Հեղինակներ

Կոլյա Տեր-Հովհաննիսյան. պատմվածքներ

08.09.2020 16:33

Կոլյա Տեր-Հովհաննիսյան 
Ծնվել է Թավրիզում 1945 թվին: Ավարտել է տեղի հայոց միջնակարգ վարժարանը, ապա տեղափոխվել Թեհրան, ուր հեռակա կերպով մասնագիտացել է տնտեսագիտության մեջ՝ ԱՄՆ-ի Շիկագոյի Լասել համալսարանից:
 
Գրել սկսել է վաղ տարիքում, աշխատակցել է Թեհրամում հրատարակվող «Լուսաբեր» մանկապատենական ամսագրին:
 
Նրա բանաստեղծությունների առաջին հատորը «Մայթե՜ր, մայթե՜ր» խորագրով արժանացել է ՀԲՄԸ-ի Ալեք Մանուկյան «Գրական մրցանքի 1973-ի բանաստեղծության բաժնի» հիշատակության ու լույս տեսել նույն հիմնադրամի կողմից Բեյրութում:
 
Երկար տարիներ պաշտոնավարել է շվեդական միջազգային մի ընկերության մեջ՝ վերջին 12 տարիներին զբաղեցնելով ֆինանսի և ադմիրացիայի տնօրենի պաշտոնը:
 
2008 թվին Երևանում հրատարակվել է իր գրչին պատկանող «Ինեսսա» վիպակը («Աղբյուր» հրատարակչություն): Իր կարճ պատմվածքների ժողովածուն «Պղպջակ» խորագրով լույս է տեսել 2009 Երևանում («Լուսակն») հրատարակչություն):
 
Հոդվածներով ու էսսեներով աշխատակցել է Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթին և «Հույս» երկշաբաթաթերթին: Իր պատմվածքները տպագրվել են Բեյրութի «Բագին», Երևանի «Նարցիս», «Աղբյուր» հանդեսներում և Գրական Թերթում:
 
2007 թվից ի վեր հիմնադրել ու խմբագրում է Գրական Կամուրջ  կայքը, որին մասնակցում են բազմաթիվ հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից:
 

Ութերորդ աթոռը 

Մենք ութ աթոռ ունեինք, մնաց յոթը. մեկը կոտրվեց: Չէ, չկոտրվեց, հայրս ամուր հարվածեց հատակին, կտոր-կտոր եղավ: Ես ամեն բան տեսա կիսաբաց դռան արանքից ու տակս թրջեցի:  
...Արթնացա անսովոր ձայներից, իջա անկողնուց ու մոտեցա դռանը... Ավելի ուշ իմացա, որ մայրս պնակը վերցրել էր ընթրիքի սեղանից, նետել հորս վրա. հայրս խաբս էր տվել, ու պնակը, դիպչելով դիմացի պատին, ջարդուփշուր էր եղել: Ինքը պատմեց լացը զսպելով. այսպիսի պահերին շրթունքներն ուրիշ ձև են լինում, տգեղանում է, իսկ մորս բերանը ժպտալիս շատ է սիրունանում: Հիմա էլ կերակրի մնացորդների հետքը երևում է պատի վրա, թեև նա շատ չարչարվեց մաքրելու համար բծերը: Մայրս ասում է՝ երբ տունը նորից ներկենք, դրանք կանհետանան: Նրանք վիճում էին, ավելի շուտ գոռգոռում: Ես ոչինչ չէի հասկանում նրանց խոսքերից: Մայրս անդադար կրկնում էր. «Էդ բոզը»: Իսկական կռիվ էր, անգամ իմ սենյակի կողմը չէին նայում, որ գլխի չընկնեմ, երբեք նման բան չէր պատահել մեր տանը: Մեկ-մեկ պատահել էր՝ իմ սենյակի կողմը նայելով, ցածրաձայն վիճել էին, մի քանի օր սկի չէին խոսել իրար հետ, հետո հայրս գրկել էր մորս, համբուրել, ու ամեն բան եղել էր առաջվա պես: Բայց չէին բղավել ու բան-ման ջարդել: Ուրեմն տեսա, թե հայրս ինչպես աթոռը վերցրեց ու հարվածեց հատակին... Ոչ մեկ անգամ, նա անդադար հարվածում էր, աթոռը դիմադրում էր, վերջը կոտրվեց: Հորս երբեք չէի տեսել այդպես, չէ, դա հայրս չէր, ուրիշ մարդ էր, հայրս այդպիսին չէր... Ուրեմն ամեն անգամ աթոռը հատակին հարվածելիս՝ ես ավելի շատ էի դողում, սենյակն էլ սառն էր, վերջը տակս թրջեցի: Հիմա էլ, օրեր անց, մենակ մնալիս կամ քնելիս տեսնում եմ, թե նա ոնց է ջարդում աթոռը. հիմա էլ վախենում եմ: Վախենում եմ իջնել նկուղ, որ իմ սիրած տեղերից մեկն է. չգիտեմ ինչու հայրս կոտրված աթոռն արագ տարավ նկուղ ու դեն չնետեց... 
Հաջորդ օրը, երկար սպասեցի հորս, բայց նա աշխատանքից տուն չվերադարձավ ու գիշերն էլ չեկավ: Մինչև այդ պատահել էր, որ հայրս ուշ էր տուն եկել, իմ քնած ժամանակ, այսպիսի օրերին էին լինում նրանց ցածրաձայն վեճերը՝ իմ սենյակի կողմը նայելով: Ես ձևացնում էի, թե քնած եմ:  
Հայրս չեկավ նաև հաջորդ օրը, բայց հետո իմացա, որ նախակրթարանում եղածս ժամանակ եկել էր ու, իր հագուստներն ու իրերը հավաքելով, գնացել: Գոնե այն ժամանակ գար, երբ ես տանն էի:  
 
Օրեր անց, մի շաբաթ օր, նա հայտնվեց ու ինձ ասաց, որ պատրաստվեմ, գնում ենք զբոսանքի: Նայեցի մորս կողմը, նա գլխի շարժումով իր համաձայնությունը տվեց: Ինչքան էի ուզում, որ նրանք երկար խոսեն առաջվա պես, հայրս գրկի մորս ու համբուրի, ժպտան, նույնիսկ վիճեն, բայց նրանք բավարարվեցին միայն բարևելով ու իմ մասին մի քանի բառ փոխանակելով: Մայրս ասաց, որ լավ տղա եմ, ինձ լավ եմ պահում, արդեն ճանաչում եմ տառերն ու թվերը մինչև հարյուրը: Մայրս հորս չպատմեց, որ, Հրանտիկի հետ բակում խաղալիս, բեյսբոլի գնդակով փոս ենք գցել մեր մեքենայի դուռը:  
Մի պահ որոշեցի խռով ձևանալ ու չգնալ հորս հետ: Ախր, ինքը գնալիս նույնիսկ ինձ ցտեսություն չէր ասել: Մի քիչ էլ վախենում էի: Բայց հորս շա՜տ, շա՜տ էի կարոտել, մեքենայով զբոսանքի ու պաղպաղակի հեռանկարն էլ պատճառ դարձավ, որ արագ հագնվեմ ու միանամ նրան: Մինչ հագնվում էի, նրանք փսփսալով խոսում էին ինձ անհասկանալի կրեդիտ քարտերի, ապահովագրության, մեքենան փոխելու մասին: 
Հիմա ես երկու ննջարան ունեմ, մեկը մեր տանը, մյուսը՝ հորս բնակարանում: Հորս բնակարանը նոր է, լուսավոր, քաղաքի հարուստ թաղամասում: Ես շատ եմ սիրում թե՛ ինձ հատկացված սենյակն ու խաղալիքները, թե՛ Օլիվիային՝ հորս ընկերուհուն, որ բնակվում է այս բնակարանում: Հայրս այդպես էլ ասաց. «Ծանոթացի՛ր, ընկերուհիս է՝ Օլիվիան»: Նա շատ սիրուն է, մեծ կրծքեր ունի, շեկ մազեր, կարճ շալվար է հագնում և ինձ հետ միշտ խոսում է ժպտալով, օտար լեզվով է խոսում, բայց ես հասկանում եմ, որովհետև շատ չի խոսում ու երբեմն ապուշ հարցեր է տալիս:  
Հորս բնակարանում խիստ կարոտում եմ մորս, մեր տանը՝ հորս: Հայրս ու մայրս էլ, վստահ, կարոտում են իրար, որովհետև երկուսն էլ երբեք վատ բաներ չեն ասում մեկը մյուսի մասին: Հայրս ասում է. «Մաման լավն է»: Մայրս ասում է. «Պապան վատը չէ, մարդիկ, որ բարկանում են, երբեմն աթոռ և այլ բաներ են ջարդում»: Իմ այն հարցին, որ եթե հավանում են իրար, ինչո՞ւ նախկինի պես միասին չենք ապրում, երկուսն էլ նույն բանն ասացին. «Այսպես ավելի հարմար է, մեծանաս՝ կհասկանաս»: Ես շատ եմ ուզում շուտ մեծանալ, որովհետև չեմ հասկանում՝ դրա ինչն է հարմար, ու տխրում եմ:  
Շատ տխրեցի նաև ու հազիվ զսպեցի լացս, երբ նախակրթարանի տարեվերջի հանդեսին հայրս ու Օլիվիան չեկան, թեև խոստացել էին, որ կգան: Հայրս հետո ասաց, որ անհետաձգելի գործ էր առաջ եկել: Իհարկե, ես չհասկացա, թե ինչ է նշանակում անհետաձգելի գործ: Մեր տանը եղած ժամանակ էլ, ուշ վերադառնալիս, նա մորս ասում էր՝ անհետաձգելի գործ առաջ եկավ:  
Մայրս մենակ էր, նստել էր Հրանտիկի մամայի ու պապայի կողքին ու թեև ժպտում էր, բայց մի տեսակ էր: Իմ գլխին պոզեր ու մեջքիս կանաչ թևիկներ էին դրել, դարձել էի թիթեռ, թռվռում էի՝ հազիվ զսպելով փղձուկս: Շատ էի ուզում, որ Օլիվիան ինձ տեսնի այդ տարազով: Շատ եմ ուրախանում, երբ նա երբեմն ինձ գրկում է, սեղմում կրծքին ու մեկ-մեկ համբուրում է: 
Հանդեսի հաջորդ օրը, վախվխելով, հորս գնալուց հետո առաջին անգամ իջա նկուղ ու տնտղեցի ութերորդ աթոռի կտորտանքները: Նստեցի մի արկղի վրա ու լաց եղա: Հայրս ասում է, որ տղաները չպիտի լացեն: Մի կերպ մաքրեցի աչքերս, վերցրի աթոռի ոտքն ու հարվածեցի աթոռի թեքված նստատեղին: Թմբուկի ձայն դուրս եկավ: Նորից հարվածեցի, նորից հարվածեցի, էլի հարվածեցի... ու հեծկլտացի, մինչև որ մայրս ձայնի վրա վազելով հայտնվեց, ձեռքիցս հազիվ պոկեց աթոռի ոտքն ու գրկեց ինձ: 
- Մի՛ լացիր, տղա՛ս,- ասաց նա,- նորը կգնենք, աթոռն ի՜նչ կարևոր է, մի հատ ավել, մի հատ պակաս:  
Ես չգիտեի՝ ոնց բացատրեմ մորս, որ չեմ լացում աթոռի համար, որ չեմ լացում հորս ու Օլիվիայի՝ հանդեսին ներկա չգտնվելու համար, որ... ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ լացում:  
Մայրս ինձ բաց չէր թողնում իր գրկից, ու երբ նայեցի վեր, աչքերն արցունքոտվել էին... 
 
 
Մայիս, 2020 թ. 
Լոս Անջելես 
 

Վեց-մեկ-վեց 

 
Մարիշը ճմլկոտաց անկողնում, շուռ եկավ կողքի ու նորից քնելու անհագ ցանկություն զգաց: Երեկ երեկոյան ամերիկահայ տուրիստների մի ամբողջ խմբի էին հյուրընկալում. «Աղջիկ ջա՛ն, էս բեր, աղջիկ ջա՛ն, էն բեր»... անդադար պատվերներ էին տալիս. այնքան գնաց, եկավ, որ ուժասպառ եղավ: Լիզայի մեջքը ցավում էր. բոլոր ծանր սկուտեղները ինքը մատուցեց: Բայց ավելի անտանելին՝ հագուստի բացվածքներին սևեռված  տղամարդկանց պագշոտ հայացքներն ու ամեն առիթով իրեն հպվելու փորձերն էին, որոնք խմիչքի ներգործմանը համընթաց՝ դառնում էին ավելի համարձակ: Ամիսներ առաջ, եթե հայրն իմանար, թե ինչպիսի պայմաններում և հագնվածքով է ինքը  սպասարկում ռեստորանում՝  կարգիլեր աշխատել. ծնկից շատ վեր՝ կարճ, հետևի կտրվածքով, սև գույնի փեշ, առանց գուլպայի, կարճաթև, նեղ, սպիտակ, բաց օձիքով թափանցիկ  բլուզ՝ անվան պիտակը քորոցով կցված շապիկի փոքրիկ գրպանին. ահա նրա ռեստորանային համազգեստը, որի մեջ պարզորեն ուրվագծվում էին մարմնի բոլոր դարուփոսերը...  Զուր չէր, որ Խորենը խանդի տեսարան սարքեց, վերջն ել խռովեց ու թողեց, գնաց: Բայց ախր Մարիշն ի՞նչ աներ, շատ դեսուդեն ընկավ, բայց չհաջողեց իր թերի մնացած ուսմանը համապատասխան կարգին աշխատանք գտնել: Իսկ հիմա ի՞նչ. հիմա երևի հայրը ստիպված կհանդուրժեր ամեն բան... Այս մտքից Մարիշը ցնցվեց ու հիշեց հյուր եկած կանանց խոսակցությունից մի պատառիկ.   
 
-Ասոնք բոլորն ալ բարոյազուրկ ըլլալու են: 
 
-Ի՞նծի կսես, ատանկ է, բոլորն ալ մեկ սանտրի կտավ են... 
 
Միթե ինքն էլ այդ տպավորությո՞ւնն է թողնում:  Գուցե Խորենն իրավացի էր... Ինչևէ, տանը միակ աշխատող ձեռքն էր,  ուրիշ աշխատանք չկար, չաշխատեր դրությունը անհուսալի կդառնար: Հեռուներից եկավ և դեռ տեղ չհասած՝ միանգամից իրենց տունն էլ ներխուժեց «Էդ անտեր մնացած տնտեսական տագնապը»:  Մայրն էր դա այդպես  կոչել ամիսներ առաջ. Ինքն ու հայրը ծիծաղել էին:  Բայց հիմա ոչ ոք ծիծաղելու հավես չուներ: Կենսախինդ բնավորությամբ հայրը գործազուրկ դառնալուց հետո լրիվ կերպարանափոխվել էր: Ամեն օր, նոր գործ գտնելու հույսով՝ այս ու այն կողմ թափառելուց հոգնած, երբ ձեռնունայն վերադառնում էր տուն, սմքած ու անտրամադիր նստում էր գորգապատ թախտին, ծխում և հայացքը հառելով մի կետի՝ խորասուզվում մտքերի մեջ: 
 
-Մարի՛շ, վեր կա՛ց, ուշ է, - ասես երազի մեջ լսեց մոր ձայնը,- ես գնում եմ:  
 
Հիշեց՝ օրը շաբաթ է, մայրը գնում է վերնիսաժ անցյալից  տան մեջ մնացած վերջին արժեքավոր իրերը վաճառելու մտադրությամբ: Երանի հաջողեր: Իր վաստակածը չէր բավարարում. հազիվ կարողանում էին մուծել բնակարանի վարձը: Գոնե եղբայրը շուտ վերադառնար ծառայությունից, մի բան աներ: Իրենից մեծ , ամուսնացած քույրը նախընտրեց  մնալ գյուղում: Մարիշը կարոտով հիշեց գյուղում անցկացրած իր անհոգ մանկությունն ու պատանեկությունը, քրոջը, քրոջ անուշիկ բալիկներին... Որքա՜ն երջանիկ էր իր ընկերուհիների հետ: Շնորհիվ իր բարի և ծիծաղկոտ բնավորությանը՝ մի գյուղ էր, մի՝ Մարիշ, բոլորի սիրելին: 
 
 Շոգ էր, Մարիշը ճիգով նստեց անկողնու եզրին, ափերը դրեց ճմրթված սավանին ու ոտքերը կախեց վար: Այդպիսի հոգնածություն և մարմնացավ մեկ էլ զգացել էր գյուղում, ընկերուհիների հետ քարաժայռեր մագլցելիս: Բայց այնտեղ գոնե միտքը միշտ պայծառ էր, իսկ հիմա կարծես կշռաքարեր էին դրել գլխի մեջ: Լեռնաին մաքուր օդն ո՜ւր, ռեստորանի՝ ծխախոտի ծխով հագեցած, գաղջ օդն ո՜ւր... Լոգարանում հանվելիս, իրեն տեսավ պատից կախված խոնավությունից մգլապատ հայելու մեջ և առաջին անգամը լինելով գնահատողի աչքով նայեց իր մերկությանը. ճերմակ, անբիծ մաշկ, սլացիկ պարանոց, համաչափ, կլորավուն ուսեր, որոնց վրա թափված էին գանգուր, խարտյաշ մազերը, պիրկ կրծքեր, ձգված որովայն, բարեկազմ զիստեր ու սրունքներ... Ոչինչ, վատ չէ, սովորական, կանացի մարմին: Գուցե այսպես մերկ ու բնական այնքան էլ ուշադրություն չգրավեր... Մարիշը գիտեր, որ կնոջը դյութիչ դարձնողը նրա հագուկապն է. իր ծաղկավոր լայն շորերով գյուղում ո՞վ էր իրեն նայողը... Իսկ ահավասիկ չի կարողանում մոռանալ երեկ երեկոյան իր կրծքի բացվածքից հայացքը չկտրող՝ միջահասակ, թեթև ալեխառն մազերով բարետես տղամարդուն: Եղավ մի պահ, երբ ինքը հանկարծ ետ շրջվեց ու նրան բռնեցրեց իր ոտքերին և հետույքին նայելիս... Անշուշտ, դա առաջին դեպքը չէր, որ տնտղում էին իրեն, բայց այս անգամ սովորական դարձած բարկության ու զզվանքի հետ միախառնված ինչ-որ թաքուն հաճույք զգաց: Նույնիսկ դրդված իր արկածախնդիր բնույթից, որոշեց խաղալ տղամարդու ներվերի հետ. նրան մոտենալիս կռանում էր չափից ավելի, սեթևեթում էր, կամ նայելով նրա գինուց կարմրած աչքերի խորքը՝ խորհրդավոր ժպտում: Այնուամենայնիվ, հարմար պահ գտնելով՝ այդ մասին իր վրդովմունքը հայտնեց Լիզային:  
 
-Շատ ապուշ ես,- ասաց Լիզան,- ես լինե՜ի քո տեղը և ունենայի քո սիրունությունը, կթքեի այս չարքաշ աշխատանքի վրա ու... 
 
Մարիշը, ինչպես միշտ, չլսե՞ց,  թե՞ չլսելու տվեց  շարունակությունն ու հեռացավ, թեև զգաց, որ Լիզային խոսեցրեց՝ հենց այդ բազմիցս կրկնված խոսքերը լսելու համար... Իրոք, դա առաջին անգամը չէր, որ Լիզան բարբաջում էր «էն բանի» մասին... Լիզան ատում էր մատուցողուհու աշխատանքը, «մի գրոշի համար առավոտից իրիկուն» ոտքի վրա անվերջ շարժվելը, հնազանդորեն սրա ու նրա հրամանները կատարելը, արհեստականորեն ժպտալը և որ գլխավորն է՝ շեֆի կոպիտ ու գռեհիկ վերաբերմունքն անխոս  հանդուրժելը.  «Եթե պարապ մնալու վախը  չլիներ, էդ վիժվածքի բմբուլը քամուն կտայի»,- ասում էր նա զայրացած: Լիզայի խոսքերն ու «գլխին էկածները»  շատ ուժեղ էին ազդում Մարիշի վառ երևակայության վրա: 
 
-Մեր արածն էլ բոզություն ա,- մի օր ասաց նա,- մի՞թե մեզ չեն ստիպում հագնվել մեր կամքին հակառակ, իրենց ուզածի պես՝ ամառ-ձմեռ կիսամերկ... Մի՞թե չեն ստիպում անդադար ժպտալ, երբ բարձրակրունկ կոշիկների մեջ ոտքի ցավից լացդ ա գալիս... Գոնե, էն բանում փող շատ կա, կայֆ կա, երբ հարուստ տղամարդը չոքում ա առջևդ ու շան պես լիզում...  
 
Սառը ջրով լոգանքը քիչ մեղմեց մարմնի նվնվոցն ու թարմություն պարգևեց Մարիշի թմրած ուղեղին: «Տեսնես, Խորենն ինչ ա անում, կարո՞ղ ա գտել ա մեկին ու ինձ լրիվ մոռացել»: Մի պահ ուզեց հեռախոսել նրան: Երանի Խորենը գար, իրեն տաներ, ազատեր այս մղձավանջից: Սակայն նույնիսկ  այն ժամանակ, երբ հայրն էլ աշխատում էր, Խորենի վիճակը, վիճակ չէր, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում... Ով գիտի՝ այժմ ի՞նչ օրի է: Որքա՜ն էր կարոտել Խորենին, իրենց համբույրներն ու թաքուն հանդիպումներին, բայց դրա հետ միասին զգում էր նաև խորը վիրավորանք. ինչո՞ւ նա չհասկացավ իրեն, մի՞թե չէր գիտակցում, որ ինքն աշխատում էր  հորն օգնելու համար, բեռ չդառնալու համար, մի քիչ տնտեսելու և իր օժիտը պատրաստելու համար, իրենց ապագայի համար... Ա՞յդ էր նրա սերը, սիրո խոստումները. իրեն քաջարելելու, իր անձնազոհությունը գնահատելու փոխարեն, կոպտեց, փնովեց, ձենը գլուխը գցեց:  «Ուրիշ աշխատանք չկա, էս էլ զոռով եմ գտել»,- արդարացավ ինքը: «Չկա, վեր ընկի տանը, թե չէ՝ էդ վիճակով...»: Միթե իր արածն անձնազոհությո՞ւն չէր, չէ՞ր  զոհում իր անձը հանուն հարազատ մարդկա՞նց: Չէ՞ որ դա անում է սրտանց, առանց պարտադրանքի: Իսկ իր անձնազոհության դիմաց մինչև անգամ  պիտի արդարանա, պատասխան տա սիրած մարդուն, ծնողներին... Ինչո՞ւ:  Անձը զոհում է, հո չի վաճառում: Իսկ գուցե՞ վաճառում է. հիմա ամեն-ամեն բան ենթակա է առ ու վաճառքի... Իսկ ի՞նչ անի, թողնի՞ ծնողներին, հեռանա՞... Ո՞վ է սահմանել այս «հարազատական» պարտավորություններն ու բարոյական նորմերը՝ «էսպես հագնվի՛ր, էնպես մի հագնվի՛ր«, «էսպես արա՛, էնպես մի՛ արա», և դեռ փող էլ աշխատիր, հորդ, մորդ պահիր... Աշխատանքը կամ փող վաստակելն էլ մի այլ պարտադրանք է...  Զզվել էր ամեն ինչից...  
 
Լոգարանում Մարիշը լվացքի համար առանձրացրեց սպիտակեղենն ու շապիկը: Շապիկի վրայից հանեց պիտակը և ստուգեց գրպանը: Այնտեղ մի բացիկ կար: Հիշեց, հեռանալիս՝ միջահասակ տղամարդը ժպիտը դեմքին մոտեցավ իրեն ու «Ապրիս, աղջիկս» ասելով՝ կանաչ թղթադրամի հետ մի բան խոթեց ձեռքը: Մարիշն այնքան հոգնած էր, որ անմիջապես մոռացավ դրա  գոյությունը... Հիմա անհամբեր բացեց ծալված թուղթը և հազիվ կարողացավ կարդալ վատ ձեռագրով գրված տողերը. «Հոթելի լաբիին մեջ քեզի կսպասեմ երեկոյան կողմը, հինգէն-վեցի ատեն»: Իսկ ավելի ցած՝ նշված էր, միայն հյուրանոցի անունը և սենյակի համարը՝ 616... «Ինձ ի՞նչի տեղ ա դրել էդ... էդ..., ո՞նց ա հանդգնել»... Մարիշը շառագունեց զայրույթից. Բացիկն, ասես, այրում էր ձեռքը... Մի պահ ուզեց պատռել ու դեն նետել, բայց անմիջապես հրաժարվեց  այդ մտքից: «Կգնամ, էդ սրիկային տեղը կդնեմ»,-  մտմտում էր նա ջղայնացած...   
 
Հայրը տանն էր.  դեռ չէր նախաճաշել և սպասողական նայեց աղջկան. մեկը միշտ պետք է մատակարարի հորը: «Ո՜ւհ, այս տղամարդի՜կ...». միջահասակ տղամարդու հանդեպ իր բարկությունը մտքում հոր վրա թափելուց հետո Մարիշը դուրս եկավ  մատնաքաշ հաց և պանիր գնելու: Քայլելիս ոտնաթաթերը ցավում էին: Այս գիշեր ի՞նչպես էր աշխատելու:  Ծանր օր էր սպասվում. քաղաքը լցվել էր արտասահմանից եկած քմահաճ տուրիստների խմբերով: Ինչ գնով էլ լինի պետք է դիմանա ու աշխատի, աշխատի, աշխատի... Հայտնի չէ՝ ի՞ր, թե՞ գործատիրոջ համար: Փաստորեն իր հոգին բերանն է գալիս չնչին աշխարտավարձի դիմաց, իսկ գրասեղանի հետև առոք-փառոք բազմած  գործատիրոջը հասնում է առյուծի բաժինը... մեկն էլ չկա, որ պաշտպանի իրենց շահերը, էն էլ էս դարում: Թարսի պես Լիզայի մեջքացավն է բռնել: Իսկ գո՞ւցե դա սկի էլ մեջքացավ չէ, այլ՝ «փորացավ» գործից փախչելու համար... Լիզան վատ կին չէ, շատ է օգնել իրեն. Մարիշը հասկանում էր, որ կյանքի դաժան  պայմաններն էին նրան ստիպում երեմն ստել, երբեմն լինել երկերեսանի. դեմքով լավիկն է, բայց տարիքն անցել է, այնպիսին չէ, որ կարողանար  «էն բանով» զբաղվել... Մարիշը հանկարծ զգաց, որ իր բոլոր մտածումները գալիս ու հանգում են այդ կետին... «Երևի խելքս թռցնում եմ,- մտածեց նա,- կամ էլ Լիզայի ասելով՝ խելքի եմ գալիս...»: Այս մտքից ողնաշարում սարսուռ  զգաց, ցնցվեց: Մի պահ իրեն պատկերացրեց միջահասակ տղամարդու հետ փակված հյուրանոցի 616 համարում... Ո՛չ, դա անկարելի էր: Ինչպե՞ս կարող էր այդպիսի բան մտածել: Ինչևէ, չի երկնչի, կգնա, նրան մի լավ տեղը կդնի ու այնտեղից հայդե՝ աշխատանքի... 
 
Մայրը հոգնած ու անտրամադիր ներս մտավ այն պահին, երբ Մարիշը պատրաստվում էր տնից դուրս գալ: Նա հազիվ էր քարշ տալիս ձեռքի ծանր պայուսակը:  
 
-Ոչ մի բան չծախվեց,- ասաց վհատ տեսքով,- մի երկու հոգի սակարկեցին, ցածր գնով ուզեցին չտվի:  
 
-Է՛հ, դու էլ, տայիր, պրծնեիր,- ասաց հայրը դժգոհ:  
 
-Կարաս՝ ինքդ գնա վաճառիր,- ասաց մայրը չարացած: 
 
-Հենց միայն էդ էր մնացել, որ գնայի էնտեղ, ժամերով ցցվեի ու ծաղրի առարկա դառնայի,- ասաց հայրը:  
 
-Չոռ ու ցավ դառնայիր,- մայրը ձայնը բարձրացրեց  բարկությունից դողալով, բայց հանկարծ նկատելով Մարիշին՝ փոխված ձայնով զարմացած հարցրեց.  
 
-Էդ ի՞նչի ես էդպես զարդարվել, ո՞ւր ես գնում:  
 
-Աշխատանքի,- սառը պատասխանեց Մարիշը: Վերջերս  շատ էր  նեղվում հոր և մոր միջև ծավալվող՝ ամենօրյա վեճերից:  
 
-Էսքան շո՞ւտ, միթե քո հերթափոխը ժամը վեցի՞ց  չի:  
 
Մարիշը անխոս դուրս եկավ և դուռն անձայն ծածկեց իր հետևից: «Երևի չստեցի,- անցավ մտքով ու նորից ցնցվեց,- գնում եմ աշխատանքի, բա ո՞նց»... Մայրը դարձյալ դադարկաձեռն էր վերադարձել, հայրը չէր ցանկանում վար իջնել իր օդային ամրոցներից: Ի՞նչ էր լինելու այս բոլորի վերջը:  Տարված տխուր մտքերով, Մարիշը չհասկացավ, թե ինչպես հասավ շքեղ հյուրանոցի նույնքան շքեղ ապակե դռան առջև: Զգաց, որ հետզհետե թուլանում է միջահասակ տղամարդուն իր տեղը դնելու վճռականությունը: Ի՞նչ գործ ուներ անծանոթ, օտար մարդու հետ: Իսկ գուցե նա պարզապես հավանել և ուզել է հանդիպել իրեն, ինչո՞ւ այդքան շուտ եզրակացրեց, որ նա իրեն դրել է... Մարիշը նորից բռնկվեց, բայց զգաց, որ կորցնում է քաջությունը: Ակամայից նայեց շուրջը. այս որտե՞ղ էր գտնվում ինքը: Ներս մտնե՞ր, թե՞ հեռանար: Ենթագիտակցորեն զգում էր, որ իր հաջորդ քայլը լինելու է անկյունադարձային: Ինքն այդպիսի զգացում ունեցել էր տարիներ առաջ, երբ մի անգամ քարափներում ստիպված պիտի ցատկեին մի լայն ճեղքի վրայից. ընկերուհիները վախեցան, ընկրկեցին ու որոշեցին շրջանցել ճեղքը: Բայց ինքը հավաքելով շրջազգեստի փեշերն ետ-ետ գնաց ու ցատկեց... Օ՝, որքան խորն էր իր հրճվանքն ու ուրախությունը, երբ ապահով կանգնած Ճեղքի մյուս կողմում՝ սկսեց տնազ անել ընկերուհիներին...  Հիմա նրա մեջ խոսում էր արկածախնդրության նույն մոլուցքը: Գիտեր, որ այդ պահին, ոչ մի ուժ չէր կարող իրեն հետ պահել կայացած մտադրությունից:  
 
Դռան էլէկտրոնային աչքը որսաց գեղեցկուհի աղջկան. ապակե փեղկերը թափով հեռացան իրարից, ու Մարիշը ներս մտավ համարձակ քայլերով... 
 
 
 
* * * 
 
-Եկուր հոս, աղջիկ ջան, - ետևից լսեց տղամարդու ձայնը և կտրուկ շրջվեց:   
 
-Դուք ի՞նչ եք ուզում ինձանից,- հրացայտ աչքերով տղամարդուն նայելով և ձեռքում պահած երկտողը նրան պարզելով՝ ասաց Մարիշը,- ինչո՞ւ եք սա տվել հենց ինձ:  
 
-Հանդարտվե, հանդարտվե, աղջիկ ջան, բարևդ ո՞ւր է. բան մը չէ ուզածս,- տղամարդը բազմանշանակ ժպտաց,- ըսի ծանոթանանք, եկուր,եկուր հոս նստինք:  
 
Տղամարդու վերաբերմունքը բարեկամական էր, սակայն վստահություն չէր ներշնչում: Մարիշը նորից տատանվեց, բայց չընդդիմացավ: Նրանք նստեցին երկու ազատ դեղնագույն կաշվե բազկաթոռներին: Շուրջը հյուրանոցային եռուզեռ էր: Մարիշը նախանձով էր նայում համակարգչի առջև կանգնած, մուգ կապույտ կոստյումներ հագած՝ սպասարկող աղջիկներին, որոնք վարժ խոսում էին օտարերկրացի տուրիստների հետ: Ինչո՞ւ ինքը օտար լեզու չսովորեց. այ, սա կարգին աշխատանք է, լսել էր, որ լավ էլ վճարում են: Նրանց մոտեցավ մատուցողը:  
 
-Ի՞նչ կփափագի խմել օրիորդը,- հարցրեց տղամարդը:   
 
-Ջին, տոնիկ ջրով ու  կիտրոնով:- Մարիշը ռեստորանից գիտեր զանազան խմիչքների տեսակները և այստեղ դա պետք եկավ. ի՞նչ կարևոր էր, որ ինքը երբեք ջին չէր խմել, այլ միայն մատուցել էր... 
 
Տղամարդն իր համար սոդայով վիսկի պատվիրեց, ընդ որում հայացքը չէր կտրում Մարիշի բարեձև ծնկներից:  Եվ՝ ոչ միայն նա. մոտիկից անցնող համարյա բոլոր տղամարդիկ խեթում էին գրավիչ արտաքինով, ոտքը ոտքին անկաշկանդ գցած աղջկան: Այդ երևույթը թե՛ վանում և թե՛ շոյում էր Մարիշի ինքնասիրությունը: Նրա մտքովն անգամ չէր անցնում կարճ փեշը հնարավորին չափ հավաքել ազդրերի շուրջ: «Նայում են, թող նայեն, էնքան նայեն, որ կշտանան»,- մտքում չարախնդում էր նա ու զարմանում. այդ երբվանի՞ց էր իրեն այդքան ազատ  զգացել...  Տղամարդը հպարտությունից փքվել էր:  Նա անդադար խոսում ու պատմում էր իրենց շրջագայությունների մասին: Հարուստ գործարար մըն է, հոս եկեր է թե՛ պտույտի և թե՛ բիզնեսի համար... Մարիշը ընկել էր երանության մեջ, նայում էր դիմացը նստած տղամարդու անդադար շարժվող ձկանման, նուրբ շրթունքներին և համարյա ոչինչ չէր հասկանում նրա պատմածներից: Լաբիի յուրահատուկ մթնոլորտը, մեղմ երաժշտությունը, ամեն ազգության ու տարազների տեր մարկանց չընդհատվող շարժումն ու բլբլոցը, փափուկ ու հանգստավետ բազկաթոռը և խմիչքի ազդեցությունը նրան հեռացրել էին իրականությունից: Իր ողջ էությամբ զգում էր երանավետ հանգստություն ու թմբիր: Տղամարդու մուգ սրճագույն, գծավոր փողկապը ծռվել էր մի կողմ և քրտինքի կաթիլներ էին հայտնվել ճակատին: Նա նորից խմիչք պատվիրեց և հաշիվը պահանջելով՝ ստորագրեց ստացականն ու նշեց սենյակի համարը՝ 616: Մարիշը լրիվ մոռացել էր՝ նրան «տեղը դնելու» իր որոշման մասին: Համակվել էր մի տարօրինակ զգացումով. Իրեն թվում էր, թե այդ բոլորը խաբուսիկ երազ է, թե այդ տղամարդը մաս չի կազմում շրջապատող իրականությանը... Չգիտեր նրա ով և ինչ մասնագիտության տեր լինելը,  չգիտեր ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, նույնիսկ անունը չգիտեր ու չէր ցանկանում իմանալ: Ռեստորանի բոլոր հյուրերի պես նա էլ վաղը ընդմիշտ կանհետանար իր կյանքից: Նա՝ սենյակ համար 616-ն էր, ինչպես ռեստորանում՝  համար այսինչ կամ այնինչ սեղանը... Այնուամենայնիվ, Մարիշը խայթվածի նման վեր թռավ տեղից, երբ տղամարդը բռնելով նրա ձեռքը և բերանը մոտեցնելով ականջին՝ շշնջաց. 
 
-Հարյուր հիսուն դոլարեն ավել չեմ կրնար տալ:  
 
-Ես, ես... 
 
-Կհասկնամ կոր, պիտի ըսես, որ քեզի ավելին կու տան: Շատ աղվոր ես, շատ գեղեցիկ, չես նմանիր... 
 
Մարիշը ցանկանում էր վերկենալ ու փախչել: Բայց ասես մեխվել էր բազկաթոռին ու զարմացած նայում էր առջևը նստած ու սպասողական իրեն նայող տղամարդուն:  
 
- Դուք, հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք խոսում... Ես, ես...  ձեր իմացածներից չեմ... 
 
- Հասկցանք, հասկցանք, երկու հարյուր դոլար, և վերջ,- ասաց տղամարդը և մի անգամ ևս թղթի կտորի վրա սենյակի համարը գրելով՝ դրեց  շշմած Մարիշի ափի մեջ:  
 
- Նայինք, շատ չուշանաս, աղջիկ ջան, վերը կսպասեմ քեզի... Լաւ չըլլար մեր միասին վեր ելլելը: 
 
Մարիշը լուռ նայում էր նրան անփոփոխ, շշմած հայացքով: 
 
- Մի երկմտի՛ր, աղջի՛կ ջան,- փաղաշուք ձայնով ասաց տղամարդը,- դրամը սկիզբեն կանխիկ կու տամ քեզի...  
 
Մարիշը սթափ հայացքով նայեց դատարկ բազկաթոռին, ուր քիչ առաջ նստած էր տղամարդը: Նրան թվաց, որ քիչ առաջ ոչ ոք նստած չէր այդ բազկաթոռին, որ ոչ ոք չի սպասում իրեն,  հիմա վեր կկենա ու կգնա այնպես, ինչպես եկել էր... «Ի՞նչի համար էի եկել, ի՞նչ դուրս եկավ»,- համենայդեպս խորհեց նա ու քմծիծաղեց: Սենյակի համարը վաղուց էր սեպվել ուղեղում, բայց ասես վստահանալու համար բացեց ու նայեց սևով սպիտակի վրա գրված համարին. Վեց-մեկ-վեց: Դա նրան վերադարձրեց իրականությանը. ո՛չ, այստեղ այլևս անելիք չուներ: Ալարկոտ բարձրացավ տեղից ու դանդաղ քայլեց դեպի հյուրանոցի դուռը: Ինչքա՜ն արագ ավարտվեց վայելքի պահը: Ջինի ազդեցությունը դեռ չէր անցել, սակայն Մարիշի ուղեղը աշխատում էր սառն ու բնականոն: Նայեց ժամացույցին. քիչ էր մնացել հերթափոխին, բայց փույթ չէ՝ կհասցներ ներկայանալ ժամանակին: Հանկարծ, չգիտես որտեղից,  հակասական մտքերն ու պատկերները միանգամից սկսեցին խուժել ու հաջորդաբար հայտնվել նրա գիտակցության պաստառի վրա: Ահա ռեստորանի խոհանոցը անլվա ամանների կույտերով ու այրված ճարպի տհաճ հոտով,  ահա ինքը՝ հյուրերի պատվերները կեղծ ժպիտով նշելիս, խորովածով բեռնված ծանր սկուտեղը կրելիս և իրեն հառված տղամարդկանց լկտի հայացքները հանդուրժելիս, ահա Լիզան՝ իրեն «ապուշ» անվանելիս, Խորենը՝ վրան գոռգոռալիս, ահա իրենց փոքրիկ վարձու բնակարանը և այնտեղ տիրող լարված մթնոլորտն ու հոր, մոր անվերջանալի վեճերն ու  անորոշ ապագայի մռայլ հեռանկարները...  Եվ... երկու հարյուր դոլարը, որին տիրանալու բուռն ցանկությունը ոչ մի կերպ չի կարողանում վանել իրենից, թեև նունիսկ չգիտեր՝  դա քիչ, թե շատ էր... Միայն Լիզայից լսել էր, որ դրսից եկածները կծծի են...  Առաջին անգամն էր, չստուգի՞  Լիզայի հետ... այդ մտքից ծիծաղը եկավ: Տատամսոտ կանգ առավ լաբիի կենտրոնում: Իրենից դեպի ձախ հյուրանոցի դուռն էր, դեպի աջ՝ վերելակը... Երկուսն էլ նրան տանում էին անձնազոհության ու  տառապանքի ուղիով...  Թերևս միայն այն տարբերությամբ, որ դեպի ձախ՝ էժան գնով պիտի վատնվեին իր կյանքի լավագույն օրերը, երիտասարդական ավյունն ու թարմությունը, իսկ դեպի աջ՝ թանկ գնով պիտի վաճառեր  իր... մարմինն ու այդ բարոյականություն կոչվածը... Սրանցից ո՞րն էր ավելի ծանր կշռում... Տվյալ պահին ինքը հոգնած էր, թքած ուներ գորշ ու մռայլ աշխարհի վրա, դեռ ցավում էր իր շքեղ մարմինը, իր միակ ու անկրկնելի կապիտալը, որի հետևից վազում էին բազմաթիվ տղամարդիկ... 
 
 Պայուսակից հանեց բջջայինը և ուզեց զանգել Լիզային, բայց անմիջապես հրաժարվեց. երկար-բարակ խոսելու և բացատրություններ տալու տրամադրություն չուներ: Բավականացավ կարճ հաղորդագրությամբ. 
 
-Լիզա ջան, չսպասեք, էլ չեմ գալու:  
 
Մարիշը անվարան, կտրուկ թեքվեց աջ ու մոտենալով վերելակին՝ սեղմեց կոճակը: Նա համոզված էր, որ վեց-մեկ-վեց համարը հավերժ դաջված կմնա իր հիշողության մեջ...  
 
 
Մարտ 2009 թ. 
Թեհրան 
 
 

Առիթ                                

-Ներեցե՛ք,- ասաց ուշացած տղամարդը ցածրաձայն ու տեղավորվեց միայնակ նստած կնոջ կողքի աթոռին: Ուրիշ դատարկ աթոռ չկար:  
 
-Խնդրեմ,-ասաց կինը, հարևանցի նայեց եկվորի տեսք ունեցող տղամարդուն ու ազատ ձեռքով փեշը ավելի իջեցրեց բաց ծնկերի վրա: Մյուս ձեռքով բռնել էր գոգին դրած բավականին մեծ, սպիտակ, ոսկեգույն օղակներով պայուսակի կանթը:  
 
«Քառասունհինգից ավել չես տա», մտածեց կինը և տարակուսեց՝ իր ի՞նչ գործն է:   
 
Վավերագրական ֆիլմ պիտի ցուցադրվեր: Աթոռները շարել էին կիսաշրջանաձև, կողք-կողքի: Շատ մարդ չկար: Ֆիլմի հեղինակ-ռեժիսորը որոշ բացատրություններ տվեց: Ներկաները ծափահարեցին: Փոքրիկ էկրանի վրա սկսվեց ցուցադրումը:  
 
Կինը փոխեց դիրքը՝ աջ ոտքը գցելով ձախի վրա:  
 
Սրճարանի կիսամութի մեջ, տղամարդը նշմարեց կնոջ կաթնագույն, մերկ ծնկի ծալը և սկսեց աչքի տակով հաճախակի նայել այդ ուղղությամբ:  
 
«Հազիվ քառասուն կլինի», մտածեց տղամարդը և տարակուսեց. իր ի՞նչ գործն է:  
 
Ցուցադրումը ավարտվեց: Նորից ծափահարեցին: Լույսերն ավելացան: 
 
-Դուք որտեղի՞ց գիտեք ռեժիսորին,- հարցրեց տղամարդը:  
 
-Իր կինը մտերիմ ընկերուհիս է,-ասաց կինը ժպտալով:  
 
«Լավիկն է», մտածեց տղամարդը:  
 
-Ինքն էլ իմ դասընկերն է եղել: Ներգաղթելուց հետո ավելի քան երեսուն տարի չէինք հանդիպել:  
 
-Դուք որտեղացի՞ եք: 
 
-Եկել եմ Նահանգներից, կարճ ժամանակով, այս անգամ հրաշքով հանդիպեցինք, պատկերացրեք սկզբում չճանաչեցինք իրար. ասաց, որ իր ֆիլմերից մեկը պիտի ցուցադրի այս սրճարանում, հրավիրեց: Սրճարանը հազիվ գտա,-ասաց ու ծիծաղեց: 
 
Նրանք միասին մոտեցան ու շնորհավորեցին: Կինը խոսքի բռնվեց ռեժիսորի կնոջ հետ: Հետո մոտեցան ֆուրշետի սեղանին, որի վրա շարված էր սրճի ու թեյի տեսականի, հարմարանքներ ու անուշեղեն: Կանայք սուրճ պատրաստեցին ու չորսով նստեցին ազատ սեղաններից մեկի մոտ. խոսք բացվեց արվեստի և տարբեր երկրների մշակութային խնդիրների մասին, ընդ որում տղամարդը երկար տարիներ անհաղորդակից լինելով նման թեմաներին՝ ընդհանրապես լսողի դերում էր:  
 
Դուրս գալով սրճարանից, քայլեցին մինչև գլխավոր պողոտան:  
 
Տղամարդը խնդրեց կնոջ ձեռքի համարն ու գրանցեց իր բջջայինի մեջ:  
 
-Կզանգեմ,-ասաց նա,- See you:  
 
Կինը ժպտաց, գլխով արեց ու նստելով առաջին պատահած տաքսին՝  հեռացավ:  
 
«Դուրեկան տղամարդ է»,- մտածեց կինը. նա սիրում էր զուսպ, քչախոս տղամարդկանց : 
 
«Ինչ ապուշն եմ, պիտի հրավիրեի ընթրիքի», մտածեց տղամարդը: Չէր հասկանում ինչ խորհրդավոր բան կար այդ կնոջ մեջ, որ խախտում էր իր ինքնավստահությունը: Գուցե դա կնոջ բարձր ինտելեկտն էր, որով ինքը հմայվեց խոսակցության ընթացքում: Նույնիսկ չկարողացավ «դու» ի անցնել: «Առաջին հանդիպման համար, այսքանն էլ բավական է»,- մխիթարեց ինքն իրեն ու տխրեց, որ մեկնում է երկու օրից:  
 
Հաջորդ օրը տեղը չէր գտնում, տատանվում էր. կգա՞, չի՞ գա: Այնուամենայնիվ, զանգեց.  
 
