիական քրոնիկ հանցագործությունները, մարդկանց էշի տեղ դնելու նրա գեշ խասյաթը և ստիպել այդ հրեշին մարդանալ, ուղղակի մարդանալ, որ նրա հետ հնարավոր լինի ապրել նույն տանը։ Վամպիրն անշուշտ պետք է պոզահարի քեզ, եթե հավակնել ես նրան մարդկային մենյու առաջարկել. նրան վարժեցնողների ուզածն ագրեսիան է՝ նրանց սրտի 6/8 զարկերը, որն անշուշտ կատարիսիսի է հասցնում և վերջնական թմրաքնի մեջ գցում հանրությանը։ Իսկ դուք ասում եք, որտեղից գոյացավ այսքան դինջ ու անհաղորդ զանգվածը։ Սերիական կոնվեյերի տակ, հեռուստապոդիումները հեծնած ցինիզմի ու հիմարության շքերթով ամեն օր անցնող զանգվածային գիտակցությունը չի կարող անվնաս դուրս պրծնել։ Մեր հեռուստաինդուստրիան այսօր օրական 24-ժամ զբաղված է «տրանսով»՝ տարատեսակ թափոններից համահայկական նոր կարծրատիպեր թխելով ու բազմացնելով: Իսկ այդ կարծրատիպերն աստիճանաբար ստեղծում են զանգվածային նոր ենթագիտակցություն, խաթարված նյարդային համակարգ, հիվանդ մարդիկ։ Ո՞ւմ է պետք տեղաբարձ ընկած հասարակությունը: Կասեք՝ իշխանությա՞նը: Բայց արդյո՞ք իշխանությունը կհասցնի այդ մանկամիտի տակի փալաս-փուլուսն այնպիսի արագությամբ փոխել, որ գարշահոտությունից անձամբ չխեղդվի ... Չգիտեմ։ Մենք երևի միակ երկիրն ենք, ուր այդպես էլ չստեղծվեց հեռուստաքննադատություն, միգուցե նաև այն պատճառով, որ 18 ընկերություններից բաղկացած այդ հեռուստացանցում դժվար է գտնել ուշադրության արժանի գոնե մի քանի հաղորդման նմուշ։ Միշտ խուսափել եմ գրել այս թեմայով. հեռուստատեսությունը եղել և մնում է իմ հարազատ տունը, ուր ծնվել և այո՝ մահացել եմ, ուստի այնքան լավ հասկացա մեր սիրելի հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանին, ով, ուղղակի չէր ուզում խոսել այս թեմայով, «հորանց տան» գաղտնիքն ու ցավը չէր ուզում մեջտեղ բերել, մեզ պատմել 98–ին իր հետ պատահած թերևս ամենածանր օրվա, այդ մղձավանջի մասին ... բայց ես ապրել էի այդ օրը, արդեն տեսել էի իմ կյանքի թերևս ամենաողբերգական տեսարաններից մեկը. հայկական առաջին հեռուստատեսությունը ստեղծած, իրենց կյանքը նրան նվիրած մարդկանց առջև ոստիկանական պատ էր կանգնած և թույլ չէր տալիս մոտենալ հեռուստատեսությանը։ Ես ամաչեցի նրանց միջով անցնել ու մտնել աշխատավայր։ Սակայն ժամեր անց պարզվեց, որ բնավ էլ ամաչելու կարիք չկար. ինձ էլ էին...կրակել։ Իսկապես, որ հեռուստատեսությունն ահագին հզոր զենք է։

Վարդ Սիմոնյան 

Հեռուստալրագրող
 
– Տիկի՛ն Ներսիսյան, ինձ երևի համալսարանն այդքան գիտելիք չտվեց, որքան Ձեր գրական հաղորդումները։Դրանց պատճառով անգամ ատում էի գրականության ուսուցչիս, ով դասագրքի եղածն անհավես անգիր էր ասում։ Իսկ նախորդ օրը նույն հեղինակի մասին ես սքանչելի խոսք էի լսել ու էկրանի առջև թուղթուգրիչը ձեռքիս սիրուն մտքեր էի անգամ հասցրել թռցնել Ձեզնից։ Կյանքն էլ կարճ է ու պիտի հասցնենք միմյանց ամենակարևոր բաներն ասել։ Ուրախ եմ, որ սա Ձեզ հասցրի ասել, մանավանդ, որ գիտեմ, թե հեռուստատեսությունը որքան անսիրտ ու անհոգի Ձեզնից բաժանվեց։
- Շնորհակալ եմ, շատ։ Այո՛, երեսուն տարի աշխատելուց հետո անգամ հարկ չհամարեցին կանչել և ապա՝ աշխատանքից ազատել։ Ուրիշի միջոցով լուրն ուղարկեցին. իմ աշխատանքային գրքույկում բոլոր նշումները ռուսերեն էին, այն ժամանակ հաղորդավարական տարբեր կարգեր կային և նշվում էր, երբ բարձրացնում էին այդ կարգը։ Եվ ընդամենը մեկ գրառում կա հիմա հայերեն. աշխատանքից ազատել հաստիքների կրճատման պատճառով։ Ես, որ իմ ամբողջ երեսուն տարվա կյանքը տվեցի հայոց լեզվի ... կներեք, հուզվում եմ, նույնիսկ չեմ կարողանում խոսել...
– Հասկանում եմ ... մի՛ հուզվեք, քանի անգամ է հեռուստատեսությունն ինձ ապտակել ու վռնդել, նվաստացուցիչ ժողովներ արել իմ դեմ, տասնամյակից ավելի դատապարտել պարապության, երևի մեր սերը հեռուստատեսության նկատմամբ փոխադարձ չէ և դա դաժան, չմարսվող բան է, անշուշտ։
–Դրանից մեծ վիրավորանք ես իմ կյանքում չեմ ստացել։ Չեմ ասում՝ մի փունջ ծաղիկ տային, ասեին՝ շնորհակալություն 30 տարվա տքնանքի համար, թող չասեին, բայց գոնե մարդավարի կարող էին չէ՞ ձեռքս սեղմել, ասել՝ քեզ հաջողություն։ Ոչ թե այդպես արհամարհական, հեռուստատեսության դուռը փակել քո առաջ և ոստիկանին հրահանգել, որ քեզ ներս չթողնի։
-Ես այդ օրը շատ լավ եմ հիշում։ Եկա հեռուստատեսություն, տեսա՝ մեր պատկառելիների ամբողջ կազմը դրսում. Կյանքում իմ տեսած ողբերգական տեսարաններց մեկն էր, եթե ոչ՝ ամենաողբերգականը, իսկ երբ հետո մոտեցա ոստիկանին ու հարցրի, թե ինչու ներս չի թողնում, սա ուշադիր նայեց անցաթղթիս, թե՝ դու քո դարդը լացի, քո անունն էլ է սև ցուցակում։ Իսկ ես այդ ժամանակ դավից անտեղյակ նկարահանումներ էի անում օրվա եթերի համար։
- Գիտե՞ս, ես այդ օրվանից հեռուստատեսության մոտով չեմ անցել, չեմ կարողացել անցնել։ Հեռուստատեսությունը մեր տունն է եղել։ Մենք այնտեղ ոչ միայն աշխատում էինք, այլև՝ ապրում, մենք ստեղծում էինք հայկական հեռուստատեսություն։ Ու հանկարծ գնում ես քո տուն ու քեզ ներս չեն թողնում։ Դա սարսափելի է... Չնայած՝ շատ լրագրողներ են դիմել, բայց ես չեմ գնացել ոչ մի հարցազրույցի։ Վարդուհի ջան, ինձ որպես բացառություն ներեք, ես ի վիճակի չեմ հիմա։
Ես կփորձեմ, կհավաքվեմ, հետո ... երբևէ չեմ խոսել այս մասին, լռել եմ ...
– Գիտեք, ես էլ տասնամյակից ավելի լռեցի. ոչ մի հրապարակում, ոչ մի խոսք, անգամ իմ անգործությանը վերաբերող մորս ծանր հարցերից ազատվելու համար լքեցի հայրական տունս, բայց արդյո՞ք, սա էր ամենաճիշտ որոշումը։ Իհարկե՝ ոչ։ Մեր տան երդիկից ավելի ճարպիկները մտան և մեր լռության ներքո ամեն ինչ ոտքի տակ տվեցին։ Այնինչ, պետք էր չլռել, գոնե նրանց բացատրել, թե ինչ է հեռուստատեսությունը և ինչ չի կարելի անել նրա հետ։ Միշտ նայում եմ հեռուստաաշտարակին ու մտածում, որ սա էլ երևի մեր բաբելոնյան աշտարակաշինությունն է, լեզուներս խառնվում է. ոչ մի սերունդ նախորդին ո՛չ լսում է, ո՛չ՝ հասկանում։ Արդյունքն այս դեղին հեռուստատեսությունն է, չէ՞։
–Այո՛, համաձայն եմ, մեր սերունդը չհասցրեց ավանդույթներ, արժեքներ փոխանցել հաջորդներին։ Մեզ ուղղակի, դուրս հրավիրեցին և թույլ չտվեցին դա անել։ Հեռուստատեսությունը ... Եթե միայն կարողանամ այս հարցին ճիշտ պատասխանել։ Հեռուստատեսությունը նախ և առաջ արվեստ է, ավելի շուտ՝ արվեստների սինթեզ։ Եթե այստեղից սկսենք։ Իսկ այսօր կոպիտ սխալներն անհամար են, որի՞ց սկսել։ Հեռուստատեսությունն ամեն դեպքում շոու-բիզնես չէ։
– Տեսեք, հեռուստատեսությունն ընկավ տարբեր թրենդների, շուլուխչիների ետևից, շոուբիզի, օճառային սերիալների, ռաբիսի ենթամշակույթի աստղաձուլարաններ սարքեց իր ներսում, արդյունքում զվարճալիքը տակով արեց միտքը և հեռուստատեսությունը կորցրեց իր գլխավոր առաքելությունը՝ զրույցը մեկ ուրիշ մարդու հետ։ Բայց մարդը մենակ է, նա միշտ էլ զրուցընկեր է փնտրում, չէ՞։
–Գիտեք, մարդը եղել և մնում է գլխավոր նպատակ, այդ թվում և հեռուստատեսության գլխավոր նպատակ։ Բայց մեր հեռուստատեսությունն այնքան է հեռացել մարդուց, որ մոռացել է անգամ, թե ինչպես պետք է նրան նկարել ու ցուցադրել։ Հիմա, երբ մարդը խոսում է, հանկարծ տեսախցիկը շրջվում է և սկսում պարել նրա գլխավերևում։ Գլուխս պտտվում է։ Ուզում ես այդ մարդուն լսել, իսկ իրենք չեն թողնում։ Գիտեք, ավելի հետաքրքիր բան չկա, քան մարդու խոսքը։ Նույնիսկ, երբ նա խոսում է անշարժ, ստատիկ կադրում։ Եթե այդ մարդը հետաքրքիր է, նրան կնայեն ու կլսեն, պետք չէ նրանից ստանալ տեսահոլովակ։
– Հեռուստատեսությունը մեզ իր էկրանին գամում էր իր ներկայության էֆեկտի շնորհիվ, մենք գրքերը թողնում ու նրան էինք գրկում, նստում. շատերը կարդալը լրիվ մոռացան, իմիջիայլոց համացանցն էլ, կարծես, գրագետ գիրն է քշում, տանում։ Բայց ավելի գայթակղիչ է, որովհետև բացի ներկայության էֆեկտից, նաև մասնակցության պատրանք է ապահովում։ Եվ քանի որ բոլորս էլ հոգու խորքում մի քիչ փառասեր ենք, մեզ արդեն յոթը փետով ծեծես էլ համացանցից չենք ներգաղթի հեռուստատեսություն, ուստի հեռուստատեսության երեսին նայելու համար, պիտի նա ճշմարտախոս լինի, իրական կյանքը ցույց տա։ Չէ՞ որ կյանքը միշտ հետաքրքիր է և եթե դու անհետաքրքիր ես, ուրեմն հաստատ իրական կյանքը չես ցույց տալիս։
–Այո՛, համաձայն եմ Ձեզ հետ։ Բայց տեսեք ինչով է տարված այսօրվա հեռուստատեսությունը, ովքեր են այսօր էկրաններին և ի՞նչ են խոսում, ինչ լեզվով են խոսում։ Ճիշտ չեն ընտրում նրանց, ում ասելիքը օգտակար է մարդկանց և կարող է նրանց կյանքում մի բան փոխել։ Կամ այդ արագախոսությունը, որով տարվել են և որին, իսկապես, չեն տիրապետում։ Արագախոսությունը վատ բան չէ, մանավանդ որ հեռուստատեսության րոպեն շատ թանկ է և ցանկացած մարդու ժամանակն էլ՝ արժեքավոր, բայց, եթե այդ արագախոսությունը պրոֆեսիոնալ է իրականացվում, մարդը չի լարվում էկրանի առաջ, չի ճգնում, որ մի կերպ հասկանա, թե դիմացինն ի՞նչ է խոսում։ Կամ՝ տոնայնությունը. մի կարկառուն դեմք այսօր մահացել է, լավ, ինչպես կարելի է նախորդ լուրի առոգանությամբ, նույն տրամադրությամբ հաղորդել նաև այս լուրը։ Այնքան նրբություններ կան, ո՞ր մեկն ասես, ու տպավորություն է, որ ոչ մեկը դրանից գաղափար անգամ չունի։ Վիճակն ուղղակի աղետալի է։
–Դե ամբողջ աշխարհում հեռուստատեսությունը զանգվածաբար ջրիկանում, թռի–վռի մի բան է դառնում, զանգվածային մշակույթի առարկա է, փող է աշխատում և թերևս հանրային հեռուստատեսություններն են պահպանում մարդկային դեմք, հստակ չափագրված մենյուներ և «դրես կոդեր», ուր աշխատակիցներին ոչ թե բաց սրունքներն են կերակրում, այլ նրանց օրիգինալ գաղափարներն ու մտքերը...
–Մի ուսանելի պատմություն հիշեցի BBC հեռուստաընկերության հետ կապված մի շատ հմայիչ մեկնաբանի մասին, ում այնքան է սիրել հեռուստադիտողներից մեկը, որ նրա ամուսինը խանդի հողի վրա ներխուժել է ստուդիա, որ սպանի նրան։ Եվ հեռուստատեսության տնօրենը որոշում է ընդունել այդ մեկնաբանին հեռացնել աշխատանքից։ Ինչո՞ւ։ Որովհետև ամենակարևոր բանը հեռուստաէկրանից խոսքն է, որը պիտի տեղ հասցնել և եթե դրան խանգարում է անգամ հմայքդ ուրեմն՝ դու պետք չես։ Իսկ հիմա մեր էկրանին նայում ես աճուկներն ու սրունքները բաց, սեթևեթող կերպարներ, չգիտես ինչ զգեստով ու արդուզարդով, գավառական կեցվածքով ու խոսք չկա, ձայն չկա, հնչերանգ չկա, դեմք չկա, խոսքին գերակայող անտանելի միմիկա, մի խոսքով՝ ոչինչ տեղում չէ։
– Էհ, տիկին Ներսիսյան, ախր մեր հեռուստաաշխարհը զզվում և փախչում է պրոֆեսիոնալից, ինչպես բորոտից։ Թայֆան, այդ համայնքը չի ներում հենց պրոֆեսիոնալին. Օրինակ՝ ասացեք խնդրեմ այսքան տարի անցավ, որևէ հեռուստատեսություն Ձեզ հրավիրե՞ց աշխատանքի։
-Ես,անկեղծ ասած,չեմ դիմել որևէ հեռուստատեսության, բայց, այո՛, որևէ հրավեր էլ չեմ ստացել։ «Մայր հայրենիք» հեռուստատեսություն կար այն ժամանակ, մամուլի տեսություն էի ներկայացնում, այն էլ կարճ ժամանակ անց, 99–ի հոկտեմբերի 27-ից հետո փակվեց, հետո «Վեմ» ռադիոկայանում աշխատեցի։ Բայց հեռուստատեսությունից որևէ առաջարկ չեմ ստացել։
-Դե այստեղ արդեն զրույցն ավարտվում է, եթե չի գտնվել մի հեռուստամենեջեր, որը կհասկանար, թե ինչ կտար իր հեռուստատեսությանը կայուն լսարան ունեցող հայտնի մեկնաբանը։ Դուք շատ լավ գիտեք, որ տարիների աշխատանք, հսկայական ներդրումներ են պետք, մեկ լավ մեկնաբանի հանրահայտ դարձնելու համար։ Ինձ համար, մեծագույն պարտություն է արձանագրել, որ մենք փաստորեն հեռուստատեսություն չունենք, հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանար հավաքագրել դաշտի պրոֆեսիոնալ միտքը։ Այդպես է ստացվում,չէ՞։
-Իհա՛րկե, չունենք։ Հիմա, ճիշտն ասած, այդքան շատ չեմ էլ նայում հայկական ալիքները, որովհետև չկա մի հաղորդում, որին կարելի է անհամբեր սպասել։ Չգիտեմ, չեմ ուզում անուններ տալ, բայց այդ ձայնով, այդ արտաքինով մարդկանց ինչպե՞ս կարելի է եթեր վստահել։ Չէ որ մարդու ձայնից էլ նրա ինտելեկտը երևում է և գիտեք, ինչն էր ամենասարսափելին, որ մեկ, երկու...տասը և ես վարժվեցի։ Հետո ինձ բռնեցի այն բանի վրա,որ մարդը ընտելանում է վատին, ես ինձ վրա դա զգացի, որ կարծես հարմարվում եմ նրան։ Ոչ թե այդ մարդը կատարելագործվեց՝ ոչ։ Այլ ես ընկա, իջավ իմ մակարդակը։ Մենք այսպես կարող ենք ամբողջ մի ժողովուրդ իջեցնել այդ մակարդակին։
- Իհարկե, չէ՞ որ մեդիան հասարակություն է ստեղծում։ Անհնար է սերիալների կոնվեյերի տակ ճզմված մարդկանցից վեհ գաղափարներ ակնկալելը կամ անցնել հեռուստատեսության ստեղծած հերոսների ողջ ֆորս մաժորը և առողջ դուրս պրծնել դրանից։ Նույն ԱԼՄ–ն ոչ թե ուղղակի հեռուստատեսություն էր այլ՝ նոր կենսաձևի մանիֆեստ, շատ որոշակի ուղերձ հանրությանը, որ պետք է ծանակել պրոֆեսիոնալիզմը, բոլոր ոլորտներում գավառամտությունն ու ռաբիսը բարձրացնել պատվանդանին, ծափ զարկել ու պարել։
– Հայաստանի անկախությունից հետո ուղղակի բարգավաճեց դիլետանտիզմը բոլոր բնագավառներում։ Ինչքան դիլետանտիզմ, այնքան անկախ Հայաստան. հենց սկզբից անկախությունը այսպես ընկալեցին որոշները։ Եվ արդեն պարզ էր, որ Թաթա Սիմոնյանին վաստակավորի կոչում կտան, Արամ Ասատրյան կհնչեցնեն եթերից, դրանից այն կողմ էլ ի՞նչ կա։ Սա վերջն է արդեն։
–Ցանկացած վատ լուր արագ է տարածվում, իսկ մարդուց տարածվող հիմարությունը, թերևս, ամենավատ լուրն է։ Բայց մենք բոլորս պատասխանատու ենք մեր ժամանակի համար, մանավանդ, որ, կարծես հասկանում ենք ինչ է կատարվում։ Տեսեք, այն ժամանակ հեռուստատեսության ձեռքին ահռելի լսարան կար, և այդ հեռուստատեսությունը «սարքեց» իմ ծնողների արժեհամակարգը, սերունդ տվեց, որն անգերազանցելի է իր մարդասիրությամբ, հայկական ավանդույթների ու արժեհամակարգերի կրողն է։ Խորհրդային քարոզչությունը բնավ էլ հակված չէր տեղերում ունենալ այնպիսի հեռուստատեսություններ, որոնք կշեշտադրեին ազգային խնդիրները, հայկական ինքնությունը, բայց մեր մինուճար հեռուստատեսությունը հիմնականում դրան լծվեց և գոյացրեց հայկական գլոբալ միտք։ Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։
–Ես Ձեզ մի բան ասեմ և դա, թերևս լինի մեր զրույցի ամենակարևոր միտքը. 88–ի շարժումը ստեղծեց հեռուստատեսությունը։ Մենք կամա–կամաց, բայց հետևողականորեն առաջանում էինք այս ազգային շարժումը՝ լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության մասին ամենօրյա, ամենժամյա հաղորդումներով։ 88 թվին, երբ Երևանում պարետային ժամ մտցվեց, նոյեմբերի 27-ն էր կարծեմ. ռուս գեներալ Սաֆոնովը հրամանագիր էր ստորագրել և եկել հեռուստատեսություն։ Արագ թարգմանեցին հայերեն և տվեցին ինձ, որ գիշերը կարդամ. Իսկ հրամանագիրն այն էր, որ Երևանում մտցվում է պարետային ժամ, նշված էին այն 13 կետերը, որոնք չպետք է խախտվեին, կհիշեք։
–Այո՛, ահագին կոշտ սահմանափակումներ էին, անգամ եթե չեմ սխալվում արգելվում էր 5 մարդուց ավելի մի տեղ խմբվել կամ գիշերը դուրս գալ տնից։
–Բայց հիշո՞ւմ եք այդ թվին մեր հոգեվիճակը, բոլորս Ղարաբաղ կոմիտեի հետ էինք, մենք Հայաստանի անկախությունն արդեն տեսնում էինք։ Բայց ես աշխատանքի մեջ էի, ես պարտավոր էի այդ հրամանագիրը կարդալ ու ավտոմատավորները կանգնած էին ստուդիայի դռան մոտ, որ ոչ մեկը ներս չմտնի։ Եվ ես կարդացի։ Կարդալու ընթացքում ներսս աճում էր այդ զայրույթը, հասել էր արդեն գագաթնակետին։ Վերջացրի և այդ թուղթն ուղղակի շպրտեցի եթերում, շպրտեցի սեղանին ու մարդիկ տեսան սա։
- Երբեմն երբ այլ ելք չի մնում, հարկ է խաղալ ձեռքիդ տեքստը, աչքերով, լուռ ասել, որ դու համաձայն չես, կամ իրոնիայի վերածել ամբողջը, ամենախիստ ռեժիմի դեպքում էլ պրոֆեսիոնալը կարող է ելքը գտնել։ Իսկ Ձեզ չպատժեցի՞ն այդ դեպքից հետո։
-Նախագահը կանչեց, նկատողություն արեց և մեկ շաբաթ ինձ թույլ չէին տալիս առաջին ծրագրով եթեր դուրս գալ։ 11–րդ ալիք կար, այնտեղ տարան, այդ ալիքին մենք «շտրաֆնոյ բատալյոն» էինք ասում։ Բայց հաջորդ օրը ես չէի կարողանում փողոց դուրս գալ. ծանոթ, անծանոթ բոլորը ինձ գրկում, համբուրում էին։ Քիչ էր մնում ինձ ազգային հերոս դարձնեին։ Եվ այդ արարքի հաջորդ օրն իսկ միտինգի հրապարակում ի՜նչ էր կատարվում՝ մարդկանց տեղ ու դադար չկար։ Այսինքն՝ եթե ժողովուրդը տեսնում է, որ հեռուստաէկրանից երևացող մարդը իր համախոհն է, դա հրաշքներ է գործում, հավատացեք։
-Հենց այդ վստահության քվեն չունի այսօրվա հեռուստատեսությունը, ի վերջո միանալ նրա լսարանին կնշանակի քվեարկել նրա օգտին։ Ահա թե ինչու է նրա լսարանն այդքան արագ կրճատվում։ Հակամարտություն ունեցող երկրի համար ուղղակի անվտանգության սպառնալիք է վստահություն չունեցող հեռուստակայանը, որովհետև հակառակորդը կարող է տեղեկատվական պրովոկացիա անել, իսկ դու հակառակը պնդելու համար պիտի վստահելի լինես, չէ՞։
–Վստահությունն ամենակարևորն է։ Նույն 88–ին մարդիկ հենց հեռուստատեսության միջոցով կարողացան հաղթահարել երկրաշարժի արհավիրքը։ Հեռուստատեսությունն իրենց ցավի հետ էր, իրենց կողքին։ Բերում էին ավերակների միջից, դիակների վրա գրած գրություններ, եթերում խցկում էին մեր սեղանի տակ։ Այդ ձեռագրերը, մի կերպ վերծանելով, կարդում էինք, որ օգնենք մարդկանց գտնել իրենց հարազատին, գտնել հենց իրենց, չէ, որ բոլորս էինք այդ օրերին կորցրել մեզ։ Որը ասեմ, որը թողնեմ։ Կամ մութ ու ցուրտ տարիներին ինչպես կարող ես եթեր դուրս գալ մինչև ականջներդ բերանդ բաց, ժպտալով, ճոխ հագնված։ Այդ տոնը ժողովրդի հետ չէր սինքրոնանա։ Դու իրավունք չունես։ Մենք այդպես էինք մտածում։
- Իսկ երբ քեզ մարդիկ չեն վստահում, իշխանությունն ավելի կարծր է դառնում քո նկատմամբ, դարձնում է քեզ իր սպասավորը։ Հիմա ամբողջ մեդիան լցված է հանցագործությունների, կոռուպցիայի մասին հաղորդումներով և իշխանությունը հակված չէ հետապնդել այդ մարդկանց, որովհետև գիտի, որ եթե չհետապնդի, հասարակական կարծիքը չի էլ հալածի դրա համար։ Սա համարյա ողբերգություն է, երբ մամուլի, հեռուստատեսության խոսքն այսքան արժեզրկվել է. ես հիշում եմ, երբ «Լրաբերում» էի աշխատում, եթերում բարձրացված ցանկացած խնդիր եթե լուծում չստանար մեծ անարգանք կլիներ մեզ համար, հիշո՞ւմ եք։
– Իհարկե, հիշում եմ. «Լրաբերի» ժողովներից մեկի ժամանակ, որին ներկա էինք լինում նաև հաղորդավարներս, մի լրագրողի ուղղակի խայտառակեցին, որ չի կարողացել իր բարձրացրած հարցը լուծել տալ. այդ լրագրողը սյուժե էր նկարել,որ Հարավ-արևմտյան թաղամասի մի շենքի վերելակը չի աշխատում. այն ժամանակվա համար դա աղետ էր։ Անցավ մեկ շաբաթ և նույն լրագրողը եթերում հաղորդել էր, որ չնայած մեր ահազանգին, այդ շենքի վերելակը շարունակում է չաշխատել։ Գիտեք ի՞նչ արեցին լրագրողի գլխին։ Այն որ ասում են «շան լափը» լցրեցին գլխին։ Ասացին ՝ ավելի լավ կլիներ, դու կանգնեիր այդ շենքի մուտքի մոտ, բոլոր բնակիչներին ուսերիդ վրա բարձրացնեիր տասներորդ հարկ, քան եթերից ցույց տայիր, որ հեռուստատեսության խոսքը տեղ չի հասել։ Այսինքն՝ դու հետամուտ չես եղել քո բարձրացրած հարցի լուծմանը։ Հեռուստատեսությունը պիտի ղեկավարի նորմալ, գրագետ, հայերեն մտածողությամբ մեկը. Մի 5-6 պրոֆեսիոնալ մարդկանցով կարելի է հեռուստատեսությունը զտել, նոր հունի մեջ գցել։ Կարելի է, չէ՞ գտնել նրանց։ Մեկը՝ Դուք։ Ես կարդում եմ Ձեր հարցազրույցները և զարմանում, որ Հայաստանում այս մակարդակի լրագրող կա...
– Շնորհակալություն, բայց հեռուստատեսությունն ինձ արդեն սպանել է տասնյակ անգամներ և այն ինձ համար արդեն փակված էջ է։ Եվ, միգուցե, արդեն լավ հեռուստատեսության հանրային պահանջն էլ չկա, որովհետև մտածող մարդիկ իրենք են ստեղծում իրենց կյանքի իրադարձությունները, ոչ թե հույսները դնում են հեռուստատեսության վրա, իսկ լրատվական հոսքերն այսօր մատչելի են անգամ ձեռքիդ հեռախոսին և հարկ չկա դրա համար ավելորդ էլեկտրաէներգիա վատնել։ Իմ կարծիքով, հեռուստատեսությունն այսօր կարելի է մոտեցնել թատրոնին, այս կոնցեպտի վրա կարելի է ևս մի քանի տարի դիմանալ։ Իսկ մենք գրաքննում ու գրաքննում ենք այլևս դատարկ այդ տուփը, փոխարենը մտածենք նոր իրականության մեջ հեռուստատեսությունը տեղակայելու մասին։ Իմիջիայլոց, Ձեզ ինչպես էր հաջողվում դիմանալ սովետի գրաքննությանը։
– Մի գլավլիտ ունեինք, ասենք արգելում էր «սուրբ» բառը եթերում ասել։ Ես ասում էի՝ ինչպե՞ս, օրինակ, չասեմ «սուրբ Գրիգոր եկեղեցի, հո չեմ ասելու Գրիգոր եկեղեցի։ Ասում էր՝ չգիտեմ, ինչ ուզում ես ասա, «սուրբ» բառը մի ասա։ Եվ ամբողջ կյանքս գլավլիտով անցած տեքստերը եթերում խմբագրեցի։ Հենց հանում էին, ես տակը գիծ էի գծում, որ այդ բառը պիտի վերականգնեի։ Եվ լինում էին, իհարկե, նկատողություններ։ Ես 40, 50 էջանոց տեքստերն անգիր էի անում, որ հետո ասեմ, թե թղթից չեմ կարդացել, սպրդել է այս կամ այն բառը։ Ես տեղ էի հասցնում այն, ինչ պետք էր։ Ամբողջական պարբերություններ էին հանում Չարենցին նվիրված սցենարներից։ Ես դրանք բոլորը եթերում մեկիկ–մեկիկ վերականգնել եմ։
–Ես լավ հիշում եմ, անգամ այսպես կոչված մերժվածներն էին Ձեր գրական հաղորդումներում երևում, չի բացառվում, որ այդ գլավլիտները միտումնավոր էին չտեսնելու տալիս...
–Դե տեսեք, Լևոն Շանթ չկար դպրոցական ծրագրում։ Բայց մենք հաղորդում պատրաստեցինք, հետո մի ուսուցչուհի գրեց, որ մի ամբողջ դասաժամ նվիրել է Շանթին։ Հետո, կարծեմ դպրոցական ծրագիր էլ մտավ։ Այ, այսպիսին էր հեռուստատեսությունը։
- Իսկ ինչպե՞ս էր կազմվում գրական սցենարը։ Առանձին սցենարիստ կա՞ր, թե՞ ամբողջը Դուք էիք գրում, պատրաստում։
-Ո՛չ։ Մենք ունեինք ռեժիսոր, խմբագիր, գլխավոր խմբագիր, որը սցենարները պատվիրում էր գրականագետներին։ Օրինակ՝ Վաչե Նալբանդյանին, Ռաֆայել Իշխանյանին, որոնք տվյալ հեղինակին լուրջ ուսումնասիրել էին։ Ռեժիսորը մանրամասն աշխատում էր սցենարի վրա, բեմադրական կտորներ էր ավելացնում, հրավիրում էր համապատասխան դերասանների։ Այսպես էր կազմվում։
- Մի քանի օր առաջ սարսռեցի, որ կարդացի մի լուր այն մասին, որ աշխարհում կատարված ծանր հանցագործությունների 80 տոկոսը կատարվել են նախատիպ ունենալով հեռուստատեսային էկրանին ցուցադրված նյութը։ Մեր լրատվական ծրագրերն այսօր լցված է այսպիսի նյութերով, բայց ախր մեր ժողովուրդը հարբեցողության, թմրամոլության, հանցավորության բարձր ինդեքս չունի և չեմ կարողանում հասկանալ, ո՞ւմ է ձեռնտու այս ագրեսիան տարածել։ Ամերիկան իր գրաված հողերի երեկվա ավազակներից հասարակություն կերտեց, եվրոպացի էգոիստները մարդասերներ դարձան, իսկ մենք ահա այս ոսկի ժողովրդին ուզում ենք այսպես խեղել, չեմ հասկանում ...
-Վերնախավից է գալիս, հասել ենք արդեն այս վիճակին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիշեցի,որ փշոտ է անկախության ճանապարհը և մենք պետք է այդ փշերի միջով անցնենք, եթե ուզում ենք ունենալ անկախ Հայաստան։ Բայց հետո իրենք գորգի վրայով անցան, ժողովրդին գցեցին փշերի մեջ։ Ապա սկսվեց թալանը։ Փողերի համատարած հափշտակումը։ Այսինքն՝ ինչ իրենք ժողովրդին քարոզում էին, իրականում դրա հակառակն արեցին։ Եվ հիասթափվեցին մարդիկ։ Այլևս հավատ չմնաց, իրենք ամեն բան մսխեցին։
-Դե իրենք էլ ասում են՝ դուք հետո ավելի լավ Հայաստան կառուցեիք, մենք գնացել էինք...
-Իրենք ամենը փշրեցին, փլեցին։ Դրանից հետոն էլ չկա։ Արդեն սերունցքը գնաց, որ ստեղծվել էր տարիների ընթացքում, դարերի ընթացքում էր ստեղծվել նրանց տեսակը։
-Իսկ Ձեր երկրից գնալն ինչպե՞ս ստացվեց։ Ի՞նչն էր խնդիրը.այստեղ չէի՞ք կարողանում ապրել։
-Ժամանակավորապես եմ Ֆրանսիայում։ Ու չեմ էլ համարում ինձ այստեղի քաղաքացի։ Աղջիկս ամուսնացավ և զույգ երեխաներ ունեցավ։ Եվ իմ օգնության կարիքը շատ ուներ։ Ես չգիտեմ կա՞ մի հայ մայր, ով ձեռք չի մեկնի իր երեխային այսպիսի դեպքերում։ Ես չեմ եկել ուրիշ երկրում ապրելու։ Ես այս հասարակության հետ շփում չունեմ։ Ես չեմ կարող ասել՝ այս երկրի քաղաքացի եմ։ Ես թոռներիս եմ դաստիարակում, որ հայ մեծանան։ Եթե որևէ հեռուստատեսության պետք լինեմ, կգտնեն, կկանչեն։ Ես այն ժամանակ էլ չեմ կարողացել գնալ, խնդրել, թե ասենք՝ Արտեմ Սարգսյան, կարելի՞ է Ձեր «Արմենիա» հեռուստատեսությունում լուրեր կարդալ։ Արտեմ Սարգսյանը ինձ շատ լավ գիտեր, դեմ դիմաց շենքերում էինք ապրում։ Այսինքն՝ ես հասկացա,որ իրենց պետք չեմ, ինչպես և՝ մյուսներին։ Արթուր Բախտամյանին եթե մի օր հանդիպեմ, կասեմ՝ Արթուր ջան, եթե հիմա ես քեզ գայի, ասեի դու ծեր ես, դուրս արի հեռուստատեսությունից, դու ինձ ի՞նչ կասեիր։ Այն ժամանակ մենք 40 և մի քիչ ավելի էինք տարիքով։ Եվ ամեն անգամ հաղորդավարական սենյակ մտնում և ասում էր՝ պետք է թարմացնել եթերը, դուք արդեն շատ եք ծերացած։
– Իմիջիայլոց, դրսի հեղինակավոր ծրագրերը հիմնականում թիրախավորված են 40-ից բարձր մեկնաբանների վրա։ Ի դեպ, լուրջ կենսափորձով մարդը չի կարող 25 տարեկանի խոսքին անվերապահ վստահել, մանավանդ որ, տեսնում է, որ նրա դեմքին մի տառապանքի նշույլ չկա, անհաղորդ է իրեն։
- Շատ ճիշտ եք։ Ես հիմա,որ նայում եմ եվրոպական հաղորդավարներին, 60-ին մոտ կանայք կան, որ չեն խուսափում ցուցադրել անգամ իրենց պարանոցի կնճիռները. նայում ես մարդը կյանք ապրած, իմաստնացած տարիքում է, դու անկախ քեզանից հավատում ես այդ մարդու խոսքին։
–Որովհետև այդ կողմերում մասնագետը արժեք է, այդ ընկերության ամենախոշոր կապիտալը և նրանք լավ են հասկանում, որ նոր մասնագետը պիտի հնի հետ շփվի, որ ժառանգական կոդ, կենսափորձ ու գիտելիք փոխանցվի, ոչ թե ամեն անգամ թելը կտրեն ու ջահելներին կախեն այդ պարանից։
– Համաձայն եմ, նորը դատարկ տեղում ինչպե՞ս արժեք ստեղծի։ Հենրիկ Հովհաննիսյանը մի օր ինձ կանչեց, թե դու կարդում ես այնպես, ինչպես կարդում էին կոմունիստների ժամանակ։ Հիմա անկախ ենք, պիտի ուրիշ ձև կարդանք։ Հարցնում եմ ինչպե՞ս։ Ի՞նչ նշանակություն ունի, որ ժամանակաշրջանում եմ կարդում տեքստը, պիտի կարդամ այնպես, ինչպես ես զգում եմ։ Հարցրի՝ եթե Գոհար Գասպարյանին ասեք, գնա «Անուշի» արիան ուրիշ ձև երգի, արդեն անկախ ենք, տեսնես ի՞նչ կպատասխանի նա։
–Մեր անկախությունն այսօր շատ մեծ փորձությունների առջև է կանգնած։ Ու հարկ է, որ մենք երկու ձեռքով գրկենք ու փայփայենք մեր լեզուն, բայց երբ տեսնում ենք, թե եթերում նա ինչ դժոխքի կրակների մեջ է եփ գալիս, ուղղակի սարսափում ես։ Փողոցային տարբեր սլենգներից կազմված այնպիսի մի լեզու է առել մեր հեռուստատեսությունը, որ արդեն ինտելիգենտ մարդը չի կարողանում այն հասկանալ։ Ես բնավ էլ չեմ պնդում, որ հեռուստատեսությունը խոսի նախորդ դարասկզբի լեզվով, պարզ է. լեզուն ապրող, փոփոխվող գոյություն է, բայց այսքան հալածվելուց, ծամածռելուց հետո ի՞նչ կմնա նրանից։ Չ՞է որ, լեզուն հենց հայրենիքն է, դրա համար էլ հին հարցն է կանգնում. Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք։
–Դե, իհարկե, հեռուստատեսային այսօրվա լեզուն հենց փողոցայինն է, իհարկե լրատվական ծրագրերի մասին չէ խոսքս։ Եվ մի սարսափելի մեծ սխալ է տարածված, թե իբր գրական խոսելիս, մեր լեզվի մեջ կեղծ հնչողություն է մտնում։ Ամենևին։ Ես թե՛ եթերում, թե՛ ամենուր խոսում եմ հենց այս լեզվով և ոչ մի կեղծ նոտա էլ չկա։ Վերցրեք մեր գեղարվեստական ֆիլմերը, որոնք նկարահանել են նախկին սերնդի ռեժիսորները։ Այդ ֆիլմերը լեզուն մաքուր գրական հայերեն է, բայց ականջդ չի սղոցում այդ հայերենը, որովհետև խոսքն է ճիշտ դրված, տափակություններ չկան։ Եթե ասելիք ունես, միշտ էլ գրական հայերենով կարող ես արտահայտվել։
–Այո՛, հենց միտքն է լավ լեզու առնում։ Եվ սակավամտությանը, փաստորեն մեր լեզուն հրաժարվում է սպասարկել ու եթերի լեզուն փաթ է ընկնում։ Վերջում կարծես պարզ դարձավ, թե իրականում ինչ է կատարվում մեր հեռուստաաշխարհում։ Մեր լեզվից լավ հետախույզ դժվար էլ գտնեինք։
–Նախկինում խիստ վերահսկողություն կար, Տերմինաբանական կոմիտե կար, որ ուղղակի հետապնդում էր եթերը։
–Հիմա էլ Լեզվի պետական տեսչությանն է դա վերապահվել և արդյունքը սա է։ Այ, եթե վարչական պատժաչափերը խորհրդանիշներից վերածվեն կլորիկ գումարների, թերևս վիճակը մի քիչ փոխվի։
–Նախկինում հեռուստատեսությունը լեզու, ոճ ուներ, բայց հիշում ես, չէ՞, որ հեռուստատեսության վիդեոդարանը հրդեհվեց, այնքան նյութեր վերացան։ Դա սարքած պատմություն էր։ Ինձ թվում է, այդ շարժումը, որ նոր էր սկսվել, ահագին բան ուզում էր վերացնել։
-Մարդիկ ջնջում էին իրենց կենսագրությունը։ Գիտեք, հակառակ դեպքում, երևի կկրկնվեր գերմանական Շտազիի հայտնի պատմությունը, որի արխիվները հենց բացվեց, մարդիկ նետում էին իրենց կենսագրությունը պատուհանից։ Որովհետև բոլորը բոլորին դավաճանել էին։
-Մեր անվտանգության արխիվն էլ եմ մտել ես։ Այնտեղ էլ աշխատեցի։ Ուզում էի թղթեր հանել, բայց ասացին՝ չի պահպանվել այդ շրջանի արխիվը, որովհետև հրդեհ է եղել, թե ջուր է լցվել։ Այսինքն՝ իրենք սարքում են այդ ամենը, սա փաստ է։ Ինչ-որ մարդկանց երևի պետք էր ինչ-որ կասետներ այնտեղից հանել։ Հանեցին, բոլորը թալանեցին։ Չես իմանա ՝ ինչ եղավ։ Համենայնդեպս՝ իմ այս վերջին 15 տարիները այդ արխիվային գործով զբաղվեցի։ Մի ֆիլմ ստեղծեցի 21 թվականին Երևանի բանտում կացնահարվածների մասին։ Թիֆլիսի արխիվից տարբեր արկածների միջով անցնելով բերեցի մոտավորապես երեք հազարի հասնող արխիվային փաստաթղթեր և երևի շուտով դրանք կհանձնեմ մեր պետական արխիվին։ Շնորհակալ գործ արվեց, բայց ոչ էլ սպասում եմ որևէ շնորհակալության։
–Աիդա ջան, ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ջերմ զրույցի համար.մարդիկ հիշում են, մարդիկ չեն մոռանում.մի քանի օր առաջ, Ձեր ծննդյան օրը տեսա՞ք ֆեյսբուքում ինչ էր կատարվում.շնորհավորանքների, բարեմաղթանքների հեղեղ...Ձեզ հիշում ու սիրում են...
–Չեք պատկերացնի՝ դրանք ի՜նչ արժեք ունեցան ինձ համար։ Ամեն նամակը արցունքները աչքերիս եմ կարդացել։ Ես միշտ սիրել եմ իմ հեռուստադիտողին,իսկ հեռուստադիտողը դա զգում է։Ես, այո՛, ինձ երջանիկ եմ զգում,որ կարողացել եմ տալ մեր ժողովրդին այն, ինչին արժանի է ինքը ...
Զրույցը՝ ՎԱՐԴ Սիմոնյանի