-Բարև, ինչպե՞ս եք:  
 
-Ոչինչ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք,- ասաց կինը կրծքային, հաճելի ձայնով:   
 
-Գիտե՞ք,  երբ այստեղ եմ ինձ հրաշալի եմ զգում,-ասաց տղամարդը դուր գալու ցանկությամբ. չհաշված երեկվա հանդիպումը՝ իր այս այցելության ընթացքում հիասթափության պահեր շատ էր ունեցել: Դեռ երկու օր առաջ ուրախ էր, որ պիտի շուտով վերադառնա:     
 
-Բոլորն էլ այդ են ասում,ասաց կինը,- բայց չեն մնում, գնում են:  
 
- Ինչ արած: Ստիպված ենք: Մեր կյանքն էլ այսպես է դասավորվել: 
 
-Գիտեմ:  
 
-Երեկ ի՞նչ տպավորություն ստացաք ֆիլմից, չուզեցի հարցնել հեղինակի  ներկայությամբ:   
 
-Հաջող էր, վատ չէր ստացվել. ինձ ավելի շատ դուր է գալիս լիամետրաժ կինոն:   
 
-Ինձ էլ, բայց հավանեցի,-ասաց, թեև կարգին չէր էլ հասկացել որոշ կադրեր,- տաղանդավոր տղա է, փոքրուց հատուկ սեր ուներ թատրոնի ու կինոյի հանդեպ: 
 
-Այո, սա իր առաջին գործը չէր:   
 
-Դուք ինչո՞վ եք զբաղվում, չե՞մ խանգարում:  
 
-Ո՛չ, ո՛չ, հանգիստ եղեք... գիտաշխատող եմ:  
 
-Երեկ դուք մենակ էիք,- ասաց տղամարդը կարճ դադարից հետո՝ ակամա հարգանք զգալով կնոջ հանդեպ, թեև կարգին չգիտեր «գիտաշխատողի» իմաստը:   
 
- Այո,- ծիծաղեց կինը,- մենակ էի եկել, ինչո՞ւ եք հարցնում: 
 
-Դե... մտածեցի ամուսին ունեք, դրա համար հարցրեցի:  
 
-Ունեցել եմ,-ասաց կինը: 
 
-Վաղո՞ւց է մենակ եք: 
 
-Մի քանի տարի կլինի, իսկ դա ձեզ շա՞տ է հետաքրքրում:   
 
-Ուղղակի ուզում եմ ձեզ նորից տեսնել,- ասաց տղամարդը ազատ շունչ քաշելով ու անտեսելով կնոջ հարցը,-ի՞նչ կասեք, եթե հանդիպենք երեկոյան:   
 
-Դեմ չեմ,- ասաց կինը մի քիչ մտածելուց հետո,- աշխատանքից հետո անելիք չունեմ:  
 
-Կգա՞ք ինձ մոտ... իմ բնակարանը...,- ասաց տղամարդն ու շփոթվեց: «Լավ չեղավ էսպես միանգամից, գոնե ասեի՝ «Համեցեք իմ բնակարանը» կամ «Ձեզ համար հարմա՞ր է հանդիպել իմ բնակարանում», էստեղ հո Ամերիկա չի, ի՞նչ կմտածի»: 
 
Կնոջ պատասխանը ուշանում էր:  
 
-Գիտե՞ք, տանել չեմ կարողանում սրճարանների ժխորը, բարձր երաժշտությունը, կասկածելի մաքրությամբ սնունդը,- ասաց տղամարդը արդարանալու պես,- տանը կարող ենք հանգիստ զրուցել... Վերջերս սկսել եմ խուսափել սրճարաններում թրև գալուց:  
 
«Հենց միայն ա՞յդ,-մտածեց կինը,- ուրիշ բան չկա՞ գլխումդ...»:  
 
-Լավ, կգամ,-վերջապես ասաց նա և շփոթվեց: «Լավ չեղավ, էսպես միանգամից, գոնե ասեի՝ «Կարող ենք պարզապես զբոսնել, աշնանային հաճելի եղանակ է», կամ ասեի՝ «Գուցե թատրոն գնանք»: Ի՞նչ կմտածի իմ մասին...»: 
 
-Անկեղծ ասած, ես էլ չեմ սիրում սրճարանների մթնոլորտը,- ասաց կինը արդարանալու պես:    
 
Տղամարդը ցնծում էր. տվեց իր բնակարանի հասցեն: Ժամադրվեցին:  
 
Եկավ կես ժամ ուշացումով: Ավելի էր գեղեցկացել, փարիզյան թանկ օծանելիքի բույրը տարածվեց սենյակում: Մեկ ձեռքում երեկվա պայուսակն էր, մյուսում՝ մեկ շիշ հայկական գինի: Գուցե դա էր, որ բարևելիս ձեռքը չմեկնեց՝ տղամարդուն թողնելով սպասողական վիճակի մեջ:  
 
-Ի՜նչ նեղություն,-ասաց տղամարդը վերցնելով գինին: 
 
-Ոչ մի նեղություն,- ասաց կինը՝ հանելով սպիտակ ժակետն ու մնալով պարզ, ծնկից վեր երկնագույն շրջազգեստով,- հայկական ընտիր գինի է:  
 
Տղամարդը շնորհակալություն հայտնեց, վերցրեց կնոջ ժակետն ու նրան առաջնորդեց հյուրասենեակ: 
 
Բնակարանը նորակառույց էր, քաղաքի կենտրոնում, շքեղ կահավորված: Կինը աչքի անցկացրեց պատից կախված աբստրակտ ոճի, ճաշակով մեծադիր կտավները:  
 
-Այստեղ ե՞ք գնել: 
 
-Այո, հայ գրաֆիստի գործեր են, գնել ենք ցուցասրահից:  
 
«Գնել ե՜նք... տեսնե՞ս ում հետ»,-մտածեց կինը, ու թեև տվյալ պահին տղամարդու ամուսանցած կամ չասմուսնացած լինելը խնդիր չէր, այնուամենայնիվ հարցրեց: 
 
-Երեխաներ ունե՞ք: 
 
-Մեկ տղա... ապրում է մոր հետ: Բաժանված ենք,-ստեց:  
 
Երկուսն էլ հանգիստ էին ձևանում, բայց օդում լարվածություն կար:  
 
Կինը նստեց բազմոցին, ոտքը գցեց ոտքին ու երկու ձեռքով փեշը ցած իջեցրեց:  
 
Տղամարդը կոնյակ լցրեց ու շոկոլադ առաջարկեց: Կինը վերցրեց կոնյակի բաժակն ու մոտեցրեց շրթերին: Շրթներկի կարմիր հետքը մնաց բաժակի վրա:  
 
-Գնամ սուրճ պատրաստեմ,- ասաց տղամարդը: 
 
-Այստեղ կանայք են սուրճ պատրաստում,-ասաց կինը թովիչ ժպիտով ,- թույլ տվեք օգնեմ:  
 
Երկուսով մտան փոքրիկ խոհանոցը: 
 
Տղամարդը պահարանից հանեց սուրճի պարագաներն ու շարեց սեղանին:  
 
-Դա՞ռն եք սիրում, թե՞ քաղցր: 
 
-Դո՞ւք: 
 
-Դառը: 
 
-Ես էլ: 
 
Տղամարդը մի պահ որսաց կնոջ հայացքը: Ժպտացին:  
 
Սուրճը արագ եռաց. կինը վարժ շարժումով գազօջախից հեռացրեց սրճեփը, գավաթները լցրեց խնամքով ու դրեց սինիի մեջ:  
 
Նրանք շատ մոտ էին կանգնած իրար, երկուսի ձեռքերը միաժամանակ մեկնվեցին դեպի սինին և դիպան իրար: Տղամարդը սարսուռ զգաց այդ հպումից և կնոջ մարմնի մոտիկությունից. հազիվ հաղթահարեց նրա ձեռքը բռնելու ու գրկելու անզուսպ ցանկությունը, որ սկսվել էր կնոջ ներս մտնելու պահից: Մի բան խլրտաց ընդերքում, կոկորդում չորություն զգաց ու թուքը կուլ տվեց...  
 
«Գրկի՛ր, ինչի՞ ես սպասում,- ճչում էր մարմինը, բայց բանականությունը ավելի հզոր գտնվեց. «Չէ, ինչ կմտածի, կասի՝ խաբել եմ, բերել... համբերի՛ր, ժամանակին...»:  
 
Կինը կանացի բնազդով ընկալեց տղամարդու հոգու կրքահույզ ալեկոծությունը. մի բան խլրտաց ընդերքում ու հազիվ զսպեց ձեռքերի դողը...  
 
«Հիմա կմոտենա,- մտածեց,- չէ, թույլ չեմ տա, ի՞նչ կմտածի, կասի...»:   
 
-Ես կբերեմ,-ասաց կինը վերցնելով սինին: 
 
Նրանք վերադարձան հյուրասենյակ ու զբաղեցրին իրենց տեղերը:  
 
Կինը իրոք հմայիչ էր իր  երկնագույն շրջազգեստի մեջ: 
 
Խոսակցությունը սկզբում չէր ստացվում: Կոնյակի առաջին կումերից հետո տղամարդը բողոքեց ամերիկյան բարքերից, կանանց շնորհված ազատություններից: Նա աշխատում էր թեմային տալ սեռական ուղղություն ու թափանցել կնոջ հոգու խորքը: Խոսեց տեղական ավանդույթների ու ամոթ կոչվող հասկացության մասին: Նշեց, որ իր կարծիքով, գիտության պակասի պատճառով վաղ ժամանակներում մարդիկ կենակցությունը համարել են ամոթ, արգելքներ են մոգոնել, որպեսզի այդպիսով կասեցնեն մարդկային աճը, և այլն, և այլն:  
 
Կինը հասկանում էր տղամարդուն ու չարանում: «Ի՞նչ ես սար ու ձոր ընկել, միանգամից սրտինդ ասա, էլի, մեկ է ինձանից բան չես հասկանա»: Նա մի պահ, նկատեց իր սրունքներին հառված տղամարդու կրքոտ հայացքն ու ակամա՞, թե՞ սովորության համաձայն կրկին երկու ձեռքով իջեցրեց փեշը: 
 
«Հիմար եմ,- մտածեց,- թող նայի, էլի..., ձևը չգիտեմ...»:  
 
«Չէ, ճիշտ են ասում, էստեղի կանանց հեշտությամբ չես տիրանա...,- մտածեց տղամարդը:  
 
Րոպեներն անցնում էին դանդաղ. կինը հոգնել էր տղամարդու բարբաջանքներից. երեկ, սրճարանում, ո՞ւր էր մնացել այս բլբլան լեզուն. պարզվում է շատախոսի մեկն է... Ինչե՜ր ասես չէր պատկերացնում, երբ սեղմեց տղամարդու բնակարանի դռան զանգի կոճակը: Մենակ մնալու օրվանից  միշտ խուսափել էր տղամարդկանց սիրահետումներից. մտածում էր, որ սա եկվոր է, ինչպես եկել է, այնպես էլ կգնա, պատմություն չի սարքի... Ինքն իր ոտքով մտավ առյուծի վանդակը, իսկ ինչ դուրս եկավ... «Ի՜նչ առյուծ, աննորմալի մեկն է...»:  
 
-Իմ գնալու ժամանակն է,- վերջապես ձանձրացած ոտքի կանգնելով՝ ասաց նա: 
 
-Սպասե՛ք, միասին կընթրենք,- կնոջ անսպասելի վեր կենալուց շփոթված ասաց տղամարդը:  
 
-Չէ՛, ընկերուհուս խոսք եմ տվել,-ստեց կինը,- պիտի գնամ:  
 
Տղամարդը տեղի տվեց, չկար նախկին ուժեղ ցանկությունը: Քաղաքավարությամբ օգնեց նրան հագնել ժակետն ու ուղեկցեց մինչև դուռը: 
 
-Շատ հաճելի էր,- ասաց նա:  
 
Կինը խեթ նայեց նրան ու ասաց. 
 
-Շնորհակալություն: Մնաք բարով:  
 
 «Լավ առիթ էր, բաց թողեցի,-մտածեց կինը տաքսիում՝ տուն վերադառնալու ճանապարհին: 
 
«Լավ առիթ էր, բաց թողեցի,-մտածեց տղամարդն աչքը հառած կոնյակի բաժակի վրա մնացած կարմիր շրթներկին:  
 
 
Դեկտեմբեր 2014 
Թեհրան 
 

 

Գուրգեն Միքայելյան. Սիրո տաղեր

29.07.2020 22:25

Գուրգեն Միքայելյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 5-ին Օշական գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:
1986 թ․ընդունվել, 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Ավարտելուց հետո՝ գրեթե երեք տարի, որպես լրագրող աշխատել է տարբեր խմբագրություններում, ապա կատարել այլ աշխատանքներ։
1996 թ. տպագրվել է Գ․ Միքայելյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ»): 1998 թվականին լույս է տեսել երկրորդը («Հորիզոնից այն կողմ», Երևան, «Մանկավարժ» հրատարակչություն): 
2004 թվականին տպագրվել են նրա թատերգությունները «Խաղում ենքբոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա» վերնագրով (Երևան, «Նահապետ» հրատարակչություն):
Գ․Միքայելյանի ստեղծագործությունները հրապարակվել են պարբերական մամուլում, գրական կայքերում ու ժողովածուներում («Գարուն», «Անդին», «Գրական կամուրջ», «Գրանիշ», «Թագլուր», «Արդի հայ գրականության ժողովածու», «Գրական անդաստան» և այլն)։
2012 թվականին սեպտեմբերի 5-ի համարներում տպագրել է Գ. Միքայելյանի «Երկնքում գերվածները», իսկ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 7-ի համարներում՝ «Մոռացված ժամացույցի ահազանգը» պիեսները:
2012 թվականին «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է Գ․ Միքայելյանի «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը:
2014 թվականին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Ամերիկյան խառնաշփոթ» կատակերգությունը:
«Արմավ» հրատարակչությունն այժմ տպագրում է Գ․ Միքայելյանի «Պոեզիա» և «Թատերգություն» խորագրերը կրող՝ ստվար ծավալով երկհատորյակը (շուրջ 550 և 720 էջ), որը շուտով կլինի ընթերցողի սեղանին։
 
 Ներկայացվող «Սիրո ասպետի երգը» ստեղծագործությունը գրվել է  1990 -1993թթ., տպագրվել է հեղինակի երկրորդ գրքում, և լույս է տեսել 1998 թվականին: Սակայն այս տարբերակով մեր ընթերցողին է ներկայացվում առաջին անգամ: Այն նախորդից զգալիորեն տարբերվում է, որովհետև ստեղծագործությունը հեղինակի կողմից վերանայվել, խմբագրվել է:
 
ՍԻՐՈ ԱՍՊԵՏԻ ԵՐԳԸ
ԿԱՄ
ՄԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՏԱՂԵՐ
 
Այսօր թառել են բառերը կրկին
Իմ հրաթրթիռ ձայնալարերին:
Թառել են՝ իբրև
Գունեղ երգչախումբ դեղձանիկների,
Իբրև ստեղներ յոթ նոտաների:
Երգո՜ւմ են նրանք,
Եվ երգի հզոր, այրող հոսանքից
Ձայնալարերս ծաղկել են արդեն,
դարձել ծիածան,
Որի գույներին
Դեղձանիկները կտցահարում են՝
Կիթառ նվագում:
Այսպես համերգում,
Գրկում են իրար և պար են բռնում
Բառերը խումբ-խումբ,
Ու երգն է նրանց շուրթիցս բխում
Ինչպես որ աղբյուր:
 
ԵՐԳ Ա
ՄԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՍԻՐԵՐԳ
ԿԱՄ
ՍԵՐԸ ՄԵՐԿ
 
Աստղիկն այսօր անցել Հարդագողի ճամփով,
Անցել աստղակածան առասպելի միջով,
Նորալուսնի ճերմակ մեղրալույսը ըմպել
Ու իր Վահագնի մոտ,
Ու իմ տուն է եկել:
Իմ երազն է իջել,
Որն առջևս կանգնել,
Հմայում է ասես
Եվ ասում է՝ պիտի քեզ առինքնեմ հիմի,
Կախարդուհու նման պիտի հրաշք գործեմ:
Ասում ու ժպտում է:
Ու գոտին է քանդում...
Նա գոտին է քանդում,
Բայց այն աչքիս հանկարծ սողնակի է փոխվում:
Սողնակի է փոխվում հեքիաթների դռան,
Հետ է քաշվում դանդաղ...
Կոճակներն է ապա արձակում նա ոսկի,
Ու քիչ-քիչ բացվում է...
Ու քիչ-քիչ բացվում է... մերկությունը բոցի.
Կարմիր-կարմիր մի վարդ՝
Վարդ-շապիկ է հագին
Ձյունավարդ Աստղիկի:
Եվ այդ վարդը աչքիս փոխարկվում է փերու,
Բոցկլտում է, պարում...
Ապա ձեռքերն է նա ստինքներին դնում,
Եվ ափերը աչքիս արևներ են դառնում:
Արևներ են դառնում՝
Կողերն ի վար սահում,
Ազդրերն ի վար սահում,
Իջնում ու բարձրանում,
Սակայն ոչ թե նրա,
Այլ ի՛մ մարմինն այրում։
Փեշերին է տանում նա մատները ճկուն,
Դանդաղ վեր է քաշում քղանցքները շրշուն,
Բայց մշուշի միջին ես այնպես եմ տեսնում,
Նրա շապիկն ասես բոցերի մեջ հալվում,
Մերկությունն է բացվում:
Մերկությունն է բացվում:
Ստինքներն են խնկում:
Իմ երազն է եկել երկինքներից հեռու:
Շրթունքներն են վառվում
Եվ ինձ.
- Նայիր,- ասում,-
Բոցեղեն ու մշտահմա
Սա է կինը ահա:
...Ճերմակ են կոնքերը,
Ու սև է գիշերը:
Ճերմակ են կրծքերը,
Ու սև են վարսերը:
Ճերմակ է երեսը,
Ու սև են աչքերը...
Սա է, ահա, կինը,
Որն իմ առջև կանգնել,
Հմայում է կարծես
Եվ ասում է՝ պիտի քեզ կախարդեմ հիմի,
Պիտի հրաշք գործեմ:
Եվ նա ինձ է արդեն հրաշագործ դարձնում,
Ու ես ինքս եմ արդեն իմ Աստղիկին ասում.
- Եկ, կրծկալդ կրքոտ շոյանքներով բանամ.
Ստինքներիդ վրա արեգակներ կան ալ,
Թող ինձ այրեն նրանք:
Լանջիդ վրա ճերմակ զանգակներ կան արծաթ:
Երկու բյուրեղ զանգակ՝
Լեզվակներով շիկնած:
Թեթև քայլքից անգամ տարածվում են լուսե
Ղողանջները նրանց...
Եկ, այս գիշեր լսենք ղողանջներն այդ հրաշք:
Այս գիշերը սիրո՝
Սիրո՛ տաղեր երկնենք,
Երգենք երգը սիրո:
Սիրո, որը կարծես, թե հենց ինքն է՝ կինը:
Կախարդանք է, ինչպես գեղեցկագո՛ւյն կինը:
Եկ, ուրեմն, այսօր գեղեցկությամբ հարբենք,
Եկ, միասին երգենք մեղրալուսնի երգեր:
Ասենք՝ սերն հենց ինքն է՝
Կինն է՝ չքնաղ ու մերկ.
Կախարդանք է սերը,
Ինչպես ինքը՝ կինը:
 
ԵՐԳ Բ
ՁՈՆԵՐԳ ՄԵՂՐԱԺԱՄԻ
ԿԱՄ ԳՈՎՔ ՍԻՐՈ ԵՎ ՀՈՂԻ
ԿԻՆ
 
Դու հրաշք, դու երազ,
Դու առեղծված, դու միրաժ:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո մի շյուղ,
Արմատներս թող որ լույս ընդերքդ ձգեմ՝
Արեգակներ ծաղկեմ:
Սիրո տունկն իմ այնպես,
Այնպե՜ս երկինք հառնի,
Որ աստղերը թվան՝ ծաղիկներս են անթիվ:
Թվա, թե լուսինը ճյուղերիցս է կախված,
Իսկ արևը ոսկի՝ իմ պտուղն է հասած:
Դու՝ սիրահող իմ սուրբ...
Քո վարսերը խոպոպ՝
Սևահող են փափուկ,
Իսկ ձեռքերս դալար ընձյուղներ են անհող,
Արմատներով նրանց թող քո հողը գրկեմ՝
Գուրգուրանքներ ծաղկեմ:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո առու,
Թող ներծծվեմ մարմնիդ
Մեղրահողում ոսկե,
Որ դու եդեմ ծաղկես:
Դու՝ մեղրահող իմ սուրբ,
Իսկ ես ամպ եմ գարնան.
Կուրծքդ թող համբուրեմ
Իմ շանթերով կապույտ
Ու անձրևով վարար
Ջրեմ արտդ ծարավ:
Դու՝ մեղրահող իմ սուրբ,
Իսկ ես՝ սիրո մշակ,
Թող մատներիս խոփով
Սևահողը հերկեմ
Ուսերդ ի վար փռված:
Դու՝ լուսահող իմ կույս,
Ես՝ սերմնացան սիրո,
Թող քո արտում հուռթի
Հունդեր ցանեմ լույսի:
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Դու՝ մեղրահող իմ կույս,
Իսկ ես՝ անհող մի հունդ...
Դու՝ մեղրահաց իմ սուրբ,
Մեղրամարմին դու կույս,
Իսկ ես՝ սիրո մեղու...
Սիրո անտառ դու իմ,
Ես՝ անտառի մուսա,
Ես՝ անտառի ոգի:
Դու սուրբ մարմին սիրո,
Իսկ ես շունչն եմ Աստծո...
Դու՝ սիրահող իմ սուրբ,
Ես արևն եմ սիրո...
Դու իմ ներբող, դու ձոն,
Դու երգ մեղրաժամի,
Ես՝ գովասաց, երգիչ,
Մշակ սեր ու հողի...
 
ԵՐԳ Գ
ՍԻՐՈ ԳԻՇԵՐ
ԿԱՄ ԵՐԳ ԵՐԳՈՑ
 
Մուսաները սիրո
Գինովցած են այսօր:
Մուսաները սիրո
Այսօր հյուր են ինձ մոտ:
Մուսաները սիրո
Համերգում են այսօր:
Քո վարսերն են երգում
Մուսաները այսօր:
Քո վարսերը ոսկե՝
Սիրո արտի հասկեր:
Մուսաները սիրո
Սիրո արտն են վառել:
Երգ են ասես հեղում,
Բոցկլտում են երգեր,
Ջրվեժում են երգեր
Քո վարսերը խնկե:
Մուսաները սիրո
Քո աչքերն են վառել:
Քո աչքերը սեր են,
Քո աչքերը ծով են,
Քո աչքերը գունեղ
Սիրո բյուրեղ-ցող են:
Սիրո բյուրեղ-ցող են,
Երգ են ասում շողե:
Երգով ծփում այսօր,
Կայծկլտում են երգեր,
Խնկարկում են երգեր
Քո աչքերը լուսեղ:
Մուսաները սիրո
Քո շուրթերն են վառել:
Քո շուրթերը՝ թիթեռ,
Քո շուրթերը՝ արև:
Երբ արևը թևում՝
Սիրո երգ է մաղում,
Երգ է թափվում հրե,
Լուսե երգն է թռչում:
Մուսաները սիրո
Քո կրծքերն են վառել:
Քո կրծքերը՝ լամպեր,
Քո կրծքերը՝ ջահեր:
Լուսամփոփ են սիրո
Քո կրծքերը շքեղ:
Սրտիդ երգն է վառվում,
Սրտիդ կիրքն է վառվում,
Քո արյունն է երգում
Պատրույգներին նրանց...
Մուսաները սիրո
Քեզ բոցի են փոխել:
Սիրո բոց ես դարձել,
Երգ ես ասում լուսե:
Մուսաները սիրո
Այսօր հյուր են ինձ մոտ:
Մուսաները սիրո
Այսօր այնպե՜ս գինով,
Մոլեգին են այնպես,
Որ երգիչ են դարձել
Իմ ձեռքերն էլ այսօր:
Բանաստեղծ են դարձել
Ու երգում են կրքոտ...
Բոցն են իրենց խառնում
Քո վարսերի երգին
Ու երգերն են խառնում
Ստինքներիդ բոցին:
Ու երգում ենք այսպես
Ինքնամոռաց, արբա՛ծ:
Ու երգում ենք այսպես
Ոսկի երգը սիրո:
Հավերժության երգը,
Անրջալույս երգը՝
Երգ երգոցն ենք երգում
Ես ու սերս այսօր:
Երգ երգոցը, երգը՝
Աստվածընծա, հզոր:
Երգ երգոցը, երգը՝
Հնամենի ու նոր:
 
ԵՐԳ Դ
ՀԵԹԱՆՈՍ ՀԱՄԵՐԳ
ԿԱՄ ԵՐԳ՝
ՇՇՆՋԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԿԱՆՋԻՆ
 
Այսօր, սիրելի՛ս, գիշեր է սիրո:
Այս սուրբ գիշերվա գրկում հեթանոս
Եկ հուր-շուրթերով
Կրծքերիդ ժանյակ-ծրարը բացեմ
Ու մոմիկները մեր սիրո վառեմ...
Աչքերիդ մթնում թռչում են արդեն
Մոլուցքի չքնաղ լուսատտիկներ:
Թող քեզ, սիրելի՛ս, ես այնպես սիրեմ,
Որ բոցավառվեն:
Թող ինձ՝ կաթնեղեն լճիդ մեջ մտնեմ,
Լողամ քո ծոցում
Ու ջրահարսեր, հավերժահարսեր
Գտնեմ քո լճում...
Այսօր, քաղցրի՛կս, գիշեր է սիրո:
Թող որ քո սիրո ծովում ալեկոծ
Իմ երազները լողան շիկաբոց։
Թող ծարավ նայեմ քո ալիքներին,
Որ աչքերս ըմպեն լույսը բոցերիդ:
Այսօր մի հրաշք գիշեր է սիրո,
Ու շշնջում են շուրթերս արդեն
Համերգներ հրե:
Սիրո գիշերվա գրկի մեջ ոսկե
Արի՛, սիրելի՛ս,
Հեթանոսաբար քեզ սիրեմ այսօր,
Իմ հուր-խենթությամբ քեզ սիրեմ այսօր,
Քանզի գիշերն այս
Գիշեր է սիրո:
Գիշեր է սիրո,
Եվ շշնջում եմ ես քո ականջին
Ոչ թե ինչ-որ երգ,
Այլ մի լուսեղեն հեթանոս համերգ:
 
ԵՐԳ Ե
ԿԱՊՈՒՅՏ ՄԵՂՐԱԳԻՇԵՐ
ԿԱՄ ՍԻՐՈ ԵՐԿՈՒՆՔ
 
Ժամը եկել է, սերը հասել է,
Բացվել է սիրո իմ այգու ծառը:
Ծառի տակ նա է՝ իմ ծաղկած Սերն է:
Գլխին պսակ է՝ ծաղկունքի պարս է,
Իսկ հագին ամպի ճերմակ շղարշ է:
Կարծես սարքած է.
Մի ձեռքը՝ կողին, մյուսը՝ կախած,
Ճերմակ փեշերը մինչ գետին հասած...
...Իսկական կուլա,
Մի խոշոր կուլա՝ շուրթերին կրակ:
Ժամը եկել է, սերը հասել է,
Արդեն գիշեր է...
 
* * *
Գիշերն այս գիշեր կարծես ուրիշ է,
Ուրիշ եմ և՛ ես,
Իսկ դու... Դու ես լոկ...
Կապույտ մշուշում ջահի սիրտն արդեն
Կրքից թրթռում,
Հուզմունքից լազուր հայացքն է դողում:
Զեփյուռը նախանձ
Բաց պատուհանի գիշերանոցն է
Անվերջ քաշքշում:
Փողոցի լույսն է մերթ-մերթ ծիկրակում:
Գարնան գիշեր է:
Ժամը եկել է...
 
* * *
Մեր հասուն սիրո գրկի մեջ լազուր
Թող վառեմ կապույտ կիրքը աչքերիդ,
Շուրթերիդ կարմիր մոլուցքը ըմպեմ:
Թող զգեստներդ այս գիշեր հանեմ,
Հանեմ՝ որպես թեժ, բոցկլտուն կրակ,
Միջուկը բոցի,
Միջուկը սիրո թող մերկացնեմ
Ու ձեռքերիս հուր-կիրքը հագցնեմ:
Ժամը եկել է:
Թող վառեմ կրքի լամպերը ծոցիդ,
Որոնց վրա լույսն արև է ծաղկել:
Թող ստինքներիդ օջախում ճերմակ
Իմ սիրո խունկը այս գիշեր ծխեմ:
Թող սիրո անշեջ բոցերում նրանց
Իմ համբույրները այսօր խնկարկեմ:
 
* * *
Ժամը եկել է,
Սերը հասել է,
Իմ սիրտը սակայն դեռ հապաղում է:
Ես միշտ կարծել եմ՝
Փեշերդ եթե ծնկից բարձրանան,
Մութը մոլուցքից պիտի շիկանա:
Ինձ թվացել է՝
Հենց կուրծքդ բացվի,
Արևը պիտի լույսից կուրանա:
Հավատացել եմ,
Որ եթե հանվես,
Արար-աշխարհին կխենթացնես:
Եվ հիմա սիրտս դեռ հապաղում է.
Իսկ եթե հանկարծ փեշդ բարձրանա,
Ու հողագունդը կրքից չդողա՞:
Եթե դու հանվես,
Եվ մոլորակներն իրենց կածանից
Դուրս չսայթաքե՞ն:
Քեզ մերկ տեսնի ու
Լուսինը հանկարծ եթե չժայթքի՞:
Իսկ եթե լույսի ծովեր չհորդե՞ն:
Իսկ եթե... եթե...
Բայց ինչ էլ լինի,
Ժամը եկել է...
 
* * *
Մեր սերը ծաղկեց:
Եվ ոչ թե՝ ծաղկի,
Այլ արշալույսի արևի՛ նման:
Արևի ոսկին թափվեց մեզ վրա,
Եվ մենք օծվեցինք,
Մկրտվեցինք մենք սիրո՛ արևով:
 
* * *
Դու մեր սերը՝ յուրօրինակ,
Սիրո համար լոկ ստեղծված
Ծիսակարգով մկրտեցիր։
Մակարդեցիր դու մեր սերը...
Եվ մակարդված լույսն այդ սիրո
Դարձավ նյութեղ:
Դարձավ նյութեղ ու... մարդ դարձավ:
Եվ շիկնեցիր դու էլ այնպես,
Ինչպես օրը,
Երբ որ նրա արգանդի մեջ
Ծնվում է բորբ արեգակը:
Դու շիկնեցիր,
Քանզի նաև քո սրտի մեջ
Եվ քո մարմնում ծագեց այգը։
Ծագեց այգը և հաստատեց,
Որ ծնվել է
Ու ծնվում է
Մարդը լույսից...
1990 -1993

 

Վարդինե Իսահակյան/պատմվածքներ

06.06.2020 12:49
Վարդինեն` իր մասին
«Իմ արմատները սկիզբ են առնում հեռավոր մի բնակավայրից՝ բարձրադիր լեռների մեջ ծվարած Արցախ աշխարհից /Գանձասար/։
Ստեղծագործել սիրել եմ վաղ հասակից։ Եվ հենց դա էլ խթան հանդիսացավ ուսանելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Տարիների ընթացքում իմ գրած հոդվածները, ակնարկները և գեղարվեստական պատմվածքներն ամփոփված  են իմ անդրանիկ ժողովածուի մեջ՝ «Ցնորքից մինչև իրականություն» վերնագրով:
Գիրքը բաղկացած է ուշագրավ խորագրերից. «Ճակատագրեր» խորագրի ներքո ներկայացված ակնարկները նոր ժամանակների մարդու հոգեկան խռովքն են արտահայտում, պարզ կարոտը, սերը՝ որպես էություն, գոյության բացառիկ իմաստ, օտարումը ընտանիքից՝ որպես ցանկամոլության իրական քաոսի սկզբնավորում, մղձավանջային ցնորք: «Չբացված արշալույսներ» խորագրի ներքո ներկայացված են Արցախյան գոյապայքարին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հերոսապատումները, պատերազմն ապրածների հիշողությունները, հայոց եզերքի անառիկ պաշտպանությունն իրենց իրական կոչումը համարող դիրքապահ սպայի ու զինվորի առօրյայի մասին պատմող հրապարակումները։
Հեղինակն եմ հայոց ցեղասպանությունը վերապրած և հազարավոր հայ որբերի փրկությունն իր առաքելությունը համարած հերոսուհուն՝ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին և 1992 թվականին Մարաղա հայկական բնակավայրում ադրբեջանցիների կողմից իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին ձոնված հոդվածների, ինչպես նաև Կիպրոսի պատմական «Մելգոնեան» վարժարանի մասին «Լույսի տաճարը» վերնագրով հոդվածի, որը պատմում է Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրների նվիրատվությամբ հիմնված Մելգոնեան կրթահամալիրի շուրջ ութ տասնամյա գործունեության, Սփյուռքում հայեցի կրթության ապահովման և վերջին տարիների խնդիրների մասին։
Վերջին շրջանում ծնված «Մեր սերունդը սիրել չհասցրեց» էսսեն հրապարակվել է Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթի՝ «Գրական թերթի» կայքէջում, իսկ «Փրկավարձը» պատմվածքը Զանգակ հրատարակչության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում հրապարակվել է հրատարակչության կայքէջում»։
 
Ավելացնենք, որ Վարդինեի առաջին երկու պատմվածքները առաջին անգամ հրապարակվում են «Նիդերլանդական օրագրի» գրական հավելվածում` «Բուժքույրը» և «Փրկավարձը»
 
 Վերջինս ծնվեց այն օրերին, երբ «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում`  կորոնա վիրուսի ողջ աշխարհում  ահագնացող ցուցանիշների օրերին, ելույթ ունեցավ հայազգի բժիշկ  Գոռ Խաչիկյանը և հուզիչ  մի պատմություն պատմեց հոլանդացու մասին: 
Պացիենտը լսել էր, որ ծանր հիվանդներին վերջին պահին թողնում են միայնակ, որպեսզի չվտանգեն այցելող հարազատների կյանքը: Հիվանդանոց մեկնելուց առաջ պացիենտը հիվանդանոց էր եկել 3000 եվրո գումար ձեռքին: Նա կանչել էր բժշկին ու քույրերին,  խոստացել, որ այս գումարը նրանց է տալու այն բանի  համար, որ եթե  վիճակը  վատ  լինի` իրեն մենակ չթողնեն, քանզի ավելի շատ միայնությունից ու անտարբերությունից է ավելի շատ  վախենում:
 

ՓՐԿԱՎԱՐՁԸ

(Պատմվածք)
SARS–COV–2–ի սփռած տագնապն ամենուր էր։ Այդպիսի համաճարակ վաղուց էր՝ մարդկությունը չէր տեսել։ Թագն էր նրա դրոշը, իսկ դրոշմը՝ խուճապը, տենդը, շնչարգելությունը, փակ սահմանները… Կոկորդի ցավ, ջերմություն՝ սրանք էին հիվանդության ախտանշանները։ Թոքաբորբն այն նզովքն էր, որը կարող էր գամել հիվանդին անկողնուն և երկար ժամանակ զրկել արևի ջերմությունից։ Վարակը փոխանցվում էր օդակաթիլային ճանապարհով, վարակակիր մակերևույթին հպվելիս։ Վարակ կորոնան մարտահրավեր էր նետել։ Համաճարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի պարետը նամակներ էր ուղարկում քաղաքացիներին՝ հորդորելով մնալ տանը։ Չնայած այդ ամենին՝ տարիքավոր, բարձրահասակ, ալեխառն մազերով Հենրի Չպուգքյարյանը, վերցնելով լայնեզր գլխարկը, դուրս եկավ երեկոյան զբոսանքի։ Աչքերը խունացած էին, դռնապանը հարցրեց նրա առողջական վիճակի մասին, պարոն Հենրին կարկամած պատասխանեց.
— Շնորհակալություն, լավ եմ, եթե հնարավոր է այս օրերին լավ լինել առհասարակ։
Անձրևը դժգույնով էր ներկել բակ ու տանիք։ Քաղաքի լույսերն արտացոլվում էին ջրափոսերի մեջ և յուրօրինակ գունապնակ ստեղծում։ Վաղեմի սովորություն էր անձրևից հետո հայտնվել դատարկ փողոցներում և մաքուր օդ շնչել։ Հենրին հագնում էր երկար պլաշը, որ տարիներ առաջ արտասահմանյան գործուղման ժամանակ էր ձեռք բերել, դնում իր յոթանասունամյակի առթիվ լուսահոգի կնոջ նվիրած լայնեզր գլխարկը, վերցնում նախշազարդ ձեռնափայտը և տարտամ քայլերով անցնում նեղլիկ փողոցներով։ Համաճարակը փակել էր մարդկանց վախի ու կասկածի ոստայնի մեջ: Շատերը նստել էին տանը և կենդանական անհոգ կյանք էին վարում։ Մինչդեռ բազմոցին գամված անշարժ կենսակերպը հյուծել էր Հենրի Չպուգքյարյանի ծեր մարմինը։ Նա, որ գարնան արևի ջերմություն էր սիրում, արևի կարոտ էր մնացել։ «Բանտարկյալի կյանք է տո»,— փնթփնթում էր՝ ոտնամանները քարշ տալով անցնելով հյուրասենյակից խոհանոց՝ ի վերջո որոշելով երեկոյան զբոսանքներից չզրկել իրեն։ Նա սովոր էր առավոտյան քայլել պուրակում, վարժություններ անել։ Իսկ երբ տնային կենդանիների հետ այգում զբոսնող մարդկանց էր հանդիպում, հաճախ մտածում էր. « Գուցե մի շուն պահեմ, առավոտյան ես էլ զբոսանքի կտանեմ, ավելի շատ կշարժվեմ, մենակությունս փարատող ընկեր կլինի» ։ Բայց նույն պահին, երբ աչքի առջև պատկերանում էին կենդանու խնամքի դժվարությունները, մաքրակենցաղ պարոն Հենրին զգալի երկմտում էր։
Եվ այդպես հայրենադարձ Հենրի Չպուգքյարյանը ապրում էր մի երկրում, որտեղ հայտնվել էր կյանքի վերջին տարիներին։ Սիրելի կնոջ վաղաժամ մահից հետո մնացել էր լիովին միայնակ։ Հայրենիք վերադառնալու հեռանկարը ոգևորում էր նրան, թեպետ այստեղ այնքան էլ շատ հարազատներ չուներ. երկու քույրերն իրենց ընտանիքներով վաղուց էին տեղափոխվել Միացյալ նահանգներ, եղբոր մահից հետո եղբորորդին իր ընտանիքով հեռացել էր հայրենիքից՝ բնակություն հաստատելով Շվեդիայում։ Մի քանի հեռավոր ազգականների հետ Հենրին երբեմն տեսազանգի միջոցով էր խոսում. այցելություններն աստիճանաբար նվազել էին, յուրաքանչյուրն իր կյանքով էր ապրում։
Պարոն Հենրին, որ շրջադարձերով լի կյանքի ընթացքում բարձր պաշտոններ էր զբաղեցրել, կարողացել էր իր համար անհոգ ծերություն ապահովել։ Նա պակասություն չէր ունենում առօրյա ծախսերը հոգալու, մինչդեռ կյանքի ռիթմը միապաղաղ էր, ծեր սրտին վաղուց էր՝ թրթիռ մոտ չէր գալիս։ Վաղանցիկ էին հրապուրանքները. քաղաքի կենտրոնում գտնվող նրա բնակարանին և խնայողություններին տիրանալու մղումն էր առինքնում տեղաբնակ կանանց։ Նրանք սեր և հոգատարություն էին ի ցույց դնում, մինչդեռ խորաթափանց ծերունու փորձառությունն օգնում էր ավելին կռահելու։ Ոչ ոք չէր փորձում հագուրդ տալ ծեր սրտի նվիրական փափագներին, թափանցել հոգու խորքում խնամքով թաքցրած աշխարհ։ Պարոն Հենրին փարթամ կրծքեր էր սիրում, երիտասարդ մարմին, նրան չէին հրապուրում հասուն կանայք, ովքեր ընկղմված էին ընտանեկան խնդիրների մեջ։ Անշահախնդիր մտերմության փնտրտուքով նա տակավին մենակ էր նստում ընթրիքի սեղանի շուրջ։ Երբեմն պահոցից իտալական գինի էր հանում, զգուշորեն բացում և փորձում ընթրիքը վայելել այնպես, ինչպես անցյալում, բայց միևնույնն է՝ ինչ–որ բան խանգարում էր։ Վերջին շրջանում վարակի տարածած խուճապը ճնշում էր սիրտը, մահվան տագնապը գիշերն ի լույս թափառում էր գիտակցության մեջ։ Երբեմն անքնության դեմ պայքարից հոգնած, նստում էր պատշգամբում, փակ աչքերով շնչում վաղորդայնի սառը օդը և նայում բացվող օրվա գույներին։ Երբևէ նա էլ երազել էր հոգատար, սիրելի կնոջ հետ անհոգ ծերության մասին։ «Մարդուս ճակատին ինչ գրած է, էդ էլ կլինի»,—կրկնում էր Հենրին։
Զարկերակային բարձր ճնշումը հաճախ անհանգստացնում էր նրան, դեղամիջոցները կորցրել էին վաղեմի ազդեցությունը։ Նման պահերին մենակության մեջ Հենրին սարսուռ էր զգում և դուրս էր գալիս զբոսնելու՝ փորձելով վանել տխուր մտքերը։
Համաճարակը ծնկի էր բերել քաղաքը. փողոցները կիսադատարկ էին։ Ճամփեզրին գտնվող ծաղկի կրպակի մոտ մի մեքենա արգելակեց։ Դուռը բացվեց, քառասունհինգին մոտ, պատկառելի արտաքինով մի տղամարդ իջավ։ Հենրին ուշադրությամբ նայեց անծանոթին, ով իր երիտասարդությունն էր հիշեցնում։ Րոպեներ անց սպիտակ վարդերի մեծ փունջը հայտնվեց նրան սպասող կնոջ գրկում։ Կանանց սիրահետելու Հենրիի հարուստ փորձը հուշում էր, որ տղամարդը կնոջը նվաճելու հստակ քայլեր է անում, իսկ կինը կարծես սիրահարված էր. նրա այտերը շառագունել էին։
— Սերը համաճարակի օրերին,— ասաց Հենրին և կարոտ զգաց, մտքի խոյանքով տեղափոխվեց տարիներ առաջ, երբ ինքը հաջողակ տղամարդ էր և վայելում էր սերը գեղեցիկ կանանց գրկում՝ նրանց նվիրելով ալ վարդեր։ Տունդարձի ճանապարհին, հին օրերի հիշողություններով համակված, Հենրին քթի տակ արտասանում էր.
— Ձիավոր ամպերը տանում են հուսահատ հայացքը քաղաքի,
Որ կին է։
Օրը՝ ինքնասպանված թռչուն՝ զարկված խոր ձորին։
Մատներիս բացվել է ծաղիկը խոլորձ,
Որ հիշեցնում է սպիտակակուրծք եղնիկի քնքշանքը.
Որտեղ ես թաղված ափսոսանքի թռչուն,
Դու, որ փշրվեցիր անհեկեկանք իրիկնամուտին...
Մութը փռել էր թևերը քաղաքի անհամաչափ տանիքներին։ Հենրին վերադարձավ տուն, ծեր դռնապանին բարի գիշեր մաղթեց և բարձրացավ իր հարկաբաժինը։ Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներն ազդարարում էին նոր վարակի հետևանքով մահվան դեպքերի մասին.
— Վարակակիրներին կյանքի վերջին ժամերին Իտալիայում թողնում են մենակ, մերձավորներին տեսնելն արգելվում է նրանց կյանքը չվտանգելու համար...
«Չի կարող լինել առավել սոսկալի բան, քան մենակության մեջ հոգին ավանդելը...»։
Մեկուսացման քառասուներորդ օրը, երբ դրսում համաճարակն առավել սաստկացել էր, շաբաթվա գնումները կատարելու համար Հենրին դուրս եկավ տնից՝ հարակից այգու նեղլիկ արահետով քայլելով դեպի մոտակա խանութ։ Քաղաքն ասես հոգեվարքի մեջ էր, փողոցները դատարկ էին, երբեմնի աղմկոտ սրճարաններն՝ անկենդան։ Հանկարծ մեկը ձգեց պիջակի թևքից, Հենրին դեպի ձախ նայեց, տեսավ մուրացիկ պատանու աղերսալի հայացքը։
— Հացի փող կտաաաա՞ք։
Ձեռքը տարավ գրպանը և գումար տվեց քաղցած տղային...
Քաղաքում լռություն էր տիրում։ Մտավ խանութ։ Վաճառող կանանց դեմքերը քողարկված էին դիմակներով. աղետն ասես դրոշմվել էր նրանց հայացքներում։
«Ուշ թե շուտ բոլորը կհիվանդանան այս սարսափելի ախտով։ Երիտասարդները կհաղթահարեն, իսկ այ տարեցներն անօգնական կմահանան»,— մտածեց Հենրին և տունդարձի ճանապարհին թուլություն զգաց, որոշեց այսուհետ մթերքը պատվիրել։
Հետևելով օրվա լրահոսին՝ պառկեց քնելու, հոգնություն էր զգում ծնկներում։ Լուսադեմին արթնացավ տենդի մեջ, զգաց, որ ջերմում է։ Մոտեցավ խոհանոցի պահարանին, դեղատուփի մեջ ջերմիջեցնող փնտրեց և փորձեց նորից քնել։ Առավոտյան փսխուք ուներ։ Մտածեց՝ մրսածություն է կամ թունավորվել է սնկով ուտեստից։ Դեղ խմեց, փորձեց մի քիչ պառկել հյուրասենյակի բազմոցին, բայց շնչարգելությունն անհանգստացնում էր։ Վարակակիր լինելու կասկածը կրծում էր ներսից, մենակության մեջ մեռնելու երկյուղը առավել իրական էր թվում...
Կեսօրին մոտ ուժերը հավաքեց և զանգահարեց բանկ, հետաքրքրվեց՝ ինչպես կարող է կանխիկացնել իր խնայողությունները։ Բանկերն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ Հենրին դանդաղ քայլերով ուղևորվեց դեպի բանկի մոտակա մասնաճյուղ։ Կեսօրն անց լիքը պայուսակով վերադարձավ, ուժասպառ նստեց բազմոցին։ Ինքնազգացողությունը գնալով վատանում էր։ Անօգնական նայեց կնոջ դիմանկարին, աչքերն արցունքոտվեցին։ «Երանի քեզ, հոգատարությամբ պարուրված հեռացար՝ անտեր թողնելով ինձ»։
Պատին ամրացված ժամացույցի ճոճանակը դանդաղ օրորվելով՝ խուլ, միալար ձայն էր արձակում։ Հենրին դողացող մատներով հավաքում էր շտապ օգնության հեռախոսահամարը։
Բնակարանի բանալին պահ տալով ծեր դռնապանին՝ ճերմակ խալաթով երիտասարդի ուղեկցությամբ Հենրին նստեց շտապ օգնության մեքենան։ Ճանապարհին ափի մեջ ամուր սեղմել էր հնամաշ պայուսակի բռնակները։ Հիվանդանոցն ասես քաոսի էր վերածվել, դիմակավոր մարդկանց անդադար հոսքը գլխապտույտ էր առաջացնում։
Հիվանդասենյակի նեղլիկ պատուհանից արևի մի շող էր ներթափանցել և փորձում էր ջերմացնել մահճակալին պառկած Հենրի Չպուգքյարյանի դողացող մարմինը։ Րոպեներ անց ներս մտավ հերթապահ բժիշկը՝ դիմակավոր բուժքրոջ ուղեկցությամբ, և ասաց.
— Ի՞նչ գանգատներ ունեք, հայրի՛կ ջան։
Հենրին վախից կլորացած աչքերով նայեց նրանց՝ ծանրացած շնչառությամբ հևիհև արտաբերելով.
— Ես լսեցի, որ վարակակիր մարդկանց կյանքի վերջին ժամերին մենակ են թողնում։ Խնդրում եմ, եթե ինձ մոտ վարակը հայտնաբերվի...
Նա վերցրեց կողքին դրված ճամպրուկը և դողացող ձեռքերով մեկնեց բուժքրոջը.
— Ահա՛, բանկ եմ գնացել, հանել իմ խնայողությունները... Խնդրում եմ վերցրեք այս գումարը, միայն թե կողքիս նստեք, չթողնեք, որ ես մենակության մեջ մահանամ...