 

Զավեն Օհանյան. հայացք արվեստին

10.11.2021 16:53

 

«Գրական Չորեքշաբթի» էջին ներկայացնելու համար՝ գրականագետ, բ.գ.թ. Նաիրա Համբարձումյանը, ծանոթացրեց մի շատ զարմանալի ու արվեստասեր, նրանով ապրող ու շնչող մի համեստ մարդու՝  Զավեն Օհանյանի հետ։ Զավենի հետ զրույցը այստեղ՝ «Գաղտնի հարցազրույց» բաժնում։

 

Ծնվել եմ Հայաստանում,Ալավերդի քաղաքում 1979 հունիսի 15-ին։ Սովորել եմ Սանահինի Ա.Ի.Միկոյանի անվան դպրոցում ,որից հետո` Ալավերդու Ինդուստրիալ Տեխնոլոգիական Տեխնիկումում, մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց աշխատած չկամ այդ մասնագիտությամբ։
  Տարիներ շարունակ աշխատել եմ մեր քաղաքի մշակույթի կենտրոնում` որպես միջոցառումների կազմակերպիչ,թատրոնում` երաժշտական ձևավորող, ունեմ հեղինակային միջոցառումներ։
  Կյանքի բերումով երկար տարիներ աշխատել եմ կահույքագործ, հետո մի տարի գարեջրագործ։ Պատրաստել եմ հայտնի "Ալավերդի" գարեջուրը։
Այս ամենին զուգահեռ 2006-ից զբաղվում եմ լուսանկարչությամբ, նաև նկարահանումներով։
2007-ից «Բարի կատակ» միջազգային ծաղրանկարիչների ասոսացիայի անդամ եմ,մասնակցում եմ ամենամյա ցուցահանդեսներին։  2007, 2019 և 2021թթ-ին բացել եմ անհատական ցուցահանդեսներ,վերջինս մշտապես ցուցադրվելու և թարմացվելու է։ 2021թ. rafting.am armenia կայքի լուսանկարիչն եմ։
  4 տարի աշխատել եմ Մոսկվայում, բանվորություն եմ արել ,ինչպես նաև լուսանկարել։
  Գրում եմ վիպակներ ,որից առաջինը` «Թերեզան» արդեն տպարանում է։  «Աճպարարի մատանի» վիպակի հիման վրա գրել եմ պիես՝ մոնոդրամա, որը բեմադրվում է մեր քաղաքում, իմ ընկեր, ռեժիսոր, դերասան Արթուր Սիմոնյանի կողմից։

Զավեն Օհանյան

 

Թերեզան

Շուտով ընթերցողի սեղանին կդրվի Զավեն Օհանյանի «Թերեզան» գիրքը։ Ներկայացնում ենք վիպակի սկզբնամասից մի հատված
 
Մեր մոտ հարսանիքներին պատրաստվում են դեռ մի տարի առաջ, օղի են թորում, հատկապես մեր սալորի օղին ձորում տարբերվում է իր համով ու հոտով, սալորը շատ քաղցր է, ու երբ հասնելու պահին արևը շատ է լինում՝ քաղցրությունը անցնում է սահմաները։  Հետո թթու են դնում, վարունգի ու կաբաչկայի,ցուլիկ են պահում,խոզ չաղացնում, էլ չեմ ասում Լուդիկ ձալոյի թխած հացը: ՄԻ խոսքով մի ամբողջ արարողություն՝ դեռ հարսանքը չսկսած,արդեն օր են որոշում , կարծում եմ դա նրանից է ,որ հայերիս մոտ ընտանիք կազմելը շատ լուրջ ու պատասխանատու բան է։
 
-Պալատկում են անելու,ասում են քաղաքից ու վերևներից շատ մարդա գալու.-աղբյուրի մոտի  «բիբիսիներն» են զրուցում։
-Հանաք բան հոմ չի գյուղսովետի ախպոր տղու հարսանիքը։
-Էս ճամփեքին ավտոներ չեն գա,երևի գյուղի ներքևում կկանգնեն։
-Չէ, ի՞նչ ես ասում,երեկ ասին գետի ներքևից ավազ ու քար են բերել լցնեն փոսերը։
-Փոսերը ի՞նչ,անձրևն եկավ կքշի կտանի։
-Հա՛, դե էդ մի օրվա հըմարա էլի։
-Հա՛, բայց ասֆալտն էլ կերան,հետաքրքիրա ինչ եղավ էդ ասֆալտի գործը։
-Այ մա՛րդ դրա մասին մոռացի,դու ասա հասցնեն լցնեն մի երկու օր մենք էլ ճամփեքից կօգտվենք։
Սերոժ պապն էլ,թե.
-Դե ինձ էլ մի քանի նստարան էլ պատվիրել են ավելին սարքեմ,հետո ասին` են դուռ պատուհանն էլ նորոգեմ,հա մեկ էլ ասեցին` մատուռի դուռը սարքեմ։
-Ինչի՞ էդ տեռտեռ էլ են բերելու՞ ,էդ իրենց երեխեքը սուրբ են` մերը չէ՞։
- Հա՜, դե էդ նարկամանին ով կուզիՙ
-Հա ՛ դե էսքան տարի սպասել են գոնե սրտներով լինի,-մեջ ընկավ Վալոդ պապն, որը գյուղի վարսավիրն է։
-Աաա՜,քեզ ինչ կա, էդքանին կթրաշես, կխուզես
ՈՒ էսպես ամեն անգամ հարսանիքից ու առիթներից առաջ,գյուղը հավաքվում էր,քննարկում արածն ու չարածը։ Գնացի հարսանքատան խոհանոց, մեր գյուխսովետի շենքի կողքին էր, արդեն մեծ «կաստրոլկեքը»  բերել էին,հարսները դես դեն էին վազվզում,ամաներն էին լվանում:Հարսանիքը գյուղում մի ամբո՜ղջ արարողություն էր,խոսակցության թեմա, նորություն, բամբասանք։
-Տեսնես սրանց գլխին երբ արև կբացվի,-Ռիտա տոտան էր,-խե՜ղճ աղջիկ ամբողջ կյանքում ուրիշի սեղան գցեց,ուրիշին պսակեց։
-Իիի՜ հա՛ էդ կաղին ո՞վ կուզի, տեր էլ չունի,հորը տարին տասներկու ամիս տանում բերում են։
-Կրակվածն էլ էնքա՜ն սիրունա։
-Դրա փեշին ձեռ տվող էլ չի եղել երևի։
-Ասում են` մոր նման ա, սիրուն կին ա  եղել։
Իսկ ես գլուխս քաշ իմ գործն եմ անում՝ տոլմա փաթաթում,չլսելու տալիս,  գյուղում ինձ բացի են , որ կաղ եմ, խուլ էլ գիտեն,որովհետև միշտ վիրավորանքները չլսելու եմ տվել:
ՈՒ հանկարծ աչքովս ընկավ Արթուրը ,որը խմիչքն էր բերում ու աչքի տակով նայում։ Արթուրին փորձել էին ամուսնացնել մի երկու անգամ,առաջին կինը քաղաքից էր` թողեց գնաց,երկրորդը`կողքի Ծաղկաշատից, եկավ հետո... սարում բռնացրին դուրս արեցին:
Արթուրն ամուլ էր...
 
***
Հորս առաջին անգամ տարան, երբ ես փոքր էի. եկավ սև վոլգան, մի շեեե՜կ ու կանաչ զզզվելի հայացքով մարդ մտավ տուն, սարսափեցի էդ հայացքից։
 -Ну красавица ты иди в другую комнату,а то сееем,-ու ի ցույց դրեց հսկա ժանիքներն ու ամբողջովին արծաթապատ ատամները. ի դեպ դրանք իմ հիշողության մոտ մնացին մինչև կյաքիս վերջ։
Ես չհասկացա ինչա ասում, բայց զզվեցի այդ բառերի երանգներից,ինձ գրկեց մյուս շեկ ու հաստավիզ տղամարդը, փակեցին «կլադովկում»..հին ու կոտրած ունիտազին նստացրեց,մի հատ էլ մատով ցույց տվեց որ լուռ մնամ։ Ես ինչ որ ձայներ էի լսում, կարծես թե վերմակ են թափ տալիս,հետո տնքոցներ,ու էլի այդ զզվելիի ձայնը
֊скажи где этот проклтый архив,а то жизнь преврашу кашмаром.
Միայն կաշմար բառը ծանոթ թվաց,այն էլ ֆիլմերից էի լսել, առաջին ամերիկյան ֆիլմերից...լռություն տիրեց, հետո կարծես գետնին պարկ են քարշ տալիս,թրմփոց լսեցի... հետո բաժակների չխկոց...ծորակը բացեցին...ես կամաց-կամաց մոտեցա միջանցքի դռանը,որի վրա ներքևի հատվածում մեծ մեխերի հետքեր կար, նայեցի...դրանք գրեթե գետնին
հավասար էին... լիքը սապոգներ տեսա ու գետնին ինչ որ մեկը պառկած էր...
- ну,будеш или повторить?
Այդ պահին լսեցի ինձ շատ հարազատ ծխախոտից խռպոտացած հորս ձայնը.
-Ես վաղուց արխիվ չունեմ...
էլի հարված,թրմփոց։ Գետնին պառկած մարդը դեմքով շրջվեց ինձ.հորս անճանաչելի դարձած դեմքը տեսնելով մարմնովս սարսուռ անցավ ու ես թրջեցի տակս... փակեցի
բերանս ,աչքերս... Արթնացա արդեն երեկո էր...
 

Զավեն Օհանյանի «Մտահոգություններ կյանքի մասին» նկարների շարքը

 

Զավեն Օհանյանի «Կինը կաղապարի մեջ» նկարների շարքը

 
 

Զավեն Օհանյանի «Քաղաքական գործիչներ» ծաղրանկարների շարքը

Զավեն Օհանյանի լուսանկարչական աշխատանքներից

 

ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ. ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

20.10.2021 10:50

 

Ծնվել է 1947 թ հունվարի 24- ին , Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում , 1995-2003 թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2004 թ աշխատել   է « Գրական թերթում որպես պատասխանատու քարտուղար , այնուհետև՝ 2005- 2012 թ . թ .   որպես գլխավոր խմբագիր։ Հեղինակ է շուրջ   երկու տասնյակ բանաստեղծական ,   արձակ և պիեսների ժողովածուների :   Գրում է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ . Թումանյանի անվ . տիկնիկային ,   Համազգային , Կամերային պետական երաժշտական , Գյումրիի պետական ակադեմիական , Ալավերդու քաղաքային թատրոններում։   Ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով ,   այնպես էլ՝ գերմաներեն , ֆրանսերեն , անգլերեն , պարսկերեն : Բազմաթիվ մրցանակների   դափնեկիր է :   ՀԳՄ   անդամ է 1976 թ .
 
 
Սամվել ԿՈՍՅԱՆ
                           
                              ԽԱՂ   ԱՌԱՆՑ   ԿԱՆՈՆՆԵՐԻ
                                                / Պատմվածք /
 
    Երազում էի միլիոն դոլար գտնել : Այնքան ոգեշնչված   էի , որ այդ մտքից արդեն շատերն էին ոգևորվել ու   սկսել էին ինձ չափից դուրս մոտ - մոտ անել , մտածելով   միլիոնից   բաժին պոկել : Ոչ մեկին չէի մերժում : Ու երբ յուրաքանչյուրին իր բաժինը խոստանալուց   հետո , փորձեցի հաշվել   տակն ինչ մնաց ,   պարզվեց ,   որ միլիոնից   մի   հարյուր հազար   ավելի եմ բաժանել , ուստի ում   խոստացել ու դեռ ոչինչ չէի տվել , մտովի ներողություն խնդրելով , մտածեցի միլիոնի մասին ընդհանրապես մոռանալ :   Այդ որոշմանը նպաստեց նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ստիվ Ջոնսի , մահից առաջ թողած գրությունը : Միլիարդատերը գրել էր , որ . 30 դոլար   արժեցող ժամացույցը և այն մեկը , որը 300 դոլար արժի , միևնույն ժամանակն են ցույց տալիս : 150000 արժեցող մեքենայով , թե 30 հազարանոցով , ճանապարհն ու տարածությունը միատեսակ են : Եթե այս   ամենը մահից առաջ գրած չլիներ , կմտածեի   մեծահարուստի հերթական կոկետությունն է , քանի որ ամբողջ կյանքում ձգտել է հարստանալ , վստահ , որ թանկն ավելի արագ ցույց կտա ժամանակը և առավելագույնս կկրճատի ճանապարհը : Ես էլ   էի երևակայում , որ միլիոնը կօգներ հասարակության մեջ կարևորել իմ խոսքն ու դիրքը , վերջապես կազատեր սովորական և աննշան լինելու բարդույթից : Սակայն հասկացա , որ հիմար խաղի մեջ եմ ընկել և որ նման   անլրջությունը լավ հանգրվանի չի հասցնի : Միայն խելագարը կարող է միլիոն կորցնել , այն դեպքում , երբ անհնար է , որ   խելագարը միլիոն ունենա : Միաժամանակ հարուստ լինես թե աղքատ , շատ ուտես թե քիչ , ճանապարհորդես թե տանը մնաս ,   կյանքը նույնն է , կյանքի թանկն ու էժանը չկա , որովհետև   մահը բոլոր կյանքերին նույն գինն է տալիս : Վերջ ցնորքին : Մինչև հիմա ընդամենը 10 դրամանոց մետաղադրամ էի գտել , փոխարենը զրկելով ինձ երկնքին   ու   աստղերին   նայելու հաճույքից :   Այլևս գլուխս խոնարհած չեմ   քայլելու ,   հայացքով ասվալտը չեմ մաշելու , ինչից աչքերիս գույնն էլ փոխվել ու ասվալտից չի տարբերվում : Մարդկանց դեմքերն էլ եմ մոռացել ու ով գիտի , քանիսի կողոքով անցել ու չեմ նկատել : Հայացքս   գետնից կտրելուց հետո , որքան էլ անսպասելի ու տարօրինակ ,   առաջինը   Սոնայի դեմքը տպավորեց ,   ում հետ հարաբերություններս վաղուց էի խզել : Փորձեցի շրջանցել , իբր , չեմ   նկատել , սակայն   ձայն տվեց ու նրա բնավորությանը ծանոթ լինելով , ստիպված էի կանգնել : Սոնան առանց   բարևելու միանգամից վրա տվեց .
   - Միլիոնը գտա՞ր :
   - Ի՞նչ միլիոն :
   - Չլինի՞ գտել ես , որ ծանոթներիդ   չնկատելու ես տալիս :
   - Որտեղի՞ց գիտես :
   - Արտակին 50 հազար էիր խոստացել :
   - Ինչքան   հիշում եմ ,   Արտակը չես :
   - Ամուսնանալուց հետո մի   քիչ Արտակ   էլ ես կլինեմ :
  - Բա ինչո՞ւ  ինձ հետ չամուսնացար   :
   - Որովհետև քո սիրո պաշարն ընդամենը մի շաբաթ կհերիքեր :
   - Նրանն ինչքա՞ն է :
   - Մինչ մահ …
   - Կնշանակի անմահությունը   երկուսիդ էլ հարմար կլինի :
   - Ավելի լավ է 50 հազարը տաս :
   -   Որ գտնեմ :
   - Գտնես , ձայն տուր : Գոնե մի անգամ   գործը վաղվան մի թողնի ,- ու առանց հրաժեշտ տալու , հեգնական ժպիտը դեմքին , հեռացավ : Սոնայի հեգնանքին թեև ծանոթ էի , սակայն , երբ հրաժարվել կամ փորձում էի հրաժարվել   միլիոն գտնելու գայթակղությունից ,   այս հանդիպման տհաճությունից   ներսս միանգամից կնճռոտվեց : Սոնային տեսնելը վատ նշան էր , թեև լավ ու վատ նշանի ընտրությունը ոչ թե քո , այլ մի այլ ուժի ընտրությունն է :   Պատահականություններ էլ չեն լինում , բոլոր պատահականությունները որոշակի օրինաչափության հետևանք են :   Կանխազգացումը , որ վատ նշանների շղթան հնարավոր է Սոնայով չավարտվի ,   չէր լքում , թվում էր   սարդոստայնի վերածվել ,   որսում ու խժռում էր օրերիս հանդարտությունը : Անգամ հեռախոսազանգերն էին սկսել ներվայնացնել : Հերթական   զանգը նույնպես չարագուշակ թվաց :  
- Որ չզանգահարեմ , չես էլ հիշի :- Գևորգն էր ու նրա նեղացկոտ տոնը ստիպեց զգուշանալ :  
- Միշտ էլ հիշել եմ :
- Մի ստիր :
- Ստելու ի՞նչ կա :
- Չլիներ , չէի ասի :
- Կարո՞ղ ես պարզ խոսել :
- Լսել եմ միլիոն ես գտել :
- Փնտրում էի ,   չգտա :
- Միևնույն է : Շատ վիրավորված եմ :
- Ինչի՞ց :
- Ում ասես բաժանել ես : Հիշեիր , մի բան էլ ինձ կհասներ :
- Քեզ ինչքա՞ն է պետք ,- հասկանալով , որ դիմադրությունն անօգուտ է , փորձեցի խաղի ռիթմը չփոխել :
- Հարյուր հազարը չէր խանգարի : Չե՞ս իմացել , որ տունս գրավ եմ դրել …
- Հետո՞ …
- Հետո այն , որ կարող եմ փողոցում հայտնվել :
- Ծանր դեպք է :
- Ցավակցելու փոխարեն օգնելու մասին մտածիր :
- Մտածում եմ :
- Շուտ պիտի մտածեիր : Ընկերությունը միայն կենացները չեն : Անկեղծ , հիասթափված եմ :
- Իզուր :
- Փողը ե՞րբ կարող ես տալ :
- Երբ   գտնեմ :
- Գիտեի ,   անլուրջ ես , բայց ոչ այս   աստիճանի : Պիտի իմանաս , որ ընկերոջ ողբերգությունը ծաղրի   վերածելը զզվելի է …
- Ախր … ,- ու չշարունակեցի , որովհետև վերջին բառերից հետ հեռախոսն անջատել էր :   Պարզվում է ինչքան վիճահարույց է անհեթեթ   մտահղացումը , նույնքան դժվար է առանց հետևանքների դրանից   հրաժարվելը : Ճիշտ և ճիշտ ինչպես այն անեկդոտում , երբ մեկը գնում է հոգեբույժի մոտ հայտնելու , թե ինչո՞ւ ինքը մարդ չէ , այլ գարեհատիկ : Հոգեբույժին ի վերջո հաջողվում է   հակառակը համոզել : Սակայն վերջին պահին   հիվանդը   կասկածանքով հարցնում է . << Բժիշկ , որ մարդ եմ , միայն ես ու դու   գիտենք , հավերը գիտե՞ն , որ մարդ եմ , այլ ոչ թե գարեհատիկ >>: Իմ պարագայում էլ ոնց որ վիճակը նունն է : Արդյո՞ք նրանք , որոնց բաժին եմ խոստացել , տեղյա՞կ են , որ խաղն ավարտվել է : Հաստատ չգիտեն , և երևույթը գնահատելով , հավանաբար   չեն էլ ուզում իմանալ :   Այնպես որ մղձավանջը շարունակվելու է ու հայտնի չէ ինչքան կտևի :   Կասկածս խորացավ , երբ Լիլիթի հետ հերթական հանդիպմանը , ով մեր հարաբերությունները գնահատելիս միշտ   զուսպ էր , նա միանգամից   ամուսնության մասին խոսք բացեց :
 - Ինչի ? հանկարծ ,- հարցրեցի ,- մինչև հիմա խուսափում էիր այդ թեմայից :
- Ամեն թեմա իր ժամանակն ունի ,- պատասխանեց մի տեսակ կոտրատվելով , որից   թվաց   ավազե քանդակ է ու անհարմար շարժումից   կարող է ցրիվ գալ :  
- Ի՞նչ է փոխվել ,- նեղսրտեցի :
- Ուզում եմ ինքդ գլխի ընկնես : Միլիոնի մասին չե՞ս ուզում ասել :
- «Եվ դու Բրուտոս»,- հիշեցի , սակայն չարտահայտվեցի , մտածելով ճիշտ չի հասկանա :
- Կարող ենք բնակարան գնել , ճոխ հարսանիք , շքեղ ավտոմեքենա ,- գնալով ավելի էր ոգևորվում Լիլիթը ,- ճանապարհորդություններ՝ Փարիզ , Ամստերդամ , Հավայան կղզիներ ... Քանիսի   սիրտը նախանձից կճաքի , էն որ   երևակայում էին , հիմա կերազեն մտերմանալ , բայց …
- Չշարունակես ,- չդիմացա ու բղավեցի , - Միլիոնը   չկա , մոռացիր : Միֆ էր , ցնորք ,   խաղ էր , որ առանց   սկսվելու վերջացավ : Չգտա , չեմ գտել , չեմ գտնելու և այլևս չեմ որոնելու :
- Չբղավես ,- իր հերթին պոռթկաց Լիլիթը ու տեսա թե ինչպես ավազե քանդակը քարի վերածվեց : - Չբղավես ,- կրկնեց և աչքերից ատելություն ժայթքելով , եզրափակեց ,- Այլևս չզանգահարես :
Պարզվում է , հիմարության հետևանքներն իսկապես անկանխատեսելի են : Մարդկության ողբերգությունն է երևի , երազների հետևից գնալով , կորցնել իրականությունը : Ես ուզում էի գտնել ու հիմա   անընդհատ կորցնում եմ ու հայտնի չէ էլի ինչքան եմ կորցնելու : Եվ   ամենացավալին , որ   քանի շաբաթ անց դատարան ներկայանալու ծանուցագիր ստացա : Իմ դեմ   դատարան հայց էին ներկայացրել , պահանջելով   խոստումներիս տեր լինել ու պարտքերս մարել :
 