Նրա աչքերում արտացոլված վախն ավելին էր, քան մարմնի մեջ բույն դրած միաշղթա ժահրը...
 

 

Բուժքույրը

Վիրաբույժի ընդունարանում էի։ Հերթական բուժզննումն անցնելով՝ սպասում էի բժշկի խորհրդատվությանը...
Ներս մտավ բուժքույրը՝ բարալիկ ոտքերով, տխուր աչքերով մի աղջիկ ևհրավիրեց ինձ զննման սենյակ՝ նախապատրաստելով ամեն բան մինչ բժիշկը կմոտենար։ Նա տխուր ժպտում էր, հայացքը չէր կտրում ինձանից, ես էլ ի պատասխան մեղմ ժպտում էի նրան։ Բժիշկը եկավ և դեռ չէր հասցրել ուսումնասիրել ռենտգեն հետազոտության իմ արդյունքները, շտապ կանչեցին վիրահատարան։
Ես ստիպված էի սպասել։ Նրա բացակայության ընթացքում բուժքույրը հարցրեց ինձ.
- Կարո՞ղ եմ ձեզ մի բան ասել։
- Այո, իհարկե - պատասխանեցի ես։
- Երբ ես չորս տարեկան էի, մայրս լքեց ինձ։ Դուք այնքան նման եք նրան, անվերջ նայում եմ ձեզ ու մորս եմ հիշում...
- Իսկ ի՞նչն էր լքելու պատճառը։
- Պարզապես երեխա չէր ուզում։
- Ու մինչ օրս չե՞ք տեսել նրան։
Նա գլխի բացասական շարժում արեց, աչքերն արցունքոտվեցին։
- Իսկ ո՞ւմ հետ եք ապրում։
- Մենակ։ Մինչև տասնվեց տարեկան ապրել եմ հորս ու իր կնոջ հետ։ Նա հորիցս մի աղջիկ ուներ, ում անսահման սիրում էին թե՛ նա, թե՛ հայրս, իսկ ես վախվորած նստում էի սեղանի անկյունում, կռանում և ժամերով նայում մաթեմատիկայի գրքի միևնույն էջին։ Արցունքները սեղմում էի կոկորդումս, որովհետև չէի հասկանում բանաձևերը ու չէի համարձակվում իմ հարցերով ընդհատել ընտանեկան երջանկությամբ լի նրանց երեկոն։ Երբ հայրս տուն էր վերադառնում աշխատանքից, ընթրիքից հետո խորթ մորս աղջիկը նստում էր հորս ծնկներին, իսկ խորթ մայրս հիացմունքով նայում էր նրանց։ Ես ասես գոյություն չունեի... Միշտ սպասում էի, որ ինձ համար տխուր պահերին ուր որ է դուռը կթակեն և ներս կմտնի մայրս, կգրկի ինձ մայրական գորովանքով և կտանի իր հետ։ Ես երազում էի հարազատ, ջերմ մի զգացողություն ունենալ նրա գրկում...
Արցունքների միջից նա ժպտաց ինձ ու ասաց.
-Դուք այնքան նման եք մայրիկիս...
Մտածում էի՝ աղջիկը որքան էլ վշտացած է, որ մայրը լքել էր իրեն, բայց ինձ նայելիս հոգատար ու մեղմ ժպտում է, հավանաբար մինչ օրս սիրում ու կարոտում էր իր մորը։
-Ես մայրական քնքշանք չէմ տեսել, կարելի է ասել՝ ես որբ եմ մեծացել։
Կենսաբանական մայրս ինը ամիս կրել էր ինձ իր կրծքի տակ, սակայն մայրական բնազդն ու սերը այդպես էլ չէին սաղմնավորվել նրա սրտում։ Նա պարզապես հեռացել էր առանց մտածելու իմ ճակատագրի մասին։ Գիտեք՝ հազար անգամ պատկերացրել եմ նրա հետ հանդիպումը, պատկերացրել եմ նրա դիմագծերը, նրա աչքերը, իմ հիշողություններում նա միշտ ժպտում է։ Երազում հաճախ տեսնում եմ մորս, հևասպառ վազում եմ դեպի նա, ցանկանում փարվել, բայց նրա կերպարն անէանում է արևի՝ աչք ծակող շողերի մեջ։ Մի անգամ փորձեցի ասել հորս, որ երազում մորս եմ տեսել, նա անգամ թույլ չտվեց շարունակեմ, կտրուկ ընդհատեց ինձ՝ ասելով.«Դու գոնե հիշո՞ւմ ես մորդ դիմագծերը, որ երազում տեսնես...»։
Ես անչափ վշտացա հորս խոսքերից, քանզի թեպետ մորս ոչ մի լուսանկար չունեմ, բայց իմ հիշողություններում հստակ ուրվագծված է նրա պատկերը՝ շագանակագույն ալիքաձև վարսերը, խոշոր աչքերը,
բարձր ծիծաղը... Գիտեք՝ ես պատկերացրել եմ անգամ նրա հոտը, երբ գլուխս կդնեի նրա փափուկ կրծքին և միգուցե առաջին անգամ անխռով կքնեի...
-Դուք հանգիստ չե՞ք քնում գիշերները,- հարցրեցի ես։
-Ես միշտ սարսափելի երազներ եմ տեսնում, դրանք ողջ կյանքում հետապնդում են ինձ։
Մի փոքր լռելուց հետո աղջիկը հանկարծ հարցրեց ինձ.
-Դուք բալիկներ ունե՞ք։
-Այո, երկու բալիկ ունեմ։
-Այ պատկերացրեք՝ ես երբեք ձեր բալիկների նման անխռով չեմ քնել, քնի մեջ չեմ ժպտացել, որովհետև ինձ երբեք ոչ ոք ձեր նման չի ժպտացել, իմ ծնողները երբեք իմ ճակատը չեն համբուրել, երբ դպրոցում բարձր գնահատական եմ ստացել, ինձ չեն գրկել, երբ անզգուշաբար վայր եմ ընկել ու ծունկս վերք արել։ Ինձ միայն սաստել են, կշտամբել...
Նա հանկարծ սարսռաց, նուրբ մաշկը փշաքաղվեց, ասես մրսում էր։ Պատուհանի դիմաց նստած, անողոք իրականությունից տեղափոխվել էր մի այլ աշխարհ և մտքերով դեգերում էր հեռուներում։ Արևի շողերը լուսավորում էին նրա թուխ դեմքը, ձեռքերն անօգնական դրել էր ազդրերին և մտահոգ նայում էր ափերի մեջ խզբզված գծերին։
-Հասկանո՞ւմ եք, ողջ աշխարհի համար դու խորթ ես, երբ մայր չունես,- հազիվ լսելի ձայնով շշնջաց նա և հայացքը վեր բարձրացրեց բացվող դռան ձայնից։ Բժիշկը վերադարձավ։ Նա շտկեց ճերմակ գլխարկն ու անցավ աշխատանքային պարտականությունները կատարելուն։ Ոչ ոք երբևէ չէր կարող պատկերացնել՝ ինչ է կատարվում բուժքրոջ հանդերձանքով վտիտ աղջկա ներաշխարհում, բայց բավական էր ուշադրությամբ նայել հայացքում բույն դրած անհատակ տխրությանը, կարելի էր հասկանալ, որ առանց մայրական սիրո ողջ աշխարհն է օտար ու սառը դառնում։
Տխրում եմ, շատ եմ տխրում, չեմ կարողանում հասկանալ երեխաներին լքող մայրերին, ում զավակներն անհերքելի սիրով ու կարոտով մինչև կյանքի վերջին վայրկյանը սպասում են նրանց վերադարձին...
Մոր վերադարձին:
 
(Սոնա Քոլոզյանի գրառման մոտիվներով)
 
-------------------------------------------------------------------------

Մեծ մայրս 

Մեծ մայրս  ծնվել է Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի նշանավոր գավառներից մեկում՝ Սալմաստում, որը նաև հայ նշանավոր գրող Րաֆֆու ծննդավայրն է:

Ողջ կյանքում աներևակայելի դժվարությունների դիմագրաված, իր երեխաների կորստի վիշտը սգացած մեծ մորս  մեղմ ու բարի հայացքն արևի շողերի պես ջերմացնում էր մեր տունը:

Ես ինը տարեկան էի, երբ ծանր հիվանդությունից մահացավ իմ գեղեցկուհի մայրը: Հայրս էլ երբեք չամուսնացավ: Մենք հինգ երեխա էինք: Մինչև հիմա չեմ վարանում ասել՝ եթե մեծ մայրս չստանձներ մեր խնամքը, մենք հավանաբար չէինք լինի կամ չէինք լինի այսպիսին:

 

Ես շնորհակալ եմ նրան…

Մեծ մայրս բացառիկ կին էր՝ շքեղ, գեղեցիկ, միաժամանակ այնքան պարզ ու լուսավոր՝ հայ կնոջը հատուկ բարությամբ, մարդասիրությամբ: Աշխարհի լավագույն տատիկն ապրում էր մեր տանը: Նա մեր պահապան հրեշտակն էր: Չկար ավելի տաք, լուսավոր ու ջերմ  անկյուն, քան տատիկիս գիրկը, որտեղ մի արտասովոր հանգստություն էր պարուրում ինձ, որտեղ հազար բարի օրհնանք էր տաք անձրևի նման թափվում իմ ուսերին…

Իմ հիշողության մեջ ես հաճախ փորձում եմ վերակենդանացնել մեծ մորս դիմագծերը՝ աչքերի խորքում ամբարված թախիծը, դեմքի խորախորհուրդ խորշոմները: Այդ խորշոմները իմաստության խորհրդանիշ էին, բայց և անամոք վշտի անխոս վկաներ: Մեծ եղեռնի օրերին՝ գաղթի ճանապարհին, տատս կորցրել էր ամուսնուն և երկու զավակներին. պապս, հորեղբայրս ու հորաքույրս մահացել էին խոլերայից: Լռում էր տատս իր ցավի մասին, ծանր էր նրա լռությունն ու տխուր, հայացքի մեջ դրոշմված անամոք մրմուռ կար…

Տատս հաճախ էր մեզ պատմում իր ծննդավայրի՝ Ուրմիա լճի հյուսիսարևմտյան ափի մոտ գտնվող Սալմաստ գավառի Հաֆտվան գյուղի մասին, թե ինչպես է միջնադարյան Հայաստանի բերդաքաղաք Սալմաստը IX-XI դարերում ենթակա եղել Վասպուրականի Արծրունիներին, ինչպես է այն գրավվել 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի և Առաջին աշխարահմարտի ժամանակ: Նա պատմում էր Սալմաստի հայկական գյուղերի, նաև Փայաջուկի՝ Րաֆֆու ծննդավայրի մասին: Թեև այս գավառից մեծ թվով հայեր գաղթել էին Արևելյան Հայաստան, այնուամենայնիվ տեղի բնակչության զգալի մասը հայեր էին, որոնցից շատերը տոհմիկ այգեգործներ էին և քաղաքը հայտնի էր իր ընտիր խաղողով ու գինով։

Տատս՝ Վարյան, կամ ինչպես հարազատներն էին ասում՝ Դարյան, և իր երկու քույրերը՝ Հոռոմը, և Հայկանուշը, Սալմաստում պտղատու մեծ այգի էին ժառանգություն ստացել: Մենք անհամբեր սպասում էինք ամառային արձակուրդներին, երբ տատս մեզ տանում էր փարթամ բուսականությամբ հարուստ Սալմաստ: Մենք Սալմաստում մնում էինք երկու ամիս, այնուհետ մեզ էր միանում հայրս և ուսումնական տարվան ընդառաջ Սալմաստի անմահական համ ու հոտ ունեցող միրգ բանջարեղենով լի ծանր կողովներով վերադառնում էինք Թավրիզ:

Սալմաստեցի տատս յուրահատուկ աշխուժության տեր կին էր, նա ողջ օրը դադրում չուներ: Առավոտից մինչև երեկո շարժման մեջ էր: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում աշխարհի ամենահամեղ կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, կարում, կարկատում մեր հագուստը, կերակրում մեզ, դպրոց ճանապարհում: Նրա ամենատես աչքերը ամեն բանի կնայեին և ամեն բան կտեսնեին: Տատս շատ աշխատասեր կին էր: Ես հիշում եմ, թե ինչպես էր ողջ օրը  տան մաքրությամբ, եփել թափելով զբաղվում: Հարազատների, հարևանների շրջանում մեծ համբավ ունեին մեծ մորս պատրաստած կարմիր գինին ու հորած պանիրը: Մինչև հիմա հիշում եմ այդ պանրի ինքնատիպ համը: Ձմռան երկար գիշերներին, երբ բոցկլտում էր կրակը մեր  մեծ վառարանում, տատս կարտոֆիլը շարում էր ջեռոցում, մենք հավաքվում էինք վառարանի շուրջ և անհամբեր սպասում խորոված կարտոֆիլը ճաշակելուն տատիս պատրաստած հորած պանրով և թխած անուշաբույր հացով:

Երբ կրակն  ածխանում էր, տատս ձեռքն էր առնում բրդե գործվածքն ու շյուղերը և ձմռան երկար գիշերների գունեղ հեքիաթն էր ասես գործում՝ քթի տակ մրմնջալով հին  հայկական տխուր մի մեղեդի… Նա մեզ համար բրդե սվիտերներ, տաք գուլպաներ էր գործում… Մենք երբեք չէինք տեսնում, թե երբ էր քնում տատս, մենք քնում էինք, երբ նա դեռ տնային գործերով էր զբաղված և արթնանում էինք նրա պատրաստած նախաճաշի անուշ հոտից…

Նա խնամեց, մեծացրեց մեզ և իր կյանքի 85-րդ գարունքը չբոլորած՝ հրաժեշտ տվեց այս աշխարհին:

Տատիս մահն ամպրոպ էր մեզ համար, մենք այնքան անպաշտպան էինք նրա  կորստով, որքան ծառից պոկված տերևները, որոնք պտտվելով իջնում են գետնին՝ չունենալով կառչելու տեղ:

Սկսվեցին մեր կյանքում նոր օրեր առանց մեծ մորս խնամող ձեռքերի, բարի, լուսավոր աչքերի…

Երբեմն մայրամուտին, երբ արևի շողերը հրակարմիրով են ծածկում երկնակամարը, ես մտքի թռիչքով շատ տարիներ առաջ եմ սլանում, ասես տեսնում եմ հայրենի տունն իմ տերևախիտ, մրգատու ծառերով շրջապատված այգով, կարմրին տվող նռնենիներով, բերքից կքած ծիրանենիներով: Կարծես երեկ լիներ, ես տեսնում եմ մեծ մորս. խորշոմներից կծկված նրա դեմքին նույն բարությունն է, ինչպես առաջ, և նրա կարեկցանքով լի աչքերը նայում են ինձ վաղեմի սիրով: Ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա իմաստալից խրատները…

 

«Մելգոնեանը» ահազանգ է հնչեցնում

Մայրենի լեզվի կաճառի դռները շարունակում են մնալ փակ

 
«Մելգոնեան» կրթական հաստատությունը չի գործում արդեն մեկ տասնամյակ և ավելի…
 
ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումները համայն հայության կողմից շարունակվում են ողջ աշխարհում՝ կարևորելով մեր ազգային ժառանգության մեծագույն գանձի՝ հայոց լեզվի, հայի ինքնության ու ազգային միաբանության առաջնային գրավականի և հայապահպանության հիմնասյան, ուծացման վտանգի դեմ զորեղ վահանի դերը սփյուռքում: Մինչդեռ մայրենի լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած պատմական «Մելգոնեան» կրթական հաստատության դռները արդեն մեկ տասնամյակ և ավելի շարունակում են մնալ փակ:
 
Հայազգի բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրների նվիրատվությամբ 1926 թվականին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հիմնված ՙՄելգոնյան՚ կրթական հաստատությունը շուրջ ութ տասնամյակ կրթություն և խնամք է տվել ինչպես Հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայ մանուկներին, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին՝ պատրաստելով նրանց միջազգային հեղինակավոր բուհերի ընդունելության քննություններին, ապա և հայապահպան առաքելության:
 
Սակայն 2004 թ. ՀԲԸՄ կենտրոնական վարչության Մելգոնեան եղբայրների կտակակատար մարմնի որոշմամբ ծախսատարության և կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ կրթահամալիրը դադարեցրեց իր առաքելությունը՝ ընդվզումի մեծ ալիք բարձրացնելով հայության շրջանում:
 
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, փակելով վարժարանը, Կիպրոսի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը զրկեց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Միջազգային համաժողովների ընթացքում, որոնց հրավիրվում են գիտնականներ, հայ ձեռնարկատերեր ու մտավորականներ աշխարհի տարբեր ծայրերից, Կիպրոսի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվում են քննարկումներ ՄԿՀ-ի փակման խնդրի վերաբերյալ, նախկին սաներն ու ուսուցիչները մեղադրանքներ են հնչեցնում ՀԲԸՄ-ի հասցեին, մինչդեռ կրթահամալիրի զբաղեցրած 125 հազ. քմ տարածքում դեռևս ամուր ցանցապատված ամայի ու լքված շենքեր են. եռահարկ ուսումնական մասնաշենքեր, հանրակացարան, մարզահամալիր, մարզադաշտեր, բնակելի շենք, և հայ մեծերի գետնադիր քանդակները, Մելգոնյան եղբայրների դամբանը (Մեծ բարերարների աճյունները հողին են հանձնվել կրթահամալիրի բակում՝ նույն դամբանում):
 
Հայապահպանության, հայ ինքնության ու ազգային միաբանության, հայոց լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած «Մելգոնեան» կրթահամալիրի երախտապարտ սաները, ովքեր ապրում են «Մելգոնեան»-ի տված ազգային դաստիարակության շնչով, կրթօջախի հիմնադրման 90-ամյակի առթիվ նախաձեռնել էին ֆիլմի նկարահանման աշխատանքներ՝ նպատակ ունենալով ներկայացնել կրթօջախի պատմությունը՝ այսպիսով գուցեև նպաստելով համալիրի փակված դռները վերաբացելուն:
 
Լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմը 2016 թ., իննսունամյակի տոնակատարությունների շրջանակներում, ցուցադրվեց Բեյրութում և Նիկոսիայում, Վենետիկում, Մոնրեալում, Տորոնտոյում, Բոստոնում: 2017 թ. այն ցուցադրվեց նաև «Նարեկացի» արվեստի միության Երևանի և Շուշիի կենտրոններում:
 
Ֆիլմը նկարահանված է «Մելգոնեան» կրթական հաստատության տարածքում՝ փորձելով կրթօջախի տխուր ներկայի համապատկերում ոգեկոչել փառավոր անցյալը, ներկայացնել անհերքելի փաստերն այն մասին, որ այս լույսի տաճարը լույս է սփռել 78 տարի շարունակ, հազարավոր սաներ մկրտվել են «Մելգոնեան»-ի սուրբ ավազանում և ՙՄելգոնեան՚-ից առած լույսը սփռել ողջ սփյուռքում, փոխանցել սերնդեսերունդ: Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է կրթօջախի պատմությունը:
 
«Մելգոնեան» կրթական հաստատության հիմնադիրներ Գրիգոր և Կարապետ Մելգոնեան եղբայրները, իրենց ծննդավայր Կեսարիայի Գյումուշյան վարժարանում նախնական կրթություն ստանալով, սկսել են զբաղվել առևտրով: 1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռումինիա և Ֆոքշանում վաճառականություն արել: Կարճ ժամանակ անց տեղափոխվել են Եգիպտոս, որտեղ հիմնել են ծխախոտի «Գ. և Կ. Մելգոնեան» ֆիրման և առաջին գործարանը: 1914 թ. այստեղ ամսական արտադրվում էր 10 միլիոն գլանակ:
 
Ավագ եղբոր մահից հետո Կարապետն ամբողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը, ինչի համար արժանանում է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը: 1921թ. Կարապետ Մելգոնեանն իր հարստությունն ավելացնում է եղբոր կտակին ու դրա իրագործումը հանձնում Պոլսի պատրիարքությանը: 1925թ. Ալեքսանդրիայում Կարապետ աղան կազմում է մի նոր ակտ և ամբողջ նվիրատվությունը՝ մոտ հինգ միլիոն դոլար, փոխանցում հայ ժողովրդի բացարձակ հեղինակությունը վայելող Պողոս Նուբար փաշայի ղեկավարած ՀԲԸՄ-ին: Այդ կտակով պետք է հիմնվեին դպրոցներ, կատարվեին հրատարակություններ և օժանդակություն տրամադրվեր եկեղեցուն ու տարբեր կառույցներին:
 
Բարերար հիմնադիր Կարապետ Մելգոնեանի փափագն էր, որ իր հիմնած կրթական հաստատությունները հարատևեն դարեդար, լինեն լուսավորության վառարաններ և հայ ազգին տան օգտակար և պարկեշտ նկարագրով անդամներ:
 
Առաջին իրավարար Պոլսո պատրիարքարանը 1923 թ. Նիկոսիայի մերձակայքում գնում է 187 հազ. քմ հողատարածք, և ճարտարապետ Կարո Պալյանի նախագծով սկսվում է կրթահամալիրի շինարարությունը: Կառուցվում են 15 շենքեր, խաղադաշտեր. վարժարանը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից՝ դպրոցական շենքեր, աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված կացարաններ, ճաշարան, արհեստանոցներ, տպարան, գրադարան և այլն:
 
«Մելգոնեան» կրթական հաստատությունը պաշտոնապես բացվում է 1926 թ.: Կրթահամալիրի առաջին «բնակիչների»՝ Եղեռնից մազապուրծ հայ որբերի ձեռքերով տնկված նոճիների պուրակը՝ իբրև Խաչ Ցեղասպանության զոհերի, մինչ այժմ պահպանվում է կրթահամալիրի տարածքում: Այստեղ Ցեղասպանությունից հետո հնչեցին հայ երգն ու մայրենի լեզուն: Բարերար Մելգոնեանը գրել է. «Իմ դպրոցը պետք է մեր վրեժը լուծի: Այս որբերը պետք է իրենց հայրական տունը նորեն շենացնեն, նրանցից պետք է պատրաստենք մեր ազգի նոր մեծերին»: Հատկանշական է դպրոցի բազմաբնույթ գործունեությունը՝ պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, սկաուտական ակումբ, փողերախումբ և այլն:
 
1987-89 թթ. կրթահամալիրը ենթարկվում է հիմնանորոգման, ընդլայնվում է Եվրոպայից ժամանող սաների թիվը: Ուսումնական ծրագրերն էին հումանիտար, գիտական ու տնտեսական, հայերենից ու անգլերենից բացի դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն:
 
ՙՄելգոնեան՚ կրթական հաստատության հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են մշակույթի, կրթության, գիտության, լեզվի ու ազգային ինքնության պահպանման ոլորտներում: Հիշատակենք նկարիչ Հակոբ Հակոբյանին, արձակագիր և թարգմանիչ Կարպիս Սուրենյանին, երաժիշտ Նիկողոս Թահմիզյանին, գրողներ Մուշեղ Իշխանին, Վահէ Վահեանին, Զարեհ Մելքոնեանին և այլոց: Այն միակ գիշերօթիկ, ամենօրյա դպրոցն էր Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Նաև միակ միջազգային դպրոցն էր, որտեղ տարեկան ուսանում էին երկու տասնյակից ավելի երկրներից ժամանած շուրջ 300 հայ երեխաներ:
 
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը ևս «Մելգոնեան» հաստատության սաներից է: Նարեկը 13 տարեկան էր, երբ Բեյրույթում սկսվում է պատերազմը, Հարությունյանների ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, և Նարեկը հաճախում է պատմական «Մելգոնեան» կրթական հաստատություն:
 
Վարժարանում ապրած օրերը ուսանելի հուշ դարձրած Նարեկ Հարությունյանի համար ողջ կյանքում մնացել են թանկ ու անմոռաց:
 
-Վարժարանում ուսանում և ապրում էին աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հայ երեխաներ: Մեծ բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրները, հիմնադրելով այս վարժարանը, նպատակ ունեին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբ, կարիքավոր հայ երեխաներին ապաստան տրամադրելու, օգնելու հաղթահարելու դժվարությունները և մտնելու կյանքի նոր փուլ:
 
«Մելգոնեան»-ը Կիպրոսի կղզում փոքրիկ Հայաստան էր: Հային հայ պահելու գործում անգնահատելի է վարժարանի հսկայական ավանդը:
 
«Մելգոնյան»-ը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց է եղել շատ հայորդիների համար:
 
Մինչդեռ, ցավալիորեն, ՀԲԸ միության կենտրոնական վարչության որոշմամբ փակվել է այն՝ առանց վերաբացվելու հեռանկարի:
 
Ուծացումն ահագնացող երևույթ է հայ ազգի համար, ուստի մայրենի լեզվի կիրառումը, ուսուցումն ու փոխանցումը պետք է դառնա առաջնային նպատակ, քանզի համընդհանուր ձուլման վտանգը սպառնում է մեր ինքնությանը, պատմությանն ու արժեքներին:
 
ՀԲԸՄ-ն դարեր շարունակ լավագույն համազգային կառույցն է եղել, ունեցել է պատվավոր նախագահներ ի դեմս Պողոս Նուբարի և Ալեք Մանուկյանի, ովքեր վիթխարի պատասխանատվությամբ ջանացել են պահպանել հայի տեսակը սփյուռքում: Մինչդեռ «Մելգոնեան»  կրթահամալիրը փակելով և չընդառաջելով վերաբացման հորդորներին՝ ավելի քան 300 հայորդի ամեն տարի զրկվում է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Հատկանշական է, որ 1974թ. ներխուժելով Կիպրոս՝ թուրքական ռազմուժը ռմբակոծել է նաև Մելգոնեան կրթական հաստատությունը, որը տասնամյակներ շարունակ հայ է կրթել:
 
Ի դեպ, Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել ընդդեմ ՄԿՀ-ի փակման, Ներքին գործերի նախարարության քաղաքաշինության բաժինը կրթահամալիրի երկու պատմական շենքերը հայտարարել է «Պատմաճարտարապետական, ազգային ժառանգություն», հարակից պուրակը՝ «Կանաչ գոտի», իսկ 2007 թ. ընդունված հրամանով արգելվում է Մելգոնեան կալվածքի որևէ ձևափոխում:
 
Ողջունելի է, որ օտար պետությունն իր տարածքում գտնվող հայկական կրթօջախը պահելու հարցում նմանօրինակ նախանձախնդրություն է ցուցաբերում: Կիպրոսը, իբրև Եվրոմիության անդամ երկիր, ունի ազգային փոքրամասնությունների լեզվապահպանությանն աջակցելու պարտավորություն:
 
Ողջունելի կլիներ նաև գրեթե մեկդարյա պատմություն ունեցող «Մելգոնեան» կրթահամալիրի հայազգի երախտավորների կողմից վերափոխումը արդի չափանիշներին համապատասխանող ժամանակակից կրթօջախի՝ պահպանելով «Մեգոնյան» անվանումը և կիրառելով հայի տեսակն ուծացումից փրկելու միակ բուժարար խեժը՝ արևմտահայերենի, հայագիտական առարկաների դասավանդումը, սփյուռքում հայեցի կրթության ապահովումը:
 
Անդին 02.2018
 
Արշալույս Մարդիգանյանը արժանի է կոչվելու հայ հերոսուհի
 

«Նարեկացի»  արվեստի միությունում հուզումնառատ երեկո էր. սփյուռքահայ գրող, թարգմանիչ, բարերար Սօսի Գևոնյանը ներկայացրեց իր «Մինչ հոգիներու աճուրդը» պատկերազարդ հուշագրություն գիրքը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը բացահայտեց Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին:

-Ասում են՝  «Ցեղասպանությունից փրկված»… Ես համամիտ չեմ այդ արտահայտության հետ, քանի որ խոսքը ֆիզիկական փրկության մասին է լոկ… Իսկ այն հոգեկան տրավման, որին ենթարկվել են Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, պիտի ընդմիշտ դրոշմված մնա նրանց հոգում,- ասում է Սօսի Տ. Գևոնյանը:

Ինքը լինելով Ցեղասպանությունից փրկված նախնիների հետնորդը՝  շատ անգամ է գաղթականության ցուպը ձեռքն առել ու երկրե երկիր գաղթել: Ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, հետագայում ընտանիքով գաղթել Լիբանանի Բեյրութ քաղաք, որտեղ էլ շարունակել է ուսումը՝  ստանալով ֆրանսերենի ուսուցչի դիպլոմ, և դասավանդել է ֆրանսերեն լիբանանյան դպրոցում: Երբ Բեյրութում սկսվում է պատերազմը, Գևոնյանների ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա, այնուհետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծնվում է նրանց երրորդ դուստրը: Սօսի Գևոնյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, հրատարակիչ, իրականացնում է բարեգործական ծրագրեր, օգնում մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Շուրջ երեսուն տարի բնակվելով ԱՄՆ ում՝  տիկին Սօսին մի օր պատահաբար տեղեկանում է, որ հարևանությամբ գործող Կալիֆոռնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում կյանքի վերջին տարիներն ապրել և, բոլորի կողմից մոռացված, 93 տարեկանում մահացել է Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը:

Ո՞վ էր նա: 1915 թվականին Արշալույս Մարդիգանյանը 14 տարեկան էր: Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր: Ուներ չորս եղբայր և երեք քույր: Հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը: Իսկ ջութակի դասերի հաճախելու նրա երազանքը մնաց անկատար:

Նա ականատեսը դարձավ դարասկզբին հայ ազգի հանդեպ իրագործված անմարդկային բարբարոսությունների: Նրա ընտանիքը գազանաբար սպանվում է իր աչքի առաջ:

Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվում են գաղթի ճանապարհին: 14-ամյա Արշալույսը դժվար տարագրության ճանապարհին խոշտանգվում ու պատվազրկվում է թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում: Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում նա վաճառվում է 85 ցենտով, երկու անգամ ձերբակալվում է, փախուստի դիմում: Կրելով բազմաթիվ զրկանքներ՝  նա այնուամենայնիվ հավատափոխ չի լինում: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում, սնվելով բույսերով և արմատներով՝  հյուծված, բոբիկ ու կիսամերկ նա հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ ի վերջո Արշալույսին իրենց հոգածության տակ են վերցնում ամերիկյան միսիոներները:

1917 թվականի գարնանը ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Արշալույսը կարողանում է հատել ռուս-թուրքական ճակատային գիծը, նրան տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում, որտեղից զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ ուղևորվում է դեպի Սանկտ Պետերբուրգ, ապա՝  ԱՄՆ, Նյու Յորք:

«Օրօրա Մարտիկանյանը, ով մազապուրծ հասավ Ամերիկա, պատմեց Ցեղասպանության եղելությունը՝  արթնացնելով Ամերիկայի ժողովուրդի խիղճը: Խնամակալներին հայերեն պատմում է իր հետ կատարվածի մասին, նրանք գրի են առնում անգլերեն, և Ավրորայի իրական պատմության հիման վրա 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան»  («Ravished Armenia ») գիրքը, որը միանգամից վաճառվում է մեծ քանակով: Հայ ժողովրդի ողբերգության մասին պատմող այս գիրքն առաջացնում է Նյու Յորքի հասարակության բարձր խավի կարեկցանքը: «Համախմբվելով՝  Նյու Յորքի նշանավոր անձինք միություն են կազմում և կոչում «Հայ և սիրիացիների նպաստամատույց կոմիտե»: Մարդիկ, որ հայերի մասին չէին լսել, գրադարաններում, թանգարաններում ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշեցին ֆիլմ նկարել, որպեսզի գումար հավաքեն հայ ժողովրդին օգնելու համար»,- պատմում է Սոսի Գևոնյանը: 1919 թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝  Ավրորայի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմը: Այն ցուցադրվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցավոք, այսօր պահպանվել է ֆիլմի մեկ տասներորդ մասը, մնացածն անհետացել է: Սոսի Գևոնյանի հավաստմամբ՝  այս ֆիլմը միջազգային հանրության վրա թողեց անջնջելի հետք: Ավրորային վիճակված էր այդ ֆիլմում մարմնավորելու իր իսկ կերպարը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ավրորան մեծապես աջակցում է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: «Եվ ցեղասպանության ականատեսի՝  Արշալույս Մարդիգանյանի հուշերի հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմի ցուցադրությունից ստացվեց 117 միլիոն դոլար, որի մի մասն օգտագործվեց 114 հազար հայ երեխաների փրկության համար՝  յուրաքանչյուրի համար վճարելով մեկ դոլար և ազատելով թուրքի ստրկությունից»,-պատմեց Սօսի Գևոնյանը:

Նա իր կյանքի առաքելություններից մեկն է համարում Ավրորայի կերպարը աշխարհասփյուռ հայությանը ներկայացնելը: Դեռևս 2006 թ. նախաձեռնում է  «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի ստեղծման աշխատանքները: Այն պատկերապատում ժանրով է գրված, հրատարակվել է հայերեն ու անգլերեն և ներկայացվել է Ժնևում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Կարիբյան կղզիներում, Հայաստանի մի շարք մարզերում և Երևանի բազմաթիվ գիտակրթական հաստատություններում: «Գրքում մի շարք դրվագներ, որ իրականում եղել են, ներկայացված են ողջ դաժանությամբ: Սա մեր պատմության իրական արտապատկերումն է: Այն ճշմարտությունը, որով անցել ենք մենք: Ավրորա Մարդիգանյանի պատմությունը պետք էր մոռացումից փրկել, որովհետեւ այս աղջիկը ողջ Ամերիկայի զարմանքն էր առաջացրել: Ազգերն ու ողջ ժողովուրդը Հայոց ցեղասպանությանը ծանոթացել են առաջինը հենց այս աղջկա պատմության միջոցով»- ասում է Սոսի Գևոնյանը:

Տիկին Սօսիին, սակայն, բախտ չվիճակվեց կենդանության օրոք հանդիպել Ավրորա Մարդիգանյանի հետ:

«Ես ցավում եմ, որ այդպես էլ չհաջողվեց հանդիպել այս մեծ հայուհուն, ով իր կատարած գործերով հիրավի արժանի է կոչվելու հայ հերոսուհի: Մինչդեռ նա, կյանքի վերջին տարիներն ապրելով ծերերի խնամքի կենտրոնում, մահացել է կատարյալ անուշադրության մատնված:

Ցեղասպանության սարսափները վերապրելով, թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում պատվազրկվելով՝  Ավրորա Մարդիգանյանը երկար տարիներ չէր կարողանում ամուսնանալ, նա վախենում էր, որ ինչ-որ մեկը հպվի իրեն: 29 տարեկանում ամուսնանում է, ունենում մեկ որդի: Որդին, սակայն, մորը հանձնում է ծերանոց, այլազգի հարսն արգելում է թոռանն այցելել տատիկին: Ավրորան հիվանդանում է ու մահանում անտերության մեջ: Որդին անգամ չի գալիս մոր դին տանելու: Ավրորայի մարմինը վառում են ու մոխիրը պահում: Երեք տարի ոչ ոք չի հայտնվում մոխիրը տանելու, և տասնյակ անտեր մոխիրների հետ միասին մեծ հայուհու մոխիրը ևս թաղում են մեկ ընդհանուր փոսում»,- ցավով պատմում է Սօսի Գևոնյանը: «Այս ճակատագրի կրողը շատ հեռու Ամերիկայում է թաղված, բայց ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս այնտեղ պետք է հիշել այսպիսի ճակատագրեր կրողներին ու ծաղիկ դնել նաև նրանց հոգու հանգստության համար»:

Ավրորա Մարդիգանյանի բարեհոգությունը՝  հարյուրավոր հայ որբերի փրկության ու խնամքի, հիրավի արժանի է գնահատանքի՝  «100 lives»  նախաձեռնության մաս կազմող մրցանակի Ավրորա անվանակոչմամբ:

2016 թվականից սկսած՝  Հայաստանում շնորհվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը՝  խրախուսելու և աջակցելու այն բացառիկ անհատներին, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝  հնարավորություն են տալիս գոյատևել ուրիշներին:

Արշալույս Մարդիգանյանը (1901-1994 թթ. ), ով իր կյանքն ապրել է՝  հաղթահարելով ողբերգական հիշողությունները և ուժ գտնելով իր մեջ հարյուրավոր հայ որբերին օգնելու համար, արժանի է կոչվելու հայ հերոսուհի:

Անդին 9.2017

---------------

Նարեկը

 
Ինքնաթիռի պատուհանի մոտ նստած թխամորթ երիտասարդի աչքերը
խունացած էին։ Մյուս ուղևորները երկարատև թռիչքի ընթացքում քնել էին, իսկ Նարեկն անքթիթ դեպի երկինք էր նայում։ Հեռվում թողնելով շուրջ երկու տասնամյակ ապրած իր կյանքի մանր մունր չարաճճի հիշողությունները, մեծ ու փառավոր ակնթարթները, սիրո տխուր պատմությունը, Նարեկը մեկնում էր միացյալ նահանգներ մորեղբոր մոտ լավ աշխատանք ու բարեկեցիկ կյանք ունենալու երազանքով։ Թռիչքի անվերջանալի թվացող ժամերը նրա համար մտորելու, ամեն բան ծանրութեթև անելու հնարավորություն էին։ Վերջին օրերին մարդկանց հոսքը չէր դադարում իրենց տանը, բոլորը գալիս էին հրաժեշտ տալու, բոլորի հայացքում տխրություն կար։ Նարեկը նայում էր հյուրերին ու իրեն բնորոշ հմայիչ ժպիտով, տխրության դրդապատճառները խնամքով թաքցնելով՝ ասում.
-Ամեն ինչ լավ կլինի, ոչ մի արցունք։ Ժպիտով հրաժեշտ տվեք ինձ,
հաջորդ տարի գալու եմ...
Ասում էր ու ինքն իր ասածին չէր հավատում։ Գիտեր, որ էլ չի գա, ոչ մյուս տարի, ոչ էլ դրան հաջորդող տարիներին։ Հայրենիքում որքան փառքի ու ճանաչման արժանացավ, նույնքան էլ արդիական խնդիրների բախվեց։ Տեսավ սոսկալին, հանդիպեց մահվան հետ դեմ հանդիման և գերբնական բնազդով սեղմեց ձգանը։ Սեղմեց ու հաջորդ պահին սարսափեց. «Բա որ մեր ուղղաթիռը խփած լինեմ»։ Օդում սոսկալի շաչյուն լսվեց, ռազմական հարվածային ուղղաթիռը հռնդյունով ընկավ դաշտում։ Պայթյունի ուժգին ալիքից Նարեկն ու ծառայակից ընկերը շպրտվեցին մի քանի մետր հեռու... Աչքերը բացեց դիրքի ավագի ձայնից.«Նարեկ, Նարեկ, ո՞ղջ ես»։ Աչքերը բացեց ու կապույտ երկնքի խաղաղ լազուրին նայելով՝ չուզեց հավատալ, որ այն ամենը ինչ կատարվեց, երազ չէր, իրականություն էր, որի արարողն ինքն էր։ Հազիվ լսելի ձայնով Արմանին հարցրեց. «Արման, ինձ կդատե՞ն։ Մե՞ր ուղղաթիռն եմ խփել»։
Լսվեց դիրքապահ դասակի տղաների գոռոցը։  «Փախչում են, տղերք, կրակեք»։
Արայիկը նշան բռնեց հակառակորդի ուղղությամբ ու կրակեց։ Մայորն ընկավ գետնին։ Նարեկը սթափվեց կրակոցի ձայնից և հասցրեց վերցնել կողքին ընկած նռնականետը և մնացած երկրորդ փամփուշտով նշան բռնել դեպի իրենց ուղղությամբ կրակող թշնամուն։ Հակառակորդը խոցվեց։ Դիրքի տղաները վազեցին դեպի ածխացած ուղղաթիռը։ Ուղղաթիռում գտան մոխրացած դիակ, մետաղական չհրկիզվող տուփի մեջ խնամքով թաքցրած քարտեզների մի մեծ փաթեթ։
«Դուք գիտե՞ք, զինվո՛ր, որ փրկել եք մի ողջ ճակատ, մի քանի դիրքերի տասնյակ զինվորների կյանքեր ու մեր դիրքերը, գրողը տանի։ Ըստ ուղղաթիռում եղած քարտեզների վրա կատարված գծանշումների, հակառակորդը պատրաստվում էր ևս երկու ուղղաթիռով գրոհել, այնուհետ տանկերով գրավել մեր դիրքերը»,- զինվորական խստագույն տոնով ասաց պատերազմի փառավոր ուղի անցած գեներալը։ Նարեկը շիկնեց և շփոթված նայեց ներկաների դեմքերին։ «Այո, Նարեկ, դուք այս պատերազմի ընթացքը մի ճակատում կարողացանք մեր օգտին փոխել։ Հակառակորդը թերևս նախապես իրականացրած գաղտնի հետախուզության միջոցով համոզվել էր, որ այդ դիրքերում հակաօդային պաշտպանության կայաններ չունենք տեղադրած, բայց ձեր հարվածից հետո սարսափել էր հաջորդ ուղղաթիռներն ուղարկել։ Կեցցես, զինվո՛ր։ Լավ, ինչպե՞ս է մտքովդ անցել տանկ խոցելու համար նախատեսված նռնականետով ուղղաթիռ խոցել»,- կատակեց գեներալն ու հայրաբար թփթփացրեց ամրակազմ զինվորի ուսին։
Պատկառազդու գեներալի խոսքերը դեռ հնչում էին Նարեկի ականջներում, կարծես երեկ լիներ։ Տարիներ են անցել, բայց ամեն անգամ խոնավ եղանակը զգացնել է տալիս ոտնաթաթին ստացած բեկորային վիրավորման ցավը, և նա վերստին վերապրում է ճակատագրական այդ օրը, ակնթարթը, որը փոխեց իր ողջ կյանքը։ Աշխույժ տղան դպրոցում վատ էր սովորում և ամեն անգամ ուսուցչուհի մայրը շիկնում էր, երբ դասղեկը պատմում էր որդու հերթական չարաճճիության մասին։
-Դե բավական է էլի Նարեկ, նստիր դասերդ սովորիր, որտեղի՞ց ես գալիս։
-Ռազմագիտության դասին տարել էին կրակելու, մամ։
-Քանի՞ ժամ ես կրակում Նարեկ, դասի ժամը վաղուց է ավարտվել...
-Մամ, դե ինձ համար նախատեսված փամփուշտները ընդամենը երկուսն էին, ես էլ ուզում էի էլի փորձել ու միացա բարձր դասարանցիներին, որ նրանց հետ էլ կրակեմ...
Մայրը խորը հոգոց էր հանում, մոտենում համբուրում արևից սևացած որդու ճակատը ու գիրկն առնում անհնազանդ պատանուն։
-Նրա դեմն առնել չի լինի, շուտով բանակ գնալու տարիքն է, բա որ առաջնագիծ տանեն,-երեկոյան մայրը մտահոգ ասում էր ամուսնուն,- զգուշությունը չգիտի ինչ բան է, մինչև ծառայի գա, կես մարդ կդառնանք...
Գարնանային զորակոչի օրը չուշացավ։ Նարեկն առաջին անգամ էր լսում այն տեղանունը, որը գրված էր վիճակահանությամբ իրեն բաժին հասած թղթի վրա։
-էդ որտե՞ղ է,- հարցրեց կողքին կանգնած նորակոչիկին։
- Երեք երկրների սահմանին, նորակոչի՛կ,- պատասխանեց հեռվում կանգնած մայորը։ Նարեկը հետաքրքրությամբ սպասում էր դիրքեր գնալու օրերին։
-Նռնականետ եմ կրակելու,-ամիսներ անց հեռազանգելով՝ ուրախ տրամադրությամբ ասաց հորը,-դա ընտրեցի, մի քիչ ծանր զենք է, բայց տանկ խփել կսովորեմ։
-Զգույշ կլինես տղա ջան,-հուզմունքից արտասվելով ասաց մայրը։
Սահմանային դիրքերը հրաշալի բնապատկեր ունեին, Արաքսի ափով մեկ ձգվող կանաչ դաշտերը Նարեկը շատ սիրեց։ Ծառայակից տղաների հետ արագ ընկերացավ և հակառակորդի դիտակետից բխող վտանգը չհաշված, դիրքապահի օրերն անցնում էին ուրախ, հումորով լի պատմություններով։ Նարեկը հաճախ էր նայում ցասումով շառաչող գետին և մտածում.« Ինչո՞ւ է Արաքսը միշտ պղտոր»։ Արայիկը, որ դպրոցում ավելի լավ էր սովորել, պատասխանում էր. «Քանի որ յուր զավակները անվերջ կմնան պանդուխտ, Արաքսը չի հանդարտվի, մռնչալու է, սևափրփուր ջրերով փախչի իր ափերից...»։
Ծառայության քսան ամիսների ընթացքում հակառակորդի որևէ հարձակում կամ դիվերսիոն ներթափանցման փորձ չեղավ։ Վերջին ամիսներին աննախադեպ լռություն էր, կրակոցները հազվադեպ էին դարձել։ Մոտենում էր Նարեկի ծննդյան օրը, որոշեցին դիրքեր բարձրանալուն պես սեղան գցել և ծառայակիցների հետ վերջին տարեդարձը նշել, երկու ամսից զորացրվում էին...
-Նարե՛կ, տորթ ունես, արի վերցրու,- ձայնեց պահակակետի հերթապահը։
-Մամ ջան, խի՞ ես նեղություն քաշել ախր,- ասաց մորը հեռազանգելով։
-Ի՞նչ նեղություն, Նարեկ ջան, բա ծնունդդ է, մի տորթ չուղարկե՞ի։
-Հենց ծննդյանս օրը բարձրանում ենք դիրքեր, մամ, տղերքի հետ կուտենք, ծնունդս կնշենք, ապրես մամ ջան։ Դեռ չէին ավարտել ծննդյան օրվա շնորհավորանքները, կապ տվեցին.
-Շնորհավոր տարեդարձդ, զինվո՛ր, քեզ բարի վերադարձ հայրենի օջախ:
-Համեցեք պարոն հրամանատար, անգամ տորթ ունենք դիրքերում՝ ծննդյան օրվա իսկական տորթ, մայրս է թխել:
-Դրա ժամանակը չի, անուշ արեք, դիրքի ավագ, ուշադիր ինձ լսեք... Զգոն եղեք, հակառակորդի տանկեր են նկատվել մոտակայքում, հնարավոր է դեպի ձեր դիրք գան: Նարեկը սթափվեց, զգաց՝ ինչպես արյունը տաք շիթով հոսեց երակներում։ Առաջին անգամ պետք է իրեն կցագրված զենքով կրակեր։ Նա նռնականետը հավաքեց և պատրաստ պահեց: ժամերն անցան, տանկեր չհայտնվեցին։ Նարեկը հերթափոխը հանձնեց և իջավ գետնատնակ հանգստանալու։ Դեռ չէր հասցրել պառկել, երբ ինչ որ հուժկու ձայն լսեց, զենքը վերցրեց և դուրս թռավ գետնափոր տնակից։ Չհասցրեց կոշիկ հագնել, էլ ուր մնաց զրահաբաճկոն։ Տանկ չտեսավ, գլխավերևում հարվածային ուղղաթիռն էր և հարևան դիրքի վրա նետած արկի պայթյունից երկինք բարձրացող ծուխը։ Նարեկը նայեց օդային մետաղե հսկային դեպի իրենց դիրք շարժվելիս և բնազդով զենքն ուղղեց դեպի վերև... Ձգանը քաշեց, մեծ ճնշումը թափահարեց նրան, ապա լսվեց հուժկու պայթյուն։ Ուղղաթիռը պտույտ գործեց օդում ու վայր ընկավ...
«Զինվոր, դուք կողմնորոշվել եք արագ, գործել եք անվարան, կրակել անվրեպ»,- լսեց հրամանատարի ձայնը։
«Այո՛, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել, եթե գեթ մեկ ակնթարթ երկմտեիք, հապաղեիք կամ վախենայիք, մենք կկորցնեինք այս ուղղության դիրքերը ևս»:
«Բա չեք խոսում զենքի մասին, պարոն գնդապետ… Զենքն էլ ոչ այլ ինչ էր, քան հակատանկային նռնականետ՝ նախատեսված տանկերի համար:
Դրանով ուղղաթիռ խոցե՞լ… Դա չլսված բան էր»,- սպայակազմը շարունակում էր քննարկումները, իսկ Նարեկին տեղափոխեցին հոսպիտալ։ Նա գնալով վատանում էր, դեմքն առավել գունատ էր, ուղղաթիռի բեկորից ոտնաթաթի վիրավորում էր ստացել։ Տեղի հոսպիտալում նրա հետ պառկած էին նաև մարտական գործողությունների մասնակից սպաներ, զինվորներ։ Քննարկումները պարզորոշ պատկերացում տվեցին՝ ինչ էր կատարվել հարևան դիրքերում։ Լայնածավալ հարձակում հակառակորդն իրականացրել էր ճակատի ողջ երկայնքով, իրենց դիրքերը մնացել էին անձեռնմխելի։
-Որոշ դիրքեր թշնամին գրավեց, տասնութ զինվոր ու սպա գերեվարված են, թե զոհված, դեռևս հայտնի չէ,-պատմում էր հրամանատարական դիտակետի վիրավոր զինվորը, ում կարողացել էին հասցնել բլրի հետևում սպասող շտապ օգնության մեքենա։
-Մի քանի դիրքերում սպաներն ու զինվորները ուղղակի մոխրացել են հարվածային անօդաչուի պայթյունից... Նարեկը տեղեկացավ, որ պաշտպանական գծի մյուս հատվածում ևս զինվորը հրթիռ է արձակել և խոցել մարտական դիրքերի ուղղությամբ հրթիռներ արձակողհակառակորդի ուղղաթիռը։ Հպարտության անթաքույց զգացումը կրծքի տակ փոթորկում էր։
Երկու ամիս անց զորացրվեց և վերադարձավ տուն։ Գրեթե ամեն օր հարցազրույցների էր մասնակցում, նկարահանումների։ «Գիտեի, որ նռնականետը նախատեսված չէ օդային նշանակետ վերացնելու համար, բայց այդ պահին, եթե ձեռքիս ինքնաձիգ էլ լիներ՝ կրակելու էի, մտածելու ժամանակ չկար, վախենալու ժամանակ չկար: Գործելու ժամանակն էր»,- ամոթխած ժպիտով պատասխանում էր նա։ Նրանց տունը միշտ բազմամարդ էր, ծնողները հաճախ էին հյուրընկալում լրագրողների, ծանոթ անծանոթ մարդկանց, պատմում որդու սխրանքի մասին, ցույց տալիս նրա մանկության, պատանեկության լուսանկարները, Նարեկի՝ հինգերորդ դասարանում նկարած նկարը՝ տանկեր և ուղղաթիռ, և գրած շարադրությունը. «Ես ատում եմ պատերազմը, քանի որ պատերազմի ընթացքում շատ անմեղ զինվորներ են զոհվում, ես ուզում եմ միշտ խաղաղություն լինի»: Պապը հպարտությամբ էր պատմում թոռան սխրանքի մասին և շեշտում, որ Նարեկն իր դաստիարակության արժանի կրողն է։ Օրերը գլխապտույտ առաջացնող իրադարձություններով էին լի, մինչդեռ որոշ ժամանակ անց Նարեկը բախվեց աշխատանք չգտնելու խնդրին։ Բարձրագույն կրթություն չուներ, մասնագիտացում ևս, միակ հստակ նպատակը բանակում ծառայությունը շարունակելու մղումն էր։ Դյուրին չէր այդ ճանապարհը ևս, մասնագիտացավ, սպայական կոչում ստացավ, անցավ ծառայության հետախուզության խմբում։ Ծառայակիցներից ամենաերիտասարդն էր, շատերը սրտաբաց ընդունեցին նրան, հարցեր էին տալիս մարտական գործողությունների մասնակցին, հետաքրքրությամբ ունկնդրում նրա պատմությունը։ Որոշ ծառայակիցներ այդպես էլ չընդունեցին քսան տարեկանում ճանաչում ձեռք բերած երիտասարդին իրենց շարքերում։ Կյանքն ամենևին էլ այն մեծարանքի ու փառքի ակնթարթները չէին, որ ցուցաբերում էին մարտական գործողությունների մասնակիցների հանդեպ տոնական օրերին։ Իրական կյանքն այստեղ էր՝ սպայական ուսադիրներով շարահրապարակում կանգնած՝ ենթակա անձնակազմի համար պատասխանատվութուն կրելիս, դիրքերում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որպես հետախույզ բարդ առաջադրանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից մի քանի մետր հեռավորությամբ մահվան հետ հանդիպելիս։ Նարեկը դիրքերից իջնում էր հոգնած, մաքուր անկողնու ու տաք լոգանքի կարոտած։ Մայրը նայում էր որդու հոգնատանջ տեսքին, աչքերը լցվում էին։ Նարեկը բավարար վաստակում էր, օգնում ընտանիքին, երեկոյան զվարճանում աղջիկների հետ։ Ազատ կենսակերպը զերծ էր պահում նրան պարտավորություններից մինչ այն օրը, երբ սիրահարվեց։ Փոքր էր Լենան, խոշոր աչքերով, երկար խոպոպներով։ Նա կուչ էր գալիս Նարեկիթևերի տակ ու տղան ակամա պատասխանատվություն էր կրում նրա համար։ Նարեկին դուր չէին գալիս առաջնորդ կանայք, նա քնքշություն ու սեր էր փնտրում։ Այժմ նրա երազանքներն այլ երանգներ ունեին։ Փոքրիկ Լենան հնազանդ էր, մինչդեռ Լենայի մայրը փորձում էր դստեր կյանքը վերահսկել...
«Բոլոր ժամանակների ղեկավարները անհնազանդներին դժկամությամբ են հանդուրժում յուր հրամանատարության ներքո, հատկապես եթե կրտսեր սպան ավելի հարուստ մարտական ուղի ունի անցած»,- մտահոգ ասաց գեներալը՝ կարդալով Նարեկի՝ զորացրելու վերաբերյալ հրամանը։ «Ամբողջ կյանքդ վայրկյանների ընթացքում անցնում է աչքիդ դեմով մահվան աչքերին դեմ առ դեմ նայելով ու սկսում ես արժևորել ամեն ինչ, որովհետև եթե ես չխփեի, մեզ էին խփելու, բոլորս մեռնելու էինք... 
Կյանքն ինձ համար հիմա այլ քաղցրություն ունի»,-պատմում էր Նարեկը հարևանությամբ նստած ուղևորին։ Սրտի խորքում հիասթափությունն էր թևածում, սերը, որին հավատում էր ու որը այլևս չկար։ Սև սաթի նման խիտ հոնքերը խոժոռել էին հայացքը, բայց ժպտացող աչքերի խորքում հրաշքով փրկված ու ապրելու մի ողջ կյանք կար։ Աղոտ լույսերը փարատում էին ինքնաթիռի սրահում թևածող մթությունը։ Նարեկը, փակ աչքերով հատելով երազների սահմանը, ցատկեց մեքենայի թափքից, ուսապարկը վերցրեց, դարուփոս ճանապարհով քայլերն ուղղեց դեպի հեռավոր սարերը, հասավ անծայրածիր, արևոտ դաշտերը, տեսավ հայրենի եզերքի անդորրը հսկող դիրքապահներին։ Հեռվից նրան են ժպտում դիրքի ավագը, Արայիկը, Արմանը ու կանչում իրենց մոտ...
Ինքնաթիռի անիվները մեծ թափով հպվեցին գետնին, Նարեկը վեր թռավ քնից։ Նա վերցրեց արտագաղթի ծանր ճամպրուկն ու քայլեց նոր ու անհայտ երկրի ասֆալտ ճանապարհով։ Հեռվից ժպտալով նրան էր նայում ամերիկաբնակ մորեղբայրը ...

Մելանյա Պետրոսյանց / Պատմվածքներ

10.05.2020 23:57

ՄԵԼԱՆՅԱ ՏԵԼԵՄԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ- ծնվել է 1952 թ., մարտի 23-ին, Երևանում: 1969 թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվ. թիվ 18 միջն. դպրոցը, ընդունվել Խ.Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակ-ը: 1973-ին ավարտել է ինստիտուտը, որպես հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի նշանակվել Ապարանի շրջան: 1984 թ-ից անցել է ժուռնալիստական աշխատանքի Ապարանի շրջանային «Ապարան» թերթում: 1998 թ. աշխատանքի է անցել ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում: Ստեղծագործում է, հրատարակել է գրքեր: Նրա պատմվածքները մեծ հետաքրքրությամբ ու «մեկ շնչով» են կարդացվում: Ներոհիշյալ երեք պատմվածքները մեր գրական հավելվածում հրապարակվում են առաջին անգամ: Տիկին Մելանյան այժմ թոշակառու է: Ամուսնացած է, ունի 3 երեխա, 8 թոռ: ՀՀ ժուռնալիստների միության անդամ է: Անկուսակցական է:
 
 

ԱՆԵԾՔ

 Որպես հիվանդապահուհի, նոր էի աշխատանքի անցել Չիկագոյի ծերանոցներից մեկում։ Խնամքիս տակ պետք է գտնվեին մի քանի ծերեր։ Բուժքույրը ինձ ներկայացրեց նրանցից երեքին։ Առանձնապես հիվանդներ չէին․ երկուսը կին, մեկը տղամարդ էր, ուղղակի ծեր մարդիկ էին, որոնց պետք է օգնեի հագնվելիս, լվացվելիս, մյուս մանր-մունր հարցերում, հատկապես շատ կարևորեց նրանց հետ զրուցելը։ Այս երեքը ընթրում, ճաշում էին ընդհանուր ճաշարանում, բացի չորրորդից։ Նախքան չորրորդի մոտ մտնելը, զգուշացրեց, որ ծերունին վաղուց ԱՄՆ-ում ապրող թուրք է, հարազատները շատ ուշադիր են, հաճախ են նրան այցելում։ Ծերունին, թեև առողջ էր, խնդիր չուներ, բայց հազվադեպ էր քայլում, միշտ պառկած էր, իսկ տարօրինակն այն է, որ ձեռքերը միշտ թաքցնում էր ծածկոցի տակ ու երբեք ինքն իր ձեռքով չէր ուտում, չէր ճաշում, նրան ես պետք է կերակրեի, բերանը մաքրեի։ Առաջին պահ, ներսումս մի տեսակ տհաճ զգացում բարձրացավ, որ թուրք էր, բայց դե, ի՞նչ կարող էի անել, բուժքրոջ հետևից լուռ սենյակ մտա։ Մռայլ, բայց փառահեղ ծերունի էր։ Զգացվում էր, որ երիտասարդ ժամանակ բավականին թիկնեղ, հետաքրքիր տղամարդ էր եղել։ Բուժքույրը ինձ ներկայացրեց, ինչ պետք էր, հանձնարարություն տվեց ու դուրս եկավ։
Վարագույրները քաշեցի, պատուհանը բաց արեցի, մաքուր , գարնանային օդը ներս խուժեց։ Ծերունին փակեց աչքերը, խորը շունչ քաշեց․
- Լավ է։
Ճաշարանից սկուտեղի վրա բերեցի ընթրիքը։ Ծերունին պառկած տեղից քիչ վեր ձգվեց, հարմար հենվեց բարձին, բայց ձեռքերը շարունակեց ծածկոցի տակ պահել։ Մի երկու գդալ ուտելուց, թեյը խմելուց հետո, փակեց աչքերը․
- Բավական է, հեռացրու։
Երբ սկուտեղը ձեռքիս, պատրաստվում էի դուրս գալ, հարցրեց․
- Ի՞նչ ազգ ես։
- Հայ եմ,- պատասխանեցի կտրուկ։
- Հայ,- կրկնեց ու աչքերում անհանգիստ բան տեսա։
- Դժգո՞հ եք,- հեգնանքով հարցրեցի,- ես հայ եմ, դուք՝ թուրք, բայց ես ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը։
Ինձ թվաց, որ ծերունին ուր որէ կբղավի, ներս կմտնի բուժքույրն, ինձ դուրս կհրավիրի սենյակից, ու ես կկորցնեմ աշխատանքս։ Բայց նման բան տեղի չունեցավ։
- Անունդ ի՞նչ է,- հարցրեց։
- Սեդա,-պատասխանեցի, բայց զգացի, որ ձայնիս մեջ ընդգծված հեգնանք կար։
- Սեդա,- կրկնեց ծերունին, քիչ լռելուց հետո շարունակեց,- հորս երկրորդ կնոջ անունն էլ Սեդա էր։
- Հա՞յ էր։
- Հայ էր, ես ատում էի նրան ու նրանից ծնված եղբորս։
Ես հետ դարձա, սկուտեղը դրեցի փոքրիկ սեղանին։
- Ատում էիր, որովհետև հա՞յ էին։
- Ոչ,- հայացքը պատուհանից դուրս ուղղեց ծերունին։
Նույն պահին ներս մտավ բուժքույրը։ Ես վերցրեցի սկուտեղն ու արագ դուրս եկա։ Մինչև հաջորդ օրվա իմ հերթապահության ժամը, մտքերով թուրք ծերունու հետ էի։ Հետաքրքիր էր, կխոսե՞ր, կասե՞ր իր ատելության պատճառը։
Հաջորդ օրվա իմ հերթապահությունը համընկավ ճաշի ժամին։ Երբ մտա ծերունու սենյակ, թվաց, որ նա էլ սպասելիս է եղել ինձ։ Դեմքը գունատ էր, լարված, շրթունքները դողդողում էին։ Անխոս կերավ ճաշը, խմեց, բայց երբ ցանկացա սկուտեղը վերցնել, աչքերով սաստեց․
- Թող, թող առայժմ մնա, իսկ դու նստիր։
Հասկացա, խոսել էր ուզում:
Նստեցի։
- Երեկ դուք ասացիք, որ ատում էիք Ձեր հոր երկրորդ կնոջը, բայց ոչ նրա համար, որ նա հայ էր։
- Այո,- քիչ լռելուց հետո, սկսեց ծերունին,- ես այդ ժամանակ շատ փոքր էի, հազիվ 4-5 տարեկան, չգիտեի՝ հայն ո՞վ է, թուրքն ո՞վ է, իսկ Սեդայից ծնված եղբայրս ինձանից մի տարով փոքր էր։
- Ուրեմն՝ ո՞րն էր ատելության պատճառը,- հետաքրքրվեցի ես։
- Հայրս իր երկրորդ կնոջն ու նրանից ծնված տղային ավելի շատ էր սիրում, քան ինձ ու մորս, ինչն էլ պատճառ էր դարձել մորս տանջանքին, արցունքներին ու խանդին։Մայրս դարձել էր չար ու մռայլ, նա ամեն օր աղոթում էր, որ գյավուր Սեդան ու իր տղան մեռնեն, բնականաբար այդ ատելությունը նաև ինձ էր անցել։ Մենք մեծացանք, տարիների հետ մեծացավ նաև այդ ատելությունը։ Հայրս միշտ գովասանքի խոսքեր էր ասում դպրոցում լավ սովորող եղբորս հասցեին, իսկ ինձ միշտ խիստ դիտողություններ էին բաժին հասնում, Սեդայի հետ միշտ հանգիստ ու մեղմաձայն էր խոսում, նրան փող տալիս, իսկ մորս միշտ խեթում էր, կոպտում, հրում։ Մի խոսքով՝ ես ատում էի իմ արյունակից եղբորը։ Դպրոցից հետո հայրս նրան ուղարկեց եվրոպա՝ ուսումը շարունակելու, իսկ ես դարձա զինվորական, ամուսնացա, երեխաներ ունեցա։ Եվ ահա, այն օրերն էին, երբ մեր՝ թուրքական կառավարությունը որոշել էր հայերին վտարել, Թուրքիան մաքրել այդ խառնակիչ, դավաճան գյավուրներից։ Լուր եկավ, որ Պոլսի հայկական թաղերից մեկում Պողոս աղա անունով մեծահարուստը հրաժարվում է թողնել իր տունն ու ունեցվածը, հեռանալ Պոլսից։ Ես մի քանի ասկյարների հետ շտապեցի հայկական թաղամաս։
Ծերունին լռեց, քանի որ ներս եկավ բուժքույրն ու ես, վերցնելով սկուտեղը, արագ դուրս եկա, որ վերջինս չնկատի հուզմունքից արագացած իմ շնչառությունն ու կարմրատակած աչքերը։
Դուրս եկա։ Մինչև աշխատանքի ավարտն ու իմ տուն հասնելը, ինձ մի դար թվաց։ Հասա տուն ու անմիջապես հեռաձայնեցի մորս։
- Մայրիկ, դու պատմում էիր, որ քո մոր հայրական տունը Պոլսում եղել է հայկական թաղամասում, պապդ էլ եղել է մեծահարուստ Պողոս աղան։
- Այո, աղջիկս, պապս եղել է մեծահարուստ Պողոս աղան, բազմաթիվ խանութներ, նույնիսկ կարի արտել է ունեցել։ Մայրս ամուսնու ընտանիքի հետ ամերիկյան նավով հեռացել, փրկվել են, բայց հայրական ընտանիքի ճակատագրից այդպես էլ անտեղյակ է մնացել, մինչև կյանքի վերջին օրերը փնտրում էր եղբայրներին, բայց այդպես էլ, ոչ մի լուր չառավ նրանց մասին։
Հաջորդ երկու օրերը իմ հանդստյան օրերն էին, ես ծերանոց չգնացի։ Երրորդ օրը, երբ մտա թուրք ծերունու սենյակը, զգացի, որ ծերունին էլի սպասում էր ինձ։
- Ես գիտեմ, հասկացա, որ դու հենց այնպես չես հայտնվել այստեղ,- ուտելուց հետո ինձ դիմեց ծերունին,- քեզ Ալլահն է ուղարկել, որ մահից առաջ ես կարողանամ մաքրվել վերջապես այս արյունից։
Ես պապանձվել էի, ոչինչ չհարցրեցի, միայն լուռ նստեցի նրա կողքի աթոռին, աչքս ընկավ ծածկոցի տակ դողդղացող նրա ձեռքերին։
Ծերունին շարունակեց կիսատ թողած իր պատմությունը։
- Ասացի, որ մի քանի ասկյարների հետ շտապեցի հայկական թաղամաս։ Իրոք, Պողոս աղան իր երեք տղաների հետ փակվել էր մեծ, քարե տան առաջին հարկում գտնվող խանութում ու զենքով դիմադրություն էին ցույց տալիս մեր ասկյարներին։ Երեկոյան կողմը ներսից եկող կրակոցները պակասեցին։ Մենք որոշեցինք գրոհել։ Կոտրեցինք ծանր, փայտե դուռն ու ներս մտանք։ Պողոս աղայի ու երկու որդիների դիակները փռված էին գետնին, բայց երրորդ, վիրավոր որդին դեռ կենդանի էր։ Աչքս ընկավ այդ գյավուրի երեսին, ու ես ցնցվեցի։ Տղան շատ նման էր եղբորս՝ Սեդայի տղային։ Անսպասելի բարձրացավ, կոկորդիս հասավ եղբորս դեմ հավաքված ողջ ատելությունը, արհամարհանքը, ու ես ասացի ասկյարին․
- Մորթիր դրան, ես պիտի խմեմ էս գյավուրի արյունը։
Ասկյարը բռնեց չոքած տղայի մազերից, գլուխը հետ գցեց ու հաջորդ պահին նրա կտրված կոկորդից արյունը շատրվանի պես ցայտեց։ Ես ձեռքերս բուռ սարքեցի, պահեցի արյան տաք շիթի տակ, ագահորեն խմեցի այն, հետո արնոտ ձեռերս քսեցի դեմքիս ու․․․հանգստացա։ Հանգստացա՞, չէ, ես դեռ չգիտեի, որ հենց այդ պահից սկսվեց իմ կյանքի դաժանությունը, ինչն ուղեկցում է մինչ այս պահը, կշարունակվի ու միայն երևի գերեզմանում թերևս կհանգստանամ։
Լռեց։ ես քարացել, պապանձվել էի, բայց ծերունին շարունակեց, նա ուզում էր անպայման պատմել, վերջացնել իր պատմությունը, ավելի ճիշտ, նա շտապում էր՝ րոպե առաջ ազատվել իրեն տանջող պատմությունից, հավանաբար այդ պատճառով էր, անընդհատ աչքը դռանը պահում, որ հանկարծ բուժքույրը չհայտնվի։ Ոչ էլ նկատում էր, որ ես դողում էի ողջ մարմնով, արցունքները առվակի նման հոսում էին այտերովս ցած։
- Երեկոյան, երբ տուն գնացի, ողջ ընտանիքը հավաքված էր հացի սեղանի շուրջը։ Մայրս տեղից վեր թռավ, եկավ, համբուրեց ինձ, ասաց, որ արդեն լսել են, թե Պողոս աղայի տղայի հետ ինչ հաշվեհարդար եմ տեսել, ուրախ բացականչեց․  «գյավուրի արյունն է խմել, արյունը», ինձ ուղեկցեց սեղանի մոտ։ Սեղանի մյուս կողմում նստած Սեդան թեթևակի դարձավ մորս կողմն ու հեգնանքով նետեց․ «իմացանք, հրեն, ձեռքերը դեռ արյունոտ են»։ Այդ պահին ես ձեռքս մեկնել էի՝ հաց վերցնելու, անկախ ինձանից, աչքս ընկավ ձեռքիս ու ․․․օ՜, սարսափ, ես տեսա, որ ձեռքս արյունոտ էր, նայեցի, մյուս ձեռքս էլ էր արյունոտ։ Բայց չէ՞ որ ես խնամքով լվացվել էի, ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Արագ վեր կացա սեղանից, գնացի, նորից երկար ու խնամքով լվացվեցի։ Վերադարձա սեղանի մոտ, ձեռքս պարզեցի հացին, ու նորից ձեռքս արյունոտ էր։ Էլ ի՞նչ ասեմ, ահա, այդ պահից սկսվեցին իմ տառապանքները, ես չէի կարողանում դիպչել ուտելիքի, իմ աչքին ձեռքերս դառնում էին արյան մեջ թաթախված, ճիշտ այն օրվա պես, երբ ես խմեցի Պողոս աղայի տղայի արյունը։ Սկզբում տանեցիներից թաքցնում էի այդ երևույթը, բայց շուտով բոլորն իմացան, զարմացան, որովհետև իրենք չէին տեսնում այդ արյունը, նույնիսկ մտածեցին, որ ես խելագարվել եմ, թեև այդ միտքը ինձ էլ էր հաճախ այցելում։ Դիմեցի բժշկի։ սկզբում նա ինձ խորհուրդ տվեց՝ ճաշելիս ձեռնոց հագնել։ Ես այդպես էլ արեցի, բայց ավելի վատ, ձեռնոցի տակից դուրս էին գալիս արյան կաթիլներն ու կաթում իմ վերցրած հացի վրա։ Հետո բժիշկն ինձ ուղարկեց հոգեբույժի մոտ։ Պատմությունը լսելուց հետո, հոգեբույժը խորհուրդ տվեց՝ հեռանալ երկրից, գնալ օտար միջավայր, օտար երկիր, մոռանալ տեղի ունեցածը։ Ես հավաքեցի ընտանիքս ու եկա Ամերիկա։ Արդեն 35 տարի է, ապրում եմ Ամերիկայում, շփվել եմ տարբեր ազգի մարդկանց հետ, տարբեր աշխատանքներ կատարել, լավ գումար վաստակել, բիզնես դրել, որդիներ, թոռներ ամուսնացրել, և այդ բոլորը՝ արյունոտ ձեռքերով։ Մի քանի տարի առաջ, մետրոյի անցումում մի հնդկացի մուրացկան կին էր նստած։ Մոտեցա, հինգ դոլլարանոց դրեցի նրա թասի մեջ, անցա։ Հանկարծ կինը հետևիցս ձայն տվեց։ Հետ գնացի։ Հնդկացին ինձ մեկնեց իմ տված հինգ դոլլարանոցը, թե՝ հետ վերցրու, արյունոտ ձեռքից ինձ օգնություն պետք չէ։ Ես երկար, շփոթված ու քարացած կանգնել էի նրա դիմաց։ Կինը երևի հոգնեց իմ լուռ ներկայությունից, ասաց, թե՝ գնա, քեզ վրա անեծք կա, արդար անեծք, դու պետք է տառապես, հեռացիր իմ կողքից։
Այո, այդ հորս երկրորդ կնոջ՝ հայուհի Սեդայի անեծքն էր, ես միայն այդ պահին հիշեցի ու հասկացա դա։ Ահա, իմ ազգի վրա էլ մի ողջ հայ ժողովրդի անեծքն է ծանրացած, արդար անեծքը։ Ալլահը տեսել է իմ ժողովրդի արածը, նա չի ներում մեզ։
2.
Երեք օր անց, ծերունին մահացավ։ Մինչ մահանալը, երեք օր շարունակ, ես նրա ուտելիքին խառնում էի իմ աղի արտասուքը, իմ խեղճ քեռիների, իմ ընտանիքի, իմ ողջ հայ ազգի դառնությունը, տանջանքն ու տառապանքը, լացն ու կականը, գդալ առ գդալ կերակրում էի թուրք ծերունուն։ Նա չդիմացավ, մահացավ։
 
 

ԹՈՒՐՔ ՀԱՐԵՎԱՆԸ

Արթնացավ պատուհանագոգին կաթիլների տկտկոցից ու գուշակեց, որ անձրևը ողջ գիշեր չէր դադարել: Ձգվեց դեպի պատուհանը: Երկինքը գորշ էր, մռայլ: Մի տհաճ զգացում անցավ մարմնով: Հիշեց, որ երեկոյան թուրք հարևանի կինն էր մահացել: Երիտասարդ կին էր՝ միշտ գլխաշորով: Մի երկու անգամ հանդիպել էին վերելակում, գլխով թեթևակի իրար բարևել: Նրանք վերջերս էին տեղափոխվել այս բնակարան, ոչ ոքի հետ չէին շփվում: Ներսից եկող երաժշտությունից, նաև միջանցքում երբեմն եղած խոսակցությունից էր գուշակել, որ թուրքեր են: Ամուսնուն երբեք չէր տեսել, միայն ձայնն էր լսել, իսկ երեխաներ կարծես, թե չկային:
Ալարկոտ հագնվեց, պետք է խանութ գնար: Չհարմարվեց այս ամերիկյան ապրելակերպին, առանց հացի յոլա չի գնում: Միջանցքում մի քանի անծանոթ տղամարդիկ ծխում էին, հարևանի դուռը բաց էր: Երևի մահացածի հարազատներն են: Առանց նրանց կողմը նայելու՝ արագ իջավ աստիճաններով: Երբ վերադարձավ, միջանցքը դատարկ էր, հարևանի դուռը՝ փակ: Մի թուրք էլ հեռացավ աշխարհից՝ անցավ մտքով ու մոռացավ հարևանին:
Շատ օրեր ձգվող անձրևը արդեն ազդում էր նյարդերին: Հիշեց, որ այն սկսվել էր հարևանի կնոջ մահվան օրը: Մեկ ամսից ավելի է անցել, ու անձրևը շարունակում է գալ: Երեկոյան հրավիրված է ընկերուհու տուն: Հարկավոր է պատրաստվել, այնտեղ ուրիշ հյուրեր էլ են լինելու, բացի այդ, ընկերուհին ասաց, որ անակնկալ ունի: Դռան թակոցը կտրեց մտքերից: Ոչ ոքի չէր սպասում: Հավանաբար, մյուս հարևաններից մեկն է կամ շենքի իսպանացի լիազորը, որը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե այս հայաստանցի կինը ինչու չի ցանկանում մշտական բնակություն հաստատել Ամերիկայի նման դրախտային երկրում և օրերն է հաշվում, թե՝ երբ պիտի լրանա պայմանագրի ժամկետը, որ ինքը վերադառնա իր Հայաստանը: Բայց ոչ ծանոթ հարևաններից մեկն էր, ոչ էլ իսպանացի լիազորը, անծանոթ մի մարդ էր:
-ներեցեք, ես ձեր դիմացի հարևանն եմ, կարելի՞ է մի բան խնդրել, - անգլերենի շեշտված առոգանությամբ ասաց տղամարդը:
Մահացած կնոջ թուրք ամուսինն է, իսկույն անցավ մտքով:
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
-Կարելի՞ է խնդրել ձեր արդուկը, ես կարևոր հանդիպում ունեմ, բայց մեր արդուկը չեմ գտնում, կնոջս մահից հետո ամեն ինչ տակնուվրա է եղել:
-Սպասեք, հիմա կբերեմ, - հետո ավելացրեց, - բայց խնդրում եմ, շուտ վերադարձրեք, որովհետև ինձ նույնպես պետք է:
Երբ տղամարդը վերադարձրեց, անկախ իրենից, հոտ քաշեց արդուկից: Չէ, թուրքի հոտ չէր գալիս, քթի տակ արածի վրա ծիծաղեց:
Ընկերուհու տունը այնքան էլ հեռու չէր, ընդամենը երկու փողոց այն կողմ: Ընկերուհին ուրախացավ իր տարած ծաղիկների ու կոնֆետների համար, խնդրեց խոհանոցում իրեն օգնել, մինչև մյուս հյուրերի գալը:
- Այդ ի՞նչ անակնկալ ես պատրաստել, - չհամբերեց ու հարցրեց:
- Օ՜, իսկապես հետաքրքիր անակնկալ է, հիմա չեմ ասի, կհավաքվենք նոր:
Էլ չստիպեց, թող այդպես լինի: Քիչ հետո եկան ծանոթ ամուսինները, որոնք մի քանի օր առաջ էին վերադարձել Երևանից: Ինքը այդ ամուսիններին այնքան էլ չէր հավանում, տանել չէր կարողանում նրանց քաղքենի պահվածքը, կեղծ հայրենասիրական վերամբարձ ճառերը: Այ, հիմա էլ, փոքրիկ տոպրակ հանեցին, երկյուղածորեն բացեցին, ու ամուսինը պաթետիկ ձայնով դարձավ իրեն.
- Համեցեք, խոնարվեցեք, համբուրեցեք: Հայրենիքից մի բուռ սուրբ հող եմ բերել:
Հազիվ իրեն զսպեց, որ չասի՝ տո, այ սուտ հայրենասեր, հայրենիքիդ հողը սրբացնող էիր, չգայիր ամերիկյան դատարանում հայրենիքիդ դեմ դատ բացեիր՝ կեղծ վկայություններով, հոգիդ վաճառելով՝ ամերիկյան քաղաքացիություն չստանայիր: Հիմա եկել, էս ի՜նչ թատրոն ես խաղում, թե՝ հայրենիքից մի բուռ սուրբ հող եմ բերել: Սրտնեղված նայեց ընկերուհու կողմը՝ ա՞յս էր քո անակնկալը: Նույն պահին էլ հնչեց դռան զանգը: Ընկերուհին բաց արեց դուռն ու անգլերենով ուրախ բացականչեց.
- Ահա և Սայիդն էլ եկավ: Համեցիր Սայիդ, Ներս արի և ծանոթացիր իմ ու նաև՝ արդեն քո բարեկամների հետ:
Աչքերի առջև մի պահ մշուշվեց, թվաց, լավ չի տեսնում իրեն մոտեցող տղամարդուն: Աստված իմ, իր թուրք հարևանն է, որ առավոտյան արդուկ խնդրեց:
- Դու՞ք, - ոչ պակաս շփոթվեց նաև թուրք հարևանը:
- Դուք իրար գիտե՞ք, - ուրախ զարմանքով բացականչեց ընկերուհին:
Ինքը շփոթված կանգնել ու չի նկատում հարևանի պարզած ձեռքը:
- Կներեք, ես կարծես վատ եմ զգում, գնամ ջուր խմեմ, - ասաց ու գնաց խոհանոց:
- Քեզ ի՞նչ պատահեց, - հետևից եկավ ընկերուհին, - դու Սայիդին ճանաչու՞մ ես:
Զարմացած նայեց ընկերուհու երեսին:
- Բայց նա իմ թուրք հարևանն է, որի կինը վերջերս մահացել էր, ես քեզ ասել էի այդ մասին: Իմ թուրք հարևանն է, թուրք հարևանը, - կրկնեվ նյարդացած:
Բայց այս ի՞նչ է, ընկերուհին ժպտում է, հիմարի տե՞ղ է իրեն դրել, ինչ է:
- Ա՜յ, հենց այս էլ այն անակնկալն է, որի մասին ասել եմ քեզ, - ասաց ու ձեռքից քաշելով՝ իրեն սենյակ տարավ:
- Բարեկամներ, Սայիդը թուրք չէ, նա ընդամենը վերջերս է իմացել, որ ինքը հայ է: Այդքան տարիներ ծնողները ապրելով թուրքիայի Բուրսա քաղաքում, շրջապատից խնամքով թաքցրել են իրենց հայ լինելը: Սայիդի հայրը մեռնելուց առաջ Բուրսայից նամակ է ուղարկել որդուն, որտեղ մանրամասն գրել է իրենց արմատների մասին, որ իրենց պապը Բուրսա է տեղափոխվել Մշո գավառի Գվարս գյուղից: Խնդրել է որդուն՝ քրիստոնեություն ընդունել և վերադառնալ իր արմատներին, այլևս երբեք չվերադառնալ Թուրքիա: Նամակը ստացել է Սայիդի թուրք կինը և երկու տարի ամուսնուց թաքցրել է այն, վախենալով, որ Սայիդը երբ իմանա ճշմարտությունը, կհեռանա իրենից: Բայց մահվանից առաջ, խղճի խայթ զգալով, տվել է նամակը ամուսնուն, խնդրել՝ ներել իրեն:
Ընկերուհու ձայնը կարծես հեռվից է հասնում ականջներին, տեր աստված, այս ի՜նչ պատմություն է, ինչ ողբերգություն:
- Հիմա Սայիդը որոշել է հայերեն սովորել և նոր միայն քրիստոնեություն ընդունել, որպեսզի Հայր Մերը կարողանա մայրենի լեզվով ասել: - Շարունակեց ընկերուհին՝ փարվելով իրեն, - ահա ես էլ որոշեցի Սայիդին ծանոթացնել Հայաստանից Նյու Յորքի հայկական կիրակնօրյա դպրոց գործուղված, իմ սիրելի ընկերուհի, քեզ հետ, և միասին խնդրել քեզ, որ նրան հայերեն խոսել սովորեցնես, Մայրենի լեզու պարապես, որ կատարվի Սայիդի հոր կտակը ու երազանքը՝ Սայիդը իսկական ՀԱՅ դառնա:
 
 
 