 
                                              ԱՌԱՅԺՄ     ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
    ՙՀնարավոր   է վերնագիրը   մինչև   վերջ   էլ   չգտնվի ,   որովհետև   շատ   ավելի   հասարակ   բաներ   են   անհասանելի ,   ինչպես   ասենք ,   ծառերն   ինչու՞,   երբ   կատուներից     ավելի   մրսկան   են   ու   ջերմասեր ,   տաք   եղանակները     թողած ,   ձմռանն     են   մերկանում :   Վերնագիրն ,   իհարկե   կարևոր   է ,   բայց     եթե   ուղեղիդ   մեջ   բառերը     չեն հավաքվում     ու   նրանց   քաոսային   շարժումից     դատարկությունն   ավելի   է     ընդարձակվում ,   ապա   ավելի   լավ   է   շրթունքներդ   կարես   ու   լուռ   մնաս ,   որովհետև   այդ   պահին   բոլոր   ասածներդ   քո   դեմ   են   լինելու …   Շատ   կարևոր   է ,   որպեսզի   օրը   ձանձրույթի     մարաթոնի   չվերածվի ,   քանի   որ   ձանձրույթը     շրջանցելու   համար   վառ   երևակայություն   ու   տաղանդ   է   պետք :   Հնարավոր   է     տաղանդն   էլ   չօգնի ,   որովհետև   վերջերս     նա   էլ   նախկին     էկոլոգիական   մաքրությունը   չունի     և     ավելի     հաճախ     քաղաքականության     կրունկների     տակ   է …     Իսկ   քաղաքականության   մեջ     մաքուր   կրունկներ   չեն   լինում   …   Մաքուր   տեղ   չի   մնացել ,   որ   կրունկն   անցնի   ու   մաքուր   մնա …     Հնարավոր   է   մաքուր   բառեր   դեռ   հանդիպեն ,   բայց   հիմա   էլ     խնդիրը     մաքուր   բերան   գտնելն   է ,   որ     կարողանաս   առանց   վարակելու ,       ողջ   ու   առողջ     բառերին     իրականություն     հասցնել :   Անեծքը   շատացել   է :     Իսկ   արտասվելու   տրամադրություն   չկա …   Ամեն   օր   անիմաստության   կպչուն   տիղմը   դանդաղ   ծածկում   է   դեպի   արկածները   տանող   բոլոր   ճանապարհները ,   երևակայության   թռիչքների   բոլոր   մոդելները ,   երակներդ   լցնում   է տարբեր   հիվանդություններով ,   որոնք   փոքրիկ   գիշատիչների   պես   լափում   են   ուժերդ   և     թշվառ   լրտեսների   պես   մահվանը   տեղեկություններ     հաղորդում   առողջությանդ   մասին … ՚   Այստեղ   ձեռագիրն   ընդհատվում   էր …   Տետրի     հաջորդ     էջի   վրա   ծուռումուռ   տառերով   գրված   էր .   ՙԿախարդանք   չկա :   Շատ   բաներ   չենք   տեսնում     ու   միևնույն   է ,   անտեսանելին   էլ   կյանքի   մեջ   է … ՚ :   Մի   քիչ   ներքևում     ևս   մի   քանի     բառեր .   ՙ   Հոգնեցի ,   ով   կարող   է ,   թող   շարունակի … ՚ :   Տետրի   մնացած   էջերը   մաքուր   էին …     Տետրը   սեղանին   գցելով   մոտեցավ   պատուհանին   ու   դուրս   նայեց …     Խնձորենին   իրեն     տեսնելով     թափահարեց   ճյուղերը …   Ընկերն   ի՞նչ   էր   ծրագրավորել ,   որ   վերնագիրը   դժվարացել   էր   գտնել …     Վերնագիրն     ինչո՞վ   էր   կարևորվել ,   որպես     գաղափա՞ր   էր ,   թե՞   բովանդակություն …     Գուցե   խոսքը   խավարի   անատոմիայի       մասին   է   և     վերնագիրն   այդպես   էլ   հնչելու     էր `   խավարի   անատոմիա …   Բայց     այդ   ամենը   ծիծաղելի   թվաց ;   Հնարավոր   է   ընկերը   ձանձրույթը   փարատելու   համար   մի   քանի   տող   է   խզմզել   և   վերնագրի   բացակայությունն   էլ   մտքի   խաղ   է …     Ամենամոտիկ   տունը     մոտ   երկու   հարյուր   մետրի   վրա   է     և   եթե   ինքդ   քեզ     զբաղմունք   չհորինես ,   ձանձրույթը   ամեն փորձության   կարող   է   ենթարկել …   Ընկերական   հավաքներն   ուրիշ   են ,   ամառանոցը   հենց   ընկերական   հավաքների   համար   է :   Ձանձրույթը   աղմկոտ   միջավայր   չի   սիրում ,   ձանձրույթի   սիրելիները   միայնակներն   են :     Տեքստը   նորից   կարդաց :   Հնարավոր   է       տողերը     կարճ   են ,   որովհետև   հուզական   պահը     կարճ   է   տևել :   Չհասկացավ   ինչու   սենյակը     միանգամից   հեղձուցիչ   դարձավ :     Դուրս   գալով   քայլեց     խնձորենու     կողմը :     Քամին   ահագին     տերև   էր   թափել   գետնին :     Հավաքեց     թափված     տերևները ,   հենց   ծառի   տակ   կույտ   արեց   ու   ինքն   իրենից   գոհ     պառկեց   խոտերին :   Կանաչ   խոտի ,   անցյալ   տարվա     արդեն   փտած   խնձորի  ,   անծանոթ   ծաղիկների   բույրը   զարմանալի   երանությամբ   լցրեց   ներսը :   Երանությունից   փակեց   աչքերը :   Քաղաքն   ասես   լուծվում   էր   բնության   պատկերի   մեջ ,     ծուխն     ու   փոշին ,   ամենատարբեր   աղմուկները   գոլորշու   պես     քուլա - քուլա     դուրս   էին   գալիս   աչքերից ,   քթանցքներից   ու   կոկորդից :   Այն   զգացողությունն   էր ,   որ   մարմինը   թեթևանում   է   ու     քամու   բերանն   ընկած   տերևի   պես   ուր   որ   է     կթռչի :   Փորձեց     խնձորենու   ճյուղերից   բռնվել ,   որ   քամին   ավելի   հեռու   չքշի …   Նույն   պահին   էլ   տերևը     ծառից   պոկվելով     օրորվելով   իջավ   ու   հպվեց     շրթունքներին :     Տերևի   հպումից     փշաքաղվեց     ու     նոր   զգաց ,   որ   հողին     պառկած   սառել   է :   Ոտքի   կանգնեց :     Նորից   տան     կողմը   քայլեց   և     նոր   միայն   նկատեց ,   որ   նկուղի   կիսապատուհանի   ապակիները   կոտրված   են :   Մտածեց   էլի   փորձել   են   ինչ   որ   բան   տանել   կամ   տարել   են …     Շատերն   էին   բողոքում ,   որ   ձմեռները ,   երբ   ամառանոցները   դատարկվում     են ,   գողությունները   շատանում   են :   Ձմեռվանից   հետո   առաջին   անգամն   էր   այստեղ   և   հնարավոր   է ,   որ   իրոք   գողերն   են կոտրել   կիսապատուհանի   ապակիներն   ու   փորձել   են   ներս   մտնել :   Չնայած     նկուղում       արժեքավոր     ոչինչ     չկար ,   այնուամենայնիվ ,     պետք   էր   ստուգել :     Սենյակում   աթոռներից   երկուսը   շրջված   էին :   Երևի     ինքն   է   սենյակից   դուրս   գալիս   պատահաբար   դիպել   ու   շրջել :     Աթոռներն   ուղղեց   և   պատրաստվեց   նկուղ   իջնել :
Նկուղում   մի   քանի   աման - չաման   էր   գետնին   թափված ,   կանոնավոր   դարսված   փայտի   կույտը   շաղ   էր   տված   հատակով   մեկ :   Վառեց   լույսը   և տեսածից   վեր   թռավ :   Անկյունում   գորշ   գայլի   մարմինն   էր ...   Ակամայից   հետ - հետ ,   դեպի   ելքը   քայլեց ,   սակայն   գայլն   անշարժ   էր :   Գետնին   ընկած   փայտերից   մեկով   փորձեց   գայլին   շարժել ,   սակայն   գայլը   դիրքն   էլ   չփոխեց :   Մի   քիչ   էլ   մոտեցավ ,   բզբզեց ,   սակայն   գայլը   չէր   շարժվում :   Ավելի   մոտեցավ   և   ոտքով   հրեց :   Գայլի   գլուխը   թեքվեց   և     անկենդան   աչքերը     հուշեցին ,   որ   կենդանի   չէ :   Ներսը   դատարկություն   զգաց :   Գուցե   նրանից ,   որ   ավելի   անսովոր   բանի   էր   սպասում ,   քան   սատկած   գայլն   է :   Նկուղ   իջնելիս   նույնիսկ     տագնապի   զգացողություն ուներ   ու   քիչ   լարված   էր :   Տագնապն   ու   լարվածությունը   միանգամից   ցնդեցին   ու   մնում   էր     գայլին   նկուղից   դուրս   հանել :   Գիտեր ,   որ   գայլերը   30 կիլգրամից   ծանր   են   լինում :   Բայց   այս   մեկը   չորացել   էր   և   հավանաբար   ավելի   թեթև   կլիներ :   Իրոք ,   միայն   մորթին   ու   ոսկորներն   էին …   Բահով   բարձրացրեց   ու   կիսապատուհանից   էլ   դուրս   հանեց :   Ինքն   էլ   դուրս   եկավ   ու   նույն   բահով     գայլին   այգու   հեռավոր   անկյունը   տարավ   և     այնտեղ   էլ   թաղեց :   Դատարկության   զգացողությունը   չէր   լքում :   Բջջայինով   զանգահարեց       ընկերոջը :   ՙ   Ալո ,   ես   եմ …   Ամառանոցից   եմ   խոսում :   Երևի   կգիշերեմ   ու   առավոտը   շուտ   դուրս   կգամ :   Տեսել   էի՞ր …   Ինչու՞    չասացիր ,   որ   տեսել   ես :   Ես   դուրս   հանեցի   ու   այգում   թաղեցի …   Ի՞նչ   ոգի …   Գայլի   ոգին   սենյակու՞մ   էր …   Վախից   ու   ձանձրույթից   աչքիդ   ոգիներ   են   երևացել …   Զգույշ   կլինեմ ,     դու   ուշադիր   եղիր   ոգուն   հետդ   քաղաք     տարած   չլինես :     Ինչ   որ   բան   լինի `   զանգահարիր ՚ :   Խոսելուց   հետո   դատարկությունն   ավելի   խորացավ :   Տեսնես   գայլը   ե՞րբ   է   հայտնվել :   Գայլերը   ձմռան     շեմին     սովորաբար   միայնակ   չեն   դուրս   գալիս :   Սա   հաստատ   միայնակ   է   եղել :   Գայլերը   փակ   տարածքներ   չեն   սիրում ,   սա   պատուհանը   կոտրել   ու   նկուղ   է   մտել :   Ի՞նչ   է   փնտրել …   Գուցե   ոչինչ   էլ   չի   փնտրել …   Հանկարծակի   մտքում   ծագած   մտքից     փշաքաղվեց :   Չի   կարող   պատահել …           Նորից   զանգահարեց   ընկերոջը .   ՙ   Հա , ես   եմ :   Մոտդ   հանրագիտարան   կա՞ …     Գայլերի   մասին   եմ ուզում   իմանալ …   Փորձիր   ճշտել ,   գայլերը   ինքնասպանություն   գործու՞մ   են …   Եթե   այո ,     ի՞նչ   դեպքերում …   Ինձ   թվում   է   մեր գայլը   ինքնասպանություն   է   գործել …   Կարող   էր   դուրս   գալ   ու   փախչել …     Ծեր   չէր   թվում …     Ատամներից   գուշակեցի …     Ե՞րբ   կզանգես …   Ինչ   ոգի ,   ինչ   բան :   Հանրագիտարանը   գտիր :     Սպասում   եմ՚ :     Մեխանիկորեն   մոտեցավ   սեղանին ,   տետրը   վերցրեց   ու   անսպասելի     գլխատառերով   գրեց .   ԻՆՔՆԱՍՊԱՆ   ԳԱՅԼԸ :
ՙԼավ   էլ   վերնագիր   է ,- մտածեց ,-   միայն   թե   տակը   գրելու   բան   չկա :   Դժվար   է   գուշակել ,   թե   գայլն   ինչու՞   պիտի   ինքնասպան   լիներ :   Մոտավոր   եզրակացությունների   համար   էլ   գոնե   մի   քիչ   գայլ   պիտի   լինել …   Ավաղ … ՚   Եվ   ջնջեց   գրածը ,   այնպես ,   որ   ոչ   մի   տառը   չկարդացվի …     Հետո   զղջաց ,   որ   գայլին   թաղել   է …   Պիտի   ստուգած   լիներ   մորթը   վնասվա՞ծ     է     թե՞   չէ …   Եթե   վիրավոր   լիներ ,   ինքնասպանության   տարբերակը   բացառվում   էր …   Թեկուզ   վնասված   լիներ ,   ոհմակից   ինչու՞   պիտի   առանձնանար …   Ինչ   որ   բան   այնպես   չէր   ու   գլխի   չէր   ընկնում ,   թե   հատկապես   ինչը …     Նորից   ընկերոջը   զանգեց .   ՙ   Գտա՞ր   հանրագիտարանը …   Ի՞նչ   իմացար …   Ոնց   թե   ոչինչ …   Էդ   մասին ,   որ   չեն   գրել ,     բա   ի՞նչ     են     գրել …   Ասում   եմ     կարող   է     ինքնասպանություն     էլ   չլինի ...   Չկողմնորոշվեցի   թաղելուց   առաջ   ստուգել ,   հնարավոր   է   արդեն   վիրավոր   է   նկուղ   մտել ...   Վաղը   մյուս   օրը   գրադարան   կմտնեմ …     Հնարավոր   չէ   գայլերի   մասին   ավելի   մանրամասն   տեղեկություններ   չլինեն …   Ինչու՞   գամ …     Մաքուր   օդին   կքնեմ ,   առավոտյան   կգամ …   Քեզ   համար   վերնագիր   էի   գտել `   ինքնասպան   գայլը ,   բայց   հետո   ջնջեցի :     Նորություն   ունենաս ,   զանգիր …     Ես   էլ   կզանգեմ՚ :   Զգաց ,   որ   ամեն   զրույցից   հետո   հոգնածություն   է   զգում :   Համենայնդեպս ,   հետաքրքիր   օր   է   և   չի   ձանձրանում :     Որոշեց   հարևաններին   այցելել :     Չնայած   այդ   օրերին   ամառանոցը   դեռ   մարդաշատ   չէր ,   բայց   հուսով   էր   գոնե   մի   երկուսին   հանդիպել :   Առաջին   դուռը   փակ   գտավ …     Երկրորդում   բախտը   ժպտաց :   Ամառանոցի   տիրոջ   հայրը   երևի   քաղաքի   ժխորից     էր   փախել ,     անցյալ   տարվա   տերևներն   էր   հավաքել   ու   վառում :     Բարևեց   ու   խոսքի   մեջ ,     նկուղը   մտած   գայլից   պատմեց :   Ծերուկը   չզարմացավ ,   հակառակը ,   հաստատեց ,   որ   ձմռանը   իսկապես     գայլերը   շատ   են   այս   տարածքում :   Մի   անգամ   ձմռանը   գործով   ամառանոց   է   եկել   և   գայլերի   բազմաթիվ   ոտնահետքեր   է   նկատել :   Որ   գայլը   նկուղ   է   մտել ,   հեշտությամբ   բացատրեց .     ՙ Ուրեմը   շատ   սոված   է   եղել՚ :     Մի   քիչ   էլ   զրուցեցին     ու   որոշեց   այցելությունները   չշարունակել :   Պարզվում   է   ոչ   մի   արտառոց   բան ,   ոչ   մի   ինքնասպանություն ,   պարզապես   շատ   սոված   է   եղել ,   ներս   է     մտել ,   ուտելիք   չի   գտել ,   ուժասպառվել   է   ու   չի   կարողացել   դուրս   գալ …   Ընդամենը …   Այս   բացահայտումից   ասես   օրվա   որակը   միանգամից   փոխվեց …   Անհայտին ,   անսովորին   հաղորդակցվելու     լարվածությունը   փոխարինվեց   հանկարծակի   հայտնված   անիմաստությամբ   և     ձանձրույթով :   Չնայած   ուշ   էր ,     նույնիսկ   մտածեց   քաղաք   վերադառնալ :   Արդեն   իր   ամառանոցի   դարպասների   մոտ   այգում   ինչ   որ   շարժվում   նկատեց :   Համոզվելու   համար   տրորեց   աչքերը   և   երբ   նորից   նայեց ,   ոչ   մի   շարժում   էլ     չկար :   Բայցևայնպես ,     ցանկապատի   դուռը   բացելիս   ուշադիր   շուրջն   էր   նայում :   Ամեն   ինչ   խաղաղ   էր ,   միայն   տերևներն   էին   քամուց   խշշում :   Սենյակի   դուռն   ավելի   համարձակորեն   բացեց :   Սենյակում   էլ   փոփոխություններ     չնկատեց :     Նորից   ընկերոջը   զանգահարեց .   ՙ Իմացա …   Ձմեռն   էստեղ   գայլերը   լիքն   են …   Ոչ   մի   ինքնասպանություն   էլ   չկա …   Շատ   է   սոված   եղել   ու   չի   կարողացել   դուրս   գալ … .   Ասում     եմ   ափսոս ,   որ   այդպես   է ,   հիմա   չգիտեմ   ինչով   զբաղվել …   Ներսս   միանգամից     դատարկվեց ,   ոնց   որ     երեխայի   ձեռքից   սիրած   խաղալիքը     խլեն …   Դրսում   ուժեղ   քամի   է …   Քիչ   հետո   երևի   քնեմ …       Վաղը   կտեսնվենք՚ :   Քնելու   համար   դեռ   շուտ   էր :     Մոտեցավ   պատուհանին   և   նույն   պահին   էլ   սարսափած   ընկրկեց ,   պատուհանի   մյուս   կողմում   գայլը   թաթերը   ապակուն   հենած   ներս   էր   նայում :   Բնազդաբար   դեպի   դուռը     նետվեց   և   պտտացրեց   փականը ,   սակայն   չէր   համարձակվում   պատուհանին   նայել :   Մարմինը   պատած   սառը   քրտինքից   տհաճություն   զգաց :   Ձեռքերով   ամուր   փակել   էր   դեմքը   և   դժվար   է   ասել   որքան   ժամանակ   դռան   մոտ   ծնկած   մնաց :   Վերջապես   ձեռքերը     իջեցրեց   դեմքից ,   բայց   աչքերը   դեռ   չէր   համարձակվում   բացել :   Առանց   աչքերը   բացելու   կանգնեց   և   մի   քանի   քայլ   դռնից   առաջացավ :     Զգուշորեն   շրջվեց   պատուհանի կողմն   ու   միանգամից   բացեց   աչքերը :   Պատուհանի   հետևում   միայն   ծառերի   սաղարթներն   էին   քամուց   տարուբերվում :   Համոզվելով ,   որ   ոչ   ոք   չկա ,   ավելի   մոտեցավ …   Դրսում   արդեն   մթնող   երեկոն   էր   ու   ծառերն   էին :     Քամին   ուժեղացել   էր     և   սաղարթներն   ավելի   բարձր   էին   խշշում …   Գայլի   դեմքը   տպավորվել   էր   և   չէր   հավատում ,   որ   տեսածը   կարող   է տեսիլք   լինել :   Փորձեց   գայլի   դեմքը   մանրամասնել …   Զարմացավ ,     որ   չմտաբերեց ,   թե   ինչպիսին   էին   աչքերը ,   մռութը ,   դունչը …   Պարզապես   գայլի   դեմք   էր   ու   վերջ :   Աստիճանաբար   շնչառությունը   կարգավորվեց   և   հետաքրքրասիրությունը   ամբողջովին   գրավեց   ներսը :     Պատուհանից   հեռացավ ,   սեղանից   վերցրեց   տետրը   և   ընկերոջ   գրածը   նորից     կարդաց :   Կասկած   չուներ ,   որ   գայլի   դեմքը   ընկերն   էլ   է   տեսել :   Ոգի   ասելով     դա   էր     ակնարկում :   Ընկերոջ   գրածին   մի   քանի   տող   ավելացնելու   անզուսպ   ցանկությունը   ստիպեց     նստել   և   գրիչը   ձեռքն   առնել :     Երկար   չգիտեր   ինչից   սկսել   և   երբ   ուզում   էր   գրիչը   գցել ,   անսպասելի   միտքը   համարյա   այրեց   քունքերը .   ՙԱմենատեսանելի   անտեսանելին   մահն   է :   Մահն   է   արժեքավորում   ապրելը ,   այլապես   ամեն   ինչ     անիմաստություն   է ,   ամեն   ինչ …     Միայն   զարմանալի   է ,   որ   այդքանով   հանդերձ   մահն   ինքը   ամենամեծ   անիմաստությունն   է … ՚ :   Գրածը   նորից   կարդաց ,   ուզեց   նորից   ջնջել ,   բայց   փոխարենը     գրեց   ՙշարունակելի՚ :  
                                                 
                               0,75   ԳՐԱՄ           ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ
 
    Մեկն   ասել   է ,       ճշմարիտը   մեծ   երջանկությունն   է :   Բոլորը   հավատացել       և   փոքր   ուրախությունները   լուրջ   չընդունելով   այդ   մեծն   են   փնտրում :     Էլ   չեն   ապրում ,   փնտրում   են ,   հավատալով ,   որ   բախտը     կժպտա   ու   մեծ   երջանկությունից   իրենց   էլ   բաժին   կհասնի :   Չգիտեն   ինչպիսին   է     էդ   մեծ   երջանկությունը ,     չեն     պատկերացնում ,   բայց   կարևորը     գտնելն   է ,   կգտնեն ,     կիմանան   ու   կվայելեն :   Պարզվում   է   կյանք   ասածը   էդ   երջանկությունը   փնտրելն   է ,   չնայած   դա   էլ   չլիներ ,   ուրիշ   ի՞նչ   էր   լինելու …   Մենք   ընդամենը   պարապ   հսկիչներ   ենք ,   որպեսզի   չխախտվի   գիշեր - ցերեկ   հերթականությունը :   Հիմա   երաժշտությունը   խանգարում   է   կենտրոնանալ և   ծանոթ   պատկերների   միջից   առանձնացնել     մտերիմ   զգացումները :   Անկեղծորեն   հոգնեցրել   են   շնորհակալությունները ,   որոնց   բովանդակությունը   հաճոյանալն   է :   Ու   ուզում   ես   հարցնել ,   այս   ժամին     ի՞նչ   են   անում   այստեղ ,   երբ   ասելիքը   սպառվել   է   և     տհաճ     են   հնչյունները ,     որոնք   երբեք   չեն   իմացել   ինչպես   են   բառ   դառնում   և   գոյատևում   են ,   որովհետև   դատարկության   մեջ   կեղծ   հնչյունն   էլ     տարողություն   ունի :   Հիմա   նայում   եմ   աջ   ու   ձախ   և   չգիտեմ   ուղղությունը ,   որը   կարող   է   մոտեցնել   մեծ   երջանկությանը , նայում   ու   զարմանում   եմ ,   որ   բոլոր   ուղղություններն   անցնում   են   անցյալի   միջով ,   որ   նույնն   է ,   թե   մի   անգամ   արդեն   անցել   եմ   այդ   երջանկության   կողքով   ու   չեմ   նկատել : Կամ   ուժերս   են   քիչ   եղել ,   կամ   իմաստությունս   ու   աշխարհում   շատ   է   պատահում ,   որ   տեսնում   ու   անցնում   ես ,   որովհետև   միտքդ   չի   կարողանում   տեսածդ   իմաստավորել :   Երևի   մահն   էլ   կողքիդ   է   ու   չես   տեսնում ,     պահապան   հրեշտակդ   էլ   և   ամենակարևորը `   այլմոլորակայիններն   են   պտտվում   շուրջ   բոլորդ ,     ու   նրանք   են     քեզանից   խլում       տեսածդ   իմաստավորելու   կարողությունը ,   բայց   չես   տեսնում   ու   չես   կարողանում   այնպես   անել ,   որ   չխլեն :   Ընդհանրապես ,   պաշտպանությունը   ամենադժվարն   է   մարդու   համար ,   որովհետև   ծնված   օրից   մարդուց   գողանում   են `   գողանում   են   հարազատները ,   բարեկամները ,   ընկերները ,   տիեզերական   անանուն   ու   անտեսանելի   ուժերը   ու   երբ   էլ   ոչինչ   չի   մնում   գողանալու ,   մարդուն   են տանում :   Ոգի   ասածը ,   որը   լքում   է   մարմինը `   մարդն   է ,   առանց   գրպանների   ու   առանց   ոչնչի …   Ու   տանում   է   նույն   պահապան   հրեշտակը ,   որը   կողքիդ   էր ,   բայց   չէիր   տեսնում   ու   կողքիդ   էր ,   որովհետև   ինքն   էր   քեզ   տանելու … Ոգու     տանելու   ձևը   պիտի   իմանաս ,   որովհետև   ոգին   կամավոր   հեռացողը   չի   և   հեռանալիս   էլ   նրան   չի   լքում   անսահման   ցանկությունը `   փնտրել   մեծ   երջանկությունը :   Եթե   իմանային   ինչ   է ,   երևի   գտած   կլինեին   և   պայծառատեսների   ու   գուշակների   աշխարհի   կործանման     կանխատեսումները   վաղուց     իրականություն   կլինեին ,     քանի   որ   աշխարհին   կործանումից     ցանկությունն   է     փրկում `   գտնել   ու   ճանաչել   մեծ   երջանկությունը …   Չարչարվում   են ,   շատ   են   չարչարվում ,   միլիոնավոր   ենթադրություններ   կան ,   հավասարումներ   ու   բանաձևեր ,   կիլոմետրանոց   հաշվարկներ   են   անում ,   բայց   արդյունքը   չնչին   է ,   որովհետև     ամեն   ինչի   մեջ     ներծծված   է     անիմաստութունը …   Հետո   որոնումները   թողած   փորձում   են   անիմաստությունը   չեզոքացնել :   Շատ   անգամներ   են   գոռացել   ու   թմբուկներ   հնչեցրել ,   իբր   հաջողվել   է ,   իբր   կարողացել   են   անիմաստությունը   հիմնականից   բաժանել ,   բայց   ավաղ ,   ամեն   անգամ   անիմաստության   հետ   հիմնականն   էլ   է   ցնդել : Ու   ամեն   ինչ   սկսվել   է   նորից ,   ոգևորվել   են ,   հիասթափվել   ու   սկսել   են ,   հավատալով ,   որ   մի   օր   պատահականությունը   կօգնի   բացահայտելու   գաղտնիքը   և   վերջապես   կհաջողվի   օրորվել   երջանկության   ալիքների   վրա ,   պարտադրել   երանությանը   բացելու   իր   նոր ,   հեռանկարային   շերտերը ,     հասկանալ     արևի   լույսի   շնչառությունը ,   տերևների     լռության     խորհրդավորությունը ,   սիրո   համար     հազար   ու   մի   գույներ   որդեգրել   և   երկխոսության   մեջ   մտնել   պահապան   հրեշտակի   հետ ,   հեշտացնելով   ոգու   մնալ - հեռանալու   պայմանավորվածությունները ,   փորձելով   հաշտության   ու   խաղաղության   սփռոցի   տակ   թաքցնել   նախանձն   ու   քենը ,   չարն   ու   զազրելին :   Պատկերացնում   եմ   կենացների   քանակը ,   ժպիտների   լայնությունը `   փողոցից - փողոց ,   քաղաքից - քաղաք ,   երկրից -   երկիր ,   մոլորակից - մոլորակ …     Բառերը   մեղուների   պես   ծաղկից - ծաղիկ   են   թռչում   և   նեկտարը   տեղափոխում   են   իմաստուն   նախադասությունների   մեջ …   Բայց     ավաղ ,   ցանկալի   պատահականությունը   ուշանում   է   և   ցանկությունների   գնացքը   ամեն   առավոտ   շարժվում   է   առանց   նրա   և   երեկոյան   վերադառնում   է   դատարկությունից   կանաչած   ապակիներով :     Մինչև   որ … .     Հասկացան ,   որ   պիտի   փնտրեն   նրան ,   ով   առաջինն   է   ասել ,   որ   ճշմարիտը   մեծ   երջանկությունն   է :   Բայց   ոչ   մեկը   չի   տեսել   ու   անձամբ   չի   լսել   նրան …     Ո՞վ   է ,   ինչացու՞   է ,   ի՞նչ   ազգից   է :     Եթե   գտնեն   հարցնելու   են ,   թե   ո՞նց   է ,   որ   էդ   մեծ   երջանկությունը     մարդու   մեջ   չի   տեղավորվում ,   մարդու   երևակայության   մեջ   էլ   չի   տեղավորվում ,   եթե   տեղավորվեր ,   որոշ   ժամանակ   հետո   նրան   ընտելացնելու ,   մարդուն   կապելու   ձևերը   կգտնեին :   Բոլորը   փնտրում   էին   և   յուրաքանչյուրը   համոզված   էր ,   որ   հենց   ինքն   է   գտնելու ,   առաջինը   ինքն   է   ճանաչելու   և   որ   առաջինը   լինելու   պահը   մեծ   առավելություն   է ,   քանի   որ   հնարավոր   է   մեծ   երջանկությունը     բաժանելու   իրավունքը   իրեն     տրվի :   Եվ   մտովի   պատկերացնում   էին ,   թե   իրավունքը       ստացել   են ,     բայց   քիչ   անց   հուսահատությունից   կանաչում   էին ,   երբ   պարզվում   էր ,   որ   նույնիսկ   պատկերացումներում     հնարավոր     չէ   հավասար   բաժանել `     մեկին     շատ   էր   հասնում ,   մյուսն   ընդհանրապես   դատարկաձեռն   էր   հեռանում :   Սակայն   երևույթն     այնքան   էլ   չէր   անհանգստացնում ,   որովեհետև   եթե   ասողին   գտնեին ,     նա   ճիշտ   բաժանելու   ձևն   էլ   կհուշեր :   Ու   փնտրում   էին :   Նա   հիմա   հազարադեմ   էր ,   հազարաձև ,   մեկից     հազար   տարեկան ,   հազար   ցեղ   ու   ազգից   էր ,   հազար   լեզու   գիտեր :   Առաջարկում   էին   նրա   անունով   փողոց   կոչել `   գուցե   հայտնվի :   Եկեղեցիներում   մոմ   էին   վառում ,     աղոթելով   Աստծուն     գտնել   նրան :   Նա   ամենուր   էր   ու   ոչ   մի   տեղ   չէր ,   նրան   փնտրում   էին ,   իսկ   նա   կարողանում   էր   ճարպկորեն   թաքնվել   ու   չերևալ :   Բոլորը   ոնց   որ     հանելուկի   մեջ :     Ովքեր   եղել   էին     համակենտրոնացման   ճամբարներում ,   ասում   էին ,   որ   հանելուկը     այդ   ճամբարներից     համարյա   չի   տարբերվում :   Ոչ   մեկը   գետնին   ու   երկնքին   չէր   նայում ,   զբաղված   էին   իրար   լրտեսելով :   Նույնիսկ   արտաքնոցում   հնարավոր   չէր   մեկուսանալ :   Միջավայրը   փոքր   ինչ   աշխուժացավ ,   երբ   սևազգեստ   մեկը   հայտարարեց ,   որ   խոստովանության   ժամը   մոտենում   է ;   Հիմա   բոլորը   սպասում   էին ,   թե   երբ   է   այդ   մեկը   հայտնվելու   ու   խոստովանելու ,   որ   ինքն   է     մեծ   երջանկության   հեղինակը ,   ապա   քանդելու   է   հանելուկը   և     ազատության   միջով   առաջնորդելու   է   դեպի   բաղձալի   երջանկությունը :   Սակայն   խոստովանության   ժամն   ուշանում   էր :   Մի   քանիսը   սկսեցին   կասկածել ,   որ   այդ   մեկն   իրենց   հիմարացրել   է ,   բայց     նրանց     չէին     ուզում   լսել ,   նույնիսկ   սպառնացին   ու   սադրիչներ   անվանեցին ,   իսկ   մի   քանիսը   առաջարկեցին   հրապարակայնորեն   կախել     սադրիչներին :     Գործը   դրան   չհասավ ,     քանի   որ   կանայք   էլ   սկսեցին   բողոքել :   Փորձեցին   կանանց   էլ   վախեցնել :   Բայց   կանայք   այնպես   աղմկեցին ,   որ   հանելուկի   պատերը   սկսեցին   ճաքճքել :   Կանանց   համարձակությունից   ոգևորված   սադրիչ   համարվողները     շարունակեցին   կիսատ   գործը   և   անսպասելի   սկիզբ   առած   միտինգը     հետզհետե     մարդաշատ   էր   դառնում :   Ամենաոգևորվածը   երեխաներն   էին ,   որ   մեծահասակների     խաղերից     հոգնած ,     աշնան   տերևների   պես   դեղնել   ու   քամու   բերանն   ընկած   պտտվում   էին   հանելուկի   ներսում :   Հիմա   ոգևորությունից   շիկնած     քարեր   էին   նետում ,     իրենց   ասելով ,   անտարբերության   ապակիների   վրա :     Բողոքի   միտինգը   ոնց   որ   ձնագունդը     գլորես `   մեծանում   էր   ու   մեծանում :   Հռետորներից   մեկը   նկատեց ,   որ   բոլորը   իրենց   են   միացել   ու   բողոքում   են :     ՙԲայց   բողոքն   ու՞մ   դեմ   է՚   հուսահատված     գոռում   էր   հռետորը :   Վերջապես   նրա   ձայնը   հասավ   հավաքվածներին   և   լռությունը   մառախուղի   պես   ծածկեց   բոլորին :   ՙՈւ՞մ   դեմ   է ,   ու՞մ   դեմ   է՚     արձագանքում   էր   հռետորի   ձայնը   և   ոչ   ոք   չէր   մտածում   պատասխանել ,   որովհետև   չգիտեին   ում   դեմ   և   ինչու   են   բողոքում : Համատարած   լռության   մեջ     որոտ   էր   երեխայի   լացը ,   որը   համոզում   էր   մորը     իրեն   զուգարան   տանել :   Մի   ուրիշը     բղավեց ,   որ   սոված   է :   Տարբեր   ձայներից   լռության   մառախուղը   ծվեն - ծվեն   եղավ     ու   օդ   բարձրացավ : Արևի   շողերը   միանգամից     լուսավորեցին   միջավայրը   ու   բողոքավորները   առաջին   անգամ   իրար     երեսի   նայեցին :   Մի   քանի   վարկյան   անց     լռության   մառախուղը   նորից   բոլորին   իր   մեջ   փակեց ,   ասես   արև   չէր   էլ   եղել :   Մեկը   չկար ,   որ   չմտածեր ,   թե   դիմացինը   հիմարացել   է :     Բոլորը   հիմար   էին   ու   բոլորը   խելոք ,   բոլորը   խղճում   էին   իրար   ու   պախարակում   իրենց ,     որ   հիմարների   խելքին     ընկել `   պարապ - սարապ   ժամանակ   են   սպանում ,   երբ       մեծ   երջանկությունը   հնարավոր   է   տանն     իրենց   է   սպասում :   Ես   տանն   էի ,   պատուհանից       հետևում     էի     միտինգին   և   փորձարկումներ     էի     անում     գտնելու ,   թե   դատարկության     որ   չափաբաժինն   է   վնասակար   մարդու   առողջության   համար :   Մեծ   երջանկությունը   նույնիսկ   տան   կողքով   չէր   անցել ,   բայց   այդ   մասին   լռեցի ,   որովհետև   բողոքավորներին   դիմելն   ավելորդ   էր :     Ոչ   մեկը   մյուսին   չէր   հավատում   ու   չէր   լսում :

Կոլյա Տեր-Հովհաննիսյան. պատմվածքներ

08.09.2020 16:33

Կոլյա Տեր-Հովհաննիսյան 
Ծնվել է Թավրիզում 1945 թվին: Ավարտել է տեղի հայոց միջնակարգ վարժարանը, ապա տեղափոխվել Թեհրան, ուր հեռակա կերպով մասնագիտացել է տնտեսագիտության մեջ՝ ԱՄՆ-ի Շիկագոյի Լասել համալսարանից:
 
Գրել սկսել է վաղ տարիքում, աշխատակցել է Թեհրամում հրատարակվող «Լուսաբեր» մանկապատենական ամսագրին:
 
Նրա բանաստեղծությունների առաջին հատորը «Մայթե՜ր, մայթե՜ր» խորագրով արժանացել է ՀԲՄԸ-ի Ալեք Մանուկյան «Գրական մրցանքի 1973-ի բանաստեղծության բաժնի» հիշատակության ու լույս տեսել նույն հիմնադրամի կողմից Բեյրութում:
 
Երկար տարիներ պաշտոնավարել է շվեդական միջազգային մի ընկերության մեջ՝ վերջին 12 տարիներին զբաղեցնելով ֆինանսի և ադմիրացիայի տնօրենի պաշտոնը:
 
2008 թվին Երևանում հրատարակվել է իր գրչին պատկանող «Ինեսսա» վիպակը («Աղբյուր» հրատարակչություն): Իր կարճ պատմվածքների ժողովածուն «Պղպջակ» խորագրով լույս է տեսել 2009 Երևանում («Լուսակն») հրատարակչություն):
 
Հոդվածներով ու էսսեներով աշխատակցել է Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթին և «Հույս» երկշաբաթաթերթին: Իր պատմվածքները տպագրվել են Բեյրութի «Բագին», Երևանի «Նարցիս», «Աղբյուր» հանդեսներում և Գրական Թերթում:
 
2007 թվից ի վեր հիմնադրել ու խմբագրում է Գրական Կամուրջ  կայքը, որին մասնակցում են բազմաթիվ հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից:
 

Ութերորդ աթոռը 

Մենք ութ աթոռ ունեինք, մնաց յոթը. մեկը կոտրվեց: Չէ, չկոտրվեց, հայրս ամուր հարվածեց հատակին, կտոր-կտոր եղավ: Ես ամեն բան տեսա կիսաբաց դռան արանքից ու տակս թրջեցի:  
...Արթնացա անսովոր ձայներից, իջա անկողնուց ու մոտեցա դռանը... Ավելի ուշ իմացա, որ մայրս պնակը վերցրել էր ընթրիքի սեղանից, նետել հորս վրա. հայրս խաբս էր տվել, ու պնակը, դիպչելով դիմացի պատին, ջարդուփշուր էր եղել: Ինքը պատմեց լացը զսպելով. այսպիսի պահերին շրթունքներն ուրիշ ձև են լինում, տգեղանում է, իսկ մորս բերանը ժպտալիս շատ է սիրունանում: Հիմա էլ կերակրի մնացորդների հետքը երևում է պատի վրա, թեև նա շատ չարչարվեց մաքրելու համար բծերը: Մայրս ասում է՝ երբ տունը նորից ներկենք, դրանք կանհետանան: Նրանք վիճում էին, ավելի շուտ գոռգոռում: Ես ոչինչ չէի հասկանում նրանց խոսքերից: Մայրս անդադար կրկնում էր. «Էդ բոզը»: Իսկական կռիվ էր, անգամ իմ սենյակի կողմը չէին նայում, որ գլխի չընկնեմ, երբեք նման բան չէր պատահել մեր տանը: Մեկ-մեկ պատահել էր՝ իմ սենյակի կողմը նայելով, ցածրաձայն վիճել էին, մի քանի օր սկի չէին խոսել իրար հետ, հետո հայրս գրկել էր մորս, համբուրել, ու ամեն բան եղել էր առաջվա պես: Բայց չէին բղավել ու բան-ման ջարդել: Ուրեմն տեսա, թե հայրս ինչպես աթոռը վերցրեց ու հարվածեց հատակին... Ոչ մեկ անգամ, նա անդադար հարվածում էր, աթոռը դիմադրում էր, վերջը կոտրվեց: Հորս երբեք չէի տեսել այդպես, չէ, դա հայրս չէր, ուրիշ մարդ էր, հայրս այդպիսին չէր... Ուրեմն ամեն անգամ աթոռը հատակին հարվածելիս՝ ես ավելի շատ էի դողում, սենյակն էլ սառն էր, վերջը տակս թրջեցի: Հիմա էլ, օրեր անց, մենակ մնալիս կամ քնելիս տեսնում եմ, թե նա ոնց է ջարդում աթոռը. հիմա էլ վախենում եմ: Վախենում եմ իջնել նկուղ, որ իմ սիրած տեղերից մեկն է. չգիտեմ ինչու հայրս կոտրված աթոռն արագ տարավ նկուղ ու դեն չնետեց... 
Հաջորդ օրը, երկար սպասեցի հորս, բայց նա աշխատանքից տուն չվերադարձավ ու գիշերն էլ չեկավ: Մինչև այդ պատահել էր, որ հայրս ուշ էր տուն եկել, իմ քնած ժամանակ, այսպիսի օրերին էին լինում նրանց ցածրաձայն վեճերը՝ իմ սենյակի կողմը նայելով: Ես ձևացնում էի, թե քնած եմ:  
Հայրս չեկավ նաև հաջորդ օրը, բայց հետո իմացա, որ նախակրթարանում եղածս ժամանակ եկել էր ու, իր հագուստներն ու իրերը հավաքելով, գնացել: Գոնե այն ժամանակ գար, երբ ես տանն էի:  
 
Օրեր անց, մի շաբաթ օր, նա հայտնվեց ու ինձ ասաց, որ պատրաստվեմ, գնում ենք զբոսանքի: Նայեցի մորս կողմը, նա գլխի շարժումով իր համաձայնությունը տվեց: Ինչքան էի ուզում, որ նրանք երկար խոսեն առաջվա պես, հայրս գրկի մորս ու համբուրի, ժպտան, նույնիսկ վիճեն, բայց նրանք բավարարվեցին միայն բարևելով ու իմ մասին մի քանի բառ փոխանակելով: Մայրս ասաց, որ լավ տղա եմ, ինձ լավ եմ պահում, արդեն ճանաչում եմ տառերն ու թվերը մինչև հարյուրը: Մայրս հորս չպատմեց, որ, Հրանտիկի հետ բակում խաղալիս, բեյսբոլի գնդակով փոս ենք գցել մեր մեքենայի դուռը:  
Մի պահ որոշեցի խռով ձևանալ ու չգնալ հորս հետ: Ախր, ինքը գնալիս նույնիսկ ինձ ցտեսություն չէր ասել: Մի քիչ էլ վախենում էի: Բայց հորս շա՜տ, շա՜տ էի կարոտել, մեքենայով զբոսանքի ու պաղպաղակի հեռանկարն էլ պատճառ դարձավ, որ արագ հագնվեմ ու միանամ նրան: Մինչ հագնվում էի, նրանք փսփսալով խոսում էին ինձ անհասկանալի կրեդիտ քարտերի, ապահովագրության, մեքենան փոխելու մասին: 
Հիմա ես երկու ննջարան ունեմ, մեկը մեր տանը, մյուսը՝ հորս բնակարանում: Հորս բնակարանը նոր է, լուսավոր, քաղաքի հարուստ թաղամասում: Ես շատ եմ սիրում թե՛ ինձ հատկացված սենյակն ու խաղալիքները, թե՛ Օլիվիային՝ հորս ընկերուհուն, որ բնակվում է այս բնակարանում: Հայրս այդպես էլ ասաց. «Ծանոթացի՛ր, ընկերուհիս է՝ Օլիվիան»: Նա շատ սիրուն է, մեծ կրծքեր ունի, շեկ մազեր, կարճ շալվար է հագնում և ինձ հետ միշտ խոսում է ժպտալով, օտար լեզվով է խոսում, բայց ես հասկանում եմ, որովհետև շատ չի խոսում ու երբեմն ապուշ հարցեր է տալիս:  
Հորս բնակարանում խիստ կարոտում եմ մորս, մեր տանը՝ հորս: Հայրս ու մայրս էլ, վստահ, կարոտում են իրար, որովհետև երկուսն էլ երբեք վատ բաներ չեն ասում մեկը մյուսի մասին: Հայրս ասում է. «Մաման լավն է»: Մայրս ասում է. «Պապան վատը չէ, մարդիկ, որ բարկանում են, երբեմն աթոռ և այլ բաներ են ջարդում»: Իմ այն հարցին, որ եթե հավանում են իրար, ինչո՞ւ նախկինի պես միասին չենք ապրում, երկուսն էլ նույն բանն ասացին. «Այսպես ավելի հարմար է, մեծանաս՝ կհասկանաս»: Ես շատ եմ ուզում շուտ մեծանալ, որովհետև չեմ հասկանում՝ դրա ինչն է հարմար, ու տխրում եմ:  
Շատ տխրեցի նաև ու հազիվ զսպեցի լացս, երբ նախակրթարանի տարեվերջի հանդեսին հայրս ու Օլիվիան չեկան, թեև խոստացել էին, որ կգան: Հայրս հետո ասաց, որ անհետաձգելի գործ էր առաջ եկել: Իհարկե, ես չհասկացա, թե ինչ է նշանակում անհետաձգելի գործ: Մեր տանը եղած ժամանակ էլ, ուշ վերադառնալիս, նա մորս ասում էր՝ անհետաձգելի գործ առաջ եկավ:  
Մայրս մենակ էր, նստել էր Հրանտիկի մամայի ու պապայի կողքին ու թեև ժպտում էր, բայց մի տեսակ էր: Իմ գլխին պոզեր ու մեջքիս կանաչ թևիկներ էին դրել, դարձել էի թիթեռ, թռվռում էի՝ հազիվ զսպելով փղձուկս: Շատ էի ուզում, որ Օլիվիան ինձ տեսնի այդ տարազով: Շատ եմ ուրախանում, երբ նա երբեմն ինձ գրկում է, սեղմում կրծքին ու մեկ-մեկ համբուրում է: 
Հանդեսի հաջորդ օրը, վախվխելով, հորս գնալուց հետո առաջին անգամ իջա նկուղ ու տնտղեցի ութերորդ աթոռի կտորտանքները: Նստեցի մի արկղի վրա ու լաց եղա: Հայրս ասում է, որ տղաները չպիտի լացեն: Մի կերպ մաքրեցի աչքերս, վերցրի աթոռի ոտքն ու հարվածեցի աթոռի թեքված նստատեղին: Թմբուկի ձայն դուրս եկավ: Նորից հարվածեցի, նորից հարվածեցի, էլի հարվածեցի... ու հեծկլտացի, մինչև որ մայրս ձայնի վրա վազելով հայտնվեց, ձեռքիցս հազիվ պոկեց աթոռի ոտքն ու գրկեց ինձ: 
- Մի՛ լացիր, տղա՛ս,- ասաց նա,- նորը կգնենք, աթոռն ի՜նչ կարևոր է, մի հատ ավել, մի հատ պակաս:  
Ես չգիտեի՝ ոնց բացատրեմ մորս, որ չեմ լացում աթոռի համար, որ չեմ լացում հորս ու Օլիվիայի՝ հանդեսին ներկա չգտնվելու համար, որ... ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ լացում:  
Մայրս ինձ բաց չէր թողնում իր գրկից, ու երբ նայեցի վեր, աչքերն արցունքոտվել էին... 
 