 
ՏԱՏԻՍ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

Կապուտ ախպուրը

Վաաայ, դու չգիտե՞ս մեր Կապուտ ախպրի տեղը։ Հիմի ես քեզ կասեմ։ Ուրեմն՝ Կոշ գյուղը գիտե՞ս, էն որ Թալինի, Գյումրվա ճամփին ա, հա, հենց էդ Կոշ գյուղի միջով կթեքվես աջ, ուղիղ կեթաս դեպի Ալագյազ։ Կոշա վանքը կանցնես, Կոշա բերդը կանցնես, կմտնես ձորը, ձորով կեթաս։ Հա, թե գարուն վախտ կեթաս, ճամփեն ծաղիկ-ծաղկունքով ա, շուշան-սմբուլով ա, թռչունների երգ ու տաղով ա, ճամփեն ընենց կանցնես, խաբար չես էղնի։ Թե ամառ վախտով կեթաս, ճամփեն քար ու քռա ա, փուշ ու տատասկ ա, օձ ու կարիճ ա։ Մանավանդ, էն Յոթ դռնանի զաղի (քարանձավ) մոտ շաաաատ զգուշ կեթաս, զաղեն լիքը օձ կա։ Ձորով կեթաս-կեթաս, ձախի վրա իրար կողքի մի քանի պստիկ զաղեք կան։ Կմտնես էդ զաղեքը, տես, իմացի, որ մի քառասուն պորտ առաջ, էդտեղ հայ ա ապրե։ Զաղա, էն էլ՝ ինչ զաղա, պատերը տաշած, սվաղած, հա, բա ո՞նց, սվաղած, զաղի մեջտեղում էլ թունդիրը, ճիշտ ա, հողով հիմի լցրած ա, բայց էդ հողը, թե հանվի, մաքրվի, թունդիրում էսօր էլ կարաս լավաշ թխես, հա, հա, բալա ջան, էսօր էլ կարաս կրակ անես, լավաշ թխես։ Զաղեքը տեսա՞ր, դե, գնա առաջ։ Քիչ էլ, որ կեթաս, Կուզ մամեի քարը կտենաս։ Ի՞նչ ասեմ, բալա, Կուզ մամեն մեեեեծ քար ա, հեռվից նայես, կասես՝ կռացած, մեջքին կուզ դրած պառավ ա, ժողովուրդն էլ էդ նմանությամբ քարի անունը դրել ա Կուզ մամե։ Է՜, բալա, մեր վախտով, որ ջահել տղու սիրտը աղջկա վրեն ճղփար, աղջկան կկանչեր Կուզ մամեի մոտ՝ թաքուն խոսալու։ Մեր գյուղի սաղ ջահելների գաղտնիքները Կուզ մամեն գիտեր, ու էդ գաղտնիքները իրա մեջ կպահեր, մարդ չէր իմանա։ Հե՜յ գիդի, հունձ անելուց, կեսօրվա ճաշի ժամին, ինչքա՜ն ենք նստե Կուզ մամեի հովին, մածնաբրդոշ կերե, հետո երգերի շարան սկսե, գյովընդ բռնե։ Գյովընդի գլոխ միշտ Նազիկն էր, շատ սիրուն էր Նազիկը, շա՜տ, շիմշատ բոյ ուներ, լուսե՝ աչք-ունք, էրկու հուսերը կիջնեին մինչև կրունկները, Դավոն ի՞նչ աներ, ո՞նց դիմանար, որ չսիրահարվեր, Նազիկի սիրուց չխելռեր։ Չէ, բալա, ես Կուզ մամեի մոտ սեր-սեր չեմ խաղացե, բայց իմ պսիկ քուր խաղացել ա, իրա մուրազին էլ հասել ա։
* Հենց հասար Կուզ մամեին, մեր գյուղը կերևա։ Հաա-հա, Արագածոտնի Ավան գյուղը, ուր արդեն իրեք պորտ ա, որ մշեցիներ ու գվարսեցիներ են ապրում, մի երկու դաշտադեմցի ընտանիք էլ կան։ Քիչ էլ կեթաս, բայց գյուղ չես մտնի, ձախի վրա մի կանաչ, ծաղկավոր իզ կտենաս, իզը կբռնես ու կեթաս, իզը քեզ կտանի, կհասցնի մեր Կապուտ ախբրին։ Պահ, պահ, պահ, հըլա ասա՝ Կապուտ ախպուր։ Չէ՜, աշխարհի վրա էլ ուրիշ տեղ չկա Կապուտ ախպուր, չկա ըտենց սառը, համով, անմահական ջուր, որ համ էլ հիվանդի դեղ ու բալասան ա, ծարավ, կարոտ, սիրող սրտի հովանք ա, աշուղների երգ ու տաղի ախպուր ա։ Բլթբլթալով ջուրը կելնի գետնի տակից, քարերի արանքով կթափվի իրա բացած գուռը։ Ձմեռվա ցրտին, որ չորս բոլորը ձունը ծածկի, քարերից սառցի լուլեքը կկախվեն, ջրի համար հեչ, էլի բխկալով գետնից դուս կգա։ Ամառը, որ արտ ու արոտ արևից կխանձվեն, կվառեն-կթափեն, չորս բոլորը կամայանա, կծածկվի փուշ ու տատասկով, Կապուտ ախպրի չորս բոլորը թավիշ կանաչ կմնա, ծաղիկ-ծաղկունք կմնա, հազար գույնի թիթեռ կխաղա էդ ծաղիկ-ծաղկունքի մեջ։ Հա, էն կեսօրվա շոգին իմ ափոյի կնիկ Սալբին իրանց կտուրից ձեն կտար՝ ախչի, Արեգնազ, ափոդ ասում ա՝ մի էս կուժը տար խփի Կապուտ ախպրի գլխին, արի, ծարավ մեռանք։ Ես ափոյիս կնկա ձեռից վերցնում էի ջրի կուժը, ոտաբոբիկ վազում Կապուտ ախպուր։ Կուժը դնում էի ախպրի ակի տակ, որ լա՜վ սառի, ես մտնում էի ջուրը, ձեռքերս սեղմած, սկսում էի հաշվել՝ մեկ, էրկու, իրեք, չորս, հինգ․․․․ Մինչև տասը դիմանում էի սառը ջրի մեջ ու դուրս թռնում, բայց իմ դասարանցի Վարսոն ու Նոյեմը յոթից էին դուրս թռնում, տասին չէին հասնում։ Բա, էդ սառը ջրին դիմանալ կլինի՞։ Ախպրից տուն կգայի, իմ Շուշան մերը հենց կնայեր ճաքճքած ոտերիս, կբարկանար, թե՝ ախչի, դու էլի՞ ես մտել Կապուտ աղբրի սառը ջրերը։ Իմ մեր Շուշանն ասում էր՝ Էս Կապուտ աղբրի անունը գվարսեցիներն են իրանց հետ էրգրից բերել, էնտեղ էլ ճիշտ սրա նման ախպուր ա եղել իրանց գյուղի տակը, անունն էլ՝ Կապուտ ախպուր, բայց էն Կապուտ ախպուրը խռովեց, դարդից չորացավ, ցամաքեց։ Հիմի ասեմ, թե ինչի։
Թուրքերը կլցվեն Գվարս, կեթան գյուղի ռեսի՝ իմ ափո Կարոյի մոտ, թե մեզի էսքան զինվորացու էլի պիտի տաս։ Ափոս կասի՝ գեղը զինվորացու չի մնացե, էն մատղաշ տղեքին էլ տարել եք, թուրքերը, թե՝ չէ, Կարո, խաբար ենք առե, որ դու քո գեղի տղեքին աղջկա շոր կհագցնես, կպահես մեր աչքից, գեղիդ սաղ աղջկերքին բեր, շարի մեր դեմ, ստուգենք։ Ափո Կարոս կհասկանա սրանց մտքինը, նշան կանի պուճուր ախպորը, էս թուրքերին հենց օթախի մեջ կսպանեն, գիշերը կհանեն, կտանեն բախչի գլխին կհորեն, որ մարդ չիմանա։ Ի՞նչ մարդ չիմանա, տան քուրդ հոտաղը՝ լալ ու կյառ Հասոն, կտենա, կեթա Մուշ, խաբարը կհասցնի թուրքի գլխավորին։ Էրկու օր հետո, թուրքի գլխավորը զորքով կգա Գվարս, հանել կտա սպանված թուրքերի լեշերը, իմ ափո Կարոյին ու գեղի էլի էրկու տղամարդու մորթել կտա հենց Կապուտ ախպրի ջրի վրեն, արունները կխառնվի ախպրի ջրին, կեթա, կեթա, թուրքն էլ կկռանա, իրա արնոտ ձեռները կլվա ախպրի ջրով։ Խեղճ Կապուտ ախպուր, էլ ո՞նց կդիմանար, դարդից ներս քաշեց իրա ջրերը, աշխարհքից խռովեց, ցամաքեց, գնաց, կորավ։
***Իմ հեր Ռուբենին 1937 թվին սրտամեռ Ստալինի հրամանով գնդակահարեցին, գյուղում սկսեցին քչփչալ, թե Ռուբենի կնկան՝ Շուշանին ու իրա վեցը էրեխեքին կաքսորեն Սիբիր։ Մերս մի օր մոմ ճարեց, մեզ էլ գցեց առաջն ու էդ ձմեռվա բուք-բորանին, գնացինք Կապուտ ախպուր։ Ամեն մեկիս ձեռը մի-մի մոմ տվեց, վառեցինք, կպցրեցինք Կապուտ ախպրի մեծ քարին։ Մերս խնդրանք-աղաչանք արեց, որ Կապուտ ախպուրը պահապան դառնա, իրա վեց մանդր հացակերներին չաքսորեն Սիբիր։ Մորս աղաչանքը տեղ հասավ, մեզ Սիբիր չաքսորեցին, ու էդ օրվանից, մերս ամեն տարի, մինչև մեռնելը, ձունը կտրում, հասնում էր, Կապուտ ախպրի քարին մոմ վառում։ Բա, բալա, Կապուտ ախպուրը զորավոր ա, մեռնեմ իրա զորությանը։
Դե, գնացեք, իմ ասած ճամփով գնացեք։ Հետներդ, չմոռանաք, մոմ կտանեք, կվառեք, ջուր կխմեք, մուրազ կպահեք, կգաք։
Կապուտ ախպուրը թող տա ձեր մուրազ։

 

Երազիկ Գրիգորյանի նոր ու հին հեքիաթներից

08.08.2018 00:01

 

Երազիկ Գրիգորյանը մասնագիտությամբ բանասեր է: 90-ականներին խմբագրել է Հայաստանի Հանրապետության առաջին անկախ թերթը՝ «Անկախությունը»: Օրեցօր բազմապատկվող տպագրական տիրաժի ու նորացվող համակարգչային տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ աճեց թերթի հեղինակությունը: Այլ թերթերում նույնպես լրագրողական աշխատանք կատարելուց հետո Երազիկ Գրիգորյանը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի... ՄԱՆՈՒԿՆԵՐԻ անհավանական ու զարմանահրաշ աշխարհը: 
Այժմ Երազիկ Գրիգորյանն աշխատում է Լեզվի կոմիտեում: Նաև «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական հաղորդումների սցենարիստն է («Հին ու նոր հեքիաթներ», «Ինչն ինչոց է ըստ Պիստակի» հաղորդաշարեր): Նա մանուկների սիրելի «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուի հեղինակն է: Երազիկ Գրիգորյանի երկրորդ՝ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը, Հայ գրքի կենտրոնի և «Օրանժ» ընկերության կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում: Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն (IBBY) նույնպես բարձր է գնահատել այդ ժողովածուն: Այն լավագույն մանկական ստեղծագործություններին տրվող պատվո կոչման է արժանացել, պահվում է Մյունխենի Միջազգային պատանեկան գրադարանում, Բազելում, թարգմանաբար տարածվում աշխարհի մի քանի երկրներում: 
«7 գույն» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուում տեղ գտած «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը հեղինակին հուշեց ստեղծել «Չտեսնված դինոզավրը» հեքիաթների ժողովածուն, որը նույնպես շատ սիրվեց ընթերցողի կողմից: 
Երազիկ Գրիգորյանի հավատամքը մանուկներին ուրախություն պարգևելն է, նրանց հետ ազնվորեն հաղորդակցվելն ու բարություն սերմանելը: Անվանի մանկագիրն անկեղծ է երեխաների հետ, սիրում և սիրվում է նրանց կողմից: Այսօր «Նիդերլանդական օրագրին» բախտ է վիճակվել առաջին անգամ իր ընթերցողներին ներկայացնել Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները: Անպայման այն կարդացե՛ք ձեր փոքրիկների համար: Բարության այս երկու կաթիլը հաստատ դուր կգա ձեր փոքրիկներին, նրանց դրական լիցքեր կտա, և ամենակարևորը՝ կձևավորելով գեղագիտական ճաշակ: 
Հետևե՛ք նաև «Նիդերլանդական օրագրի»  մյուս էջերին՝ Երազիկ Գրիգորյանի  հեքիաթները կարդալու համար:

_____________________________________________________

ՕԴԱՊԱՐՈՒԿՆ ՈՒ ԿԱՉԱՂԱԿԸ 

Օդապարուկը պարելով բարձրանում է երկինք, բարձրանում, հասնում է իր նման գունզգույն կաչաղակին ու սկսում է պոչի պես թափահարել իր սիրուն ժապավենները: 
-Վա՛յ, էս ի՞նչ թռչուն է, -վեր է թռչում կաչաղակը:- Հե՜յ, ձայն հանիր, դու ո՞վ ես:  
Օդապարուկը չի պատասխանում, հանգիստ օրորվում է օդում: Կաչաղակը բարկանում է.   
-Լսի՛ր, քեզ հետ եմ, դու ի՞նչ իրավունքով ես բարձրացել երկինք: Որտեղից եկել ես, էնտեղ էլ գնա: Երկնքում առանց էն էլ նեղվածք է: Մենք էստեղ աչքաչափով հազիվ ենք պահում մեր տարածքը: Տես, մոտավորապես չորս թիզ էս կողմից, մե՜կ… երկո՜ւ… էս է` հինգուկես էլ էն կողմից: Այ էսքանը իմ տարածքն է, եղա՞վ: Չմոտենաս: Հե՜յ, քեզ հետ եմ…     
Այսպես չաչանակում է կաչաղակը, իսկ օդապարուկը հանգիստ պարում է օդում ու պոչի պես թափահարում է իր սիրուն ժապավենները: 
-Հե՜յ, էդ ո՞ւր ես գնում: Լսի՛ր, իմ կողքի տարածքը ծիծեռնակինն է: Քանի չի եկել, այ էդպես բերանդ փակ թող ու գնա,-բղավում է կաչաղակը օդապարուկի վրա, իսկ օդապարուկը էլի պարում է ու պարում:  
Կաչաղակը թռչում-գնում է ծիծեռնակի մոտ:
-Լսիր, դու քո մկրատե պոչով օդում չափուձև ես անում, իսկ էնտեղ մի անկոչ եկել, ուզում է քո տարածքը գրավել:
Ծիծեռնակը երկինքը կլոր-կլոր կտրատելով թռչում-գնում է: 
Կաչաղակը ծիծեռնակի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը ավելի է բարձրացել: 
-Հե՜յ,- ինքնաթիռ տեսնելուն պես բղավում է կաչաղակը,- էդ ներկած հիմարին բան հասկացրու, վերևներում իրեն տեր է զգում: Շուտով քեզ երկնքից կվտարի: Ես նրան ասում եմ….
Ինքնաթիռը սպիտակ ամպ արձակելով թռչում-գնում է: 
Կաչաղակը ինքնաթիռի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը մի քիչ ներքև է իջել:
-Հե՜յ, գոնե դո՛ւք ինձ լսեք,- մլակներին է բողոքում կաչաղակը,- էդ ներկածը ձեր տարածք է մտել: Լա՜վ, բան չեմ ասում, եկել, եկել է, բայց ո՛չ աչքաչափ ունի, ո՛չ էլ հետը մի պարան է բերել, որ գոնե դրանով իր սահմանը նշի: Բա չե՞ք տեսնում` վերև, ներքև, ամբողջ երկինքն իրենով է արել:     
Մլակները չլսելու են տալիս:   
Կաչաղակը մլակների վրա թևը թափ է տալիս, գնում, տեսնում է` օդապարուկն ավելի է իջել: 
-Տեսնես սրա մտքին ի՞նչ կա,- ասում է կաչաղակը ու սուսուփուս թռչում-իջնում է օդապարուկի հետևից: Իջնում, տեսնում է` շենքերից մեկի բակում մի տղա պարանը ձեռքին վազում է, օդապարուկն էլ օրորվելով թռչում է նրա հետևից, ո՜նց է թռչում:   
-Հե՜յ, ներկած հիմար,-ձայն է տալիս կաչաղակը,- պարանի պատճառով մի գնա էդ տղայի հետևից: Մի բան էր` ասացի: Լսի՛ր, դու ոնց որ թե իմ ազգականն ես, հա՞: Արի, քեզ իմ տարածքում տեղ կտամ: Հիշում ես, չէ՞, չորս թիզ մի կողմից, հինգուկես էլ… 
Այսպես չաչանակում էր կաչաղակը, իսկ օդապարուկը պարելով վազում էր պարանով տղայի հետևից ու պոչի պես թափահարում էր իր սիրուն, գույնզգույն ժապավենները: 
____________ 
 

ՉԱՐԱՃՃԻ ԳՆԱՑՔԸ


 
Լինում է, չի լինում, մի չարաճճի գնացք է լինում: Կայարանը գնացքին ասում է. 
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:  
Բայց գնացքը քաղաք գնալ չի ուզում: Ուզում է գյուղ գնա, որ տրակտորի նման հողերի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի գյուղ: 
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:  
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ գյուղում շատ լավ է: Գնանք գյուղ, տրակտորի հետ կընկերանանք ու հողերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է գյուղ, մտնում է ցանած հողերի մեջ, տրորում է ու գոռում է` ուուո՜ւ…
Տրակտորը գնացքի վրա բարկանում է ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես: 
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը նրան ասում է. 
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:    
Բայց գնացքը էլի քաղաք գնալ չի ուզում: Ուզում է լիճ գնա ու նավակի նման ջրի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի լիճը: 
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:  
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ լճի մեջ շատ լավ է: Գնանք լիճ, նավակի հետ կընկերանանք ու ջրերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է լիճ, մոտենում է ափին, բայց ջուրը շատ սառն էր: Հենց առջևի անիվը մտնում է լճի մեջ, գնացքը գոռում է` ուուո՜ւ, ու ձկներին վախեցնում է: 
Նավակը գնացքի վրա բարկանում ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես: 
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը ռելսեր է սարքում, գնացքին կանգնեցնում է ռելսերի վրա ու ասում է նրան.  
-Դու շատ չարաճճի ես: Վերջ, սրանից հետո միայն այս ու այս ճանապարհով կգնաս: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:     
Այդ օրվանից գնացքը միայն ռելսերի վրայով է գնում: Ու հենց որ հեռվից ազատ դաշտում կամ լճում տրակտոր կամ նավակ է տեսնում, ձայն է տալիս` ուուո՜ւ, ու էլի ռելսերի վրայով իր ճանապարն է շարունակում:
 
 
 

ՄՈԼՈՐՎԱԾ ԼՈՒՍԻՆԸ

 

Նկար՝ Նառա Մուրադյանի

 
Լինում է, չի լինում, մութ գիշեր է լինում ու գիշերից մթնած երկինք է լինում: Մութ երկնքում դեղին ու կլոր լուսին է լինում: Դուրս է գալիս լուսինն իր տնից, երկնքի ճանապարհով գլորվում-գնում, մթի մեջ մոլորվում է ու իր տունն էլ չի գտնում: Հարցնում է լուսինը երկնքի աստղերին, թե որտեղ է իր տունը: Աստղերը լուսնին ուշադիր լսում,  թարթում են աչքերն ու նրան ասում.
 
-Սիրո'ւն լուսին, կլո'ր լուսին, 
Մենք էլ` բոլորս միասին,
Մոլորվել ենք մութ երկնքում, 
Չգիտենք, թե ուր ենք գնում:
Հենց որ դու քո տունը գտնես, 
Մի՛ մոռացիր, իմաց տուր մեզ: 
 
Լողում է լուսինը մութ երկնքում, լողում է, իր տունը փնտրում: Նայում է լուսինը ներքև ու տեսնում է` գետակը ցածում քչքչում-խոսում, մութ ճանապարհով չգիտես ուր է վազելով հոսում: Ու ասում է լուսինը գետակին.
-Երևում է` դու լավ ճանապարհորդ ես: Իմ տան ճանապարհը չգիտե՞ս: 
Աղմկում է գետակը գիշերվա լռության մեջ, փայլփլում է գետակը գիշերվա մթության մեջ, լուսնի երեսին նայում ու այսպես է ասում.
 
-Լսի՛ր, լուսին, ծնված օրից  
Վազում եմ ինքս իմ հետևից:  
Թե ուզում ես տունդ գտնել, 
Դու սովորիր ինձ պես անել.
Արագ վազիր երկնի ճամփով
Ու վաղ թե ուշ կհասնես ծով:
 
Գետակի խոսքերից լուսինն ավելի է մոլորվում: 
Լողում է լուսինը մութ երկնքում, լողում է, իր տունը փնտրում: Նայում է լուսինը ներքև ու տեսնում է` անտառի ծառերը խշշում են ցածում: Քամին ծառերի քունը փախցրել ու տերևների հետ գիշերվա երկար զրույցն էր անում: Ու ասում է լուսինը ծառերին.
-Անտառի ծառեր, դուք ինչքան շատ բա՜ն գիտեք: Իմ տան տեղն ինձ չե՞ք ասի: 
Ծառերը խշշում են միասին ու ասում են նրանք լուսնին. 
 
-Ահա թե մենք ինչ կասենք քեզ, կլորերե՛ս,
Երևում է` դու անգետ չես, բայց կներես, 
Տուն հասնելու մի ճամփա կա, լավ իմանաս.
Դու էլ պիտի բոլորիս պես տեղում մնաս:
 
Ավելի է մոլորվում լուսինը: Քիչ է մնում` հույսը կորցնի: Գլորվում, գնում է անտուն լուսինը, ներքև նայելով գնում է, գնում, մեկ էլ այգու ցանկապատի մոտ քարին նստած մի ծերունու է տեսնում: Ու հարցնում է լուսինը ծերունուն.
-Այս ուշ գիշերին ինչո՞ւ ես դրսում: Դու է՞լ ես ինձ պես տունդ կորցրել:  
Ծերունին նայում է լուսնին, հոգոց է հանում ու պատասխանում.
 
-Աշխարհի չափ երկար ապրես,
Էս ի՜նչ սիրուն բոլորել ես: 
Չեմ կորցրել ես իմ տունը,
Բայց չեմ գտնում աչքիս քունը: 
Ծովի պես խա՜ռն են մտքերս,
Լույսդ է գիշերվա ընկերս:
 
Լուսինը ծերունու խոսքերից տխրում, ամպի քուլայով իր դեմքը ծածկում է ու արցունք թափում: Լուսնի արցունքները` նրա պես կլոր ու փայլուն, կաթ-կաթ թափվում են ցած: Հետո նրանք թևեր են առնում, դառնում են լուսատտիկներ ու սկսում են թռչկոտել ծերունու այգում: Փայլփլում ու թռչկոտում են, հետո իրար ականջի փսփսում, նայում են լուսնին ու նրան ասում.  
 
-Ամբողջ գիշեր մոլոր, արթուն,
Թափառեցիր, լուսի՛ն, անտուն,
Բայց արևը զարթնում է, տե՛ս, 
Շուտով տունը քո կգտնես:
Չմոռանաս, աստղերի՛ն էլ
Խոստացել ես իմաց անել: 
 
Այդ օրվանից մինչև օրս լուսատտիկները գիշերները շրջում են` իրենց փոքրիկ լույսն արձակելով: Նրանք առաջինն են զգում, որ արևը սկսում է արթնանալ ու այդ մասին իմաց են տալիս բոլոր նրանց, ովքեր մոլորված լուսնի պես անտուն են ու այն ծերունու պես անքուն: 
 
Ու երբ առավ արևը իր անուշ քունը, 
Հենց այդ պահին գտավ լուսինը իր տունը:
Ու որպեսզի կարողանա նա լավ հիշել,
Կրկնում է ճամփան իր տան ամեն գիշեր:
 
 

ՄԿՐԱՏԸ

Նկար՝ Նառա Մուրադյանի
 
Կար-չկար, սուր ու փայլուն ոտքերով, մեծ ու կլոր աչքերով մի ժիր մկրատ կար: Առավոտից երեկո վարսավիրի ձեռքի տակ աշխատում էր մկրատը, իսկ երեկոյից մինչև առավոտ հանգստանում էր վարսավիրի դարակում:  
Դե, չէր կարելի ասել, թե մկրատի կյանքը լավ էր դասավորվել: Վարսավիրը նրան անընդհատ նույն բանն էր անել տալիս. ամբողջ օրը չը'խկ, հա, չը'խկ, չը'խկ, հա, չը'խկ` մազ էր կտրում մկրատը: Դեռ շնորհակալությունն էլ ոչ թե իրեն էին հայտնում, այլ վարսավիրին:     
Մի օր էլ վարպետը, մտքերով ընկած, մոռանում է մկրատը դարակը դնել, թողնում է սեղանի վրա, փակում է վարսավիրանոցի դուռն ու գնում: Մկրատի համար տարբերություն չկար, թե որտեղ կքնի: Բայց երբ առավոտյան արթնանում է ու տեսնում է, որ իր մութ դարակում չէ, մտքով մի բան է անցնում. որոշում է մինչև վարպետի աշխատանքի գալը վարսավիրանոցից փախչել: Ի՞նչ կա որ: Զույգ աչքեր ունի, սուր ոտքեր ունի, այնքան գլուխ է տեսել, որ մի քիչ էլ խելք ունի: Մնում էր միայն, որ ոտքերն արագ շարժի, քանի դեռ վարսավիրը չի եկել ու չը'խկ, հա, չը'խկ` էլի նույն բանը, չը'խկ, հա, չը'խկ` դարձյալ նույն բանը:   
Ու մեր ժիր մկրատը իր փայլուն ոտիկները շարժելով սեղանից իջնում է ցած, իջնում, մոտենում է վարսավիրանոցի դռանը: Դուռը փակ էր: Բայց դե մկրատը հնար գտնել գիտեր: Պառկում է գետնին ու ոտիկները շարժելով կամաց-կամաց, կամաց-կամաց դուրս է գալիս դռան տակից: Դուրս է գալիս ու` այ քեզ հրաշք. ի~նչ լավ բան է ազատությունը: Պառկած տեղից վեր է կենում, կանգնում է մկրատը ու քանի որ կտրելու գործը լավ գիտեր, գնում է` ուր աչքը կտրի:   
Փողոցն անցնում է մկրատը, իր մեծ ու կլոր աչերով նայում, մի երկար ճանապարհ է  տեսնում: Ոտքերը` աջ, ձախ, աջ, ձախ` սկսում է քայլել չխկչխկանը: Բայց մկրատի ոտքերը` կարճ, ճանապարհը` երկար: Ո՞նց պիտի անցներ: Տխրում է մկրատը, բայց դե հո ինքն իր հույսը չէ՞ր կտրի: Ու մկրատն էլի հնար է գտնում: Խոր շունչ է քաշում մեր կտրելու վարպետը ու` չը'խկ, չը'խկ, արագ-արագ կտրում-անցնում է երկար ճանապարհը: 
Չը'խկ, չը'խկ` գնում է մկրատը մի նեղ փողոցով ու տեսնում է` մի փոքրիկ շնիկ պատի տակ նստած վնգստում է ու թաթը լիզում: Մկրատը խղճում է շնիկին ու, չը'խկ, չը'խկ, կտրում է նրա թաթի ցավը: Հետո էլ մի պստիկ չը'խկ, ու կտրվում է շնիկի վնգստոցը: Ուրախանում է մկրատը ու ոտիկները փայլեցնելով շարունակում է իր ճանապարհը:      
Ա'ջ, ձա'խ, ա'ջ, ձա'խ` գնում, գնում է մկրատը, գնում-հասնում է առվին: Առվի ջուրը վարարել էր, ու մկրատը վախենում է մյուս ափն անցնել: Բայց դե մեր մկրատը, որ իսկական կտրելու վարպետ էր, մի երկու չը'խկ է անում ու կտրում է առվի ջուրը: Առվի ջուրը կտրում, ցամաք հունով անցնում է, գնում:    
  Գնում է մկրատը, հասնում է դաշտին: Դաշտում բարձր խոտ էր աճել: Հողի մազերը շատ էին երկարել: Մկրատն իր վարսավիրանոցն է հիշում ու սկսում է հավասար, սիրուն կտրել խոտը: Չը'խկ, չը'խկ, կտրում է ու իր համար ճանապարհ բացում, ճանապարհը բացում ու դաշտի միջով գնում է, անցնում:   
Գնում է մկրատը, չը'խկ, չը'խկ, գնում-գնում, իր մեծ ու կլոր աչքերով նայում է ու մի տուն է տեսնում: Մկրատը մոտենում է, ուզում է ներս մտնել: Տան դուռը փակ էր: Բայց դե մեր մկրատն արդեն դռան տակից անցնելու վարպետ էր: Պառկում է մկրատը գետնին ու ոտիկները շարժելով կամաց-կամաց, կամաց-կամաց ներս է մտնում դռան տակից: Տես, է~. տունը ամենևին նման չէր վարսավիրանոցին: Մկրատը դրսում մի քիչ սառել էր, իսկ տանը տաք վառարան էր վառվում: Վառարանի մոտ տատիկը նստած` թոռների համար գուլպա էր գործում ու հեքիաթ պատմում: Մկրատը շատ կամաց, չը~խկ…, չը~խկ…, մոտենում է նրանց: Հետո խելոք նստում է թոռների կողքին ու լսում է տատի հեքիաթը: Տատի հեքիաթը մկրատին շատ է դուր գալիս: Լսում է, լսում, բայց ախր մեր մկրատը շատ ժիր էր: Տեղը տիտիկ չէր տա: Անընդհատ պիտի չխկչխկար ու մի բան կտրեր: 
Պատմում է տատիկը հեքիաթը, պատմում, հասնում է ամենահետաքրքիր տեղին, բայց մեկ էլ հենց այդ պահին… հենց այդ պահին մկրատը, չը'խկ, կտրում է տատի մտքի թելը ու տատի հեքիաթը կիսատ է մնում: Տատի հեքիաթը կիսատ է մնում, իսկ մեր հեքիաթն, ահա, ավարտվում է:   
Երկնքից երեք խնձոր է ընկնում: Տատը խնձորները թոռներին է բաժանում, իսկ մկրատը… մկրատն էլ իրեն է պահում:  
 
 

ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ

 

Նկար՝ Մայա Պետրոսյանի

 
Դիպլոդո անունով դինոզավրը բացատում պարի էր գնում: Դինոզավրենց պարի դասատուն երկու ոտքից կաղ էր: Նրա սաներից միայն Դիպլոդոն էր պարի շարժումնեը ճիշտ անում: Մյուսները նույնությամբ կրկնում էին դասատուի ցույց տված ձևով: 
-Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…,-ամեն պարապմունքին դասատուն իր սաներին տասներկու անգամ կրկնել էր տալիս պարը:- Երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ, տեղում կիսապտույտ… ապրե՜ք… թաթերն իջեցնում ենք, երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ: Վե՛րջ: Նորից ենք սկսում: Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…   
Ամեն անգամ «մարմինը ձիգ, քայլը գեղեցիկ» հրահանգի ժամանակ Դիպլոդոն սպասում էր, որ պարի դասատուն իրեն օրինակ կբերի, մյուսներն էլ կնայեն ու իրենց քայլերը ճիշտ կանեն: Բայց դասատուն այդ մասին ոչինչ չէր ասում: Իսկ պարապմունքից հետո նա միշտ ասում էր դինոզավրին. 
-Դու շատ պիտի աշխատես, Դիպլոդո: Բնությունից օժտված լինելը քիչ է:   
-Բնությունի՞ց,-հարցնում էր Դիպլոդոն: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե իրենց պարի բացատը, բացատը բոլորած ծառերը, ներքևում հոսող գետն ու բլրաձորակային անհարթություններն ինչ կապ ունեն իր պարելու հետ: Բայց ամեն անգամ դինոզավրի հարցին պատասխանելու փոխարեն պարի դասատուն կիսագաղտնի շշնջում էր.
-Պոչդ որ չլիներ, է՜, աշխարհում քեզ նման պարող չէր լինի:
Ասում էր դինոզավրենց պարի դասատուն ու գնում էր երկու ոտքից կաղալու:
-Պո՞չս,- հարցնում էր դինոզավրը` արդեն գնացած պարի դասատուին:   
Իհարկե, չի կարելի ասել, թե դինոզավր Դիպլոդոյի պոչը պարելիս չէր խանգարում: Բայց դա ի՞նչ պատճառ էր, որ Դիպլոդոյի պոչը չլիներ: Պոչով, թե անպոչ` աշխարհում Դիպլոդոյի նման պարող չկար, որովհետև մյուս բոլոր պարողները նույնությամբ կրկնում էին դասատուի շարժումները:   
Պարապմունքից հետո Դիպլոդոն իր պարի դասատուի ասածն էր անում` շատ էր աշխատում: Կրկնում ու կրկնում էր պարային շարժումները: Տասներկու անգամ: Հետո էլի տասներկու անգամ: Չէ՞ որ շուտով իրենց պարի խումբը համերգ էր տալու: Ովքեր ասես, որ չէին գալու: Պարի դասատուն այդ համերգի մասին ասում էր «շատ պատասխանատու համերգ»:  
Մի քանի պարապմունք անց կենդանիներն ամեն տեղից հավաքվել էին բացատում` պարի խմբին դիտելու: Օձը, դեռ համերգը չսկսած` ֆշշացնում էր, կոկորդիլոսը, դեռ համերգը չսկսած` հուզվել, լաց էր լինում: Կրիան էլ, դեռ համերգը չսկսած` բոլորին ասում էր. «Դե, վերջապես մի տեղ գտեք, նստեք: Բան չի երևում»: 
Իսկ պարի խումբը լարված-կանգնած էր պարի բացատի եզրով շուրջպար բռնած մեծ-մեծ ծառերի հետևում: Դասատուն երկու ոտքից կաղալով վազվզում էր ու խորհուրդներ տալիս իր սաներին.
-Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜ք…
 Եվ ահա խումբը պարային շարժումներ անելով մտավ բացատ: Դիպլոդոն իր անտեղի կաղացող ընկերների համար շատ էր անհանգստանում, բայց հույս ուներ, որ հավաքվածներն առանձնապես չեն նկատի: Ու կարծես այդպես էլ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Դասատուն մի մեծ թփի հետևից կիսաձայն հուշում, հրահանգներ էր տալիս. 
-Երեք փոքր քա՛յլ, երկու մեծ քա՛յլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ… տեղում կիսապտո՛ւյտ… 
Ու կիսապտույտ տված պարի խումբը մեջքով դեպի հանդիսատեսը շրջված` շարունակում էր պարել ու շարժել` ով պոչ ուներ` պոչը, ով պոչ չուներ` պոչի տեղը: 
Մեկ էլ մի ահավոր աղմուկ բարձրացավ: Դիպլոդոն կեսից հասկացավ, որ նստածները ոչ թե հիացած բղավում, այլ ծիծաղից մեռնում են: Ինչ ուզում ես ասա, երկու ոտքից կաղալով կիսապտույտ անելն, իրոք, շատ ծիծաղելի է: Խումբը մի անգամ էլ տեղում կիսապտույտ արեց, դեմքով շրջվեց դեպի հանդիսատեսը, ու Դիպլոդոն նայեց քահ-քահ ծիծաղողներին: Բայց նրանք կարծես ինչ-որ պոչի վրա էին ծիծաղում… Դա ինչ-որ պոչ չէր: Դիպլոդոյի պոչն էր: Որը գուցե պարելիս մի քիչ խանգարում էր, բայց Դիպլոդոյի՛ն էր խանգարում:  
Խումբը շարունակում էր երկու ոտքից կաղալով պարել: Բայց Դիպլոդոյի` հետևում մնացած պոչը հանդիսատեսին հանգիստ չէր տալիս: Ծիծաղում ու ծիծաղում էին: Ահա և քեզ` շատ պատասխանատու համերգ: Դիպլոդոն թողեց պարելը, շրջվեց, նայեց իր պոչին, նայեց պարողներին, նայեց ծիծաղողներին, ինչ-որ անհասկանալի բաներ քրթմնջաց, պոչը քաշեց ու գնաց: Բնությունից օժտված Դիպլոդոն երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ անելով գնաց բլուրների կողմը: Դա բոլո՛րը տեսան: Բայց դինոզավր Դիպլոդոյին էլ երբեք ոչ ոք չտեսավ:    
Եր-բե՛ք: 
 
 

 

Արա Նազարեթյան / Պատմվածքներ

13.01.2016 00:14
Արձակագիր, ՀԳՄ անդամ 1998թ. 
Ծնվել է 1950թ. օգոստոսի 10-ին, Ալավերդիում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ 
Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն, որոնք տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում։ 
ԵՐԿԵՐ 
1. Կարմիր խնձորներ 60-րդ հորիզոնականից, Եր., 2010։ 
2. Հանդարտ պատմվածքներ, Եր., 2003։ 
3. Ռազմավար պատմվածքներ, Եր., 2001։ 
4. Մահկանացուներ, Եր., 1995։ 
5. Տապան, Եր., 1991։ 
ՊԱՐԳԵՎՆԵՐ 
1. 2010 թ. «Գարնանային թեթև պատմություն» պատմվածքն արժանացել է «Համահայկական պատմվածք» մրցանակի։ 
2. 2001թ. «Ռազմավար պատմվածքներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակի։ 
3. 2001թ. «Էկզոտիկ պատմություն» («Բագատել») նովելը, իսկ 2008 թ. «Հետախուզում մարտով» պատմվածքն արժանացել են գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակի։ 
4. 1996թ. արժանացել է «Հայ գրականության բարեկամներ» և ՀԳՄ Գրիգոր Զոհրապի անվան մրցանակի։ 
 
 
 
 
ԷԿԶՈՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
 
(Բագատել)
 
Նա' փարիզաբնակ այդ ֆրանսուհին, Կոնկորդ հրապարակի բացօթյա սրճարանում երկար տխրել էր մեքենաների աղմուկի մեջ, երկար նայել էր Կարնավալեի հնաբույր պատի աննկատ ճաքին, որ ինչ իմանաս որ դարում աչքի պես բացվել էր ու, անթարթ, աշխարհի անցուդարձին էր նայում ու Փարիզին, որտեղ այլեւս ոչ ասպետներ կային, ոչ թագավորներ եւ վաղուց ոչ մի հերոսական բան չէր կատարվում, հետո քայլել էր Ռիվոլի փողոցով մինչեւ Սիտե, Նոտր-Դամում մոմ էր վառել, ապա Արվեստների կամրջից շատ երկար նայել էր Սենայի ջրերին, այնքան երկար, որ միտքն ամբողջացել էր եւ Սենայի մանրախիտ ալիքների մեջ ցոլացող խճանկարից բռնել էր Էյֆելյան աշտարակի պատկերն ու այդ պատկերն ամբողջացնելով-ամբողջացնելով, հայացքը դեմ էր ընկել դիք աշտարակին, որ Մարսյան դաշտերում կանգնած էր ընձուղտի պես գլուխն ամպերում, ապա հապճեպ, երկու րոպեով մտել էր խմբագրատուն' գործուղումը ձեւակերպելու եւ... Փարիզից հայացքը մտապահել էր վերջին պատկերը
 Էյֆելյան աշտարակը ընձուղտի պես վեհասքանչ ու անշնորհք ու հիմա, ահավասիկ, ինքը կանգնած էր "հաղթանակած լեռնականների" քաղաքային հրապարակում "խրամատի տղաների" մեջ' ոտքերը քշտած, կարմիր թաշկինակի մեջ մազերը հավաք կապած  լրագրողական հսկա պայուսակը բարալիկ մարմնով պահում էր սալարկից մի մետր բարձրության վրա, իսկ "խրամատի տղաները" մինչ այդ Կարեւոր Դարպասները պահել էին, Հին Մեծ Քաղաքն ազատագրել էին, Հուսո Ճանապարհին տեր էին կանգնել ու ամաչում էին, որ հաղթանակած էին ու հպարտ Փարիզից եկած այդ փխրուն էակի մոտ, որը, պարզվում է, նաեւ լրագրող է ու նաեւ, որ դարձյալ Փարիզ է գնալու... եւ ամաչելուց թաքուն իրար հրմշտում էին ուսերով ու միմյանցից գաղտնի իրար աչքերի մեջ էին նայում ու շարունակում էին ամաչել, իսկ նա' Փարիզից եկած աղջիկը, իրեն այնպես էր պահում, ասես հարեւան բակում լվացք անելը նոր թողել, մի րոպեով դուրս էր թռել փողոց' հերոսների շքերթը բաց չթողնելու գայթակղությամբ ու կարող է հիմա ծկլթուն հրճվանքով ետ փախչի բակ, որովհետեւ այդ հերոսները, ճիշտ է, Հին Մեծ Քաղաքն են գրավել, բայց դե տղամարդ են հաստ բեղերով ու կարող է Հին Մեծ Քաղաքը գրավելուց բացի, մանավանդ դրանից հետո, ուրիշ թաքուն միտք էլ ունենան, իսկ խրամատից եկած տղաներն իրար հրմշտում, իրար առաջ էին գցում, մաքուր մաքրած սալարկի վրա ու արեւը շողշողում էր, իսկ աղջկա տուտերը փորի վրա կապած կապույտ վերնաշապիկի տակից պորտիկը մերթ ընդ մերթ արեւին աչքով էր անում ու տղաներն աչքները կկոցում էին արեւից ու ամաչում էին եւ այդ ամենի
 վրա աղջիկն այնպե՜ս զարմացած էր դեմքի բաց ու հրճվալի իր ժպիտի մասին մոռացել էր ու այնպե՜ս դուրեկան էր այդ զարմանքը, որ պետք չէր ընդհատվեր եւ տղաները չգիտեին է'լ ինչ անեն, աշխարհ տեսած այդ խելացի աչքերից զարմանքը չփախչի. դե, Հին Մեծ Քաղաքն էլ արդեն գրավել էին, թե նորից գրավեն, իրենց հետ որքան էլ նա խնդրում-պահանջում էր, առաջին գիծ աղջկան տանելն էլ երբեք չէին տանի, որովհետեւ վտանգալի էր ու, բացի այդ, հարմարություն-բան չկար, ու, բացի այդ, ի՞նչն էին ցույց տալու. հրացաննե՞րը, նռնակնե՞րը ' ցույց տալու բան չկար, իսկ աղջկա հիացական բերանը կիսաբաց էր ու մանրաճերմակ ատամնաշարը կարմիր շուրթերի միջից երեւում էր ճաքած նուռի հատիկների նման ու մի տեսակ նռան գինու արբեցում կար, թեեւ գինին պակասում էր... այսինքն այդ պահին ու այդտեղ էր պակասում, իսկ տանը կար մառանի կարասում եփվել-նստել էր ու, այնուհետեւ, մինչ տղաներն իրարից առաջ ընկնելով, աղջկան աթոռ էին առաջարկում, աղջիկը լրագրողի պայուսակը միակ մահճակալ-թախտին իր նկարչա-ձայնագրական սարքերի ողջ ծանրությամբ հարմար դրել էր վերջապես ու զարմանում էր գինու կարմիր թափանցիկության վրա ու գավաթների մեծության վրա ու տղաների կարողության վրա, որ այդքան խմում են ու դիք-դիք նստած են Զատկի կղզու իմաստունների պես... ու իր կարողության վրա էր զարմանում, որ մեծ, շատ մեծ բաժակով հավասար խմում է ու փոխանակ արբենա, ավելի է զարմանում այս տարօրինակ աշխարհի , այս գինու ու այս տղաների կարողության վրա եւ դա կարող է այս տարաշխարհիկ օդից, այս գինու թափանցիկ կարմրությունից ու այս տղաների ամաչկոտությունից էր ու անկարելիորեն հրաշալի էր ամեն ինչ- եւ այդ ամեն ինչի, պատերազմող երկրի այդ մութ ու խորհրդավոր գիշերվա, այդ միհարկանի ու գյուղական տան մեջ խրամատի այդ հերոս, կոպիտ ու իրենց հրաշալի լինելուն անտեղյակ տղաները ու տղաներից առաջին հերթին շեկ կապուտաչյան, որի մի շաբաթվա չսափրած, վարազի մեջքի պես ցից խոզանակն այնպես զինաթափող, ապահովություն ներշնչող, դուրեկան կոշտություն ուներ... ու նաեւ մյուսը տասնութ տարեկանը, որ հասցրել էր իր այդ կարճ կյանքում, ով իմանա, ինչքան թշնամի, սակայն այնուամենայնիվ, մարդ էր սպանել առանց աչքը խփելու, բայց դեռ որեւէ կնոջ համ տեսած չկար առաջին անգամն էր ու աչքերը փակել էր ու մշմշում էր, որպես մոր ծծին ընկած երեխա... եւ աղջիկը գլուխը շոյում էր հոգատար ու նրա տղամարդ դառնալու ժամանակի ընթացքն իր համար շոշափելի էր, ինչպես արեւի շողը փոշոտ նկուղում... ու նաեւ հաջորդը'' գերմաներենի գյուղական դասատուն, որ ողջ կյանքում գործը, փաստորեն, Եվրոպայի հետ էր եղել, բայց եվրոպական ոչնչի հետ գործնականում չէր առնչվել, բայց մեծ փափագ ուներ շփվելու եւ սա առաջին կենդանի շփումն էր ' գեղարվեստին մոտեցող կիրթ, պարտաճանաչ քաղաքավարությամբ... եւ Կոստյան' վերջինը, որ խռոված անկյուն էր քաշվել, մոտ չէր գալիս, բայց դա ջոկողություն կլիներ եւ խորթության պես մի բան էր ստացվում, սակայն համառում էր, մինչեւ տղաները "խրամատային ախպերության" փաստարկով նրա չեմուչումը կոտրեցին... եւ մահն ամեն օր աչքի առաջ ունեցող հերոս ու առնական այդ տղաների հոգին ու կերպն զգալու թունդ ապրումից ու նրանց պիտանի լինելու քնքույշ զգացումից աղջիկը երջանիկ էր ու երջանկությունից շաշվել էր եւ նրա անպարագիծ ծիծաղը թախտին ճխում-բոցկլտում էր, ինչպես կրակը այրվող փայտի վրա... եւ Կոստյան համտեսելու այդ շքերթը եզրափակեց վերջապես... բայց եզրափակելն էն բառը չի, որովհետեւ տղաները իրենք խմում էին' նա իր գործին, նրանք խմում էին' Կոստյան... Կոստյայի բաժակը չէր դատարկվում, սեղանին լիքը դրած էր, մինչեւ տղաները թախտից զոռով պոկեցին, տարան իր բաժակի մոտ- բայց դարձյալ չէր խմում, տղաները խմում էին' նա չէր խմում, ասես աթոռին քանդակած- երբեմն միայն ծուռ ժպիտով նայում էր թախտին կուչ եկած' ինչպես երեխան մոր արգանդում, մուշ-մուշ քնած աղջկան, որ մեկեն քնել էր երանության վերջին թառանչը կիսատ, հիացական զարմանքը կիսաբաց բերանին թառած, իսկ Կոստյան, ուրեմն, այդպես չխմեց-չխմեց ու մեկ էլ հայտարարեց ' ես իրա հետ ամուսնանալու եմ… ու կռիվ գցեց տղաների հետ, որ համարձակվել էին իրենց այդպես խոզավարի պահել իր ընտրյալի հետ եւ այնքան կռվեց, մինչեւ տղաներն ակնարկեցին, թե էս մեր պատերազմից ու կռվից վայթե գլուխը պրծացնել, Փարիզ գնալն է մտքինը, որ դավաճանության պես մի բան է, բայց Կոստյան ելքը գտավ, լուրջ ու գործնական վճռելով ու վճռի մասին հայտարարելով, թե կտանի իրենց գյուղը ֆրանսերենի դասատու... բայց դե տղաներն էլ աշխարհի գործից անտեղյակ հիմար չէին- կասկածեցին, որ Կոստյան, երեւում է, կտանի, բայց... աղջիկը վայթե չմնա... ու այդքանի հետ միասին նաեւ ձեռք էին առնում, բայց ձեռք առնելը դեռ ոչինչ, ուժեղը փաստարկն էր, որ իրոք, աղջիկը... ու Կոստյան ուռա՜վ... ուռավ-ուռավ ու նորից պայթեց, թե էդ բանը տղերքը պիտի չանեին, բայց միեւնույն է, ինքը հետն ամուսնանալու է... եւ այնքան ասավ-վիճեց, վիճեց-ասավ, որ տղաները սրան էլ տարան պառկեցրին' քնացրին թախտի մյուս ծայրին ոտնիծոց... իսկ գիշերը համարյա անցել էր, լուսանալու էր, բայց արեւը դեռ չծիկրակած, արեւից ու լույսից ծածուկ, միմյանցից հայացք թաքցնելով, վրիպումն արած խախուտ պառավի պես սուս ու փուս, կորան-գնացին կոշտ ու կոպիտ ու վտանգալի, անօծանելիք իրենց անտեր կյանքին տեր կանգնելու, ուր ոչ Էյֆելյան աշտարակ կար, ոչ "Կոմեդի Ֆրանսեզ". մահն աչքի առաջ ունենալով, բայց թաքուն բախտավորված ու այդ բախտին իրենց անարժան համարելուց մի քիչ նեղվելով, թեեւ ճիշտը որ խոսենք, ֆրանսուհին մի բանի համառ ակնկալիքն ուներ' թունդ ու էկզոտիկ, իրենք էլ մահվան դռնից արձակուրդ եկած տղերք' հո ջութակ չէին նվագելու... ու բացի այդ, եթե արդար լինենք, քսաներորդ դարավերջի այդ փափուկ տաքությունից մի բան էլ իրենց էր երեւի հասնում, թեեւ հասածը կարող է իրենցը չէր, կարող է իրենցն էր ո՞վ է դատավորը... խրամատները գնացին տղաները մեկը շեկ ու կապուտաչյա, մեկը հազիվ տասնութ տարեկան, մյուսը գերմաներենի գյուղական ուսուցիչ ու նաեւ Կոստյան. գնացին, աղջկան թողնելով մենակ եւ աղջիկը- արդեն հորիզոնից մետրաչափ բարձրացած արեւի շողերում լողում էր, ինչպես փետուրները հարդարող հավիկը մոխրի մեջ մտքի ծայրով վերականգնում էր իրականություն դարձած էկզոտիկ այս պատմության խճանկարը, որ ստեղծվեց մի շնչում վարդակակաչների, հիրիկների ու վարդերի մեջ կանգնած զարմանահրաշ "Բագատել"* պալատի պես... ու ճմլկոտում էր ձիգ ու նրա հիասքանչ հորանջը լողում էր ու մնում, ինչպես ստվերը Սենայի հանդարտ ալիքների վրա-Էյֆելյա'ն աշտարակի ստվերը-սքանչելի ու վեհապանծ. ինչպես ընձուղտ, որ վերեւից է նայում աշխարհին ու աշխարհի վրայի այս ամեն ինչին…
 
--------------------------
 
*Բագատել- պալատ Բուլոնյան անտառում, որ կառուցվել է բարձրաշխարհիկ մի գրազի արդյունքում' վաթսուներկու օրվա ընթացքում:
 
ԱՆՊԱՃՈՒՅՃ ՊԱՏՄՎԱԾՔ  
 
Այն ժամանակներից, ինչ ջրի մեջ առաջին անգամ քար գցողն արդեն քարը գցել էր և սկիզբ առած պատմության մեջ գալարները գնալով ահագնագլորում էին համընդգրկուն անկառավարելիությունը… և, դրանից հետո, որ տիեզերական խառնաշփոթը սուր անկյուններն ու կոշտ կողերը մաշելով–մաշվելով հասել էր հավասարակշռված համակարգի, ահա, այդ ժամանակներից ու դրանից էլ հետո, երբ արդեն բանը համաչափություններից ձանձրանալու անկանխատեսելի գործընթացին էր թեքվում ու այդպես մինչև, երբ չափուկ – ձևուկ օրացույցային իր օրն սկսած Քեռին աշխատանքի գնալու առավոտյան քսաներկուրոպեանոց իր գլուխկախ ճանապարհն էր գնում ու, սատանի թե հրեշտակի գործ էր, գլուխը բարձրացրեց… գլուխը բարձրացրեց և ուշ քնած-կանուխ ելած, տուն առնելու դրամը տակավին նպատակ, առայժմ վաթսուն դոլար ամսեվարձ տվող ու պակասող դոլարներից հերթականի հետևից հերթական անգամ տասվեցժամանոց աշխատանքի գնացող ներամփոփ մարդու ինքնըստինքյան իր գնացքն իր իսկ համար անսպասելի ընդհատեց… ընդհատեց, ասաց… ահա, մինչ այդ ասելը, մինչև այդ ասելուն նախորդող պահն ընկած պատմական անչափելի միջանցքում ոչ ոք դեռ չեր տեսել այն, ինչ երևի առաջին անգամն էր և ինչը, չգիտես գլուխն ինչու բարձրացնելով, տեսավ Քեռին ոսկեգանգուր աղջկա հպանցիկ, ինքնանվեր հայացքում, ոսկեջրած ակնոցի ապակիների մեջ ու բարակաշուրթ բերանի վար ծռած անկյունում, այո, Քեռին տեսավ ու տեսածը և հեգնանք էր և աղերսանք և էլի, դրանց հետ խաղաղ գոյակցող մի բան, որ ինքնին այնքան էլ խաղաղ չէր, հստակ տեսանելի էր, թեև անունը դեռ չդրած, անանուն, քանզի առաջին անգամն էր երևի ու առաջին անգամ երևի ինքն էր հայտնաբերում ու այդ բոլորը' ծաղրը, թախծաթախանձն ու այն մյուսը' մի ուրիշ բանը, որ դեմքի լուսուստվերում թպրտում էր հերոսաբար, անվարժ ոտքերին ամուր կանգնել փորձող խիզախ ճուտիկի հանգույն, որ անզոր, բայց զորեղ համառությամբ ինքնահաստատվելով, զավեշտորեն լուրջ, թպրտում է, թպրտում է ու կա… այդպես թպրտում էր ու կար և որի անունն ինքը պիտի դներ երևի առաջինի իրավունքով, բայց ոչ այդպես հանկարծակի, մտածելու բան էր ու ծոծրակը քոր էր գալիս… այդ երեքը…երեքն էլ միևնույն երանգի մեջ էին, նույն գույնով, ինչպես սպիտակով սպիտակի վրա նկար անես բայց նկատելի լինի, երեքն էլ կային ու իրարից այնպես անպոկելի, ինչպես ստվերը պատից ' այդպես ու ինչպես արևի ճառագայթը հայելիով ուղղես արևի վրա ու արևի վրա այդ ճառագայթը երևա այդպես, երեքն էլ ոսկէ գանգուրներով շրջանակված կլոր դեմքին տեսանելի էին, կային ու կայծկլտում էին ոսկեջրած ակնոցի ապակու փայլի պես և բարակաշուրթ–խռովկան բերանի վար ծռված անկյունից ծորում էին… ու վետվետում էին, ինչպես լույսը օրվա նոր կանաչող սաղարթների մեջ ու շիկնած այտերին թրթռում, դողում էին ոտնափախ պատրաստ' ականջը օտար շնչի ձայնին եղնիկի պես. որսորդը շունչն ինչքա՞ն պիտի պահի:
 
Եվ Քեռին ասաց այն, ինչ ասաց.
 
- Մի բան պիտի արվի…
 
Երևի մի խելառ բան, քանզի խելոք բաներն անում են, չեն ասում բան պիտի արվի. բան է' պիտի արվի:
 
Այս անգամ, սակայն, նշանակալից, Քեռին ասաց.
 
- Մի բան պիտի արվի:
 
Հետո, երբ մայթին անմիտ ցցվածի իր տեսքն ակնհայտորեն ուշադրության առարկա էր դառնում, ծոծրակ քորելը թողեց, տանը խռոված–հանդում մոշից հրաժարվողի ինքնազոհ վճռականությամբ ասաց.
 
-էսօր գործի չեմ գնում:
 
Ու չգնաց: Այդ օրը:
 
…Այդպես երբեք չէր եղել:
 
.
 
ՃԻԿ
 
(Бабье лето)
 
...Արեւն արդեն դուր է գալիս, ուրեմն թուլանում է, այո, կամաց թուլանում է ու ամառվանից մայթեզրին դուդուկ նվագողի մոտով անցուդարձողները, անցուդարձողներից ' ամառվա ծեքծեքուն բոցաբացներն օրն-օրի ավելացվող հանդերձի մեջ կրակն անթեղում են արդեն, թեեւ ուշադիր որ նայում ես... Որ նայում ես ուշադիր ու հետո, աչքերդ որ փակում ես...
 
Չշտապող այն մեկն, ահա, որ այնպես է ոտքը զգույշ-հիմնավոր դնում, ասես թաքուն միտք ունի երկրագունդը հրելու է կամ բարակ կրունկով ծակելու է փուչիկի պես... Ճտքապատ ոտքի թաթը, թաթի ելուստը ճկույթի արատից է. երեւի մորուց ճկույթն աջ փախած է, աղջիկ-երեխա' ինչքան են հոգու հետ խաղացել, դեմքին այդ արտահայտությունը - ինձնից ձեռք քաշեք - հոգնած ժպիտի տեսքով դեռ կա, ձեռքով ճանճ քշելու պես: Հիմա տուն որ հասավ, տանը, խոհանոցում, սեղանի առջեւ բոբիկ, իր գործի վրա ճիգ անելիս այդ ճկույթը բացվելու է բարձր ճյուղին ձգվող ուլի կճղակի պես զավեշտական ճիգով, անճոռնի սիրուն...
 
Մյուսը. առավոտ ճիշտ ժամին արթնացել է, թեյնիկը դրել է, սենյակներն օդափոխել է, հարդարանք-բան, հետո դուռը խնամքով կողպել է, բանալին դրսից դրել է շեմքի ոտաշորի տակ ապահով, ամեն ինչը տեղը-տեղին, ամեն ինչին ձեռքը հասցրած ու հիմա պատահական հանդիպած գալիս է ու բերանը կիսաբաց, աչքերը կիսախուփ ժպտում է հոգատար-հասկացող' ես գիտեմ քեզ ինչ է պետք - քեզ պետք է, առանց կամքդ հարցնելու, բռնեմ տկլորեմ, մտցնեմ տաշտակը, օճառն աչքերիդ, լա՜վ տրորեմ, ոսկորներդ գցեմ տեղը մանրամասն, փափկացնեմ-կարմրացնեմ' արյունդ խաղա ու ճերմակ, խշխշան անկողնու մեջ ծածկեմ վերմակը մինչեւ բկատակդ ու... մինչեւ դու պլշած կնայես վերմակի տակից, մինչեւ գալս, հասցնես մտածել' ճիշտ որ - օձը տաքացնողին է կծում...
 
Գուցե օձի համբույրն էլ դա է:
 
Համբույրը: Շրթունքներ կան... Բալենու տերեւի նման, տերեւի թաքցրած բալի պես համբույրը վրան, ինքնանվեր հուշում են' լեզվով վերցրու... Հասել է ու քանի չի կաթել' շտապ մեկին տալու է, քանի համը տեղն է, պիտի տա - պարզ երեւում է, վառեկի պես խուճապահար, առաջին անգամն է, ձուն չգիտի որտեղ է դնելու, բայց աչքերն ասում են' էլ ի՞նչ կուզեիր... Ուզածդ գիտի, բայց, ահա, խույս է տալիս, ահա, անցնում է ու քայլքից նկատելի է, եռանդը մեջը քլթքլթում է, կրակ ունի ու այդ կրակից շորերի նեղվածքի մեջ հետույքի խնձորակները վեր ու վար են անում երկտակտանի մխոցի նման, ասես կաշկանդող այդ նեղվածքից դուրս պրծնել է ջանում, հիմա դուրս կպրծնի-չի հաջողվում... Համենայնդեպս, մինչեւ տեսադաշտից կորչելը ջանքն արդյունք չի տալիս: Կասկած չկա սակայն, գլուխ է բերելու ու շորերից ազատագրված մորեմերկ, անտեղյակ, որ նայող կա, կանգնելու է մեծ հայելու առջեւ  լայնաշունչ, անկաշկանդ-ձեռքերով շեկ վարսերը հավաքելու է ծոծրակին ու վեր գնացած արմունկներին հետամուտ կրծքերը ձգվելու են վեր, պտուկները մի գծի վրա հարթաչափի աչքերի պես աջ-ձախ տարուբերելով-անփույթ, լղոզուն կարմիր, ասես երեխայի նկարած, տռուզ պտուկները... Ահա այդպես: Այնինչ... անցավ ու այդ ամենն այլեւս կամ լինելու է, կամ չի լինելու. խնձորաձեւ հետույքի թշերի պես սիրտդ վեր ու վար անող հուշը' հիշատակ:
 
Դուդուկ նվագողի գործը լավ է: Դուդուկ նվագողն իր դուդուկն է նվագում ու դուդուկ նվագելով տարված, շուրջը ոչինչ չի տեսնում ու սիրտը խաղաղ է եւ խիղճը հանգիստ, քանզի ուրիշի կնոջ ոչ աչքերի մեջն է նայում, ոչ քամակին. մի տեսակ, ոչ մեկի մտքով դեռ չի անցել որեւէ կնոջ քամակին նայելով դուդուկ փչել: Այնինչ մեր այս դուդուկ փչողն իզուր չի նայում. եթե նայեր, անպայման կնկատեր - երկու քայլի վրա աշխույժ զրույցի բռնված կանանցից մեջքով իրեն կանգնածի հետույքը ճիշտ դրված տանձի ձեւ ունի. Մի՞թե տանձի ձեւը վատ ձեւ է, որ հայացքդ դարձնես: Ընդհակառակն, ամուր, պինդ նստող ձեւ է: Զրույցով տարված, կինը շարժումներ է անում ու բոլոր այդ շարժումները տանձի շուրջն են. տանձն, այնինչ, խարիսխի պես հիմնավոր է ու անշարժ:
 
Ընկերուհին շատ բան իմացողի տեսք ունի - ասա այդքան բանն ինչիդ է պետք, որ իմացել ես - գիտի ու հիմա պահն է, բայց բերանը չի բացում, ասելիքն եկել, դեմ է առել սեղմած շուրթերին, թշերը փքվել են ու դրանից աչքերն այնքան են սեղմվել-սրվել, ասում ես հայացքով երկաթ կկտրի: Բայց սիրվելու իր ձեւն ունի անկասկած. երեւի դիմանա-համբերի-դիմանա ու պայթի: Կարող է չկպած ' պայթի-բոլոր գծերը մի տեսակ ուռած կլորավուն են. հոնքերը բարակ-բարակացրել է' կոպերն ուռուցիկ են թվում, կիպ փեշը կարճ է ազդրերն ուռուցիկ երեւում են, շրթներկը հաստ ու կլոր է տարել' շուրթերն ասես մանդարինի երկու թմբլիկ շերտ իրար վրա, թելագծերն էլ նշմարելի են սեւին միտող մուգ կարմիր... Սվիտերն այնքան սեղմ է, կրծքերը... Կրծքերն, իրոք, փարթամ են: Բարակ մեջքի վրա այնքան փարթամ են, ասում ես' հետույքն ու ուսերը ետ թողած, մեջքն անխիղճ բարձված ձագ ավանակի պես ճկվել է ու հիմա փորը գետնին կտա, բայց դիմացկուն է ձագ ավանակի պես ու փորը գետնով չի տալիս, իր բաժին տանելիքը կրում է հպարտորեն ի ցույց, որպես կուսության հավաստիք կարմիր խնձորը:
 
Երեւի վերջին մոդան իրենց հագածն է: Զրուցում են անցնող հայացքներին անտարբեր, մնացյալ աշխարհին անհաղորդ, ասես նորաձեւության սրահի ցուցափեղկում' շրջապատից բարձր ու բարձրաշխարհիկ:
 
Բոլորը...
 
Բոլորի մեջ կրակ կա ու կրակի լեզվակները ներսից բարձրանում, երբեմն հասնում են աչքերին ու աչքերի մեջ խաղում են երբեմն-երբեմն - շեկ թե մրահոն, խրտնչող թե գործնական, կարճափեշ, երկարամազ, շուտ նեղացկոտ, ոտքը դուրս, ակնոցավոր, ծիծաղկոտ, աչքաբաց, պարզասիրտ, խոչընդոտ չճանաչող, սիրառատ, կապույտ երազը թարթիչներից կախ, քիթը ցից, հնազանդ, մանկապարտեզի վարիչ թե ջութակ նվագող, ինքնամատույց թե անմատչելի... բոլորը, բոլորը' լրիվ ու ամեն մեկն առանձին-առանձին, անթեղած կրակ ունեն... ու, որ մտածում ես, այդքան տարատեսակ, այդքան անհամար ու մարդուս կյանքն այսքան կարճ, որ մտածում ես' ախր կարող էր, չէ՞... Բայց ոչ, դրանցից ոչ մեկի բոցը դու չես բորբոքելու - ահավոր բան է, որ մտածում ես - այդքանից ոչ մի լուցկու հատիկ, վստահորեն, դու չես վառելու եւ բռնկվելուց առաջ այն չի ապշի.
 
- Ճի՞կ...
 
Զրուցող կանանց ավելի մոտ, դուդուկ նվագողը, չգիտես ինչու, սառավ մնաց, դեմերես կանգնած փարթամը, սակայն, մի հատիկ այդ բառից ' ճիկ, կրակն այտերին առավ ու բռնկվում էր արդեն, թեեւ աչքերը պաղ էին ու կլորացած ու հստակ, ցրտեր գուժող պարզկա լուսնի պես, ընկերուհուն ասաց.- Տեսա՞ր դրան...
 
Մյուսի, ընկերուհու հոնքերի մեջ շինծու գորովանքով կատվի հոգու հետ խաղալու փնջիկի պես մի բանի սաղմ էր խլրտում, որ դեռ չգիտեր ծիծա՞ղ ծնվի, թե՞ քամահրանք, ասաց.- Ո՞րն էր, դուդուկ նվագո՞ղը...
 
- Չէ,- ասաց արագ կողմնորոշվածը,- մյուսը, էն, պատի տակ վեր ընկած փսլնքոտ ապուշը. ասես մարդու չիր լինի,- ու մատով ցույց է տալիս ու մատի ծայրին արյան թարմ կաթիլի պես ներկը փայլում է սուր եղունգի վրա:- Երազում կորեկ է տեսել ճնճղուկը:
 
Այդպես էլ ասաց, ասֆալտ հարթող գլդոնների նման կրծքերին ծանր նստած հայացքով դանդաղ անցնելով:
 
...Իսկ արեւն, այնուամենայնիվ, մի օր մարելու է ու թեկուզ լինես այս աշխարհի ամեն ինչին ձեռնահաս հզոր, մի օր գալու է համատարած ցուրտը... արդեն գալիս է: Ու փրկություն չէ կուչ գալը, որպես աշխարհից քո հասանելիքն ամփոփող գլխարկիդ մոտ կծկված մի բուռ մուրացկան, ահա, որ համարձակություն ունեցավ, բայց երեւի պիտի չասեր' ճիկ:
 
 
ԵՐԵՔ ՊԱՐՊՎԱԾ ՇԻՇ
 
Նեղ փողոցի մի կողմում պուրակն էր, մյուսում խանութը ու մթերային այդ խանութի մայթին խշխշան տոպրակը թևատակած, աչքերն անհանգիստ ման ածող կինը ու երբ կորամեջք մեկն ու մյուսը կախքիթ` երկուսով խանութից ելած, առաջացած տարիքի հետ չհաշտվածի իրենց եռանդուն քթքթաքայլով անցնում էին, իրենցից մեկն ասաց` կա բոզ ու կա շա՜տ բոզ… չբռնած ձկան չափը ցույց տվող պարծենկոտ ձկնորսի հանգույն ձեռքերը տարածեց ու մինչև փողոցն անցնելը չափը գնալով մեծանում էր ու արդեն շա՜տ շատ մեծ էր, Կորամեջքի թևերն իրենից ետ էին մնում արդեն ու ասես թռչնաճախրի էր պատրաստվում և քայլերն ավելի լայն ու անհամաչափ էին ստացվում, մինչև պուրակի մայթը. մայթեզրին պիտի գայթեր ու հավասարակշռությունը պահելու համար ձեռքերի տարածած վիճակը շատ հարմար էր, բայց մի ոտքի վրա կիսապտույտ այնուամենայնիվ արեց` Կախքիթը գալիս էր ու դահուկորդի պես գարեջրի շշերը բռնած ձեռքերի մեջ մանր ծիծաղում էր` հի°-հի°-հի° … ու ծիծաղի մեջ ջահելությունից հիշվող իր կարողությունների մնացորդային ողջ պաշարն էր` մտածված խախտումից էժան պրծածի ինքնահավան բավականությունը, պատշաճության համար ամոթի զգացումով թափանցիկ շղարշած, թեպետ ձևական այդ քողարկումն իրեն ակնհայտորեն պետք չէր, ինչպես վարտիքը կրկեսի կապիկին… բայց ընկերոջ ձեռնահարած թեման սովորույթի ուժով այդպիսի արձագանք պիտի ունենար, առաջներում այդպես էր ու իմաստ ուներ, հիմա պարապ կապկումն էր ի դեմս տոպրակավոր կնոջ, որ ա՜յ քեզ բան, մայթից իջել, գալիս էր պատշաճ հեռավորության վրա~ չես ասի հաստատ քո հետևից է գալիս, բայց գալիս է ու կանգնես` երևի տա-անցնի, մի հնարավորություն, որ արդեն պուրակում ուներ` նստարանի մոտ երբ Կորամեջքն ու Կախքիթը կանգնեցին… բայց չօգտագործեց, պատշաճ հեռավորության վրա, ոտքը կախ, շորորում էր և Կորամեչքի հաստակնոցավոր աչքերը փայլում էին անկարելի մեծ խաղալիքին դեմ ընկած երեխայի պես` խաղալիք է, լավ է, բայց խաղալու հարմար չէ, իրեն չի վերաբերում, այնուամենայնիվ լավ է, որ կա այդպիսի խաղալիք ու որ նայես` կասես խաղալու համար է, այդքանը… Իրենց ծրագրում հիմա դա չկար, Կախքթի տենդագին ամուր բռնած շշերի գարեջուրն էր ամբողջ ծրագիրը, որ պիտի խմվեր աչքից հեռու, ամոթից խուսափուկ մի տեղ, ուստի ավելի խորացան պուրակի ստվերներում, ուր վերջապես կարելի լիներ շշերը բացել, մնում էր բացիչի հարցը, որ հարց չէր, նստարանի պռունկը փորձած միջոց` ունեին… բայց պարզվեց տոպրակով կինը դեռ կա ու ծառի բնին հենված, չնայելով նայում է նույն պատշաճ հեռավորությունից… Դա խանգարող հանգամանք էր. մի շիշ գարեջուր պիտի խմեին ընդամենը` հասել էին պուրակի վերջին, քիչ էլ գնային` զուգահեռ փողոց էին ելնելու, Կորամեչքն ասաց` կրակն ընկանք, ախր շա՜տ… ու ձեռքերն այդպես թռչնաթևերի պես վերստին տարածելով, պարտադրված ծիծաղն իրենց բեռ արած, պտույտ տվեցին ծառերի հետևով, թփերի տակ ծկլթածիծաղ խլրտացողներին հազիվ չտրորելով, շարժվող ստվերներին քսվելով, թփերը շրջանցելով…
 
Լուսավորված ծառուղի որ պիտի ելնեին` երեկոյան լույսերից քիչ հեռու կինը կանգնած էր, տոպրակն էլ թևատակին… ու անթաքույց տագնապ ուներ թե բարկություն, նայում էր ու ակնհայտ նայելով էր նայում և Կախքիթն ասաց` մի բան անենք դրան… Դրանից Կորամեջքն առավել կորացավ, թեև ցուցադրական իր ծիծաղն ավելի ցցուն հնչեց ու անկապ ծիծաղից էր, թե սպասողական լարումից… փախավ: Եվ որովհետև գարեջուրն իր ձեռքին էր, վերցրել էր բացի` բացելն իր գործն էր սովորույթի համաձայն, գարեջուրն առած փախավ և Կախքթին բան չէր մնում քան գարեջրի շշերն առած փախչող ընկերոջը հետևել, որ ևս մի պտույտ բոլորեց, մինչև հարմար տեղ գտան. տեղը գտան թավուտ թփերի մեջ շատ հարմար, թեև առանց նստարանի… Նստարան չկար, բայց աչքից հեռու հանգիստ տեղ էր ու գարեջուրն էլ մեկական շիշ… Երկար չտևեց: Կորամեջքն ասաց` բայց լա¯վ պոկվեցինք… ու ասածը ընկերոջ գոհունակությանն արժանացավ` հի°- հի°… ստացվել էր, գարեջուրն էլ խմել էին ու խմած գարեջուրը մի պստլիկ արկածի գնալու համարձակություն ու մղում տալիս էր, Կորամեջքն ասաց` մեկ էլ փորձենք… Կախքիթը կյանքից կշտացածի իր ծիծաղը ծիծաղելով, ասաց` քաշենք թփերի մեջ… փախչենք: Ինչ- ինչ, փախչելը մի անգամ հաջողվել էր. հնարավոր բանը ինչու՞ մեկ էլ չանեին, մանավանդ ուրիշ ի՞նչ էին անելու` պարապ էին ու գարեջուրը արդեն խմած…
 
Դե ծիտը որտե՞ղ պիտի լինի` բնին մոտ… ու իրոք, կինը դարձյալ մթերայինի իր մայթին էր ու իրենց հայտնվելուց դեմքին դառնություն նկարվեց: Դա շատ ծիծաղելի թվաց ու երբ մոտովն անցնում էին, Կորամեջքն ասաց` ախր շա՜տ… Եվ որովհետև շատ ակնհայտ էր կնոջ աչքերին նայում, կնոջը թվաց խոսքի կեսը չի լսել, սպասեց հարցական-ուշադիր, մինչև Կորամեջքն ասաց` շա՜տ մեծ… պուրակ է… Ու կինը կարծես համաձայն էր, միայն թե, դատարկ տոպրակը թափահարելով, ասաց` երկու շիշ գարեջուր էր ունեցածներդ, մոտիկ մի տեղ խմեիք… հիմա դատարկ շշերը ի՞նչ իմանամ ուր եք գցել…
 
Ու մայթի վրա երեքով կանգնած էին ու անելիք չկար, պարապ կանգնած էին:

«Նիդերլանդական օրագրի» Հայաստանյան այցելության տպավորությունների մասին (2012թ.)

18.11.2015 21:25
 
 

 

Գովեստի շատ խոսքերից անմասն չի մնացել Նիդերլանդական մամուլը:

Կազմակերպությանը ներկայացնելուց զատ շատ թերթեր ուղղակի Հայաստանին

վերաբերվող տեղեկություններ են զետեղել' Հայաստանի քարտեզի հետ մեկտեղ ներառելով ԼեռնայինՂարաբաղը:

Dear Angel-Ի ՄԱՍԻՆ

Սփյուռքում ապրող հայ մարդիկ տարբեր են մտածելակերպով ու իրենց աշխարհաընկալմամբ: Ոմանք նյութապես իրենց ապահովելով ձեռնպահ են մնում հայանպաստ գործունեությունից, ավելին' անգամ իրենց զավակներին հեռու են պահում հայեցի դաստիարակությունից:Շատերը սակայն, ինտեգրվելով օտար երկրի վարք ու բարքին, մտածում են. ի՞նչ օգտակար գործ կարելի է անել հայրենիքի ու սեփական խղճի հանդեպ:Բարեբախտաբար այդպեսիները շատեն:   Միայն նրանց պետք է համախմբել ազգայինի շուրջ, օգտակար գործողության բարձր գործակից ստանալու համար: Այդպիսի նվիրյալներից մեկը ' օգնություն հայ մանուկներին նիդերլանդական Dear Angel կազմակերպության հիմնադիր Փերի Կնյազյանն է, ով անգամ իր ողջ ընտանիքի կազմին,շրջապատին վարակել,մոբիլիզացրել է բարեգործության շնորհակալ գործին:

Տարիներ առաջ էր,երբ Նիդերլանդների Զելանդ մարզում ապրող և ուսանող երեք հայ աղջիկները' Փերինե և Մերի Կնյազյանները , Լիլի Գազարյանը, ոգեշնչված մտահաղացմամբ սկիզբ դրեցին այս կազմակերպության ստեղծմանը , որի հիմքում դրված էր հայ մանուկներին օգնելու ձեռնարկը: Ինչը՞ մղեց աղջիկներին իրենց սուղ ժամանակը նվիրել հայ մանուկներին,լինել նրանց կողքին: Աղջիկները երեքն էլ փոքր էին, երբ ականատես դարձան սպիտակյան երկրաշարժի ցնցումներին, նրանց մանուկ հոգիներում խոր հետք թողեց որբացած և անտուն մանուկների բազմաթիվ ճակատագրեր: Նիդեռլանդներում գրանցած նրանց կազմակերպությունը կոչվեց Dear Angel(Բարի Հրեշտակ) : Չնայած Հայաստան օգնության առաքման կազմակերպչական դժվարություններին,ամեն անգամվա նրանց հայթհայթած անգամ փոքրիկ օգնությունը հոգևոր բավարարվածության և օգտակար լինելու բարի լիցքի է մղում նրանց:Ամենադժվարը սկզբում էր, երբ հոլանդական կազմակերպությունների ցանկում գրանցվեց Dear Angel-ը:Ինչպե՞ս կազմակերպել օգնությունը հայ երեխաներին, երբ հենց իրենք, կազմակերպության անդամներն էին բախվում զանազան բյուրոկրատական խոչնդոտների' սկսած ուսման վճարման,վերջացրած նեղ անձնական ֆինանսական խնդիրներով: Այնուամենայնիվ աղջիկները չընկրկեցին դժվարությունների առջև : Առևտրական հիմնարկներից և խանութներից հայթհայթեցին բավական հագուստներ ու կենցաղային իրեր:Այն փաթեթավորելուց հետո առաջ եկավ առաքման խնդիրը:Այս հարցերն էլ լուծվեցին' բանակցելով բելգիական մասնավոր կազմակերպությունների հետ, առկա եղան մաքսային խնդիրները... ու այսպես շարունակ:

Արդեն չորս ավելի տարիներ են անցել այդ օրից:Գովեստի շատ խոսքերից անմասն չի մնացել Նիդերլանդական մամուլը:Կազմակերպությանը ներկայացնելուց զատ շատ թերթեր ուղղակի Հայաստանին վերաբերվող տեղեկություններ են զետեղել' Հայաստանի քարտեզի հետ մեկտեղ ներառելով Լեռնային Ղարաբաղի մեծադիր քարտեզները:

  

Dear Angel-ի շատ բարեկամներ օգտակար են լինում, երբ Հայաստան այցելելիս իրենց հետ լրացուցիչ երեխաների համար իրեր են տեղափոխում:Նրանցից մեկը' Լուսյան է (լուսանկարում ) :

 

 

Հաագայից մինչև Երևան


Հայաստան գնալու օրը Նիդերլանդների 12 մարզերից մեկից,որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում և անվանվում է Զելանդ, բառացիորեն ընկղմված է Հյուսիսային ծովի ջրերի մեջ , նախ պետք էր կտրել 200 կմ 'հասնելու Հաագա, Հայաստանի դեսպանատուն, մուտքի վիզաները վերցնելու, ապա հետընթաց կատարել կրկին դեպի հարավ' Բրյուսել, Զավենթեմի միջազգային օդանավակայան Պրահայով Երևան մեկնելու համար:Այդքան ճանապարհ չհաղթահարելու համար,իհարկե կարելի էր նաև մուտքի արտոնագիր ստանալ հենց Երևան հասնելուն պես' օդանավակայանում,բայց տարանցիկ չվերթը' Պրահայով,նաև կապված ուղեբեռների հետ, ավելորրդ ստուգումների ու ձգձգումների առիթ կարող էին հանդիսանալ, մանավանդ այդպիսի դեպքեր եղել են Չեխիայում, երբ պատճառաբանել են, որ փաստաթղթում չկա Հայաստան գնալու վիզա: Դե արի ու չեխերին բացատրի, թե դա հնարավոր է անել Երևանում: Ավիաընկերություններն իրենք են պատասխանատվության ենթարկվում չնախատեսված ուղևոր տեղափոխելու համար, ուստի մեղադրել նրանց ավելորդ զգուշության մեջ չի կարելի,մանավանդ,որ չգիտեն թե կոնկրետ որ երկրի օդանավակայաններում և ովքեր կարող են երկրի մուտքի արտոնագրեր ստանալ: Հենց Վիզաների դյուրացման հարցն արդիական թեմա է և կարծես թե դրական լուծում է ստանում: Նախորդ օրը' հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիր, ըստ որի 2013 թականին հին աշխարհամասի բնակիչներին հարկ չի լինի դեսպանատներից մուտքի վիզաներ ստանալ:Առանց վիզա ևրոպացիներին իրենց երկիր առաջինն արտոնել է' ՈՒկրաինան,որից հետո Մոլդովան, ապա Վրաստանը, հիմա էլ 'պատրաստվում է Հայաստանը: Օրենքն ուժի մեջ կմտնի խորհրդարանների վավերացումներից հետո, դյուրացված արտոնություններից կօգտվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրինակ հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու համար,Շենգենյան մուտքի արտոնագիրը կարժենա 35 եվրո,անվճար ' մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: Ըստ մեզ, արդարության տեսանկյունից թեև սա հավասարազոր չէ Հայաստանի քաղաքացիների հանդեպ,այնուհանդերձ էլի լավ հնարավորություն է մեր հայրենակիցներին Եվրոպա այցելելու համար:

                                        

                                                     Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի

                                                      Հանրապետության արտակարգ և   լիազոր դեսպան

                                                      Նորին Գերազանցություն Ձյունիկ Աղաջանյանը Հայաստանի

                                                       անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ:

 

Oգնություն հայ մանուկներին Dear Angel նիդերլանդական կազմակերպության տնօրեն Փերի Կնյազյանին, ով շատ սիրում է երեխաներին և առատ ձեռքերով է մեկնում նրանց մոտ ' ընդունեց ու իր օգտակար խորհուրդներով քաջալերեց Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:Նա մեծածավալ ու ջանադիր աշխատանքով հետամուտ է լինում հայ համայնքն ամրակուռ ու միասնական դարձնելուն:Նիդերլանդներում ապրող բոլոր հայերն են սիրում դեսպանին և ամենադրական կարծիքն արտահայտում նրա գործունեության մասին: Ի դեպ բացառիկ,նաև հազվագյուտ երևույթ , երբ դեսպանին բոլորն են ճանաչում և այդչափ ժողովրդական մոտեցում ցուցաբերում: Օրերս Հայաստանի հանրային հեռուստատեսության «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը դեսպանի և տեղի հայերի աջակցությամբ մեկի փոխարեն միանգամից 2 ֆիլմ է թողարկել Ամստերդամի մասին,Ֆիլմաշարի ստեղծագործական խումբը լրացուցիչ մեկ առանձին ֆիլմ էլ նկարահանել է տեղի հայ համայնքի գործունեության մասին:Ֆիլմաշարի հեղինակներն իրենք են խոստովանել , որ սա իրենց 10 տարվա առաջվա տեսած երկիրը չէ;Այսօր ամենուր է Նիդելանդների հայ համայնքի թարմ շունչը:Դա ի շնորհիվ նաև դեսպանի: Ֆիլմն ունենալու է »Հայկական Նիդերլանդներ» խորհրդանշական վերնագիրը:

 

Երևան մեկնելու համար ամեն դեպքում կուզեինք օգտվել հայկական ավիափոխադրող ընկերությունից: Նախ դա կլիներ ուղիղ չվերթ' ինչպիսին Ամստերդամից ամիսներ առաջ իրականացնում էր«Արմավիան», հետո էլ ճանապարհածախսը կներգրավեր հայրենական բյուդջե, որն էլի ինչ-որ բան է անկում ապրած Հայաստանի էկոնոմիկայի համար: Դժբախտաբար անորոշ է հայկական «Արմավիայի» ճակատագիրը,որը դժվար օրեր է ապրում, ուստի ընտրեցինք այլընտրանքային տարբերակ' «չեխական ավիաուղիները», որն ամուր հաստատվել է Հայաստանում և իր գրասենյակն ունի Երևան քաղաքում:Սպասարկումն էլ վատը չէ, թեև անցյալ տարի այդպես էլ չփոխհատուցվեց իրենց իսկ կողմից վնասած մեր ճամպրուկը' չնայաց գոնե վերանորոգման խոստումներ տվել էին:Ինչևէ: Ինքնաթիռը Ռումինիայի օդային տարածքով երկայնությամբ հատեց Սև ծովը մտավ Թուրքիա և մեկ ժամ էլ չանցած բարեհաջող վայրեջք կատարեց Ամենայն Հայոց մայրաքաղաքում:

 

Երբ ինքնաթիռի անձնակազմին հրաժեշտ ես  տալիս և մյուս ուղևորների հետ շարժվում   առաջ' մինչև շարժական թունելի վերջը , որտեղից   սկսվում է օդանավակայանի մուտքը ,այստեղ էլ տեսնում ես համազգեստավոր, մռայլ դեմքերով խմբված մարդկանց, կենտրոնացած խոժոռ ու  դժկամ հայացքներով, նկատե՞լ եք :Կարծես ինչ-որ բերդից փախած մեկին են փնտրում: Մեղմ ասած ժամանող մարդկանց առաջին տպավորության համար սա հաճելի չէ:Նման տեսարանն հատուկ է միայն Երևանին, քանի որ մեր տեսած և ոչ մի քաղաքների օդանավակայաններում ուղևորներին շփոթելու աստիճան վերից վար այդպես չեն «զննում»:Ժամանման ընդարձակ սրահում պատկերն այլ էր, երբ առանձին-առանձին կանգնաց բարեհաճո երիտասարդ տղան, կամ աղջիկը ժպտադեմ հայացքով ողջունելով, մարդկանց ուղորդում են փաստաթղթերի ստուգման սրահը, կամ էլ ծերերին ու երեխամայրերին այնտեղ սպասարկելու արտահերթ հնարավորություն տալիս:

 

Այժմ անցագրային կետերի աշխատանքների մասին:Այստեղ ևս դրական միտումներն առկա են, բարելավվել է սպասարկման որակն ու վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Վերաբերմունքի մասին:Կար ժամանակ, երբ անցակետերում չինովնիկները խոչնդոտում էին մարդկանց մուտքը երկիր,այն պարագայում,երբ ևրոպայի մեր հայրենակիցներն ունեն Հայաստան մուտք գործելու թույլտվություն (ՀՀ դեսպանատների կողմից վավերացված վիզաներով) և ևրոպական իշխանությունների վավերացմամբ, ստանդարտներին համապատասխանող օրինական ճամփորդական փաստաթղթեր:Օրինակ ուղևորը հարցաքննության էր ենթարկվում,տրվում էին անհարկի հարցեր, փորփրվում էր մարդկանց անցյալը: Մինչդեռ բոլորին է հայտնի, որ մեր շատ հայրենակիցներ երկրաշարժի ու Խորհրդային Միության փլուզման հետևանքներից հետո, սովի ու ցրտի տարիներին ստիպված եղան հեռանալ երկրից:Այսօր նրանք տարբեր խողովակներով օգտակար են հայրենիքին: Նրանց այցը Հայաստան պետք է գնահատել և խրախուսել: Սփյուռքի հայերն են, որ անհրաժեշտ պահերին համախմբման գեղեցիկ օրինակ են մատուցում: Որքա՞ն ոգեշնչող էր, երբ

                                              Մեր այս կոլաժը մարդասպանի մասին տեղ է գտել մեկ տասնյակից ավելի մամուլի օրգաններում:

                                                                             

 

                                                         Նիդերլահայերը այս առիթով արել են բազմաթիվ հայտարարություններ, հանդես եկել քաղաքական դիրքորոշմամբ:

 