 
Մայիս, 2020 թ. 
Լոս Անջելես 
 

Վեց-մեկ-վեց 

 
Մարիշը ճմլկոտաց անկողնում, շուռ եկավ կողքի ու նորից քնելու անհագ ցանկություն զգաց: Երեկ երեկոյան ամերիկահայ տուրիստների մի ամբողջ խմբի էին հյուրընկալում. «Աղջիկ ջա՛ն, էս բեր, աղջիկ ջա՛ն, էն բեր»... անդադար պատվերներ էին տալիս. այնքան գնաց, եկավ, որ ուժասպառ եղավ: Լիզայի մեջքը ցավում էր. բոլոր ծանր սկուտեղները ինքը մատուցեց: Բայց ավելի անտանելին՝ հագուստի բացվածքներին սևեռված  տղամարդկանց պագշոտ հայացքներն ու ամեն առիթով իրեն հպվելու փորձերն էին, որոնք խմիչքի ներգործմանը համընթաց՝ դառնում էին ավելի համարձակ: Ամիսներ առաջ, եթե հայրն իմանար, թե ինչպիսի պայմաններում և հագնվածքով է ինքը  սպասարկում ռեստորանում՝  կարգիլեր աշխատել. ծնկից շատ վեր՝ կարճ, հետևի կտրվածքով, սև գույնի փեշ, առանց գուլպայի, կարճաթև, նեղ, սպիտակ, բաց օձիքով թափանցիկ  բլուզ՝ անվան պիտակը քորոցով կցված շապիկի փոքրիկ գրպանին. ահա նրա ռեստորանային համազգեստը, որի մեջ պարզորեն ուրվագծվում էին մարմնի բոլոր դարուփոսերը...  Զուր չէր, որ Խորենը խանդի տեսարան սարքեց, վերջն ել խռովեց ու թողեց, գնաց: Բայց ախր Մարիշն ի՞նչ աներ, շատ դեսուդեն ընկավ, բայց չհաջողեց իր թերի մնացած ուսմանը համապատասխան կարգին աշխատանք գտնել: Իսկ հիմա ի՞նչ. հիմա երևի հայրը ստիպված կհանդուրժեր ամեն բան... Այս մտքից Մարիշը ցնցվեց ու հիշեց հյուր եկած կանանց խոսակցությունից մի պատառիկ.   
 
-Ասոնք բոլորն ալ բարոյազուրկ ըլլալու են: 
 
-Ի՞նծի կսես, ատանկ է, բոլորն ալ մեկ սանտրի կտավ են... 
 
Միթե ինքն էլ այդ տպավորությո՞ւնն է թողնում:  Գուցե Խորենն իրավացի էր... Ինչևէ, տանը միակ աշխատող ձեռքն էր,  ուրիշ աշխատանք չկար, չաշխատեր դրությունը անհուսալի կդառնար: Հեռուներից եկավ և դեռ տեղ չհասած՝ միանգամից իրենց տունն էլ ներխուժեց «Էդ անտեր մնացած տնտեսական տագնապը»:  Մայրն էր դա այդպես  կոչել ամիսներ առաջ. Ինքն ու հայրը ծիծաղել էին:  Բայց հիմա ոչ ոք ծիծաղելու հավես չուներ: Կենսախինդ բնավորությամբ հայրը գործազուրկ դառնալուց հետո լրիվ կերպարանափոխվել էր: Ամեն օր, նոր գործ գտնելու հույսով՝ այս ու այն կողմ թափառելուց հոգնած, երբ ձեռնունայն վերադառնում էր տուն, սմքած ու անտրամադիր նստում էր գորգապատ թախտին, ծխում և հայացքը հառելով մի կետի՝ խորասուզվում մտքերի մեջ: 
 
-Մարի՛շ, վեր կա՛ց, ուշ է, - ասես երազի մեջ լսեց մոր ձայնը,- ես գնում եմ:  
 
Հիշեց՝ օրը շաբաթ է, մայրը գնում է վերնիսաժ անցյալից  տան մեջ մնացած վերջին արժեքավոր իրերը վաճառելու մտադրությամբ: Երանի հաջողեր: Իր վաստակածը չէր բավարարում. հազիվ կարողանում էին մուծել բնակարանի վարձը: Գոնե եղբայրը շուտ վերադառնար ծառայությունից, մի բան աներ: Իրենից մեծ , ամուսնացած քույրը նախընտրեց  մնալ գյուղում: Մարիշը կարոտով հիշեց գյուղում անցկացրած իր անհոգ մանկությունն ու պատանեկությունը, քրոջը, քրոջ անուշիկ բալիկներին... Որքա՜ն երջանիկ էր իր ընկերուհիների հետ: Շնորհիվ իր բարի և ծիծաղկոտ բնավորությանը՝ մի գյուղ էր, մի՝ Մարիշ, բոլորի սիրելին: 
 
 Շոգ էր, Մարիշը ճիգով նստեց անկողնու եզրին, ափերը դրեց ճմրթված սավանին ու ոտքերը կախեց վար: Այդպիսի հոգնածություն և մարմնացավ մեկ էլ զգացել էր գյուղում, ընկերուհիների հետ քարաժայռեր մագլցելիս: Բայց այնտեղ գոնե միտքը միշտ պայծառ էր, իսկ հիմա կարծես կշռաքարեր էին դրել գլխի մեջ: Լեռնաին մաքուր օդն ո՜ւր, ռեստորանի՝ ծխախոտի ծխով հագեցած, գաղջ օդն ո՜ւր... Լոգարանում հանվելիս, իրեն տեսավ պատից կախված խոնավությունից մգլապատ հայելու մեջ և առաջին անգամը լինելով գնահատողի աչքով նայեց իր մերկությանը. ճերմակ, անբիծ մաշկ, սլացիկ պարանոց, համաչափ, կլորավուն ուսեր, որոնց վրա թափված էին գանգուր, խարտյաշ մազերը, պիրկ կրծքեր, ձգված որովայն, բարեկազմ զիստեր ու սրունքներ... Ոչինչ, վատ չէ, սովորական, կանացի մարմին: Գուցե այսպես մերկ ու բնական այնքան էլ ուշադրություն չգրավեր... Մարիշը գիտեր, որ կնոջը դյութիչ դարձնողը նրա հագուկապն է. իր ծաղկավոր լայն շորերով գյուղում ո՞վ էր իրեն նայողը... Իսկ ահավասիկ չի կարողանում մոռանալ երեկ երեկոյան իր կրծքի բացվածքից հայացքը չկտրող՝ միջահասակ, թեթև ալեխառն մազերով բարետես տղամարդուն: Եղավ մի պահ, երբ ինքը հանկարծ ետ շրջվեց ու նրան բռնեցրեց իր ոտքերին և հետույքին նայելիս... Անշուշտ, դա առաջին դեպքը չէր, որ տնտղում էին իրեն, բայց այս անգամ սովորական դարձած բարկության ու զզվանքի հետ միախառնված ինչ-որ թաքուն հաճույք զգաց: Նույնիսկ դրդված իր արկածախնդիր բնույթից, որոշեց խաղալ տղամարդու ներվերի հետ. նրան մոտենալիս կռանում էր չափից ավելի, սեթևեթում էր, կամ նայելով նրա գինուց կարմրած աչքերի խորքը՝ խորհրդավոր ժպտում: Այնուամենայնիվ, հարմար պահ գտնելով՝ այդ մասին իր վրդովմունքը հայտնեց Լիզային:  
 
-Շատ ապուշ ես,- ասաց Լիզան,- ես լինե՜ի քո տեղը և ունենայի քո սիրունությունը, կթքեի այս չարքաշ աշխատանքի վրա ու... 
 
Մարիշը, ինչպես միշտ, չլսե՞ց,  թե՞ չլսելու տվեց  շարունակությունն ու հեռացավ, թեև զգաց, որ Լիզային խոսեցրեց՝ հենց այդ բազմիցս կրկնված խոսքերը լսելու համար... Իրոք, դա առաջին անգամը չէր, որ Լիզան բարբաջում էր «էն բանի» մասին... Լիզան ատում էր մատուցողուհու աշխատանքը, «մի գրոշի համար առավոտից իրիկուն» ոտքի վրա անվերջ շարժվելը, հնազանդորեն սրա ու նրա հրամանները կատարելը, արհեստականորեն ժպտալը և որ գլխավորն է՝ շեֆի կոպիտ ու գռեհիկ վերաբերմունքն անխոս  հանդուրժելը.  «Եթե պարապ մնալու վախը  չլիներ, էդ վիժվածքի բմբուլը քամուն կտայի»,- ասում էր նա զայրացած: Լիզայի խոսքերն ու «գլխին էկածները»  շատ ուժեղ էին ազդում Մարիշի վառ երևակայության վրա: 
 
-Մեր արածն էլ բոզություն ա,- մի օր ասաց նա,- մի՞թե մեզ չեն ստիպում հագնվել մեր կամքին հակառակ, իրենց ուզածի պես՝ ամառ-ձմեռ կիսամերկ... Մի՞թե չեն ստիպում անդադար ժպտալ, երբ բարձրակրունկ կոշիկների մեջ ոտքի ցավից լացդ ա գալիս... Գոնե, էն բանում փող շատ կա, կայֆ կա, երբ հարուստ տղամարդը չոքում ա առջևդ ու շան պես լիզում...  
 
Սառը ջրով լոգանքը քիչ մեղմեց մարմնի նվնվոցն ու թարմություն պարգևեց Մարիշի թմրած ուղեղին: «Տեսնես, Խորենն ինչ ա անում, կարո՞ղ ա գտել ա մեկին ու ինձ լրիվ մոռացել»: Մի պահ ուզեց հեռախոսել նրան: Երանի Խորենը գար, իրեն տաներ, ազատեր այս մղձավանջից: Սակայն նույնիսկ  այն ժամանակ, երբ հայրն էլ աշխատում էր, Խորենի վիճակը, վիճակ չէր, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում... Ով գիտի՝ այժմ ի՞նչ օրի է: Որքա՜ն էր կարոտել Խորենին, իրենց համբույրներն ու թաքուն հանդիպումներին, բայց դրա հետ միասին զգում էր նաև խորը վիրավորանք. ինչո՞ւ նա չհասկացավ իրեն, մի՞թե չէր գիտակցում, որ ինքն աշխատում էր  հորն օգնելու համար, բեռ չդառնալու համար, մի քիչ տնտեսելու և իր օժիտը պատրաստելու համար, իրենց ապագայի համար... Ա՞յդ էր նրա սերը, սիրո խոստումները. իրեն քաջարելելու, իր անձնազոհությունը գնահատելու փոխարեն, կոպտեց, փնովեց, ձենը գլուխը գցեց:  «Ուրիշ աշխատանք չկա, էս էլ զոռով եմ գտել»,- արդարացավ ինքը: «Չկա, վեր ընկի տանը, թե չէ՝ էդ վիճակով...»: Միթե իր արածն անձնազոհությո՞ւն չէր, չէ՞ր  զոհում իր անձը հանուն հարազատ մարդկա՞նց: Չէ՞ որ դա անում է սրտանց, առանց պարտադրանքի: Իսկ իր անձնազոհության դիմաց մինչև անգամ  պիտի արդարանա, պատասխան տա սիրած մարդուն, ծնողներին... Ինչո՞ւ:  Անձը զոհում է, հո չի վաճառում: Իսկ գուցե՞ վաճառում է. հիմա ամեն-ամեն բան ենթակա է առ ու վաճառքի... Իսկ ի՞նչ անի, թողնի՞ ծնողներին, հեռանա՞... Ո՞վ է սահմանել այս «հարազատական» պարտավորություններն ու բարոյական նորմերը՝ «էսպես հագնվի՛ր, էնպես մի հագնվի՛ր«, «էսպես արա՛, էնպես մի՛ արա», և դեռ փող էլ աշխատիր, հորդ, մորդ պահիր... Աշխատանքը կամ փող վաստակելն էլ մի այլ պարտադրանք է...  Զզվել էր ամեն ինչից...  
 
Լոգարանում Մարիշը լվացքի համար առանձրացրեց սպիտակեղենն ու շապիկը: Շապիկի վրայից հանեց պիտակը և ստուգեց գրպանը: Այնտեղ մի բացիկ կար: Հիշեց, հեռանալիս՝ միջահասակ տղամարդը ժպիտը դեմքին մոտեցավ իրեն ու «Ապրիս, աղջիկս» ասելով՝ կանաչ թղթադրամի հետ մի բան խոթեց ձեռքը: Մարիշն այնքան հոգնած էր, որ անմիջապես մոռացավ դրա  գոյությունը... Հիմա անհամբեր բացեց ծալված թուղթը և հազիվ կարողացավ կարդալ վատ ձեռագրով գրված տողերը. «Հոթելի լաբիին մեջ քեզի կսպասեմ երեկոյան կողմը, հինգէն-վեցի ատեն»: Իսկ ավելի ցած՝ նշված էր, միայն հյուրանոցի անունը և սենյակի համարը՝ 616... «Ինձ ի՞նչի տեղ ա դրել էդ... էդ..., ո՞նց ա հանդգնել»... Մարիշը շառագունեց զայրույթից. Բացիկն, ասես, այրում էր ձեռքը... Մի պահ ուզեց պատռել ու դեն նետել, բայց անմիջապես հրաժարվեց  այդ մտքից: «Կգնամ, էդ սրիկային տեղը կդնեմ»,-  մտմտում էր նա ջղայնացած...   
 
Հայրը տանն էր.  դեռ չէր նախաճաշել և սպասողական նայեց աղջկան. մեկը միշտ պետք է մատակարարի հորը: «Ո՜ւհ, այս տղամարդի՜կ...». միջահասակ տղամարդու հանդեպ իր բարկությունը մտքում հոր վրա թափելուց հետո Մարիշը դուրս եկավ  մատնաքաշ հաց և պանիր գնելու: Քայլելիս ոտնաթաթերը ցավում էին: Այս գիշեր ի՞նչպես էր աշխատելու:  Ծանր օր էր սպասվում. քաղաքը լցվել էր արտասահմանից եկած քմահաճ տուրիստների խմբերով: Ինչ գնով էլ լինի պետք է դիմանա ու աշխատի, աշխատի, աշխատի... Հայտնի չէ՝ ի՞ր, թե՞ գործատիրոջ համար: Փաստորեն իր հոգին բերանն է գալիս չնչին աշխարտավարձի դիմաց, իսկ գրասեղանի հետև առոք-փառոք բազմած  գործատիրոջը հասնում է առյուծի բաժինը... մեկն էլ չկա, որ պաշտպանի իրենց շահերը, էն էլ էս դարում: Թարսի պես Լիզայի մեջքացավն է բռնել: Իսկ գո՞ւցե դա սկի էլ մեջքացավ չէ, այլ՝ «փորացավ» գործից փախչելու համար... Լիզան վատ կին չէ, շատ է օգնել իրեն. Մարիշը հասկանում էր, որ կյանքի դաժան  պայմաններն էին նրան ստիպում երեմն ստել, երբեմն լինել երկերեսանի. դեմքով լավիկն է, բայց տարիքն անցել է, այնպիսին չէ, որ կարողանար  «էն բանով» զբաղվել... Մարիշը հանկարծ զգաց, որ իր բոլոր մտածումները գալիս ու հանգում են այդ կետին... «Երևի խելքս թռցնում եմ,- մտածեց նա,- կամ էլ Լիզայի ասելով՝ խելքի եմ գալիս...»: Այս մտքից ողնաշարում սարսուռ  զգաց, ցնցվեց: Մի պահ իրեն պատկերացրեց միջահասակ տղամարդու հետ փակված հյուրանոցի 616 համարում... Ո՛չ, դա անկարելի էր: Ինչպե՞ս կարող էր այդպիսի բան մտածել: Ինչևէ, չի երկնչի, կգնա, նրան մի լավ տեղը կդնի ու այնտեղից հայդե՝ աշխատանքի... 
 
Մայրը հոգնած ու անտրամադիր ներս մտավ այն պահին, երբ Մարիշը պատրաստվում էր տնից դուրս գալ: Նա հազիվ էր քարշ տալիս ձեռքի ծանր պայուսակը:  
 
-Ոչ մի բան չծախվեց,- ասաց վհատ տեսքով,- մի երկու հոգի սակարկեցին, ցածր գնով ուզեցին չտվի:  
 
-Է՛հ, դու էլ, տայիր, պրծնեիր,- ասաց հայրը դժգոհ:  
 
-Կարաս՝ ինքդ գնա վաճառիր,- ասաց մայրը չարացած: 
 
-Հենց միայն էդ էր մնացել, որ գնայի էնտեղ, ժամերով ցցվեի ու ծաղրի առարկա դառնայի,- ասաց հայրը:  
 
-Չոռ ու ցավ դառնայիր,- մայրը ձայնը բարձրացրեց  բարկությունից դողալով, բայց հանկարծ նկատելով Մարիշին՝ փոխված ձայնով զարմացած հարցրեց.  
 
-Էդ ի՞նչի ես էդպես զարդարվել, ո՞ւր ես գնում:  
 
-Աշխատանքի,- սառը պատասխանեց Մարիշը: Վերջերս  շատ էր  նեղվում հոր և մոր միջև ծավալվող՝ ամենօրյա վեճերից:  
 
-Էսքան շո՞ւտ, միթե քո հերթափոխը ժամը վեցի՞ց  չի:  
 
Մարիշը անխոս դուրս եկավ և դուռն անձայն ծածկեց իր հետևից: «Երևի չստեցի,- անցավ մտքով ու նորից ցնցվեց,- գնում եմ աշխատանքի, բա ո՞նց»... Մայրը դարձյալ դադարկաձեռն էր վերադարձել, հայրը չէր ցանկանում վար իջնել իր օդային ամրոցներից: Ի՞նչ էր լինելու այս բոլորի վերջը:  Տարված տխուր մտքերով, Մարիշը չհասկացավ, թե ինչպես հասավ շքեղ հյուրանոցի նույնքան շքեղ ապակե դռան առջև: Զգաց, որ հետզհետե թուլանում է միջահասակ տղամարդուն իր տեղը դնելու վճռականությունը: Ի՞նչ գործ ուներ անծանոթ, օտար մարդու հետ: Իսկ գուցե նա պարզապես հավանել և ուզել է հանդիպել իրեն, ինչո՞ւ այդքան շուտ եզրակացրեց, որ նա իրեն դրել է... Մարիշը նորից բռնկվեց, բայց զգաց, որ կորցնում է քաջությունը: Ակամայից նայեց շուրջը. այս որտե՞ղ էր գտնվում ինքը: Ներս մտնե՞ր, թե՞ հեռանար: Ենթագիտակցորեն զգում էր, որ իր հաջորդ քայլը լինելու է անկյունադարձային: Ինքն այդպիսի զգացում ունեցել էր տարիներ առաջ, երբ մի անգամ քարափներում ստիպված պիտի ցատկեին մի լայն ճեղքի վրայից. ընկերուհիները վախեցան, ընկրկեցին ու որոշեցին շրջանցել ճեղքը: Բայց ինքը հավաքելով շրջազգեստի փեշերն ետ-ետ գնաց ու ցատկեց... Օ՝, որքան խորն էր իր հրճվանքն ու ուրախությունը, երբ ապահով կանգնած Ճեղքի մյուս կողմում՝ սկսեց տնազ անել ընկերուհիներին...  Հիմա նրա մեջ խոսում էր արկածախնդրության նույն մոլուցքը: Գիտեր, որ այդ պահին, ոչ մի ուժ չէր կարող իրեն հետ պահել կայացած մտադրությունից:  
 
Դռան էլէկտրոնային աչքը որսաց գեղեցկուհի աղջկան. ապակե փեղկերը թափով հեռացան իրարից, ու Մարիշը ներս մտավ համարձակ քայլերով... 
 
 
 
* * * 
 
-Եկուր հոս, աղջիկ ջան, - ետևից լսեց տղամարդու ձայնը և կտրուկ շրջվեց:   
 
-Դուք ի՞նչ եք ուզում ինձանից,- հրացայտ աչքերով տղամարդուն նայելով և ձեռքում պահած երկտողը նրան պարզելով՝ ասաց Մարիշը,- ինչո՞ւ եք սա տվել հենց ինձ:  
 
-Հանդարտվե, հանդարտվե, աղջիկ ջան, բարևդ ո՞ւր է. բան մը չէ ուզածս,- տղամարդը բազմանշանակ ժպտաց,- ըսի ծանոթանանք, եկուր,եկուր հոս նստինք:  
 
Տղամարդու վերաբերմունքը բարեկամական էր, սակայն վստահություն չէր ներշնչում: Մարիշը նորից տատանվեց, բայց չընդդիմացավ: Նրանք նստեցին երկու ազատ դեղնագույն կաշվե բազկաթոռներին: Շուրջը հյուրանոցային եռուզեռ էր: Մարիշը նախանձով էր նայում համակարգչի առջև կանգնած, մուգ կապույտ կոստյումներ հագած՝ սպասարկող աղջիկներին, որոնք վարժ խոսում էին օտարերկրացի տուրիստների հետ: Ինչո՞ւ ինքը օտար լեզու չսովորեց. այ, սա կարգին աշխատանք է, լսել էր, որ լավ էլ վճարում են: Նրանց մոտեցավ մատուցողը:  
 
-Ի՞նչ կփափագի խմել օրիորդը,- հարցրեց տղամարդը:   
 
-Ջին, տոնիկ ջրով ու  կիտրոնով:- Մարիշը ռեստորանից գիտեր զանազան խմիչքների տեսակները և այստեղ դա պետք եկավ. ի՞նչ կարևոր էր, որ ինքը երբեք ջին չէր խմել, այլ միայն մատուցել էր... 
 
Տղամարդն իր համար սոդայով վիսկի պատվիրեց, ընդ որում հայացքը չէր կտրում Մարիշի բարեձև ծնկներից:  Եվ՝ ոչ միայն նա. մոտիկից անցնող համարյա բոլոր տղամարդիկ խեթում էին գրավիչ արտաքինով, ոտքը ոտքին անկաշկանդ գցած աղջկան: Այդ երևույթը թե՛ վանում և թե՛ շոյում էր Մարիշի ինքնասիրությունը: Նրա մտքովն անգամ չէր անցնում կարճ փեշը հնարավորին չափ հավաքել ազդրերի շուրջ: «Նայում են, թող նայեն, էնքան նայեն, որ կշտանան»,- մտքում չարախնդում էր նա ու զարմանում. այդ երբվանի՞ց էր իրեն այդքան ազատ  զգացել...  Տղամարդը հպարտությունից փքվել էր:  Նա անդադար խոսում ու պատմում էր իրենց շրջագայությունների մասին: Հարուստ գործարար մըն է, հոս եկեր է թե՛ պտույտի և թե՛ բիզնեսի համար... Մարիշը ընկել էր երանության մեջ, նայում էր դիմացը նստած տղամարդու անդադար շարժվող ձկանման, նուրբ շրթունքներին և համարյա ոչինչ չէր հասկանում նրա պատմածներից: Լաբիի յուրահատուկ մթնոլորտը, մեղմ երաժշտությունը, ամեն ազգության ու տարազների տեր մարկանց չընդհատվող շարժումն ու բլբլոցը, փափուկ ու հանգստավետ բազկաթոռը և խմիչքի ազդեցությունը նրան հեռացրել էին իրականությունից: Իր ողջ էությամբ զգում էր երանավետ հանգստություն ու թմբիր: Տղամարդու մուգ սրճագույն, գծավոր փողկապը ծռվել էր մի կողմ և քրտինքի կաթիլներ էին հայտնվել ճակատին: Նա նորից խմիչք պատվիրեց և հաշիվը պահանջելով՝ ստորագրեց ստացականն ու նշեց սենյակի համարը՝ 616: Մարիշը լրիվ մոռացել էր՝ նրան «տեղը դնելու» իր որոշման մասին: Համակվել էր մի տարօրինակ զգացումով. Իրեն թվում էր, թե այդ բոլորը խաբուսիկ երազ է, թե այդ տղամարդը մաս չի կազմում շրջապատող իրականությանը... Չգիտեր նրա ով և ինչ մասնագիտության տեր լինելը,  չգիտեր ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, նույնիսկ անունը չգիտեր ու չէր ցանկանում իմանալ: Ռեստորանի բոլոր հյուրերի պես նա էլ վաղը ընդմիշտ կանհետանար իր կյանքից: Նա՝ սենյակ համար 616-ն էր, ինչպես ռեստորանում՝  համար այսինչ կամ այնինչ սեղանը... Այնուամենայնիվ, Մարիշը խայթվածի նման վեր թռավ տեղից, երբ տղամարդը բռնելով նրա ձեռքը և բերանը մոտեցնելով ականջին՝ շշնջաց. 
 
-Հարյուր հիսուն դոլարեն ավել չեմ կրնար տալ:  
 
-Ես, ես... 
 
-Կհասկնամ կոր, պիտի ըսես, որ քեզի ավելին կու տան: Շատ աղվոր ես, շատ գեղեցիկ, չես նմանիր... 
 
Մարիշը ցանկանում էր վերկենալ ու փախչել: Բայց ասես մեխվել էր բազկաթոռին ու զարմացած նայում էր առջևը նստած ու սպասողական իրեն նայող տղամարդուն:  
 
- Դուք, հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք խոսում... Ես, ես...  ձեր իմացածներից չեմ... 
 
- Հասկցանք, հասկցանք, երկու հարյուր դոլար, և վերջ,- ասաց տղամարդը և մի անգամ ևս թղթի կտորի վրա սենյակի համարը գրելով՝ դրեց  շշմած Մարիշի ափի մեջ:  
 
- Նայինք, շատ չուշանաս, աղջիկ ջան, վերը կսպասեմ քեզի... Լաւ չըլլար մեր միասին վեր ելլելը: 
 
Մարիշը լուռ նայում էր նրան անփոփոխ, շշմած հայացքով: 
 
- Մի երկմտի՛ր, աղջի՛կ ջան,- փաղաշուք ձայնով ասաց տղամարդը,- դրամը սկիզբեն կանխիկ կու տամ քեզի...  
 
Մարիշը սթափ հայացքով նայեց դատարկ բազկաթոռին, ուր քիչ առաջ նստած էր տղամարդը: Նրան թվաց, որ քիչ առաջ ոչ ոք նստած չէր այդ բազկաթոռին, որ ոչ ոք չի սպասում իրեն,  հիմա վեր կկենա ու կգնա այնպես, ինչպես եկել էր... «Ի՞նչի համար էի եկել, ի՞նչ դուրս եկավ»,- համենայդեպս խորհեց նա ու քմծիծաղեց: Սենյակի համարը վաղուց էր սեպվել ուղեղում, բայց ասես վստահանալու համար բացեց ու նայեց սևով սպիտակի վրա գրված համարին. Վեց-մեկ-վեց: Դա նրան վերադարձրեց իրականությանը. ո՛չ, այստեղ այլևս անելիք չուներ: Ալարկոտ բարձրացավ տեղից ու դանդաղ քայլեց դեպի հյուրանոցի դուռը: Ինչքա՜ն արագ ավարտվեց վայելքի պահը: Ջինի ազդեցությունը դեռ չէր անցել, սակայն Մարիշի ուղեղը աշխատում էր սառն ու բնականոն: Նայեց ժամացույցին. քիչ էր մնացել հերթափոխին, բայց փույթ չէ՝ կհասցներ ներկայանալ ժամանակին: Հանկարծ, չգիտես որտեղից,  հակասական մտքերն ու պատկերները միանգամից սկսեցին խուժել ու հաջորդաբար հայտնվել նրա գիտակցության պաստառի վրա: Ահա ռեստորանի խոհանոցը անլվա ամանների կույտերով ու այրված ճարպի տհաճ հոտով,  ահա ինքը՝ հյուրերի պատվերները կեղծ ժպիտով նշելիս, խորովածով բեռնված ծանր սկուտեղը կրելիս և իրեն հառված տղամարդկանց լկտի հայացքները հանդուրժելիս, ահա Լիզան՝ իրեն «ապուշ» անվանելիս, Խորենը՝ վրան գոռգոռալիս, ահա իրենց փոքրիկ վարձու բնակարանը և այնտեղ տիրող լարված մթնոլորտն ու հոր, մոր անվերջանալի վեճերն ու  անորոշ ապագայի մռայլ հեռանկարները...  Եվ... երկու հարյուր դոլարը, որին տիրանալու բուռն ցանկությունը ոչ մի կերպ չի կարողանում վանել իրենից, թեև նունիսկ չգիտեր՝  դա քիչ, թե շատ էր... Միայն Լիզայից լսել էր, որ դրսից եկածները կծծի են...  Առաջին անգամն էր, չստուգի՞  Լիզայի հետ... այդ մտքից ծիծաղը եկավ: Տատամսոտ կանգ առավ լաբիի կենտրոնում: Իրենից դեպի ձախ հյուրանոցի դուռն էր, դեպի աջ՝ վերելակը... Երկուսն էլ նրան տանում էին անձնազոհության ու  տառապանքի ուղիով...  Թերևս միայն այն տարբերությամբ, որ դեպի ձախ՝ էժան գնով պիտի վատնվեին իր կյանքի լավագույն օրերը, երիտասարդական ավյունն ու թարմությունը, իսկ դեպի աջ՝ թանկ գնով պիտի վաճառեր  իր... մարմինն ու այդ բարոյականություն կոչվածը... Սրանցից ո՞րն էր ավելի ծանր կշռում... Տվյալ պահին ինքը հոգնած էր, թքած ուներ գորշ ու մռայլ աշխարհի վրա, դեռ ցավում էր իր շքեղ մարմինը, իր միակ ու անկրկնելի կապիտալը, որի հետևից վազում էին բազմաթիվ տղամարդիկ... 
 
 Պայուսակից հանեց բջջայինը և ուզեց զանգել Լիզային, բայց անմիջապես հրաժարվեց. երկար-բարակ խոսելու և բացատրություններ տալու տրամադրություն չուներ: Բավականացավ կարճ հաղորդագրությամբ. 
 
-Լիզա ջան, չսպասեք, էլ չեմ գալու:  
 
Մարիշը անվարան, կտրուկ թեքվեց աջ ու մոտենալով վերելակին՝ սեղմեց կոճակը: Նա համոզված էր, որ վեց-մեկ-վեց համարը հավերժ դաջված կմնա իր հիշողության մեջ...  
 