աշխարհի,այդ թվում Հոլանդիայի ու Բելգիայի հայերն իրենց բողոքի հուժկու ձայնը բարձրացրեցին մարդասպան, Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբաեջան արտահանձնելու կապակցությամբ,կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքների համերաշխ մասնակցությունը:Ի դեպ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները չեն հանդուրժում հայ սփյուռքի կազմակերպված ներկայությունը: Ավելին' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամեն քայլի դիմում է ընդլայնելու ադրբեջանցիների ներկայությունը Եվրոպայում:Ընդհանրապես էմիգրացիոն քաղաքականության ոլորտում հրաժարվում է բանակցել Եվրամության երկրների հետ,այդ կապակցությամբ ցուցումներ են ստացել դեսպանությունները, հետ չեն ընդունում Ադրբեջանից Եվրոպա ապօրենի ներգաղթածերին:Ադրբեջանում նույնիսկ սահմանվել է արտասահմանում ապրող ադրբեջանցիների օր:

Վերաբերմունքը ' հատկապես Հայաստան մուտք գործող և հեռացող մեր հայրենակիցների նկատմամբ պետք է ադեկվատ լինի Հայաստանի Հանրապետության ղեկավարի դիրքորոշումին,որոնցից մեկը'սփյուռքն ու հայրենիքը պետք է միմյանց շարունակություն դառնան:Օդանավակայանի սահմանային և մաքսային կետերում այժմյան բարեփոխումները պետք է վերագրել մեր երկրի ղեկավարի հետևողական աշխատանքին,հուսանք անժամկետ: Մենք հզոր ենք միասին:

Վերջին մեկ տարում հաճելի բարեփոխված գտանք «Զվարթնոց»-ը:Հին շենքն  այլևս չի գործում,նոր տերմինալը զբաղեցնում է 34 հազար քառ. մետր մակերես: Կան կառավարական եւ վիպ-գործառնական սրահներ, նոր ավտոկանգառ` 20 հազար քառ.մետր տարածքով: «Զվարթնոցն»ունի ժամանման եւ մեկնման նոր սրահներ: Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 160 միլիոն դոլար:

Համալիրը նախագծված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, տարեկան 3,5 միլիոն ուղեւոր սպասարկելու հնարավորությամբ: Հարավային Կովկասում միակ միջազգային օդանավակայանն է, որ համապատասխանում է P վարկանիշին:

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանակակից տերմինալը:

 

Գիշերվա շողերի լուսավորության ներքո փայլփլում էին նորաշեն տերմինալի գույներանգ ապակյա մակերեսները,որոնք շուրջ բոլոր սփռելով գույնզգույն լույսի երփներանգները ուղղակի լավ տրամադրություն էին ապահովում: Գիշերային «Զվարթնոցն» իր նորօրյա տեսքին համաշունչ գեղեցկուհի է, հոյակերտ մի կառույց, լավագույն նվեր հայ և օտարերկրյա ուղևորներին: Մեզ հաճելի անակնկալ էր մատուցել երիտասարդ խոստումնալից դերասան Զավեն Գեւորգյանը, ով մեզ դիմավորեց օդանավակայանում' վարդե ծաղիկների զամբյուղ նվիրելով Dear Angel-ի տնօրենին:Ճանապարհին Զավենը պատմեց, թե որքա՞ն կարճ ժամանակահատվածում Երևանի ճանապարհներին նոր տեղադրված տեսախցիկներն իրենից որչափ գումար են կորզել, նաև հիշեց նիդերլանդներում դեռ այս տարի(2012թ.) ապրիլի 27-ին եւ 28-ին, Դեն-Բոս եւ Ամստերդամ քաղաքներում օգնություն հայ երեխաներին նիդերլանդական Dear Angel կազմակերպության նախաձեռնած բարեգործական համերգ-երեկոյի մասին: Զավենից բացի, ով հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» ֆիլմից (Գարիկ),հոլանդահայերին հյուր էին հումորային ժանրի արտիստ, ռեժիսոր Լեւոն Բեգլարյանը («Այո» շոու) եւ երգչուհի Գայանե(Անգել) Մարտիրոսյանը :

 

Հայաստանյան արտիստների գովազդային տեսահոլովակներից մեկը:

 

նրանց ելույթները տեղի ստեղծագործական խմբերի հետ սիրվեցին եւ ընդունվեցին հայ եւ հոլանդացի հանդիսատեսների կողմիցՙ արժանանալով  ջերմ ծափողջյունների: Ամենից կարեւորը նրանց թարմ ասելիքն էր:«Շանթ» Հեռուստատաընկերությանն էլ մեր կողմից մեծ շնորհակալություն ինֆորմացիոն հովանավորչության համար,ինչպես նաև «Ազգ» թերթին  հոդվածներ տպագրելու համար:

https://www.youtube.com/watch?v=SUegVuY6JdQ

 

Զավեն Գևորգյանը մանկությունն անց է կացրել Ռուսաստանում:Նույնքան ջերմ ու կարոտած է սիրում Հայաստանը' ինչպես բոլոր սփյուռքահայերը:Հատված նրա ելույթից:

 

Փարիզում Զավեն Գևորգյանը փողոցում նույնքան գրավեց մարդկանց ինչպես բեմում:

https://www.youtube.com/watch?v=qNFTAK87ncU

Զավենը խոսելով իր ծրագրերից, պատմեց,որ այժմ դասավանդում է հեռավոր մարզերից մեկում, պատրաստվում է նկարահանվել «Շանթ»-ի մի հեռուստասերիալում: Իհարկե որոշեցինք հանդիպել և հետաքրքրվել նաև Լևոնի և Գայանեի հայաստանյան գործունեությամբ:Նրանց մասին կպատմենք հետո:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Առավոտյան զանգահարեցինք ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանին:Թեև տեղեկացանք,որ նա հենց նույն օրը պատրաստվում է մեկնել Բուխարեստ գործուղման,այնուամենայնիվ սիրով պատրաստակամություն հայտնեց  իր սուղ ժամանակից մեզ տրամադրել : Հանդիպեցինք Երևանի պետական համալսարանում, որտեղ նաև դասավանդում է:

Լուսանկարներում:- ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը' ձախից, նրա օգնական Մանանե Պետրոսյանը և նիդերլանդական Dear Angel կազմակերպության տնօրեն Փերի Կնյազյանը գործնական զրույցի ժամանակ:

Մեր համագործակցությունը ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի հետ արդեն տարիների պատմություն ունի:Երեխաների համար անհրաժեշտ պարագաներ, հագուստներ, այլ անհրաժեշտ գույքեր Dear Angel-ը առաջին անգամ երեխաներին է հասցրել Միրա Անտոնյանի ղեկավարած կենտրոն հիմնադրամի օգնությամբ,հետագայում  նույնիսկ մասնակցել վերջինիս կողմից կազմակերպած հայաստանյան միջոցառումներին, արժանանացել շնորհակալագրերի ու  պատվոգրերի: Թեև կարճ,սակայն բովանդակային առումով հագեցված, գործնական զրույցը Dear Angel կազմակերպության տնօրեն Փերի Կնյազյանի, «Նիդերլանդական օրագրի», ՀՕՖ-ի ԵԱԿ-ի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի և նրա օգնական Մանանե Պետրոսյանի միջև, աշխատանքային գործունեության հետ կապված շատ հարցեր հստակեցրեցին:

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի աշխատակցուհի Ելենա Հարությունյանին,թեև հիվանդ գտանք տանը ջրծաղիկով,սիրով պատմում էր կենտրոնի ծավալած լայնամասշտաբ գործունեության և օր առաջ գործի շտապելու մասին:


Ընդհանրապես պետք է շնորհակալություն հայտնել«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բոլոր աշխատակիցներին, իրենց պատրաստակամ վերաբերմունքի համար,ովքեր  իրենց շնորհակալ գործն են անում Մայր Հայրենիքում' օգնելով մեր մանուկներին ոչ միայն նյութական ու կրթական,այլ ավելի շատ բարոյական ու հոգևոր առումներով, պատրաստում նրանց վաղվա մեր հասարակության լիարժեք անդամը դառնալուն: (Ի դեպ աշխատակիցներից մեկին'Ելենա Հարությունյանին,ով կենտրոնի երեխաների հետ շփման արդյունքում հիվանդացել էր ջրծաղիկով, շուտափույթ ապաքինում ենք ցանկանում):

 

               

Արսեն և Հայկ Փափազյանները:

Հանդիպելու և ծանոթանալու էինք  Փափազյանների ընտանիքին: Նրանց մասին իմացել էինք ՀՕՖ-ի գործադիր տնօրենի օգնական Մանանե  Պետրոսյանից: Ընտանիքն ապրում է Երևանի Վարդաշեն թաղամասի նախկին ուսումնարաններից մեկի արդեն վթարային դարձած շենքում: 5-րդ հարկի աջ թեքվող խարխլված միջանցքի ամենավերջին ձախ կողմի դռան մոտ մեզ  սպասում էին «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրի նկարահանող օպերատոր Արմեն Անանյանը և լրագրող Անի Աբրահամյանը: Խումբը,որի մասին արդեն ասել   ենք ,մի ֆիլմի նկարահանման ձեռնարկով եղել է Նիդերլանդներում , օգտվելով հանգամանքից,պայմանավորվել էինք հանդիպել Երևանում: Փափազյանների ընտանիքի մասին շատ է գրվել ու խոսվել , նկարահանվել և լուսաբանվել հայկական լրատվամիջոցներով:Ամուսինները' Արթուրն ու Գայանեն մեծացնում են 8 երեխա:Չենք ուզում անրադառնալ թե բազմանդամ ընտանիքն ինչպե՞ս է գոյատևում ու հայթհայթում օրվա ապրուստը' այդ մասին բազմիցս է արծարծվել ու սա թերևս հարցի տեսանելի կողմն է միայն: Ավելի բարդն ու դժվարամատչելին ընտանիքի ամրության բարոյահոգեբանական մթնոլորտի կայունության պահպանման բարդ խնդիրն է, որն առկախ է զանազան սոցիալական ու մարդկային գործոններից: Բնակելի կոչված երկու սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է' 28քառ. մետր :Այսինքը տան յուրաքանչյուր անդամին հասնում է 2,8քառ մետր մակերես:Նման պայմաններում ընտանիքն ապրում է արդեն 18 տարի:Այս ֆոնին պարզել թե ի՞նչ ուղություններով կարելի է օգտակար լինել նրանց, աբսուրդ է:Այս օգնությունները ժամանակավոր մի բան են, որ շրջանցում է գլխավոր ' հիմնավոր տանիք ունենալու խնդիրը:

Ապրուստի համար առկա մշտական նվազագույն եկամուտն ու տարբեր անհատների ու կազմակերպությունների տրամադրած օգնությունները ,անցողիկ մի բան են: Մեր այցից ոգևորված երեխաների, հատկապես փոքրերի տրամադրությունը բարձր էր:Մինչ Տանտիրուհին խոսում էր երեխաների առօրյայից,պատմում տան խնդիրներից,մոտեցա Պատուհանին հպված մահճակալի մի անկյունում, խորասույզ հայացքով,դեմքն ափերի մեջ առած,ասես աշխարհն իր մեջ ներփակած  ընտանիքի հորը'արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Փափազյանին:Նստում եմ նրա մոտ,զրույց սկսելու համար հարց ու փորձ անում դեսից-դենից:Ո'չ, Արթուրը չի դժգոհում կենցաղից ու առկա դժվարին կացությունից,այլ ինչպես վայել է հպարտ զինվորին վերհիշում է անցյալը, երբ ավելի դժվար կացություններ հաղթահարելով, ընկերների հետ նոր կազմավորված հատուկ գնդի մարտակազմում քայլ առ քայլ հաղթանակ են կերտել ազատ Արցախի համար:

 

   

 

Ինքն անձամբ մարտական բազմաթիվ առաջադրանքներ է կատարել'աճելով շարքայինից մինչև վաշտի հրամանատարի, որից մեկի ժամանակ վնասել է ողնաշարը:Հիվանդության պատճառով էլ զորացվել է 1998 թվականին:Մեջքի ցավն,ինչպես նենգ թշնամին է հիմա է գլուխ բարձրացրել... Զրույցն Արթուրի հետ ավելի մտերմիկ է դառնում մեկ բաժակ հայկական սուրճի շուրջ, երբ ոգևորված պատմում է մարտական ընկերների և գնդի անցած մարտական փառավոր ուղու մասին:Տղաների մեծամասնության հետ այսօր էլ անսասան են մտերմական ամուր կապերը:Արթուրը ընկերներից մեկի' Սուրիկի երեխաների'երկու տղաների և աղջիկների կնքահայրն է:

Խնամքով ցուցադրում է պաշտպանության նախարարության և հատուկ գնդի իրեն շնորհած պատվոգրերը, «Վազգեն Սարգսյան» հուշամեդալը: Արթուրն ուրախանում է իր հրաշք ութ երեխաներով, միակ չափահասը 24-ամյա Տիգրանն է, ով նաև իր համեստ աշխատավճարն է ներդնում ընտանիքի գոյատևմանը:Հինգ տղաներից ամենակրտսերը Միքայելն է' 6 տարեկան,Արսենը' 10, Հայկը' 11: Աղջիկներից մեծը Հասմիկն է' Հայկի հետ հասակակից երկվորյակներ են:Հետո Հռիփսիմեն է' 7տարեկան: Ամենափոքրիկը Հեղինեն է' նոր երեքը բոլորած:Թեև տարբեր բնավորություններով, սակայն բոլորն էլ կենսախինդ, արևային յուրահատուկ ներաշխարհով,լուսավոր երեխաներ են,վաղվա օրվա նկատմամբ աներկբա հավատով:

      

Հրաժեշտ տալով Փափազյանների ընտանիքին ձեռք բերեցինք նոր բարեկամներ:Եթե Dear Angel-ի տնօրենը տպավորված էր երեխաների հետ շփումից, ապա ես ներքուստ ուրախ էի, որ կարողացա Արթուրի հետ զրուցել, գոնե մի քանի րոպեով փոխել նրա տրամադրությունը, շեղել կենաղային գորշ խնդիրներից, կենտրոնանալ ավելի մնայուն արժեքների ու գաղափարների շուրջ, որի իրագործողներից մեկը հենց ինքն է' Արթուր Փափազյանը, արցախյան ազատամարտիկը:

Մի նկատառում: Պետք չէ շռայլ խոստումներ տալ այս ընտանիքին, այլ  մտածել դրա իրագործման մասին, հակառակ դեպքում բումերանգային ազդեցությամբ բարոյական վնասն ավելի մեծ է: Իմացա , որ տարիներ առաջ մեծահարուստ բարերար այրերից մեկի մայրը, երբ տեսել է Արթուր և Գայանե Փափազյաների ընտանեկան կացարանը, չի զսպել իրեն, բացականչել է.-«Օ', ոչ, այսպես հնարավոր չէ նման պայմաններում ապրելը»:- Խոստացել է անհապաղ լուծել բնակարանի խնդիրը:

Այսօր արդիական գերխնդիրը ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելն է:Սա արդեն պետության հոգացության խնդիր է:Դրան են սպասում այս ընտանիքի 10 անդամները, ովքեր վերամիավորման, ընտանեկան փոխադարձ ջերմության և երազանքների իրականացման խնդիրն ունեն:



Ինչպես խոստացել էինք ընթերցողներին, հանդիպեցինք մեր երիտասարդ բարեկամներին' հումորային ժանրի արտիստ,ռեժիսոր Լևոն Բեգլարյանին( «Այո» շոու) և երգչուհի Գայանե Մարտիրոսյանին(Angel):Ծանոթացանք նրանց հայաստանյան գործունեությանը: Angel-ի մայրը' ճանաչված ռեժիսոր պրոդյուսեր Լուսինե Մարտիրոսյանն էլ առկախել էր պաշտոնական գործնական մի հանդիպում' անպայման մեզ տեսնելու և ծանոթանալու ձգտումով:Դեռ թարմ են հիշողությունները ,երբ ամիսներ առաջ Dear Angel-ի հրավերով Նիդերլանդներում էին երիտասարդ ու խոստումնալից այս արտիստները: Dear Angel-ի նպատակներից մեկն էլ օգնելն էր արվեստում ինքնահաստատման քայլեր անող երիտասարդ կարող ուժերին:Բոլորին է հայտնի,որ ճանաչված մարդկանց նախաձեռնությունը շատ ավելի հեշտ ու լավ է ընդունվում հանրության կողմից, քան նրանցը, ովքեր արվեստում նոր, նոր են սկսում քայլեր անել:Բայց փաստը մնում է փաստ,որ արդյունքի հասնելու համար այնուամենայնիվ պետք է արվի առաջին քայլը: Dear Angel-ը Թե ինքն է անում այդ քայլը և թե օգնում է այն անել մյուսներին:Դատելով նիդերլանդներում տված երկօրյա համերգներից վստահաբար կարելի է ասել,որ երիտասարդ խոստումնալից դերաստան Զավեն Գևորգյանը(«Բանակում» կինոսերիալից ' Գարիկ)հումորային ժանրի արտիստ,ռեժիսոր Լևոն Բեգլարյանը( «Այո» շոու) և երգչուհի Գայանե Մարտիրոսանը(Angel) անցել են ինքնահաստատման դժվարին,բայց և պատվաբեր ճանապարհը:Ամենից կարևորը նրանք հանդես եկան թարմ ասելիքով, համերգ-երեկոյի ծրագրերն էլ էապես տարբերվում էին միմյանցից: Հայաստանի արտիստների հետ համագործակցեցին տեղի «Շիրակ»համույթը'դուդուկահար-կլարնետիստ Ռոստամ Հակոբջանյանի մասնակցությամբ, իսկ Ամստերդամում նրանց ընկերակցեց Արման Աբրահամյանը(DJ Armani): 7-օրյա ուղևորությունը հագեցված էր շրջագայություններով' Վիեննա,Փարիզ,Բրյուսել,Ամստերդամ քաղաքներ:Նրանք հայրենիք վերադարձան ստեղծագործական նոր ծրագրերով և ասելիքով:Dear Angel-ը այն ժամանակ օժանդակեց Գայանե Մարտիրոսյանի նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին,Լևոն Բեգլարյանն էլ սեփական սցենարով մի քանի սյուժե պատրաստեց,որից մի դրվագ օգտագործվեց Հ2-ի «Տաքսի Նեմա» ֆիլմաշարում,որտեղ խաղում է տաքսու վարորդի դեր ' ում տրված է Կասպերսկի մտերմական մականունը:Բացի ստուդիայում նկարահանվելուց Լևոնը հեղինակային կատարումներով ելույթներ է ունեցել Կալումեթ, Գիզա ակումբներում,Մոսկվայի տան դահլիճում:

Նախորդ օրն ՈՒլիխանյան ակումբում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար, կանգնած ականատես եղանք Լևոն Բեգլարյանի հերթական «Այո շոու» հումորային ներկայացմանը:

Այսօր արդեն նրա հետ միասին գտնվում ենք երգչուհի Angel-ի հյուրընկալ հարկում:Angel-ի մոտակա ծրագրերի մեջ է մտնում դերասանական վարպետության գծով ԱՄՆ-ում ուսանելը:
Արվեստագետների ընտանիքում է ապրում Գայանեն: Ինչպես ասացինք մայրը'Լուսինե Մարտիրոսյանն է,ում հետ հանդիպեցինք հին ծանոթների պես, բավական ճանաչված մարդ Հայաստանում, նաև նրա սահմաններից դուրս:Աշխատել և նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսորական մտահաղացումներ է իրականացրել մի շարք հեռուստաընկերություններում, հեղինակել է բազմաթիվ ստեղծագործական նախագծեր,արժանացել է «Տաշիր» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին:Զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչության բաժնի պետի պաշտոնը: Նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ:
Պապիկը'Կինոռեժիսոր, սցենարիստ Էռնեստ Մարտիրոսյան է, ով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Աշխատել է Երևանի դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում: 1967թ. ավարտել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացները: 1967-95թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանել է «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Մհերի արձակուրդային արկածները», «Ատամնաբույժն արևելյան» և այլ ֆիլմեր:Ցավոք այսօր նա մեր կողքին չէ:

 



Տատիկը, ով այսօր էլ լավագույն ընկերուհի ու խորհրդատու է Գայանեի համար, նկարիչ - դիզայներ Լիդա Գևորգյանն է: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գունանկարի բաժինը: 1966-2005թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-բեմադրող: Եղել է բազմաթիվ ֆիլմերի, բեմադրական համերգների, տեսահոլովակների բեմադրող նկարիչը: Ֆիլմերից են` «Կտոր մը երկինք», «Մայրական տուն», «Ճերմակ անուրջներ», «Ծաղրածուի ժպիտը», «Ախթամար», «Ավդոյի ավտոմոբիլը», «Տերը», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: Որպես բեմադրող նարիչ` օգտակար է եղել «Էրեբունի-Երևան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլ մասշտաբային ներկայացումների: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:
Տիկին Լիդան անընդհատ հորդորում էր օգտվելել սեղանին դրված համեղ խմորեղեններից ու անկրկնելի հայկական կոնյակից: Վերջինս նվիրել էին մի հանդիսության ժամանակ և իր համային գերազանց հատկանիշերով իրոք տարբերվում էր խանութներում գնվածներից:Հեռուստացույցով անընդհատ շրջանառվում էր այդ օրերին ԱՄՆ-ի Նու Ջերսի և Նյու Յորք նահանգներին պատուհասած փոթորիկի մասին պատմող կադրերը:Գայանեն պատմեց, որ պատրաստվում էր հյուրախաղերով մեկնել այնտեղ, մինչ իմացել է«Սենդի» փոթորիկի մասին, որը 72 մարդու մահվան պատճառ է դարձել:
Հաճելի էր շփվել տիկին Լիդայի հետ ' արվեստի ակունքներին մոտ կանգնած մարդամոտ մի անհատականության, որի հուշերն ու պատմությունները անվերջ խորհելու և գեղեցիկի մասին մտորելու տեղիք են տալիս:Նույնպիսի ջերմությամբ,
ինչպես տեսակցել էինք, հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ ենք տալիս նաև Մարտիրոսյանների ընտանիքին:

         Մեր մադամ Տյուսոն

Մայրաքաղաքային երևույթներ

 

Մի քանի  երևույթներ, որոնց մասին չենք կարող երկու բառ չասել:

1.- Ավտոմեքենաների առատությունն ու բազմազանությունը' դրանից բխող բոլոր հետևանքներով:

Փողոցներում կարելի է հանդիպել սկսած Խորհրդային ժամանակաշրջանում արտադրված արդեն շունչները փչած մեքենաներից մինչև ժամանակակից արտադրության արտասահմանյան գերտեխնիկայով հագեցված ավտոմեքենաներ, որոնք բացառապես հարմարեցված են գազե վառելիքին, և 4 անգամ մատչելի է բենզինի գներից:Այդ պատճառով հասարակական տրանսպորտի և տաքսիների արժեքը անհամեմատելի էժան է ուզածդ քաղաքի ուղևարձից: Հաճախ կարելի է տեսնել լիմուզիններ,խոշոր տրամաչափերով թանկարժեք այլ ավտոմեքենաներ:Համարյա ուզածդ պահին անպակաս են խցանումները:Ստացվում է, որ քաղաքի մի մասից մյուսը տեղափոխվելը ավելի շատ ժամանակ արժե, քան մերձավոր մարզկենտրոններից մեկը:

 

 

2.-Պատերին, շինություններին հարկի և անհարկի հայտարարությունների և գովազդների

առատությունը, որն հաճախ պատկերացում է տալիս դրանց հեղինակների մտավոր և ինտելեկտուալ կարողությունների մասին:

Հարգելի երևանցիներ հավատացեք, որ սա այնքան տհաճ երևույթ է, ինչպես ասենք աղտոտված բակ ունենալը: Եթե աղտոտվածության խնդրին ավելացնենք հայոց լեզվի հակագովազդը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:

 

Գաղտնիք չէ, որ լայն թափ է ստանում նախագահական ընտրությունների քարոզարշավը:

Կարելի է ենթադրել, որ այս թեկնածուն Սասունցի Դավթի հզորությունը և նրա սուրը մատնանշելուց բացի ընտրողներին հորդորում է, որ իրեն ընտրեն թե չնտրեն միևնույն է վերևում Աստված կա:Մեկնաբանություներն ավելորդ են ' վերևն առ Աստված:

 

Դուրս է գալիս, որ եթե տարածքը չհսկվի տեսախցիկներով, ուրեմն կարելի է անխնա կեղտոտել:Դե արի ու բոլոր տարածքների վրա տեսախցիկներ շարի:

Ի դեպ անցորդներից մեկը չկարդալով գրածը ցած նետեց ծխախոտի մնացորդը: Ես էլ փնտրեցի նկարահանող տեսախցիկը ու այդպես էլ չգտա:

 

Դեմի Մուրը ձեր կյանքը դարձնում է հեքիաթ:Հավատացեք այդպիսի հրաշքներ էլ են լինում:

Իհարկե հպարտ ենք, որ հայ ենք, իմանում ենք, որ Հայաստանն Արցախ է և Թուրքիքն էլ մեզ պարտք է,բայց չենք իմանում 'թե այս պլակատը որքան ազդեցություն կունենա այն դիտողների գեղադիտական դաստիարակության վրա:

 

Վարձով տրվող մսի և խոզի ակցիաների մասին:

 

Երբ աշնանայինին գումարում ես ձմեռային, ապա ստացվում է նոր հավաքածու:Պարզվում է, որ այդ հավաքածուն ընդհամենը 1000 դրամանոց կտորի մասիկ է: Բան հասկացա՞ք:

 

Մեր մադամ Տյուսոն

 

Երևանի պուրակներում , այգիներում և հրապարակներում հաճելի նորամուծություն է արվել: Քաղաքապետարանի կողմից տեղադրվել են նոր նստարաններ «Երևան» մակագրությամբ, մայրաքաղաքի զինանշանով և քաղաքապետարանի կայքի էլեկտրոնային հասցեով` www.yerevan.am մակագրությամբ:Երևանցիները հնարավորություն ունեն «նստելու» հայ մեծերի կողքին։ ։

Նոր պատրաստված հաճարե նստարաններին տեղադրվեցին հայոց մեծերի, ինչպիսիք են Ֆրունզե Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և այլոց արձանները: Սակայն արդեն իսկ տեղադրված հուշարձանների շուրջ խոսակցությունները չեն դադարում, այն պատճառով, որ իբր դրանք  դառնում են քաղաքացիների վանդալիզմի զոհը:Մեզ սակայն չի թվում, որ սրանք դիտավորյալ են վնասում: Քաղաքացիները փաթաթվում, կամ այլ դիրքերով արձանների հետ նկարվում են:Փոքրիկ անզգուշություն կամ վրիպում խեղվում է արձանների տեսքը: Վերջիններս էլ  պատրաստված են ոչ ամուր այնպիսի նյութերից, որոնք չեն դիմանում և ջարդվում են:Դուրս է գալիս, որ մարդիկ «սիստեմատիկաբար» բանուգործները թողած վանդալով են զբաղվում:

 

Մի առաջարկություն մեր կողմից.

Ստեղծել գեղեցիկ փակ կանաչ գոտի, որի մուտքը թեկուզև ցածր գներով մատչելի լինի բոլորին:Մեր  մեծերի արձանները պատրաստվեն ամուր նյութերից և տեսախցիկների առկայությամբ տեղադրվեն այդ պուրակում:Մարդիկ թող հանգստանան այդ պուրակում, սրտների ուզածի չափ էլ լուսանկարվեն, պաղպաղակ ճաշակեն, ֆիլմեր դիտեն և երաժշտություն լսեն:

Աշխարհի 10 քաղաքներում (Ամստերդամ,Լաս-Վեգաս, Կոպենհագեն,Նյու Յորք, Լոս Անջելես, Հոնկոնգ, Շանհայ, Վաշինգտոն, Վիեննա, Բեռլին) կա մադամ Տյուսոյի թանգարան: Այստեղ ցուցադրվող հանրահայտ անձանց թանգարանային նմուշների կողքին մարդիկ ազատ լուսանկարվում են, առանց վնաս հասցնելու մոմե ցուցանմուշներին, որոնք ի դեպ շատ դիմացկուն են:Թող մեր երևանյան թանգարանն էլ բացօդյա և յուրահատուկ լինի, չնմանվող մյուս թանգարաններին:

 

 

 

 

Մեկ  ժամն  անցավ

 

Մինչ սնկի պես աճած թարգմանչական հիմնարկներից մեկի աշխատանքային ժամն սկսվելը, իմ տրամադրության տակ ունեի ուղիղ մեկ ժամ,որոշեցի մոտակայքում զբոսնել :Քայլերս ակամա տարան օպերայի և բալետի շենքի ուղղությամբ:

Շրջագայություն կատարել աշնանային Երևանի փողոցներով կատարյալ հաճույք էր, նամանավանդ, երբ եղանակն էլ տրամադրող է: Ջերմացնող արեգակն իր դեղնակարմրավուն գույներից էր առատորեն շռայլել  մայրաքաղաքային առանց այն էլ ժլատ ծառերի տերևներին, որոնց ճյուղերից թեթև զեփյուռը տերևն է պոկում' ասես արևի  մասնիկ, վար սահեցլով ու զարդարելով փողոցի խոտածածկ գազոնները:Առավոտ կանուխ Սարյանի հուշարձանին հարող այգում  մի քանի կանայք ավելներով  փութաջանորեն փորձում էին հավաքել խոտերին փարված  տերևները, որոնք դժվարությամբ էին զատվում, առանձնանում խոտածածկույթից:Անհամեմատ հեշտ էր սալիկապատված  հատվածը մաքրելը: Հենց այս  մասում տարեց մի տղամարդ  վաճառքի համար փաթեթներից ազատում, իրար կողք-կողքի էր շարում կտավները:Տեսնելով, որ անտարբեր չեմ գեղանկարչության հանդեպ, առաջարկ արեց գնել ցուցադրած աշխատանքներից մեկնումեկը:Բացատրեց, որ ինքը միայն նկարների շրջանակներն է պատրաստում, իսկ  վաճառում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտած իր տղայի ստեղծագործությունները, որոնք հիմնականում  նռան պատկերներ են հայկական զարդանախշերի ու կարպետների ֆոնին:

-Տղա ջան մենք շաբլոն գործեր ' մասիսներ, վանքեր չենք նկարում:-Մեկիկ- մեկիկ ցուցադրելով կտավները' ավելացնում է,

 

-Այ սրանք յուրահատուկ  գործեր են, երբեք չկրկնվող,90 ենք ասում, բայց 75 հազարով վերցրու:Իմ ձեռքով փաթեթավորեմ, որ օդանավակայանում խնդիրներ չունենաս:
Այդ պահին մեզ է մոտենում միջին տարիքի, ճաղատ, դասական ոճով կոկիկ հագնված մի տղամարդ  , ռուսերեն բարևելով' ընդհատում մեր խոսակցությունը, ապա զրուցակցիցս հետաքրքրվում, թե ի՞նչ  հիմունքներով են նկարիչները վաճառում իրենց ստեղծագործությունները, ինչպես են ,,լեզու,, գտնում այս տարածքում կանգնելու համար, որտեղից են հայթհայթում շրջանակներն ու նյութերը և նման այլ հարցեր: Ասաց, որ ինքն էլ նկարիչ է: Նախ ներկայացավ' Արտյոմ Ռազմիկովիչ անվամբ:Հաստատեց, որ տեղացի չէ, ապրում է Ռուսաստանում, զբաղվում է հին նկարների վերականգմամբ, ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի  համապատասխան բաժինը:Երբ խնդրեցի  կարծիք հայտնել  ցուցադրված նատյուրմորտներ վերաբերյալ, կիսածածուկ պատասխանեց.
-Թույլ է, իհարկե թույլ գործեր են:-Քիչ հետո հիասթափված խոստովանեց , - Ախր ինչ ժողովուրդ եք դուք' հայերդ, արդեն մեկ ժամից ավելի է, ինչ զուր տեղն այստեղ մեկին եմ  սպասում եմ:
Մտածեցի' ցավոք մարդկանց մոտ պակասում է ճշտապահությունն ու պատասխանատվության զգացումը ու մարդը զուր այսքան սպասեց: ինքը թեև  ներկայացավ ազգությամբ  հրեա, սակայն հաստատ հայ էր,քանի որ արձագանքում էր մեր հայերեն խոսակցություններին, հապա Արտյոմ Ռազմիկովիչ  անվանու՞մը ....ՈՒ էլ մեղավոր ու պատասխանատու չզգացի նրա հետ հանդիպման չեկած իմ հայրենակցի համար, աշխարհի բոլոր հայերի գործած ու չգործած մեղքերի  համար:
Հետո հրաժեշտ տվեց, ինչպես որ հայտնվել էր,նույնքան անսպասելի հեռացավ' ռուսերեն նետելով վերջին մեղադրական բառերը.
-Դուք եք մեղավոր, որ նման կերպ եք ապրում, դուք եք մեղավոր, որ ցրվել եք աշխարհի չորս կողմը:
Հիշեցի , որ իմ գնալու ժամն էլ եկավ,  իմ հերթին հրաժեշտ տվեցի ինձ անհայտ  նկարչի հորը,ում խոստացա, որ կայցելեմ ու  անպայման կգնեմ  նուռ պատկերող կտավներից:
Օրեր անցան, խոստումս մասամբ կատարեցի'գնելով և Նիդերլանդներ  տեղափոխելով իրական ու բնական Մեղրիից բերված հայաստանյան արևահամ նռներ:

Hay Azian

(մեր թղթ.)

«Նիդերլանդական օրագիր»

 

Հաագա,Բրյուսել,Պրագա-Երևան

19 -ից 1-ը հոկտեմբեր-նոյեմբեր 2012թ.

                                             

Գրիգոր Արամի Գուրզադյան /Ինտուիցիա. Ին՞չ է դա…

28.10.2015 00:12

Գրիգոր Արամի Գուրզադյան: Ծնվ. 1922թ. հոկտեմբերի 15-ին Բաղդադ  քաղաքում (Իրաք) : Մահացել է  2014 թվականի փետրվարի 22-ին Երևանում: Ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների միության և Հայաստանի նկարիչների Միության անդամ։

Գրիգոր Գուրզադյան
 
Ինտուիցիա. Ին՞չ է դա…
 
Հայտնի է ինտուիցիայի հսկայական դերը մարդկության գործունեության բոլոր - բոլոր ասպարեզներում: Հայերեն նախազգացում բառը այն չէ, նա չի տալիս ինտուիցիայի լիակատար իմաստը: ՙԻնտուիցիան՚ ակնհայտորեն համապարփակ է ու շատ ավելի խորը, քան թվում է առաջին հայացքից: Կարելի է պնդել, որ մարդկության պատմության խոշոևրագույն իրադարձությունները, ու նաև գրեթե բոլոր հայտնագործությունները, եղել են ամենից առաջ ինտուիցիայի արդյունք: Ինտուիցիան մտքի, գաղափարի սերմը նետողն է… Ինտուիցիան սովորաբար մեկնաբանվում է որպես կանխազգացում փաստերի կամ տվյալների գրեթե իսպառ բացակայության պայմաններում: Այս մոտեցմամբ բացառիկ է ինտուիցիայի դերը գիտության մեջ: Օրինակները շատ են: Գիտության պատմությունը ըստ էության մի հսկա շարան է ինտուիցիայի ուժով հարուցված մտքերի, կանխազգացումների, որոնք, մի փոքր տեղից շարժելով ու տրամաբանական ընթացք տալով, դառնում են միտք, գաղափար, կերպարանք են ձեռք բերում ու դառնում հայտնագործություն: Մի կայծից կարելի է վիթխարի ուժի հրդեհ հարուցել: Օրինակները շատ են: Հզոր ինտուիցիայի արդյուն է Ֆարադեյի հայտնագործությունը. այն, որ մագնիսական դաշտում պտտվող լարի մեջ պիտի առաջանա էլեկտրական հոսանք: Այսօր` Ֆարադեյից հարյուր հիսուն տարի հետո, աշխարհի բոլոր էլեկտրակայանները գործում են ու էլեկտրական հոսանք են արտադրում միայն ու միայն այդ սկզբունքով` պտտեցնելով մետաղալարը մագնիսական դաշտում: Ինտուիցիայի արդյունք էր աստղագետ Ջինսի կանխազգացումը, որ գալակտիկաների սպիրալները պետք է բաղկացած լինեն աստղերից, և դա հաստատվեց շատ հետո միայն, երբ երևացին գիգանտ տելեսկոպները: Արեգակնային սիստեմի կառուցվածքը` կենտրոնում` ծանր Արեգակը և նրա շուրջը պտտվող թեթև մոլորակները, հուշեց ատոմային ֆիզիկայի հիմնադիրներից մեկին` Բորին, այդ միտքը, որ ատոմի կենտրոնում պիտի լինի ծանր պրոտոնը, որի շուրջը պիտի պտտվեն թեթև էլեկտրոնները: Չեխ բուսաբան Վեյսմանը, դեռ այն հեռավոր ժամանակներում ուշադիր դիտելով բույսերի ծաղկափոշու վարքագիծը, զգաց ինչ – որ ձևով, որ պիտի գոյություն ունենա ժառանգական հատկությունները սերնդեսերունդ փոխանցող ինչ – որ կենտրոն, ագենտ, ինչ - որ միկրոսկոպիկ սիստեմ, որին նա անուն տվեց` գեն: Վեյսմանից հարյուր տարի հետո այդ գենը հայտնագործվեց, դա նշանավորվեց Նոբելյան մրցանակով: Ավելի մոտ ժամանակներում ֆրանսիացի ֆիզիկոս դը Բրոյլի ինտուիցիան հուշեց այն միտքը, որ նյութը, տարրական մասնիկը, էլեկտրոնը` օրինակ, կարող է լինել և՛ նյութ, և՛ ալիք… Ոչ ոք չհավատաց… Բայց մեկ տարի էլ չէր անցել, գերմանացի ֆիզիկոս - էքսպերիմենտատորները հայտնաբերեցին էլեկտրոնի դիֆրակցիան, էլեկտրոնը մասնիկ է, իսկ դիֆրակցիան հնարավոր է միայն ալիքի դեպքում, նշանակում է, որ էլեկտրոնը, իրոք, և՛ մասնիկ է, և՛ ալիք… Ցնցվել կարելի է, մեկ տարվա մեջ այսպիսի դարագլուխ բացող հայտնագործություն… Ե՛վ դը Բրոյլը, և՛ գերամանացի ֆիզիկոս - էքսպերիմենտատորները արժանացան Նոբելյան մրցանակի… Նույն տարիներին` քսանական թվականների կեսերին, մի ուրիշ ֆիզիկոս – տեսաբան` գերմանացի Հայզենբերգը, հանգիստը կորցրել էր այն մտքից` իր մտածողության մի անկյունում հանկարծ փայլատակած, որ միաժամանակ չափել տարրական մասնիկի և՛ արագությունը, և՛ կոորդինատները անհնար է… Դրան էլ չհավատացին, բայց ապշեցնելու չափ արագ դա հաստատվեց էքսպերիմենտներով, այդխպես ծնվեց ՙանորոշության սկզբունք՚ կոչված գաղափարը, և դրա վրա հիմնված մի հսկա գիտություն, որը կոչվեց քվանտային մեխանիկա: Այս շարքը կարելի է շարունակել երկար… Քսաներորդ դարը դարձավ միայն ու միայն ինտուցիայի կայծից ծնված գիտությունների դար…
 
 
 
Հզոր ինտուիցիայով էր օժտված իտալացի ֆիզիկոս Ֆերմին: Նա կանխատեսեց, ավելի ճիշտ կանխազգաց մի երևույթ, որը ոչ մի կերպ չէր տեղավորվում ատոմի միջուկների մասին ֆիզիկոսների ունեցած պատկերացումներում և ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ նրա` Ֆերմիի տաղանդավորագույն աշակերտներն անգամ այն, ինչ, հետո, շատ հետո կոչվեց ՙշղթայական ռեակցիա՚: Դա, իրոք, դժվարահասկանալի, ավելի ճիշտ` բոլորովին անհասկանալի երևույթ էր, այն է` երբ ուրանի կամ ռադիումի միջուկի մեջ է մտնում մեկ նեյտրոն, դրան ի պատասխան նույն միջուկից դուրս է նետվում երկու նեյտրոն, որոնցից յուրաքանչյուրը անում է նույնը` միջուկի մեջ մտնելուց հետո դուրս նետել երկու նեյտրոն ու այսպես անընդհատ… Բոլո՞րը գիտեն, արդյոք, որ այսօրվա աշխարհի բոլոր - բոլոր ատոմային էլեկտրակայանները գործում են միայն ու միայն այս` շղթայական ռեակցիայի սկզբունքով… Եվ որ նույն սկզբունքով են գործում բոլոր ատոմային ռումբերը… Ֆերմիի ինտուիցիան աշխարհ ստեղծեց… Ֆերմին դրանով բացահայտեց խոշորագույն գաղտնիքներից մեկը տիեզերքի, այն, որ մի տարրական մասնիկ կարող է ծնել իր նման երկու մասնիկ ևս… Իսկ հեռավոր անցյալներում… Հզոր, պարզապես տիեզերական ինտուիցիայով է եղել օժտված Նյուտոնը: Նրա ինտուիցիան հուշեց, որ երկնային մարմինների շարժումների պրոբլեմը չի կարող լուծվել առանց հզոր մաթեմատիկայի: Այդ մաթեմատիկան չկար, ու նա ստեղծեց դա, բոլորովին նոր մաթեմատիկա, ու այդ կերպ նա լուծեց երկնային մեխանիկայի, մոլորակների ու նրանց արբանյակների շարժումների պրոբլեմը, ինչպես գտնել, վերականգնել նրանց անցյալը ու ինչպես կանխատեսել նրանց ապագան: Ծնվեց բոլորովին նոր գիտություն` երկնային մեխանիկան:
 
 
 
Զարամանալի է եղել ինտուիցիան Մարիա Կյուրիի, նա անբացատրելի, անհասկանալի մղումներով զգացել է, կանխատեսել անհայտ, անծանոթ հատկությունները նոր – նոր հայտնագործված ռադիոակտիվ էլեմենտների` ուրանի , ռադիումի: Այդ նույն ինտուիցիայով նա հայտնագործեց բոլորովին նոր, անհայտ, անծանոթ ռադիոակտիվ էլեմենտ, որին ինքն էլ շնորհեց այդ անունը` պոլոնիում, անունը իր հայրենիքի… Ավելի հեռավոր անցյալներից իմ ապշանքն է եղել, մի՛շտ, Արքիմեդը, ՙխելագար հանճար՚, միայն լծակի օրենքը նրա մի տիեզերք արժի, նրա հայտնի խոսքը. ՙՏվե՛ք ինձ հենարանը, երկրագունդը շուռ տամ…՚: Ապա նավը ջրի երեսին մնալու օրենքը… Այդ օրենքը խախտող նավը խորտակվում է, իսկույն… Օրինակների այս շարքը կարող է շարունակվել երկար… Հետաքրքիր է նաև ինտուիցիայի հանդեպ եղած վերաբերմունքը: Ամենից բնորոշը, ինտուիցիայի մասին ընդունված չի եղել խոսել որպես մեթոդ գիտական մտածողության: Համենայն դեպս, ոչ ոք չի ունեցել քաջություն բացեիբաց խոստովանելու, որ իր հայտնագործությունը եղել է արդյունք ինտուիցիայի, որ փաստարկները կամ ապացույցները նա ներկայացրել է հետին թվով… Այն, որ հայտնագործությունը եղել է ինտուիցիայի արդյունք, այդ մասին նա կարող էր անել խոստովանություն միայն իր շատ մտերիմ մարդուն, վստահ, որ նա դրան չի պատասխանի երկիմաստ ժպիտով… Ի՞նչ է դա` լռությունը, ինտուիցիայի կարևորության հանդեպ գիտական կոկետությու՞ն, կեցվա՞ծք, թե՞ պարզապես վախ… վերջին դեպքում, որ մարդիկ կարող են ոչ լրջորեն, ոչ վստահությամբ վերաբերվել իրենց հայտնագործությանը… Հավանորեն այս վերջինը` վախը, տագնապը, ավելի մոտ է իրականությանը… Ոչ ոք իր հայտնագործությունըչի ներկայացնում որպես արդյունք ինտուիցիայի… Անգամ Էյնշտեյնը չի գնացել դրան… Խոշոր իրադարձություններ, խաշաոր հայտնագործություններ առանց ինտուիցիայի՞… Եղել են, այն էլ ոչ քիչ թվով, ինտուիցիայից զուրկ էր Կոլումբոսը, որը Ամերիկա մայրցամաքի վրա ոտք դնելուց հետո անգամ չհասկացավ, թե ինչ վիթխարի հայտնագործություն է արել… Միայն արևմուտք նավարկեոլվ ինչ – ինչ հայտնագործություններ անելը դեռևս ինտուիցիա չէ… Ինտուիցիայից զուրկ էր նույնիսկ Ռենտգենը, որն իր հայտնագործած ճառագայթման ինչ լինելը այդպես էլ չհսակացավ. նա դա համարում էր ոչ թե ալիքներ, ինչպես իր օրոք հաստատեցին ուրիշները, այլ բարձր էներգիայի տարրական մասնիկներ… Թեպետ նրա այդ հայտնագործոթւյունը, որն այդ անունով էթլ մտավ պատմության մեջ` ռենտգենյան ճառագայթում, հավերժացվեց Նոբելյան մրցանակով: Ինտուիցիան հասցրեց Ամունդսենին Հարավայի բևեռ, նա միշտ ընտրեց մարշրուտը և կերպը իր երթի… դժբախտ Սկոտից, ակներևաբար զուրկ ինտուիցիայից, ընդամենը մեկ ամիս առաջ… Սկոտը դեռ հեռվից տեսավ քամուց թափահարվող նորվեգական դրոշակը Հարավային բևեռում… Սկոտը ապրեց տրագեդիան շեքսպիրյան ուժի…
 