 
Մարտ 2009 թ. 
Թեհրան 
 
 

Առիթ                                

-Ներեցե՛ք,- ասաց ուշացած տղամարդը ցածրաձայն ու տեղավորվեց միայնակ նստած կնոջ կողքի աթոռին: Ուրիշ դատարկ աթոռ չկար:  
 
-Խնդրեմ,-ասաց կինը, հարևանցի նայեց եկվորի տեսք ունեցող տղամարդուն ու ազատ ձեռքով փեշը ավելի իջեցրեց բաց ծնկերի վրա: Մյուս ձեռքով բռնել էր գոգին դրած բավականին մեծ, սպիտակ, ոսկեգույն օղակներով պայուսակի կանթը:  
 
«Քառասունհինգից ավել չես տա», մտածեց կինը և տարակուսեց՝ իր ի՞նչ գործն է:   
 
Վավերագրական ֆիլմ պիտի ցուցադրվեր: Աթոռները շարել էին կիսաշրջանաձև, կողք-կողքի: Շատ մարդ չկար: Ֆիլմի հեղինակ-ռեժիսորը որոշ բացատրություններ տվեց: Ներկաները ծափահարեցին: Փոքրիկ էկրանի վրա սկսվեց ցուցադրումը:  
 
Կինը փոխեց դիրքը՝ աջ ոտքը գցելով ձախի վրա:  
 
Սրճարանի կիսամութի մեջ, տղամարդը նշմարեց կնոջ կաթնագույն, մերկ ծնկի ծալը և սկսեց աչքի տակով հաճախակի նայել այդ ուղղությամբ:  
 
«Հազիվ քառասուն կլինի», մտածեց տղամարդը և տարակուսեց. իր ի՞նչ գործն է:  
 
Ցուցադրումը ավարտվեց: Նորից ծափահարեցին: Լույսերն ավելացան: 
 
-Դուք որտեղի՞ց գիտեք ռեժիսորին,- հարցրեց տղամարդը:  
 
-Իր կինը մտերիմ ընկերուհիս է,-ասաց կինը ժպտալով:  
 
«Լավիկն է», մտածեց տղամարդը:  
 
-Ինքն էլ իմ դասընկերն է եղել: Ներգաղթելուց հետո ավելի քան երեսուն տարի չէինք հանդիպել:  
 
-Դուք որտեղացի՞ եք: 
 
-Եկել եմ Նահանգներից, կարճ ժամանակով, այս անգամ հրաշքով հանդիպեցինք, պատկերացրեք սկզբում չճանաչեցինք իրար. ասաց, որ իր ֆիլմերից մեկը պիտի ցուցադրի այս սրճարանում, հրավիրեց: Սրճարանը հազիվ գտա,-ասաց ու ծիծաղեց: 
 
Նրանք միասին մոտեցան ու շնորհավորեցին: Կինը խոսքի բռնվեց ռեժիսորի կնոջ հետ: Հետո մոտեցան ֆուրշետի սեղանին, որի վրա շարված էր սրճի ու թեյի տեսականի, հարմարանքներ ու անուշեղեն: Կանայք սուրճ պատրաստեցին ու չորսով նստեցին ազատ սեղաններից մեկի մոտ. խոսք բացվեց արվեստի և տարբեր երկրների մշակութային խնդիրների մասին, ընդ որում տղամարդը երկար տարիներ անհաղորդակից լինելով նման թեմաներին՝ ընդհանրապես լսողի դերում էր:  
 
Դուրս գալով սրճարանից, քայլեցին մինչև գլխավոր պողոտան:  
 
Տղամարդը խնդրեց կնոջ ձեռքի համարն ու գրանցեց իր բջջայինի մեջ:  
 
-Կզանգեմ,-ասաց նա,- See you:  
 
Կինը ժպտաց, գլխով արեց ու նստելով առաջին պատահած տաքսին՝  հեռացավ:  
 
«Դուրեկան տղամարդ է»,- մտածեց կինը. նա սիրում էր զուսպ, քչախոս տղամարդկանց : 
 
«Ինչ ապուշն եմ, պիտի հրավիրեի ընթրիքի», մտածեց տղամարդը: Չէր հասկանում ինչ խորհրդավոր բան կար այդ կնոջ մեջ, որ խախտում էր իր ինքնավստահությունը: Գուցե դա կնոջ բարձր ինտելեկտն էր, որով ինքը հմայվեց խոսակցության ընթացքում: Նույնիսկ չկարողացավ «դու» ի անցնել: «Առաջին հանդիպման համար, այսքանն էլ բավական է»,- մխիթարեց ինքն իրեն ու տխրեց, որ մեկնում է երկու օրից:  
 
Հաջորդ օրը տեղը չէր գտնում, տատանվում էր. կգա՞, չի՞ գա: Այնուամենայնիվ, զանգեց.  
 
-Բարև, ինչպե՞ս եք:  
 
-Ոչինչ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք,- ասաց կինը կրծքային, հաճելի ձայնով:   
 
-Գիտե՞ք,  երբ այստեղ եմ ինձ հրաշալի եմ զգում,-ասաց տղամարդը դուր գալու ցանկությամբ. չհաշված երեկվա հանդիպումը՝ իր այս այցելության ընթացքում հիասթափության պահեր շատ էր ունեցել: Դեռ երկու օր առաջ ուրախ էր, որ պիտի շուտով վերադառնա:     
 
-Բոլորն էլ այդ են ասում,ասաց կինը,- բայց չեն մնում, գնում են:  
 
- Ինչ արած: Ստիպված ենք: Մեր կյանքն էլ այսպես է դասավորվել: 
 
-Գիտեմ:  
 
-Երեկ ի՞նչ տպավորություն ստացաք ֆիլմից, չուզեցի հարցնել հեղինակի  ներկայությամբ:   
 
-Հաջող էր, վատ չէր ստացվել. ինձ ավելի շատ դուր է գալիս լիամետրաժ կինոն:   
 
-Ինձ էլ, բայց հավանեցի,-ասաց, թեև կարգին չէր էլ հասկացել որոշ կադրեր,- տաղանդավոր տղա է, փոքրուց հատուկ սեր ուներ թատրոնի ու կինոյի հանդեպ: 
 
-Այո, սա իր առաջին գործը չէր:   
 
-Դուք ինչո՞վ եք զբաղվում, չե՞մ խանգարում:  
 
-Ո՛չ, ո՛չ, հանգիստ եղեք... գիտաշխատող եմ:  
 
-Երեկ դուք մենակ էիք,- ասաց տղամարդը կարճ դադարից հետո՝ ակամա հարգանք զգալով կնոջ հանդեպ, թեև կարգին չգիտեր «գիտաշխատողի» իմաստը:   
 
- Այո,- ծիծաղեց կինը,- մենակ էի եկել, ինչո՞ւ եք հարցնում: 
 
-Դե... մտածեցի ամուսին ունեք, դրա համար հարցրեցի:  
 
-Ունեցել եմ,-ասաց կինը: 
 
-Վաղո՞ւց է մենակ եք: 
 
-Մի քանի տարի կլինի, իսկ դա ձեզ շա՞տ է հետաքրքրում:   
 
-Ուղղակի ուզում եմ ձեզ նորից տեսնել,- ասաց տղամարդը ազատ շունչ քաշելով ու անտեսելով կնոջ հարցը,-ի՞նչ կասեք, եթե հանդիպենք երեկոյան:   
 
-Դեմ չեմ,- ասաց կինը մի քիչ մտածելուց հետո,- աշխատանքից հետո անելիք չունեմ:  
 
-Կգա՞ք ինձ մոտ... իմ բնակարանը...,- ասաց տղամարդն ու շփոթվեց: «Լավ չեղավ էսպես միանգամից, գոնե ասեի՝ «Համեցեք իմ բնակարանը» կամ «Ձեզ համար հարմա՞ր է հանդիպել իմ բնակարանում», էստեղ հո Ամերիկա չի, ի՞նչ կմտածի»: 
 
Կնոջ պատասխանը ուշանում էր:  
 
-Գիտե՞ք, տանել չեմ կարողանում սրճարանների ժխորը, բարձր երաժշտությունը, կասկածելի մաքրությամբ սնունդը,- ասաց տղամարդը արդարանալու պես,- տանը կարող ենք հանգիստ զրուցել... Վերջերս սկսել եմ խուսափել սրճարաններում թրև գալուց:  
 
«Հենց միայն ա՞յդ,-մտածեց կինը,- ուրիշ բան չկա՞ գլխումդ...»:  
 
-Լավ, կգամ,-վերջապես ասաց նա և շփոթվեց: «Լավ չեղավ, էսպես միանգամից, գոնե ասեի՝ «Կարող ենք պարզապես զբոսնել, աշնանային հաճելի եղանակ է», կամ ասեի՝ «Գուցե թատրոն գնանք»: Ի՞նչ կմտածի իմ մասին...»: 
 
-Անկեղծ ասած, ես էլ չեմ սիրում սրճարանների մթնոլորտը,- ասաց կինը արդարանալու պես:    
 
Տղամարդը ցնծում էր. տվեց իր բնակարանի հասցեն: Ժամադրվեցին:  
 
Եկավ կես ժամ ուշացումով: Ավելի էր գեղեցկացել, փարիզյան թանկ օծանելիքի բույրը տարածվեց սենյակում: Մեկ ձեռքում երեկվա պայուսակն էր, մյուսում՝ մեկ շիշ հայկական գինի: Գուցե դա էր, որ բարևելիս ձեռքը չմեկնեց՝ տղամարդուն թողնելով սպասողական վիճակի մեջ:  
 
-Ի՜նչ նեղություն,-ասաց տղամարդը վերցնելով գինին: 
 
-Ոչ մի նեղություն,- ասաց կինը՝ հանելով սպիտակ ժակետն ու մնալով պարզ, ծնկից վեր երկնագույն շրջազգեստով,- հայկական ընտիր գինի է:  
 
Տղամարդը շնորհակալություն հայտնեց, վերցրեց կնոջ ժակետն ու նրան առաջնորդեց հյուրասենեակ: 
 
Բնակարանը նորակառույց էր, քաղաքի կենտրոնում, շքեղ կահավորված: Կինը աչքի անցկացրեց պատից կախված աբստրակտ ոճի, ճաշակով մեծադիր կտավները:  
 
-Այստեղ ե՞ք գնել: 
 
-Այո, հայ գրաֆիստի գործեր են, գնել ենք ցուցասրահից:  
 
«Գնել ե՜նք... տեսնե՞ս ում հետ»,-մտածեց կինը, ու թեև տվյալ պահին տղամարդու ամուսանցած կամ չասմուսնացած լինելը խնդիր չէր, այնուամենայնիվ հարցրեց: 
 
-Երեխաներ ունե՞ք: 
 
-Մեկ տղա... ապրում է մոր հետ: Բաժանված ենք,-ստեց:  
 
Երկուսն էլ հանգիստ էին ձևանում, բայց օդում լարվածություն կար:  
 
Կինը նստեց բազմոցին, ոտքը գցեց ոտքին ու երկու ձեռքով փեշը ցած իջեցրեց:  
 
Տղամարդը կոնյակ լցրեց ու շոկոլադ առաջարկեց: Կինը վերցրեց կոնյակի բաժակն ու մոտեցրեց շրթերին: Շրթներկի կարմիր հետքը մնաց բաժակի վրա:  
 
-Գնամ սուրճ պատրաստեմ,- ասաց տղամարդը: 
 
-Այստեղ կանայք են սուրճ պատրաստում,-ասաց կինը թովիչ ժպիտով ,- թույլ տվեք օգնեմ:  
 
Երկուսով մտան փոքրիկ խոհանոցը: 
 
Տղամարդը պահարանից հանեց սուրճի պարագաներն ու շարեց սեղանին:  
 
-Դա՞ռն եք սիրում, թե՞ քաղցր: 
 
-Դո՞ւք: 
 
-Դառը: 
 
-Ես էլ: 
 
Տղամարդը մի պահ որսաց կնոջ հայացքը: Ժպտացին:  
 
Սուրճը արագ եռաց. կինը վարժ շարժումով գազօջախից հեռացրեց սրճեփը, գավաթները լցրեց խնամքով ու դրեց սինիի մեջ:  
 
Նրանք շատ մոտ էին կանգնած իրար, երկուսի ձեռքերը միաժամանակ մեկնվեցին դեպի սինին և դիպան իրար: Տղամարդը սարսուռ զգաց այդ հպումից և կնոջ մարմնի մոտիկությունից. հազիվ հաղթահարեց նրա ձեռքը բռնելու ու գրկելու անզուսպ ցանկությունը, որ սկսվել էր կնոջ ներս մտնելու պահից: Մի բան խլրտաց ընդերքում, կոկորդում չորություն զգաց ու թուքը կուլ տվեց...  
 
«Գրկի՛ր, ինչի՞ ես սպասում,- ճչում էր մարմինը, բայց բանականությունը ավելի հզոր գտնվեց. «Չէ, ինչ կմտածի, կասի՝ խաբել եմ, բերել... համբերի՛ր, ժամանակին...»:  
 
Կինը կանացի բնազդով ընկալեց տղամարդու հոգու կրքահույզ ալեկոծությունը. մի բան խլրտաց ընդերքում ու հազիվ զսպեց ձեռքերի դողը...  
 
«Հիմա կմոտենա,- մտածեց,- չէ, թույլ չեմ տա, ի՞նչ կմտածի, կասի...»:   
 
-Ես կբերեմ,-ասաց կինը վերցնելով սինին: 
 
Նրանք վերադարձան հյուրասենյակ ու զբաղեցրին իրենց տեղերը:  
 
Կինը իրոք հմայիչ էր իր  երկնագույն շրջազգեստի մեջ: 
 
Խոսակցությունը սկզբում չէր ստացվում: Կոնյակի առաջին կումերից հետո տղամարդը բողոքեց ամերիկյան բարքերից, կանանց շնորհված ազատություններից: Նա աշխատում էր թեմային տալ սեռական ուղղություն ու թափանցել կնոջ հոգու խորքը: Խոսեց տեղական ավանդույթների ու ամոթ կոչվող հասկացության մասին: Նշեց, որ իր կարծիքով, գիտության պակասի պատճառով վաղ ժամանակներում մարդիկ կենակցությունը համարել են ամոթ, արգելքներ են մոգոնել, որպեսզի այդպիսով կասեցնեն մարդկային աճը, և այլն, և այլն:  
 
Կինը հասկանում էր տղամարդուն ու չարանում: «Ի՞նչ ես սար ու ձոր ընկել, միանգամից սրտինդ ասա, էլի, մեկ է ինձանից բան չես հասկանա»: Նա մի պահ, նկատեց իր սրունքներին հառված տղամարդու կրքոտ հայացքն ու ակամա՞, թե՞ սովորության համաձայն կրկին երկու ձեռքով իջեցրեց փեշը: 
 
«Հիմար եմ,- մտածեց,- թող նայի, էլի..., ձևը չգիտեմ...»:  
 
«Չէ, ճիշտ են ասում, էստեղի կանանց հեշտությամբ չես տիրանա...,- մտածեց տղամարդը:  
 
Րոպեներն անցնում էին դանդաղ. կինը հոգնել էր տղամարդու բարբաջանքներից. երեկ, սրճարանում, ո՞ւր էր մնացել այս բլբլան լեզուն. պարզվում է շատախոսի մեկն է... Ինչե՜ր ասես չէր պատկերացնում, երբ սեղմեց տղամարդու բնակարանի դռան զանգի կոճակը: Մենակ մնալու օրվանից  միշտ խուսափել էր տղամարդկանց սիրահետումներից. մտածում էր, որ սա եկվոր է, ինչպես եկել է, այնպես էլ կգնա, պատմություն չի սարքի... Ինքն իր ոտքով մտավ առյուծի վանդակը, իսկ ինչ դուրս եկավ... «Ի՜նչ առյուծ, աննորմալի մեկն է...»:  
 
-Իմ գնալու ժամանակն է,- վերջապես ձանձրացած ոտքի կանգնելով՝ ասաց նա: 
 
-Սպասե՛ք, միասին կընթրենք,- կնոջ անսպասելի վեր կենալուց շփոթված ասաց տղամարդը:  
 
-Չէ՛, ընկերուհուս խոսք եմ տվել,-ստեց կինը,- պիտի գնամ:  
 
Տղամարդը տեղի տվեց, չկար նախկին ուժեղ ցանկությունը: Քաղաքավարությամբ օգնեց նրան հագնել ժակետն ու ուղեկցեց մինչև դուռը: 
 
-Շատ հաճելի էր,- ասաց նա:  
 
Կինը խեթ նայեց նրան ու ասաց. 
 
-Շնորհակալություն: Մնաք բարով:  
 
 «Լավ առիթ էր, բաց թողեցի,-մտածեց կինը տաքսիում՝ տուն վերադառնալու ճանապարհին: 
 
«Լավ առիթ էր, բաց թողեցի,-մտածեց տղամարդն աչքը հառած կոնյակի բաժակի վրա մնացած կարմիր շրթներկին:  
 
 
Դեկտեմբեր 2014 
Թեհրան 
 

 

Գուրգեն Միքայելյան. Սիրո տաղեր

29.07.2020 22:25

Գուրգեն Միքայելյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 5-ին Օշական գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:
1986 թ․ընդունվել, 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Ավարտելուց հետո՝ գրեթե երեք տարի, որպես լրագրող աշխատել է տարբեր խմբագրություններում, ապա կատարել այլ աշխատանքներ։
1996 թ. տպագրվել է Գ․ Միքայելյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ»): 1998 թվականին լույս է տեսել երկրորդը («Հորիզոնից այն կողմ», Երևան, «Մանկավարժ» հրատարակչություն): 
2004 թվականին տպագրվել են նրա թատերգությունները «Խաղում ենքբոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա» վերնագրով (Երևան, «Նահապետ» հրատարակչություն):
Գ․Միքայելյանի ստեղծագործությունները հրապարակվել են պարբերական մամուլում, գրական կայքերում ու ժողովածուներում («Գարուն», «Անդին», «Գրական կամուրջ», «Գրանիշ», «Թագլուր», «Արդի հայ գրականության ժողովածու», «Գրական անդաստան» և այլն)։
2012 թվականին սեպտեմբերի 5-ի համարներում տպագրել է Գ. Միքայելյանի «Երկնքում գերվածները», իսկ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 7-ի համարներում՝ «Մոռացված ժամացույցի ահազանգը» պիեսները:
2012 թվականին «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է Գ․ Միքայելյանի «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը:
2014 թվականին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Ամերիկյան խառնաշփոթ» կատակերգությունը:
«Արմավ» հրատարակչությունն այժմ տպագրում է Գ․ Միքայելյանի «Պոեզիա» և «Թատերգություն» խորագրերը կրող՝ ստվար ծավալով երկհատորյակը (շուրջ 550 և 720 էջ), որը շուտով կլինի ընթերցողի սեղանին։
 
 Ներկայացվող «Սիրո ասպետի երգը» ստեղծագործությունը գրվել է  1990 -1993թթ., տպագրվել է հեղինակի երկրորդ գրքում, և լույս է տեսել 1998 թվականին: Սակայն այս տարբերակով մեր ընթերցողին է ներկայացվում առաջին անգամ: Այն նախորդից զգալիորեն տարբերվում է, որովհետև ստեղծագործությունը հեղինակի կողմից վերանայվել, խմբագրվել է:
 
ՍԻՐՈ ԱՍՊԵՏԻ ԵՐԳԸ
ԿԱՄ
ՄԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՏԱՂԵՐ
 
Այսօր թառել են բառերը կրկին
Իմ հրաթրթիռ ձայնալարերին:
Թառել են՝ իբրև
Գունեղ երգչախումբ դեղձանիկների,
Իբրև ստեղներ յոթ նոտաների:
Երգո՜ւմ են նրանք,
Եվ երգի հզոր, այրող հոսանքից
Ձայնալարերս ծաղկել են արդեն,
դարձել ծիածան,
Որի գույներին
Դեղձանիկները կտցահարում են՝
Կիթառ նվագում:
Այսպես համերգում,
Գրկում են իրար և պար են բռնում
Բառերը խումբ-խումբ,
Ու երգն է նրանց շուրթիցս բխում
Ինչպես որ աղբյուր:
 
ԵՐԳ Ա
ՄԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՍԻՐԵՐԳ
ԿԱՄ
ՍԵՐԸ ՄԵՐԿ
 
Աստղիկն այսօր անցել Հարդագողի ճամփով,
Անցել աստղակածան առասպելի միջով,
Նորալուսնի ճերմակ մեղրալույսը ըմպել
Ու իր Վահագնի մոտ,
Ու իմ տուն է եկել:
Իմ երազն է իջել,
Որն առջևս կանգնել,
Հմայում է ասես
Եվ ասում է՝ պիտի քեզ առինքնեմ հիմի,
Կախարդուհու նման պիտի հրաշք գործեմ:
Ասում ու ժպտում է:
Ու գոտին է քանդում...
Նա գոտին է քանդում,
Բայց այն աչքիս հանկարծ սողնակի է փոխվում:
Սողնակի է փոխվում հեքիաթների դռան,
Հետ է քաշվում դանդաղ...
Կոճակներն է ապա արձակում նա ոսկի,
Ու քիչ-քիչ բացվում է...
Ու քիչ-քիչ բացվում է... մերկությունը բոցի.
Կարմիր-կարմիր մի վարդ՝
Վարդ-շապիկ է հագին
Ձյունավարդ Աստղիկի:
Եվ այդ վարդը աչքիս փոխարկվում է փերու,
Բոցկլտում է, պարում...
Ապա ձեռքերն է նա ստինքներին դնում,
Եվ ափերը աչքիս արևներ են դառնում:
Արևներ են դառնում՝
Կողերն ի վար սահում,
Ազդրերն ի վար սահում,
Իջնում ու բարձրանում,
Սակայն ոչ թե նրա,
Այլ ի՛մ մարմինն այրում։
Փեշերին է տանում նա մատները ճկուն,
Դանդաղ վեր է քաշում քղանցքները շրշուն,
Բայց մշուշի միջին ես այնպես եմ տեսնում,
Նրա շապիկն ասես բոցերի մեջ հալվում,
Մերկությունն է բացվում:
Մերկությունն է բացվում:
Ստինքներն են խնկում:
Իմ երազն է եկել երկինքներից հեռու:
Շրթունքներն են վառվում
Եվ ինձ.
- Նայիր,- ասում,-
Բոցեղեն ու մշտահմա
Սա է կինը ահա:
...Ճերմակ են կոնքերը,
Ու սև է գիշերը:
Ճերմակ են կրծքերը,
Ու սև են վարսերը:
Ճերմակ է երեսը,
Ու սև են աչքերը...
Սա է, ահա, կինը,
Որն իմ առջև կանգնել,
Հմայում է կարծես
Եվ ասում է՝ պիտի քեզ կախարդեմ հիմի,
Պիտի հրաշք գործեմ:
Եվ նա ինձ է արդեն հրաշագործ դարձնում,
Ու ես ինքս եմ արդեն իմ Աստղիկին ասում.
- Եկ, կրծկալդ կրքոտ շոյանքներով բանամ.
Ստինքներիդ վրա արեգակներ կան ալ,
Թող ինձ այրեն նրանք:
Լանջիդ վրա ճերմակ զանգակներ կան արծաթ:
Երկու բյուրեղ զանգակ՝
Լեզվակներով շիկնած:
Թեթև քայլքից անգամ տարածվում են լուսե
Ղողանջները նրանց...
Եկ, այս գիշեր լսենք ղողանջներն այդ հրաշք:
Այս գիշերը սիրո՝
Սիրո՛ տաղեր երկնենք,
Երգենք երգը սիրո:
Սիրո, որը կարծես, թե հենց ինքն է՝ կինը:
Կախարդանք է, ինչպես գեղեցկագո՛ւյն կինը:
Եկ, ուրեմն, այսօր գեղեցկությամբ հարբենք,
Եկ, միասին երգենք մեղրալուսնի երգեր:
Ասենք՝ սերն հենց ինքն է՝
Կինն է՝ չքնաղ ու մերկ.
Կախարդանք է սերը,
Ինչպես ինքը՝ կինը:
 
ԵՐԳ Բ
ՁՈՆԵՐԳ ՄԵՂՐԱԺԱՄԻ
ԿԱՄ ԳՈՎՔ ՍԻՐՈ ԵՎ ՀՈՂԻ
ԿԻՆ
 
Դու հրաշք, դու երազ,
Դու առեղծված, դու միրաժ:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո մի շյուղ,
Արմատներս թող որ լույս ընդերքդ ձգեմ՝
Արեգակներ ծաղկեմ:
Սիրո տունկն իմ այնպես,
Այնպե՜ս երկինք հառնի,
Որ աստղերը թվան՝ ծաղիկներս են անթիվ:
Թվա, թե լուսինը ճյուղերիցս է կախված,
Իսկ արևը ոսկի՝ իմ պտուղն է հասած:
Դու՝ սիրահող իմ սուրբ...
Քո վարսերը խոպոպ՝
Սևահող են փափուկ,
Իսկ ձեռքերս դալար ընձյուղներ են անհող,
Արմատներով նրանց թող քո հողը գրկեմ՝
Գուրգուրանքներ ծաղկեմ:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո առու,
Թող ներծծվեմ մարմնիդ
Մեղրահողում ոսկե,
Որ դու եդեմ ծաղկես:
Դու՝ մեղրահող իմ սուրբ,
Իսկ ես ամպ եմ գարնան.
Կուրծքդ թող համբուրեմ
Իմ շանթերով կապույտ
Ու անձրևով վարար
Ջրեմ արտդ ծարավ:
Դու՝ մեղրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո մշակ,
Թող մատներիս խոփով
Սևահողը հերկեմ
Ուսերդ ի վար փռված:
Դու՝ լուսահող իմ կույս,
Ես՝ սերմնացան սիրո,
Թող քո արտում հուռթի
Հունդեր ցանեմ լույսի:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Դու՝ մեղրահող իմ կույս,
Իսկ ես՝ անհող մի հունդ...
Դու՝ մեղրահաց իմ սուրբ,
Մեղրամարմին դու կույս,
Իսկ ես՝ սիրո մեղու...
Սիրո անտառ դու իմ,
Ես՝ անտառի մուսա,
Ես՝ անտառի ոգի:
Դու սուրբ մարմին սիրո,
Իսկ ես շունչն եմ Աստծո...
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Ես արևն եմ սիրո...
Դու իմ ներբող, դու ձոն,
Դու երգ մեղրաժամի,
Ես՝ գովասաց, երգիչ,
Մշակ սեր ու հողի...
 
ԵՐԳ Գ
ՍԻՐՈ ԳԻՇԵՐ
ԿԱՄ ԵՐԳ ԵՐԳՈՑ
 
Մուսաները սիրո
Գինովցած են այսօր:
Մուսաները սիրո
Այսօր հյուր են ինձ մոտ:
Մուսաները սիրո
Համերգում են այսօր:
Քո վարսերն են երգում
Մուսաները այսօր:
Քո վարսերը ոսկե՝
Սիրո արտի հասկեր:
Մուսաները սիրո
Սիրո արտն են վառել:
Երգ են ասես հեղում,
Բոցկլտում են երգեր,
Ջրվեժում են երգեր
Քո վարսերը խնկե:
Մուսաները սիրո
Քո աչքերն են վառել:
Քո աչքերը սեր են,
Քո աչքերը ծով են,
Քո աչքերը գունեղ
Սիրո բյուրեղ-ցող են:
Սիրո բյուրեղ-ցող են,
Երգ են ասում շողե:
Երգով ծփում այսօր,
Կայծկլտում են երգեր,
Խնկարկում են երգեր
Քո աչքերը լուսեղ:
Մուսաները սիրո
Քո շուրթերն են վառել:
Քո շուրթերը՝ թիթեռ,
Քո շուրթերը՝ արև:
Երբ արևը թևում՝
Սիրո երգ է մաղում,
Երգ է թափվում հրե,
Լուսե երգն է թռչում:
Մուսաները սիրո
Քո կրծքերն են վառել:
Քո կրծքերը՝ լամպեր,
Քո կրծքերը՝ ջահեր:
Լուսամփոփ են սիրո
Քո կրծքերը շքեղ:
Սրտիդ երգն է վառվում,
Սրտիդ կիրքն է վառվում,
Քո արյունն է երգում
Պատրույգներին նրանց...
Մուսաները սիրո
Քեզ բոցի են փոխել:
Սիրո բոց ես դարձել,
Երգ ես ասում լուսե:
Մուսաները սիրո
Այսօր հյուր են ինձ մոտ:
Մուսաները սիրո
Այսօր այնպե՜ս գինով,
Մոլեգին են այնպես,
Որ երգիչ են դարձել
Իմ ձեռքերն էլ այսօր:
Բանաստեղծ են դարձել
Ու երգում են կրքոտ...
Բոցն են իրենց խառնում
Քո վարսերի երգին
Ու երգերն են խառնում
Ստինքներիդ բոցին:
Ու երգում ենք այսպես
Ինքնամոռաց, արբա՛ծ:
Ու երգում ենք այսպես
Ոսկի երգը սիրո:
Հավերժության երգը,
Անրջալույս երգը՝
Երգ երգոցն ենք երգում
Ես ու սերս այսօր:
Երգ երգոցը, երգը՝
Աստվածընծա, հզոր:
Երգ երգոցը, երգը՝
Հնամենի ու նոր:
 
ԵՐԳ Դ
ՀԵԹԱՆՈՍ ՀԱՄԵՐԳ
ԿԱՄ ԵՐԳ՝
ՇՇՆՋԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԿԱՆՋԻՆ
 
Այսօր, սիրելի՛ս, գիշեր է սիրո:
Այս սուրբ գիշերվա գրկում հեթանոս
Եկ հուր-շուրթերով
Կրծքերիդ ժանյակ-ծրարը բացեմ
Ու մոմիկները մեր սիրո վառեմ...
Աչքերիդ մթնում թռչում են արդեն
Մոլուցքի չքնաղ լուսատտիկներ:
Թող քեզ, սիրելի՛ս, ես այնպես սիրեմ,
Որ բոցավառվեն:
Թող ինձ՝ կաթնեղեն լճիդ մեջ մտնեմ,
Լողամ քո ծոցում
Ու ջրահարսեր, հավերժահարսեր
Գտնեմ քո լճում...
Այսօր, քաղցրի՛կս, գիշեր է սիրո:
Թող որ քո սիրո ծովում ալեկոծ
Իմ երազները լողան շիկաբոց։
Թող ծարավ նայեմ քո ալիքներին,
Որ աչքերս ըմպեն լույսը բոցերիդ:
Այսօր մի հրաշք գիշեր է սիրո,
Ու շշնջում են շուրթերս արդեն
Համերգներ հրե:
Սիրո գիշերվա գրկի մեջ ոսկե
Արի՛, սիրելի՛ս,
Հեթանոսաբար քեզ սիրեմ այսօր,
Իմ հուր-խենթությամբ քեզ սիրեմ այսօր,
Քանզի գիշերն այս
Գիշեր է սիրո:
Գիշեր է սիրո,
Եվ շշնջում եմ ես քո ականջին
Ոչ թե ինչ-որ երգ,
Այլ մի լուսեղեն հեթանոս համերգ:
 
ԵՐԳ Ե
ԿԱՊՈՒՅՏ ՄԵՂՐԱԳԻՇԵՐ
ԿԱՄ ՍԻՐՈ ԵՐԿՈՒՆՔ
 
Ժամը եկել է, սերը հասել է,
Բացվել է սիրո իմ այգու ծառը:
Ծառի տակ նա է՝ իմ ծաղկած Սերն է:
Գլխին պսակ է՝ ծաղկունքի պարս է,
Իսկ հագին ամպի ճերմակ շղարշ է:
Կարծես սարքած է.
Մի ձեռքը՝ կողին, մյուսը՝ կախած,
Ճերմակ փեշերը մինչ գետին հասած...
...Իսկական կուլա,
Մի խոշոր կուլա՝ շուրթերին կրակ:
Ժամը եկել է, սերը հասել է,
Արդեն գիշեր է...
 
* * *
Գիշերն այս գիշեր կարծես ուրիշ է,
Ուրիշ եմ և՛ ես,
Իսկ դու... Դու ես լոկ...
Կապույտ մշուշում ջահի սիրտն արդեն
Կրքից թրթռում,
Հուզմունքից լազուր հայացքն է դողում:
Զեփյուռը նախանձ
Բաց պատուհանի գիշերանոցն է
Անվերջ քաշքշում:
Փողոցի լույսն է մերթ-մերթ ծիկրակում:
Գարնան գիշեր է:
Ժամը եկել է...
 
* * *
Մեր հասուն սիրո գրկի մեջ լազուր
Թող վառեմ կապույտ կիրքը աչքերիդ,
Շուրթերիդ կարմիր մոլուցքը ըմպեմ:
Թող զգեստներդ այս գիշեր հանեմ,
Հանեմ՝ որպես թեժ, բոցկլտուն կրակ,
Միջուկը բոցի,
Միջուկը սիրո թող մերկացնեմ
Ու ձեռքերիս հուր-կիրքը հագցնեմ:
Ժամը եկել է:
Թող վառեմ կրքի լամպերը ծոցիդ,
Որոնց վրա լույսն արև է ծաղկել:
Թող ստինքներիդ օջախում ճերմակ
Իմ սիրո խունկը այս գիշեր ծխեմ:
Թող սիրո անշեջ բոցերում նրանց
Իմ համբույրները այսօր խնկարկեմ:
 
* * *
Ժամը եկել է,
Սերը հասել է,
Իմ սիրտը սակայն դեռ հապաղում է:
Ես միշտ կարծել եմ՝
Փեշերդ եթե ծնկից բարձրանան,
Մութը մոլուցքից պիտի շիկանա:
Ինձ թվացել է՝
Հենց կուրծքդ բացվի,
Արևը պիտի լույսից կուրանա:
Հավատացել եմ,
Որ եթե հանվես,
Արար-աշխարհին կխենթացնես:
Եվ հիմա սիրտս դեռ հապաղում է.
Իսկ եթե հանկարծ փեշդ բարձրանա,
Ու հողագունդը կրքից չդողա՞:
Եթե դու հանվես,
Եվ մոլորակներն իրենց կածանից
Դուրս չսայթաքե՞ն:
Քեզ մերկ տեսնի ու
Լուսինը հանկարծ եթե չժայթքի՞:
Իսկ եթե լույսի ծովեր չհորդե՞ն:
Իսկ եթե... եթե...
Բայց ինչ էլ լինի,
Ժամը եկել է...
 
* * *
Մեր սերը ծաղկեց:
Եվ ոչ թե՝ ծաղկի,
Այլ արշալույսի արևի՛ նման:
Արևի ոսկին թափվեց մեզ վրա,
Եվ մենք օծվեցինք,
Մկրտվեցինք մենք սիրո՛ արևով:
 
* * *
Դու մեր սերը՝ յուրօրինակ,
Սիրո համար լոկ ստեղծված
Ծիսակարգով մկրտեցիր։
Մակարդեցիր դու մեր սերը...
Եվ մակարդված լույսն այդ սիրո
Դարձավ նյութեղ:
Դարձավ նյութեղ ու... մարդ դարձավ:
Եվ շիկնեցիր դու էլ այնպես,
Ինչպես օրը,
Երբ որ նրա արգանդի մեջ
Ծնվում է բորբ արեգակը:
Դու շիկնեցիր,
Քանզի նաև քո սրտի մեջ
Եվ քո մարմնում ծագեց այգը։
Ծագեց այգը և հաստատեց,
Որ ծնվել է
Ու ծնվում է
Մարդը լույսից...
1990 -1993

 

Վարդինե Իսահակյան/պատմվածքներ

06.06.2020 12:49
Վարդինեն` իր մասին
«Իմ արմատները սկիզբ են առնում հեռավոր մի բնակավայրից՝ բարձրադիր լեռների մեջ ծվարած Արցախ աշխարհից /Գանձասար/։
Ստեղծագործել սիրել եմ վաղ հասակից։ Եվ հենց դա էլ խթան հանդիսացավ ուսանելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Տարիների ընթացքում իմ գրած հոդվածները, ակնարկները և գեղարվեստական պատմվածքներն ամփոփված  են իմ անդրանիկ ժողովածուի մեջ՝ «Ցնորքից մինչև իրականություն» վերնագրով:
Գիրքը բաղկացած է ուշագրավ խորագրերից. «Ճակատագրեր» խորագրի ներքո ներկայացված ակնարկները նոր ժամանակների մարդու հոգեկան խռովքն են արտահայտում, պարզ կարոտը, սերը՝ որպես էություն, գոյության բացառիկ իմաստ, օտարումը ընտանիքից՝ որպես ցանկամոլության իրական քաոսի սկզբնավորում, մղձավանջային ցնորք: «Չբացված արշալույսներ» խորագրի ներքո ներկայացված են Արցախյան գոյապայքարին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հերոսապատումները, պատերազմն ապրածների հիշողությունները, հայոց եզերքի անառիկ պաշտպանությունն իրենց իրական կոչումը համարող դիրքապահ սպայի ու զինվորի առօրյայի մասին պատմող հրապարակումները։
Հեղինակն եմ հայոց ցեղասպանությունը վերապրած և հազարավոր հայ որբերի փրկությունն իր առաքելությունը համարած հերոսուհուն՝ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին և 1992 թվականին Մարաղա հայկական բնակավայրում ադրբեջանցիների կողմից իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին ձոնված հոդվածների, ինչպես նաև Կիպրոսի պատմական «Մելգոնեան» վարժարանի մասին «Լույսի տաճարը» վերնագրով հոդվածի, որը պատմում է Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրների նվիրատվությամբ հիմնված Մելգոնեան կրթահամալիրի շուրջ ութ տասնամյա գործունեության, Սփյուռքում հայեցի կրթության ապահովման և վերջին տարիների խնդիրների մասին։
Վերջին շրջանում ծնված «Մեր սերունդը սիրել չհասցրեց» էսսեն հրապարակվել է Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթի՝ «Գրական թերթի» կայքէջում, իսկ «Փրկավարձը» պատմվածքը Զանգակ հրատարակչության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում հրապարակվել է հրատարակչության կայքէջում»։
 
Ավելացնենք, որ Վարդինեի առաջին երկու պատմվածքները առաջին անգամ հրապարակվում են «Նիդերլանդական օրագրի» գրական հավելվածում` «Բուժքույրը» և «Փրկավարձը»
 
 Վերջինս ծնվեց այն օրերին, երբ «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում`  կորոնա վիրուսի ողջ աշխարհում  ահագնացող ցուցանիշների օրերին, ելույթ ունեցավ հայազգի բժիշկ  Գոռ Խաչիկյանը և հուզիչ  մի պատմություն պատմեց հոլանդացու մասին: 
Պացիենտը լսել էր, որ ծանր հիվանդներին վերջին պահին թողնում են միայնակ, որպեսզի չվտանգեն այցելող հարազատների կյանքը: Հիվանդանոց մեկնելուց առաջ պացիենտը հիվանդանոց էր եկել 3000 եվրո գումար ձեռքին: Նա կանչել էր բժշկին ու քույրերին,  խոստացել, որ այս գումարը նրանց է տալու այն բանի  համար, որ եթե  վիճակը  վատ  լինի` իրեն մենակ չթողնեն, քանզի ավելի շատ միայնությունից ու անտարբերությունից է ավելի շատ  վախենում:
 

ՓՐԿԱՎԱՐՁԸ

(Պատմվածք)
SARS–COV–2–ի սփռած տագնապն ամենուր էր։ Այդպիսի համաճարակ վաղուց էր՝ մարդկությունը չէր տեսել։ Թագն էր նրա դրոշը, իսկ դրոշմը՝ խուճապը, տենդը, շնչարգելությունը, փակ սահմանները… Կոկորդի ցավ, ջերմություն՝ սրանք էին հիվանդության ախտանշանները։ Թոքաբորբն այն նզովքն էր, որը կարող էր գամել հիվանդին անկողնուն և երկար ժամանակ զրկել արևի ջերմությունից։ Վարակը փոխանցվում էր օդակաթիլային ճանապարհով, վարակակիր մակերևույթին հպվելիս։ Վարակ կորոնան մարտահրավեր էր նետել։ Համաճարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի պարետը նամակներ էր ուղարկում քաղաքացիներին՝ հորդորելով մնալ տանը։ Չնայած այդ ամենին՝ տարիքավոր, բարձրահասակ, ալեխառն մազերով Հենրի Չպուգքյարյանը, վերցնելով լայնեզր գլխարկը, դուրս եկավ երեկոյան զբոսանքի։ Աչքերը խունացած էին, դռնապանը հարցրեց նրա առողջական վիճակի մասին, պարոն Հենրին կարկամած պատասխանեց.
— Շնորհակալություն, լավ եմ, եթե հնարավոր է այս օրերին լավ լինել առհասարակ։
Անձրևը դժգույնով էր ներկել բակ ու տանիք։ Քաղաքի լույսերն արտացոլվում էին ջրափոսերի մեջ և յուրօրինակ գունապնակ ստեղծում։ Վաղեմի սովորություն էր անձրևից հետո հայտնվել դատարկ փողոցներում և մաքուր օդ շնչել։ Հենրին հագնում էր երկար պլաշը, որ տարիներ առաջ արտասահմանյան գործուղման ժամանակ էր ձեռք բերել, դնում իր յոթանասունամյակի առթիվ լուսահոգի կնոջ նվիրած լայնեզր գլխարկը, վերցնում նախշազարդ ձեռնափայտը և տարտամ քայլերով անցնում նեղլիկ փողոցներով։ Համաճարակը փակել էր մարդկանց վախի ու կասկածի ոստայնի մեջ: Շատերը նստել էին տանը և կենդանական անհոգ կյանք էին վարում։ Մինչդեռ բազմոցին գամված անշարժ կենսակերպը հյուծել էր Հենրի Չպուգքյարյանի ծեր մարմինը։ Նա, որ գարնան արևի ջերմություն էր սիրում, արևի կարոտ էր մնացել։ «Բանտարկյալի կյանք է տո»,— փնթփնթում էր՝ ոտնամանները քարշ տալով անցնելով հյուրասենյակից խոհանոց՝ ի վերջո որոշելով երեկոյան զբոսանքներից չզրկել իրեն։ Նա սովոր էր առավոտյան քայլել պուրակում, վարժություններ անել։ Իսկ երբ տնային կենդանիների հետ այգում զբոսնող մարդկանց էր հանդիպում, հաճախ մտածում էր. « Գուցե մի շուն պահեմ, առավոտյան ես էլ զբոսանքի կտանեմ, ավելի շատ կշարժվեմ, մենակությունս փարատող ընկեր կլինի» ։ Բայց նույն պահին, երբ աչքի առջև պատկերանում էին կենդանու խնամքի դժվարությունները, մաքրակենցաղ պարոն Հենրին զգալի երկմտում էր։
Եվ այդպես հայրենադարձ Հենրի Չպուգքյարյանը ապրում էր մի երկրում, որտեղ հայտնվել էր կյանքի վերջին տարիներին։ Սիրելի կնոջ վաղաժամ մահից հետո մնացել էր լիովին միայնակ։ Հայրենիք վերադառնալու հեռանկարը ոգևորում էր նրան, թեպետ այստեղ այնքան էլ շատ հարազատներ չուներ. երկու քույրերն իրենց ընտանիքներով վաղուց էին տեղափոխվել Միացյալ նահանգներ, եղբոր մահից հետո եղբորորդին իր ընտանիքով հեռացել էր հայրենիքից՝ բնակություն հաստատելով Շվեդիայում։ Մի քանի հեռավոր ազգականների հետ Հենրին երբեմն տեսազանգի միջոցով էր խոսում. այցելություններն աստիճանաբար նվազել էին, յուրաքանչյուրն իր կյանքով էր ապրում։
Պարոն Հենրին, որ շրջադարձերով լի կյանքի ընթացքում բարձր պաշտոններ էր զբաղեցրել, կարողացել էր իր համար անհոգ ծերություն ապահովել։ Նա պակասություն չէր ունենում առօրյա ծախսերը հոգալու, մինչդեռ կյանքի ռիթմը միապաղաղ էր, ծեր սրտին վաղուց էր՝ թրթիռ մոտ չէր գալիս։ Վաղանցիկ էին հրապուրանքները. քաղաքի կենտրոնում գտնվող նրա բնակարանին և խնայողություններին տիրանալու մղումն էր առինքնում տեղաբնակ կանանց։ Նրանք սեր և հոգատարություն էին ի ցույց դնում, մինչդեռ խորաթափանց ծերունու փորձառությունն օգնում էր ավելին կռահելու։ Ոչ ոք չէր փորձում հագուրդ տալ ծեր սրտի նվիրական փափագներին, թափանցել հոգու խորքում խնամքով թաքցրած աշխարհ։ Պարոն Հենրին փարթամ կրծքեր էր սիրում, երիտասարդ մարմին, նրան չէին հրապուրում հասուն կանայք, ովքեր ընկղմված էին ընտանեկան խնդիրների մեջ։ Անշահախնդիր մտերմության փնտրտուքով նա տակավին մենակ էր նստում ընթրիքի սեղանի շուրջ։ Երբեմն պահոցից իտալական գինի էր հանում, զգուշորեն բացում և փորձում ընթրիքը վայելել այնպես, ինչպես անցյալում, բայց միևնույնն է՝ ինչ–որ բան խանգարում էր։ Վերջին շրջանում վարակի տարածած խուճապը ճնշում էր սիրտը, մահվան տագնապը գիշերն ի լույս թափառում էր գիտակցության մեջ։ Երբեմն անքնության դեմ պայքարից հոգնած, նստում էր պատշգամբում, փակ աչքերով շնչում վաղորդայնի սառը օդը և նայում բացվող օրվա գույներին։ Երբևէ նա էլ երազել էր հոգատար, սիրելի կնոջ հետ անհոգ ծերության մասին։ «Մարդուս ճակատին ինչ գրած է, էդ էլ կլինի»,—կրկնում էր Հենրին։
Զարկերակային բարձր ճնշումը հաճախ անհանգստացնում էր նրան, դեղամիջոցները կորցրել էին վաղեմի ազդեցությունը։ Նման պահերին մենակության մեջ Հենրին սարսուռ էր զգում և դուրս էր գալիս զբոսնելու՝ փորձելով վանել տխուր մտքերը։
Համաճարակը ծնկի էր բերել քաղաքը. փողոցները կիսադատարկ էին։ Ճամփեզրին գտնվող ծաղկի կրպակի մոտ մի մեքենա արգելակեց։ Դուռը բացվեց, քառասունհինգին մոտ, պատկառելի արտաքինով մի տղամարդ իջավ։ Հենրին ուշադրությամբ նայեց անծանոթին, ով իր երիտասարդությունն էր հիշեցնում։ Րոպեներ անց սպիտակ վարդերի մեծ փունջը հայտնվեց նրան սպասող կնոջ գրկում։ Կանանց սիրահետելու Հենրիի հարուստ փորձը հուշում էր, որ տղամարդը կնոջը նվաճելու հստակ քայլեր է անում, իսկ կինը կարծես սիրահարված էր. նրա այտերը շառագունել էին։
— Սերը համաճարակի օրերին,— ասաց Հենրին և կարոտ զգաց, մտքի խոյանքով տեղափոխվեց տարիներ առաջ, երբ ինքը հաջողակ տղամարդ էր և վայելում էր սերը գեղեցիկ կանանց գրկում՝ նրանց նվիրելով ալ վարդեր։ Տունդարձի ճանապարհին, հին օրերի հիշողություններով համակված, Հենրին քթի տակ արտասանում էր.
— Ձիավոր ամպերը տանում են հուսահատ հայացքը քաղաքի,
Որ կին է։
Օրը՝ ինքնասպանված թռչուն՝ զարկված խոր ձորին։
Մատներիս բացվել է ծաղիկը խոլորձ,
Որ հիշեցնում է սպիտակակուրծք եղնիկի քնքշանքը.
Որտեղ ես թաղված ափսոսանքի թռչուն,
Դու, որ փշրվեցիր անհեկեկանք իրիկնամուտին...
Մութը փռել էր թևերը քաղաքի անհամաչափ տանիքներին։ Հենրին վերադարձավ տուն, ծեր դռնապանին բարի գիշեր մաղթեց և բարձրացավ իր հարկաբաժինը։ Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներն ազդարարում էին նոր վարակի հետևանքով մահվան դեպքերի մասին.
— Վարակակիրներին կյանքի վերջին ժամերին Իտալիայում թողնում են մենակ, մերձավորներին տեսնելն արգելվում է նրանց կյանքը չվտանգելու համար...
«Չի կարող լինել առավել սոսկալի բան, քան մենակության մեջ հոգին ավանդելը...»։
Մեկուսացման քառասուներորդ օրը, երբ դրսում համաճարակն առավել սաստկացել էր, շաբաթվա գնումները կատարելու համար Հենրին դուրս եկավ տնից՝ հարակից այգու նեղլիկ արահետով քայլելով դեպի մոտակա խանութ։ Քաղաքն ասես հոգեվարքի մեջ էր, փողոցները դատարկ էին, երբեմնի աղմկոտ սրճարաններն՝ անկենդան։ Հանկարծ մեկը ձգեց պիջակի թևքից, Հենրին դեպի ձախ նայեց, տեսավ մուրացիկ պատանու աղերսալի հայացքը։
— Հացի փող կտաաաա՞ք։
Ձեռքը տարավ գրպանը և գումար տվեց քաղցած տղային...
Քաղաքում լռություն էր տիրում։ Մտավ խանութ։ Վաճառող կանանց դեմքերը քողարկված էին դիմակներով. աղետն ասես դրոշմվել էր նրանց հայացքներում։
«Ուշ թե շուտ բոլորը կհիվանդանան այս սարսափելի ախտով։ Երիտասարդները կհաղթահարեն, իսկ այ տարեցներն անօգնական կմահանան»,— մտածեց Հենրին և տունդարձի ճանապարհին թուլություն զգաց, որոշեց այսուհետ մթերքը պատվիրել։
Հետևելով օրվա լրահոսին՝ պառկեց քնելու, հոգնություն էր զգում ծնկներում։ Լուսադեմին արթնացավ տենդի մեջ, զգաց, որ ջերմում է։ Մոտեցավ խոհանոցի պահարանին, դեղատուփի մեջ ջերմիջեցնող փնտրեց և փորձեց նորից քնել։ Առավոտյան փսխուք ուներ։ Մտածեց՝ մրսածություն է կամ թունավորվել է սնկով ուտեստից։ Դեղ խմեց, փորձեց մի քիչ պառկել հյուրասենյակի բազմոցին, բայց շնչարգելությունն անհանգստացնում էր։ Վարակակիր լինելու կասկածը կրծում էր ներսից, մենակության մեջ մեռնելու երկյուղը առավել իրական էր թվում...
Կեսօրին մոտ ուժերը հավաքեց և զանգահարեց բանկ, հետաքրքրվեց՝ ինչպես կարող է կանխիկացնել իր խնայողությունները։ Բանկերն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ Հենրին դանդաղ քայլերով ուղևորվեց դեպի բանկի մոտակա մասնաճյուղ։ Կեսօրն անց լիքը պայուսակով վերադարձավ, ուժասպառ նստեց բազմոցին։ Ինքնազգացողությունը գնալով վատանում էր։ Անօգնական նայեց կնոջ դիմանկարին, աչքերն արցունքոտվեցին։ «Երանի քեզ, հոգատարությամբ պարուրված հեռացար՝ անտեր թողնելով ինձ»։
Պատին ամրացված ժամացույցի ճոճանակը դանդաղ օրորվելով՝ խուլ, միալար ձայն էր արձակում։ Հենրին դողացող մատներով հավաքում էր շտապ օգնության հեռախոսահամարը։
Բնակարանի բանալին պահ տալով ծեր դռնապանին՝ ճերմակ խալաթով երիտասարդի ուղեկցությամբ Հենրին նստեց շտապ օգնության մեքենան։ Ճանապարհին ափի մեջ ամուր սեղմել էր հնամաշ պայուսակի բռնակները։ Հիվանդանոցն ասես քաոսի էր վերածվել, դիմակավոր մարդկանց անդադար հոսքը գլխապտույտ էր առաջացնում։
Հիվանդասենյակի նեղլիկ պատուհանից արևի մի շող էր ներթափանցել և փորձում էր ջերմացնել մահճակալին պառկած Հենրի Չպուգքյարյանի դողացող մարմինը։ Րոպեներ անց ներս մտավ հերթապահ բժիշկը՝ դիմակավոր բուժքրոջ ուղեկցությամբ, և ասաց.
— Ի՞նչ գանգատներ ունեք, հայրի՛կ ջան։
Հենրին վախից կլորացած աչքերով նայեց նրանց՝ ծանրացած շնչառությամբ հևիհև արտաբերելով.
— Ես լսեցի, որ վարակակիր մարդկանց կյանքի վերջին ժամերին մենակ են թողնում։ Խնդրում եմ, եթե ինձ մոտ վարակը հայտնաբերվի...
Նա վերցրեց կողքին դրված ճամպրուկը և դողացող ձեռքերով մեկնեց բուժքրոջը.
— Ահա՛, բանկ եմ գնացել, հանել իմ խնայողությունները... Խնդրում եմ վերցրեք այս գումարը, միայն թե կողքիս նստեք, չթողնեք, որ ես մենակության մեջ մահանամ...

Նրա աչքերում արտացոլված վախն ավելին էր, քան մարմնի մեջ բույն դրած միաշղթա ժահրը...
 

 

Բուժքույրը

Վիրաբույժի ընդունարանում էի։ Հերթական բուժզննումն անցնելով՝ սպասում էի բժշկի խորհրդատվությանը...
Ներս մտավ բուժքույրը՝ բարալիկ ոտքերով, տխուր աչքերով մի աղջիկ ևհրավիրեց ինձ զննման սենյակ՝ նախապատրաստելով ամեն բան մինչ բժիշկը կմոտենար։ Նա տխուր ժպտում էր, հայացքը չէր կտրում ինձանից, ես էլ ի պատասխան մեղմ ժպտում էի նրան։ Բժիշկը եկավ և դեռ չէր հասցրել ուսումնասիրել ռենտգեն հետազոտության իմ արդյունքները, շտապ կանչեցին վիրահատարան։
Ես ստիպված էի սպասել։ Նրա բացակայության ընթացքում բուժքույրը հարցրեց ինձ.
- Կարո՞ղ եմ ձեզ մի բան ասել։
- Այո, իհարկե - պատասխանեցի ես։
- Երբ ես չորս տարեկան էի, մայրս լքեց ինձ։ Դուք այնքան նման եք նրան, անվերջ նայում եմ ձեզ ու մորս եմ հիշում...
- Իսկ ի՞նչն էր լքելու պատճառը։
- Պարզապես երեխա չէր ուզում։
- Ու մինչ օրս չե՞ք տեսել նրան։
Նա գլխի բացասական շարժում արեց, աչքերն արցունքոտվեցին։
- Իսկ ո՞ւմ հետ եք ապրում։
- Մենակ։ Մինչև տասնվեց տարեկան ապրել եմ հորս ու իր կնոջ հետ։ Նա հորիցս մի աղջիկ ուներ, ում անսահման սիրում էին թե՛ նա, թե՛ հայրս, իսկ ես վախվորած նստում էի սեղանի անկյունում, կռանում և ժամերով նայում մաթեմատիկայի գրքի միևնույն էջին։ Արցունքները սեղմում էի կոկորդումս, որովհետև չէի հասկանում բանաձևերը ու չէի համարձակվում իմ հարցերով ընդհատել ընտանեկան երջանկությամբ լի նրանց երեկոն։ Երբ հայրս տուն էր վերադառնում աշխատանքից, ընթրիքից հետո խորթ մորս աղջիկը նստում էր հորս ծնկներին, իսկ խորթ մայրս հիացմունքով նայում էր նրանց։ Ես ասես գոյություն չունեի... Միշտ սպասում էի, որ ինձ համար տխուր պահերին ուր որ է դուռը կթակեն և ներս կմտնի մայրս, կգրկի ինձ մայրական գորովանքով և կտանի իր հետ։ Ես երազում էի հարազատ, ջերմ մի զգացողություն ունենալ նրա գրկում...
Արցունքների միջից նա ժպտաց ինձ ու ասաց.
-Դուք այնքան նման եք մայրիկիս...
Մտածում էի՝ աղջիկը որքան էլ վշտացած է, որ մայրը լքել էր իրեն, բայց ինձ նայելիս հոգատար ու մեղմ ժպտում է, հավանաբար մինչ օրս սիրում ու կարոտում էր իր մորը։
-Ես մայրական քնքշանք չէմ տեսել, կարելի է ասել՝ ես որբ եմ մեծացել։
Կենսաբանական մայրս ինը ամիս կրել էր ինձ իր կրծքի տակ, սակայն մայրական բնազդն ու սերը այդպես էլ չէին սաղմնավորվել նրա սրտում։ Նա պարզապես հեռացել էր առանց մտածելու իմ ճակատագրի մասին։ Գիտեք՝ հազար անգամ պատկերացրել եմ նրա հետ հանդիպումը, պատկերացրել եմ նրա դիմագծերը, նրա աչքերը, իմ հիշողություններում նա միշտ ժպտում է։ Երազում հաճախ տեսնում եմ մորս, հևասպառ վազում եմ դեպի նա, ցանկանում փարվել, բայց նրա կերպարն անէանում է արևի՝ աչք ծակող շողերի մեջ։ Մի անգամ փորձեցի ասել հորս, որ երազում մորս եմ տեսել, նա անգամ թույլ չտվեց շարունակեմ, կտրուկ ընդհատեց ինձ՝ ասելով.«Դու գոնե հիշո՞ւմ ես մորդ դիմագծերը, որ երազում տեսնես...»։
Ես անչափ վշտացա հորս խոսքերից, քանզի թեպետ մորս ոչ մի լուսանկար չունեմ, բայց իմ հիշողություններում հստակ ուրվագծված է նրա պատկերը՝ շագանակագույն ալիքաձև վարսերը, խոշոր աչքերը,
բարձր ծիծաղը... Գիտեք՝ ես պատկերացրել եմ անգամ նրա հոտը, երբ գլուխս կդնեի նրա փափուկ կրծքին և միգուցե առաջին անգամ անխռով կքնեի...
-Դուք հանգիստ չե՞ք քնում գիշերները,- հարցրեցի ես։
-Ես միշտ սարսափելի երազներ եմ տեսնում, դրանք ողջ կյանքում հետապնդում են ինձ։
Մի փոքր լռելուց հետո աղջիկը հանկարծ հարցրեց ինձ.
-Դուք բալիկներ ունե՞ք։
-Այո, երկու բալիկ ունեմ։
-Այ պատկերացրեք՝ ես երբեք ձեր բալիկների նման անխռով չեմ քնել, քնի մեջ չեմ ժպտացել, որովհետև ինձ երբեք ոչ ոք ձեր նման չի ժպտացել, իմ ծնողները երբեք իմ ճակատը չեն համբուրել, երբ դպրոցում բարձր գնահատական եմ ստացել, ինձ չեն գրկել, երբ անզգուշաբար վայր եմ ընկել ու ծունկս վերք արել։ Ինձ միայն սաստել են, կշտամբել...
Նա հանկարծ սարսռաց, նուրբ մաշկը փշաքաղվեց, ասես մրսում էր։ Պատուհանի դիմաց նստած, անողոք իրականությունից տեղափոխվել էր մի այլ աշխարհ և մտքերով դեգերում էր հեռուներում։ Արևի շողերը լուսավորում էին նրա թուխ դեմքը, ձեռքերն անօգնական դրել էր ազդրերին և մտահոգ նայում էր ափերի մեջ խզբզված գծերին։
-Հասկանո՞ւմ եք, ողջ աշխարհի համար դու խորթ ես, երբ մայր չունես,- հազիվ լսելի ձայնով շշնջաց նա և հայացքը վեր բարձրացրեց բացվող դռան ձայնից։ Բժիշկը վերադարձավ։ Նա շտկեց ճերմակ գլխարկն ու անցավ աշխատանքային պարտականությունները կատարելուն։ Ոչ ոք երբևէ չէր կարող պատկերացնել՝ ինչ է կատարվում բուժքրոջ հանդերձանքով վտիտ աղջկա ներաշխարհում, բայց բավական էր ուշադրությամբ նայել հայացքում բույն դրած անհատակ տխրությանը, կարելի էր հասկանալ, որ առանց մայրական սիրո ողջ աշխարհն է օտար ու սառը դառնում։
Տխրում եմ, շատ եմ տխրում, չեմ կարողանում հասկանալ երեխաներին լքող մայրերին, ում զավակներն անհերքելի սիրով ու կարոտով մինչև կյանքի վերջին վայրկյանը սպասում են նրանց վերադարձին...
Մոր վերադարձին:
 
(Սոնա Քոլոզյանի գրառման մոտիվներով)
 
-------------------------------------------------------------------------

Մեծ մայրս 

Մեծ մայրս  ծնվել է Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի նշանավոր գավառներից մեկում՝ Սալմաստում, որը նաև հայ նշանավոր գրող Րաֆֆու ծննդավայրն է:

Ողջ կյանքում աներևակայելի դժվարությունների դիմագրաված, իր երեխաների կորստի վիշտը սգացած մեծ մորս  մեղմ ու բարի հայացքն արևի շողերի պես ջերմացնում էր մեր տունը:

Ես ինը տարեկան էի, երբ ծանր հիվանդությունից մահացավ իմ գեղեցկուհի մայրը: Հայրս էլ երբեք չամուսնացավ: Մենք հինգ երեխա էինք: Մինչև հիմա չեմ վարանում ասել՝ եթե մեծ մայրս չստանձներ մեր խնամքը, մենք հավանաբար չէինք լինի կամ չէինք լինի այսպիսին:

 

Ես շնորհակալ եմ նրան…

Մեծ մայրս բացառիկ կին էր՝ շքեղ, գեղեցիկ, միաժամանակ այնքան պարզ ու լուսավոր՝ հայ կնոջը հատուկ բարությամբ, մարդասիրությամբ: Աշխարհի լավագույն տատիկն ապրում էր մեր տանը: Նա մեր պահապան հրեշտակն էր: Չկար ավելի տաք, լուսավոր ու ջերմ  անկյուն, քան տատիկիս գիրկը, որտեղ մի արտասովոր հանգստություն էր պարուրում ինձ, որտեղ հազար բարի օրհնանք էր տաք անձրևի նման թափվում իմ ուսերին…

Իմ հիշողության մեջ ես հաճախ փորձում եմ վերակենդանացնել մեծ մորս դիմագծերը՝ աչքերի խորքում ամբարված թախիծը, դեմքի խորախորհուրդ խորշոմները: Այդ խորշոմները իմաստության խորհրդանիշ էին, բայց և անամոք վշտի անխոս վկաներ: Մեծ եղեռնի օրերին՝ գաղթի ճանապարհին, տատս կորցրել էր ամուսնուն և երկու զավակներին. պապս, հորեղբայրս ու հորաքույրս մահացել էին խոլերայից: Լռում էր տատս իր ցավի մասին, ծանր էր նրա լռությունն ու տխուր, հայացքի մեջ դրոշմված անամոք մրմուռ կար…

Տատս հաճախ էր մեզ պատմում իր ծննդավայրի՝ Ուրմիա լճի հյուսիսարևմտյան ափի մոտ գտնվող Սալմաստ գավառի Հաֆտվան գյուղի մասին, թե ինչպես է միջնադարյան Հայաստանի բերդաքաղաք Սալմաստը IX-XI դարերում ենթակա եղել Վասպուրականի Արծրունիներին, ինչպես է այն գրավվել 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի և Առաջին աշխարահմարտի ժամանակ: Նա պատմում էր Սալմաստի հայկական գյուղերի, նաև Փայաջուկի՝ Րաֆֆու ծննդավայրի մասին: Թեև այս գավառից մեծ թվով հայեր գաղթել էին Արևելյան Հայաստան, այնուամենայնիվ տեղի բնակչության զգալի մասը հայեր էին, որոնցից շատերը տոհմիկ այգեգործներ էին և քաղաքը հայտնի էր իր ընտիր խաղողով ու գինով։

Տատս՝ Վարյան, կամ ինչպես հարազատներն էին ասում՝ Դարյան, և իր երկու քույրերը՝ Հոռոմը, և Հայկանուշը, Սալմաստում պտղատու մեծ այգի էին ժառանգություն ստացել: Մենք անհամբեր սպասում էինք ամառային արձակուրդներին, երբ տատս մեզ տանում էր փարթամ բուսականությամբ հարուստ Սալմաստ: Մենք Սալմաստում մնում էինք երկու ամիս, այնուհետ մեզ էր միանում հայրս և ուսումնական տարվան ընդառաջ Սալմաստի անմահական համ ու հոտ ունեցող միրգ բանջարեղենով լի ծանր կողովներով վերադառնում էինք Թավրիզ:

Սալմաստեցի տատս յուրահատուկ աշխուժության տեր կին էր, նա ողջ օրը դադրում չուներ: Առավոտից մինչև երեկո շարժման մեջ էր: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում աշխարհի ամենահամեղ կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, կարում, կարկատում մեր հագուստը, կերակրում մեզ, դպրոց ճանապարհում: Նրա ամենատես աչքերը ամեն բանի կնայեին և ամեն բան կտեսնեին: Տատս շատ աշխատասեր կին էր: Ես հիշում եմ, թե ինչպես էր ողջ օրը  տան մաքրությամբ, եփել թափելով զբաղվում: Հարազատների, հարևանների շրջանում մեծ համբավ ունեին մեծ մորս պատրաստած կարմիր գինին ու հորած պանիրը: Մինչև հիմա հիշում եմ այդ պանրի ինքնատիպ համը: Ձմռան երկար գիշերներին, երբ բոցկլտում էր կրակը մեր  մեծ վառարանում, տատս կարտոֆիլը շարում էր ջեռոցում, մենք հավաքվում էինք վառարանի շուրջ և անհամբեր սպասում խորոված կարտոֆիլը ճաշակելուն տատիս պատրաստած հորած պանրով և թխած անուշաբույր հացով:

Երբ կրակն  ածխանում էր, տատս ձեռքն էր առնում բրդե գործվածքն ու շյուղերը և ձմռան երկար գիշերների գունեղ հեքիաթն էր ասես գործում՝ քթի տակ մրմնջալով հին  հայկական տխուր մի մեղեդի… Նա մեզ համար բրդե սվիտերներ, տաք գուլպաներ էր գործում… Մենք երբեք չէինք տեսնում, թե երբ էր քնում տատս, մենք քնում էինք, երբ նա դեռ տնային գործերով էր զբաղված և արթնանում էինք նրա պատրաստած նախաճաշի անուշ հոտից…

Նա խնամեց, մեծացրեց մեզ և իր կյանքի 85-րդ գարունքը չբոլորած՝ հրաժեշտ տվեց այս աշխարհին:

Տատիս մահն ամպրոպ էր մեզ համար, մենք այնքան անպաշտպան էինք նրա  կորստով, որքան ծառից պոկված տերևները, որոնք պտտվելով իջնում են գետնին՝ չունենալով կառչելու տեղ:

Սկսվեցին մեր կյանքում նոր օրեր առանց մեծ մորս խնամող ձեռքերի, բարի, լուսավոր աչքերի…

Երբեմն մայրամուտին, երբ արևի շողերը հրակարմիրով են ծածկում երկնակամարը, ես մտքի թռիչքով շատ տարիներ առաջ եմ սլանում, ասես տեսնում եմ հայրենի տունն իմ տերևախիտ, մրգատու ծառերով շրջապատված այգով, կարմրին տվող նռնենիներով, բերքից կքած ծիրանենիներով: Կարծես երեկ լիներ, ես տեսնում եմ մեծ մորս. խորշոմներից կծկված նրա դեմքին նույն բարությունն է, ինչպես առաջ, և նրա կարեկցանքով լի աչքերը նայում են ինձ վաղեմի սիրով: Ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա իմաստալից խրատները…

 

«Մելգոնեանը» ահազանգ է հնչեցնում

Մայրենի լեզվի կաճառի դռները շարունակում են մնալ փակ

 
«Մելգոնեան» կրթական հաստատությունը չի գործում արդեն մեկ տասնամյակ և ավելի…
 
ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումները համայն հայության կողմից շարունակվում են ողջ աշխարհում՝ կարևորելով մեր ազգային ժառանգության մեծագույն գանձի՝ հայոց լեզվի, հայի ինքնության ու ազգային միաբանության առաջնային գրավականի և հայապահպանության հիմնասյան, ուծացման վտանգի դեմ զորեղ վահանի դերը սփյուռքում: Մինչդեռ մայրենի լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած պատմական «Մելգոնեան» կրթական հաստատության դռները արդեն մեկ տասնամյակ և ավելի շարունակում են մնալ փակ:
 
Հայազգի բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրների նվիրատվությամբ 1926 թվականին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հիմնված ՙՄելգոնյան՚ կրթական հաստատությունը շուրջ ութ տասնամյակ կրթություն և խնամք է տվել ինչպես Հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայ մանուկներին, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին՝ պատրաստելով նրանց միջազգային հեղինակավոր բուհերի ընդունելության քննություններին, ապա և հայապահպան առաքելության:
 
Սակայն 2004 թ. ՀԲԸՄ կենտրոնական վարչության Մելգոնեան եղբայրների կտակակատար մարմնի որոշմամբ ծախսատարության և կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ կրթահամալիրը դադարեցրեց իր առաքելությունը՝ ընդվզումի մեծ ալիք բարձրացնելով հայության շրջանում:
 
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, փակելով վարժարանը, Կիպրոսի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը զրկեց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Միջազգային համաժողովների ընթացքում, որոնց հրավիրվում են գիտնականներ, հայ ձեռնարկատերեր ու մտավորականներ աշխարհի տարբեր ծայրերից, Կիպրոսի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվում են քննարկումներ ՄԿՀ-ի փակման խնդրի վերաբերյալ, նախկին սաներն ու ուսուցիչները մեղադրանքներ են հնչեցնում ՀԲԸՄ-ի հասցեին, մինչդեռ կրթահամալիրի զբաղեցրած 125 հազ. քմ տարածքում դեռևս ամուր ցանցապատված ամայի ու լքված շենքեր են. եռահարկ ուսումնական մասնաշենքեր, հանրակացարան, մարզահամալիր, մարզադաշտեր, բնակելի շենք, և հայ մեծերի գետնադիր քանդակները, Մելգոնյան եղբայրների դամբանը (Մեծ բարերարների աճյունները հողին են հանձնվել կրթահամալիրի բակում՝ նույն դամբանում):
 
Հայապահպանության, հայ ինքնության ու ազգային միաբանության, հայոց լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած «Մելգոնեան» կրթահամալիրի երախտապարտ սաները, ովքեր ապրում են «Մելգոնեան»-ի տված ազգային դաստիարակության շնչով, կրթօջախի հիմնադրման 90-ամյակի առթիվ նախաձեռնել էին ֆիլմի նկարահանման աշխատանքներ՝ նպատակ ունենալով ներկայացնել կրթօջախի պատմությունը՝ այսպիսով գուցեև նպաստելով համալիրի փակված դռները վերաբացելուն:
 
Լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմը 2016 թ., իննսունամյակի տոնակատարությունների շրջանակներում, ցուցադրվեց Բեյրութում և Նիկոսիայում, Վենետիկում, Մոնրեալում, Տորոնտոյում, Բոստոնում: 2017 թ. այն ցուցադրվեց նաև «Նարեկացի» արվեստի միության Երևանի և Շուշիի կենտրոններում:
 
Ֆիլմը նկարահանված է «Մելգոնեան» կրթական հաստատության տարածքում՝ փորձելով կրթօջախի տխուր ներկայի համապատկերում ոգեկոչել փառավոր անցյալը, ներկայացնել անհերքելի փաստերն այն մասին, որ այս լույսի տաճարը լույս է սփռել 78 տարի շարունակ, հազարավոր սաներ մկրտվել են «Մելգոնեան»-ի սուրբ ավազանում և ՙՄելգոնեան՚-ից առած լույսը սփռել ողջ սփյուռքում, փոխանցել սերնդեսերունդ: Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է կրթօջախի պատմությունը:
 
«Մելգոնեան» կրթական հաստատության հիմնադիրներ Գրիգոր և Կարապետ Մելգոնեան եղբայրները, իրենց ծննդավայր Կեսարիայի Գյումուշյան վարժարանում նախնական կրթություն ստանալով, սկսել են զբաղվել առևտրով: 1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռումինիա և Ֆոքշանում վաճառականություն արել: Կարճ ժամանակ անց տեղափոխվել են Եգիպտոս, որտեղ հիմնել են ծխախոտի «Գ. և Կ. Մելգոնեան» ֆիրման և առաջին գործարանը: 1914 թ. այստեղ ամսական արտադրվում էր 10 միլիոն գլանակ:
 
Ավագ եղբոր մահից հետո Կարապետն ամբողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը, ինչի համար արժանանում է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը: 1921թ. Կարապետ Մելգոնեանն իր հարստությունն ավելացնում է եղբոր կտակին ու դրա իրագործումը հանձնում Պոլսի պատրիարքությանը: 1925թ. Ալեքսանդրիայում Կարապետ աղան կազմում է մի նոր ակտ և ամբողջ նվիրատվությունը՝ մոտ հինգ միլիոն դոլար, փոխանցում հայ ժողովրդի բացարձակ հեղինակությունը վայելող Պողոս Նուբար փաշայի ղեկավարած ՀԲԸՄ-ին: Այդ կտակով պետք է հիմնվեին դպրոցներ, կատարվեին հրատարակություններ և օժանդակություն տրամադրվեր եկեղեցուն ու տարբեր կառույցներին:
 
Բարերար հիմնադիր Կարապետ Մելգոնեանի փափագն էր, որ իր հիմնած կրթական հաստատությունները հարատևեն դարեդար, լինեն լուսավորության վառարաններ և հայ ազգին տան օգտակար և պարկեշտ նկարագրով անդամներ:
 