Հաննիբալը… Այդ առասպելական կարթագենցին… Նրա քսանհինգ հազարանոց զորքի անցումը շվեյցարական Ալպերով, աֆրիկական փղերն էլ հետը: Տասնյոթ տարվա ընթացքում տվեց 400 ճակատամարտ Իտալիայի ողջ տարածքով մեկ` ծայր հյուսիսից ծայր հարավ, ու մնաց ողջ: Իր վիթխարի զորքը հասցրեց Հռոմի պատերի տակ, պաշարեց այս հավերժական քաղաքը ու վերջին պահին հրաժարվեց քաղաքը գրավելու մտքից… Թե ինչու, չհասկացավ ոչ ոք… Քսանհինգ տարի նրա ինտուիցիան գործել էր անսխալ… Նա սխալվեց միայն մեկ անգամ, սխալվեց այնտեղ` Կարթագենում, Ջամալի հռչակավոր ճակատամարտի օրը, նա, նրա ինտուիցիան չէր նախատեսել վերջին պահին սրընթաց արշավով հակառակորդի հեծելազորի երևալը… Կարթագենն ընկավ… Կարթագենը, ինչպես որոշել էր հռոմեական սենատը, հողին հավասարեցվեց, վարեցին լայնքով, երկայնքով, նրանից չմնաց ոչ մի հետք… Այս հանճարը, աստվածներից մերժված, սրի մի հարվածով վերջ տվեց իր կյանքին հեռ՜ու – հեռու օտարության մեջ… Սկիպիոն Կրտսերը` Հաննիբալին հաղթող հռոմեական զորավարը, խոնարհվեց, ծնկաչոք բոլոր ժամանակների այս խոշորագույն զորավարի, հանճարեղ ստրատեգի առաջ… Նա Հռոմի սենատում հրաժարվեց Հաննիբալին հաղթողի փառքից… Ինտուիցիան աստվածատուր ձիրք է…
 
 
 
***
 
Բացառիկ ինտուիցիայով է եղել օժտված Նապոլեոնը… հատկապես երիտասարդ տարիներին: Աուստեռլիցի ճակատամարտի նախօրեին նա զգաց, ինտուիցիան իրեն հուշեց. այդ ճակատամարտը լինելու է բախտորոշ, որ դրա ելքից է կախված Ֆրանսիայի ապագան: Եվրոպայի ապագան: Եվ իր ապագան: Կայծակնային արագությամբ նա գալիս է ա՛յդ մտքին. պիտի շահել ճակատամարտը ինչ գնով ուզում է լինի: Ու շահեց: Փոխվեց ամեն ինչ` Ֆրանսիան, Եվրոպան… Իսկ ամենաշատը փոխվեց ինքը` Նապոլեոնը. դարձավ իմպերատոր… ինտուիցիայի ուժով… Հետագայում Նապոլեոնը ունեցավ շատ ու շատ առիթներ իր անսխալ ինտոիցիայի դրսևորման, բայց գիտական գումարտակի ստեղծման գաղափարը, այսպես կոչված, եգիպտական ռազմական էքսպեդիցիայի կազմում պիտի համարել, անկասկած, խոշորագույն իրադարձությունը այն հեռավոր ժամանակների, Նապոլերոնը հղացավ այդ, ժամանակի և էպոխայի հարկադրանքով ստիպված էր գնալ դրան` ռազմական էքսպեդիցիա դեպի Եգիպտոս: Ըստ էության դա ուղղված էր Ֆրանսիայի այն ժամանակվա ամենամեծ թշնամու` Անգլիայի դեմ… Ըստ երևույթին ինքը` Նապոլեոնը, չուներ մեծ սպասելիքներ այդ էքսպեդիցիայից, այսօրվա բնորոշմամբ` այդ ավանտյուրայից, ու բոլորի համար անսպասելիորեն հղանում է այդ գաղափարը` ունենալ զորքի կազմում նաև գիտական գումարտակ: Թե ինչպիսի կարոևրություն էր նա տվել այդ միջոցառմանը, հետևում է ահա այս իրադարձությունից, նա` Նապոլեոնը, ելույթ է ունենում Ֆրանսիայի գիտոթւյունների ակադեմիայում մի ընդարձակ զեկուցմամբ` գրեթե երկու ժամ տևող, որտեղ նա հարց է հարուցում փարավոնների էպոխայի Եգիպտոսի հիմնավոր ուսումնասիրման առթիվ, ուսումնասիրություններ, որոնք իրենց ոլորտի մեջ վերջն են այդ էպոխայի երկրի հեռավոր անցյալի պատմության, կյանքի, ճարտարապետության, հնագիտության, լեզվի, գրականության, կուլտուրայի, կերպարվեստի, քանդակագործության մասին, նրանց բուրգերի, դամբարանների, խորհրդավոր տաճարների, անթիվ, անհամար քանդակների ու կոթողների մասին… Նրանց անվերծանելի, անըմբռնելի հիերոգլիֆների մասին… Փարավոնների եկած, գնացած էպոխաների մասին… Ակադեմիկոսները ապշած էին, նրանք գիտեին, իհարկե, Նապոլեոնի այդ նոր ձեռնարկման` դեպի Եգիիպտոս զինված էքսպեդիցիայի մասին, բայց նրանց մտքով անգամ չէր անցնում, օգտվելով այդ խիստ բարենպաստ հնարավորությունից, այդ խորհրդավոր երկիրը գիտական ուսումնասիրության խնդիր դարձնելու… Ակադեմիկոսները իրար էին նայում… Գիտական էքսպեդիցիան ակադեմիայի կողմից ստեղծվում է, դա լինում է մի պատկառելի կազմ` մոտ երկու հարյուր մարդ, զուտ գիտությունից` պատմաբաններ, լեզվաբաններ, հնագետներ, ճարտարապետներ, աշխարհագրագետներ, երկրաբաններ, հողագետներ և այլն, և այլն… Այդ կազմում լինում են և արվեստի բնագավառից` նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ. գլխավորում էր այդ խումբը այն ժամանակվա նշանավոր նկարիչներից մեկը` Դենոնը, ինքն էլ ակադեմիկոս: Նոր դարագլխից` 1800 թվականից, երկու տարի առաջ Եգիպտական էքսպեդիցիան ֆրանսիական նավերի վրա Նապոլեոնի գլխավորությամբ Միջերկրականով լողում է դեպի արևելք` Եգիպտոս: Հասան Եգիպտոս, նավերը շարվեցին ափերին, զորքը դուրս եկավ ավազոտ անապատի վրա… Եգիպտոսի դիմադրությունը անսպասելի չէր, բայց սպասածից ավելի էր, Նապոլեոնը հասկացավ, որ փարավոնների այս երկիրը նվաճվելիք երկիր չէ, ու հազիվ մի տարի անց զորքը սկսեց քաշվել դեպի նավերը… Այս անգամ դեպի արևմուտք լողալու համար…
Շարունակելի...

Ռոմիկ Սարդարյան / Մնացած կյանքի համար

11.08.2015 23:39
 
Ռոմիկ Սարդարյանը ծնվել է 1945 թ. հունվարի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի Ղափան քաղաքում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստառադիոպետկոմում:
1981թ. հեռացվել է աշխատանքից, «Պարույր Սևակ» հաղորդումը եթեր հեռարձակելու համար` գաղափարական բնույթի մեղադրանքով, և վերականգնվել է 1994 թ.:
Աշխատել է նաև «Հայ զինվոր» թերթում:
Մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը:
Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում: 1991 թ-ից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ: Անդամակցել է նաև Հայաստանի Ժուռնալիստների միությանը:
Ռոմիկ Սարդարյանի երկերից են` «Վայրկյանների երգը» (1975 թ.), «Հոգու երկիրը» (1980թ.), «Կյանք հավելյաց» (1999 թ.), «Ջրհոսի ժամանակը» (2004 թ.), «Լիալուսնի տրիոլետները» (2004 թ.), «Ճակատագիր և վճիռներ» (2004թ.) և այլն: 2000 թ. արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի:
Մահացել է 2014 թվականի օգոստոսի 31-ին, Երևանում:
 
 

ՄՆԱՑԱԾ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ստվերները սահելով արտաքսվում են մութ հադես։

Նրանք լքել են մարդկանց և իրերին անանուն,

- Գլխիվայր են արտածում - և՛ ամոթույք, և՛ երես։

 

Բաց դոներում Հադեսի - կրակներից կուրանում՝

Նրանք թողնում են հավերժ իմ պատկերը իրական

Եվ վիհերում հանդեսի մահվան հետ են նույնանում։

 

Նրանց հասու են խառնակ գաղտնիքները սրտերի,

ՄՏքի ընթացքը թաքուն - որ արարքի չգործված,

Եվ մնացյալ իմ կյանքի ուղին՝ անհայտ ու թերի։

 

Հար ու նման են նրանք հուրիաներին չարաշուք,

Օր ետևում են միշտ մեգ վրիժառու մոլուցքով –

Ու կրում են իմ հոգու հոգնած պատկերը անշուք։

 

Հրմշտելով իրարու՝ ահագնանում են, հորդում

Ստվերները պահերի ամիսների ու տարվա,

Ստվերները դարերի, կյանքի֊ - մահվան, ու՝ մարդու։

 

Ստվերներից ամպերի կյանքն է դաոնում-֊ հոսանու՛տ,

Որ այլակերպ տեսքերով վանում է ինձ -ինձանից,

Եվ տեսիլքները իմ վեհ - Ստիքսի մեջ պարտակում։

 

 

Եվ կեսօրն է բզկտում մարդկանց արտերը -հիմա՛,

Եվ արևները դաժան հրահույլեր են նետում։

-Անշեջ հրդեհ կլինի, հրո ավեր ֊ հրե մահ։

 

Աստվածային մեծ Սիրո ստվերն է լոկ հապաղում՝

Ոգու շարժումը ծածկած լայն թևերով իր բացված,

Կյանքի համար մնացած - բացված դուռն է սքողում։

 

Աստվածային Արարման Լույսը ալիք առ ալիք

Աչքից հեռա է պահում - Սիրո Տեսիլքը լուսե

Ու սուրում է դեպի սոսկ իրեն հայտնի մի Գալիք։

 

Ստվերները սահելով արտաքսվում են Մութ Հադես,-

Նրանք լքել են մարդկանց և իրերը բազմանուն՝

Դարձել՝ կյանքից - քարավան,

մահվան թափոր ու հանդես։

 

ՁՈՆ

 

Ես կանգ չառա երբեք,

Ես կանգ չառա–

Ո՛չ մահի դեմ իմ անհեթեթ,

Ոչ կյանքիս դեմ՝ սառած։

 

Չեղավ ուղեկիցս՝ Սերը իմ Մեծ,

Սակայն թևեցի՛ ես իր մեծ հետքով,

Սարմինս կեղծ եղավ, Սիրտս՝ անեղծ,

Կյանքը էսպես անցավ։ Հենց իմ կողքով։

Ես կանգ չառա երբեք, ես կանգ չառա՛,

Մահի-կյանքի առջև իմ անհեթեթ –

Կապրե՛մ մյուս կյանքում,– Ապրե՛մ եթե,

Ովքեր պիտի իմ Սիրուց կառչեն։

 

ԵՐԿՈՒՍՏԵՔ

 

1

Հայրենիքս պատուհա՜ս է,

Զավակն եմ իր - ու տհա՜ս եմ,–

Չենք հանդիպում մենք իրարու –

Մենք անհա՜ս ենք։

 

2

Ես՝ իմ երկրի ելևէջի՜ն –

Թիթեռի պես։

Գամված էջին –

Խաչյս՜լ եմ, Տե՜ր։

 

Ես զավակն եմ հիմա վերջին,

Ով հլու՜  է իր հասկ կանչին։

Հիսուսիդ պես

Խոոչյա՜լ եմ, Տե՜ր։

 

Խաչյա՜լ եմ, ես

Հիսուսիդ պես։

 

Միջուկային անձրև

 

Մեր թախիծն է թոթափում և իր ձայնը - տանիքին –

Անչափ ծանոթ անձրևի ծանոթ ձեռքը ծերացած,

Եվ մենք քայլում ենք նորից, և մեր ընթացքը կրկին

Այս անձրևի կապույտից ու թացից է բաղկացած։

 

Տանիքների ձայնն է - արդ - ուղեղներին ուղղված –

Սլաքները անձրևի խոցոտում են սիրտը մեր,

Ինչ է ուզում ջուրն էլի - և ում կողմից է հղված –

Գիտենք  - քայլում ենք սակայն - փնտրտելով

Սեր ու Տեր։

 

Պոետ չենք մենք - (երկուսով) - չենք վիճարկում

կյանքն էլի,

Չենք որոնում ինձ ու քեզ - մանանաներ, որ չկան –

Այս են - ջրերը աղի -  և ջրերն այս՝ անալի ֊

Որ եղել են անցյալում ու դեռ նորից պիտի գան։

 

Ի՞նչ են ուզում մեզանից այս տարերքները ծանոթ,

Մա՞հ են բերում, թե՞ շիջման բերկրանքներ են անտեղի,

- Ե՜կ մերկանանք նորից - նոր, նորից լինենք անամոթ,

Թող մարմինները մեր մերկ ա՛յս անձրևը աղտեղի։

 

Մարմիններիս վրա նուրբ - լույսն է շիջած - Աստծու,

Նրա պատգամը վերին (օ՜, կաթիլներ սրբազան) –

Անձրևի դեմ արձակված մարմիններս են թևածում –

Եկվոր Ադամ ու Եվա -  մարգարիտներ բյուրհազար։

 

Մեր թախիծն է թոթափում և իր թույնը– տանիքին –

Անչափ ծանոթ անձրևի ծանոթ ձեռքը ծերացած,

Շոշափուկնե՜ր երկարող - Ավերումի կարիքի,

Եվ նիզակնե՛ր բյուրհամար - որ հակվում են՝

Ցա՛ծ, Ցա՛ծ, Ցա՛ծ։

 

Աղոթք Մորս համար

Սայրս աղոթեց,

Եվ եկեղեցին խոսեց Սորս ձայնով։

 

Պահպանիր լույսերի մեջ

Մորս հոգին,

Սո՜ւրբ Տիրամայր,

Լույսերիդ մե՜ջ պահպանիր,

Քանզի

Երբ չարչրկում էր կյանքը խավարում –

Մարմինը իր,– Մարիամներիդ նման,

Քո լույսը նրա աչքերի մեջ

չմարեց;

Պահպանի՜ր մորս հոգին

Լույսերիդ մեջ,

Սու՜րբ Աստվածածին,–

Միջնորդ եղիր Որդուդ՝

Տիրոջ առջև,

Որ քեզ երկինք առավ։

…Եվ երբ հնչի կանչը վերջին,

Թալ որ հա՜ռնի մարմինն իր խոնջ

Լուսե ա՛յն պատկերով,

Որ տեսլանում է երազներիս...

Եվ օրհնյա՜լ լինես դու, բարի՜ Տիրամայր.

Որ կա՜ս հավերժորեն

 Տիրոջ կողքին –

Եվ Տիրոջ լույսերի մեջ։

Հանուն Հոր

Եվ Որդու

Եվ Սուրբ Հոգու...

Պահպանիր լույսերի մեջ

Մորս հոգին

Լույսերիդ մեջ պահպանիր,

Մա՜յր մեր – Աստվածածին, -

Խաչով - առանց խաչի։

 

 

ՀՈՐՍ

 

1. ՀՈՐՍ ՇԻՐՄԱՔԱՐԻ ԱՌՋԵՎ

 

Վերը երկինք է,

Քիչ ցած՝ բարդին,

Նրա տակ՝ շիրմաքար ննջող,

Կանգնել եմ՝

Աչքերիս մեջ ցող,

Վերը երկինք է,

Քիչ ցած՝ բարդին։

 

Հուրհրում է

Ալը վարդի,

Եվ թափում է Արևը՝

Շո՛ղ,

Վերը երկինք է,

Քիչ ցած՝ բարդին,

Նրա տակ՝ շիրմաքար ննջող։

                       1961 թ.

 

2. ԳԻՇԵՐ

(Տրիպտիխ հորս հիշատակին)

 

1. Աղմկի՛ր, ի՛մ գիշեր,

0՜, մեղմի՜ր հուշերս

Ամեհի։

Բացասի՛ր լռության

Բռնությունն ու սաստի՛ր

Քո մահին։

 

Աղմկի՛ր, հի՛ն գիշեր,

Ւ՛մ գիշեր

Ամեհի։

 

2. Վայրընթաց-վերընթաց՝

Գնու՜մ եմ գիշերով,-

Սև երակ կա բացված

Սև տրոփ՝ գիշերում։

 

3.Այրվու՜մ են հուշերը,

Խաոնվու՜մ գիշերին–

-Չի± վառվի գիշերս,

Կսփոփվի՞ գիշերով:

 

Հեռացում

Գնել Շահնազարյանին

 

Խանդաղատանքն անանձնական

Ելավ ելման - փոխվե±ց մի բան,

Փոխե±ց մի կյանք։ - Մի հարցական

Խաղաղվեց մի պատասխանով։

 

Քո դեմ - ծովն է մակընթացվում

(Ընդերքն այնպե՛ս եշտ է բացվում),

Ո՞ւմ է անհուն խորխորատում

Ահագնացող ալիքն ուզում...

 

Եկ հեռանանք այս ջրերից,

Հողն է կայուն ու կարեկից -

Դատարկ բան է հուզումնալից

Պահը, որ չի տևում կյանքում։

 

Այս ջրերից - այս բիրտ քամուց

Պատգամ չկա։ - Կա մի պտղունց

Պահաբաժին:– Հոգնած մի կուրծք,

Եվ պատրանք, որ էլ չի հուզում։

 

Հարալեզներն հիշողության –

Խարխափում են վիհում մթան. –

Ջրահեղձնե՜ր սառած ու թաց

Խեղդված մռայլ հուշածովում։

 

 

Լռություն

 

Մեծ լռությունը բույսն է գիշատիչ,

Որ ներծծում է էությունս պարզ -

Եվ հագենում է պատիճ աո պատիճ։

 

Նրա թերթերի ստվերների մեջ

Եվ առէջքների աչքերում կանաչ –

Չեմ պահվի երկար - չեմ մնա անվերջ։

 

Լռությունն ահա ինձանով է լի,

Եվ հաշտ - սահում են ավիշները - վեր,

Այնտեղ, ուր մեկ են անցյալ ու գալիք։

 

Լռությունը իմ բույսն է գիշատիչ –

Նրա թերթերը պոկում եմ մեկ - մեկ,

Որ էությունս - հապաղի մի քիչ։

 

24-Ի ՀԱՐՑԵՐ

 

Ես վշտակիր չեմ եղել ֊ ու բոցեղեն բնույթ –

Ու հղել եմ իմ ցեղին - բառեր անդեմ - աննյութ։

Ես իմ վշտերն եմ կրել - բայց՝ ծվարած հույսեր­ -  

Ե՛վ ուղեղում իմ ջահել, և՛ սրտիս մեջ ծեր։

Ես դոներ չե՛մ բախելու - այս ի՞նչ դուռ է իմ դեմ,

Ո՞ւր է վայրը անանուն, որ չի՛ կոչվի եդեմ։

Ո՞վ անուններ հնարեց - և աշխարհներ - բառե,

Մինչնարեկյան ի՞նչ Նարեկ ոգեկոչեց - բառեր։

Ի՞նչ է անունը նրա - կա՞ր - և կգա՞ նորից –

Մի միածին, մի միակ - որ չի՛ ծնվի - մորից։

Միջօրեի պահ

 

Լոաահետքե՛ր, սաղարթների ստվերում սև,

Խայտե՜ր զվարթ, նշանակնե՜ր պատգամների,

Միջօրեի ա՜րևն է ձեր ցանցը հյուսել,

Որ մեղսավոր հույզեր գերի։

 

Նույնացե՛լ են չորս ծագերը մեռյալ պահի,

Սևեռվե՜լ են տիեզերքի սրտի վրա.

Տաք ծառերի լռության մեջ ամառային

Պա՛հը պիտի հսկի նրանց։

 

Թեթև մի հև՛ք, թևաբախման ջերմի՛ն հպում,

Հավաստում են՝ վաղանցիկ չե՛ն Կարոտ ու Սեր

Եվ ափսոսանք, որ Անմահներն են սոսկ ապրում՝

Սաղարթների ստվերներում - լոաահետքե՜ր...

 

 

ԱԼԱՎԵՐԴԻ

(էքսպրոմտ ասված Երևանում)

Ես կգնամ Սանտ-Յագո դե Կուրա...

ԼՈՐԿԱ

 

Ախ, գործերս վատ են, Աստվա՜ծ,

Թողնեմ, գնամ Ալավերդի...

Ու ըսպասեմ էնտեղ, կամաց,

Իմ երկրային հետին հերթին։

 

Ու հենց հասա Ալավերդի՝

Կլավանա՜ կյանքս,

Գիտեմ՝

Կպոկվե՜մ իմ դաժան հերթից.

Ալավերդաց

Ուղիղ

Եդեմ։

 

 

Մենք միասին ենք քայլում

 

Ծխնելույզների ուրվագծերը

Հսկա ռետինով մեկը մաքրել է գորշ ձյուներից։

Ջրհորդանները գրկել են կարմիր գույնը սառույցի։

Տրորում ենք մենք

Հին ստվերները ծխնելույզների,

Ու իրար սեղմված

Քայլում ենք գորշ ձյան ճանապարհներով։

 

Գորշ ձյուն,

Հոգնած ձյուն,

Գորշ ձյուն,

Գորշ, գորշ ձյուն։

 

Երբ մեր մեջ մեռավ արևի ոգին,

ու երբ չմեռանք նրա հետ մեկտեղ,

Մենք չհնչեցրինք

Այդ երկու բոթը գուժող մի հնչյուն.

Սեղմվեցինք իրար,

Մի վերջին անգամ սեղմվեցինք իրար

Ու լուռ քայլեցինք

Գորշ ձյան հոգնաբեկ ճանապարհներով։

 

Գորշ ձյուն,

Հոգնած ձյուն,

Գորշ ձյուն,

Գորշ, գորշ ձյուն։

 

Եվ երբ մենք մի պահ խղճացինք իրար,

Ցրտից չորացած ուղեղները մեր

Խուլ տրտնջացին։

 

Ջրհորդաններից կարմիր` սառույցի կտորներ ընկան։

Մենք խոնարհեցինք գլուխները մեր

Ու իրար սեղմված

Քայլեցինք գորշ ձյան ճանապարհներով։

 

Գորշ ձյան,

Հոգնած ձյուն,

Գորշ ձյուն,

Գորշ, գորշ ձյուն։

 

 

ԳԵՂԵՑԻԿ

 

Գեղեցիկ եք, վարդե՛ր, գեղեցի՛կ ես, ի՛մ կյանք

Գեղեցիկ ես, արդեն, օ՜, մեծ սիրո պատրանք,

Ի՛նչ հրաշք է, Աստված, ի՛նչ հրաշք է, որ կանք –

Մենք այս գիշեր…

 

Գեղեցի՛կ եք, մարդի՛կ, մնացե՛ք ձեր հեռվում,

Գեղեցի՛կ եք, ասաղե՛ր, որ անփույթ եք վառվում,

Գեղեցի՛կ եք, հուշե՛ր, որ մեռնում, չե՛ք հառնում –

Հենց ա՛յս գիշեր։

 

Գեղեցի՛կ ես և դու, իմ մենություն, հիմա՛,

Գեղեցի՛կ ես, տեսի՜լք, որ թվում ես անմա՛հ,

Գեղեցիկ ես և դու֊, օ՜, հեռավոր իմ մահ –

Օ, ա՛յս գիշեր։

 

 

 

 

 

 

 

Պտտահողմ

 

... Մարդու քանի՞ սերունդ կանի

Մի հրաժեշտն աստեղային...

ՀՈՎՀ. ԹՈԻՄԱՆՅԱՆ

 

Կգա՛ իմ պահն աստեղային։–

Գետնած սքեմն աբեղայի,

Չվող թոչնի ճիչով անփույթ՝

Կհամբառնեմ երկինքն իմ մութ։

 

Դաշնության մեջ, այս ճահճադեմ

Իմ հլության մահճից ելած –

Ես իմ դիմա՛կը կաղճաաեմ

Եվ դիակս - տեսլահարված։

 

Պատրանք չկա՛, չկա՛ ցնորք –

Կա ծանակում - ծպտյալ Չարի։

Դժոխային մի անցումով

Կմերձենամ ես հանճարին։

 

Ես ասուպ չեմ։–– չեմ նայի ետ։

Ես չե՛մ լինի։ – Ոգիացած

Ես կթռչեմ իմ աստղի հետ,

Ծաղկավիժի եթե հանկարծ։

 

Աստեղային հեծվորի պես

Կապավինեմ ընկնող նավին։–

Ահա այսպես, ահա այսպես

Ես կդառնամ քաջքաքամի։

 

Թե ծիածան անգամ չկա,

Ու թե չկան - չար ու բարի –

 Կա շողշողու՛՛ն, հազարաչյա՛

Բռնակալս - քաջքաքամին։

 

Էլ, ուրեմն - ի՞նչ կա - ոչի՛նչ,

Վերջը մեկ է – դա՜րձ է դարի։

Եվ աննկատ անցումը ջինջ –

Լուռ մերձեցումն է - հանճարի։

 

 

ԳՈՀԱՐԻԿ

 

Ասի՝ աղջի, ասավ` համմե՜...

ԳՈՒՍԱՆԱԿԱՆ

 

Աղջի՜կ, դու նման ես

Գարնան խաղողի տերևի,–

Քեզ շա՜տ կսիրեմ երևի,

Հենց մեծանաս։

 

Աղջի՜կ,

Ես գարունիդ հասած

Խաշամ եմ,

Չե՛սցքրի դու սրտիս

Աշունը,

Քեզ կփախցնեն երևի,

Հենց մեծանաս։

 

 

***

 

Բանաստեղծ

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆ3ԱՆԻ հիշատակին

 

1

Իմ կյանքի ելմաններին

Ես իջա - էջվոր մի մարդ,

Գիտեի, իմ նմաններին

Չի հասնում երկրային դատ։

 

Իմ կյանքի ելմաններից

Հոգի՜ս է ճախրում ի վեր,

Չիմանա՞մ, էս իմ երկրից

էջվորին - կընդունե՞ս, Տե՜ր։

 

 

 

ԴԻՄԱԿՆԵՐ

2

 

Դիմակի դեմքին դիմա՜կն է եղել,

-Ի՞նչ կա մթան մեջ, դիմակի ներսում,–

Քրմերի ձեռքով սրբազնագործված –

Հանված աչքերը սեր են աղերսում։

 

Դարն անցողիկ է։ Ես ես չե՛մ - չկամ,

Հիշողություն եմ դարի մեջ թևող,

Իմ հիշողության թևերի վրա

Դու - իրողություն քնքշորեն տևող։

 

Էլ քուրմ չի լինի, չի՛ եղել, չկա՛,

Դիմակներն էլի սե՜ր են աղերսու՛մ,

Եվ տիեզերքի մի ներհուն ներսում

Քո ձայնն է պահված, ձայնդ իրական։

 

 

***

 

3

 

Մահացած վերքեր չկա՛ն-չկա՜ն,

Կան մահացու՜ վերքեր,

 Մահացած երգեր չկա՛ն - չկա՜ն,

Կան մահացու՜ երգեր,

Կյանք ու մահ մեկտե՜ղ են –

ասված է,

Մահացած հերկեր չկա՛ն-չկա՜ն,

Մեկ հերկ կա միայն -

Աստծու՜ց է։

 

 

ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ

 

Ո՞նց չիմացա ես անունը այն աղջկա,

Որ ծնվել էր Օլիմպոսի փրփուրներից.

Ո՞նց չիմացա՝ աղջնակն այդ կա՞, թե՞ չկա,

Տեսա՞ նրան, ինքն ինձ տեսա՞վ հեռուներից։

 

Ե՛ս եմ՝ հեռու՛, ե՛ս` Մասիսի ձյունե տապան,

Բայց նա՛ հյուսեց ճակատագիրն իմ մսրդեղեն: -

Կա՞ր, թե՞ չկար։ Ես կամ։– Այսքան

Հարց ու կարոտ ո՞վ հղեց ինձ։–

 

Ես՝ գլխաբա՛ց– մահից անդին։

Ես` գլխահակ - կյանքից անդին: -

Ո՞նց չիմացա լուսե անունն այն աղջկա,

Որ ծնվել էր Օլիմպոսի փրփուրներից։

 

 

***

 

1

 

Սարսուռնե՜րս - նրանք ճախրում են հիմա

Վրաններին այգի, որպես նվագներ։

Ե՞րբ էր - Այգը հուսահատ էր ու ամա,

Տրտում էին ծնծղաները ու անսեր։

 

Լի ու արբշիռ շառագույնի երազով –

Ալանների դստերն, ահա, գերեվար՝

Նավազներս են նավը դրած բերում ծով,

Արևներ են բերում, Լույսերն իմ վարար։

 

Լույսի անվերջ խրախճանքներ են ահա

Ուրախության շքամուտքերն արևի,

Սարսուռներս - նրանք ճախրում են հիմա

Իմաստնության ոլորտներում ու գոյի։

 

Նավազնե՜ր իմ, բացե՛ք ընթացքը նավի,

Ես մեկնում եմ գիրկն հեթանոս արևի։

 

2

 

Սանդալներն հանեցին աստվածներն հեթանոս,

Վայելքները վերին մոռացան,

Երկրներ ճախրեցին - երկրներ բարբարոս,

Տեսան մեղկ ստվերներ ցիրուցան։

 

Աղմուկով բարձրացան շքամուտքը երկրի,

Լույսերից ոսկրերի կուրացան,

Ու դողդոջ քայլերով մահամերձ ծերուկի

Սահեցին, սահեցին - ու անցան։

 

Իմ բարի, իմ բարի, իմ բարի ծերուկներ,

Նավազները անժամ մահացան,

Երկնքից չեն ծորում հեթանոս նվագներ

Եվ երկիրն է թվում մահարձան։

 

Լուսաբացը, երբ շրջեց լույս երեսը ինձից,

Ու մարեց աստղաբույլն իմ – Ջրհոս,

Յոթնաբույր աստղալու՜յս թեքվեց իմ հնձանից –

Սանդալներն հանեցին աստվածներն հեթանոս։

 

3

 

-Սիրու՞մ եք տափաստանը,– ասում եմ,–

Վարգեցեք, ուրեմն, ինչպես ձի։

Ես հիմա, իմ հեռվից դեռ լսում եմ

 Տրոփյունը, խրխինջը ձեր ձիգ։

 

Ասում եմ.– վայրի՞ է մորմոքը,

Լսու՞մ եք կանչերը վերձիգ,

Ուրեմն սուրացեք, և ի՞նչ հոգ, թե

Սահանք է, կամ վտառ է մաղձի։

 

-Իզուր են,– ասում եմ,– ձեր կանչերը,

Նվաստ են ձեր աչքերը անծիր,

Երր թվում է, թե մեկը խաչվել է –

Մարսելով վայելքները վարձի։

 

Ու իզուր են հիմա իմ ձեռքերը

Թրատում ճամփաները դարձի։

 

 

4

 

Սա հուշ չէ արդեն։ Ես անվերջ ուզում եմ լսել

Քո անունը։

Վարագույրը հուշի պատռված է, ինչպես հնացած

առագաստ։

Քամին մոլեգնում է, սակայն խարսխված է

հմայված նավը -

Ես լսում եմ Քո անունը - որ աստղային ուժով

խարսխել է հոգիս։

Տուր ինձ լեգենդի սրինգը։ Ես ուզում եմ լսել

հեքիաթների կղզու          

երգը–

Առավոտյան, երբ նավազները սկսում են

կարկատել ուռկանները,

Եվ երեկոյան, երր լույսերը լքում են ձկների

աչքերը։

 

Ամռան երգը

 

5

 

ԱՌԱՎՈՏ

 

Քամի՛,

Բե՛ր քո թևերին իմ ամառը։

Թալ քո ափերը լայնանան

Ինչպես հովիտներ

Կամ ինչպես բիբ։

Ես տեսնում եմ արդեն։

Քո հպումից փշաքաղվում են

Բոլոր ծաղիկները,

Եվ աղջիկները ստինքներն են

Բացում քո դեմ։

Քամի՛,

Բե՛ր քո թևերին իմ ամառը։

 

ԿԵՍՕՐ

 

Օրը չի վախճանվի տերևների գրկում,

Ստվերների շարժումը չի դանդաղի

Հիմա։

ժամանակի՛ ոգի,

Մենք հակվել ենք

Քո հին, բարի խանձարուրին,

Ու երկնքից ճերմակ ծաղիկներ են թափվում։

 

 

ԵՐԵԿՈ

 

Եվ բա՛ց քո աչքերը, ժամանակի՛ ոգի.

Եվ երկնքից թափվող ճերմակ ծաղիկները

Թող մեզ օծեն հիմա -

Դեռ աշնան ոսկին չժողոված,

Դեո աշնան ոսկին չժողոված։

 

6

 

Այս առավոտ լույսի շողը սահեց մայթերն

ի վար,

Այս առավոտ լույսի շողը սահեց մայթերն

ի վեր.

Ու բարություն իջավ հոգնած հողին,

Որ պահել էր շունչը։

 

Որ պահել էր շունչը

Մի ոտքի վրա թռչկոտող

Աղջնակի թևերի խաղին հնազանդ։

 

Մի բարություն իջավ,

Որ աղջնակի թևերին նման էր...

 

Այս առավոտ ես լսեցի քո քայլերի ձայնը,

Որ գալիս էր հեռու ու մոտ երկրներից -

Եվ իմացա, որ արդեն մոտենում ես։

Այս առավոտ բոլոր արձանները

Խնդրեցին վայր բերել իրենց պատվանդանից՝

Եվ ես ասացի՝ իջե՛ք, պահն է։

 

Այս առավոտ լույսի շողը սահեց մայթերն

ի վար,

Այս առավոտ լույսի շողը սահեց մայթերն

ի վեր,

Ու բարություն իջավ հոգնած հողին։

Մի բարություն իջավ,

Որ աղջնակի թևերի նման էր։

Արքմենիկ Նիկողոսյան / Երիտասարդ գրականագետն ու խմբագիրը

01.07.2015 07:16

 
Արքմենիկ Նիկողոսյան (ծ. 1979, նոյեմբերի 14), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (2008), ՀԳՄ անդամ 2007-ից, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ 2006-ից։
 
Ծնվել է Գեղարքունիքի մարզի (Վարդենիսի շրջան) Ծովակ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 2001-ին ավարտել է բակալավրիատը, 2003-ին՝ մագիստրատուրան, նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի ասպիրանտուրա (ստացիոնար)։ 2001-ից ուսմանը զուգահեռ «Հայ գրականության պատմություն» և «Գրականության տեսություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում։
 
2008-ին «Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» իբրև գրական երկ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի ստեղծման աշխատանքներին։ 2004-05-ին աշխատել է «Գրական թերթ-ում»՝ իբրև գրաքննադատության բաժնի վարիչ։ 2005-ից Հայ գրականություն է դասախոսում Երևանի Մաշտոցի անվան համալսարանում։ 2006-ից Հայաստանի Գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահն է։ ՀԳՄ անդամ է 2007-ից։ 2009-ից ՀԳՄ վարչության ու նախագահության անդամ է։ Գրական մամուլում հանդես է եկել մի քանի տասնյակ գրականագիտական հոդվածներով։
__________________
 
Ազգային ճակատագրի լուսավոր կետերով իսկապես ուրախանալու ստեղծագործական երջանկությունը
 

 Արցախյան պատերազմի մասին գրված բոլոր գործերում կա մշտական հիշեցումը, թե ինչ ծանր գնով ենք ձեռք բերել հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում:

1992-ի մայիսի 9-ին Շուշիի պատմական գրավումը հիրավի փոխեց Արցախյան պատերազմի ընթացքն ու հաստատապես կանխորոշեց նորանկախ Հայաստանի հետագա ճակատագիրը: Իրադարձություն, որն, ըստ շատերի, պետք է անմիջապես փառաբանման արժանանար խորհրդային ժամանակների կարևոր ու անկարևոր գրեթե բոլոր տոնական օրերն ու ամենատարբեր «ֆրոնտներում» գրանցվող ամենաչնչին «հաղթանակները» ներբողելու սովոր ու պատմական հաղթանակների կարոտ հայ գրողների ու հայ գրականության համար: Սակայն, սպասվածի պես փառաբանություններ չձոնվեցին Շուշիի գրավմանը: Ճիշտ այնպես, ինչպես գրեթե ոչ մի բանաստեղծությամբ չներբողվեց Հայաստանի անկախացման փաստը: Հանգամանք, որ հետագայում բազմաթիվ խոսակցությունների ու անլուրջ քննարկումների առիթ տվեց:Հակափաստարկներն էլ չուշացան: Բերվեց հայրենական պատերազմի օրինակն ու նշվեց, որ մոտ երկու տասնամյակ անց միայն ստեղծվեցին իսկապես լուրջ ու բարձրարժեք գրական երկեր այդ թեմայով: Պատճառաբանվեց, թե Շուշիի գրավումն, ու, ընդհանրապես, Արցախյան պատերազմը որոշակի հեռավորությունից սթափ դիտարկելու, այլ խոսքով՝ նյութը մարսելու խնդիր կա:Ժամանակն անցավ, Շուշիի գրավման 20-ամյակը նշել ենք, բայց սպասված մեծ գործերը կարծես թե չկան: Միանգամից ասեմ, այն տեսքով, որ սպասում ենք այդ գործերին, դրանք երբեք չեն էլ լինի: Ավելին՝ գուցե պարադոքսալ թվա, բայց պետք է ասեմ, որ այդ գործերն արդեն իսկ ստեղծվել են, պարզապես՝ ոչ մեր սպասածի պես: Փոխվել էին ժամանակները, փոխվել էին գրականության ընկալումները: Մենք բոլոր փոփոխություններին համակերպվեցինք, ընդունեցինք, շատերը՝ զարգացրեցինք, բայց որ գրողի դերի ու գրականության ընկալման մեջ էլ կարող են փոփոխություններ լինել, այդպես էլ չկարողացանք ընկալել:Ուրիշ առիթով էլ եմ գրել, որ հայ գրական տեքստը, համենայն դեպս’ հայ գրականության գրեթե բոլոր արժեքավոր գործերը ողբերգական իրավիճակների ու կեցության ծնունդ են: Պատմական այնպիսի բացառիկ ձեռքբերում, ինչպիսին Հայաստանի անկախացումն էր, պատմական այնպիսի հաղթանակ, ինչպիսին Շուշիի գրավումն էր, այդ առումով հոգեբանական պատնեշի առջև կանգնեցրին հայ գրողներին: Նրանք պարզապես չգիտեին, նրանց ծանոթ չէր ազգային ճակատագրի լուսավոր կետերով իսկապես ուրախանալու ստեղծագործական երջանկությունը: Մյուս կողմից’ հայ գրականությունը լիարժեքորեն կրում էր պետականության կայացման ընթացքի դժվարությունները, երբեմն՝ ուղիղ արտացոլումներ չտալով, այնուամենայնիվ, իր բնույթով հրաշալիորեն պատկերելով նորանկախ Հայաստանի իրականությունը, հատկապես՝ հոգևոր-բարոյական կացության, իդեալների ու արժեքների ոտնահարման մտայնության առումով:Չմոռանանք, որ Շուշիի գրավմանը հաջորդեցին, բոլորի պես չասեմ՝ ցուրտ ու մութ, բայց դժվար տարիներ, բարոյալքումի, խեղված արժեհամակարգի տարիներ, երբ նույն Շուշին գրաված ազատամարտիկը ապրում էր մոռացության ու աղքատության մեջ, իսկ այդ նույն օրերին սաունաներում ու ռեստորաններում զվարճացողները իշխանական բուրգերում էին…Ու հայ գրողը որդեգրեց ոչ թե պատերազմը, թեկուզ հաղթական, փառաբանելու, այլ պատերազմներին ՈՉ ասելու քաղաքականությունը, ոչ թե զինվոր-ազատամարտիկի հաղթանակները ներբողելու, այլ՝ նրա՝ հաղթանակից հետո իր իսկ երկրում որպես լուսանցքի մարդ ապրելը պատկերելու քաղաքականությունը: Ու հայ գրողը պատկերեց ոչ թե բերկրանքը, այլ ցավը, ոչ թե նվաճումը տարածքների, այլ կորուստը հազարավոր հրաշալի հայորդիների…Արցախյան պատերազմը այդտեսակ ընկալումներով հոյակապ դրսևորումներ ունեցավ Լևոն Խեչոյանի արձակում. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը, տասնյակ պատմվածքներ, որոնցից «Փոխանակություն», «Հողի դողը», «Ուսուցիչը», «Ճանապարհորդը», «Երկրավոր արատ» և այլն, ոչ միայն պատերազմի հակամարդկային էությունն են բացահայտում, այլև պատկերում են այն մեծ ողբերգությունը, որն ապրեցին մարդիկ պատերազմից հետո, խաղաղության պայմաններում:Արա Նազարեթյանի «Ռազմավար պատմվածքներ» ժողովածուն ամբողջովին պատերազմական թեմայի վրա է խարսխված և բացահայտում է բազմաթիվ հոգեբանական նրբերանգներ: Հրաչ Բեգլարյանի «Գեներալին սպասելիս» հոյակապ պատմվածքը, որ պատկերում է պատերազմից հետո տարբեր պաշտոն ու դիրք զբաղեցնող նախկին ազատամարտիկների միջև առաջացած հոգեբանական «խրամատը»: Հիշատակեմ նաև Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» ժողովածուի մի շարք պատմվածքներ, Հովհաննես Երանյանի «Էտյուդ» պատմվածքն ու «Զինադադար» վիպակը և այլ գործեր, Հովիկ Վարդումյանի վեպերն ու պատմվածքները, Սուսաննա Հարությունյանի պատմվածքներն ու «Քարտեզ առանց ցամաքի ու ջրերի» վիպակը, արցախցի գրողներ Նորեկ Գասպարյանի, Համլետ Մարտիրոսյանի և այլոց գործերը, պոեզիայում՝ Հուսիկ Արայի «Մարդու որդիները», «Լուսանցքի մարդիկ» ժողովածուները, Վարդան Հակոբյանի, Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունները, ու էլի, էլի…Ու բոլոր այդ գործերի մեջ հիասթափությունն ավելի շատ է, որովեհտև, ինչպես Հուսիկ Արան է գրում՝Քո երակներում խշշացող տղերքը,

որ անպայմանական՝

քեզ սիրում էին ճիշտ ու իսկական,

մի օր վեր կացան

այգուց,

փողոցից

ու սրճարանից

և զենքեր առած՝

քայլեցին ուղիղ պատերազմի դաշտ,

բայց նրանք չկան քո պղինձ ու քար ոչ մի արձանում…Ու մշտական հիշեցումը կա, թե ինչ ծանր գնով ենք ձեռք բերել հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում: Խաչիկ Մանուկյանի հոյակապ բանաստեղծությունը ընդհանրացնող արժեք կարող է ունենալ այդ բոլոր զգացողությունների համար, ուստի մեջբերում եմ ամբողջությամբ.Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին:

Դիպան աստղերին՝ աստղերը հանգան

Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.

Բարձունքը մերն է, տղերքը չկան…

 

1 | 2 | 3 | 4 | 5 >>