Առաջին իրավարար Պոլսո պատրիարքարանը 1923 թ. Նիկոսիայի մերձակայքում գնում է 187 հազ. քմ հողատարածք, և ճարտարապետ Կարո Պալյանի նախագծով սկսվում է կրթահամալիրի շինարարությունը: Կառուցվում են 15 շենքեր, խաղադաշտեր. վարժարանը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից՝ դպրոցական շենքեր, աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված կացարաններ, ճաշարան, արհեստանոցներ, տպարան, գրադարան և այլն:
 
«Մելգոնեան» կրթական հաստատությունը պաշտոնապես բացվում է 1926 թ.: Կրթահամալիրի առաջին «բնակիչների»՝ Եղեռնից մազապուրծ հայ որբերի ձեռքերով տնկված նոճիների պուրակը՝ իբրև Խաչ Ցեղասպանության զոհերի, մինչ այժմ պահպանվում է կրթահամալիրի տարածքում: Այստեղ Ցեղասպանությունից հետո հնչեցին հայ երգն ու մայրենի լեզուն: Բարերար Մելգոնեանը գրել է. «Իմ դպրոցը պետք է մեր վրեժը լուծի: Այս որբերը պետք է իրենց հայրական տունը նորեն շենացնեն, նրանցից պետք է պատրաստենք մեր ազգի նոր մեծերին»: Հատկանշական է դպրոցի բազմաբնույթ գործունեությունը՝ պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, սկաուտական ակումբ, փողերախումբ և այլն:
 
1987-89 թթ. կրթահամալիրը ենթարկվում է հիմնանորոգման, ընդլայնվում է Եվրոպայից ժամանող սաների թիվը: Ուսումնական ծրագրերն էին հումանիտար, գիտական ու տնտեսական, հայերենից ու անգլերենից բացի դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն:
 
ՙՄելգոնեան՚ կրթական հաստատության հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են մշակույթի, կրթության, գիտության, լեզվի ու ազգային ինքնության պահպանման ոլորտներում: Հիշատակենք նկարիչ Հակոբ Հակոբյանին, արձակագիր և թարգմանիչ Կարպիս Սուրենյանին, երաժիշտ Նիկողոս Թահմիզյանին, գրողներ Մուշեղ Իշխանին, Վահէ Վահեանին, Զարեհ Մելքոնեանին և այլոց: Այն միակ գիշերօթիկ, ամենօրյա դպրոցն էր Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Նաև միակ միջազգային դպրոցն էր, որտեղ տարեկան ուսանում էին երկու տասնյակից ավելի երկրներից ժամանած շուրջ 300 հայ երեխաներ:
 
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը ևս «Մելգոնեան» հաստատության սաներից է: Նարեկը 13 տարեկան էր, երբ Բեյրույթում սկսվում է պատերազմը, Հարությունյանների ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, և Նարեկը հաճախում է պատմական «Մելգոնեան» կրթական հաստատություն:
 
Վարժարանում ապրած օրերը ուսանելի հուշ դարձրած Նարեկ Հարությունյանի համար ողջ կյանքում մնացել են թանկ ու անմոռաց:
 
-Վարժարանում ուսանում և ապրում էին աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հայ երեխաներ: Մեծ բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրները, հիմնադրելով այս վարժարանը, նպատակ ունեին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբ, կարիքավոր հայ երեխաներին ապաստան տրամադրելու, օգնելու հաղթահարելու դժվարությունները և մտնելու կյանքի նոր փուլ:
 
«Մելգոնեան»-ը Կիպրոսի կղզում փոքրիկ Հայաստան էր: Հային հայ պահելու գործում անգնահատելի է վարժարանի հսկայական ավանդը:
 
«Մելգոնյան»-ը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց է եղել շատ հայորդիների համար:
 
Մինչդեռ, ցավալիորեն, ՀԲԸ միության կենտրոնական վարչության որոշմամբ փակվել է այն՝ առանց վերաբացվելու հեռանկարի:
 
Ուծացումն ահագնացող երևույթ է հայ ազգի համար, ուստի մայրենի լեզվի կիրառումը, ուսուցումն ու փոխանցումը պետք է դառնա առաջնային նպատակ, քանզի համընդհանուր ձուլման վտանգը սպառնում է մեր ինքնությանը, պատմությանն ու արժեքներին:
 
ՀԲԸՄ-ն դարեր շարունակ լավագույն համազգային կառույցն է եղել, ունեցել է պատվավոր նախագահներ ի դեմս Պողոս Նուբարի և Ալեք Մանուկյանի, ովքեր վիթխարի պատասխանատվությամբ ջանացել են պահպանել հայի տեսակը սփյուռքում: Մինչդեռ «Մելգոնեան»  կրթահամալիրը փակելով և չընդառաջելով վերաբացման հորդորներին՝ ավելի քան 300 հայորդի ամեն տարի զրկվում է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Հատկանշական է, որ 1974թ. ներխուժելով Կիպրոս՝ թուրքական ռազմուժը ռմբակոծել է նաև Մելգոնեան կրթական հաստատությունը, որը տասնամյակներ շարունակ հայ է կրթել:
 
Ի դեպ, Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել ընդդեմ ՄԿՀ-ի փակման, Ներքին գործերի նախարարության քաղաքաշինության բաժինը կրթահամալիրի երկու պատմական շենքերը հայտարարել է «Պատմաճարտարապետական, ազգային ժառանգություն», հարակից պուրակը՝ «Կանաչ գոտի», իսկ 2007 թ. ընդունված հրամանով արգելվում է Մելգոնեան կալվածքի որևէ ձևափոխում:
 
Ողջունելի է, որ օտար պետությունն իր տարածքում գտնվող հայկական կրթօջախը պահելու հարցում նմանօրինակ նախանձախնդրություն է ցուցաբերում: Կիպրոսը, իբրև Եվրոմիության անդամ երկիր, ունի ազգային փոքրամասնությունների լեզվապահպանությանն աջակցելու պարտավորություն:
 
Ողջունելի կլիներ նաև գրեթե մեկդարյա պատմություն ունեցող «Մելգոնեան» կրթահամալիրի հայազգի երախտավորների կողմից վերափոխումը արդի չափանիշներին համապատասխանող ժամանակակից կրթօջախի՝ պահպանելով «Մեգոնյան» անվանումը և կիրառելով հայի տեսակն ուծացումից փրկելու միակ բուժարար խեժը՝ արևմտահայերենի, հայագիտական առարկաների դասավանդումը, սփյուռքում հայեցի կրթության ապահովումը:
 
Անդին 02.2018
 
Արշալույս Մարդիգանյանը արժանի է կոչվելու հայ հերոսուհի
 

«Նարեկացի»  արվեստի միությունում հուզումնառատ երեկո էր. սփյուռքահայ գրող, թարգմանիչ, բարերար Սօսի Գևոնյանը ներկայացրեց իր «Մինչ հոգիներու աճուրդը» պատկերազարդ հուշագրություն գիրքը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը բացահայտեց Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին:

-Ասում են՝  «Ցեղասպանությունից փրկված»… Ես համամիտ չեմ այդ արտահայտության հետ, քանի որ խոսքը ֆիզիկական փրկության մասին է լոկ… Իսկ այն հոգեկան տրավման, որին ենթարկվել են Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, պիտի ընդմիշտ դրոշմված մնա նրանց հոգում,- ասում է Սօսի Տ. Գևոնյանը:

Ինքը լինելով Ցեղասպանությունից փրկված նախնիների հետնորդը՝  շատ անգամ է գաղթականության ցուպը ձեռքն առել ու երկրե երկիր գաղթել: Ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, հետագայում ընտանիքով գաղթել Լիբանանի Բեյրութ քաղաք, որտեղ էլ շարունակել է ուսումը՝  ստանալով ֆրանսերենի ուսուցչի դիպլոմ, և դասավանդել է ֆրանսերեն լիբանանյան դպրոցում: Երբ Բեյրութում սկսվում է պատերազմը, Գևոնյանների ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա, այնուհետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծնվում է նրանց երրորդ դուստրը: Սօսի Գևոնյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, հրատարակիչ, իրականացնում է բարեգործական ծրագրեր, օգնում մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Շուրջ երեսուն տարի բնակվելով ԱՄՆ ում՝  տիկին Սօսին մի օր պատահաբար տեղեկանում է, որ հարևանությամբ գործող Կալիֆոռնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում կյանքի վերջին տարիներն ապրել և, բոլորի կողմից մոռացված, 93 տարեկանում մահացել է Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը:

Ո՞վ էր նա: 1915 թվականին Արշալույս Մարդիգանյանը 14 տարեկան էր: Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր: Ուներ չորս եղբայր և երեք քույր: Հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը: Իսկ ջութակի դասերի հաճախելու նրա երազանքը մնաց անկատար:

Նա ականատեսը դարձավ դարասկզբին հայ ազգի հանդեպ իրագործված անմարդկային բարբարոսությունների: Նրա ընտանիքը գազանաբար սպանվում է իր աչքի առաջ:

Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվում են գաղթի ճանապարհին: 14-ամյա Արշալույսը դժվար տարագրության ճանապարհին խոշտանգվում ու պատվազրկվում է թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում: Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում նա վաճառվում է 85 ցենտով, երկու անգամ ձերբակալվում է, փախուստի դիմում: Կրելով բազմաթիվ զրկանքներ՝  նա այնուամենայնիվ հավատափոխ չի լինում: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում, սնվելով բույսերով և արմատներով՝  հյուծված, բոբիկ ու կիսամերկ նա հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ ի վերջո Արշալույսին իրենց հոգածության տակ են վերցնում ամերիկյան միսիոներները:

1917 թվականի գարնանը ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Արշալույսը կարողանում է հատել ռուս-թուրքական ճակատային գիծը, նրան տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում, որտեղից զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ ուղևորվում է դեպի Սանկտ Պետերբուրգ, ապա՝  ԱՄՆ, Նյու Յորք:

«Օրօրա Մարտիկանյանը, ով մազապուրծ հասավ Ամերիկա, պատմեց Ցեղասպանության եղելությունը՝  արթնացնելով Ամերիկայի ժողովուրդի խիղճը: Խնամակալներին հայերեն պատմում է իր հետ կատարվածի մասին, նրանք գրի են առնում անգլերեն, և Ավրորայի իրական պատմության հիման վրա 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան»  («Ravished Armenia ») գիրքը, որը միանգամից վաճառվում է մեծ քանակով: Հայ ժողովրդի ողբերգության մասին պատմող այս գիրքն առաջացնում է Նյու Յորքի հասարակության բարձր խավի կարեկցանքը: «Համախմբվելով՝  Նյու Յորքի նշանավոր անձինք միություն են կազմում և կոչում «Հայ և սիրիացիների նպաստամատույց կոմիտե»: Մարդիկ, որ հայերի մասին չէին լսել, գրադարաններում, թանգարաններում ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշեցին ֆիլմ նկարել, որպեսզի գումար հավաքեն հայ ժողովրդին օգնելու համար»,- պատմում է Սոսի Գևոնյանը: 1919 թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝  Ավրորայի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմը: Այն ցուցադրվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցավոք, այսօր պահպանվել է ֆիլմի մեկ տասներորդ մասը, մնացածն անհետացել է: Սոսի Գևոնյանի հավաստմամբ՝  այս ֆիլմը միջազգային հանրության վրա թողեց անջնջելի հետք: Ավրորային վիճակված էր այդ ֆիլմում մարմնավորելու իր իսկ կերպարը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ավրորան մեծապես աջակցում է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: «Եվ ցեղասպանության ականատեսի՝  Արշալույս Մարդիգանյանի հուշերի հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմի ցուցադրությունից ստացվեց 117 միլիոն դոլար, որի մի մասն օգտագործվեց 114 հազար հայ երեխաների փրկության համար՝  յուրաքանչյուրի համար վճարելով մեկ դոլար և ազատելով թուրքի ստրկությունից»,-պատմեց Սօսի Գևոնյանը:

Նա իր կյանքի առաքելություններից մեկն է համարում Ավրորայի կերպարը աշխարհասփյուռ հայությանը ներկայացնելը: Դեռևս 2006 թ. նախաձեռնում է  «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի ստեղծման աշխատանքները: Այն պատկերապատում ժանրով է գրված, հրատարակվել է հայերեն ու անգլերեն և ներկայացվել է Ժնևում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Կարիբյան կղզիներում, Հայաստանի մի շարք մարզերում և Երևանի բազմաթիվ գիտակրթական հաստատություններում: «Գրքում մի շարք դրվագներ, որ իրականում եղել են, ներկայացված են ողջ դաժանությամբ: Սա մեր պատմության իրական արտապատկերումն է: Այն ճշմարտությունը, որով անցել ենք մենք: Ավրորա Մարդիգանյանի պատմությունը պետք էր մոռացումից փրկել, որովհետեւ այս աղջիկը ողջ Ամերիկայի զարմանքն էր առաջացրել: Ազգերն ու ողջ ժողովուրդը Հայոց ցեղասպանությանը ծանոթացել են առաջինը հենց այս աղջկա պատմության միջոցով»- ասում է Սոսի Գևոնյանը:

Տիկին Սօսիին, սակայն, բախտ չվիճակվեց կենդանության օրոք հանդիպել Ավրորա Մարդիգանյանի հետ:

«Ես ցավում եմ, որ այդպես էլ չհաջողվեց հանդիպել այս մեծ հայուհուն, ով իր կատարած գործերով հիրավի արժանի է կոչվելու հայ հերոսուհի: Մինչդեռ նա, կյանքի վերջին տարիներն ապրելով ծերերի խնամքի կենտրոնում, մահացել է կատարյալ անուշադրության մատնված:

Ցեղասպանության սարսափները վերապրելով, թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում պատվազրկվելով՝  Ավրորա Մարդիգանյանը երկար տարիներ չէր կարողանում ամուսնանալ, նա վախենում էր, որ ինչ-որ մեկը հպվի իրեն: 29 տարեկանում ամուսնանում է, ունենում մեկ որդի: Որդին, սակայն, մորը հանձնում է ծերանոց, այլազգի հարսն արգելում է թոռանն այցելել տատիկին: Ավրորան հիվանդանում է ու մահանում անտերության մեջ: Որդին անգամ չի գալիս մոր դին տանելու: Ավրորայի մարմինը վառում են ու մոխիրը պահում: Երեք տարի ոչ ոք չի հայտնվում մոխիրը տանելու, և տասնյակ անտեր մոխիրների հետ միասին մեծ հայուհու մոխիրը ևս թաղում են մեկ ընդհանուր փոսում»,- ցավով պատմում է Սօսի Գևոնյանը: «Այս ճակատագրի կրողը շատ հեռու Ամերիկայում է թաղված, բայց ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս այնտեղ պետք է հիշել այսպիսի ճակատագրեր կրողներին ու ծաղիկ դնել նաև նրանց հոգու հանգստության համար»:

Ավրորա Մարդիգանյանի բարեհոգությունը՝  հարյուրավոր հայ որբերի փրկության ու խնամքի, հիրավի արժանի է գնահատանքի՝  «100 lives»  նախաձեռնության մաս կազմող մրցանակի Ավրորա անվանակոչմամբ:

2016 թվականից սկսած՝  Հայաստանում շնորհվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը՝  խրախուսելու և աջակցելու այն բացառիկ անհատներին, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝  հնարավորություն են տալիս գոյատևել ուրիշներին:

Արշալույս Մարդիգանյանը (1901-1994 թթ. ), ով իր կյանքն ապրել է՝  հաղթահարելով ողբերգական հիշողությունները և ուժ գտնելով իր մեջ հարյուրավոր հայ որբերին օգնելու համար, արժանի է կոչվելու հայ հերոսուհի:

Անդին 9.2017

---------------

Նարեկը

 
Ինքնաթիռի պատուհանի մոտ նստած թխամորթ երիտասարդի աչքերը
խունացած էին։ Մյուս ուղևորները երկարատև թռիչքի ընթացքում քնել էին, իսկ Նարեկն անքթիթ դեպի երկինք էր նայում։ Հեռվում թողնելով շուրջ երկու տասնամյակ ապրած իր կյանքի մանր մունր չարաճճի հիշողությունները, մեծ ու փառավոր ակնթարթները, սիրո տխուր պատմությունը, Նարեկը մեկնում էր միացյալ նահանգներ մորեղբոր մոտ լավ աշխատանք ու բարեկեցիկ կյանք ունենալու երազանքով։ Թռիչքի անվերջանալի թվացող ժամերը նրա համար մտորելու, ամեն բան ծանրութեթև անելու հնարավորություն էին։ Վերջին օրերին մարդկանց հոսքը չէր դադարում իրենց տանը, բոլորը գալիս էին հրաժեշտ տալու, բոլորի հայացքում տխրություն կար։ Նարեկը նայում էր հյուրերին ու իրեն բնորոշ հմայիչ ժպիտով, տխրության դրդապատճառները խնամքով թաքցնելով՝ ասում.
-Ամեն ինչ լավ կլինի, ոչ մի արցունք։ Ժպիտով հրաժեշտ տվեք ինձ,
հաջորդ տարի գալու եմ...
Ասում էր ու ինքն իր ասածին չէր հավատում։ Գիտեր, որ էլ չի գա, ոչ մյուս տարի, ոչ էլ դրան հաջորդող տարիներին։ Հայրենիքում որքան փառքի ու ճանաչման արժանացավ, նույնքան էլ արդիական խնդիրների բախվեց։ Տեսավ սոսկալին, հանդիպեց մահվան հետ դեմ հանդիման և գերբնական բնազդով սեղմեց ձգանը։ Սեղմեց ու հաջորդ պահին սարսափեց. «Բա որ մեր ուղղաթիռը խփած լինեմ»։ Օդում սոսկալի շաչյուն լսվեց, ռազմական հարվածային ուղղաթիռը հռնդյունով ընկավ դաշտում։ Պայթյունի ուժգին ալիքից Նարեկն ու ծառայակից ընկերը շպրտվեցին մի քանի մետր հեռու... Աչքերը բացեց դիրքի ավագի ձայնից.«Նարեկ, Նարեկ, ո՞ղջ ես»։ Աչքերը բացեց ու կապույտ երկնքի խաղաղ լազուրին նայելով՝ չուզեց հավատալ, որ այն ամենը ինչ կատարվեց, երազ չէր, իրականություն էր, որի արարողն ինքն էր։ Հազիվ լսելի ձայնով Արմանին հարցրեց. «Արման, ինձ կդատե՞ն։ Մե՞ր ուղղաթիռն եմ խփել»։
Լսվեց դիրքապահ դասակի տղաների գոռոցը։  «Փախչում են, տղերք, կրակեք»։
Արայիկը նշան բռնեց հակառակորդի ուղղությամբ ու կրակեց։ Մայորն ընկավ գետնին։ Նարեկը սթափվեց կրակոցի ձայնից և հասցրեց վերցնել կողքին ընկած նռնականետը և մնացած երկրորդ փամփուշտով նշան բռնել դեպի իրենց ուղղությամբ կրակող թշնամուն։ Հակառակորդը խոցվեց։ Դիրքի տղաները վազեցին դեպի ածխացած ուղղաթիռը։ Ուղղաթիռում գտան մոխրացած դիակ, մետաղական չհրկիզվող տուփի մեջ խնամքով թաքցրած քարտեզների մի մեծ փաթեթ։
«Դուք գիտե՞ք, զինվո՛ր, որ փրկել եք մի ողջ ճակատ, մի քանի դիրքերի տասնյակ զինվորների կյանքեր ու մեր դիրքերը, գրողը տանի։ Ըստ ուղղաթիռում եղած քարտեզների վրա կատարված գծանշումների, հակառակորդը պատրաստվում էր ևս երկու ուղղաթիռով գրոհել, այնուհետ տանկերով գրավել մեր դիրքերը»,- զինվորական խստագույն տոնով ասաց պատերազմի փառավոր ուղի անցած գեներալը։ Նարեկը շիկնեց և շփոթված նայեց ներկաների դեմքերին։ «Այո, Նարեկ, դուք այս պատերազմի ընթացքը մի ճակատում կարողացանք մեր օգտին փոխել։ Հակառակորդը թերևս նախապես իրականացրած գաղտնի հետախուզության միջոցով համոզվել էր, որ այդ դիրքերում հակաօդային պաշտպանության կայաններ չունենք տեղադրած, բայց ձեր հարվածից հետո սարսափել էր հաջորդ ուղղաթիռներն ուղարկել։ Կեցցես, զինվո՛ր։ Լավ, ինչպե՞ս է մտքովդ անցել տանկ խոցելու համար նախատեսված նռնականետով ուղղաթիռ խոցել»,- կատակեց գեներալն ու հայրաբար թփթփացրեց ամրակազմ զինվորի ուսին։
Պատկառազդու գեներալի խոսքերը դեռ հնչում էին Նարեկի ականջներում, կարծես երեկ լիներ։ Տարիներ են անցել, բայց ամեն անգամ խոնավ եղանակը զգացնել է տալիս ոտնաթաթին ստացած բեկորային վիրավորման ցավը, և նա վերստին վերապրում է ճակատագրական այդ օրը, ակնթարթը, որը փոխեց իր ողջ կյանքը։ Աշխույժ տղան դպրոցում վատ էր սովորում և ամեն անգամ ուսուցչուհի մայրը շիկնում էր, երբ դասղեկը պատմում էր որդու հերթական չարաճճիության մասին։
-Դե բավական է էլի Նարեկ, նստիր դասերդ սովորիր, որտեղի՞ց ես գալիս։
-Ռազմագիտության դասին տարել էին կրակելու, մամ։
-Քանի՞ ժամ ես կրակում Նարեկ, դասի ժամը վաղուց է ավարտվել...
-Մամ, դե ինձ համար նախատեսված փամփուշտները ընդամենը երկուսն էին, ես էլ ուզում էի էլի փորձել ու միացա բարձր դասարանցիներին, որ նրանց հետ էլ կրակեմ...
Մայրը խորը հոգոց էր հանում, մոտենում համբուրում արևից սևացած որդու ճակատը ու գիրկն առնում անհնազանդ պատանուն։
-Նրա դեմն առնել չի լինի, շուտով բանակ գնալու տարիքն է, բա որ առաջնագիծ տանեն,-երեկոյան մայրը մտահոգ ասում էր ամուսնուն,- զգուշությունը չգիտի ինչ բան է, մինչև ծառայի գա, կես մարդ կդառնանք...
Գարնանային զորակոչի օրը չուշացավ։ Նարեկն առաջին անգամ էր լսում այն տեղանունը, որը գրված էր վիճակահանությամբ իրեն բաժին հասած թղթի վրա։
-էդ որտե՞ղ է,- հարցրեց կողքին կանգնած նորակոչիկին։
- Երեք երկրների սահմանին, նորակոչի՛կ,- պատասխանեց հեռվում կանգնած մայորը։ Նարեկը հետաքրքրությամբ սպասում էր դիրքեր գնալու օրերին։
-Նռնականետ եմ կրակելու,-ամիսներ անց հեռազանգելով՝ ուրախ տրամադրությամբ ասաց հորը,-դա ընտրեցի, մի քիչ ծանր զենք է, բայց տանկ խփել կսովորեմ։
-Զգույշ կլինես տղա ջան,-հուզմունքից արտասվելով ասաց մայրը։
Սահմանային դիրքերը հրաշալի բնապատկեր ունեին, Արաքսի ափով մեկ ձգվող կանաչ դաշտերը Նարեկը շատ սիրեց։ Ծառայակից տղաների հետ արագ ընկերացավ և հակառակորդի դիտակետից բխող վտանգը չհաշված, դիրքապահի օրերն անցնում էին ուրախ, հումորով լի պատմություններով։ Նարեկը հաճախ էր նայում ցասումով շառաչող գետին և մտածում.« Ինչո՞ւ է Արաքսը միշտ պղտոր»։ Արայիկը, որ դպրոցում ավելի լավ էր սովորել, պատասխանում էր. «Քանի որ յուր զավակները անվերջ կմնան պանդուխտ, Արաքսը չի հանդարտվի, մռնչալու է, սևափրփուր ջրերով փախչի իր ափերից...»։
Ծառայության քսան ամիսների ընթացքում հակառակորդի որևէ հարձակում կամ դիվերսիոն ներթափանցման փորձ չեղավ։ Վերջին ամիսներին աննախադեպ լռություն էր, կրակոցները հազվադեպ էին դարձել։ Մոտենում էր Նարեկի ծննդյան օրը, որոշեցին դիրքեր բարձրանալուն պես սեղան գցել և ծառայակիցների հետ վերջին տարեդարձը նշել, երկու ամսից զորացրվում էին...
-Նարե՛կ, տորթ ունես, արի վերցրու,- ձայնեց պահակակետի հերթապահը։
-Մամ ջան, խի՞ ես նեղություն քաշել ախր,- ասաց մորը հեռազանգելով։
-Ի՞նչ նեղություն, Նարեկ ջան, բա ծնունդդ է, մի տորթ չուղարկե՞ի։
-Հենց ծննդյանս օրը բարձրանում ենք դիրքեր, մամ, տղերքի հետ կուտենք, ծնունդս կնշենք, ապրես մամ ջան։ Դեռ չէին ավարտել ծննդյան օրվա շնորհավորանքները, կապ տվեցին.
-Շնորհավոր տարեդարձդ, զինվո՛ր, քեզ բարի վերադարձ հայրենի օջախ:
-Համեցեք պարոն հրամանատար, անգամ տորթ ունենք դիրքերում՝ ծննդյան օրվա իսկական տորթ, մայրս է թխել:
-Դրա ժամանակը չի, անուշ արեք, դիրքի ավագ, ուշադիր ինձ լսեք... Զգոն եղեք, հակառակորդի տանկեր են նկատվել մոտակայքում, հնարավոր է դեպի ձեր դիրք գան: Նարեկը սթափվեց, զգաց՝ ինչպես արյունը տաք շիթով հոսեց երակներում։ Առաջին անգամ պետք է իրեն կցագրված զենքով կրակեր։ Նա նռնականետը հավաքեց և պատրաստ պահեց: ժամերն անցան, տանկեր չհայտնվեցին։ Նարեկը հերթափոխը հանձնեց և իջավ գետնատնակ հանգստանալու։ Դեռ չէր հասցրել պառկել, երբ ինչ որ հուժկու ձայն լսեց, զենքը վերցրեց և դուրս թռավ գետնափոր տնակից։ Չհասցրեց կոշիկ հագնել, էլ ուր մնաց զրահաբաճկոն։ Տանկ չտեսավ, գլխավերևում հարվածային ուղղաթիռն էր և հարևան դիրքի վրա նետած արկի պայթյունից երկինք բարձրացող ծուխը։ Նարեկը նայեց օդային մետաղե հսկային դեպի իրենց դիրք շարժվելիս և բնազդով զենքն ուղղեց դեպի վերև... Ձգանը քաշեց, մեծ ճնշումը թափահարեց նրան, ապա լսվեց հուժկու պայթյուն։ Ուղղաթիռը պտույտ գործեց օդում ու վայր ընկավ...
«Զինվոր, դուք կողմնորոշվել եք արագ, գործել եք անվարան, կրակել անվրեպ»,- լսեց հրամանատարի ձայնը։
«Այո՛, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել, եթե գեթ մեկ ակնթարթ երկմտեիք, հապաղեիք կամ վախենայիք, մենք կկորցնեինք այս ուղղության դիրքերը ևս»:
«Բա չեք խոսում զենքի մասին, պարոն գնդապետ… Զենքն էլ ոչ այլ ինչ էր, քան հակատանկային նռնականետ՝ նախատեսված տանկերի համար:
Դրանով ուղղաթիռ խոցե՞լ… Դա չլսված բան էր»,- սպայակազմը շարունակում էր քննարկումները, իսկ Նարեկին տեղափոխեցին հոսպիտալ։ Նա գնալով վատանում էր, դեմքն առավել գունատ էր, ուղղաթիռի բեկորից ոտնաթաթի վիրավորում էր ստացել։ Տեղի հոսպիտալում նրա հետ պառկած էին նաև մարտական գործողությունների մասնակից սպաներ, զինվորներ։ Քննարկումները պարզորոշ պատկերացում տվեցին՝ ինչ էր կատարվել հարևան դիրքերում։ Լայնածավալ հարձակում հակառակորդն իրականացրել էր ճակատի ողջ երկայնքով, իրենց դիրքերը մնացել էին անձեռնմխելի։
-Որոշ դիրքեր թշնամին գրավեց, տասնութ զինվոր ու սպա գերեվարված են, թե զոհված, դեռևս հայտնի չէ,-պատմում էր հրամանատարական դիտակետի վիրավոր զինվորը, ում կարողացել էին հասցնել բլրի հետևում սպասող շտապ օգնության մեքենա։
-Մի քանի դիրքերում սպաներն ու զինվորները ուղղակի մոխրացել են հարվածային անօդաչուի պայթյունից... Նարեկը տեղեկացավ, որ պաշտպանական գծի մյուս հատվածում ևս զինվորը հրթիռ է արձակել և խոցել մարտական դիրքերի ուղղությամբ հրթիռներ արձակողհակառակորդի ուղղաթիռը։ Հպարտության անթաքույց զգացումը կրծքի տակ փոթորկում էր։
Երկու ամիս անց զորացրվեց և վերադարձավ տուն։ Գրեթե ամեն օր հարցազրույցների էր մասնակցում, նկարահանումների։ «Գիտեի, որ նռնականետը նախատեսված չէ օդային նշանակետ վերացնելու համար, բայց այդ պահին, եթե ձեռքիս ինքնաձիգ էլ լիներ՝ կրակելու էի, մտածելու ժամանակ չկար, վախենալու ժամանակ չկար: Գործելու ժամանակն էր»,- ամոթխած ժպիտով պատասխանում էր նա։ Նրանց տունը միշտ բազմամարդ էր, ծնողները հաճախ էին հյուրընկալում լրագրողների, ծանոթ անծանոթ մարդկանց, պատմում որդու սխրանքի մասին, ցույց տալիս նրա մանկության, պատանեկության լուսանկարները, Նարեկի՝ հինգերորդ դասարանում նկարած նկարը՝ տանկեր և ուղղաթիռ, և գրած շարադրությունը. «Ես ատում եմ պատերազմը, քանի որ պատերազմի ընթացքում շատ անմեղ զինվորներ են զոհվում, ես ուզում եմ միշտ խաղաղություն լինի»: Պապը հպարտությամբ էր պատմում թոռան սխրանքի մասին և շեշտում, որ Նարեկն իր դաստիարակության արժանի կրողն է։ Օրերը գլխապտույտ առաջացնող իրադարձություններով էին լի, մինչդեռ որոշ ժամանակ անց Նարեկը բախվեց աշխատանք չգտնելու խնդրին։ Բարձրագույն կրթություն չուներ, մասնագիտացում ևս, միակ հստակ նպատակը բանակում ծառայությունը շարունակելու մղումն էր։ Դյուրին չէր այդ ճանապարհը ևս, մասնագիտացավ, սպայական կոչում ստացավ, անցավ ծառայության հետախուզության խմբում։ Ծառայակիցներից ամենաերիտասարդն էր, շատերը սրտաբաց ընդունեցին նրան, հարցեր էին տալիս մարտական գործողությունների մասնակցին, հետաքրքրությամբ ունկնդրում նրա պատմությունը։ Որոշ ծառայակիցներ այդպես էլ չընդունեցին քսան տարեկանում ճանաչում ձեռք բերած երիտասարդին իրենց շարքերում։ Կյանքն ամենևին էլ այն մեծարանքի ու փառքի ակնթարթները չէին, որ ցուցաբերում էին մարտական գործողությունների մասնակիցների հանդեպ տոնական օրերին։ Իրական կյանքն այստեղ էր՝ սպայական ուսադիրներով շարահրապարակում կանգնած՝ ենթակա անձնակազմի համար պատասխանատվութուն կրելիս, դիրքերում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որպես հետախույզ բարդ առաջադրանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից մի քանի մետր հեռավորությամբ մահվան հետ հանդիպելիս։ Նարեկը դիրքերից իջնում էր հոգնած, մաքուր անկողնու ու տաք լոգանքի կարոտած։ Մայրը նայում էր որդու հոգնատանջ տեսքին, աչքերը լցվում էին։ Նարեկը բավարար վաստակում էր, օգնում ընտանիքին, երեկոյան զվարճանում աղջիկների հետ։ Ազատ կենսակերպը զերծ էր պահում նրան պարտավորություններից մինչ այն օրը, երբ սիրահարվեց։ Փոքր էր Լենան, խոշոր աչքերով, երկար խոպոպներով։ Նա կուչ էր գալիս Նարեկիթևերի տակ ու տղան ակամա պատասխանատվություն էր կրում նրա համար։ Նարեկին դուր չէին գալիս առաջնորդ կանայք, նա քնքշություն ու սեր էր փնտրում։ Այժմ նրա երազանքներն այլ երանգներ ունեին։ Փոքրիկ Լենան հնազանդ էր, մինչդեռ Լենայի մայրը փորձում էր դստեր կյանքը վերահսկել...
«Բոլոր ժամանակների ղեկավարները անհնազանդներին դժկամությամբ են հանդուրժում յուր հրամանատարության ներքո, հատկապես եթե կրտսեր սպան ավելի հարուստ մարտական ուղի ունի անցած»,- մտահոգ ասաց գեներալը՝ կարդալով Նարեկի՝ զորացրելու վերաբերյալ հրամանը։ «Ամբողջ կյանքդ վայրկյանների ընթացքում անցնում է աչքիդ դեմով մահվան աչքերին դեմ առ դեմ նայելով ու սկսում ես արժևորել ամեն ինչ, որովհետև եթե ես չխփեի, մեզ էին խփելու, բոլորս մեռնելու էինք... 
Կյանքն ինձ համար հիմա այլ քաղցրություն ունի»,-պատմում էր Նարեկը հարևանությամբ նստած ուղևորին։ Սրտի խորքում հիասթափությունն էր թևածում, սերը, որին հավատում էր ու որը այլևս չկար։ Սև սաթի նման խիտ հոնքերը խոժոռել էին հայացքը, բայց ժպտացող աչքերի խորքում հրաշքով փրկված ու ապրելու մի ողջ կյանք կար։ Աղոտ լույսերը փարատում էին ինքնաթիռի սրահում թևածող մթությունը։ Նարեկը, փակ աչքերով հատելով երազների սահմանը, ցատկեց մեքենայի թափքից, ուսապարկը վերցրեց, դարուփոս ճանապարհով քայլերն ուղղեց դեպի հեռավոր սարերը, հասավ անծայրածիր, արևոտ դաշտերը, տեսավ հայրենի եզերքի անդորրը հսկող դիրքապահներին։ Հեռվից նրան են ժպտում դիրքի ավագը, Արայիկը, Արմանը ու կանչում իրենց մոտ...
Ինքնաթիռի անիվները մեծ թափով հպվեցին գետնին, Նարեկը վեր թռավ քնից։ Նա վերցրեց արտագաղթի ծանր ճամպրուկն ու քայլեց նոր ու անհայտ երկրի ասֆալտ ճանապարհով։ Հեռվից ժպտալով նրան էր նայում ամերիկաբնակ մորեղբայրը ...

Մելանյա Պետրոսյանց / Պատմվածքներ

10.05.2020 23:57

ՄԵԼԱՆՅԱ ՏԵԼԵՄԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ- ծնվել է 1952 թ., մարտի 23-ին, Երևանում: 1969 թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվ. թիվ 18 միջն. դպրոցը, ընդունվել Խ.Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակ-ը: 1973-ին ավարտել է ինստիտուտը, որպես հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի նշանակվել Ապարանի շրջան: 1984 թ-ից անցել է ժուռնալիստական աշխատանքի Ապարանի շրջանային «Ապարան» թերթում: 1998 թ. աշխատանքի է անցել ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում: Ստեղծագործում է, հրատարակել է գրքեր: Նրա պատմվածքները մեծ հետաքրքրությամբ ու «մեկ շնչով» են կարդացվում: Ներոհիշյալ երեք պատմվածքները մեր գրական հավելվածում հրապարակվում են առաջին անգամ: Տիկին Մելանյան այժմ թոշակառու է: Ամուսնացած է, ունի 3 երեխա, 8 թոռ: ՀՀ ժուռնալիստների միության անդամ է: Անկուսակցական է:
 
 

ԱՆԵԾՔ

 Որպես հիվանդապահուհի, նոր էի աշխատանքի անցել Չիկագոյի ծերանոցներից մեկում։ Խնամքիս տակ պետք է գտնվեին մի քանի ծերեր։ Բուժքույրը ինձ ներկայացրեց նրանցից երեքին։ Առանձնապես հիվանդներ չէին․ երկուսը կին, մեկը տղամարդ էր, ուղղակի ծեր մարդիկ էին, որոնց պետք է օգնեի հագնվելիս, լվացվելիս, մյուս մանր-մունր հարցերում, հատկապես շատ կարևորեց նրանց հետ զրուցելը։ Այս երեքը ընթրում, ճաշում էին ընդհանուր ճաշարանում, բացի չորրորդից։ Նախքան չորրորդի մոտ մտնելը, զգուշացրեց, որ ծերունին վաղուց ԱՄՆ-ում ապրող թուրք է, հարազատները շատ ուշադիր են, հաճախ են նրան այցելում։ Ծերունին, թեև առողջ էր, խնդիր չուներ, բայց հազվադեպ էր քայլում, միշտ պառկած էր, իսկ տարօրինակն այն է, որ ձեռքերը միշտ թաքցնում էր ծածկոցի տակ ու երբեք ինքն իր ձեռքով չէր ուտում, չէր ճաշում, նրան ես պետք է կերակրեի, բերանը մաքրեի։ Առաջին պահ, ներսումս մի տեսակ տհաճ զգացում բարձրացավ, որ թուրք էր, բայց դե, ի՞նչ կարող էի անել, բուժքրոջ հետևից լուռ սենյակ մտա։ Մռայլ, բայց փառահեղ ծերունի էր։ Զգացվում էր, որ երիտասարդ ժամանակ բավականին թիկնեղ, հետաքրքիր տղամարդ էր եղել։ Բուժքույրը ինձ ներկայացրեց, ինչ պետք էր, հանձնարարություն տվեց ու դուրս եկավ։
Վարագույրները քաշեցի, պատուհանը բաց արեցի, մաքուր , գարնանային օդը ներս խուժեց։ Ծերունին փակեց աչքերը, խորը շունչ քաշեց․
- Լավ է։
Ճաշարանից սկուտեղի վրա բերեցի ընթրիքը։ Ծերունին պառկած տեղից քիչ վեր ձգվեց, հարմար հենվեց բարձին, բայց ձեռքերը շարունակեց ծածկոցի տակ պահել։ Մի երկու գդալ ուտելուց, թեյը խմելուց հետո, փակեց աչքերը․
- Բավական է, հեռացրու։
Երբ սկուտեղը ձեռքիս, պատրաստվում էի դուրս գալ, հարցրեց․
- Ի՞նչ ազգ ես։
- Հայ եմ,- պատասխանեցի կտրուկ։
- Հայ,- կրկնեց ու աչքերում անհանգիստ բան տեսա։
- Դժգո՞հ եք,- հեգնանքով հարցրեցի,- ես հայ եմ, դուք՝ թուրք, բայց ես ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը։
Ինձ թվաց, որ ծերունին ուր որէ կբղավի, ներս կմտնի բուժքույրն, ինձ դուրս կհրավիրի սենյակից, ու ես կկորցնեմ աշխատանքս։ Բայց նման բան տեղի չունեցավ։
- Անունդ ի՞նչ է,- հարցրեց։
- Սեդա,-պատասխանեցի, բայց զգացի, որ ձայնիս մեջ ընդգծված հեգնանք կար։
- Սեդա,- կրկնեց ծերունին, քիչ լռելուց հետո շարունակեց,- հորս երկրորդ կնոջ անունն էլ Սեդա էր։
- Հա՞յ էր։
- Հայ էր, ես ատում էի նրան ու նրանից ծնված եղբորս։
Ես հետ դարձա, սկուտեղը դրեցի փոքրիկ սեղանին։
- Ատում էիր, որովհետև հա՞յ էին։
- Ոչ,- հայացքը պատուհանից դուրս ուղղեց ծերունին։
Նույն պահին ներս մտավ բուժքույրը։ Ես վերցրեցի սկուտեղն ու արագ դուրս եկա։ Մինչև հաջորդ օրվա իմ հերթապահության ժամը, մտքերով թուրք ծերունու հետ էի։ Հետաքրքիր էր, կխոսե՞ր, կասե՞ր իր ատելության պատճառը։
Հաջորդ օրվա իմ հերթապահությունը համընկավ ճաշի ժամին։ Երբ մտա ծերունու սենյակ, թվաց, որ նա էլ սպասելիս է եղել ինձ։ Դեմքը գունատ էր, լարված, շրթունքները դողդողում էին։ Անխոս կերավ ճաշը, խմեց, բայց երբ ցանկացա սկուտեղը վերցնել, աչքերով սաստեց․
- Թող, թող առայժմ մնա, իսկ դու նստիր։
Հասկացա, խոսել էր ուզում:
Նստեցի։
- Երեկ դուք ասացիք, որ ատում էիք Ձեր հոր երկրորդ կնոջը, բայց ոչ նրա համար, որ նա հայ էր։
- Այո,- քիչ լռելուց հետո, սկսեց ծերունին,- ես այդ ժամանակ շատ փոքր էի, հազիվ 4-5 տարեկան, չգիտեի՝ հայն ո՞վ է, թուրքն ո՞վ է, իսկ Սեդայից ծնված եղբայրս ինձանից մի տարով փոքր էր։
- Ուրեմն՝ ո՞րն էր ատելության պատճառը,- հետաքրքրվեցի ես։
- Հայրս իր երկրորդ կնոջն ու նրանից ծնված տղային ավելի շատ էր սիրում, քան ինձ ու մորս, ինչն էլ պատճառ էր դարձել մորս տանջանքին, արցունքներին ու խանդին։Մայրս դարձել էր չար ու մռայլ, նա ամեն օր աղոթում էր, որ գյավուր Սեդան ու իր տղան մեռնեն, բնականաբար այդ ատելությունը նաև ինձ էր անցել։ Մենք մեծացանք, տարիների հետ մեծացավ նաև այդ ատելությունը։ Հայրս միշտ գովասանքի խոսքեր էր ասում դպրոցում լավ սովորող եղբորս հասցեին, իսկ ինձ միշտ խիստ դիտողություններ էին բաժին հասնում, Սեդայի հետ միշտ հանգիստ ու մեղմաձայն էր խոսում, նրան փող տալիս, իսկ մորս միշտ խեթում էր, կոպտում, հրում։ Մի խոսքով՝ ես ատում էի իմ արյունակից եղբորը։ Դպրոցից հետո հայրս նրան ուղարկեց եվրոպա՝ ուսումը շարունակելու, իսկ ես դարձա զինվորական, ամուսնացա, երեխաներ ունեցա։ Եվ ահա, այն օրերն էին, երբ մեր՝ թուրքական կառավարությունը որոշել էր հայերին վտարել, Թուրքիան մաքրել այդ խառնակիչ, դավաճան գյավուրներից։ Լուր եկավ, որ Պոլսի հայկական թաղերից մեկում Պողոս աղա անունով մեծահարուստը հրաժարվում է թողնել իր տունն ու ունեցվածը, հեռանալ Պոլսից։ Ես մի քանի ասկյարների հետ շտապեցի հայկական թաղամաս։
Ծերունին լռեց, քանի որ ներս եկավ բուժքույրն ու ես, վերցնելով սկուտեղը, արագ դուրս եկա, որ վերջինս չնկատի հուզմունքից արագացած իմ շնչառությունն ու կարմրատակած աչքերը։
Դուրս եկա։ Մինչև աշխատանքի ավարտն ու իմ տուն հասնելը, ինձ մի դար թվաց։ Հասա տուն ու անմիջապես հեռաձայնեցի մորս։
- Մայրիկ, դու պատմում էիր, որ քո մոր հայրական տունը Պոլսում եղել է հայկական թաղամասում, պապդ էլ եղել է մեծահարուստ Պողոս աղան։
- Այո, աղջիկս, պապս եղել է մեծահարուստ Պողոս աղան, բազմաթիվ խանութներ, նույնիսկ կարի արտել է ունեցել։ Մայրս ամուսնու ընտանիքի հետ ամերիկյան նավով հեռացել, փրկվել են, բայց հայրական ընտանիքի ճակատագրից այդպես էլ անտեղյակ է մնացել, մինչև կյանքի վերջին օրերը փնտրում էր եղբայրներին, բայց այդպես էլ, ոչ մի լուր չառավ նրանց մասին։
Հաջորդ երկու օրերը իմ հանդստյան օրերն էին, ես ծերանոց չգնացի։ Երրորդ օրը, երբ մտա թուրք ծերունու սենյակը, զգացի, որ ծերունին էլի սպասում էր ինձ։
- Ես գիտեմ, հասկացա, որ դու հենց այնպես չես հայտնվել այստեղ,- ուտելուց հետո ինձ դիմեց ծերունին,- քեզ Ալլահն է ուղարկել, որ մահից առաջ ես կարողանամ մաքրվել վերջապես այս արյունից։
Ես պապանձվել էի, ոչինչ չհարցրեցի, միայն լուռ նստեցի նրա կողքի աթոռին, աչքս ընկավ ծածկոցի տակ դողդղացող նրա ձեռքերին։
Ծերունին շարունակեց կիսատ թողած իր պատմությունը։
- Ասացի, որ մի քանի ասկյարների հետ շտապեցի հայկական թաղամաս։ Իրոք, Պողոս աղան իր երեք տղաների հետ փակվել էր մեծ, քարե տան առաջին հարկում գտնվող խանութում ու զենքով դիմադրություն էին ցույց տալիս մեր ասկյարներին։ Երեկոյան կողմը ներսից եկող կրակոցները պակասեցին։ Մենք որոշեցինք գրոհել։ Կոտրեցինք ծանր, փայտե դուռն ու ներս մտանք։ Պողոս աղայի ու երկու որդիների դիակները փռված էին գետնին, բայց երրորդ, վիրավոր որդին դեռ կենդանի էր։ Աչքս ընկավ այդ գյավուրի երեսին, ու ես ցնցվեցի։ Տղան շատ նման էր եղբորս՝ Սեդայի տղային։ Անսպասելի բարձրացավ, կոկորդիս հասավ եղբորս դեմ հավաքված ողջ ատելությունը, արհամարհանքը, ու ես ասացի ասկյարին․
- Մորթիր դրան, ես պիտի խմեմ էս գյավուրի արյունը։
Ասկյարը բռնեց չոքած տղայի մազերից, գլուխը հետ գցեց ու հաջորդ պահին նրա կտրված կոկորդից արյունը շատրվանի պես ցայտեց։ Ես ձեռքերս բուռ սարքեցի, պահեցի արյան տաք շիթի տակ, ագահորեն խմեցի այն, հետո արնոտ ձեռերս քսեցի դեմքիս ու․․․հանգստացա։ Հանգստացա՞, չէ, ես դեռ չգիտեի, որ հենց այդ պահից սկսվեց իմ կյանքի դաժանությունը, ինչն ուղեկցում է մինչ այս պահը, կշարունակվի ու միայն երևի գերեզմանում թերևս կհանգստանամ։
Լռեց։ ես քարացել, պապանձվել էի, բայց ծերունին շարունակեց, նա ուզում էր անպայման պատմել, վերջացնել իր պատմությունը, ավելի ճիշտ, նա շտապում էր՝ րոպե առաջ ազատվել իրեն տանջող պատմությունից, հավանաբար այդ պատճառով էր, անընդհատ աչքը դռանը պահում, որ հանկարծ բուժքույրը չհայտնվի։ Ոչ էլ նկատում էր, որ ես դողում էի ողջ մարմնով, արցունքները առվակի նման հոսում էին այտերովս ցած։
- Երեկոյան, երբ տուն գնացի, ողջ ընտանիքը հավաքված էր հացի սեղանի շուրջը։ Մայրս տեղից վեր թռավ, եկավ, համբուրեց ինձ, ասաց, որ արդեն լսել են, թե Պողոս աղայի տղայի հետ ինչ հաշվեհարդար եմ տեսել, ուրախ բացականչեց․  «գյավուրի արյունն է խմել, արյունը», ինձ ուղեկցեց սեղանի մոտ։ Սեղանի մյուս կողմում նստած Սեդան թեթևակի դարձավ մորս կողմն ու հեգնանքով նետեց․ «իմացանք, հրեն, ձեռքերը դեռ արյունոտ են»։ Այդ պահին ես ձեռքս մեկնել էի՝ հաց վերցնելու, անկախ ինձանից, աչքս ընկավ ձեռքիս ու ․․․օ՜, սարսափ, ես տեսա, որ ձեռքս արյունոտ էր, նայեցի, մյուս ձեռքս էլ էր արյունոտ։ Բայց չէ՞ որ ես խնամքով լվացվել էի, ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Արագ վեր կացա սեղանից, գնացի, նորից երկար ու խնամքով լվացվեցի։ Վերադարձա սեղանի մոտ, ձեռքս պարզեցի հացին, ու նորից ձեռքս արյունոտ էր։ Էլ ի՞նչ ասեմ, ահա, այդ պահից սկսվեցին իմ տառապանքները, ես չէի կարողանում դիպչել ուտելիքի, իմ աչքին ձեռքերս դառնում էին արյան մեջ թաթախված, ճիշտ այն օրվա պես, երբ ես խմեցի Պողոս աղայի տղայի արյունը։ Սկզբում տանեցիներից թաքցնում էի այդ երևույթը, բայց շուտով բոլորն իմացան, զարմացան, որովհետև իրենք չէին տեսնում այդ արյունը, նույնիսկ մտածեցին, որ ես խելագարվել եմ, թեև այդ միտքը ինձ էլ էր հաճախ այցելում։ Դիմեցի բժշկի։ սկզբում նա ինձ խորհուրդ տվեց՝ ճաշելիս ձեռնոց հագնել։ Ես այդպես էլ արեցի, բայց ավելի վատ, ձեռնոցի տակից դուրս էին գալիս արյան կաթիլներն ու կաթում իմ վերցրած հացի վրա։ Հետո բժիշկն ինձ ուղարկեց հոգեբույժի մոտ։ Պատմությունը լսելուց հետո, հոգեբույժը խորհուրդ տվեց՝ հեռանալ երկրից, գնալ օտար միջավայր, օտար երկիր, մոռանալ տեղի ունեցածը։ Ես հավաքեցի ընտանիքս ու եկա Ամերիկա։ Արդեն 35 տարի է, ապրում եմ Ամերիկայում, շփվել եմ տարբեր ազգի մարդկանց հետ, տարբեր աշխատանքներ կատարել, լավ գումար վաստակել, բիզնես դրել, որդիներ, թոռներ ամուսնացրել, և այդ բոլորը՝ արյունոտ ձեռքերով։ Մի քանի տարի առաջ, մետրոյի անցումում մի հնդկացի մուրացկան կին էր նստած։ Մոտեցա, հինգ դոլլարանոց դրեցի նրա թասի մեջ, անցա։ Հանկարծ կինը հետևիցս ձայն տվեց։ Հետ գնացի։ Հնդկացին ինձ մեկնեց իմ տված հինգ դոլլարանոցը, թե՝ հետ վերցրու, արյունոտ ձեռքից ինձ օգնություն պետք չէ։ Ես երկար, շփոթված ու քարացած կանգնել էի նրա դիմաց։ Կինը երևի հոգնեց իմ լուռ ներկայությունից, ասաց, թե՝ գնա, քեզ վրա անեծք կա, արդար անեծք, դու պետք է տառապես, հեռացիր իմ կողքից։
Այո, այդ հորս երկրորդ կնոջ՝ հայուհի Սեդայի անեծքն էր, ես միայն այդ պահին հիշեցի ու հասկացա դա։ Ահա, իմ ազգի վրա էլ մի ողջ հայ ժողովրդի անեծքն է ծանրացած, արդար անեծքը։ Ալլահը տեսել է իմ ժողովրդի արածը, նա չի ներում մեզ։
2.
Երեք օր անց, ծերունին մահացավ։ Մինչ մահանալը, երեք օր շարունակ, ես նրա ուտելիքին խառնում էի իմ աղի արտասուքը, իմ խեղճ քեռիների, իմ ընտանիքի, իմ ողջ հայ ազգի դառնությունը, տանջանքն ու տառապանքը, լացն ու կականը, գդալ առ գդալ կերակրում էի թուրք ծերունուն։ Նա չդիմացավ, մահացավ։
 
 

ԹՈՒՐՔ ՀԱՐԵՎԱՆԸ

Արթնացավ պատուհանագոգին կաթիլների տկտկոցից ու գուշակեց, որ անձրևը ողջ գիշեր չէր դադարել: Ձգվեց դեպի պատուհանը: Երկինքը գորշ էր, մռայլ: Մի տհաճ զգացում անցավ մարմնով: Հիշեց, որ երեկոյան թուրք հարևանի կինն էր մահացել: Երիտասարդ կին էր՝ միշտ գլխաշորով: Մի երկու անգամ հանդիպել էին վերելակում, գլխով թեթևակի իրար բարևել: Նրանք վերջերս էին տեղափոխվել այս բնակարան, ոչ ոքի հետ չէին շփվում: Ներսից եկող երաժշտությունից, նաև միջանցքում երբեմն եղած խոսակցությունից էր գուշակել, որ թուրքեր են: Ամուսնուն երբեք չէր տեսել, միայն ձայնն էր լսել, իսկ երեխաներ կարծես, թե չկային:
Ալարկոտ հագնվեց, պետք է խանութ գնար: Չհարմարվեց այս ամերիկյան ապրելակերպին, առանց հացի յոլա չի գնում: Միջանցքում մի քանի անծանոթ տղամարդիկ ծխում էին, հարևանի դուռը բաց էր: Երևի մահացածի հարազատներն են: Առանց նրանց կողմը նայելու՝ արագ իջավ աստիճաններով: Երբ վերադարձավ, միջանցքը դատարկ էր, հարևանի դուռը՝ փակ: Մի թուրք էլ հեռացավ աշխարհից՝ անցավ մտքով ու մոռացավ հարևանին:
Շատ օրեր ձգվող անձրևը արդեն ազդում էր նյարդերին: Հիշեց, որ այն սկսվել էր հարևանի կնոջ մահվան օրը: Մեկ ամսից ավելի է անցել, ու անձրևը շարունակում է գալ: Երեկոյան հրավիրված է ընկերուհու տուն: Հարկավոր է պատրաստվել, այնտեղ ուրիշ հյուրեր էլ են լինելու, բացի այդ, ընկերուհին ասաց, որ անակնկալ ունի: Դռան թակոցը կտրեց մտքերից: Ոչ ոքի չէր սպասում: Հավանաբար, մյուս հարևաններից մեկն է կամ շենքի իսպանացի լիազորը, որը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե այս հայաստանցի կինը ինչու չի ցանկանում մշտական բնակություն հաստատել Ամերիկայի նման դրախտային երկրում և օրերն է հաշվում, թե՝ երբ պիտի լրանա պայմանագրի ժամկետը, որ ինքը վերադառնա իր Հայաստանը: Բայց ոչ ծանոթ հարևաններից մեկն էր, ոչ էլ իսպանացի լիազորը, անծանոթ մի մարդ էր:
-ներեցեք, ես ձեր դիմացի հարևանն եմ, կարելի՞ է մի բան խնդրել, - անգլերենի շեշտված առոգանությամբ ասաց տղամարդը:
Մահացած կնոջ թուրք ամուսինն է, իսկույն անցավ մտքով:
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
-Կարելի՞ է խնդրել ձեր արդուկը, ես կարևոր հանդիպում ունեմ, բայց մեր արդուկը չեմ գտնում, կնոջս մահից հետո ամեն ինչ տակնուվրա է եղել:
-Սպասեք, հիմա կբերեմ, - հետո ավելացրեց, - բայց խնդրում եմ, շուտ վերադարձրեք, որովհետև ինձ նույնպես պետք է:
Երբ տղամարդը վերադարձրեց, անկախ իրենից, հոտ քաշեց արդուկից: Չէ, թուրքի հոտ չէր գալիս, քթի տակ արածի վրա ծիծաղեց:
Ընկերուհու տունը այնքան էլ հեռու չէր, ընդամենը երկու փողոց այն կողմ: Ընկերուհին ուրախացավ իր տարած ծաղիկների ու կոնֆետների համար, խնդրեց խոհանոցում իրեն օգնել, մինչև մյուս հյուրերի գալը:
- Այդ ի՞նչ անակնկալ ես պատրաստել, - չհամբերեց ու հարցրեց:
- Օ՜, իսկապես հետաքրքիր անակնկալ է, հիմա չեմ ասի, կհավաքվենք նոր:
Էլ չստիպեց, թող այդպես լինի: Քիչ հետո եկան ծանոթ ամուսինները, որոնք մի քանի օր առաջ էին վերադարձել Երևանից: Ինքը այդ ամուսիններին այնքան էլ չէր հավանում, տանել չէր կարողանում նրանց քաղքենի պահվածքը, կեղծ հայրենասիրական վերամբարձ ճառերը: Այ, հիմա էլ, փոքրիկ տոպրակ հանեցին, երկյուղածորեն բացեցին, ու ամուսինը պաթետիկ ձայնով դարձավ իրեն.
- Համեցեք, խոնարվեցեք, համբուրեցեք: Հայրենիքից մի բուռ սուրբ հող եմ բերել:
Հազիվ իրեն զսպեց, որ չասի՝ տո, այ սուտ հայրենասեր, հայրենիքիդ հողը սրբացնող էիր, չգայիր ամերիկյան դատարանում հայրենիքիդ դեմ դատ բացեիր՝ կեղծ վկայություններով, հոգիդ վաճառելով՝ ամերիկյան քաղաքացիություն չստանայիր: Հիմա եկել, էս ի՜նչ թատրոն ես խաղում, թե՝ հայրենիքից մի բուռ սուրբ հող եմ բերել: Սրտնեղված նայեց ընկերուհու կողմը՝ ա՞յս էր քո անակնկալը: Նույն պահին էլ հնչեց դռան զանգը: Ընկերուհին բաց արեց դուռն ու անգլերենով ուրախ բացականչեց.
- Ահա և Սայիդն էլ եկավ: Համեցիր Սայիդ, Ներս արի և ծանոթացիր իմ ու նաև՝ արդեն քո բարեկամների հետ:
Աչքերի առջև մի պահ մշուշվեց, թվաց, լավ չի տեսնում իրեն մոտեցող տղամարդուն: Աստված իմ, իր թուրք հարևանն է, որ առավոտյան արդուկ խնդրեց:
- Դու՞ք, - ոչ պակաս շփոթվեց նաև թուրք հարևանը:
- Դուք իրար գիտե՞ք, - ուրախ զարմանքով բացականչեց ընկերուհին:
Ինքը շփոթված կանգնել ու չի նկատում հարևանի պարզած ձեռքը:
- Կներեք, ես կարծես վատ եմ զգում, գնամ ջուր խմեմ, - ասաց ու գնաց խոհանոց:
- Քեզ ի՞նչ պատահեց, - հետևից եկավ ընկերուհին, - դու Սայիդին ճանաչու՞մ ես:
Զարմացած նայեց ընկերուհու երեսին:
- Բայց նա իմ թուրք հարևանն է, որի կինը վերջերս մահացել էր, ես քեզ ասել էի այդ մասին: Իմ թուրք հարևանն է, թուրք հարևանը, - կրկնեվ նյարդացած:
Բայց այս ի՞նչ է, ընկերուհին ժպտում է, հիմարի տե՞ղ է իրեն դրել, ինչ է:
- Ա՜յ, հենց այս էլ այն անակնկալն է, որի մասին ասել եմ քեզ, - ասաց ու ձեռքից քաշելով՝ իրեն սենյակ տարավ:
- Բարեկամներ, Սայիդը թուրք չէ, նա ընդամենը վերջերս է իմացել, որ ինքը հայ է: Այդքան տարիներ ծնողները ապրելով թուրքիայի Բուրսա քաղաքում, շրջապատից խնամքով թաքցրել են իրենց հայ լինելը: Սայիդի հայրը մեռնելուց առաջ Բուրսայից նամակ է ուղարկել որդուն, որտեղ մանրամասն գրել է իրենց արմատների մասին, որ իրենց պապը Բուրսա է տեղափոխվել Մշո գավառի Գվարս գյուղից: Խնդրել է որդուն՝ քրիստոնեություն ընդունել և վերադառնալ իր արմատներին, այլևս երբեք չվերադառնալ Թուրքիա: Նամակը ստացել է Սայիդի թուրք կինը և երկու տարի ամուսնուց թաքցրել է այն, վախենալով, որ Սայիդը երբ իմանա ճշմարտությունը, կհեռանա իրենից: Բայց մահվանից առաջ, խղճի խայթ զգալով, տվել է նամակը ամուսնուն, խնդրել՝ ներել իրեն:
Ընկերուհու ձայնը կարծես հեռվից է հասնում ականջներին, տեր աստված, այս ի՜նչ պատմություն է, ինչ ողբերգություն:
- Հիմա Սայիդը որոշել է հայերեն սովորել և նոր միայն քրիստոնեություն ընդունել, որպեսզի Հայր Մերը կարողանա մայրենի լեզվով ասել: - Շարունակեց ընկերուհին՝ փարվելով իրեն, - ահա ես էլ որոշեցի Սայիդին ծանոթացնել Հայաստանից Նյու Յորքի հայկական կիրակնօրյա դպրոց գործուղված, իմ սիրելի ընկերուհի, քեզ հետ, և միասին խնդրել քեզ, որ նրան հայերեն խոսել սովորեցնես, Մայրենի լեզու պարապես, որ կատարվի Սայիդի հոր կտակը ու երազանքը՝ Սայիդը իսկական ՀԱՅ դառնա:
 
 
 
 
ՏԱՏԻՍ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

Կապուտ ախպուրը

Վաաայ, դու չգիտե՞ս մեր Կապուտ ախպրի տեղը։ Հիմի ես քեզ կասեմ։ Ուրեմն՝ Կոշ գյուղը գիտե՞ս, էն որ Թալինի, Գյումրվա ճամփին ա, հա, հենց էդ Կոշ գյուղի միջով կթեքվես աջ, ուղիղ կեթաս դեպի Ալագյազ։ Կոշա վանքը կանցնես, Կոշա բերդը կանցնես, կմտնես ձորը, ձորով կեթաս։ Հա, թե գարուն վախտ կեթաս, ճամփեն ծաղիկ-ծաղկունքով ա, շուշան-սմբուլով ա, թռչունների երգ ու տաղով ա, ճամփեն ընենց կանցնես, խաբար չես էղնի։ Թե ամառ վախտով կեթաս, ճամփեն քար ու քռա ա, փուշ ու տատասկ ա, օձ ու կարիճ ա։ Մանավանդ, էն Յոթ դռնանի զաղի (քարանձավ) մոտ շաաաատ զգուշ կեթաս, զաղեն լիքը օձ կա։ Ձորով կեթաս-կեթաս, ձախի վրա իրար կողքի մի քանի պստիկ զաղեք կան։ Կմտնես էդ զաղեքը, տես, իմացի, որ մի քառասուն պորտ առաջ, էդտեղ հայ ա ապրե։ Զաղա, էն էլ՝ ինչ զաղա, պատերը տաշած, սվաղած, հա, բա ո՞նց, սվաղած, զաղի մեջտեղում էլ թունդիրը, ճիշտ ա, հողով հիմի լցրած ա, բայց էդ հողը, թե հանվի, մաքրվի, թունդիրում էսօր էլ կարաս լավաշ թխես, հա, հա, բալա ջան, էսօր էլ կարաս կրակ անես, լավաշ թխես։ Զաղեքը տեսա՞ր, դե, գնա առաջ։ Քիչ էլ, որ կեթաս, Կուզ մամեի քարը կտենաս։ Ի՞նչ ասեմ, բալա, Կուզ մամեն մեեեեծ քար ա, հեռվից նայես, կասես՝ կռացած, մեջքին կուզ դրած պառավ ա, ժողովուրդն էլ էդ նմանությամբ քարի անունը դրել ա Կուզ մամե։ Է՜, բալա, մեր վախտով, որ ջահել տղու սիրտը աղջկա վրեն ճղփար, աղջկան կկանչեր Կուզ մամեի մոտ՝ թաքուն խոսալու։ Մեր գյուղի սաղ ջահելների գաղտնիքները Կուզ մամեն գիտեր, ու էդ գաղտնիքները իրա մեջ կպահեր, մարդ չէր իմանա։ Հե՜յ գիդի, հունձ անելուց, կեսօրվա ճաշի ժամին, ինչքա՜ն ենք նստե Կուզ մամեի հովին, մածնաբրդոշ կերե, հետո երգերի շարան սկսե, գյովընդ բռնե։ Գյովընդի գլոխ միշտ Նազիկն էր, շատ սիրուն էր Նազիկը, շա՜տ, շիմշատ բոյ ուներ, լուսե՝ աչք-ունք, էրկու հուսերը կիջնեին մինչև կրունկները, Դավոն ի՞նչ աներ, ո՞նց դիմանար, որ չսիրահարվեր, Նազիկի սիրուց չխելռեր։ Չէ, բալա, ես Կուզ մամեի մոտ սեր-սեր չեմ խաղացե, բայց իմ պսիկ քուր խաղացել ա, իրա մուրազին էլ հասել ա։
* Հենց հասար Կուզ մամեին, մեր գյուղը կերևա։ Հաա-հա, Արագածոտնի Ավան գյուղը, ուր արդեն իրեք պորտ ա, որ մշեցիներ ու գվարսեցիներ են ապրում, մի երկու դաշտադեմցի ընտանիք էլ կան։ Քիչ էլ կեթաս, բայց գյուղ չես մտնի, ձախի վրա մի կանաչ, ծաղկավոր իզ կտենաս, իզը կբռնես ու կեթաս, իզը քեզ կտանի, կհասցնի մեր Կապուտ ախբրին։ Պահ, պահ, պահ, հըլա ասա՝ Կապուտ ախպուր։ Չէ՜, աշխարհի վրա էլ ուրիշ տեղ չկա Կապուտ ախպուր, չկա ըտենց սառը, համով, անմահական ջուր, որ համ էլ հիվանդի դեղ ու բալասան ա, ծարավ, կարոտ, սիրող սրտի հովանք ա, աշուղների երգ ու տաղի ախպուր ա։ Բլթբլթալով ջուրը կելնի գետնի տակից, քարերի արանքով կթափվի իրա բացած գուռը։ Ձմեռվա ցրտին, որ չորս բոլորը ձունը ծածկի, քարերից սառցի լուլեքը կկախվեն, ջրի համար հեչ, էլի բխկալով գետնից դուս կգա։ Ամառը, որ արտ ու արոտ արևից կխանձվեն, կվառեն-կթափեն, չորս բոլորը կամայանա, կծածկվի փուշ ու տատասկով, Կապուտ ախպրի չորս բոլորը թավիշ կանաչ կմնա, ծաղիկ-ծաղկունք կմնա, հազար գույնի թիթեռ կխաղա էդ ծաղիկ-ծաղկունքի մեջ։ Հա, էն կեսօրվա շոգին իմ ափոյի կնիկ Սալբին իրանց կտուրից ձեն կտար՝ ախչի, Արեգնազ, ափոդ ասում ա՝ մի էս կուժը տար խփի Կապուտ ախպրի գլխին, արի, ծարավ մեռանք։ Ես ափոյիս կնկա ձեռից վերցնում էի ջրի կուժը, ոտաբոբիկ վազում Կապուտ ախպուր։ Կուժը դնում էի ախպրի ակի տակ, որ լա՜վ սառի, ես մտնում էի ջուրը, ձեռքերս սեղմած, սկսում էի հաշվել՝ մեկ, էրկու, իրեք, չորս, հինգ․․․․ Մինչև տասը դիմանում էի սառը ջրի մեջ ու դուրս թռնում, բայց իմ դասարանցի Վարսոն ու Նոյեմը յոթից էին դուրս թռնում, տասին չէին հասնում։ Բա, էդ սառը ջրին դիմանալ կլինի՞։ Ախպրից տուն կգայի, իմ Շուշան մերը հենց կնայեր ճաքճքած ոտերիս, կբարկանար, թե՝ ախչի, դու էլի՞ ես մտել Կապուտ աղբրի սառը ջրերը։ Իմ մեր Շուշանն ասում էր՝ Էս Կապուտ աղբրի անունը գվարսեցիներն են իրանց հետ էրգրից բերել, էնտեղ էլ ճիշտ սրա նման ախպուր ա եղել իրանց գյուղի տակը, անունն էլ՝ Կապուտ ախպուր, բայց էն Կապուտ ախպուրը խռովեց, դարդից չորացավ, ցամաքեց։ Հիմի ասեմ, թե ինչի։
Թուրքերը կլցվեն Գվարս, կեթան գյուղի ռեսի՝ իմ ափո Կարոյի մոտ, թե մեզի էսքան զինվորացու էլի պիտի տաս։ Ափոս կասի՝ գեղը զինվորացու չի մնացե, էն մատղաշ տղեքին էլ տարել եք, թուրքերը, թե՝ չէ, Կարո, խաբար ենք առե, որ դու քո գեղի տղեքին աղջկա շոր կհագցնես, կպահես մեր աչքից, գեղիդ սաղ աղջկերքին բեր, շարի մեր դեմ, ստուգենք։ Ափո Կարոս կհասկանա սրանց մտքինը, նշան կանի պուճուր ախպորը, էս թուրքերին հենց օթախի մեջ կսպանեն, գիշերը կհանեն, կտանեն բախչի գլխին կհորեն, որ մարդ չիմանա։ Ի՞նչ մարդ չիմանա, տան քուրդ հոտաղը՝ լալ ու կյառ Հասոն, կտենա, կեթա Մուշ, խաբարը կհասցնի թուրքի գլխավորին։ Էրկու օր հետո, թուրքի գլխավորը զորքով կգա Գվարս, հանել կտա սպանված թուրքերի լեշերը, իմ ափո Կարոյին ու գեղի էլի էրկու տղամարդու մորթել կտա հենց Կապուտ ախպրի ջրի վրեն, արունները կխառնվի ախպրի ջրին, կեթա, կեթա, թուրքն էլ կկռանա, իրա արնոտ ձեռները կլվա ախպրի ջրով։ Խեղճ Կապուտ ախպուր, էլ ո՞նց կդիմանար, դարդից ներս քաշեց իրա ջրերը, աշխարհքից խռովեց, ցամաքեց, գնաց, կորավ։
***Իմ հեր Ռուբենին 1937 թվին սրտամեռ Ստալինի հրամանով գնդակահարեցին, գյուղում սկսեցին քչփչալ, թե Ռուբենի կնկան՝ Շուշանին ու իրա վեցը էրեխեքին կաքսորեն Սիբիր։ Մերս մի օր մոմ ճարեց, մեզ էլ գցեց առաջն ու էդ ձմեռվա բուք-բորանին, գնացինք Կապուտ ախպուր։ Ամեն մեկիս ձեռը մի-մի մոմ տվեց, վառեցինք, կպցրեցինք Կապուտ ախպրի մեծ քարին։ Մերս խնդրանք-աղաչանք արեց, որ Կապուտ ախպուրը պահապան դառնա, իրա վեց մանդր հացակերներին չաքսորեն Սիբիր։ Մորս աղաչանքը տեղ հասավ, մեզ Սիբիր չաքսորեցին, ու էդ օրվանից, մերս ամեն տարի, մինչև մեռնելը, ձունը կտրում, հասնում էր, Կապուտ ախպրի քարին մոմ վառում։ Բա, բալա, Կապուտ ախպուրը զորավոր ա, մեռնեմ իրա զորությանը։
Դե, գնացեք, իմ ասած ճամփով գնացեք։ Հետներդ, չմոռանաք, մոմ կտանեք, կվառեք, ջուր կխմեք, մուրազ կպահեք, կգաք։
Կապուտ ախպուրը թող տա ձեր մուրազ։

 

1 | 2 | 3 | 4 | 5 >>